Վարսիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ/«ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ»
«ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ» հոդվածը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում
«ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ»
Արտառոց մի աշխարհ է Գուրգեն Խանջյանի աշխարհը` մերժված, կյանքից ծեծված մարդիկ, որոնք չեն հավատում մարդու բարի առաքելությանը, ոչ էլ իրենց են հավատում: Կյանքից ոչ մի սպասելիք չունեն: «Գերեզմանատան երգչախումբը» պիեսի հերոսներն անգամ անուններ չունեն, հեղինակը նրանց կոչում է ըստ իրենց տեսակի. Թափառական, Պոռնիկ, Կին, Տղամարդ: Սա երևի հայկական աբսուրդի, թե՞ սյուրռեալիզմի տեսակն է, որն, ի տարբերություն եղածի, երանգավորված է ազգային հոգեգծերով: Կարևորը մարդն է, և նրա կերպն է ի ցույց դնում հեղինակը: Այդուհանդերձ, նա որոնում է. ի՞նչ, ո՞ւմ, կարևոր չէ, որոնողը մի բան կգտնի: Եվ ահա նրանք իրենց և մեզ համար այնպիսի հայտածումներ են անում, որոնք դառնում են դերասանական հայտնագործումներ: Կուռ ու սեղմ է Գ. Խանջյանի մտածողությունը, նա նախապատվություն է տալիս հակադիր նկարագրերի ու հոգեգծերի զուգակցումով ամբողջականության հասնելուն, ոչ թե արտաքին գործոններով «դրսի» միջամտությանը, այլ խորքային զննումներին, հատկանիշներ, որոնք հետո պայմանավորելու են բեմադրական ոճաբանությունը: Նրա հերոսներն էլ ապրում են ներքին կյանքով: Նրանցից մեկը (Թափառական) գրքի պաշտամունք ունի, անամոք ցավով է խոսում, որ «կյանքն այլ կերպ է դասավորվել», և «ինչպես կուզենար կարդացած լիներ այդ գրքերը»: Մյուսը՝ գոսացած փիլիսոփան, հանկարծ հայտնագործում է կյանքի մեծագույն իմաստը՝ մարդկանց հետ ապրելու, կնոջը սիրելու իմաստը: Երրորդը, որ կին է ու շեղված է իր կոչումից, դառնում է բնությամբ իրեն նախասահմանված պարտքին՝ քնքշությանը, սիրելու, փաղաքշելու նախասկիզբ առաքելությանը, լինի նորածին, թե կյանքի հատակում գտնվող մարդ: Մենք տեսնում ենք, որ հեղինակի կամքով ընկած-կորած հոգիները գտնում, կապվում են միմյանց: Նրանք երեքն են, իսկ դա միություն է, ընտանիք, այդպես ավելի հեշտ է դիմակայել ցրտին, խավարին, փարել բնությանը և անգամ նրա անտերունչ զավակներին՝ շներին: Խավարչտին գիշերով ու շների «սիմֆոնիայով» է ավարտվում պիեսը, ու դու վերադառնում ես այն ծանր ժամանակներին ու սարսռում… նայում ես պիեսի թվագրմանը՝ 1992 թ… ամեն ինչ հասկանալի է:
Բայց եթե ուզենանք Գուրգեն Խանջյանի թատերգության ծագումնաբանական արմատները պարզել՝ կհասնենք մինչև աբսուրդիստներ, մինչև Կոկտո, միայն, ի տարբերություն նրանց, հայ գրողի գործն ազգային ակնհայտ հոգեգծեր ունի, մեծ կարեկցանք, մարդու մեջ բարի սկիզբ հայտածելու ձգտում: Կարծում եմ, որ հենց այդ լարն է ձգում թատրոնի մարդկանց, այս դեպքում՝ Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի բեմադրիչ Արմեն Բայանդուրյանին, ով և կարողացել է թատերկը «քերել-մաքրել» այն տարրերից, որոնք խորթ են նրա ստեղծագործական հավատամքին:
Բեմադրիչը հապավել է Գ. Խանջյանի «Գերեզմանատան երգչախումբը» պիեսի գործող անձանց կազմը, վեցից թողել է երեքին, ովքեր և կրում են գործողությունն ու վիճարկում կոլիզիան, դրանով հանդերձ անասելի բարդացնելով իր և դերակատարների խնդիրը: Լավն այն է, որ հեղինակի մոտ էլ ծանրությունը կրում են այդ երեքը, մնացյալը օժանդակ է: Բացի այդ, հավանաբար նկարիչ Շամիր Տեր-Մինասյանի համախոհությամբ, ռեժիսորը բեմական տարածքի լուծմանը հաղորդել է վերացականություն: Հիրավի, տարածքի լուծումը չափազանց աբստրակտ է. չկա հեղինակի նշած դամբարանը, որը, մեր կարծիքով, խաղի առավել հետաքրքիր հնարավորություն կտար, չկա Իմաստունի բնակարանը, չկա նաև սրճարանամերձ տեղանքը: Կան միայն հուշարարի խցիկի պես մի խորշ և գերեզմանաքարեր: Ու նաև մի սանդուղք: Անկասկած, բեմադրիչը վստահ է եղել հանդիսատեսի պայմանական ընկալման կարողությանը, իսկ առավել մեծ հաշվարկ է արել դերասանական տաղանդի ու վարպետության վրա: Ներկայացումը դիտելուց հետո համոզվում ես, որ Ա. Բայանդուրյանը չի գերագնահատել իր դերասանների կարողությունները: Գրքերի կապոցներն ու վերոհիշյալ խուցը, նաև խոսքն օգնում են զգալու Իմաստունի տիրույթը, նույն այդ խորշում՝ Թափառականի վարքը: Անկասկած, այս ամենը՝ դերասանական պահվածքի, պայմանական գեղագիտության առաձգականության նրա քաջիմացության շնորհիվ: Անշտապ ու շատ բնական, համարյա առանց որևէ երանգավորող ճիգ ու ջանքի արտաբերված խոսքը, թվում է, ոչ թե թատերասրահի, այլ միմյանց կողք կանգնած մարդկանց համար է: Ավելի քան առօրյա են ռիթմն ու տեմպը:
Բեմադրիչի խորհրդանշական-պայմանական լեզուն սկսվում է ինքնաշեն, գյուղի ակումբ հիշեցնող վարագույրից, որը փոքր է, կախված մի ձողից և մուգ ու բաց մոխրագույն կտորտանքներից միակցված՝ խեղճության պատրանք է ստեղծում: Վարագույրը վեր է բարձրանում, և խավարը ծակում են երեք կարմիր լույսեր, որոնցից մեկի շողն ուղղվում է փոսի մեջ գտնվող, դեմքը լրագրով ծածկած մարդուն: Հետո ընդհանուր լուսավորության մեջ մեզ գրավում է աջակողմյան կուլիսից հայտնված շիկամազ, արտառոց սանրվածքով կինը: Նա կախված է օդում, միայն գլուխն է երևում ու նաև մերկ ոտքը՝ բալետային մաշիկի կապիչներով… Կինը (ում հեղինակը Պոռնիկ է կոչել) նկատել է Տղամարդուն և չի ուզում ժամանակ կորցնել՝ «Հե՜յ»… Հետո ցած կիջնի ու, երեսը պնդացնելով, կխցկվի Տղամարդու տիրույթը, օգտագործելով շփման հնարավոր համարյա բոլոր ձևերը՝ անհաղորդ Տղամարդուն զրույցի մեջ կքաշի, կիմանա նրա ցավը, իրենը կկիսի նրա հետ… Հայտնի բան է. ոչ մի բան այնքան չի մերձեցնում մարդկանց, որքան վիշտն ու հոգսը: Մելանիա Բարսեղյանն այնքան բնական է ու անկեղծ խոսքի, պահվածքի մեջ, այնքան բարեկիրթ ու զուսպ, որ ասես կերպարի «արհեստի» մրուրը չի կպչում նրա հերոսուհուն: Նրա գեղեցիկ պահվածքի, ձեռքի, ոտքի, ամբողջ մարմնի շարժման մեջ կա վսեմաշուք մի բան, որ եթե չասվեր, միևնույն է, չէր կարելի չզգալ, որ նա ուրի՜շ, մի ոչ սովորական աշխարհից է եկել: Բալետի երբեմնի պարուհու աշխարհն է դա, որն արյան պես մտել է նրա մեջ, և որն անկարելի է չնկատել: Ժամանակին նա երիտասարդ, վիթի պես մի աղջիկ է եղել, որ սպասել է իր երազների արքայազնին, բայց հետո ամեն ինչ կորցրել է ու գլորվել… Պատճառները կարևոր չեն. մարդն այս վիճակում է մեզ ներկայանում: Եվ ինչպե՜ս է իր կնոջական բնածին նրբությամբ, մոր քնքշությամբ ջերմացնում կոշտացած մարդկանց հոգիները: Ու Տղամարդը՝ Ռոման Մաթիաշվիլու նույնքան բնական ու անսեթևեթ խաղով, ինչպե՛ս է դառնում միայնակ կնոջ պաշտպանը, հրճվանք զգում իր նոր դերից և անկեղծացած՝ սիրտը բացում: Չկարծեք՝ սեր է խոստովանում, ոչ, նա խոսում է իր չիրականացած երազանքի՝ շա՜տ, շա՜տ գրքերը կարդացած լինելու տենչի մասին… Հապա ինչպե՛ս է պատանու ամոթխածությամբ թախանձում Կնոջը (ինչպիսի՜ կնոջը…) թույլ տալ մեն-մի անգամ նրա կրծքին ձեռք տալ… Եվ ինչպե՜ս է ներքուստ հալվելով գալիս-տեղավորվում Կնոջ սնարի մոտ ու մնում նստած՝ աշխարհն իրենն է ու տաքուկ… Գերում են դերասանների քանդակած կերպարները, խաղի վսեմ ու զուսպ ազնվությունը, նրանց դիմապատկերը, որ բովանդակում է բարին ու մարդկայինը, այն, որ հառնում, վեր է բարձրանում կյանքի հատակից, պրագմատիզմից: Ամեն բանի անտարբեր նայող Մաթիաշվիլու հերոսն սկսում է նույնիսկ խանդել երկրորդ տղամարդուն՝ Իմաստունին, բայց… ընդամենը շեղ մի հայացքով, քանզի մարդկային կրքի ու խանդի կոպիտ զգացումները դուրս են թե՛ հեղինակի և թե՛ այս պատումը ստեղծողների գեղագիտական հավատամքից: Եթե փորձենք վերարտադրել Մելանիա Բարսեղյանի և Ռոման Մաթիաշվիլու բեմական հազվագյուտ գեղեցիկ ու ներդաշն զուգախաղի բոլոր ուշագրավ պահերը՝ ստիպված պիտի լինենք վերապատմել ամբողջ ներկայացումը, քանզի ոչ մի բան «հենց այնպես» չեն անում, որ դուրս լինի նրանց գեղագիտական ճաշակից ու սկզբունքից: Չէ՞ որ դերասանը նաև մեկնաբան է ու նրա մարդկային բարոյական ու իմացական հարստությամբ է պայմանավորված կերպարի իմացական ու հուզական աշխարհը:
Հիշյալ զույգին արժանավոր խաղընկեր է Ռոբերտ Աղաջանյանը: Չորացած տառեխի տպավորություն ես ստանում նրա Իմաստունից, ով փիլիսոփայական գրքերից այն կողմ չի պատկերացրել կյանքը և նրա վերջալույսին հանդիպելով այս հուսաբեկ մարդկանց, կարծես ինքն էլ է փոխակերպություն ապրում… Ինչպիսի՛ անառարկելի հիմնավորումով է նա պարտադրում մենակ չթողնել իրեն: Եվ ինչ երանությամբ է խոսում կնոջ՝ հրաշք լինելու մասին… Մ. Բարսեղյանի Կնոջ ձեռքին մի վարդագույն ժապավե՞ն, թե շարֆ կա, որ խելացի ու տարողունակ «խաղացնում են» և՛ դերասանուհին, և՛ բեմադրիչը: Այդ ժապավենով Կինը մազերն է կապում, սանրվածքին՝ ձև տալիս, իսկ Տղամարդը դրանով կապկպում է Կնոջը, հետո՝ Իմաստունին՝ նրան պատուհասելու նպատակով: Վերջում այդ ժապավենը վերաճում է միմյանց գտած, հայտնագործած մարդկանց բարեկամության անքակտելի, այսուհետ կյանքը միասին ու միակամ ապրելու խորհրդանիշի:
Դեռևս հազիվ լսելի երաժշտության տակ Թափառականը՝ վարդագույն ժապավենով կապկպված (որն ավելի ամուր է թվում, քան աշխարհի բոլոր շղթաները), իր ետևից քարշ է տալիս նրանց դեպի սանդուղքը, բարձրացնում, ինքը՝ վերին աստիճանին կանգնելով, նվագավարի պես չափ է տալիս հնչող երաժշտությանը: Իսկ կենսալից, վեհ, հոգիները զորացնող երաժշտությունը ավելի ու ավելի է ուժգնանում, լցվում բեմ ու դահլիճ, աշխարհը… Հոգիների դաշնությունը և խախտված ներդաշնակությունը վերագտած, կյանքին փարած մարդկանց հոգու սիմֆոնիան է, որ հաստատում է կյանքի նեցուկների, բարի ու գեղեցիկ մարդկային սկիզբների հաղթանակը…