ՄԱՐԳԱՐԻՏԱ ՅԱԽՈՆՏՈՎԱ / «ՇՆՈՐՀԻԿԻ ԳԼԽԱՐԿԸ»

«ՇՆՈՐՀԻԿԻ ԳԼԽԱՐԿԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

Արման Վարդանյանը եվրոպական բազմակողմանի կրթություն է ստացել, սակայն Ավստրիայի մայրաքաղաքում ավարտելով կոնսերվատորիան՝ նվիրվել է գրական գործունեությանը, ինչը, սակայն չի խանգարել զբաղվել երաժշտությամբ, ինչպես նաև ստամբուլյան իր տանը հավաքել շատ հարուստ ձայնադարան: Շքեղ հրատարակված պիեսների մի քանի ժողովածուները ի մի են բերել նրա հոգու որոնումները: Ա. Վարդանյանը արևմտահայերեն է գրում, ինչը, թվում է, պիտի խանգարեր նրա պիեսների մուտքը հայաստանյան բեմահարթակ: «Ձեր լեզուն անհասկանալի է մեր հանդիսատեսի համար»-, մեկ անգամ չէ, որ այս պատասխանն է ստացել հեղինակը: Այդպես եղել է մինչև այն օրը, երբ նա իր «Ախացել» պիեսը ներկայացրեց Վահե Շահվերդյանին:
Ինչ-որ շատ նվիրական մի բան է հեղինակից փոխանցվել այս պիեսին: Գուցե և՝ հրաժեշտը հույսին: Իրիկնամուտի անդորրի գիտակցությունը, երբ արդեն չկան ոչ կրքեր, ոչ տառապանք, երբ հասանելի է լոկ ինքնահայեցության դառն սփոփանքը, և իր լավագույն պտուղներից զրկված կյանքի ոսկե ծառն արդեն պարուրված է թառամության խաբուսիկ թեթև շղարշով: Այդպիսի ծառ՝ հիասքանչ և անիրական, ինչպես կորուսյալ երազանքը, ուղղակի իմաստով Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի բեմում ստեղծել է Եվգենի Սոֆրոնովը:
Արման Վարդանյանի պիեսը թերևս կարելի է անվանել քառաձայն խոստովանություն, որի գերակայող թեման զուգորդվում է այն ամենի հետ, ինչ մեզ հուզել է անցյալ տարիներին. Բերգմանի «Մորու բացատը», «Իսկ հետո՝ լռություն»-ը Պլյատտի ու Ռանևսկայայի մասնակցությամբ, և էլի ու էլի… Անցած օրերի թախիծը, հրաժեշտը ուրախության հետ, մարդկային մայրամուտի անհույս քնքշանքը…
Հնարավոր է՝ ոմանց թվա, թե երիտասարդ հանդիսատեսին ի զորու է հրապուրել այլ ընթացք ու զարգացում, նաև առավել գործուն մտքեր ու մտահղացումներ: Սակայն արվեստում ամեն ինչ պատկանում է բոլորին, անգամ եթե խոսքը ոչ թե մարդու, այլ Սպիտակ ժանիքի կամ Սպիտակ պուդելի մասին է:
Նշենք, որ պիեսում հերոսն առավել հակասական ու նյարդային ինքնակենտրոնացման վիճակում է, իսկ Վահե Շահվերդյանի բեմադրության մեջ «Ախացելը» մի նոր որակ է ստացել: Ծերանոցում Ոստանիկի (գլխավոր հերոսի) հանդիպումը երկար տարիներ սիրած կնոջ դստեր հետ, կյանքը հանրագումարի բերող նրանց զրույցները յուրահատուկ լուսարձակում և վերիրական խորություն են ձեռք բերում, մի խորություն, որում կենցաղի ծամածռանքներն անգամ դառնում են լուսավոր-քնքշալի, ստեղծելով մարդկային մղկտուն բարության միասնական դաշտ: Կիսաշրջան նստելով բեմում, որը վերջին ժամանակները հանձն է առել նաև Գ. Սունդուկյանի անվան թատրոնի փոքր դահլիճի գործառնությունը, հանդիսատեսները ներգրավվում են անշտապ, իր էությամբ ժամանակակից ներկայացման ընթացքի մեջ: Ու ես նկատի չունեմ, ասենք, երեխաներին, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են այդ փոքրիկ բեմում, խորհրդանշելով Իմաստի հավերժական նորացումը, իսկ գուցե և՝ մի այլ բան: Սակայն կոնկրետի, ռացիոնալի միահյուսումն իռացիոնալին, մարդկանց համար իմաստ և արժեք ունեցողի միասնացումը՝ կարծես թե բացարձակապես չնչինին ու կորուսյալին, ինչը, սակայն, հասնում է մինչև անհուն խորության, այնտեղ, ուր գիտակցության թաղանթի տակ բնակալել է հոգին՝ ցավից ու քնքշանքից թպրտալով, ահա այս զարմանալի ներդաշնումն անտարբեր չի թողնում հանդիսատեսին: Ոստանիկը 70 տարեկան է: Կարինեն՝ նրա մահացած կնոջ դուստրը՝ 25: Տարիքային անջրպետն ամփոփում է ժամանակաշրջանների ու աշխարհայացքների հերթափոխը: Տարբերություններ, որոնք կարող է ջնջել միայն փոխադարձ մտերմությունը, սրտակցությունը և սերն առ նա, ով արդեն այս աշխարհում չէ: Եվ այստեղ մեկը մյուսի ետևից հայտնվում են երկու կերպարներ, որոնք Նորին Մեծություն ժամանակին ստիպում են կանգ առնել: Կարևոր է նրանց հայտնվելու պատճառը՝ նրանք սիրում են Ոստանիկին: Այո, հենց այս ցնորամիտները, ովքեր, անհայտ է, թե ինչպես են դեռ գոյատևում երկրի վրա, բայց սիրում են զինաթափող անպաշտպանվածությամբ: Եվ Ոստանիկ — Լոռենց Առուշանյանը արդարացնում է նրանց՝ բնույթով ռոմանտիկ զգացմունքը: Հմայիչ մտավորական, որն ապրել է կրքերի ու որոնումների ժամանակը և կյանքն ընդունում է այնպես, ինչպես այն կա, կամ, ավելի ճիշտ, ինչպիսին այն եղել է՝ հայացքով, որտեղ չկա ցավ և ուրախություն, բայց կա ապրած կյանքի անդրադարձը: Առաջին իսկ րոպեներից Լոռենց Առուշանյանը համակրանք ու վստահություն է հաղորդում իր հերոսին նրբակիրթ համբերատարությամբ, անգամ նրանց նկատմամբ, ովքեր իր սրտով չեն:
Ո՞վ գիտե, գուցե նա հաստատվեր Կարինեի տանը, ուր մի ուրիշ, նոր կյանք էր այլ կանոններով, հախուռն ընթացքով, եթե չլինեին հենց նույն Շնորհիկն ու Տաթևիկը, որոնց հայտնվելը առաջին պահ Ոստանիկն ընկալում է իբրև խոչընդոտ, որը կխանգարեր իր սիրելի Կարինեի հետ այդքա՛ն սպասված ու հազվադեպ հանդիպմանը:
Տաթևիկ — Հասմիկ Ալեքսանյանը անընդմեջ դեգերում է բեմում, նայելով ու չնայելով Ոստանիկին, ակամա ուշադրություն սևեռելով տարօրինակորեն կքված իր մարմնին, ես կասեի՝ իր լարված բացակայությանը: Նա ջղային է ու հնազանդ, իսկ երբ խոսում է Ոստանիկի և իր մոր մասին, աչքերում արթնանում են ջահելությունն ու գեղեցկությունը, բայց նույն պահին էլ ներքուստ կծկվում է, խամրում, ասես ցավից կամ թե հարվածից, որն այդքան ցավագին բաժին է հանել նրան կյանքը: Դերասանուհին ավելի երիտասարդ է իր հերոսուհուց, բայց չխաղարկելով տարիքը՝ նրան հաջողվում է հանդիսատեսին փոխանցել կյանքի խղճուկ ավարտի յուրահատուկ վիճակը: Հասմիկ Ալեքսանյանը ոչ մի պահ չի կեղծում, կարողանում է արժանապատվորեն ներկայացնել իր դերախաղը բեմի այնպիսի վարպետի հետ զուգախաղում, ինչպիսին Վարդուհի Վարդերեսյանն է՝ Շնորհիկի դերում:
Առաջին հայացքից ոչ շահեկան թվացող այս կերպարում նորովի է փայլում մեծ դերասանուհու տաղանդը: Վարդուհի Վարդերեսյանն ասում է, որ Շնորհիկի կերպարն ինչ-որ չափով հարազատ է Ջոնիին՝ Վ. Սարոյանի «Իմ սերը լեռներում է» պիեսի հրաշալի մանչուկին, որի կերպարն է մարմնավորել նա երիտասարդության օրերին, և որն ընդմիշտ մնաց հայ թատրոնի պատմության մեջ:
Սակայն ընդհանուր ի՞նչ կարող է լինել կյանքը նոր սկսող, հախուռն մանչուկի և արդեն մարող գիտակցությամբ կյանքի վերջին օրերն ապրող Շնորհիկի միջև… Գուցե այն ամենայնի լիակատար բացակայությո՞ւնը, ինչը կարելի է անվանել չնչին կենցաղավարություն: Մի ինչ-որ ապշեցուցիչ հոգու թափանցիկություն, որը երևի թե հնարավոր է միայն ամենա-Սկզբում և ամենա-Վերջում:

Ահա հայտնվում է նրա Շնորհիկը, ձեռքին՝ կեսդարյա վաղեմության դպրոցական պայուսակ, նախկին ուսուցչուհու ձիգ, ուղիղ քայլվածքով: Շուրթերին՝ անանց ժպիտ, որը մերթ խորամանկ-չարաճճի է, մերթ վախվորած, իսկ աչքերում՝ լինելություն և ոչ լինելություն: Միաժամանակ: Առանց համլետյան այլընտրանքի: Նա անիմաստ փիլիսոփայում է և իմաստնորեն խոսում կյանքի ու մահվան մասին: Նրան հետաքրքրում է ամեն ինչ: Եվ այն, ինչ այդպես էլ չվիճակվեց ճաշակել, և այն, ինչն իրեն է մնացել ընդմիշտ, բայց ոչ այդ խղճուկ պայուսակում և ոչ էլ այդ տարօրինակ բոժոժում, որը կյանքն է հագցրել նրան որպես պատյան, որ խորհրդանշում է ճակատագրական անհաջողություններն ու միայնությունը: Նրա ձայնի, քմծիծաղի մեջ, նրա մտախոհության մեջ ու մահացու վիրավոր ձայնով երգվող երգերում տրոփում է շատ փխրուն զգացմունքն ու ցավը, որը հուզում է բոլոր նրանց, ովքեր ունակ են տեսնել և լսել:
Վարդուհի Վարդերեսյանի Շնորհիկը մանկականորեն սեթևեթ է, ու Վահե Շահվերդյանը նրան հնարավորություն է ընձեռել ծեր կնոջ գլխին թառեցնել մի կոկետ ժապավեն և մանկան աշխույժով Տաթևիկի հետ թռչկոտեցնել Երևակայական պարանի վրայով: Ահա այս դրվագում կատարվում է բեմական մի իրադարձություն, որը պիեսում չկա: Լ. Առուշանյան — Ոստանիկը սրընթաց մոտենում է այդ երկու ծեր աղջնակներին ու սեղմում նրանց իր կրծքին:

Իսկ նրանք, մեկը մյուսին հենված՝ արագ ու մանրաքայլ հեռանում են: Ռեժիսորի կողմից գտնված այս պահերը շատ թանկ են՝ և՛ գրկախառնությունը, և՛ կարեկցանք հարուցող փախուստը:
Այս պահից արդեն ակնհայտ է՝ Ոստանիկն այստեղից չի գնա: Նրան արդեն ձգում է թախծի այդ հովիտը: Լա՞վ է դա, արդյոք, ճի՞շտ է… ո՞վ գիտե: Բայց արժե մտորել, երբ կարեկցանքը ոչ պակաս կարող է իրեն կապել, անգամ գերել դիմացինին, քան ուրախությունը: Ռեժիսորն ավելի է խորացնում հրաժեշտի զգացողությունը. Շնորհիկը դեն է նետում իրեն պարուրած զգեստակույտը՝ երբեմնի սլացիկ նրբագեղությունը վերագտնելով սև, խստաոճ կոստյումի մեջ, իսկ Ոստանիկը ասպետական շռայլությամբ նրան է նվիրում այն, ինչից զրկված է եղել այդ կինը՝ գորովալի հարգանքով համբուրում է նրա ձեռքն ու, ասես արքայական թիկնոց, ծածկում նրան սև կտորով, որը մշտապես բեմին է՝ որպես անխուսափելի վախճանի հիշեցում: Սա ընկալվում է ինչ-որ սյուրռեալիստական ծես, որում առկա է դատապարտվածությունը, ուստի սենտիմենտալության չի վերածվում:
Պիեսում Կարինեն հարցնում է՝ կվերադառնա՞, արդյոք, Շնորհիկը: Վահե Շահվերդյանը այլ լուծում է գտել: Հանկարծ թմբիր-անզգայությունից սթափվում է Տաթևիկն ու կամաց ասում. «Շնորհիկն այլևս այստեղ չի գա»: Առանց ավելորդ խոսքերի ու ձևախեղված երանգների: Հետո մոտենում է հագուստի կույտին, որը վրայից շպրտել էր Շնորհիկը և, խնամքով հավաքելով՝ գործնական տեսքով տանում է իր հետ: Սա արդեն ծիսակարգ է՝ առօրյա և ողբերգական: Բեմական այս քառյակի չորրորդ մասնակիցը Կարինեն է (Նելլի Խերանյան): Նա նուրբ է ու հմայիչ, և նրա զգեստի սպիտակ գույնն ընկալվում է որպես կյանքի գույն: (Այս դերը հատկապես դժվար է նրանով, որ հեղինակը Կարինեին վստահել է միայն հարցերը): Բայց երբ Շնորհիկը նրա գլխին է դնում իր տարօրինակ գլխարկը, դերասանուհու գեղեցիկ դեմքին հայտնվում է այլ դարաշրջանների կանանց ուրվագծեր: Այդ չորսից միայն Կարինեին է վիճակված վերադարձը, միայն նա է դուրս գալիս այս հանգրվանից, որը հյուրընկալե՞լ, իսկ գուցե կործանել է Ոստանիկին, Շնորհիկին ու Տաթևիկին: Չնայած Նելլի Խերանյան — Կարինեի ողջ քնքշությանը, հանդիսատեսն զգում է նրա հոգու ամրությունը, որն անհրաժեշտ է կյանքի շարունակության համար, որպեսզի նա չթառամի ժամանակից շուտ: Եվ սա շատ կարևոր է, քանզի վերադառնալով իրական աշխարհ, իր տարեկիցների ու ժամանակակիցների մոտ՝ Կարինեն իր հետ տանելու է ոչ միայն Շնորհիկի տարօրինակ գլխարկը, այլև այն բոլոր ճիչերն ու շշուկները, որոնց անսաց նա ծերանոց կոչվող այդ կացարանում:
Նրանց կյանքն ավարտված է: Բայց նրանց ցավը, վերջին հրաժեշտի գեղեցկությունն ու հույսերի մաքրությունը այն հոգևոր կտակն է, որ փոխանցվում-տրվում է Կարինեին:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։