«Արդի հայ դրաման»՝ լեհերեն
2019 թվականի սեպտեմբերին Վարշավայում լեհերեն լեզվով լույս է տեսել հայ ժամանակակից դրամատուրգիայի անթոլոգիա՝ «Արդի հայ դրամա» խորագրով, որում ընդգրկված են հինգ հայ հեղինակների պիեսներ՝ Անուշ Ասլիբեկյան՝ «Մերսեդես», Էլֆիք Զոհրաբյան՝ «Սմբակներ», Սամվել Խալաթյան՝ «Վերջին ծաղրածուն», Սառա Նալբանդյան՝ «Վախի գենեզիս» և Կարինե Խոդիկյան՝ «Բանտախցում»: Անուշ Ասլիբեկյանի «Մերսեդես» պիեսը 2018թ.-ին տպագրվել է նաև լեհական «Դիալոգ» հեղինակավոր թատերական ամսագրում (2018/6)՝ Յակուբ Ադամովիչի թարգմանությամբ/Jakub Adamowicz/: http://www.dialog-pismo.pl/archiwum-numerow/numer-62018-739
Անթոլոգիան կազմել և խմբագրել է Վարշավայի համալսարանի պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, թատերագետ, «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն»-ի տնօրեն Անդրեյ Մոսկվինը: Գրքի նախաբանի հեղինակը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ավագ դասախոս, արվեստագիտության թեկնածու, գրող Անուշ Ասլիբեկյանն է: Անթոլոգիան հրատարակվել է «Արևելյան և կենտրոնական Եվրոպայի թատրոնի և դրամայի հետազոտական կենտրոն»-ի կողմից: Այս կենտրոնը հանդիսանում է Վարշավայի համալսարանում գործող Արևելյան և կենտրոնական Եվրոպայի միջմշակութային ստորաբաժանման մի մասը:
Ընտրված հեղինակների պիեսները այսօր ընդգրկված են հայաստանյան թատրոնների խաղացանկերում: Դրանցից մի քանիսը արդեն ճանաչում ունեն աշխարհի թատերական կենտրոն հանդիսացող մի շարք երկրներում և կարծես դարձել են մեր երկրի թատերական այցեքարտը՝ մրցանակներ և համբավ բերելով Հայաստանին: Վերոնշյալ հեղինակները նորույթ են բերում ժամանակակից հայ թատրոն՝ ժանրային և թեմատիկ բազմազանությամբ, նոր ձևերով և համընթաց են քայլում արդի բեմական և թատերագրական որոնումներին:
«Nowy Dramat Ormianski» /Արդի հայ դրամատուրգիա/ անթոլոգիայի շնորհանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 7-ին ժամը 16:00 ՀԲԸՄ-ում՝ «Հայ Ֆեստ» փառատոնի շրջանակում: