Այսօր Վարպետը կդառնար 90 տարեկան

Սոս Սարգսյանի խաղացանկում կա մի դեր, որն անչափ շատ է սիրում հենց ինքը` դերասանը: Նա այդ դերի հետ է գրեթե ամեն օր: Դա վարպետ Մկրտիչն է (ևս մի վարպետ Մկրտիչ նրա խաղացանկում) ռեժիսոր Արման Մանարյանի «Հեղնար աղբյուր» ֆիլմում:
Ո՞վ է վարպետ Մկրտիչը Սոս Սարգսյանի կատարմամբ: Նախ և առաջ նա հարգված անձնավորություն է: Այդ հարգանքին նա արժանացել է իր վեհանձն բնավորության, կյանքի խորը ճանաչողության և բանիմացության շնորհիվ: Նա այնքան ինքնամփոփ անհատականություն է, որ սեփական դժբախտությունն անգամ չի հանում նրան հավասարակշռությունից: Այնքան ինքնամփոփ է, որ դժվար է նկատել` սիրո՞ւմ է նա Հեղնարին, թե ոչ: Ֆիլմում նրա մեծ սերը արտահայտվել է միայն Հեղնարի մահվան տեսարանում: Լռելյայն, սիրազեղ նա նայում է իր ձեռքերի վրա հանգչող Հեղնարին: Այդ պահին նա չի էլ մտածում իր պատվի մասին: Չսիրող տղամարդն այդպես չէր վարվի իրեն պատվազրկող կնոջ հետ:
Սարգսյանի Մկրտիչը ո՛չ եսասեր է, ո՛չ էլ քինախնդիր: Կառուցելով իր «հրաշք աղբյուրը», նա չի փորձել փրկել միայն իր պատիվը (դա հասարակ խնդիր է թե՛ կերպարի, թե՛ ֆիլմի համար): Ավելի մեծ են նրա նպատակները: Մկրտիչը իր «հրաշքով» ջանում է կանխել ընտանիքների քայքայումն ընդհանրապես, ինչ-որ ձևով ամուր պահեք ընտանիքի հիմքը:
— Ինչո՞ւ նա չի ցանկանում, որ աղբյուրի «հրաշքը» բացվի:- Հաճախ այս հարցը իրենց համար զենք են դարձնում Մկրտիչին մեղադրողները: Ըստ իս, աղբյուրի գաղտնիքը վարպետի համար չուներ լոկ առարկայական իմաստ: Այդ գաղտնիքի և աղբյուրի վրա փորագրված մակագրության իմաստի մեջ կա վարպետի հրաշքը, հրաշք, որը ոչ այլ ինչ է, քան Մկրտիչի ժամանակակիցների հավատավոր հոգու հավատամքը: Սարգսյանի Մկրտիչը ցանկանում է, որ այդ հավատամքը մնա, չսրբապղծվի, որ այդ հավատամքն ուղեկցի մարդկությանը:
Սերգեյ ԳԱԼՍՏՅԱՆ✍️
***
Հատված «Բացահայտվող տաղանդի գաղտնիքները» հոդվածից
Գարուն», 1976, 10

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։