Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ / ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
«ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆԸ ԵՎ ՀԱՅ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ. թիվ 1-ում
ԳԵՎՈՐԳ ՊԱՊՈՒԼՅԱՆ
Հայ հանճարեղ դերասան Պետրոս Ադամյանի (1849-1891)՝ արկածներով լի ու դժվարին կյանքի բազմաթիվ ուրախ էջեր կապված են երիտասարդության, մասնավորապես՝ հայ ուսանողության հետ: Անկաշառ է եղել այդ բարեկամությունը, բայց, միաժամանակ, անցողիկ, որովհետև դերասանի թափառական կյանքն անկանոն է ընթացել, անընդհատ ճամփորդել է, մշտական հոգսերի մեջ եղել: Ուստի, ինչպես նրա մի ներկայացման մասնակից Հովհաննես Թումանյանն է նշել՝ միշտ եղել է մենակ, չհասկացված-չգնահատված: Խոսքն ասված է իբրև ընդհանուր գնահատական, այլապես ո՞ւմ հայտնի չէ Ադամյանի տևական մտերմությունը Սև Սանդոյի (Ալեքսանդր Ստեփանյան), Գևորգ Բաշինջաղյանի, Ղազարոս Աղայանի (Թիֆլիս), Օլգա Շահբազյանի, Խաչատուր Չալխուշյանի (Նոր Նախիջևան) և ուրիշների հետ:
Ադամյանի դերասանական արվեստը մեծ վերելք ապրեց 1879-82 թ.թ. Թիֆլիսի Հայոց մշտական դերասանական խմբում աշխատելու շրջանում, երբ նա մեկը մյուսի ետևից կերտեց Համլետ, Արբենին, Չացկի, Ժադով և այլն: 1883-88 թ.թ. հանդես գալով Նոր Նախիջևանում, Մոսկվայում, Պետերբուրգում, Աստրախանում, Խարկովում, Կիևում, Օդեսայում, Քիշնևում և այլուր, Ադամյանը, իր բացառիկ ընդունակությունների և աշխատասիրության շնորհիվ կատարելագործելով Համլետի, արքա Լիրի, Օթելլոյի, Կորրադոյի, Արբենինի, Ուրիել Ակոստայի, Քինի և այլոց դերակատարումները, համաժողովրդական ճանաչման ու գնահատության արժանացավ: Այդ գործում իրենց համեստ դերն են ունեցել նաև հայ ուսանողները, որոնք իբրև հուշարար կամ դերակատար մասնակցել են նրա ներկայացումներին, կազմակերպել դրանց թույլտվության ձեռքբերումը, հաղթահարել տեխնիկական դժվարությունները, տարածել տոմսերը, մամուլում լուսաբանել նրա արվեստը:
Հայ երիտասարդության հետ Ադամյանի առնչություններից հետաքրքիր է ծանոթությունը Հովհաննես Թումանյանի և Ստեփան Լիսիցյանի հետ: Ոչ պակաս կարևոր են նրա սերտ կապերը Մոսկվայի հայ ուսանողության հետ. Գրիգոր Խալաթյան, ապագա բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյան, խմբագիր-հրատարակիչ Մկրտիչ Բարխուդարյան, իրավաբան Մաթոս Մուրադյան և ուրիշներ: Պետերբուրգում նրան օժանդակել են հետագայում հայտնի դերասաններ Գևորգ Պետրոսյանը, Պողոս Արաքսյանը (Քալանթար):
Առնչությունների այս երկար շղթայում առանձին հետաքրքրություն է ներկայացնում դերասանի և Գևորգ Պապուլյանի մտերմությունը: Ադամյանի բարեկամությունը վայելած վերոհիշյալ ուսանողներից հրատարակված գրականության մեջ առավել հիշատակված են Հովհ. Թումանյանը և Գ. Պապուլյանը: Սակայն Պապուլյանի մասին կցկտուր տեղեկությունները չեն համապատասխանում ճշմարտությանը: Պ. Արամյանի «Երկերի» (1956) և «Նամակների» (1958) ծանոթագրություններում Պապուլյանը ներկայացված է իբրև Մոսկվայի բժշկության ուսանող, նշված է նրա մահվան կոնկրետ թվականը՝ 1890: Իսկ ինչո՞ւ, չէ՞ որ Արամյանն իր նամակում նշում է Խարկովը:
Ուրեմն, ո՞վ է Գևորգ Պապուլյանը, ե՞րբ և ի՞նչ առնչություն է ունեցել Պ. Ադամյանի հետ:
Գևորգ Պապուլյանը ծնվել է 1861 թ. Քանաքեռում, աղքատ, բայց ուսման հարգն իմացող գյուղացու ընտանիքում: Դեռ մանկուց աչքի է ընկել իր հետաքրքրասիրությամբ, եղել է ուսումնատենչ, զգայուն, կարեկից անձնավորություն: 1884 թ. ընդունվել է Խարկովի համալսարանի բժշկական բաժինը: Հենց այդտեղ էլ ծանոթացել է Պ. Ադամյանի հետ: Արամյանը Խարկով է ժամանել ապրիլի երկրորդ կեսին, տեղի «Ժողովրդական թատրոնում» ռուսական խմբի հետ խաղացել է Համլետ, Արբենին և այլ դերեր: Այդ օրերին Խարկովում զուգահեռաբար ներկայացումներ է ունեցել նաև իտալացի հռչակավոր դերասան Թոմազո Սալվինին: Ադամյանը դիտել է արքա Լիրի, Համլետի, Օթելլոյի նրա դերակատարումները և այնքան էլ հիացած չի եղել: Նրանք ծանոթացել են, լուսանկարներ փոխանակել: Բայց Ադամյանը հաջողություն չի ունեցել Խարկովում ոչ թե Սալվինիի հետ մրցակցության, այլ խմբի թույլ կազմի, դահլիճի վատ ակուստիկայի ու տեխնիկական այլ թերությունների պատճառով: Ահա այդ օրերին, իր իսկ բառերով ասած՝ «մեծ նեղություն ու հիվանդություն կրելուց հետո», Ադամյանը մեկնել է Ռոստով՝ իր հետ տանելով լավագույն տպավորություններ Խարկովի ուսանողությունից: Հիվանդության ժամանակ նա զգացել է նրանց, և առաջին հերթին, Գ. Պապուլյանի ջերմ հոգատարությունը: Վերջինս անմասն չի մնացել տեղի հայ, ռուս, հրեա ուսանողության կողմից սիրելի դերասանին մատուցած նվերի և 90 անձանց ստորագրությամբ ուղերձի կազմակերպմանը:
Ադամյանին Ռոստով ճանապարհելուց հետո Պապուլյանը ապրիլի 27-ին գրել է «Պետրոս Ադամյան ի Ռուսիա» հոդվածը և ուղարկել Կոստանդնուպոլիս: Հոդվածը լույս է տեսել «Արևելք» թերթի մայիսի 11-ի համարում (406): Նրա հոդվածը շատ շահեկան է այն առումով, որ ներկայացրել է Ադամյանի և Սալվինիի ծանոթության նկարագրությունը: Նրանք երկուսն էլ ապրել են նույն հյուրանոցում: Ադամյանը ջանացել է դիտել Սալվինիի ներկայացումները, ու թեև եղել են օրեր, երբ երկուսն էլ ներկայացում են ունեցել, այնուամենայնիվ, Ադամյանին հաջողվել է տեսնել վերը նշված դերակատարումները: «Արքա Լիրի» ներկայացման հաջորդ օրը հայ դերասանն ու Պապուլյանը գնացել են «Անգլիա» հյուրանոցի ճաշարան: Սալվինին ևս ճաշելիս է եղել իր քարտուղարի հետ: Պապուլյանը գրում է. «Ադամյանը, ինչպես ծանոթ, սովորական ողջույնից հետո հրավիրեց սեղանակից լինելու Սալվինիի հետ:
