էլֆիք Զոհրաբյան / «ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ»

Լույս տեսավ էլֆիք Զոհրաբյանի

«ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ» պիեսների գիրքը

«Անտարես» հրատարակչությունը լույս ընծայեց դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի «Թեթև տարեք» պիեսների գիրքը, որտեղ ներառված են «Սե՞ր, թե՞ քուանշ» լիրիկական կոմեդիան, «Թեթև տարեք» սատիրիկ տրագիկոմեդիան, «Սմբակներ» աբսուրդի դրաման, «Տիկին Սիրանույշ» մոնոդրաման և «Սիրո ջերմաչափը» հեքիաթ-պիեսը: «Թեթև տարեք» պիեսը հաջողությամբ բեմադրվել է 2017-ին որպես անտեպրիզ, որտեղ հանդես են եկել Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի դերասանները: «Սմբակներ» աբսուրդի դրաման բեմադրվել է որպես դիպլոմային աշխատանք և բազմիցս ներկայացվել Վանաձորի պետթատրոնում:
Արդի հայ դրամատուրգիայում իր ուրույն տեղն ունի այս թատերագիրը, որի ինքնատիպ պիեսները հաճախ են բեմադրվում պետական, ուսանողական թատրոնների կամ անտեպրիզային բեմերում: Նրա բազմաժանր թատերագրությունն աչքի է ընկնում դինամիկ երկխոսություններով, հեգնանքով, նուրբ, անգլիական հումորով, բազմաշերտությամբ, գաղափարական հագեցվածությամբ, սատիրիկ տարրերով, դասականի ու արդիականի համադրմամբ: Էլֆիք Զոհրաբյանը պատկանում է բեմը գործնականորեն իմացող դրամատուրգների շարքին: Մասնակցել է Գերմանիայում, Վրաստանում և այլ երկրներում կազմակերպված դրամատուրգիական վարպետության դասերի՝ ներկայացնելով Հայաստանը: Նրա այլ պիեսները բեմադրվում են ոչ միայն հայկական պետական, այլև արտերկրի թատրոններում: «Սմբակներ» աբսուրդի դրաման արժանացել է «Հայ ժամանակակից դրամատուրգիա» խորագրով Հովհ. Աբելյանի անվան հանրապետական թատերական փառատոնի մրցանակին, ռուսերենով տպագրվել Մոսկվայում լույս տեսած միջազգային հեղինակավոր անթոլոգիայում, իսկ «Սե՞ր, թե՞ քուանշ» պիեսը՝ 2017 թ. Գրքի երևանյան փառատոնի մրցույթի «Դրամատուրգիա» անվանակարգի հավաստագրի: Գրական ու թատերական այլ մրցանակների արժանացած հեղինակն անգլերենից թարգմանել է Վ. Սարոյանի, Ս. Բեքեթի, Յ. Ստելմախի և այլ թատերագիրների պիեսներ: Հեղինակել է «Հոգեվիճակ 13» պատմվածքների և սատիրաների, «Բյուրեղապակե մարդը» հեքիաթների գրքերը:

Մտքեր գրքից
«Աշխարհում չկան չար մարդիկ, կան բարի ու սիրո պակաս ունեցող մարդիկ…»: — «ՍԵ՞Ր, ԹԵ՞ ՔՈՒԱՆՇ»
«Չկա անհաջողակ մարդ, կա անհաջող մտածելակերպ»: — «ՍՄԲԱԿՆԵՐ»
«…Ո՛չ, քո սերն անսահման էր, ահա թե ինչու չդիմացավ ջերմաչափը: Երանի՜ ամեն սեր չափելիս ջարդվի՛ սարքը սիրո ջերմության անսահմանությունից…»: — «ՍԻՐՈ ՋԵՐՄԱՉԱՓ»
«Այ, հումոր չունեցողներին ցմահ բանտարկեք»: — «ԹԵԹԵՎ ՏԱՐԵՔ»
«Նույնիսկ հանճարեղ ներկայացումից հետո վարագույրը փակվում է…»: — «ՏԻԿԻՆ ՍԻՐԱՆՈՒՅՇ»

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։