Երազանքի հետքերով… / Հասմիկ Գևորգյան
Մարդիկ ունեն լուսավոր իդեալներ, որոնցով ապրում և իմաստավորում են իրենց կյանքը: Այդպես պատահեց մի ծաղրածուի հետ, ով կորցրել էր իր սիրելի աշխատանքը և հայտնվել ընտանեկան պարփակված կյանքի մեջ: Մնում էր միայն երազել, ապրել հիշողություններով և մի օր կրկեսում հայտնվելու հույսերով. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում Արշակ Սեմիրջյանի «Դու էիր պակաս» կատակերգությունն է:
Առաջնախաղի առիթով թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը նշեց. «Թատրոնը քաջ գիտակցում է, որ առանց երիտասարդ արյունի գոյություն ունենալ չի կարող»: Այս միտքը հաստատվում է նրանով, որ «Դու էիր պակաս» պիեսի հեղինակը երիտասարդ դրամատուրգ Արշակ Սեմիրջյանն է: Իսկ ռեժիսորը՝ երիտասարդ ստեղծագործող Արմեն Մարգարյանը։
Ներկայացման կրկեսային ձևավորումը օգնում է կատակերգության մեկնաբանմանը: Բեմի կենտրոնական հատվածում՝ կրկեսային վրան, հեռապատկերի վրա ուրվագծվում է արևը, բեմահարթակի տարբեր հատվածներում գնդակներ, գունավոր թմբեր, ետնապատկերում՝ չորս ծաղրածուի դերակատարներ (Սիփան Զադոյան, Վարդան Գևորգյան, Արամ Մխիթարյան, Հայկ Խանամիրյան), ովքեր մերթընդմերթ հայտնվում էին տարբեր տեսարաններում որպես Ծաղրածուի պատրանքային ուղեկիցներ
Վարագույրը բացվելուն պես (նկարիչ՝ Մ. Մուրադյան) թվում է, թե սկսվելու է կրկեսային շոու, մինչդեռ… Ծաղրածու — Արմեն Մարգարյանի և նրա կնոջ՝ Անի Քոչարյանի խոսակցությունը թեժ է: Ծաղրածու — Արմեն Մարգարյանը կորցրել է աշխատանքը և երազում է կրկին ասպարեզում հայտնվել: Այդ է պատճառը, որ ռեժիսորը բեմում ստեղծել է գլխավոր հերոսի երազած աշխարհը. կրկեսային կյանքը, որն իրականում իրեն հոգեհարազատ էր և դարձել է ապրելակերպ: Ներկայացման երաժշտական ձևավորումը (Ա. Մարգարյան) միահյուսվում է բեմական տրամադրությանը:
Ա. Մարգարյանի հերոսը սկզբից ևեթ ներկայանում է ծաղրածուի հագուկապով, ինչը կարծես անհամոզիչ էր հանդիսատեսի համար: Կեսգիշերին, նրա՝ «կթողնեք քնեմ» խոսքերը հավատ չեն ներշնչում: Սակայն տեսարանների ընթացքում մի շարք մանրապատումների, կերպարների գրոտեսկային հագուկապի ու վարքագծի, կրկեսային դեկորատիվ լուծումների ամբողջության մեջ սկսում ես կերպարը այլ համատեքստում դիտարկել և հավատալ նրան: Թեև Ծաղրածուի կերպարը թատերայնության առումով շահում է, սակայն հանդիսատեսը այլևս չի կարող տեսնել՝ ինչով է պայմանավորված հերոսի տրտմությունը՝ չէ՞ որ նա երազում է…
Յուրաքանչյուր տեսարանում ռեժիսորը ուշադրություն է դարձնում ծաղրախաղի մանրամասների, շտրիխների, ինչի արդյունքում ընտանեկան խճճված իրավիճակները կրկեսային խառնաշփոթ են հիշեցնում: Տեսարաններից մեկում ամուսինների երկխոսությունը սեղանի շուրջ նմանվում է ատրակցիոնի: Բեմի կենտրոնում դրված թախտը փոխակերպվում է սեղանի և նրանք բաժակները միմյանց գլորելով են փոխանցում՝ տեսարանը հիշեցնում է մշակված կրկեսային համար:
Կատակերգության ժանրի համաձայն՝ անսպասելի այս ընտանիք է ներխուժում անծանոթ մեկը: Սիրելիի ծննդյանը շտապող, բայց բնակարանը շփոթած երիտասարդի դերակատար Հարություն Մելիք Բեկյանի սխալմունքը դառնում է գործողությունների զարգացման, վառ, ծիծաղաշարժ դրությունների պատճառ: Այս արագախոս, արագաշարժ, արտահայտիչ դիմախաղով, նյարդային վիճակը կատակերգության հասցնող երիտասարդը, ով բնակարան է ներխուժել շամպայնով ու ծաղկեփնջով, դռան փականի անսարքության պատճաով ստիպված է ամբողջ ներկայացման ընթացքում թաքնվել մահճակալի տակ: Կարծես թե կրկեսային համարները շարունակվում են և նոր խոչընդոտներ են ծառանում Ծաղրածուի առջև: Հանդիսատեսը տեսնում է՝ ինչպես է կինը երիտասարդին թաքցնում ամուսնուց, այս գործընթացին միանում էր նաև զոքանչ մայրիկը (դերակատար՝ Կարինե Բուռնազյան)։ Օտար մեկին բնակարանում տեսնելուց նրա ուշաթափվելը, սպիտակ վերնաշապիկին սուրճ թափելը ստեղծում են անհարմար իրավիճակներ, ինչը դերասանները ներկայացնում են թեթև ու զվարճալի խաղաոճով:
Ռեժիսորի մտահղացմամբ՝ կարևոր էր ստեղծել կրկեսային խճանկար՝ցույց տալով նաև այդ անցուդարձի կենտրոնում հայտնված հերոսի միայնությունը, ներքին թախիծը, չէ՞ որ բախվում են Ծաղրածուի երազական աշխարհն ու իրականությունը: Նա կորցնում է իրականության ու իդեալների սահմանը և իր երազների մեջ է ներքաշում նաև կնոջը: Փոխակերպված ձայնների օգնությամբ, մնջախաղի պատկերով Անի Քոչարյանը Ծաղրածուի հետ ներկայացնում է մանրապատումը նույնքան վարպետորեն, որքան ծաղրածուները:
Բեմական հագուստները ոճավորված են՝ զավեշտական ընգծված շտրիխներով: Ռեժիսորն օգտագործել է մի շարք պարագաներ, արդուզարդ, որոնցով հերոսները կարծես դառնում են Ծաղրածուի խաղընկերները: Զոքանչ — Կարինե Բուռնազյանի ձեռքի սուլիչ խաղալիքը, որի օգնությամբ հրաման է արձակում, ինչպես նաև խաղալիք նետ ու աղեղով փեսային քնից արթնացնելը. Ծաղրածու — Ա. Մարգարյանը հայտնվում է նետը ճակատին: Կատակերգական արտահայտչամիջոցների մեջ է նաև երիտասարդ աղջկա՝ Հասմիկ Վերդյանի վզից կախված պարանը, որը դերասանուհու գործողությունների ընթացքում իր ետևից տանում էր չհաջողված ինքնասպանության փորձի ապացույցը՝ գունավոր լուսամփոփը, Զոքանչի փռշտալն ու դուռ բացվելը, Բանաստեղծ — Վանիկ Մկրտչյանի խաղալիք արջուկը. այս տեսակ մանրամասները ավելի ու ավելի են այդ խճճված պատմությունը կառուցում:
Հանգուցալուծման ճանապարհին բոլոր հերոսները մեկտեղվում են: Դերակատարները մահճակալի շուրջն են խմբված, Հարսնացու — Հասմիկ Վարդյանը Փեսացու — Հարություն Մելիք Բեկյանի ոտքերից քաշելով՝ դուրս է հանում մահճակալի տակից: Իրարանցման մեջ Փեսացուն ծնկում է Հարսանցուի առջև և՝ «Կամուսնանա՞ս ինձ հետ»…
Այս խճճված պատմությունը՝ որպես կրկեսային մեծ համար, ավարտվում է ցնծությամբ: Իսկ կենտրոնում Ծաղրածուն է, ում թվում է՝ երկուժամյա ներկայացումը իր երազն է: Այդ երազը կարծես իրականություն է դառնում, դրան օգնում են ծաղրածուները: Ծաղրածու — Արմեն Մարգարյանի «Աշխարհը, որտեղ ամեն ինչ գեղեցիկ է»,- հնչում է կիսալուսնի ներքո՝ մունջ մանրապատումային համարով: Կրկեսի արտիստները ձեռքի ափի մեջ ցուցադրում են իրենց լուսավոր, բարի մոլորակը:
«Մենք կանք»,- ասում են ծաղրածուներն ու հեռանում բեմի խորհրդավոր լույսերից այն կողմ: Պատահական դիպվածը դարձավ իսկական ատրակցիոն՝ նմանվելով կրկեսային ներկայացման. խաղերով, վտանգներով, հույզերով, իսկ վերջում՝ բարի, երազային ավարտով:
Խոշոր, գունավոր գնդակը, որ ներկայացման սկզբում հայտնվեց «կրկեսային մոլորակ» բեմում՝ ֆինալում բազմապատկվում է: Այդ գունավոր մոլորակներն անցնում են հանդիսատեսի գլխավերևով, և սկսվում է յուրահատուկ խաղ: Հանդիսատեսի ձեռքերում է ծաղրածուի աշխարհը, «աշխարհները», որոնք հանդիսատեսին են փոխանցում ՛՛Ես կամ, Մենք կանք՛՛ ուղերձը: