ԼՈՒՍԱՆԿԱՐ, ՈՐ ՎԵՐՋԻՆԸ ՉՊԻՏԻ ԼԻՆԵՐ / Անուշ Ասլիբեկյան
Էսսե՝ Երվանդ Ղազանչյանի վառ հիշատակին
Լինում են, չէ՞, մարդիկ, ովքեր քեզ ուղղակիորեն չեն դասավանդել, բայց համոզված ես, որ քո ուսուցիչներն են: Երվանդ Խաչատուրիչն ինձ չի դասավանդել թատերական ինստիտուտում, հիմա փորձում եմ մտաբերել՝ երբ և ինչպես սկսվեց միմյանց հանդեպ մեր մեծ հարգանքն ու սերը, ընկերությունը, որ ամեն մեր հանդիպմանը ուղեկցվում էր հումորով, միմյանց որպիսությամբ ու ստեղծագործությամբ հետաքրքրվելով, իրար հանդեպ հոգատարությամբ, ջերմությամբ: Չի դասավանդել, չէ, բայց թատերականի միջանցքներում նրան տեսնելիս մեծ ոգևորություն և երախտագիտություն էի զգում: Հետահայաց նետելով հասկանում եմ, որ նա գուցե ճակատագրական դեր է խաղացել իմ թատերագիտական ճանապարհի սկզբին:
Պարոնյան թատրոնի «Ատամնաբույժն արևելյան» ներկայացման մասին հոդված գրեցի: Կուրսղեկս՝ թատերագետ Նարինե Սարգսյանը, կարդալուց հետո ուղղակի խորհուրդ տվեց գնալ թատրոն ու հոդվածը ցույց տալ Երվանդ Խաչատուրիչին: Այնքան էլ չպատկերացրի՝ ինչո՞ւ, մի փոքր քաշվում էի, ի վերջո, անձնապես ծանոթ չէի, և մի տեսակ արտասովոր էր. հոդվածդ վերցնում ես, գնում բեմադրիչի մոտ՝ թե՝ կարդացեք, ձեր ներկայացման մասին թատերախոսական եմ գրել: Բայց Նարինե Սեյրանովնայի քայլը պարզապես քայլ չէր, թատերագետի հեռատեսություն էր, բացի այդ՝ դեռ ուսանողական նստարանից լավ գիտեր պարոն Ղազանչյանին (նրա արվեստանոցում էր սովորել): Ղազանչյանն էլ պարզապես բեմադրիչ չէր, որ ասեր՝ հը՞, հո վատ բան չես՞ գրել, ուրեմն հուր հավիտյան թշնամիներ ենք, կամ էլ թե՝ հը՞, լավ բաներ ե՞ս գրել, ուրեմն տաղանդավոր ես: Ու քանի որ կուրսղեկիս այնպես էի վստահում, ինչպես ծնողներիս, վերցրի հոդվածս ու գնացի թատրոն: Սիրալիր դիմավորեց պարոն Ղազանչյանը երրորդ թե չորրորդ կուրսի ուսանողուհուս, առաջարկեց նստել, զրուցեցինք, ծանոթացանք: Հետո իմացա, որ առանձնակի ջերմությամբ է վերաբերվում երիտասարդներին, ստեղծագործող, աշխատասեր մարդկանց: Սրտատրոփ սպասում էի այն պահին, երբ բացելու է հոդվածն ու կարդա, որ դիտարկումներից նեղանալու է, կամ գուցե՝ նեղացնելու է, և այլն և այլն… Սխալվեցի, քիչ անց ուղղակի վերցրեց հեռախոսն ու զանգահարեց՝ հիմա մի պայծառ աղջիկ կգա, հոդված է բերել, կարդա:
«Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրությունը գիտե՞ս,- հարցրեց,- կգնաս այս հասցեով:
Մինչ այդ արդեն մամուլում որոշ հրապարակումներ ունեցել էի, համառ ջանքերի, կարծրատիպերի անկոտրում պատերը ճեղքելու արդյուքնում՝ հանդիպելով «ո՞վ ես, անծանոթ ես, շատ ջահել ես, ուսանող ես» արտահայտություններին: Այնուամենայնիվ, մեկ-երկու անգամ հաջողվել էր պատը ճեղքել, որից հետո ինքս երկրորդ կուրսում մի խումբ ուսանողների համախմբելով հիմնադրել էի թատերականի «Արվեստ» ամսագիրը, որ ազատ հարթակ ունենանք՝ այո, հենց երիտասարդ, հենց անփորձ, հենց անանուններս ազատորեն տպագրվելու, մեր կարծիքն արտահայտելու համար: Եվ հիմա միանգամից՝ ոչ ավել, ոչ պակաս՝ «Հայաստանի Հանրապետություն»: Անկեղծորեն զարմացած էի: Հետո հասկացա՝ Երվանդ Խաչատուրիչի պես խորագետ, խորատես, բազում տարիների փորձով հմուտ մանկավարժին հոդվածը բացել հարկավոր չէր: Նա անգամ չուզեց իմանալ՝ դրական է կարծիքս, թե՞ բացասական (ընդհանուր առմամբ դրական էր, գունեղ ու հաջողված ներկայացում էր): Նա պարզապես զրուցեց ու հավատաց:
Մամուլի շենք, բազում հարկեր, անդադար վերուվար անող վերելակ, զբաղված, մտախոհ դեմքերով, թղթապանակները ձեռքերին անվերջ իջնող-բարձրացող, շտապող մարդիկ, լրագրողներ: Շփոթված էի, մի քիչ վախեցած, բայց և ոգևորված այս նոր աշխարհի ռիթմով: Ու այդպես ի վերջո կանգնեցի «Հայաստանի Հանրապետություն» թերթի խմբագրության շեմին: Գագիկ Մինասյանն էր հեռախոսից այն կողմ պատասխանողը՝ թերթի մշակույթի բաժնի ղեկավարը, կարդաց, հավանեց: Հորդորեց գրել ու միշտ իրենց մոտ տանել: Ադպես մի շարք հոդվածներ տպագրեցի այնտեղ ու էլ անծանոթ անուն չէի, երբ մեկ այլ խմբագրություն թատերախոսական էի տանում: Այս հոդվածից հետո Երվանդ Խաչատուրիչն առաջարկեց Թատերական գործիչների միության դահլիճում որևէ ներկայացման քննարկումն անել և լինել երեկոյի բանախոսը: Ինչպիսի պատասխանատվություն, ավագ ու անվանի թատերագետներ էին ներկա լինելու, թատերախումբը, դերասանները, բեմադրիչը, ովքեր, ինչպես գիտենք, շատ զգայուն են և դեմ դիմաց իրենց խաղի մասին կարծիք լսելուն ոչ միշտ պատրաստ: Նա շատ կարևոր գործ էր անում իրականում այդ պահին՝ վերսկսելով ներկայացման ավարտից հետո այն հրապարակային քննարկելու նախկինում եղած բարի ավանդույթը: ԸՆտրեցի նույն թատրոնի «Պաղտասար աղբար» ներկայացումը (բեմադրիչ՝ Անուշ Սարգսյան): Այս առիթն ինձ մղեց ուսումնասիրել «Պաղտասար աղբարի» երբևիցե հայ բեմում եղած բոլոր բեմադրությունների ու Պաղտասարի դերի մեկնաբանությունների ողջ պատմությունը: Մեծ աշխատանք կատարեցի: Որպես քննադատ ու թատերագետ այդ օրն առաջին անգամ լիարժեք ներկայացա, շատերը առաջին անգամ լսեցին, ճանաչեցին ինձ:
Երվանդ Ղազանչյանն այն հազվագյուտ մարդկանցից էր, ում համար թատրոնը դարձել էր կյանք ու նա ոչ թե գնում էր աշխատանքի, այլ ապրում էր, պարզապես ապրում էր թատրոնում, թատրոնով, թատրոնի ապագայի համար: Մեր շփումները, հիմնականում մասնագիտական ոլորտում էին և ինձ ամեն անգամ ապշեցնում էին: Ինչպե՞ս էր նա հավասարը հավասարի վարվում մեզ պես երիտասարդ, անփորձ մասնագետների հետ, ինչպես էր հաշվի նստում մեր կարծիքների հետ, ինչպես էր մեծահոգաբար լսում մեր մաքսիմալիստական, ըմբոստ, քննադատական, մերժող, քարը քարին չթողնող տեսակետները, այն դեպքում, երբ ինքը մեզ հետ բնավ այդպես չէր վարվել մեր ճանապարհի սկզբին:
