Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ / ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ

 

Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆԻ «ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 20010 թ., թիվ 3-ում

 

 

 

Ալեքսանդր ՎՈԼՈԴԻՆ

 

ՀԻՍՈՒՍԻ ՄԱՅՐԸ

 

Մեր թվարկության երեսուներեքերորդ տարին:

Հիսուսի մոր՝ Մարիամի տունը:

Բաց դռան շեմին կանգնած է Դուստրը. նա հենց նոր է ներս մտել և զննում է սենյակի կիսախավարը: «Մայրիկ»,- մեղմ կանչում է նա:

 

ՄԱՅՐ — Ի՞նչ է: Ո՞ւր է տղաս:

ԴՈՒՍՏՐ — Ապաստան տվող մարդիկ գտնվեցին՝ տղայիդ տարա նրանց մոտ:

ՄԱՅՐ — Տեսնո՞ւմ ես, որ չեն վախեցել:

ԴՈՒՍՏՐ — Իսկ հիմա ո՞վ չի վախենում: Դողում են: Ամենահավատարիմ բարեկամներն անգամ թաքնվել են: Բոլորն անհետացել են ինչ-որ տեղ, ոչ մեկին չես գտնի: Իսկ հավատարիմ բարեկամ Պետրոսն առաջինը ուրացավ:

ՄԱՅՐ — Չարախոսում ես: Լավ չէ:

ԴՈՒՍՏՐ — Ի՞նչը լավ չէ:

ՄԱՅՐ — Պարզապես լավ չէ:

ԴՈՒՍՏՐ — Դու կարո՞ղ ես մարդավարի բացատրել, թե ինչն է վատ:

ՄԱՅՐ — Ի՞նչ:

ԴՈՒՍՏՐ — Հարցնում եմ՝ ի՞նչն է վատ:

ՄԱՅՐ — Հա… (Փողոցին ունկնդրելով🙂 Նա ի՞նչ էր ասում: Ուրիշներին մի՛ դատիր, որ քեզ չդատեն:

ԴՈՒՍՏՐ — Չգիտեմ, չեմ լսել, որ նա այդպիսի բան ասած լինի:

ՄԱՅՐ — Հարցրու մարդկանց, ովքեր լսել են:

ԴՈՒՍՏՐ — Բոլորն ինչ-որ բան են լսել: Ամեն մեկը մի բան է լսել: Ոմանք էլ ասում են՝ մենք նրա սաներն ենք: Ուսանեցինք, սովորեցինք ու ոչ մի բան էլ չսովորեցինք:

ՄԱՅՐ — Բայց և այնպես ես կգնամ:

ԴՈՒՍՏՐ — Ո՞ւր:

ՄԱՅՐ — Այնտեղ:

ԴՈՒՍՏՐ — Հիմա՞: Ինչո՞ւ:

ՄԱՅՐ — Ո՞վ գիտի…

ԴՈՒՍՏՐ — Ասենք թե՝ գնացիր: Այնտեղ արդեն ոչ ոք չկա:

ՄԱՅՐ — Չգիտեմ: Կգնամ, կփարվեմ դամբարանին:

ԴՈՒՍՏՐ — Կձերբակալեն:

ՄԱՅՐ — Թող բանտարկեն:

ԴՈՒՍՏՐ — Ուրեմն, ես էլ քեզ հետ կգամ: Թող տեսնեն: Թե չէ ստացվում է, որ երբ նա ողջ էր, ամբոխներ էին հետևում նրան, իսկ երբ մահապատժի ենթարկեցին՝ ոչ մեկը չկա:

 

Լռում են: Աղմուկով բացվում է դուռը, ներս է մտնում տասնվեցամյա, հաղթանդամ, սակայն տկարամիտ մի պատանի:

 

ՄԱՅՐ — Դու ինչո՞ւ այնտեղից եկար:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Նրանք ասացին՝ տուն գնա:

ՄԱՅՐ — Ո՞վ ասաց:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Նրանց հայրը եկավ: Նա ասաց՝ թող տուն կորչի, այդ էր պակաս,

որ դրան էլ մեզ մոտ գտնեն:

ԴՈՒՍՏՐ — Եվս մի խիզախ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես սոված եմ:

ԴՈՒՍՏՐ — Ինչո՞ւ ես միանգամից նվնվում: Կարծես ուտելիք չեն տալիս: Երբ չեն տա, այնժամ կնվնվաս:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Մայրիկ, նա էլի համը հանում է:

ԴՈՒՍՏՐ — Իսկ դու քեզ լակոտի պես մի պահիր:

ՄԱՅՐ — Մի վիճեք:

ԴՈՒՍՏՐ — Պաչիր դրան:

ՄԱՅՐ — Ես քեզ էլ կարող եմ պաչել:

ԴՈՒՍՏՐ — Մենք որ գնանք, սրա՞ն ինչ անենք:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես տանը կմնամ: Ես ուտել եմ ուզում:

ՄԱՅՐ — Հիմա կկերակրեմ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ դուք ո՞ւր եք գնում:

ՄԱՅՐ — Երուսաղեմ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ինչի՞ համար:

ՄԱՅՐ — Գնում եմ դամբարան, ուր Հիսուսն է ննջում:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Նա արդեն քարանձավում չէ:

ԴՈՒՍՏՐ — Ինչպե՞ս թե՝ չէ:

ՄԱՅՐ — Իսկ ո՞ւր է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ – Դե… նրան քարանձավից տարել են:

ՄԱՅՐ — Ո՞ւր են տարել: Ո՞վ է տարել: Որտե՞ղ է նա: Ո՞ւր է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հայտնի չէ: Ինչ-որ մեկը դուրս է հանել ու տարել:

ԴՈՒՍՏՐ — Սա ինչ-որ բան է լսել, շատ բան չի հասկացել ու դուրս է տալիս:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Մայրիկ, նա էլի է սկսում:

ԴՈՒՍՏՐ — Տհասի մեկը, բացատրիր, թե ի՛նչը չես հասկացել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Արդեն բոլորը գիտեն: Կանայք քարանձավ են գնացել, իսկ քարայրի մուտքը փակող քարը տեղաշարժված է եղել: Քարայրը բաց է, ու այնտեղ ոչ ոք չկա:

ԴՈՒՍՏՐ — Ովքե՞ր են գնացել: Հիշիր, թե ո՞վ է տեսել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Գնացել է Մագդաղենացին ու էլի ինչ-որ մեկը:

ԴՈՒՍՏՐ — Մագդաղենացուն չի կարելի հավատալ, նա հիստերիկ է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ եթե Պետրոսն էլ է տեսել նույն բա՞նը: Իսկ երբ ես եմ ասում, հավատացող չկա:

ԴՈՒՍՏՐ — Սպասիր, նրանք ի՞նչ են տեսել այնտեղ: Պարզապես դատարկ քարանձա՞վ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Պարզապես դատարկ քարանձավ: Ու միայն պատանքն է ընկած, որով փաթաթել են նրան: Արյունոտ սպիտակ պատանք:

ՄԱՅՐ — Իրոք, նա ճերմակ պատանքով էր փաթաթված…

ԴՈՒՍՏՐ — Եթե այդ ամենը ճշմարիտ է, հարկավոր է պարզել: Կարող է, այդ սրիկաներն են նրան փախցրել: Փարիսեցիները: Եվ թաղել են նրան մի ուրիշ տեղում: Որ ոչինչ չմնա: Որպեսզի ոչ ոք քարանձավ չայցելի, որ եկվորներն այնտեղ չհանդիպեն իրար, չնայեն միմյանց աչքերի մեջ և ինչ-որ բաներ չմտածեն…

 

Քարով խփում են պատուհանին: Ապակին կոտրվում է:

 

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հակառակն էլ են ասում, իբր բարեկամներն են նրան տարել ու ապահով տեղում թաքցրել:

ԴՈՒՍՏՐ — Ինչպես քեզ թաքցրին, այնպես էլ նրան են թաքցնելու:

ՄԱՅՐ — Իսկ եթե նա ողջ է մնացե՞լ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Այդ ի՞նչ ես ասում:

ԴՈՒՍՏՐ — Մայր, վերջ տուր: Չշարունակես:

ՄԱՅՐ — Մտածել են, թե տանջամահ են արել, իսկ նա ողջ է…

ԴՈՒՍՏՐ — Գնանք, մայրիկ, ամեն ինչ տեղում կպարզենք: Տասնյակ շուրթերից ծնված ասեկոսեներին չհավատանք:

ՄԱՅՐ — Այ, հենց հիմա տնից չպետք է դուրս գալ: Եթե պետք եղավ՝ ո՞ւր կարող է գնալ: Չէ՞ որ նա այստեղ կգա: Կգա, իսկ մենք տանը չենք:

ԴՈՒՍՏՐ — Իմ խեղճ մայրիկ, չես հասկանում, ինչեր ես ասում: Նա երեք ժամ գամված էր խաչին: Հետո էլ հատուկ ստուգեցին նրա մահանալը:

ՄԱՅՐ — Դու գնա: Այնտեղ ամեն ինչ կիմանաս ու ինձ կպատմես: Իսկ ես տանը կմնամ: Գոնե տունը կարգի կբերեմ: Այնպիսի ավերածություն է… Տղաս, օգնիր ինձ, արագ հավաքենք:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես ուտել եմ ուզում:

ԴՈՒՍՏՐ — Քեզ ասում են՝ օգնիր: Համբերիր մի քիչ:

 

Ներս է մտնում Մարիամի ավագ որդին:

 

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ողջույն, մայրիկ: (Հարգալից համբուրում է🙂

ՄԱՅՐ — Դու լսե՞լ ես: Հիսուսին դամբարանում չեն գտել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչ-որ խառնաշփոթ է: Բայց դուք առայժմ լռեք: Եթե հարցնեն՝ ոչինչ չգիտեք:

ԴՈՒՍՏՐ — Ի՞նչ ես բոլորին սարսափեցնում: Անընդհատ վախեցնում է: Ինքն ահից դողում է ու ցանկանում է, որ բոլորն իր նման դողդողան: Այդ դեպքում ինչո՞ւ ես եկել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Միայն խորհուրդ տալու նպատակով: Ձեր գործն է՝ ընդունել ի գիտություն, կամ մերժել: Ինչպես և սովորաբար վարվում եք: Բայց այդ դեպքում ինքներդ վճռեք:

ՄԱՅՐ — Նա ճիշտ է ասում: Հիմա կարևորը լռելն է: Հետո կխոսենք, ինչքան ցանկանանք, երբ նա հայտնվի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ո՞վ հայտնվի:

ԴՈՒՍՏՐ — Լռիր, մայր:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Գաղտնիքնե՜ր… Բայց հետո ինձ մոտ չվազեք: Մայր, նստիր ու լսիր ինձ: Դռան ետևում մի մարդ է կանգնած: Հռոմեացի է: Հայտնի մեկենաս է, ճանապարհորդ, արևելյան լեզուների գիտակ:

ԴՈՒՍՏՐ — Չափից շատ չե՞ն արժանիքները:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Խնդրեց, որ իրեն այստեղ բերեմ: Պարզապես ցանկանում է ծանոթանալ մեր ընտանիքի հետ: Նա հարգում է Հիսուսին և այդ անիմաստ մահապատժից ինքն էլ է վրդովված: Մի խոսքով, իմ ծանոթն է և, ինչ-որ չափով, նաև բարեկամ:

ԴՈՒՍՏՐ — Հետաքրքիր է, ինչպե՞ս ես նրա հետ բարեկամացել: Կանա՞յք ես հրամցրել: Թե՞ հուշանվերներ ես վաճառել:

ՄԱՅՐ- Դու գեշ ես խոսում, աղջիկս: (Ավագ որդուն.) Նա այդպես չի մտածում:

ԴՈՒՍՏՐ — Ինչո՞ւ, հենց այդպես էլ մտածում եմ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մի խոսքով, մարդը դռան ետևում սպասում է: Հատուկ այստեղ է եկել, ինչ է, ե՞տ ուղարկենք: Կամ թույլ տանք, որ նե՞րս գա:

ՄԱՅՐ — Ներս հրավիրիր: Իրոք, ինչքան ժամանակ է՝ մարդուն սպասեցրինք դռան ետևում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Կանչեմ, բայց պայմանով, որ առանց ակնարկների, ու ո՛չ մի վեճ: Դա կարող է բոլորիս վնասել: Ի վերջո, նա Հռոմից է:

ԴՈՒՍՏՐ — Միշտ էլ բարեկամն է մատնում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Այ, հենց նման խոսակցությունները նկատի ունեի:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Մամ, իսկ ե՞րբ ենք հաց ուտելու:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հյուրը կգա, այնժամ էլ կուտես: (Բացում է դուռը, ձայնում. «Խնդրեմ, ներս համեցեք: Մի փոքր անակնկալ է, դե, ոչինչ»: Հռոմեացին ներս է մտնում🙂 Սա նրա եղբայրն է, իսկ սա՝ քույրը: Մայր… Ծանոթացեք, սա մեր հյուրն է Հռոմից: Իսկ դուք, երեխեք, առայժմ ձեզ համար զբաղմունք գտեք:

ՀՌՈՄԵԱՑԻ — Շնորհակալ եմ, որ համաձայնեցիք ինձ ընդունել: Խնդրում եմ, ներեցեք, որ նման պահի եմ ձեզ մոտ հայտնվել:

ՄԱՅՐ — (հռոմեացուն): Մեղքն իմն է. դուք պատահաբար չե՞ք լսել, թե ի՛նչ կա այնտեղ…

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Այդ ամենը հետո, մայր, ամեն ինչ հետո: (Հռոմեացուն.) Սա, փաստորեն, նրա անկյունն է: Այստեղ թարեքն է, որն իր ձեռքերով է սարքել: Բավական հետաքրքիր նախշ է, գուցե և՝ փոքր-ինչ ազգային: Ձեղնահարկում է այն մահճակալը, որի վրա քնել է մանուկ հասակում: Կարելի է վերև բարձրանալ ու տեսնել:

ՄԱՅՐ — Ինչո՞ւ ես ձեռ ու ոտ ընկել, տղաս:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ի՞նչ է պատահել, նորի՞ց ինչ-որ բան այնպես չէ:

ԴՈՒՍՏՐ — Դու մոռանում ես, որ մեր հյուրը հռոմեացի է: Ինչպե՞ս դես ու դեն չընկնի նրա առաջ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ես, կարծում եմ, խնդրեցի՛:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ոչինչ, դա բնական է: Բայց եթե մոտիկից ինձ ճանաչեիք, ձեր անբարեհաճ վերաբերմունքը, հուսով եմ, կմեղմանար:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Չեմ սիրում այդ մասին դատողություններ անել, սակայն ինձ անհասկանալի է ամենայն օտարածնի հանդեպ այդպիսի մերկապարանոց ատելությունը:

ԴՈՒՍՏՐ — Հատկապես հռոմեականի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հռոմը Հռոմ է:

ԴՈՒՍՏՐ — Իսկ մնացյալ ողջ աշխարհն ստեղծված է նրան բավարարելու, գոհացում տալու համար:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ես խնդրեցի՛…

ԴՈՒՍՏՐ — Իսկ հռոմեական կայսրերի կեսը սրիկաներ ոն: Եվ բոլորի ձեռքերը մինչև արմունկները թաթախված են արյան մեջ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե կյանքդ քեզ թանկ չէ, շարունակիր:

ԴՈՒՍՏՐ — Հանուն Հիսուսի վարդապետության դատապարտվելն ինձ համար ցնծություն է: Ձեզ պիտի ատեն: Միայն իմ անվան պատճառով: Ահա թե ի՛նչ է նա ասել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ ես քեզ նրա ուրիշ խոսքերը կհիշեցնեմ. ամեն տեսակի իշխանությունը ումի՞ց է գալիս: Աստծո՛ւց:

ԴՈՒՍՏՐ — Նման բան նա չի՛ ասել: Հենց հիմա դա հնարեցրիր: Հիմա կսկսեն մոգոնել, որովհետև նա արդեն ոչ ոքի, ոչ մեկին չի կարող պատասխանել:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ինձ թվում է, ձեր քույրը մոտ է ճշմարտությանը: Ամեն կարգի իշխանություն ինչ-որ չափով չարիք է:

ԴՈՒՍՏՐ — Հաճելի է լսել:

ՀՌՈՄԵԱՑԻ — Հռոմի տիրակալությունը ծանր լուծ է, ես ձեզ հասկանում եմ: Ծիծաղելի կլիներ, որ հռոմեացիները ստրկացված երկրի սերը հայցեին: Սակայն ամեն ատելություն, այդ թվում՝ նաև իշխանության նկատմամբ, ևս չարիք է: Եվ իր հերթին ատելություն է ծնում: Մի՞թե այդպես չէ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ուշագրավ միտք է:

ՀՌՈՄԵԱՑԻ — Գիտեք, հիմա դա անհավանական է թվում, բայց կարող է պատահել, որ ձեր եղբոր հետևորդները, երբևէ վերցնելով իշխանությունը, նույնպես կհետապնդեն ու մահվան կդատապարտեն նրանց, ովքեր այլ կերպ են մտածում:

ՄԱՅՐ — Ինչպե՞ս կարող եք նման բան ասել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ – Հանգի՛ստ, մայր:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ներեցեք, դա հենց այնպես, մտքի շեղում էր: Երջանիկ եմ, որ ձեզ հետ ծանոթացա: (Դստերը.) Ամենաանկեղծ հարգանքիս հավաստիքը: Սակայն խորհուրդ չեմ տա ուրիշների հետ այդպես անկեղծ լինել:

ՄԱՅՐ — Իրավացի եք, հիմա լռել է պետք: Թեև Հիսուսը ոչ մի վատ բան չէր ցանկանում: Նա լավն էր ցանկանում, միայն լավը:

ԱՎԱԳ ՈՐԴԻ – Ոչ ոք դա չի վիճարկում: Ամեն ինչ պարզ է:

ՄԱՅՐ — Հավանաբար դուք շատ եք ճամփորդում, շատ բան եք տեսել: Փառասիրություն, գոռոզամտություն, չարախոսություն: Գինին արդեն ուրախության համար չեն խմում, այլ այլասերման: Իսկ խնդալից ուրախությունները ավելի ու ավելի են պակասում: Շատերն ապրում են սոսկ իրար նկատմամբ ունեցած նախանձի շնորհիվ: Հանուն իրենց առավելության ոմանք զոհաբերում են ամեն ինչ, անգամ կյանքը: Մի՞թե դա ճիշտ է: Ամեն ոք ցանկանում է տարբերվել մյուսներից՝ ընկնում է վհատության գիրկը: Իսկ նա ի՞նչ էր ասում: Նրա բոլոր խոսքերը պարզ, հասկանալի էին: Միայն հասարակ խոսքեր, որոնք հաճախ եմ լսել: Կարեկցանք: Գթություն: Եղբայրություն: Սեր: Ոչ թե պարզապես կնոջ ու ամուսնու սեր, այլ սեր ընդհանրապես առ մերձավորը, որը նշանակում է՝ սեր առ ցանկացած մարդը: Ահա նրա՝ համարյա թե բոլոր խոսքերը: Նաև, հասկանալի է, համբերություն: Եվ, որ ամենակարևորն է, այդ բոլորը ոչ թե ինչ-որ մեկի, այլ սեփական շահի, սեփական հանգստության և ուրախության համար: Իսկ ում հոգում ուրախություն կա, նա կարող է ուրիշների հետ կիսել այն: Ես հասկանալի՞ եմ խոսում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իհարկե:

ՀՌՈՄԵԱՑԻ — Եթե կարողանայի հավատալ, ինչպես դուք…

ՄԱՅՐ — Դա շատ հեշտ է, հենց դա՛ ամենահեշտն է:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ի՞նչ եք ասում: Ես վախենում եմ կարեկցանքից ու հոգատարությունից, ես վայելքներ եմ սիրում:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հռոմո՞ւմ եք եղել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Վերջապես գլխի ընկար:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ես եղել եմ Հռոմում, Հռոմում ապրել եմ ու, երևի, այնտեղ էլ կմեռնեմ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես Հռոմում չեմ եղել:

ՀՌՈՄԵԱՑԻ — Դա մեծ բացթողում է: Ես կարող եմ քեզ որոշ բաներ պատմել: Ասենք, դու էլ կարող ես ինձ ինչ-որ բան պատմել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (քմծիծաղով): Իսկ ես ոչինչ չգիտեմ:

ՀՌՈՄԵԱՑԻ — Դու ապրել ես Գալիլեայում:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ես հիմա էլ եմ այստեղ ապրում:

ՀՌՈՄԵԱՑԻ — Դե, այդ դեպքում, արի ես Հռոմի մասին պատմեմ, իսկ դու կպատմես քո եղբոր մասին:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Այս մեկի՞:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ոչ, նրա՛ մասին:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հրաշալի է: Նստեք, այ, այնտեղ, ու ձեզ ոչ ոք չի խանգարի:

 

Հռոմեացին ու կրտսեր որդին քաշվում են մի կողմ: Այնտեղ նրանք պիտի զրուցեն:

 

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (ցածրաձայն): Մայրիկ, արի նրան նվիրենք այս փայտիկը: Ինչի՞ համար է այստեղ, պարզապես որպես զա՞րդ: Իսկ նա կոլեկցիոներ է, սա արժեքավոր նվեր կլինի նրա համար:

ԴՈՒՍՏՐ — Փայտի՞կն ես ուզում նվիրել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Քո ի՞նչ գործն է:

ԴՈՒՍՏՐ — Մայր, սա փայտիկը կծախի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչո՞ւ նա ինձ միշտ կասկածում է խարդախության մեջ:

ԴՈՒՍՏՐ — Եթե անգամ ազնիվ գործ ես կատարում, ակամա սկսում եմ գուշակել, թե դա քո ինչի՞ն էր պետք:

ՄԱՅՐ — Փայտի՞կը… չէ: Կարծես հատուկ սպասել ենք այս պահին, որպեսզի նրա իրերը տնօրինենք:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Այդ դեպքում նվիրենք ձեռնափայտը: Սա, հուսով եմ, չենք ափսոսա:

ՄԱՅՐ — (խլելով ձեռնափայտը): Սա նրա՛ ճամփորդական ցուպն է, սրանով է նա քայլել: Չի՛ կարելի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Չի կարելի: Ահա, ոտքի տակ ընկած է նրա սանդալի կապիչը: Կապիչը կարելի՞ է:

ՄԱՅՐ — (խլելով կապիչը): Նրա՛ կապիչն է, չի՛ կարելի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (համբերությունը կորցնելով): Ուրեմն, ինչ որ նրանն է, չի՞ կարելի:

ՄԱՅՐ – Չի՛ կարելի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Բայց հիմա՛ է հետաքրքիր այն, ինչ նրան է պատկանել: Ոչ ինձ, ոչ քեզ, այլ՝ նրան: Ինչպե՞ս վարվենք:

 

Ներս է մտնում դեռատի կին, հոգնած, երևի հեռու տեղից է եկել:

 

ԿԻՆ — (մորը): Ոչ մի բան չե՞ս լսել: Հա՞…

ՄԱՅՐ — Ես եմ բոլորին հարցնում, ոչ ոք ոչինչ չի ասում:

ԿԻՆ — (դստերը): Ձերոնք է՞լ ոչինչ չեն լսել:

ԴՈՒՍՏՐ — Ո՞ր՝ մերոնք:

ԿԻՆ — Դե լավ, գաղտնապահիս տեսեք: Հիմա ոչ մեկը ձեզնով զբաղվելու ոչ ժամանակ ունի, ոչ էլ հավես: Ուրեմն դուք ոչինչ չե՞ք լսել:

ԴՈՒՍՏՐ — Իսկ մենք ի՞նչ պիտի լսեինք:

ԿԻՆ — (ավագ որդուն): Բոլորը վախենում են գո­նե մի բառ ասել: Իսկ դո՞ւ: Պտտվում ես այնտեղ՝ վերևներում, բարձրաստիճան անձանց հետ: Հավանաբար, ականջի ծայրով ինչ-որ բան լսե՛լ ես:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Սա ի՞նչ է ինձ կպել… Ինչո՞ւ ես այստեղ եկել: Այստեղ մարդիկ կան: Չե՞ս տեսնում: Ոչ ոք ոչինչ չի լսել, գնա՛ այստեղից:

ԿԻՆ — Իսկ ես լսել եմ:

ՄԱՅՐ — Ի՞նչ… ի՞նչ ես լսել:

ԿԻՆ — Նա ողջ է:

ՄԱՅՐ — Ո՞վ է ողջ:

ԿԻՆ — Քո որդին: Նա հարություն է առել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ի՞նչ… ինչպե՞ս թե…

ԿԻՆ — Փարիսեցիները նրան սպանեցին, իսկ նա ողջ է: Նրանք խաչեցին, իսկ նա հարություն է առել: Ա՛յ թե ինչպես:

ԴՈՒՍՏՐ — Ինչպե՞ս թե… հարություն է առել: Անհասկանալի է:

ԿԻՆ – Ա՛յ քեզ մարդիկ: Երբ նա էր կանխագու­շակում, հավատում էին, որ այդպես կլինի: Իսկ երբ իրոք կատարվեց՝ չեն հավատում:

ՀՌՈՄԵԱՑԻ — (ընդհատելով զրույցը կրտսեր որդու հետ): Բայց և այնպես, ի՞նչ է պատահել:

ԿԻՆ — Այն է պատահել, որ նա ողջ է: Հարյավ ի մեռելոց: Ինչպես ինքն էր կանխագուշակել: Հի­մա ի՞նչ կանեն նրան: Հիմա՞ ինչպես պիտի պատմեն:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դե կամա՛ց, հանգի՛ստ:

ՄԱՅՐ — Դու ասում ես՝ նա կանխագուշակելէ: Ես ինչ-որ չեմ հիշում: Իսկ գուցե լավ չեմ լսել:

ԿԻՆ — Նա կանխագուշակում էր, որ կանցնի մահվան միջով ու կվերադառնա նոր կյանքի հա­մար: Այն ժամանակ հավատում էին, իսկ հիմա, ահա, ասում են, բայց վախենում ենք հավատալ:

ՄԱՅՐ — Իսկ ինձ չի ասել: Ուրիշներին ասել է, իսկ մորը՝ ոչ մի խոսք…

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ո՞վ է տեսել:

ԿԻՆ — Մագդաղենացին է տեսել: Իր աչքերով:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (հռոմեացուն): Մագդաղենա­ցին մոլեռանդ, ցավագար կին է: Եթե նկատի առնենք եղբորս նկատմամբ նրա վերաբերմուն­քը՝ միանգամայն հասկանալի հալյուցինացիա է:

ԿԻՆ — Ուրեմն, նա բոլորից շատ է սիրել Հիսուսին, եթե առաջինն է տեսել: Սկզբում նրան էլ չէին հավատում: Սակայն ուրիշ կանայք, որոնք ևս դամբարան էին գնացել, պատմեցին, որ այնտեղ ճերմակազգեստ հրեշտակ են տեսել: Ոմանք էլ ասում են, որ իրենց երկու հրեշտակներ են երևա­ցել: Նրանք էլ մի կողմ են գլորել դամբարանի քա­րը, որպեսզի Հիսուսը կարողանա ելնել ու հեռանալ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հետաքրքիր է, մինչև առա­վոտ քանի՞ հրեշտակի մասին կխոսեն:

ՄԱՅՐ — Ես ասում էի, չէ՞, որ նա ողջ է: Ես ասո՛ւմ էի:

ԴՈՒՍՏՐ — Իհարկե, դժվար է հավատալ: Բայց եթե նա անգամ, այսպես ասած, հարություն է առել սիրող մարդկանց սրտերում, դա հրաշք է, որ կա: Նրանք ցանկանում էին սպանել ազատա­գրվելու մեր հավատը: Իսկ այն անկարելի է սպանել: Եվ ահա այն հարություն առավ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ – Կամա՛ց, հանգի՛ստ:

ԴՈՒՍՏՐ — Վախից դողում ես: Դողա՛:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ ես պահանջում եմ, որ դու սուս ու փուս նստես: Հասկանո՞ւմ ես, թե հի­մա ի՛նչ հալածանք կսկսվի մեր նկատմամբ: Եվ հաշվի առեք, որ սա բոլորիս է վերաբերում: Իսկ եթե այնտեղ նրանք ևս հավատացել են այդ պատմությա՞նը: Այնտեղ էլ, գիտեք, խելացիներ կան: Կսկսեն նրան փնտրել: Իսկ որտե՞ղ են փնտրելու: Նախ և առաջ՝ այստեղ: Մեր տունն արդեն հսկողության տակ է: Ով ներս է մտել, արդեն հաշվառված է:

ԴՈՒՍՏՐ — Քեզ համար մի անհանգստանա: Հարկ եղավ, ես կհաստատեմ, որ դու նրանց հա­վատարիմ ստրուկն ես:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հիմի ես քեզ էնպե՛ս կհասցնեմ:

ԴՈՒՍՏՐ — (վազում-կանգնում է նրա առաջ): Դե՛, խփի՛ր: Քո հյուրին հետաքրքիր կլինի: Վառ տպավորություններ իր հետ կտանի:

ԿԻՆ- Քո՛ւյր ու եղբա՛յր: Կռվո՛ւմ եք: Այսպիսի օրո՛վ: Ոտքս կոտրվեր, այստեղ չգայի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (հռոմեացուն): Ներողություն եմ խնդրում այս տեսարանի համար:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ուշադրություն մի դարձ­րեք: Ես այստեղ չկամ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Եթե այս կրոնական մոլե­ռանդին չսանձեք, նա բոլորիս կկործանի:

ԴՈՒՍՏՐ — Հավատարիմ ստրուկ, հնազա՛նդ ստրո՛ւկ:

ՄԱՅՐ — Եկեք ձեզ կերակրեմ: Բոլորն ուտել են ուզում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ո՞վ է ուտել ուզում: Ոչ ոք չի ցանկանում ուտել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Բոլորի փոխարեն մի խոսիր:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Գոնե դու լռիր:

ՄԱՅՐ — Բոլորը պիտի լռեն ու միայն դու պիտի խոսես:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դու ևս, մայր… Գոնե մի քիչ քեզ քաղաքավարի պահեիր:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ինչո՞ւ ես բոլորին դիտո­ղություն անում: Բոլորդ լռեք, միայն նա՛ պիտի խոսի: Ոչ ոք ոչինչ չի հասկանում, միայն նա՛ է հասկացողը: Նա ուտել չի ուզում, ուրեմն ոչ ոք չի ուզում ուտել: Նա ամենագլխավորն է:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Սսկվի՛ր, դմբլո: Զզվեցրի՛ք: Ոչ ոք չի ուզում հասկանալ… Դուք չեք կարո­ղանում հասկանալ, գոնե լսեք ուրիշներին: Գու­ցե ինչ-որ կարգ ու կանո՞ն հաստատենք:

ԴՈՒՍՏՐ — Իսկ ո՞վ պիտի հաստատի: Դո՞ւ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ ինչո՞ւ ոչ: Համենայնդեպս, ե՛ս եմ ավագը:

ՄԱՅՐ — Դո՛ւ չես ավագը, դու չե՛ս: Ավագը տանը չէ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Լսիր, մայր: Չեմ ուզում քեզ վիրավորել, բայց… հապա հիշիր: Նա տանը շա՞տ է եղել: Հաճա՞խ ես դու նրան տեսել: Նա ձեզ հետ իսկի գործ էլ չուներ: Նա, այսպես ասած, վեր էր ամեն ինչից:

ՄԱՅՐ — Սո՛ւտ է դա: Սո՛ւտ է:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (հանգիստ): Ի՞նչն է սուտ:

ՄԱՅՐ — Սուտ է: Նա սիրում էր մեզ: Նա մեզ միշտ է սիրել: Հաճախ էր տնից գնում, բայց, միևնույն է, սիրում էր մեզ: Ուր էլ որ լիներ, միևնույն է, ուղարկում էր մեզ…

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (հանգիստ): Ի՞նչ, ի՞նչ էր մեզ ուղարկում:

ՄԱՅՐ — (միանգամից չգտնելով): Ողջույն ու գորով:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ողջույն ու գորով:

ՄԱՅՐ — Մի ծիծաղիր: Պետք չէ ծիծաղել:

ԿԻՆ — Հարազատ եղբայրը: Հարազա՜տ եղ­բայրը: Ի՛նչ է ասում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Այո, հարազատ եղբայրը: Հենց այդ պատճառով էլ ասում եմ: Ձեզ համար նա այս աշխարհից չէ: Հատկապես հիմա: Հան­գուցյալներին բոլորն են կարողանում սիրել: Իսկ մեզ համար նա սոսկ Հիսուսն է: Ու նա մարդկա­յին սովորական թերություններ ուներ: Նաև՝ ար­ժանիքներ: Ինչպես և՝ ծայրահեղ հուզումներ: Իսկ ինչ վերաբերում է ինձ, ամեն ինչում չէ, որ համաձայն էի նրա հետ: Պատահել է, որ հետը նաև վիճել եմ: Ասենք, այն հարցում…

ՀՌՈՄԵԱՑԻ — Հետաքրքիր է, ինչի՞ շուրջ եք վիճել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (խուսափելով): Դե, դա մեր ներքին գործն էր: Համենայնդեպս, եթե նա ողջ լիներ, ինքն էլ չէր ցանկանա անախորժություն պատճառել իր ընտանիքին:

ՄԱՅՐ — (խղճահարությամբ նայում է նրան): Ծանր է լինելու կյանքդ: Ա՛խ, շատ ծանր…

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Դե, մայր, ինչպես տեսնում եմ, դու էլ սովորեցիր կանխագուշակել: Ինչո՞ւ պիտի կյանքս դժվար լինի:

ՄԱՅՐ — Քո կարծիքով, քեզ միայն հիմարներ են շրջապատում: Դժվար կլինի ապրել ողջ կյանքդ հիմարներով շրջապատված:

ԱՎԱԳ ՈՐԴԻ – Չհասկացա…

 

Այդ ընթացքում ճանապարհի փոշոտ հագուստներով մարդ է մտնում ներս: Պարզ, կամային դեմք ունի: Քրիստոսի սաներից է:

 

ՄԱՅՐ — Ի՞նչ կա, ի՞նչ…

ԱՇԱԿԵՐՏ — Ճանապարհներին ոչ մի շունչ չկար: Անցնում եմ Գալիլեայի փողոցներով, ոչ ոք չկա, լռություն է, ոչ ոք չի աշխատում, կրպակնե­րը փակ են, բոլորը նստած են իրենց տներում: Պատուհաններից ծիկրակում են, ինչ-որ բանի են սպասում: Իսկ ինչի՞ սպասել: Այն, ինչ պիտի կատարվեր, արդեն տեղի է ունեցել:

ՄԱՅՐ — Իսկ ի՞նչ է կատարվել: Լուրերը պտտվում են, իսկ մեկը խելքը գլխին բան չի ասում:

ԱՇԱԿԵՐՏ — Դրա համար էլ այստեղ եմ եկել, որ հաղորդեմ կատարվածի մասին: Քանզի այսուհետ բոլորովին այլ կյանք է քեզ սպասվում: Հիմա, Մարիամ, դու այլ կերպ պիտի ապրես:

ՄԱՅՐ — Դու ինձ մի վախեցրու:

ԱՇԱԿԵՐՏ — Երեկոյան բոլորս՝ նրա աշա­կերտները, ինչպես նախկինում, հավաքվեցինք ընթրիքի, որպեսզի միասին հիշենք մեր ուսուց­չին: Դռները կողպված էին: Ու ոչ ոք չնկատեց, թե երբ, ինչպես նա հայտնվեց մեր մեջ ու ասաց. «Խաղաղություն ձեզ»: Ընդամենը եր­կու բառ, ուրիշ ոչինչ չասաց: Նրա ձեռքերին ու ոտքերին մեխերի վերքերն էին: Բայց ի պատաս­խան մենք ոչինչ չկարողացանք ասել: Մենք շփոթվեցինք: Չնայած կենդանության օրոք ինքն էր մեզ ասել. այնտեղ, ուր իր անունով կհավաք­վեն, ինքը նրանց մեջ կլինի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իմ կարծիքով, նա փոխաբե­րական իմաստով է դա ասել:

ՄԱՅՐ — Դեռ սեղանն էլ գցած չէ, ու մեկ էլ տե­սար՝ հանկարծ կարող է քաղցած հայտնվել: Միշտ էլ այդպես էր. շտապով գալիս էր, ուտում էր՝ ինչ ճարվեր, ու դու դեռ ուշքի չեկած՝ նա նորից գնաց… հեռու…

 

Կինը նետվում է դեպի Մարիամը, ծունկ է չոքում նրա առաջ: Մայրը վա­խեցած՝ փորձում է իրենից հեռացնել նրան:

 

ՄԱՅՐ — Դու էդ ի՞նչ ես անում: Հենց հիմա ոտ­քի ել, էդ ի՞նչ է գլուխդ մտել:

ԿԻՆ — Մարիամ, դու՝ նրա մայրը, կհասկանաս ինձ: Ներիր նման խնդրանքիս համար: Մանչս, իմ տղան, հիվանդ է: Բոլորն են ասում, որ ան­հույս է: Հոգնել եմ ես, հոգնել: Ամրացրո՛ւ հույսն իմ մեջ: Օրհնի՛ր:

ԱՇԱԿԵՐՏ — Ահա թե ինչի՛ մասին էի քեզ ասում: Հիմա քեզ մոտ շատերը կգան: Աստծո մայր: Աստվածամայր: Եվ նրանք, ովքեր չէին հավատում Հիսուսին, ավելի ուշ՝ բայց կգան:

ՄԱՅՐ — Իսկ ես ի՞նչ անեմ սրա հետ: Այսպես էլ պիտի կանգնա՞ծ մնանք:

ԱՇԱԿԵՐՏ — Իսկ դու ձեռքդ դիր նրա գլխին ու բարին ցանկացիր:

ՄԱՅՐ — Ահա, դրեցի…

ԱՇԱԿԵՐՏ — Բարի ցանկացա՞ր:

ՄԱՅՐ — Իհարկե:

ԱՇԱԿԵՐՏ — Ահա և բոլորը: Իսկ հիմա, կին, ելիր ու կարող ես գնալ: Ու պատմիր բոլորին այն, ինչ ես պատմեցի: Ինձ վկայակոչելով պատմիր:

ԿԻՆ — (բարձրանում է տեղից): Դեհ, մայր, արդյոք քո մտքով կանցնե՞ր… Դեռ երեկ… Մեր մտքով կանցնե՞ր: (Դստերը.) Իսկ դու, աղջիկս, կմտածեի՞ր: (Համբուրում է նրան🙂 Իսկ դուք վիճում եք: Մի՞թե այսօր կարելի է կռվել: (Ավագ որդուն համբուրում է երեք անգամ🙂 Այժմ բոլորը պիտի խաղաղ ապրեն: (Համբուրում է կրտսեր որդուն, որը շփոթված է🙂 Երեսն է շրջում… Դո՞ւ ինչու ես շրջվում, քո եղբայրն է հարություն առել: Այսպիսի օրը բոլորը կարող են իրար համբուրել: Հիսուս հարյավ: (Համբուրում է և հռոմեացուն🙂 Հարյավ Հիսուս:

ԱՇԱԿԵՐՏ — Դե, բավական է, գնա: Միայն թե երբ պատմես, ոչինչ չշփոթես: Թե չէ հիմա ով ինչի ընդունակ է, կսկսի իրենն ավելացնել՝ ինչ եղել, ինչ չի եղել: Գնա ու բարձրաձայն ասա, չվախենաս, հիմա թող նրանք վախենան:

 

Կինը հեռանում է: Աշակերտը դռան արանքից խրատում է նրան. «Մարդիկ, դո՛ւրս ելեք»:

 

ԿՆՈՋ ձայնը — Մարդիկ, դո՛ւրս ելեք:

ԱՇԱԿԵՐՏ — Բացեք դռները, այժմ ոչ մի բանից վախ չկա:

 

Լսվում է կնոջ ձայնը. «Այժմ ոչ մի բանից վախ չկա: Հիսուս հարյավ: Այժմ ամեն ինչ կփոխվի: Այժմ բոլորին կհատուցվի: Հիսուս հայրավ ի մեռելոց»:

 

ԱՇԱԿԵՐՏ — (մորը): Մարդկանցից մի վախենա: Ում որ օգնություն է պետք՝ օգնիր:

ՄԱՅՐ — Ինչպե՞ս կարող եմ… ես ոչինչ անել չեմ կարող…

ԱՇԱԿԵՐՏ — Կկարողանաս:

ՄԱՅՐ — Հավատա, չեմ կարող: Եթե նա հիվանդ է: Կամ չբեր է: Ի՞նչ կարող եմ անել: Միայն կխայտառակվեմ: Ես նրանց ոչինչ էլ չեմ կարող ասել: Ահա ասում եմ, բայց իմ հարազատ զավակներն անգամ ինձ չեն լսում:

ԱՇԱԿԵՐՏ — Բայց չէ՞ որ նա քո որդին է:

ՄԱՅՐ — Դեհ, իմն է:

ԱՇԱԿԵՐՏ — Աստված ինչո՞ւ հատկապես քեզ ընտրեց:

ՄԱՅՐ — Դեհ, ինձ…

ԱՇԱԿԵՐՏ — Ինչո՞ւ այդպես պատահեց: Խոստովանեմ, մենք էլ ենք մտածել այդ մասին: Փորձել ենք հասկանալ, ըմբռնել: Ոմանք, ճիշտն ասած, ապշած են: Իրոք, ավելի խելացի կանայք կան: Դու այդ չե՞ս ժխտի:

ՄԱՅՐ – Այո… Խոստովանեմ, ես էլ եմ խորհել, մտածել եմ, բայց հետո թողեցի: Իսկ հիմա՞ ինչ անեմ: Դու ասում ես, թե պետք է մի բան անել:

ԱՇԱԿԵՐՏ — Բայց մյուս կողմից… Հապա քեզ նայիր: Դուք էլ նայեք: Դու քանի՞ տարեկան ես: Երևի հիսունին մոտ:

ՄԱՅՐ — Այո, շուտով հիսունս կլրանա:

ԱՇԱԿԵՐՏ — Այդպես: Իսկ դու նույնն ես, ինչպիսին նախկինում էիր:

ՄԱՅՐ – Նախկինում՝ ե՞րբ:

ԱՇԱԿԵՐՏ — Երբ նրան լույս աշխարհ բերիր:

ԴՈՒՍՏՐ — Իրոք որ, ճշմարիտ ես ասում: Ինչո՞ւ ուշադրություն չեմ դարձրել:

ԱՇԱԿԵՐՏ — Իսկ սա հրաշք չէ՞:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ ես ուշք եմ դարձրել: Մտածել եմ՝ դա՞ ինչ բան է…

ՀՌՈՄԵԱՑԻ — Դուք հիսո՞ւն տարեկան եք: Թերևս, իհարկե… չէ՞ որ չափահաս զավակներ ունեք: Դեհ, այո, պակաս լինել չի կարող: Ձեզ պետք է ցուցադրել հռոմեացի տիկնանց:

ՄԱՅՐ — (շփոթված): Դուք էլ հո չեք ասի, հա…

ԱՇԱԿԵՐՏ — Մենք ու դուք չէ, որ կարող ենք գտնել այդ հանելուկի պատասխանը: Այն դեռ պիտի պիտի գրավի լավագույն ուղեղների ուշադրությունը: Իսկ մինչ այդ՝ մնաս բարով, Մարիամ:

ԴՈՒՍՏՐ — Մյուսները քեզ համար արդեն գոյություն չունեն:

ԱՇԱԿԵՐՏ — Փորձում ես ինչ-որ բանի մեջ ինձ բռնեցնել: Իհարկե, ես հրաժեշտ կտայի բոլորին, ու նաև՝ քեզ:

ԴՈՒՍՏՐ — Ուրեմն, ես չհասկացա: Մտածեցի, ամեն ինչ մոռացել ես, թանկագինս:

ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, ես ոչինչ չեմ մոռացել:

ԴՈՒՍՏՐ — Եթե ցանկանում ես, հիշեցնեմ, իմ սիրասուն:

ԱՇԱԿԵՐՏ — Կարիք չկա:

ԴՈՒՍՏՐ — Գուցե քեզ նեղացրե՞լ եմ, սիրելիս:

ԱՇԱԿԵՐՏ -Ոչ:

ԴՈՒՍՏՐ — Կամ հասցրել ես սիրահարվել ուրիշի՞ն, անզուգական աչքի լույսս:

ԱՇԱԿԵՐՏ — Ես ուրիշ հոգսեր ունեի:

ԴՈՒՍՏՐ — Բայց, ախր, մեղք ես գործել, մեղանչե՛լ ես, բարեկա՛մս:

ԱՇԱԿԵՐՏ — Եթե քո աչքը քեզ գայթակղի, հանիր ու դեն նետիր: Ահա թե ի՛նչ էր նա ասում:

ԴՈՒՍՏՐ — Իսկ սե՞րը, մի՞թե սերն աստվածատուր չէ: Աստվածն ինքն էլ է սիրել:

ԱՇԱԿԵՐՏ — Բայց ոչ այնպես, ինչպես դու ես կարծում:

ԴՈՒՍՏՐ — Իմ մտածածը քեզ համար մութ գիշեր է, դու չես կարող հասկանալ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Երեխաներ… դե՛, երեխե՛ք…

ԴՈՒՍՏՐ — Ուրեմն, դու որոշել ես հրաժարվել ինձնից, հա՞, վերջնականապե՞ս, իմ քնքուշ բարեկամ:

ԱՇԱԿԵՐՏ — Այո, վճռել եմ:

ԴՈՒՍՏՐ — Հանուն ինչի՞, լույս իմ:

ԱՇԱԿԵՐՏ — Միմիայն հանուն Նրա: Նա է սովորեցրել. լքե՛ք տուն ու եղբայրներին, և քույրերին, և կնոջը՝ հանուն ինձ, ու փոխարենը կստանաք հարյուրապատիկ ավելին:

ԴՈՒՍՏՐ — Հիմա հասկացա: Քեզ ցանկանում եմ, որ ավելի շատ ստանաս, անուշիկս:

ԱՇԱԿԵՐՏ — Եթե ձգտեի կենսական շատ բարիքներ ստանալ, դու կարող էիր ծաղրել ինձ: Սակայն տեսնում ես, որ աղքատ եմ: Ու այդպես կապրեմ մինչև իմ կյանքի վերջը: Մենք երկրային վայելքներ չենք փնտրում: Երկրային կյանքը մենք կնվիրենք Նրան: Միայն թե բավեն մեր ուժերը՝ Նրա վարդապետությունը մարդկանց հասցնելու համար:

ԴՈՒՍՏՐ — Եվ դուք զավակներ չե՞ք ունենալու:

ԱՇԱԿԵՐՏ — Ուրեմն՝ չեն լինի:

ԴՈՒՍՏՐ — Այդ դեպքում ձեզնից հետո ո՞վ կժառանգի նրա ուսմունքը, երբ դուք ծերանաք:

ԱՇԱԿԵՐՏ — Մարդկային ցեղը, մարդու զարմը չի մահանա:

ԴՈՒՍՏՐ — Իսկ եթե հանկարծ բոլորը հետևե՞ն ձեզ: Բոլորը դառնան ձեզ նման բարեպաշտ հավատացյալնե՞ր:

ԱՇԱԿԵՐՏ — Բոլո՞րը… հազիվ թե, չեն հետևի:

ԴՈՒՍՏՐ — Ուրեմն, դրա վրա եք հույս դնում: Մի խոսքով, պարզ է:

ԱՇԱԿԵՐՏ — Ես հրաժարվում եմ այս տոնով շարունակել զրույցը: Մա՛յր, խելքի բեր նրան: (Գնում է, կանգնում դռան մեջտեղը, դիմում մարդկանց, ովքեր չէին համարձակվում ներս մտնել:) Առանց վախի ներս համեցեք: Մայրն այստեղ է: Նա սպասում է ձեզ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (հռոմեացուն): Սկսվո՜ւմ է: Այստեղից չքվելու ժամանակը չէ՞:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ոչ, դեռ անպատեհ է:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչպես կկամենաք:

 

Սենյակ են լցվում դառը ճակատագրով, տարիներով հիվանդ, ստորացված մարդիկ:

 

ՄԱՅՐ — Դուք է՞լ եք լսել: Եկել եք մեզ հետ ուրախանալո՞ւ: Շնորհակալ եմ: Մենք էլ հենց նոր իմացանք ու չենք կարողանում ուշքի գալ: (Մարդիկ մունջ նայում են նրան:) Նստեք, ինչ որ գիտեք՝ պատմեք մեզ: Իսկ սրանք իմոնք են. ավագ որդիս, աղջիկս: Իսկ նա հյուր է Հռոմից: Ճամփորդում է, եկել է մեզ այցելության…

  • Մարիամ, օգնի՛ր,- խնդրում է մի կին:- Հպվի՛ր:

Այդժամ ձեռքերը բարձրացնելով ու նրան մոտեցնելով երեխաներին՝ մնացածներն սկսում են խնդրել, աղաչել:

  • Հպվի՛ր, Մարիամ:

— Քո ձեռքը հպի՛ր:

—          Հպվի՛ր, Մարիամ, օրհնի՛ր: Չէ՞ որ քեզ համար դժվար չէ այդպես վարվելը:

ՄԱՅՐ — Վախենում եմ, բան չստացվի:

ԾԵՐՈՒՆԻ — Դու նրա մայրն ես: Դու չպետք է քեզնից վանես մեզ:

ՄԱՅՐ — Դե լավ, եթե խնդրում եք, ահա, հպվեցի:

ԿՈՒՅՐ — Թողեք… ես՝ տեսանելիքից զուրկս, ոչ մի կերպ չեմ կարողանում մոտենալ:

ՄԱՅՐ — Քեզ ի՞նչ է պետք, ահա ես…

ԿՈՒՅՐ — Սիրելի Մարիամ, եթե կարողանայի տեսնել…

ՄԱՅՐ — Ինքդ մտածիր, ինչպե՞ս կարող եմ դա անել:

ԿՈՒՅՐ — Իսկ դու փորձիր, հանկարծ ու ստացվի:

ՄԱՅՐ — Դե, ուրեմն հավատա, որ չի ստացվի:

ԿՈՒՅՐ — Եթե, իրոք, դու Նրա մայրն ես, անպայման կստացվի:

 

«Օրհնի՛ր, Մարիամ»,- նորից հուզվեցին մարդիկ: «Հպի՛ր ձեռքդ, Մարիամ»: Նրանք իրար հրմշտում են, մոտենում նրան: «Օրհնի՛ր, Մա՛յր: Հպվի՛ր: Մի՛ վանիր մեզ»:

 

ՄԱՅՐ — (դուրս է պրծնում նրանց օղակից): Ես չե՛մ կարող: Հեռացե՛ք:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ձեզ հանգիստ պահեք: Հանգստացե՛ք: (Մարդիկ լռում են:) Հրապարակում հո չե՞ք, տան մեջ եք: Նախ և առաջ, եկեք բոլորս դուրս գանք: Կարճ ժամանակով: Իսկ հետո նորից ներս կգաք, բայց արդեն մեկ-մեկ, հերթով: Մայր, ճիշտ չե՞մ ասում: Այսպես հո չի՞ կարելի:

ՄԱՅՐ — Չի կարելի այսպես, չի կարելի:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ուրեմն, ասա նրանց, որ դուրս գան: Հետո ամեն մեկին առանձին կլսես:

Մարդիկ սկսում են հեռանալ:

Պայմանավորվեք, ով ումից հետո է ներս մտնելու: Իսկ ով արդեն օրհնություն է ստացել, թող տուն գնա: Աստված ձեզ հետ: (Փակում է դուռը վերջին դուրս եկողի ետևից:) Մայր, ճիշտ կլինի, եթե այստեղ կանգնես՝ սենյակի կենտրոնում:

ԴՈՒՍՏՐ — Գուցե դո՞ւ կանգնես նրա փոխարեն:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Չես կարող հանդարտվել: Ազնիվ խոսք, դրա ժամանակը չէ… Հիմա, մայր, ուշադիր լսիր, կասես միայն ամենաանհրաժեշտը: Ավելորդ ո՛չ մի բառ: Ասա ու լռիր անմիջապես: Ինչ-որ պետք է՝ իրենք կմտածեն:

ԴՈՒՍՏՐ — Իսկ գուցե դո՞ւ խոսես նրա փոխարեն:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Պետք լինի, կխոսեմ, ուրիշներից ոչ վատ:   Մայր, պատրա՞ստ ես: Ներս եմ թողնում: (Բացում է դուռը:) Ո՞վ է առաջինը: (Փակում է դուռը:) Դարձյալ կույրն է:

ՄԱՅՐ — Չե՛մ ուզում, չե՛մ կամենում:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մայրիկ, չես հասկանում, նրան այստեղից դատարկաձեռն քշել չի կարելի:

ՄԱՅՐ — Կույրին ներս չթողնե՛ս:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (դուռը բացելով): Մի քիչ սպասիր: Խնդրում եմ, մի կողմ քաշվիր: Ո՞վ է հաջորդը:

 

Սենյակ է մտնում նյարդային դեմքով, ջղագրգիռ մի մարդ:

 

ՋՂԱԳԱՐ — Ներեցեք, որ ներս խուժեցի: Երեկվանից եմ պտտվում ձեր տան չորս բոլորը:

ՄԱՅՐ — Նստեք, խնդրում եմ:

ՋՂԱԳԱՐ — Երախտապարտ եմ: Ինձ պե՛տք է զրուցել ձեզ հետ: Թեև, հնարավոր է, որ դա անիմաստ է: Ես դժբախտ եմ, ես տխուր եմ ապրում: Ինչո՞ւ: Կարծես պատճառ չկա: Գուցե իմ սեփական տխմարությունից բացի: Ճիշտ է, սա առանձնահատուկ տխմարություն է՝ կրթված ու մտածող մարդուն հատուկ: Իմ կյանքը բաղկացած է հիմար արարքներից ու տարակերպ տառապանքներից: Առավոտյան արթնանում եմ՝ հիշում եմ, թե ի՛նչ է եղել երեկ ու միանգամից սկսում եմ գլուխս ճոճել, ա՜յ, այսպես, ու քրթմնջալ. «Ո՛չ, ո՛չ»: Այսինքն՝ չի՛ եղել, դա չի՛ եղել: Իսկ դա արդեն եղել է, ու ոչինչ հնարավոր չէ շտկել: Դուք երբևէ ճոճե՞լ եք ձեր գլուխը…

ՄԱՅՐ — Ոչ…

ՋՂԱԳԱՐ — Ընդ որում, իմ արարքները ոչ չարամիտ են, ոչ էլ շահամետ: Ընդհակառա՛կը, ես անընդհատ մտածում եմ մերձավորներիս մասին, ինչպես քարոզում էր ձեր որդին, հանուն նրանց զոհաբերում եմ ամենաթանկն ինձ համար: Իսկ հետո, այն էլ շատ արագ, հատկապես այդ պատճառով, սկսում եմ մտատանջվել ու խուսափել հենց ա՛յդ մարդկանցից: Ձեր որդին սովորեցրել է՝ տվեք, և ձեզ կհատուցվի: Իսկ եթե թանկագինը տվել ես ապաշնորհ մի մարդու, որը գոռոզաբար է ընդունել այն ու հիմա քեզ է նայում վերից վա՞ր: Ճիշտ է, ձեր որդին ասում էր՝ սիրեցեք ձեր թշնամիներին: Սակայն ինչպե՞ս կարողանանք հասնել այդ սիրուն: Հավանաբար, սկզբում հարկավոր է սիրել լա՛վ մարդկանց ու հետո փորձել սիրել նաև ուրիշներին: Ու հանկարծ կպարզվի, որ նա նույնքան լավն է, ինչ դո՞ւ… Բայց ես նեղացնում եմ նաև ամենամոտ մարդկանց՝ հորս, մորս: Ես ճոճում եմ գլուխս, բայց արդեն ուշ է լինում: Սկսում եմ մտածել, ինչո՞ւ է այդպես, որ ես միայնակ եմ ու թախծոտ, չէ՞ որ դա մեղք է ու նաև՝ հիմարությո՛ւն, ու դարձյալ՝ ամոթ ու խումհար: Դա ձեզ ծանո՞թ է:

ՄԱՅՐ — Ոչ…

ՋՂԱԳԱՐ — Տեսնո՞ւմ եք… Հանուն ինչի՞ եմ ինձ չարչարում այս միակ կյանքում: Ինչո՞վ կփոխհատուցվեն իմ ապուշ տառապանքները: Հանդերձյալ կյանքո՞վ: Անդրշիրիմյան կյանքին դժվար է հավատալ: Ես խոնարհվում եմ ձեր որդու առաջ, նրա ուսմունքն, ըստ էության, գործնական բարոյականության հանճարեղ դաս է: Եվ ծառայում է մարդկանց ոչ միայն բարիքներ գործելու, այլև սեփական հոգին բուժելու համար, իրենց ներաշխարհի հանգստության ու ներդաշնակության համար: Իսկ հանդերձյալ կյանքը… Հավանաբար, դրան հավատալուն խանգարում է իմ կրթվածությունը, կոնկրետ գիտությունների իմացությունը: Սակայն, ենթադրենք, այս կյանքից հետո ոչինչ չկա: Ուրեմն, նշանակում է, որ այս ամենը՝ արևը, հողը, թռչունները ժամանակավոր են ու ոչ էակա՞ն: Ես նկատի ունեմ նրանց, ովքեր դժվար են հավատում: Այո, բայց կարելի է ազատ լինել կրոնական հավատքից ու լինել բարոյական մարդ: Բարի գործ անել և չտանջվել ունայնությունից: Իհարկե, դրա համար մեծ սիրտ ու խելք է պետք: Բայց գոնե սկզբում հասկանանք… (Հանկարծ փլվում է, գլուխը հակում մոր ծնկներին: Մայրը դժվարությամբ է նրան ոտքի հանում: Խոսում է դադարից հետո:) Շատ շնորհակալ եմ: Այս զրույցը չեմ մոռանա: (Դուրս է գնում:)

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Տեսա՞ր, ինչ հեշտ է:

ՄԱՅՐ — Խելացի մարդ էր:

ԴՈՒՍՏՐ — Ջղագար:

ՀՌՈՄԵԱՑԻ — Իսկ գիտե՞ք, որ ձեր Աստվածն ավելի մեծ օգուտ է բերում, քան նրա մրցակից հռոմեական աստվածները:

 

Դռան ետևում ուժգնանում են ձայները: Ավագ որդին գնում է կարգ ու կանոն հաստատելու, սակայն արդեն ուշ է: Նորից սենյակ է մտնում կույրը, նրա հետ՝ ուրիշները:

 

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Պայմանավորվեցինք, չէ՞, որ մեկ-մեկ գաք: Իսկ քեզ ընդհանրապես խնդրեցի սպասել:

ԿՈՒՅՐ — Մենք սպասեցինք, Մարիամ, բայց մեզ չես կանչում: Հերթն անընդհատ աճում է, ու եթե դու պիտի դանդաղես, մենք այդպես էլ չենք հասցնի…

ՁԱՅՆ — Այնտեղ բոլորն առողջ են, նրանք կարող են սպասել, մեզ համար է դժվար…

ՄԱՅՐ — (զայրացած ճչում է): Ես դա չե՛մ կարող: Չե՛մ կարող: Ասում եք՝ նրա մայրն եմ: Հետո՞ ինչ: Ձեր մայրերին չեք խնդրում, որ ձեզ դարմանեն:

ԿՈՒՅՐ — Մի անգամ իմ ներկայությամբ որդուդ մոտ եկավ մի բորոտ: Հիսուսը մաքրեց նրան: Բոլորը տեսան: Իսկ ինձ՝ տեսողությունից զրկվածիս, չհաջողվեց նրան մոտենալ: Օրհնի՛ր ինձ, Մարիամ: Մենք հավատում ենք քեզ, ինչո՞ւ դու քեզ չես հավատում:

ՁԱՅՆ — Նրա ետևից միշտ հիվանդներ, խեղված հաշմանդամներ էին գնում: Նա կարեկցում էր բոլորին, բոլորին դարմանում…

ԿՈՒՅՐ — Գթա՛ ինձ, փորձի՛ր:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Փորձիր, մայրիկ: Ինչո՞ւ չփորձել: Հիսուսը ևս չգիտեր իր կարողության մասին, իսկ երբ իմացավ, տեսա՞ր, ինչ ստացվեց:

ՄԱՅՐ — Գնացե՛ք այստեղից: Հեռացե՛ք:

 

Դռան արանքից թախծոտ նրան է նայում Աշակերտը:

 

ԱՇԱԿԵՐՏ — Գեշ լուրերն ինձ հասան ճանապարհին: Ու ես վերադարձա: Ասում են՝ դու ստիպում ես դռան ետևում սպասել քեզ մոտ եկողներին:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Միայն հարմարության համար դիմեցինք այդ միջոցին:

ԱՇԱԿԵՐՏ — Քեզ հետ չեմ խոսում: (Մարիամին.) Քո որդին մարդկանց դռների ետևում երբեք չէր սպասեցնում:

Մարիամը լուռ է:

Քո որդին նրանց կխնդրեր ներս մտնել:

ՄԱՅՐ — Ներս մտնելու հարկ չկա: Ես գործեր ունեմ:

ԱՇԱԿԵՐՏ — Հիմա քեզ համար ավելի կարևոր գործ չկա:

ՄԱՅՐ — Երեք գիշեր է՝ չեմ քնել, իմ զավակներն անոթի են, երեք օր է՝ տունս չեմ մաքրել:

ԱՇԱԿԵՐՏ — Մաքրությունը հոգու մեջ պիտի լինի և ոչ թե՝ տան:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մորս հոգին մաքուր է: Նա Հիսուս է ծնել: Մոռացա՞ք, ուր եք եկել:

ՄԱՅՐ — Դեհ, ես ի՞նչ կարող եմ անել, եթե նա ի ծնե կույր է:

ԱՇԱԿԵՐՏ — Նման դեպքերում ի՞նչ էր անում քո որդին:

ՄԱՅՐ — Չգիտեմ…

ԱՇԱԿԵՐՏ — Բոլորը գիտեն ու միայն դու չգիտես:

ՄԱՅՐ — Ես չեմ տեսել: Նա տանն այդպիսի բաներ չէր անում:

ԱՇԱԿԵՐՏ — Ճշմարիտ հավատացյալը տեսնելու պետք չունի:

Մարիամը լռում է:

Դե, լավ: Նա ջուրը գինի դարձրե՞ց քո աչքերի առաջ: Հարսանիքին նրա հետ էիր: Չտեսա՞ր:

ՄԱՅՐ — Չեմ տեսել: Միասին էինք նստած, նա հանգիստ էր, բարյացակամ, սակայն ջուրը գինի չդարձրեց: Այդ մեկը չեմ տեսել:

ԱՇԱԿԵՐՏ — Դու չես նկատել: Իսկ հիմա հարություն առնելով նա հրաշք չգործե՞ց: Պատասխանի՛ր:

ՄԱՅՐ — Ահա սպասում եմ… Չգիտեմ՝ կգա՞, թե չի գա: Պիտի որ գա:

ԱՇԱԿԵՐՏ — Դու… կարծես թե կասկածո՞ւմ ես:

ՄԱՅՐ — Ես չեմ կասկածում: Ես միայն ասում եմ, որ նա անպայմա՛ն պիտի այստեղ գա:

ԱՇԱԿԵՐՏ — Հաստատակամ խոսիր, առանց խուսանավելու: Եվ գիտցիր, որ շատ բան է կախված քո պատասխանից: Հավատո՞ւմ ես, որ քո որդին հրաշքներ է գործել: Թե՞ չես հավատում:

ՄԱՅՐ — (միանգամից չի գտնում պատասխանը): Եթե բոլորն են ասում, ուրեմն այդպես էլ կա:

ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ է նշանակում՝ բոլորն են ասում: Իսկ դո՞ւ ինչ ես ասում:

ՄԱՅՐ — Ես ոչինչ չեմ ասում:

ԱՇԱԿԵՐՏ — Նա ջուրը գինի դարձրե՞լ է, թե ոչ:

ՄԱՅՐ — Չգիտեմ:

ԱՇԱԿԵՐՏ — Նա ջուրը գինի դարձրե՞լ է, թե ոչ:

ՄԱՅՐ — Անձամբ չեմ տեսել, կարող է՝ ուրիշներն են նկատել:

ԱՇԱԿԵՐՏ — Նա ջուրը գինի դարձրե՞լ է, թե ոչ:

ՄԱՅՐ — (լռելուց հետո): Ոչ:

ԱՇԱԿԵՐՏ — (խորհում է՝ թախծոտ ու դաժան): Հանուն քո որդու ուզում էի լռել: Բայց հիմա կասեմ: Հանուն նրա:

Տուն մտածները տագնապով լսում են նրան:

Մի անգամ Հիսուսի մայրն ու եղբայրները կանգնած էին այն տան մոտ, որտեղ նա զրուցում էր մարդկանց հետ, որ ցանկանում էին խոսել Հիսուսի հետ: Նա էլ, իմանալով այդ մասին, ասաց՝ ո՞վ է իմ մայրը և ովքե՞ր են իմ եղբայրները: Ու մատնացույց արեց իր սաներին՝ ահա՛ իմ մայրն ու եղբայրներն իմ: Զի ով կկատարի երկնային իմ հոր կամքը, նա էլ ինձ եղբայր է, և քույր, և մայր: Այդպե՞ս է եղել, Մարիամ:

ՄԱՅՐ — Չգիտեմ, մեզ տուն չթողեցին: Իսկ թե ո՞վ չթողեց, չգիտեմ:

ԱՇԱԿԵՐՏ — Ի՞նչ ես կարծում, ո՞վ կարող էր ձեզ ներս չթողնել:

ՄԱՅՐ — Հենց դուք էլ ներս չթողեցիք:

ԱՇԱԿԵՐՏ — Մեր ինչի՞ն էր պետք ձեզ ներս չթողնելը:

ՄԱՅՐ — Դուք նրան նույնիսկ չէիք ասել, որ ես եկել եմ: Վախեցաք, որ մարդիկ կտեսնեն նրան մեզ հետ ու կասեն. «Ախր, սա հյուսնի տղան է: Ահա և նրա մայրը, և եղբայրները, և քույրը, մենք նրանց գիտենք, և ինչո՞վ է սա նրանցից տարբերվում: Եվ կսկսեն նրան կասկածել: Իսկ նա Աստծո որդին է: Նա Աստվածորդի՛ է: Աստծո որդին…»:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ի՞նչ իմաստով:

ՄԱՅՐ — Դա քո խելքի բանը չի: Նա՛ միայն գիտեր, ու մեկ էլ ե՛ս գիտեմ:

ԱՇԱԿԵՐՏ — Իսկ ես պնդում եմ, որ աշակերտները նրան ավելի հարազատ էին, քան ազգականները: Նրա տունն այստեղ չէ, այլ Այնտեղ:

ՄԱՅՐ — Համենայնդեպս, երբ իմացավ, որ իր ետևից պահնորդներ են գալու, գթաց մեզ: Նա զատիկը տանը չնշեց, այլ օտար մարդկանց մոտ: Որ չտեսնեի, թե ինչպես են նրան կալանում ու ցից ու թրերով գանահարում:

ԱՇԱԿԵՐՏ — Այդ պատճառով չէ, որ նա զատիկն օտար մարդկանց հետ նշեց, այլ որ նրանք իր հարազատներից ավելի հարազատ էին: Նա ի՞նչ էր ասում. «Ես եկել եմ մարդուն իր հորից բաժանելու, դստերն՝ իր մորից և հարսին՝ իր սկեսրոջից: Եվ մարդու թշնամին իր տնեցիներն են: Ով սիրում է իր հորն ու մորը ինձնից առավել, նա արժանի չէ ինձ»:

ԴՈՒՍՏՐ — Ստո՛ւմ ես: Նա սիրում էր մորը: Եթե դո՛ւ կարողանայիր այդպես սիրել… Դուք ասում եք՝ Հիսուսը բարի էր: Իսկ բարությունը ո՞վ է նրան սովորեցրել: Դուք ասում եք՝ Հիսուսը խոնարհ ու հեզաբարո էր: Որտեղի՞ց նրան այդ ամենը: Փառաբանում եք, որ նա հաստատակամ էր և ճշմարտությունը չուրացավ: Իսկ մա՞յրը: Դու ինչո՞ւ ես պահանջում, որ նրա մայրն իր մտածածը չասի:

ՄԱՅՐ — Ուզո՞ւմ եք իմանալ: Եթե մի անգամ ևս նա այստեղ գա, դուք կդավաճանեք նորից ու մի կողմ կանգնած՝ կդիտեք, թե ինչպես են նրան գամում խաչին:

ԱՇԱԿԵՐՏ — (զիլ ու մաքուր ձայնով): Եղբայրնե՛ր իմ: Լքե՛ք այս տունը: Այստեղ հետք անգամ չկա Նրանից, Ով երբևէ ապրել է այստեղ: Մենք նրան այստեղ չենք գտնի: Թող այս օրը, երբ ամենուր տոն է, այստեղ դատարկվի, ինչպես դատարկ է ամենուր, որտեղ Նա չկա:

ԾԵՐՈՒԿ — Մեզ մի այպանիր այստեղ գալու համար:

ԱՇԱԿԵՐՏ — Ինչպե՞ս կարող եմ ձեզ մեղադրել, երբ ես էլ եմ այստեղ եկել:

ԾԵՐՈՒԿ — Մի դատապարտիր և դու, Մարիամ: Մենք խնդրում էինք այն, ինչ վեր էր քո ուժերից:

ՄԱՅՐ — Ձեզ չեմ մեղադրում: Չնայած, այն ամենը, ինչ սա է ասում՝ զրպարտանք է: Հիսուսը երբեք մեզնից չի ամաչել: Եթե նա արհամարհեր իր հարազատներին, մի՞թե կարող էր սիրել ուրիշներին: (Աշակերտին.) Իսկ քրոջը քեզնից ավելի ուժգին էր սիրում, թեև քեզ պես չէր երդվում: Դա չէ՞ր պատճառը, որ մեզ խորհուրդ էր տալիս՝ մի՛ երդվեք:

ԾԵՐՈՒԿ — Հիմա մենք ի՞նչ անենք: Ո՞ւմ լսենք: Գուցե դուք իրար մե՞ջ որոշեիք: Մենք ումի՞ց օգնություն խնդրենք:

ՄԱՅՐ — Օգնություն սրանից խնդրեք: Ինքն է նրա աշակերտը: Նրա հետ է անցել ճամփաներով, մտապահել է նրա խոսքերը, հարցրել դրանց իմաստը: Ինչո՞ւ է նրանց ուսուցանել Հիսուսը: Որպեսզի այսօր նրա՛նք սովորեցնեն մեզ…

 

Մարդիկ շրջվում են դեպի Աշակերտը: Հիմա էլ նրան են կարկառում ձեռքերը:

 

—          Օրհնի՛ր: Դու Նրա կողքին ես եղել, դու Նրա աշակերտն ես, օրհնի՛ր,- նրան շրջապատելով աղերսում են մարդիկ:

—          Օրհնի՛ր իմ զավակին: Հպվի՛ր նրան:

—          Հպվի՛ր քո ձեռքերով:

—          Հպվի՛ր, չէ՞ որ դա հեշտ է քեզ համար:

—          Վերադարձրո՛ւ աչքիս լույսը, հպվի՛ր:

ԱՇԱԿԵՐՏ — (սկզբում չի համարձակվում, հետո հպվում է մեկին, մյուսին): Երանի տառապողներին, զի կմխիթարվեն, երանի մաքուր սրտով գթասիրտներին, զի միայն նրանք կգնան երկնային արքայություն: Աստված ձեզ՝ աղքատներին, ստորացվածներին, հնազանդներին է ընտրել խայտառակելու արատավոր հարուստներին, ամբարտավաններին, ինքնահավաններին: Խաղաղություն ձեզ: Երախտապարտ եմ, որ հավատում եք Նրա զորությանը: Վերին օգնություն քեզ: Գնա՛: Խաղաղություն քեզ: Մեկնի՛ր: Եվ դու էլ սփոփվիր քո ողբի մեջ:

 

Օրհնանք ստանալով՝ մարդիկ իրար ետևից լքում են տունը:

 

ԴՈՒՍՏՐ — Իսկ դու ինչո՞ւ ես մնացել: Դարմանո՛ղ, գնա և արածացրու նախիրդ:

ԱՇԱԿԵՐՏ — Նա միշտ էլ բուժել է հիվանդներին, և դու չէ, Մարիամ, որ պիտի խլես հավատը նրանցից, ովքեր տառապում են: Բայց խոսքը միայն Նրան հավատացողների մասին չէ, այլև թշնամիների: Երբ Նա չարչիներին դուրս վռնդեց տաճարից, նրանք հարցրին. ինչպե՞ս կարող ես ապացուցել մեզ հետ այդպես վարվելու քո իրավունքը: Նա պիտի՛ ապացուցեր իր հրաշքներով:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ներեցեք, Մարիամ, որ միջամտում եմ, սակայն ես այսպես եմ մտածում: Երևի իրավացի եք, որ նրա հրաշքների մասին լուրերն ամբոխի երևակայության արդյունքն են: Սակայն, հասկացեք, հանուն իր մեծագույն նպատակի նա ստիպվա՛ծ էր հաստատել այդ լուրերը: Եվ մի քանի, այսպես ասած, հրաշքներ կատարել:

ԴՈՒՍՏՐ — Եվ հետո, մայրիկ, ըստ էության, նա հրաշքներ գործել էր, բայց գուցե այլ իմաստով: Նա վերադարձրել է հոգով կուրացածների տեսողությունը:

ԱՇԱԿԵՐՏ — Ոչ, ինչո՞ւ այդպես, պետք չէ նենգափոխել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Առանց որոշ ներելի փոխզիջումների անհնար է հաջողության հասնել: Դե, այդպես է ստացվել:

ԱՇԱԿԵՐՏ — Խոսքը փոխզիջման մասին չէ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ ինչո՞ւ չէ, եղածը եղած է: Եկեք նայենք ճշմարտության աչքերին: Նրա շուրջն այնքան բուժվել ցանկացողներ էին խմբված, որ ինչ-որ մեկն իրոք բուժվեց: Չէ՞ որ հրաշքներն ավելի շատ են բորբոքում, քան քարոզները:

ԱՇԱԿԵՐՏ — Տեսնո՞ւմ ես, Մարիամ, բոլորը մի բան են մտածում, բայց այլ բան են ասում: Մի՞թե հիմա, այդքանից հետո էլ, չհասկացար:

Մարիամը լուռ է:

Ուրեմն, այսպես, մենք մի բան կասենք, իսկ դու ուրի՞շ բան պիտի ասես:

ՄԱՅՐ — Ես չեմ խոսի: Ես կլռեմ:

ԱՇԱԿԵՐՏ — Սակայն քեզ մոտ են գալու: Եվ հարցնելու են: Հիմա բոլորը պիտի հարցնեն Նրա մասին: Ստիպված ենք պատասխանել, և՛ դու, և՛ մենք: Ու դու ի՞նչ ես պատասխանելու: Նա ջուրը գինի՞ է դարձրել, թե ոչ:

ՄԱՅՐ — Գուցե և դարձրել է: Հնարավոր է, որ դարձրած լինի:

ԱՇԱԿԵՐՏ — Թող քո ասածը լինի, այո-ն՝ այո, ոչ-ը՝ ոչ:

ՄԱՅՐ — Դե, եթե այդպես է՝ ոչ: Ինչ որ չեմ տեսել, ուրեմն չեմ տեսել…

ԱՇԱԿԵՐՏ — Դե լավ… (Գնում է դեպի մուտքը, բայց դուռը բացելով՝ շրջվում է:) Փարիսեցին… Փարիսեցի է գալիս այստեղ: Գուցե և մեկը նրանցից, ով սպանեց քո որդուն: Փարիսեցին՝ արնոտ ճակատով: Փարիսեցի՝ էլ ի՞նչ կկամենայիք: Ա՛յ թե ով էր այստեղ պակասում: Ա՛յ թե ում հետ ընդհանուր լեզու կգտնեք: Նրանք էլ չեն հավատում, որ Նա հրաշքներ է գործել: Ահա թե ո՛վ տեղ ունի այստեղ, հավանաբար, նրան սպասում են: Իսկ ես այստեղ ավելորդ եմ, ես գնացի… (Հեռանում է:)

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հետաքրքիր է, ինչո՞ւ է այդ փարիսեցին բարեհաճել: Կսկսի ինչ-որ բան փորփրել՝ ամենալավը լռելն է: Հատկապես դու, մայր: Դե, իսկ եթե շատ համառի, որ ուրիշ ելք չլինի, խոսիր: Մանավանդ, դու իրոք նախանշանների ու հրաշքների չես հավատում: Այնպես որ, հոգուդ մեղք չես առնի:

 

Տուն է մտնում փարիսեցին: Ծեր է նա: Հայացքը՝ ուշադիր և ուղիղ:

 

ՓԱՐԻՍԵՑԻ — Բարև ձեզ: (Պատասխան չի ստանում:) Մի վախեցեք ինձնից, չվախենաք: Ես բարի նպատակով եմ եկել: Հրաշալի է, որ բոլորն այստեղ են, մեկտեղ հավաքված: Սա ձեր դո՞ւստրն է:

ՄԱՅՐ — Աղջիկս է:

ՓԱՐԻՍԵՑԻ — Դու էլ մնա: Քեզ հետ էլ կուզենայի զրուցել: Սա ավագն է, սա՝ կրտսերը: Այսպես… Սա դուստրն է:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Իսկ հյուրը Հռոմից է:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ճանապարհո՞րդ է, մեկենա՞ս: Որոշել եք այցելել մեր երկի՞րը: Ծանր, մութ ժամանակներ են: Մեզ մոտ աշնանն է լավ: Բայց ես կուզենայի այս կնոջ հետ խոսել: Գիտե՞ք, դա մեր ներքին գործն է:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ինձ ուշադրություն մի դարձրեք:

ՄԱՅՐ — Ինչո՞ւ ես այստեղ եկել: Ինչո՞ւ ես խայտառակում իմ տունը:

ՓԱՐԻՍԵՑԻ — (մեղմ): Ե՛ս չեմ խայտառակել քո տունը:

ՄԱՅՐ — Մի՞թե կարելի է քո ձեռքով սպանված մարդու տունը գնալ:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ես չեմ սպանել քո որդուն: Հոգուս խորքում էլ դրան դեմ էի: Սակայն նրան անհրաժե՛շտ էր մահվան դատապարտել: Դա միակ միջոցն էր ապացուցելու համար, որ նա Մովսեսը չէ, որպիսին իրեն համարում էր գոռոզամտությունից կամ խենթությունից դրդված:

ՄԱՅՐ — Աղաչում եմ, հեռացի՛ր: Մեջս չար մտքեր են ծնվում: Ես կուզեի քեզ սպանել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մայրիկն անառողջ է: Այս դեպքերն ազդել են նրա վրա:

ՓԱՐԻՍԵՑԻ — Կնախընտրեի ավելի ուշ գալ, սակայն հիմա անհրաժեշտություն առաջացավ: Ինձ լուրեր հասան… ցանկացա ճշտել: Ասա ինձ, դու գիտե՞ս նրա՝ իբրև թե արած հրաշքների ու երկնային նշանների մասին, թե՞ դրանք կույր ամբոխի երևակայության պտուղներն են: Ասում են, քեզ մոտ եկած մարդկանց այդպես ես ասել քեզ հատուկ համարձակությամբ ու հոգու մաքրությամբ: Ճշմարի՞տ է դա:

ԴՈՒՍՏՐ — Շատ արագ հոտն առան:

ՄԱՅՐ — Ի՞նչ եմ ասել… ես ոչինչ չեմ ասել:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մայր, չէ՞ որ վատ բան չես ասել: Կրկնիր, բայց կարճ, երկու խոսքով: Ինձ թվում է, այլ բան չի պահանջվի:

ՓԱՐԻՍԵՑԻ — Միայն այդպես: Ու ես անմիջապես կհեռանամ, որովհետև տեսնում եմ, որ իմ ներկայությունը ճնշող է:

ԴՈՒՍՏՐ — Մայրիկ, պետք չէ:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ներեցեք, բայց ես էլ խորհուրդ կտայի հետաձգել այս զրույցը: Դուք պետք է հանգիստ խորհեք այդ մասին:

ՓԱՐԻՍԵՑԻ — Քո որդու համախոհներին դու պետք չես: Նրանք ցանկանում են նրան որպես Աստված երկինք բարձրացնել: Նրանք ասում են, որ Հիսուսը ուրացել է քեզ, թե նրա տունն այստեղ չէ: Եվ զավակներդ քեզ կլքեն, քանզի դժվար է դիմանալ անգամ բացակայող Աստծո ազգակցությանը: Դու միայնակ կմնաս այս տան մեջ: Վախեցիր դրանից: Քեզ չեմ կանչում, որ մեզ մոտ գաս: Առայժմ քեզնից սոսկ մի բան եմ խնդրում, մի՛ փախչիր մեզնից: Դրանով կյանքից կփախչես, Մարիամ:

ԴՈՒՍՏՐ — Նա ասում էր՝ երկու մարդ մտան տաճար աղոթելու: Մեկը փարիսեցի, մյուսը աղքատներից՝ մուրացող շրջմոլիկ: Փարիսեցին այսպես էր աղոթում. «Տեր Աստված, երախտապարտ եմ քեզ, որ ես մյուսների՝ թալանչու, նեղողի, շնացող մարդկանց նման չեմ, կամ էլ՝ ինչպես այս շրջմոլիկը»: Շրջմոլիկն էլ, կուրծքը ծեծելով, մի բան էր միայն ասում. «Աստված, ես մեղսագործ եմ: Ողորմած եղիր մեղսագործիս հադեպ»: Եվ հեռացավ արդարացված, իսկ փարիսեցին այդպես էլ մեղքերի թողություն չստացավ:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ես էլ գիտեմ այդ առակը: Քո որդին միշտ էլ չարախինդ լուտանք է թափել մեզ վրա:

ՄԱՅՐ — Նա ձեզ տանե՛լ չէր կարողանում: Ինչպես եք դուք, ողջույններ ակնկալելով, ամբարտավան անցնում փողոցներով: Ինչպես եք ձգտում առաջնության, մեծարանքի: Ինչպես աղոթքի պահին շրջում եք ձեր գլուխները, որ իմանաք՝ նկատո՞ւմ են արդյոք մարդիկ, թե ինչպես եք բարեգործում ցուցադրաբար: Նա ծիծաղում էր ձեր պատվասիրության վրա, և նրա քմծիծաղները խոցում էին ձեր սրտերը: Նրա նկատմամբ ձեր ատելությունը կարող էր հագենալ միայն նրա մահո՛վ: Միմիայն սպանությա՛մբ:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (ժպտալով փարիսեցուն): Ախ, կանայք, կանայք… Վաղը չեն հիշի, թե այսօր ինչ են ասել:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ոչ թե սպանություն, այլ մահապատիժ: Դրանք տարբեր բաներ են: Նրա հարցաքննությունը կատարվել է ըստ օրենքի, վկաների ներկայությամբ:

ԴՈՒՍՏՐ — Կեղծ վկանե՛ր:

ՓԱՐԻՍԵՑԻ — Դատավճիռն արձակվել է ըստ օրենքի:

ԴՈՒՍՏՐ — Իսկ ինչո՞ւ նրան գաղտնի դատեցիք և ոչ հրապարակավ, մարդկանց ներկայությամբ:

ՓԱՐԻՍԵՑԻ — Մարդիկ ողջունեցին դատարանի վճիռը: Երբ նրան կառափնարան էին տանում, մարդիկ գոչում էին՝ խաչե՛լ դրան, խաչե՛լ:

ՄԱՅՐ — (հառաչում է):       Դժբախտնե՛ր, դժբախտնե՛ր, դժբախտնե՛ր…

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Մայրիկը պիտի հանգստանա: Նա հոգնել է, նրան կարելի է հասկանալ:

ՓԱՐԻՍԵՑԻ — (հռոմեացուն): Բայց դո՞ւք… Այդ Հիսուսը շատ չարիք կպատճառեր ոչ միայն մեզ, այլև Հռոմին:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ես մասնավոր անձ եմ: Այդ խնդիրն ինձ քիչ է հետաքրքրում:

ՓԱՐԻՍԵՑԻ — Իսկ եթե նրա կողմից գրգռված ժողովուրդը դադարեր Հռոմեական կայսրությանը հարկ վճարե՞լ: Այ, դա ձեզ կվերաբերեր:

ՀՌՈՄԵԱՑԻ — Օբյեկտիվ լինենք, նա, ընդհակառակը, խորհուրդ էր տալիս վճարել Հռոմի հարկը:

ԴՈՒՍՏՐ — Սոսկ ատելությունից ու ձեզ հետ վեճի մեջ չմտնելու ցանկությունից դրդված:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ասենք, որ նա շատ էր սիրում բանավիճել ու հաճախ էլ վիճում էր ոչ կարևոր բաների շուրջ: Եվ ոչ թե հանուն ճշմարտության, այլ միայն բանավիճել՝ հաղթելու համար: Ցանկացա՛ծ միջոցներով: Հատկապես հանդիսատեսի ներկայությամբ: Քաղաքագետ էր, քաղաքական գործիչ:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ընդհանրապես, քաղաքականությանը նա հումորով էր վերաբերվում:

ԴՈՒՍՏՐ — Կարծում եմ, ինչպես և դուք:

ՀՌՈՄԵԱՑԻ — Այո, ինչպես նաև ես:

ԴՈՒՍՏՐ — Հարմար դիրքորորոշում է: Ինչ էլ լինի, դուք բոլորից վեր եք կանգնած:

ՓԱՐԻՍԵՑԻ — Քաղաքական գործիչ էր: Եվ հեռատես: Թեև քաղաքացիական կառավարման մասին պղտոր պատկերացումներ ուներ: Նրա դատողությունները թագավորների և իշխանության մասին զավեշտական էին:

ԴՈՒՍՏՐ — Դրանք ձեզ են զավեշտական թվում, որովհետև իրեն նեղություն չէր տալիս պարզաբանել ձեր մրջնային քսու խարդավանքները: Բայց նա հստակ վերաբերմունք ուներ բոլոր չինովնիկների նկատմամբ: Նրանցից յուրաքանչյուրը թշնամի է մարդկանց:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ձանձրալի՛ է, ձանձրալի՛ է ձեզ լսել: Չարությունը միշտ էլ ձանձրալի է: Հատկապես դուք, օրիորդ: Նրա քույրը: Մի՞թե չգիտեք, որ նա ցանկանում էր չարիքի և բիրտ ուժի տիրակալության մեջ հանգրվան ստեղծել միայն հոգու համար:

ԴՈՒՍՏՐ — Այդ դեպքում բացատրեք, ինչո՞ւ, ինչի՞ համար նրան հալածեցին ու սպանեցին, եթե այդքան անվնաս մարդ էր:

ՀՌՈՄԵԱՑԻ — Թույլ տվեք չբացատրել: Ձեզ դժվար կլինի դրանից գլուխ հանելը: Երկուսիդ համար էլ:

ՓԱՐԻՍԵՑԻ — Այդ ինչո՞ւ ինձ համար պիտի դժվար լինի:

ՀՌՈՄԵԱՑԻ — Նա՛ չէր քաղաքագետը, այլ դուք, դո՛ւք: Եվ բոլոր նրանք, ովքեր զբաղված են քաղաքական կրքերով, չեն կարող ներել ուրիշներին, երբ նրանք ինչ-որ բան վեր են դասում իրենց կուսակցական իդեալներից:

ԴՈՒՍՏՐ — Նա ատո՛ւմ էր հարուստներին և ազնվատոհմիկներին:

ՀՌՈՄԵԱՑԻ — Սակայն չէր պատրաստվում գրավել նրանց տեղը: Նա ցանկանում էր ոչնչացնել հարստությունն ու իշխանությունը, սակայն չտիրել դրանց:

ԴՈՒՍՏՐ — Ամեն դեպքում՝ ոչնչացնել:

ՀՌՈՄԵԱՑԻ — Բայց ոչ զենքով: Այլ հոգու մաքրությամբ:

ՓԱՐԻՍԵՑԻ — Իսկ ես պնդում եմ. նա ցանկանում էր հիմնել նոր պետություն: Ցանկանում էր խառնաշփոթ ու հեղափոխություն:

ԴՈՒՍՏՐ — Ա՛յ, դա մոտ է ճշմարտությանը:

ՀՌՈՄԵԱՑԻ — Սակայն օգնության համար ո՞ւմ էր դիմում: Ամենախաղաղասեր մարդկանց: Կանանց ու երեխաներին, ստորացվածներին ու հնազանդվածներին: Հեղափոխությո՞ւն: Հնարավոր է: Բայց ինչպիսի՞: Երբ այն ամենն, ինչ էական է հիմա, դադարում է կարևոր լինել:

ՓԱՐԻՍԵՑԻ — Ահա թե ինչն է ամենազազրելին: Նա ցանկացավ սասանել օրենքը, որ գոյություն է ունեցել դարեր շարունակ և հավերժորեն կհարատևի: Իսկ հիմա ո՞ւր է ձեր Հիսուսը: Եվ ո՞րն էր նրա վարդապետությունը: Մենք երեքով ենք այստեղ ու չենք կարող համաձայնության գալ: Ինչպե՞ս կարող են համաձայնության գալ հազար-հազարավորները:

ԴՈՒՍՏՐ — Իսկ դու անցիր քաղաքներով ու կտեսնես, ինչպես են համաձայնության գալիս բյուրավոր մարդիկ: Նա հիմա անհաս է ձեզ, իսկ նրա գործերի հետևանքները դժվար է անգամ պատկերացնել: Ձեզ կհիշեն միայն այն բանի շնորհիվ, որ մի պահ կանգնել եք նրա ճանապարհին:

ՓԱՐԻՍԵՑԻ — Իսկ այսպիսի խոսքերի համար դու անիծվա՛ծ կլինես: Եվ այս տունը թող լինի անիծված: Թող այս տունն ամայանա՛:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ախր, ինչո՞ւ եք այդպես…

ՓԱՐԻՍԵՑԻ — Եվ նրա բոլոր բնակիչները, բոլոր ազգականները թող անիծվեն: Դու ո՞վ ես: Եղբա՞յրը: Ե՛վս անիծյալ… (Լքում է տունը:)

ԱՎԱԳ ՈՐԴԻ — (քրոջը): Սրա՞ն էիք սպասում, ստացա՞ք: (Հռոմեացուն.) Իսկ դուք ինչո՞ւ խառնվեցիք: Ես որ ընդհանրապես անմեղ տեղս տուժեցի… Չգիտեմ, դուք ինչպես, իսկ իմ գնալու ժամանակն է:

ԴՈՒՍՏՐ — Վազիր, փախիր, մեկ է, դու արդեն անիծված ես:

ՄԱՅՐ — Ահա և վերջ: Դու ընդմիշտ ես հեռանում, էլ այստեղ չես վերադառնա:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Ինչո՞ւ ես այդպես ասում: Հիմա ինձ գնալ է պետք: Բայց ոչ տարիներով:

ՄԱՅՐ — Իհարկե, գնա, դու շատ գործեր ունես: Առանց այդ էլ մեզ հետ ինչքան իզուր ժամանակ կորցրիր:

ԱՎԱԳ ՈՐԴԻ — Հավատա, մայր, քեզ միայն բարիք էի ցանկանում: Եթե ինձ լսեիր, մենք կարող էինք լավ ապրել, դու նույնիսկ չես պատկերացնում՝ ինչքա՛ն լավ… Ու քեզ, քույրիկ, բարին էի ցանկանում: Հեչ բանի համար կործանումն ես նախընտրում, քո գործն է: Հիսուսը սովորեցնում էր բարություն գործել, իսկ ձեր մեջ բարին միայն ես եմ կատարում: (Հռոմեացուն.) Ու ձեզ համար ես բավական ջանացի: Իսկ հանուն ինչի՞: Չգիտեմ: Սրանք մտածում են՝ շահի համար: Ի՛նչ արած, թող այդպես մտածեն: Փոխարենը դուք տպավորություններ հավաքեցիք, Հռոմում պատմելու բան կլինի: Իսկ ես ի՞նչ ստացա: Անե՜ծք… (Իր իսկ համար անսպասելի՝ ծունկ է չոքում Մարիամի առաջ:)

 

Մայրը ձեռքը դնում է նրա գլխին: Ավագ որդին հեռանում է:

 

ՄԱՅՐ — Ահա և մի որդիս էլ չկա… (Կրտսերին.) Տղաս, չէ՞ որ դու քաղցած ես:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Հիշեցի՞ր:

ՄԱՅՐ — Եկեք բոլորս ճաշենք: (Դստերը.) Սե­ղան գցիր: (Սեղանին դնում է հաց, կուլայով կաթ:) Ներեցեք համեստ հյուրասիրության հա­մար:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ամեն ինչ լավ է, ամեն ինչ լավ է:

ՄԱՅՐ — Գինի չկա: Դուք երևի գինու եք սովոր:

ՀՌՈՄԵԱՑԻ — Խնդրում եմ, մի անհանգստացեք:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (նայելով վերև՝ խոսում է անհանգիստ): Մամ, ինչ-որ մեկը քայլում է:

ՄԱՅՐ — Ոչ ոք չի քայլում, քեզ թվում է…

ՀՌՈՄԵԱՑԻ — (դստերը): Ձեզ հետ կոպիտ խոսեցի, ներող եղեք:

ԴՈՒՍՏՐ — Դա ինչ է՞ որ… Կյանքում ես այն­պիսի բաներ եմ լսել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ Հիսուսն ասում էր՝ որ­տեղ մի քանի մարդ կհավաքվի և կհիշի իր մա­սին, ինքը կլինի այնտեղ, նրանց մեջ:

ՄԱՅՐ — Հավանաբար, նկատի ուներ, որ իրեն կհիշեն: Ու ճիշտ որ, ահա հիշեցինք:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ես ուզում եմ ինչ-որ կերպ օգ­նել: Ես նույնիսկ գիտեմ՝ ինչպես, բայց չեմ հա­մարձակվում ասել:

ՄԱՅՐ — Այդ դեպքում մի ասեք:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ըստ իս, ինչ-որ մեկը քայ­լում է:

ՄԱՅՐ — Ոչ ոք չի քայլում, քեզ թվում է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ ինձ թվաց:

ՄԱՅՐ — Ես էլ դա եմ ասում:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ձեր ավագ որդին կյանքում իր տեղը գտել է, նա գործարար մարդ է: Իսկ կրտսե­րի մասին հարկ է մտածել: Տղան գործնական, վառ ընդգծված հակումներ չունի: Նրան սովորել է պետք, այլապես կկորչի:

ՄԱՅՐ — (կրտսերին): Դու ուզում ես հեռանա՞լ մեզնից:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ինչո՞ւ հեռանալ:

ՀՌՈՄԵԱՑԻ — Նա վախենում է ձեզ վշտացնել:

ՄԱՅՐ — Դուք արդեն ամեն ինչի մասին պայ­մանավորվել եք:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Մայր, ինքդ դատիր: Այս­տեղ ես ի՞նչ եմ անելու: Եվ հակառակը. ի՞նչ է ինձ սպասում այնտեղ: Մի՞թե կարելի է համեմատել:

ՄԱՅՐ — Ոչ մի տեղ չե՛ս գնա:

ԴՈՒՍՏՐ — Ա՛յ թե ինչ: Այստեղ անհանգստա­նում էին, թե ինչ հուշանվեր աոաջարկեն հյուրին, իսկ նա, պարզվում է, ինքն է ընտրել: Կենդանի հուշանվեր, կարելի է ցուցադրել Հռոմում: Նա­յե՛ք, Հիսուսի իսկակա՛ն եղբայրն է: Ի՜նչ զվար­ճալիք է: Ի՜նչ հաճելի տհաս մանչուկ է: Ասում են՝ նրա եղբոր մոտ էլ ամեն ինչ կարգին չի եղել:

ՀՌՈՄԵԱՑԻ — Անարդարացի եք:

ԴՈՒՍՏՐ — Գուցե:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Դու գիտե՞ս, թե ում հետ ես խոսում: Նրան պատգարակով են տանում: Հռոմում նա մարմարե սեփական պալատ ունի:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ի՞նչ կարիք կա… դա ոչ մի նշանակություն չունի:

ԴՈՒՍՏՐ — Ինչո՞ւ, մեզ համար հետաքրքիր է: Նրան պատգարակով են տանում: Դա շա՛տ կարևոր է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ գիտե՞ս, թե ի՛նչ ասել է՝ Հռոմ: Ով չի տեսել Հռոմը, նույնն է, թե աշխար­հում չի ապրել: Այնտեղ կրկես կա, որի երկա­րությամբ քայլելու համար տասը րոպե ժամա­նակ է պետք: Այնտեղ ամենուր կոթողներ են և արձաններ: Ողջ աշխարհից մարդիկ են գալիս դրանք տեսնելու:

ՄԱՅՐ — Փոխարենը մենք ի՜նչ գետակ ունենք: Այնտեղ այդպիսի գետակ կգտնե՞ս:

ՀՌՈՄԵԱՑԻ — Մեզ մոտ ավազաններում են լողանում:

ՄԱՅՐ — Մի՞թե կարելի է լողավազանը գետակի հետ համեմատել:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իհարկե, չի կարելի համե­մատել:

ՄԱՅՐ — Այստեղ ընկերներ ունես: Ափսոս չէ՞ նրանցից բաժանվել: Չէ՞ որ դա ընդմիշտ է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ այնտեղ ուրիշ և ոչ պակաս լավ ընկերներ կճարվեն:

ՄԱՅՐ — Մերոնց նմանը չես գտնի:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ինչո՞ւ չեմ գտնի:

ՄԱՅՐ — Նրանք կծիծաղեն քո վրա:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ինչո՞ւ պիտի ծիծաղեն իմ վրա:

ՄԱՅՐ — Հավատա, կծիծաղեն:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Այդ դեպքում ե՛ս նրանց վրա կխնդամ:

ՄԱՅՐ — Չէ, տղաս, դա քեզ չի հաջողվի:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Միևնույն է, ես այստեղ չե՛մ ապրի: Բայց և այնպես, ինձ թվում է, թե ինչ-որ մեկը քայլում է:

ՄԱՅՐ — Ո՞վ է քայլում, տղաս:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Ո՛վ: Հիսուսը:

ՄԱՅՐ — Դա քեզ տհա՞ճ է:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Իսկ ո՞ւմ է հաճելի:

ՄԱՅՐ – Գնա՛:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Մամա, եթե դու չես ուզում, չեմ գնա:

ՄԱՅՐ — Ես կամենում եմ, մանչս, ուզո՛ւմ եմ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (ամաչում է խեղդող արցունքներից): Իսկ դու այստեղ ինչպե՞ս… մե­նակ, առանց որևէ մեկի:

ՄԱՅՐ — Ինչո՞ւ մենակ: Մենք քրոջդ հետ կլի­նենք, երկուսով:

ՀՌՈՄԵԱՑԻ — Դե, ինչ-որ բան վճռեք: Եթե դու ցանկանում ես մնալ…

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Չէ… ես չգիտեմ… Ներիր ինձ, մայրիկ:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ժամանակը կգա ու դուք կհաս­կանաք, որ լավը սա էր:

ՄԱՅՐ — Այո, այո: Ուրեմն, ձգձգել պետք չէ:

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — Չհասցրի հաց ուտել, իսկ նա քշում է ինձ:

ՄԱՅՐ — (առանց նայելու): Քեզ հետ հաց ու պանիր վերցրու:

ՀՌՈՄԵԱՑԻ — Ոչինչ, մենք քաղաքում կճա­շենք: Ելիր, տղա: Համենայնդեպս, նրան հրա­ժեշտ տվեք:

ՄԱՅՐ — (գրկում, ճոճում է, ասես՝ օրորում): Նե­րիր, փոքրիկս, նեղացրի քեզ: Դա չհիշես: Եթե այնտեղ, խնդության և հրապուրանքների մեջ, ինչ-որ բան պատահաբար քեզ կհիշեցնի մեր տունը, ավելի լավ է հիշիր, թե ինչպես էինք բոլորս նստում սեղանի շուրջը: Իսկ քո տերը…

ՀՌՈՄԵԱՑԻ — Ինձ այդպես մի անվանեք:

ՄԱՅՐ — Գուցե նա քեզ սիրի: Չսիրի էլ՝ այդպես կապրես: Չի կարելի մի թռչնաբնում արծվի ձագ ու հավի ճտեր աճեցնել: Արծվիկը կթռչի, կխփվի տանիքին, իսկ ճտերը կփախչեն տարբեր կողմե­րի վրա: (Թեքվում, ուշադիր նայում է որդուն և աջ ձեռքով՝ վերից վար, հետո ձախից աջ խաչակնքում նրան:)

ԿՐՏՍԵՐ ՈՐԴԻ — (վախվորած): Էդ ի՞նչ ես անում:

ՄԱՅՐ — Դա էլ որպես հրաժեշտի նշան… Հիշի՛ր եղբորդ, Հիսուսին: Եվ հավիտյան հիշիր, ուր էլ լինես:

ՀՌՈՄԵԱՑԻ — Հուսով եմ, դեռ կհանդիպենք:

ՄԱՅՐ — (ցրված): Էլ որտե՞ղ… էլ հազիվ թե… (Սենյակում ասես ոչ ոք չկա:) Դե ինչ, աղջիկս, տունը հավաքելու ժամանակն է:

 

Հռոմեացին դռան մոտից ձեռքով, աչ­քունքով նշաններ է անում տղային, որ նա հրաժեշտով չտանջի մորը: Հեռա­նում են:

 

ԴՈՒՍՏՐ — Տունը հավաքելո՞ւ ենք:

ՄԱՅՐ — Պետք չէ, հենց այնպես ասացի, որ հեռանան: Պարպվում է տունը, դատարկվում:

ԴՈՒՍՏՐ — Սրիկան հեռանալու ժամանակ գտավ:

ՄԱՅՐ — Ես նրան վատ ճամփեցի: Միշտ այս­պես է՝ հապճեպ հրաժեշտ ես տալիս, ինչպես պատահի…

ԴՈՒՍՏՐ — Ոչինչ, մայր: Ես խոստանում եմ չգնալ:

ՄԱՅՐ — Ավելի լավ, քան այս տունն է, քեզ հա­մար ոչ մի տեղ չի լինի: Բայց դու էլ կգնաս:

ԴՈՒՍՏՐ — Ո՞ւր կգնամ, մայր:

ՄԱՅՐ — Կգնաս, որպեսզի այրվես կրակի մեջ: Արագ կայրվես: Քչերին լույս կտաս:

ԴՈՒՍՏՐ — Ոչ, ի՞նչ է ստացվում: Ուրեմն, նրանք հասան իրենց նպատակին: Պարզվում է, բավական էր միայն մի մարդու հախից գալ: Միայն Հիսուսը չկա: Եվ ամեն ինչ փլվեց: Ամեն մեկն իր ուժի չափով իրեն է քաշում նրա գաղափարներից մի փշուր: Զզվելի է, մայրիկ, զզվելի է: Նա ասում էր՝ պետք է ուրախանալ կյանքով: Այն օրերին լավ էր նրա համար: Իսկ հիմա՞: Ինչո՞վ ուրախանաք: Մայրիկ, պիտի ասեմ, որ մեր սերնդի ջահելներն ամեն ինչ չէ, որ ընդունում են նրա ուսմունքում: Մենք, օրինակ, չենք պատ­րաստվում մեր մյուս այտն էլ դեմ անել: Մենք չենք ցանկանում սպասել, թե երբ ամեն ինչ ինքն իրեն կկարգավորվի:

ՄԱՅՐ — Կկործանվես, աղջիկս, կկործանվես: Ու, ցավոք, ոչինչ չի փոխվի:

ԴՈՒՍՏՐ -Ի՞նչ իմանաս:

ՄԱՅՐ — Շատ արյուն կհեղվի:

ԴՈՒՍՏՐ — Մայրիկ, այդ ի՞նչ ես ասում: Ես հի­մա… մի խոսքով, տեղ պիտի գնամ: Եթե որևէ մեկն ինձ հարցնի, ասա՝ գործով է գնացել: Եթե կրկնի հարցումը՝ ի՞նչ գործով,- չգիտեմ… Ոչի՞նչ, որ ես գնում եմ: Կարճ ժամանակով: Իսկ դու առայժմ հանգստացիր:

ՄԱՅՐ — Այդպես էլ չեկավ…

ԴՈՒՍՏՐ — Այդպես էլ չեկավ: Ասենք, ես հույս էլ չունեի:

ՄԱՅՐ — Գնա, գնա: Ես իրոք մի քիչ կհանգստանամ:

ԴՈՒՍՏՐ — Կեցցե՛ս, մայր: (Գրկում է մորը, հե­ռանում:)

ՄԱՅՐ — Տեսնո՞ւմ ես, ինչ է կատարվում: Ահա, քույրդ էլ փախավ ինչ-որ տեղ: Բայց ո՞ւր: Գի­տեմ, թե ինչո՛ւ է այստեղից փախչում: Որպեսզի չտեսնեմ նրա կործանումը: Լավ է, որ չեմ տեսնի… Չեմ տեսնի, ինչպես է քո եղբայրը առևտուր անում քո անունով: Չեմ տեսնի, ինչ­պես է մյուս եղբայրդ զվարճացնում հռոմեացի­ներին: Չե՛մ տեսնի: Պարզվում է, ճիշտ էր փարիսեցին: Բոլորը հեռացան, ես մնացի մե­նակ: Դատարկ տան մեջ: Մարդիկ կուղարկի, որ իմանա՝ ինչպես եմ ապրում դատարկ տան մեջ: Եվ կասեն. իսկ փարիսեցին դա՛ էր գուշակել: Ի՞նչ արած, ապրել է պետք: Պետք է սպասել: Գուցե նրանք դեռ տուն դառնան: Գուցե նաև դո՞ւ վերադառնաս: Հիշես հարազատ տուն բերող ճա­նապարհը: Անքննելի են քո գործերը: Բոլոր դեպ­քերում իմացիր՝ ես սպասում եմ քեզ: Ես երկար կարող եմ սպասել, որքան անհրաժեշտ է: Կհայտնվես, իսկ ես տանն եմ, ես այստեղ եմ…

 

Ռուսերենից թարգմանությունը՝ ՄԵԼՍ ՍԱՆԹՈՅԱՆԻ

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։