ԱՌԱՔՅԱԼԸ ՉԾՆՎԱԾՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԻՑ / Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

 

(Բեմարկում՝ նվիրված Մհեր Մկրտչյանի 90-ամյակին)

 

Գործող անձինք

ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

ՖՐՈՒՆԶԻԿ –Մհերի պատանեկությունը

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՄԱՆՈՒԿ — 5-6 տարեկան

Բուժաշխատողներ

Պաղտասար աղբարի, Իշխանի, Մուշեղի, Նիկոլի, Հացթուխի կերպարները մարմնավորում է Մհեր Մկրտչյանի դերակատարը, ուստի, նրանց երկխոսության ժամանակ, մահճում պառկած Մհերի ձայնը ձայնագրությամբ պետք է հնչի:

Ֆիլմերից ներկայացվող հատվածները՝ բեմադրիչի հայեցողությամբ:

 

Ներկայացումը հոգեվարքի վերջին պահն ապրող հերոսի երևակայության արդյունքն է: Երևակայական է նաև տեղավայրը, ձախում՝ դերասանի դիմահարդարման սենյակն է, աջակողմում՝ վերակենդանացման հիվանդասենյակը: Դրանք միմյանցից անջրպետված չեն և հառնում են որպես մեկ ընդհանուր տարածք:

Ետնավարագույրը ծառայելու է որպես էկրան:

 

Աղոտ լուսավորվում է հիվանդասենյակը:

Սրտի մարող զարկեր, ծանր հևոց:

Մահիճը շրջապատած ճերմակազգեստ էակների շարժուձևը երկնքի հետհաղորդակցվելու, հոգու համբառնալը նախապատրաստելու ծիսական, խորհրդավոր տպավորություն է  թողնում: Սա տևական, մոգական տեսարան է:

Մերթ  լուսավորվում, մերթ անէանում է այս ամենին բեմի տարբեր անկյուններից ակնդետ հետևող Ֆրունզիկը: Նա, կարծես, տարբեր տեղերից մղվում է մուտք գտնել մոտենալու մահճին, բայց՝ ապարդյուն:

Մի պահ հասկացվում է, որ ճերմակազգեստները հիվանդի կյանքի համար մաքառող բժիշկներն են, սակայն, իրողությունն ու երևակայականը դարձյալ միախառնվում են:

Սրտի զարկերը երբեմնակի են դառնում և թվում է, թե ամեն մի զարկն արդեն վերջինն է: Ճերմակազգեստներից մեկը անջատում է էլեկտրասրտագրության էկրանը,սրտի զարկերը մարում են: Մի կողմ են տանում կաթիլային ներարկման շտատիվը: Ճերմակազգեստները ձուլվում են խավարին:

Լուսավորված են միայն մահիճն ու դիմահարդարման սեղանիկի մոտ կանգնած Ֆրունզիկը:

Գինովցած, փոքր-ինչ օրորվելով, երգելով մտնում է Մհերը:

 

ՄՀԵՐ – Ով կարող է թող մոտենա՜,

Էս յանղունին, էս բոցին՜,

Կտրիճ կուզեմ, որ դիմանա՜,

Էսքան դարդին, խորխոցի…(Պահարանից օղու շիշ, բաժակ է հանում, փլվում է աթոռին, լցնում է բաժակը): Ով կարող է… Թող մոտենա՜…  (Խմում է, կրկին օղի է լցնում: Ֆրունզիկին չնայելով): Էլի՞ էկար…

ՖՐՈՒՆԶԻԿ – Հա: Չգայի՞:

ՄՀԵՐ – Ընչի՞ էկար:

ՖՐՈՒՆԶԻԿ  — (դիմահայաց նստելով): Դո՛ւ կանչեցիր: (Պիջակի ծոցագրպանից թերթ է հանում, փռում սեղանին,  կողագրպաններից սոխ,   հաց, պանիր հանելով դնում է թերթի վրա, բռունցքով ջարդում է սոխը,անշտապ սկսում է ուտել):

ՄՀԵՐ — (նրան չնայելով): Անունդ ի՞նչէ:

ՖՐՈՒՆԶԻԿ – Դու չիդե՞ս:

ՄՀԵՐ – Չէ: Անունդ… Անունդ ի՞նչէ:

ՖՐՈՒՆԶԻԿ – Անցած օրը հարցրիր: Չե՞ս հիշե:

ՄՀԵՐ – Կհիշեմ… Հարցնելս կհիշեմ:

ՖՐՈՒՆԶԻԿ – Անունս Ֆրունզիկ է:

ՄՀԵՐ  — (ձեռքը կզակին հենելով լուռ հետևում է հաց ուտող տղային): Երանի քեզ… (Խմում է): Երանի քեզ…

ՖՐՈՒՆԶԻԿ – Քիչ խմե: (Մհերը դարձյալ օղի է լցնում): Չլսի՞ր, քիչ խմե:

ՄՀԵՐ — (միանգամից բորբոքվում է): Դու… դու ո՞վ ես, օր ընձի դիտողություն կենես, լակո՛տ…

ՖՐՈՒՆԶԻԿ — (հիասթափված): Դու ընձի խաբեցիր…

ՄՀԵՐ — Ե՞ս… ես քեզի խաբեցի՞…

ՖՐՈՒՆԶԻԿ – Հա: Ես քեզի հեչ ըդպես չէի պատկերացնե… Խաբեցիր:

ՄՀԵՐ — (ծաղրանքով): Իյա՜… Իսկ ինչպե՞ս ինձ կպատկերացնեիր, սինյոր Ֆռունզ… միստռ Ֆռունզի՜կ… բաբչկայո՞վ, ֆրակո՞վ, ֆինտուֆլյուշկեքո՞վ…

ՖՐՈՒՆԶԻԿ — (տխրամած): Ես քեզի ուժեղ կպատկերացնեի:

ՄՀԵՐ — (հոգոցով): Ուժե՜ղ… (Ինքն իր հետ): Ո՞ւմ դեմ: Ճակատագրի՞ դեմ… Կյանքի՞ դեմ, թե՞ մահվան…  (Մի պահ լռում է): Կյանքի՞ դեմ, թե՞ մահվան… (Թույլ լսվում են սրտի զարկերը): Տո դուք… դուք կհասկնա՞ք, օր վերջացա՜վ… Վե՛ր-ջա՜-ցա՜վ… Էն դերը, Մհեր Մկրտչյանի դերը, որ ես կխաղայի ծնվածս օրից` վերջացա՜վ…Այ, հիմի ծափ տվեք… Դե ծափահարեք, ընչի՞ չեք ծափ տա… Աստված էդ պիեսը գրեց, բեմադրեց, ես էլ` խաղացի… Վա՞տ խաղացի… (Խմում է: Դարձյալ հնչում են սրտի զարկերը): Ինչո՞ւ չեք ծափահարե… (Ֆրունզիկն ուտելիքը հավաքում է թղթի մեջ, պատրաստվում է հեռանալ): Էդ ի՞նչ կենես… (Անհանգստացած): Էդ… ի՞նչ կենես… Մի գնա… Մի գնա, շատ կխնդրեմ… Քիչըմ նստի… (Ֆրունզիկը փաթեթը հրելով մի կողմ՝ նստում է: Ներողամիտ հեգնանքով): Ապրի՛ս, մեծին հարգել է պետք:

ՖՐՈՒՆԶԻԿ – Մեծն ո՞վ է:

ՄՀԵՐ – Ե՛ս:

ՖՐՈՒՆԶԻԿ  — Դու ո՞վ ես:

ՄՀԵՐ — (ինքնահեգնանքով): Սովետական Միության ժողովրդական արտի՜ստ, պետական մրցանակի դափնեկի՜ր, սիրվա՜ծ, ճանաչվա՜ծ…

ՖՐՈՒՆԶԻԿ – Շարունակե, շարունակե:

ՄՀԵՐ — (գլխահակ): Մերս ո՞նց է:

ՖՐՈՒՆԶԻԿ — Գիտես, էլի…

ՄՀԵՐ – Մերս… Բայց հորս չնեղեցնեք: Նրան հասկանալ է պետք… Մի՛ հասկացեք, ձեր իրավունքն է, բայց չնեղեցնեք… հասկացա՞ր…

ՖՐՈՒՆԶԻԿ – Ընձնից ես սովորե, ընձի խրատ կուտաս:

ՄՀԵՐ — Դու… դու ներող էղի… (Նրա համար դժվար է այդ ասելը): Դու դեռ շա՜տ բան չգիտես… Դու դեռ կերազես, որ դերասան դառնաս, մե՜նձ դերասան: Դու մեծ դերասան դառնալ կուզես ու չգիտես, որ ինչքան հանրաճանաչ էղար, էնքան դու` դու չես… Ինչքան մենձ էղար, էնքան էլ կհեռանաս քեզանից: Ժողովուրդը խաղացածդ դերերով քեզի կճանաչե, բայց քեզի` չի ճանաչե, չի ուզ եճանաչե… (Կարճ դադար): Բայց դու էլ մարդ ես, չէ՞… (Աստիճանաբար բորբոքվում է): Միս ու արուն ես, չէ՞… Սիրտ ունիս, դու էլ քու հոգսն ունիս, քու դարդն ունիս… Քու կյանքն ունիս… Կյա՜նքը… (Էկրանին` «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հատվածը՝ Ռուբենը վազում է): Բայց ոչ մեկին քո կյանքդ չի հետաքրքրե: (Ձեռքը մեկնում է էկրանին): Այ, կտեսնի՞ս… Նայե՛, նայե՛… Ամբողջ կյանքս վազելով է անցե… Էդիկ քու կյանքն է… Ու չի էղնելու, չի էղնելու մե րոպեմ, որ շունչ առնիս, հասկնաս, գիտակցես, թե Աստված ընչի՞ քեզ մի ձեռքով շունչ ու կյանք տվեց, շնոր՜հք տվեց, ու էդ տվածի տեղակ տարավ սովորական, շա՜տ սովորական մարդու բախտը… Քու բախտը… Դու Աստծու տված հազար կյանքով պըդի ապրես, ու էն վերջինը` 1001-րդը, որ քուկդ է, չես ապրելու, կյանքդ չպիտի հերիքե, որ էդ մեկը քոնն էղնի… (Նկատում է, որ Ֆրունզիկը չկա): Գնա՜ց, չդիմացավ… Ե՛տ արի: Քեզի կըսեմ՝ ե՛տ արի… (Շուրջբոլորն է նայում, փնտրում է): Ո՞ւր ես, ետ արի… Ֆրունզ… Ֆրունզիկ ջան, ո՞ւր ես…

 

Էկրանին՝ վազող Ռուբենը: Մթնեցում:

Սրտի զարկերն ու հևոցն ուժգնանում են ու մարում` Պաղտասարի մուտքով:

 

ՊԱՂՏԱՍԱՐ — Ո՞ւր է՜… Ո՞ւր է՜… (Կիսամթնում կողմնորոշվում, մոտենում է մահճին): Ի՞նչ եղեր է… ի՞նչ եղեր է, մարդ, քեզի ի՞նչ պատահեց…

ՄՀԵՐ — (ձայնը` մահճից):  Պաղտասա՜ր… Դո՞ւ էլ եկար:

ՊԱՂՏԱՍԱՐ – Կրնայի՞չգալ… Ի՞նչ է, ինչո՞ւ պառկեր ես:

ՄՀԵՐ — (ձայնը): Երևի ես այս կյանքն ապրել եմ ավելի, քան պիտի ապրեի, Պաղտասար…

ՊԱՂՏԱՍԱՐ — Հարկա՞վ… Քանզի քուկին կյանքը օր ու տարիով չի չափվեր, տղաս, դուն ամեն մեկ կերպարի մեջ քանիսի՜ն կյանք տվիր…

ՄՀԵՐ — (ձայնը): Ասածս այդ չէ Պաղտասար… Ես իմ մասին եմ խոսում…

ՊԱՂՏԱՍԱՐ — Է՞, ըսե նայիմ… Ի՞նչ կխոսիս…

ՄՀԵՐ — (ձայնը): Գնում եմ, Պաղտասար… Երկինքն ինձ կանչեց…

ՊԱՂՏԱՍԱՐ  — Մեղա՜, մեղա՜… Ո՞ւր կերթաս, մարդ, որո՞ւն կձգես զիս:

ՄՀԵՐ — (ձայնը): Քեզ, Պաղտասար, ժողովրդին թողեցի… Մնա ու հավերժ ապրիր…

ՊԱՂՏԱՍԱՐ – Թող տուր, Աստվածդ կսիրես… (Ինքն իրեն հուսադրելով): Տկար ես… Կապաքինվես.. Ոտքի կելլաս…

Դադար: Սրտի զարկերը:

ՄՀԵՐ — (ձայնը): Ես քեզնից շնորհակալ եմ,Պաղտասար…

ՊԱՂՏԱՍԱՐ — (իրողության հետ հաշտված՝ փլվում է աթոռին): Մի… Մի ըսեր… Դուն ինձի շնորհակալ ըլլալու պետք չունիս… Ե՛ս… ե՜ս պիտի շնորհակալ ըլլամ… Դուն ինձի մեկ նոր, մե՜ծ կյանք պարգևեցիր… Դուն չըլլայիր նե, ինձի խեղկատակ պիտի կարծեին, պիտի խնդային, ծանակեին զիս… Չգիտակցելով, որ Պաղտասարը խնդալիք չէ, որ անոր վիշտը իրենց բարքերու ողբերգությունն է… Դուն ճշմարտապես ճանաչել տվիր զիս…