Տարիներ անց, «Թատրոն իքս» փառատոնի շրջանակում, Պարոնյան թատրոնում բեմադրված ներկայացումներից մեկի քննարկումն էր: Բեմադրիչը մեր երիտասարդ ռեժիսորներից էր, հրավիրվել ու աշխատել էր Խաչատուրիչի հորդորով; Հիշում եմ՝ հրապարակավ անողոք դատավճիռ կայացրի ներկայացման մասին: Չնայած Ղազանչյանի անձի հանդեպ մեծ հարգանքին՝ իբրև քննադատ անզիջում էի այդ տարիներին թատրոնի բռնած քաղաքականության և չստացված բեմադրության հանդեպ: Կռվի չվերածվեց մեր երկխոսությունը, ինչպես դա լինում էր հաճախ «Թատրոն իքս»ի ժամանակ հնչող քննադատական կարծիքներից հետո: Անգամ որևէ հեգնական տարր չմտավ զրույցի մեջ: Բարձր կուլտուրայի տեր անձնավորություն էր Երվանդ Խաչատուրիչը և իր բարձունքում մնաց: Քննարկումն ավարտվեց, բեմադրիչի մեծությամբ, մեծահոգությամբ հիացած մոտեցա նրան շնորհակալություն հայտնելու: Ջերմորեն ժպտաց, փարվեց, ասաց՝ կեցցես, այդպես անաչառ ու անզիջում միշտ եղիր: Կողքից շատերը ականատես եղան այս տեսարանին, բայց միայն ես լսեցի նրա ասածը, իսկ հետո չար լեզուները տարածեցին, թե դերասանություն էինք արել, ամբողջ քննարկումը բեմադրված էր, իրականում ես խաղացել էի այդ ամբողջ անաչառությունը, իսկ վերջում իրար ջերմ-ջերմ հաճոյախոսություններ ենք արել: Այսպիսի թափառող լեգենդներ շատ կային Երվանդ Խաչատուրիչի անվան շուրջ: Գիտե՞ր նա սրանց մասին, տեղյակ չեմ, բայց օժտված լինելով բնատուր դիվանագիտությամբ, հումորի մեծ զգացողությամբ՝ ամեն ինչին ժպիտով նայելու փայլուն ունակություն ուներ:
Որքա՛ն էր սատարում երիտասարդներին, որքա՛ն էր խանդավառվում մեր հաջողություններով: Մոռանալ չի լինի, եկել էր «Թռիչք քաղաքի վրայով» պիեսիս բեմադրության առաջնախաղին: Գորովանքով շնորհավորեց ու մի մատանի մեկնեց՝ մի գեղեցիկ, մեծ, բեմական մատանի, ասաց՝ Գալյայի բեմական զարդերից է: Մինչև հիմա չեմ հավատում իմ զարդատուփում այս մասունքի գոյությանը՝ այ քեզ պարգև: Հետո երկորրդին՝ «Մերսեդեսի» պրեմիերային եկավ, 2015-ի մայիսն էր: Հաջորդ օրը Պարոնյան թատրոնում էր առաջնախաղ, դահլիճում էի: Մինչև ներկայացման սկսվելը բեմ բարձրացավ հանդիսատեսին ողջունելու և բեմադրության մասին խոսելուց հետո անսպասելիորեն հնչեցրեց անունս՝ երիտասարդ հեղինակի պիեսի բեմադրությունը ոգևորել, ներշնչել է, «Հակոբի լավագույն բեմադրությունն է «Մերսեդեսը»՝ ասաց: Որքան երջանիկ էի: Չէ, մենք հաճախ չէինք հանդիպում և թատրոնից դուրս առիթ չի եղել շփվելու, նրա խորհուրդներն ու պատգամները լսելու, կյանքի ու թատրոնի դասեր առնելու, բայց առիթի դեպքում երբեք չի զլացել բարի խոսք ասել, ոգևորել, վստահ եմ՝ բազում երիտասարդների է նա այսպես թև տվել:
Մարդկությանը հատուկ է հասանելին չգնահատելու բարդույթը, հետո, քիչ ավելի հետո ենք մեկ առ մեկ վերարժևորելու, ափսոսելու, գիտակցելու, թե այդ ում կորցրինք, թե այդ ումից ենք լսել խրախուսող խոսքեր, և թե արդյոք մե՛նք ինչ են արել նրա համար: Բեմադրիչ, դերասան, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու «Սուրբ Սահակ-Սուրբ Մեսրոպ» շքանշանակիր, «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, պետական մրցանակի դափնեկիր, ՀԹԳՄ երկարամյա ղեկավար, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար: Ժան Պոլ Սարտրի «Անթաղ մեռելներ», Ալեքսանդր Շիրվանզադեի «Պատվի համար», «Մորգանի խնամին», Ֆյոդոր Դոստոեւսկու «Ապուշը», Բրեխթի «Կուրաժ մայրիկ»ի, Եղիշե Չարենցի «Երկիր Նայիրին», Արիստոֆանեսի «Լիսիստրաստեն», Մոլիերի «Քաղքենին ազնվական», Շեքսպիրի «12-րդ գիշեր»ի, Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան»ի, Կարինե Խոդիկյանի «Լիր արքայի ծաղրածուն» և այլ բազում գունեղ, երաժշտական, տպավորիչ բեմադրությունների հեղինակը, հմուտ մանկավարժն ու ընտիր թատերական տոհմի Նահապետը: Եվ ի վերջո՝ սիրված ու հարգված, ջերմ ու բարի, հումորով ու կատակաբան մարդ, մարդ-դարաշրջան, մարդ-լեգենդ:
Ի դեպ՝ նրա հումորի մասին. վստահ եմ՝ շատերը հետաքրքիր ու զվարճալի դեպքեր կպատմեն Վարպետի հետ շփումներից: Ես էլ իմ Երվանդ Խաչատուրիչին ունեմ, իմ պատմությունները նրա հետ ու դրանցից վերջինը կպատմեմ, շատ թարմ, ցավեցնելու աստիճան մոտ այդ օրը… Այս հուլիսին էր, որդու՝ բեմադրիչ Հակոբ Ղազանչյանի 60-ամյակն էր: Ես ու ամուսինս էլ հրավիրվածների շարքում էինք: Պարոնյան թատրոնի նախասրահն է: Հավաքվել են թատերական գործիչներ, հարազատները, ամենամտերիմները: Երվանդ Խաչատուրիչն էլ այնտեղ է, ինչպես միշտ՝ ժպտուն են աչքերը, կաթնագույն պիջակով է, էլեգանդ, կենսախինդ: Արտաքուստ բոլորն ուրախ են, շնորհավորում են հոբելյարին, շփվում միմյանց հետ, օգտվում համեղ հյուրասիրությունից, զրուցում, բայց ինչպես մի տխուր ստվեր անվերջ օդում թևածում է մեկ նախադասություն, որ ողջույնից հետո ներկաներից յուրաքանչյուրի շուրթերին է՝ ասում են՝ Երվանդ Խաչատուրիչը լավ չէ: Տեսքից չես ասի, ուզում եմ հավատալ, որ ավելի շատ ներկաների տագնապն է, նրան կորցնելու վախը, որ մի քիչ էլ ստիպում է չափազանցել: Հյուրերը լուսանկարվում են միմյանց հետ, շատերն են ձգտում Վարպետի հետ լուսանկարվել, սա էլ բնական է՝ քայլող պատմություն է, թատրոնի իրական նվիրյալ, մեծ պատիվ է նրա հետ լուսանկար ոնենալը… ավաղ՝ վերջինը եղավ, մասունք, որ պահպանելու ենք մեր կենսագրության ամենաթանկ էջերում:
Կանգնած եմ կուրսղեկիս, ուսուցչիս՝ Նարինե Սարգսյանի հետ, մեկ էլ մոտենում է Խաչատուրիչն ու աչքերում իրեն հատուկ մի խորամանկ ժպիտ թաքցրած՝ խանդավառ ողջույնիս ի պատասխան անսպասելիորեն ասում. «Մեծամտությունը դեռ ոչ ոքի չի գեղեցկացրել»: Պապանձվում եմ, փորձում եմ հասկանալ՝ կատա՞կ է, թե՞ լուրջ, լուրջ տեսք ունի: Ամաչում եմ, գունատվում՝ ե՞ս, մեծամի՞տ, ձեր հանդե՞պ: Գլխումս վայրկյանի արագությամբ հազար ու մի բան եմ անցկացնում, մտքերս խառնվում են: Ի՞նչ պատահեց, ի՞նչ եմ արել, ի՞նչու այսպես եղավ, որտե՞ղ էր բաց թողումս: Այո, միանգամից չեմ մոտեցել, նա միշտ շրջապատված էր, բայց դեռ նոր եմ եկել, մեկ, երկու րոպե ևս՝ և մոտենալու էի: Հետո մտածում եմ՝ դժվար թե սա է պատճառը, գուցե պարզապես նա ինձ ավելի շո՞ւտ է նկատել, գուցե հայացքով բարևել է՝ չեմ նկատել, հաստատ սա է, թույլ տեսողությունս է պատճառը, որ այս էլ հարյուրերոդ անգամ ինձ այսպես վատ վիճակի մեջ է գցում: Ու մինչև ես շփոթված դեմքի արտահայտությամբ չգիտեմ ինչ պատասխանել, Նարինե Սեյրանովնան փրկում է իրավիճակը՝ համոզված պնդելով. «Չէ, Անուշիկը մեծամիտ չէ, Երվանդ Խաչատուրիչ»: Շարունակում ենք զրուցել, ծիծաղում ենք, բաժանվում ենք բարեկամաբար, բայց սրտիս մի մեծ քար է ծանրացել: Ինչո՞ւ այսպես եղավ: Երեկոյի ընթացքում դեռ հասցնում եմ մոտենալ, ամեն անգամ ուզում եմ նայել, հասկանալ՝ ինչպես է զգում, ամեն անգամ թեթևացած հեռանում եմ. «Չէ, լավ է, տոկուն է՝ ինչպես միշտ, կատակում է»: Նաև լուսանկարվում ենք:
Հետո սրահի մեկ այլ հատվածում թիկունքով լսում եմ նորից նրա ձայնը՝ մեծամտությունը դեռ ոչ ոքի չի զարդարել՝ նույն լրջությամբ ասում է նա էլի ինչ-որ մեկին: Թվա՞ց, չէ, էս անգամ հաստատ ինձ չէր ուղղված: Թեքվում եմ, երիտասարդ բեմադրիչներից մեկի հետ է զրուցում, հետո էլի, մեկ անգամ էլ լսում եմ այս խոսքերը: Ու այլևս ծիծաղս զսպել չեմ կարողանում: Այդ երեկո նա ամենայն լրջությամբ հենց այս կատակն էր ձեռքն առել իրեն հանդիպող երիտասարդների հումորի չափը փորձության ենթարկելու համար: Մեկս պատրաստ էր այդ կատակին, մեկս ավելի զգայուն վերաբերվեց՝ պատկառանքի մեծ չափն էր մեղավոր, բայց այդ պահին քարն ընկավ ուսերիցս: Միայն նա կարող էր այդ ինքնազգացողությամբ, նման մի օր այդպես կատակել, այդպես մեր հոգու հետ խաղալ: Հիմա առանց ժպիտի հիշել չեմ կարողանում այս դրվագը և այսօր հակված եմ մտածելու, թե կատակն էլ պատահաբար ընտրված չէր գուցե, այն ասես պատգամ-զգուշացում էր՝ ուղղված երիտասարդներին՝ երբեք չմեծամտանալ հաջողությունից, չդավաճանել եսդ:
Նրա հետ շփումը դպրոց էր, պարզապես կարդալ էր պետք պատգամները: Գնաց՝ ահռելի վաստակ թողնելով թիկունքում, փառահեղ մի կեսագրություն, բարի անուն ու խորհելու շատ տեղ… Երբ լուսանկարվում էինք, ի վերջո համարձակվեցի հարցնել՝ ինչպե՞ս եք: Տխուր նայեց, ասաց՝ զգում եմ, մի մեծ ու կարևոր բան քանդվում է: Ուզում էի նրբանկատորեն հարցնել՝ արդյո՞ք իր վիճակի մասին է խոսում, հարցս կանխեց. «Չէ, նրա մասին չէ, որ հիվանդ եմ ու լավ չեմ զգում, այլ ավելի մեծ իմաստով եմ ասում…»: Բայց լուսանկարվելիս, այնուամենայնիվ, ժպտաց: Սարոյանական իմաստով էր ասում անշուշտ՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան սխալ է… Հավերժի ճանապարհին մոտ կանգնածներն ավելի հեռուն են տեսնում երևի, նրանք ավելին գիտեն գուցե, քան մնացողներս: Չեմ ուզում նրան իմ մտապատկերում պահել այդ պահի տխրությամբ համակված աչքերով և նորից ու նորից մեր լուսանկարին եմ նայում, որտեղ նա ժպտում է՝ ինչպես միշտ: Լուսանկար, որ վերջինը չպիտի լիներ: Լույս և խնկարկում հիշատակիդ, Վարպե՛տ: