Վասիլի ԳԵՎՈՐԳՅԱՆ / ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԿՏԱՎՆԵՐԸ («Լոռեցի Սաքոն» Համազգայինում)


Թումանյանի 150-ամյակի կապակցությամբ մեծ լոռեցուն շատ են հիշել: Համազգային թատրոնի անդրադարձը թերևս այս տրամաբանության մեջ է, ընտրությունն էլ՝ բավական խնդրահարույց. պոեմն ունի ընդամենը մեկ հերոս, նա էլ մի քանի բառ է ասում: Պոեմը բանաստեղծական ձևի մեջ դրված պատմություն է, իսկ թատրոնը հենց հիմա կատարվող գործողություն և հարաբերություն է ենթադրում, ինչպե՞ս պատմությունը գործ կդառնա:
Համազգայինի հանդիսատեսի ուշադրությունը նախ կլանում է անընդհատ գործողությունը: Չկարծեք, թե խոսքը վազվզոցի և հրմշտոցի մասին է: Գործողությունն այստեղ վիճակների և դրանց հանգուցալուծումների մեջ է: Ներկայացման մեկնարկը պարզ է՝ կենտրոնում կանգնած դերասանը (Արման Նավասարդյան), երիցս խփելով դհոլին, ազդարարում է սկիզբն ու սկսում արտասանել պոեմի խոսքերը ոչ որպես կերպար, այլ մի պատմիչ, որ պիտի խոսքի ինտոնացիաներով օգնի մեր երևակայությանը, և ոչ ավելին: Շատ հետաքրքիր է, թե ինչպես է այս պատմիչն աստիճանաբար վերածվում կերպարի. նրա խոսքն ընդհատվում է անսպասելի շրխկոցով կուլիսներից, և դերասանը թողնելով բանաստեղծականությունը, առօրյա ձայնով հարցնում է, թե՝ ո՞վ է, կարծես սա ներկայացման մի մաս չէ և չպիտի հաջորդիվ հնչող ձայներով բերի այն տագնապալից մթնոլորտը, որը գլխավոր հերոսին հասցնելու է խելագարության:
Առհասարակ այս բեմադրության գլխավոր արժանիքը մթնոլորտն է, որը, մեր կարծիքով, ստեղծվում է նախ և առաջ հնչյունային պարտիտուրայով: Առաջին մի քանի տողից հետո ետնամասի սանդուղքին նստած դերասանուհիներն սկսում են մեղմ երգել, հետը բվի կռինչ կամ շնագայլի ծիծաղ վերարտադրելով: Ձայները հնչում են այնչափ դիպուկ գտնված պահերի, որ երգի մեջ են հյուսվում, դառնում մեղեդու մի մաս, գործիքավորում: Սա դեռ սկիզբն է, խաղաղ, անշտապ պատկեր: Գլխավոր հերոսի քնատ երևակայությունը կյանք է տալիս մանկության վատ երազներին, և կրկին կանանց փսփսոցը հայտնվում և անհետանում է, բարձրանում և նվազում անտեսանելի դիրիժորի (բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան) հմուտ ձեռքի հետ: Նույն ձեռքին են հետևում լույսերը և բեմում շրջանով շարած հողմահարիչները, որ քշում են թեթև վերմակը կամ ներքնակի բուրդը Սաքոյի վրա, պտտեցնում օդում ու երևակայական չարքերին տալիս տեսանելի ձև: Պոեմում իրադարձություններն առանձնապես շատ չեն, այստեղ-այնտեղ հնչող ձայներն են, որ գիշերով մենակ մնացած հովվին հասցնում են ցնորության: Նարինե Գրիգորյանը լարումն աստիճանաբար աճեցնում է հենց այդ մեթոդներով՝ իրար հետ ճշգրիտ համադրված ձայներ ու շարժումներ, լույս և քամի, դերասանուհիների խելահեղ պար և հերոսի փոփոխություն աժդահայի վստահ կեցվածքից դեպի գլուխն առաջ գցած խենթի քայլվածք: Հետաքրքիր է, որ այդ ամենն արվում է հումորով, սկսած պարզ հնարներից, երբ հերոսուհին փռշտում է և շրջազգեստն ընկնում է վրայից, մինչև դրվագները, որտեղ գլխավոր հերոսը սարսափում է, իսկ հանդիսատեսը ծիծաղում է տատու ուռճացված շարժուձևի ու խոսքի վրա: Կարիք չկա, որ հանդիսականները ցավակից լինեն հերոսի ապրումներին, սա ողբերգություն չէ, բայց նաև կատակերգություն էլ չէ, ծիծաղն ու խինդը գլխավոր նպատակը չեն:
Բեմադրության ավարտը կարծես դուրս է ընդհանուր պատկերից: Ստեղծագործողն ինքը գիտի, թե որտեղ ինչ է նախատեսել, բայց տպավորությունը դահլիճից հանդիսատեսինն է, ուստի փորձեմ հակադրվել Նարինե Գրիգորյանի հեղինակային մեկնաբանությանը: Ներկայացման ընթացքում Սաքոյի կերպարն ընդունած դերասանը վերջին մի քանի տողի հետ կրկին վերածվում է պատմիչի: Անգամ ավելին, նա մի քանի տող խրատական, բացատրական ինտոնացիայով ուղղում է մեզ, կարծես թե ուզում է հայտնել, թե ներկայացումն այն մասին էր, որ երեխաներին սարսափելի պատմություններ պատմել պետք չէ, նրանք կարող են տպավորվել և մի օր կորցնել հոգեկան հավասարակշռությունը: Մինչդեռ իմ տեսած ներկայացումն այդ մասին չէր, այն Լոռվա ձորերի և խաղաղ գիշերների, հին հեքիաթների և ավանդույթների, ցնորված երիտասարդի աչքին եկող պատկերների շղթա է, բանաստեղծական երկ, որին պետք չեն բացատրություններ: Այդ շղթայի միասնականությունը ռեժիսորական մոտեցման մեջ է, տեքստի բանաստեղծական առանձնահատկություններում է:
Աշխատանքն անթերի չէ. առանձին դեպքերում գլխավոր դերակատարը, ձգտելով հնարավորինս անկեղծ և իրական զգացում պարունակող ինտոնացիայի, ընկնում է ընդունված և տարածված ձևերի որոգայթը: Խելագարության գագաթնակետին հասած տեսարանում պարող կանանց կազմակերպված քաոսն ինչ-որ պահերի դադարում է կազմակերպված լինել: Սակայն ընդհանուր տպավորությունը տրամադրող է, հատկապես եթե գիտես, որ գնում ես բանաստեղծություն նայելու:
Համազգային թատրոնի առանձնահատկություններից մեկն է հանդիսատեսի հետ խոսելու անմիջական տոնը: Եվ թեպետ չափածո ձևն ինքնին արհեստական է, ներկայացման մեջ այն հնչում է անմիջական խոսքի պես: Բանաստեղծություն-ներկայացման հեղինակն է թատերախումբը: Եվ հանդիսատեսի անելիքը ոչ թե թաքնված իմաստը բացահայտելն է, այլ մի ժամով առօրյա հոգսերից հրաժարվելն ու Լոռու ձորերը տեղափոխվելը, որտեղ, ո՞վ գիտի, գուցե ամեն քարի տակ, ծառի ետևում մի ոգի է թաքնված, մի չարք է քաղցր ձայնով կանչում, մի հին հեքիաթ է իր հունով հոսում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։