Ամբողջ ժամ ու կես շարունակվում էր նորանց մեջ ոգևորված խոսակցությունը իրենց արհեստին վերաբերյալ: Խոսում էին իտալերեն լեզվով: Սալվինին, սկզբից նկատելով, որ իրեն սեղանակիցը հասարակ դերասաններից չէ, շատ սիրով և հարգանքով էր լսում իր արհեստակցի կարծիքները, որոնք բոլորովին համապատասխան էին իրեն կարծիքներին: Թե ինչքան լավ ընդունելություն գտավ Պ. Ադամյանը Սալվինիից, երևում էր նրանից, որ արտիստ և պատկառելի Սալվինին, տեղից վեր կենալով, շտապ գնաց յուր սենյակը և բերեց յուր լուսանկար պատկերը և ընծայեց Պ. Ադամյանին’ ինչպես հիշատակ. «Իմ պատվական արհեստակցին – եղբորս՝ Պ. Հ. Ադամյանին նվիրեմ, արհեստակից Տոմազո Սալվինի, 1885 թ., 20 ապրիլի Խարկով»: Իտալերեն մակագրությամբ այդ լուսանկարն այժմ պահվում է գրականության և արվեստի թանգարանում, Ադամյանի ֆոնդում: Տևական զրույցից հետո երկու դերասանները բաժանվել են գրկախառնությամբ: Սալվինին տվել է իր հասցեն, որպեսզի Ադամյանն էլ իր լուսանկարը փոխանցի նրան:
Ադամյանը Սալվինիի դերակատարումներից Լիրը համարել է լավ, Օթելլոն՝ գերազանց, «…իսկ Համլետի մեջ…»- և չի շարունակել: Այդ թերասացությունը պարզելու համար Պապուլյանն իր հոդվածում այն միտքն է հայտնել, որ երկուսին էլ Համլետի դերում տեսնողները Ադամյանին բարձր են դասել իտալացուց:
«Յուժնի կրայ» թերթի թատերախոս Գավարուխան դժգոհել է Ադամյանի Համլետից, իբրև թե նա «անպատվում է անմահ Շեքսպիրին»: Ինչպես Պապուլյանն է գրել՝ Գավարուխան ծեծ է կերել վրդովված ուսանողներից Ադամյանին այդպես անպատվելու համար:
Խարկովում վերջին «Քին» ներկայացման երկրորդ արարում Ադամյանին մատուցվել է թանկագին ընծա և մագաղաթյա ոսկետառ ուղերձ, որի տեքստը հանդիսատեսների պահանջով բարձրաձայն ընթերցել է դերասաններից մեկը՝ անընդմեջ ծափահարությունների ներքո: Ռոստովից Ադամյանը մի քանի լուսանկար է ուղարկել Պապուլյանին և այն ուսանողներին, ում անունը հիշել է: Պատասխան նամակում Պապուլյանը հայտնել է «Արևելքում» տպագրած իր հոդվածի մասին ու նաև տեղեկացրել, որ ուսանող Սալթիկյանի հետ ուղարկում է այդ թերթի մի քանի համարները: Ուսանող Բորիս Ռաչկովիչը Պապուլյանի նամակին կից իր շնորհակալական երկտողում գրել է. «Մեծարգո պրն Արամյան, հոգեպես շնորհակալ եմ Ձեզ՝ Ձեր հիշողության և լուսանկարի համար: Ինձ համար այն կրկնակի թանկ է՝ որպես պատկերը մի մարդու, որն ինձ համար դարձել է թանկագին ու հարազատ, և որպես արտիստի, որն իր խաղով ինձ այնքան հրճվանք է պատճառել»:
Իր աստանդական կյանքի ծալքերում Ադամյանը չի մոռացել Խարկովի համալսարանի բժշկության բաժնի դեռևս առաջին կուրսի ուսանող Գևորգ Պապուլյանի՝ գորովագութ անձնավորության սրտացավ հոգատարությունը: Շրջագայություններն ավարտելուց հետո վերստին հանգրվանելով Թիֆլիսում՝ նա հնարավորություն է ունեցել նորից հաղորդակցվել վաղեմի բարեկամի հետ: 1886 թ. ապրիլի 12-ին Թիֆլիսից գրված նամակում դերասանը բացատրել է իր երկար լռության պատճառը և հետագա գործունեության պատմությունը: Վերհիշելով անցյալի մռայլ օրերը՝ նա գրել է. «Ադամյանիդ ձեռագրով գրած սիրո տողերը, որոնք, անշուշտ, պիտի ապացուցանեն քեզ, որ նա չէ մոռացել երբեք յուր պատվական սիրելի Պապուլյանին և բոլոր անցյալում նորա մատուցած խնամքները»: Հետաքրքրվելով Պապուլյանի ու նրա ընկերների կյանքով՝ Ադամյանը հարցնում է. «Դու վերջացրի՞ր քննություններդ, ինչպե՞ս է թանկագին առողջությունդ, գրիր ինձ անհապաղ, եթե մինչև այժմ բժիշկ դուրս եկած լինեիր, այդ սրտովդ ավելի շուտ բժշկեիր ինձ, քան թե մյուս բժիշկները՝ բոլոր իրենց գիտությամբը (չնայելով, որ այստեղի բժիշկս վատ չէ):
Տուր իմ սիրալիր ողջույնս բոլոր քո ազնիվ ընկերանցը, ասա, որ երբեք չեմ մոռացել ինձ տված խնամքները Խարկովում ներկայացրած ժամանակս: Գրիր ինձ, որքան կարելի է շուտով, և ընդունիր իմ եղբայրական սիրո համբույրս, որ մատուցանեմ քեզ՝ ղրկելով կրծքիս վրա»:
Այս տողերը լիովին բացահայտում են Ադամյան — Պապուլյան փոխադարձ հարաբերությունների անկեղծությունը, որն ի հայտ է եկել դերասանի ամենածանր փորձության ժամին, օտարության մեջ, հիվանդ ժամանակ:
Նրանց մասին մեզ հայտնի հաջորդ էջը վերաբերում է 1888 թվականին: Հաջողությամբ հանձնելով քննությունները՝ Պապուլյանը վերադարձել է հայրենի գյուղ: Ճանապարհին, Թիֆլիսում նրա ինքնազգացողությունը վատացել է, գաղտնի բուն դրած թոքախտը սրացել է, ու մի կերպ տուն հասնելով՝ անկողին է ընկել: Հյուծված օրգանիզմն անկարող է եղել դիմադրել, ու մեկ շաբաթ անց, հունիսի 14-ին, նա վախճանվել է: Թե ե՛րբ և ինչպե՛ս է Ադամյանը իմացել Պապուլյանի մահվան մասին, դժվար է ասել: Թերևս՝ «Նոր-Դարում» տպված լուրից: Այդ ժամանակ դերասանը գտնվել է Կիևում: Երիտասարդ բարեկամի մահը խիստ ազդել է զգայուն դերասանի վրա, ու նա, իր հոգեկան ապրումները թղթին հանձնելով, գրել է «Բարեհիշատակ և անմոռանալի եղբոր, ուսանող Գևորգ Պապուլյանի մահվան առթիվ» բանաստեղծությունը: Ադամյանը արտահայտել է իր սրտագին վերաբերմունքը՝ մատնանշելով արժանապատիվ այն գծերը, որոնք վեհացնում էին իր բարեկամին: Ահա տողեր Ադամյանի բանաստեղծությունից:
Բարիներն շատ հեզ չեն ապրում երկար,
Աստված, որ սեր է, բարիք անսահման,
Յուր օժտած հոգվոց տա մարմին տըկար՝
Որ շուտ յուր ծոցում գան ու միանան:
Հազվագյուտ ազնիվ եղբայրն իմ Պապուլ
Այդ հոգիներից էր հենց անարատ,
Որ Տերն յ՚այս աշխարհ տրվեր էր ապուլ
Որ ցավոք հեծե ու սիրտ տա խրատ:
Թե ինչպես պետք է սիրել զ՚յուր ընկեր,
Մինչ ի սեր նորան մնալ իսկ անոթի,
Մերկ խեղճի մարմնույն, որին տար միշտ կեր,
Սիրապինդ թևերն կազմելով գոտի:
Գյուղից ի քաղաք, ճեմարան՝ դպրոց,
Աղքատիկ ոտով ման գար ոգևոր,
Իրանից տկարին՝ յուր գիրկն օրորոց,
Գըթառատ նեցուկ եղբարց չըքավոր:
Աղի արտասվաց միջից նա տեսներ
Լոկ կարոտելոց վըշտերն ու հոգեր.
Հացն ընկերին տար, իրեն՝ փըշրանքներ.
Մահիճն յուր եղբոր, ինքն անքուն հըսկեր:
Ո՜հ բյուր օրհնությամբ եղիցի հավետ
Արդարույդ անմահ՝ բարի հիշատակ.
Անմահությո՛ւն է քեզ մահն երկնավետ,
Ազատության դրո՜շ՝ պատանքդ ըսպիտակ:
Նըման յուր անգին կենացն անձնըվեր
Շատ կարճ վայլեցի սերն էլ հոգեբույր.
Երկինք վաղ մահու վըճիռ էր տրվեր,
Երբ դեռ նո՛ր տայի նորան իմ համբույր:
Ադամյանի այս բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Վարդան Հացունու կազմած և 1896 թ. Վենետիկում հրատարակած «Քերթվածք հռչակավոր դերասան Պետրոս Հ. Ադամյանի (1879-1881) և կենսագրություն» գրքում, որտեղ, վերնագրից հետո, նոր տողում գրվել է. «Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի»: Հետագայում արտատպվել է նրա «Երկերում» (կազմող՝ Ս. Տարոնցի):
Թե ստույգ ե՛րբ է գրվել այդ բանաստեղծությունը, հայտնի չէ: Չի պահպանվել նրա բնագիրը: «Հանդես գրական և պատմական»-ի խմբագիր-հրատարակիչ Մկրտիչ Բարխուդարյանին հղած նամակում (1890 թ. 26 հունիսի) Ադամյանը գրել է. «4-րդ գրքին համար ուղարկած եմ Ձեզ արդեն մի քերթված՝ վաղամեռիկ ուսանող և իմ բարեկամ Գևորգ Պապուլյանի մասին գրած ոտանավորս: Հուսամ, որ պատվական «Հանդեսիդ» մեջ տպված տեսնելու հաճույքը վայելեմ, եթե հավանիք»:
Թերևս այս նամակների տարեթիվն է հիմք ընդունել Վարդան Հացունին՝ Պապուլյանի մահվան առթիվ գրված բանաստեղծությունը դնելով 1890-ին գրված գործերի շարքում: Սակայն բանաստեղծության անմիջականությունը, հուզականությունը բերում են համոզման, որ այն գրվել է Պապուլյանի մահվան լուրը լսելու կամ կարդալու թարմ տպավորության տակ: Շատ հնարավոր է, որ այն գրված լինի հենց Կիևում: Այնպես, ինչպես Րաֆֆու մահվան տպավորության տակ է գրել «Րաֆֆիի մահը» բանաստեղծությունը (գրողի մահից մոտ մեկ ամիս անց), միայն թե նրա անհանգիստ կյանքը հնարավորություն չի տվել այն ավելի շուտ ներկայացնել հրատարակչին:
Դերասան Ադամյանի և ուսանող Պապուլյանի փոխադարձ մտերմության այս պայծառ էջերը խորհրդանշում են Ադամյանի սերը ուսանողության, երախտագիտությունը ազնվահոգի մարդկանց հանդեպ, մարդու առաքինությունները գնահատելու նրա կարողությունը: