Մարիամ ՕՀԱՆՅԱՆ/ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽԵՆԹԱՆԱԼ

Մարիամ ՕՀԱՆՅԱՆԻ «ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽԵՆԹԱՆԱԼ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 2-ում

ԵՍ ՉԵՄ ՈՒԶՈՒՄ ԽԵՆԹԱՆԱԼ
Գործող անձինք
ԳԱՅԱՆԵ – 25 տարեկան, նիհար, բարձրահասակ, ուղիղ մազերը ծոծրակին պինդ ագուցած
ԼԵՆԴՐՈՇ – միջահասակ, անհետաքրքիր արտաքինով, հին, ճմրթված կոստյումով
ՄԱՅՐ — անցյալում գեղեցիկ, հիմա էլ նախկին հմայքը պահպանած, շարժուն, կենսախինդ, արտիստիկ, սեթևեթող լավատես, չնայած անբարեհաջող անձնական կյանքին
ՏԱՏԻԿ – 70-ն անց կին

Խոհանոց: Նոր տուն եկած Գայանեն ուտելու բան է փնտրում: Բացում է սառնարանը, երկար նայում, փակում է: Հերթով բացում է պահարանների դռները, ոչինչ չի գտնում: Երկրորդ անգամ է սկսում փնտրտուքը, գտնում է մի տուփ մածուն, տապակած կարտոֆիլ: Ներս է մտնում մայրը:
ՄԱՅՐ — Միտքդ չե՞ս փոխել… Գուցե մեզ հետ գա՞ս հոգեհանգստին, մորաքույրը այն մարդն էր, որ…
ԳԱՅԱՆԵ — Ոչ, շնորհակալ եմ: Առանց այդ էլ ավելի շատ հոգեհանգստի եմ գնում, քան կինոթատրոն: Եվ, ընդհանրապես, արդեն մտածում եմ, որ մարդիկ միայն մահանում են, իսկ ծնվողներն էլ ծնվում են մեռնողներին թաղելու համար: Գուցե հենց սա՞ է կյանքի իմաստը, տատիկ:
ՄԱՅՐ — (վիրավորված): Քեզ հետ անհնար է խոսել, ոչ մի սրբություն չունես:
Միջանցքից լսվում է հարևանուհու ճիչը՝ ինչ-որ մեկի հետ հարաբերություններ է ճշտում:
ՄԱՅՐ — (ինչ-որ բան հիշելով): Վերջերս շատ ես տանը մենակ մնում…
ԳԱՅԱՆԵ — Ու ետ եմ մնում ձեր կոլեկտիվի՞ց:
ՄԱՅՐ — (նստում է): Գիտե՞ս, մի քանի օր առաջ ինձ այնպիսի մի բան ասացին…
ԳԱՅԱՆԵ — Ի՞նչ ասացին… ես սիրում եմ բամբասանք լսել:
ՄԱՅՐ — Դե որ… որ դու… դու… այսպես ասած… գաղտնի կյանքով ես ապրում…
ԳԱՅԱՆԵ — (կերածը խեղդ է գնում): Ի՞՜նչ…
ՄԱՅՐ — Ես գիտեմ, դու շատ բարոյական աղջիկ ես… և չեմ ուզում, որ մեր մեջ գաղտնիքներ լինեն… այդ հարևանուհուս այնպե՛ս տեղը դրեցի, որ էլ չի համարձակվի լեզվին ազատություն տալ… Քեզնից միայն պահանջում եմ հաստատել, որ իրավացի եմ:
ԳԱՅԱՆԵ — Այո:
ՄԱՅՐ — Ի՞նչ՝ այո:
ԳԱՅԱՆԵ — Այո:
ՄԱՅՐ – Ո՛չ, Աստվա՜ծ իմ… ջուր…
ԳԱՅԱՆԵ – (հանգիստ դիմում է տատին, որը պահարանում իբր բան է փնտրում՝ վերածված համակ լսողության): Ջուր տուր նրան:
ՄԱՅՐ — (լացակումած): Աստված իմ, աղջի՛կս… ո՞վ կմտածեր… Մարդավարի ամուսնանալու փոխարեն…
ԳԱՅԱՆԵ — Սկսվե՜ց…
ՄԱՅՐ – Ախր, շրջապատում այնքան լավ մարդիկ կան…
ԳԱՅԱՆԵ – Տեսականորեն՝ այո:
ՄԱՅՐ — Իսկ նա ո՞վ է:
ԳԱՅԱՆԵ — Ոչ ոք, ավելի ճիշտ՝ ինժեներ:
ՄԱՅՐ — Սիրո՞ւմ ես նրան:
ԳԱՅԱՆԵ — Ո՞ւմ:
ՄԱՅՐ — Նրան:
ԳԱՅԱՆԵ — Ո՞ր մեկին:
ՄԱՅՐ — Դե… էն մեկին, որի հետ դու… ո՞նց ասեմ…
ԳԱՅԱՆԵ — …շինվո՞ւմ եմ:
ՄԱՅՐ — (գլուխը բռնելով): Մի՛ ասա այդ բառը:
ԳԱՅԱՆԵ – Ուրեմն՝ ավելորդ հարցեր մի տա:
ՄԱՅՐ — (նվնվում է): Ի՜նչ դժվարությամբ եմ քեզ մեծացրել… այնպես էի երազում, որ գոնե դու երջանիկ կլինես, իսկ դու…
ԳԱՅԱՆԵ — Էլի լացդ բռնեց, ախր, ինչքա՞ն կարելի է… Եվ, վերջապես, երջանկությունը չեն վաստակում, այն դաստիարակում են:
ՄԱՅՐ — Նորից սկսեցիր փիլիսոփայել… Ախր, ի՞նչ եմ պակաս թողել, քեզ համար ոչինչ չեմ խնայել…
ԳԱՅԱՆԵ — Հասկանո՞ւմ ես, երջանկությունը շատ փողի մեջ չէ, ոչ էլ գեղեցիկ ամուսնու կամ նման բաների… Երջանկությունը զգացողություն է: Ես երջանիկ եմ, որովհետև կա արև, երկինք, աստղեր… Ես երջանիկ եմ, որովհետև ապրո՛ւմ եմ: Այ, հենց այդ զգացողությունն է, որ դու ինձ չես տվել: Թեև երջանկությունը միայն այդ զգացողությունը չէ, իհարկե…
ՄԱՅՐ — Է՞լ ինչն է:
ԳԱՅԱՆԵ — ՍԵ՛ՐԸ:
ՄԱՅՐ — Օհ, ինչպիսի՛ ինքնատիպություն… Եվ, իհարկե, ես եմ մեղավոր, որ չգտնվեց գոնե մի ապուշ, ով կսիրահետեր քեզ… Ե՞ս եմ մեղավոր, որ դեռ պառաված օրիորդ ես:
ԳԱՅԱՆԵ — Դե…
ՄԱՅՐ — Նույնիսկ պառաված օրիորդ չես… Ամեն ինչի մեղավորը ես եմ. որ քեզ ծնել եմ, որ լավ չեմ դաստիարակել, ա՛յս չեմ տվել, ա՛յն չեմ տվել…
ԳԱՅԱՆԵ — Ընդհանուր առմամբ՝ այո:
ՄԱՅՐ — (հիստերիկ): Չհամարձակվե՛ս… Չհամարձակվե՛ս ինձ հետ այդպես խոսել, վերջապես, ես քո մայրն եմ:
Մայրը բռնում է սիրտը, տատիկը սրտի կաթիլներ է հրամցնում ու փորձում է խելքի բերել թոռնիկին:
ԳԱՅԱՆԵ — (նստում է, ականջները փակում, ու երբ շուրջը հնչող տնքոց-փնթփնթոցը հասնում է գագաթնակետին, գոռում է): Նա շուտով այստեղ կլինի՛:
ՄԱՅՐ — (միանգամից սթափվելով): Իսկ ես այս տեսքով… (Նետվում է սենյակ):
Տատիկը լուռ սկսում է շուրջը կարգի բերել, փոշին սրբել, իրերն անիմաստ տեղից-տեղ դնել:
Դռան զանգ: Ներս է ընկնում կարճլիկ, գնդլիկ մեկը՝ կեպիով, գորշ գույնի փայտե ձիուկին նստած: Գալիս է հարդարված մայրը: Մի պտույտ գործելով խոհանոցում՝ հյուրը կանգ է առնում: Ներկաներն ապշահար են:
ԼԵՆԴՐՈՇ — (ամաչկոտ ժպտում է): Բարև ձեզ:
ՄԱՅՐ — (լարված ժպտում է): Դուք մի՞շտ եք այդ ձին քշում:
ԳԱՅԱՆԵ — Մամա, ես եմ խնդրել, որ նա որպես արքայազն հայտնվի՝ սպիտակ ձիու վրա նստած:
ԼԵՆԴՐՈՇ — (արդարանալով): Սպիտակը գտնել չկարողացա:
ԳԱՅԱՆԵ — Ոչինչ, այդպես էլ վատ չես նայվում:
ԼԵՆԴՐՈՇ — Իսկ ո՞նց է թագս: (Հանում է գլխարկը, գլխին փոքրիկ, թագանման մի բան է:)
ԳԱՅԱՆԵ – Իսկակա՛ն արքայազնի թագ է: (Լենդրոշը ձգվում է՝ համբուրելու համար:) Համբերիր, հետո: Դե, դուք խոսեք, իսկ ես ուտեմ:
Գայանեն շարունակում է ընթրիքը: Մնացածներն ուշադիր զննում են իրար, տհաճ դադարը երկարում է: Լսվում է թավային քսվող պատառաքաղի ձայնը, բոլորը հետևում են Գայանեի շարժումներին:
ՏԱՏԻԿ — (Լենդրոշին): Հիմա ձեզ ցույց կտամ այն անձեռոցիկները, որոնք իմ մայրն է ասեղնագործել: (Երկուսով դուրս են գնում:)
ՄԱՅՐ — (ցնցված է, համարյա շշուկով): Բայց ինչո՞ւ նա…
ԳԱՅԱՆԵ — Դե, որևէ մեկից պիտի սկսեմ, չէ՞:
ՄԱՅՐ — Բայց ինչո՞ւ հիմա…
ԳԱՅԱՆԵ — Երբևէ պիտի սկսեի, չէ՞:
ՄԱՅՐ — Բայց ինչո՞ւ…
ԳԱՅԱՆԵ — Ես չեմ ուզում խենթանալ:
ՄԱՅՐ — Մարդիկ ի՞նչ կասեն:
ԳԱՅԱՆԵ — Վատ բաներ:
ՄԱՅՐ — Գուցե ամուսնանա՞ս նրա հետ:
ԳԱՅԱՆԵ — Ոչ:
ՄԱՅՐ — Ինչո՞ւ:
ԳԱՅԱՆԵ — Նրա ձին փայտից է:
ՄԱՅՐ — Թեկուզ… բայց երեխանե՞ր… Ախր, երեխան լավ բան է:
ԳԱՅԱՆԵ — Ո՞ւմ համար է լավ:
ՄԱՅՐ — (շփոթված): Մեզ համար:
ԳԱՑԱՆԵ — Դե իհարկե, չէ՞ որ նրանք արդարացնում են մեր գոյությունը:
ՄԱՅՐ — (կոտրված): Պարզապես դա միակն է, որ մնում է կյանքից… (Գոռալով՝ տատիկին:) Մայրիկ, պատրա՞ստ ես: (Դուրս է գնում:)
Վերադառնում է Լենդրոշը:
ԳԱՅԱՆԵ – Վերջապե՜ս:
Համբուրվում են:
ԼԵՆԴՐՈՇ — Ո՜նց եմ քեզ կարոտել:
ԳԱՅԱՆԵ — Ես էլ:
Լենդրոշը նրան գրկում է, բարձրացնում վեր, կարմրատակած, շնչահատ տանում է սենյակ: Լսվում է Գայանեի ծիծաղը:
Վերադառնում է մայրը, հավաքում է սեղանը, հանկարծ քարանում է տեղում:
ՄԱՅՐ — Ինչ տարօրինակ է… ամեն ինչ կեղծ է, գլխիվայր… (Թակում է Գայանեի սենյակի դուռը:)
ԳԱՅԱՆԵ — (գալիս է խոհանոց): Ի՞նչ է պատահել:
ՄԱՅՐ — Ախր, նույնիսկ անունը չգիտեմ:
ԳԱՅԱՆԵ — (զարմացած): Լենդրոշ:
ՄԱՅՐ — Հա-ա՜… (Տատիկին.) Մայրի՜կ…
Գայանեն գնում է սենյակ: Հայտնվում է տատիկը:
ՄԱՅՐ — Դեռ հողաթափերո՞վ ես:
ՏԱՏԻԿ — Կոշիկներս չեմ գտնում:
ՄԱՅՐ — Այստեղ են… Նստիր: (Հագցնում է մոր կոշիկները, վերջինս հատակից վերցնում է փայտե ձին:)
ՏԱՏԻԿ — Ի՜նչ հրաշք է, ես էլ ունեի այսպիսի ձի:
ՄԱՅՐ — Նա է՞լ գորշ էր:
Կտրուկ բարձրանում է, մոտենում է սենյակի դռանը, ուզում է թակել, միտքը փոխում է, ականջ է դնում, հետո, ինչ-որ բան լսելով՝ ցնցվում է ու տատիկի ձեռքից բռնելով՝ շտապ դուրս է գնում, անջատելով լույսը:
Սենյակից դուրս է գալիս Գայանեն, վառում է լույսը: Մազերն արձակված են, հագնված է անփույթ, քթի տակ մեղեդի մրմռալով՝ երաժշտություն է միացնում:
ԼԵՆԴՐՈՇԻ ձայնը — Թանկագինս, սուրճ դիր:
ԳԱՅԱՆԵ – Լավ:
Հայտնվում է Լենդրոշը՝ ուղղելով շալվարակալը, սանրվում է, խնամքով փակելով ճաղատը:
ԳԱՅԱՆԵ — (անկյունում նստած՝ հետևում է նրան): Եթե փոքր ժամանակ նրան մի քիչ ավելի սիրեին, ավելի շատ զբաղվեին նրա դաստիարակությամբ, թատրոն տանեին, իսկ քնելուց առաջ հեքիաթ պատմեին, գուցե նա ուրի՞շ լիներ… Իսկ եթե ուրիշ լիներ, կսիրե՞ր ինձ:
Լենդրոշը նկատում է Մոնա Լիզայի վերատպությունը:
ԼԵՆԴՐՈՇ — Իսկ սա՞ ով է:
ԳԱՅԱՆԵ — Մեր ընտանեկան քաղքենիության խորհրդանիշը:
ԼԵՆԴՐՈՇ – Ուրեմն՝ ազգական է: Իսկ ես միանգամից զգացի, որ դու ազնվական տեսակից ես:
ԳԱՅԱՆԵ — Հատկապես երբ տեսար, թե ինչպես եմ թավայից ուտո՞ւմ:
ԼԵՆԴՐՈՇ — Չէ, երբ խնդրեցիր, որ այստեղ սլանամ սպիտակ ձիու վրա նստած: Նման բան դեռ ինձնից խնդրած չկային: Արի ինձ մոտ:
ԳԱՅԱՆԵ — (ժպտալով մոտենում է): Չէ, քո մեջ արքայազնից ինչ-որ բան հաստատ կա:
ԼԵՆԴՐՈՇ — (չլմփոցով համբուրում է): Ի՜նչ քաղցրն ես:
ԳԱՅԱՆԵ — Իսկ փոքր ժամանակ ինչպիսի՞ն էիր:
ԼԵՆԴՐՈՇ — Լավ երեխա էի: Չե՞ս հավատում:
ԳԱՅԱՆԵ — Հավատում եմ, իմ աննման կոլոլակ: (Ծիծաղելով, խառնում է Լենդրոշի մազերը, նա արագ-արագ կարգի է բերում սանրվածքը:)
ԼԵՆԴՐՈՇ – Ինձ մի գրգռի:
ԳԱՅԱՆԵ — Դու ինձ սիրո՞ւմ ես:
ԼԵՆԴՐՈՇ — Այո: Իսկ դո՞ւ:
ԳԱՅԱՆԵ — (հանկարծ հիշելով): Վա՜յ, սուրճը… (Վազում է, լսվում է նրա ախուվախը:)
Լենդրոշը նստում է, գլուխն առնում ձեոքերի մեջ ու անմասն նայում է մի կետի: Երաժշտություն: Գայանեն բերում է սուրճը, նստում քիչ հեռու, կամաց ասում. «Հե՜յ, մարդ Աստծո»: Լենդրոշը չի լսում: Գայանեն նստում է նույն դիրքով, ինչ տղամարդը, բայց նայում է հակառակ ուղղությամբ:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։