ԱՐԹՈՒՐ ԱԴԱՄՈՎ / ԾԱՂՐԱՊԱՏՈՒՄ

Երբ ֆրանսահայ լրագրողը 20-րդ դարի խոշորագույն թատերագիր՝ աբսուրդի թատրոնի հիմնասյուներից մեկին, թատրոնի տեսաբան, բանաստեղծ ու արձակագիր, թարգմանիչ (գերմաներենից ու ռուսերենից) Արթուր Ադամովին հարցնում է, թե ի՞նչն է նրան կապում հայկական արմատներին, ֆրանսիացի գրողը պատասխանում է.

«Լեզուն, ցավոք, չգիտեմ, բայց հիշում եմ, որ տատս, Բահաթուր գրչանունով, պատմական-դիցաբանական թեմաներով թատերախաղեր էր գրում:

«Արտավազդն», օրինակ, մինչև հիմա չեմ մոռանում»:

Արթուր Ադամովը՝ Հարություն Ադամյանը, ծնվել է 1908 թ.-ին, Կիսլովոդսկում, շուշեցի նավթարդյունաբերողի ընտանիքում: Շվեյցարիայում, Գերմանիայում ու Ֆրանսիայում ուսանելուց հետո վերջնականապես հաստատվել է Փարիզում, համաշխարհային հռչակի հասել հատկապես թատերախաղերով («Պինգ-պոնգ», «Պաոլո Պաոլի», «71-ի գարունը» և այլն):

Ցավոք, իր ժամանակի մեծագույն հեղինակներից մեկը հավատարիմ մնաց ընտանեկան տխուր ավանդությանը՝ ինչպես հայրը, 62 տարեկանում կյանքն ինքնասպանությամբ ավարտեց:

Մի քանի ձախողված փորձերից հետո…

 

 

Մարթա Ռոբերին,բարեկամը՝ Ա.Ա.

Գործող անձինք

ԾԱՌԱՅՈՂ

Ն.

ԼՐԱԳՐՈՂ

ԼԻԼԻ

«ԱՎԸՆԻՐ»-Ի (1) ՏՆՕՐԵՆ

ԸՆԴՈՒՆԱՐԱՆԻ ՀԵՐԹԱՊԱՀ

ԿԱՌԱՎԱՐԻՉ

ԽԵՂՃ ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ

ԶՈՒՅԳ

ԱՌԱՋԻՆ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

ՄԱՔՐԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                   ԱՌԱՋԻՆ ԲԱՆՎՈՐ

ԵՐԿՐՈՐԴ ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ

ՄԱՔՐԱՀԱՐԴԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ

                                   ԵՐԿՐՈՐԴ ԲԱՆՎՈՐ

 

ԲԵՄԱԿԱՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐ

Թատերախաղի սկզբից մինչև վերջ յուրաքանչյուր դերակատար պետք է պահպանի կեցվածքը՝ խոսելու, քայլելու ձևերը՝ դրսևորելով

մարմնավորած կերպարի հաստատակամությունը:

Կերպարների հանդերձները, որոնցով հայտնվում են ներկայացման սկզբում, ինչպես նաև հարդարանքները, չեն փոխվում՝ բացառությամբ Լիլիի, ում հագուստների բազմազանությունը մատնում է նկարագիրը:

Ծառայողը, ով մշտական շարժման մեջ է, հեղհեղուկ դրսերևույթ ունի, քայլում է բոլոր ուղղություններով (նույնիսկ՝ ետ-ետ):

Ն.-ն թվում է, թե չկամությամբ է տեղաշարժվում: Ձայնը թավ է: Ընդհանուր առմամբ խիստ է ու հավասարակշիռ:

Լիլին խաղարկուն հնչերանգով է խոսում: Քայլվածքը նորաձևություն ցուցադրող պչրուհու է հիշեցնում:

Լրագրողը սառնարյուն է, միշտ իրեն նման:

Գրեթե երբեք զրուցակիցներին չի նայում:

Հիշել, որ ամբողջ թատերախաղի ընթացքում քաղաքում շուրջկալներն իրար են հաջորդում: Ուրեմն անընդհատ սուլիչների, ինքնաշարժերի, ոստիկանական բարձրախոսների ձայներ են հնչում,

լուսարձակներ փայլատակում:

Այս ցուցումների միակ նպատակը թատերախաղի «ծաղրապատումային» բնույթն ընդգծելն է: Խուսափել հատկապես «ոճավորումից»: Կերպարների աբսուրդ պահվածքը, նրանց ձախավեր շարժումները և այլն, խիստ բնական պիտի թվան, ամենաառօրեական

իրականությունը ներկայացնեն:

 

ԲԵՄԱԿԱՆ ՀԱՐԴԱՐԱՆՔԸ

Իրականում, թատերախաղի սկզբից մինչև վերջ, տեսարանը նույնն է: Բեմառաջքում ավելանում են տարբեր բեմիրեր՝ քաղաքային ժամացույց, ցուցապաստառ, ծառ և այլն:

Խորքում քաղաքի լուսանկարչական համապատկերն է: Բոլոր գործողությունները տեղի են ունենում այդ համապատկերի առաջ:

Սև-սպիտակի տպավորություն ստեղծել: Դրա համար բեմիրերը թերևս հարկ լինի ներկել գորշ գույնով կամ պղտոր կապույտով. ամեն դեպքում բեմիրերը լուսավորել այնպես, որ միախառնվեն հետնանկարին:

Ներկայացումը պետք է տարբեր միջավայրերի պատրանք ստեղծի: Ընդհանուր առմամբ բեմական հարդարանքը մնում է նույնը, միայն առանձին տարրեր են տեղաշարժվում: Բեմիրերը նույն տեսարանները

ներկայացնում են տարբեր դիտակյունից:

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ՆԱԽԱՍԿԻԶԲ

Զույգը և հանձնակատարներից մեկը կանգ են առնում ամեն կողմից տեսանելի (պատեր չկան) թատերասրահի մուտքի մոտ: Նստաթոռների բազմաթիվ շարքեր տեղադրված են բեմի խորքում երևացող հարթակի դիմաց, որի վրա ետ-առաջ է քայլում Լիլին:

Ձախում՝ ցուցապաստառ, որի վրա կարելի է կարդալ «Սերը հաղթանակում է»: Աջում՝ թույլ լուսավորված քաղաքային ժամացույց, որի թվացույցը սլաքներ չունի: Զույգը լուռ խոսակցությամբ է տարված: Լսվում է զանգի ղողանջ, հետո՝ սուլիչի ձայն: Զույգը և հանձնակատարը տեղավորվում են նստաթոռներին: Գրեթե միաժամանակ նախորդներին չափազանց նման մի ուրիշ զույգ ու մի ուրիշ հանձնակատար են հայտնվում, զբաղեցնում իրենց տեղերը: Անում են այն, ինչ անում է առաջին զույգը: Լիլին շարունակում է գնալ-գալ հարթակի վրա: Անսպասելի՝ հետնաբեմից ձայն է լսվում:

ՁԱՅՆ — Մեկ մետր ութսունհինգ: Այո՛, բարձրահասակ եք: (Լռություն:) Տեղում մնացեք: Մի՛ հենվեք: Առանց հենվելու: Ի՞նչ եք տեսնում այդտեղ:

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ — Ոչինչ:

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ — Իսկ մյուս աչքո՞վ: Առանց հենվելու…

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ — Ոչինչ չեմ տեսնում: Միայն…

Աջ կողմից մտնում է Ծառայողը մարզազգեստով, քաթանե կոշիկներով:

ԾԱՌԱՅՈՂ — Ի՜նչ լավ մտածեցի, որ որոշեցի արձակուրդս այստեղ անցկացնել: Ես չեմ երազում՝ այս փողոցն ուրիշ ոչ մի փողոցի նման չի, ինձ ոչինչ չի հիշեցնում: Ահա՛ այնտեղ կինոթատրոն կա, առջևում ծառեր կան: Ծառերը վերածննդի խոստումներ են: (Ծիծաղում է): Այստեղ գոնե տեսադաշտը փակող տներ չկան: Եթե եղանակն ավելի պարզ, այսքան մթամպած չլիներ, հաստատ կերևային դաշտերը… Ավելի հեռուն էլ կերևար՝ այնքան հեռու, որքան աչքը կարող է կտրել:

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ — Մոտիկից լա՞վ եք տեսնում:

ԵՐԿՐՈՐԴ ՁԱՅՆ — Այո՛, այո՛:

ԱՌԱՋԻՆ ՁԱՅՆ — Խորքը գնացեք, ամենախորքը…

Լիլին դուրս է գալիս ձախ կողմով:

ԾԱՌԱՅՈՂ — Եթե միայն կարողանայի որևէ կնոջ հանդիպել: Ի վերջո, դա բնավ էլ անհնարին չէ: (Մոտենում է հերթի սպասողներին:) Ակնհայտ է, որ այստեղ նման հանդիպումը քիչ հավանական է, բայց քաղաքում ուրիշ թաղամասեր էլ կան: Բոլոր կանայք չէ, որ ուղեկցողներ ունեն: Պարզապես փոքր-ինչ համբերություն, համառություն է պետք: Ժամանակի հարց է: (Հանձնակատարին.) Ներեցե՛ք, պարոն, ժամը քանի՞սը կլինի:

ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ — Քաղաքային ժամացույցն ուղիղ ձեր դիմաց է:

ԾԱՌԱՅՈՂ — (նայելով անսլաք ժամացույցին): Գիշերը փոքր-ինչ մթնոտ է, լավ չեմ տեսնում: (Զույգի տղամարդուն:) Ժամացույց կունենայի՞ք, պարոն:

ՀԱՆՁՆԱԿԱՏԱՐ — (կարծես Ծառայողն իրեն է դիմում): Եթե քեզ հարցնեն, կասես, որ քեզ չեն ասել:

Նորից զանգի ղողանջ է լսվում: Առաջին զույգն ու առաջին հանձնակատարը վեր են կենում, հեռանում: Երկրորդ զույգն ու երկրորդ հանձնակատարը զբաղեցնում են նրանց տեղերը:

ԾԱՌԱՅՈՂ — Ես արդեն զանազանում եմ… զանազանում… Բացի դրանից, բարեբախտաբար բոլորն այստեղ պատրաստակամ են, ճանապարհն ինձ հաստատ ցույց կտան: Արդեն գտա քաղաքային ժամացույցը… Ինչպե՜ս են սլաքները պտտվում: Հազիվ են երևում, հավանաբար հենց արագության պատճառով: Ո՞վ կարող է հետևել: (Դուրս է գալիս:)

Բեմը մթնում է:

Առաջին պատկեր

Բեմական նույն հարդարանքը: Միայն բեմիրերի տեղերն են փոխվել: Քաղաքային ժամացույցն ու ցուցապաստառը, որոնք նախասկզբում իրարից հեռու էին, մոտեցված են, որպեսզի նոր տեսապատկերի տպավորություն ստեղծեն:

Ժամացույցի տակ, գետնին, մեկնված է Ն.-ն: Նա հագել է շատ կարճ, սև կոստյում՝ անդրավարտիքի փողքերը հասնում են մինչև սրունքները, թևքերը՝ դաստակները: Աջից՝ անսովոր հանգուկապով հայտնվում է Լիլին: Գլխարկն արտառոց է՝ անճաշակ փետուրներով: Նա կարծես ինչ-որ մեկին կամ ինչ-որ բան է որոնում: Դարձյալ աջից, գրեթե միաժամանակ, հայտնվում է Ծառայողը:

ԾԱՌԱՅՈՂ — Ի՞նչ եք որոնում, օրիորդ: Թերևս ե՛ս կարողանամ օգտակար լինել: Համենայնդեպս՝ շատ կուզեի:

ԼԻԼԻ — Ոչինչ էլ չեմ որոնում: Ինձ են որոնում: Դրանք տարբեր բաներ են:

ԾԱՌԱՅՈՂ — Ափսո՜ս: Ես նորեկ եմ քաղաքում, բայց ծակուծուկերն արդեն բավական լավ գիտեմ: Չափազանց շատ եմ տեղաշարժվում՝ այդ պատճառով:(Լռություն:) Երբ անշարժ եմ, թվում է՝ գոյություն չունեմ, քայլելիս եմ միայն ապրում, այդ ժամանակ է միայն միտքս արագ գործում: Ու իմ ուշադրությունից ոչինչ չի վրիպում, ընդ որում՝ հոգով-մարմնով եմ մտասևեռվում:

ԼԻԼԻ — Քայլելը թերևս միակ զբաղ­մունքն է, որին կարելի է տրվել քաղաքում: Բայց, պարո՛ն, դա  ինձ դիմելու պատճառ չէ:

ԾԱՌԱՅՈՂ — Իհարկե, իհարկե… պարզապես ուզում էի… բացատրել: Ես ձեզ ճանաչել, ուզում եմ ասել՝ նկատել… մի խոսքով՝ ձեզնով հիացել եմ շա՜տ վաղուց:

ԼԻԼԻ — (հեգնանքով): Ջրհեղեղից առա՞ջ, թե՞ հետո:

ԾԱՌԱՅՈՂ — Ինչպե՜ս, դուք ինձ հիշո՞ւմ եք: Չեք կարող պատկերացնել, թե ինչպես եք ինձ երջանկացնում: (Լռություն:) Դուք համաշխարհային սանդղակի ամենավերին աստիճանակարգում էիք: Մի լուսաշող ու դալուկ մշուշ էր ձեզ պարուրում: (Լռություն:) Ի՜նչ գեղեցիկ եք: (Լռություն:) Դուք ունեք բերան, աչքեր, մազեր…

ԼԻԼԻ — (ծիծաղելով): Բնականաբար:

ԾԱՌԱՅՈՂ — Դուք ինքներդ ձեր արեգակն եք, ձեր սեփական լուսե կացարանը:

ԼԻԼԻ — Իրոք, ինձ թվում է, ձեզ ինչ-որ տեղ տեսել եմ: Գուցե «Շափեղոնվեղ»-ո՞ւմ (2): Այնտեղ երբեմն լինո՞ւմ եք: Սրահը շատ հաճելի է, չնայած փոքր-ինչ մթնոտ է:

ԾԱՌԱՅՈՂ — Ի՜նչ լավ եմ ձեզ հասկանում: Ես շա՜տ եմ սիրում, որ դուք սիրում եք այն, ինչ ես եմ սիրում՝ օրը, կյանքը, կրակը, սերը: Մի խոսքով, ձեր մեջ իսկույն կենսականություն՝ ապագայի երաշխիք զգացի: (Լռություն:) Այո՛, հավանաբար հենց «Շափեղոնվեղ»-ում ենք հանդիպել: Դուք կանգնած էիք մեջքով դռանը շրջված: Խորքում, աջ կողմում… ավելի շուտ՝ ձախում… բնականաբար, եթե դեմքով հաշվեսեղանին ես նայում… (Լռություն:) Դուք այնքան էիք տարված ձեր մտքերով, համակված էիք լուսե անուրջներով, որ չհամարձակվեցի ձեզ խանգարել: Չի երևում, չէ՞, բայց ես ամաչկոտ եմ: (Լռություն:) «Շափեղոնվեղ» անվանումն ինձ դուր է գալիս: Կանաչը կյանքի համապարփակ կրողն է, բուռն եռանդի պահեստարանը: Նաև հույսի գույնն է: Վստահ եմ, որ այն ձեզ դուր է գալիս:

ԼԻԼԻ — Բոլոր գույներն են ինձ դուր գալիս: Դա առաջին հայացքից էական կարող է չթվալ, բայց իմ մասնագիտության համար չափազանց կարևոր է: Ես մանեկեն եմ:

ԾԱՌԱՅՈՂ — Հենց այդ մասին էի ուզում ձեզ հետ խոսել: Այն, ինչ ասելու եմ, ձեզ վերաբերվում է նույնքան, որքան որ ինձ, ուստի կխնդրեի ամենայն ուշադրությամբ լսել: (Լռություն:) Դա ինձ համար աննկարագրելի ուրախություն կլինի: Լարված լսող դեմքն արդեն մասամբ սիրո դեմք է: (Լռություն:) Ես նահանգային առևտրական տան ներկայացուցիչ եմ, բավական գոհացուցիչ եմ վաստակում իմ ապրուստը՝ ամսական երկու կայուն թղթադրամ է: Դա, իհարկե, մեծ հարստություն չէ, բայց այդ օրն էլ կարող է գալ… Ինձ պաշտոնի առաջխաղացում են խոստացել, աշխատավարձս թերևս կայուն չի լինի, բայց այլ եկամուտների հնարավորություն կունենամ: Հիմա, որ դուք հայտնվել եք իմ կյանքում, այդ առաջխաղացումը չպետք է ուշանա: Երջանկությունը երջանկություն է բերում: Հենց կարմիրը հայտնվում է, սևն ընդունում է իր պարտությունը: Կարմիրն արդեն ի հայտ է եկել, քանի որ մենք իրար սիրում ենք:

ԼԻԼԻ — (ծիծաղելով): Դուք շատ զվարճալի խոսելաձև ունեք: Իսկ բոլորն այսօր կարծում են, թե պարտավոր են լուրջ լինել: Աստված գիտի՝ ինչու: Ես էլ եմ հրաշքով պահպանվել, երեխա մնացել:

ԾԱՌԱՅՈՂ — Մենք ստեղծված ենք մեկս մյուսի համար, ինչպես երկինքը՝ երկրի, երկիրը՝ երկնքի: Դուք կին եք, ես՝ տղամարդ, մենք մի զույգ ենք: Ես միշտ եմ իմացել, որ դուք ուզել եք ձեր հայացքի ներքո բազմացող երեխաներ ունենալ: Դա իմ ցանկությունն էլ է: Երբ սերը հավասարազոր է սիրուն, առաջարկը համընկնում է պահանջարկին: (Լռություն:) Եթե ձեր սիրտը ձեզ հուշում է, կարող եք ինձ հետ իմ հայրենի քաղաքը գալ: Դուք կսիրեք մեր լուրթ, անամպ երկինքը: Չնայած ինքս էլ կարող եմ հարմարվել այստեղի եղանակին: Երբ մարդ այնպիսի մասնագիտություն է ունենում, ինչպիսին իմն է, ոչինչ նրան չի կաշկանդում: Ես արդեն գիտեմ այստեղի աշխատանքի տեղավորման գրասենյակի հասցեն: Այն, ըստ երևույթին, շատ դժվար է ձեռք բերել, քանի որ հիմնարկը հաճախ տեղափոխվում է… Կարևորը առաջին քայլն է: Ձեր կապակցությամբ ես, բացի կացարանից, այլ մտահոգություն չունեմ: Այստեղ կարծես միայն… վերևի հարկերում է հնարավոր սենյակ վարձել: Վախենում եմ, որ վերելակից հաճախ օգտվելիս նեղվեք, քանի որ բազմիցս նկատել եմ, հատկապես բարձրանալիս անսպասելի խափանվում են: Բոլոր դեպքերում դուք որոշեք, ես չեմ ուզում ձեր վրա ազդել:

ԼԻԼԻ — Ժամը չէի՞ք ասի:

ԾԱՌԱՅՈՂ — Ուղիղ մեր դիմաց քաղաքային ժամացույց կա:

ԼԻԼԻ — (նայելով անսլաք ժամացույցին): Աստվա՜ծ իմ: Արդե՛ն: Մի՞թե հնարավոր է: Եթե այսքան երկար շատախոսում եմ, հաստատ գժվել եմ: Ինձ նորից կհանդիմանեն: Հավանաբար դա ձեզ համար միևնույնն է: Ինչ եսասերն եք:

Անսպասելի, ետնաբեմից, տարբեր կողմերից, ավել կամ պակաս մոտիկից ու հեռվից ձայներ են լսվում:

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Լիլի՛, մենք միայն ձեզ ենք սպասում: Արդեն սեղան ենք նստել: Ձմեռային արևը ցոլցլում է մեր բաժակներում, երկինքն անամպ է:

ՈՒՐԻՇ ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ — Լիլի՛, Լիլի՛, ես քեզ սպասում եմ, որտե՞ղ ես: Նավն ուր որ է բարձրացնելու է խարիսխը: Վերջին ուղևորներն անցան կամրջակը: Մի ծեր կին լաց է լինում ավազի բլրակի վրա: Ի՞նչ է պատահել:

ՏԱՐԲԵՐ ՁԱՅՆԵՐ — Լիլի՛, Լիլի՛:

ԼԻԼԻ -(ծիծաղելով): Ահա՛ և ես:

ԾԱՌԱՅՈՂ — (բռնելով Լիլիի ձեռքը): Կուզեի… մինչ ձեր հեռանալը: Դեմ չե՞ք… չէ՛, մյուս օրը փոքր-ինչ ուշ է, ավելի լավ է վաղը: Մի խոսքով՝ ինչպես ձեզ է հարմար: Ես չափազանց զբաղված եմ, բայց հանուն ձեզ ազատ ժամանակ կգտնեմ: Ես ձեզ խոստանում եմ… ճիշտ ժամը 9-ին Ռուայալի (3) առաջ լինել:

ԼԻԼԻ — (հեռանալով): Թողնենք պատահականությանը, համաձա՞յն եք: Այն ամեն ինչ իր ճիշտ տեղը կդնի: Շատ ուրախ եմ ձեզ հետ ծանոթանալու համար: Մինչ առաջիկա հանդիպում՝ հուսով եմ:

Նա ձախից աջ՝ դեռևս մեկնված Ն.-ի ուղղությամբ կտրում է բեմը:

ԾԱՌԱՅՈՂ — (Լիլիի հեռանալը չի նկատել): Չգիտեմ, ինչպես ձեզ շնորհակալ լինեմ: Ոչ մի բառ չի կարող արտահայտել իմ ուրախությունը… Ժամը ուղիղ 9-ին «Կոնտինանտալ»-ի (4) մոտ… Ինչքան երկար որ հարկ լինի՝ ձեզ կսպասեմ: Քառորդ ժամը նույնիսկ ինձ ոչինչ կթվա, քանի որ ամեն ակնթարթը ձեզնով կապրեմ, իմ մեծ սեր:

Դուրս է գալիս աջ կողմով: Լիլին, հայտնվելով բեմի մյուս ծայրին, կանգ է առնում Ն.-ի առաջ:

Ն. — (արմունկին հենվելով՝ ուղղվում է): Ես ձեզ սպասում էի, Լիլի: Վստահ էի, որ ձեզ տեսնելու եմ:

ԼԻԼԻ — Ձեր կանխազգացումը ձեզ խաբել է: Սա սոսկ պատահականություն է… Պարզապես ես անցնում էի: Արդեն բավական ուշացել եմ: Ինչ էլ որ անում եմ, միշտ ուշանում եմ, որի համար ինձ հանդիմանում են: Դրանից ես ինձ շատ վատ եմ զգում:

Ն. — Այն պահից, ինչ այստեղ եք, ես ինձ այնքան լավ եմ զգում: Հենց միայն ձեր ներկայությունը վերականգնեց իմ ուժերը: Ես կարող եմ ոտքի ելնել, քայլել, նույնիսկ մեռնել կարող եմ:

ԼԻԼԻ — Հենց նեղություն եք ունենում, կարծում եք, որ ձեզ չեն սիրում, կարծում եք՝ ձեզ լքում են: Մինչդեռ անախորժություններ ո՞վ չունի: Ընդ որում՝ յուրաքանչյուրն իրենը: (Լռություն:) Գթասրտության համար ժամանակ է անհրաժեշտ, որը ես չունեմ: (Լռություն:): Ինչպե՞ս եք ուզում…

Ն. — (ձեռքը դնում է սրտին): Ես միայն խնդրում եմ դադարեցնել այս ծիծաղելի թիկ-թակը՝ այս ժամացույցը, որով բոլորն իրենցը ուղղում են:

ԼԻԼԻ — Եթե ուզում եք, որ ձեզ հասկանան, ավելի պարզ խոսեք: (Լռություն:) Այդպես, գետնին, ձեզ լա՞վ եք զգում: Ոնց որ երեխա լինեք: Հեչ չեք ուզում ձեզ նեղություն տալ: Իսկույն երևում է, որ հարմարավետություն եք սիրում:

Ն. — Լիլի՛, մի ժամանակ ինձ խոստում եք տվել, որը ձեզ երբեք չեմ հիշեցրել:

ԼԻԼԻ — Խոստո՞ւմ: Ես ձեզ ինչ-որ բա՞ն եմ խոստացել, վստա՞հ եք: Վերջիվերջո հնարավոր է՝ ես այնքա՜ն մարդու եմ հանդիպում: Եթե հարկ լիներ մտապահել ամեն ինչ, որ ասվում է…

Ն. — Հիշո՞ւմ եք այն երեկոն, որ մենք զբոսնում էինք կայարանի մերձակայքում: Մեր շուրջը, անձրևի տակ, տնանկների հոծ բազմություն կար, որը տեղից չէր շարժվում: Ես մի անգամ նորից գնացի այդ կողմերը: Ոչ ոք չէր մնացել, փողոցներն ամայի էին: (Լռություն:) Ես չեմ ուզում, որ ինձ էլ տեղաշարժեն, վերացնեն, ինչպես այդ մարդկանց: (Լռություն) Ես չեմ ընտրել իմ ապրելը, բայց եթե կարողանայի մահս ընտրել… (Լռություն:) Դուք խոստացել էիք ինձ սպանել… դե՛, սպանեք:

ԼԻԼԻ — Դուք շատ սխալ եք անում, որ մեռնել եք ուզում: Բայց եթե համառում եք, չեմ առարկում: Գիտե՛ք, ես ոչ ոքի ոչինչ չեմ կարողանում մերժել, ու դրանից օգտվում եք:

Ն. — Ես արդեն մեռած եմ:

ԼԻԼԻ — Եթե մեռած եք, ինչպե՞ս եք ուզում, որ ձեզ սպանեմ: Այն, ինչ ասում եք, վրդովեցուցիչ է:

Ն. — Միայն ես չէ, բոլորն են մեռած: Նայե՛ք, թե ինչպես են նրանք կկոցում աչքերը՝ ասես դեմքներին անընդհատ անձրևի պաղ կաթիլներ են ցայտում: Նրանք ձևացնում են, թե քայլում են, մինչդեռ ասես երկու տխմար ցախավելներ լինեն, որ ամեն քայլափոխի աջ ու ձախ են ճոճվում:

ԼԻԼԻ — Ուրեմն, ըստ ձեզ, ես մեռած եմ, հիանալի՜ է:

Ն. — Միայն դո՛ւ կարող ես ինձ սպանել: Մյուս կանայք տիկնիկներ են՝ ոչինչ չարժեն: Միայն դո՛ւ ես ստվերի նման ծանրակշիռ: Դո՛ւ ես գաղտնածածուկ ու անշշուկ գիշերը: Դու նաև սաղարթախիտ անտառ ես, որի կորած կածանների ամեն ոլորանն արդեն որքան ժամանակ է՝ իմ խորունկ թմբիրում արթնացնում է վաղուց խամրած որևէ հուշ: (Մեկնում է թևերը:) Սպանե՛ք ինձ:

ԼԻԼԻ — Այդքան անհամբեր մի՛ եղեք: Աստված իմ, ինչո՞վ եք ուզում, որ ձեզ սպանեմ: Իմ ձեռքերը չափազանց թույլ են, դեռևս փոքր տարիքում, թենիս խաղալիս, հոդախախտել եմ: Այդ ժամանակվանից ի վեր ահա՛ այս սեղմակապն եմ կրում: Գոնե պայուսակս հետս լիներ: Մի անկյունում միշտ մկրատ ունենում եմ: Հենց այսօր, հակառակի պես, չեմ վերցրել: Չգիտեմ էլ, թե ինչ եմ արել: Կյանքում լինում են պահեր, երբ այլևս չես իմանում, թե ինչ ես անում:

Ն. — Չեմ էլ մտածել, որ այսօր ինձ սպանեք: Ես ուզում եմ ձեր հայացքի ներքո դանդաղ մեռնել՝ ողջակիզվող կենդանու նման: Ինքս միշտ նախանձել եմ տերևի ընկնելուն նախորդող պահին, երբ դեռևս ճյուղին է, բայց դողում է: Ես ուզում եմ դողալ այդ տերևի նման:

ԼԻԼԻ — Դուք չափազանց շատ ազատ ժամանակ ունեք, դա՛ է ձեզ կործանում:

Ն. — Այո՛, ես խլում եմ ձեր ժամանակը: Լավ գիտեմ՝ այդ ամենը ժամանակ է պահանջում: Այսօր քառորդ ժամն ինձ կբավականացներ: Ավելի ուշ քիչ ավելի երկար ժամանակ հարկ կլինի՝ դա անխուսափելի է: Բայց երբեք մի ամբողջ երեկո չեք կորցնի: Ես պատրանքներ չեմ փայփայում, գիտեմ, որ միակը չեմ, դուք չափազանց հարգված, չափազանց փնտրված եք: (Լռություն:) Խփե՛ք դեմքիս:

ԼԻԼԻ — Ես նման որոշակիություններ չեմ սիրում: Դուք՝ տղամարդիկդ, բոլորդ իրար նման եք: Խոստանում եմ՝ ձեզ կսպանեմ, բայց ի՛մ ձևով: Վստահե՛ք ինձ:

ՏԱՐԲԵՐ ՁԱՅՆԵՐ- Լիլի՛, Լիլի՛:

ԼԻԼԻ — Շատ ուշացա, շտապեմ («Լիլի»): Լսո՞ւմ եք: Ցերեկ, թե գիշեր, ձմեռ, թե ամառ, որտեղ էլ լինեմ, ամենուր, միշտ նույնն է՝ «Լիլի»: Ի վերջո ինձ կխլացնեն:(Լռություն:) Բնականաբար, ես չեմ կարող բոլորին գոհացնել: Ձեզ մի պահ իմ տեղը դրեք՝ ես միայն իրավունքներ չէ, պարտավորություններ էլ ունեմ: Ցտեսություն, մինչ առաջիկա տեսություն:

Դուրս է գալիս:

Ն. — (իջեցնում է թևերը): Ես չհասցրի իմանալ այն օրը, երբ դու կհամաձայնվես ինձ շարունակել սպանել: (Գոհունակ:) Լավ, պետք չի, որ ասես: Ես այդ օրը կանխազգում եմ, արդեն գիտեմ: Վաղը, նույն ժամին, պուրակում, Ռուայալի առաջ:

Բեմը մթնում է:

Երկրորդ պատկեր

Պուրակ: Ծառ, մի քանի նստարան: Ծառին հենված է Ն.-ն: Խորքում, հեռապատկերում, հազիվ երևում է «Սերը հաղթանակում է» ցուցապաստառը: Մտնում է Ծառայողը:

Ամբողջ պատկերի ընթացքում Ն.-ն ու Ծառայողը չափազանց անհամբեր են թվում: Նրանք անընդհատ այս ու այն կողմ են նայում, սպասում Լիլիի հայտնվելուն:

Երկու անգամ, բեմի կենտրոնում, երևում ու իսկույն անհետանում են միանման զույգերը:

Առաջին զույգը, գրկախառնված, ներս է մտնում աջից, բայց շատ արագ վեճի է բռնվում ու գժտված տեսքով հեռանում: Մի քանի րոպե անց ձախից մտնում է երկրորդ զույգը: Ակնհայտորեն, տղամարդն ու կինը գժտված են, բայց շատ արագ հաշտվում, գրկախառնված հեռանում են:

ԾԱՌԱՅՈՂ — Ժամացույց ունե՞ք:

(Ն.-ն բացասական շարժում է գլուխը:) Տարօրինակ է, ժամանակի մասին այստեղ ոչ ոք չի մտածում: (Լռություն:) Ես ժամադրված եմ: Այո՛, մտերմուհուս հետ: Դուք ժպտում եք, բայց կինը, ում սիրում եմ, մյուսներին նման չէ, ավելի շուտ լռելյայն կրակ է, որն այրվում է օրը ցերեկով և կամ նման է ճերմակ, փքուն ամպերին, որոնք շատ արագ են չքանում: (Ոչ այնքան հեռվում շուրջկալի աղմուկ է լսվում:) Անկասկած, նա հանդիպել է ինչ-որ մեկին՝ մանկության ընկերուհուն, ում չի տեսել տասնյակ տարիներ: Կարևորը՝ ինչ-որ բան մոռացած չլինի: Հաստատ՝ նա ինձ նման է, չի սիրում կես ճանապարհից ետ դառնալ: Այդպիսի ժամանակ ես ժամավաճառ լինելու զգացողություն եմ ունենում, ինձ թվում է, թե ընթացքում փոքր-ինչ մեռել եմ… (Լռություն:) Մենք անց կես էինք պայմանավորվել, արդեն մոտ պիտի լինի: Ասում են՝ կանայք միշտ ուշանում են, դա՛ է իրենց բնույթը: Համենայնդեպս նա չի սեթևեթում, դեռևս երեխա է…

Ն. — (հենվում է ծառին՝ փոքր-ինչ ծալելով ծնկները: Այդ պահից նրա կեցվածքն արտահայտում է ծանրացող հոգնածություն: Հետզհետե ավելի ու ավելի է կորանում): Գալիս է: Նա՛ է: Ես վստահ էի: Նա չի կարող չգալ: (Անհագ հայացք է նետում շուրջը:)

ԾԱՌԱՅՈՂ — Նա կգա, ես ոչ մի ակնթարթ չեմ կասկածում: (Լռություն:) Ի վերջո, հնարավոր է, որ ես շփոթած լինեմ ժամը: Մենք որոշակի ասացինք՝ ինն անց կեսին: Բայց խոսքը կարող էր առավոտվա ինն անց կեսի մասին լինել: Ո՛չ, մենք չճշտեցինք: (Լռություն:) Այդպես էլ եղել է, նա առավոտյան է եկել, չի կարողացել մի օր ավելի առանց ինձ ապրել: Ուրեմն սպասել է ժամեր շարունակ, թերևս ամբողջ օրը: Զարմանալի՞ է, որ համբերությունն սպառվել, ավելի սպասել չի կարողացել: Ու՝ գնացել է: (Լռություն:) Բայց մենք հենց այստե՞ղ էինք ժամադրվել: (Ն.-ին.) Հասկանո՞ւմ եք, նախ մի տեղում են պայմանավորվում հանդիպել, հետո, խոսակցության ընթացքում, մտափոխվում, այլ տեղ են ընտրում, ի վերջո երրորդ տեղի վրա են համաձայնվում: Եթե քիչ շատախոսեինք, թյուրիմացություններից խույս կտայինք:

Ն. — Ես նրանից նման բան երբեք պիտի չխնդրեի: Ինչպե՞ս կարող էի այդքան ահավոր սխալ թույլ տալ նրա հանդեպ, ով չափազանց նրբանկատ է: Վաղ թե ուշ նա կկատարեր խոստումը: Եթե անմիջապես ի կատար չածեց, ուրեմն իր պատճառներն ուներ: (Լռություն:) Փոքր-ինչ ուշանալով՝ նա, ըստ երևույթին, ինձ ուզում է զգացնել տալ իմ սխալը: Դա արդարացի է: (Լռություն:) Իմ սխալն է աններելի:

ԾԱՌԱՅՈՂ — Սկզբում մենք խոսեցինք Ռուայալի մասին, հետո, եթե չեմ սխալվում, անցանք «Կոնտինանտալ»-ին: (Լռություն:) Սոսկալի է, ուրեմն նա մեն-մենակ ինձ սպասում է մարդկանց խճողման մեջ, նրան հրմշտում, թերևս ոտնատակ տալով ճզմում են… (Լռություն:) Ես ոչ մի րոպե չպիտի կորցնեմ, բայց, ցավոք, հասցեն չունեմ: (Ն.-ին.) Պարո՛ն, հնարավո՞ր է, որ պատահաբար իմանաք:

Ն. — Պատահականություն չկա, կան միմիայն թույլ տրված սխալներ: (Լռություն:) Ես չպիտի նրանից նման բան խնդրեի… Ես վարվեցի մի տղամարդու պես, ով պահանջում է ու հավակնում է պահանջածը ստանալ: Իմ կոշտությունը հավանաբար նրան հիասթափեցրեց, նույնիսկ՝ զզվեցրեց:

ԾԱՌԱՅՈՂ — Մի փոքր էլ նրան այստեղ կսպասեմ: Ճշգրիտ ժամը չիմանալը նյարդայնացուցիչ է: Ձեր կարծիքով՝ մենք երկա՞ր ժամանակ ենք զրուցում: Տասը րոպե՞, մի ժա՞մ, ավելի՞: Դարձյալ ժամանակի որոշակի գաղափար չունեմ: (Լռություն:) Բայց այստեղից սովորաբար ավելի շատ մարդ չի՞ անցնում:

Ն. — Չգիտեմ…

ԾԱՌԱՅՈՂ — Քայլելով… մինչև կինոթատրոն գնամ: Ամենայն հավանականությամբ մենք այնտեղ ենք ժամադրվել: Բայց դա շատ կարևոր չէ, այստեղից էլ կարող էի նրան տեսնել: Կարճ ժամանակով թույլ կտա՞ք: (Մի քանի քայլ հեռանում, իսկույն ևեթ, գլուխը հուսախաբ տարուբերելով, վերադառնում է: Այժմ նա շատ մոտ է Ն.-ին, ով դարձյալ անշարժ է:) Ինչպե՞ս եք կարողանում այսքան երկար անշարժ մնալ: Թմրածություն չե՞ք զգում: Տեսե՛ք, ես ոչնչից չեմ նեղվում, ամեն ինչի դիմանում եմ, բացի անշարժ մնալուց, որն ինձ կարող է, օրինակ, հիվանդացնել: (Լռություն:) Այսինքն՝ դուք էլ չէիք կարողանա այդպես երկար դիմանալ, եթե սիրային ժամադրություն ունենայիք:

Ն. — Սեր… այո՛… բայց նա այստեղ չէ: Եվ իզուր է կարծել, որ երեկ եղել է…

ԾԱՌԱՅՈՂ — (ջղագրգիռ): Երե՛կ… ի՞նչ է նշանակում՝ երեկ: Կարևորը վաղն է: Վաղը մի նոր հրաշապատկեր է ձեզ ընդառաջ ելնում, ինքնամոռաց վազում ու ձեր գիրկն է նետվում: Վաղը առեղծվածը բացահայտվում, կափարիչը շպրտվում, երջանկությունը դուրս է հորդում: (Լռություն:) Տեսե՛ք, օրինակի համար ես ի վիճակի չեմ կանխազգալ, թե ո՞ր կողմից է այն գալու: Կարող է հայտնվել հանկարծակի՝ աջից, ձախից, դիմացից և կամ… Զմայլելի անիրազեկություն: (Լռություն:) Կարո՞ղ եք ինձ մի մեծ ծառայություն մատուցել: Ես ուզում եմ «Կոնտինանտալ» գնալ: Եթե նրան անցնելիս տեսնեք, կանգնեցրեք ու խնդրեք, որ ինձ սպասի: Հիմա համարյա վստահ եմ՝ այնտեղ ենք մենք ժամադրվել: Պահե՛ք, կարևորը նրան պահելն է: Հույսս դուք եք:

Դուրս է գալիս աջ կողմով:

Ն. — (պպզելով ծառարմատի մոտ): Խե՜ղճ խելապակաս: Բարեբախտաբար գնաց: Ես վստահ էի՝ քանի ճանճի պես պտտվում էր շուրջս, ոչինչ էլ չէր պատահելու: (Ցածր ու մարող ձայնով:) Նա կգա… Չի կարող չգալ: Հակառակ դեպքում դառնության բաժակը ցմրուր կըմպեմ:

Բեմը մթնում է:

Երրորդ պատկեր

Փոքրիկ սեղաններով պարահրապարակ: Պատեր չկան: Լամպեր (պայծառ լույս):

Ձախում լրագրողը՝ խիստ բարձրահասակ, նիհար, ամենասովորական հագուստներով, նստած է «Ավընիր» պարբերաթերթի տնօրենի հետ: Նա փոքրամարմին է, կարճահասակ, ժրարյուն: Աջում՝ տարբեր սեղաններին երկու միանման զույգերն են:

Երաժշտությունն ու պարը հաճախակի հաջորդում են իրար:

ՏՆՕՐԵՆ — (լրագրողին): Լիլին ի՞նչ է անում: Որտե՞ղ կարող է լինել: Երկար ժամանակ է՝ չեմ տեսնում: Այն օրը հայտնվեց խմբագրությունում, հետո անհետացավ:

ԼՐԱԳՐՈՂ — Թույլ տվեք զարմանալ, որ դուք, այդքան ողջամիտ լինելով հանդերձ, նման հարց եք տալիս: Կարծում էի, որ նրան ավելի լավ եք ճանաչում:

ՏՆՕՐԵՆ — Հենց նա հեռանում է, ուժերս ինձ լքում են, նրա հետ, նրա պես չգիտեմ ո՞ւր են գնում: Գլուխս պտտվում է, ոչնչի ցանկություն չեմ ունենում: Ճիշտ է, ես ղեկավարում եմ «Ավընիր»-ն ու դուք աշխատակցում եք, բայց միայն նրա ներկայությամբ եմ մտքեր ունենում: Չկա Լիլին, չկա և «Ավընիր»-ը:

ԼՐԱԳՐՈՂ — (հակվում է տնօրենի կողմը, ուշադիր զննում, ասես հիվանդությունն է ախտորոշում): Ահա՛, երկրորդ անգամն է, որ նկատում եմ ձեր ներթափանցության մթագնումը: Ինչպե՞ս կարող եք «Ավընիր»-ի նկատմամբ թերահավատություն ունենալ: (Լռություն:) Պետք է անհուսորեն վհատված լինեք այդքան հեշտությամբ տեղի տալու համար:

ՏՆՕՐԵՆ — Դուք, ինչպես միշտ, թերևս, իրավացի եք: Մինչդեռ դա չի նշանակում, որ ես այդքան կասկածամիտ եմ: Իրոք, նրա հետ ինչ-որ բան կարող է պատահած լինել: Ժամանակներն այնքան խառնակ են:

ԼՐԱԳՐՈՂ — Ի՞նչ եք ուզում, որ հետը պատահած լինի: Եթե նրա հետ որևէ բան պատահեր, այլևս ոչ ոքի հետ ոչինչ չէր պատահի: (Լռություն:) Տեսնո՞ւմ եք՝ ահա՛ և նա:

Մտնում է Լիլին:

ԼԻԼԻ — (չափից ավելի ոգևորված): Ի՜նչ լավ եղանակ էր այնտեղ: Կյանքումս այդքան հաճելի արձակուրդ չէի անցկացրել: Արդեն վարժվել էի բոլորի նման գիշերվա կեսին արևի լոգանք ընդունել՝ աննկարագրելի վայելք էր: Անցյալ ամառ, հունիսի երկրորդ կեսին, երբ մեկնեցի, բառացիորեն սրթսրթում էի: (Լռություն:) Վերադարձին, ինքնաթիռում, երկու քահանաների հետ էի: Ամպերը լող էին տալիս մեր ոտքերի տակ, մենք զվարճանում էինք: Քահանաներն ինձ ասացին, որ հատուկ հրահանգով եկեղեցիները հենց այդ օրվանից փակվելու են: Կարծում եմ՝ որոշումը նրանց փոքր-ինչ զարմացրել ու վշտացրել էր: Նրանք հաջորդ տարի էին միայն նման վճիռ ակնկալում: Ես սփոփեցի, ինչպես կարող էի: (Փակում է ականջները:) Բոլորդ միասին մի խոսեք:

ՏՆՕՐԵՆ — (բարձրացնում է բաժակը): Լիլիի վերադարձի կենացը:

ԼՐԱԳՐՈՂ — (բարձրացնելով իր բաժակը): Ինչպես նաև «Ավընիր»-ի հաջողության համար:

Խփում են բաժակները:

ՏՆՕՐԵՆ — Ինչ գեղեցիկ անվանում է «Ավընիր»-ը: Պարզ է, միաժամանակ՝ խոսուն:

ԼՐԱԳՐՈՂ — Անվանումն, համենայնդեպս, չի կարողացել պահպանել իր երբեմնի ողջ ազդեցությունը: Մարդիկ հարկ եղածին պես չեն ընկալում ուղղվածությունը… փոքր-ինչ մտահոգիչ է… (Լռություն:) Գիտեմ… նման խորագիր ընտրված է ընթերցողին վստահություն հաղորդելու համար, և զարմանալին այն է, որ թերթին դա հաջողվում է:

ՏՆՕՐԵՆ — (փարվելով Լիլիին): Երջանիկ եմ, որ ձեզ տեղեկացնում եմ փոխադրամիջոցների գիշերային երթևեկության կանոնակարգի ու պահպանողականների դեմ գործադրվելիք հավանական բռնաճնշումների վերաբերյալ վերջին որոշումները: Այս որոշումները միաձայն ընդունվեցին բոլոր «Սպասարկում» գարեջրատներում վերջերս կայացած ընթրիքի ժամանակ, որ ես պատիվ ունեցա նախագահելու:

ԼՐԱԳՐՈՂ — Ես ետ եմ վերցնում ձեր ներթափանցության մթագնման մասին արտահայտած իմ կասկածները: Թերթի տնօրենը նույնքան իրազեկ է, որքան բարեկամը:

Տնօրենը համբույրներ է ուղարկում հարևան սեղանի մոտ նստած տիկնոջը: Լրագրողը նրան պարի է հրավիրում: Տիկինը գլխի շարժումով հրաժարվում է: Լրագրողը ուզում է նստել, մինչդեռ Լիլին վեր է կենում՝ ասես իրեն է հրավիրել:

ԼԻԼԻ — Հաճույքով:

Նրանք պարում են:

ԼՐԱԳՐՈՂ — Բացառիկ վայելք է ձեզ հետ պարելը: Դուք օդի նման թեթև, հաճելի մտքի նման թրթռուն եք: Իմ թևերի մեջ գրեթե գոյություն չունեք:

ԼԻԼԻ — (համբուրում է նրան): Սիրելի՜ս:

Երկար պարում են: Զույգերը փոխում են պարընկերներին: Առաջին զույգի տիկինը պարում է երկրորդ զույգի տղամարդու հետ ու հակառակը:

Մտնում է Ծառայողը: Նա չի տեսնում Լիլիին, Լիլին էլ նրան չի տեսնում: Ծառայողը ձախավեր շարժումներով խցկվում է պարողների մեջ: Տնօրենն անհետանում ու գրեթե անմիջապես թևին անձեռոցիկ գցած հայտնվում է: Նա դարձել է հաստատության կառավարիչը:

ԾԱՌԱՅՈՂ — Հիանալի կանխանշան է: Ի՜նչ մեղմ, քնքուշ մեղեդի է հնչում հիմա, հենց իմ ներս մտնելու պահին: Սերը հաղթանակում է՝ մեր սերը:

ԿԱՌԱՎԱՐԻՉ — Հե՜յ, դուք, ի՞նչ եք անում այստեղ:

ԾԱՌԱՅՈՂ — Գիտեմ, այստեղ չէ, ես հավանաբար «Կոնտինանտալ»-ում եմ ժամադրված: Ներեցեք, բայց… կարծում էի, որ եթե այստեղից անցնեմ, ժամանակ կշահեմ:

ԿԱՌԱՎԱՐԻՉ — Այս սրահը պարահրապարակ է, միջանցք չէ: Ինքներդ էլ եք հասկանում, որ դա նույնը չէ:

ԾԱՌԱՅՈՂ — Ներեցե՛ք: (Լռություն:) Կարո՞ղ եք ցույց տալ «Կոնտինանտալ»-ի ճանապարհը: Դրսում այնքան մութ է, փողոցներն այնպես ամայի են: Որևէ մեկը չկա, որ հարցնես:

ԿԱՌԱՎԱՐԻՉ — (թափահարում է անձեռոցիկը): Վերջ տվեք, ավելորդ խոսակցություն պետք չէ:

Կառավարիչը Ծառայողին հրում է դեպի ելքը, իր հերթին դուրս է գալիս: Ու անմիջապես վերադառնում է: Նա դարձյալ «Ավընիր»-ի տնօրենն է, նստում է իր նախկին տեղը: Լիլին ու Լրագրողը միանում են նրան:

ԼԻԼԻ — (ավելի քան երբեք ժրախոս է): Այո՛, պետք է, որ ձեզ իսկույն մի բան պատմեմ: Հետո՝ կմոռանամ: Դա շատ վատ կլինի, որովհետև այն, ինչ պատմելու եմ, չափազանց կարևոր է: Ինքներդ կհամոզվեք: Այս առավոտ լողափում թխադեմ, համեմատաբար բարձրահասակ, ամբողջովին սև հագնված մի երիտասարդի տեսա: Նա անընդհատ քայլում էր, բայց միայն անցատախտակների վրայով: Այդ հիանալի անցումները լողախցիկից լողախցիկ էին ձգվում: Նա ինձ խնդրեց իր կինը դառնալ, հետո, գրեթե անմիջապես ինձ սպանելու թույլտվություն ուզեց: Ես հո հենց այնպես, իսկույն ևեթ չէի մեռնելու, մերժեցի:

ԼՐԱԳՐՈՂ — Դուք վստա՞հ եք, որ երկու տարբեր հուշեր իրար չեք խառնում: Ես նկատել եմ, որ դա ձեզ հետ պատահում է:

ԼԻԼԻ — Չեմ կարծում, որ սխալվում եմ, բայց վերջիվերջո այնքան էլ վստահ չեմ…

ԼՐԱԳՐՈՂ — Չչափազանցնենք, կան բաներ, որոնց կապակցությամբ չի կարելի կասկածել: Օրինակ՝ Լիլիի հայացքի հմայքը, այնքան լուրթ ու ունայն հմայքը:

ԼԻԼԻ — (ծիծաղելով): Իհարկե՛… իսկ իմ հայացքից բացի՞:

Բեմը մթնում է:

Չորրորդ պատկեր

Պարահրապարակը վերածվել է մեծ հյուրանոցի սպասասրահի: Բեմահարդարման նույն ոճը: Պատեր չկան: Աջում, գրասեղանի ետևում, ընդունարանի Հերթապահն է: Ձախում՝ մի սեղանի մոտ նստած, Լրագրողը պատկերազարդ թերթ է կարդում: Մտնում է Ծառայողը:

ԾԱՌԱՅՈՂ — Ինձ անհրաժեշտ է հյուրանոցի ամենագեղեցիկ համարը, փողոց նայող երկու պատշգամբով ու առատ արևով: Երկու հոգու համար:

ՀԵՐԹԱՊԱՀ — (անհաղորդ ձայնով): Բոլոր համարները զբաղված են:

ԾԱՌԱՅՈՂ — (սկսում է ետ-առաջ քայլել): Իհարկե, օրվա վերջում դա բնական է: (Լռություն:) Ես… պահանջկոտ չեմ: Պարզապես համար եմ ուզում… որը հարավ նայի: Եթե անգամ արևկողմ չէ, կարևոր չէ: Բավական է, որ վարագույրները լույս թափանցեն…

Մինչ Ծառայողը խոսում է, Հերթապահը վեր է կենում, գնում:

ԼՐԱԳՐՈՂ — (ասես Ծառայողն իրեն էր դիմել): Դուք համա՞ր եք ուզում: Դա ինքնին համարձակության արտահայտություն է: Թերևս ինքներդ էլ չեք պատկերացնում ձեր համարձակության չափը:

ԾԱՌԱՅՈՂ — Օ՜, ես ինչքան ժամանակ, որ պետք է, ունեմ: Մտերմուհիս դեռ չի եկել: Մենք պայմանավորվել ենք «Կոնտինանտալ»-ի առաջ, ուղղակի ես մի քիչ շուտ եկա… մտա ներս, որ իմանամ… Որովհետև, հասկանո՞ւմ եք, պարոն, ես չեմ սիրում ժամանակ կորցնել, բացի դրանից, դուք անտարակույս կարող եք ինձ տեղեկացնել…

ԼՐԱԳՐՈՂ — Դա կախված է նրանից, թե «տեղեկացնել» ասելով ի՞նչ նկատի ունեք: Իրոք, կան որոշակի տեղեկատվություններ, որ ես կարող եմ ձեզ հաղորդել:

ԾԱՌԱՅՈՂ — Հաստատ, այսօր իմ բախտը բերում է: (Ձախավեր շարժումով ոնց որ թե հանդեսն է ցույց տալիս:) Դուք իսկույն կհասկանաք… Փոքր-ինչ բարդ է, թերևս, բայց ամեն դեպքում… երկու բառով… ես կուզեի իմանալ…

ԼՐԱԳՐՈՂ — Թե ի՞նչ եմ կարդում: Ավելի հեշտ ոչինչ չի կարող լինել: Սա այն պարբերականներից մեկն է, որը հավակնում է կյանքի բավական ամբողջական պատկերներ կայացնել, (ծիծաղում է) և ամենահետաքրքիրն այն է, որ հիմնականում կարողանում է: Տեսե՛ք, (ցույց է տալիս թերթը) «Ձախողված թունավորում», «Չհաջողված փրկություն», «Կանխատեսված երկաթուղային վթար, որ իրոք տեղի է ունեցել»…

ԾԱՌԱՅՈՂ — Ներեցեք ինձ, դուք իսկույն ևեթ կհասկանաք… Ես ուզում էի իմանալ…

Անկապ շարժում է անում: Գրեթե ինքնաբերաբար բարձրացնում է Լրագրողի թեզանիքը:

ԼՐԱԳՐՈՂ — Ուզում եք իմանալ, թե ինչո՞ւ է ժամանակն այսքան արագ անցնում:

ԾԱՌԱՅՈՂ — Այո՛, իհարկե, բայց դրա համար չէ… Ես պարզապես ուզում էի իմանալ…

ԼՐԱԳՐՈՂ — Իմանա՛լ, դարձյալ իմանալ: Դուք անհագ եք:

ԾԱՌԱՅՈՂ — Նրան տեսա՞ք: (Հնչերանգը փոխում է:) Նա մյուս կանանց, ընդհանրապես ոչ ոքի պես չէ… Նա… նման է խոշոր, ճերմակ թռչուններին, որոնք լեռանգագաթներով այնքան բարձր, բա՜րձր են թռչում, որ միայն թևերն են երևում:

ԼՐԱԳՐՈՂ — (հանում է նոթատետրը, ձևացնում է, թե գրառումներն է կարդում): Ո՛չ, նման արտաքինով կնոջ ես չեմ տեսել: Ճիշտն ասած՝ դեռ դուրս չեմ եկել, իսկ դուք ասում եք, որ դրսում եք ժամադրվել: Չեմ էլ հարցնում՝ լավ ճանաչո՞ւմ եք արդյոք ձեր մտերմուհուն… Չնայած մարդկանց լիովին ճանաչել հնարավոր չէ ու չեմ կարծում, որ տվյալ պարագայում դա շատ կարևոր է:

Թևանցուկ է անում Ծառայողին, քայլում է:

ԾԱՌԱՅՈՂ — (մեկուսի): Ո՛չ, «Կոնտինանտալ»-ում չէր… Ռուայալում պիտի լիներ: Իհարկե: Առաջին մտածածս ճիշտ էր: (Շվար:) Ինչո՞ւ, սակայն, բոլոր անվանումները, եթե անգամ իրար նման չեն, նույն բաների մասին են մտածել տալիս ինձ:

ԼՐԱԳՐՈՂ — Այդ առումով դուք միակը չեք: Տպարանի սրբագրիչները հաստատ նույն զգացողությունն են ունենում: Այսինքն, ընթերցողները՝ նույնպես: (Լռություն:) Ցավում եմ, որ ձեր փոխարեն չկարողացա պարզել ձեզ հոգս պատճառող տեղանունը:

ԾԱՌԱՅՈՂ — Շնորհակալություն ձեր խոսքերի համար: Ես սկսում եմ հավատալ… Ավելի լավ է ժամանակ չկորցնեմ, անմիջապես գործի անցնեմ: Այսպես չի կարելի շարունակել: Ես կգտնեմ… Այսինքն, ես իմ մասնագիտությանը բավական լավ եմ տիրապետում, որպեսզի շատ շուտ գնահատեն իմ կարողություններն ու համապատասխան աշխատանք առաջարկեն: Ես մտադրություն չունեի այսքան երկար մնալ ձեր քաղաքում, բայց որոշումս փոխեցի՝ առնվազն երկու շաբաթ կերկարաձգեմ: Պատկերացրեք, ես միշտ որոնել եմ մի այնպիսի քաղաք, որտեղ կյանքը ուրախ, մարդիկ անհոգ կլինեն: Վստահ էի, որ նման քաղաք ինչ-որ տեղ գոյություն ունի: Ուրախ եմ, որ գտել եմ:

ԼՐԱԳՐՈՂ — Չեմ կարող ասել, թե որքանով եք ճիշտ կամ սխալ: Ես, չնայած երկար ժամանակ է, որ ապրում եմ այս քաղաքում, այնուամենայնիվ դժվարանում եմ ենթադրել, թե ի՞նչն եք հավանում, ի՞նչը՝ ո՛չ: Միայն թե, կարծում եմ, գոնե սկզբում, փոքր-ինչ պիտի խնայեք ձեր ուժերը: Առաջին իսկ օրերին անհաշվենկատ սպառելու միտում է նկատվում: «Քայլում եմ, քայլում»… Նկատի ունեցեք, որ կարելի է քայլել տարբեր ուղղություններով, դեպի համեմատաբար մոտ կամ հեռու նպատակները, քայլել համեմատաբար արագ կամ դանդաղ… Մինչև իսկ կարելի է ձեռքերի վրա քայլել: (Անսպասելի, ձեռքերի վրա երկու-երեք քայլ է անում:) Կամ ինչո՞ւ ոչ՝ գլխի վրա:

ԾԱՌԱՅՈՂ — (միանգամից կանգ առնելով, ահաբեկված): Գլխի վրա՞: Մտքներովդ էլ չանցկացնեք, ուշադրություն կգրավեք:

ԼՐԱԳՐՈՂ — (իր հերթին կանգ է առնում, նրան դիմադարձում): Շատ շուտով ինքներդ էլ կհամոզվեք, որ ոչ ոք ինձ երբեք ուշադրություն չի դարձնում:

Դուրս է գալիս: Ծառայողը մնում է շփոթված: Բեմը մթնում է:

Հինգերորդ պատկեր

Երկրորդ պատկերի տեսարանը: Միայն ծառն է տեսքը փոխել՝ տերևները դեղնել են: Ծառի տակ մեկնվել է Ն.-ն: Նա քնած է: Մտնում է Ծառայողը:

ԾԱՌԱՅՈՂ — Եկա՞վ:

Ն. — (զարթնում է, ինքնաբերաբար): Չի կարող չգալ:

ԾԱՌԱՅՈՂ — Ես չափազանց զգացված եմ այն հոգածության համար, որով վերաբերվում եք ինձ առնչվող դեպքերին: Բայց, հավատացնում եմ, մտահոգվելու պատճառ չկա: (Լռություն:) Ես արդեն այստեղ եմ: Մենք հենց այստեղ էլ ինն անց կեսին ժամադրված ենք… բայց այսօր չէ, վաղը:(Լռություն:) Վաղը հենց վաղն է: Նման բարեկիրթ օրիորդը չի կարող ժամադրություն նշանակել հենց հաջորդ օրը, դա հնարավոր չէ: (Լռություն:) Չնայած, պարոն, կարելի է կարծել, որ այլ անպատեհություններ են եղել: Ո՛չ, չեն եղել, չկան: Մեր աննշան անհասկացողությունն ինձ ստիպեց թափառել թաղամասում: Ես ջերմամեկուսացման ընկերակցության գործակալ եմ… Հասկանալի է, դեռ ոչ մի պայմանագիր չեմ կնքել: Դա այնքան էլ արագ չի արվում: Նախ պետք է կապեր հաստատել, ծանոթություններ ստեղծել… Իմը կոպիտ գործ չէ, ինչպես թվում է: Այս պարագայում քաղաքավարությունը շատ կարևոր դեր է խաղում: Անշուշտ, իմ ասպարեզում նույնպես, ինչպես ամենուր, կան մարդիկ, ովքեր զուրկ են բարեկրթությունից: Չնայած, երբեմն հանդիպում եմ անձանց, որոնք չափազանց նրբանկատ են ինձ վերաբերվում: Նրանք ասում են՝ այս պահին ոչինչ հնարավոր չէ, ընդ որում, այնպիսի քաղաքավարությամբ, որ երկար ժամանակ կարկամում եմ: (Լռություն:) Ես հաստատ ուշացա, ներեցեք ինձ:

Ն. — (կտրուկ վեր է կենում, ներշնչված): Անհնար է, որ ինձ մոռացած լինի: Նա չի կարող չգալ: Հաստատ իմ քնած ժամանակ է հայտնվել: Ո՛չ… ես կիմանայի, որ այստեղ է, կզարթնեի:

ԾԱՌԱՅՈՂ — (վրդովված): Ուրեմն այդպե՞ս եք կատարում ձեզ վստահված հանձնարարությունները: Հասկանում եմ, գիշեր էր, խոսակից չունեիք՝ գայթակղությունը մեծ էր: Բայց, պարոն, եթե դուք գիտեք, որ այդքան խորն եք քնում, ինձ պետք է նախազգուշացնեիք, ես ձեր վրա հույս չէի դնի: (Լռություն:) Ուրեմն՝ պատահել է այն, ինչ մտքովս անցել է՝ նա եկել ու գնացել է:

Բարձրացնում է ձեռքը, որպեսզի Ն.-ին խփի, ձեռքը օդում է մնում:

Ն. — (խեղճացած գլուխը խոնարհում, թևերն իջեցնում է): Ճիշտ է, իմ մեղքն աններելի է:

Նա բարձրացնում է ձեռքը, հասցնում Ծառայողի ձեռքին, մի պահ պահում է այդ դիրքում, հետո ուժեղ հարվածում է իր դեմքին: Նույն պահին Ծառայողը ցած է իջեցնում ձեռքը: Տպավորություն է ստեղծվում, որ Ն.-ն իր դեմքին Ծառայողի ձեռքով է խփում:

Ն. — (վերսկսում է քայլել): Քնելը մեռնել չէ, կյանքի ևս մի ծուղակն է: Ինչպե՜ս կարող էի խաբվել:

ԾԱՌԱՅՈՂ — (ընդունում է քայլելու սովորական կեցվածքը): Այլևս ոչ մի րոպե չեմ կարող մնալ:

Շտապ հեռանում է: Լռություն: Մոտեցող աղմուկ է լսվում:

Ն. — (ոտքի է կանգնում): Նա՛ է: (Ձեռքը խոսափողի պես բերանին տանելով, չափազանց բարձր:) Ե՛ս եմ, ե՛ս, ես այստեղ եմ, ձեզ սպասում եմ:

Մտնում է Լրագրողը, իսկույն Ն.-ին չի մոտենում:

ԼՐԱԳՐՈՂ — Ես չգիտեի, որ դուք նման անհամբերությամբ էիք ինձ սպասում: Մենք երկար ժամանակ չենք հանդիպել: Չե՞ք հիշում: Իրո՞ք: (Ծիծաղելով:) Բախտս չի բերել: Այնքան քիչ նկատելի առանձնահատկություն ունեմ: Իմ անձը մարդկանց հիշողություններում ոչ մի հետք չի թողնում: (Հանում է նոթատետրը:) Ներեցե՛ք իմ անհամեստությանը, բայց… դուք ոչ միայն ինձ, կնոջ էլ էիք սպասում: Նրա անունը յուրահատուկ է, որն իրեն, այսինքն՝ նաև բոլոր կանանց, շատ է վայելում… թեթև անուն՝ երկու լ, երկու ի…

Ն. — Ո՞վ է ձեզ թույլ տվել:

ԼՐԱԳՐՈՂ — Երկու լ, երկու ի, լ-ը, ի, լ-ը, ի՝ Լիլի, Լիլի: (Ծիծաղից պայթում է:) Բնավ էլ անօգուտ չէ իմանալ այն անձնավորության անունը, ում փնտրում ես, ամեն դեպքում նվազ կարևոր չէ, քան կարծում են: (Լռություն:) Ինձ չի թվում, որ դուք նրան որոնելու առանձնահատուկ ջանք եք գործադրում: Կարծես ամեն ինչ թողել եք պատահականությանը: Ընդարմությունը ձեզ հաջողության հասցնո՞ւմ է: Կարծում եմ, բավական հաճախ եք հուսալքվում: Հնարավոր է նաև, որ չափազանց… շրջահայաց եք: Թե՞ սխալվում եմ: Ի վերջո, չի բացառվում, որ դրանով ձեր խելամտությունն եք հավաստում: Ամեն դեպքում ինձ շատ լուրջ մի ընդունեք: Ես տանջվում եմ, այսպես կոչված, մասնագիտական շեղումների դատողություններում: Հասկացե՛ք ինձ:

Նա դիպչելու աստիճան մոտենում է Ն.-ին:

Ն. — Ես վախկոտ եմ, դա՞ էիք ուզում ասել: Գիտեմ: Հակառակ դեպքում ի՛նքս կգնայի նրան որոնելու: Ուղիղ կվազեի, կանցնեի ամբողջ քաղաքը, կհաղթահարեի բոլոր արգելքները: (Լռություն:) Գուցե հարկ է եղել, որ նա գիշերը փողոց դուրս գա՝ նրան կարող էին վիրավորել, մինչև իսկ սպանել: Մնալով այստեղ՝ ես մարդասպան եմ դառնում:

Ն.-ն թևերը պարզում, հետո, ասես գնդակահարված, ընկնում է:

ԼՐԱԳՐՈՂ — Դուք ամեն ինչ չափազանցնում եք: Մարդասպա՞ն՝ ո՛չ: Ամեն ոք չի կարող մարդասպան դառնալ: Հավատացե՛ք լրագրության հին գայլին, որը շատ բան է տեսել, շա՜տ տարբեր բաներ:

Ն. — (դժվարությամբ վեր կենալով): Գիտե՛մ: Ես մեծ, շատ մեծ սխալ եմ գործել: (Մեկուսի:) Գոնե ինձ մենակ թողնեին: Ի՞նչ է պատահել: Ինձնից ի՞նչ է ուզում այս մարդը: Բոլորն ի՞նչ են ուզում: Եվ քիչ առաջվա այն մյուսը, որն ինձ բառախեղդ արեց: Ես մի բառ իսկ չհասկացա այն ամենից, ինչ ուզում էր ասել:

ԼՐԱԳՐՈՂ — Նկատի ունեք հենց նոր հեռացած ձեր երիտասարդ բարեկամի՞ն: Փոքր-ինչ խիստ եք: Գիտեմ, ձեր բնույթն է: Ըստ էության ես ձեր պես եմ մտածում: Բայց նա ինձ դուր է գալիս: Նա համառ է, եռանդուն, իմ կարծիքով… շատ առաջ կգնա: (Ծիծաղում է:) Կուզեի մի քիչ էլ մնալ ձեզ հետ, բայց շատ զբաղված եմ: (Փոխում է ձայներանգը:) Հեռանալուց առաջ կուզեի ձեզ փոքր-ինչ մասնավոր հարց տալ… Այսինքն, թերևս արդեն տվել են: Նրանից որոշ ժամանակ առաջ բաժանվելուն պես ձեր ֆիզիկական վիճակը փոխվել է, այնպես չէ՞, դուք դարձել եք նյարդային, առանց պատճառի ջղացնցվում եք, քրտնում, մի խոսքով, ինձ հասկանում եք… Տեսե՛ք, հենց հիմա էլ ճիշտ այդ վիճակում եք:

Ն. — (շփոթահար): Այո՛, բայց որտեղի՞ց գիտեք: Ուրեմն դուք ամեն ինչ գիտե՞ք:

ԼՐԱԳՐՈՂ — Ո՛չ, ո՛չ ամեն ինչ: Միայն որոշ բաներ: (Դուրս է գալիս:)

Բեմը մթնում է:

Վեցերորդ պատկեր

«Ավընիր»-ի տնօրենի աշխատասենյակը: Դարձյալ պատեր չկան: Աջում, թղթերով ծանրաբեռնված սեղանի ետևում, նստած է Տնօրենը: Գետնին՝ թերթերի ցաքուցրիվ դեզեր: Թափթփված շորերով, երերալով մտնում է Ն.-ն: Լսվում են շուրջկալի սուլիչի ձայներ:

Ն. — Որտե՞ղ է Լիլին: Ինձ մի խնայեք, ես կդիմանամ: (Դողդողում է:) Օ՜, ես ամեն ինչ գիտեմ: Բայց մանրամասները, մանրամասներն եմ ուզում իմանալ: (Լռություն:) Ես այլևս չէի կարող նրան սպասել, ամբողջ գիշեր վազել եմ: Փողոցներում այնպիսի իրարանցում էր: Ի՞նչ են ուզում մարդիկ: Դուրս են հորդում, սկսում են այսուայն կողմ նետվել: Դժվարությամբ տեղ հասա: (Չափազանց մեծ թաշկինակով սրբում է դեմքը:)

ՏՆՕՐԵՆ — Հոգնած եք երևում: Պետք է փոքր-ինչ հանգստանաք: (Լռություն:) Գիտեմ, վերելակից շատ դժվար է օգտվելը: Նախնադարյան արտադրություն է: Նույնիսկ ես, որ ինչպես տեսնում եք… ամրակազմ եմ, շնչահեղձ լինելով եմ տեղ հասնում: Նոր վերելակի պահանջով անձամբ դիմում գրեցի, բայց արդյունքի չհասա: Ժլատությունը, ծուլությունը, ավանդապահությունն իրենցն արեցին՝ բնակիչները դիմումը չստորագրեցին: Բոլորը երազում են հարմարավետության, բարեկեցության մասին, բայց հենց որ ներդրման կարիք է առաջանում, անհետանում են:

Ն. — Որտե՞ղ է Լիլին: Ես չպետք է ձեզ հարցնեի, բայց այնքան վհատ, հուսահատ եմ: Որտե՞ղ է նա:

ՏՆՕՐԵՆ — Ի՞նչ եք ուզում, որ ասեմ: Քիչ առաջ այստեղ էր, նոր դուրս եկավ: Երբեք ինձ չի ասում, թե ուր է գնում:

Մտնում է Լրագրողը:

ԼՐԱԳՐՈՂ — (Տնօրենին): Բերել եմ այն հոդվածը, որի մասին ձեզ ասել էի: Դժբախտաբար վերնագիր չեմ գտել: Ցավում եմ: Վերնագրերն ավելի կարդացվելու հավանականություն ունեն, քան բուն հոդվածները: Երբեք չեմ հանդգնել մարդկանց ուշադրության վրա բռնանալ, երազել եմ, որ ամեն ինչ ինքնուրույն հասկանալու ուղղորդեմ: (Լռություն:) Այս առումով այլևս պատրանքներ չեմ փայփայում, բայց այլ կերպ չեմ կարող: (Ն.-ին.) Ձեր տեսքը ինձ դուր չի գալիս: Խորհուրդ եմ տալիս, որ հետևեք ձեզ:

Ն. — Ես ոչինչ չունեմ կորցնելու: Մինչև իսկ կյանքս: Ես այն տվել եմ Լիլիին, փոխարենն ինքն ինձ մահ է տալու: (Ցածրաձայն:) Նա խոստացել է, ես պիտի իր ձեռքով մեռնեմ:

ՏՆՕՐԵՆ — (Լրագրողին): Ի՜նչ բա­րեպատեհ զուգադիպություն: Հենց այդ մասին էի ուզում ձեզ հետ խոսել՝ մի լավ գործ կա ձեռքիս:

Մտնում է Լիլին:

ԼԻԼԻ — Բարև բոլորին:

Ն. — (մոտենում է Լիլիին): Վերջապե՛ս, ինչպիսի՜ երջանկություն, Լիլի: Եթե իմանայիք… Ես վախենում էի ձեզ համար: (Լռություն:) Այնուամենայնիվ ներքուստ վստահ էի… Դուք չէիք կարող չգալ, դա անհնարին էր: (Լռություն:) Սպանե՛ք ինձ, ուզո՞ւմ եք:

ԼԻԼԻ — (հենվում է Լրագրողի ուսին): Ինձ թվում է, դուք արդեն ասել եք այդ մասին: Եթե չեմ սխալվում՝ անցյալ օրը: Հաստատ՝ դուք մտասևեռում ունեք: (Ծիծաղում է:) Իսկական երեխա եք: (Լրագրողին.) Սրան խաղալիք է պետք: (Օդում թափահարում է ձեռնոցները, հետո մեկնում Ն.-ին, բայց նա չի վերցնում: Ձեռնոցները ցած են ընկնում: Ն.-ին:) Շնորհակալություն չե՞ք հայտնում: (Լրագրողի ականջին:) Դեռ ինչպես հարկն է իրեն չի գտել :

ԼՐԱԳՐՈՂ — (Լիլիի ականջին): Ես ձեր կարծիքին չեմ: Ընդհակառակը, ինձ թվում է, թե չափազանց շատ է մտածում, դրանից էլ հոգնում է: Թերևս նա շատ բան գիտի… կամ բավականաչափ չգիտի:

ԼԻԼԻ — Դուք ամեն ինչի կասկածում եք: Դա ձեր հիվանդությունն է դարձել: (Շշնջում է Լրագրողի ականջին:) Նա նորածին մանուկ է, ինձ հիշեցնում է… անունը մոռացել եմ: Անհեթեթություն է, բայց ես չեմ կարողանում մտաբերել մարդկանց անունները: (Լռություն:) Սա դեռ խելահասության տարիքին չի հասել: Չզարմանա՛ք, ես նրան կարճ տաբատով եմ պատկերացնում:

Լիլին Ն.-ի տաբատի փողքերը ծալում է մինչև ծնկները: Վերջինս չի հակառակվում:

Ն. — (Լրագրողին՝ անսպասելի, կարծես թմբիրից է սթափվում): Թողե՛ք ինձ, ինձ չդիպչե՛ք:

ԼԻԼԻ — Ժամացույց ունե՞ք: Արդե՜ն: Անհնարին է: Դե՛, դե՛, ինձ մի խենթացրեք: Խելամիտ եղեք: Ես նորից ուշանում եմ: Ի՞նչ անեմ: (Շրջվում է Տնօրենին:) Ես փախա, ցտեսություն, մինչ նոր հանդիպում: Ինձ չսպասեք:

ՏՆՕՐԵՆ — (առանց գլուխը բարձրացնելու): Լիլի՛, սիրելիս, աղաչում եմ, շատ մի ուշացեք, մտածե՛ք իմ մասին: Այս խառնակ ժամանակներում…

Լիլին ու Լրագրողը դուրս են գալիս: Ն.-ն դանդաղ ուղղվում է դռան կողմը:

ՏՆՕՐԵՆ — (Ն-ին): Այդ ի՞նչ եք անում: Նույնիսկ ե՛ս այդտեղով ինձ թույլ չեմ տալիս անցնել: Դուք չանցնելու համար ավելի լուրջ պատճառ ունեք:

Ն. — (կանգ է առնում): Ինչո՞ւ նրան չապտակեցի: Այդպիսի տղամարդուն միայն բռունցքի հարվածներով կարելի է պատասխանել: Ես վախկոտ չեմ, բայց նա ինձ կաթվածահար արեց: Ո՞վ է այդ մարդը: Ինձնից ի՞նչ է ուզում: Ինչո՞ւ է միշտ հայտնվում իմ ճանապարհին: (Տնօրենին.) Ասացե՛ք, Լիլին կվերադառնա՞, կվերադառնա՞ նա:

ՏՆՕՐԵՆ — Տարօրինակ հարց: Կարծում եմ՝ այո՛:

Ն. — Բայց ե՞րբ: Ես չեմ կարող այլևս նրան սպասել՝ ո՛չ մի տարի, ո՛չ մի օր: Սպասել եմ, բայց այլևս չեմ կարող:

ՏՆՕՐԵՆ  — Ես կորցնելու ժամանակ չունեմ: (Տենդոտ սկսում է ինչ-որ թղթեր ստորագրել:)

Դռան ետևում լսվում է Լիլիի ու Լրագրողի ծիծաղը:

ԼԻԼԻԻ ՁԱՅՆԸ — Սիրելի՜ս:

Տնօրենն ավելի ու ավելի արագ է գրում: Հենց որ վերցնում է մի թուղթ, մյուսները գցում է՝ այնպես, որ քիչ անց հատակը թղթերով է ծածկվում: Նրանց մեջ, ջրահեղձի նման, անշարժ կանգնած է Ն.-ն:

Համատարած խավար: Բեմական նույն հարդարանքը: Միայն կերպարներն են փոխվել՝ «Ավընիր»-ի Տնօրենը դարձել է ջերմամակուսացման գործակալության Տնօրեն: Նրա դիմաց, ճիշտ այն տեղում, որտեղ Ն.-ն էր, Ծառայողն է:

ԾԱՌԱՅՈՂ — Երբ ժամանակին չես ներկայանում… հանգամանքների բերումով… բայց ես ձեզ խոստանում եմ… այլևս չի կրկնվի: Առավոտյան երբեք չեմ ուշանում: Առավոտ վաղ ես սիրում եմ փողոցները, մայթեզրի ծառերը, փողոցների զովությունը, թարմությունը: Կան մարդիկ, ովքեր չեն կարողանում առավոտյան զարթնել, ես նրանցից չեմ: Հետկեսօրին, այո՛, պատահում է, որ ուշանում եմ, բայց քանի որ գալու որոշակի ժամեր չունեմ, կարծում էի… Հասկացեք ինձ… Ես օգտվում եմ ճաշի ժամից, որպեսզի նրան որոնեմ և երբեմն ավելի հեռու եմ գնում, քան կուզեի: Ոչինչ չեմ ասում՝ դեռևս շահավետ պայմանագրեր չեմ կնքել, բայց այդ օրը կգա: Հիմա անհամեմատ լավ եմ կողմնորոշվում: Ապագային պետք է հավատալ: (Լռություն:) Ամեն դեպքում, քանի որ ես սոսկ արձակուրդս եմ տեղափոխում… Կուզեի՞ք ինձ ևս մի հնարավորություն տալ: (Լռություն:) Ես շատ եմ սիրում իմ աշխատանքը: Ճիշտ եմ ասում՝ հաճույք եմ զգում: Բոլոր գործընկերներս էլ ինձ համար հիանալի մարդիկ են, կարող եք… ինքներդ էլ հետաքրքրվել: Իսկ իմ մասին միայն փայլուն կարծիքներ կլսեք: Ես վստա՛հ եմ, վստա՛հ եմ, վստա՛հ..

Հետնաբեմից՝ մեկ, ապա բազմաթիվ գրամեքենաների չխչխկոց է լսվում: Ծառայողի ձայնը շատ շուտ խլանում է:

ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ

Յոթերորդ պատկեր

Փողոց: Գրեթե անթափանց գիշեր: Ձախում՝ բացօթյա սրճարան, որը քիչ առաջ, աշխատանքային օրն ավարտվելու կապակցությամբ փակել, աթոռները շարել են իրար վրա, սեղանները՝ շրջել: Մի բաժակ սուրճի առաջ, մեջքը բեմին շրջած, անճանաչելիորեն փոխված, ճերմակած մազերով նստած է Ծառայողը: Իր մշտական հագուստներն են, բայց արդեն մաշված են ու խունացած:

Բեմի խորքում ամայացած հարթակն է:

ԾԱՌԱՅՈՂ — Մատուցո՛ղ, ահա մի ժամ է, որ ձեզ կանչում եմ: Ձեզ համար մի ժամը նշանակություն չունի… բայց ես, հասկանո՞ւմ եք, ժամանակ չունեմ: (Լռություն:) Շուրջս արդեն պարզ չի երևում, այնուամենայնիվ, կարծում եմ, դեռ գիշեր չի, կզգայի: (Ելնում է, մի քանի քայլ անում դեպի բեմի խորքը:) Ոչինչ չեմ զանազանում, չնայած երազ չեմ տեսնում: Այս փողոցը ոչ մի ուրիշ փողոցի նման չէ: (Երկչոտ՝ տալիս է մի տան դռան զանգը: Ոչ ոք չի արձագանքում:) Այդպես էլ կարծում էի՝ դեռևս մարդ չկա: Մի րոպե կսպասեմ: Այդ կերպ վստահ կլինեմ, որ առաջինն եմ: Շահելու համար պետք է մի փոքր ժամանակ կորցնել իմանալ:

Նույնքան երկչոտ, որքան առաջին անգամ, նորից տալիս է դռան զանգը: Դարձյալ ապարդյուն: Գնում-գալիս է դռան առաջ: Բեմը լուսավորվում է: Մտնում է Լրագրողը:

ԼՐԱԳՐՈՂ — (կանգ է առնում): Շատ ուրախ եմ, որ ձեզ տեսնում եմ: Հույս չունեի, որ կհանդիպենք: Նկատե՞լ եք, թե որքան հազվադեպ են դարձել հանդիպումները: Առաջ մենք հաճախ էինք տեսնվում: (Լռություն:) Ինձ թվում է՝ փոքր-ինչ նիհարել եք: Ես ձեր զանգ տալու ձևից իսկույն ճանաչեցի: (Լռություն:) Մի ժամանակ դուք շատ էիք քայլում: Հույս ունեմ, որ նախասիրած սովորությունից ձեզ շատ չեք զրկել:

ԾԱՌԱՅՈՂ — Մասամբ… դժբախտաբար…

ԼՐԱԳՐՈՂ — (նստում է, ոտքերը դնելու համար աթոռ է մոտեցնում): Ամենահետաքրքիրն այն է, որ հենց այսօր ես մեկ ուրիշին էլ հանդիպեցի: Նրան, ում լավ եք ճանաչում: Չեք կարող մոռացած լինել: Եթե ճիշտ եմ հիշում, նա խառնված էր ձեր կյանքին: Պետք է մտաբերեք՝ նա ուզում էր մեռնել, բայց չափազանց յուրահատուկ ձևով: Նրա որոշումը չի փոխվել, ավելի ճիշտ, այո՛, փոխվել է: Ներողություն եմ խնդրում, որ նման բաների մասին եմ խոսում: Գուցե ձեզ այլևս չի էլ հետաքրքրո՞ւմ: (Լռություն:) Ի դեպ՝ դուք չափազանց տարված էիք մի կնոջով… ում, ինչքան հիշում եմ, փնտրում էիք: Շարունակո՞ւմ եք փնտրել:

ԾԱՌԱՅՈՂ — (վերսկսում է քայլել բեմի երկայնքով): Այս վերջին օրերը ես հիվանդ էի: Ո՛չ, լուրջ բան չէր: Հասկանում եմ, թե ինչու եմ ձեզ փոխված թվում: Գուցե ծիծաղելի համարեք, բայց ես տանել չեմ կարողանում սենյակում մնալը, մի տեսակ փակված լինելը… Նման պահերին ինքս ինձ կորած եմ համարում, ափերից ելնում եմ… Այժմ արդեն կարող եմ խոստովանել, որ ձեզ չճանաչեցի: Ուրեմն՝ ավելի քան զգացված եմ ձեր վերաբերմունքից… Օ՜, ոչ, նկատի ունեցեք, որ ես չեմ բողոքում, ապահովագրության ընկերություններն ինձ փոխհատուցում են: Միակ անպատեհությունն այն է, որ ներկայումս ես միջոցներից զուրկ եմ:

Ձախից մտնում է Լիլին:

ԼԻԼԻ — Ի՜նչ դժբախտ եմ: Մարդիկ, որոնց սիրում եմ, ինձ անհանդուրժելի վիրավորանքներ են հասցնում: Նա նրան ասել է, որ Անտուանը, եթե անգամ իրեն լքեմ, շատ երկար՝ մինչև խոր ծերություն կապրի: Լավ չհասկացա… Նրանք հավակնում են հուսալ, որ պարբերաթերթը պիտի շարունակի լույս տեսնել: Այսինքն՝ «Դմեն»-ը (5) կարող է առանց ինձ գոյություն ունենալ… Աներևակայելի է՜, մարդիկ ստում են:

Լրագրողը Լիլիին նշան է անում, համբույր ուղարկում: Լիլին շարժումներով հասկացնում է, որ շուտ կվերադառնա, աջից դուրս է գալիս:

ԼՐԱԳՐՈՂ — Ի՞նչ պատահեց ձեզ: Այս կնոջը կսիրահարվեի՞ք:

ԾԱՌԱՅՈՂ — Օ՜, ոչ, ես ինձ թույլ չէի տա… Իմ վիճակում, դուք հասկանում եք… Կարևորը նախ այն է, որ աշխատանք գտնեմ: Հետո, իհարկե… Այսինքն՝ նրա՛… հենց նրա՛ համար է, որ ինքս ինձ թույլ չեմ տալիս նրան տեսնելու առիթ ստեղծել: Հավատո՞ւմ եք, որ հնարավոր է միաժամանակ երկու բան անել: Հավատո՞ւմ եք, որ ես անդառնալիորեն չեմ վարկաբեկի մեր սերը, եթե բացառապես չնվիրվեմ իմ ապագային: Գիտեմ, թերևս ոմանք կարողանային հակառակն անել, բայց ես ինձ ճանաչում եմ… Ուստի ուզում եմ ձեզ իսկույն ևեթ խնդրել…

ԼՐԱԳՐՈՂ — Ձեր դեպքում, կարծում եմ, իրոք, այլ բան չի կարելի անել: Հավատացե՛ք, կուզեի ձեզ օգտակար լինել: Բայց դուք այնքան վճռական եք թվում, որ հազիվ թե լուրջ ծառայություն կարողանամ մատուցել: Այլ կերպ ասած՝ ձեր հավակնությունը չափազանց որոշակի է, դուք հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունեք: Ինչ վերաբերում է հասցեին, որ փնտրում եք, կարծում եմ, գտնելու դժվարություններ կունենաք: Հիմա այս թաղերում կողմնորոշվելը չափազանց դժվար է, քանի որ նոր շենքերը փոխում են փողոցների դիմագիծը: Նրանք այնքան նման են իրար, որ տարբերելը գրեթե անհնար է, եթե, իհարկե, փնտրողը առանձնակի ճիգ չի գործադրում, մի բան, որին ամեն ոք ընդունակ չէ: Այսինքն, դուք այս ամենը նույնքան լավ գիտեք, որքան ես:

ԾԱՌԱՅՈՂ — Անկասկած՝ իրավացի եք: Հարկ է, որ ձեզ անկեղծ շնորհակալություն հայտնեմ: (Լրագրողը խորը գլուխ է տալիս, աջ կողմով դուրս գնում:) Պետք է մտածեմ այս ամենի մասին: Սխալմամբ կարծել եմ, որ… (Ձայներանգը փոխվում է:) Եթե կարողանայիք հասցեն գտնելուն օգնել: Հասցեն ամենակարևորն է: Սպասեք… (Հանկարծ նկատում է, որ Լրագրողը հեռացել է:) Բայց… (Լրագրողի ետևից հապճեպ դուրս է գալիս նույն կողմով:)

Բեմը մթնում է:

Ութերորդ պատկեր

Նախորդ պատկերի տեսարանը: Բայց աջ կողմի բեմիրերը ձախ կողմում են, և՝ հակառակը:

Մտնում է Ծառայողը, որը, ինչպես երբեք, շարժուն է: Թվում է՝ ինչ-որ բան է փնտրում: Մի քանի երերուն քայլ է անում, կանգ է առնում, շարունակում:

Վարագույրը բացվելիս՝ հանձնակատարները, որոնք ետնաբեմում են, գլուխները հանում են, որպեսզի տեսնեն, թե ինչ է կատարվում բեմում:

ԾԱՌԱՅՈՂ — (կանգ առնելով ձախ կողմում): Վերջապե՜ս, շատ լավ արեցի, որ չհուսահատվեցի: Թերևս չգտնեի, բայց արևի ճառագայթների՝ ճակատամասին շեղ ընկնելուց հետո, անհնար է, որ սխալվեի: Վերջալույսի շողերով ողողված շենքն ասես սիրուց շիկնած լիներ: (Շրջվում է աջ:) Այնուամենայնիվ, շատ վստահ չեմ… Հնարավոր է նաև, որ շենքը հանդիպակաց մայթին լինի: Տարօրինակ է՝ վերջին ժամանակները ես կորցրել եմ կողմնորոշվելու բացառիկ զգացողությունը, որ ինձ միշտ ճիշտ է առաջնորդել: (Լռություն:) Այսինքն… ինքնին հասկանալի է, պարզապես գրասենյակը փոխել է հասցեն: Սակայն, այդ դեպքում դռանը ծանուցում պիտի լիներ՝ «Մեր գրասենյակը տեղափոխվել է…»: Ո՛չ, ես չեմ երազում, սա է:

Հեռվում՝ անորոշ աղմուկ: Շատ արագ անցնում է առաջին զույգի տիկինը: Նա ծերացել է, մազերն սպիտակել են, բայց նույն կերպ է հագնվել: Անընդհատ կանգ է առնում, որպեսզի ուղղի ձեռքից սահող փաթեթը:

ԾԱՌԱՅՈՂ — (շտապելով ետևից): Ներեցեք ինձ, օրիորդ, ես ուզում էի… Ինձ թվում է՝ ձեզ ճանաչում եմ: Վերջին անգամ հանդիպել ենք հանրային զբոսայգում: Հիշեցի՞ք: Ո՛չ, դրանից հետո ես այնտեղ չեմ եղել: Շատրվանի առաջ… Օդը լցված էր ջրափոշով: Ինձ թվում է, այդ օրը ձեզ փոքր-ինչ սպասեցրի: Ես ինձ հանդիմանում էի, բայց, հավատացե՛ք… ամենևին մեղավոր չէի: Վերջին պահին ուշացա: Հանդիպում էր, որից կախված էր իմ ապագան: (Տիկինը հեռանում, նա կանգ է առնում:) Բայց ո՛չ… Ինչպե՞ս կարող էի շփոթել: Սա մի ծառայող է, որն արժանապատվորեն է վաստակում իր հացը: Հավանաբար շատ վաղ վեր է կենում, որպեսզի հասնի իր լուսառատ գրասենյակը: Աչալուրջ գործընկերներով շրջապատված, հանգիստ, մեկը մյուսի ետևից անում է իր գործը… (Լռություն:) Աշխատանքի տեղավորման գրասենյակում թերևս կարևոր պաշտոն է զբաղեցնում՝ հաշվառման թերթիկներին է հետևում… Ուրեմն հենց պիտի նրան խնդրեի… Ի՜նչ շշմածն եմ:

Շատ արագ, նույնպես ծերացած՝ անցնում է երկրորդ զույգի տիկինը: Նրա գրկում երեխա կա:

ԾԱՌԱՅՈՂ — Օրիորդ, ինչ-որ բա՞ն եք որոնում: Թերևս կարողանամ ձեզ օգտակար լինել: Ես…

Տիկինը դուրս է գալիս ձախ կողմով: Վազելով՝ Ծառայողը հետևում է նրան:

ԾԱՌԱՅՈՂԻ ՁԱՅՆԸ — (նրա բառերը ավելի ու ավելի անհստակ են հնչում): Ես որոնում եմ… այո՛… Մի մեծ, ամբողջովին ճերմակ շենք: Արևի ներքո այն… ապակու նման թափանցիկ է: Այո՛, շատ դռներ ունի… ինչպես նաև չափազանց շատ պատուհաններ… (Լռություն:) Դուք… շատ արագ… ես… երբ, ինչպես դուք… ամբողջ-մի կյանք-առաջ-տակ…

Այդ ընթացքում գիշերը վրա է հասնում: Անթափանց մութ: Լսվում է, թե ինչպես Ծառայողը, դարձյալ վազելով, վերադառնում է: Երբ բեմը լուսավորվում է, աջ կողմում նկատվում են երկու անհաղորդ ու անշարժ հանձնակատարները: Երկու քայլ հեռու՝ Ծառայողը հենվում է պատին, ծանր շնչում:

ԾԱՌԱՅՈՂ — (հանձնակատարներին): Թերևս դուք կարողանաք ինձ օգտակար լինել: Ես ուզում էի… նախ՝ ժամն իմանալ: Դեռ գիշեր չի, չէ՞: Ուղղակի մառախուղ է: Աշունը մառախուղների եղանակ է:

Հանձնակատարները բռնում են Ծառայողի ձեռքերը: Նա չի հակառակվում:

ԾԱՌԱՅՈՂ — (քաղաքավարի դիմադարձելով): Շնորհակալություն, դուք չափազանց սիրալիր եք: Մի՛ անհանգստացեք… Բավական է, որ ցույց տաք… Այսինքն, ես ինքս էլ կգտնեմ…

Բեմը մթնում է:

Իններորդ պատկեր

Փողոց: Փոքր-ինչ աջ՝ անսլաք ժամացույցն է, որն անհամեմատ մեծ է, քան առաջին մասում: Գրեթե գիշեր է: Ժամացույցի տակ, գետնին, մեկնվել է Ն.-ն: Ձախից, վազելով, մտնում է Խեղճ Մարմնավաճառուհին: Նա անցնում է Ն.-ի առջևից, վարանում, կանգ է առնում, տիկնիկի պես գլուխը աջ-ձախ է շրջում, հետո ետ է դառնում, պատահաբար դիպչում է Ն.-ին, ում մինչ այդ չի նկատել: Շուրջկալ: Շուրջկալի սովորական աղմուկ:

Ն.- (բարձրացնելով գլուխը): Ես ձեզ սպասում էի, դուք չէիք կարող չգալ:

Լուսարձակները թրատում են բեմը: Առաջին անգամ պարզ երևում է Խեղճ Մարմնավաճառուհին:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — (վերսկսելով երթուդարձը): Նրանք այստեղ են, այստեղ շատ մոտ են… Նրանք դարանում են…

Ն.- (բացարձակապես անշարժ, վհատ ձայնով): Պետք էր մեղքը քավել: Ես չէի կարող թույլ տալ, որ նեին վայելեին բոլորը: Ես չէի կարող պատժել բոլորին, ովքեր նրան սիրում էին իմ մշտական ներկայությամբ: Նրանք էլ դա չէին հանդուրժի: (Լռություն:) Համբերություններն սպառվեց, ու սպանեցին նեին: Չէր կարող այլ կերպ վերջանալ: (Վեր է կենում, մնում անշարժ, միայն ձեռքերն են շարժվում:) Ո՞վ նրան սպանեց: Իհարկե՝ ես: Բայց ո՞ր ձեռքերով, ո՞նց: Գիտեի, բայց արդեն չգիտեմ: (Լռություն:) Այո՛, մի գիշեր նա ինքնաշարժով էր, նեն ծիծաղում էր՝ այդպես ոչ ոք, երբեք չէր ծիծաղել: Նա աչքերը փակեց, կրակեց: (Լռություն:) Բայց ինչո՞ւ նեն հենց այդ պահին ծիծաղեց: (Ձեռքը տանում է աչքերին:) Արդեն չեմ հիշում… Ես դա ինձ երբեք չեմ ների: (Նորից մեկնվում է:)

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — (փութկոտ, ահաբեկ): Դուք այստեղ ոնց որ թիրախ լինեք… Հեռվից երևում եք: Չի՛ կարելի այդպես մնալ: Վե՛ր կացեք:

Ն.- (ցածրաձայն, ձեռքերով թաքցնում է դեմքը): Նախորդ գիշեր երազում էի ցեխի, ցեխը խրված մեկի մասին, որն իրեն վատ էր զգում, գալարվում էր ցավից: Ես այդ ցեխն եմ: (Լռություն: Մեկնում է թևերը:) Քայլե՛ք իմ վրայով, սպանե՛ք ինձ, թող վերջանա այս ամենը:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Ի՞նչ կերպ եք ուզում: Բոլոր հյուրանոցները փակ են, շատ ուշ է: (Նայում է ժամացույցին:) Տասին քառորդ է պակաս: Անց կեսից հետո մենք իրավունք չունենք… Դուք էլ լավ գիտեք, որ առաջվա նման չէ: (Լռություն:) Ես չպետք է դրսում լինեի, բայց ո՞ր փողոցով գնամ, ի՞նչ իմանամ, որ կողմից են գալու: Ինչպե՞ս նրանցից ազատվեմ: (Լռություն:) Մրսում եմ:

Խեղճ Մարմնավաճառուհին բարձրացնում է թիկնոցի օձիքը: Լուսարձակները նորից թրատում են բեմը: Լույսն առաջին անգամվանից թույլ է, ասես ավելի հեռվից է գալիս:

Ն.- (ծալելով ձեռքերն ու վեր կենալով): Մի՛ վախեցեք: Խոստանում եմ՝ ձեզ ոչ մի հրահանգ, անգամ խորհուրդ չեմ տա: Դուք կանեք այն, ինչը ճիշտ կհամարեք՝ կքայլեք իմ վրայով, ինձ շնչահեղձ կանեք, կխեղդեք…

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — (մի քանի քայլ է անում, հետո տարուբերում է գլուխը): Նրանք այստեղ են, շատ մոտ են, դարանում են… Բայց որտե՞ղ են, ո՞ր կողմից կարող են հայտնվել: Իմանալու համար թանկ կվճարեի…

Ն.- Գիտե՛մ, պետք է վճարել, անընդհատ վճարել:(Հանում է բաճկոնը, վերնաշապիկը, կոշիկները, դարսում է դիմացը: Մի մեծ թաշկինակ սրտաճմլիկ կախվում է գրպանից:) Ես ձեզ տալիս եմ այն ամենն, ինչ ունեմ:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Կհիվանդանաք, արագ հագնվեք: (Լռություն:) Ես չէի տեսել ձեր թաշկինակը: Ձեր թաշկինակը լավն է… (Ծիծաղում է հպանցիկ ծիծաղով: Հետո ձեռքը աչքերին նշանոց անելով՝ փորձում է տեսնել, թե ինչ է կատարվում հեռվում:) Դուք լավ տեսողություն ունե՞ք: Կարո՞ղ եք նրանց նկատել: Ես հեռուն չեմ տեսնում:

Ն.- (նայելով պարապությանը, բացակա ձայնով): Ես էլ ոչինչ չեմ տեսնում:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Եթե չենք կարողանում տեսնել, չի նշանակում, որ այնտեղ չեն: Լսո՞ւմ եք, թե որտեղից է գալիս աղմուկը: Սսս՜: (Լարում է լսողությունը:) Երբեք չի կարելի իմանալ, թե դժբախտությունը, ինչպես և աղմուկը, ո՞ր կողմից են գալու: Քիչ առաջ ա՛յ, այն անկյունում էին, վստահ եմ, հիմա էլ են այնտեղ: Ավելի լավ կլիներ մի տուն մտնեինք… Բայց դռնապանները հավանաբար դուռ չբացելու հրահանգ են ստացել: (Լռություն:) Գալի՞ս եք: Դուք չպետք է այստեղ մնաք…

Հեռվից ոտնաձայներ են լսվում:

Ն.- Խնդրում եմ…

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Ահա՛ և նրանք, ես գիտեմ, վստահ եմ: Նրանք այստեղ են… Ուրիշ ո՞վ կհամարձակվեր: Գիշերով, նման անլսելի քայլերով: Արագ հագնվեք: (Վերցնում է Ն.-ի վերնաշապիկն ու բաճկոնը, նետում է ուսին:) Նրանք մեզ կտանեն, նրանք մեզ կծեծեն:

Ն.- Խփի՛ր ինձ: (Լռություն:) Այս մայթին արգելված է, դա՞ ես ուզում ասել:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Այս, ինչպես և մյուսներին: Դուք շատ լավ գիտեք, անցյալ շաբաթ հայտարարեցին… (Լռություն:) Եթե մեզ այստեղ գտնեն, ոտնատակ կտան:

Ն.- (դարձյալ բացարձակապես անշարժ): Ոտնատակ տուր ինձ:

Հեռվից ոտնաձայներ են լսվում:

ՄԱՐՄՆԱՎԱՃԱՌՈՒՀԻ — Նրանք գալիս են, նրանք մոտ են, չափազանց, չափազանց մոտ… Լսո՞ւմ եք: Գալի՞ս եք: Էլ ո՞վ կա այնտեղ: (Լռություն:) Ավելի վատ: Ես փախչում եմ: (Վազելով ՝ դուրս է գալիս ձախ կողմով:)

Ն.-ն երկար ժամանակ անշարժ, մեկնված է մնում: Հետո հագնվում, դուրս է գալիս աջ կողմով: Կիսախավար: Բեմը դատարկ է: Համատարած մթություն, հետո ճերմակ լույս: Դույլերով, բահերով, փողրակներով՝ մտնում են վարակազրկման ծառայության բանվորները: Նրանք, չնայած ավլելու ոչինչ չկա, ավլում եմ բեմը, ութեր գծելով ջրում ու, դարձյալ լուռ, դուրս են գալիս: Բեմը նորից դատարկ է: Բացվում է օրը: Բեմը մթնում է:

Տասներորդ պատկեր

Բանտախուց: Պիրկ ձգված գորշ քաթանե մի նեղ ժապավեն ծայրից ծայր հատում է բեմը: Ետնամասում, հակառակ կողմից երևում են ծառի, ժամացույցի, ցուցապաստառի վերևի մասերը:

Ծառայողը գնում-գալիս, չափազանց հոգնած է թվում:

ԾԱՌԱՅՈՂ — (կանգ առնելով): Երկար ժամանակ չէ, որ այստեղ եմ: Բոլոր դեպքերում երկար չեմ մնա: Բայց թերևս հենց այս պահին… Հիանալի հնարավորություններ եմ ձեռքիցս բաց թողնում… Բավական է միայն, որ այստեղից դուրս պրծնեմ… (Լռություն:) Նրան հաստատ չեն հայտնել: Թերևս հայտնել են: Եթե այդպես է՝ կգա:

Աջ կողմից, փաստաբանի թիկնոցով, մտնում է Լրագրողը:

ԼՐԱԳՐՈՂ — Ես մենակ եմ: Քանի որ անցնում էի այս կողմերով, առիթից օգտվեցի, որպեսզի այցելեմ ձեզ: Դուք… ոչ մի բանի կարիք չե՞ք զգում:

ԾԱՌԱՅՈՂ — Ես գիտեի, որ դուք փնտրելու եք ինձ:

ԼՐԱԳՐՈՂ — Փնտրելո՞ւ: Գուցե: Դա կախված է նրանից, թե դրանով ի՞նչ եք ուզում ասել: Ամեն ինչ այդքան պարզ չէ:

ԾԱՌԱՅՈՂ — (դժվարությամբ նստում է): Մինչև հիմա ոչնչի համար չեմ կարող բողոքել: Պիտի խոստովանեմ՝ ինձ չափազանց զուսպ են վերաբերվում: Բայց հարկ չկա, որ այս իրավիճակը ձգձգվի: Ես կուզեի…

ԼՐԱԳՐՈՂ — Ուրիշ ի՞նչ կուզեիք: Դուք մեզ համար առանց այն էլ փոքր հոգս չեք: Ասեք տեսնեմ՝ դուք դա հասկանո՞ւմ եք: Փոքր-ինչ էլ ձեզ մեր տեղը դրեք:

ԾԱՌԱՅՈՂ — Գիտեմ… Ես միշտ այն չեմ արել, ինչ պետք էր անել: Չեմ հետևել ձեր բոլոր խորհուրդներին:

ԼՐԱԳՐՈՂ — Բայց ես ձեզ խորհուրդ չեմ տվել:

ԾԱՌԱՅՈՂ — Ներեցե՛ք, շատ կուզեի իմանալ, թե դեռ քանի՞ օր եմ անցկացնելու այստեղ, եթե, իհարկե, հենց այսօր կամ առաջիկա օրերին ինձ ազատ չեն արձակելու: (Լռություն:) Պատճառ չկա, որ ավելի երկար պահեն: (Լռություն:) Իհարկե, ինձ հայտնի չեն բոլոր հանգամանքները… բայց ձեր պարագան ուրիշ է, ձեզ պիտի հայտնի լինեն:

ԼՐԱԳՐՈՂ — Ինձ թվում է՝ դուք գերագնահատում եք իմ հնարավորությունները:

ԾԱՌԱՅՈՂ — (ոտքերը քարշ տալով՝ դժվարությամբ սկսում է քայլել): Այս ընթացքում շատ եմ մտածել, ամեն տեսակ ծրագրեր եմ կազմել: Ո՛չ, մի կարծեք, որ իմ ուժերը ցիրուցան կանեմ… Արդեն լավ գիտեմ, թե ինչ եմ ուզում: Ինձ թվում է, որ շուտով… շատ շահավետ գործարքում միջնորդ կարող եմ լինել: (Լռություն:) Այլևս գործակալությունից գործակալություն չեմ անցնի: Ճիշտն այն է, որ միջնորդն ուղղակի ներկայանա… Հասկանալի է՝ այդ կերպ որոշակի ռիսկի եմ դիմում: Բայց առանց ռիսկի ոչնչի հասնել հնարավոր չէ… (Լռություն:) Եվ հետո, նման ձևով ամեն ինչ շատ ավելի արագ առաջ կընթանա: (Դանդաղեցնում է քայլերը:)

ԼՐԱԳՐՈՂ — Իրոք, ամեն ինչ շատ ավելի արագ կարող է առաջ ընթանալ:

ԾԱՌԱՅՈՂ — (հոգնությունից գայթելով): Չնայած՝ ես այլ ծրագրեր էլ ունեմ: Դուք գիտեք իմ կյանքը, կարող եք ենթադրել, թե ի՛նչ ծրագրեր: Եթե այդքան շուտ եմ ուզում այստեղից դուրս գալ, հանուն ծրագրերի է: Բայց ավելի լավ է այդ մասին չխոսեմ, չնայած չեմ հավատում՝ դուք չեք ուզենա դրանք շահարկել… (Նստում, հետո անզգայաբար պառկում է:) Հավատացե՛ք ինձ, ես անհնարինը չեմ խնդրում, անկարելի պահանջներ չեմ ներկայացնում, շատ լավ եմ հասկանում, որ որոշ դեպքերում դժվարություններ են ծագում: Դա անխուսափելի է: (Լռություն:) Այդքան անհամբեր չեմ, հաստատ գիտեմ, որ իրադարձությունների ընթացքը փոխելու անկարող եմ: (Լրագրողը ձեռքով հավանություն է տալիս:) Ես ձեզնից միմիայն խնդրում եմ հասկացնել նրանց… Դուք դա շատ հեշտ կարող եք անել: Վստահ եմ, որ հենց նրանց բացատրեք, գործը գլուխ կգա: (Լռություն:) Ընդունե՛ք, որ չափազանց մեծ գլխացավանք չեմ պատճառում: Գիտեմ, որ իմ վատը չեն ուզում: (Շրջվում է դժվարությամբ: Մինչև պատկերի ավարտը միայն մեջքն է երևում:) Ես ոչնչից չեմ վախենում, հիանալի առողջություն ունեմ, երկար քայլելու ի վիճակի եմ, բայց… Չեմ սիրում ժամանակս մսխել: Հավատացե՛ք, այս կերպ ինձ գործից կտրելը ավելի ահավոր է, քան կարող է թվալ: Ինձ կարող եք ասել, որ այս ամենն օրերի խնդիր է, սակայն նկատի ունեցեք, որ մեկ օրն անգամ հաշիվ է…

ԼՐԱԳՐՈՂ — Իհարկե, մենք դա գիտենք: Ինչո՞ւ է ձեզ թվում, որ ուրիշները չգիտեն այն, ինչ պարտավոր են իմանալ: (Լռություն:) Ուղղակի մտածում եմ, որ շատ հանգամանքներ դեռևս նկատի չեք ունենում: Իրադրություններն այնքան արագ չեն փոփոխվում, ինչպես ձեզ է թվում: Ի դեպ՝ կարծում եմ, որ ժամանակը այլ կերպ… փոքր-ինչ առանձնահատուկ եք ընկալում: Ո՞վ կարող է ասել, որ այստեղ անցկացրած ձեր ժամանակը, հենց թեկուզ մեր այս խոսակցությունը, նույնքան կարևոր չէ, որքան ցանկացած ուրիշը: (Փոխում է ձայներանգը:) Նկատի ունեցեք, ես նույն վստահությունը չեմ տածում ձեր նկատմամբ, վախենում եմ, որ դատական նիստի ժամանակ այնպիսի բաներ կանեք, որ ձեզ կվնասեք: Մինչև հետս չխորհրդակցեք, ոչինչ չասեք: (Լռություն:) Մի՛ մտածեք, եթե անգամ ինձ չտեսնեք, իմացե՛ք, որ այստեղ եմ: Իրո՛ք, վստա՞հ եք, որ լավ եք տեսնում: (Հանդիսատեսի ուղղությամբ մի քանի քայլ ետ է գնում:) Այստեղից ինձ տեսնո՞ւմ եք:

ԾԱՌԱՅՈՂ — (վեր կենալով, բայց շարունակելով մեջքով Լրագրողին ու հանդիսատեսին շրջված մնալ): Ո՛չ, չեմ տեսնում:

ԼՐԱԳՐՈՂ — ((մի քայլ մոտենալով Ծառայողին): Իսկ այստեղի՞ց, ավելի լա՞վ եք տեսնում :

ԾԱՌԱՅՈՂ — Ո՛չ, չեմ տեսնում: (Փոխելով ձայներանգը:) Բայց այս վիճակն ահավոր մտահոգիչ է, կարող է լրջորեն իմ գործին վնասել: Ո՜վ գիտե, թերևս արդեն վնասել է: Հարկ է, որ ձեզ շնորհակալություն հայտնեմ ու առաջիկա կարևոր գործը աչքերիս բուժզննումը դարձնեմ: (Լռություն:) Այո՛, ես ընտրում եմ իմ անելիքը, որովհետև ընտրությունը… բախտի բան է, իսկ իմ բախտը, կարելի է ասել, որ մինչև հիմա բերել է: Երախտամոռ կլինեմ, եթե դժոհեմ: (Հենվում է պատին:)

ԼՐԱԳՐՈՂ — (շատ չոր ձայներանգով): Դե՛, լավ է, տեսնում եմ, որ ձեզնով մտահոգվելու հարկ չկա: Ես ձեզ թողնում եմ: Հավանաբար նորից հանդիպենք, բայց այլևս չխոսենք:

Դուրս է գալիս: Ծառայողը նրա ուղղությամբ շարժում է անում:

Բեմը մթնում է:

Տասնմեկերորդ պատկեր

Նույն պարահրապարակը: (Այն նեղացված է, բեմիրերն զբաղեցնում են միայն կենտրոնը):

Կերպարները նախկին՝ երրորդ պատկերի տեղերում են: Ձախում, նույն սեղանի շուրջը նստած են Լրագրողը, Տնօրենն ու Լիլին: Աջում, երկու տարբեր սեղանների շուրջը՝ երկու միանման՝ ծերացած, ճերմակած մազերով զույգերը: Երաժշտություն չկա:

ԼԻԼԻ — (Տնօրենին՝ բորբոքված): Ինձ հանգիստ թողեք: Վերջապես չե՞ք զգում, որ ինձ նեղացնում եք: Ես զբաղվում եմ միայն այն բանով, ինչը արժանի եմ համարում… Եթե նա ուզում է խզել իր հարաբերությունները նեի հետ, թող խզի, ի վերջո իր իրավունքն է: Յուրաքանչյուրն իր մտածողությունն ունի: Ի՜նչ տխուր է ամեն ինչ:

ՏՆՕՐԵՆ — (Լրագրողին): Իրոք, մենք որոշել ենք ավելացնել թերթի էջերը: «Դմեն»-ը շատ լղարիկ է: Ժամանակին «Ավընիր»-ն էլ էր բարակ, ես գիտեի: Բայց պատճառը միայն դա չէ: (Լիլիին.) Դու ի՞նչ ես կարծում:

ԼՐԱԳՐՈՂ — (ասես իրեն են դիմել): Առանձնապես ոչինչ էլ չենք կարծում: Ճիշտն ասած՝ մտածելու տարբերակները խիստ սահմանափակ են:

ԼԻԼԻ — (ելնում է տեղից): Սա կյանք չէ, ինձ ոչինչ չեն ասում, ինձ մոռանում են: Ես կարող էի մեռած լինել իմ թիկնաթոռին ու ոչ ոք չնկատեր: Չե՞ք ամաչում:

ԼՐԱԳՐՈՂ — (պարի հրավերի շարժումով գլուխ է տալիս նրան): Իհարկե, դուք կմեռնեք… Բայց ո՛չ իսկույն ևեթ: Շատ գեղեցիկ կլիներ, եթե տղամարդիկ կարողանային ձեզ այդքան հեշտ կորցնել:

Լիլին ելնում է տեղից, բայց փոխանակ Լրագրողին փարվելու, մի քանի քայլ է անում:

ԼԻԼԻ — (շրջվելով առաջին զույգի տիկնոջը): Ինձ դուր է գալիս ձեր կոստյումը: Բայց եթե միայն մի կոճակով լիներ, ավելի դուր կգար: Նմանը ես ունեցել եմ, չնայած իմ ճաշակը փոխվել է՝ ավելի շուտ ես եմ փոխվել:

Նստում է: Լրագրողը գրկաբաց սպասում էր նրան, բայց նրա նստելուց հետո ինքն էլ է նստում: Առաջին զույգի տղամարդը վեր է կենում, մի քանի քայլ է անում, պարի հրավիրում երկրորդ զույգի տիկնոջը, որը վեր է կենում ու իսկույն նստում: Առաջին զույգի տղամարդը տեղավորվում է նրա կողքին: Այդ ընթացքում երկրորդ զույգի տղամարդը վեր է կացել, պարի հրավիրել առաջին զույգի տիկնոջը: Նույն դրությունը: Տեղի է ունենում զույգերի փոխանակություն:

ԼՐԱԳՐՈՂ — Ոչ թե դուք եք փոխվել, Լիլի՛, այլ նորաձևությունը:

ԼԻԼԻ — (հիացմունքով): Ինչպե՞ս եք ամեն ինչ իմանում:

ԼՐԱԳՐՈՂ — Ահա՛ այսպես: (Սկսում է դերվիշի պես պտտվել իր շուրջը՝ նախ շատ արագ, հետո ավելի ու ավելի դանդաղ:)

ԼԻԼԻ — (նստած, անշարժ): Ինձ մի ստիպեք շրջվել: Գլխապտույտ եմ ունենում: Ու ամեն ինչ հակառակ եմ տեսնում: Գթացե՛ք:

Լրագրողը նստում է, Լիլին վեր է կենում, պարային շարժումով մի քանի քայլ է անում, բայց շատ շուտով պարզ է դառնում, որ դա իր յուրօրինակ քայլելու ձևն է: Լրագրողը բռնում է Լիլիի ձեռքը, հետը շրջան է անում բեմում, հետո վերադառնում է ճիշտ այնտեղը, որտեղից ելել էր:

ԼՐԱԳՐՈՂ — (գլուխ տալով այն դատարկ նստատեղին, որն ինքը զբաղեցնում էր քիչ առաջ): Ես ձեզնից վերցրել եմ Լիլիին, ձեզ էլ վերադարձնում եմ:

Լիլին նստում է: Տնօրենը փորձում է բռնել նրա ձեռքը, բայց չի կարողանում: Լիլին շրջվում է նրան մեջքով ու ժպտում է առաջին զույգի տղամարդուն: Երկրորդ զույգի տիկինը ժպտում է Լրագրողին: Լռություն: Միանման զույգերի տղամարդիկ մոտենում են, հրավիրում իրենց նախկին մտերմուհիներին: Նրանք վեր են կենում ու անմիջապես էլ նստում: Տղամարդիկ տեղավորվում են նրանց կողքին: Հարաբերությունները կարգավորվում են՝ զույգերն այնպիսին են, ինչպիսին էին պատկերի սկզբում: Լռություն: Անշարժություն:

Առաջին զույգը վեր է կենում, դուրս գալիս աջ կողմով: Երկրորդ զույգը վեր է կենում, նորից նստում: Նոր լռություն:

Լրագրողը, Լիլին ու Տնօրենը նույն դիրքում են՝ Լիլին շարունակում է մեջքը Տնօրենին շուռ տված նստել, Լրագրողը՝ ձեռքը օդում պահել: Երբ նա իջեցնում է ձեռքը, Լիլին վեր է կենում: Պարային կեցվածք: Լրագրողը ուղղվում է դեպի երկրորդ զույգի տիկինը, բայց նա արդեն վեր է կացել դուրս գալու համար, Լրագրողը դատարկ աթոռին է գլուխ տալիս: Երկրորդ զույգի տղամարդը մի քանի քայլ է անում դեպի Լիլին, բայց կես ճանապարհին կանգնում, ելքի մոտ հասնում է մտերմուհուն: Տնօրենն անընդհատ ուզում է բռնել Լիլիի ձեռքն ու քանի որ անընդհատ անհաջողության է մատնվում, վհատված դուրս է գալիս, վերադառնում Կառավարչի արտահագուստով: Ու իսկույն սեղանները, աթոռները հավաքում, ետնաբեմ է տանում, վերադառնում է նախկին հանդերձանքով: Նա նորից «Ավընիր»-ի տնօրենն է: Լիլին, Լրագրողն ու Տնօրենը ոտքի են կանգնում:

Բեմը մթնում է:

Տասներկուերորդ պատկեր

Փողոց: Առաջին պատկերի բեմիրերը: Ձախից մտնում են Լիլին, Տնօրենն ու Լրագրողը: Աջում, ձեռքերը կրծքին խաչած, Ն.-ի դիակն է:

Լիլիի քայլվածքը չի փոխվել, այժմ, սակայն, մատնում է իրական աղքատությունը: Իր հերթին Լրագրողը գրեթե խղճահարույց վիճակ է ներկայացնում:

ԼԻԼԻ — (ուզում է հենվել Տնօրենի ուսին, բայց չի կարողանում): Ամեն կողմս ցավում է: Չափազանց թույլ, չափազանց տկար եմ: Ոչ մի ակնթարթ չթողեցին՝ հանգստանամ: Ինչ դժբա՜խտ եմ: (Մի քանի քայլ է անում, հանդիպում Ն.-ի դիակին:) Տես, է՛… ո՞վ է:

ԼՐԱԳՐՈՂ — Եթե չեմ սխալվում, Ն.-ն է: Ճզմվել է… հավաբանար մեքենայի տակ: Երբեք չես իմանում, թե գլխիդ ի՞նչ է գալու: (Լռություն:) Այսինքն՝ ինչին որ ձգտում էր, հասավ: Մոտավորապես…

ԼԻԼԻ — Գլուխս լրիվ կորցրել եմ: Ես կարծում էի, որ ոտքով կարող եմ տեղ հասնել, եղած-չեղածը երկու քայլ է: Չէի հիշում, որ փողոցը շրջանաձև է, հարկավոր է պտտվել… Պարզից էլ պարզ է՝ ես ամեն ինչ մոռանում եմ: (Ձեռքերով ծածկում է գլուխը:)

ՏՆՕՐԵՆ — Լիլի, ժամանակն է, դու ինձ խոստացել ես…

ԼԻԼԻ — (ձայնեղ): Ես այստեղ եմ:

ՏՆՕՐԵՆ — (Լրագրողին): Մի պահ ձեզնից ուզում եմ խլել Լիլիին: Կարծում եմ, ինձ չեք ատի:

ԼՐԱԳՐՈՂ — Բնավ: (Լռություն:) Ինձ թվում է՝ ես միակն եմ, որ առանց նրան կկարողանամ ապրել:

ՏՆՕՐԵՆ — Նախ պիտի ինքնաշարժ փնտրեմ: Լիլի՛, կմիանաք ինձ: Օ՜, ո՛չ, ես պատրանքներ չեն փայփայում: Երբեմն, իհարկե, ունենում եմ, բայց երկար չեն տևում, և դա հասկանալի է: (Դուրս է գալիս ձախից՝ գլխավերևում թափահարելով ձեռքերը:)

ԼԻԼԻ — Գալիս եմ… գալիս… (Տեղից չի շարժվում:)

ԼՐԱԳՐՈՂ — Մնո՞ւմ եք: Այս անգամ ի՞նձ էիք ուզում տեսնել: Իհարկե, չեմ հավատում, բայց խոստովանում եմ, որ խորապես հուզվում եմ: Չնայած իմ զբաղմունքներին,  այնքան անզգա չեմ, որքան թվում եմ: Իմ պարտականությունները երբեմն ինձ խեղդում են, բայց ոչ ոք չի նկատում: Դա բնական է, հակառակ դեպքում ստիպված պիտի լինեի կատարել:

Լռություն:

ԼԻԼԻ — Դու շարունակո՞ւմ ես ինձ սիրել:

ԼՐԱԳՐՈՂ — (նյարդային): Սիրում եմ… սիրում… Բայց իմ սերը նրանցից տարբեր է: Նրանք միշտ հավաստիացումներ են ուզում: Կարծես հնարավոր է տալ:

ԼԻԼԻ — Բայց դուք ձեր աշխատանքն ունեք: Դա մի իդեալ է, որը համարժեք է մի ուրիշին, և որը նման երջանկությամբ է համակում:

ԼՐԱԳՐՈՂ — Ես չափազանց մանրախնդիր եմ: Ինձ հետաքրքրասեր, բծախնդիր են համարում, որովհետև նոթագրում եմ ամենը, ինչ տեսնում ու լսում եմ: Մարդիկ չեն հասկանում, որ եթե դա անում եմ, անում եմ ոչ թե ինձ, այլ իրենց համար: Այն աստիճանի, որ անընդհատ վերսկսում եմ նույն աշխատանքը, նույն տանջալի դիտարկումները: Ես դա շատ ձանձրալի կհամարեի, եթե երբևէ դրանցից բավականություն կորզելու հույս փայփայեի: (Լռություն:) Երբեմն իմ գաղափարները փոխառնում, բայց չեն նշում, որ իմն են: Չնայած չեն կարողանում, ինչպես հարկն է, օգտագործել:

ԼԻԼԻ — Դուք ասել եք, որ ինձ սիրել եք: Ես ինձ խաբված եմ զգում: Գիտե՞ք, որ ամենուր որոնել եմ ձեզ, հասել եմ մինչև օդակայան: Այնտեղ հանդիպեցի Ժորժին, նա Անդրեին էր փնտրում: Մենք միասին ետ եկանք: Ճանապարհին, կարո՞ղ եք ենթադրել, թե ում տեսա: Անտուանին, ով կարծել էր, որ ժամադրված է հետս: Ես նրան հարցրի, թե դուք որտեղ եք: Չգիտեր: Տեսա նաև Պիեռին: Նա էլ թղթերն էր մոռացել, դիմացն էր եկել փնտրելու: Ես նրան սպասեցի մի ժամ, երկու ժամ, ավելին չգիտեմ: Չվերադարձավ: Ինձ թվում է՝ փողոցն անցնելիս նրան ձերբակալել են կամ սպանել: (Լռություն:) Ես ձեզ այդպես սպասել եմ մինչև մութն ընկնելը: Փողոցից փողոց եմ վազել, մարդիկ ինձ խելագար են կարծել: (Լռություն:) Լավ չի, չէ՞ որ դու ինձ խոստացել էիր… (Հանում է կոշիկներից մեկը, շփում ոտքը:)

ԼՐԱԳՐՈՂ — Ես երբեք ոչինչ չեմ խոստանում: (Լիլին լաց է լինում:) Կուզե՞ք երեկոն միասին անցկացնենք:

ԼԻԼԻ — Անհնար է, ինձ սպասում են, ոչինչ չեմ կարող անել: (Լռություն:) Ինձ այնքան թույլ եմ զգում:

ԼՐԱԳՐՈՂ — Ինչպես ուզում եք:

ԼԻԼԻ — Ո՛չ այսօր: Մի ուրիշ օր, ժամը ինքներդ որոշեք: Հիմա ոչինչ չեմ կարող ասել… (Գլխարկը հանում, նստում է մայթեզրի քարին, գլուխը ձեռքերի մեջ առնում:)

ԼՐԱԳՐՈՂ — Լիլի՛:

Չի պատասխանում: Ցած է հակվում, կախում գլուխը: Մազերն ընկնում են աչքերին:

ՏՆՕՐԵՆԻ ՁԱՅՆԸ — (ետնաբեմից): Վերջապե՜ս, գտա՛:

Լիլին վեր է կենում, հետո ձեռքը մտացիր Լրագրողի գլխին հենելով, հագնում է կոշիկը:

ԼԻԼԻ — Գալի՜ս եմ, գալի՛ս: (Հեռանում է հակառակ կողմով:)

ՏԱՐԲԵՐ ՁԱՅՆԵՐ — Լիլի՛, Լիլի՛:

Լրագրողը անշարժ կանգնած է մնում դատարկ բեմի մեջտեղում, հետո վհատ շարժումով թափ է տալիս ձեռքը, օձիքը բարձրացնում, դանդաղ դուրս է գալիս: Շատ հեռվից, գրեթե անլսելի, սուլիչի ձայներ են լսվում: Անթափանց խավար: Լռություն: Հետզհետե թույլ լույս է առկայծում, բեմը լուսավորում: Դույլերով, բահերով, փողրակներով՝ մտնում են վարակազրկման ծառայության բանվորները: Բեմն ավելի ու ավելի է լուսավորվում: Բանվորները, իրենց գործն անելով, մոտենում են Ն.-ի դիակին, կենցաղային աղբի պես ետնաբեմ են հրում, հետն անհետանում: Ճիշտ այն պահին, երբ ավելը դիպչում է Ն.-ին, լուսավորությունը չափազանց պայծառանում, բեմը ողողում է: Երկար ժամանակ, նույն շլացուցիչ լույսի ներքո, բեմը դատարկ է մնում:

  1. «Ապագա» (ֆր.)
  2. «Կանաչ գլխարկ» (ֆր.)
  3. Palais-Royal («Արքայական պալատ»)- Փարիզում, 1643 թ.-ին կառուցված նշանավոր պալատ, որտեղ այժմ Պետական խորհրդարանն է:
  4. Հյուրանոցային շքեղ համալիր Փարիզում:

«Վաղը» (ֆր.):

 

Ֆրանսերենից թարգմանեց Գրիգոր Ջանիկյանը

 

Տպագրվել է  «Դրամատուրգիա»  48-49 / 2017թ. հանդեսում

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։