ՄՀԵՐ — (ձայնը): Պաղտասար, ես էնպե՜ս կուզեի մեկ անգամ ևս… Գոնե մեկ անգամ էլ…

ՊԱՂՏԱՍԱՐ – Ես ալ… Ահավասիկ, կհիշե՞ս…

 

Էկրանին՝ «Պաղտասար աղբարից» հատված: Որոշ ժամանակ անց պատկերը մշուշվում է, ֆիլմի ձայնը տեղի է տալիս սրտի թույլ զարկերին, էկրանը մարում է:

 

Դիմահարդարման սենյակում լուսավորվում է Օթելլոյի թիկնոցը հագած Ֆրունզիկը: Նա՝ ինքն իր համար, փորձում է դերը:

ՖՐՈՒՆԶԻԿ – Եթե երկինքը ուզեր փորձեր ինձ պատուհասներով,

Ամեն տեսակ ցավ և անարդարություն տեղար մերկ գլխիս,

Խորասուզեր ինձ մինչև շրթունքս աղքատության մեջ,

Գերություն տար ինձ և վերջին հույսս պատրանք դարձներ,

Դարձյալ իմ հոգու մի խորշիկի մեջ

Ես համբերության մի փոքրիկ կաթիլ գտած կլինեի:

Բայց վա՜յ, ինձ դարձնել մի անշարժ արձան…

ՄՀԵՐ — (դուրս գալով ստվերից՝ ծափահարում է): Ապրե՜ս, հիանալի էր, լա՜վ էր…

ՖՐՈՒՆԶԻԿ — Իսկապե՞ս լավ էր:

ՄՀԵՐ — (նստում է): Ձգտումդ լավ է: Դերասան դառնալու ձգտումդ: (Կարճ դադար): Բայց քեզ չի վիճակվի Օթելլո խաղալ:

ՖՐՈՒՆԶԻԿ — Ինչի՞, ումի՞ց եմ պակաս:

ՄՀԵՐ – Քեզ չեն թողնի:

ՖՐՈՒՆԶԻԿ — (հարձակողական): Ո՞վ… Ո՞վ չի թողնի:

ՄՀԵՐ — Ժողովուրդը: Նրա համար Օթելլոն Փափազն է… Ասենք, ուշ թե շուտ դու էլ կհասկանաս:

ՖՐՈՒՆԶԻԿ – Իսկ եթե չհասկանա՞մ, չուզենամ հասկանալ… Փորձեմ ու հաղթեմ, ապացուցե՞մ…

ՄՀԵՐ — Չէ, Օթելլոն քո համար երազանք կմնա: Բայց դու, քո դրամատիզմով, շնորհքդ այլ կերպ ցույց կտաս, այլ կերպարներով:

ՖՐՈՒՆԶԻԿ — (հիասթափված): Էլ ի՞նչ մնաց:

ՄՀԵՐ – Մի նեղացիր, մի հուսահատվիր… Օթելլոն դասական կերպար է, ծանոթ, ճանաչված, հանրահա՜յտ… Ո՞նց ասեմ՝ արդեն պատրաստի դասական հերոս է, մարդիկ նրան անգիր գիտեն ու գնում են արդեն դերասանի խաղը տեսնելու համար… Իսկ քո գործն ավելի դժվար է լինելու… Քո գործը դեռ անծանոթ հերոսներին դասական դարձնելն է լինելու… Դու աշխարհին կապացուցես, որ քո ազգի շարքային Ղազարը, դարբինը, հնձվորն ու հովիվը, փոստատարը էն գլխից դասական են…

ՖՐՈՒՆԶԻԿ — Է՜… Հեքիաթ ես պատմում:

ՄՀԵՐ — Չե՞ս հավատում: Տե՛ս…

 

Էկրանին «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմից՝ Իշխանի խաղից հատված: Որոշ ժամանակ անց էկրանը մշուշվում է, մտնում է Իշխանը:

ԻՇԽԱՆ — (չորս կողմը նայելով նկատում է մահճում պառկած Մհերին): Էս կանչել ե՞ս:

