Ագոտա ԿՐԻՍՏՈՖ / ՔԱՎՈՒԹՅՈՒՆ
Դրվագ 1
Կույրի և նրա կնոջ բնակարանում: Դուռը ծեծում են:
ԿԻՆ — Ո՞վ է:
ԿՈՒՅՐ — Ես եմ:
ԿԻՆ — (դուռը բացելով): Արդե՞ն: Չէի՞ր կարող մի որևէ տեղ պատսպարվել: Սպասի՛ր: Վերարկուդ տո՛ւր: Գլխա՛րկդ էլ: Կոշիկներիդ ձյունը մաքրի՛ր: Կկեղտոտես:
Տղամարդը դոփում է տեղում, կինը թափ է տալիս նրա վերարկուն և գլխարկը: Հետո փակում է դուռը:
ԿԻՆ — Ինչո՞ւ այդքան շուտ վերադարձար:
Տղամարդը մետաղադրամներ է լցնում սեղանին:
ԿԻՆ — Սա է՞ ամբողջը: Դու կարող էիր մնալ առնվազն մինչև կեսգիշեր: Այնքան էլ ցուրտ չէ:
ԿՈՒՅՐ — (նստելով): Այո, այնքան էլ ցուրտ չէ:
ԿԻՆ — Է, հետո՞… (Դրամները լցնում է մետաղյա տուփի մեջ և թափ տալիս:) Այս տուփի մեջ՝ երկուշաբթի օրվանից բերածդ ամբողջ դրամն է: Գիտե՞ս, թե որքան է: Գիտե՞ս: Ճիշտն ասած՝ ոչինչ: Հասկանո՞ւմ ես: Այսպես չի՛ կարող շարունակվել: Եվ այս երեկո դու քեզ թույլ տվեցիր վերադառնալ սովորականից շա՜տ ավելի շուտ: Ուրբաթ երեկոյան, երբ գործը քիչ ավելի լավ է գնում, երբ մարդիկ աշխատավարձն ստանալով դուրս են գալիս, որ ծախսեն կինոյում, սրճարանում, ուր ասես… Իսկ դու, դո՛ւ վերադառնում ես հենց այդ պահին, որովհետև մի քիչ ձյուն է գալիս կամ թե ձեռքերդ են սառել:
ԿՈՒՅՐ — Ոչ: Շատ աղմուկ կար, շատ աղաղակ:
ԿԻՆ — Ինչպես բոլոր ուրբաթ երեկոները:
ԿՈՒՅՐ — Ոչ: Դա ուրիշ էր: Ուրիշ մի բան: Ես հարվածներ էի լսում: Ծեր մարդու ճիչեր: Ես լսում էի նրա փշրվող ոսկորների, նրա պատռվող շորերի, կոտրվող ակնոցի ձայնը: Նրա ընկնող մարմնի խուլ ձայնը: Նրա լռությունը…
ԿԻՆ — Դա կռիվ էր: Սովորական կռիվ:
ԿՈՒՅՐ — Ոչ: Նրանք հարվածում էին մի ծերունու: Մի քանի հոգով հարվածում էին անպաշտպան մի ծերունու: Ես չէի կարող մնալ այդտեղ, լսել դա, տեսնել դա:
ԿԻՆ — Տեսնե՞լ: Դու ասացիր՝ ՏԵՍՆԵ՞Լ:
ԿՈՒՅՐ — Այո, ես տեսա… Նրա քթից, բերանից, ականջներից դուրս եկած բարակ կարմիր թելերը մուգ լճակ էին կազմել նրա գլխի տակ, նրա ճերմակ մազերի շուրջ:
ԿԻՆ — Դարձյա՜լ: Դարձյա՜լ քո այդ նոպան:
ԿՈՒՅՐ — Արյան մեծ լճակ, ձյունը աղտոտվեց այս երեկո, դեմքին սոսկալի վերքեր էին բացվել:
ԿԻՆ — Ձայնդ կտրի՛ր: Բավակա՜ն է: Առ քո հանգստացնող հաբերը: Կուլ տո՛ւր: Շո՛ւտ արա: Մի հատ է՛լ: Գնա պառկիր և փորձիր քնել, խեղճ խելագար:
Դրվագ 2
Գարնանային պարտեզ: Արևածագ: Թռչունները երգում են: Կույրը, նստած նստարանին՝ մեղմորեն շրթհարմոն է նվագում: Մի տղամարդ է մոտենում, նրա ոտքերի տակ խշրտում է ծառուղու խճաքարը: Նա կանգ է առնում Կույրի առջև և մի բուռ մանրուք գցում գետնին դրված գլխարկի մեջ:
ԿՈՒՅՐ — Շնորհակալ եմ:
ԽՈՒԼ — Չարժե: Սրանք արտասահմանյան դրամներ են, ոչ մի արժեք չունեն, սրիկա տուրիստներն այս գիշեր տվեցին:
ԿՈՒՅՐ — Այնուամենայնիվ, շնորհակալ եմ: (Շարունակում է նվագել:)
ԽՈՒԼ — Քեզ մի տանջիր: Արդեն ուշ է, բոլորը քնած են, մարդ չկա: Իսկ ես, ես ոչինչ չեմ լսում, ես չեմ լսում քո երաժշտությունը: Ես խուլ եմ: (Կույրը դադարում է նվագել: Լռություն:) Դե, գոնե մի բան ասա: Ինչո՞ւ ոչինչ չես ասում:
ԿՈՒՅՐ — Ի՞նչ իմաստ ունի… եթե դուք խուլ եք:
ԽՈՒԼ — Ես շրթունքներից հասկանում եմ: Եթե գլուխդ դարձնես իմ կողմը և դանդաղ խոսես, ես կարող եմ հասկանալ, թե ինչ ես ասում: Փորձիր: Մի բան ասա:
ԿՈՒՅՐ — Դուք գեղեցիկ ձայն ունեք, պարոն:
ԽՈՒԼ — Իսկապե՞ս: Ես գեղեցիկ ձայն ունե՞մ: Իմ ձայնը… Քսան տարուց ավելին է, ինչ ձայնս չեմ լսել… Բայց դա ասացիր պարզապես մի բան ասելու համար:
ԿՈՒՅՐ — Հավատացնում եմ ձեզ, պարոն…
ԽՈՒԼ — Վերջ տուր քո այդ «դուք»-ին և «պարոն»-ին: Ես ընդամենը մի… Ես քեզ նման արտիստ եմ:
ԿՈՒՅՐ — Արտի՞ստ:
ԽՈՒԼ — Այո, արտիստ եմ, եթե նույնիսկ երաժիշտ չեմ: Ես կրակ թքող եմ: Հանրային վայրերում, տուրիստական փոքրիկ փողոցներում, բիստրոների, սրճարանների առջև կրակ եմ թքում: Դա շատ գեղեցիկ է: Հատկապես երեկոյան: Ահա թե ինչու եմ գիշերներն աշխատում:
ԿՈՒՅՐ — Դա իրոք պետք է որ շատ գեղեցիկ լինի:
ԽՈՒԼ — Դա հոյակապ է: Բոցերը ժայթքում են իմ բերանից, ահա այսպես՝ հո՛ւ-հո՛ւ: Ինձ կոչում են «Վիշապ»: Լավ անուն է, չէ՞, ի՞նչ ես կարծում: «Վիշա՜պ»:
ԿՈՒՅՐ — Այո, շատ լավ անուն է:
ԽՈՒԼ — Եթե կարողանայիր ինձ տեսնե՜լ: Չնայած հիսունվեց տարեկան եմ, բայց ուժեղ եմ ցուլի պես: Դեմքս ծածկված է սպիներով, հոնքերս այրված են, մազերս՝ խանձված: Ես սքանչելի՜ եմ: Ես մի իսկական վիշապ եմ:
ԿՈՒՅՐ — Ես շատ լավ եմ պատկերացնում:
ԽՈՒԼ — Բայց նաև հարբեցող եմ: Ես խմում եմ այն ամենը, ինչ հրամցնում են: Ես ներծծված եմ ալկոհոլով: Մի օր վթար է լինելու. բոցը, բերանիցս դուրս գալու փոխարեն, կգնա ներս, կիջնի մինչև ստամոքսը, և ես ռումբի պես կպայթեմ: Բու-ո՜ւմ: Կենդանի մի ռումբ: Մսից և արյունից մի ռո՜ւմբ:
Դրվագ 3
Հիվանդանոցում:
ԲԺԻՇԿ — Նստեք: (Լռություն:) Օ, ներեցեք: Դուք կույր եք: Ես չգիտեի: Ձեր կինն այդ մասին ինձ ոչինչ չասաց: Ես ձեր դեմքին չնայեցի: Կներեք: Ահա աթոռը:
ԿՈՒՅՐ — (նստելով): Ներողություն մի խնդրեք, դոկտոր: Դուք պարտավոր չեք նայելու ամեն մեկի դեմքին, ով մտնում է ձեր աշխատասենյակ:
ԲԺԻՇԿ — Երեք ամիս է՝ ձեզ ենք փնտրում: Չգիտեինք, թե որտեղ կարելի է ձեզ գտնել: Դուք լքել եք ձեր տունը և…
ԿՈՒՅՐ — Ես այստեղ եմ: Ի՞նչ ունեք ինձ ասելու:
ԲԺԻՇԿ — Ձեր կինը մահամերձ է: Դուք գիտեի՞ք այդ մասին:
ԿՈՒՅՐ — Ես այդ մասին չգիտեի: Ես միայն հույս էի տածում:
ԲԺԻՇԿ — Ներեցե՞ք: Լավ չլսեցի: Դուք հույս էիք տածո՞ւմ: Դուք այդպես չասացի՛ք, չէ՞:
ԿՈՒՅՐ — Այդպես ասացի: Դուք շատ ճիշտ լսեցիք:
ԲԺԻՇԿ — Ինչպե՞ս կարող եք… ինչպե՞ս եք համարձակվում… դա ասել:
ԿՈՒՅՐ — Ասելը դեռ ոչինչ: Բայց ես մտածում եմ, թե ինչ եմ ասում:
ԲԺԻՇԿ — Դուք այդ աստիճան ատո՞ւմ եք նրան:
ԿՈՒՅՐ — Հարցը դա չէ: Նա տառապո՞ւմ է:
ԲԺԻՇԿ — Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի թեթևացնենք նրա տառապանքը:
ԿՈՒՅՐ — Դա ձեր մասնագիտությունն է:
ԲԺԻՇԿ — Դա նաև ձեր կնոջ մասնագիտությունն է: Նա բուժքույր էր: (Լռություն:) Կուզեի՞ք նրան տեսնել:
ԿՈՒՅՐ — Նրան տեսնե՞լ:
ԲԺԻՇԿ — Ուզում էի ասել՝ այցելել նրան, խոսել հետը… մի վերջին անգամ: Նա ցանկանում է ձեզ տեսնել: (Լռություն:) Նա մտահոգ է ձեզ համար: (Լռություն:) Նա իրեն սոսկալի մենակ է զգում:
ԿՈՒՅՐ — (տեղից ելնելով): Ես նույնպես: Կարո՞ղ եմ հիմա գնալ:
ԲԺԻՇԿ — (նույնպես ելնելով): Ես չեմ կարող ձեզ պահել: Իսկ ի՞նչ ասեմ ձեր կնոջը:
ԿՈՒՅՐ — Ոչինչ:
ԲԺԻՇԿ — Ձեզ որտե՞ղ կարող ենք գտնել, եթե…
ԿՈՒՅՐ — Ոչ մի տեղ: Ես եկա միայն համոզվելու, որ նա չի բուժվի:
ԲԺԻՇԿ — Գթասրտության և մարդկայնության փշուր անգամ չի՞ մնացել ձեր մեջ:
ԿՈՒՅՐ — (դուռը բացելով): Այդ հարցն ավելի շուտ տվեք իմ կնոջը: Ցտեսություն, դոկտոր:
ԲԺԻՇԿ — Ասացեք… Ո՞վ է ձեզ այդքան վատություն արել:
ԿՈՒՅՐ — Ի՞նչ: Վատությո՞ւն, ի՞նձ… (Քրքջում է:)
Դրվագ 4
Կույրը նվագում է մետրոյի անցումներից մեկում: Գնացք է մոտենում, բազմաթիվ ոտնաձայներ են լսվում: Ժխոր: Մի քանի դրամ է ընկնում Կույրի գլխարկի մեջ:
ԵՐԵԽԱ — Մայրիկ, ինձ փող կտա՞ս կույրի համար:
ՄԱՅՐ — Կույրի՞: Չէ մի, անբանի մե՛կն է: Դա պետք է արգելել:
Քայլերը հեռանում են:
ԵՐԵԽԱ — Դու չես վախենո՞ւմ, որ մեկնումեկը դրամ գողանա քո գլխարկից:
ԿՈՒՅՐ — Ոչ:
ԵՐԵԽԱ — Բայց հենց նոր ես մեկ հատ վերցրի քեզնից: Ամենամեծը:
ԿՈՒՅՐ — Գիտեմ: Ես լսեցի: Բան չկա: Քեզ պահիր: Նվիրում եմ:
ԵՐԵԽԱ — Չեմ ուզում քո փողը: Վերցրու: (Փողը նորից գցում է գլխարկի մեջ:) Դա պարզապես ստուգելու համար էր, ուզում էի տեսնել՝ իրո՞ք կույր ես, թե՞ ոչ: Երբ մեծանամ, քեզ նման կույր կդառնամ, բայց ոչ իսկական, և շրթհարմոն կնվագեմ: Կամ էլ, ավելի շուտ, կուզենամ գանգստեր դառնալ: Կհարձակվեմ մարդկանց վրա՝ մետրոներում և միջանցքներում: Եվ բանկեր կթալանեմ…
ՄԱՅՐ — (հեռվից գոռալով): Գալիս ե՞ս, թե՞ ոչ:
Երեխան վազելով հեռանում է, Կույրը նորից սկսում է նվագել: Տղամարդու քայլեր են կանգ առնում նրա առջև:
ԽՈՒԼ — Ողջո՜ւյն քեզ, շրթհարմոնով կույր:
ԿՈՒՅՐ — Ողջո՜ւյն, հրաշալի Վիշապ:
ԽՈՒԼ — Ո՞ւր էիր: Ամառվա սկզբից քեզ եմ փնտրում:
ԿՈՒՅՐ — Ինչի՞ համար:
ԽՈՒԼ — Որ անկողինս կիսենք:
ԿՈՒՅՐ — Քեզ չեմ հասկանում:
ԽՈՒԼ — Բացատրեմ: Մի սենյակ ունեմ՝ մեկ մահճակալով, մի պառավի մոտ: Սենյակ ասելը շատ կլինի, ընդամենը մի խուց է՝ առանց պատուհանի, բայց կարևոր չէ: Գիշերները ես աշխատում եմ, ցերեկները՝ քնում: Լույսը ինձ կխանգարեր: Իսկ դու, քանի որ կույր ես, հարցնում եմ՝ պատուհանն ինչի՞դ է պետք:
ԿՈՒՅՐ — Պետքս չէ:
ԽՈՒԼ — Մինչդեռ, մահճակալին կարող ես քնել: Դու՝ գիշերը, ես՝ ցերեկը:
ԿՈՒՅՐ — Նույն մահճակալի՞ն:
ԽՈՒԼ — Այո, այդպիսով պարտքս կմարվի: Պառավն ագահ է: Կիլօն տանել չի կարող, որ մահճակալն ամբողջ գիշեր դատարկ է մնում: Պինօյի մահվան օրվանից նա չի դադարում ինձ հալածել, որպեսզի որևէ մեկին գտնեմ: Պինօն միոտանի էր: Լավ տղա էր: Նա թրջոցներ էր դնում ճակատիս, երբ շատ հարբած էի լինում: Իմ փսխուքներն էր մաքրում: Անզուգակա՜ն մի աճպարար էր: (Լռություն:) Իհարկե, եթե ուրիշ տեղ ունես…
ԿՈՒՅՐ — Ոչինչ չունեմ:
ԽՈՒԼ — Դու քնում ես զբոսայգիներում, կամուրջների տակ, մետրոյում:
ԿՈՒՅՐ — Այո:
ԽՈՒԼ — Ոստիկանները քեզ կբռնեն թափառաշրջիկության համար:
ԿՈՒՅՐ — Արդեն պատահել է:
ԽՈՒԼ — Ձմեռը մոտենում է: Սենյակը չի տաքացվում, բայց պաշտպանված ենք քամուց և ձյունից: Մահճակալին երկու հաստ վերմակ կա: Տաք տեղում կուտենք, Պառավի խոհանոցում միշտ կրակ կա: (Լռություն:) Ի՞նչ կասես:
ԿՈՒՅՐ — Ոչինչ:
ԽՈՒԼ — Գուցե զզվո՞ւմ ես նույն մահճակալին քնել: Այդպե՞ս է, հը՞: Զզվում ես ինձնից: Ես զզվելի եմ պարոնի համար, ես չափազանց կեղտոտ եմ և զզվելի՝ պարոնի համար: Դե, ուրեմն, թող պարոնը թույլ տա ասելու, որ ինքը նույնքան կեղտոտ է ու զզվելի, որքան և ես, եթե ոչ ավելի՜ն: Ցտեսությո՛ւն: Ավելի շուտ, մնաս բարո՛վ:
ԿՈՒՅՐ — Ոչ, այդպես չէ: Մի գնա, Վիշա՛պ: Վերադարձի՛ր: Դու իրավացի ես: Ես քեզնից ավելի կեղտոտ եմ, ավելի վատն եմ, ես քեզնից ավելի կեղտոտ եմ և զզվելի:
ԽՈՒԼ — Ոչ, դու ավելի մաքուր ես: Ես գիտեմ, որ դարձել եմ նողկալի: Ես խնամված էի, խելացի, լավ խոսում էի, լավ գրում: Ես լրագրող էի: Անիծյալ մի ռումբի պայթյուն անիծյալ մի երկրում դարձրեց ինձ խուլ, կիսով չափ ապուշ և կատարյալ հարբեցող:
ԿՈՒՅՐ — Դա ո՞ր երկրում էր:
ԽՈՒԼ — Ես կորցրել եմ հիշողությունս, այլևս չեմ հիշում, և թքած ունեմ: Դա այստեղից հեռու էր, դա վաղուց էր, ես ամե՛ն ինչ մոռացել եմ: Ես շատ ուրախ եմ, որ խուլ եմ, գիտե՞ս, այսպես կողմնակի ոչ մի աղմուկ չեմ լսում: Ցավն այն է, որ գլխիս մեջ, այնուամենայնիվ, երբեմն լսում եմ: Ճիչեր, լաց, պայթյուններ… Ես այդ ամենը լսում եմ:
ԿՈՒՅՐ — Իսկ ես… ես երբեմն տեսնում եմ:
Դրվագ 5
ՊԱՌԱՎ — (հեգնանքով): Բավական ինքնատիպ է. կույր, որ շրթհարմոն է նվագում:
ԽՈՒԼ — Նա շատ լավ է նվագում: Մյուսներից շատ ավելի լավ: Նաև երգում է: Նա շատ գեղեցիկ ձայն ունի:
ՊԱՌԱՎ — Գուցե լսե՞լ ես նրա ձայնը:
ԽՈՒԼ — Ոչ, իհարկե: Բայց ես նայում էի նրան լսող մարդկանց: Նրանց դեմքներին հուզմունք կար:
ՊԱՌԱՎ — Հուզմո՜ւնք: Չէ մի չէ՜: Ոչ մի կարևորություն չունի, լավ է նվագում, թե վատ: Համենայնդեպս, ես այստեղ կեղծիք չեմ հանդուրժում: Հանեք ձեր ակնոցը, պարոն: Ես առաջին իսկ հայացքից տարբերում եմ իսկական կույրին:
ԿՈՒՅՐ — Ահա՛:
ԽՈՒԼ — Գրողը տանի՛:
ՊԱՌԱՎ — Այդ ի՞նչ է… ի՞նչ է եղել ձեր աչքերին:
ԿՈՒՅՐ — Այրվել են արևից… Կտտանք…
ԽՈՒԼ — Նրա կոպերը կտրել են:
ՊԱՌԱՎ — Համենայնդեպս, դա տհաճ է տեսնել: Դրե՛ք ձեր ակնոցը:
ԿՈՒՅՐ — Լավ, տիկին:
ՊԱՌԱՎ — Դու գնա քնիր, Վիշապ, շատ ես խմել: Ես կզբաղվեմ պարոնով:
ԽՈՒԼ — Ուրեմն, պահում ենք նրան: Մինչ երեկո, իմ խեղճ ծերուկ: (Դուրս է գալիս:)
ՊԱՌԱՎ — Տվեք ձեր բաճկոնը:
ԿՈՒՅՐ — Ինչի՞ համար:
ՊԱՌԱՎ — Այստեղ ենթարկվում են առանց հարցեր տալու: Բոլորն ինձ հնազանդվում են: Ես վեց կենվոր ունեմ: Պատկերացնո՞ւմ եք, ինչ կլիներ, եթե ամեն մեկն աներ՝ ինչ որ կամենար: Ուրեմն, տվե՛ք ձեր բաճկոնը:
ԿՈՒՅՐ — Ահա, տիկին:
ՊԱՌԱՎ — Բավական լավ վիճակում է: Կարելի է վաճառել: Ես ձեզ մեկ ուրիշը կտամ, պակաս գեղեցիկը, երբ իսկապես ցուրտ լինի: Մուրալու համար պետք չէ շատ լավ հագնված լինել: Պետք է խղճահարություն առաջացնել նաև հագուստով:
ԿՈՒՅՐ — Ես չեմ ձգտում խղճահարություն առաջացնել:
ՊԱՌԱՎ — Գիտեմ, գիտեմ: Բոլորդ արտի՜ստ եք: Միայն թե արտիստի և մուրացիկի միջև ես տարբերություն չեմ տեսնում: Միակը, ով աշխատում է այստեղ, ես եմ: Ո՞վ էր ձեզնով զբաղվում մինչև հիմա:
ԿՈՒՅՐ — Կինս: Նա մահացավ գարնանը:
ՊԱՌԱՎ — Աստված հոգին լուսավորի: Է՛հ, մեռածներն այլևս հոգսեր չունեն: Մինչդեռ մենք… Այստեղ ձեզ լավ կզգաք: Սենյակ կունենաք, մահճակալ: Երեկոները ձեզ լավ ընթրիք կմատուցեմ՝ հացով, բանով: Ոստիկանությունում ինձ ճանաչում են: Այդ հարցում նույնպես ոչ մի խնդիր չեք ունենա: Երբ ես մեկով զբաղվում եմ, նա կարող է հանգիստ լինել, ինչպես մոր արգանդում: Եկե՛ք:
ԿՈՒՅՐ — Ո՞ւր ենք գնում:
ՊԱՌԱՎ — Փողոց: Ես մի լավ տեղ գիտեմ նվագելու համար: Երեկոյան կգամ ձեր ետևից: Եթե ձեզ կերակուր տան, կարող եք ուտել: Դրամը, ի տարբերություն ուտելիքի, պետք է ինձ հանձնեք: Ամբո՜ղջը: Չփորձե՛ք խաբել: Ես ձեզ խուզարկելու եմ: Եթե օրվա մեջ լավ փող աշխատեք, ձեզ մի քանի կոպեկ կտամ: Դուք խմո՞ւմ եք:
ԿՈՒՅՐ — Ոչ, տիկին:
ՊԱՌԱՎ — Ծխո՞ւմ եք:
ԿՈՒՅՐ — Ոչ, տիկին:
ՊԱՌԱՎ — Ուրեմն, դուք փողի կարիք չունեք:
Դրվագ 6
Պառավի տան առջև: Երթևեկության աղմուկ:
ԽՈՒԼ — Դե, ի՞նչ, լավ անցա՞վ առաջին օրդ: Պառավը գոհ է՞ քեզնից:
ԿՈՒՅՐ — Չգիտեմ: Ոչինչ չասաց:
ԽՈՒԼ — Նշանակում է՝ գոհ է: Այլապես կլսեիր նրան…
ԿՈՒՅՐ — Տարօրինակ ձայն եմ լսում: Կարծես երկաթի գդալով դատարկ կաթսային հարվածեն:
ԽՈՒԼ — Ընթրիքի ժամն է: Հիմա ուտելու ենք, գնացինք:
ԿՈՒՅՐ — Մի կտոր հացն ու մի բաժակ ջուրն ինձ բավական են: Ճաշ ուտելու ցանկություն չունեմ:
ԽՈՒԼ — Ճա՞շ, շատ չուզեցի՞ր: Դա ընդամենը հսկա կաթսայի մեջ եփված ապուր է՝ ամեն տեսակի փտած բանջարեղենից, որ Պառավը հավաքում է շուկայում, և մսի թափոնից, որ առնում է իր կատուների համար:
ԿՈՒՅՐ — Նա կատուներ ունի՞:
ԽՈՒԼ — Մենք ենք կատուները:
ԿՈՒՅՐ — Ասա ինձ, Վիշապ, ովքե՞ր են մյուս կենվորները:
ԽՈՒԼ — Մեզ նման մարդիկ: Պակասավորներ: Մի անթև, մի տկարամիտ, մի անոտ և մեկ ուրիշ կույր: Ես հիմա քեզ կներկայացնեմ: Արի՛:
ԿՈՒՅՐ — Ի՞նչ է նրան պատահել, այդ կույրին:
ԽՈՒԼ – Ոչինչ չի պատահել: Նա այդպես է ծնվել: Արի իմ ետևից:
Մտնում են խոհանոց: Կաթսաների և սպասքի աղմուկ, ձայներ:
ԽՈՒԼ — Բարի երեկո, արտիստնե՛ր: Ներկայացնում եմ ձեզ մեր նոր ընկերոջը: Նա կույր է:
ՄԻ ՁԱՅՆ — Եվ շրթհարմոն է նվագո՞ւմ:
ԽՈՒԼ — Բնականաբար: Նստիր այստեղ, իմ կողքին: Դա Պինօյի տեղն էր:
ՁԱՅՆ 1 — Էլ միս չմնա՞ց: Կուզեի մի երկու կտոր էլ ուտել:
ՊԱՌԱՎ — Բոլորն էլ կուզեին ևս մի քանի կտոր ուտել:
ՁԱՅՆ 2 — Առ, իմը կեր: Ես դրանից զզվում եմ: Գարշահոտ է…
ՊԱՌԱՎ — Գարշահոտ է, որովհետև դու ատամ չունես: Զզվում ես, որովհետև մսի կտորները չես կարողանում ծամել: Եթե կուզես ճիշտն իմանալ, պատճառն այն է, որ շա՜տ-շատ ես ուզում ուտել:
ՁԱՅՆ 1 — Ես էլ եմ ուզում շատ ուտել: Երբեք ուզածիս չափ միս չեմ ունենում: Ընդամենը ջուր է և կաղամբ:
ՊԱՌԱՎ — Քեզ մնում է՝ հացդ թաթախես մսաջրի մեջ: Դուք չեք ուտո՞ւմ ձեր ապուրը, պարոն, ձեզ պատշաճ չէ՞:
ԿՈՒՅՐ — Ոչ, տիկին, ես պարզապես սովորություն ունեմ միայն չոր հաց ուտել:
ՊԱՌԱՎ — Շատ լավ, ես ձեզ կստիպեմ սովորությունները փոխել: Ես ձգտում եմ, որ իմ կենվորներն ուտեն՝ ինչպես հարկն է: Որ լավ սնվեն: Վիտամիններ, պրոտեիններ և այլն: Թե ոչ՝ կհիվանդանան: Եվ ո՞վ պիտի վճարի դեղերի, բժիշկների, թաղման համար: Գուցե ե՞ս: Եվ ի՞նչ դրամով, ասացեք խնդրեմ:
ՄՅՈՒՍ ԿՈՒՅՐԸ — Ասացեք, պարոն, կուզեի իմանալ, դուք միշտ կույր եք եղե՞լ, ինձ նման:
ԿՈՒՅՐ — Ոչ, ընդամենը մի քանի տարի է: Դուք շատ երիտասարդ եք… ձեր ձայնից դատելով:
ՄՅՈՒՍ ԿՈՒՅՐԸ — Ես երբեք երիտասարդ չեմ եղել: Ես քսանյոթ տարեկան եմ: Կյանքը երկար է, շատ երկար: Երբեք չի ավարտվի: Գոնե իմանայի, թե ինչ բան է գույնը: Դուք տեսե՞լ եք գույները: Բացատրեք ինձ, խնդրում եմ:
ՁԱՅՆ 1 — Նորից սկսե՜ց:
ՁԱՅՆ 2 — Այդ գույները նրան կխենթացնեն:
ԿՈՒՅՐ — Ցավում եմ: Գույնը անբացատրելի է, աներևակայելի՝ մեկի համար, որ կույր է ծնվել: Բայց պետք չէ ափսոսալ: Այն, ինչ հայտնի է ձեզ, գույնի բացակայությունն է՝ սևը: Սևի հակառակը սպիտակն է: Սպիտակը պարունակում է մյուս բոլոր գույները: Ցավ է պատճառում, այրում է, ստիպում ցավից գոռալ:
Դրվագ 7
Առավոտ կանուխ: Խուլը հարբած մտնում է սենյակ: Ընկնող կահույքի աղմուկ:
ԿՈՒՅՐ — Ի՞նչ է պատահել: Արդեն ժամը վե՞ցն է:
ԽՈՒԼ — Ինձ թվում է, թե աղմուկ արեցի: Ո՞ւր է գրպանիս լապտերը: Ահա: Ակնոցդ դիր, ի սեր Աստծո, դու կատարյա՜լ մղձավանջ ես: Քեզ արթնացրի, ներող կլինես: Մի քիչ խմած եմ: Մի՛ վեր կաց: Պառկած մնա: Ժամը դեռ երեքն է կամ չորսը: Մինչ այդ ես հանգիստ շիշս կխմեմ:
ԿՈՒՅՐ — (տեղից ելնելով): Քունս փախավ:
ԽՈՒԼ — Դու իրավունք ունես քնել մինչև վեցը: Դու իրավունք ունես մնալ անկողնում: Նորից պառկիր:
ԿՈՒՅՐ — Մի՛ վիճիր: Մտի՛ր անկողին: Դու սառույց ես կտրել:
ԽՈԻԼ — Ի՞նչ ասացիր:
ԿՈՒՅՐ — Ձեռքերդ սառն են: Պառկի՛ր: Ես կհանեմ ոտնամաններդ:
ԽՈԻԼ — (ընկնելով մահճակալին): Ի՜նչ սառնամանիք է, Տեր Աստվա՛ծ: Սառույց է կապել: Չորս-հինգ անգամ վայր ընկա վերադարձին: Որքա՜ն լավ է նախապես տաքացված անկողնում: Շնորհակալ եմ: Դու լավ տղա ես: Այո: Վաղուց եմ ուզում քեզ ասել…
ԿՈՒՅՐ — Ի՞նչ:
ԽՈՒԼ — Ճշմարտությունն իմ մասին: Ես քեզ խաբել եմ: Բայց հիմա քեզ կասեմ ճշմարտությունը, և միակ իմացողը դու կլինես:
ԿՈՒՅՐ — Ոչ, ոչ, խնդրո՜ւմ եմ: Վաղը: Հիմա քնի՛ր:
ԽՈՒԼ — Ոչ: Հենց հիմա: Վաղը ես քաջություն չեմ ունենա: Բայց նախ լապտերս հանգցնեմ: Ես քեզ այլևս չեմ տեսնում, դու չես կարող ինձ ընդհատել: Ահա: Այն, ինչ պատմել եմ քեզ ռումբի մասին, պայթյունի մասին՝ ստեր են: Այդ անիծյալ ռումբը անիծյալ երկրում ես եմ պայթեցրել: Ես երբեք լրագրող չեմ եղել: Ես, ինչպես ասում են, անարխիստ եմ, ահաբեկիչ: Վերջին ռումբը… ես հետը պայթեցի: Դժբախտաբար, ինձ չսպանեց: Ամբողջ մարմինս ու դեմքս ծածկված էին վերքերով, բայց մեռած չէի: Մյուսները մեռած էին: Ես տեսա, թե նրանք ինչպես ընկան: Ես արյուն տեսա, այլանդակված դեմքեր, բզկտված մարմիններ: Ով չէր մեռել՝ բերանները բաց էին: Նրանք գոռում էին, բայց ես ոչինչ չէի լսում: Ես տեսնում էի, թե նրանք ինչպես են վազում, գոռում, մեռնում, բայց ես նրանց չէի լսում: Ականջներիս թմբուկները պայթել էին: Դա իսկական մղձավանջ էր: (Լռություն:) Ինձ դրեցին պայթյունի զոհի տեղ, ինձ բուժում էին: Իմ վերքերը բուժվեցին, բայց իմ հոգին երբեք չի բուժվի: Ես խուլ եմ, բայց իմ գլուխը լեցուն է պայթյուններով, ճիչերով, աղաղակներով, լաց ու կոծով: Անկարելի է մոռանալ: Ես կամ և միշտ կմնամ մարդկային էակներից ամենահետինը, մի դահիճ, մի մարդասպան, աղտեղությունների մի կույտ: (Լռություն, այնուհետև՝ հեծկլտալով:) Երեխաներ կային նաև, պատկերացնո՞ւմ ես, երեխաներ… (Հեծկլտոցն աստիճանաբար վերածվում է խռմփոցի:)
ԿՈՒՅՐ — Եթե դու աղտեղությունների կույտ ես, ապա ե՞ս ինչ եմ: Ավելի նողկալի, քան ինքը՝ սպանությունը, կտտանքը, հրեշավոր մի ստորությունը: Ես մարդ տանջող եմ: Տարիներ շարունակ, իմ վերադասների հրամանով, կնոջս օգնությամբ ես չարչարում էի անպաշտպան էակներին: Մեղավոր, թե անմեղ, մեզ համար կարևոր չէր, մեր զոհերի հանդեպ միայն արհամարհանք ունեինք: Մեր քստմնելի զբաղմունքի մեջ ես և կինս խորունկ բավականություն էինք ստանում, նույնիսկ որոշակի հաճույք: Այդ շեղվածությունը տևեց մինչև այն օրը, երբ մեր գործընկերներից մեկը նկարահանեց մեզ տանջելու պահին: Տեսնելով էկրանին, թե ինչպես է ծավալվում այդ անարգ տեսարանը, որի հիմնական դերակատարն էի, վերջապես հասկացա, թե ինչպիսին եմ ես և ով եմ իրականում: Ես անկարող էի դիմանալ իմ նվաստացմանը, իմ անկման տեսարաններին, ուստի փախա ֆիլմի ավարտից առաջ: Բնականաբար, ինձ փնտրեցին և հինգ օրից գտան: Մի քանի շաբաթ անց, մի սպայի աշխատասենյակում նստած, անտարբեր, սպասում էի իմ կնոջը և մեր վերադասների վճռին:
Դրվագ 8
Սպայի աշխատասենյակում:
ՍՊԱ — Ահա ձեր ամուսինը, տիկին:
ԿԻՆ — Ո՞ւր է: Այս մարդը՞: Դա ինքը չէ:
ՍՊԱ — Հենց ինքն է, որ կա:
ԿԻՆ — Դա հնարավո՜ր չէ: Ի՞նչ է պատահել նրան: Ինչո՞ւ է սև ակնոց դրել: Ինչո՞ւ է այդ վիճակում: Ի՞նչ եք արել նրան:
ՍՊԱ — Մե՞նք… Ինչպե՞ս եք համարձակվում նման բան ենթադրել: Հանդարտվեք, տիկին: Մենք գտանք ձեր ամուսնուն հինգ օր փնտրելուց հետո:
ԿԻՆ — Ինչո՞ւ ավելի շուտ չհայտնեցիք:
ՍՊԱ — Նախ պետք է նրան բուժեինք, հետո՝ հարցաքննեինք և ձեր վերաբերյալ որոշում ընդունեինք:
ԿԻՆ — Բայց ի՞նչ կատարվեց: Ինչո՞ւ փախավ: Որտե՞ղ էր: Ի՞նչ էր անում:
ՍՊԱ — Մենք նրան գտանք ծովափին, ավազին պառկած, կիսագիտակից վիճակում: Հինգ օր շարունակ ոչինչ չէր կերել, ոչինչ չէր խմել, բացի այդ, նրա կոպերը կտրած էին, իսկ աչքերը լրիվ այրվել էին արևից:
ԿԻՆ — Օ, ո՛չ: Ո՞վ է դա արել:
ՍՊԱ — Ինքն է իրեն այդպես հաշմել:
ԿՈՒՅՐ — Ես դա արդեն շատ-շատերին էի արել… Հառել էի աչքերս արևին, երբ զենիթում էր, մինչև գիշերը գա: Կատարյալ գիշերը: Ամենուր: Ընդմիշտ:
ԿԻՆ — Ինչո՞ւ: Ինչո՞ւ դա արեցիր:
ԿՈՒՅՐ — Որպեսզի մեր մեղքերը քավեմ: Մահն ինձ թվում էր շատ դյուրին, շատ արագ:
ԿԻՆ — Ինչե՞ր ես խոսում: Ի՞նչ մեղքեր:
ԿՈՒՅՐ — Ես այլևս չէի ուզում, այլևս չէի կարող ինձ տեսնել հայելու մեջ: Այլևս չէի կարող տեսնել իմ ձեռքերը: Ես չէի կարող քեզ տեսնել:
ԿԻՆ — Ի՞նձ: Ես քեզ չեմ հասկանում: Ես ի՞նչ եմ արել:
ԿՈՒՅՐ — Դու ոտքից գլուխ ծածկված ես արյունով:
ԿԻՆ — Նա խելագարվել է, այդպես չէ՞:
ՍՊԱ — Իսկապես, նրա բանականությունը խախտվել է: Բոլորիս շահից ելնելով, մենք մտածեցինք, թե ցանկալի կլիներ, որ դուք վերջնականապես լքեիք երկիրը: Ձեր ուղևորությունն արդեն կազմակերպված է:
ԿԻՆ — Ո՞ւր ենք մեկնելու:
ՍՊԱ — Դա կիմանաք օդանավակայանում: Ձեզ կտանեն մի քանի ժամից: Հասնելուն պես ձեզ կդիմավորեն վստահելի անձինք: Դուք հեշտությամբ գործ կգտնեք՝ ձեր բուժքրոջ մասնագիտությամբ: Ինչ վերաբերում է նրան՝ կերևա… Նրա տեսողությունը վերջնականապես կորած է, բայց մնացածը… Գուցե ժամանակի հետ շտկվի:
Դրվագ 9
ԿՈՒՅՐ — Ես ժամանակի հետ չեմ «շտկվի»: Իմ ամոթալի անցյալի արձագանքը, անտանելի տեսիլքները հետապնդում են ինձ: Մինչդեռ կինս երբեք խղճի խայթ չունեցավ:
ԿԻՆ — (ձայնը հնչում է դրսից): Հերիք եղա՛վ: Բավական է քե՛զ տանջես, ի՛նձ տանջես: Մենք պատասխանատու չենք… Մենք ընդամենը ենթարկվում էինք հրամաններին… Մենք ծառայում էինք գործին… Դա մի աշխատանք էր՝ մյուսների պես… Ինչ-որ մեկը պիտի դա աներ… Ուրիշ տեղերում էլ են տանջում… Աշխարհում ամեն տեղ տանջում են…
ԿՈՒՅՐ — Աշխարհում ամեն տեղ տանջողները ճիշտ այդպես են փորձում արդարանալ: Բայց ոչ մի հրաման, ոչ մի շարժառիթ չի կարող արդարացնել մեր ոճիրները: Դրանք այն ոճիրներից են, որոնց համար ներում և մոռացում գոյություն չունի: Մեր հոգիներից դրանց կեղտը չի կարող ջնջել ոչ մահը, ոչ էլ քավությունը:
Ֆրանսերենից թարգմանեց՝ Անահիտ ԹՈՓՉՅԱՆԸ
Ագոտա ԿՐԻՍՏՈՖ (1935 թ. Չիկվանդ, Հունգարիա — 2011 թ. Նյոշատել, Շվեյցարիա) – Շվեյցարացի ֆրանսագիր նշանավոր դրամատուրգ և արձակագիր: 1956 թ., Բուդապեշտի ապստամբության ճնշումից հետո, ընտանիքով գաղթել են Ֆրանսիա, այնուհետև հայտնվել է Շվեյցարիայում: Նրան համաշխարհային ճանաչում բերեց «Երկվորյակների եռապատումը» վեպերի շարքը («Հաստ տետրակ», «Ապացույց» և «Երրորդ կեղծիքը»), որը թարգմանվեց ավելի քան երեսուն լեզվով, իսկ «Հաստ տետրակ»-ի հիման վրա 2013 թ. ֆիլմ նկարահանվեց Հունգարիայում:
Ա. Կրիստոֆի պերսոնաժները պատերազմների, բռնակալական վարչակարգերի զոհ դարձած, զոմբիացված անձնավորություններ են: Նրա գրականությունը հակաուտոպիայի բնորոշ տարրեր ունի. հասարակության ստորին աստիճանին հայտնված արարածներ՝ վայրենացած, մարդկային դիմագիծը կորցրած:
«Քավությունե պիեսը հեղինակի «Հրեշը» («Le monstre») ժողովածուից է: