ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ / «ԱԶԻԱՏԻԿ»
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆԻ «ԱԶԻԱՏԻԿ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001 թ., թիվ 3-ում
Թատրոնը կմեռնի միայն այն ժամանակ, երբ մարդը կխուսափի մարդուց:
ԱՂԱՍԻ ԱՅՎԱԶՅԱՆ
ԱԶԻԱՏԻԿ
(Պարականոն հանդիսություն)
Գործող անձինք
ԱԶԻԱՏԻԿ — գլադիատոր
ՆԵՐՈՆ — Հռոմի կայսր
ՖԵՈԴՈՐԱ — հետերա
ԳԱԼՈՏ — հռոմեացի
ՍԻՄՈՆ — քրիստոնյաների աոաջակա
ԼԻՎԻԼԼԱ, ՄԱԼՈՆԻԱ — հետերաներ
ՄԱՐԿ, ՄԱՔՍԻՄ — Ներոնի պահակախմբի անդամներ
Ցենտուրիոն
Պահակներ
Քրիստոնյաներ
Գուսան—միմոս, Գուսան—ձայնարկու, Վարձակ, Արևելքի թագավոր, որոնց դերերը կատարում են Ազիատիկի, Ներոնի, Ֆեոդորայի և Գալոտի դերակատարները:
ՆԱԽԱԽԱՂ
Բեմահարթակի ձախ և աջ կողմերում՝ երկու հռոմեական սյուն: Նրանց միացնող պատին՝ բազմաթիվ դիմակներ. ուրախ ծաղրածուի, տխուր ծաղրածուի, կապիկի, աղվեսի, գայլի, առյուծի, ցուլի, հույն իմաստունի, կնոջ, սևամորթի, հարճի, ստրուկի, գլադիատորի, մահվան և Արևելքի թագավորի դիմակներ:
Բեմի կենտրոնում՝ գահ:
Հայտնվում են հայ անտիկ թատրոնի երեք խաղարկուներ՝ Գուսան—միմոսը, Գուսան—ձայնարկուն և Վարձակը: Գուսան—միմոսի ձեռքին սազ է, Գուսան—ձայնարկուի ձեռքին՝ թմբուկ և Վարձակի ձեռքին՝ տավիղ:
ԳՈՒՍԱՆ-ՄԻՄՈՍ — (հանդիսատեսին): Մեծարգո տիկնա՛յք և պարոնա՛յք, պատրիկնե՛ր ու պլեբեյնե՛ր, ազատնե՛ր ու ստրուկնե՛ր, լեգիոներնե՛ր ու գլադիատորնե՛ր, տրիբուննե՛ր ու սենատորնե՛ր, Հռոմի ժողովո՛ւրդ, մենք՝ հայ խաղարկուներս, ձեզ՝ Հռոմի ժողովրդին կզվարճացնենք՝ ներկայացնելով Արևելքի թագավորի պատմությունը: Մենք այս խաղը ներկայացրել ենք Հունաստանում՝ հունարեն, Պարսկաստանում՝ պարսկերեն, Ասորեստանում՝ ասորերեն, Հայաստանում՝ հայերեն, ու ամեն տեղ մեզ ընդունել են…
ԳՈՒՍԱՆ-ՁԱՅՆԱՐԿՈՒ — (տատամսոտ): Ընդունե՞լ են…
ԳՈՒՍԱՆ-ՄԻՄՈՍ — (վարանամիտ): Ընդունել են…
ՎԱՐՁԱԿ — (սղաձայն. հազը հազիվ զսպելով): Ընդունել են…
ԳՈՒՍԱՆ-ՄԻՄՈՍ — (արդարանալով): Ես, պարզապես, ասացի՝ ընդունել են… Ուրիշ ոչինչ… (Հանդիսատեսին.) Եվ այժմ ձեր կողմից կընդունվենք լատիներեն:
Հայտնվում է չորրորդ խաղարկուն, դիմակների միջից վերցնում Արևելքի թագավորի դիմակը, հարմարեցնում դեմքին ու նստում է գահի վրա:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ — Ես այստեղ եմ:
Գուսան—միմոսը, Գուսան—ձայնարկուն և Վարձակը շրջվում են նրա կողմը:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ — (կարգադրելով): Զբաղեցրե՛ք ինձ… Սերկ վիշտս մեծ է… Աշխարհի վիշտն է իմ մեջ… Մարդ լինելու դժվարությանը դիմակայելու դարդն է ինձ ներբակել… Բացե՛ք կապանքները, դո՛ւրս վռնդեք այդ անիրավին:
Առաջ է գալիս Գուսան—միմոսը:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ – Ո՛չ:
Առաջ է գալիս Գուսան—ձայնարկուն:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ – Ո՛չ: (Ցուցամատն ուղղում է Վարձակի վրա🙂 Դո՛ւ:
Վարձակը խոնարհաբար գլուխ է տալիս, նետում է իր վրայի շորը, կիսամերկ պարում:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ — (սազի հնչյունների ներքո, արևելյան ոճով պարզաճաշակ արտասանելով): Տառապանքը մի ակունք ունի, և նրա տեղը ոչ մեկը չի կարողանում որոշել: Ո՛չ Արևմուտքում, ո՛չ Հյուսիսում, ո՛չ Հարավում և ո՛չ էլ իմ երկրում՝ Արևելքում: (Ցուցադրելով յուրաքանչյուր իր ասածը🙂 Դա ոչ սի՛րտն է, ոչ ուղե՛ղը, ոչ ա՛չքն ու լսողությունը, ոչ առնանդա՛մը… Դրանք սոսկ արտացայտն են, ինչպես հրաբուխը՝ հողի տառապանքի: (Ցույց տալով Վարձակին🙂 Ոչ կանացի հեզաճկուն գալարապտույտը, ոչ մանկլավիկների երկրպագությունը (ցույց տալով Գուսան—ձայնարկուին) չեն մխիթարում ու նվազեցնում իմ վիշտը: Ինձ ցավի ակունքն է պետք: (Ասես ինչ—որ հնչյուն որսալով՝ շեշտակի շրջվում է Գուսան—միմոսի կողմը🙂 Սազդ մի հնչյուն արտաբերեց, որ և՛ կար, և՛ չկար, և՛ գալիս էր ու չեկավ… Ո՞ր լարն էր դրա հեղինակը, և ինչի՞ց էր պատրաստված այն:
ԳՈՒՍԱՆ-ՄԻՄՈՍ — Դա ամենամեղմ հնչյունն է, ամենաբարակ լարը, որ գառան ջիղից է պատրաստված:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ- (տարակուսանքով): Գառան տառապանքը որքա՞ն է… Գառի՞ տառապանքը պիտի բացի մարդու տառապանքի՝ թագավորի տառապանքի ակունքը… (Վեր կենալով գահից🙂 Մարդկային ջիղ դիր դրա փոխարեն:
ԳՈՒՍԱՆ-ՁԱՑՆԱՐԿՈՒ — (նույնպես պարզաճաշակ արտասանությամբ): Ու որոնեցին-գտան տառապյալների մեջ ամենատառապյալին, մաշկազերծեցին, հանեցին ջիլն ու ջիղը ձգեցին սագի վրա: Դա առաջին լարն էր:
Գուսան—միմոսը հնչեցնում է այդ լարը:
ԳՈՒՍԱՆ-ՁԱՅՆԱՐԿՈԻ — Արևելքի թագավորը իր կաղ ոտքով աշխարհակալ քայլեր էր անում (Արևելքի թագավորը ցույց է տալիս այղ քայլերը), բայց փոքր քայլ անելուց (Արևելքի թագավորը կաղալով գնում է դեպի գահը), բազմոցից մինչև իր գահը, ցավից կծկվում էր… Երկիրներ էր նվաճում, ոսոխի գանգերից բուրգեր էր շարում, սակայն արմատը տառապանքի չէր վերևանվում, որ պոկի, քոքահան անի… (Այս բոլորը Արևելքի թագավորը ցուցադրում է🙂 Եվ սփոփել էր ուզում ինքզինքը, խեղդել այդ անիրավին սազի հնչյունների մեջ… Ու թագավորի ականջին է հասնում առանձնապես մի հնչյուն:
Արևելքի թագավորը տնկում է ականջը և այդպես՝ տնկած ականջով, մոտենում Գուսան—միմոսին:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ — (պարզաճաշակ արտասանությամբ): Այդ ի՞նչ հնչյուն է, որ արանքներ է փնտրում, հայտնվում ու անհայտանում է, վշտակոծ ու շողոքորթ շոյում է իմ ականջը և հավակնություն հայտնում, որ հասնելու է տառապանքի արմատին… Ո՞րն է այդ հնչյունը, որ հայտնվում է այդքան ճարպիկ ու այդքան նենգաբարո՝ հեռանում… Եվ ինչի՞ց է շինված դրա լարը…
ԳՈՒՍԱՆ-ՄԻՄՈՍ — Եզան ջիղից է, արևափայլ թագավոր:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐ — (սրտմտանքով): Եվ եզա՞ն տառապանքը պիտի հասնի մարդու տառապանքի ակունքին, պիտի բացի՞ այն անիմանալին, որտեղից բողբոջում է ցա՞վը: Մարդո՛ւ ջիղ է հարկավոր:
ԳՈՒՍԱՆ-ՁԱՅՆԱՐԿՈՒ — (պարզաճաշակ արտասանությամբ): Եվ Արևելքի ժողովուրդների տառապյալներից ամենատառապյալի ջիղը ձգեցին սազի վրա: Եվ դա երկրորդ լարն էր:
Գուսան—միմոսը հնչեցնում է այդ լարը: Արևելքի թագավորը հանում է դիմակը, վերցնում է սազը Գուսան—միմոսի ձեռքից և ցույց է տալիս լարերը:
ԱՐԵՎԵԼՔԻ ԹԱԳԱՎՈՐԻ ԽԱՂԱՐԿՈՒ – Երրորդ՝ ձիու ջիղի փոխարեն ևս ձգեցին մարդու ջիղ… Չորրորդ լարը ևս փոխարինեցին… (Մի պահ դադար է առնում🙂 Հռոմեացու ջիղով… (Բարձրախոսից լսվում է մարդկային զանգվածի հոգոց🙂 Մարդկային ջղերից հավաքած այս սազը ցարդ զբոսնում է աշխարհում ու հնչեցնում մարդկության վիշտը: (Խաղարկուն սևեռվում է դեպի հանդիսասրահը🙂 Եվ այս սազը տակավին հարց է տալիս. «Որտե՞ղ է տառապանքի ակունքը»:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Բեմում նախախաղի դեկորներն են՝ մի հավելումով. դիմակների տակ ավելացել է կես մետր բարձրությամբ ևս մի փոքրիկ բեմահարթակ, որի վրա գտնվում է Հռոմի կայսր Ներոնի բազկաթոռը: Բեմը ներկայացնում է Ներոնի պալատի մի հատվածը:
Թատերասրահի միջանցքով Ներոնի պահակախմբի երկու անդամ՝ Մարկը և Մաքսիմը, քարշ են տալիս գլադիատոր Ազիատիկին: Նրա բազուկները շղթայակապ են, և երկար շղթաների ծայրերը գտնվում են՝ մի բազկինը՝ Մարկի ձեռքին, մյուս բազկինը՝ Մաքսիմի:
Նրանց մուտքը շռնդալից է՝ շղթայի զրնգոցով, սանդալիների աղմուկով: Նրանք բարձրանում են բեմ, կանգնում կենտրոնում՝ դեմքով դեպի փոքրիկ բեմահարթակը, և սպասում են:
Սյուներից մեկի ետևից դուրս է պրծնում Ներոնը՝ հագին առյուծի մորթի, դեմքին՝ առյուծի դիմակ: Նա չորեքթաթ շարժվում է հատակին, մոտենում Ազիատիկին, չորեքթաթ պտտվում է նրա շուրջը, ապա ոտքի ելնում և քիթուպռունկը կպցնում է Ազիատիկի դեմքին:
ՆԵՐՈՆ — Հիմա ես առյուծ եմ… Դու ի՞նչ ես:
ԱԶԻԱՏԻԿ — Կոլիզեյում կենդանի մնացած միակ գլադիատորը:
ՆԵՐՈՆ — Եվ ինչքա՞ն ժամանակ ես մտադիր կենդանի մնալ…
ԱԶԻԱՏԻԿ — (հեզաբարո): Որքան ժամանակ Աստված կամենա:
ՆԵՐՈՆ — Իսկ իմ կամքը նշանակություն չունի՞ քեզ համար, ստրո՛ւկ:
ԱԶԻԱՏԻԿ — Քո կամքը մարմինս կարող է ոչնչացնել:
ՆԵՐՈՆ — Ուրիշ էլի՞ բան ունես:
Ազիատիկը լռում է:
ՆԵՐՈՆ – Ասա՛, ստրուկ:
ԱԶԻԱՏԻԿ — Հոգի:
ՆԵՐՈՆ — (քրքջում է, ապա շոշափում է Ազիատիկի մարմինը): Կարծես միս է ոսկորներիդ վրա, և այդ բոլորը պարուրված է նուրբ թաղանթով, որը կարելի է բզկտել… Քո հոգին այստեղ կվերջանա…
ԱԶԻԱՏԻԿ — (զուսպ, հարգալից): Հոգին անմահ է, կայսր:
ՆԵՐՈՆ — (անակնկալի եկած): Անմա՞հ է… (Հեգնաձայն🙂 Դու Զևսի՞ որդին ես, Հերակլեսի՞ եղբայրը… (Մարկի և Մաքսիմի կողմը, ծաղրամիտ🙂 Քանի՞ վայրկյան է պետք, որ սրան՝ Կոլիզեյում կենդանի մնացած գլադիատորին, բզկտեք, մաս-մաս անեք և մասերը գցեք փողոցային շների առջև:
Մարկը և Մաքսիմը ձգում են շղթաները, և Ազիատիկը խաչվում է:
ՆԵՐՈՆ — (նշան է անում, որ թուլացնեն շղթաները: Ազիատիկին՝ մեղմ): Ես տեսա քեզ Կոլիզեյում և հիմա եկա՝ քեզ ինձ բարեկամ դարձնելու… Ես ուժ եմ սիրում… Իսկ դո՞ւ… (Հեգնաձայն🙂 Այս կեցվածքը քեզ սազակա՞ն է, որ ընտրեցիր իմ կամքին հակառակ: Դու էլ այն՝ շան կյանք վարող քրիստոնյաների նման խոսեցիր: (Նորեն տնտղում է Ազիատիկի չորս բոլորը🙂 Քեզ Ազիատիկ են կոչում, ինչո՞ւ…
ԱԶԻԱՏԻԿ — Ես ասիացի եմ:
ՆԵՐՈՆ — Սարակինո՞ս… Ասորի՞… Պարսի՞կ…
ԱԶԻԱՏԻԿ — Հայ:
ՆԵՐՈՆ — Հա՞յ… Եվ դու մտածում ես՝ իմ կամքը քո վրա չի՞ տարածվում… Քո ամբողջ երկիրը դողում է Հռոմի ոտնաձայներից, և դու իմ գերին ու գլադիատորն ես… Եվ կենդանի մնացիր, որովհետև խուսափում էիր մահից… Քանզի կորցնելու էիր միակ իրականը՝ քո մարմինը, որը հիմա իմ քմահաճույքին է պատկանում: Ուրիշ ի՞նչ ունես, ստրո՛ւկ:
ԱԶԻԱՏԻԿ — (ուշացումով): Հոգի:
ՆԵՐՈՆ — (պոռթկում է): Նորեն հոգի ասացիր… (Ոտքով դոփում է հատակը՝ հետզհետե ահագնացնելով: Հետո հանդարտվում է, նայում Մարկին, Մաքսիմին՝ զվարթերանգ դիմայլակությամբ դառնում Ազիատիկին🙂 Եվ հույս ես փայփայում, որ հոգիդ անմա՞հ է… (Ծաղրելով🙂 Եթե ես բարեկամանամ քեզ, հոգիս ընկեր դարձնեմ քո հոգուն, միասի՞ն կանմահանանք… (Սևեռումով🙂 Որոշեցի՛: Մեր հոգիները ամուսնացնում ենք: Համաձա՞յն ես: Ի՞մ հոգին քո հոգու կինը կլինի, թե՞ քո հոգին՝ իմ հոգու… (Քայլում է Ազիատիկի շուրջը🙂 Մարմինդ ուժեղ է, հզոր, հոգիդ՝ ստրուկ… Ուրեմն քո հոգին պիտի իմ հոգու կինը լինի… Իսկ մարմիններով՝ հակառակ… Թե՞ դրա հակառակը… Գուցե հակառակի հակառա՞կը… էլի՞ հակառակը…
ԱԶԻԱՏԻԿ — Հակառակը սատանան է, կայսր:
Մարկը և Մաքսիմը ձգում են շղթաները:
ՆԵՐՈՆ — (Մարկին և Մաքսիմին): Չէ, թողե՛ք… նա մահվանից հետո է ուզում ապրել, ես՝ հիմա, մահվանից առաջ… մինչև կքայքայվի իմ մարմինը: (Ազիատիկին.) Դրանով դու ապացուցում ես, որ ստրուկ ես, հա՛յ: Ստրուկները, որ չեն կարողանում այստեղ ապրել, հույսը դնում են հանդերձյալ աշխարհի վրա: Իսկ ես որոշել եմ ապրել ամբողջ աշխարհը… Աշխարհի կյանքը… (Ոգևորվելով🙂 Ես բոլորն եմ, եղած-չեղածը: (Պատից հանում է մի նոր դիմակ🙂 Ե՛վ այս եմ, և՛ այն: Եվ սա՛ եմ, և սրա հակառա՛կը: (Փոխում է դիմակը🙂 Ես իսկակա՛նն եմ, ճշգրի՛տը… մարդկությունը ձգտում է ինձ նման կատարյալ լինել՝ բռնակալ, այլանդակ ու ստահոդ, ուժեղ և հզոր, իշխող ու կամային, տաղանդավոր ու լիրբ… Եվ դա է ազատությունը… Դուք չեք կարողանում լինել… Քանզի ստրուկ եք, որոշել եք մահից հետո իշխել, վայելել, այստեղ ուժներդ հերիք չի անում… Դու հա՞յ ես, ասիր… Ու չե՞ս կարող օգտվել քո աստվածների տվածից ու նոր աստվա՞ծ ես հնարում: Գնում ես թույլերի ու թշվառների ետևից… (Ցույց տալով պատից կախված դիմակները🙂 Եվ ա՛յս աշխարհը չի՞ գայթակղում… Սա կյա՛նքն է, հանճարեղ կյանքը, որտեղ և՛ քաղցրը կա, և՛ դառը, և՛ կիրքն ու մարմնականը, և՛ նախանձն ու խանդը, և՛ դավաճանությունն ու վրեժը, և՛ գիշերն ու ցերեկը, և՛ ուտելիքն ու հանդիսությունը, և՛ ցավն ու ամոքումը, և՛ տղամարդն ու կինը… (Դեպի բեմի խորքը🙂 Է-հե՜յ… Կոպպո՜… Կանանցից մեկնումեկին ուղարկիր ինձ մոտ:
Հայտնվում է Ֆեոդորան:
Տեսնո՞ւմ ես, սա տղամարդու հակադրությունն է, իսկ դու ասում ես՝ սատանա:
ՖԵՈԴՈՐԱ — (ժպտուն տարակուսանքով): Սատանա՞…
ՆԵՐՈՆ — Իսկ գիտե՞ս՝ ինչ հաճույք է զգալ ամեն ինչի հակառա՛կը: Հիշել քո ծնունդը, քո լինելությունը մորդ արգանդում և զգալ, կանխատեսել ու ապրել քո մահվան հաճույքը… Ամե՛ն ինչի հաճույքը… (Հուզավառվելով🙂 Ամեն ինչի հակառա՛կը… Երկու ծայրերը… Դա և՛ կյանքն է, և՛ արվեստի հաճույքը… Ահա ինչու եմ ես և՛ կայսր, և՛ դերասան, և՛ որդի, և՛ ամուսին… Ե՛վ պատժող ու ներող, և՛ ատող ու սիրող… (Ֆեոդորայի դեմքին դնում է աղվեսի դիմակը🙂 Նայիր սրան, Ֆեոդորա, անունը Ազիատիկ է, հայ, երեկ կենդանի մնաց Կոլիզեյում ու ասում է, ի՞նչ… (Նայում է Մարկին ու Մաքսիմին, Ֆեոդորային: Շինծու զարմանքով🙂 Ասում է՝ ի՞նչ… Ասում է՝ հոգի ունի… Կուզե՞ս, մարմինը ես վերցնեմ, հոգին քեզ տամ:
ՖԵՈԴՈՐԱ — (պտտվելով Ազիատիկի շուրջը՝ տնտղելով նրա ոտքերը, ողնաշարը, բազուկները: Ժպտուն հեշտամտությամբ): Ոչ, կայսր… Հոգին դու վերցրու, մարմինը ինձ տուր:
ՆԵՐՈՆ — (ծիծաղում է): Ես այդպես էլ գիտեի… (Ազիատիկին.) Տեսնո՞ւմ ես՝ քո հոգին ոչ ոքի պետք չէ:
ՖԵՈԴՈՐԱ — (մեկ—մեկ ձեռք տալով Ազիատիկի մարմնի մասերին): Ես կօգտագործեմ այս մարմինը… Ես կփայփայեմ այս մարմինը… Ես կճաշակեմ այս մարմինը… (Խածում է բազուկը🙂 Ես կբզկտեմ այս մարմինը… (Հոտոտելով🙂 Ես այս մարմնի բոլոր բուրմունքները կառնեմ… Ես կսիրեմ այս մարմինը…
ՆԵՐՈՆ — (խիստ): Հերի՛ք է… Չափն անցնում ես… Սիրելը քո՛ գործը չէ:
Ներոնը հանում է նրա դեմքից աղվեսի դիմակը: Ֆեոդորան, իր պատյանի մեջ կծկվելով՝ մի կողմ է քաշվում:
ՆԵՐՈՆ — (Ազիատիկին ցույց տալով դիմակները): Ընտրի՛ր… ո՞րն ես նախապատվում…
Ազիատիկը ձայն չի հանում: Ներոնը հատ—հատ մատնանշում է դիմակները:
Գայլի՞… Ես գայլերով եմ շրջապատված… Դու դրանցից մեկը կլինես… Սա՞… Անգղի՞… Ես անգղեր քիչ ունեմ… Քեզ այդ քչերից մեկը կդարձնեմ… Սա՞… Էշի՞… Էշերով լցված է կայսրության ախոռը… Սա՞… Հույն իմաստասերի… Չէ՞… Սա՞… Խեղկատակի… Ես իսկական խեղկատակի պահանջ ունեմ… Տաղանդավոր… թե չէ՝ սրանք… (Ցույց տալով Մարկին ու Մաքսիմին🙂 Խեղկատակություն են անում անշնորհք կերպով… միակ տաղանդավոր խեղկատակը ես եմ… (Հրճվում է իր ասածից🙂 Սա՞… (Ցույց է տալիս կնոջ դիմակը🙂 Գեղեցիկ կնոջ… Ես երբեմն-երբեմն դնում եմ դեմքիս… Չե՞ս ուզում… Գուցե սա՞… (Ցույց է տալիս մահվան դիմակը🙂 Դու հո չես հավատում սրան… Ավելի լավ, հոգիդ կդնես մեջը… Թե չէ՝ անհոգի, դատարկ կախված է այստեղ… Հը՞… Ես հաճախ եմ օգտագործում՝ սարսափ ազդելու համար շրջապատիս վրա, այլ կերպ անհնար է ղեկավարել այս էշերին, աղվեսներին, անգղերին… նրանք միայն վախն են հասկանում… Իսկ դու չե՞ս վախենում…
ԱԶԻԱՏԻԿ — Վախենում եմ, կայսր:
ՆԵՐՈՆ — Սիրում եմ ճշտախոսությունը: Սուտը իմ գործն է: Երբ ինձ ստում են, ինձ խլում են ինձանից… Ուրեմն՝ ո՞ր մեկն ես ուզում, ընտրի՛ր:
ԱԶԻԱՏԻԿ — Ոչ մեկը, կայսր:
ՆԵՐՈՆ — Ինչո՞ւ… Ես քեզ բարեկամացնել եմ ուզում ինձ, ինչպես քո թագավոր Տրդատին: Այդ պատվին քչերն են արժանանում:
ԱԶԻԱՏԻԿ — (մեղմ): Մայրս ինձ տվել է այս դեմքը… Ես յոլա եմ գնում սրանով:
ՆԵՐՈՆ — Լավ է՝ չասացիր՝ Աստված է տվել: Եվ մի՞ դեմքով ամբողջ կյանքդ պիտի ապրես… Ձանձրալի չէ՞… (Մատով ընդգծում է Ազիատիկի դիմագծերը🙂 Չես ուզում ուրիշ բան լինել… Իսկ ասում ես՝ ստրուկ չես: Դու քո՛ գլխի ստրուկն ես: Դու քո մի՛ տեսակի ստրուկն ես: Դու քո մարմնի՛ ստրուկն ես: Երբեք չես իմանալու տկար մարմնի տառապանքը… Ճերմակ մարմնի հաճույքը… Գոնջի ամոթը… Իսկ մտածում ես, որ ազատ ես… (Մտահոգ, երկարացնելով🙂 Ազատությունը ամեն ինչն է… Բոլո՛րը…
ԱԶԻԱՏԻԿ — (Ներոնի տրամադրությունը ասես հնարավորություն է տալիս ազատաբերան լինել): Դա քայքայո՛ւմ է, կա՛յսր:
Ներոնը կաթվածահարի պես քարանում է տեղում, քիչ անց շեշտակի այս ու այն կողմ է նայում, և նրա հայացքը սպառնալից է:
ՆԵՐՈՆ — (Մարկին ու Մաքսիմին): Գնացե՛ք… Հեռացե՛ք: (Նրանք փորձում են գնալ՝ քարշ տալով Ազիատիկին🙂 Ո՛չ, դրան թողեք: (Մարկն ու Մաքսիմը տարակուսում են, ցույց տալիս շղթաները🙂 Դրան թողե՛ք, ասացի:
Մաքսիմն ու Մարկը փութանակի բացում են կապանքները և, արձակելով Ազիատիկին, շղթաները վերցնելով, հեռանում են:
ՆԵՐՈՆ — (Ֆեոդորային): Իսկ դո՞ւ ինչու ես քարացել:
ՖԵՈԴՈՐԱ — (երկյուղած): Ե՞ս…
ՆԵՐՈՆ – Հեռացի՛ր:
Ֆեոդորան հեռանում է: Ներոնը տեղավորվում է դիմակների տակի բազկաթոռի մեջ:
ՆԵՐՈՆ — (Ազիատիկին): Ես չէի կարծում, որ դու այդ կասես… Բայց դու ասացիր:
Ազիատիկը լուռ է. դժվար է հասկանալ Ներոնի վրդովմունքի պատճառը:
ՆԵՐՈՆ — (արդեն հարցական): Դու դա ասացի՞ր:
ԱԶԻԱՏԻԿ — Ի՞նչ, կայսր:
ՆԵՐՈՆ — Դու նույնիսկ չես հասկանում, թե՝ ինչ: Երևի թե հենց դա էլ քո տեսակն է: Դու ասացիր, որ ես կքայքայվեմ: Ասացի՞ր:
ԱԶԻԱՏԻԿ — Ոչ:
ՆԵՐՈՆ — Մի հիասթափեցնի… Դու ճշտախոս էիր:
ԱԶԻԱՏԻԿ — Ես դա՛ չեմ ասել:
ՆԵՐՈՆ — Մի հիասթափեցնի… Դու նաև վախկոտ չես: Ես քեզ տեսա Կոլիզեյում: Դրա համար հիմա այստեղ ես: (Հատ—հատ շեշտելով🙂 Դու… ասացիր… որ ես կքայքայվեմ: Կրկնի՛ր: Եղիր ինչպես Կոլիզեյում:
ԱԶԻԱՏԻԿ — Ես ասացի, որ ամեն ինչ լինելը քայքայիչ է… Մարդ չպիտի դուրս գա իրենից:
ՆԵՐՈՆ – Կեցցե՛ս… Ավելի լավ ձևակերպեցիր: Ես գիտեի, որ դու ինձ պետք ես, բայց չէի կարծում, որ նաև կարող ես նման ձևով ներկայանալ: (Նշանացի կանչում է իր մոտ: Ազիատիկը մոտենում է նրան: Ներոնը փսփսում է ականջին🙂 Գիտես… ես երեկ թալանեցի մի գինետուն… (Ժպտում է🙂 Սովորական գինետուն… մտա և թալանեցի: Ես ապրեցի ավազակի կյանք… Հասկանո՞ւմ ես: Մի կյանքը քիչ է… Ապրել միայն կայսրի՞ կյանքով… Ե՛վ տիեզերային աղքատություն է, և՛ անազատություն… Հասկանո՞ւմ ես… Որքա՜ն կյանքեր են ստեղծվում և ստեղծվել այս երկնքի տակ, երկնքի մեջ, այս ամբողջի մեջ… մեծ Ալեքսանդրը, Հուլիոսը… (Հետզհետե հուզվելով🙂 …Ե՛վ վերջին պլեբեյը, և՛ Հոմերոսը, և՛ Պարիսը, և՛ փողոցային անառակը… (Մոլեռանդ🙂 Իսկ ես մի՛ կյանք պիտի ապրեմ… Մի՞թե դա քիչ չէ… Մի՞թե աստվածները ձեռ չեն առնում մարդուն… (Ճչում է🙂 Ես ուզում եմ բոլորի կյանքը ապրել: Ես ուզում եմ և՛ տղամարդ լինել, և՛ կին… Ես ուզում եմ զգալ հղի կնոջ վիճակը, երբ նրա արգանդում հասունանում է մարդը, երբ սկսում է աշխատել նրա սիրտը… նրա սրտի առաջին զարկը իմ մարմնի մեջ… Ես ուզում եմ և՛ դահիճ լինել, և՛ զոհ… Զգալ կացինը իմ պարանոցին և դահճի պահը ապրել… (Նորեն շշուկով🙂 Թե չէ՝ ամեն ինչ կատարվում է ինձանից ծածուկ, ինձանից դուրս, և աստվածները ինձ թողել են մի կայսրի կյանք, մի փոքրիկ կյանք, մի կարճ ժամանակ… Եվ դրա համար քո ամբողջականությունը անհասկանալի է ինձ… (Ճակատը ճակատին հպելով՝ սևեռվում է Ազիատիկի աչքերի մեջ🙂 Դու բո՞ւթ ես… Դու առարկա՞ ես… Դու միավո՞ր ես… Դու ի՞նչ ես և ի՞նչ ես զգում քո այդ հոյակապ կաղապարի մեջ:
ԱԶԻԱՏԻԿ — Ես մա՛րդ եմ, կայսր:
ՆԵՐՈՆ — Հետո՞…
ԱԶԻԱՏԻԿ — Եվ մարդ եմ ուզում մնալ:
ՆԵՐՈՆ — (տխրաձայն): Մա՞րդ… մի կյա՞նք… մի մարմի՞ն… մի զգացո՞ւմ… մի հայա՞ցք… մի հա՞յ…
ԱԶԻԱՏԻԿ — Սա իմ ճակատագիրն է, կայսր:
ՆԵՐՈՆ — (ցուցամատով հարվածում է Ազիատիկի ճակատին, որից Ազիատիկը ընկրկում է): Եվ ո՞վ է խզբզել այդ գիրը ճակատիդ… Միայն չասես՝ Աստված… Քո Աստծուն ես կոչնչացնեմ… Թույլերի Աստծուն…
ԱԶԻԱՏԻԿ — Կայսր, դու պարզապես Աստծո կյանքն ես ուզում ապրել:
Ներոնը կտրուկ հանդարտվում է, և հետզհետե գոհունակությունն է նստում նրա դեմքին:
ՆԵՐՈՆ — (մոտենում է Ազիատիկին, մաքրում է ճակատը): Այս երկրորդ՝ ինձ պետքական խոսքն ասացիր… (Ծիծաղում է, ապա ծիծաղը վերածվում է լացկան խոսքի🙂 Բայց ես, ախր, տառապում եմ… Ես ուզում եմ իմանալ մի կյանքի իմաստը, չի ստացվում… Մի կյանք՝ կարմրաշեկ մազերով, մի մարմնի մեջ… Փորձում եմ մնալ պատյանիս մեջ՝ չի ստացվում… Դու հաղթեցիր Կոլիզեյում… Բայց դու կարող էիր նաև սպանվել… Մի՞թե մի պահ չուզեցիր նրա տեղը լինել:
ԱԶԻԱՏԻԿ — Ոչ, կայսր… Ես ապրել եմ ուզում:
ՆԵՐՈՆ — (զավեշտախառն զարմանքով): Ես էլ եմ ապրել ուզում:
ԱԶԻԱՏԻԿ — Ես իմ կյանքն եմ ուզում ապրել… Իսկ դու… (Պապանձվում է🙂
ՆԵՐՈՆ — Ասա … մի՛ վախենա… Ես թույլ եմ տալիս:
ԱԶԻԱՏԻԿ — Իսկ դու՝ նաև իմ կյանքն ես ուզում ապրել:
ՆԵՐՈՆ — Սա քո երրորդ պետքական խոսքն է:
ԱԶԻԱՏԻԿ — Բայց իմ կյանքը դու ապրել չես կարող:
ՆԵՐՈՆ — Չե՞մ կարող… Իմ կամքը քո վրա է… Կարող եմ վերջ տալ քո գոյությանը… Եվ քո հնարած հոգին մեջը:
ԱԶԻԱՏԻԿ — Իմ գոյությունը իմը չէ, կայսր… Եվ չես կարող ինձ ոչնչացնելով՝ վերջացնել ինձ, քանի որ ես արդյունքն եմ շատ ու շատ գոյերի, այդ քո ասած իմաստունի ու հիմարի, ռամիկի ու թագավորի… Ես շարունակում եմ նրանց գոյությունը… Նրանք իմ մեջ են մշտապես… նրանց բոլորի թանձրուկն է իմ գոյությունը…
ՆԵՐՈՆ — (կտրուկ): Հերի՛ք է: Հերի՛ք է: Գնա՛: Մենք քեզ հետ վաղը կզրուցենք: (Կանչում է🙂 Մա՛րկ… Մաքսի՛մ…
Ներս են մտնում Մարկը և Մաքսիմը:
Ազիատիկին տարեք… Առանձնացրեք գլադիատորներից… Եվ լավ կպահեք… նա դեռ ինձ պետք է: (Հեգնաժպիտով🙂 Նա իմ Կոլիզեյի միակ կենդանի մնացած գլադիատորն է:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Մեկ փոքրիկ լուսամուտով և մեկ բաց մուտքով խուց: Քարե կոշտ մահճակի վրա պառկած է Ազիատիկը: Բաց մուտքի մեջ երբեմն—երբեմն երևում են պահակների կերպարանքները:
Շուրջը նայելով՝ ոտնամատների վրա ներս է մտնում Ֆեոդորան:
ՖԵՈԴՈՐԱ — (կամաց): Գլադիատո՜ր…
Ազիատիկը չի լսում:
ՖԵՈԴՈՐԱ — Գլադիատո՜ր… Ազիատի՜կ…
ԱԶԻԱՏԻԿ — Դո՞ւ…
ՖԵՈԴՈՐԱ — Զարմանո՞ւմ ես:
ԱԶԻԱՏԻԿ — (նայում է բաց մուտքի կողմը, որտեղ երևում է պահակը): Զարմանում եմ:
ՖԵՈԴՈՐԱ — Մի զարմանա, ես ամեն տեղ մուտք ունեմ:
ԱԶԻԱՏԻԿ — Կայսրը գիտի՞:
ՖԵՈԴՈՐԱ — (վարանամիտ): Ոչ, իհարկե:
ԱԶԻԱՏԻԿ — (նորեն մուտքի կողմը նայելով): Չի՞ իմանա:
ՖԵՈԴՈՐԱ — Հույս ունեմ…
ԱԶԻԱՏԻԿ — Ո՞ւմ վրա:
ՖԵՈԴՈՐԱ — Եսիմ… Դեռ որ՝ չգիտի… Եվ քանի չի իմացել, ես քեզ հետ կխոսեմ: ԱԶԻԱՏԻԿ — Ինչի՞ մասին:
ՖԵՈԴՈՐԱ — Եսիմ…
ԱԶԻԱՏԻԿ — (ժպտաշուրթ): Իսկ հետո՞… երբ իմացա՞վ…
ՖԵՈԴՈՐԱ — Վատ կլինի… նա շատ խանդոտ է… նա քեզ սիրում է:
ԱԶԻԱՏԻԿ — (հեգնաձայն): Ուրեմն՝ սպասեմ հակառակին… Նա երկու ծայրն է սիրում: Եթե սիրում է, ուրեմն պիտի ատի:
ՖԵՈԴՈՐԱ — Իսկ այժմ քեզ համար պալատ է կառուցում:
ԱԶԻԱՏԻԿ — (առանց հավատալու զարմանալով): Պալա՞տ… Հապա ինչո՞ւ է այս խուցը կոխել և պահակ դրել:
ՖԵՈԴՈՐԱ — (մանկաբարո սեթևեթանքով): Պահում է ինչպես թանկագին քար կամ ոսկի… նա իր սիրած առարկան տուփի մեջ է պահում:
ԱԶԻԱՏԻԿ — Եթե դու խիզախել ես և եկել, ինչ-որ բան է պետք: Որքան հասկացա՝ հոգիս քեզ չի հետաքրքրում… մարմնիս համա՞ր ես եկել… ՖԵՈԴՈՐԱ — Ես մարմիններ շատ եմ տեսել… Ինձ քո տարօրինակությունն է հետաքրքրել:
ԱԶԻԱՏԻԿ — Տարօրինա՞կ… Հռոմո՞ւմ…
ՖԵՈԴՈՐԱ — Հռոմը իր հոգեբանությունն ունի… Դու տարբերվում ես:
ԱԶԻԱՏԻԿ — Ինչո՞վ:
ՖԵՈԴՈՐԱ — Քո ձևի մարդիկ հոգու մասին չեն մտածում… Ուժը թույլ չի տալիս մտածել դրա մասին: Ես կարծում էի՝ հոգին տկարների մխիթարանքն է: Քեզ ինչի՞ է պետք: Դու ինչո՞ւ ես մտածում այդպես:
ԱԶԻԱՏԻԿ — (մտազբաղ): Հայերը վատ մարդուն ասում են՝ անհոգի: (Փոքր դադարից հետո🙂 Քեզ չե՞ն սիրել:
ՖԵՈԴՈՐԱ — Շա՜տ:
ԱԶԻԱՏԻԿ — Ոչ, այդպես չէ:
ՖԵՈԴՈՐԱ — Հապա ինչպե՞ս:
ԱԶԻԱՏԻԿ — Հոգով:
ՖԵՈԴՈՐԱ — (մտամփոփ): Հոգո՞վ… Չգիտեմ… Բայց հարգանք տեսել եմ:
ԱԶԻԱՏԻԿ — Հարգա՞նք…
ՖԵՈԴՈՐԱ — Զարմանո՞ւմ ես… Մի զարմանա, հարգում են երբեմն վախից… Ինձ էլ կարելի է հարգել… նույնիսկ գրգռում է, սեր է հարուցում:
ԱԶԻԱՏԻԿ — Վախը ատելություն է ծնում…
ՖԵՈԴՈՐԱ — Վախը քաղցր է, լեղի ու քաղցր… Վախը թեժացնում, բորբոքում է կիրքը:
ԱԶԻԱՏԻԿ — Կիրքը, բայց ոչ սերը:
ՖԵՈԴՈՐԱ — (ողոքչաբար, զգույշ): Ես քիչ մարդկանց գիտեմ, որոնք միմյանց հարգում են:
ԱԶԻԱՏԻԿ — Հարգանքն էլ հոգու աշխատանք է: (Փորձում է հասկանալ Ֆեոդորայի բուն էությունը🙂 Ինչո՞ւ ես Ներոնի պալատում:
ՖԵՈԴՈՐԱ — (կեղծաբարո, խաղուն): 0՜, կայսրի մոտ լինելը մեծ երջանկություն է… ուզածդ հռոմեացու համար… (Ստվեր է իջնում նրա դեմքին և՝ իր ասածը հերքելու միտումով🙂 Դո՞ւ ինչու ես կայսրի պալատում…
Ազիատիկը քմծիծաղում է, այսինքն՝ «Պարզ է իմ այստեղ լինելու հանգամանքը, և դու դա քաջ գիտես»:
ԱԶԻԱՏԻԿ — Դու դժգոհ ես երևում:
ՖԵՈԴՈՐԱ — Ինչի՞ց որոշեցիր:
ԱԶԻԱՏԻԿ — Այլ կերպ ինձ մոտ չէիր գա: Ես ստրուկ եմ, գլադիատոր:
ՖԵՈԴՈՐԱ — Ներոնը քեզ լավ է վերաբերվում: Դա հազվադեպ իրողություն է: ԱԶԻԱՏԻԿ – Իսկ դո՞ւ:
ՖԵՈԴՈՐԱ — (ուղիղ պատասխանից խուսափելով, թեթև սեթևեթանքով): Գլադիատոր, Կոլիզեյում հաղթող, հայ, ուժեղ և… նման չես իմ գիտցած գլադիատորներին: (Կտրուկ կերպարանափոխվելով: Դեմուղիղ🙂 Դու քրիստոնյա՞ ես:
ԱԶԻԱՏԻԿ — (սովորակի): Ես հայ եմ:
ՖԵՈԴՈՐԱ — (ծիծաղում է): Հայն էլ կարող է քրիստոնյա լինել:
ԱԶԻԱՏԻԿ — Լսել եմ՝ Քրիստոսը հրեա էր:
ՖԵՈԴՈՐԱ — (մոտենում է, շշուկով): Քրիստոնյաները ասում են, որ նա Աստծո որդին էր:
ԱԶԻԱՏԻԿ — Ինչո՞ւ ես շշուկով ասում:
ՖԵՈԴՈՐԱ — Ներոնը տանել չի կարող նրանց:
ԱԶԻԱՏԻԿ — Իսկ դո՞ւ:
ՖԵՈԴՈՐԱ — (թերասումներով): Չգիտեմ… նրանք էլ են հոգու մասին խոսում…
ԱԶԻԱՏԻԿ — Եվ ի՞նչ…
ՖԵՈԴՈՐԱ — (իբր անտարբեր): Որ հոգին անմահ է… Ու մարդ մեռնելուց հետո գնում է դրախտ կամ դժոխք…
ԱԶԻԱՏԻԿ — (խաղուն): Դու անմահանա՞լ ես ուզում:
ՖԵՈԴՈՐԱ — (պչրաբարո): Վատ չէր լինի:
ԱԶԻԱՏԻԿ — Եվ կարծում ես՝ ես գիտեմ դրա միջո՞ցը… (Կատակախառն🙂 Ուրեմն անմահության համար ես եկել: Հասկացա: Իհարկե, դրա համար արժեր ռիսկ անել:
ՖԵՈԴՈՐԱ — (փոքր լռությունից հետո, նոթոտած): Կատակո՞ւմ ես… Դու ինձ չե՞ս հավատում… Կարծում ես՝ լրտե՞ս եմ:
ԱԶԻԱՏԻԿ — (հավուր պատշաճի): Չէ, ինչո՞ւ:
ՖԵՈԴՈՐԱ — (ընտելական): Իրավունք ունես… Հռոմում լրտեսները շատ են:
ԱԶԻԱՏԻԿ — Եվ ի՞նչ են ասում:
ՖԵՈԴՈՐԱ — Ո՞վ, լրտեսնե՞րը:
ԱԶԻԱՏԻԿ — Քրիստոնյաները:
ՖԵՈԴՈՐԱ — Շատ բան… Ասում են նաև, որ մարդու մեջ սատանա է թափանցում ու ստիպում է վատ գործեր անել:
ԱԶԻԱՏԻԿ — Օրինա՞կ:
ՖԵՈԴՈՐԱ — Սպանել, գողանալ, ստել, ցանկասիրությամբ զբաղվել…
ԱԶԻԱՏԻԿ — (զգույշ, չվիրավորելու միտումով): Քո մեջ է՞լ սատանա է բնակվում: ՖԵՈԴՈՐԱ — Երևի… Կարծում եմ…
ԱԶԻԱՏԻԿ — Դուրս արա… Բնակարանը քոնն է, չէ՞:
ՖԵՈԴՈՐԱ — Դժվար է:
ԱԶԻԱՏԻԿ — Ինչո՞ւ:
ՖԵՈԴՈՐԱ — Սատանան գոռում է, ճչում, Աստված շշուկով է խոսում: Երբեմն հազիվ է լսվում նրա ձայնը… Հետո՝ Աստված ձանձրալի է, սատանան ուրախ է, զվարճալի:
ԱԶԻԱՏԻԿ — Ներոնի պե՞ս: Դրա համա՞ր ես Ներոնի մոտ:
ՖԵՈԴՈՐԱ — (նեղացած): Բայց դու լավը չես: Հոգու մասին ես խոսում, սակայն հոգի դու էլ չունես:
ԱԶԻԱՏԻԿ — Ուրեմն քեզ հաճախ մարմին է պետք, երբեմն՝ հոգի:
ՖԵՈԴՈՐԱ — (հերսոտ): Ինձ երկո՛ւսն էլ պետք են: Իսկ քեզ՝ ոչինչ: Արժեր, որ դու էլ բնակարանդ մաքուր պահեիր: Իզուր եկա: (Գնում է դեպի ելքը🙂
ԱԶԻԱՏԻԿ — Սպասիր:
ՖԵՈԴՈՐԱ — Ինչո՞ւ… էլի՞ պիտի չար կատակներով խոսես:
ԱԶԻԱՏԻԿ — Ոչ… Ես պարզապես չգիտեմ՝ ինչպես պիտի խոսեմ Ներոնի՛ հետ, քե՛զ հետ… Այստեղ՝ Հռոմում, ինչեր ասես՝ չլսեցի…
ՖԵՈԴՈՐԱ — (վերստին վերադառնալով Ազիատիկի մոտ): Հռոմում ոչ բոլորն են Ներոնի պես խոսում… Կան ուրիշները… Կուզես՝ կտանեմ նրանց մոտ:
Ազիատիկը համառորեն լռում է, հետո պտտվում է Ֆեոդորայի շուրջբոլորը՝ մեկ ժպտալով, մեկ՝ հեգնախառն, մեկ՝ անտարբեր, ու գալիս—նստում է իր մահճակին և երկար նայում Ֆեոդորային, որը գնում է դեպի ելքը, կանգնում շեմին ու նույնպես նայում է Ազիատիկին:
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Քրիստոնյաների գաղտնի հավաքատեղին Հռոմի արվարձաններից մեկում: Կիսախավար է: Մի քանի սևազգեստ քրիստոնյաներ և նրանց պարագլուխ Սիմոնը: Այստեղ է նաև Հռոմի քաղաքացի Գալոտը:
ՍԻՄՈՆ — Այս սուրբ երեկոյան, եղբայրներ և քույրեր, ճաշակենք մեր գինին, ինչպես Ոսուցիչն էր ասել՝ իր արյունը, և հարգենք այս հացը, որ Ուսուցչի մարմինն է:
Բոլորը համբուրվում են միմյանց հետ:
Մենք արդեն եղբայրացել ենք սիրո մեջ: Մեզանից յուրաքանչյուրը պահանջ ունի մյուսի նկատմամբ: Ատելությունը, դժգոհությունը առաջանում է պահանջից, միասնականության զգացումից, ընդհանրության գիտակցությունից: «Դու իմ մասն ես, ինչո՞ւ չես օգնում: Դու ու ես մի մարմին ենք, ինչո՞ւ չես կարեկցում այդ մարմնին, ինչո՞ւ չի ցավում այդ մարմնի քո մասը, երբ ցավում է մյուս մասը, մյուս մասերը: Չէ՞ որ դա մի մարմնի ցավն է»: Երբ Ուսուցիչս ասում է՝ սիրիր թշնամուդ, նա գիտի այն հասարակ իրողությունը, որ սիրում ես ինքդ քեզ: Որ դու շատ ես, դու բոլորն ես: Մարդկությունը մեկ էություն է, և նա պահանջ ունի ինքն իրենից, ակնկալիք ունի սեփական գոյության նկատմամբ:
Զգուշավոր ներս է մտնում Ֆեոդորան, նրա ետևից՝ Ազիատիկը:
ՍԻՄՈՆ — (նկատելով Ֆեոդորային): Ֆեոդորա՞…
ՖԵՈԴՈՐԱ — Ես մենակ չեմ, Սիմոն եղբայր:
ՍԻՄՈՆ — (կիսախավարի մեջ նշմարելով Ազիատիկին): Մարդկային մարմինը լրանում է… (Ազիատիկին.) Բարի ես եկել: Սա միակ ճանապարհն է, որով մարդ կազատվի իր մոլորություններից: (Կին քրիստոնյային.) Գինի տվեք նրան:
ԳԱԼՈՏ — (շշնջում է Սիմոնի ականջին): Եղբայր Սիմոն, շատ չե՞ս շտապում… Ի՞նչ գիտես՝ ով է…
ՍԻՄՈՆ — (ասես չլսելով Գալոտի խոսքը՝ շարունակում է): Գինի տվեք նրանց, և թող ըմպեն Ուսուցչի իմաստությունը: Կգա ժամանակ, երբ կամբողջանա մեր մեծ մարմինը սիրո մեջ: Եվ մենք կբավարարենք մեր պահանջները սեփական գոյի՝ մեծ գոյության խլյակի նկատմամբ:
ԳԱԼՈՏ — (շարունակելով շշնջալ Սիմոնի ականջին): Մենք չգիտենք՝ ո՞վ է նա…
ՍԻՄՈՆ – Չգիտենք՝ կիմանանք… մի փութա, եղբայր Գալոտ: (Ազիատիկին.) Ո՞վ ես դու, պարմանի: Որ Ֆեոդորայի հետ ես եկել՝ քո սկզբնական քայլը հայտնի է:
ՖԵՈԴՈՐԱ — Նա ստրուկ է, հայ է:
ՍԻՄՈՆ — Հայ թագավորին գիտեմ. Տրդատը հյուրն էր Ներոնի:
ՖԵՈԴՈՐԱ — Իսկ սա ստրուկն է Ներոնի:
ՍԻՄՈՆ — Ստրո՞ւկը…
ԱԶԻԱՏԻԿ — Եվ գլադիատորը:
ՍԻՄՈՆ — Դու գլադիատո՞ր ես…
ԳԱԼՈՏ — (շշուկով): Ես ասում էի, ես ասում էի…
ՍԻՄՈՆ — (իր խոսքը շարունակելով): Թե՞ պատրաստում են քեզ գլադիատորության:
ԱԶԻԱՏԻԿ — (շիտակության հաճույքով): Ես Կոլիզեյում կենդանի մնացած գլադիատորն եմ:
ՍԻՄՈՆ — Հարգելի է շիտակ խոսքը: Ուրեմն դու մա՞րդ ես սպանել:
ԱԶԻԱՏԻԿ — Այո:
Որոշ ժամանակ բոլորը լուռ են: Քրիստոնյաները նայում են Սիմոնին, Գալոտը չարախնդում է:
ՍԻՄՈՆ — (տրամամիտ): Քեզ ստիպե՛լ է Հռոմը:
ԱԶԻԱՏԻԿ — Ես ապրել եմ ուզում:
ԳԱԼՈՏ — (հեգնաձայն, խայթոտ): Ուրիշի կյանքի հաշվին:
ՖԵՈԴՈՐԱ — (տագնապահար): Նա հոգու մասին է խոսում…
ՍԻՄՈՆ — (թափառ): Հոգին մեռնում է Կոլիզեյում…
ԱԶԻԱՏԻԿ — Ես ապրել եմ ուզում… Եվ դա ինձանից անկախ է:
ՍԻՄՈՆ — (անուրախ): Հասկանում եմ… Եվ դու ափսոսում ես, որ կենդանի մնացիր:
ԱԶԻԱՏԻԿ – Ո՛չ: Ես ափսոսում եմ, որ մնացածները կենդանի չմնացին:
ՍԻՄՈՆ — Եվ ինչպե՞ս անենք, որ բոլորս կենդանի մնանք:
ԱԶԻԱՏԻԿ — Մարդիկ պիտի կենդանի մնան:
ՖԵՈԴՈՐԱ — (վիճակը մեղմացնելու միտումով): Միևնույն է՝ կենդանի պիտի մնար մեկը… Դա կարող էր Ազիատիկը չլինել… Ի՞նչ կփոխվեր:
ԳԱԼՈՏ — Կոլիզեյը հակաքրիստոսի հաճույքն է: Եվ գլադիատորը մեր միջավայրում՝ վիրավորանք է Ուսուցչին:
ՍԻՄՈՆ — Փրկությունը սերն է, հայ:
ԱԶԻԱՏԻԿ — Ես դա գիտեմ… Ես չգիտեմ՝ ինչպես սերը տեղավորեմ բանակում, Կոլիզեյում… Ես ապրե՛լ եմ ուզում: Ես առո՛ղջ եմ, ես ուժե՛ղ եմ:
ՖԵՈԴՈՐԱ — Նա շա՜տ ուժեղ է… նույնիսկ Ներոնը սիրեց նրա ուժը:
ԳԱԼՈՏ — (աղտեղամիտ): Նրան Ներո՛նը գիտի:
ԱԶԻԱՏԻԿ — Այո, գիտի:
ՖԵՈԴՈՐԱ — (իր սխալը ուղղելու նպատակով): Ինչպե՞ս կարող է չգիտենալ իր Կոլիզեյում միակ մնացած գլադիատորին:
ՍԻՄՈՆ — (Ազիատիկին): Դու մեզ մոտ ես եկել, հետևաբար պահանջ ունես քո նկատմամբ, խոստովանությունն է ապրում քո ներսում: Սակայն գիտցիր, որ մեզ հետապնդում են, և այս ագապին թաքուն ենք անցկացնում: Ներոնը ոչնչացնում է ամենը, ինչ սիրո, բարության հետ է առնչվում: Չե՞ս վախենում, որ նա կիմանա քո այցելության մասին:
ԱԶԻԱՏԻԿ — Վախենում եմ, բայց եկա:
ՍԻՄՈՆ — Ներոնը դաժան է… նա այս շաբաթ սպանել է տրիբուն Պոլիբին՝ նրա պալատը մեկ ուրիշին տալու համար:
ՖԵՈԴՈՐԱ — (թափառ, Ազիատիկի կողմը): Իսկ ես կարծում էի, որ նոր պալատ է կառուցում:
ԳԱԼՈՏ — (խոսքը բռնելով, անմիջապես): Ո՞ւմ համար:
Լռություն: Ֆեոդորան շփոթված է:
ԱԶԻԱՏԻԿ — Երևի ինձ համար:
ԳԱԼՈՏ — (Սիմոնին): Տեսնո՞ւմ ես…
ՍԻՄՈՆ — Տեսնում եմ, որ նա ուղղամիտ է, շիտակ խոսող… Եվ որ ճամփա կարող է գտնել… նա ճամփու որոնման մեջ է… Այժմ եկեք միասին աղոթենք և՛ նրա համար, և՛ բոլոր մոլորվածների, որ նրանք մեր տան ճամփան գտնեն… ճամփան լուսավորում է մեր ուսուցիչը՝ Հիսուսը:
Սիմոնը աղոթք է կարդում: Մնացածը հետևում են նրան:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Ներոնի պալատը: Ներոն և Գալոտ:
ՆԵՐՈՆ — Որպեսզի ականջ անեմ քո պղծաբանությանը ուրիշների մասին, դու քո փորոտիքը հանիր ու դիր իմ առջև: Որպեսզի ընդունեմ քո մատնությունը այլոց վերաբերյալ, կուզեմ, որ մատնես ինքդ քեզ:
ԳԱԼՈՏ — (հաճոյակամ, քաղցրադեմ): Առաջին անգամ չէ, որ լսում ես ինձ, կայսր… էլ ինչ նոր բան կարող եմ ասել սեփական անձիս վերաբերյալ…
ՆԵՐՈՆ — 0՜, մարդը լեցուն է՝ ինչպես նրան դուրս մղող երկրի ընդերքը… Հրաբուխ կա և տիղմ, վիշապներ կան ու եռացող կեղտաջուր… Մարդն անսահման է՝ ինչպես մոլորակները տիեզերքում… Մարդը անտակ է՝ ինչպես հոտած ջրհորները… Գալոտ, մատնի՛ր ինքդ քեզ:
ԳԱԼՈՏ — Կայսր, ես…
ՆԵՐՈՆ — (անհանդուրժ): Մատնի՛ր, Գալոտ… Հանի՛ր քո ներսից ինչքան ցեխ ու
փրփուր կա, մաղձ ու ցանկություն կա… Գիտես, որ ես դա սիրում եմ… Այլ կերպ ես դաշույնով կհանեմ քո ներսում եղած-չեղածը…
ԳԱԼՈՏ – (տագնապահար. արագ): Մատնեմ, կայսր, մատնեմ… (Մտածում է🙂 Ինչի՞ց սկսեմ…
ՆԵՐՈՆ — Սկսիր, և պարզ կդառնա… Ես երբ առաջին տողն եմ գրում բանաստեղծության, երկրորդ տողը շղթայվում է նրա ետևից… Գրի՛ր առաջին տողը, Գալոտ:
ԳԱԼՈՏ — (տատամսոտ): Առաջին տողը… Առաջին տողը…
ՆԵՐՈՆ — (ոտքով հրում է Գալոտին): Համբերությունս թանկանում է, պլեբե՛յ… Նրա գինը քո կտրած գլուխն է:
ԳԱԼՈՏ — (խուճապահար): Սկսում եմ… Հիմա սկսում եմ… (Ներոնին ժպտալով, մեկուսի ծամածռվելով): Փոքր ժամանակ ես շուն էի սիրում…
ՆԵՐՈՆ — (տարակուսանքով): Շո՞ւն… Շուն բոլորն են սիրում… Ես էլ եմ սիրում, բայց ոչ քեզ նման շնիկների:
ԳԱԼՈՏ — Չէ… ես այլ կերպ էի սիրում…
ՆԵՐՈՆ – Շարունակի՛ր:
ԳԱԼՈՏ — Խոզ էի տենչում…
ՆԵՐՈՆ — Ինչո՞ւ պապանձվեցիր… Շարունակի՛ր:
ԳԱԼՈՏ — Մի անգամ մի կույր խոզ բռնաբարեցի:
ՆԵՐՈՆ — (ուրախանալով): Շարունակի՛ր, Գալոտ, շարունակի՛ր…
ԳԱԼՈՏ — Ես գրգռվում էի մորաքրոջս մազոտ ոտքերի վրա… (Վարից վեր նայում է Ներոնի արտահայտությանը և գոհունակություն տեսնելով՝ ավելի համարձակ շարունակում🙂 Առնանդամս եմ ցույց տվել պառավ միանձնուհու… (Նորեն նայում է Ներոնին🙂 Ես մատնելեմ հորս… (Լալաձայն🙂 Ես նախանձում եմ բոլորին… Երբեմն խեղդվում եմ զգացմունքներից, բայց ինչ եմ ուզում՝ չգիտեմ… Ուրախանում եմ յուրաքանչյուրի մահով… Ես նույնիսկ…
ՆԵՐՈՆ — Առաջ անցիր:
ԳԱԼՈՏ — Ես նույնիսկ… հաճույք եմ առնում գերեզմանոցներում… և երբեմն նստում եմ թարմ գերեզմանաթմբի վրա…
ՆԵՐՈՆ — (տարակուսելով): Նստո՞ւմ ես…
ԳԱԼՈՏ — (կերկերաձայն): Նստում եմ… Քաքում եմ:
ՆԵՐՈՆ — (անտարբեր): Միայն այդքա՞նը…
ԳԱԼՈՏ — Մեկ անգամ… կենակցեցի դիակի հետ:
Ներոնը գոհ է: Գալոտը ոգևորվում է, ավելի է բացվում:
ԳԱԼՈՏ — Ես կխաչեի բոլոր հրեաներին:
ՆԵՐՈՆ — (իմիջիայլոց): Դո՞ւ ինչ ես:
ԳԱԼՈՏ — (հլու): Չգիտեմ, կայսր:
ՆԵՐՈՆ – Շարունակի՛ր:
ԳԱԼՈՏ — Ես ատում եմ բարբարոսներին… Ես չեմ սիրում հռոմեացիներին:
Ներոնը հայացքը շպրտում է Գալոտի վրա:
ԳԱԼՈՏ — Բացի…
ՆԵՐՈՆ – Չասես՝ բացի Ներոնից:
ԳԱԼՈՏ — Չէ, չեմ ասի, կայսր:
ՆԵՐՈՆ — (բավարարված): Հիմա մատնիր ուրիշներին:
Գալոտը չորեքթաթ մոտենում է Ներոնին:
ԳԱԼՈՏ — (շշուկով): Կայսր, երեկ քրիստոնյաների ագապիին եկավ Ֆեոդորան…
ՆԵՐՈՆ — (կոպտաձայն): Ո՞վ՝ ասացիր:
ԳԱԼՈՏ — (վախեցած, ընկրկելով): Ֆեոդորան…
ՆԵՐՈՆ — Ֆեոդորան…
ԳԱԼՈՏ — (շշուկով): Եվ նրա հետ՝ հայ գլադիատորը…
ՆԵՐՈՆ — (լարվելով): Քո մասին բարձր էիր ասում… գոռա հիմա էլ… Ո՞վ…
ԳԱԼՈՏ — (բարձր): Ազիատի՜կը…
ՆԵՐՈՆ – Գոռա՛: Չե՛մ լսում:
ԳԱԼՈՏ — (ավելի բարձր): Ազիատի՜կը:
ՆԵՐՈՆ — (նույնպես գռռալով): Ո՞վ:
ԳԱԼՈՏ — (շատ բարձր գոռոցով): Ազիատի՜կը…
ՆԵՐՈՆ – Գոռա՛, ասացի՛:
ԳԱԼՈՏ — (կոկորդը պատռելով): Ազիատի՜կը…
Ներոնը, գազազած, ոտքով հարվածում է Գալոտին, որը մի կողմ է ընկնում, կուչ գալիս անկյունում:
Ներոնը անհանգիստ քայլում է դիմակների առջևով, իր դեմքին դնում է ծիծաղող ծաղրածուի դիմակը, ապա՝ բարձր ճակատով ծերունու դիմակը, հետո՝ գոնջի դիմակը, հաջորդաբար՝ տխուր ծաղրածուի, մահվան դիմակները: Հետո մոտենում է վախեցած—կուչ եկած Գալոտին, բռնելով օձիքից՝ բարձրացնում գետնից, քարշ տալիս այս ու այն կողմ, մի պահ կանգնում, մտածում, շեշտակի շարժումով Գալոտին բարձրացնում է ու նստեցնում իր բազկաթոռին, ինքը ծնկի է գալիս նրա առջև:
ՆԵՐՈՆ — (մահվան դիմակով): Ասա, մատնիչ, ի՞նչ անեմ… Ես ուզում էի սիրել նրան… Ասա՛…
Գալոտը ցույց է տալիս կոկորդը:
ՆԵՐՈՆ — Դա հեշտ է, ախր… նա ինձ պետք է… չես հասկանա… (Լացակումած🙂 Նա շա՜տ է պետք… նա պատասխանը պիտի լիներ շատ հարցերիս… նա պատյանը պիտի դառնար իմ մեղքերի… Հրամայի՛ր, մատնի՛չ, ի՞նչ անեմ… Ինչպե՞ս կարգավորեմ ինձ… Ինչպե՞ս ազատվեմ ազատությունից… Ինձ պետք էր Ազիատիկը… (Քաշում է Գալոտի ոտքերից, ցած իջեցնում աթոռից, նստեցնում կողքը:) Ոչինչ չափ չունի, մատնիչ… Չափը միայն մահն է… Բայց մահն էլ չի չափավորում… Բաց է ամեն ինչ, բաց է… Եվ սարսափելի է… Պետք է մտնել պահի մեջ, փակվել, ապրել պահի մեջ, որ հեռուն չերևա… Հեռուն սարսափելի է, հիմար է, անհայտ է… Քրիստոսը փակում է հեռուն, ես չեմ կարողանում… Քրիստոսը խլում է կյանքը… Ես ևս խլում եմ կյանքը, ի՞նչ տարբերություն մեր միջև… Քրիստոսը անջատում է հոգին մարմնից… (Շոշափում է իր մարմնի մասերը, սեղմում, հարվածում:) Իսկ մարմինը ապրել է ուզում… Մարմինը չի մտածում, մարմինը հրամայում է… Ազիատիկը հոգի է ասում… Ես ուզում եմ փորձարկել նրա միասնության ամրությունը… Թե՞ դա էլ է սուտ:
ԳԱԼՈՏ — Սուտ է, կայսր:
Ներոնը ափով ծածկում է նրա բերանը:
ՆԵՐՈՆ — Ի՞նձ ում ես մատնելու, Գալոտ… Ես մատնված եմ ի սկզբանե:
ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Պալատական զնդան: Ազիատիկը շղթաներով գամված է պատին: Բեմում՝ Ներոնը, Մաքսիմն ու Մարկը:
ՆԵՐՈՆ — (Ազիատիկին): Դու երևի չգիտեիր, որ ես խանդոտ եմ, ես շատ խանդոտ եմ, Վեզուվի չափ խանդոտ եմ… Ես եմ սիրում քեզ, դու գնում ես Հիսուսի մոտ… Ես շատ խանդոտ եմ… Հայ կանայք խանդո՞տ են… Խանդոտ կլինեն… Ուրեմն՝ ես նրանցից խանդոտ եմ… Ամենալաչառ կնոջից խանդոտ եմ… Իմ խանդը բիբլիական է… Ես եմ քեզ սիրում, դու գնում ես Հիսուսի մոտ… Դու՝ իմ գլադիատորը, որ Կոլիզեյում միակ մնացածն ես… Վերջինի, կարծեմ, սիրտը խոցեցիր… Դու տարա՞ր հետդ նրանց դիակները Հիսուսի մոտ: Դու մարդասպա՛ն ես: Դու դա գիտակցո՞ւմ ես… Դու ինձ մոտ եկար, որովհետև մարդ սպանեցիր… Եթե ուզում էիր Հիսուսի մոտ գնալ՝ պիտի զոհվեիր… (Դադար:) Ես քեզ կուղարկեմ Հիսուսի մոտ: Ափսո՜ս… Սակայն մի բան եմ ուզում հասկանալ՝ հոգիդ մարմնիդ հետ ո՞նց ես ներդաշնակում: Դու ուզում ես ազատ լինել: Իսկ ազատությունը դժվար վիճակ է, պիտի որ հասկանայիր, երբ կաշիդ էիր փրկում Կոլիզեյում: Հիսուսը ազատ չէ… նա բանտի մեջ է պահում հոգին: Ազատությունը դժվար վիճակ է: Ես հանդգնում եմ ազատ լինել: Անազատությունն ասում է՝ չի կարելի:
ԱԶԻԱՏԻԿ — Ազատությունն էլ է ասում՝ չի կարելի:
ՆԵՐՈՆ — Բա ո՞նց էիր սուր բարձրացնում մարդկանց վրա… Ո՞ւր էր քո «չի կարելին»: Լռո՞ւմ ես…
ԱԶԻԱՏԻԿ — Ես այդ «չի կարելիին» եմ ուզում հասնել… Ազատության «չի կարելիին»…
ՆԵՐՈՆ — Ազատությունը ունի՞ «չի կարելի»:
ԱԶԻԱՏԻԿ – Ունի՛, կայսր… Եվ ես չեմ կարողանում արժանանալ դրան:
Դադար:
ՆԵՐՈՆ — (մեկուսի): Ես էլ:
Ներս է մտնում ցենտուրիոնը:
ՆԵՐՈՆ — (ցենտուրիոնին): Չգտա՞ք Ֆեոդորային:
ՑԵՆՏՈՒՐԻՈՆ – Փախել է:
ՆԵՐՈՆ — Կայսրությունից փախչել չի լինի: Արգելված է: Ես չեմ արգելում, կայսրությունն է արգելում: Եվ միշտ կարգելի: Հռոմը տակնուվրա արեք և գտեք երկերեսանի պոռնիկին:
ՑԵՆՏՈՒՐԻՈՆ — Քրիստոնյաները անընդհատ թաքստոցները փոխում են:
ՆԵՐՈՆ — Նրանք չեն կարող փոխել մասնակիցներին… Իսկ մասնակիցները մարդիկ են… Եվ ինչ ասես՝ կարող է լինել նրանց մեջ:
Ցենտուրիոնը գնում է:
ՆԵՐՈՆ — (Մարկին ու Մաքսիմին): Հենց վաղը կազմակերպեք գլադիատորների մրցույթ: (Նայելով Ազիատիկին:) Ու ասպարեզ հանեք նորաթուխ գլադիատորների: Տեսնենք ո՞նց է իրագործում իր քրիստոնեական ազատությունը Կոլիզեյում միակ կենդանի մնացած գլադիատորը: (Ազիատիկին.) Դու ի՛մն ես, ուզես, թե չուզես: Եվ չես կարող Հիսուսինը դառնալ: Իսկ այն պոռնիկը՝ Ֆեոդորան, ո՛չ իմն է, ո՛չ Հիսուսինը: Նա չի կարող որևէ մեկինը լինել: Նա պոռնիկ է և միշտ պիտի ճոճվի երկուսի արանքում:
ԱԶԻԱՏԻԿ — Ես ասպարեզ չեմ մտնի:
ՆԵՐՈՆ — (ծիծաղում է): Չե՞ս մտնի… Քեզ կտանեն ու կգցեն Կոլիզեյի ասպարեզում՝ հազարավոր հռոմեացիների աչքի առաջ և կասեն՝ սա հա՛յ է, վախկո՛տ հայ: Նա վախենում է մրցությունից՝ դաշույնի սուր շեղբից, նիզակի ծայրից, հռոմեացու, հաբեշստանցու, եգիպտացու կոշտ հայացքից:
ԱԶԻԱՏԻԿ — Անցյալ անգամ ես ապացուցեցի հայի արժանիքները:
ՆԵՐՈՆ — Անցյալ անգամը անցյալ անգամ է… Մարդկային հիշողությունը մեկ անգամվա համար է… նրան անընդհատ պիտի սնես… նա շարունակ սոված է… Ես կայսր եմ ու ամեն օր պիտի ապացուցեմ, որ կայսր եմ: Մարդիկ կասեն՝ վախը արմատ ուներ հայի մեջ ու հիմա հասունացել է: Կասեն՝ վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ… (Նշանացի կարգադրում է Մարկին ու Մաքսիմին:)
ՄԱՐԿ – Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ…
ՄԱՔՍԻՄ – Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ…
ՆԵՐՈՆ — Հռոմի ամբո՛խ, ավելի՛ միահամուռ:
Ներոնը միանում է Մարկին ու Մաքսիմին, և երեքով, հետզհետե ահագնացնելով, գոռում են. «Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ…»:
ԱԶԻԱՏԻԿ – Հերի՛ք է: Չսպանելու համար էլ խիզախություն է պետք:
ՆԵՐՈՆ — Խիզախությո՞ւն… Դա Հիսո՞ւսն է սովորեցնում… Եթե նման խիզախություն քո ամբողջ ժողովուրդն ունենար, քո երկիրն այլևս չէր լինի քարտեզի վրա: Դու տկարացել ես, Ազիատիկ… Եվ վաղը ամբողջ Կոլիզեյը գոռալու է՝ «Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ…»:
Մարկը և Մաքսիմը վերստին միանում են Ներոնին:
ՄԱՐԿ, ՄԱՔՍԻՄ – Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ…
ԱԶԻԱՏԻԿ — (ջղակծկումով): Խնդրում եմ՝ փակեք ականջներս:
ՆԵՐՈՆ — Եվ այդ հպարտությամբ քրիստոնյա ես ուզում լինել… Հարվածողին մյուս այտդ էլ հրամցնե՞ս… Չէ, Ազիատիկ, չի ստացվի: Ե՛վ հիմա ես ուզում գոյել, և՛ հավերժության մեջ: Ես հիմա՛ եմ ուզում գոյել… Ես կա՛մ… Ես կա՛մ… Հիսուսը չկա՛… Եվ մնացածին քարոզում է անէություն… Դու հավատո՞ւմ ես անէությանը: Երբ մարդ կյանքում է սկսում անէանալ, նա պատրաստ է անէության… Մի՞թե դու՝ իմ Կոլիզեյում միակ կենդանի մնացած գլադիատորը, արդեն սկսել ես քայքայվել, անէության ճամփան ես բռնել… Ուրեմն՝ գնա՛ և մեռի՛ր Կոլիզեյում: Ուրեմն՝ գնա՛ և պառկիր նորաթուխ եգիպտացու տակ… Ուրեմն՝ գնա՛ և պարանոցդ դի՛ր պատանի հույնի սրի տակ… Գնա՛, Ազիատի՛կ… Գնա՛ և լսիր՝ «Վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ, վախկո՛տ հայ» բացականչությունները, որոնք կլցվեն ամբողջ Հռոմում և արձագանք կունենան քո երկրում՝ Հայաստանում… Կիմանան՝ ինչպես պարթևների հայ զինվոր Ազիատիկը գերի ընկավ, ստրուկ դարձավ, գլադիատոր դարձավ և վախեցավ Կոլիզեյից: Ես քեզ ստրկությունից եմ հանում, դու փախչում ես թշվառների կողմը: Ես քեզ կյա՛նք եմ առաջարկում, դու նախընտրում ես մեռելություն: Ես քեզ Հռո՛մն եմ առաջարկում, դու նախընտրում ես հանդերձյա՛լ աշխարհ: (Մարկին և Մաքսիմին.) Ես կարծում եմ՝ նա կմտնի Կոլիզեյ: Գնացինք, և պահակ կարգեք:
Ներոնը գնում է, նրան են հետևում Մարկը և Մաքսիմը, քիչ անց մուտքի մեջ հայտնվում է պահակը:
ԱԶԻԱՏԻԿ — (հոգսաշատ): Ես հոգնել եմ Ազիատիկից… Ես հոգնել եմ այս երկվությունից… Գոնե լրիվ անջատվեին երկուսը իրարից… Կամ մեկը, կամ մյուսը… Ես ո՞րն եմ՝ Կոլիզեյում միակ կենդանի մնացած գլադիատո՞րը, թե՞ սպանությունից տառապող հայը… Բայց ես ապրել եմ ուզում… Խղճով: Մի՞թե խղճով ապրել չի կարելի… Ազիատիկ, հեռացի՛ր ինձանից… Թո՛ղ ինձ հանգիստ իմ ճակատագրի հետ: Թո՛ղ ինձ, Ազիատի՛կ… նոր ճակատագիր մի՛ ստեղծիր… Քո ո՛ւժն է քո ճակատագիրը… Քո առաջի՛ն քայլը… Հեռացե՛ք իրարից, Ազիատիկներ… Հեռացե՛ք… (Թուլանում է, գլուխն իջեցնում կրծքին:) Հեռացե՛ք…
Նույն պատկերը: Գիշեր: Ազիատիկը, արդեն ուժասպառ, կախված է շղթաներից: Չորս բոլորը աչք ածելով, զգուշավոր ներս են մտնում Լիվիլլան և Մալոնիան: Նրանք, իրար մեջ կչկչալով, մոտենում են Ազիատիկին և սկսում արձակել շղթաները: Դրսից աղմուկ է լսվում, նրանք մի պահ քարանում են, ապա նորից անցնում գործի: Ազիատիկը բացում է աչքերը:
ԼԻՎԻԼԼԱ — Մի վախենա, մենք Ֆեոդորայի ընկերուհիներն ենք: Իսկ քո պահակների կոկորդները խցանվել են գինով:
ՄԱԼՈՆԻԱ — Եվ մեր մարմինների հեշտանքը նրանց աչքերին վարագույր է իջեցրել:
ԼԻՎԻԼԼԱ — Այնպես որ՝ մինչև խցանահան գտնվի…
ՄԱԼՈՆԻԱ — Եվ բարձրացվի վարագույրը, մենք քեզ դուրս կբերենք ճարտարապետական այս գլուխգործոցից: Միայն թե՝ պրկիր մկաններդ…
ԼԻՎԻԼԼԱ — Սթափեցրու ուղեղիդ գալարները:
ԱԶԻԱՏԻԿ — Ո՞ւր է Ֆեոդորան:
ՄԱԼՈՆԻԱ – Ապահով տեղ:
ԱԶԻԱՏԻԿ — Հունաստանո՞ւմ…
ԼԻՎԻԼԼԱ — Ավելի մոտ:
ԱԶԻԱՏԻԿ — Հռոմո՞ւմ…
ՄԱԼՈՆԻԱ — Ավելի մոտ… Ներոնի քթի տակ: Ինչպես հայտնի է՝ քթի տակը չի երևում:
ԼԻՎԻԼԼԱ — Դու հիմա լռիր, գլադիատոր… Քեզ ճիգ է հարկավոր քայլելու համար:
Նրանք քակում են շղթաները:
ՄԱԼՈՆԻԱ — Գցիր բազուկդ իմ ուսին:
ԼԻՎԻԼԼԱ – Երկրորդը՝ իմ ուսին:
Նրանք, ուսերին վերցնելով Ազիատիկի բազուկները, գնում են դեպի ելքը:
ՄԱԼՈՆԻԱ — (կչկչալով): Ֆեոդորայի շոշափուկները սուր են:
ԼԻՎԻԼԼԱ — Եվ հոտառությունը՝ ուժեղ:
Դուրս են գնում՝ տանելով Ազիատիկին:
ՊԱՏԿԵՐ ՎԵՑԵՐՈՐԴ
Քրիստոնյաների թաքստոցը մի ուրիշ վայրում: Ֆեոդորան ապաքինում է Ազիատիկի վերքերը:
ՖԵՈԴՈՐԱ — Ո՜նց են վնասել մարմինդ… (Մաքրելով բազկի վերքը:) Այս վերքդ ասես Հռոմի քարտեզը լինի: Սրբել-մաքրել է պետք նրա փողոցները, մայթերը, նեղլիկ նրբանցքները, որ այս երակներն են գծում, հարկերը, որ այս մկաններն են պահում, կրծքավանդակը, որ պահում-պահպանում է հոգին:
ԱԶԻԱՏԻԿ — Կարծում ես, հոգին այդտե՞ղ է:
ՖԵՈԴՈՐԱ — (շոյելով կուրծքը): Սրտի մոտ… Այս երակներով նա լույս է տալիս աչքերին, այս երակներով նա ուժ է հաղորդում ոտքերին, այս մկաններով վսեմություն է ստանում կեցվածքը, այս մկանները գլուխը բարձր են պահում ուսերի վրա, այս մկանները ողնաշարով ազնվաբարոյություն են մղում գագաթին, իսկ այս մկանունքը ապահովում են կապը երկնքի հետ:
ԱԶԻԱՏԻԿ — Ովքե՞ր էին այն երկուսը, որ ինձ դուրս բերեցին զնդանից:
ՖԵՈԴՈՐԱ — (սեթևեթանքով): Այդ ես էի՝ երկուս դարձած:
ԱԶԻԱՏԻԿ – Գիտեմ՝ դու էիր, բայց ո՞ւմ միջոցով երկուս էիր դարձել:
ՖԵՈԴՈՐԱ — Դա թող քեզ չհետաքրքրի… Դու մեկն ես, և երկուսի մեջ չեմ բաժանի քո հոգին:
ԱԶԻԱՏԻԿ — Նրանք անուն ունեին… Ականջիս էին հասնում նրանց շշուկներն ու կչկչոցը:
ՖԵՈԴՈՐԱ — Այդ ես էի շշնջում, իսկ քեզ երկուս էր թվում…
ԱԶԻԱՏԻԿ — Նման խիզախ կանայք արժանի են, որ հայտնի դառնան:
ՖԵՈԴՈՐԱ — (սրտնեղած): Ես հերիք չե՞մ, որ արդեն հայտնի եմ դարձել և՛ Ներոնին, և՛ Հռոմի պալատին… Ու ինձ են որոնում շնագայլերի պես լեգիոներներն ու հեծյալները… Իսկ եթե մեր խիզախությունն է հետաքրքրում, ասեմ, որ մենք՝ այն երկուսը և ես, խիզախորեն մեջքին ենք ընկնում, խիզախորեն տրվում ենք անարժանին… Եվ քեզ շղթաներից ազատելու համար նրանք խիզախեցին մեջքները փոշոտել Ներոնի պալատի հատակներին: ԱԶԻԱՏԻԿ — Ես չէի ուզում վիրավորել:
ՖԵՈԴՈՐԱ — (քմծիծաղով): Վիրավորե՞լ… Մեզ արդեն վիրավորել չի կարելի… մեզ ոչնչացնել է հնարավոր:
ԱԶԻԱՏԻԿ — (զղջախոհ): Եվ պատճառը ես եմ:
ՖԵՈԴՈՐԱ — Ոչ: Պատճառը նորեն մենք ենք: Որոնում ենք ու չենք գտնում… Կեղծում ենք ու տանուլ տալիս… Երջանիկ ենք ուզում լինել ու չգիտենք՝ ինչպես:
ԱԶԻԱՏԻԿ — Եվ ո՞րն է երջանկությունը:
ՖԵՈԴՈՐԱ — Մենք բոլորս ենք որոնում դրա ճամփան:
ԱԶԻԱՏԻԿ — Եվ Ներոնի մոտ, և այստեղ՝ Սիմոնի: (Զղջում է իր ասածի համար:)
ՖԵՈԴՈՐԱ — Ես չեմ վիրավորվում… Ներոնն արդեն մնաց կիսած ձմերուկի կերած մասի մեջ: Ետդարձ չկա… Սիմոնն է այժմ մյուս կեսը:
Հայտնվում է Սիմոնը:
ՍԻՄՈՆ — (զվարթահայաց): Իմ անունը տրվեց ձմերուկի հետ… (Կատակով:) Որի՞ն եք այժմ նախապատվություն տալիս… (Մոտենում է Ազիատիկին:) Կարծում եմ՝ ձմերուկը ավելի հիվանդին է պետք:
ԱԶԻԱՏԻԿ — Ձմերուկը արյուն է հիշեցնում… Կոլիզեյում արյուն շատ թափվեց: ՍԻՄՈՆ — Դու տառապում ես… Տառապանքը ճիշտ ուղու վրա է դնում…
ԱԶԻԱՏԻԿ — Երկընտրանքի մտատանջությունը տառապա՞նք է…
ՍԻՄՈՆ — Երկընտրանքի մի թաթին Աստված է նստած, մյուս թաթին՝ սատանան: Կենտրոնը դու ես: Պետք է ուժ գտնես դիմակայելու, որ մյուս թաթը չծանրակշռի: Սատանան համառ է, խորամանկ, գայթակղիչ: Եթե նա մատը դնում է մեկի վրա, ապա շատ դժվար է հրաժարվում նրանից: Դու գտնվում ես ամենածանր վիճակում: Քո տառապանքը մեծ է լինելու, դաժան:
ՖԵՈԴՈՐԱ — Եղբայր Սիմոն, նա հոգու շուրջ է դեգերում… Քո օգնության կարիքն ունի:
ՍԻՄՈՆ — Մեր սիրո և քո՝ նույնպես:
ՖԵՈԴՈՐԱ — (խաղուն): Ես արդեն սիրում եմ նրան:
ՍԻՄՈՆ — Գիտեմ… Գնահատելի է ձեր անձնազոհ քայլը:
ՖԵՈԴՈՐԱ — Ազիատիկի քայլն ավելի զոհական էր: Նրան այսօր պիտի գլադիատորների մրցույթին մասնակից դարձնեին…
ԱԶԻԱՏԻԿ — (ներամփոփ): Մի կողմը սպանություն էր, մյուս կողմը՝ մահ:
ՍԻՄՈՆ — Հոգու հավերժությունը, եղբայր… Քո ընտրությունը դժվար պիտի լիներ:
ՖԵՈԴՈՐԱ — Ի՞նչ պիտի անեիր, Ազիատիկ:
ԱԶԻԱՏԻԿ — (ուշացած): Չգիտեմ…
ՖԵՈԴՈՐԱ — (կոկետ): Իսկ ես գիտեմ:
ՍԻՄՈՆ — Ոչ, աղջիկս… Դու չես կարող իմանալ տառապանքի եզրը: Այն ամպերի պես է, ջրապտույտի հանգույն, երկերեսանի վիշապի նման, ցերեկվա ու գիշերվա արանքի նման, մի եզրը մթնում է, մյուսը՝ լուսանում, և նորեն մթնում է ու նորեն լուսանում… Իսկ նա արանք է՝ ոչ գիշեր, ոչ լույս… Արանքը տառապանք է… Արանքը անդունդ է… Քայլը՝ կարճ: Պիտի կամ այս եզրին կենաս, կամ՝ այն: Եզրերը հակոտնյա են, թշնամի… Այստեղ Քրիստոսն է, այնտեղ՝ հակաքրիստոսը:
ՖԵՈԴՈՐԱ — Ներոնը:
ՍԻՄՈՆ — Ներո՞նը… Դու այդպե՞ս ես մտածում:
ՖԵՈԴՈՐԱ — Նա այլանդակ է, դաժան, այլասերված…
ԱԶԻԱՏԻԿ — Եվ տառապանք ունի:
Տիրում է ծանր լռություն: Սիմոնն ու Ֆեոդորան սևեռվում են Ազիատիկին:
ՍԻՄՈՆ — Ներո՞նը… տառապա՞նք…
ՊԱՏԿԵՐ ՅՈԹԵՐՈՐԴ
Գիշեր: Վերից լույսի մի խուրձ տեսանելի է դարձնում Սիմոնի և Ազիատիկի դեմքերը:
ՍԻՄՈՆ — Դու ընտրություն չե՞ս արել տակավին:
ԱԶԻԱՏԻԿ — Ես երկու վճռի միջև եմ: Հասկացիր, եղբայր Սիմոն, ես ուժեղ եմ, գեղեցիկ եմ և ես ապրել եմ ուզում: Շնչել, սիրել, երկինքը վայելել այստեղից… Ես փափագում եմ լինել իմ երկրում՝ Հայաստանում: Ես ուզում եմ, որ իմ տանը, իմ քաղաքում սիրեն ինձ, հպարտանան ինձանով: Ես գերի ընկա, բայց ես կռվում էի ազնվորեն: Ես վախկոտ չեմ: Եվ ուրիշի վատը չեմ ցանկանում: Չեմ ուզում չարիք դառնալ մնացածի համար: Ես ամաչում եմ Հայաստանից… Ես կամաչեմ նրանից և՛ իմ սպանությունների համար, և՛ իմ թուլության: Եվ ես չգիտեմ, թե ի՞նչ էի անելու այսօր, երբ Ներոնը նետեր ինձ Կոլիզեյի ասպարեզ: ՍԻՄՈՆ — Դու տառապում էիր այդ մտքից, և Աստված քեզ օգնության եկավ: Նա չթողեց, որ դու հայտնվես ասպարեզ:
ԱԶԻԱՏԻԿ — Աստվա՞ծ… այդ երկու կնոջ միջոցո՞վ…
ՍԻՄՈՆ — Նա ամենուր է… նա բոլորն է… Եվ նա ժամանակ է տալիս քեզ ամփոփվելու քո տառապանքի մեջ: Հակաքրիստոսը քեզ սպանության էր մղում, Քրիստոսը քեզ զերծ պահեց դրանից: Շարունակությունը քո ձեռքում է… Դիմակայի՛ր, եղբայր:
ԱԶԻԱՏԻԿ — Ինչպե՞ս… (Երկու կողմից ամուր սեղմում է գլուխը:) Ինչպե՞ս… Երբ այստեղ մի դիվալլուկ շարժում կա, որն ինձ չի ենթարկվում:
ՍԻՄՈՆ — Որպեսզի նրան քեզ հնազանդ պահես, պայքարել է պետք:
ԱԶԻԱՏԻԿ — (ներչարչարանքով): Ինչպե՞ս… Ինչպե՞ս ես ինձանից փրկվեմ… Այս երկվությունը, որ հոգեմաշ է անում: Այս քրտնաչարչար երկու գիծը ոչ մի կերպ չեն միանում:
ՍԻՄՈՆ — Սուրբ Հովհաննեսը ևս տառապանք ուներ աշխարհից, և նա առանձնացավ անապատում: Եվ միայնության մեջ միեղինացավ ու մարգարեացավ: Նա զսպեց իր կրքերը և կալանդակապեց մարմինը: Հյուծեց սատանային նրա մեջ:
ԱԶԻԱՏԻԿ — Ափսոս չէ՞ իմ այս մարմինը, որն ինձ հրճվանք ու սեր է պարգևում: ՍԻՄՈՆ — Սերն ու հրճվանքը ավելի ընդհանրասփյուռ ու երկնային են, մարմնականից ավելի հրաշալի… Դրա հրաշքը դեռ չես ճաշակել, և հոգու երջանկությունը անհամեմատելի է երկնային երջանկության հետ:
ԱԶԻԱՏԻԿ — Մեկնեմ անապա՞տ…
ՍԻՄՈՆ — Այսպես թե այնպես՝ քեզ ողջ Հռոմն է փնտրում, և ելքդ մեկն է… Պիտի մեկնես անապատ:
ԱԶԻԱՏԻԿ — Ֆեոդորային ու այն երկուսին ևս որոնում են: Մենք կարո՞ղ ենք միասին կենալ անապատում:
ՍԻՄՈՆ — (ժպտուն հանդիմանանքով): Ոչ, եղբայր, քեզ առանձնանալ է պետք, ապաշխարել… Գնա՛ անապատ:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Ներոնի պալատի մի հատվածը: Գլուխնիվայր, ձեռքերի վրա գալիս է Ներոնը: Նրան երկու կողմից օգնում են Մարկը և Մաքսիմը: Վերջապես Ներոնը ոտքի է ելնում:
ՆԵՐՈՆ — Ի՞նչ կասեք… Կարո՞ղ եմ մասնակցել օլիմպիական խաղերին… (Թեթևակի հարվածում է Մարկի ուսին, ապա՝ Մաքսիմի այտին:) Տեսա՞ք, որ կարող եմ ձեռքերի վրա մտնել իմ պալատը… Հռոմի հրապարակից… Քանի՞ ոտնաչափ էր… Երեք հազար կլինե՞ր… (Հանկարծ սևեռվում է Մարկի աչքերի մեջ:) Կասկածո՞ւմ ես…
ՄԱՐԿ — Ոչ, կայսր:
ՆԵՐՈՆ — (դիմայլակ): Ճի՞շտ ես ասում:
ՄԱՐԿ — Երդվում եմ:
ՆԵՐՈՆ — Եթե քո այս երդումը կայսրին տված երդումի նման է, ուրեմն դու դավաճան ես: Թե՞ կարծում ես՝ այնքան միամիտն եմ, որ չզգացի, թե ձեր ձեռքերը ոտքերիս մոտ էին: (Մաքսիմին.) Դո՞ւ ինչ կասես:
ՄԱՔՍԻՄ — (խուսափուկ): Մի փոքր մասնակցեցին մեր ձեռքերը:
ՆԵՐՈՆ — Մասնակցեցի՞ն…
ՄԱՔՍԻՄ — Ուղղության համար միայն: Քո գլուխը ներքևում էր, և դժվար էր կողմնորոշվել:
ՆԵՐՈՆ — Աշխարհակալ կայսրի գլուխը ներքևում էր: (Ծիծաղում է:) Դու լրիվ ճշմարտությունը չես ասում: Դու չես ասում, թե վերևո՞ւմ ինչ էր:
ՄԱՔՍԻՄ — (անհամարձակ): Ոտքերը, կայսր:
ՆԵՐՈՆ – Անտաղա՛նդ… Քեզանից արտիստ չի դուրս գա: (Մարկին.) Դո՛ւ ասա. վերևում ի՞նչ էր:
ՄԱՐԿ — Սանդալիները, կայսր:
ՆԵՐՈՆ — Դու էլ տաղանդից զուրկ ես: (Վեհանձն կեցվածք ընդունելով:) Վերևում ի՞նչ էր: (Փոքր-ինչ սպասում է:) Վերևում ամենագլխավորն էր… Հռոմի իսկական տիրակալը: (Ուրախ:) Անտաղանդնե՛ր… (Մոտենում է դիմակներին, դեմքը ծածկում ուրախ ծաղրածուի դիմակով:) Ամեն ինչում, բոլոր գործերում պետք է արտիստ լինել: (Քայլում է դիմակների առջևով:) Այսքան ժամանակ անցավ, և չկարողացաք տեղն իմանալ մի ստրուկի և մի պոռնիկի: (Հարձակվում է դիմակներից մեկի վրա և հետը խոսում:) Ասացի, որ դու ինձ պետք ես… Կարծում ես՝ հեռո՞ւ պիտի գնաս… Ուր էլ գնաս՝ դու ի՛մն ես… Որքան փախչես, այնքան կմոտենաս… Դու իմն ես, գլադիատոր Ազիատիկ… Որքան իմ ազդեցությունը նվազի, այնքան ես կշատանամ, կահագնանամ քո մեջ… Ես բնակվում եմ քո յուրաքանչյուր բջիջում… Մեկ տարի ես քեզ թողեցի քեզ հետ, որ, ինձանով հղի, ծննդաբերես ինձ… Հիմա արդեն ժամանակն է, և ես ուզում եմ տեսնել քեզ: (Հանում է դիմակը: Մարկին և Մաքսիմին.) Բերեք Գալոտին:
Մարկն ու Մաքսիմը դուրս են գնում: Գալիս է Գալոտը:
ՆԵՐՈՆ — Եկա՞ր… (Ուշադիր նայում է Գալոտի դեմքին:) Այսպես դու միայն ի՞նձ ես ժպտում, թե՞ ուրիշների հետ էլ այսքան այլանդակ ես:
ԳԱԼՈՏ — Միայն քեզ եմ ժպտում, կայսր:
ՆԵՐՈՆ — Պիտի եզրակացնեմ, որ ուրիշների հետ այլանդակ չես:
ԳԱԼՈՏ — (հաճոյակամ): Ուրիշների հետ այլ կերպ եմ այլանդակ: Քեզ տեսնելիս ես ինձ երջանիկ ես զգում:
ՆԵՐՈՆ — Երջանկության այլանդակություն… Լավ թեմա է… Պարադոքսի օրինակ… Կարելի է երգ դասավորել:
ԳԱԼՈՏ — Կարելի է, եթե դու անես, կայսր:
ՆԵՐՈՆ — (բռնում է Գալոտի օձիքը և քարշ տալիս): Ասա՛, իմ մասին ի՞նչ վատ բան ես մտածել այսօր:
ԳԱԼՈՏ — Վատ բա՞ն… Երբեք:
ՆԵՐՈՆ — (սպառնալից): Գալո՜տ… Դու քո ժանրից դուրս ես գալիս: Գիտես, չէ՞, որ ես մաքուր արվեստի կողմնակից եմ:
ԳԱԼՈՏ — Ճիշտն ասած՝ վախ եմ զգացել: Ամեն անգամ, երբ դու կանչում ես ինձ, ես վախ եմ զգում:
ՆԵՐՈՆ — Վախ բոլորն են զգում… Դու Գալոտն ես, քո ներքնահարկերը խորն են և հոտած: Ես հոտը հիմա էլ եմ զգում, ու եթե չբացես դրանց բովանդակությունը…
ԳԱԼՈՏ — (շտապ վրա բերելով): Վախի հոտ է, կայսր… (Ուշացումով, անվստահ:) Ախր, ասելու բան չի…
ՆԵՐՈՆ — Ոչինչ, դու ասա… Հո գիտես՝ որքան ասելիքդ ասելու բան չի, այնքան ինձ հաճելի է:
ԳԱԼՈՏ — Պոմպեյում մի հարճ եմ պահում… (Քննախույզ վարանքով հետևելով Ներոնին:) Գեշախտով հիվանդ… Չեմ թողնում՝ բուժվի…
ՆԵՐՈՆ — (գրգռված հետաքրքրասիրությամբ): Ինչո՞ւ…
ԳԱԼՈՏ — Թշնամիներիս ուղարկում եմ նրա մոտ:
ՆԵՐՈՆ — Թշնամիների՞դ…
ԳԱԼՈՏ – Երբեմն՝ բարեկամներիս:
ՆԵՐՈՆ — Որ ի՞նչ:
ԳԱԼՈՏ — (անորոշ կմկմոցից հետո): Որ վարակվեն, կայսր… (Եվ, վախեցած, դեմքն է պաշտպանում:)
ՆԵՐՈՆ – Կեցցե՛ս, զարմացրիր:
ԳԱԼՈՏ — Շնորհակալ եմ:
ՆԵՐՈՆ — Չէի մտածել: Եվ ո՞ւմ ես ուղարկել վերջերս:
ԳԱԼՈՏ — Մանկությանս ընկերոջը… Անպիտանը շատ էր մաքուր… Երկար եմ համոզել:
ՆԵՐՈՆ — Եվ վարակվե՞ց:
ԳԱԼՈՏ — Դեռ չգիտեմ:
ՆԵՐՈՆ — (ծիծաղի միջից): Չմոռանաս ինձ տեղեկացնել:
ԳԱԼՈՏ — (նույնպես ծիծաղի միջից): Անպայման, կայսր:
ՆԵՐՈՆ — (լրջանալով. կոպտաձայն): Հիմա ասա, որտե՞ղ է Ազիատիկը:
ԳԱԼՈՏ — Ֆեոդորան չքացել է…
ՆԵՐՈՆ — (ավելի խիստ): Ես Ազիատիկ ասացի:
ԳԱԼՈՏ — Ազիատիկը անապատում է, բայց ո՞ր անապատում, իրենք էլ՝ քրիստոնյաները, չգիտեն:
ՆԵՐՈՆ — Որտե՞ղ են թաքնվում Սիմոնի թշվառականները:
ԳԱԼՈՏ — (անվստահ): Հռոմից դուրս են եկել:
ՆԵՐՈՆ — Որտե՞ղ են թաքնվում Սիմոնի թշվառականները:
ԳԱԼՈՏ — (կծկվելով): Կայսր, ինձ ամեն ինչ չէ, որ վստահում են:
ՆԵՐՈՆ — Քո հոտը շատ ուժեղ է, Գալոտ… Եվ միայն ես կարող էի հանդուրժել… (Փոխելով տրամադրությունը:) Դու թատրոն սիրո՞ւմ ես:
ԳԱԼՈՏ — Երբ դո՛ւ ես խաղում, կայսր:
ՆԵՐՈՆ — (կանչում է): Մաքսի՜մ, Մա՜րկ…
Մարկն ու Մաքսիմը ներս են մտնում:
ՆԵՐՈՆ — Տարեք սրան իմ թատրոնը:
ԳԱԼՈՏ — (սարսափած): Կայսր…
ՆԵՐՈՆ — Եվ չմոռանաք դիմակը բերել: Արժանավոր կերպար է:
Մաքսիմն ու Մարկը տանում են Գալոտին: Ներոնը վերցնում է ուրախ ծաղրածուի դիմակը:
ՆԵՐՈՆ – Ե՛ս եմ… Եվ աշխարհը իմ մեջ է ամփոփված, և ես ճշգրիտ եմ բոլոր ժամանակների համար: (Ընդունելով ընդգծված դերասանական կեցվածք:) Եվ ես մեծ արտիստ եմ:
ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Հյուղակ անապատում: Ներս է մտնում Ազիատիկը՝ ձեռքին չորացած մացառներ: Նա անճանաչելի է. չափից ավելի նիհարած, երկար մազմորուսով, ոտաբոբիկ, հագին՝ բալախոն: Նա ծալապատիկ նստում է հատակին և մաքրում-դասավորում է մացառները:
ԱԶԻԱՏԻԿ — Անցավ մեկ տարին, մարմնիս սահմանները փոքրացան, ցանկություններս նվազեցին, ես զուսպ եմ իմ տվայտանքներում, բայց մի թրթիռ կա ներսս, մի երերուն սահմանագիծ, որը կախովի կամուրջի պես ճոճվում է… Անցնում եմ նրա վրայով զգույշ, լարված… Որքան ժամանակ կարող եմ այդ սևեռումն ու զգուշությունը պահպանել: Ամբողջ մի կյանք անցնել այս կամուրջով, այսպես լարված, այսպես զսպված… Քնած են գիշատիչների նման իմ մղումները շատ խորը, շատ հեռվում, բայց շարժվում, դողդողում են նրանց կոպերը ու ինձ սարսափ են ներշնչում, որ հանկարծ կարող են բացվել: Ու ճիգ է հարկավոր, ահավոր դժվարին ճիգ՝ նրանց աչքերը փակ պահելու համար: Ես նրանց չեմ կարողանում սպանել, հավերժ քնացնել: Սա վիճակ է և ոչ էություն… Եվ ինչո՞ւ և ի՞նչ նպատակով է Աստված տվել այդ տառապագին, ներչարչարելի աշխատանքը… Գիշատիչներին քնած պահելու փորձությունը… (Փոքր դադար:) Մարմինս թեթևացավ, և հիմա հեշտ եմ պահում այս կամուրջի վրա: Ու սնվում եմ այս մացառներով ու մորեխներով… Գիշատիչները մացառ ու փուշ չեն ուտում… Հարկավոր է լոկ նրանց քիմքին հարմար կեր տամ, և նրանք կարթնանան: (Նայում է վեր:) Ինչո՞ւ ես ինձ ընտրել այդ փորձության նպատակով, Աստված: Ինչո՞ւ տվեցիր ինձ ուժ ու հզորություն և արգելում ես դրանց իրագործումը:
Ներս է մտնում Սիմոնը և նրա ետևից՝ Ֆեոդորան:
ՖԵՈԴՈՐԱ — (աչք ածելով շուրջը): Ո՞ւր է Ազիատիկը:
ՍԻՄՈՆ — Ո՞ր Ազիատիկը:
ՖԵՈԴՈՐԱ — Իմ Ազիատիկը… (Տնտղում է չորսբոլորը, մոտենում գետնին նստած Ազիատիկին:) Դու մենա՞կ ես… Ո՞ւր է Ազիատիկը:
Ազիատիկը ոտքի է ելնում:
ԱԶԻԱՏԻԿ — Դու չճանաչեցի՞ր ինձ…
ՖԵՈԴՈՐԱ — Քե՞զ… Դու ո՞վ ես… Ազիատիկի ընկե՞րը… Հա՞յ ես…
ՍԻՄՈՆ — (բավարարված): Նա մեր Ազիատիկն է:
ՖԵՈԴՈՐԱ — (շոշափում է Ազիատիկի մորուքը, ուսերը, ձեռքերը, ուշադիր նայում աչքերի մեջ): Ազիատի՞կ… Դո՞ւ ես…
ԱԶԻԱՏԻԿ — Ես եմ, Ֆեոդորա…
ՍԻՄՈՆ — Նա է… Եվ Աստծո զորությունը բացահայտ է նրա վրա:
ՖԵՈԴՈՐԱ — (հայացքը չկտրելով Ազիատիկի աչքերից): Փոխվել է մարմինը, փոխվել են ուսերը, բազուկները, բայց ինչո՞ւ պիտի փոխվեին աչքերը… Սրանք Ազիատիկի աչքերը չեն:
ՍԻՄՈՆ — Աստված է բնակություն հաստատել նրանց մեջ:
ԱԶԻԱՏԻԿ — Դեռ ոչ բոլորովին, եղբայր Սիմոն:
ՖԵՈԴՈՐԱ — (առանց իր լարված կեցվածքը փոխելու): Խամրել են աչքերը:
ՍԻՄՈՆ — Հեզացել են:
ՖԵՈԴՈՐԱ — Ո՞ւր է այն կրակը, որ բոցավառվում էր աչքերի մեջ:
ՍԻՄՈՆ — Բոցը սատանայից էր:
ՖԵՈԴՈՐԱ — (մեղմանալով, փարվում է Ազիատիկին): Իմ խե՜ղճ Ազիատիկ…
ՍԻՄՈՆ — Նա խեղճ չէ, աղջիկս, նա մաքուր է… նա բարեմիտ է… նա չի ուզենա մարդ սպանել…
ՖԵՈԴՈՐԱ — Նա չի կարողանա մարդ սպանել:
ԱԶԻԱՏԻԿ — (փաղաքշելով Ֆեոդորային): Ես չունեմ ցանկություն մարդ սպանելու…
ՍԻՄՈՆ — Նա չի ատի…
ՖԵՈԴՈՐԱ — Նա ատելու կարողություն չունի: Իմ խե՜ղճ Ազիատիկ… Ի՜նչ ես արել դու քեզ… Ինչո՞ւ ես արել…
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Ներոնի պալատի հատվածը: Ներոնը մի դիմակ ևս ավելացնում է իր հավաքածուին՝ պատի վրա: Ներս է մտնում Գալոտը:
ՆԵՐՈՆ – Տեսնո՞ւմ ես, Գալոտ… մի դիմակ պակասում է… քո դիմակը:
ԳԱԼՈՏ — Շնորհակալ եմ, կայսր: Բայց ես կենդանի ավելի եմ պետք:
ՆԵՐՈՆ — Իմ շրջապատում ամենամեղսակիր, ամենաաղտեղամիտ մարդը… Գիտես, չէ՞, ինչու քո դիմակը չկա այս պատին: Որովհետև դու դիմակ չունես: Քո մեղքերը բաց են իմ դիմաց: Շարունակիր այդպես և դու երկար կապրես Հռոմում:
ԳԱԼՈՏ — Պատրաստ եմ, կայսր:
ՆԵՐՈՆ – Դու՝ իմ մխիթարանքը… մարդու իսկական պատկերը: Դու պիտի ապրես շատ երկար… հազար, երկու հազար տարի, որ միշտ դիմակների տակ տեսնեն մարդու իսկական էությունը: Որպեսզի ժամանակ անց չասեն՝ «Ներոնը հրե՛շ էր… Ներոնը հակամա՛րդ էր… Ներոնը դժոխքի՛ ծնունդ էր»:
ԳԱԼՈՏ — Չեն ասի, կայսր:
ՆԵՐՈՆ — Այդ կեղտոտ քրիստոնյաները ասում են:
ԳԱԼՈՏ — Քրիստոսի դիմակն են դրել իրենց դեմքերին:
ՆԵՐՈՆ — Ոչ, Գալոտ… Նրանք իրենց հոգիներն են կաշկանդել Քրիստոսի ստով: Եվ նրանք այդ ստով միայն մեռնել կարող են: Այդ սուտը ապրելու համար չէ… Մարդու կյանքի համար չէ: (Հերթով ապտակում է պատի վրայի դիմակներին: Հասնում է Գալոտին, Գալոտը դեմքը դեմ է անում:) Գալոտ… Դու պատրա՞ստ ես:
ԳԱԼՈՏ — Պատրաստ եմ: Քո ապտակը իմ կենդանության ապացույցն է:
ՆԵՐՈՆ — Երբեմն խելոք ես: Ավելի ճիշտ՝ միշտ ես խելոք: Սրիկա լինելու համար խելք է հարկավոր… ներքուստ ազատ լինելու համար, որ դիմակավորները այլանդակություն են անվանում, խելք ու կամք է հարկավոր: Հիմա ասա, ժամանակն է արդեն, իմացա՞ր տեղը Ազիատիկի:
ԳԱԼՈՏ — Իմացա, ամենազոր… Ազիատիկը հայտնվել է Հունաստանում… Աթենքի քրիստոնյաների թաքստոցում:
ՆԵՐՈՆ — Թաքստոցո՞ւմ… Ուրեմն դու տեղը չգիտե՞ս:
ԳԱԼՈՏ — Գիտեմ, թաքստոցի տեղն էլ գիտեմ: Թեպետ իմ դիմակը նրանց վստահություն չի ներշնչում, այնուամենայնիվ, ես եղա նրանց մեջ:
ՆԵՐՈՆ — Եվ քեզ կենդանի՞ թողեցին:
ԳԱԼՈՏ — Նրանք թշնամուն սիրել են քարոզում, իսկ ես դեռևս թշնամի չեմ նրանց համար:
ՆԵՐՈՆ — Քո դիմա՛կը:
ԳԱԼՈՏ — Իմ դիմա՛կը:
ՆԵՐՈՆ — Ես թշնամուս սիրում եմ հակադրության համար: Իմ կրքերն է բորբոքում հակառակը: Սակայն ես ոչնչացնում եմ նրան: Իսկ այդ ստախոսները քարոզում են ներել ու սիրել թշնամուն… Հիմա ասա, Գալոտ, ո՞վ է այլանդակ:
ԳԱԼՈՏ — Իհարկե, նրանք:
ՆԵՐՈՆ — Բայց Ազիատիկը այլանդակ չէ: Նա իմն է:
ԳԱԼՈՏ — Բերե՞նք:
ՆԵՐՈՆ — Ոչ: Այդ առաջ էի ուզում, երբ գազազած էի… Որ բերեք՝ իմը չի լինի: Իր ոտքով, իր կամքով պիտի գա: Համոզված եմ՝ նա ճիշտ ընտրություն կանի: Նա իմ հաստատումն է: Նա մարդու հաստատումն է: Իսկական մարդու: Առանց ստի ու դիմակի: Աստվածները նրան ուժեղ են ստեղծել: Նա իմ Կոլիզեյի միակ կենդանի մնացած գլադիատորն է: Նա կգա Հռոմ: Նա կմտնի Կոլիզեյ… Նա նորեն կենդանի կմնա… Եվ նա իմը կլինի: Եվ ես նրան կսիրեմ:
ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Քրիստոնյաների թաքստոցը Աթենքում: Ազիատիկ և Ֆեոդորա: Նրանք երկար ժամանակ լուռ են:
ԱԶԻԱՏԻԿ — Ես մեկ տարի լռության հետ եմ եղել… Լռությունը հարթության քույրն է…
ՖԵՈԴՈՐԱ — Փառք Աստծո, խոսեցիր…
ԱԶԻԱՏԻԿ — Խոսեցի՞… Ես լո՞ւռ էի… (Շուրջն է նայում:) Ես քնե՞լ էի…
ՖԵՈԴՈՐԱ — (առանց ցանկության): Քնելէիր:
ԱԶԻԱՏԻԿ — Որքա՞ն ժամանակ…
ՖԵՈԴՈՐԱ — Որ ասեմ՝ կես օր, կբավարարի՞ քեզ:
ԱԶԻԱՏԻԿ — Կես օ՞ր… Կատակո՞ւմ ես…
ՖԵՈԴՈՐԱ — (անտրամադիր): Կատակում եմ: Մեկ օր:
ԱԶԻԱՏԻԿ — Ես, ի՞նչ է… հիվա՞նդ եմ:
ՖԵՈԴՈՐԱ — Եթե քունը կարելի է հիվանդությո՞ւն համարել…
ԱԶԻԱՏԻԿ — Ես քնել չեմ սիրում և չեմ սիրել երբեք:
ՖԵՈԴՈՐԱ — Բայց վերջերս անընդհատ քնում ես… Քունը դարձել է և՛ լռության, և՛ հարթության քույրը:
ԱԶԻԱՏԻԿ — (մեղավոր): Ես քեզ գրգռո՞ւմ եմ:
ՖԵՈԴՈՐԱ — (սրտմտանքով): Եթե քունը քեզ հետ չնույնացնեմ, ապա՝ գրգռում է:
ԱԶԻԱՏԻԿ — Հիշո՞ւմ ես, դու մի առիթով ասացիր, որ Աստված շշուկով է խոսում, սատանան ճչում է: Հիմա ինձ մոտ Աստծո ձայնը ավելի հստակ է, ավելի բարձր:
ՖԵՈԴՈՐԱ — (թերասումով): Երբ քնած ես, սատանան է՞լ է հետդ քնած:
ԱԶԻԱՏԻԿ — Դժբախտաբար, քո ասածի մեջ ճշմարտություն կա… Սատանային միայն քնացնել եմ կարող, վռնդել դեռ չի ստացվել: Նա միշտ դռանս է կանգնած:
ՖԵՈԴՈՐԱ — Երևի վռնդելու միջոցը մա՞հն է:
ԱԶԻԱՏԻԿ — Մա՞հը… Իսկ ես դեռ ապրո՞ւմ եմ…
ՖԵՈԴՈՐԱ — (զարմանքով): Ապրո՞ւմ ես…
ԱԶԻԱՏԻԿ — Այսպիսի կյանքը քեզ դուր չի գալիս:
ՖԵՈԴՈՐԱ — (երկար լռելուց հետո): Ո՞ւր է գեղեցիկ հայը… ո՞ւր է հզոր գլադիատորը… ո՞ւր է Ապոլոնի մարմինը, որի յուրաքանչյուր մկան կյանք էր ներշնչում:
ԱԶԻԱՏԻԿ — Եվ մահ…
ՖԵՈԴՈՐԱ — Այո, և մահ… թշնամուն:
ԱԶԻԱՏԻԿ — Իսկ ներո՞ւմը…
ՖԵՈԴՈՐԱ — Ներո՞ւմը… (Անհանգիստ՝ այս ու այն կողմ է քայլում:) Դու մեկ օր քնած չէիր… Դու ուշաթափ էիր:
ԱԶԻԱՏԻԿ — Պաս պահելուց, երևի:
ՖԵՈԴՈՐԱ — (մերկացնելով իր զիստերը): Տեսնո՞ւմ ես այս նշանները… Սրանք ոտքի հետքերն են… Դու նույնիսկ չես հիշում դիպվածը:
ԱԶԻԱՏԻԿ — Կարծես մտաբերում եմ… մի փոքրիկ գժտություն փողոցում՝ հարբեցող խուժանի հետ, հա՞…
ՖԵՈԴՈՐԱ — (չոր): Այդ խուժանը հարձակվեց ինձ վրա, և դու չկարողացար անգամ պաշտպանել ինձ: (Խայթիչ:) Նրանց պարգևած քնաբերը ուժեղ էր:
ԱԶԻԱՏԻԿ — Ես խաղա՞ղ էի շատ:
ՖԵՈԴՈՐԱ — (եռանդն ավելացնելով): Ո՞ւր է հպարտ հայը… Կոլիզեյում միակ կենդանի մնացած գլադիատորը:
ԱԶԻԱՏԻԿ — Դու հոգի էիր ուզում, ես ամբողջովին հոգի եմ… Չկա մարմինը այլևս, չկա գլադիատորը:
ՖԵՈԴՈՐԱ — (բացահայտ, որոշակի): Երկուսը միասին է ինձ պետք:
ԱԶԻԱՏԻԿ — Իսկ Աստծո՞ւն…
ՖԵՈԴՈՐԱ — (կծու): Երբ նրա մոտ կգնաս, այն ժամանակ մարմինդ պետք չի գա: Իսկ այստեղ հոգիդ չեմ կարող գրկել, շոշափել իմ մարմնական ձեռքերով… Նայիր… (Պարզում է ձեռքերը:)
Մտնում է Սիմոնը:
ՍԻՄՈՆ — Մենք այլևս կարող ենք Հռոմ մեկնել: Ուղեկցորդ կա… Այսօր եկել է Հռոմից և ձիեր բերել… մեր հին բարեկամը… Ահա և նա:
Շեմին հայտնվում է Գալոտը:
ԳԱԼՈՏ – Ողջո՛ւյն…
ՖԵՈԴՈՐԱ — (աշխուժացած): Հռոմում ինչպե՞ս է…
ԳԱԼՈՏ — Խաղաղություն… Ներոնը իր թատրոնով է զբաղված և մեզ, կարծես, մոռացել է:
ՍԻՄՈՆ — Ուրեմն մենք կարող ենք մեկնել:
ԳԱԼՈՏ — Ձիերը պատրաստ են:
ՍԻՄՈՆ — Մենք հիմա կգանք:
Գալոտը դուրս է գնում:
ՍԻՄՈՆ — (Ազիատիկին): Դու ի վիճակի՞ ես ձիու վրա պահել քեզ:
ԱԶԻԱՏԻԿ — (ուշացած): Ես չեմ գա Հռոմ, եղբայր Սիմոն:
ՍԻՄՈՆ — (տարակուսած): Քո խոսքը ոչ մի բանի չի կարելի հարմարեցնել:
ԱԶԻԱՏԻԿ — Ես ևս դեռ ոչ մի բանի չեմ հարմարվել… Ո՞ւր գնամ Հռոմ… նրա ո՞ր անկյունում կենամ… (Նայում է Ֆեոդորային:) Ներոնի՞ մոտ… (Սիմոնին.) Թաքստոցներո՞ւմ… Քարանձավներո՞ւմ… Քարանձավներ Հայաստանում էլ շատ կան…
Սիմոնը հարցական նայում է Ֆեոդորային:
ՖԵՈԴՈՐԱ — Ես ձիու վրա ինձ լավ եմ զգում:
Ֆեոդորան դուրս է գնում:
ՍԻՄՈՆ — Դու չե՞ս հետևելու Ֆեոդորային:
ԱԶԻԱՏԻԿ — (մեղմ): Ես հիմա գլադիատոր չեմ:
ՍԻՄՈՆ — Դու քրիստոնյա ես:
ԱԶԻԱՏԻԿ — (տխուր): Ոչ էլ՝ քրիստոնյա:
ՍԻՄՈՆ — Այդ ո՞ւմ միտքն ես հայտնում, եղբայր:
ԱԶԻԱՏԻԿ — Իմ ներքին անէությանը:
Որոշ ժամանակ լուռ են:
ՍԻՄՈՆ — Ո՞ւր ես գնալու այժմ, եղբայր:
ԱԶԻԱՏԻԿ — Հայաստան… Եթե անցնեմ կայսրության սահմանը… Ես հույն բարեկամներ եմ գտել:
Սիմոնը խաչակնքում է Ազիատիկին, համբուրում ճակատը:
ՍԻՄՈՆ — Ճամփադ օրհնած լինի… Հայաստանն էլ Աստծուն է: Այնտեղ էլ տեսանելի կլինի Հիսուսի սուրբ դրսևորույթը… (Դուրս է գնում:)
ԱԶԻԱՏԻԿ — Իմ ճամփան երկար կլինի… Ե՛վ Հայաստան, և՛ Աստծո մոտ… (Նայում է չորս բոլորը, դռան կողմը:) Մնաս բարով, Ֆեոդորա… Մնաս բարով, Հռոմ…