ՄՀԵՐ — (ձայնը): Հա, կանչել եմ:

ԻՇԽԱՆ – Ի՞նչ կա, ինչի՞ ես կանչել:

ՄՀԵՐ — (ձայնը): Ես իրավունք չունե՞մ… Իրավունք չունե՞մ քեզ կանչելու:

ԻՇԽԱՆ – Իրավունք ունես… Բայց դե… Հազար գործ կա… Խոտը հնձել ենք, արևի տակ վառվում է… Կաթը կթել ենք, քանի օր է՝ ավտոն չի գալի, որ տեղափոխի… Վախեցանք՝ թթվի, պանիր մերեցինք: (Հոգոցով): Գիտես, էլի, ի՞ն չասեմ… Հա, խոսքով ընկանք… Ինչ է պատահել, ընչի՞ ես պառկած…. Ամոթ է, տղամարդը էդքան չի դողա իր վրա… Վեր, վեր… Էս շորե՞րդ ուր է … (Չորս կողմը նայելով նկատում է կախիչը, հագուստների մեջ փնտրում է Մհերի զգեստը): Էս… Էս Ղազարի շորն է… Էս են հնդիկ վաճառականի շորն է… (Փռթկացնում է): Հիշում ե՞ս, այտա, էդ հնդկական կինոյում էն ոնց խաղացիր… Էս էլ չի… Էս Եզովպոսն է, էս մեկը Պաղտասարինն է… Էս Ուստա Մկոն է, Ռուբենն է, Դմբուզ Արսենի գիմնաստյորկան է… Էս քո շորերն ո՞ւր են…

ՄՀԵՐ — (ձայնը): Իշխան…

ԻՇԽԱՆ — Հաջան:

ՄՀԵՐ — (ձայնը): Ես էլ վեր չեմ կենալու:

ԻՇԽԱՆ — Խի՞, էտ ո՞ւմ ես ինատ անում… Վեր, վեր, օրը ճաշ ա դառել, կողքի ես ընկել, որ ի՞նչ…

ՄՀԵՐ — (ձայնը): Չէ՜,  Իշխան…

ԻՇԽԱՆ — Այտա, հո դու շաշ չե՞ս:

ՄՀԵՐ — (ձայնը): Իշխան… Ես էլ վեր չեմ կենալու, բայց դու, տես, հա՜, անունդ գետնովը չտաս…

ԻՇԽԱՆ – Էտ ի՞նչ ես խոսում, չեմ հասկանում… (Նստում է աթոռին): Ախր… Ախր,  հեչ էսքան տղամարդկություն չկա մեջդ… դրա ժամանակն է՞… Նոր-նոր՝ խելքներս գլուխներս ա գալի… Աշխարհը փոխվում է… Օրը՝ մի բան են ասում, մեկը չկա, որ գա ու էնպիսի մի բան ասի, որ սաղ աշխարհը հավատա: Դու էլ էստեղ… (Կարճ դադար): Չմտածես, թե Իշխանը անշնորհակալ մարդ է, չի հասկանում… Լավ էլ հասկանում եմ, գիտեմ… Աշխարհը քո շնորհիվ ինձ ճանաչեց: Բայց… Բայց էսպես չի կարելի, չէ՞… Ես մերոնց ի՞նչ երեսով երևամ: Մենակ հո ես չե՞մ: Կամ էն, անունն ինչ էր… Պաղտասարին, Հացթուխին, մյուսներին ի՞նչ ասեմ… Հո աշխարհը չպրծա՞վ… Կյանք է, մի օր լավ կլինի, մի օր` հոգս կլինի, դժվար կլինի… Հո չպրծա՞վ… Կարող ա մրսել ես, կքրտնես՝ կանցնի… Հը՞, մրսել ես, չէ՞… Դե… Դե մի բան ասա… Մի խոսք ասա… (Լսվում են սրտի զարկերը): Թատրոնդ էլ էնտեղ ես կիսատ թողնում… (Սրտի զարկերն ուժեղանում են: Անելանելի վիճակում ետուառաջ է քայլում, ապա՝ շրջվում է մահիճը): Դե ձեն հանի… Կանչել ես… ինչի՞ ես կանչել… (Քայլ է անում, մեխվում է տեղում): Հե՛-հեեյ՜… (Դուրս է գնում):

 

Մթություն: Էկրանին «Հին օրերի երգը» ֆիլմից տեսարան՝ Նիկոլը նամակներ է բաժանում մարդկանց:

Էկրանը մարում է, լուսավորվում է, Նիկոլը՝ պայուսակն ուսին:

ՆԻԿՈԼ — (մոտենում, նստում է աթոռին: Բեմից դուրս լսվում է ֆիլմից նրա խոսքերը): Ինչ մեղք ես գործե՜լ:

Երկինքը հոտից իր քիթն է խցում,

Լուսինն ամոթից իր աչքն է գոցում,

Եվ լկտի քամին, որ հանդիպողին համբույր է տալիս,

Փախչում է երկրի քարայրների մեջ, որ չլսի այդ:

Ի՜նչ մեղք ես գործել…

ՄՀԵՐ — (ձայնը): Նիկո՜լ… Նիկոլ, դո՞ւ ես…

ՆԻԿՈԼ – Ես եմ…

ՄՀԵՐ — (ձայնը): Ի՞նչ լուր ես բերել, Նիկոլ:

ՆԻԿՈԼ – Լավ լուր: Դու դրախտ ես գնալու:

ՄՀԵՐ — (ձայնը): Դրա՜խտ… Դրախտում թատրոն կա՞:

ՆԻԿՈԼ — Կա: Դրախտն էլ թատրոն է՝ կյանքի պես:

ՄՀԵՐ — (ձայնը): Ինձ կընդունե՞ն, դեր կտա՞ն:

ՆԻԿՈԼ — Կընդունեն: Դու քո դերը կխաղաս՝ Մհեր Մկրտչյանի դերը:

ՄՀԵՐ — (ձայնը: Հոգոցով): Դժվա՜ր դեր է…

ՆԻԿՈԼ – Դու հեշտ դերեր չես ունեցել:

ՄՀԵՐ — (ձայնը): Ես ամբողջ կյանքում ծիծաղեցի, որ իմ լացը չտեսնեն: Դու հո լավ գիտես:

ՆԻԿՈԼ – Գիտեմ: Քո լացը ես էի, Հացթուխն էր…

ՄՀԵՐ — (ձայնը): Մարդիկ հասկացա՞ն դա…

ՆԻԿՈԼ – Հասկացան ու քեզ ավելի շատ սիրեցին:

ՄՀԵՐ — (ձայնը): Հացթո՜ւխը… Հացթուխն իմ կարապի երգն էր…

 

Մթնեցում: Էկրանին «Հացթուխի կինը» ներկայացումից հատված: Ավարտից հետո՝ սրտի զարկերը:

ՄՀԵՐ — (ձայնը): Նիկոլ… Նիկոլ, դու դեռ այստե՞ղ ես…

ՆԻԿՈԼ — (լուսավորվում է): Հա, էստեղ եմ, Մհեր… Ես միշտ քո հետ եմ:

ՄՀԵՐ — (ձայնը): Դու հավանո՞ւմ ես իմ Հացթուխը:

ՆԻԿՈԼ – Ափսոս, որ շատերը չվայելեցին խաղդ:

ՖՐՈՒՆԶԻԿ — (լուսավորվում է): Ես չհավանեցի: Ողբերգականը շատ է:

ՄՀԵՐ – Քեզ խոսք չի հասնում: Դու դեռ շատ ես ջահել, որ Հացթուխին հասկանաս:

ՖՐՈՒՆԶԻԿ – Շատ լավ էլ հասկանում եմ… Դու Հացթուխ չխաղացիր, դու քեզ խաղացիր… Խաբեցիր Հացթուխին ու քո դարդը լացիր…

ՄՀԵՐ — (ճիգով): Մի՛ ասա՜… Մի ասա… Ես Հացթուխին չեմ խաբել… Երբեք չեմ խաբել…

ՖՐՈՒՆԶԻԿ – Թող Նիկոլն ասի:

ՄՀԵՐ — (ձայնը): Չասե՜ս… Հացթուխին չկպնե՜ք…

ՆԻԿՈԼ — (շրջվում է դեպի Ֆրունզիկը): Էս ջահելն ո՞վ է… Դու գաղթական Մուշեղի տղեն չե՞ս… Դու Ֆրունզը չե՞ս…

ՖՐՈՒՆԶԻԿ – Ես եմ:

ՆԻԿՈԼ – Դու լավ տղա ես… Մեծին ինչի՞ կնեղացնես…Գնա, գնա գործդ տես… Դու դեռ շատ անելիք ունիս… (Ֆրունզիկն ընկղմվում է խավարում):

ՄՀԵՐ — (ձայնը): Նիկոլ, ինչո՞ւ ինձ տեսնելիս, մարդիկ ուզում են, որ ես միայն ծիծաղ տամ իրենց:

ՆԻԿՈԼ – Նրանք քեզնով իրենց արցունքն են թաքցնում:

ՄՀԵՐ — (ձայնը): Նիկոլ… Դու Աստծուն մոտ մարդ ես, ինձ ճիշտն ասա, հանդերձյալ կյանք կա՞:

ՆԻԿՈԼ — Կա: Այնտեղ ապրում են դեռ չծնվածները:

ՄՀԵՐ — (ձայնը: Հոգոցով): Ուրեմն ես գնում եմ այնտեղ, ուր ապրում են դեռ չծնվածնե՞րը:

ՆԻԿՈԼ – Հա՛:

ՄՀԵՐ — (ձայնը): Հետո՞: Հետո ի՞նչ կլինի:

ՆԻԿՈԼ — Հետո՝ էլի կծնվես: Չգիտեմ՝ ե՞րբ, բայց էլի կծնվես… Քո տեսակը առաքյալի տեսակ է: Դուք աշխարհ եք գալիս ճիշտ ժամանակին՝ մարդուն մարդ պահելու համար…

Կարճ դադար:

ՄՀԵՐ — (ձայնը): Շնորհակալություն, Նիկոլ:

ՆԻԿՈԼ — (ոտքի է կանգնում): Գնաս բարով: (Դուրս է գնում):

 

Էկրանին՝ Նիկոլը հեռանում է փողոցով:

Մի պահ լուսավորվում է սեղանին կռթնած Ֆրունզիկը՝ գլուխն ափերի մեջ:

Հնչում է «Նվագախմբի տղաները» ֆիլմի քայլերգը:

Էկրանին՝ տեսարան «Նվագախմբի տղաները» ֆիլմից. Նվագախումբը քայլում է փողոցով:

Լուսավորվում է սեղանին կռթնած Ֆրունզիկը՝ գլուխն ափերի մեջ:

«Խաթաբալա» ֆիլմից՝ հուղարկավորության տեսարանը:

Այլ ֆիլմերից տեսարաններ՝ նույն քայլերգի ներքո, և մեկընդմեջ լուսավորվում է սեղանին կռթնած Ֆրունզիկը՝ գլուխն ափերի մեջ:

Հնչում է կրակոտ «Լեզգինկան»՝ «Միմինո» ֆիլմից. ռեստորանում պարի տեսարանը:

Դադար: Մթություն:

 

ՀԱՑԹՈՒԽ — (ձայնը): Մհեր… Մհեր… Մհեր…

ՄՀԵՐ — (ձայնը): Ո՞վ ես:

ՀԱՑԹՈՒԽ —(ձայնը): Ես եմ՝ Հացթուխը:

ՄՀԵՐ — (ձայնը): Հացթուխը՞… Ես քեզ չեմ կանչել:

ՀԱՑԹՈՒԽ —(ձայնը): Դու չե՞ս ուզում ինձ տեսնել:

ՄՀԵՐ — (ձայնը): Չէ… Մի արի… Չգա՜ս… Դու հո գիտես… Գիտես, որ Հացթուխն ինձ համար դեր չէր… Հացթուխը ես եմ՝ ոչ մեկին չերևացած, չիմացված, չճանաչված Հացթուխ Մհեր Մկրտչյանը: Ցավ մի պատճառիր ինձ… Չերևա՜ս…

ՀԱՑԹՈՒԽ — (ձայնը): Դու ճիշտ չես ասում: Ես Հացթուխն եմ, իսկ դու՝ դերասան:

ՄՀԵՐ — (ձայնը): Լռի՛ր… Մի՛ խաբիր ինձ… Հացթուխը ես եմ… Ես հաց եմ տվել մարդկանց՝ հաց-ծիծաղ, հաց-բարություն, հաց-տառապանք, հաց-հրճվանք… Ինձ պահելով իմ ողբերգությունը…

ՀԱՑԹՈՒԽ — (ձայնը): Մե՛ր ողբերգությունը… Ինչու՞ չես խոսում, դու ուզում ես փախչե՞լ ինձնից:

ՄՀԵՐ — (ձայնը): Ես ինքս ինձնից եմ փախչում…

ՀԱՑԹՈՒԽ —(ձայնը): Չես կարող…

 

Էկրանին՝ «Հացթուխի կինը» ներկայացումից վերջին հատվածը, որի ավարտին հանդիսատեսը ծափահարում է դերակատարներին:

ՄՀԵՐ — (ձայնը): Ծափեր պետք չեն… (Ավելի բարձր): Ծափեր պետք չեն… (Պոռթկում է): Ծափեր պետք չե՜ն…

 

Էկրանը մարում է: Դադար:

 

ՄՀԵՐ — (ձայնը: Շշնջոցով): Ֆրունզ… (Ավելի բարձր): Ֆրունզի՛կ:

ՖՐՈՒՆԶԻԿ — (լուսավորվում է): Այստեղ եմ:

ՄՀԵՐ — (ձայնը): Մի հեռացիր: Ես գնում եմ: Ճանապարհիր ինձ:

ՖՐՈՒՆԶԻԿ – Ո՞ւր ես գնում:

ՄՀԵՐ — (ձայնը): Չծնվածների աշխարհը:

ՖՐՈՒՆԶԻԿ – Ետ կգա՞ս:

ՄՀԵՐ — (ձայնը): Կգամ:

ՖՐՈՒՆԶԻԿ — Ե՞րբ կգաս:

ՄՀԵՐ — (ձայնը): Ճիշտ ժամանակին:

ՖՐՈՒՆԶԻԿ – Դու ձև ես թափում: Դու էլի խաղում ես:

ՄՀԵՐ — (ձայնը): Էն չես ասում… Սրտինդ չես ասում…

ՖՐՈՒՆԶԻԿ – Դու փորձում ես ինձ: Բոլորիս փորձում ես:

ՄՀԵՐ — (ձայնը): Էն չես ասում… Սրտինդ չես ասում… (Ճերմակ քղամիդով, դանդաղ

բարձրանում է մահճից):

ՖՐՈՒՆԶԻԿ – Ուր էլ գնաս, մեկ է, քո կերտած կերպարները մնայուն են, դու անբաժան ես լինելու երկրային կյանքից:

ՄՀԵՐ — (թեթևակի շրջվում է դեպի նա): Էն չես ասում… Սրտինդ չես ասում… (Հանդիսատեսին չերևացող սանդուղքով սկսում է դանդաղ վեր բարձրանալ):

ՖՐՈՒՆԶԻԿ — (նյարդային, մի վերջին հույսով): Հիմա վարագույրը կփակվի, քեզ կծափահարեն, ու ետ կգաս… Ետ կգաս խոնարհվելու…

ՄՀԵՐ — Չէ՜… Էլի էն չես ասում, սրտինդ չես ասում… ինձնից հետո վարագույրը չի փակվելու, Ֆրունզ, կտեսնես, որ չի փակվելու…

ՖՐՈՒՆԶԻԿ — (պոռթկում է): Մի՛գնա՜… Խնդրում եմ, մի՛ գնա՜…

ՄՀԵՐ – Ա՛յ… ա՛յ հիմա՝ սրտինդ ասացիր:

ՖՐՈՒՆԶԻԿ — (պաղատանքով): Մի գնա՜… Խնդրում եմ, մի գնա՜…

ՄՀԵՐ — Արդեն… Արդեն ճիշտ ժամանակն է…

 

Բեմը մթնում է՝ լուսավորված թողնելով միայն դանդաղ վեր բարձրացող Մհերին:

Վերևից, աշխարհը հայտնաբերողի պայծառությամբ, նրան ընդառաջ է գալիս Գանգրահեր Մանուկը: Նրանք, մի պահ, դեմառդեմ կանգ են առնում:

ՄՀԵՐ – Դո՞ւ… դու որտեղի՞ց ես գալիս…

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՄԱՆՈՒԿ — Չծնվածների աշխարհից:

ՄՀԵՐ – Ո՞ւր ես գնում:

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՄԱՆՈՒԿ — Բեմ, էլ ո՞ւր… (Ուզում է շարունակել ցած իջնելը):

ՄՀԵՐ — Կա՛ց: Քո անունն ի՞նչ է:

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՄԱՆՈՒԿ — Մհեր:

 

Մհերը նրա գլխին դափնեպսակ է դնում և շարունակում է բարձրանալ՝ իրեն հայացքով ուղեկցող, պայծառ ժպտացող մանուկին նայելով:

Վարագույրն սկսում է փակվել:

Վարագույրն սկսում է փակվել և վերջին պահին մեջտեղից պատռվում է՝ աջ ու ահյակ ընկնելով ու տեսանելի թողնելով բեմը՝ միմյանց ժպտացող Մհերին ու Գանգրահեր Մանուկին:

Դանդաղ մթնեցում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։