ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ / ԻՆՔՆԱՍՊԱՆ ՆԱՎԸ

 

 

2007 թվականի հոկտեմբեր ամիսն էր: Հերթական անգամ զանգեցի ու հերթական անգամ հարցրի. «Վարպետ, գա՞մ պիեսը վերցնելու»: Եվ ստացա ամեն անգամվա պատասխանը. «Արի»: Գնացի՝ չիմանալով, որ վերջին անգամ պիտի նստենք նրա համակարգիչի դիմաց, ինքը «ձեռքի հետ» նոր գրած պատմվածքները պիտի ցույց տա, հետո կրիչի վրա արտագրի պիեսը, իսկ հետո խոսենք հայ թատրոնի, նոր բեմադրությունների մասին, ու ամեն անգամվա պես նրա բարձրաձայն մտորումներում պիտի լսեմ Գրողի ու Քաղաքացու անհանգստությունը, անգամ՝ տագնապը՝ այսօրվա և վաղվա թատրոնի համար, ու նաև հիացմունքը՝ նորին ու լավին: Ասել՝ Վարպետը սիրում էր թատրոնը, նշանակում է ոչինչ չասել: Թատրոնը նրա մեջ էր: Այդքան հայ թատրոնին սիրահարված, բայց սթափ, ամենատես հայացքով հայ թատրոնը սիրող Մա՞րդ

Առաջին իսկ համարից հավատաց «Դրամատուրգիային», անգամ հանդեսի համար պիեսներ գրեց: Իսկ քաջալերանքի խոսքե՞րը, որոնք Շարունակության ուժ էին տալիս, իմաստավորում էին արվածը…  «Ինքնասպան նավը»  վերջին պիեսն էր, որ չհասցրեց տեսնել հանդեսի, ինչպես միշտ, իրեն վերապահված աոաջին էջերում:

Իսկ Աղասի Այվազյանի Թատրոնի ժամանակը դեռ գալու է: Այդ հավատը Նա թողեց մեզ ու գնաց

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

 

 

ԻՆՔՆԱՍՊԱՆ ՆԱՎԸ

Տրագիֆարս

(Տպագրվել է «Դրամատուրգիայի» 2077 թ., թիվ 12-13-ում)

 

Գործող անձինք

ՆԱՎԱՊԵՏ

ԵՐԳՉՈԻՀԻ՝ կոկորդի քաղցկեղով

ԿԻՆԱՐՄԱՏ, որն ապրում է ամեն կերպ

ՏՂԱՄԱՐԴ, որն ուզում է շատ երկար ապրել

ՆԱՎԱԱՏԻ ՂԵԿԱԿԱԼ

 

Գործողությանը կատարվում է “Absolutorium” («Փրկության միջոց») նավի վրա:

 

Բեմի շրջանի վրա՝ Նավապետի նավասենյակը: Նրա շրջանաձև չորսբոլորը՝ նավախցերի դռներ: Բեմի ճակատամասում՝ փրկօղակ, որի վրա գրված է “Absolutorium”: Նավասենյակում՝ Նավապետը և Երգչուհին:

ԵՐԳՉՈԻՀԻ — (նայում է լուսանցույցի մեջ) : Ափն արդեն չի երևում:

ՆԱՎԱՊԵՏ — Վերջապես…

ԵՐԳՉՈԻՀԻ – Չե՞ս զղջալու:

ՆԱՎԱՊԵՏ — (գրասեղանի առջև թղթեր է դասավորում) : Սա իմ վերջին երջանիկ ուղևորությունն է:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ես հարցրի՝ չե՞ս զղջալու: Սա արդեն գործնական քայլ է: Մինչև հիմա լոկ խոսք էր, մտադրություն:

ՆԱՎԱՊԵՏ — (իր թղթերով, լուսանկարներով ու նաև ծովագնացության սարքերով զբաղված: Մտացրիվ: ) Ոչ: (Փոքրինչ ուշացումով: ) Իսկ դո՞ւ…

ԵՐԳՉՈԻՀԻ — (նվաղուն) : Չգիտեմ… Հայացքս դեպի ափն է, հիշողություններս՝ լուսավոր… (Մտախոհ: ) Այս պահին ցավ չունեմ, և ես երկբայում եմ: Մտնում եմ կյանքի մեջ և դուրս գալիս… Երբ ցավերն սկսվում են, ես նորեն քեզ հետ եմ:

ՆԱՎԱՊԵՏ — (իր զբաղմունքից կտրվելով) : Ուրեմն՝ մեր սերը միայն ցավով է պայմանավորված:

ԵՐԳՉՈԻՀԻ — (տխուր ժպիտով) : Ոչ, իհարկե… (Մոտենում է Նավապետին, փարվում: ) Ես միջնորմ ունեմ երկու վիճակի միջև… Չգիտեմ, թե ինչքան է տևելու այս պահը: (Կարճատև դադար: ) Վերադարձ չկա՞…

ՆԱՎԱՊԵՏ — (Երգչուհուն առնելով գրկի մեջ: Մեղմ) : Ոչ: Մենք արդեն համաձայնության ենք եկել: (Ավելի փաղաքուշ: ) Մենք արդեն ամեն ինչ վերլուծել ենք, չէ՞:

ԵՐԳՉՈԻՀԻ — (երկար նայում է Նավապետի դեմքին, ցուցամատով շոյում է նրա քունքերը, ճակատը՝ ասես հասկանալու համար նրա արտահայտության խորքային իմաստը: Հոգոցով) : Իհարկե: Հիմա մի փոքր հեռացա՝ ափի հեռանալու հետ զուգահեռ: Հաճախ եմ այս պահի մեջ հայտնվում:

ՆԱՎԱՊԵՏ — (նայում է լուսանցույցի մեջ: Ուժ տալու համար դալկացած Երգչուհուն) : Տեսնո՞ւմ ես այն լույսը… Նա մեծանում է, փարթամանում, սրբագործվում: Դա հավեժությունն է: Դու գիտեի՞ր այդ…

ԵՐԳՉՈԻՀԻ — Մինչև հիմա հավերժությունը վերացական հասկացություն էր ինձ համար:

ՆԱՎԱՊԵՏ — Ոչ, դա առարկայական է: Դա մեծագույն առարկան է: Մնացածը նրա փոշին է… Եվ նա անխուսափելի է…

ԵՐԳՉՈԻՀԻ — (համերաշխության եզր ունենալու միտումով: Բռնաձիգ աշխուժությամբ) : Քիչ հետո ես այլ մարդ կդառնամ… Եթե կարողանամ միջանկյալ վիճակներից խուսափել:

ՆԱՎԱՊԵՏ — Դու մեղք չե՞ս… Անընդհատ ցավերի մեջ լինել:

ԵՐԳՉՈՒՀԻ — Դա կհեշտացներ իմ վճռի կայացումը: (Սրբում է աչքերը: )

ՆԱՎԱՊԵՏ — Մենք երկուսով ենք:

ԵՐԳՉՈՒՀԻ — (ուշացումով) : Երկուսով ենք: Որը և…

ՆԱՎԱՊԵՏ — Ի՞նչ՝ որը և…

ԵՐԳՉՈՒՀԻ — Եթե ես չհամաձայնեի, էլի նո՞ւյնը պիտի լիներ քո պարագայում:

ՆԱՎԱՊԵՏ — Նո՛ւյնը, անպայման նույնը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (դանդաղ, ձգելով) : Իհարկե, միտքը քո մեջ է հղացել, վիճակը քո մեջ է հասունացել:

ՆԱՎԱՊԵՏ — Մենք նույն վիճակն ենք ապրել:

ԵՐԳՉՈՒՀԻ — Նման վճիռ միայն մի հոգու մեջ կարող էր առաջանալ:

ՆԱՎԱՊԵՏ — Մի՞թե քո մեջ էլ նույնը չի կատարվել… Պարզապես դու միայն մի թևի վրա ես գտնվել:

ԵՐԳՉՈՒՀԻ — Իմ մեջ երբեք չի առաջացել այդ միտքը, և երբեք չեմ հասունացրել այն: Ես պարտադրված եմ: Մենք շատ տարբեր ենք: Մեր սերն է ընդհանուր:

ՆԱՎԱՊԵՏ — (համբուրում է Երգչուհու ձեռքը: Մտերմիկ) : Տարբե՞ր ենք… Մի՞թե վերջը տարբեր է: Բոլորս մեկնում ենք դեպի այդ երանելի գոյությունը, կամ՝ բոլորս հեռանում ենք այս անտրամաբան, նսեմացուցիչ գոյությունից, այս վախվորած գոյությունից, այս խեղկատակի վիճակից, որը մեզ պարտադրել է չգիտես, թե ով:

ԵՐԳՉՈՒՀԻ — Ես կուզենայի դեռ այդ խաղի մեջ մնալ՝ թող որ նսեմացուցիչ, թող որ վախվորած… Ուրախ էր, հաճելի, քաղցր… (Ձայնը խզվում է: Բռնում է կոկորդը և չի կարողանում ոտքի վրա մնալ: Նավապետը վերցնում է նրան ձեռքերի վրա և տանում, զգուշորեն պառկեցնում բազմոցին: )

ՆԱՎԱՊԵՏ — Ջո՞ւր տամ… Խմի՞չք…

ԵՐԳՉՈՒՀԻ — (սղաձայն, խեղդվելով) : Մորֆի:

Նավապետը արագ մոտենում է պահարանին, հանում դեղի սրվակն ու ներարկիչը և բարձրացնում է Երգչուհու թևքը:

ՆԱՎԱՊԵՏ — Տեղ չի մնացել… (Փնտրում է ազատ տեղ, սրսկում է դաստակին: ) Տառապանքի չափը մենակերպ է:

ԵՐԳՉՈՒՀԻ — (աստիճանաբար հանդարտվում է) : Գիտե՞ս, հատկապես այս ցավերի ժամանակ երգել եմ ուզում:

ՆԱՎԱՊԵՏ — Երգե՞լ…

ԵՐԳՉՈՒՀԻ — Եվ դա դաժան է:

Նավապետը համբուրում է նրա դաստակը, ապա՝ շուրթերը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (նվաղ) : Հիմա՞…

ՆԱՎԱՊԵՏ — Ես քո ճակատագիրն եմ համբուրում, քո վճարունակությունը:

ԵՐԳՉՈՒՀԻ — Վճարունակությո՞ւնը… Ինչե՜ր ես ասում:

ՆԱՎԱՊԵՏ — Դու վճարում ես: Կարծում ես՝ այդ բոլորը ձրի՞ էր տրվել մեզ:

ԵՐԳՉՈՒՀԻ — Ի՞նչ էր տրվել…

ՆԱՎԱՊԵՏ — Գեղեցկություն… Գեղեցկության երջանկություն… Երգելու տաղանդ… Կանացի շնորհ… Քանի՞ տարի դու երջանկության աշխարհում էիր: Մի ուրիշ գոյավիճակի մեջ: Քո ցավը՝ տալիքդ է դրա դեմ…

ԵՐԳՉՈՒՀԻ — (տարակուսանքով) : Տալի՞ք, ինչո՞ւ…

ՆԱՎԱՊԵՏ — Դու ցանկացել ես երջանիկ լինել, երգչուհի դառնալ, փառք ձեռք բերել…

ԵՐԳՉՈՒՀԻ — Ո՞վ չի ցանկացել:

ՆԱՎԱՊԵՏ — Դու Աստծուց չե՞ս խնդրել այդ:

ԵՐԳՉՈՒՀԻ — Խնդրել եմ… Եվ ո՞վ չի խնդրում:

ՆԱՎԱՊԵՏ — Բայց ոչ բոլորին է տրվում: Եվ եթե ասես, որ դիմացը չես խոստացել մի փոքր դժբախտություն կրել, չեմ հավատա:

ԵՐԳՉՈՒՀԻ — Դժբախտություն կրե՞լ, ինչո՞ւ…

ՆԱՎԱՊԵՏ — Այլապես դու մեծ երգչուհի չէիր լինի: (Հեգնամիտ: ) Գոյարարը մեծ առևտրական է: Նա ոչինչ ձրի չի տալիս:

ԵՐԳՉՈՒՀԻ — (կոկորդը բռնելով) : Ես երգել եմ ուզում:

ՆԱՎԱՊԵՏ — (մոլության տարրեր են հայտնվում խոսքի մեջ. չի լսում Երգչուհու՝ շշուկի հասնող սղաձայնը) : Ես երազում էի ծո՜վ, ծովե՜ր, օվկիանոսնե՜ր… Սեփական նավ և ճամփորդություն ազատության մեջ, կրքի արահետներով: Աշխարհը իմ տիրույթն էր դառնալու՝ առանց որևէ մեկի իրավունքը խլելու: Առանց որևէ մեկի վրա իշխանություն տարածելու: Ազատությո՜ւն… Դա ահռելի ցանկություն էր, սևեռված էություն, պրկված միայն մի ուղղությամբ, այնքան մեծ և սևեռուն, որ խոստացա վճարել իմ այդ երազանքի դիմաց, իմ երջանկության դիմաց…

ԵՐԳՉՈՒՀԻ — (կարծես նոր է տեսնում Նավապետին: Խուսափուկ) : Վճարե՞լ, ինչո՞վ… ՆԱՎԱՊԵՏ — (նույն մոլեռանդությամբ) : Դժբախտությունով: Ես պաղատագին խնդրում էի տալ ինձ իմ ուզածը, բավարարել իմ սևեռումը և փոխարենը պատրաստ էի դժբախտություն կրել: Դա ինձ հնարավոր ու հեշտ էր թվում…

ԵՐԳՉՈՒՀԻ — (սքողելով իր երկյուղը) : Երջանկության հետ դժբախտությո՞ւն, միատե՞ղ: Մի՞թե հնարավոր է… Դու խե՞նթ ես:

ՆԱՎԱՊԵՏ — Շատերը դեռևս գլխի չեն ընկել, որ Վան Գոգը ևս չէր ցանկանում իրեն պարգևած հանճարի դիմաց վճարել անասելի տառապանքով: Նա պայքարում էր, և Գոյարարին՝ որպես վճար, տվեց իր ականջը, կտրեց ու տվեց: Բայց դա ծիծաղելի էր Գոյարարի համար՝ ընդամենը մի ականջ: Նրան իր արարած գոյակն էր պետք ամբողջովին, նրա տառապանքի փոթորիկը, նրա ներգոյի երկրաշարժը, կծկանքի ժայթքումը, սևամաղձի հեղեղը… Եվ Նա լիուլի ստացավ իր տվածի դիմաց. հանճարը, երջանկությունը, գեղեցկությունը Աստծո անշահախնդիր ողորմածությունը չէ, դրա դիմաց հատուցում է պահանջվում:

ԵՐԳՉՈՒՀԻ — Իմ երեսուն տարիները զվարթամիտ էին ու շքեղ, ցնծություն էր ու բարօրություն: Լույս էր ճառագում իմ երջանկությունից, և բոլորը թիթեռնիկների պես ձգտում էին դեպի այդ լույսը: Միլա՜ն, Մետրոպոլիտե՜ն, Գրանդ օպերա՜, Բոլշո՜յ… Իմ ձայնը երկնքից էր գալիս: Ես չէի համարում ինձ շրջապատի մաս, ես դուրս էի նրանից: Իմ ձայնը թռչող գորգի նման էր, և ես նրա վրա էի սավառնում… ազում է, ձայնը ավելի է խզվում: ) Եվ ես դժբախտություն չեմ խոստացել:

Միջանցքում հայտնվում է ղեկակալ Նավաստին, մոտենում Նավապետի նավասենյակի դռանը, ծեծում է դուռը:

ՆԱՎԱՊԵՏ — (բարձրաձայն) : Ի՞նչ կա…

Դուռը կիսաբացվում է, Նավաստին ներս է մտնում:

ՆԱՎԱՍՏԻ — Եղանակն աննպաստ է, չենք կարողանում ծով դուրս գալ: Մակընթացությունը ուժեղանում է և մեզ ափ է շպրտում:

ՆԱՎԱՊԵՏ — Ա՞փ, ինչպե՞ս… Մենք վաղուց էինք հեռացել ափից:

ԵՐԳՉՈՒՀԻ — (հույսի նշույլով) : Ա՞փ…

ՆԱՎԱՊԵՏ — (նայում է լուսանցույցի մեջ) : Ա՞փ… ոչ մի դեպքում: Միայն մի ուղղությամբ՝ ծով:

ՆԱՎԱՍՏԻ — Անկարելի է, Նավապետ:

ՆԱՎԱՊԵՏ — Անկարելի բառը ինձ համար չէ և ոչ էլ՝ իմ «Աբսոլուտորիումի»:

ՆԱՎԱՍՏԻ — Նավը ջարդուփշուր կլինի, եթե չմոտենանք ափին: Կսպասենք, մինչև մակընթացությունը մեղմվի:

ՆԱՎԱՊԵՏ — (վրդովված) : Գնանք… Մի՞թե լեզու չպիտի գտնենք տարերքի հետ: Ես վաղուց եմ նրա հետ բարեկամացել: Գնանք խոսենք նրա հետ:

ՆԱՎԱՍՏԻ — Ո՞ւմ հետ… (Տարակուսանքով նայում է Երգչուհուն և հետևում Նավապետին: )

ՆԱՎԱՊԵՏ — Արի:

Նրանք դուրս են գալիս նավասենյակից ևանցնելով նավախցիկների աոջևով, հեռանում բեմից:

ԵՐԳՉՈՒՀԻ — (դժվարությամբ ելնում է բազմոցից, մոտենում լուսանցույցին) : Ափ… որքան կարճ եղար դու իմ կյանքում: Մի՞թե ուրիշ ափ կա: Մի՞թե ուրիշ նման երջանիկ ափ կարող է պատահել իմ կյանքում: Նա ասում է՝ հավերժական ափ, երանության ափ… Այդ ափում կա՞ օպերա, կա՞ երգ, կա՞ն ծափահարություններ: (Կարճ դադար: ) Ես հետևում եմ նրան: Նա ե՞րբ որոշեց այն ափը մեկնել՝ մեր հանդիպումից առա՞ջ, թե՞ հետո: Եթե առաջ, ուրեմն՝ ինձ իր կործանման մաս դարձնելով՝ հեշտացրել է իր վճիռը: Ստացվում է՝ մեր փոխհարաբերությունը կործանումով է պայմանավորված: Ոչ, չեմ ուզենա հավատալ: (Մոտենում է նավագնացության սարքերին: ) Հապա ինչո՞ւ է իր նավը անվանել «Աբսոլուտորիում»՝ «Փրկության միջոց»: (Հայտնության անելու պես: ) Աստված իմ, նա ի սկզբանե գիտցել է իր կյանքի ընթացքը: Նա ինձ սիրել է իմ ցավի՞ համար: Նա կործանման ընկեր է փնտրել և գտել է ինձ… (Հազը բռնում է, չի կարողանում խոսել, բայց դեմքի արտահայտությունն, ասես, շարունակում է նրա ներչարչարելի մտքերը: )

Միջանցքում թափով հայտնվում է Նավապետը, մտնում է սենյակ:

ՆԱՎԱՊԵՏ — Նա հասկացավ, որ մեզ ճանապարհ է պետք, որպեսզի մտնենք փոթորիկի մեջ: Մեզ ինը բալ է պետք, որ ուղի հարթվի դեպի ծովի ընդերքը, դեպի երանություն:

ԵՐԳՉՈՒՀԻ — (հազի միջից) : Ո՞վ հասկացավ:

ՆԱՎԱՊԵՏ — (համոզվածության գրգիռով) : Նա: Այդ մեծ ճակատը, որի կնճիռների մեջ ահռելի խելք կա:

ԵՐԳՉՈՒՀԻ — Ո՞վ՝ նա:

ՆԱՎԱՊԵՏ — Այդ փոթորկոտ, կնճռոտ ճակատը… ծովը:

ԵՐԳՉՈՒՀԻ — Նա մեզ չի՞ զարնի ափին:

ՆԱՎԱՊԵՏ — Դու հանգիստ մնա… Մենք շարունակում ենք մեր ընտրած ճանապարհը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (գնահատելով Նավապետի վիճակը) : Խեղճ նավաստի… Նա չգիտի՞, թե ուր ենք ուղևորվում:

ՆԱՎԱՊԵՏ — (դեռևս հուզավառության մեջ) : Ո՞վ:

ԵՐԳՉՈՒՀԻ — Քո ղեկապետ նավաստին:

ՆԱՎԱՊԵՏ — (միտքն՝ ուրիշ տեղ) : Նավաստի՞ն, ոչ, չգիտե: (Կենտրոնանալով: ) Թեպետ գիտի մի բան. նա գնում է Երանության կղզին, մենք՝ մե՜ծ Երանություն…

ԵՐԳՉՈՒՀԻ — (աշխուժանալով) : Այդպիսի կղզի կա՞:

ՆԱՎԱՊԵՏ — Չկա, սիրելիս:

ԵՐԳՉՈՒՀԻ — Եվ դու չե՞ս խղճում նրան:

ՆԱՎԱՊԵՏ — (մտախոհ) : Չգիտեմ: Հույս ունեմ՝ եթե Աստված նրան ոչինչ չի տվել, նա մի կերպ կփրկվի: (Փոքրինչ մտածելով: ) Անպայման կփրկվի:

ԵՐԳՉՈՒՀԻ — Հուսով եմ՝ դու այդ կանես: Փրկությո՜ւն… ինչ լավ բառ է:

ՆԱՎԱՊԵՏ — Դա և մեզ է վերաբերում:

ԵՐԳՉՈՒՀԻ — (համբուրում է Նավապետի ձեռքը) : Գուցե, այնուամենայնիվ, ետդարձ կա՞: Ես երգել եմ ուզում ախր…

ՆԱՎԱՊԵՏ — (չհագեցնելով խոսքը) : Երգի՛ր:

ԵՐԳՉՈՒՀԻ — (վարանքով) : Երգե՞մ, հիմա՞…

ՆԱՎԱՊԵՏ — Հա, երգիր:

Երգչուհին, հենվելով գրասեղանին, ընդունում է բեմական կեցվածք, վախվորած ժպիտով նայում Նավապետին:

ՆԱՎԱՊԵՏ — (զգալով Երգչուհու հոգեվիճակը և իր անժամանակ արված առաջարկը՝ մտերմիկ, մեղմ) : Եթե շատ ես ուզում, երգիր:

Երգչուհին փորձում է երգել: Աոաջին հնչյունները կարծես ստացվում ենմաքուր են: Հույսի շող է հայտնվում դեմքին, ձգումշտկում է իրանը… Ձայնը կտրուկ խզվում է, խեղդող հազը նրան իջեցնում է հատակինՆավապետը բարձրացնում է նրան, տեղավորում բազմոցին:

ԵՐԳՉՈՒՀԻ — (խռխռոցի միջից հազիվ արտաբերելով) : Մորֆի…

Նավապետը սրսկում է մյուս դաստակինԵրգչուհու հազի հետ ուժեղանում է նաև ծովի ձայնը:

ՆԱՎԱՊԵՏ — (սպասում է, մինչև կդադարի նրա հազը) : Դեռ չի թողել քեզ հույսը՝ այդ մեծ խաբեբան: Ինձ վաղուց է լքել:

ԵՐԳՉՈՒՀԻ — (դժվարությամբ արտաբերելով) : Քանի դեռ… չեմ մոռացել երջանկության դեմքը… քանի դեռ իմ մեջ… մլմլում է… երջանկության… շոշորթը, վերջակետը նրա վրա կուզենայի դնել…

ՆԱՎԱՊԵՏ — Գոյարարը նաև իր խոսքի տերն է: Նա երբեք չի խաբում և չի նահանջում: Այնուամենայնիվ, դու երջանիկ ես: Դու թողեցիր քո երգը այս փոքր աշխարհում, այս կարճ լինելության մեջ, և նա երբեք չի լռելու:

ԵՐԳՉՈՒՀԻ — Դու մորֆի չե՞ս ուզում:

ՆԱՎԱՊԵՏ — (դառը ժպիտով) : Իմ տալիքը մեծ է, չի տեղավորվի մորֆու այս սրվակի մեջ: (Մտքով հեռանում է մի ուրիշ տեղ: Զվարթահայաց: ) Դու եղե՞լ ես օվկիանոսի ալիքների կատարին, ինքդ քեզ հետ, երկնքի հետ, Բացարձակի հետ: Երբ շուրթերդ դիպչում են Աստծո շուրթերին…

ԵՐԳՉՈՒՀԻ — (կշտամբանքով) : Եվ ականջին…

ՆԱՎԱՊԵՏ — Եվ ականջին: Ես նրան ի՞նչ խոստացա՝ ոտք, ձեռք, ականջ… Չէ: Ես խոստացա ներէական մարտ: Օվկիանոսի՝ միմյանց բախվող ալիքների պես: Անդադար կռիվ երջանկության և տառապանքի միացման կիզակետում: Տառապանքի և երջանկության խառնուրդից ջանում էի որսալ, առանձնացնել երջանկությունս, գերակայություն հաղորդել նրան: Մեծ լարում էր պահանջվում, և ես միշտ գտնվում էի այդ լարման մեջ: Դա ծայրահեղ վիճակ էր և շատ ուժ էր կլանում: Ինչպես տեսնում ես, ուժերս նվազեցին, և ես մնացի տառապանքի հետ: Իմ պայմանը Գոյարարի հետ շատ խիստ էր:

Դրսում քամու սուլոցը ուժեղանում է:

ՆԱՎԱՊԵՏ — Լսո՞ւմ ես՝ մեր ուղեկիցն է, այնպես որ, մենք երկուսով չենք: Մենք երեքով ենք մեր ճանապարհին: Հետո կբազմանանք, կավելանան բոլոր համերաշխ ուժերը…

ԵՐԳՉՈՒՀԻ — (կծկվելով Նավապետի հուզավառությունից և դրսի անհրապույր աղմուկից) : Քամի՞ն է:

ՆԱՎԱՊԵՏ — Նրա շո՛ւնչն է: Նրա ոգի՛ն է: Նա մեզ չի լքի մինչև վերջին վայրկյանը: (Ավելի հուզվելով: ) Նա հավերժական է, ազա՜տ… Նա կընկերանա փոթորիկի, սամումի հետ: Նա կահագնանա, անկեղծ ու մեծալուրջ՝ ինչպես Բեթհովենի խլության բողոքը, կհնչի, կհուսադրի: Նա չի ներում թուլություն: (Մոլեռանդ: ) Տեսնո՞ւմ ես՝ ի՜նչ շքախումբ ունենք… Նա մեզ կհասցնի մինչև երանություն: Աղմկիր, շաչիր, դու մեզ հասկանում ես, դու գիտես իսկական ճանապարհը: (Դրսի աղմուկն ուժեղանում է: ) Տեսնո՞ւմ ես՝ նա մեզ լսում է, նա խոսում է մեզ հետ: Նա իր հետ վերցնում է մեր երջանկությո՛ւնը, քո ե՛րգը, քո ցնծությո՛ւնը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (մեկուսի) : Նա խենթ է: Ինչո՞ւ մինչև հիմա չէի տեսնում նրա խենթությունը:

ՆԱՎԱՊԵՏ — (ավելի մոլեռանդ) : Շաչի, բոռա, փոթորկիր, արագացրու մեր ընթացքը…

Ասես դրսի աղմուկը լսում է նրան և նոր թափ է առնում:

ԵՐԳՉՈՒՀԻ — (տագնապահար) : Վերջացրու, դու անտանելի ես:

ՆԱՎԱՊԵՏ — (սթափվելով) : Մի՞թե չես լսում այս հրաշալի ներդաշնությունը, որի մեջ մենք կանք: Նա մեզ հասկանում է: Ի՞նչ կա դրանից ավելի բարձր…

ԵՐԳՉՈՒՀԻ — Ես աղմուկ չեմ տանում:

ՆԱՎԱՊԵՏ — Աղմո՞ւկ… Ուշադիր լսիր և կտեսնես, որ նրա մեջ մեր որոշումը դրոշմվել է:

ԵՐԳՉՈՒՀԻ — Քո որոշումը:

Նավապետը գրկում է նրան, ամուր սեղմում կրծքին:

Երգչուհին կծկվում, կորչում է նրա բազուկների մեջ:

ՆԱՎԱՊԵՏ — Մի վախենա, սիրելիս, մենք տանում ենք մեզ հետ մեր երջանկությունը, քո տարիները: Մենք չենք ծերանա, մենք չենք թարախակալի: Եվ դու կերգե՜ս…

ԵՐԳՉՈՒՀԻ — (հեգնամիտ) : Կերգե՞մ…

ՆԱՎԱՊԵՏ — Կերգես: Եվ քո իսկական երգը դա կլինի: Անցյալը միայն նախերգն էր: Քո երգը մեծ խորհուրդ կունենա: Մենք գնում ենք դեպի Իսկականը, մեր փառքն այնտեղ է՝ լույսի և երանության մեջ:

Աղմուկն անտանելի է դառնում: Երգչուհին փակում է ականջները:

Նավասենյակի դուռն աղմուկով բացվում էշեմին հայտնվում է թրջված Նավաստին:

ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, մակընթացությունը անկառավարելի է: Մեզ ափ է շպրտում:

ՆԱՎԱՊԵՏ — Ա՞փ… Ոչ մի դեպքում: Դու էլի քոնն ես ասում… Նա մեզ չի կարող դավաճանել:

ՆԱՎԱՍՏԻ — (տարակուսած) : Ո՞վ, Նավապետ…

ՆԱՎԱՊԵՏ — (մատը տնկում է դեպի աղմուկը) : Չե՞ս լսում… Նա:

ՆԱՎԱՍՏԻ — (նորեն չի ըմբռնում Նավապետի ասածը) : Եթե չմոտենանք ափին, ալիքները մեզ կխփեն ժայռերին, ջարդուփշուր կանեն:

ՆԱՎԱՊԵՏ — Ափի՞ն… Ո՛չ, մեզ օվկիանոսի սիրտն է պետք:

ՆԱՎԱՍՏԻ — Խարիսխ գցենք ափին, սպասենք, մինչև հնարավոր լինի ուղղություն վերցնել:

ԵՐԳՉՈՒՀԻ — (Նավաստուն) : Սպասենք, սպասենք… (Շոյում է Նավապետի ձեռքերը, դեմքը: Համոզելով: ) Մի փոքր սպասումը ոչինչ չի փոխի, հա՞: (Նավաստուն դրական նշան է անում: )

ՆԱՎԱՍՏԻ — (Նավապետից պատասխան չստանալով) : Հա, Նավապետ: (Անհետանում է դռան ետևում: )

ԵՐԳՉՈՒՀԻ — Մի շտապիր, խնդրում եմ: Ես գիտեմ՝ ետդարձ չկա: Մի՞թե ուզում ես, որ մեր այլանդակված դիակները հանեն աղբակույտից: Չէ՞ որ դու օվկիանոսի սիրտն ես ուզում: Երանության դուռը այնտեղ է, չէ՞, օվկիանոսի կենտրոնում: (Փարվում է Նավապետին: )

Բեմը մթնում է: Աղմուկն սկսում է մեղմանալ, լուսավորվում է միայն Նավապետի նավասենյակի շրջապատըՆավաստին գողունի ուղեկցում է Կինարմատին և Տղամարդուն:

ՆԱՎԱՍՏԻ — (բացելով նավախցերից մեկի դուռը) : Դուք միասի՞ն եք:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ոչ: Մենք առանձին ենք: (Պչրողաբար: ) Համարյա՝ անծանոթ: (Մտնում է նավախուցը: )

Նավաստին բացում է հարևան նավախցի դուռը:

ՆԱՎԱՍՏԻ — Սա քո կայուտը կլինի: Միայն թե՝ լուռ, ոչ ոք չիմանա:

ՏՂԱՄԱՐԴ — Հասկանում եմ: Հիմա՞ վճարեմ, թե՞ հետո:

ՆԱՎԱՍՏԻ — Ինչպես կամենաս:

ՏՂԱՄԱՐԴ — (ձեռքը մտցնում է գրպանը, տատամսում է) : Հետո, լա՞վ: (Մտնում է նավախուցը: )

ՆԱՎԱՍՏԻ — Մուկ:

Նավաստին մոտենում է Նավապետի դռանը, և Նավապետի նավասենյակը լուսավորվում է: Երգչուհին պառկած է բազմոցինՆավապետը գրասեղանի առջև լսում է ձայնագրիչը. կնոջ և պատանու խոսակցության է«Կին. «Այլևս չլսեմ այդ մասին»: Պատանի. «Ինչո՞ւ»: Կին. «Տես, ինչ լավ օր է, գնա զբոսնելու»: Պատանի. «Իսկ ինչո՞ւ չլսեմ այդ մասին»: ԼռությունՊատանի. «Ինչո՞ւ չլսեմԻնչո՞ւ ես լռումԻնչո՞ւ ես լռում…»: Նավաստին ծեծում է դուռը:

ՆԱՎԱՊԵՏ — Մտիր: (Անջատում է ձայնագրիչը: )

ՆԱՎԱՍՏԻ — (ներս մտնելով) : Եղանակը արդեն նպաստավոր է:

ՆԱՎԱՊԵՏ — (խոժոռված՝ միտքը դեռ երկխոսության հետ է) : Նպաստավո՞ր է…

ՆԱՎԱՍՏԻ — Կարող ենք դուրս գալ:

ՆԱՎԱՊԵՏ — Կա-րող ենք… դուրս գալ… մի-այն մի ուղ-ղու-թյամբ…

ՆԱՎԱՍՏԻ — Բարի: (Դուրս է գնում: )

ԵՐԳՉՈԻՀԻ — Օվկիանոսից բացի ուրիշ կյանք էլ ես ունեցել:

ՆԱՎԱՊԵՏ — (սթափվելով) : Դու լսո՞ւմ էիր… Դու քնած չէի՞ր:

ԵՐԳՉՈԻՀԻ — Քնե՞լ…

ՆԱՎԱՊԵՏ — Ճիշտ ես, քունը մեզ համար չէ:

ԵՐԳՉՈԻՀԻ — Դու չասացիր:

ՆԱՎԱՊԵՏ — Ի՞նչ:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ուրիշ կյանքի մասին:

ՆԱՎԱՊԵՏ — Դրա մասին խոսել չարժե:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ինչո՞ւ… Մենք Բացարձակի մեջ չե՞նք արդեն:

ՆԱՎԱՊԵՏ — (մեղավոր) : Ենք: Ուրիշ կյանքը տառապանքի մի փոքրիկ փշուրն է:

ԵՐԳՉՈԻՀԻ — Դու մազոխի՞ստ ես:

ՆԱՎԱՊԵՏ — Դու դա կիմանայիր:

ԵՐԳՉՈԻՀԻ — Հապա ինչո՞ւ ես նորեն ընկղմվում այդ փշուրի մեջ:

ՆԱՎԱՊԵՏ — Թերևս դու ճիշտ ես:

ԵՐԳՉՈԻՀԻ — Քո մեջ է՞լ կարոտախտ կա:

ՆԱՎԱՊԵՏ — Կարոտա՞խտ…

ԵՐԳՉՈԻՀԻ — Տառապանքի և ցնծության միացության նկատմամբ:

ՆԱՎԱՊԵՏ — (մոտենում է Երգչուհուն) : Ինձ թվաց՝ դու քնած ես, և որոշ բաներ վերլուծելու, ճշտելու պահանջ ունեցա:

ԵՐԳՉՈԻՀԻ — Կարծում էի՝ ամեն ինչ վերջնականապես ճշտել էիր:

ՆԱՎԱՊԵՏ — Մի վիրավորվիր, սա աննշան մի դրվագ է:

ԵՐԳՉՈԻՀԻ — Աննշա՞ն… Ճանապարհից ետ նայել հնարավո՞ր է մեր դեպքում:

ՆԱՎԱՊԵՏ — Իրավացի ես: Ես գոհ եմ, որ այսպես ես խոսում: (Ձայներիզը փոխում է, հնչում է Վագներ: ) Սա չի շեղի մեր ընտրած ուղուց:

ԵՐԳՉՈԻՀԻ — Չգիտեմ… (Ուշադրությունը լուսանցույցի կողմն է: ) Արդեն հեռանո՞ւմ ենք ափից:

ՆԱՎԱՊԵՏ — (ինքն իր հետ) : Վագները միշտ ուղեկից է եղել ինձ: Նա օվկիանոսի մարդ է, նրա ոգին համահունչ է իմ «Աբսոլուտորիումին»: Նա նույնիսկ ծովն է ալեկոծում…

ԵՐԳՉՈԻՀԻ — Տառապանքի և երջանկության միացո՞ւմ…

ՆԱՎԱՊԵՏ — Ոգու ընդվզում:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ես երգում էի «Լոենգրինում»:

ՆԱՎԱՊԵՏ — Հիշում եմ, Բեռլինի օպերայում… Դա մեր հանդիպումն էր: Ես հասկացա, որ դու ինձ հետ ես:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ինչի՞ց… Իմ կոկորդը դեո կարգին էր:

ՆԱՎԱՊԵՏ — Դու չքնաղ էիր, և քո կատարումն էլ աստվածային էր:

ԵՐԳՉՈԻՀԻ — Հապա ինչի՞ց որոշեցիր, որ ես նա եմ, ով պետք է քեզ:

ՆԱՎԱՊԵՏ — Դա ի վերուստ ծրագրված էր: Քո ձայնը մի ամբողջ ճակատագիր էր կրում: Նրա սկիզբն ու ընթացքը, նրա ակունքները, անցած ճանապարհը և…

ԵՐԳՉՈԻՀԻ — (Նավապետի խոսքը հաճելի է. նույնիսկ տառապանքի մեջ արթնանում է կինը) : Դու սե՞ր ես անվանում այդ հանդիպումը, թե՞…

ՆԱՎԱՊԵՏ — Ճակատագրերի հանդիպում: (Ծնկի է գալիս, համբուրում է Երգչուհու ձեռքը: ) Իհարկե, սեր է: Սերը մեր առաջացել է շատ առաջ, անցել է երկար ժամանակվա միջով, հասել այսօրվան և շարունակվելու է…

ԵՐԳՉՈԻՀԻ — (դառը ժպիտով) : Ծովի ընդերքում:

ՆԱՎԱՊԵՏ — Հիմա է այդպես թվում: Հավատա ինձ՝ մենք երջանիկ կլինենք այնտեղ: Եվ դու կերգես: (Երգչուհին հազում է, բռնում կոկորդը: ) Այդ բոլորը կմնա այստեղ… Դու երգը կբերես մեզ հետ, ես՝ սերը, մեր ազատությունը: Կձերբազատվի իմ իղձը տառապանքից, և քո ձայնը՝ իր բռնակալից:

ԵՐԳՉՈԻՀԻ — (սարսուռ է զգում, փարվում է Նավապետին) : Հիմա որտե՞ղ ենք:

ՆԱՎԱՊԵՏ — Ծովը ճամփա է բացել, և մենք գնում ենք, խորանում ենք, թափանցում ենք նրա սիրտը: Իսկ այնտեղ կանենք այն, ինչ հուշել է մեզ ճակատագիրը:

ԵՐԳՉՈԻՀԻ — (մեղմ) : Պարտադրել է: (Նայում է դռան կողմը: ) Նավաստի՞ն…

ՆԱՎԱՊԵՏ — Ի՞նչ՝ Նավաստին…

ԵՐԳՉՈԻՀԻ — Նա գործ չունի մեր ճակատագրի հետ: Մենք մարդասպա՞ն ենք:

ՆԱՎԱՊԵՏ — Երբեք… Նրան կնստեցնեմ նավակը և կուղարկեմ ափ: Թերևս ժամանակն է արդեն:

Նավապետը դուրս է գալիս նավասենյակից, գնում

շրջանաձև միջանցքի ծայրը, նրան դեմ է ելնում Նավաստին:

ՆԱՎԱՍՏԻ — Հյուսիսից քամիները շեղում են ընթացքը, հարկավոր է հարավ-արևելք ուղղվել:

ՆԱՎԱՊԵՏ — (անտեսելով նրա ասածը) : Դու գո՞հ ես ինձնից:

ՆԱՎԱՍՏԻ — Գո՞հ եմ… Իհարկե: Ասում եմ՝ նավը հին ուղղությամբ…

ՆԱՎԱՊԵՏ — (ընդհատելով) : Դու ինձ հավատո՞ւմ ես:

ՆԱՎԱՍՏԻ — Ո՞նց կարող եմ չհավատալ, քանի տարի միասին ջրոտվում ու աղոտվում ենք:

ՆԱՎԱՊԵՏ — Կուզենայի, որ հիմա էլ ինձ հավատայիր:

ՆԱՎԱՍՏԻ — Հավատում եմ, Նավապետ: Եթե հրամայես՝ ինձ ջուրը կնետեմ:

ՆԱՎԱՊԵՏ — Չէ, ջուրը մի նետվիր, ես կուզենայի, որ դու ողջ ու առողջ լինես: Եվ երջանիկ, եթե կարող ես:

ՆԱՎԱՍՏԻ — (կիսաժպիտով) : Թե հրամայես՝ կլինեմ, առողջ էլ կլինեմ, երջանիկ էլ կլինեմ: (Վերադառնալով իր հոգսին: ) Ասա, ոչի՞նչ,  որ ընթացքը շեղվում է…

ՆԱՎԱՊԵՏ — (ընդհատելով) : Տեսա՞ր՝ ինչքան հեշտ է: (Դադար: ) Հիմա դու կիջեցնես «Աբսոլուտորիումի» փրկարար նավակը… կնստես ու կգնաս ափ:

ՆԱՎԱՍՏԻ — Ինչպե՞ս…

ՆԱՎԱՊԵՏ — Սպասիր, դու ասա՝ կարո՞ղ ես ափ հասնել: Մենք բավականին հեռացել ենք: Իսկ ծովը… Տեսնում ես նրա տրամադրությունը:

ՆԱՎԱՍՏԻ — Բայց ինչո՞ւ…

ՆԱՎԱՊԵՏ — Երբևէ իզուր խոսք ասե՞լ եմ քեզ:

ՆԱՎԱՍՏԻ — (ընկճված) : Երբեք: Քո խոսքը ճշգրիտ էր միշտ:

ՆԱՎԱՊԵՏ — Ուրեմն՝ լսիր: Դա քեզ է պետք, քո ընտանիքին:

ՆԱՎԱՍՏԻ — Իսկ քե՞զ…

ՆԱՎԱՊԵՏ — Եվ ինձ… Ինձ շատ է պետք:

ՆԱՎԱՍՏԻ — (պատրաստակամ) : Ամեն ինչ ասված է:

ՆԱՎԱՊԵՏ — Գիտեի, որ կհասկանաս:

ՆԱՎԱՍՏԻ — Չեմ հասկանում, բայց կկատարեմ քո կամքը: Միայն թե՝ «Աբսոլուտորիումը» առանց ղեկի՞…

ՆԱՎԱՊԵՏ — (դավադիր ժպիտով) : «Աբսոլուտորիումին» կթողնենք քամու կամքին: Այսօր նա հզոր է ու բարի: Նա մեզ կուղեկցի դեպի մեր նպատակը:

ՆԱՎԱՍՏԻ — (ժպտում է) : Կատակո՞ւմ ես:

ՆԱՎԱՊԵՏ — Կատակում եմ: Ես կղեկավարեմ:

ՆԱՎԱՍՏԻ — Հասկացա: (Նայելով Նավապետի նավասենյակի կողմը: ) Ուզում եք մենակ մնալ: Ես խանգարո՞ւմ էի…

ՆԱՎԱՊԵՏ — (սառը) : Դու երբեք չես խանգարել, հիմա էլ չես խանգարի, եթե կատարես իմ կարգադրությունը: (Մեղմ: ) Իմ խնդրանքը:

ՆԱՎԱՍՏԻ — Շատ լավ, կամքը քոնն է: (Անհանգիստ նայում է երկու ուղևորների նավախցերի կողմը: )

ՆԱՎԱՊԵՏ — Ի՞նչ կա… Անհանգստանո՞ւմ ես:

ՆԱՎԱՍՏԻ — (փութկոտ) : Չէ՛, չէ՛… ոչ մի բան:

ՆԱՎԱՊԵՏ — Գնանք, ես քեզ կուղեկցեմ:

ՆԱՎԱՍՏԻ — (աչքը՝ նավախցերին) : Ես մենակ կարող եմ:

ՆԱՎԱՊԵՏ — Մենք երկար ժամանակով ենք բաժանվում: Չե՞ս ուզում, որ հրաժեշտ տամ մեր հին նավի կողից:

ՆԱՎԱՍՏԻ — (բռնաձիգ ժպիտով) : Ոնց կարող է չուզենամ, Նավապետ:

Դուրս են գնում: Իր նավախցից հայտնվում է Կինարմատը՝

գիշերային թափանցիկ ներքնազգեստով, անցնում է միջանցքով՝

զննելով նավախցերի դոները, մոտենում նավասենյակին, ականջը հպում է դռանը:

ԿԻՆԱՐՄԱՏ — (երկիմաստ) : Նավապե՜տ, Նավապե՜տ… (Ծպպացնում է: ) Ես քեզ էլ կհասնեմ: (Ուզում է դուռը ծեծել, բայց ինչոր բան մտածելով՝ հրաժարվում է իր մտադրությունից, անցնում է մյուս դռների մոտով՝ ականջը հպելով յուրաքանչյուր դռան: Մոտենում է Տղամարդու նավախցին, ծեծում դուռը: Դուռը բացվում է, շեմին հայտնվում է Տղամարդը: )

ՏՂԱՄԱՐԴ — (հաճոյադեմ) : Համեցեք, գեղեցկուհի:

ԿԻՆԱՐՄԱՏ — (քմահաճ) : Կարելի՞ է:

ՏՂԱՄԱՐԴ — Ես անգամ երագել չէի համարձակվի:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կարծում եմ: Պարզապես սրտխառնուք ունեմ այս նավի վրա, և որևէ միջոց է պետք:

ՏՂԱՄԱՐԴ — Այդ «որևէ» միջոցներից ես շատ ունեմ: Մնում է ձեր ընտրությունը:

ԿԻՆԱՐՄԱՏ — Միայն թե՝ քաղաքավարի:

ՏՂԱՄԱՐԴ — (ժպտաշուրթ) : Ես քաղաքավարության դասերն առել եմ Ֆրանսիայի Լյուդովիկոս տասնվեցի թե տասնչորսի մոտ… չեմ հիշում:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կատակաբան եք: Ես սիրում եմ կատակաբանությունն ու խուժանությունը կարևոր հանգամանքներում:

ՏՂԱՄԱՐԴ — Համեցեք: (Յուրովի մեկնաբանելով: ) Կարևոր հանգամանքներում…

Մտնում են նավախուց: Նավապետը վերադառնում է

իր սենյակը: Նավասենյակը լուսավորվում է:

ՆԱՎԱՊԵՏ — Մենք այլևս մենակ ենք: Ծովը մերն է, մեր տառապանքին է պատկանում և մեր սիրուն: Նավը անղեկ է, և քամին՝ նպաստավոր:

ԵՐԳՉՈՒՀԻ — Նպաստավո՞ր…

ՆԱՎԱՊԵՏ — Նա ուղղում է նավը դեպի մեր վերջնական հանգրվանը, և որևէ արգելք այլևս չի լինի:

ԵՐԳՉՈՒՀԻ — (նվաղ) : Արգելք չի՞ լինի:

ՆԱՎԱՊԵՏ — Վախենո՞ւմ ես:

ԵՐԳՉՈՒՀԻ — (գլխաշորն առնում է վրան՝ ասես թաքնվել է փորձում նրա մեջ) : Չգիտեմ: Երբ վերջը շոշափելի իրականություն է դառնում, ես մոռանում եմ իմ վիճակը, և սա (բռնում է կոկորդը) սսկում է… Ես ինձ առողջ եմ զգում:

ՆԱՎԱՊԵՏ — Վախը տառապանքից ուժեղ է: Մեր մարմինները ըմբոստանում են: Նրանք կարծես առանձին լինեն: Նրանք գոյատևել են ուզում…

Նավապետը շամպայն է լցնում, մի բաժակը մեկնում Երգչուհուն:

ԵՐԳՉՈՒՀԻ — Կարելի՞ է:

ՆԱՎԱՊԵՏ — Արդեն ամեն ինչ կարելի է:

ԵՐԳՉՈՒՀԻ — Մենք հանձնվել ենք նավի՞ կամքին:

ՆԱՎԱՊԵՏ — Խմենք նրա փրկարար կամքի և մեր փրկության կենացը:

Խմում են: Երգչուհու հազը բոնում է:

ԵՐԳՉՈՒՀԻ — (հազի միջից) : Հնարավո՞ր է՝ նա մեզ վերադարձնի ափ:

ՆԱՎԱՊԵՏ — Բացառվում է: Սա իմ տարերքն է, և մենք իրար լավ ենք հասկանում: (Փարվում է Երգչուհուն, փաղաքշում: Լսվում է ծովի մարդանման ձայնը: )

ԵՐԳՉՈՒՀԻ — (ծովի ձայնի և Նավապետի գրկի բանդագուշանքի միջից) : Փրկությո՜ւն… Այս բառը ծովի վրա երբեք իր հակառակ իմաստով չի հնչել: (Հազում է: )

ՆԱՎԱՊԵՏ — Մորֆի՞…

ԵՐԳՉՈՒՀԻ — Հա… շուտ արա…

ՆԱՎԱՊԵՏ — Այսքան հաճա՞խ… Թեպետ հիմա արդեն միևնույն է: (Տեղ է փնտրում նրա թևի, դաստակների վրա: ) Այլևս տեղ չի մնացել:

ԵՐԳՉՈՒՀԻ — (մեկնելով ոտքը) : Փորձիր այս մասում:

Նավապետը բարձրացնում է փեշը, համբուրում նրա ծունկը, սրսկում:

Նորեն համբուրում է, փեշը վրա բերում, առնում նրան իր գրկի մեջ:

ԵՐԳՉՈՒՀԻ — Մեր մարմինները երբեք այսքան մեկուսացած և այսքան մոտիկ չեն եղել:

Մթնում է: Նավախցից դուրս  է պրծնում կիսամերկ

Տղամարդը, նրա ետևից՝ կիսամերկ Կինարմատը:

ԿԻՆԱՐՄԱՏ — Արի, ճնճղուկս… Ի՞նչ եղավ… Դու սիրո նման դրսևորում չէի՞ր փորձել:

ՏՂԱՄԱՐԴ — (դժգոհ) : Սիրո՞…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ասենք՝ սեքսի… Էրոս աստվածուհու հովանավորությամբ:

ՏՂԱՄԱՐԴ — Դու ծծեցիր ամբողջ իմ կենսահյութը, իսկ ես երկար եմ ուզում ապրել…

Կինարմատը որսում է Տղամարդու ձեռքը, ներս քաշում նավախուց:

ԿԻՆԱՐՄԱՏ — (կրքոտ) : Արի, ճնճղուկս, արի վերջացնենք…

ՏՂԱՄԱՐԴ — Վերջացնե՞նք… Ի՞նչը վերջացնենք: Ի՞նձ վերջացնենք: Ասացի, որ իմ նպատակը երկար ապրելն է, հասկանո՞ւմ ես, շա՜տ երկար: Իսկ դու արդեն իմ կյանքից երկու տարի պոկեցիր:

ԿԻՆԱՐՄԱՏ — Արի, ճնճղուկս.. Արի շարունակենք մեր էրոտիկ զրույցը:

ՏՂԱՄԱՐԴ — Զրո՞ւյցը…

ԿԻՆԱՐՄԱՏ — Մի վախենա, Էրոսի գրկում դու ավելի երկար կապրես:

ՏՂԱՄԱՐԴ — Ես Էրոսի գրկում չեմ ուզում ապրել… Ես բնության գրկում եմ ուզում ապրել:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ֆուհ… Էրոսի գրկի մեջ մի վայրկյանը հավասար է բնության մեկ տարուն:

ՏՂԱՄԱՐԴ — Ինձ պետք չի նրա վայրկյանը: Ինձ տարին է պետք… տարիներ:

ԿԻՆԱՐՄԱՏ — (կոպիտ) : Արի, ասացի… (Ներս է քաշում նավախուց: )

Լուսավորվում է Նավապետի նավասենյակը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (հաշտված իրականության հետ) : Մեր հանդիպումը երջանի՞կ էր:

ՆԱՎԱՊԵՏ — Մեր հանդիպումը անպայման էր:

ԵՐԳՉՈՒՀԻ — Դու ինձ գտար ինքնասպանության համա՞ր:

ՆԱՎԱՊԵՏ — Ոչ… Ես քեզ պիտի տեսնեի ամեն դեպքում:

ԵՐԳՉՈՒՀԻ — Բայց մենք հանդիպեցինք դժբախտության մեջ:

ՆԱՎԱՊԵՏ — Դա ամենամեծ հանդիպումն է բոլոր հանդիպումներից: Ես սիրում եմ քո դժբախտությունը:

ԵՐԳՉՈԻՀԻ — Իսկ իմ երջանկությո՞ւնը…

ՆԱՎԱՊԵՏ — Դա անցյալն է… Անցյալը միշտ սիրելի է:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ես շրջապատված էի բազմաթիվ երկրպագուներով, լուսարձակների ներքո էի և շքեղության մեջ: Ծաղիկներով էին զարդարում իմ ճանապարհը… Մի՞թե կսիրեիր թեթևսոլիկ և իրականության նկատմամբ անտարբեր երգչուհու:

ՆԱՎԱՊԵՏ — Մենք միասին պիտի լինեինք:

ԵՐԳՉՈԻՀԻ — (ինքնամփոփ) : Դժբախտությունների հանդիպում… Դժբախտությունների սեր…

ՆԱՎԱՊԵՏ — Մեր ապագաների հանդիպումն էր: Մենք հավերժ միասին ենք լինելու:

ԵՐԳՉՈԻՀԻ — Դու իսկապես խենթ ես: (Ժպտում է: ) Բայց՝ գեղեցիկ խենթ: Երջանկություն ես ապրում դժբախտության հետ մեկտեղ և հավատում ես մեր հավերժությանը:

ՆԱՎԱՊԵՏ — Իսկ ո՞վ չի հավատում… Պարզապես, հավատը թաքցնում են վախի և հույսի մեջ:

Կարճատև դադար: Ծովի ձայնն է լսվում: Եվ նորեն բռնկվում է

Երգչուհու խեղդող հազը: Նավախցից դուրս է գալիս ուժասպառ Տղամարդը,

փորձում է բացել մի ուրիշ նավախցի դուռ: Դուռը փակ է: Լսում է Երգչուհու հազը,

նկատում է Նավապետի սենյակի լուսանցույցը: Նայում է ներս:

ԵՐԳՉՈԻՀԻ — (ցավի միջից) : Ես… երգել եմ… ուզում…

ՆԱՎԱՊԵՏ — Համբերիր, շուտով կմտնենք մեծ երգի մեջ:

ԵՐԳՉՈԻՀԻ — Այնտեղ երգ կա՞:

ՆԱՎԱՊԵՏ — Այնտեղի երգն ես դու միշտ երգել… Երգի ակունքը հավերժությունն է:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ինքնասպանները մուտք ունե՞ն այնտեղ:

ՆԱՎԱՊԵՏ — Մենք ինքնասպաններ չենք, մենք ճանապարհորդներ ենք:

ԵՐԳՉՈԻՀԻ — Բայց այստեղ քիչ եղանք… Ես ընդամենը երեսուն տարեկան եմ:

ՆԱՎԱՊԵՏ — Մեր նոր գոյությունը կշարունակվի այնտեղ:

ՏՂԱՄԱՐԴ — (լուսանցույցի ետևում) : Որտե՞ղ… Այս ո՞ւր է գնում նավը:

ԵՐԳՉՈԻՀԻ — Գոնե շուտ վերջանային այս ցավերը…

ՆԱՎԱՊԵՏ — Մենք միասին ենք… Եվ՝ մեր սերը:

ԵՐԳՉՈԻՀԻ — Եվ մեր դժբախտությունը:

ՆԱՎԱՊԵՏ — Եվ մեր նավը:

ԵՐԳՉՈԻՀԻ — Ինքնասպան նավ… Արդյոք նա գիտի՞ իր առաքելությունը:

ՆԱՎԱՊԵՏ — Նա հոգի ունի՝ ինչպես ծովը: Նա գիտի իր վայրը, ուր կսուզվի հյուրընկալ ալիքների մեջ…

ԵՐԳՉՈԻՀԻ — Եթե լիներ այդպիսի օպերա՝ «Ինքնասպան նավը», ես կերգեի գլխավոր մեներգը:

ՆԱՎԱՊԵՏ — Դու արդեն երգում ես այդ մեներգը:

ՏՂԱՄԱՐԴ — Ինքնասպան նա՞վ… Ինքնասպաննե՞ր… (Տագնապահար ծեծում է բոլոր դռները: ) Մարդ չկա, ամայություն… (Վազում է իր նավախցի կողմը: Խուճապահար: ) Չէ, ես ապրել եմ ուզում… շա՜տ երկար… շա՜տ, շա՜տ երկար… (Վազում է լուսանցույցի մոտ, ներս նայում և, շվարած, ավելի խուճապով վերադառնում իր նավախուցը: Դուռը բացում է Կինարմատը: )

ԿԻՆԱՐՄԱՏ — Եկա՞ր, ճնճղուկս…

ՏՂԱՄԱՐԴ — Մենք ճնճղուկ չենք արդեն, մենք ջրահեղձներ ենք:

ԿԻՆԱՐՄԱՏ — (փորձում է ներս քաշել) : Արի, ճնճղուկս, երևում է՝ կարգին կազդուրվել ես, բավականին աշխուժացել ես:

ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ աշխուժացել, ես վախեցել եմ: Հիմա դու էլ կվախենաս:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ե՞ս… վախենա՞մ: Քեզ նման չորս տղամարդ կարող եմ մարսել, ճնճղուկս:

ՏՂԱՄԱՐԴ — Այս… նավը… ինքնասպան է:

ԿԻՆԱՐՄԱՏ — (ծիծաղում է) : Նավը՝ ինքնասպա՞ն… Արի, հիմարիկ…

ՏՂԱՄԱՐԴ — Այս նավում մեզանից բացի ուղևոր չկա:

ԿԻՆԱՐՄԱՏ — (փոքրինչ լրջանալով) : Ինչպե՞ս թե՝ չկա:

ՏՂԱՄԱՐԴ — Չկա, միայն Նավապետն է… ու իր կինը, և նրանք… ինք-նա-սպա-նու-թյուն… են գոր-ծե-լու…

ԿԻՆԱՐՄԱՏ — Բա նավը ո՞վ պիտի ղեկավարի:

ՏՂԱՄԱՐԴ — Նա արդեն չի ղեկավարվում: Նա էլ է ինք-նա-սպան…

ԿԻՆԱՐՄԱՏ — (վճռական) : Ես թույլ չեմ տա… Ես Ռիվիերա եմ գնում, որտեղ տղամարդիկ կան և արմավենիներ: Որտե՞ղ է Նավապետը:

Տղամարդը, Կինարմատի ձեոքից բռնած, մոտենում է Նավապետի

սենյակին, դուռը ծեծում է: Սենյակը լուսավորվում է:

ՆԱՎԱՊԵՏ — Այս ի՞նչ է…

ԵՐԳՉՈԻՀԻ — Նավաստին այստե՞ղ է… Դու ինձ խաբեցի՞ր:

Դռան թակոցն ուժեղանում է:

ՆԱՎԱՊԵՏ — Ոչ, թանկագինս, նա վաղուց է հեռացել: Հիմա կտեսնեմ:

Նավապետը բացում է դուռը, ներս են ընկնում

կիսամերկ Տղամարդն ու Կինարմատը:

ՆԱՎԱՊԵՏ — Դուք ովքե՞ր եք:

ՏՂԱՄԱՐԴ — Ուղևոր:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կուրորտնիկներ, ճուտիկս: (Ոտից գլուխ չափելով Նավապետին: ) Թեպետ դու ճուտիկ չես: (Կոկետությամբ: ) Ես իսկապես ուղևոր եմ, մեկնում եմ Ռիվիերա՝ ծովափ: Արմավենիների տակ: Հասկանո՞ւմ ես… (Երգչուհուն.) Դու և՞ս, տիկին:

ՆԱՎԱՊԵՏ — Դուք ինչպե՞ս ընկաք այս նավը:

ԿԻՆԱՐՄԱՏ — Շատ սովորական:

ՏՂԱՄԱՐԴ —  Հա, շատ սովորական: Վճարեցինք ձեր նավաստուն և…

ՆԱՎԱՊԵՏ — Վճարեցի՞ք…

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ կա… Կարող եք հարցնել ձեր նավաստուն: Թեպետ չգիտեմ, թե ուր է կորել: Գուցե կանչե՞ք:

ՆԱՎԱՊԵՏ — Հարկ չկա… Նավում միայն մենք ենք:

ՏՂԱՄԱՐԴ — Առանց ղեկապետի՞:

ԿԻՆԱՐՄԱՏ — (երկիմաստ) : Վատ չէ:

ՆԱՎԱՊԵՏ — (չըմբռնելով) : Վատ չէ՞…

ԿԻՆԱՐՄԱՏ — Իհարկե: Երկու զույգ: Հրաշալի է: Կարող ենք նաև փոխվել: Տեսնում եմ՝ քո գեղեցկուհին հյուծված է:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ երկու զույգ… Սրանք ինքնասպաններ են: (Նավապետին՝ խնդրագին: ) Դուք ինքնասպաննե՞ր եք, հա՞…

ԿԻՆԱՐՄԱՏ — (Տղամարդուն) : Ի՞նչ ես դուրս տալիս, չե՞ս տեսնում՝ սիրահարներ են: Քեզ նման անկար չեն:

ՏՂԱՄԱՐԴ — (լացակումած) : Ես երկար ապրել եմ ուզում ախր… Վերջապես խոսեք, դուք ինքնասպաննե՞ր եք:

ՆԱՎԱՊԵՏ — (հանգիստ) : Մենք ճանապարհորդներ ենք:

ՏՂԱՄԱՐԴ — Առանց նավաստո՞ւ, առանց ղեկի՞…

ՆԱՎԱՊԵՏ — Ղեկն ազատ է և իր ճամփան գիտի: Այս ուղևորության համար ղեկ հարկավոր չէ:

ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ ուղևորություն…

Կինարմատը ցանկանում է ձեռք տալ Նավապետի դեմքին,

նա ետ է պահում: Տղամարդը դես ու դեն է ընկնում նավասենյակի մեջ,

ապա դուրս է վազումՓակ օղակ է: Վերադառնում է Նավապետի սենյակը:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավապետին՝ լալագին) : Ես գիտեմ՝ դուք մե՜ծ մարդ եք: Դուք Աստվածաշունչ եք կարդացել: Դուք բարի եք: Գրած է, չէ՞, «Մի՛ սպանիր»: Դուք ժամանակակից մարդ եք, ձեր դեմքից երևում է, որ ազնիվ հոգի ունեք… (Թուլանում է: ) Ախր ես շատ երկար եմ ուզում ապրել: Դուք ինքնասպանություն եք ուզում գործել, մենք ի՞նչ կապ ունենք դրա հետ:

ԿԻՆԱՐՄԱՏ — (Տղամարդուն) : Սսկվիր, ճնճղուկ, հերիք լաց լինես: (Նավապետին և Երգչուհուն.) Ես ձեզ հասկանում եմ: Ինքնասպանություն… շատ ռոմանտիկ է: Ես սիրում եմ ռոմանտիկ պատմություններ… հատկապես (Նավապետի կողմը) արժանավոր տղամարդկանց հետ:

ՆԱՎԱՊԵՏ — (հերսոտ) : Դուք ինչպե՞ս հայտնվեցիք…

ՏՂԱՄԱՐԴ — Դա ինչ կարևոր է… Կարևոր է, թե ինչպես պիտի անհետանանք այս ինքնասպան նավից:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ես առաջարկում եմ՝ մինչև մեր փառավոր ինքնասպանությունը լավ ժամանակ անցկացնենք: (Երգչուհին հազում է: Երգչուհուն.) Հուսով եմ՝ ձեզ դեռ մի փոքր ժամանակ մնացել է, եկեք օգտագործենք:

ՆԱՎԱՊԵՏ — Լռիր, անզգամ… Թե չէ ծովը կնետեմ:

ԿԻՆԱՐՄԱՏ — (Տղամարդուն) : Այ, սա տղամարդ է: (Նավապետին՝ հրճվանքով: ) Ես քեզ հասկանում եմ, բայց լսիր ինձ… Եկեք հանգիստ որոշենք մեր անելիքը: Գիտեմ՝ քեզ նման տղամարդը ինձ նման կնոջը ջուրը չի նետի:

ՏՂԱՄԱՐԴ — Ես ախր շատ երկար եմ ուզում ապրել…

ՆԱՎԱՊԵՏ — (զբաղվելով Երգչուհու վիճակով: Կինարմատին և Տղամարդուն) : Կարո՞ղ եք պապանձվել:

ՏՂԱՄԱՐԴ — Կարող ենք, կարող ենք, կարող ենք…

ԿԻՆԱՐՄԱՏ — (Տղամարդուն) : Ստոպ… Դու մեքենա քշել չգիտե՞ս:

ՏՂԱՄԱՐԴ — Մեքենա՞… Ի՞նչ մեքենա, մենք նավի վրա ենք: Ինքնասպան նավի… (Նավապետին.) Դուք իրավունք ունե՞ք գիտակցաբար խորտակել նավը:

Նավապետը բարկացկոտ հայացք է գցում Տղամարդու վրա,

նա թաքնվում է Կինարմատի ետևում:

ԵՐԳՉՈՒՀԻ — (Նավապետին) : Գուցե, իսկապես, նրանց ա՞փ տանենք:

ՏՂԱՄԱՐԴ — (աշխուժացած) : Ճիշտ եք, տիկին… Իմաստուն եք, տիկին… (Նավապետին.) Էս ինչ իմաստուն կին ունեք:

ՆԱՎԱՊԵՏ — Այս աղբին ա՞փ հասցնենք:

ԿԻՆԱՐՄԱՏ — (կոկետ) : Ո՞վ է աղբ: Ե՞ս եմ աղբ… Դու ինձ փորձիր, հետո ասա՝ աղբ:

ՏՂԱՄԱՐԴ — Հասցրեք, հասցրեք… Թող աղբ լինենք: Աղբը հո ծովը չե՞ք թափելու: Ձեր սուրբ ծովը, հը՞… Ծովում դուք եք մնալու, չէ՞:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կտուցդ փակիր, ճնճղուկ:

ՏՂԱՄԱՐԴ — Եթե դու չես ուզում, թող ինձ տանեն… Ես պատրաստ եմ աղբ համարվելու:

ՆԱՎԱՊԵՏ — (զզվանքով) : Խղճուկ… Ես ձեզանից եմ փախչում, դու հայտնվեցիր իմ նավի վրա:

ԿԻՆԱՐՄԱՏ — (գործնական) : Նավապետ, եկեք գոնե խորհրդակցենք: (Կոկետ: ) Ձեզ հետ խոսելն էլ ինձ համար հաճելի է: (Նստում է Երգչուհու կողքին: ) Ես ձեզ հետ եմ ուզում լինել: Ինչպես էլ լինեք, որտեղ էլ լինեք: Իսկ սրան կարող եք հենց հիմա ծովը նետել: Նա այնքան փոքր է, որ ծովը չի կեղտոտվի:

Նավապետը խեթ նայում է Տղամարդուն, վերջինս կամաց դուրս է գալիս

միջանցք: Նավասենյակը մթնում է: Միջանցքում Տղամարդը տագնապահար

գնում է աջ կողմը, իսկ ձախ կողմում հայտնվում է Նավաստին՝

թրջված, հյուծված: Նրանք հանդիպում են բեմառաջքում:

ՏՂԱՄԱՐԴ — (խուճապոտ ուրախությամբ) : Դո՞ւ… Դու այստե՞ղ ես: (Գրպանից մի կապուկ փող է հանում: ) Երևի վճարն ես ուզում… Ահա, վերցրու… Ինչքան կուզես…

ՆԱՎԱՍՏԻ — (ուժասպառ) : Սպասիր, դրա ժամանակը չէ: (Գնում է Նավապետի նավասենյակը: )

ՏՂԱՄԱՐԴ — (գլուխը կորցրած) : Կանգնիր: Ասում եմ՝ կանգնիր: (Խնդրագին: ) Դեռ մի մտնի Նավապետի մոտ:

ՆԱՎԱՍՏԻ — Ինչո՞ւ… (Հրում է Տղամարդուն մի կողմ: )

ՏՂԱՄԱՐԴ — Սպասիր, ասացի… ողացող ձեռքերով փորձում է բացել բացովի դանակը: ) Սպասիր, ասում եմ…

ՆԱՎԱՍՏԻ — (ծիծաղելու ուժ չունի: Բռնում է Տղամարդու կոկորդից) : Մուկ…

ՏՂԱՄԱՐԴ — Դու գիտե՞ս, որ Նավապետը ինքնասպանություն է գործելու՝ նավի հետ մեկտեղ:

ՆԱՎԱՍՏԻ — (Տղամարդուն հրում է, նա թավալվում է հատակին) : Ի՞նչ ես դուրս տալիս:

ՏՂԱՄԱՐԴ — Դու է՞լ ես ինքնասպան:

ՆԱՎԱՍՏԻ — Ինքնասպա՞ն… Խելքդ թռցրե՞լ ես:

ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ թռցրել… Քո Նավապետն է խելքից հեռացել:

ՆԱՎԱՍՏԻ — Ինքնասպա՞ն ասացիր:

ՏՂԱՄԱՐԴ — Դու կարո՞ղ ես նավը մենակ ղեկավարել:

Նավաստին մտնում է նավասենյակ: Նավասենյակը լուսավորվում է:

ՆԱՎԱՊԵՏ — Դո՞ւ…

ԵՐԳՉՈՒՀԻ — (Նավապետին) : Դու ասացիր, որ…

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Ինչո՞ւ ես վերադարձել:

ՆԱՎԱՍՏԻ — Չկարողացա: Նավակը խորտակվեց «Աբսոլուտորիումից» քիչ հեռու…

ԿԻՆԱՐՄԱՏ — (Նավաստուն) : Կեցցես: (Մոտենում է Նավաստուն, ստուգում նրա բազուկները: )

ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, որտեղ դուք, այնտեղ և ես:

ՆԱՎԱՊԵՏ — Իսկ որտե՞ղ ենք լինելու մենք:

ՆԱՎԱՍՏԻ — Ինձ ասացին…

ՆԱՎԱՊԵՏ — Այդ խղճո՞ւկն ասաց:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ոչ, ճնճղուկը:

ԵՐԳՉՈՒՀԻ — Հիմա ի՞նչ ենք անելու:

ԿԻՆԱՐՄԱՏ — (վերադառնալով Երգչուհու մոտ) : Անելիք միշտ կճարվի: Մի վախենա, քույրիկս, ես քո կողքին եմ:

ԵՐԳՉՈՒՀԻ — (Նավապետին) : Իսկապես, ի՞նչ է լինելու մեր վիճակը:

ԿԻՆԱՐՄԱՏ — Մեր վիճակը միշտ մեզնից է կախված՝ կանանցից:

ՆԱՎԱՍՏԻ — Նավապետ, խոսքը քոնն է… Ի՞նչ ենք անելու:

ՆԱՎԱՊԵՏ — Այդ խրտվիլակներին դու ես նավ բերել, դու էլ հեռացրու:

Դռան մեջ հայտնվում է Տղամարդը:

ՆԱՎԱՍՏԻ — Ես մեղավոր եմ, բայց ինչպե՞ս և ո՞ւր տանեմ:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ռիվիերայից բացի, ուրիշ տեղ համաձայն չեմ: (Նավապետի կողմը, սիրալիր: ) Կամ կմնամ ձեզ հետ:

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Ինչպես բերել ես, այնպես էլ հեռացրու: Դա քո խնդիրն է:

ՆԱՎԱՍՏԻ — Դրա համար պիտի ափ վերադառնանք:

ՆԱՎԱՊԵՏ — Ոչ մի դեպքում: (Վերանալով ներկաներից: ) Իմ վճիռը հասունացել է երկար ժամանակ և այն բաղկացած է օրերից, ժամերից ու վայրկյաններից: Այդ ճշգրտությունը խարխլել թույլ չեմ տա:

ՆԱՎԱՍՏԻ — Մնում է… մնում է նրանց ծովը գցել…

ԿԻՆԱՐՄԱՏ — (ժպտախառն տարակուսանքով) : Ծո՞վը… Ինչո՞ւ, այստեղ պլյա՞ժ կա:

ԵՐԳՉՈՒՀԻ — (Նավաստուն) : Ի՞նչ ես ասում… Ո՞վ նման բան ասաց:

ՆԱՎԱՍՏԻ — Նայեք չորսբոլորը… Ի՞նչ է մնում անել…

ՆԱՎԱՊԵՏ — Արա, ինչպես ասացիր: Մարդկությունը կորուստ չի ունենա:

ԵՐԳՉՈՒՀԻ — Բայց նրանք երջանիկ են:

ԿԻՆԱՐՄԱՏ — Իրոք, երջանիկ եմ, և դեռ երջանկանալու ինչքան պահ պիտի ապրեմ: Դուք էլ կապրեք: Երջանկությունով լցված է աշխարհը, ինչպես այս ծովը՝ ձկներով: Որսալ է պետք միայն:

ՆԱՎԱՊԵՏ — Դուք էլ կորսաք:

Այդ ընթացքում Տղամարդը գրասեղանից վերցրած ծանր

թանաքամանը իջեցնում է Նավապետի գլխին, նա կորցնում է

գիտակցությունը: Երգչուհին ճչում է: Նավաստին Տղամարդուն

տապալում է գետնին, բոնում նրա կոկորդը:

ՏՂԱՄԱՐԴ — Կաց, Նավաստի… խոսենք…

ԿԻՆԱՐՄԱՏ — (Տղամարդուն ազատում է նրա ձեռքերից) : Չե՞ս լսում, խոսել է ուզում: Խեղդվածի հետ խոսել կլինի՞… (Հիացական զարմանքով է դիտում Տղամարդուն, իսկ Նավաստին փորձում է նորից հարձակվել նրա վրա: )

ՏՂԱՄԱՐԴ — (արագ-արագ) : Դու ո՞ւր պիտի գնաս… Նրանք ինքնասպաններ են, դու է՞լ… Կամ պիտի նրանց հետ սուզվես, կամ քեզ էլ ծովը կնետեն:

Այս խոսքերը Նավաստու խելքին մոտ են, և նա ետ է քաշում ձեռքերը:

Տղամարդը, իրեն կարգի բերելով, բարձրանում է հատակից:

ԿԻՆԱՐՄԱՏ — (զվարթերանգ) : Շարունակիր, ճնճղուկս: Երբեմն ճնճղուկներն արծիվ են դառնում:

Տղամարդը համոզում է Նավաստուն, բայց նրանց խոսակցությունը

չի լսվում: Երգչուհին զբաղված է Նավապետով:

ԵՐԳՉՈՒՀԻ — Նա մահացե՞լ է: Այս ի՞նչ արեցիք, Աստված իմ: Նա այսպես չէր ուզում մահանալ:

ԿԻՆԱՐՄԱՏ — (ստուգում է Նավապետի զարկերակը) : Ոչ, չի մահացել, նավապետերն այդպես հեշտ չեն մահանում: Նրանք միայն խորտակվում են:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն) : Նրան կապել է պետք… Շուտ արեք: Որ գիտակցությունը տեղը գա, բոլորիս խորտակելու է: Քեզ էլ… Ո՞նց չեք հասկանում: (Երգչուհուն.) Ճի՞շտ է, տիկին, դուք խենթ չեք նրա պես… ասացեք, խնդրում եմ:

Բոլորը Երգչուհու խոսքին են սպասում:

ԵՐԳՉՈՒՀԻ — (նրանց հայացքներից ճնշվելով: Ուշացումով) : Այո:

ՏՂԱՄԱՐԴ — Դուք է՞լ… (Դադար: ) Ասացեք, խնդրում եմ:

Երգչուհին թափառ հայացքով աչք է ածում բոլորին ու հանկարծ փլվում,

հեկեկում է: Կինարմատը մոտենում, փարվում է նրան:

ԿԻՆԱՐՄԱՏ — Տես, ինչ արցունքներ են, ամեն մեկը՝ մի մարգարիտ: Ափսոս չե՞ն…

ՏՂԱՄԱՐԴ — (Երգչուհուն) : Նավն է՞լ… (Առանց պատասխան ստանալու, ինքն էլ հաստատում է: ) Նրան էլ: (Նավաստուն.) Տեսնո՞ւմ ես՝ ելք չկա: Կապենք, քանի չի արթնացել:

ՆԱՎԱՍՏԻ — (Երգչուհուն) : Այս բոլորը ճի՞շտ է:

Երգչուհու լացն ընդմիջարկվում է ուժեղ հազով:

ԿԻՆԱՐՄԱՏ — (բարկանալով) : Հանգիստ թողեք, մողեսներ… խլուրդներ…

Նավաստին նայում է Նավապետին, երկբայում է:

ՏՂԱՄԱՐԴ — Մտածելու ժամանակը չի… Հետո ուշ կլինի:

Նավաստին հայացքով ընդգրկում է բոլորին, դուրս է վազում,

վերադառնում է թոկերով ու կապկպում Նավապետին:

Նրան օգնում է Տղամարդը:

ԵՐԳՉՈՒՀԻ — (հեկեկոցի միջից) : Ի՞նչ… եք… անում… Ինչպե՞ս… կարելի է…

Վերջացնում են կապկպելը, լուռ ու հարցական իրար նայում:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն) : Ընտանիք ունե՞ս: (Նավաստին թեթևակի գլխով է անում: ) Երեխաներ ունե՞ս: (Նավաստին գլխով է անում: ) Դու խեղդվել ուզո՞ւմ ես: (Նավաստին գլխով ժխտողական շարժում է անում: ) Դու կարո՞ղ ես ափ հասցնել: (Նավաստին գլխով դրական նշան է անում, բայց տեղից չի շարժվում: ) Ուրեմն՝ շտապիր: Իսկ մենք կհսկենք Նավապետին:

ԿԻՆԱՐՄԱՏ — (մեկ Տղամարդուն է նայում, մեկ՝ ուշաթափ Նավապետին) : Արի ու հիմա որոշիր, թե տղամարդը ո՞րն է:

ՆԱՎԱՍՏԻ — (Երգչուհուն) : Ափ ենք վերադառնալու, տիկին:

ԵՐԳՉՈՒՀԻ — Ես կկարողանա՞մ երգել:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կկարողանաս: Կինը միշտ երգում է, երբ լավ տղամարդու տակն է:

Նավաստին դուրս է գնում: Տղամարդը լուսանցույցից

դիտում է ծովը (հանդիսասրահը) :

ՏՂԱՄԱՐԴ — Նավը ետ է դառնում: Ոչ մի փոթորիկ չի խանգարի, որ ես երկար, շա՜տ երկար ապրեմ:

Դրսից լսվում է ճռռոց, որին հաջորդում է ալիքների

ուժեղ ճողփյունը: Նավապետը աչքերը բացում է:

ՆԱՎԱՊԵՏ — (տակավին շշմած) : Արդե՞ն… այնտե՞ղ ենք:

ԿԻՆԱՐՄԱՏ — Որտե՞ղ, Նավապետ:

ՆԱՎԱՊԵՏ — Այնտեղ…

ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, այստեղ ենք:

Նավապետը ուշքի է գալիս, նայում է շուրջը,

հարցական հայացքն ուղղում է Երգչուհուն:

ԵՐԳՉՈԻՀԻ — Այստեղ ենք, սիրելիս: Եվ դեպի ափ ենք շարժվում…

ՆԱՎԱՊԵՏ — (սթափվելով) : Ա՞փ… Ոչ մի դեպքում: Անկարելի է…

ՏՂԱՄԱՐԴ — Կարելի է, Նավապետ:

ԿԻՆԱՐՄԱՏ — (հեշտանքով) : Ափն ավելի քաղցր է: Պլյա՜ժ… արմավենինե՜ր…

ՆԱՎԱՊԵՏ — (փորձում է ազատվել կապերից) : Քակեք այս թոկերը… (Գոռում է: ) Նավաստի՜, Նավաստի՜…

ՏՂԱՄԱՐԴ — Այդ ծովային հանգույցը միայն Աստված կարող է քակել:

Նավաստին ներս է գալիս:

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն՝ սրտահույզ ձայնով) : Բարեկամ… իմ հին բարեկամ: Ծովային ընկեր: Քանդիր այս կապերը:

Նավաստին երկմտանքով նայում է Նավապետին՝

ի՞նչ անել: Բոլորը լարված հետևում են նրան:

ՏՂԱՄԱՐԴ — Չքանդես, Նավաստի, դա քո մահն է:

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Քանդիր, ասում եմ:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն) : Հիշիր քո երեխաներին…

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Դու իմ Նավաստին ես: Քանդիր:

ՆԱՎԱՍՏԻ — Ներիր, Նավապետ, բայց չեմ կարող:

ՆԱՎԱՊԵՏ — Դու այս խղճուկի՞ն ես լսում:

ՆԱՎԱՍՏԻ — Ոչ, Նավապետ… Ես իմ երեխաների լացն եմ լսում:

ՆԱՎԱՊԵՏ — (Երգչուհուն) : Դու, սիրելիս, կարո՞ղ ես քանդել այս կապերը:

ԿԻՆԱՐՄԱՏ — (Երգչուհու փոխարեն) : Չի կարող: Նա երգել է ուզում… ափին:

ՆԱՎԱՊԵՏ — (Երգչուհուն՝ շատ մեղմ ու վերամբարձ) : Մեր ճամփան, մեր փրկությունը, քո մեծ երգը…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ծովի մեջ երգել չի լինում: Ես փորձել եմ: Բերանդ բացես թե չէ՝ ջուրը կոկորդդ է լցվում:

Կինարմատի խոսքերից Երգչուհու կոկորդը վերստին իրեն

զգացնել է տալիս: Նավաստին շարժվում է դուրս՝ դեպի նավի ղեկը:

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն՝ հավասարակշռված) : Սպասիր… Դու գիտե՞ս, թե քեզ ինչ է սպասվում ափին:

Նավաստին հապաղում է:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն) : Մի լսիր նրան, քեզ ոչինչ էլ չի սպասվում: Դու վկաներ ունես: (Նավապետին՝ քաղցրահայաց: ) Նավապետ, դու մեռնե՞լ ես ուզում: Շատ լավ, քեզ կգցենք ծովը, կկատարենք քո ցանկությունը: (Երգչուհուն.) Իսկ դո՞ւք, տիկին, նույնպե՞ս խեղդվել եք ուզում:

ԵՐԳՉՈԻՀԻ — (հազի միջից) : Ես… երգել… եմ… ուզում…

ՏՂԱՄԱՐԴ — (Նավապետին) : Տեսնո՞ւմ ես, Նավապետ, մնում է միայն՝ նավին հարցնել: Կարծում եմ՝ նա էլ նույն բանը կասի:

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Դու չգիտես, թե քեզ ինչ է սպասվում ափին: Նավը իմ սեփականությունն է, և դու նրա ղեկակալն ես: Եթե ինձ այսպես կապկպած ափ հասցնես, կնշանակի՝ առևանգում: Եթե այս աղբի խելքին ընկնես և ինձ ծովը նետես, կրկին ղու ես պատասխան տալու:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն) : Մի լսիր նրան… Մենք վկաներ ենք:

ՆԱՎԱՊԵՏ — (հուսալքումի հերսոտությամբ) : Քանդիր, ասում եմ:

Նավաստին շարժվում է դեպի ելքը:

ՆԱՎԱՊԵՏ — (մեղմ) : Սպասիր, հին ընկեր… սպասիր…

Նավաստին կանգնում է:

ՆԱՎԱՊԵՏ — Մոտ արի: Մի՞թե իմ խոսքը քեզ համար նշանակություն չի ունեցել: Երբևէ քեզ խաբե՞լ եմ:

ՆԱՎԱՍՏԻ — (փափկում է) : Ոչ, Նավապետ:

ՆԱՎԱՊԵՏ — Իսկ այս խղճուկը երբևէ քեզ ճիշտ բան ասե՞լ է:

ՆԱՎԱՍՏԻ — այում է Տղամարդու կողմը, ուսերն է թոթվում) : Չէ:

ՆԱՎԱՊԵՏ — Դե, տեսնո՞ւմ ես… Նրա բոլոր ասածները սուտ են:

ՆԱՎԱՍՏԻ — (կասկածամիտ) : Հապա ինչո՞ւ ինձ հեռացրիր նավից:

ՆԱՎԱՊԵՏ — Եթե նույնիսկ ճշմարիտ լիներ այն, ինչ կասկածելի է քեզ համար, մտածիր՝ ի՞նչ նպատակով էի ուղարկում քեզ ափ:

ՆԱՎԱՍՏԻ — Որ չլինե՞մ նավի վրա:

ՆԱՎԱՊԵՏ — Կեցցես: Եթե նավը, ասենք թե, իբր պիտի կործանվեր, դու որտե՞ղ կլինեիր:

ՆԱՎԱՍՏԻ — Ափին:

ՆԱՎԱՊԵՏ — Ուրեմն, ո՞վ էր մտածում քո երեխաների մասին՝ ե՞ս, թե՞ այս խղճուկը:

ՏՂԱՄԱՐԴ — (Նավաստուն՝ զգալով, որ իր վիճակը խարխլվում է) : Ես ե՞րբ եմ քեզ խաբել:

ՆԱՎԱՍՏԻ — (հեգնանքով) : Դո՞ւ…

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Ստացվում է՝ ամեն դեպքում ես քո մասին եմ հոգացել: (Նայում է Երգչուհուն: ) Ճի՞շտ է:

Երգչուհին գլխով է անում:

ՏՂԱՄԱՐԴ — (գլուխը կորցրած) : Աբսո՛ւրդ է: (Դիմում է շրջապատին և Աստծուն: ) Աբսուրդ է, չէ՞… Ինչե՜ր են ասում…

ՆԱՎԱՊԵՏ — (Նավաստուն) : Եվ դու ճիշտ կռահեցիր, որ մենք երկար ժամանակ միասին էինք ուզում լինել: Առանձնանալ այն կղզում… Եվ կղզին, ուր գնում էինք, մոտ էր: Դու գիտես:

ՆԱՎԱՍՏԻ — (հավատով) : «Երանություն» կղզին:

ՆԱՎԱՊԵՏ — (հանգիստ, վստահ) : Քանդիր թոկերը:

Նավաստին սկսում է քանդել կապերը:

ՏՂԱՄԱՐԴ — Ախր… ես ուզում եմ շատ երկար ապրել:

Նավապետն ազատ է արձակվում:

ՆԱՎԱՍՏԻ — (Նավապետին) : Հիմա ի՞նչ անենք…

ՆԱՎԱՊԵՏ — (մոտենալով իր գրասեղանին) : Նավը ավլել է պետք:

ՆԱՎԱՍՏԻ – Ավլե՞լ… Նավը կիսով չափ ջրի մեջ է, Նավապետ:

Նավապետը գրասեղանի դարակից հանում է ատրճանակը:

ՆԱՎԱՊԵՏ — Ավլել կարելի է նաև սրանով:

Երգչուհին, տեսնելով ատրճանակը, հագից սկսում է խեղդվել:

Տղամարդը դուրս է պրծնում միջանցք, ապա և՝ տախտակամած,

այսինքն՝ բեմից հեռանում է: Նավապետը՝ նրա ետևից: Կինարմատը

զբաղված է Երգչուհով, որն անշարժացել է, ցնցում է նրա ուսերը,

ապտակում է, հետո հարցական սևեռվում Նավաստուն:

ԿԻՆԱՐՄԱՏ — Չի շնչում…

Նավաստին մեկ դռան կողմն է նայում, մեկ՝ Երգչուհու և,

վերջապես, վազում միջանցք, դուրս գալիս տախտակամած:

Կինարմատը մոտենում է լուսանցույցին, դուրս նայում, որտեղից

կրակոցներ են լսվում, նրա շարժուձևից հասկացվում է, որ տախտակամածի

վրա մեծ իրարանցում է: Հետո մոտենում է անշարժ Երգչուհուն,

քաշումիջեցնում է բազմոցից հատակին, պատից հանում է

գոբելենն ու ծածկում Երգչուհու մարմինը: Ապա շատ հանգիստ նստում է բազմոցին:

Ներս է մտնում Նավապետը՝ մազախռիվ, թրջված: Նրանք երկար նայում են իրար:

ՆԱՎԱՊԵՏ — Ո՞ւր է…

ԿԻՆԱՐՄԱՏ — (ընդհատելով) : Մարեց, վերջացավ…

ՆԱՎԱՊԵՏ — (տեսնելով Երգչուհու մարմինը գոբելենի տակ) : Ի՞նչ արիր…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ես ոչինչ չարի, նա թույլ էր… Կյանքի համար այլևս պետք չէր:

Նավապետը լսում է Երգչուհու սիրտը, նայում դաստակներին և ծնկի գալիս:

ՆԱՎԱՊԵՏ — Այլևս տեղ չէր մնացել: (Վերամբարձ: ) Հիմա նա, վերջապես, երգում է:

ԿԻՆԱՐՄԱՏ — Երգո՞ւմ է… Հնարավոր է: (Դադար: ) Արի, նստիր այստեղ: (Ցույց է տալիս իր կողքը: )

Նավապետը մտամփոփ ու լուռ մնում է Երգչուհու մարմնի մոտ:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ոչինչ չես անի… (Բավականին լռությունից հետո: ) Եթե անշարժ կնոջ  առջև ես ծնկաչոք լինում, պատկերացնում եմ՝ կենդանի կնոջ առջև ինչ կլինես: (Վերստին լռություն է տիրում: ) Ի՞նչ ես անելու որեն՝ լռություն: Դավադիր ժպիտով: ) Չեմ հարցնում՝ ինչ եղան այն երկուսը: (Լռություն: ) Ո՞ւր է գնում նավը: ավապետը սևեռվում է Երգչուհու մարմնին: ) Հերիք ներքև նայես, Նավապետ, իմ կողմը նայիր: (Ուղղում է կուրծքը: )

ՆԱՎԱՊԵՏ — (առանց նրա կողմը նայելու) : Ի՞նչ…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ես ողջ եմ, լսո՞ւմ ես:

Նավապետը պառկում է Երգչուհու կողքին:

ԿԻՆԱՐՄԱՏ — (այդ տեսարանը երկար ու արհամարհանքով դիտելուց հետո) : Քեզ պես տղամարդուն ավելի սազական է վրան պառկել: Կենդանի կնոջ վրա:

ՆԱՎԱՊԵՏ — (առանց նայելու նրա կողմը) : Դա ի՞նչ ես…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ե՞ս… Գլուխդ այս կողմ շրջիր և կտեսնես, որ կին եմ ամեն կողմից: Ամեն ինչի համար:

ՆԱՎԱՊԵՏ — Դու Աստծուց որևէ բան խնդրե՞լ ես:

ԿԻՆԱՐՄԱՏ — (աշխուժանալով, որ վերջապես կապ ստեղծվեց իր և Նավապետի միջև) : Խնդրե՞լ եմ… Իհարկե: Էն էլ ի՛նչ ուժով, ամբողջ իմ էությամբ:

ՆԱՎԱՊԵՏ — (ժամանակ անց) : Ի՞նչ ես խնդրել:

ԿԻՆԱՐՄԱՏ — (ոգևորությամբ) : Տղամա՜րդ… Տղամա՜րդ… Ամբողջ իմ եռանդով… Օր ու գիշեր ցանկացել եմ… Ոնց որ դու ես հիմա՝ և պաոկած ժամանակ, և փողոցում, և արթմնի, և երազում… (Բարձրանում է բազմոցից և մոտենում Նավապետին: )

ՆԱՎԱՊԵՏ — (վերստին ժամանակ անց) : Դիմացը որևէ բան խոստացե՞լ ես:

ԿԻՆԱՐՄԱՏ – Խոստացե՞լ… ո՞ւմ:

ՆԱՎԱՊԵՏ — Աստծուն:

ԿԻՆԱՐՄԱՏ — (շփոթվում է, հետո՝ ճարտարակի) : Իհարկե, խոստացել եմ… խոստանում եմ:

ՆԱՎԱՊԵՏ — Ի՞նչ:

ԿԻՆԱՐՄԱՏ — Ամեն ինչ… Աոաջին հերթին՝ տղամարդ:

ՆԱՎԱՊԵՏ – Տղամա՞րդ…

Կինարմատը պառկում է Նավապետի կողքին:

ԿԻՆԱՐՄԱՏ — Հա, տղամարդ…

ՆԱՎԱՊԵՏ — Ասացիր, որ խնդրել ես տղամարդ, իսկ փոխարենը ինչո՞վ ես հատուցելու:

ԿԻՆԱՐՄԱՏ — (իներցիայով) : Տղամարդով:

ՆԱՎԱՊԵՏ — (գլուխը բարձրացնում է, ուշադիր) : Դու կարող ես հրաժարվե՞լ տղամարդուց:

ԿԻՆԱՐՄԱՏ — (վախեցած) : Ոչ մի դեպքում:

ՆԱՎԱՊԵՏ — (հիասթափվելով) : Ոչ մի դեպքո՞ւմ…

ԿԻՆԱՐՄԱՏ — Ես պատրաստ եմ մեռնել նրա համար:

ՆԱՎԱՊԵՏ — (ուշադրությունը լարելով) : Մեռնե՞լ… Ուզում ես ասել, որ ապրում ես ցանկության և մահվան միացության մե՞ջ: Դու կարո՞ղ ես մեռնել այդ երջանկության դիմաց:

ԿԻՆԱՐՄԱՏ — (հոժարափույթ) : Կարող եմ, սիրելիս, կարող եմ:

ՆԱՎԱՊԵՏ — Եվ Աստված տվե՞լ է:

ԿԻՆԱՐՄԱՏ — (մեքենաբար) : Տվել է, միշտ տվել է, հիմա էլ է տալիս: (Պառկում է Նավապետի վրա: )

ՆԱՎԱՊԵՏ — Եվ կարող ես…

Կինարմատը համբույրներով փակում է Նավապետի բերանը:

ԿԻՆԱՐՄԱՏ — Կարող եմ, քաղցրս, կարող եմ…

ՆԱՎԱՊԵՏ — (հազիվ կարողանալով արտամղել) : Մեռնե՞լ…

ԿԻՆԱՐՄԱՏ — (տարփանքով) : Եվ մեռնել: (Մերկացնելով Նավապետին: ) Եվ մեռնել, և մեռնե՜լ, և մեռնե՜լ…

ՆԱՎԱՊԵՏ — (համբույրների արանքից) : Եվ… գնալ… երանություն…

ԿԻՆԱՐՄԱՏ — (շարունակելով համբուրելով մերկանալ և մերկացնել) : Եվ… գնալ… երանություն…

ՆԱՎԱՊԵՏ — (հազիվ արտաբերելով) : Փըր… կու…թյան մի… ջոց…

ԿԻՆԱՐՄԱՏ — (եռանդախեղդ) : Փրկության մի… ջոց…

ՆԱՎԱՊԵՏ — (աստիճանաբար ընդարմանալով) : Փոթորկի… ընդերքը…

ԿԻՆԱՐՄԱՏ — (կիսամերկ) : Ընդերքը…

ՆԱՎԱՊԵՏ — Մենք կփրկվենք…

ԿԻՆԱՐՄԱՏ — Կը… փըրկ… վենք…

Բեմը մթնում է:

 

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։