Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Թատրոնի Նվիրյալ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ
Tatron-drama.am կայքը իր ցավակցությունն է հայտնում հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին.
Հարցազրույցը ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ արվել է 2018 թվականի հոկտեմբերի 21-ին:
«Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը» / Երվանդ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Tatron-drama.am-ի հարցազրույցը Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Ղազանչյանն է:
«Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել»
— Պարոն Ղազանչյան, մինչ Ձեր ստեղծագործական կյանքին անդրադառնալը ցանկանում եմ շնորհավորել անձնական ուրախության առիթով. վերջերս Դուք ծոռ եք ունեցել (ծնվել է Հակոբ Ղազանչյանի դստեր՝ Մարիամի որդին), որը, ինչպես խոստովանեցիք մեր հեռախոսազրույցի ժամանակ, պատճառ է դարձել, որպեսզի հնարավորինս շուտ թողնեք աշխատավայրն ու հասնեք տուն: Ձեր մասնակցությունը երեխայի կյանքին զուտ հուզակա՞ն տիրույթում է, թե՞ նաև որոշակի գործնական քայլեր եք անում:
— Երանի չէր՝ ժամանակ ունենայի իմ բոլոր երեխաների, թոռների, ծոռների համար շուտ տուն հասնել ու զբաղվել նրանցով: Իմ ճակատագիրն անիծված է. առավոտյան մտնում եմ թատրոն, երեկոյան ուշ՝ գնում տուն: Ընտանիքով զբաղվելու համար երբեք ժամանակ չի գտնվել: Քանի կար Գալյան, իր վրա էր վերցրել ամեն հոգս: Իսկ ես աշխատում եմ տանը, ընտանիքում քիչ գործ անել, որպեսզի չսխալվեմ: Հիմնականում թատրոնում եմ:
— Աստված պահապան Ձեր ծոռին և աշխարհի բոլոր երեխաներին:
— Աշխարհի՛, աշխարհի՛ բոլոր երեխաներին:
«Հայ թատրոնը չի կարող գոյություն ունենալ առանց դասական և ժամանակակից հայ հեղինակների»
— Պարոն Ղազանչյան, Ձեր ղեկավարած թատրոնն ունի կոմեդիկ ուղղվածություն: Որքանո՞վ են այսօրվա հայ հեղինակները կարողանում բավարարել բեմադրիչի Ձեր ճաշակը և նյութ մատակարարել նորօրյա ներկայացումների համար: Ազդագրերը ծանուցում են, որ Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի խաղացանկում ընդգրկված են բազմաթիվ դրամատուրգների գործեր՝ Հակոբ Պարոնյան, Գաբրիել Սունդուկյան, Երվանդ Օտյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Սամվել Խալաթյան, Կարինե Խոդիկայն, Գուրգեն Խանջյան, Թամար Հովհաննիսյան, Դարիո Ֆո, Գոգոլ: Ինչո՞վ է տարբեր աշխատանքը դասական և ժամանակակից հեղինակների հետ:
— Դասականների հետ, իհարկե, բարդ է աշխատել: Բայց և դասականներն օգնում են շատ բանով, որովհետև սկսում ես աշխատել նրանց պիեսի վրա ու հանկարծ հասկանում ես, որ այն կարծես այսօր գրված լինի: Նրանք իրենց արդիականությունը զարմանալիորեն չեն կորցրել: Հայ թատրոնը չի կարող գոյություն ունենալ առանց դասական և ժամանակակից հայ հեղինակների: Այսօր մեր խաղացանկում 20 անուն պիես կա, որոնցից 12-ի հեղինակները հայ են: Այս տարի երիտասարդների մի հսկայական հոսք կա դեպի թատրոն: Նրանցից մեկը՝ Արմենը, անում է իր բեմադրությունը: Նրա մի բեմադրությունը ես տեսել եմ Կամերային թատրոնում և շատ եմ հավանել, վստահում եմ իրեն: Գոհար Փոքրիկյանն է Թումանյանի 150-ամյակին նվիրված գործ բեմադրում: Ըստ որում՝ երիտասարդ են թե՛ կոմպոզիտորը՝ Արգինան, թե՛ նկարիչը՝ Տաթևիկը: Իմ ուսանողներից երկուսին այս տարի վերցրել ենք մեզ մոտ աշխատանքի, նրանք են բեմադրում Շիրվանզադե և Պարոնյան: Կեցցե՛ն, շատ լավ են աշխատում, կարծում եմ՝ հետաքրքիր բեմադրություն կանեն: Չորս կողմս երիտասարդներ են, և ես խոստացել եմ դառնալ իրենց երդվյալ ասիստենտը: Եթե չկարողանամ օգնել, հաստատ չեմ խանգարի:
— Փաստորեն, սերնդափոխության հարց եք լուծում թատրոնում:
— Ոչ միայն՝ հիմա: Երբ հետադարձ հայացք եմ գցում ապրածս կյանքին՝ տեսնում եմ, որ միշտ էլ օգնել եմ երիտասարդներին: Մոտ 70-ը իրենց դիպլոմային աշխատանքները բեմադրել են իմ ղեկավարությամբ՝ տարբեր թատրոններում: Եթե այդպես չլիներ, իմ սիրած գործը կմեռներ: Հպարտ եմ, որ Ստեփանակերտի թատրոնի գեղարվեստական ղեկավար է նշանակվել իմ ուսանողուհին՝ Ռուզանը: Գավառի թատրոնը, որ շուտով նոր շենք կունենա, կղեկավարի իմ ուսանողը՝ Արմենը: Ինձ նաև շատ է դուր գալիս Գյումրու թատրոնը: Այս բաներն ուրախացնում են, մտածում եմ, որ իզուր չեմ ապրել: Էդ երիտասարդներն արդարացնում են իմ գոյությունը: Ուրախ եմ, որ դեռ կան մարդիկ, որոնք թատրոնին խելագարի պես նվիրված են:
«Մտածեք՝ ինչո՞ւ են թատրոնի և եկեղեցու բեմերը մեկ մետր բարձր»
— Փաստորեն, համացանցային լրջագույն մարտահրավերների պայմաններում անգամ թատրոնը չի կորցնում իր արդիականությունը, թատրոնին մահ չի սպառնում, այո՞:
— Չի կարող սպառնալ: Ոչ միայն համացանցը, այլև անհամ սերիալները, առհասարակ հեռուստատեսությունը, կինոն, որն արդեն ինչքան ժամանակ է մրցակցում է թատրոնի հետ, չեն կարող սպառնալ թատրոնին: Կենդանի շփումը զարմանալի բան ունի իր մեջ, դա ոչնչով հնարավոր չէ փոխարինել: Մտածեք՝ ինչո՞ւ են թատրոնի և եկեղեցու բեմերը մեկ մետր բարձր: Որովհետև այդտեղից ոչ թե քարոզում, այլ հուշում են մարդկանց, թե ինչ արժեքներով պիտի ապրեն: Սովորեցնում են, որ աշխարհում ճիշտը բարությունն է, հայրենասիրությունը, ընկերությունը, սերը, այս տեսակ հազար ու մի բաներ: Այս ամենն ասում ես բեմից, և հանդիսատեսը, եթե ամբողջը չտանի էլ իր հետ, ինչ-որ մի կարևոր մասնիկ կտանի: Ես մի քիչ տխուր եմ, որ մեր վարչապետի խոսքում չեմ լսում մշակույթ բառը: Հուսամ, որ կան ավելի կարևոր խնդիրներ, որոնք պիտի առաջնային լուծում ստանան, հետո անդրադառնան մշակույթին: Թեև ես երկրի համար ամենակարևոր խնդիրը համարում եմ մշակույթը: Չգիտեմ՝ երկրորդ այդպիսի ազգ գոյություն ունի՞, որ իր դժվար օրերին բարձրանա լեռան գագաթը, 40 օր կռվի, ու էդ 40 օրվա ընթացքում դաս անի տեր հայրը, որպեսզի երեխաներն ուսումից հետ չմնան:
— Եվ Դեր Զորի անապատում ավազի վրա հայոց այբուբենն ուսուցանեն, որպեսզի մահվան քարավանով գնացող մանուկները տառաճանաչ դառնան:
— Այո՛: Էդ մարդիկ երեխաներ էին կորցնում, բայց Ավետարանն էին շալակած տանում-փրկում: Գոնե ես այսպիսի երկրորդ օրինակ չգիտեմ աշխարհում: Ա՛յ էսպիսի բաներից հետո ես չեմ հասկանում, երբ ասվում է՝ ժամանակը կգա, կզբաղվենք մշակույթով: Ժամանակը որ գա, հանկարծ արդեն ուշ չլինի՞: Դրա ժամանակը միշտ է: Ոչ ոք մեր ժողովրդի մասին չի դատում նրանով, թե քանի վագոն պահածո ենք ուղարկում Մոլդովա կամ Միջին Ասիա: Աշխարհի համար դա հետաքրքիր չէ: Շառլ Ազնավուրի օրինակը լավագույն ապացույցն էր: Էդ ի՞նչ արեց մարդը: Եվ կեցցե՛ Ֆրանսիան, կեցցե՛ Մակրոնը, որ էդպես մեծարեցին, էդպես արժևորեցին: Ամեն բառի, ամեն տառի տակից գոռում էր հայ բառը: Սա պիտի խրատ լինի, սա է ազգի արժեքը: Շառլը ֆրանսերեն է՞ր երգում: Հայերե՛ն էր երգում՝ ֆրանսերեն բառերով: Նույնը և՝ Սարոյանը. ամբողջ կյանքն ապրեց օտար երկրում, բայց գրեց հայ մկան մասին:
— Իսկապես, նրա Արտաշ մուկը ամենացայտուն դրսևորումն է հայի տեսակի:
— Դա ապշելու բան է: Արամ Խաչատրյանը գրեց «Սպարտակ»՝ անցյալ դարերում ազատության համար մարտնչած օտարազգի մի ստրուկ մասին: Բայց երաժշտությունը լսեք, դա հայի՛ երաժշտություն է: Մենք էս բաներով ենք ուժեղ: Մենք պիտի քիչ դուրս գանք հրապարակ, քիչ զբաղվենք քաղաքականությամբ, որովհետև կարևորն ենք կորցնում: Դպրոցն ենք կորցնում: Ես թատրոնի աշխատող եմ, բայց կոչ եմ անում. «Հարգելի՛ վարչապետ, ուսուցիչների աշխատավարձը բարձրացրեք»: Եթե այսօր ուսուցիչներին չպահենք, չխրախուսենք, վաղը կբազմապատկվի մեր կիսագրագետների թիվը: Այս տարի նոր կուրս ունեմ, չեք պատկերացնի այդ ուսանողների անգրագիտությունը: Չեմ հասկանում՝ նրանց ուսուցիչներն ովքե՞ր են: Սա ազգային անվտանգության խնդիր է: Էդ տեսակ ուսուցիչներին պիտի դատեն, քաղաքցիական դատարանով չէ, ուրի՛շ կերպ պիտի դատեն: Կրթության, մշակույթի հարցերում պետք է դանդաղ շտապել: Եթե էս հարցերը մի քիչ էլ անտեսենք, էլ ետևից չենք հասնի, բացթողումները սարսափելի կլինեն:
«Մարզպետն ու քաղաքապետը կարող են չիմանալ, թե ով է Արթուր Միլլերը կամ Անտոն Չեխովը, բայց…»
— Խոսեցիք մարզային թատրոնների մասին: Թատրոնը, մշակույթն առհասարակ ապակենտրոնացնելու, մարզերում դրանց աշխուժությունն ապահովելու խնդիրը կենսականորեն անհրաժեշտ է: Ի՞նչ կասեք այս մասին, «Թատերական Լոռի» փառատոնի մասին՝ մասնավորապես:
— «Թատերական Լոռին» արդեն ավանդույթ ունեցող փառատոն է, և այս դեպքում ամեն բան տեղը տեղին է արվում: Իսկ ընդհանուր առմամբ վիճակը շատ վատ եմ գնահատում: Սա նույնպես վարչապետի խնդիրն է: Նա բոլոր մարզպետներին, բոլոր քաղաքապետներին պիտի հրահանգի, որ թատրոնը դարձնեն էն առանցքը, որի շուրջը կկարողանան հավաքվել երաժշտական դպրոցը, նկարչական դպրոցը, մյուս կրթական-մշակութային կառույցները: Ուշադրություն է պետք դարձնել այս հարցերին: Մարզպետն ու քաղաքապետը կարող են չիմանալ, թե ով է Արթուր Միլլերը կամ Անտոն Չեխովը, բայց պիտի ամեն ինչ անեն, որ իրենց ղեկավարած տարածքում մշակույթը չմեռնի: Մենք 14 հոգով ավարտեցինք Աճեմյանի և Գուլակյանի կուրսն ու գնացինք Կապան՝ աշխատելու: Անմիջապես մեզ բնակարաններ տվեցին, բոլորովին ուրիշ վերաբերմունք էր մեր նկատմամբ: Իսկ հիմա մենք մոռացված ենք: Չեմ ասում՝ արհամարհված, չեն կարող արհամարհել, որովհետև արհամարհողների վրա դա թանկ կնստի:
— Ասում եք՝ թարոնը, կինոն մոռացված են, բայց հանրության մեջ դերասանը, առավելապես կինոդերասանը մեծապես սիրված է, ճանաչված: Կարծում եք՝ հայ հանդիսատեսը երբևէ կդադարի՞ հիանալ Գալյա Նովենցի խաղով:
— Դե~, մենակ Գալյա Նովենցը չէ: Շատ դերասաններ կան, որ չեն մոռացվում: Բայց տեսեք, թե ինչ ժամանակաշրջանում նրանք ճանաչվեցին: Բոլոր պրեմիերաներին, թատերական բոլոր ներկայացումներին դահլիճում էին լինում երկրի ղեկավարները: Հիմա չեն կարողանում գալ. «շատ զբաղված են»: Բոլորս պիտի իմանանք՝ ինչով ենք զբաղված, ինչպես ենք ապրում: Եթե հենց էնպես պիտի ապրենք, ես դա չեմ ընդունում ու չեմ հասկանում:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