Աննա Պետրոսյան / ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ
՛՛ՊԻԵՍՆԵՐ-ՊԱՀՈՑ՛՛
Աննա Պետրոսյանի ՛՛ ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ ԵՎ ՓԻԼԻՊՊՈՍ՛՛ ողբերգությունը տպագրվել է 2007թ. ՛՛Դրամատուրգիա՛՛ հանդեսի 12-13 համարում:
Ողբերգություն՝ մենախոսությամբ՝ երկխոսության ընդմիջարկումներով
Նվիրում եմ բարեգութ և ազնվահոգի հորաքրոջս՝ Անահիտ Բաղրամյանին
Գործող անձինք
ՄԱՐԻԱՄ ՄԱԳԹԱՂԻՆԱՑԻ
ՓԻԼԻՊՊՈՍ
Գործողությունը կատարվում է Երուսաղեմ քաղաքից դուրս՝ ստորերկրյա դամբարանում՝ մ.թ. 1-ին դարի 33 թվականի Մեծ Զատկի ավագ ուրբաթ օրը:
1.
Դամբարանը լուսավորված է մուտքից թափանցող տարտամ լույսով: Պատի խորշերում հազիվ նկատելի շիրիմներ են: Խորշերից դուրս կիսատ մշակված շիրմաքար է ընկած: Մուտքից իջնում են նեղլիկ քարե աստիճաններ: Պատին ամրացված երկու հանգած ջահեր կան: Դրսում տեղատարափ անձրև է: Կիսախավարում հայտնվում է Փիլիպպոսը: Իջնելով ներքև՝ գնում է դեպի խավարը:
ՓԻԼԻՊՊՈՍ — (խլացած շշուկով): Հովհաննես, Սիմոն, դուրս եկեք, ես եմ՝ Փիլիպպոսը… Ո՞ւր եք, մի վախեցեք, դուրս եկեք: Ես մենակ եմ… շուտ պիտի գայի՝ չկարողացա: Քաղաքը լցված է զինվորներով… Հնարավոր չէր աննկատ անցնել: Ժողովուրդն էլ՝ կատաղած, անկառավարելի: Մարդիկ միմյանց հալածում են, ծեծկռտվում, արյունլվիկ լինում… Դուք դրսում չէիք, չտեսաք… Սպանվածներ էլ կան: Բանտը լցված է կարգ խանգարողներով…
(Հենվում է շիրմաքարին:) Ճիշտը որ ասեմ՝ բանտում ավելի շատ նրանք են, ում տեսել են մեզ հետ: Ասում են՝ դու գնում էիր նրա ետևից ու ծեծ ու ջարդով նետում են բանտ… Ես հազիվ դուրս պրծա Սոդոմ-Գոմորից: Պայմանավորվել էինք հավաքվել շիրմատանը: Ո՞ւր եք, չեք եկել… (Դադար:) Կային մարդիկ՝ ասում էին, որ սխալվել են՝ ընտրելով Բարաբբայի ազատությունը: Հովհաննես, Անդրեաս, Պետրոս, լսեցի՞ք, ասում էին, որ սխալվել են: Ի՜նչ մութ է… Վառեմ մեռելների ճրագները: Թե ուրվականները դուրս են եկել իրենց քարե արկղերից, թող նորից չքվեն իրենց տեղը, թե չէ, չգիտեմ՝ ինձնի՞ց, թե՞ ուրվականների վախից եք սառել-մնացել խավարում: Չլինի՞ վախենում եք, որ Փիլիպպոսը գնա ու մատնի ձեզ: (Ծիծաղում է:) Մատնիչ լինելու համար հատուկ ջիղ է պետք, ես ի՜նչ մատնիչ… (Լսվում է կայծքարի հարվածների ձայնը: Ջահերը վառվում են թույլ կրակով: Լուսավորվում է: Փիլիպպոսը սապատավոր է, բայց դեմքը կանոնավոր է: Հագին գորշագույն թիկնոց է:) Հիմա տեսաք, որ մենակ եմ: Մարիամից լուր ունե՞ք… Խեղճ կին, չորացել էր խաչի տակ: (Բղավում է դեպի խավարը:) Լսեցի՞ք՝ ոմանք ասում էին, թե սխալվել են՝ ընտրելով Բարաբբայի ազատությունը: (Շշուկով:) Ի՞նչ ես բղավում, ի՞նչ գիտես՝ ով կա խավարում: Անձրև է, մեկ էլ տեսար՝ ուրիշները եկել, պատսպարվել են մեռելների մեջ: Գան, բռնեն, տանեն, վաճառեն մի քանի լումայով… Փիլիպպոս, հանգիստ տեղդ մնա, տեղատարափին մերոնք թաքնվել են, անձրևը կտրվի, նրանք էլ կգան, խոստացել են, չէ՞: Նստիր անմեոել շիրմաքարին, սուսուփուս տուրուառ, թե ինչ կատարվեց: Եթե ապրեմ այս օրվա զարհուրանքը, կապրեմ մյուս օրերն էլ, լավ-վատ՝ կապրեմ, ինչպես ապրել եմ: Ես մերոնցից մեկն եմ, ճի՞շտ է, ու նրանց հետ կիսել եմ մի պատառ հաց ու մի կում գինի կամ աղբյուրի պարզ ջուր: Ես մերոնցից մեկն եմ… (Ջղային ետ ու առաջ է քայլում:) Ասում ես՝ մերոնցից մեկը… Բայց մտերի՞մ էիր մեկնումեկի հետ, կամ եղբայրաբար սիրո՞ւմ էիր նրանց: Դու միայն քո հացի մասին էիր մտածում, հացի՛ մասին միայն, Փիլիպպոս: Իսկ ո՞վ չէր մտածում հացի մասին, բոլորն էին մտածում: Խաչի մասին ոչ ոք չէր մտածում… Հիմա էլ, որ հավաքվենք, պիտի մտածենք՝ բոլորով միասի՞ն հաց ճարենք, թե՞ ամեն մեկս իր գլխի ճարը տեսնի: Իսկ թե որոշենք միասին լինել, ո՞վ պիտի լինի մեր առաջնորդը: Մեր մեջ առաջինը, բոլորից հարգված ու նրանից սիրված Պետրո՞սը, որ երեք անգամ ուրացավ նրան… (Ծաղրով:) Իսկ դուք, դուք… մյուսներիդ արարքն ի՞նչ էր: Դուք, որ նրա ընտրյալներն էիք, ո՞ւր էիք, չկայիք… Միայն Հովհաննեսը գնաց ու մնաց խաչի տակ մինչև նրա վախճանը: Մենք ընտրյալնե՞ր էինք… (Դառը ծիծաղով:) Մարիամ, քանի՜ անգամ եմ լսել քեզնից, որ քո որդու աշակերտները՝ բոլոր 12-ը, նրա ընտրյալներն են ու քո որդիները: Մարիամ, քո որդին չհասցրեց մեզ կերտել իր պատկերի ու գաղափարի համաձայն: Հավատա, Մարիամ, մենք կիսատ-պռատ մնացինք: Քո որդին, իր խաչը շալակած, ելավ Գողգոթա, քո որդին, Մարիամ, քո բարի, քո իմաստուն որդին… Ես հեռվում էի, ամբոխի մեջ… Դու Մագթաղի ու Հովհաննեսի հետ խաչի տակ էիր, իսկ մենք չկայինք, անհետ կորել էինք, չքվել, անհետացել էինք: Մենք խաչի մոտ չէինք, քո կողքին չէինք, Մարիամ, որ նա տեսներ, թե իր ցանած սերմերը պտուղ են տվել: Իսկ դու ասում ես՝ ընտրյալներ էինք… Մարիամ, դու տեսնում էիր նրա ահավոր տառապանքներն ու անզոր էիր օգնել նրան: Աշխարհի ծաղրը… Զինվորները քեզ չէին վռնդում խաչի մոտից, որ հագենան որդուդ ու քո տառապանքներից միաժամանակ: Երկուսի տառապանքն ավելի լավ չէ՞ տեսնել, հռհռոցն ավելի ուրախ չէ՞: Հոհռացողները հո չգիտեի՞ն, որ խաչին գամվածը Աստծո որդին է: Ի՞նչ իմանային խեղճ անտեղյակները… Նույնիսկ մենք՝ նրա ետևից քարշ եկողներս, չգիտեինք: Խոսք էր՝ ասում էինք, կրկնում էինք թութակի նման իր ասածը, որ, իբր, բոլորս Աստծո զավակներ ենք: Մենք էլ, իբր, հավատում էինք ու գոռոզանում… Մարիամ, դու գիտեի՞ր, որ որդիդ Աստծո որդին է… Այդ դեպքում ինչո՞ւ էիր տառապում խաչի տակ նստած: Նա ասում էր, չէ՞, որ մարդու որդին, որը նաև Աստծո որդին է, փառքի աթոռին է նստելու: Ուրեմն, ինչո՞ւ էիր սգում, ու գիտեմ՝ հիմա էլ ես սգում, երբ նա արդեն այդ աթոռին է բազմած, որը երկնքում է՝ ճիշտ Երկնային Տիրոջ գահի մոտ: Սգալը դեռ ի՜նչ… դու բղավում էիր խաչող-տանջողների երեսին, աղի արցունք թափելով՝ խնդրում-աղաչում. վերցրեք, ասում էիր, վերցրեք, ինձ էլ խաչեցեք, ես նրա մայրն եմ, նրա մեռնելուց հետո իմ ապրելն ի՞նչ է… Իսկ նրանք հոհոում էին ու բղավում. տեսեք սրան՝ Իսրայելի արքայամայրն է, ու հայհոյում էին զազրախոսության անսանձ մոլուցքով, իսկ դու կրկնում ու կրկնում էիր. նրանից հետո իմ ապրելն ի՞նչ է: Գիտե՞ս, Մարիամ, բոլոր որդեկորույս մայրերն ասում են նույնը ու շարունակում են ապրել: (Կարծես լալիս է:) Լացդ ի՞նչ է, սապատավոր ուղտ… Արցունք էլ չունես… սուտ հեկեկում ես մեռելների մեջ, թե՝ տեսե՜ք, տեսե՜ք… Մարիամի ու իր որդու համա՞ր ես լալիս, թե՞ քո մոր համար: Քո մոր, քո հարազատի… Մի քիչ հաց լիներ… Լացս հացի համար է, մի կտոր հացի: Չեմ ասում՝ հացի հետ մի կտոր ձուկ լիներ ու մի քիչ գինի, ասում եմ՝ մի քիչ հաց… Այս մեռելանոցը մի կտոր հացով կծախեի, թե իմը լիներ, բայց ես ի՞նչ ունեմ՝ մի տձև սապատ ու քաղցած աղիք, ուրիշ ոչինչ: Մեկ էլ ցուրտը, որ մտել է ոսկորներիս մեջ… Թե ցատկռտեմ, գուցե տաքանամ… (Ցատկում է մի ոտքից մյուսը:) Ապրես, Փիլիպպոս, լավ ես ցատկռտում, թե մի կտոր հաց ունենայիր, ուրախությունդ կատարյալ կլիներ: Ուրիշներն աշխարհի երեսին են ցատկոտում, դու՝ մեռելանոցում… Հե՜յ, ուրվականներ, դուրս եք եկել ձեր քարե դագաղներից ու շիրմաքարերին նստած ուրախանում եք իմ ցատկռտոցով: Ես միշտ ուրախացրել եմ… Միշտ, ամենուրեք, երբ գնչուների հետ թափառում էի ու դափ-ծնծղայի հնչյունների տակ հտպիտ ձևերով ծամածռվում էի՝ այլանդակ մարմինս վեր ու վար անելով: Ամբոխն էլ ոռնում էր ուրախությունից… Էհե՜յ, մեռելներ, ծափ զարկեք ու հռհռացեք… Մեր Ուսուցիչը, որին խաչեցին, ասում էր. ով իր անձը բարձրացնում է՝ կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը՝ կբարձրանա… Ես, ահա, անձովս խոնարհ, ձեր առաջ ցատկռտում եմ, որ ուրախանաք: Բայց, խոստովանեմ, ամբոխը մի կտոր հաց էր նետում ոտքերիս առաջ, իսկ դուք՝ անտարբեր, ան-տար-բե՜ր ուրվականնե՜ր…
Հանկարծ լռում է ու քարանում տեղում: Որովհետե՝
2.
Վազքի թափը հազիվ գսպելով՝ հայտնվում է Մագթաղինացի Մարիամը. նրան Հիսուսի մորից տարբերելու համար կոչում են Մագթաղ: Նկատելով ներքևում վառվող ջահերը՝ փլվում է աստիճաններին՝ աշխատելով զսպել ծանր հևոցը:
ՄԱԳԹԱՂ- (շշուկով): Ո՞վ կա… Աչքիս երևաց մարդու ստվերը… Ջահերն ինչո՞ւ են վառվում, եթե մարդ չկա: Մերոնք են… (Իջնում է և մթության մեջ բախվում է թաքնված Փիլիպպոսին: Փորձում է ետ վազել աստիճաններով, Փիլիպպոսը քարշ տալով լույսի տակ է բերում արյունլվիկ, ցնցոտիներով կնոջը:) Փիլիպպոս, դո՞ւ ես… Մարիամին տեսե՞լ ես… Սկզբում խաչի մոտ էինք, հետո կորցրի… Հովհաննեսն էլ մեզ հետ էր, նրան էլ կորցրի: Ո՞ւր են, չե՞ս տեսել… Հովհաննեսն ասաց, որ Մարիամին կբերի դամբարան, հիմա ո՞ւր են: Ամբոխի մեջ ընկա… Ինձ տեսել էին խաչի տակ, ոմանք զազրախոսում էին, մյուսները խփում էին, ծեծում մտրակով, փայտով, նիզակով, քարով, մարմինս տնքում է ցավից: Չէ, չկարծես, թե բողոքում եմ, նրա սիրուն պատրաստ եմ ինքս էլ խաչվել: Բայց նրանք կանանց չեն խաչում, գիտես, դրա համար էլ ծեծում էին, որ ծեծելով մեռցնեն: Իսկ հետո ինձ ճանաչեց ինչ-որ մեկն ու բղավեց. «Սա պոռնիկ Մագթաղինացի Մարիամն է»… Փիլիպպոս, Մարիամն ո՞ւր է: Նա, ով ճանաչեց, ասաց, որ ճիշտը բռնաբարելն է… Բոլորը, հերթով, մինչև սատկելս: Ու որովհետև ինքն է եղել ինձ ճանաչողը՝ առաջինը հերթի մեջ իր իրավունքն է: Հետո չգիտեմ, թե ինչ եղավ… համաձայն չէին, թե ով՝ ումից հետո, կատաղած քաշկռտում էին իրար, հայհոյում… Ես հայտնվեցի նրանց ոտքերի տակ, չեմ հիշում՝ ինչպես հաջողվեց դուրս պրծնել, խելագարի պես սկսեցի վազել, կարծես հազար սատանա էր ետևիցս ընկել… Փիլիպպոս, Մարիամն ո՞ւր է…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ձայնդ կտրիր, Մագթաղ, մեռելներին կարթնացնես, մեղք են, չէ՞, դիվադադար լինեն…
ՄԱԳԹԱՂ — (չլսելով նրան): Վազեցի, վազեցի, վազեցի…
ՓԻԼԻՊՊՈՍ — (ձեռքով փակելով նրա բերանը): Սուս… սուս, ասացի…
ՄԱԳԹԱՂ — (մի կողմ է նետվում): Վազեցի, վազեցի, վազեցի, էլի վազեցի…
ՓԻԼԻՊՊՈՍ — (հասնում է նրան, բռնում ուսերից՝ ցնցում): Հետո՞, հետո՛…
ՄԱԳԹԱՂ — (սթափվելով): Ի՞նչ՝ հետո…
ՓԻԼԻՊՊՈՍ — Վազեցիր, վազեցիր, էլի վազեցիր, հետո՞…
ՄԱԳԹԱՂ — Ինձ նորից ճանաչեցին…
ՓԻԼԻՊՊՈՍ — Որ ճանաչեցին, ի՞նչ եղավ…
ՄԱԳԹԱՂ — Ասացին. «Տեսեք, սա Մագթաղինացի դիվահար Մարիամն է, ում մեջ նստած յոթ դևերին իբր հալածեց Հիսուս կոչված մյուս դիվահարը: Ո՞վ է տեսել՝ դիվահարին դևերից փրկի ուրիշ դիվահար: Բռնեք, սատկացրեք, թող հետը սատկեն իր բոլոր դևերը»:
ՓԻԼԻՊՊՈՍ – Նորի՞ց փախար…
ՄԱԳԹԱՂ — (հազիվ լսելի): Մարիամը Հովհաննեսի հետ պիտի գար…
ՓԻԼԻՊՊՈՍ — Որ ասին՝ սատկացրեք, ի՞նչ եղավ հետո:
ՄԱԳԹԱՂ — Տերն ինձ փրկեց: Թևեր տվեց ինձ, ոտքերիս՝ մեծ թեթևություն: Նրանք ետ մնացին… ես քաղաքից դուրս եկա, հասա դամբարանին, որտեղ Հիսուսի քարոզն եմ լսել առաջին անգամ: Գիտեմ, Տերն ինքն ուղղեց իմ քայլերն այստեղ, որ գտնեմ Մարիամին: Մարիամը ո՞ւր է… (Հեծկլտում է:)
ՓԻԼԻՊՊՈՍ — (սարսափած): Ձայնդ կտրիր, ուզում ես՝ դրսում լսե՞ն…
ՄԱԳԹԱՂ — Թիկնոցս պոկեցին վրայիցս, շապիկս պատռեցին…
Փիլիպպոսը մխիթարելու միտումով փորձում է շոյել աղջկա գլուխը, նա գնում, կծկվում է անկյունում: Լռություն է, լսվում է անձրևի խլացած ձայնը, որից խաղաղվում է կինը:
ՄԱԳԹԱՂ — (մեղմ, քիչ երգեցիկ ձայնով): Քո ձեռքի ափից ջերմություն էր ցողվում տանջահար մարմնիս: Վիրավոր հոգիս հանդարտ լռում էր ճիչ-աղաղակից: Խաղաղվում էին ջղագարվող մարմինս ու հոգիս, երբ ձեռքդ դնում էիր գլխիս ու ասում ձայնով քո սքանչելի. «Խաղաղվիր, կին»: Քո ձեռքերը… Քո ձեռքերն ու ձայնը… Չեմ ասում՝ քո բարությունը, քո հայացքը, քո դեմքը, քո սլացիկ հասակը… Ո՜չ, ես ասում եմ՝ ձեռքերդ: Ասում եմ՝ ձայնդ: Երբ ձեռքդ դնում էիր գլխիս, զգում էի՝ ինչպես քո մատներից, ջերմ զեփյուռի պես, բուժիչ բալասան էր ծորում դեպի իմ խղճուկ անձը: Ցավը հեռանում էր, ինչպես զմյուռի անուշահոտ ու անփուտ հյութը, քսելով մաշկին, հանում են ցավը, որքան էլ խորը լինի մարմնի ներսում: Քեզ կարոտում եմ… Կարոտում են քո ոտնահետքերին իմ մաշված, տրորված ներբանները: Այրվող ձեռքերս կարոտում են քո քղանցքներին, որ տարուբերվում էին քամուն ընդառաջ և երբեմն դիպչում էին մատներիս, երբ հաջողվում էր քեզ մոտիկ կանգնել:
ՓԻԼԻՊՊՈՍ — (եկել կանգնել է նրա գլխավերևում): Ի՞նչ ես բարբաջում: Խոսքդ ո՞ւմ մասին է, չասե՞ս՝ իմանամ: Այստեղ, ինձնից բացի, ուրիշ մարդ չկա, ո՞ւմ հետ ես խոսում, խելառ ընկնավոր:
ՄԱԳԹԱՂ — (չլսելով նրան): Ես սիրում եմ քեզ, կարոտում եմ քեզ… հոգիս բզկտվում է քո կարոտից, Տեր… (Մի պահ շլացուցիչ լույս է ճառագում: Կինը ուրախության աղաղակով նետվում է դեպի աստիճանները:) Դու ինձ կանչում ես… Ես կգամ, կհասնեմ քո շիրիմին, Տեր: Կգամ, որ փարվեմ, մնամ ծնկաչոք, մինչև գա իմ ժամանակն ու փակեմ աչքերս…
ՓԻԼԻՊՊՈՍ — (բռնում է կնոջը): Մի թպրտա, հանդարտվիր… Հանդարտվի՛ր, ասի: Անձրևը կտրվի՝ Մարիամը կգա:
ՄԱԳԹԱՂ — Ես պիտի գնամ, նա ինձ կանչում է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Դուրս ելար թե չէ՝ քեզ կբզկտեն, ու չես հասնի նրա գերեզմանին: Անձրևը կտրվի՝ Մարիամր կգա, քեզ բան եմ ասում: Ամբոխը, հոգնած ոռնալուց, կքաշվի փողոցներից, դու էլ ուր ուզես՝ կերթաս…
ՄԱԳԹԱՂ — (հնազանդ նստում է աստիճաններին): Մարիամը կգա՜…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ո՞ւր պիտի գնա… Բոլորիս ապրած տները հսկողության տակ են, մեկնումեկս երևանք թե չէ՝ կբռնեն ու չարչարանքի կտան: Ուզենք-չուզենք՝ բոլորս դամբարանում պիտի հավաքվենք: Գուցե մերոնցից մեկը հաց բերի իր հետ: Թե իմանաս՝ ինչքան քաղցած եմ: Մի կտոր հաց լիներ, Մագթաղ, մի կտոր հաց… Չեմ ասում՝ հացի հետ ձուկ ու գինի լիներ, չէ՜, մի կտոր հաց, թեկուզ չորացած, թեկուզ բորբոսնած…
ՄԱԳԹԱՂ — (իր մտքերի հետ է): Երբ Մարիամը գա, կասեմ՝ Մարիամ, մխիթարվիր, քո որդին Աստծո հույսն է հոգսերից ճկված աշխարհի վրա:
ՓԻԼԻՊՊՈՍ — (ջղային): Լսիր, կին, նորից սկսեցիր բարբաջել առանց հասկանալու, թե ինչն ինչոց է, ինչը ինչից առաջ է կամ ինչը՝ ինչից հետո… Եթե Աստծո մեծության ու բարության մասին բոլոր քարոզները, որ նրա որդին ասում էր լեռան վրա, գյուղի հրապարակում, աղքատի խրճիթում, հավաքես մեկտեղ և դարձնես մխիթարական երկար քարոզ, դույզն-ինչ մոռացնել չես տա իր որդու չարչարանք-մահը: Քարոզես՝ չքարոզես, մխիթարես՝ չմխիթարես, մոր սիրտը, տանջահար որդու ողբից բացի, ուրիշ բան չունի: Հարցրու որևէ մոր իր որդու մասին, ասա. «Որդիդ ընտրված էր՝ Աստծո առաքելությունն աշխարհի վրա հաստատելու»: Ասա. «Նա պիտի մեռներ՝ չարչարանքների գեհենն անցնելով, որ հասներ Աստծո գահին՝ մարդկության մեղքն իր սրտին առած»: Ասա. «Անմահ է որդիդ իր փառքով»: Աշխարհում որքան մխիթարական բառեր կան՝ հավաքիր մեկտեղ ու ասա մորը, ում աչքի առաջ ծաղր ու ծանակով խաչել են որդուն: Կը-մը-խի-թար-վի՞… (Դադար:) Ես ինձնից գիտեմ… Թե ինձ խաչեին, ու մայրս նստած լիներ խաչի տակ, մինչև վերջին շունչը պիտի անմխիթար ողբար:
ՄԱԳԹԱՂ — Իսկ ո՞ւր է մայրդ… Նա մեզ հետ չի եղել, ես չեմ տեսել նրան: Նրան, որ ասեն՝ Փիլիպպոսի մայրն է: Ո՞ղջ է, թե՞ մեռած…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ի՞նչ իմանամ, նրան չեմ տեսել:
ՄԱԳԹԱՂ – Ինչպե՞ս՝ չես տեսել…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ինձ ծնելուց հետո, սարսափած իմ այլանդակությունից, նետել է աղբանոց:
ՄԱԳԹԱՂ — Խեղճ եղբայր… Ինչպե՞ս ես ապրել…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ինչ-որ մեկը գտել ու ծախել է գնչուներին: Իմ առաջին հիշողությունը պարելս է… Չո՞րս, թե՞ հինգ տարեկան… Ես պարում էի, ամբոխը հռհոում էր, հաց կամ մանրադրամ էր նետում: Ոգևորված՝ ավելի բարձր էի ցատկում: Ուզո՞ւմ ես՝ ցույց տամ, շատ սիրուն է ստացվում: (Պարում է:) Սիրուն է, չէ՞… Վաղուց չէի պարել, կարոտել էի իմ սիրուն պարին: (Մագթաղը ծիծաղում է:) Տեսա՞ր, դու էլ ուրախացար…
ՄԱԳԹԱՂ — Իսկ որտեղի՞ց գիտես, թե նա… թե քեզ խաչեին, քո խաչի տակ կգար: Որտեղի՞ց գիտես…
ՓԻԼԻՊՊՈՍ — Գիտենալու համար պետք չէ գիտենալ: Ի՞նչ իմանամ… Եթե կինը, ով ծնել էր, ինձ աղբանոց չնետեր, գուցե մայր դառնար: Ես այդ էի ասում՝ եթե մայր դառնար, եթե ինձ խաչեին, մայր դարձած կինը չպիտի՞ ողբար: Կամ Հիսուսի մոր նման չպիտի՞ աղաղակեր՝ վերցրեք ինձ էլ, վերցրեք, խաչեք, ես նրա մայրն եմ: Նրա մահից հետո իմ ապրելն ի՞նչ է… (Դադարեցնում է պարը, ծանր հևոցով:) Մարիամն ասում էր, իսկ նրանք հռհռում էին ու բղավում՝ տեսեք սրան, Իսրայելի արքայամորը… Բղավում էին ու հռհռում, հռհռում էին ու բղավում…
ՄԱԳԹԱՂ — Դու որտեղի՞ց գիտես… Դու այնտեղ չէիր…
ՓԻԼԻՊՊՈՍ — Այդպես է եղել…
ՄԱԳԹԱՂ — Գիտեմ, ես այնտեղ էի, ես տեսա՝ Հովհաննեսը հազիվ կարողացավ հեռացնել Մարիամին: Բայց դու այնտեղ չէիր, ինչպե՞ս իմացար, հետո հանդիպե՞լ ես Մարիամին ու Հովհաննեսին: Ո՞ւր է Մարիամը…
ՓԻԼԻՊՊՈՍ — Դուք ինձ չտեսաք… Դու, Մարիամը, Հովհաննեսը բարձրացաք Գողգոթա: Իսկ ես տեսա, թե նա ինչպես էր բերում իր ծանր խաչը: Ես գնում էի նրա ետևի՛ց, շատ մոտիկ, փաթաթվել էի թիկնոցի մեջ, որ չճանաչեն: Նա բերում էր իր ծանր խաչը… Դուք չտեսաք, մինչև նա չհասավ Գողգոթա:
ՄԱԳԹԱՂ — Ես տեսա:
ՓԻԼԻՊՊՈՍ — Դու Գողգոթայում չէի՞ր…
ՄԱԳԹԱՂ — Գողգոթայում էի:
ՓԻԼԻՊՊՈՍ — Ուրեմն, ինչպե՞ս տեսար…
ՄԱԳԹԱՂ — Նա իմ սրտի միջով էր տանում իր խաչը:
ՓԻԼԻՊՊՈՍ – Տեսա՞ր, թե շունչ քաշելու համար ինչպես հենվեց մի տան պատի, իսկ այլանդակ Ագասֆերը նրան հայհոյելով քշեց…
ՄԱԳԹԱՂ — Չգիտեմ… Նա մենակ էր, ուրիշները չկային: Նա միայնակ, իմ սրտի միջով, տանում էր իր խաչը:
ՓԻԼԻՊՊՈՍ — (կրկնում է շեշտելով): Նա միայնակ, իմ սրտի միջով, տանում էր իր խաչը: (Զարմանալով ու հիանալով:) Նա միայնակ, իմ սրտի միջով, տանում էր իր խաչը: Հավատալու չէ, կին, ամեն մեկը միայնակ, իր սեփական խաչն է տանում: Ոչ մեկը չի հավատա քո ասածին, բայց ի՜նչ սիրուն է. նա միայնակ, իմ սրտի միջով, տանում էր իր խաչը: Սիրուն է, ճիշտ է, բայց ճշմարիտ չէ: (Բղավում է:) Ասում եմ քեզ՝ ճշմարիտ չէ, ճշմարիտ չէ… (Կամաց:) Մի բղավիր, հիմար, բղավում ես, ավելի ես քաղցածանում: (Հանգիստ:) Ես նրան ասացի՝ ուղղիր իմ սապատը, երբ բուժում էր հիվանդներին, դիվահարներին, ինչպես քեզ: Դու դիվահար էիր, ու նա բուժեց քեզ: Մեռելներին էլ հարություն տվեց: Ես նրան ասացի՝ ուղղիր, անհետացրու իմ սապատը, իսկ նա ինձ ասաց. «Հոգին է կենդանարար, իսկ մարմինը ոչինչ է, Փիլիպպոս»: Ու թողեց իմ սապատը ինձ: Նա ինձ ասում էր. «Եկ դեպի ինձ, Փիլիպպոս…»: Բայց նա չգիտեր, որ ուղիղ քայլողների հանդեպ ես նախանձ ունեմ, իսկ նա աշխարհի ամենաուղիղ քայլողներից էր: Ասում էր. «Այն խոսքը, որ ձեզ ասում եմ, հոգի և կյանք է: Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում: Ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե չհավատա, որ հոգին է կենդանարար…»: Ի՞նձ նկատի ուներ, որ ասում էր՝ ոմանք… Ի՞նչ իմանամ, ունայնություն է…
ՄԱԳԹԱՂ — Քո սապա՞տը…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ուղիղ քայլելը: Ես տեսա՝ ուղիղ քայլողը տանում էր իր խաչը: Տեսա ու ահաբեկվեցի՝ եթե իմ շալակը տային խաչը, սապատովս ինչպե՞ս էի տանելու:
ՄԱԳԹԱՂ – Ինչո՞ւ հետևեցիր նրան, եթե սիրտդ լի էր նախանձով:
ՓԻԼԻՊՊՈՍ — Ապրելու համար: Ամեն տեղ մեզ կերակրում էին, օվսաննաներ էին երգում նրա պատվին, ավելի լավ էր նրա հետ գնալ, քան գնչուներին ծառայել ու անընդհատ տրտինգ տալ ամբոխին զվարճացնելու համար: Կամ մուրացկանությամբ մի կտոր հացի տեր դառնալ: Ես շատ եմ ցանկացել աշխատել, բայց ոչ ոք այս անիծված սապատի պատճառով ինձ աշխատանք չէր տալիս:
ՄԱԳԹԱՂ — Մի ստիր, Փիլիպպոս, նույնիսկ կաղերին էին աշխատանք տալիս, քեզ ի՞նչ է եղել, որ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Հա, ասածներիս մեջ մի քիչ սուտ կա: Երբ մեկը մերժում էր, մտածում էի, թե իրականում ինձ տասն են մերժել: Մագթաղ, խոստովանեմ քեզ, մի քիչ ծույլ էի…
ՄԱԳԹԱՂ — Մի քիչ չէ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ունայնություն է ամեն բան, բացի մի կտոր հացից… ու իմ շնային ախորժակից:
ՄԱԳԹԱՂ — Մեր ուսուցիչը մեռած է, իսկ դու խոսում ես մի կտոր հացի մասին:
ՓԻԼԻՊՊՈՍ — Գիտեմ, տեսա, նա տանում էր իր խաչը… Բայց հացը՝ խաչին, կամ խաչը հացին ի՞նչ են խանգարում:
ՄԱԳԹԱՂ — Դու բոլոր աշակերտներից հեզ ու խոնարհն էիր:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հարմար էր:
ՄԱԳԹԱՂ — Ձևացնում էիր հեզ ու խոնարհ, իսկ իրականում ատել ես նրան ու բոլոր աշակերտներին:
ՓԻԼԻՊՊՈՍ — Չեմ ատել, նախանձել եմ:
ՄԱԳԹԱՂ — Նույն բանն է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Նա բուժում էր կույրերին, կաղերին, խելագարներին: Կենդանացնում էր մեռելներին… չնայած մեռելներին կենդանացնելիս ես իր հետ չէի: Եթե մարմինը ոչինչ է, և կարևորը հոգին է, ինչո՞ւ կենդանացնել մեռելներին, իսկ իմ սապատը թողնել: Ունայնությո՜ւն է…
ՄԱԳԹԱՂ — Փիլիպպոս, եկ լռենք, թե չէ խոսում ենք մաղձոտ ու անհաշտ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Պապանձվենք, Մագթաղ, պապանձվենք մինչև վերջին դատաստանի օրը: Երանի մի քիչ հաց լիներ, այդպես ավելի հեշտ կլիներ սպասել վերջին դատաստանին: Երբ նա վախճանվեց խաչին ու խավարում եղավ երկրի վրա, օգտվելով մարդկանց խառնաշփոթ վիճակից՝ ծածուկ տեղերով հասա այստեղ: Ահաբեկված էի ու չմտածեցի, որ քաղցը կարող է հալածել ինձ նույնքան դաժանությամբ, ինչպես քահանայապետերն ու փարիսեցիները՝ Քրիստոսին հետևողներին: Իսկ հիմա մի քանի լումա չունեմ գոտիկիս տակ, որ դուրս գամ մեռելների խորշից ու ողջերից հաց գնեմ… (Կեղծավորությամբ:) Իսկ դու, Մագթաղ, փեշիդ ծալքերում գոնե մի քանի լումա չունե՞ս պահած, որ դուրս գամ ու հաց առնեմ: Ես զգույշ կլինեմ, չեմ թողնի, որ ինձ բռնեն: Երդվում եմ, երբ հացն առնեմ՝ ձեռք չտամ, մինչև չկիսեմ քեզ հետ: Հը՞, Մագթաղ, գուցե սև օրվա համար պահած մի քանի լումա ունես…
ՄԱԳԹԱՂ — Ի՞նչ ես խոսում, որտեղի՞ց ինձ լումա… Երբեք չեմ ունեցել, ինչ հետևել եմ Հիսուսին: Իմ ինչի՞ն էր պետք: (Տարածելով փեշը:) Կամ որ ունենայի, ո՞ւր պետք է պահեի: Ասում եմ՝ չեմ ունեցել երբեք:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հավատում եմ, որովհետև ես էլ չեմ ունեցել: Նա մեզ ասում էր՝ երբ ճանապարհ եք գնում, ոչինչ մի վերցրեք ձեզ հետ: Բայց Հուդային վստահեց ընդհանուր գանձարկղը, որտեղ հավաքվում էր մեզ ողորմություն տրված գումարը: (Ծիծաղում է:) Հուդան գողանում էր բոլորիս փողերն ու կրկնում Ուսուցչի խոսքերը՝ աղքատի նման գնացեք ու ձեզ կկերակրեն: Դու գիտեի՞ր, որ Հուդան գողանում է ու առանձին վայելում: Նազովրեցին գիտեր ու լռում էր: Ինչո՞ւ էր լռում, հը՞… Նա իմացավ, որ Հուդային վստահված գանձարկղը դատարկ է, ու ոչինչ չարեց: Ինչո՞ւ…
ՄԱԳԹԱՂ — Նա ասում էր. «Մի՛ դատեք և չպիտի դատվեք»: Նա ներող էր: Նա ուզում էր, որ մեղավորն ինքը հասկանա իր արարքի վատությունը և ապաշխարի:
ՓԻԼԻՊՊՈՍ — (բորբոքված): Լռիր, ունայնամիտ, հիմար, մի դատիր քո ցանցառ մտքով բաների մասին, ինչ չգիտես…
ՄԱԳԹԱՂ — Դու հարցրիր, ես պատասխանեցի:
ՓԻԼԻՊՊՈՍ — Ես պատասխանեցի՜…
ՄԱԳԹԱՂ — Հանգստացիր, ես չէի ուզում քեզ…
ՓԻԼԻՊՊՈՍ – Հանգստանա՞մ… Կհանգստանամ խաչի վրա: Բոլորս կհանգստանանք խաչի վրա… Հուդայից բացի:
ՄԱԳԹԱՂ — Հուդան, ախր…
ՓԻԼԻՊՊՈՍ – Լռի՛ր, չխոսե՛ս: Հուդան հարուստ է: Հուդան ինձ նման կարոտ չէ մի կտոր հացի: Իր մատնության գին երեսուն արծաթը գումարած գանձարկղի պարունակությանը՝ հարուստ է: (Բազմանշանակ:) Հուդան իմաստուն էր: Նա ամեն բան գիտեր: Մենք չգիտեինք, իսկ Հուդան գիտեր: Մենք՝ բերանբացներս… Գիտե՞ս, ինչո՛ւ էր Հուդան իմաստուն…
ՄԱԳԹԱՂ — (վեհերոտ): Չէ… չգիտեմ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Նա գիտեր, որ Հիսուս Քրիստոսը մեսիա չէ, ում հրեաներս միշտ սպասել ենք:
ՄԱԳԹԱՂ — Նա ճշմարիտ Աստված էր…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ով ապրում էր դատարկ երազանքներին գերի:
ՄԱԳԹԱՂ — Աստծուն տանող ճանապարհները տարբեր են, բայց նպատակը մեկն է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Նպատակը, որ քաոսի նման խառնիխուռն է ու անհասկանալի…
ՄԱԳԹԱՂ — (լացակումած): Դու ի՞նչ ես ասում, Փիլիպպոս, Աստծո գթասրտութունը անսահման է աշխարհի վրա:
ՓԻԼԻՊՊՈՍ — Իսկ նրա պատիժն՝ անխնա:
ՄԱԳԹԱՂ — Ես քեզ խղճում եմ:
ՓԻԼԻՊՊՈՍ — (զարմացած, ծաղրով): Իսկապե՞ս…
ՄԱԳԹԱՂ – Չգիտես՝ ինչ ես խոսում… Դու ներել չգիտես…
ՓԻԼԻՊՊՈՍ — (ավելի զարմանալով): Ես պիտի ներեմ քահանայապետերի՞ն, պիտի ներեմ Պիղատոսի՞ն, պիտի ներեմ նրան խաչին գամողների՞ն… Հա՞, ես պիտի ներե՞մ: Ես ատում եմ նրանց, կին, ես ատո՛ւմ եմ նրանց:
ՄԱԳԹԱՂ — Նա Աստծո որդին էր… Նա գիտեր, թե…
ՓԻԼԻՊՊՈՍ — (կոպիտ ընդհատելով): Մարիամի որդին չէ՞ր: Մարիամը մարդ չէ՞ր…
ՄԱԳԹԱՂ — Մարդ էր, բայց…
ՓԻԼԻՊՊՈՍ — Բայցդ քեզ պահիր: Գեթսեմանի այգիներում Մարիամի որդի Հիսուսը լաց էր լինում արյունածոր արցունքներով և խնդրում Աստծուն, որ տառապանքի զարհուրելի բաժակը անցնի իրենից, քանզի հոգին հոժար է, մարմինը՝ տկար: Նա մարդ էր, կին, ու գիտեր, որ մարմնի ցավը չարչարանքի մեջ՝ անտանելի է:
ՄԱԳԹԱՂ — Նրա ոգին էր Աստվածային:
ՓԻԼԻՊՊՈՍ — Գայլերի ոհմակը հոշոտում է իր առաջնորդին, եթե նա ցույց է տալիս իր թուլությունը: Մարդկությունը նույն գայլերի ոհմակն է: Իսկ նա ուզում էր դառնալ ոհմակի առաջնորդ և քարոզել, թե՝ դու գայլ չես, մարդ ես: Նազարեթցի Մարիամի որդի Հիսուս Քրիստոսը… Չէ մի չէ, Աստծո որդի, չէ մի չէ, ծնված անապական կույսից…
ՄԱԳԹԱՂ — (հարձակվում է Փիլիպպոսի վրա): Դու… դու…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ի՞նչ՝ դու, դու… Դիվահար, ձեռքերդ քեզ քաշիր: Հիսուսը քո միջից չհանե՞ց սատանան… Ուրեմն, սուտ էր, հա՞, սո՞ւտ էր… դիվահար էիր, դիվահար էլ մնացիր:
ՄԱԳԹԱՂ — (շարունակում է խփել): Ես… ես…
ՓԻԼԻՊՊՈՍ — (բռնելով նրա թևերից): Դու, դու… ես, ես… Էլի բան ունե՞ս ասելու, սատանան ներսումդ կատաղել է…
ՄԱԳԹԱՂ — (փորձելով դուրս պրծնել նրա ճանկերից): Դու… դու ես սատանան…
ՓԻԼԻՊՊՈՍ — (շպրտում է կնոջը մի կողմ): Սատանա լինեի՝ քաղցած չէի լինի: (Բարձրանում է աստիճաններով, կանգնում փոքրիկ հարթակին:) Ինչո՞ւ չեն գալիս… Ինչո՞ւ պիտի գան… Ինչո՞ւ եմ սպասում, որ մեկն ու մեկը հաց բերի իր հետ կամ մի քանի լումա: Ունենա էլ, ինչո՞ւ պիտի իր հացն ու լուման Փիլիպպոսի հետ կիսի: Նրան ուրացան… Խեղճ ու կրակ Հովհաննեսից բացի, որ գիշերները, ահաբեկված մղձավանջներից, վեր էր թռչում ու գոռում, թե՝ լսեք, իմ քնի պահին հայտնություն եղավ: Ու սոսկալի պատմություններ պատմելով՝ հարամում էր բոլորիս քունը: Գիտե՞ս, կին, մի անգամ Հուդա Իսկարիովտացին այնքան qայրացավ, որ ապտակեց նրան ու ասաց. «Լսիր, Հովհաննես, թե մեկ էլ գիշերն արթնացել ես ու սուտ-սուտ բաներ պատմել, հոգիդ կհանեմ»: (Իջնում է, մոտենում դեռ նույն դիրքով ընկած կնոջը:) Չլինի՞ մեռավ… Չէ, կարծես ողջ է: Է՛յ, կին, ո՞ղջ ես, թե՞ մեռած… Ասում եմ՝ Հուդան զայրացավ, երբ Հովհաննեսը պատմում էր երազում տեսած հայտնության մասին, որն իբր գուշակում էր աշխարհի կործանումը: Մենք բերանբաց լսում էինք, իսկ Հուդան… Դե, նա, հիշո՞ւմ ես, զայրանալ չգիտեր, իսկ որ խոսում էր, ձայնը հազիվ էր լսվում: Բայց այդ օրը կարգին ջղայնացավ: Մնացած ժամանակ նա աշխարհի առաջին կեղծավորն էր… Դրա պատճառով չկարողացանք ժամանակին ճանաչել: Հուդան գիտեր իր կեղծավորության գինը. երեսուն արծաթ: Նա մատնեց Հիսուսին, որովհետհ գիտեր՝ քահանայապետերն ու փարիսեցիները նրան երկար չեն հանդուրժելու: Երբ Հիսուսը մտրակով մտավ տաճար ու դուրս հանեց վաճառողներին, շուռ տվեց լումայափոխների սեղանները, աղավնավաճառողների աթոռները. «Իմ հոր տունն,- ասաց,- աղոթքի տուն պիտի լինի, իսկ դուք ավազակների որջ եք դարձրել»: Քահանայապետերը նրան ուրիշ շատ բաների համար էլ էին ատում: Հուդան գիտեր՝ նրանք մի օր կբռնեն Հիսուսին ու մահու կտան, ու որոշեց իր կյանքն ապահովել: Հուդան միայն երեսուն արծաթ չշահեց: Նա մատնությամբ ինքն իրեն ազատեց հալածանքներից: Իսկ ես, որ Հիսուսի հավատարիմ աշակերտն եմ, պիտի թաքնվեմ մեռելների մեջ, որ հանկարծ չգտնեն, որ հանկարծ կաշիս չքերթեն, որ հանկարծ խաչին չգամեն: Ես, իհարկե, մտածում եմ՝ իմ կյանքն ի՞նչ է նրա կյանքի դեմ: Բայց մյուս կողմից էլ ասում եմ՝ Փիլիպպոս, ամեն մեկի կյանքն իրենն է՝ ուրիշինը չէ… Իմացի՛ր, Հիսուսը վաղուց էր մատնված: Հուդան միայն կարճեց երկար մատնության ու սպասումի ժամանակը: Հիսուսին մատնողր ինքը Հիսուսն էր՝ լավի ու վատի, բարու և չարի իր քարոզներով: Այս է ամբողջը… Հուդան փրկվեց, իսկ…
ՄԱԳԹԱՂ — (որ նրա խոսքի ժամանակ ելել, քաշվել էր մի անկյուն, մոտենում է): Հուդան փրկվե՞ց… Հուդան ճոճվում է ծառից, ագարակի ծառից, որ գնել էր երեսուն արծաթով ու գանձարկղից գողացած դրամով: Հուդան ճոճվում է ծառից, և երկու ագռավ աջ ու ձախ կողմում, իսկ երրորդը՝ փարված նրա սրտին, կռկռում են ողբաձայն… Անգամ հեռվից լսելով ագռավների կռինչը՝ փշաքաղվում է անցորդը, մնում է տեղում քարացած, իսկ երբ շարունակում է ճանապարհը, գալիս ու դեմ է առնում խեղճ ծառին, որն ակամա կրում է աշխարհի ամենաստոր ու նենգ բեռը:
Անձրևը կտրվել է: Երկուսը նայում ու կարծես չեն տեսնում միմյանց:
ՓԻԼԻՊՊՈՍ — (շշուկով): Դու տեսա՞ր ծառը…
ՄԱԳԹԱՂ — Չտեսա, ամբոխի մեջ լսեցի… Պատմում էին կամ ուրախացած, կամ սարսափած, կամ անտարբեր: Վշտացածներ չկային…
ՓԻԼԻՊՊՈՍ — Մեկը սարսափն էր, որ թառել էր սրտին, մյուսը սարսափն էր, որ աջ կողմում էր, ու երրորդը՝ ձախ կողմինը, էլի սարսափն էր: Իսկ ծառը… Խեղճ ծառը երեք ագռավի ու կախվածի հետ միասին պիտի դժոխքի բաժին դառնա:
ՄԱԳԹԱՂ — Ես գիտեմ՝ մեր Տեր Հիսուսը դատաստանի օրը կբարեխոսի երկնավոր մեր Հոր առջև, որ դժբախտ Հուդայի մեղքը նրա խղճի տառապանքի նժարով չափի միայն և ոչ՝ հանցանքի:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հուդա Իսկարիովտացին պիտի ներվի՞… Ասացիր անիմաստ խոսքդ, էլ երբեք չասես:
ՄԱԳԹԱՂ – Ինչո՞ւ չասեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Մեղքը երբեք չի քավվում, որքան էլ զղջաս, գնաս ու կախվես նույնիսկ ծառի մի ճյուղից կամ խաչվես ուրիշի ձեռքով, կամ քարաժայռից քեզ նետես ծովի փրփրադեզ ալիքներին կեր: Աստվածային վերին պալատում զղջումիդ համար քեզ կարող են ներել գործած հանցանքդ, բայց մեղքը, որ ծնվել է հանցանքի պահին, հավիտենապես պիտի խոցոտի հոգիդ, իսկ մեռնելուց հետո հիշատակդ պիտի անեծք դառնա ապրողների համար: Լսիր, կին, եթե մատնիչի, ուրացողի մեղքը ներվի Քրիստոսի բարեխոսությամբ, պիտի ներվի նաև գողի, ավազակի, մարդասպանի, պոռնիկի մեղքը: Պիտի ներվի՞, ասա…
ՄԱԳԹԱՂ — Եթե զղջումն անկեղծ լինի…
ՓԻԼԻՊՊՈՍ — Բայց չարության հետքը, որ թողել է մեղքը, ինչպե՞ս կջնջես զղջումով…
ՄԱԳԹԱՂ — …
ՓԻԼԻՊՊՈՍ — Պարզ բացատրեմ: Դու մարմնավաճառ ես եղել, պարզ ասած՝ պոռնիկ ես եղել մինչև Քրիստոսին հանդիպելը, հետո զղջացել ու գնացել ես նրա ետևից: Իսկ ես… Գիտե՞ս՝ ով եմ եղել…
ՄԱԳԹԱՂ — Փիլիպպոսը…
ՓԻԼԻՊՊՈՍ — Փիլիպպոսն եմ, ճիշտ է, բայց ի՞նչ Փիլիպպոս…
ՄԱԳԹԱՂ — Սապատավոր…
ՓԻԼԻՊՊՈՍ – Վա՜յ, ինչքան խելոք է Աստծո այս գառը… Սապատավոր Փիլիպպոսը, ճիշտ է… Է՞լ…
ՄԱԳԹԱՂ — Չգիտեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Մարդասպան Փիլիպպոսը: Ես մարդ եմ սպանել: Կբարեխոսե՞ն վերին տաճարում ու մեղքս կներե՞ն, քանի որ սաստիկ զղջացել եմ:
ՄԱԳԹԱՂ — Եթե անկեղծ ես…
ՓԻԼԻՊՊՈՍ – Անկե՛ղծ եմ: Ես ճիշտ նույն պահին զղջացել եմ, որ սպանեցի: Բայց իմ զղջումն ու իմ ներվելը կկենդանացնի՞ նրան, ում սպանել եմ: Գիտե՞ս՝ ինչո՛ւ սպանեցի…
ՄԱԳԹԱՂ — Ատում էիր երևի…
ՓԻԼԻՊՊՈՍ — Չէ, կին: Սպանել եմ մի նկանակ հացի համար: Քաղցած էի: Ասացի՝ ինձ տուր հացդ՝ չտվեց, թե՝ ես էլ եմ քաղցած: Վերցրի քարը, խփեցի գլխին, մեռած վայր ընկավ: Երբ ընկավ, հացն արնոտվեց: Ես վերցրի ու կերա, չէ, խփշտեցի, չզգացի, որ արյունոտ էր: Երբ կշտացա, խիղճս սկսեց տանջել: Երկար ժամանակ խիղճս հանգիստ չէր տալիս ինձ: Հետո հանդիպեցի նրան ու գնացի ետևից: Նա խոսում էր բաների մասին, որ ես չգիտեի… Խոսում էր նաև գործած հանցանքի, անկեղծ զղջումի ու ներումի մասին: Ես հավատում էի նրա խոսքերին, բայց…
ՄԱԳԹԱՂ — Բայց ի՞նչ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ես մարդասպան եմ, ու դու պոռնիկ ես եղել էլի մի կտոր հացի համար: Հետո մարդ չեմ սպանել: Դու էլ մեծ զղջումով հետևել ես նրան ու ոչ մի անգամ պոռնկությամբ չես զբաղվել, ճի՞շտ է… Ասա, կին, Հիսուսի քարոզները լսելուց ու անկեղծ զղջալուց հետո մոռացե՞լ ես, որ պոռնիկ ես եղել:
ՄԱԳԹԱՂ — (կամաց): Չէ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Ես էլ՝ չէ, Մագթաղ, չեմ մոռացել, որ մարդ եմ սպանել: Թեև անկեղծ է զղջումս, հավատա: Ուզում ես՝ սրբի կյանքով ապրեմ, էլ երբեք հանցանք չգործեմ, բայց այն մարդը, որ սպանվել է, կկենդանանա՞: Հանցանքը մնացել է աշխարհի վրա այդ խեղճի մահով: Հուդայի հանցանքն էլ կմնա աշխարհի վրա: Զղջա, թե չզղջա, ինչպե՞ս կներվի վերին տաճարում: Եթե նա ներվի, աշխարհը կդառնա մատնության մի մեծ ասպարեզ: Շարունակ կմատնեն մեկը մյուսին, անմեղին՝ անգամ իր չգործած հանցանքի համար: Կմատնեն մատնվածի ունեցվածքը զավթելու համար, մատնվածի սիրուն կնոջը տիրելու համար, նրա մշակված ու խնամված ագարակն ու այգին թալանելու համար կամ էլ ուղղակի ստոր բնավորությանը հագուրդ տալու համար: Քի՞չ բան կա աշխարհում, որի համար կարելի է մատնել, պոռնկանալ, սպանել: Քի՞չ բան կա… Քանի աշխարհում կա փողասիրություն, փառասիրություն, քինախնդրություն, վրեժխնդրություն, վավաշոտություն… Բայց Փիլիպպոսը սրանցից մեկը չէ, կին, սրանցից մեկը չէ…
ՄԱԳԹԱՂ — Դու մարդ ես սպանել:
ՓԻԼԻՊՊՈՍ — Քաղցած էի:
ՄԱԳԹԱՂ — Եթե բոլոր քաղցածները մարդ սպանեն, ի՞նչ կլինի:
ՓԻԼԻՊՊՈՍ – Լռի՛ր:
ՄԱԳԹԱՂ — Դու էլ մյուսների նման քո բոլոր բաներն ես…
ՓԻԼԻՊՊՈՍ — Եթե ուզում եմ մի քանի լումա ունենալ՝ հաց, ձուկ, գինի առնելու համար, փողասե՞ր եմ, եթե ուզում եմ՝ սապատը կռնակիցս անհետ չքանա, փառասե՞ր եմ, եթե նայում եմ քեզ կամ մի ուրիշ գեղեցիկ կնոջ ու ցանկանում եմ, վավաշո՞տ եմ:
ՄԱԳԹԱՂ — (ետ քաշվելով): Ի՞նչ ես ուզում ինձանից… (Փիլիպպոսը հիստերիկ քրքջում է:) Դու… ինչո՞ւ ես քրքջում: (Լաց է լինում:)
ՓԻԼԻՊՊՈՍ — Հապա ի՞նչ, վախից չորացել, կպել ես պատին ու տզզում ես: Քեզ ի՞նչ ասի, որ ասում ես, թե ես ինչ եմ ուզում… (Ծիծաղը միանգամից կտրելով՝ շատ կարևոր բան գլխի ընկածի երևույթով:) Ես քեզանից բան չեմ ուզում, ինչո՞ւ մտածեցիր, որ ուզում եմ… Լսիր, կարո՞ղ է, աղի արցունք ես թափում, որ… (Ընդգծված:) Որ քեզանից բան չեմ ուզում: (Մոտենում է:)
ՄԱԳԹԱՂ – Հեռո՜ւ, թե չէ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Թե չէ՝ ի՞նչ…
ՄԱԳԹԱՂ — (վազում է դեպի աստիճանները): Դուրս կվազեմ ու կգոռամ, որ կուզիկն այստեղ է:
ՓԻԼԻՊՊՈՍ – Կուզի՞կը… Ի՜նչ սիրուն բառ՝ կուզիկ, թե չէ՝ սա-պա-տա-վոր… Սրանից հետո ինձ կուզիկ ասա: Կուզիկ Փիլիպպոս, լավ է հնչում, չնայած միայն կուզիկն էլ լավ է:
ՄԱԳԹԱՂ — Հեռու, ասացի…
ՓԻԼԻՊՊՈՍ — (հեռանալով): Գիտես, կին, անատամ շան համար ցանկացած ոսկոր անկրծելի է: Ես անատամ շուն եմ, չնայած բոլոր ատամներս տեղն են: Կին, ես խոսում էի մեղքի, հանցանքի, խղճի, ներումի ու պատժի մասին, իսկ քո հավի խելքը ո՞ւր առավ-տարավ խոսքս: (Դադար:) Մեղքեր կան, որ ոչ մի բարեխոսություն ներում չի կարող բերել, որքան էլ զղջումն անկեղծ լինի: Ես ասացի՝ հացի համար մարդ եմ սպանել, ուրեմն՝ մարդասպան եմ, բայց ինձ մարդասպան չեմ զգում: Հակասությո՛ւն է: Ես փող եմ ուզում ունենալ հաց գնելու համար, բայց փողասեր չեմ: Հակասությո՛ւն է: Երբեք չեմ ուզել հարուստ լինել, կին, և գիտե՞ս՝ ինչու…
ՄԱԳԹԱՂ — Չգիտեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ – Որովհետև հարուստը խղճալի մարդ է… Սա էլ հակասություն է:
ՄԱԳԹԱՂ – Ինչո՞ւ է խղճալի…
ՓԻԼԻՊՊՈՍ — Դու կյանքը չես ճանաչում, չնայած քո նախկին գործի բերումով պիտի շատ բան տեսած ու հասկացած լինեիր: Բայց հասկացած լինելու համար խելք է պետք, ինչը, վստահ կարող եմ ասել, բացակայում է քո սիրուն գլխից, դրա համար չես ճանաչում կյանքը:
ՄԱԳԹԱՂ — Ես ճանաչում եմ Հիսուսին:
ՓԻԼԻՊՊՈՍ — Քիչ է, Մագթաղ, քիչ է: Նախքան Հիսուսին ճանաչելը՝ կյանքը պիտի ճանաչեիր:
ՄԱԳԹԱՂ — Հիսուսը ինքը կյանքն էր…
ՓԻԼԻՊՊՈՍ — Դու լսիր, դու աշխատիր հասկանալ իմ հարցի խորհուրդը:
ՄԱԳԹԱՂ — Խորհուրդը Հիսուսն էր…
ՓԻԼԻՊՊՈՍ — Հիսուսը խորհուրդ է, ճիշտ է, բայց Հիսուսը չի պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ հարուստ մարդը նախանձելի է ու միաժամանակ խղճալի:
ՄԱԳԹԱՂ — Որովհետև չի հավատում, որ Հիսուսը Աստծո որդին է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հարուստներ կային Հիսուսից առաջ ու այն ժամանակ էլ նախանձելի ու խղճալի էին միաժամանակ:
ՄԱԳԹԱՂ – Ինչո՞ւ է նախանձելի ու խղճալի միաժամանակ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Նախանձելի է, որ փող ունի:
ՄԱԳԹԱՂ — Հիսուսն ասում էր. «Ճանապարհի համար ոչինչ մի վերցրու»:
ՓԻԼԻՊՊՈՍ — Իսկ եթե ստիպված գնաս անապատո՞վ… Օրեր շարունակ գնաս ու գնաս, ու չկա մեկը, որ քեզ հաց ու ջուր տա… Լավ չէ՞ր լինի՝ փող ունենայիր, ուղտ առնեիր, բարձեիր ուտելիք ու ջուր, տեղ հասնեիր, քեզ դիմավորեին հարգանքով, պատվով, քեզ դիմավորեին գրկաբաց: Ինչո՞ւ գրկաբաց, գիտե՞ս…
ՄԱԳԹԱՂ — Չէ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Որովհետև տեղ ես հասել: Իսկ խեղճ կուզիկը, որ ոչ ուղտ ունի, ոչ հաց ու ջուր, վաղուց անապատի ավազակներին կեր է դարձել: (Իբր լալիս է:) Ու չկա մեկը, որ վրան ողբա ու ասի՝ ափսոս, խեղճ կուզիկ, լավ մարդ էր, իզուր մեռավ շեկ անապատի ավազների մեջ:
ՄԱԳԹԱՂ — Հիմա անապատում չես, ինչո՞ւ ես տզզում:
ՓԻԼԻՊՊՈՍ — Սա էլ է անապատ, մեռելների թագավորության անապատ՝ ոչ հաց, ոչ ջուր, ոչ ուղտ…
ՄԱԳԹԱՂ — Գերեզմանատանը ուղտը ինչի՞դ է պետք:
ՓԻԼԻՊՊՈՍ — (քրքջում է): Ի՜նչ խելոք հարցեր տվիր, երևում է, որ Հիսուսի ետևից ես գնացել:
ՄԱԳԹԱՂ — Հիսուսը ձեռքը իմ գլխին է դրել:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հա, էլի… Ձեռքը իմ գլխին էլ է դրել: Ես էլ ասում եմ՝ ինչո՞ւ եմ իմաստուն:
ՄԱԳԹԱՂ — Դու իմաստուն չես, դու վատ մարդ ես:
ՓԻԼԻՊՊՈՍ — (խեղկատակությամբ փորձում է խեղդել վիշտը, բայց ավելի է խճճվում զգացմունքների անելանելի ու խուլ պայքարում): Ես գիտեմ, որ վատ մարդ եմ, բայց թե ինչո՞ւ՝ չգիտեմ: Իսկ ղու գիտե՞ս…
ՄԱԳԹԱՂ — (տատամսելով): Չէ, չգիտեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Տեսնում եմ, որ գիտես, ասա… (Խնդրանքով:) Ասա…
ՄԱԳԹԱՂ — Նորից չե՞ս ծեծի…
ՓԻԼԻՊՊՈՍ — (անկեղծ): Թող չորանային իմ ձեռքերը, որ քեզ հրեցին, Մագթաղ: Հավատա՝ պատահական ստացվեց…
ՄԱԳԹԱՂ – Պատահական՝ մարդ սպանելու պես…
ՓԻԼԻՊՊՈՍ — Երբ նրան սպանեցի ու կերա արյունոտ հացը, երբ սկսեցի տառապել ու խեղդվել զղջումից, երբ խիղճս սկսեց տանջել մարմինս ու հոգիս, կարծես քարբի օձի թույն էի խմել, մտածեցի՝ իմ կյանքն ապրելու կյանք չէ, ու որոշեցի, որ պիտի մեռնեմ: Երբ որոշումս որոշեցի, քիչ խաղաղվեցի: Մի օր նստել էի ծովի ափին, ոտքերս կախել ջրի մեջ ու մտածում էի, թե աշխարհն ինչքան սիրուն է, ծովի մանրիկ ալիքները վազում էին ափ ու շոյում երբեք լաստիկ չհագած խեղճ ոտքերիս ճաքճքված ներբանները: Իսկ արևը հորիզոնում մայրամուտից առաջ իր ծիրանագույն վերջին շողերի հետ էր խաղում: Ես հասկացա, որ այդ երեկո մտադրությունս իրագործելու ճիշտ ժամանակն է՝ ծովի ջրերի մեջ պիտի ավարտեի կյանքս: Ծովը պիտի կլաներ ինձ որպես իր մեջ նետված ավելորդ, չնչին մի բան: Բայց հենց այդ պահին, երբ մտքերիս մեջ առանձնացած՝ չէի լսել քայլերի ձայնը, մեկը հայտնվեց ինձ մոտ ու բարբառեց. «Հետևիր ինձ, մարդ»: Նույն վայրկյանին մոռացա, որ պիտի քայլեմ դեպի ծովի ընդերքը, բարձրացա և գնացի նրա ետևից: Հասկացա՞ր, թե ով էր ինձ կանչողը: (Հեռանում է, նրա շշնջոցը չի հասնում Մագթաղին:) Փիլիպպոս, թխպոտ մտորումներդ խեղդում են հոգիդ, քիչ էլ, ու պիտի նորից ցանկանաս մեռնել, ինչպես այն օրը, ծովափին: Ինչպես այն օրը՝ խղճում ես քեզ, քո անձը, Փիլիպպոս, ու արցունքներդ հիմա դուրս պիտի ցայտեն ու աշխարհն ապրելու անհարմար տեղ դարձնեն: Իմ խեղճ, բզկտված եղբայր, դու ինչո՞ւ թողեցիր, որ մենք քեզ մատնենք:
ՄԱԳԹԱՂ — (անհանգստացած Փիլիպպոսի լռությունից): Փիլիպպո՞ս…
ՓԻԼԻՊՊՈՍ — Խաղա քո հտպիտի խաղն ու անցիր օրվա դաժան փորձության միջով: Անցիր, Փիլիպպոս, գուցե քեզ համար դեռ կբացվի խաղաղ օրերի մի նոր լուսաբաց…
ՄԱԳԹԱՂ — (մոտենալով): Փիլիպպո՞ս…
ՓԻԼԻՊՊՈՍ — Այստեղ եմ, Մագթաղ…
ՄԱԳԹԱՂ — Գիտես, չէ՞, ինչու եմ քեզ վատ մարդ ասում… Դու չես հավատում, որ նա Աստծո որդին է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Հավատում եմ: Հիսուսի բարի հոգին վկա՝ հավատում եմ: Բայց ասա, Մագթաղ, եթե հիմա մի քիչ հաց ու ձուկ լիներ, մի կում էլ գինի՝ չէի՞ր ուտի ու խմի:
ՄԱԳԹԱՂ — (տատամսելով): Կուտեի:
ՓԻԼԻՊՊՈՍ — Ըհը, ես էլ կուտեի: Լավ կլիներ, չէ՞, մի քիչ փող ունենայինք… Չեմ ասում՝ հարուստի չափ, հարուստ լինել պետք չէ…
ՄԱԳԹԱՂ — Որովհետև հարուստը խղճալի՞ է…
ՓԻԼԻՊՊՈՍ — Ապրես: Տեսա՞ր, հասկացար… Գիտե՞ս՝ ինչու հասկացար…
ՄԱԳԹԱՂ — Չգիտեմ, բայց… կարծես գիտեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ — Որովհետև Հիսուս Քրիստոսը ձեռքը դրել է քո սիրուն գլխին: Բացատրե՞մ, թե ինչու են հարուստները խղճալի:
ՄԱԳԹԱՂ — Բացատրիր:
ՓԻԼԻՊՊՈՍ — Բոլորը նրանցից փող են ուզում՝ իմանալով, որ չի տալու: Հարուստ մարդը միշտ շրջապատված է պորտաբույծներով: Հարուստ մարդը քծնանքի ու կեղծավորության է սովոր: Եթե օրվա ընթացքում չի ստանում քծնանքի ու կեղծավորության սովորական բաժինը, իրեն կողոպտված է զգում: Ուրեմն՝ շրջապատը իր ողորմելի բարեգործությունը նրանից ստանալու համար…
ՄԱԳԹԱՂ – Բարեգործությո՞ւնը…
ՓԻԼԻՊՊՈՍ — Նրա շպրտած մի քանի լուման կամ հացի կտորը կոչվում է բարեգործություն: Ուրեմն՝ հանուն այդ բարեգործության շրջապատը պարտավոր է նրան տալ քծնանքի ու կեղծավորության մեծ բաժին, նույնիսկ փառաբանություն… Բայց, արի ու տես, որ մարդը, միևնույն է, խղճալի է:
ՄԱԳԹԱՂ – Ինչո՞ւ…
ՓԻԼԻՊՊՈՍ – Մենա՛կ է:
ՄԱԳԹԱՂ — Չեմ հասկանում: Հենց նոր ասացիր, որ նրան փառաբանում են:
ՓԻԼԻՊՊՈՍ- Բայց ոչ ոք չի սիրում, զավակներն էլ չեն սիրում: Ուզում են՝ շուտ մեռնի, որ նրա հարստությունը շուտ ժառանգեն: Նույնը եղել է դարեր առաջ ու լինելու է դարեր հետո: Սա՝ մեկ: Երկրորդ, հարուստը խղճալի է, որովհետև անգործ է: Արհեստավորի կամ գյուղացու նման օրն ի բուն չի բանում, դրա պատճառով ձանձրանում է:
ՄԱԳԹԱՂ- Ձանձրանալն ի՞նչ է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Մագթաղ, հարցերդ հետո կտաս, հիմա մի շեղիր… Մարդը ձանձրանում է ու սրա պատճառով դառնում է հաճույքների սիրահար: Դա է նրա մասնագիտությունը: Տեսե՞լ ես՝ ինչեր կան նրա տանը՝ հունական արձաններ ու նկարներ, կարծում ես՝ դրանցից բա՞ն է հասկանում, էլ մեծ վարպետների պատրաստած կահույք, էլ շքեղ տուն ու փափուկ անկողին… Ինքը չի մրսում, Մագթաղ, իր սիրուհիներն էլ չեն մրսում: (Անկեղծ:) Խեղճ աղջիկ, դու ի՞նչ անառակ ես… Քեզ ծախծխել են, ձեռքից ձեռք գցել ու մի պատառ հաց առաջդ նետել, որ սովամահ չլինես, որ նորից ծախեն, նորից բանեցնեն: Պոռնիկները հարուստի անառակ սիրուհիներն են, նրանք իրենց մարմինը մի կտոր հացի համար փողոց չեն տանում: Հարուստի պոռնիկները շքեղ հագնված, զուգված, զարդարված ու շպարված են, ստանում են շքեղ նվերներ և սեր ձևացնելով ու կեղծելով՝ ծառայում հարուստի հաճույքին: Նրանց դատավորի մոտ քարշ չեն տա ու չեն վայրահաչի, թե՝ դատիր, որովհետև պոռնկանում է: Իսկ քեզ, որ մի կտոր հացի համար քարշ էիր գալիս պանդոկների մոտ…
ՄԱԳԹԱՂ — Փարիսեցիները ծեծ ու ջարդով, քաշկռտելով ինձ Հիսուսի մոտ բերին ու ասացին՝ այս կինը շնանում է: Նա ինձ չնայեց, նրանց էլ չնայեց: Ասաց. «Ձեր միջից անմեղը նախ թող քար գցի նրա վրա»: Այս լսելով՝ մեկ առ մեկ ելան-գնացին: Հետո, երբ ինձանից բացի ոչ ոք չմնաց, նա ասաց. «Ով կին, ոչ ոք քեզ չդատապարտեց: Գնա և այսուհետ մի մեղանչիր»: Ես չգնացի, ես հետևեցի նրան: Ամենո՛ւր: Որովհետև մինչ նրան հանդիպելը քայլում էի խավարի միջով, որովհետև հայտնվել էի լույսերի մեջ: (Դողում է ցրտի՞ց, թե՞…) Փիլիպպոս, խավարից հայտնվել էի լույսերի մեջ… լույսերի, Փիլիպպոս…
ՓԻԼԻՊՊՈՍ — Խեղճ Մագթաղ, դողում ես ջերմախտից բռնվածի պես: Եթե հիմա եղբայրաբար ասեմ՝ արի մտիր թիկնոցիս տակ, տաքացիր, որ դողդ անցնի, պիտի մտածես, թե ծուռ մտքով եմ ասում:
ՄԱԳԹԱՂ – Մի՛ շեղվիր, հարուստների մասին էիր խոսում: Որ իրենց տեղը տաք է, ինչո՞ւ են խեղճ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Կորցրել են ճշմարիտ կյանքի զգացողությունը: Կարծում ես, որ գնում են տաճար, հավատի ծե՞ս են կատարում: Գնում են, որ գնացած լինեն, և տեսնողները մտածեն, թե ի՜նչ բարեպաշտ են: Նույնիսկ տաճարներին փող են տալիս, որ տաճարականները ավելացնեն իրենց ճարպն ու պճնվեն հետերաների պես: Խեղճ իմ եղբայր Քրիստոս… Դու եկար, որ սրանց նմաններին ասես՝ ապրեք մարդու նման, ոչ թե մարդանման արարածների, որովհետև աշխարհիս երեսին չկա մի կենդանի, որ Աստծո տվածից, բնության տվածից զատ պճնվի ու ձանձրանա: Ձանձրույթից ու մեկ էլ ունենալու ագահությունից պատերազմներ են սարքում, բայց հո իրենք չե՞ն գնում կռվելու կամ իրենց ոչ ու փուչ զավակները: Ես իրավունք չունեմ, հա՞, դատապարտելու, որովհետև ես էլ չեմ գնում կռվելու: Ես կուզիկ եմ, կուզիկից ի՞նչ զինվոր… Բայց մյուսները՝ արհեստավորներն ու գյուղացիները գնում են, սպանվում են, մնում անթաղ: Սրանք են, չէ՞, ստեղծում, սրանք են, չէ՞, պահում աշխարհի ապրուստը: Իսկ զարհուրելի, ելուզակ արարածներն աշխարհը դարձնում են ապրելու համար անհարմար, անբարո մի տեղ: Խեղճ իմ եղբայր Քրիստոս, դու եկար, որ Աստծո տաճարից վռնդես սրանց: Իսկ դու՝ ծեծված, հալածված Մարիամ Մագթաղինացի, գիտե՞ս, թե Աստծո տաճարն ինչ է:
ՄԱԳԹԱՂ – Տաճա՛ր է:
ՓԻԼԻՊՊՈՍ — Չէ, կին, Աստծո տաճարը մեծ աշխարհն է: Աշխարհը՝ հողով ու ջրով, աստղ ու արևով… Որն աղտոտվում է ստով, կեղծավորությամբ, ուրացությամբ, մատնությամբ, փողասիրությամբ, փառասիրությամբ, քինախնդրությամբ, վրեժխնդրությամբ, վավաշոտությամբ: Խեղճ իմ եղբայր Քրիստոս, միամի՞տ էիր, որ պնդում էիր, թե բոլորն Աստծո որդիներն են, Հոր որդիները: Ինչպե՞ս… Հոր որդիները չպիտի՞ կատարեն Հոր պատվիրանները: Կին, գիտե՞ս, թե ինչ են նրանց գիշերները: Նրանց գիշերները անբարոյության կեղտի մեջ թաղված…
ՄԱԳԹԱՂ — Գիտեմ:
ՓԻԼԻՊՊՈՍ – Ինչպե՞ս թե՝ գիտես…
ՄԱԳԹԱՂ — Ես, ախր, ես… (Զայրագին:) Գիտես ու հարցնում ես: Ես այդ գիշերների միջով եմ եկել, հասել Հիսուսի ոտնահետքերին: Բոլորդ էլ գիտեք, բոլոր աշակերտներդ ու մեկմեկ փորձել եք նորից կեղտոտ գիշերներ դարձնել կյանքս: Բոլորդ, Հովհաննեսից բացի…
ՓԻԼԻՊՊՈՍ — (նորից խեղկատակի դերի մեջ է): Ես է՞լ…
ՄԱԳԹԱՂ – Մոռացե՞լ ես…
ՓԻԼԻՊՊՈՍ — Արևս վկա, մոռացել եմ: Գիտե՞ս, կին, Հիսուսը ուզում էր, որ մենք մեկ դառնանք, երբ ամեն մեկս տարբեր էինք իրարից, մտքերով՝ միմյանցից հեռու: Մեզ պիտի միացներ հավատն առ Աստված ու հավատն առ նրա Որդին, իսկ մենք… (Լռում է:) Լսիր, Մագթաղ, որ ասում ես՝ բոլորս ուզում էինք կեղտոտ գիշերներ դարձնել կյանքդ, բոլորս միատեսա՞կ էինք քեզ առաջարկ անում: Թե՞ ամեն մեկս՝ մեր բնավորությանը համապատասխան: Օրինակ, հիշում եմ, Հակոբոսի ու Մաթևոսի մի խոսակցությունը, որին ակամա ներկա եմ եղել: «Լսիր, Հակոբոս,- Մաթևոսն ասաց,- վերջն ի՞նչ եղավ, դիվահար Մագթաղը քեզ իր ծոցն առա՞վ»:
ՄԱԳԹԱՂ — (ճչում է): Պապանձվի՛ր…
ՓԻԼԻՊՊՈՍ — (հանգիստ): Հակոբոսն էլ Մաթևոսին ասաց. «Պապանձվիր»: Մաթևոսն էլ, թե. «Բայց ի՞նչ ասացի, որ կատաղեցիր, կարծեմ՝ շատերս ենք նրան ցանկացել մեր ծոցն առնել: Դու ինչո՞ւ պիտի պակաս մնայիր»:
ՄԱԳԹԱՂ – Պապանձվի՜ր…
ՓԻԼԻՊՊՈՍ — Մի անգամ Հուդա Իսկարիովտացին ասաց. «Մագթաղը տղամարդկանց այնպես է նայում, կարծես մերկացնում է: Հետաքրքիր է, չէ՞, Հիսուսի ետևից ընկած գնում է տասներկու մերկ տղամարդ, իսկ պոռնիկ դիվահարը շուրթերն է լիզում»: Մենք մի լավ հռհռացինք: Հովհաննեսը, չգիտեմ ինչու, լաց եղավ, իսկ Պետրոսն ասաց. «Պապանձվե՛ք»: Բայց շատ էինք զվարթացել, ու պապանձվել երկար ժամանակ չհաջողվեց:
Փիլիպպոսը լռում է՝ հասկանալով ասածի դաժանությանը: Նրա ծիծաղը չմարած՝ Մագթաղը երգում է: Երգում է մեղմ, կերկերաձայն, վախվորած ու տառապած մանկան նման: Փիլիպպոսն անշարժացել է: Կնոջ երգին է խառնվում նրա ձայնը: Փիլիպպոսի և Մագթաղի ձայները հնչում են որպես համանվագ՝ առանց միմյանց խանգարելու:
ՄԱԳԹԱՂԻ երգը — Հոգիս մի բեռ
Անմայր, անսեր,
Արյունածոր
Եվ հևիհև
Գերի լույսիդ…
Տեր իմ, Տեր իմ,
Հոգնած, տխուր
Հետևեցի ճամփան բացող
Ոտնահետքիդ…
Մի թողնիր ինձ
Չարի ձեռքին
Մեն ու մենակ…
Տար ինձ, Տեր իմ,
Մաքուր մի տեղ…
Մի թողնի, Տեր,
Որ աշխարհի
Մեծ սարսափը
Նորից խոցի
Իմ բաց հոգին…
Տար ինձ, Տեր իմ,
Մաքուր մի տեղ…
Մաքուր մի տեղ…
Մաքուր մի տեղ…
Մաքուր մի տեղ…
ՓԻԼԻՊՊՈՍ — Փիլիպպոս, կուզիկ, սապատավոր ուղտ, առանց այն էլ կյանքից ծեծված ու հալածված այս խեղճին ինչո՞ւ զազրախոսեցիր: Տեր, քո մահը բավական էր, որ քո ստեղծած եղբայրությունը լուծվի, չքանա: Որ սիրո խոսքի փոխարեն զազրախոսության ախտով բռնված՝ դիվահար դառնանք վախ ու սարսափից: (Պոռթկում է:) Ես վախենո՞ւմ եմ… Ես վախենո՛ւմ եմ: Ես հիմա չգիտեմ, թե ինչ եմ անում… Հոգիս կեղեքող սարսափն է տիրում անձիս վրա: Ստոր սարսափը, որից ավելի սարսափելի ոչինչ չկա աշխարհում… Խեղճ մարդկության ամենամեծ սարսափը հենց սարսափից է: Երբեմն անդեմ, երբեմն անանուն՝ նվաճում է մտքերդ ու զգացմունքներդ, և ընդմիշտ կորցնում ես կենդանի հոգիդ: Խեղճ սապատավոր, սարսափն հիմնավոր մխրճվեց հոգիդ, երբ տեսար նրա տառապանքը արյունոտ խաչին: Այդ պահից աշխարհը դարձել է մի մեծ սարսափ ու ճզմում է քեզ իր արյունոտ գրկում: Ազատում չկա, ազատում չկա՜: Իսկ ո՞ւր է Աստված՝ միայն երկնքո՞ւմ, հայացքը՝ հեռու անկատար սապատավոր արարածների՞ց… Մեկի սապատը՝ դրսում, մյուսինը՝ ներսում, անտեսանելի… Ներսում, թե դրսում՝ սապատը սապատ է ու ծանր է: Ծա՜նր է այն կրելը: Հասկանում եմ հիմա խաչվածի խոսքերը, երբ աղաչում էի ուղղել սապատս, իսկ նա իր սքանչելի, բարի հայացքով մխիթարում էր. «Հոգին է կենդանարար, իսկ մարմինը՝ ոչինչ»: Ինչո՞ւ էի տենչում ազատվել սապատից, երբ զգում եմ՝ մարդկության հոգին է սապատավոր: Թե չէ ինչո՞ւ են խաչում անմեղությունը: Դու՝ սապատավոր ներսից ու դրսից, ինչո՞ւ այս խեղճ աղջկան զազրախոսեցիր, ինչո՞ւ տանջեցիր հալածվածին, քեզ ի՞նչ էր արել…
ՄԱԳԹԱՂ — (երգը դանդաղ մարում է): Ո՞ւր ես, Տեր, քեզ կարոտում եմ: Կարոտում եմ քո ոտնահետքերին: Տեր, քեզնով էի գտել հոգիս, որ կորուսվել էր աշխարհի դաժանության մեջ: Առանց քո ոտնահետքերի ո՞ւր պիտի գնամ:
ՓԻԼԻՊՊՈՍ — (արձագանքում է իր անկյունից, բայց դա կնոջ պատասխանը չէ): Իսկ ի՞նչ է սերը… եթե մտածենք, որ աշխարհում, սարսափից բացի, Սեր նաև գոյություն ունի: Սարսափը սարսափ է, իսկ Սերը այնքան տարբեր կարող է լինել: Փողատերը սիրում է իր փողը, անառակը՝ իր անառակությունը, փառասերը՝ միայն իր անձը, իշխանատենչը՝ իր գահն ու աթոռը, զազրախոսը՝ իր կեղտոտ հաճույքը, մահվան դատապարտվածը՝ իր փրկությունը: Սիրո անհամար բազմազանություն… Անշուշտ, արդարություն ու ճշմարտություն սիրողներ էլ կան, սակայն այնքան քիչ են, որ փնտրողը չի գտնում հաճախ: Կա նաև Հայոց Աբգար արքայի սիրո պես մի սեր… հավատից, հույսից բխող մի մեծ սեր Հիսուս Քրիստոսի հանդեպ, որին չէր տեսել անգամ երազում, բայց լսել էր, որ նա բուժում է հիվանդներին իր ձեռքով միայն՝ առանց դեղերի ու արմատների: «Կամ դու Աստված ես,- գրել էր Աբգարն իր նամակում,- որ երկնքից իջել ես և այս բաներն ես անում, կա՛մ Աստծո որդին ես: Այս պատճառով քեզ գրեցի, որ նեղություն կրես, գաս ինձ մոտ և բժշկես իմ ունեցած հիվանդությունը: Նաև լսեցի, թե հրեաները քեզանից տրտնջում են և ուզում են քեզ չարչարել, բայց ես մի փոքր և գեղեցիկ քաղաք ունեմ, որ երկուսիս էլ բավական է»:
Հիսուսն Աբգարի ի՞նչն էր, կամ Աբգարը՝ Հիսուսի, որ կարդալով հեռվից եկած նրա նամակն, ասաց. «Երանի նրան, ով ինձ հավատում է, թեպետ տեսած չլինի, որովհետև ովքեր տեսնում են ինձ, չեն հավատում, իսկ նրանք, որոնք չեն տեսնում, կհավատան և կյանք կգտնեն»: Հիսուսը չգնաց Աբգարի մոտ, ուղարկեց միայն իր գիրն ու կենդանագիր պատկերը, Աբգարը բուժվեց միայն սրանցով: Փիլիպպոս, հեռավոր հեթանոս արքայի մեծ, անտարողունակ հավատի ու սիրո վկան ես եղել, ինչո՞ւ չես կարող սարսափդ մերժել, որ թերահավատությանդ սանձերը բռնած արշավում է հոգուդ խուլ ընդերքներում: (Քայլում է անընդհատ, խոսքն ու կռիվը իր հետ է:) Ո՞ւր են մյուսները, ինչո՞ւ չեն գալիս… Թող գան ու գոնե մի կտոր հաց բերեն: Ստոր, ստոր արարած, նրան այսօր խաչել են, ու դու ոռնում ես մի կտոր հացի համար: Սապատավոր, հացդ մոռացիր, հիշիր վերջին ընթրիքի վերջին գիշերը: Ա՜խ, ինչ գիշեր էր… Թվում էր, թե բոլորս ուրախ էինք, բայց թախիծն անտեսանելի մեզ հետ սեղան էր նստել: Հետո, Հիսուս, իմ խեղճ եղբայր, ասացիր. «Ձեզանից մեկը մատնելու է ինձ»: Մեկ մեկուց առաջ ընկնելով՝ երդվում էինք, թե՝ «Ես չեմ… ես չեմ…»: Իսկ Պետրոսն ասաց. «Թեկուզ բոլորը գայթակղվեն, ես չեմ գայթակղվի, եթե նույնիսկ ինձ մահվան տանեն»: Իսկ դու նայեցիր նրան… թախիծ էր ծորում քո հայացքից, որ սիրտ էր սեղմում: Դու ասացիր Պետրոսին, ում քո հավատի վեմն էիր համարում, ասացիր. «Դու այս գիշեր իսկ՝ մինչև աքաղաղի կանչելը, երեք անգամ պիտի ուրանաս ինձ»: Իսկ Պետրոսը երդվում էր ու շարունակ երդվում, իսկ հետո… Այս ի՜նչ թախիծ է, տխրությունը հիմա կրծում է հոգիս: Հետո Պետրոսը, բոլորիցս ազնիվ Պետրոսը… երբ տարան քեզ, նզովում էր, երդվում էր ու աղաղակում. «Չեմ ճանաչում այդ մարդուն, որի մասին խոսում եք»: Ու երեք անգամ, մի գիշերվա մեջ երե՛ք անգամ ուրացավ քեզ: Հետո հնչեց աքաղաղի կանչը: Ես ամբոխի մեջ էի ու տեսա Պետրոսին՝ նա լալիս էր սրտակեղեք, դառն արցունքներով: Ի՞նչ օգուտ Պետրոսի ողբից, եղածը եղած է… Տեր, հավատա, Պետրոսը չէր միայն, որ ուրացավ քեզ: Այդ ուրացումից առաջ չէ՞ր, որ Գեթսեմանի այգում՝ Ձիթենյաց լեռան վրա, վերջին ընթրիքից հետո դու մեզ ասացիր. «Հոգիս մահու չափ տխուր է, այստեղ մնացեք և ինձ հետ հսկեք»: Հետո քիչ հեռացար ու աղոթում էիր: Մինչև մահ չպիտի մոռանամ աղոթքիդ վերջին խոսքերը. «Հայր, բաժակն այս հեռացրու ինձնից… հոգիս հոժար է, մարմինս՝ տկար»: Դու տագնապի մեջ էիր, քրտինքը հոսում էր արյան կաթիլների նման՝ շիթ առ շիթ գետնին թափվելով: «Թող լինի քո կամքը, Տեր, և ոչ թե իմը»,- այս էլ ասացիր… Ու մենք՝ քո աշակերտները, որոնց պատվիրել էիր, որ արթուն մնանք, հանգիստ քնել էինք, երբ գիտեինք, որ մեզանից մեկը պիտի մատնի քեզ: Ի՜նչ դառնություն կար քո խոսքերի մեջ, երբ ասում էիր. «Չկարողացաք մեկ ժամ իսկ արթուն մնալ… Չկարողացա՛ք»: Հետո երևաց ամբոխը, որին առաջնորդում էր մեզանից մեկը՝ Հուդա Իսկարիովտացին: Նա համբուրեց քեզ ու մատնեց ամբոխին: Հետո հռոմեացի կուսակալ Պիղատոսը լվաց ձեռքերն ու քեզ հանձնեց քահանայապետին: Հետո սյանը գամեցին ու ծեծում էին կատաղի ու ոգևորված: Հոշոտում էին անմեղությունը: Ի՜նչ վայրաբարո տեսարան էր… Փշե պսակ էին հագցրել գլխիդ, որի տակից արյուն էր հոսում: Զարկում էին մտրակներով, հետո ծանր խաչը կռնակիդ դրին ու մտրակելով տարան Գողգոթա: Հետո խաչեցին: Խաչեցին, որովհետև իրենցից մեկը չէիր, որովհետև գիտեիր՝ ինչ այլանդակ մտքեր կային նրանց գանգերում, ինչ այլանդակ ցանկություններ՝ նրանց սրտերում: Բայց նրանք չէին ուզում ուրիշ կերպ լինել: Իսկ դու ուզում էիր մաքրել նրանց գանգերն ու սրտերը: Նրանք ուժեղ էին իրենց շատությամբ, իսկ դու՝ մեն-մենակ, չնայած մենք՝ քո աշակերտները, քեզ հետ էինք, քո կողքին, քո շուրջը, երբ քարոզում էիր: Բայց մի՞թե փակ չէր մեր լսողությունը քո խոսքերի դիմաց… «Ես Հոր մեջ եմ և Հայրը՝ իմ մեջ,- ասում էիր դու:- Այս խոսքերը, որ ես խոսում եմ ձեզ հետ, Հայրն է խոսում, որ բնակվում է իմ մեջ,- ասում էիր դու:- Ով հավատում է ինձ, ինքն էլ կանի այն գործերը, որ ես եմ անում, որովհետև ես իմ Հոր մեջ եմ և դուք՝ իմ մեջ: Եվ ով ինձ սիրում է, պիտի սիրվի իմ Հորից»,- ասում էիր դու: Բայց իմ խեղճ, չարչարված եղբայր, մի՞թե ամբոխը կամ մենք՝ քո աշակերտները, ճանաչում էինք մեծ, անպարփակ Սերը Աստծո հանդեպ, բնության հանդեպ, մարդկության հանդեպ, որը կռիվ է մղում հավերժական Ոճրի կենդանի ոգու դեմ: Ոճրի, որ կործանում է Աստծո աշխարհի ներդաշնակությունը: Դու՝ Հիսուս իմ եղբայր, ներդաշնակություն, ու ամբոխն՝ անկատար: Ներդաշնակության ու անկատարի միջև Սիրո երազանքը չի կարող ապրել: Մենք՝ քո աշակերտները, պիտի հասկանայինք քո երազանքի, քո սիրո գինը, բայց չհասկացանք: Հիմա էլ ես, որ նրանցից մեկն եմ, քո մահը սգալու փոխարեն, կատաղած բառեր եմ շարում: Աստված իմ, Տեր իմ, այդ բառերով խոցեցի խեղճ, հալածված աղջկան ու ցավ տվի նրան… իր ցավը քի՞չ էր: (Մոտենում է անկյունում կծկված Մագթաղին:) Եկ պարենք, Մագթաղ, երկուսս էլ դողում ենք, պարենք, տաքանանք: Իսկ որ երգելով պարենք՝ կուրախանանք էլ: Հիսուսը մեռավ, բայց ինչո՞ւ տխրել, չէ՞ որ նա հիմա իր Հոր գահի մոտ է նստել փառավորապես: Եկ ուրախանանք, որ նա ազատվել է մեզ նման անարժան աշակերտներից: Չե՞ս ուզում պարել… Դու գիտես: Վերցրու, ուրեմն, թիկնոցս, պատառոտուն է, բայց էլի բան է, իմ սապատի պատճառով նեղ է վրաս: Դու կփաթաթվես ու կտաքանաս, ես, միևնույն է, սրանով էլ դողում եմ: Իսկ դու կտաքանաս… Աշխարհում մի դողացող պակաս կլինի: (Թիկնոցը գցում է աղջկա վրա: Իսկ նա նստած է անշարժ, անհաղորդ, ծնկները գրկած ու աչքերը փակ:) Անձրևը կտրվել է, դուրս գամ, գուցե մի քիչ հաց ճարեմ: Թե գան մյուսները, ասա, որ Փիլիպպոսը կվերադառնա: Չվախենաս մեռելների մեջ մենակ մնալուց, նրանք անվնաս են:
3.
Հեռանում է: Ինչ-որ տեղ ջրի կաթոցք է: Վերևից ցնցուղվող լույսի մի խուրձ պարուրում է կնոջը:
ՄԱԳԹԱՂ — (նայում է վերև, շշուկով): Դու այստե՞ղ ես, Տեր… (Դուրս է գալիս անկյունից՝ թողնելով Փիլիպպոսի թիկնոցը հատակին:) Մխիթարի՜չ իմ… Փրկի՜չ իմ, դու ինձ հետ ես, էլ չեմ դողում… (Դանդաղ գնում է դեպի կենտրոն, լույսը շարժվում է նրա քայլին հավասար:) Սյուքից հառաչող դյուրաբեկ եղեգն է հիմա իմ հոգին, սրբազան դու զոհ: Ես ոչինչ չունեմ քո զոհասեղանին նվեր բերելու, ընդունիր, Տեր, վշտից շիկացած իմ արցունքները՝ որպես մյուռոն քո շիրմաքարին: Արցունքից բացի, ես արյուն ունեմ երակներիս տրոփով ապրող, ընդունիր արյունս՝ որպես հեղում քո ոտնահետքերին: Թույլ տուր հետևեմ ոտնահետքերիդ անվախճանի տարածության մեջ, մինչ գա օրը վերջին դատաստանի: (Լույսը դառնում է շլացուցիչ: Կինն ուրախության ճիչ է արձակում:) Դու այստեղ ես, Տեր… Ես տեսնում եմ քեզ, ո՜վ պայծառակերպ: Խոցոտված ու խարազանված մարմինդ եմ տեսնում առանց վերքերի՝ հրեղեն լույսի ճառագայթումով: Ես տեսնում եմ քեզ, ու փառավորվում է իմ հիվանդ հոգին: Ես տեսնում եմ քեզ հազարապատիկ գեղեցիկ ու վեհ: Տեր իմ, մի թող ինձ տրտում ու մենակ, տար ինձ, տար մաքուր մի տեղ: (Բարձրանում է շիրմաքարին, ձգվում վերև: Երգում է իր երգը, այս անգամ պայծառ ելևէջներով:)
Տեր իմ,
Տեր իմ,
Մի թողնիր
Նորից խոցվի
Իմ բաց հոգին…
Տար ինձ քեզ հետ,
Մաքուր մի տեղ…
Մաքուր մի տեղ…
Մաքուր մի տեղ…
Նրան միանում է երգչախումբը, և երգը դառնում է հուզավառ աղոթք: Կինը պառկում է շիրմաքարին, ծալում ձեռքերը կրծքին, փակում աչքերը: Դեմքը խաղաղ, հանգիստ է՝ գաղտնի ժպիտով ողողված:
4.
Վերևի հարթակում հայտնվում է Փիլիպպոսը:
ՓԻԼԻՊՊՈՍ — Մագթաղ, քաղաքում խրախճանք է, դուրս են թափվել տներից ու խրախճանում են: Լսիր, լսի՛ր…
Հեռվից լսվում է դափ ու ծնծղայի, սրինգների, ամբոխի աղմուկ-աղաղակը, որ մոտենում, ուժգնանում, դառնում է միասնական: Աղաղակներ, ցավի ճիչեր, խարազանների շառաչ, զինվորների քայլքի դոփյուն, խմբակային անպատշաճ երգեր, քրքջոց՝ խառնիխուռն, անկանոն, գալիս, դառնում են Գործող անձ:
Նա իջնում է մի քանի աստիճան, բայց ծնկները ծալվում են, նստում է աստիճանին՝ սարսափահար հայացքը հառած իր դիմաց, կարծես տեսնում է ամբոխի խրախճանքը:
ՓԻԼԻՊՊՈՍ — Փարիսեցիները նրանց գինի են բաժանում ու ոռնում են. «Ուրախացիր, ժողովուրդ, հրեաների սուտ թագավորը խաչվեց ու ստացավ իր արժանի պատիժը»: Մագթաղ, տեսե՞լ ես՝ ինչ սիրուն են ծառը, ծաղիկը, գետը, ծովը, հողը, լեռները՝ ձյունե գագաթներով, անտառապատ բլուրները, անապատը՝ ոսկեգույն ավազով, արևը, լուսինը… Դու տեսե՞լ ես… Մագթաղ, ինչո՞ւ է Արարիչը բնությունն այսքան գեղեցիկ ստեղծել, նույնիսկ աննշան ծեղն ու խոտը: Էլ չեմ ասում՝ շնչավոր արարածներին՝ մեծից մինչև ամենապստիկ մժեղը: Ու բոլոր արարածներից առավել՝ մարդուն, մարդ արարածին: Մագթաղ, դու էլ, ախր, չգիտես, թե ինչքան սիրուն ես. երբ կանգնած, զուլալ ջուր կտեսնես, նայիր մեջն ու տես պատկերդ: Դե, չէ, գրողը քեզ տանի, ես քո հանդեպ տղամարդկային հակում չունեմ, ես քեզ խղճում եմ, որ ամբոխը քեզ ծեծել ու վիրավորել է, որ դու դժբախտ ես խաչյալի մահով: Ինչպե՞ս կարող եմ ցանկանալ քեզ: Եթե քույր ունենայի, քեզ կսիրեի, ինչպես կսիրեի իմ քրոջը: Ես խոսում էի բնության մասին, իսկ դու միտքս շեղեցիր քո կասկածանքով… Ասում էի՝ Արարիչը, ստեղծելով մարդուն, նրան խելք ու դատողություն տալով, տվել է նաև անչափելի սիրուն բնությունը և ասել. վայելի՛ր: Իսկ մարդը, սիրուն բնության մեջ լինելով, ընտրել է աղբանոցը: (Զայրույթով:) Աղբանո՛ցը: Ես չեմ ասում, թե Աստված, ամեն բան այսքան սիրուն արարելով, ինչո՛ւ ինձ խեղանդամ ստեղծեց, ինչո՞ւ… Ամբողջ կյանքս նայել եմ կատարյալ բնությանը ու խղճացել եմ ինքս ինձ: Գիտե՞ս, ինչ ահավոր բան է, երբ մարդ խղճում է ինքն իրեն: Եկավ կատարյալ մարդն, ու ես ավելի զգացի իմ խեղանդամությունը: Ես առաջինը հավատացի, որ նա Աստծո որդին է, որովհետև կատարյալ էր մարմնով, հոգով, մտքով, ապրումներով: Նա՝ Կատարյալը, եկավ ասելու մարդկանց՝ ինչո՛ւ թողնել Աստծո պարգև բնության մաքրությունն ու գեղեցկությունը և աղբանոցում ապրել: Թող պալատներում ապրեն, միևնույն է, աղբանոցում են, որովհետև աղբանոցն իրենց մեջ է: Ես հիմա ուզում եմ բարձրանալ բարձր լեռան գագաթն ու բղավել. ինչո՞ւ եք ապրում աղբանոցում: Աստծո որդուն խաչեցիք, ճշմարտություն բարբառողին տանջահարեցիք, կարծում եք՝ ազատվեցի՞ք… Ձեր խիղճն ո՞ւր է: Ես գիտեմ՝ ո՛ւր է: Նա էլ է թավալվում աղբանոցում: (Լալիս է:) Ինչո՞ւ չեք ուզում դուրս գալ աղբանոցից ու ապրել մաքրության մեջ: Ապրե՛լ: Ես էլ մինչև նրան հանդիպելը ապրել եմ աղբանոցում: Ապրել եմ, մարդ սպանել ու հերսոտել, որ կուզիկ եմ: Նա ինձ ասում էր. հոգին է կենդանարար, իսկ մարմինը՝ ոչինչ: Կարծում եք՝ հավատո՞ւմ էի… Նոր եմ հասկանում, թե ինչ էր ասում, երբ տեսա ձեր խրախճանքը արյունոտ Գողգոթայում: Տեր, քո մահը տեսա, քո չարչարանքը, ու հոգիս տառապեց: Դիմանալու համար խոսեցի այլանդակ ու զազրախոս՝ հակառակության նսեմ ցանկությամբ: Ո՞ւմ էի հակառակվում: Միայն ինձ, Տեր իմ, որ հանկարծ չոռնամ քեզ դավաճանած լինելու՝ հոգիս խենթացնող ցավից, որ խլացնեմ ոռնոցը ճիվաղ ամբոխի ու ջնջեմ հայացքիս մեջ տեսարանը Գողգոթայի: (Ծնկում է:) Շնորհակալ եմ, Տեր, որ խղճի տառապանք ինձ պարգևեցիր: Ընդունի՛ր անկեղծ զղջումս, որ չեղա քո կողքին քո չարչարանքների ու մահվան պահին, որ քո խաչի ծայրը չառա իմ ուսին և քեզ չօգնեցի: (Դրսից ավելի հստակ է լսվում հարբած խրախճացողների ոռնոցը:) Սպանեցին կենդանի Աստծուն ու խրախճանում են… (Բարձրանում է հարթակը, աղաղակում մուտքից դուրս:) Ես գիտեմ՝ ինչու նրան խաչեցիք… Նա սեր էր քարոզում: Նա իր վարդապետությամբ կործանեց ձեր Մովսեսի՝ «ակն ընդ ական և ատամն ընդ ատաման» վարդապետությունը, կործանեց առասպելը, թե Եհովա աստծո ընտրյալ ժողովուրդը հրեա ազգն է, որից եսականության ոգին է բխում: Միա՞կն եք, ընտրյա՞լն եք… Հիսուսը հակառակն ասաց. չկա միակը, չկա ընտրյալը, քանզի բոլոր ազգերը և ազգերին պատկանող ողջ մարդկությունը Արարիչ Աստծո ընտրյալ զավակն է՝ միայն թե ապրի Սիրո զգացումով: Սիրով տոգորված մարդկությունը չի կարող հանցանք հղանալ, իսկ ձեր «ակն ընդ ական, ատամն ընդ ատամանով» փառաբանում եք մահվան շարունակությունը աշխարհի վրա, հավիտենական թշնամությունը: Նա մեզ ցույց տվեց սիրո ճանապարհը, բայց մենք կույր էինք ու չտեսանք, մենք խուլ էինք ու չլսեցինք… Եթե լսեինք, եթե տեսնեինք, պիտի հավատայինք, թե Աստված մեր Հայրն է, ու մենք բոլորս՝ նրա որդիները: Աշխարհի բոլոր մարդիկ՝ որպես եղբայրներ, կփարվեին միմյանց, ու վերջ կլիներ ահեղ պատերազմին, մարդու ձեռքով ստեղծած արհավիրքներին: Ու կլիներ դրախտ աշխարհի վրա: Մագթաղ, լսո՞ւմ ես… (Տեսնում է հատակին ընկած թիկնոցը: Արագ իջնում է, վերցնում թիկնոցը:) Մագթա՞ղ… (Տեսնում է շիրմաքարին պառկած կնոջը: Մոտենում է, քարշ տալով թիկնոցը:) Մագթա՞ղ, քնե՞լ ես… բայց ինչո՞ւ մեռյալի նման խաչել ես ձեռքերդ: Դու ո՞ւր ես, Մագթաղ… Ասում եմ՝ աշխարհում հազար-հազար ճանապարհներ կան, բայց դրանցից մեկն է միայն տանում դրախտ:
Ոչ մեկը դեռ չի գնացել այդ ճանապարհով: Գիտեմ, ինձ կառարկես, թե նա գնաց, ես էլ իմ հերթին կասեմ. նա այնտեղից էր եկել ու այնտեղ գնաց: Մագթաղ, սիրելի իմ քույր, դու հասա՞ր նրա՝ մի պահ կորցրած ոտնահետքերին: Ի՜նչ երջանիկ ես… Որպեսզի ես էլ հասնեմ իմ եղբոր ոտնահետքերին, պիտի խաչերի միջով, խաչերին գամվելով, գեհենի բավիղներով քայլ առնեմ, գնամ: Ու ծովեր անցնեմ, լեռներ բարձրանամ, իջնեմ, ավազաբլուրների վրա շիկանամ, գտնեմ մարդկանց ու քարոզեմ նրա քարոզը՝ եկեք ինձ մոտ բոլոր հոգնածներդ ու չարչրկվածներդ, կասեմ՝ եկեք, ես կհանգստացնեմ ձեզ: Ես նրանց կասեմ նրա խոսքերը. «Ուզեցեք, և կտրվի ձեզ, փնտրեցեք, և կգտնեք, բախեցեք, և կբացվի ձեզ համար, որովհետև ով որ փնտրում է, գտնում է, ով որ ուզում է, առնում է, և ով որ բախում է, բացվում է նրա առաջ»: Մագթաղ, ես կհաստատեմ, որ նա էր Կենաց Հացը, և ով գնա դեպի նա, քաղց չի զգա, և ով հավատա նրան, երբեք չի ծարավի: Գիտե՞ս, Մագթաղ, մարդկությունը գտնվում է քնից դեպի արթնություն գնացող ժամանակի մեջ… Ես գիտեմ՝ սրտի և գիտակցության մեջ մի անհայտ բան էլ կա… Հարցրու, քույր իմ, ու ես քեզ կասեմ. հոգևոր տեսիլքն է, որ զգայական աշխարհին իմաստ է տալիս, գիտակցությունը, հոգին ու մարմինը դարձնում մի ներդաշնակություն… Կարոտ ենք, կարո՜տ ներդաշնակության… (Սահելով նստում է՝ շիրմաքարին հենված:) Մնաս բարով, քույր, ես պիտի երթամ, երբ բացվի լույսը, պիտի երթամ նրա խոսքի հետ: Գիտեմ՝ ինձ չարչարանքների միջով կտանեն, ինչպես նրան, բայց հոգուս մշտնջենական խռովքը նրա խոսքի հետ ինձ անընդհատ պիտի մղի առաջ: Հավատա, Տեր, հոգիս պայծառ է, քանզի զգում է. նրանք՝ քո ընտրյալները, որ չեկան խաչիդ ընդառաջ, պիտի երկրպագեն քո ոտնահետքերը ու պիտի քայլեն խոսքիդ արահետներով: Լույսը հենց բացվի, ես ճամփա կելնեմ: Օրհնի՛ր, Տեր, իմ ճանապարհը, աչքադեմ պահիր իմ ճանապարհը՝ չշեղվեմ հանկարծ… Լույսը հենց բացվի… ճանապարհ կելնեմ… Լույսը հենց բացվի…
Փիլիպպոսը փաթաթվում է թիկնոցով ու անշարժանում: Մագթաղի երգի մեղեդին հնչում է առանց բառերի և դանդաղ մարում: