ԹՎԱՑՅԱԼ ԵՐԿՐԻ ԲՆԻԿՆԵՐԸ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
Ամեն մի երևույթ ամբողջի մի մասնիկն է, իսկ Տիեզերքը` ամբողջը: Նրա բոլոր երևույթները փոխկապակցված են, փոխկախյալ և փոխհայաց, ուստի գոյակցում են մշտական փոխազդեցությամբ: Եթե այդ անվերջանալի շղթայից մեկ օղակն անգամ շեղվի համամասնությունից` Տիեզերքն աղետի կենթարկվի:
Պիեսի հերոսները հասնում են այդ սահմանագծին` բարոյախոսությունը թողնելով մեզ, քանզի մեզնից ամեն մեկն էլ այդ Ամբողջի մի մասնիկն է` Տիեզերքի համամասնությունը պահպանող փոխազդեցությամբ:
Տրագիֆարս՝ մեկ գործողությամբ, երկու մասով
Գործող անձինք
ՈՒՍՈՒՑԻՉ
ՔԱՀԱՆԱ
ՍԻՐՈՒՇ
ԿՈԼՅԱ
ՖԵԼՈ
ԱՍՔԱՆԱԶ
Տեր ՄԱՐՈՒՔԵ
ՀԱՅԿՈՒՆԻ
ՎԵՐԳԻՆԵ
ՂԱԶԱՐՈՍ
ՆԻՆԵԼ
ԹԻԿՆԱՊԱՀ
ԱՌԱՋԻՆ ՄԱՍ
Խիտ շիրմաքարերով թեքավայր գերեզմանոց: Դրանց արանքներով, ասես լաբիրինթոսում ուղի փնտրելով, արագաքայլ իջնում է Ուսուցիչը, նրանից ետ չմնալու ճիգով՝ Քահանան:
ՔԱՀԱՆԱ — Օրհնյա՜լ, մի քիչ դանդաղ գնա, շունչս կտրվեց…
Հասնելով ուղղանկյուն հին տապանաքարին, Ուսուցիչը նստում է, շունչը ետ բերելով՝ թաշկինակով սրբում է քրտնած ճակատը, պարանոցը: Տեղ հասնելով, Քահանան նույնպես նստում, խնամքով ծալած փորուրարը, աղոթագիրքն ու ձեռաց խաչը դնում է կողքի:
ՔԱՀԱՆԱ — Տնաշեն, այնպես ճողոպրեցիր, ասես քեզ էին թաղելու: (Ափերով հովհարում է իրեն🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Փոս իջեցնելը վրաս ազդում է: (Տապանաքարի մոտ թողած ցելոֆանե տոպրակից հանում է հնամաշ մարզահագուստը, կոշիկները, զգեստափոխվում է🙂
ՔԱՀԱՆԱ — (իր տոպրակում տեղավորում է եկեղեցական պարագաները): Փոս իջեցնե՞լն է ազդում, թե՞ հանգուցյալը:
ՈՒՍՈՒՑԻՉ — Երկուսն էլ: Չե՞ս նկատել, մահախոսական ասելիս երբեք հանգուցյալին չեմ նայում: Նյարդերիս վրա ազդում է:
ՔԱՀԱՆԱ — Հանգուցյալն էլ քեզ չի նայում, երևի նույն պատճառով:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իմ գործը թափորի նյարդերի վրա ազդելն է, ոչ թե հանգուցյալի:
ՔԱՀԱՆԱ — Դա քեզ հրաշալի է հաջողվում, ես կասեի՝ փայլուն: (Փիլոնը հանում, խնամքով ծալելով տեղավորում է տոպրակի մեջ🙂 Երբ քեզ լսում եմ՝ մեռնելս գալիս է, բայց չէի ցանկանա, որ դու իմ վրա դամբանական ասեիր:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչո՞ւ, քաղաքում ինձնից լավ դամբանական ասող կա՞:
ՔԱՀԱՆԱ — Չկա: Դրա համար էլ չէի ուզենա, որ իմ դամբանականը դու ասեիր: Հարազատներս մեղք են: Հոգի ես ծվատում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց դա օգնում է նրանց մխիթարվել:
ՔԱՀԱՆԱ — Դու, ավելի լավ է, ինձ մխիթարիր: Ինչքա՞ն տվեցին:
ՈՒՍՈՒՑԻՉ — Քսան: (Գրպանից հանում է երկու թղթադրամ, մեկը մեկնում է քահանային🙂 Վերցրու:
ՔԱՀԱՆԱ — Տասը հազա՞ր… Ինչպիսի՜ անխղճություն…
ՈՒՍՈՒՑԻՉ — Ո՞վ է հիմա ավելին տալիս: Դու գիտես, ես երբեք չեմ խաբում:
ՔԱՀԱՆԱ — Գիտեմ: (Փողը դնում է գրպանը🙂 Միլիոնատեր էին երևում, մտածեցի՝ երեսուն հազար տված կլինեն, իսկ երեսունի կեսը տասնհինգ հազար կլիներ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Նրանք նախընտրեցին իրենց ունեցած մեկ միլիոնից հանել 980 հազարը և մնացորդ 20 հազարը տալ մեզ:
ՔԱՀԱՆԱ — Անիրավնե՜ր…
ՈՒՍՈՒՑԻՉ — Դեռ հեգնեցին՝ արածներդ ի՜նչ էր, որ…
ՔԱՀԱՆԱ — Հեգնեցի՞ն: Ապիկարնե՜ր… Մինչդեռ ես բարձր մակարդակով թաղման կարգ կատարեցի:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ ես արտասանեցի իմ լավագույն դամբանականը: (Տոպրակից հանում է կոշիկ մաքրելու սպունգը, սրբում է հանած կոշիկների փոշին🙂 Այնպիսի դրական հատկանիշներ վերագրեցի հանգուցյալին, որ ամբողջ կյանքում դրա մեկ տոկոսն էլ չէր լսել:
ՔԱՀԱՆԱ — Նա հիմա էլ չլսեց:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց մյուսները լսեցին, չէ՞, մանավանդ հանգուցյալի միլիոնատեր տղան:
ՔԱՀԱՆԱ — Նա լսեց, բայց մտածեց, որ այդ գերբնական բնութագրումներն իր հոր մասին չեն: (Մի ձեռքով հայելին պահած, մյուսով սանրում է մորուքը🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Կոնկրետ դեպքում՝ հանգուցյալը նրա հայրն էր: Մեկ ուրիշ հանգուցյալ կա՞ր այս թաղմանը:
ՔԱՀԱՆԱ — Չկար: Հենց դրա համար էլ նա մտածեց, որ այդ գերբնական բնութագրումներն իր հոր մասին չեն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց ինչո՞ւ:
ՔԱՀԱՆԱ — Որովհետև նա հորն ավելի լավ է ճանաչում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Այնուամենայնիվ, բոլորը կվկայեն, որ իմ դամբանական խոսքը տասնհինգ հազարից պակաս չարժեր: Գուցեև ավելի:
ՔԱՀԱՆԱ — Եթե բոլորը ազնիվ վկայություն տան, ապա կասկածից վեր է, որ իմ կատարած թաղման կարգը կգնահատվի տասնհինգ հազար: Գուցեև ավելի: (Հայելին, սանրը տեղավորում է տոպրակում🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց մեզ շահագործեցին անգութները:
ՔԱՀԱՆԱ — Մեզ թալանեցին անխիղճները:
ՈՒՍՈՒՑԻՉ — Մեզ հարստահարեցին անզգամները:
ՔԱՀԱՆԱ — Մեզ շահատիրեցին չարամիտները:
ՈՒՍՈՒՑԻՉ — Սրանից վատթար էլ ի՞նչ կարող է լինել:
ՔԱՀԱՆԱ — Կարող է այլևս չօգտվեն մեր ծառայությունից:
ՈՒՍՈՒՑԻՉ — Աստված մի արասցե:
ՔԱՀԱՆԱ — (խաչակնքում է, ափերը վեր պարզելով՝ հայացքը հառում վերև): Գոհանամք զքեն տեր ամենակալ, որ արժանավորեցիր զմեզ տասհազարական դրամով: Ամեն:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ամեն:
ՔԱՀԱՆԱ — Հաջողվե՞ց գոնե մի բան վերցնել հոգեհացից:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կարծում եմ՝ այո: Ինչպես միշտ, Սիրուշն այնտեղ էր:
ՔԱՀԱՆԱ — Սիրուշն էլ չլինի՝ սովից կմեռնենք:
ՈՒՍՈՒՑԻՉ- Եթե մեռնելը չլիներ, ես էլ, դու էլ, Սիրուշն էլ սովից կմեռնեինք:
ՔԱՀԱՆԱ — Եվ այնժամ կկատարվեր բանաստեղծի մարգարեությունը՝ «Ես ձեզ ասում եմ՝ կգա Ոգու սով, և դուք կքաղցեք ճոխ սեղանի մոտ»:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ չէր լինի մեկը, ով կասեր… (Արտիստիկ🙂 Թող մայր հողը թեթև լինի քո վրա, քո լուսեղեն անմար հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում:
ՔԱՀԱՆԱ — Եվ չէր լինի մեկը, ով կասեր… (Օդում խաչակնքելով🙂 «Օրհնեսցի և կնքյալ պահեսցի դամբարան և ոսկերք ծառայիս Աստուծոյ»:
ՈՒՍՈՒՑԻՉ — (նստում է նրա կողքին): Քեզ ի՞նչ կա, նույն աղոթքը բոլորի համար ասում ես, իսկ իմը ստեղծագործական աշխատանք է:
ՔԱՀԱՆԱ — (զգուշավոր կասկածամտությամբ): Ի՞նչ ես ուզում դրանով ասել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես ուղղակի փաստն արձանագրեցի:
ՔԱՀԱՆԱ — Մենք երդվել ենք ազնիվ լինել միմյանց նկատմամբ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես երբեք երդմնազանց չեմ եղել:
ՔԱՀԱՆԱ — Բայց կարծես մեղավոր մտքեր են ծնվում քո մեջ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Դու ինքդ էիր ասում՝ մարդն ի ծնե մեղավոր է:
ՔԱՀԱՆԱ — Մարդն ի ծնե մեղավոր է Աստծո առջև, բայց թոշակառու ուսուցիչն իր գործընկեր քահանայի նկատմամբ պարտավոր է անմեղսագործ լինել:
Մոտենում է Սիրուշը՝ բրեզենտե պայուսակը ուսից կախ:
ՍԻՐՈՒՇ — Է-հե՜յ, տղերք, համբերեք, տեղ եմ հասնում:
ՔԱՀԱՆԱ — (ոտքի ելնելով՝ գոհությամբ խաչակնքում է): Հուսա և կարժանանաս, հավատա և հրաշքներ կտեսնես:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ամեն: (Իջնում է տապանաքարից🙂
ՍԻՐՈՒՇ — Հո շատ չե՞մ ուշացել… պարզեցի՞ք ձեր հաշիվները, որոշեցի՞ք անմեղն ու մեղավորը… (Պայուսակից հանում, տապանաքարին է դարսում ուտելիք, օղու շիշ, երեք բաժակ🙂 Հալա սրանց բերած օղուն նայեք՝ ամենաէժանն է:
ՈՒՍՈՒՑԻՉ — (դասավորելով ուտեստեղենը): Նորությո՞ւն է, միշտ էլ գերեզմանին էժանն են բերում, թանկարժեքը հոգեհացի սրահում են դնում:
ՍԻՐՈՒՇ — Գրո՛ղս դնեն… Հորը նոր է գերեզման դրել, բայց արդեն հոխորտում է՝ տես, հա՜, լավ կպահպանես, կավլես, ծաղիկները կջրես, անունի հարց է:
ՔԱՀԱՆԱ — Ո՞ւմ անունի՝ քո՞, ի՞ր, թե՞ հոր:
ՍԻՐՈՒՇ — Պարզ չի՞, որ ի՛ր անունի, միլիոններ է ետ գցել, բայց, նկատեցի՞ք, հոր կոշիկների ներբանները շրեշով ներկել էր՝ իբր նոր կոշիկով է թաղում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ես հանգուցյալներին չեմ նայում:
ՍԻՐՈՒՇ — Դե, եկեք, եկեք, լվացվեք, որ հաց ուտենք, օրը թեքվում է: (Պայուսակից շշով ջուր է հանում, լցնում նրանց ձեռքերին🙂
ՔԱՀԱՆԱ — (լվացվելով): Փողը տվե՞ց:
ՍԻՐՈՒՇ — Չէ, ասավ՝ վաղը, ինքնահողեքին կգանք, կտամ:
ՈՒՍՈՒՑԻՉ — (վերցնելով շիշը՝ Սիրուշին օգնում է լվացվել): Կխաբի, չի տա: Փողատերերն էդպես են:
ՍԻՐՈՒՇ — Սիրուշին խաբողը դեռ չի ծնվել: Ես ձեր նման չեմ, է՞, որ վարձը գործն անելուց հետո վերցնեմ: Էս գլխից կվճարի՞, գերեզմանն էլ կմաքրեմ, մոլախոտերն էլ կհեռացնեմ, ծաղիկներն էլ կջրեմ: Չի՞ վճարի՝ գործ չեմ անի: Հուշաքարի վրա մեռնողի անունն է, բայց ազգանունն ընդհանուր է, բոլորը գիտեն՝ ով ում հարազատն է, խայտառակ կլինի: (Բաժակներն օղի է լցնում🙂 Դե մոտեցեք, սովից մեռանք: (Վերցնում է բաժակը🙂 Օղորմի անցավորաց: (Խմում է🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Օղորմի: (Խմում է🙂
ՔԱՀԱՆԱ — Օղորմի: (Խմում է🙂
Ախորժակով ուտում են:
ՈՒՍՈՒՑԻՉ — Տեր հայր, մենք ու մերոնք ենք, օտար մարդ չկա: Էդ որ ասում ես՝ դժո՜խք, դրա՜խտ, դրանք իսկապե՞ս գոյություն ունեն, թե՞ հեքիաթ է:
ՔԱՀԱՆԱ — (բաժակները օղի լցնելով): Զավակս, բաներ կան, որ պետք չէ ժամանակից շուտ իմանալ, ժամանակը կգա, կմեռնես՝ կիմանաս: (Վերցնում է բաժակը🙂 Ապրողների համար: (Խմում է🙂
ՍԻՐՈՒՇ — Հիշո՞ւմ եք հոգեդարձ եղած էն կոմունիստին, որ ասում էր՝ ժողովո՜ւրդ, չհավատա՜ք, ոչ դրախտ գոյություն ունի, ոչ՝ կոմունիզմ: Ողջ լինեք: (Խմում է🙂
ՔԱՀԱՆԱ — Այդ կոմունիստները ստում են թե՛ երկրային և թե՛ հանդերձյալ կյանքում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եվ, այնուամենայնիվ, հետաքրքիր է: Ես, որպես նախկին ուսուցիչ, մի բան գիտեմ՝ գիտության մեջ ամեն բան ապացույց ունի: Ապրողների կենացը: (Խմում է🙂
ՔԱՀԱՆԱ — Զավակս, այն, ինչ գիտությունն ի զորու չէ ապացուցել՝ կրոնն է օգնության հասնում: (Բաժակներն օղի է լցնում🙂 Մի ձգտիր ապացուցել այն, ինչը մեր տեր Աստծուն է վերապահված: Ժամանակը կգա և Տերը կապացուցի: Մի շտապիր:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց գիտե՞ս, որ ինչքան շտապես, այնքան երկար կապրես:
ՍԻՐՈՒՇ — Էդ ո՞նց:
ՈՒՍՈՒՑԻՉ — Էյնշտեյնն է ապացուցել:
ՔԱՀԱՆԱ — Չմոռանանք, որ Էյնշտեյնին էլ է Աստված ստեղծել: (Թափով խմում է🙂
ՍԻՐՈՒՇ — (Ուսուցչին): Բայց էդ ո՞նց՝ երկար կապրես:
ՈՒՍՈՒՑԻՉ — Եթե, օրինակ, տիեզերագնացը լույսի արագությամբ սլանա դեպի մի հեռավոր աստղ ու նույն արագությամբ ետ դառնա, ապա նրա համար գնալ-գալու ժամանակը ավելի կարճ կտևի, քան՝ երկրի վրա սպասողներիս: Այստեղ նրան կդիմավորեն նրա թոռ ու ծոռները:
ՍԻՐՈՒՇ — Պա՛-հո՜…
ՈՒՍՈՒՑԻՉ — Բա՞:
ՔԱՀԱՆԱ — (շրջվելով դեպի արևելք՝ հանդիսավոր խաչակնքվում է): Որքա՜ն արդար պիտի լինի մարդ, որ լույսի արագությամբ ընթանա:
ՍԻՐՈՒՇ — (վերցնում է բաժակը): Էս էլ՝ արդարների համար: (Խմում է🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Արդարների համար: (Խմում է🙂
ՍԻՐՈՒՇ — Տեր հայր, արդարների համար չե՞ս խմում:
ՔԱՀԱՆԱ — Արդարներ գոյություն չունեն, զավակս:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բա Աստվա՞ծը, նա է՞լ չի արդար:
ՔԱՀԱՆԱ — Տերն ինքը կենաց արդարություն է և արդարություն՝ կենաց: Կենացի կենաց չեն խմում, նրան աղոթում են՝ մեղքերի քավության համար:
ՍԻՐՈՒՇ — (լիաթոք ծիծաղում է): Վա՜յ, տերտեր ջան, տվիր մեր Շլմնդո Կոլյային, անցար…
Ասես գետնի տակից վեր է հառնում Կոլյան՝ կաշվե պայուսակը ձեռքին:
ԿՈԼՅԱ — Այն ո՞վ է համարձակվում տալ տիեզերածին անձիս անունը:
ՍԻՐՈՒՇ — (ընկրկելով): Վո՛ւյ, արևդ թաղեմ, Կոլյա, վախեցրիր…
ԿՈԼՅԱ — (սպիտակահեր է, կիսամորուսով, հագին՝ ֆրակ, լայնեզր գլխարկ, ժանյակավոր վերնաշապիկ՝ ժապավենակապ փողկապով, խոսում է արտիստիկ շարժումներով ու պաթետիկ ոճով): Բարության օվկիան Շլմնդո դե Մարիոս Նիկոլասը չի կարող ահուսարսափ սփռել յուր բարեկամների վրա, մանավանդ այնպիսի ազնվագույն տիկնոջ, ինչպիսին սույն հանգստավայրի գեղածիծաղ տիրուհին է: (Համբուրում է Սիրուշի ձեռքը, մյուսներին արժանապատիվ գլուխ տալիս🙂 Հարգանացս հավաստիքը, պայծառափայլ պարոնայք:
ՔԱՀԱՆԱ — Աստված պահապան, զավակս:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բարև, Կոլյա, համեցիր, միասին ճաշենք:
ԿՈԼՅԱ — (զննելով տապանաքարի վրա շարված ուտեստեղենը): Շլմնդո՜… Ինչպիսի՜ ճոխ ճաշկերույթ: Թույլ տվեք համեստ մասնակցություն ունենալ ձեր խնջույքին: (Պայուսակից դուրս է բերում օղու բաժակը, ուտեստներ🙂 Ահավասիկ, Ահնիձորի տնական հավի տոտիկներ, ձիթապտուղ՝ Մարոկկոյից, Գառնիից՝ թարմ լավաշ, «Լոռի» պանիր, օշարակ… (Շշի պիտակը կարդալով🙂 «Լի-մո-նադ տանձի»… Օ՜, հո՛-հո՛-հո՛-հո՜… Ինչպիսի՜ ծաղր օշարակասեր հանրության քիմքին: Եթե լիմոնադ է, ինչո՞ւ է տանձի, եթե տանձի է՝ ինչո՞ւ է լիմոնադ: (Վերցնում է Ուսուցչի լցրած բաժակը🙂 Եվ այսպես, վսեմաշուք տիկին, ազնվազարմ պարոնայք, ես հուսով եմ, որ դուք առաջին բաժակը բարձրացրել եք նրանց պատվին, ովքեր արդեն հասել են այնտեղ, որտեղից եկել էին: Բարի կենսապտույտ մաղթենք բոլորիս: (Թափով խմում է և ձիթապտուղ համտեսում🙂 Սակայն, բարեկամներ, ես մի խնդրանք ունեմ: Այստեղ գալուս ճանապարհին նկատեցի մի շիրմաքար, որի վրա գրված էր՝ «Սովից մեռավ»: Ձեր թույլտվությամբ, ցանկանում եմ այդ սովամահին հրավիրել մեր խնջույքին…
ՔԱՀԱՆԱ — Հյուրը Աստծունն է:
ՍԻՐՈՒՇ — Հրավիրիր, իհարկե, կանչիր, թող գա:
ՈՒՍՈՒՑԻՉ — Անշուշտ, անշուշտ…
ԿՈԼՅԱ — Շնորհակալ եմ, բարեկամներ, անչափ շնորհակալ եմ: (Գնում, կանգնում է մի շիրմաքարի մոտ: Հանդիսավոր🙂 Ղազարո՛ս, վեր կաց, դուրս արի: (Դանդաղ բարձրանում է չորուկ կազմվածքով, ցնցոտիավոր տղամարդ🙂 Արի իմ ետևից:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ասում են, իբր, Կոլյան լրտես է:
ՔԱՀԱՆԱ — Չէ, դերասան է եղել, հետո խախտվել է:
ՍԻՐՈՒՇ — Իսկ ես լսել եմ, որ նա մեծ բանաստեղծ է:
ԿՈԼՅԱ — (վերադառնալով, ուտելիք է մեկնում Ղազարոսին): Կեր, Ղազարոս և երանելի դարձրու մեզ, քանզի հատուցելու ոչինչ չունես:
Ղազարոսը վերցնում է ուտելիքը, հեռանալով՝ կծկվում է շիրմաքարերից մեկի մոտ, ագահաբար սկսում է ուտել՝ ոչ մի փշուր չթափելու ջանքով:
ԿՈԼՅԱ — (ուտելով): Ի՞նչ լուր ունես Առնոյից, Ղազարոս:
ՂԱԶԱՐՈՍ — (պատառին հառված, առանց խոսակցին նայելու): Երեք տարուց կծնվի:
ԿՈԼՅԱ — Ես հրավիրված եմ նրա ծնողների հարսանիքին:
ՂԱԶԱՐՈՍ — Գիտեմ:
Սիրուշն ու Ուսուցիչը զարմացած միմյանց են նայում: Սիրուշը թոթվում է ուսերը:
ԿՈԼՅԱ — Այդ հարսանիքին արտասանելու եմ հանճարեղ բանաստեղծ Հրատ Ցայգի «Ավետում» բանաստեղծությունը:
ՂԱԶԱՐՈՍ — Գիտեմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — (հեգնանքով): Այդ հանճարեղ բանաստեղծն է՞լ երևի չի ծնվել, մանավանդ, որ Հրատ Ցայգ անունով բանաստեղծ չունենք:
ԿՈԼՅԱ — (անտեսելով հեգնանքը): Ոչ, նա արդեն ծնվել է, տասնհինգ տարեկան է, իսկ «Ավետումը» կգրի եկող տարի:
Պատառը Սիրուշի կոկորդում է մնում:
ՔԱՀԱՆԱ — (Սիրուշի թիկունքին խփելով): Վերև նայիր… վերև նայիր…
ՍԻՐՈՒՇ — (շունչը ետ բերելով): Ա՛յ Կոլյա, խելքը գլխին բան ասա, էլի՜… Խոսում ես՝ մարդ հիանում է, մեկ-մեկ էլ խելքից դուրս բաներ կասես, տնաշե՜ն…
ՈՒՍՈՒՑԻՉ — Հարգելի Կոլյա, խորապես հարգելով քեզ, այնուամենայնիվ, թույլ տուր նկատել, որ քո խոսքերը… Կներես, ցնորամիտ են:
ՂԱԶԱՐՈՍ — (ոտքի է ելնում): Ես գնամ:
ԿՈԼՅԱ — Գնա, Ղազարոս: Իմ կողմից բարևիր Առնոյին:
Ղազարոսը դանդաղ հեռանում, անհետանում է շիրմաքարերի ետևում:
ԿՈԼՅԱ — (հայացքով նրան ուղեկցելուց հետո շրջվում է ներկաներին): Դեմ չեմ, բարեկամներ, դեմ չեմ, որ ինձ ցնորվածի տեղ եք դնում: Սակայն դա ձեր սահմանափակ գիտելիքներից է և թվացյալ աշխարհի բնիկները լինելուց:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուրեմն, եթե մենք քո չափ գիտելիք ունենայինք, կգուշակեինք, հա՞, թե երեք տարի անց ով է ծնվելու, ծնվածներից ո՛վ է հանճարեղ բանաստեղծ դառնալու:
ԿՈԼՅԱ — Թերևս:
ՍԻՐՈՒՇ — Սատանան ասում ա՝ մի տեղ գրի Կոլյայի ասածներն ու հետո ստուգիր:
ԿՈԼՅԱ — Նախ, որպես այդպիսին, սատանա գոյություն չունի, դա մարդկանց մեջ բույն դրած չար բնավորությունն է, երկրորդ. կարող եք գրել և ստուգել՝ երեք տարի անց, օգոստոսի 11-ին, ճիշտ այն պահին, երբ Հայքի համաստեղությունում մի գծի վրա կշարվեն Համփրուք Հայկի, Քար և Կշեռք պայծառ աստղերը՝ լույս աշխարհ կգա Առնոն, նա, ով համերաշխության և սիրո դարձի կբերի ապականված ու տառապած ժողովրդին:
ՔԱՀԱՆԱ — (անհանգստացած): Վերջին դատաստա՞ն…
ԿՈԼՅԱ — Ոչ: Առանց դատաստանի:
Լուռ շարունակում են ուտել:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իմացա՞ք նորությունը: Նորաբաց դպրոցում ուսուցիչները վախեցրել են երեխաներին, ասելով, թե Կոլյան լրտես է, նրանից պետք է զգուշանալ:
ԿՈԼՅԱ — Շլմնդո՜… Միայն նորաբաց դպրոցները կարող են վախեցնել երեխաներին՝ ճշմարտությունն ասելով:
ՔԱՀԱՆԱ — Ո՞նց… Ուրեմն, դու հաստատ լրտե՞ս ես:
ԿՈԼՅԱ — Իհարկե: Այս երկրի վրա ես իմ առաքելությունն եմ կատարում՝ հանուն Տիեզերական համամասնության պահպանման:
ՍԻՐՈՒՇ — (պատառը բերանում՝ քարանում է): Այսի՞նքն…
ԿՈԼՅԱ — Պետք չէ լարվել, ազնվագույն տիկին: Սա առաջին հայացքից է անհեթեթ ու անհասկանալի թվում: Մինչդեռ, եթե խորամուխ լինենք երևույթների և առարկաների էության մեջ, պարզորոշ կերևա, որ այս երկրագնդի վրա ամեն ինչ թվացյալ է, պատճենն է այն իրական կյանքի, այն Գերագույն Ստույգ Գոյի, որը Տիեզերքի հեռավոր և մաքրամաքուր, ազնիվ ու նախնական շերտերում է հորդում: (Տեսնելով, որ ունկնդիրները ապշած հետաքրքրությամբ են համակված՝ ավելի է ոգևորվում🙂 Սակայն այս կյանքը, որը ոչ այլ ինչ է, քան նախնական ու իրական Գոյի կրկնություն, հնարավոր է, անկանխատեսելի շեղումներ ունենա, եթե չլինի իմ ամենօրյա հսկողությունը՝ մինչև Առնոյի գալը:
ՍԻՐՈՒՇ — (թույլ հեգնանքով): Իսկ եթե շեղվի՞… Մարդ ես, մի օր էլ, կարող է, ուշքդ ուրիշ բանի տաս ու աշխարհում մի բան շեղվի:
ԿՈԼՅԱ — Օ՜, մի արասցե… Այդ դեպքում երկրի վրա բյուրեղյա անձրև կտեղա՝ մաքրելու համար ապականված հոգիները, և ստիպված կլինենք ամեն ինչ սկզբից սկսել: Ահա թե ինչու ինձ հանձնարարված է ապրել այս թվացյալ երկրի բնիկներիդ հետ և ամեն պահի տեղեկատվություն տալ Գերագույն Ստույգին՝ երկրագնդի վրա տիրող իրավիճակի մասին: Իմ առաքելությունը երկրաբնակներիդ համար դիտվում է որպես լրտեսություն, և դրանում ոչ մի վիրավորական բան չկա, քանզի իմ ջանքերը նպատակաուղղված են հանուն Տիեզերական համամասնության պահպանման:
Կոլյան շարունակում է ախորժակով ուտել, մյուսները, տարակուսած, փորձում են ըմբռնել նրա ասածը:
ՈՒՍՈՒՑԻՉ — (բարձրաձայն մտորում է): Գոյի կրկնությո՞ւն… Բյուրեղյա անձրև՞… աբսուրդ է, անհեթեթություն…
ԿՈԼՅԱ — Ասացի, չէ՞, որ առաջին հայացքից անհեթեթություն է թվում:
ՔԱՀԱՆԱ — Զավակս, քո ասածների մեջ կարծես թե ճշմարտության հատիկներ նշմարեցի, քանզի Տերն ինքը մշտապես վերահսկում է, որ մեր կյանքը չշեղվի նախասահմանումից, սակայն մեր կյանքի թվացյալ լինելու մասին չեմ զորում հավատ ընծայել, Ավետարանում այդպիսի բան չկա:
ԿՈԼՅԱ — Օ՜, կրոնական դոգմատիզմ, որ Աստծո միակ հենարանն ես…
ՔԱՀԱՆԱ — Մի մեղանչիր, զավակս, քանզի Աստված քեզ ստեղծեց իր պատկերով:
ԿՈԼՅԱ — (Քահանային՝ վերամբարձ): Ասա ինձ, ո՜վ մարդ, ուրիշ ի՞նչ մեծ բան հնարեցիր դու, բացի Աստծուց:
ՔԱՀԱՆԱ — (վրդովվում է): Սթափվի՛ր: Ավետարանը խարույկի վրա այրելով Աստծուն չես ոչնչացնի: (Ցուցադրաբար շրջվում է նրանից🙂
ԿՈԼՅԱ — Սակայն, արժանապատիվ տեր, ինչո՞ւ Աստված անմահանալու միայն երկու ձև ընտրեց՝ խաչվել, կամ կախվել ծառից:
ՔԱՀԱՆԱ — (նրան պատասխանի չարժանացնելով՝ երկյուղածությամբ խաչակնքվում է): Տեր, հալածեա զխաւար մեղաց եւ անգիտութիւն:
ՈՒՍՈՒՑԻՉ — (Քահանային պաշտպանելու մղումով): Հարգելի Կոլյա, այնուամենայնիվ, քո ասածներն անհեթեթություն են և անապացուցելի:
ԿՈԼՅԱ — Անապացուցելի՞… Անապացուցելի՞, ասացիք: Այս վայրկյանին իսկ ապացուցեմ: Ասա ինձ, Տեր հայր, անցյալի և ապագայի միջև ներկա գոյություն ունի՞:
ՔԱՀԱՆԱ — (լիքը բերանով): Իհարկե, զավակս, մի՞թե այս պահը ներկան չէ:
ԿՈԼՅԱ — Ահա՜ մարդկային միամտության փայլուն օրինակ, որն ունակ է դրախտ և կոմունիզմ հնարել… Այս երկրագնդի վրա չկա՜ ներկա, բարեկամներս, չկա՜: Անգամ այն պահին, երբ արտասանում եք «պահ» բառը, առաջին տառն իսկ արդեն հնչում է անցյալի՜ մե՛ջ…
ՍԻՐՈՒՇ — (աչքերը փակելով՝ ստուգում է): Պը՛… Պը՛… Պը՛-ահ… ոնց որ ճիշտ է ասում…
ԿՈԼՅԱ — (ոգևորված): Աչքի թարթումն իսկ անցյա՜լ է:
ՍԻՐՈՒՇ — (հայացքը վեր հառած՝ թարթում է աչքերը: Զարմացած): Ճիշտ որ…
ԿՈԼՅԱ — (ավելի է ոգևորվում): Երկրագնդի վրա չի եղել մի դեպք, որ նորածնի առաջին ճիչի հետ հնչած չլինի մեռնողի վերջին հառաչանքը: Կյանքն ու Մահը Ժամանակ գետի ափերն են: Հոսանքի հետ երկու ափերն էլ մնում են անցյալում: Դուք բոլորդ ապրում եք անցյալի մեջ և ներկա եք համարում այն իրադարձությունները, որոնք ավելի մոտ են ձեզ: Մինչդեռ, եթե կարողանայիք հաղթահարել այդ կարճատեսությունը, ապա այս պահին կարող էիք սեղան նստել ոչ միայն իմ, այլև եգիպտացի Ռամզեսի հետ:
ՍԻՐՈՒՇ — (շոյված ուրախությամբ): Հո չասի՜ր…
ԿՈԼՅԱ — Ներկան, բարեկամներ, միայն այնտեղ է, հեռավո՜ր վերևներում, իսկ այստեղ Ստույգ Գոյի կրկնությունն է՝ ձեր թվացյալ կյանքով:
ՍԻՐՈՒՇ — Լավ, բա մարդկության ապագա՞ն որտեղ է:
ԿՈԼՅԱ — Մարդկության ապագան, ազնվագույն տիկին, այստեղ է՝ գերեզմանոցում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կոլյա, հարգելիս, այդ փիլիսոփայությունը, որ դու ասացիր, սոփեստություն է և վաղուց ի վեր…
ԿՈԼՅԱ — (ընդհատում է): Ներեցեք… (Շրջվում է երևակայական մեկին🙂 Ես ձեզ լսում եմ, պարոն: (Քաղաքավարությամբ ոտքի ելնելով՝ սևեռվում է իրեն «հարց տվողին»:) Դեպի Հռո՞մ… (Նայում է երկնքին🙂 Ահա, արևելքն այն կողմն է, իսկ դա նշանակում է, որ դուք դեպի արևմուտք պիտի գնաք: Ահա՝ այս ճանապարհով, ազնվափայլ տեր: Երեկոյան կհասնեք Կարս բերդաքաղաք, որի իջևանատանը կկերակրեն և՛ ձեզ, և՛ ձեր երիվարին: Բարի ճանապարհ, իշխան, բարի ճանապարհ: (Հայացքով ուղեկցում է հեռացողին🙂
Լսվում է հեռացող ձիու դոփյունը:
ՈՒՍՈՒՑԻՉ — (ապշանքով՝ ոչ պակաս ապշած, խաչակնքվող Քահանային): Դու մի բան հասկացա՞ր:
ՔԱՀԱՆԱ — Ուզում եմ հասկանալ, բայց…
Մարող դոփյունի կողմը ուղղված բոլորի զարմացած հայացքները տեղափոխվում են անվրդով, ախորժակով ուտող Կոլյային:
ԿՈԼՅԱ — (նրանց զարմանքը չնկատելով, կրծոտում է հավի բուդը): Լցրեք: Օղի լցրեք… (Սիրուշը, հիպնոսվածի պես, նրա բաժակի մեջ օղի է լցնում🙂 Այսօր ես հրավիրված էի մի շատ զգացմունքային միջոցառման:
ՍԻՐՈՒՇ — Էլի ռեստորան էին կանչե՞լ:
ԿՈԼՅԱ — Ոչ, բարեկամներ, միայն ռեստորաններում չէ, որ ես պահանջարկ ունեմ: (Սիրուշին.) Լցրու, մյուսներին էլ լցրու:
ՍԻՐՈՒՇ — (օղի լցնելով): Նշանդրեքի՞:
ԿՈԼՅԱ — Ոչ:
ՍԻՐՈՒՇ — Հարսանիքի՞:
ԿՈԼՅԱ — Օ՜, ոչ, բարեկամներ, ինձ հրավիրել էին գերեզմանոց, և պետք է ասել, որ դա առաջին անգամը չէ: Հուրախություն ինձ, բարձր գրականությունը մուտք է գործում նաև գերեզմաններ:
ՔԱՀԱՆԱ — (տագնապած): Չլինի՞ աղոթել ես:
ԿՈԼՅԱ — Աղոթե՞լ… Մի՞թե աղոթագիրքը բարձր գրականության մեջ է մտնում:
ՈՒՍՈՒՑԻՉ — (անհանգստացած): Դամբանակա՞ն ես ասել:
ԿՈԼՅԱ — Ո՛չ, բարեկամս, դամբանականը վավերագրության ժանրում է, ես գեղարվեստականի շերտերում եմ՝ գիտատեխնիկական առաջընթացի օգնությամբ: (Պայուսակից հանում է դյուրակիր մագնիտոֆոնը, տեղավորում է տապանաքարին, արտիստիկ շարժումով սեղմում ստեղնը: Հնչում է նրա զգացմունքային, ողբերգական ելևէջներով ասմունքը🙂
— Ի՞նչ թաքցնեմ,
լաց եմ լինում առանց քեզ,
Կերած հացս կուլ չի
գնում առանց քեզ,
Ուրախ կյանքից ետ
եմ մնում առանց քեզ,
Հասի՜ր, մի՞թե անուրջ ես դու,
իմ բալիկ…»
(Անջատում է մագնիտոֆոնը): Պարոնը Մոսկվայից էր եկել՝ վաղամեռիկ դստեր շիրմին այցելության:
ՍԻՐՈՒՇ — (սրբում է արցունքը): Խեղճ մարդու հոգին բերանն ես բերել:
ԿՈԼՅԱ — Այդպիսին է արվեստի ուժը, ոչինչ չես կարող անել: (Բարձրացնում է բաժակը🙂 Խմենք, բարեկամներ: Արվեստի կենացը: (Լուռ խմում են🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Գոնե շնորհակալություն հայտնե՞ց:
ԿՈԼՅԱ — Քսան հազար դրամ:
ՔԱՀԱՆԱ — Վատ չի՜…
ՍԻՐՈՒՇ — Կոլյա, Կոլյա ջան, մի անգամ էլ մեր համար արտասանի, էլի… Բայց առանց էդ գիտական առաջընթացի, քո կենդանի ձայնով, քո՛ շնորհքով…
ԿՈԼՅԱ — Ինչպե՞ս կարող եմ չկատարել քո կամքը, ազնվագույն տիկին:
Գրպանից անձեռոցիկ հանելով` սրբում է շուրթերը, մատները, շրջանցելով տապանաքարը, առաջանում, նստում է գետնին, գլուխը հենում է տապանաքարին, փակում է աչքերը, խորասուզված ներշնչվում է: Ունկնդիրները տեղ են զբաղեցնում նրա շուրջբոլորը, համակվում սպասողական ուշադրությամբ: Խորքից եկող ձայնով, վերապրելով ասմունքում է:
Իջե՜ք, իջե՜ք, երազներ,
Իջեք զգո՜ւյշ, երազներ,
Շոյող, անո՜ւշ երազներ,
Իջեք քնքո՜ւշ երազներ…
(Ավարտին հուզմունքից ձայնը խզվում է, թաշկինակով սրբում է արցունքները): Ներողամիտ եղեք, բարեկամներս, այս գործն առանց հուզմունքի չեմ կարողանում կատարել:
ՍԻՐՈՒՇ — (հուզված): Շնորհակալ ենք, Կոլյա ջան, այսքանի համար էլ շնորհակալ ենք:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կեցցես:
ՔԱՀԱՆԱ — Աստված պահապան, զավակս:
Կարճ, հուզումնալից դադար:
ՍԻՐՈՒՇ — Այ, էսպիսի լավ բաներ ասա, Կոլյա ջան, որ մարդու հոգին փառավորվի:
ԿՈԼՅԱ — Մարդու հոգին կփառավորվի այն ժամանակ, երբ նա ոչ միայն նայի, այլև տեսնի, ոչ միայն տեսնի, այլև նկատի, ոչ միայն նկատի, այլև ըմբռնի և հասկանա՜ Տիեզերքի մեծագույն խորհուրդը:
ՈՒՍՈՒՑԻՉ — (նյարդայնանում է): Օրինակի համար մի բան ասա, որ ես նայում եմ ու չեմ տեսնում, տեսնում եմ, բայց չեմ նկատում:
ՔԱՀԱՆԱ — Ճշմարի՜տ և տեղին առաջարկ:
ՍԻՐՈՒՇ — (զվարճանալու նախատրամադրվածությամբ): Կոլյա ջան, ասա՛, ասա, թող զարմանան:
ԿՈԼՅԱ — Կարո՞ղ ես պնդել, օ՜ մեծահարգ ուսուցիչ, որ դու նույն այս շրջապատը տեսնում ես ճիշտ այնպես, ինչպես քո գլխավերևում ճախրող արծիվը կամ այն մրջյունը, որ քո ոտքերի մոտ ցողուն է քարշ տալիս:
ՈՒՍՈՒՑԻՉ — Իհարկե ոչ: Ամեն մեկն իր տեսողական դաշտն ունի:
ԿՈԼՅԱ — (զվարթացած): Ահա հենց այդ դաշտի մասին է խոսքը, բարեկամս: Տիեզերականի՜, որտեղ մրջյունի տեսողական դաշտից մինչև հեռավոր աստղերը պարզ ու տեսանելի են… (Հանկարծ կողքի է թեքվում, անորոշ մեկին.) Ի՞նչ… Մի՞թե… Այ քեզ լավ նորությո՜ւն… Շնորհակալություն, բարեկամս, շնորհակալություն: (Շրջվում է ներկաներին.) Ղազարոսն էր: Լավ լուր հաղորդեց: Զգացված ձեր հյուրասիրությունից, նա միջնորդել է Գերագույն Ստույգին և թույլտվություն վերցրել՝ իմ միջոցով ձեզ ներկայացնելու մարդկանց համար աներևակայելին:
ՔԱՀԱՆԱ — (խաչակնքելով ընկրկում է): Անհավատ բաներ չանես, զավա՛կս…
ԿՈԼՅԱ — Ո՜չ մի արտառոց բան, բարեկամներս: (Բարեսիրտ, երազկուն🙂 Դուք երբևէ լսե՞լ եք կոկոնի պայթյունը, երբ նա ծաղիկ է երկնում: Լսե՞լ եք այն լորենու արմատներից դեպի ճյուղերը, շյուղերն ու տերևները հորդող կենսահյութի խոխոջը: Բայց չէ՞ որ դրանք կա՜ն, հնչո՜ւմ են: (Գլուխը հակելով մի պահ մտորում է, ապա ընդոստ նայում է ներկաներին🙂 Մինչդեռ դուք գաղափար էլ չունեք, որ կոկոնի երկունքի թույլ ճիչը, ծառի կենսահյութի անդադար խոխոջյունը հավերժորեն տարածվում և թափառում են Տիեզերքում… Ես ձեզ շնորհավորում եմ, դուք հիմա կլսեք, կլսե՜ք այդ ձայները՝ ի պատասխան Ղազարոսի նկատմամբ ցուցաբերած ձեր սրտալի բարեսրտության: (Վարանոտ միմյանց նայող ներկաներին🙂 Եկեք, եկեք, նստեք ահա՝ այստեղ… (Բոլորն ակամա ենթարկվում են🙂 Հենվեք տապանաքարին ու փակեք աչքերը: Արժանապատիվ Տեր հայր, խնդրում եմ, փակեք ձեր աչքերը: (Ինքն էլ նստում, փակում է աչքերը🙂 Ղազարոս, օգնիր ինձ, բարեկամս:
Դադար: Հնչում են կոկոնների պայթյուններ, կենսահյութի խոխոջը: Ձայները բարձրանում են ու… լռում: Դադար:
ՔԱՀԱՆԱ — (նույն դիրքով, աչքերը չբացելով խաչակնքում է): Տե՜ր, արժանի արա զմեզ գտանել ողորմութիվն յաւուր հատուցման ամենայն գործոց…
ԿՈԼՅԱ — (տարածում է ձեռքերը): Սթափվե՛ք, բարեկամներս: Դուք լսեցիք մի համանվագ, որն այս երկրային կյանքում ոչ մի մահկանացուի վիճակված չէ լսել:
Սթափվելով՝ բացում են աչքերը:
ՈՒՍՈՒՑԻՉ — (ոտքի է ելնում): Շնորհակալ ենք, Կոլյա, դու ապացուցեցիր, որ Տիեզերական լրտես ես:
ԿՈԼՅԱ — (գլխի խոնարհումով): Շոյված եմ, բարեկամս, շոյված եմ:
ՔԱՀԱՆԱ — Աստվածայի՜ն էր: Ասես դրախտում լինեի… (Ոտքի է ելնում🙂
ՍԻՐՈՒՇ — (ոտքի ելնելով): Կոլյա ջան, խոստանում եմ գերեզմանիդ ծաղիկներն ամեն օր ջրել, որ միշտ կոկոններ պայթեն:
ԿՈԼՅԱ — Երախտապարտ եմ, ազնվագույն տիկին:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ինչ-որ մի տեղ կարդացել եմ այդ ձայների մասին, բայց չեմ հավատացել:
ՔԱՀԱՆԱ — Ձայներն էլ Աստծո ստեղծածն են, զավակս, ինչպե՞ս կարելի է չհավատալ:
ՍԻՐՈՒՇ — (գործնական): Դե, տղերք, օրը թեքվում է, հավաքենք էս եղած-չեղածն ու անցնենք գործի: Տեր հայր, խաչը հետդ վերցրու, դագաղի վրա կավիճով խաչ է նկարած, ուրեմն քրիստոնյա-հավատացյալ է:
ՈՒՍՈՒՑԻՉ — Էլի՞…
ՍԻՐՈՒՇ — Հա, գիշերով բերել, թողել, գնացել են: Չէի ուզում շուտ ասել, մտածեցի՝ հաց ուտենք՝ նոր:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց, ախր…
ՍԻՐՈՒՇ — (գրպանից թղթեր է հանում, մեկնում ուսուցչին): Բերել են: Թաղման վկայական, անձնագրի պատճեն, վտանգավոր բան չկա:
ՈՒՍՈՒՑԻՉ — (վերցնելով թղթերն՝ աչքի է անցկացնում): 42 տարեկան տղամարդ է խեղճը:
ՍԻՐՈՒՇ — Որ խեղճ չլիներ, գերեզմանատեղի փող կունենար, գիշերով չէին բերի, մենք էլ բնական աղետների անհայտ զոհերի գերեզմանոցում չէինք թաղի: (Գնում, մոտակա տապանաքարի մոտից ցախավել ու բահեր է բերում🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — (թղթերը խնամքով ծալում, դնում է ծոցագրպանը): Մյուսների հետ՝ թղթապանակում կպահեմ:
ՔԱՀԱՆԱ — (իր տոպրակից փիլոնը, խաչը, աղոթագիրքը հանելով): Անպայման պահիր:
ԿՈԼՅԱ — (Սիրուշին): Ինձ համա՞ր ինչու բահ չբերիր:
ՍԻՐՈՒՇ — Դու մեր ինտելիգենտն ես, Կոլյա ջան, փոս փորելը քո բանը չի:
ԿՈԼՅԱ — Շլմնդո՜… Ամեն ինչ թվացյալ է, ազնվագույն տիկին:
ՍԻՐՈՒՇ — (հանկարծ նկատում է): Վա՞յ, սրանք էլի հայտնվեցին: Հողե՜մ ձեր գլուխը…
Շիրմաքարերի ետևից երևում են տեր Մարուքեն, Հայկունին, Վերգինեն:
ԿՈԼՅԱ — Ովքե՞ր են, ի՞նչ մարդիկ են:
ՍԻՐՈՒՇ — Էն չելած-չերևացած Վերգինեն է, բանաստեղծ Հայկունին ու Տեր Մարուքեն:
ՔԱՀԱՆԱ — Սակայն նա կարգալույծ է արված, նրան ավազանի անունով կոչիր, Վիգեն է անունը:
ՍԻՐՈՒՇ — (լարված հայացքը նրանցից չկտրելով՝ բահերը մեկնում է Ուսուցչին, Քահանային): Սրանց ավազանն էլ թաղեմ, անապատն էլ: Երևում է՝ անցած անգամվա ծեծը սրանց դաս չեղավ:
ԿՈԼՅԱ — Բայց նրանք ի՞նչ են ուզում:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուզում են մեր տեղը գրավեն, որ իրենք անեն թաղման արարողությունները:
ՔԱՀԱՆԱ — Մինչդեռ Մարուքե-Վիգենն այլևս իրավունք չունի թաղման կարգ կատարել, նա կարգազուրկ է: (Հարձակողական դիրքով պարզում է բահը🙂
ՈՒՍՈՒՑԻՉ — Իսկ Հայկունի կոչվածը սուտ բանաստեղծ է, նա ի՞նչ դամբանական ասող… (Բահը «մարտական» դիրքի է բերում🙂
ՍԻՐՈՒՇ — Վերգինեի պես փնթի աշխարհը չի ծնել, նա ի՞նչ գերեզման մաքրող, խնամո՜ղ… (Ցախավելով գրոհելու դիրք է ընդունում🙂 Տղերք, դուխո՛վ:
ՔԱՀԱՆԱ — Օ՜ն, անդր առա՜ջ…
Աղաղակով գրոհում են: Հակառակորդները բարձրացնում են մահակներն ու վայրենի ճիչերով ընդառաջ են մղվում, բախվում գրոհողներին: Դաժան ծեծկռտուք…
ԿՈԼՅԱ — (տեղը չգտնելով): Այս ի՜նչ եք անո՜ւմ… վե՜րջ տվե՜ք… վե՜րջ տվե՜ք… (Ցատկում է տապանաքարի վրա, ձեռքերը կարկառում վեր🙂 Օ՜, Գերագույն նախօրինակդ Երկիր մոլորակի, օգնության հասի՜ր, խախտվում է Տիեզերական համամասնությո՜ւնը…
Մթնեցում:
ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ
Նույն գերեզմանոցն է: Ոչ ոք չկա: Մեքենայի արգելակման ճռինչ, դռները բացվել-փակվելու ձայներ:
Մտնում է սև ակնոցավոր թիկնապահը, անցնում է տապանաքարը, շուրջն է զննում, հսկող դիրքով կանգնում է՝ թիկունքով դեպի հանդիսատեսը:
Նինելի ձեռքից բռնած, նրան առաջնորդելով, մտնում է Ֆելոն:
ՆԻՆԵԼ — (ծեքծեքուն): Վա՞յ, հոգնեցի՜, Ֆել, դեռ շատ կա՞:
ՖԵԼՈ — (տապանաքարի մոտ կանգնում, շունչը ետ է բերում): Մի քիչ էլ գնանք ու կտեսնես, թե իմ ժողովրդին ի՜նչ դամբարան եմ թողնելու:
ՆԻՆԵԼ — Ես գերեզմաններից վախենում եմ:
ՖԵԼՈ — Իմը դեռ գերեզման չի, ինձնից հետո կդառնա, երբ փորագրեն մահվանս թվականը: Մարմարը հատուկ Իտալիայից բերել տվեցի, զարդանախշերո՜վ, իմ կյանքի մասին պատմող քանդակներո՜վ, երեք մետրանոց խաչքարո՜վ…
ՆԻՆԵԼ — Վա՞յ, այ Ֆելո, էքսկուրսիա՞ ենք եկե՜լ…
ՖԵԼՈ — Չէ, ցա՜վդ տանեմ, хорошо с полезным. (Աղջկան գրկում, կրքոտ համբուրում է🙂
ՆԻՆԵԼ — (օձիքի կոճակներն արձակելով): Не торопись, ջա՜ն…
Ցանկամոլ գրկախառնվում են, անցնում տապանաքարի ետևը: Նինելի ճիչերից թիկնապահը մի պահ թեքվում ու անմիջապես էլ շրջվում է:
Գերեզմանից հնչում է Ասքանազի ահեղ ձայնը:
ԱՍՔԱՆԱԶ — Զզվացրիք, էլի՜, նամուսն էլ լավ բան ա, անամոթնե՛ր: (Դուրս է գալիս տապանաքարի տակից՝ թիկնեղ, թանկարժեք չուխայով, ակնակուռ դաշույնը գոտկից կախ🙂 Թո՜ւ, ձեզ մարդ ասողին…
ՆԻՆԵԼ — Վա՛յ, մամա ջա՜ն… (Վախեցած ոտքի է ցատկում, հագուստը կարգի բերելով հեռանում է🙂
ՖԵԼՈ — (Ոտքի է ելնում, սաստում է մոտեցող թիկնապահին: Ասքանազին): Ի՞նչ ես գոռգոռում, արա՜, տղամարդ չե՞ս:
ԱՍՔԱՆԱԶ — Տղամարդկությունը գերեզմանիս վրա կցվելն ա՞, անամո՛թ:
ՖԵԼՈ — (նրան զննելով): Սպասի, սպասի… Էս քու գերեզմա՞նն է…
Երևում են բարեկամաբար զրուցող Ուսուցիչը, Քահանան, Սիրուշը, Կոլյան ու նրանց դեմ մարտնչած խմբի անդամները:
ԱՍՔԱՆԱԶ — Բա հորդ գերեզմա՞նն է, հրեն՝ անունս վրեն գրած…
ՖԵԼՈ — Պա՛հ, հարյուր տարվա գերեզման է… (Կարդում է🙂 «Աստ հանգչի մեծահարուստ բարերար, տանուտեր… Ասքանազ Սողոմոնյանց, որդի…»: Այ ախպեր, ես էլ եմ մեծահարուստ, բա արժի՞ իրար նեղացնենք:
ԱՍՔԱՆԱԶ — Այ քու գլխով կենա քու հարստությունը, հա՜… Ռա՛դ էլեք: (Ձեռքը դաշույնին տանելով🙂 Էստեղից ռադ էլեք, թե չէ արուններուդ շաղ կտամ, հարամ ծնունդներ:
ՖԵԼՈ — (սևեռվում է դաշույնին): Ա՛յ անտիկվա՜րը… Էդ խանչալիդ ինչքա՞ն փող տամ, որ ինձ տաս:
ԱՍՔԱՆԱԶ — Տո, դու իբր տղամարդ ե՞ս, որ խանչալ էլ ունենաս: Ռա՛դ էլեք:
ԿՈԼՅԱ — (մոտենալով): Շլմնդո՜… Ի՞նչ է պատահել, Ասքանազ, ինչո՞ւ ես բարկացել:
ԱՍՔԱՆԱԶ — (մեծագույն հարգանքով): Բա չբարկանա՞մ, Կոլյա ջան, էս անամոթնին վրես պառկած՝ շնություն էին անում… (Նկատելով Սիրուշին ու Վերգինեին՝ խոնարհվում է🙂 Ներող եղեք, մատաղ, ձեզ տեսել չէի:
ՍԻՐՈՒՇ — Էս մեր Ֆելիքս Սահակիչը չի՞… Հա՛, էլի: (Վերգինեին.) Էն, որ կենդանության օրոք իր դամբարանն է սարքել:
ՎԵՐԳԻՆԵ — Էն շքեղ ապարա՞նքը՝ մեծ խաչքարով:
ՍԻՐՈՒՇ — Հենց՝ էն:
ՔԱՀԱՆԱ — Ավա՜ղ, սուրբ խաչը՝ անհավատի վրա:
ՖԵԼՈ — Էս ի՞նչ բազար բացիք, արա՜… Տերտեր, խոսքդ չափավորի, թե չէ…
ՏԵՐ ՄԱՐՈՒՔԵ — (պատսպարում է քահանային): Չհամարձակվեք Տեր հորն ահաբեկել:
ՖԵԼՈ — (ատելությամբ ուղղված հայացքներից ընկրկում, նկատում է ուսուցչին): Դու էն վարժապետը չե՞ս, որ մեռելների վրա ճառ ա ասում… Առաջ արի: Արի, իմ մասին պատմի, որ բոլորը, մանավանդ, էս մեր հարյուր տարվա մեռել ախպերն իմանա, թե ես ինչ մարդ եմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Կներեք… բայց ես… ես միայն մահացածների համար եմ խոսք ասում:
ՖԵԼՈ — Այ մարդ, մի պահ պատկերացրու, թե մեռած եմ:
ՈՒՍՈՒՑԻՉ — Չեմ կարող:
ՖԵԼՈ — Չես կարո՞ղ… Լավ: (Թղթադրամներ մեկնելով Ուսուցչին🙂 Ա՛ռ, նաղդ վերցրու ու ճառդ ասա:
ՈՒՍՈՒՑԻՉ — Բայց…
ՖԵԼՈ — (ավելի բորբոքվելով՝ փողն ավելացնում է): Առ, 200 հազար եմ տալիս, առ ու ճառդ ասա:
ՔԱՀԱՆԱ — (ուսուցչին): Որդյակ… գուցե… այնուամենայնիվ… հը՞…
ՈՒՍՈՒՑԻՉ — Ախր, երես առ երես… ոտքի վրա կանգնած…
ՖԵԼՈ — Պառկե՞մ… էդ է՞ ուզածդ… (Պառկում է տապանաքարի վրա, մեկնում է փողը🙂 Նախ՝ էս վերցրու: (Ուսուցիչն, ակամա, վերցնում է: Ֆելոն ձեռքերը կրծքին խաչում, փակում է աչքերը🙂 Սկսի՛ր:
Ուսուցիչը բոլորի սպասողական հայացքների ներքո դանդաղաքայլ անցնում է տապանաքարի գլխավերևը, գրպանից հանում է սև թաշկինակը, ծոպը դուրս թողնելով, երկու ափի մեջ պահած, հուզված, ողբերգական, կերկերուն ձայնով դիմում է նրանց:
ՈՒՍՈՒՑԻՉ — Սիրելի սգակիր հարազատներ, բարեկամներ և ընկերներ, հարգելի հյուրեր: Այսօր մենք վերջին հրաժեշտն ենք տալիս մեր հանրության ամենաերևելի և սիրելի Ֆելիքս Սահակի Եգանյանին, ով իր ողջ կյանքը ողջակիզեց հանուն հարազատ ժողովրդի, հանուն իր ազգի սրբազնագույն տեսլականների իրականացման: (Նինելն, իր տեղը չգտնելով, որոշում է մոտենալ ու վշտահար կանգնել Ֆելոյի գլխավերևում: Թիկնապահը զգոն հայացքով շուրջն է նայում, մյուսները ցուցադրաբար շրջվում են՝ թիկունքով կանգնելով «հանգուցյալին»:) Նա ապրեց որպես մի լուսատու ջահ և հեռանում է մեզանից որպես աստղածին մի ասուպ՝ լուսեղեն հետք թողնելով սերունդներին, ուղեցույց դառնալով ամեն մի նոր սերնդի համար:
ՖԵԼՈ — Մալադե՛ց:
ՈՒՍՈՒՑԻՉ — Ուսումնատենչ պատանի էր, որ ճակատագիրը նրան նետեց հեռավոր Ստավրոպոլ և նա, ընդամենը երեք տարում, ավարտեց Մսի և կաթի արտադրության ուսումնարանը, Կաշեգործության տեխնիկումը, Ագրարային և Ճանապարհա-տրանսպորտային քոլեջները և շուրջ տասներկու բարձրագույն ուսումնական այլ հաստատություններ…
ՖԵԼՈ — Տասներեք:
ՈՒՍՈՒՑԻՉ — …և շուրջ տասներեք բարձրագույն ուսումնական հաստատություններ: Սակայն հայրենիքը ձգում էր նրան, և նա կրկին վերադարձավ հայրենի ոստան, որտեղ իր հիմնադրած կոշիկի ներբանների փոքրիկ արհեստանոցը ընդլայնելով, կարճ ժամանակամիջոցում այն վերածեց կոշկեղենի հզոր արտադրության: Մեծ սիրտ ուներ և մեծ հոգի: Բազմաթիվ բարեգործություններ կատարեց և հանձին նրա մենք ունեինք հզոր պատվար և առատաձեռն բարերար: Սիրելի՜, սիրելի Ֆելիքս Սահակիչ, դժվար է պատկերացնել, որ այլևս չենք տեսնելու քեզ, չենք արժանանալու քո ժպտադեմ բարևին: Դժվար է, անասելի դժվար է առանց քեզ… Դու քո կյանքում առաջին անգամ չխնայեցիր քո շրջապատին՝ մատնելով մեզ խոր ու անփարատելի վշտի: Գնաս բարով, սիրելի, անփոխարինելի Ֆելիքս Սահակիչ: Թող մայր հողը թեթև լինի քո վրա: (Թաշկինակը հպելով աչքերին՝ մեկ քայլ ետ է գնում, վշտահար տեսքով կանգնում: Ֆելոն չի շարժվում: Ուսուցիչն ու Նինելը, տարակուսած, միմյանց են նայում🙂 Պարոն Եգանյան, ավարտեցի… Ֆելիքս Սահակիչ… (Ֆելոն անշարժ է🙂 Սահակիչ…
ՆԻՆԵԼ — (ցնցում է Ֆելոյի ուսը): Ֆել, վեր կաց, պրծանք: Այ Ֆել… (Ֆելոյի ձեռքը թուլացած կախվում է🙂 Վա՛յ, մամա ջան… իսկականից է մեռել… (Վախեցած ետ—ետ է գնում, սայթաքելով ընկնում, վախից կծկված նստում է: Մնացածները շրջվում են ու ապշահար մոտենում:)
ԹԻԿՆԱՊԱՀ — (ատրճանակով հարձակվում է Ուսուցչի վրա): Էս ի՞նչ արիր, արա՜…
ՈՒՍՈՒՑԻՉ — (ընկրկում է): Ես… ես ոչինչ չեմ արել…
ՀԱՅԿՈՒՆԻ — Ուսուցիչն ի՞նչ մեղք ունի… նրան մատով էլ չկպավ…
ՔԱՀԱՆԱ — Հանգուցյալը չդիմացավ գովեստներին, քանզի գիտեր, որ դրանք իրականությանը չեն համապատասխանում:
ՍԻՐՈՒՇ — Կոլյա ջան, բա քո Տիեզերքը, որ Առնոյի պես մարդիկ է ծնում, ինչո՞ւ է սրա նմաններին էլ աշխարհ բերում:
ԿՈԼՅԱ — Այսպիսիները, ազնվագույն տիկին, սաղմնավորվում են սեռական կրքերից, իսկ Առնոն սիրո՜ւց է ծնվելու, քանզի անհնար է երկրի վրա սատանա լինել, երկնքում՝ հրեշտակ:
ՎԵՐԳԻՆԵ — Հողեմ դրա գլուխը, շան պես սատկեց:
ՏԵՐ ՄԱՐՈՒՔԵ — Քանիսի՜ն թալանեց՝ զրկելով մի կտոր հացից:
ՔԱՀԱՆԱ — Արդարոց անեծքը Տիրոջը հասավ և դժոխքի բաժին կդառնա այս անիծվածը:
ՖԵԼՈ — (ատրճանակը հանում, կրակում է Քահանայի վրա): Ես քու ագռավ մերը…
Մահացու վիրավորված քահանան ընկնում է: Իրարանցման մեջ Ֆելոն ու թիկնապահը անկանոն կրակ են բացում մյուսների վրա:
ԿՈԼՅԱ — Կանգ առե՜ք, մարդասպաննե՜ր… (Փորձում է զսպել Ֆելոյին, վերջինս ատրճանակը պարպում է նրա վրա🙂 Օ՜, Սոլո՜ն, Սոլո՜ն… (Անշնչացած տապալվում է🙂
Ասես Կոլյայի մարմնից՝ վեր է ձգվում Ղազարոսը: Պարզելով չորուկ ձեռքերը՝ հարձակվում է Ֆելոյի վրա: Ֆելոն սեղմում է ձգանը, բայց պարկուճն արդեն դատարկ է: Մի կողմ նետելով զենքը՝ փորձում է խուսափել հարձակումից, բայց Ղազարոսը տապալում, սկսում է խեղդել: Ֆելոն անշարժանում է:
Քար լռության մեջ Ղազարոսը դանդաղ բարձրանում է, նայում անկենդան փռվածներին, կծկված Նինելին, խոր ատելությամբ հառվում է թիկնապահին ու ցուցամատը նրան մեկնելով՝ սպառնալից առաջանում:
ԹԻԿՆԱՊԱՀ — Օգնեցե՜ք…. (Նետելով ատրճանակը՝ փախչում է🙂
Ղազարոսն անշարժանում է, ականջ դնում մեռելային լռությանը:
Ախորժալուր հնչում են կոկոնների պայթյունը, կենսահյութի խոխոջը:
Ղազարոսին է մոտենում Ասքանազը: Նրանք ակնդետ միմյանց են նայում, ապա, միաժամանակ, գրպաններից բուռ-բուռ փոշիացած հող հանելով՝ շպրտում են վեր:
Շիրմաքարից ստվերի պես անջատված Ուսուցիչը քարացած հայացքով մոտենում է նրանց, գրպանից հանում է թղթադրամները, պատռում, մանր կտորներով շպրտում է վեր: Առժամանակ նրանք հող ու պատառոտված փող են շաղ տալիս: Բարձր հնչում է բարեսիրտ, սրտառուչ ծիծաղ:
ԿՈԼՅԱ — (ծիծաղելով ոտքի է ելնում): Ամեն ինչ թվացյալ է, բարեկամնե՜ր… Ամեն ինչ թվացյալ է՜…
Ոտքի են ելնում նաև մյուսները, ցնորական, հրճվալից բացականչություններով՝ «Ամեն ինչ թվացյալ է», մոլի ցատկոտումներով պատառոտում են թղթադրամներն ու նետում վեր:
Որոտ: Երկնքից, հրավառության պես, բյուրեղյա փայլուն խրձեր են թափվում:
ԿՈԼՅԱ — Ահա և բյուրեղյա անձրև՜ը, բարեկամներ… Ամեն ինչ թվացյա՜լ է…
Որոտը կրկնվում է ու կրկնվում՝ վերևից բյուրեղյա նոր խրձեր տեղալով: