Յաշա ՉԱԽՈՅԱՆ / ՈՒՇԱԳՐԱՎ  ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ      

Հայ թատրոնի պատմության մեջ իր արժանապատիվ տեղն ունի ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր Խաչիկ Նազարեթյանը, ով շուրջ կես դար խաղաց հանրապետության տարբեր բեմերում, ի վերջո հանգրվանեց Մայր թատրոնում և ստեղծեց նշանակալի դիմապատկերների շարք` խաղալով ավելի քան 200 դեր:

ՀՀ վաստակավոր արտիստ, թատերագետ, դրամատուրգ, բեմադրիչ Դերենիկ Մարտիրոսյանի «Խաչիկ Նազարեթյան. Քանի դեռ կամ» մենագրությունը նվիրված է մեծանուն դերասանի կյանքին և ստեղծագործական գործունեությանը: Հեղինակը, ավելի քան երեք տասնամյակ, մտերիմ է եղել Խ. Նազարեթյանի հետ, դիտել նրա խաղացած, գրեթե, բոլոր դերերը, ուսումնասիրել դերասանի մասին եղած արխիվային հարուստ նյութերը, ժամանակակիցների հիշողությունները և այս ամենի արդյունքում ստեղծվել է բազմաբովանդակ ու հետաքրքիր աշխատանք:

Բնական է, ստեղծագործական հարուստ կենսագրություն և ժամանակի անվանի թատերագետների դիտարկման ու վերլուծական թատերախոսականներ ունենում են այն դերասանները, ովքեր ապրել ու արարել են նվիրումով, ունեցել են տաղանդի հզոր ուժ, խաղացել տարաբնույթ բազում դերեր և ամբարել առատ նյութ` հետագա ուսումնասիրողների համար:

Հետաքրքիր է մենագրության սկիզբը` «Վերադարձ արմատներին», որտեղ համառոտ, բայց ուշագրավ տեղեկություններ են դերասանի տոհմի մասին: Անդրադառնալով տոհմածառի պատմությանը, հեղինակը սեղմ, բովանդակալից, ամբողջական ու պատկերավոր է ներկայացնում Խ. Նազարեթյանի ապուպապերի, հային բաժին հասած ճակատագրերի պատմությունը: Ընտանիքը վերջնական հանգրվանը գտնում է Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում, ուր և սկսվում է Խ. Նազարեթյանի բեմական առաջին քայլերը: Այստեղ ապագա անվանի դերասանը դպրոցական տարիներին խաղում է ինքնագործ թատերական խմբակներում, ասմունքում և աչքի ընկնում է իր բացառիկ կատարումներով:

Դ. Մարտիրոսյանը ուրույն  ձևով է գրել մենագրությունը, առանձին սկսվող բաժինների համար բնաբան է ընտրել մեծանուն դերասանների, մտավորականների մտքերը. այսպես` «Ինքնահաստատում» բաժնում մեջբերել է Վահրամ Փափազյանի խոսքը. «Հաղթանակների հաղթանակը, ինքն իրեն հաղթելն է»:

Հայրենադարձության տարիներին Խ. Նազարեթյանի ընտանիքը ևս տեղափոխվում է Հայաստան և ապաստան գտնում Ստեփանավանում: Տեղի շրջանային պետական դրամատիկ թատրոնի գլխավոր ռեժիսոր Վ. Թաշչյանը երիտասարդ շնորհալի դերասանին սիրով ընդունում է թատրոնի հիմնական կազմում: Սկզբնական շրջանում նրան հանձնարարում են երկրորդական, այնուհետև` գլխավոր և կենտրոնական դերեր: Առաջին ուշագրավ աշխատանքը Ալ. Շիրվանզադեի «Մորգանի խնամին» պիեսի բեմադրության մեջ Ժորժի դերն էր:

Տարեց-տարի ավելի է հասունանում դերասանի վարպետությունը, նրան վստահում են գլխավոր դերեր, բայց ուսումնատենչ երիտասարդը ցանկանում է սովորել Գեղարվեստաթատերական ինստիտուտում: 1951-ին փայլուն հանձնում է ընդունելության քննությունները և ընդունվում մեծանուն բեմադրիչ և մանկավարժ, թատերական գործիչ Ա. Գուլակյանի արվեստանոցը:

Եվ այսպես, հեղինակը քայլ առ քայլ ներկայացնում է անվանի դերասանի բեմական ստեղծագործությունները, անդրադառնում նրա խաղացած բոլոր դերերին` Ստեփանավանի, Գորիսի, Արտաշատի, Երևանի պատանի հադիսատեսի և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում մարմնավորած կերպարներին: Խաչիկ Նազարեթյանը որ թատրոնում  խաղացել է, մնայուն հետք է թողել այդ թատրոնի պատմության մեջ: Դ. Մարտիրոսյանն իր միտքը հաստատելու, թատերագիտական խոր վերլուծությունը հիմնավորելու համար, առանձին դեպքերում  մեջբերել է ժամանակին մամուլում տպագրված հեղինակավոր թատերագետների խոսքերը, որոնք ավելի հավաստի են դարձնում մեծ դերասանի կատարած աշխատանքը, նրա տեղն ու դերը հայ բեմարվեստում:

Մենագրությունը խոր ուսումնասիրության, տքնաջան և տևական աշխատանքի արդյունք է: Հեղինակն առավել ուշադրություն է դարձրել դերասանի խաղացած գլխավոր դերերին, վերլուծել, արժևորել և անհրաժեշտության դեպքում կատարել տեղին և բնութագրող մեջբերումներ: Իսկ Խ. Նազարեթյանը բոլոր թատրոններում հիմնականում խաղացել է գլխավոր և կենտրոնական դերեր. Գրիշա (Ա. Շիրվանզադե «Մորգանի խնամին»), Կիպար (Հ. Պարոնյան «Պաղտասար աղբար»),  Ջորջ Կուպեր (Վ. Դելմար «Հիշիր վաղվա օրդ»), Տարտյուֆ (Ժ. Մոլիեր «Տարտյուֆ»), Ալբերտո (Էդ. դե Ֆիլիպպո «Իմ ընտանիքը»), Մանսուրյան (Գ. Հարությունյան «Խաչմերուկ»),  Տուլ Օֆիդիոս (Վ. Շեքսպիր «Կորիոլան», այս դերն արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի), Դերասան, Արամյան (Ա. Քալանթարյան «Քանի դեռ կամ»), Օգսեն (Հ. Պարոնյան «Պաղդասար աղբար»), Մանուկ աղա (Հ. Պարոնյան «Մեծապատիվ մուրացկաններ»), Ֆիրս (Ա. Չեխով «Բալի այգին») և այլն:

Խ. Նազարեթյանը նկարահանվել նաև կինոյում` Արտաշես Օթարյան (Ա. Շիրվանզադե, Լ. Ղարագյոզյան «Պատվի համար»), Գնդապետ Բագրատունի (Մ. Շաթիրյան «Նվագախմբի տղաները»), Կարապետ աղա (Հ. Պարոնյան, Եր. Օտյան «Մսյո Ժակը և ուրշները») և այլն:

Ուշագրավ է նաև վաստակաշատ դերասանի ստեղծած դերերը հեռուստաթատրոնում, դերեր, որոնք արժանացել են բազմահազար թատերասերների հավանությանը: Բազմափորձ դերասանը հավասարաչափ խաղացել է և՛ դրամատիկ, և՛ կատակերգական դերեր. խոսուն վկայություն նրա մեծ վարպետության և բնատուր տաղանդի:

Տողերիս հեղինակը ժամանակին հարցազրույց է ունեցել անվանի դերասանի հետ: Երբ հետահայաց նորից եմ ընթերցում, համոզվում եմ` քանի կա հայ թատրոնը, Խաչիկ Նազարեթյանի ոգին կթևածի  դահլիճների կամարների ներքո:

Մենագրությունը գրված է մաքրամաքուր հայերենով` դառնալով կենսագրական, ստեղծագործական գործունեության բնութագրական և գեղարվեստական գրականություն: Հեղինակը, ունենալով բանասիրական բարձրագույն կրթություն, մասնագիտական հարուստ լեզվամտածողությամբ շարադրել է մենագրությունը, որը կարդացվում է չթուլացող հետաքրքրությամբ` միաժամանակ դառնալով գեղարվեստական ստեղծագործություն:

«Խաչիկ Նազարեթյան. Քանի դեռ կամ» ուշագրավ մենագրությունը արժանի նվեր է հայրենասեր դերասանի, մտերիմ ընկերոջ, մաքրամաքուր և շիտակ մարդու անմահ հիշատակին:

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։