ԱՆՎԵՐՆԱԳԻՐ…

Կյանքի 61-րդ տարում այնպե՛ս անսպասելի, անհավատալի մեզանից հեռացավ թատերագետ Նվարդ Ասատրյանը: Մեր Նվարդը… Թատրոնի նվիրյալ Նվարդը…
Կյանքի վերջին գիշերն է գրվել այս անդրադարձը, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական թատրոնի «Անուշ» ներկայացման պրեմիերայից հետ… Ձեռագիր է, որոշ բառեր չհաջողվեց վերծանել, իհարկե, եթե ինքը տպագրելու լիներ` տեքստը կխմբագրեր մինչև գոհանալու ի՛ր աստիճանը… Համարձակություն ունեցա վերծանել նրա գիրը և տպագրել, որովհետև սա միայն տեքստ չէ, այլ նրա անմնացորդ սիրո ու նվիրվածության խոստովանությունը Թատրոնին: Վերջի՛ն խոստովանությունը…

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ…

Ալիքվող, ծխածածկույթի եռանկյունի լուսարձակումներով կենտրոնում գետնատարած գլորվող փերին (գուցե` Անուշը) մարմին է առնում, երբ ներխուժում է տղամարդկանց խումբը:
Բազմած լուսնի նուրբ շողերին` գալիս են ծաղկահյուս գլխարկներով աղջիկները, որոնցից առաջ է անցնում Անուշը (խորքում` Ճակատագիր Արմինեն է առաջանում «Ափսոս, Անուշ»-ից հետո):
Սարոյի և Անուշի մայրերը…
Ծաղկեպսակ աղջիկների հետ (աջ ու ձախ) դուրս է գալիս Անուշի մայրը («Թող գնամ ավելուկ հավաքելու»: Խորքում կարմրաներկ բարձր աթոռագահին Սարոն է մեջընդմեջ գրկում Անուշին:
Դանդաղաքայլ առաջ է գալիս Սարոն, խոսքը հանդիսատեսին` սիրային տվայտանքների երկխոսությունն է զրնգում…
Գալիս է Մոսին, հանկարծ Անուշը`
— Մոսի ջան,
Ասում են ուռին…
Մոսին Անցորդի խոսքերով հան­գստացնում, գրկած ետ է տանում քրոջը:
Երկու մայրեր Համբարձման ջանգյուլումի մեջընդմիջվող տեքստերով, Անուշին գրկած բերում են առաջ…
— …Ինձ էլ թաղեցեք իր գերեզմանում:
Թիկնադարձ կանանց միանում են ծաղկեպսակ տղամարդիկ, Անցորդի խոսքերն ասում.
— …Դու էլ գնա, նոր սեր արա, էդպես է կարգն աշխարհի,- խոսքերով թողնում են կանանց առջևում, իրենց ծաղկեպսակները փոխանցում կանանց ու հեռանում:
Ճերմակ օղակը դառնում է մի հայելի, նկարի շրջանակ, որի կենտրոնում Ճակատագիրն է բազմած` մի կողմում ճերմակաթև հրեշտակն է ծնկել, մյուսում` սև դիմակավորը.
— Ջիգյարին գյուլլա դիպչի,
Ով որ քեզ սիրի…
…Ծնկած երկու մայրերի միջև` Անուշը հիշում է Դերվիշի անեծքը.
— Դրա օրը լացով անց կենա…
(Ճակատագիրն է լրացնում Անուշի խոսքը):
Խմբակային խոսքով սրվում է դրամատիզմը, Անուշը ծաղկեպսակը դնում է գլխին ու նայում իրեն քնքշորեն գիրկն առած Ճակատագրին.
— Ծաղիկներն էս աշխարհում տանջվում են միշտ…
(Թափուր են գահերը, երես են թեքել նույնիսկ հրեշտակները` Անուշը մնացել է մենակ իր ճակատագրի հետ)…
— Ձմռան մի գիշեր կար մի հարսանիք…
Տղամարդիկ թմբկահարում են գահաթոռների նստատեղերը… Կոխի տեսարանը տեղի է ունենում Անուշին ամուր գրկած Ճակատագրի շուրջ: Նրանցից հետո երկու մայրերն են, իբր, կոխ բռնում.
— Դժվար է հաղթել իբրև մեկմեկի…
Հետո կրկին Մոսին ու Սարոն են մենամարտում.
— Անուշը նայեց, աչքերիս առաջ մլարը պատեց,- փորձում է արդարանալ ծնկած Մոսիին մոտեցող Սարոն.
— Ամոթ քեզ, Մոսի,- խմբակային խոսքը` արձանացած Մոսիին: — Տանը նստիր` իլիկ պտտիր…
Այդ պահին է լքում Ճակատագիրը, թողնում Անուշին…
Տղամարդկանց օղակի մեջ է առնվում Մոսին, խելագար ռիթմով պտտվում, ապա սև քողը գցելով քրոջ թիկունքին` տանում է բեմից դուրս…
Ճակատագիր-Դեբեդն է անցնում կանանց և տղամարդկանց արանքով:
— Ու էն հարսանքից թշնամի դարձան ախպեր տղերքը…
Սև քողով թիկունքներին` անցնում են երկու մայրերը…
— Չկա՜, Անուշը չկա,- Անուշի մայրն է տագնապի վազքում:
Բեմի մեջտեղում դեմ-դիմաց նստած են Սարոն ու ճերմակազգեստ Անուշը:
Ավանսցենում Անուշի մայրն է` ծնկած Անուշի ծաղկեպսակի մոտ, խորքում Սարոյի մայրն իր տղուն է պատմում…
— Վատ բան ես տեսել,- Ճակատագիր-Գուշակն է…
Անուշը տուն է գալիս, խորքում Սարոն է`
— Բարձր սարեր, այ սարեր,
Իմ դարդերի թայ սարեր…
Օղակում միայնակ հայտնված Անուշին հայրն է պախարակում:
Քահանան է հարսի քողը խաղարկում, Անուշի ոտքերի մոտ նստում: Օղակի մեջ հայտնվում է Մոսին.
— Ես կուչ գամ նամարդ Սարոյի տակին…
Օղակ է ներխուժում Սարոն.
— Բարձր սարեր, այ սարեր,
Իմ դարդերի թայ սարեր…
Տերտերը`
— Խոստովանիր` սիրո՞ւմ ես նրան:
— Սիրո՜ւմ եմ, սիրո՛ւմ,- Անուշը:
Շրխկոցով վայր է ընկնում օղակը, մենակ մնացած Անուշի շուրջ Սարոյի մայրն է պտտվում` չոբանի յափնջիով, ծաղկե­պսակը գլխին.
— Արևս հանգավ, Սարո ջան,- հեռանում է:
— Ինչպես հանկարծ աշխարհը դատարկվեց, ինչպես փոխվեց կյանքում ամեն բան,- Անուշի խոսքերի վրա Մոսին է առաջանում` սպանված Սարոյին գրկած:
Անուշն է գրկում Սարոյի դին` եղբոր կողմից իրեն թողած: Թիկնադարձ Մոսին ասես կենաց ծառին է խաչվել (լուսախաղով դեմ առ դեմ անցնում են Փերիները կուլիսից կուլիս):
— Համբարձման գիշեր կա, հրաշալի վայրկյան…
Դեպի իրար են գալիս ճերմակազգեստ Սարոն ու Անուշը, Մոսին մնացել է «կենաց ծառին խաչված», Ճակատագիրն է փոթորկվում:
Վերևից իջած սրբապատկերն է կախվում բեմի վրա ծխամած…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։