Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ / «ԹԱՏՐՈՆ 301»

Tatron-drama.am-ը ի սրտե շնորհավորում է մեր ժամանակների ամենահետաքրքիր և սպասված գրողներից մեկի՝ արձակագիր, դրամատուրգ Գուրգեն Խանջյանի ծննդյան օրը՝ մաղթելով նոր՝ միայն խանջյանական գրչին հատուկ Գործեր իր ընթերցողին և հանդիսատեսին:

 

 

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆԻ «ԹԱՏՐՈՆ 301» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2000 թ., թիվ 1-ում

 

ՀԱՅ ԹԱՏՐՈՆԻ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ՀԱՅ ԹԱՏԵՐԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆԿարծում եմ՝ չի կարող լինել հայ թատրոն առանց հայ ժամանակակից թատերգության. կարող են լինել լավ, նույնիսկ հրաշալի թատրոններ — դրա ներուժն ունենք — բայց դրանք հայ թատրոն չեն, եթե իրենց ժամանակի հայ թատերհություն չեն ներկայացնում: Ընդունում եմ, որ մեր թատերգությունը զիջում է Շեքսպիրին, Բրեխտին, Բեքեթին կամ Իոնեսկուին և շատ ուրիշների: Սակայն կա այսպիսի հայտնի տեսակետ, թե լավ պիեսը թատրոնում է գրվում, այսինքն՝ եթե շարունակենք չբեմադրել ժամանակակիցների, լավ պիեսներ այդպես էլ չենք ունենա. փոխկապակցված են: Բեմադրիչները պիտի փոխհամաձայնության գան, ռիսկի դիմեն, որպեսզի հայ թատերգություն ունենանք, և թատրոնն  էլ գոյատևի: Ժամանակակից հայ հեղինակը շահեկան է նաև, քանզի այստեղ է և ողջ, ասել է թե՝ բեմադրիչը հնարավորություն ունի հեղինակի հետ աշխատել իր ընտրած պիեսի վրա: Ուստի համարձակ եղեք, հարգելի ռեժիսորներ, այս դեպքում նույնիսկ պարտությունն է հաղթանակ՝ եթե խնդրին հեռատեսությամբ մոտենանք:Իմ այս պիեսի գաղափարը վաղուց կար, սակայն կատարումը ինչ-ինչ պատճառներով ուշացավ և ընդհուպ մոտեցավ քրիստոնեության հայտնի տարեդարձի օրերին. ուզում եմ ասել, թե հատուկ  առիթով չի գրվել, համընկել է: Կարծում եմ, որ ավետարանային ներկայացումը հիմնական ներկայացման մեջ կարող է հետաքրքիր դիտվել, աշխուժացնել բեմը ի հաշիվ հակադրման: Սակայն չխորանամ, բեմադրելն իմ գործը չէ:Այսքանը:

Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ

 

ԹԱՏՐՈՆ  301

(Դրամա երկու գործողությամբ)

 

Գործող անձինք

ՎՐԻՎ — իշխան

ՕՎԱԿ — տարեց իմաստուն, իշխանի բարեկամ և խորհրդատու

ՎԱՐՍԵՆԻԿ — իշխանի կինը

ԱՍՏՂԻԿ — իշխանի մայրը

ԱՐՓԻ — հարճ, ջահել, գեղեցկատես

ՇՈՒՇԱՆ — հարճ, տարիքն առած

ՍԱԹԵՆԻԿ — ծերացած հարճ

ԳՆԵԼ — թիկնապահ

ԱՏՈՄ — թիկնապահ

Թատերախմբի դերասաններ

ՀՈՒՍԻԿ — Հիսուսի դերակատար

ՉՈՒՆԱՍ — Հուդայի, սատանայի դերակատար, վարող

ԴԱՆԻԵԼ — Թովմասի և մի փարիսեցու դերակատար

ՀՈՒՆԱՆ — Պետրոսի դերակատար

ԵԶՆԻԿ — Հովհաննեսի ու մի դպիրի դերակատար

ՏԻՐԱՆ — Սիմոնի դերակատար, վարող

ՍԱՀԱԿ — Փիլիպոսի ու Հովհաննես Մկրտչի դերակատար

 

Ժամանակը՝ չորրորդ դարի սկիզբ կամ մեր օրերը — տարբերությունը մեծ չէ: Հայաստանի հեռավոր գավառ:

 

 

Գործողություն առաջին

Իշխանի տունը — հեթանոսական ոճի մեծ գավիթ, աստվածների քանդակներ, զոհասեղան: Իշխան Վրիվը և Օվակը պատշգամբից հետևում են բակում կռվող շներին: Շնամարտ է. մի կողմից իշխանի սիրելի Արջուկ գամփռն է, մյուս կողմից՝ հովվի շուն: Լսվում է կռվող շների ձայնը, նաև՝ հովվի՝ իր շանը ոգևորող կանչերը. «Քյա՛ֆր, հո՜, հասի՛, Քյա՛ֆր…»:

 

ՎՐԻՎ — Բռնի դրա վիզը, Արջուկ… Էդպես… Դե, էլ չթողնես, տար խեղդի… Ապրի Արջուկը, ապրի՛ շունս:

ՕՎԱԿ — Էդպես բռնած պահի՝ հանգստացի մի քիչ, Արջուկ:

ՎՐԻՎ — Ի՞նչ հանգստացի, ո՛չ մի հանգստանալ: Քաշի, քաշի տար, խեղդի դրան, Արջուկ:

ՕՎԱԿ — Կհոգնի, տարիքն առած շուն է, շունչը տեղը չէ:

ՎՐԻՎ — Մի՛ կռռա… Տեսա՞ր, տեսա՞ր, ոնց կոխեց տակը: Հովվի շունն ո՞ւմ շունն է, որ Արջուկիս նեղի, վրան իսկի կարգին բուրդ չկա, ոնց որ քոսոտ լինի:

ՕՎԱԿ — Կարճամազն ավելի դիմացկուն է…

ՎՐԻՎ — Էէ՜, դու էստեղից գնա, հա՞, Օվակ: Թափ տուր դրան, թափ տուր, Արջուկ, չթողնես:

ՀՈՎՎԻ ձայնը — Քյաֆր, հե՜յ, բռնի դրա վիզը, բռնի…

ՎՐԻՎ — Զգո՛ւյշ… Թո՛ւ… Ես քո… Էս ի՞նչ եղավ…

ՕՎԱԿ — Ասացի, չէ՞, կհոգնի: Էլ տակից դուրս եկողը չի, վերջ:

ՎՐԻՎ — Էհ, տարիքն առավ Արջուկը, ատամն ատամ չի, սոթ է տալիս: (Դեպի վար:) Թափ տուր քեզ, Արջուկ, դե, քեզ տեսնեմ… Չէ, չի կարող: Խայտառակ արեց:

ԳՆԵԼ — (ձայնը վարից): Իշխան, ի՞նչ անենք, խռխռացնում է արդեն, չբաժանե՞նք:

ՎՐԻՎ — Թող խեղդի, ինձ պարտված շուն պետք չի:

ՕՎԱԿ — Մեղք է: Քանի մարտ շահած կլինի… Երբ շահում էր, լավն էր, չէ՞:

ՎՐԻՎ — Երբ շահում էր` լավն էր, հիմա վատն է. պարզ տրամաբանություն:

ՕՎԱԿ — (վիրավորված): Իհարկե, տարիքն առավ՝ վերացնենք, ավելորդ ուտող բերան է:

ՎՐԻՎ — Մի թթվիր, ծերուկ, խոսքն ընդամենը շան մասին է, ի՞նչ ես վրադ առնում:

ՕՎԱԿ — (մի կողմ քաշված՝ երկնքին նայելով, մեկուսի):  Օ՜, աստվածներ, այս ի՞նչ է կատարվում երկնքի հետ այսօր… Այսպիսի երկինք տեսած չկամ երբեք:

ՎՐԻՎ — Սակայն աչքերդ լայն բաց արա, կիսախուփ աչքերով երկինքը ինչպե՞ս ես տեսնում:

ՕՎԱԿ — Չէ, կատակը մի կողմ, իշխան, այսպիսի երկինք տեսած չկամ դեռ. հորիզոնի գիծ չկա, երկինքն ասես չի ավարտվում, այլ աննկատ վերափոխվում է գետնի: Հողն էլ հող լինի… այրված, գորշ…

ՎՐԻՎ — Հողը դուրդ չի գալիս՝ ուրիշ գավառ գնա, պահող չկա: (Կանչում է:) Արփի՛… ո՞ւր կորավ: Այստեղ արի, Արփի՛:

ՕՎԱԿ — Իսկ աստղե՜րը… Աստղերը ցերեկային երկնքում այսպես կփայլե՞ն:

ՎՐԻՎ — Ինչպե՞ս՝ այսպես: Արփի՛:

ՕՎԱԿ — Հստակ, ինչպես գիշերային երկնքում:

ՎՐԻՎ — Անհնար է, ինքդ գիտես:

ՕՎԱԿ — Սակայն այդպես է, և հենց դա է ինձ ապշեցնում:

ՎՐԻՎ — Դա՞ է որ… (Տեսնելով եկող Արփիին:) Վերջապես: (Ցույց է տալիս, որ Արփին մերսի պարանոցի մկանները:)

ՕՎԱԿ — Իսկ սա՞ ինչ է… Գիսաստղ է՝ սև, երկար պոչով:

ՎՐԻՎ — Որ լավ նայես, գուցե պոզեր էլ տեսնես:

ՕՎԱԿ — Մի ծաղրիր, իշխան, պոզանման ինչ-որ բաներ իսկապես կան, ահա, այնտեղ, ձախ կողմում:

ՎՐԻՎ — Իսկ ես կարծում եմ, մղձավանջներիդ տեսիլքներն են, որ վերագրում ես երկինքներին:

ՕՎԱԿ — Չե՞ս հավատում… Արի, արի ցույց տամ. ահա, ահա պոչը, ահա երկարուկ մարմինը, որ ավարտվում է մեծ գլխով ու զույգ… զույգ…

ՎՐԻՎ — Պոզերով:

ՕՎԱԿ — Դե այո, պոզեր են, մեղք ունե՞մ, որ պոզեր են, մոտ արի ու ինքդ համոզվիր:

ՎՐԻՎ — Ձեռ քաշիր: (Մերսման մասին:) Ի՜նչ հաճելի է… Այս Արփին ամեն բան լավ է անում: (Տեսնելով, որ Արփին ժպտում է:) Բայց երես չառնես, հա:

ԱՐՓԻ — Չեմ առնի, ես համեստ աղջիկ եմ, իշխան:

ՎՐԻՎ — Խորամանկ: Նայիր աչքերիս… Հայացքդ մի փախցրու, ուղիղ նայիր:

ԱՐՓԻ — Մի՞թե փախցնում եմ:

ՎՐԻՎ — Չէ, չես էլ փախցնում կարծես:

ՕՎԱԿ — Գլուխս պայթում է, պայթում, օֆֆ… Իսկ մարմինս ասես երկու եզ հուժկու ձգում են:

ՎՐԻՎ — Հակառակ ուղղություններով:

ՕՎԱԿ — Հակառակ, հակառակ, ես դրանց… Ձգում են, թողնում, ձգում են, թողնում, ձգում են…

ՎՐԻՎ — Ու էլ չեն թողնում…

ՕՎԱԿ — Այ, հիմա թողեցին կարծես…

ՎՐԻՎ — Շուշանն ո՞ւր է, կանչիր, թող կյանք տա հին ոսկորներիդ:

ՕՎԱԿ — Մեկը լինի՝ իրեն կյանք տա:

ՎՐԻՎ — Զուր ես դժգոհում, դեռ ահագին կրակ կա մեջը:

ՕՎԱԿ — Կրակ` չէ մի… (Արփիին ակնարկելով:) Քեզ ի՞նչ կա, Վրիվ իշխան:

ՎՐԻՎ — Չափդ ճանաչիր, դու սրա ուժն ունե՞ս. նայիր՝ ինչ հովազիկն է:

ՕՎԱԿ — Չունեմ, չէ, դրա ուժը հաստատ չունեմ:

ՎՐԻՎ — Սիրում եմ անկեղծությունդ. իմաստությունդ գինու մեջ տարրալուծել ես, բայց անկեղծությունդ, փառք աստվածներին, մնում է: (Արփիին.) Շուշանին կանչի՛ր:

ԱՐՓԻ — Հիմա կարթնացնեմ:

ՕՎԱԿ — Անդադար քնում է պառավը: Ուֆֆ, Վրիվ, կարգադրիր, թող գինի բերեն, ցավերս միայն գինին կբուժի հիմա: Բայց՝ սպիտակը, կարմիրն իմ տարիքին վնաս է: Հայրդ նույնպես սպիտակն էր նախընտրում: Մի քիչ է, որ… որ մի քիչ գինի սառը, որ, քիչ… Թո՛ւ, այս ինչ եղավ: Ուզում եմ ասել՝ քիչ մի կարմիր, չէ, սպիտակ, չէ, գինին շատ, բայց… Թու…

ՎՐԻՎ — Լեզուն կապ ընկավ: Գունատվեց նույնիսկ: Արփի, գինի բեր, շուտ, չմեռնի հանկարծ մեր իմաստունը:

ՕՎԱԿ — Հա, շուտ բեր, աղջիկս: (Դարձյալ երկնքին նայելով:) Փայլածուն չեզոք դիրք է գրավել: Հրատ և Լուսաբեր աստղերը ոչ այն է՝ արական, ոչ այն է՝ իգական նշանի մեջ են… Այ քեզ տարօրինակ երկնակամար… Արուսյակն էլ Լուսնի հետ ինչ-որ արատավոր անկյուն է կազմել…

 

Երկնային երաժշտության ընդհատ պատառիկներ են լսվում՝ գուցե կրոնական ավանգարդային երաժշտությունից:

 

ՎՐԻՎ — Այս ի՞նչ ձայներ են, Օվակ:

ՕՎԱԿ — Ձայնե՞ր… Ի՞նչ ձայներ… Ես չեմ լսում:

ՎՐԻՎ — Ահա, դարձյալ… Արտառոց հնչյուններ են, ասես պատռում են ուղեղս:

ՕՎԱԿ — Հորիզոնին ինչ-որ պատկեր հառնեց:

ՎՐԻՎ — Ի՞նչ պատկեր:

ՕՎԱԿ — Չարագուշակ: Կանացի պատկեր… Ասես նկուղում փակված Սաթենիկը լինի: Մեղք եղավ Սաթենիկը, իշխան, հասակն առած կին է:

ՎՐԻՎ — Հասակն առած կնոջ պես չի պահում իրեն: Մի՞թե չեմ կերակրել, մի՞թե զրկել եմ տաք անկյունից… Սակայն կյանքի վերջալույսին հանկարծ սկսեց հրեական աղանդ քարոզել տանս մեջ: Ցնդա՛ծ պառավ: (Փակելով աչքերը:) Օհ, այս ձայները…

ՕՎԱԿ — Սակայն դա աղանդ չէ այլևս, այլ արքայի կողմից հաստատված կրոն:

ՎՐԻՎ — Թքա՛ծ: Ինձ չի վերաբերում: Ես կպատժեմ բոլոր նրանց, ովքեր կփորձեն հետևել Սաթենիկի օրինակին. ականջիդ օղ արա, Օվակ, քեզ էլ չեմ խնայի:

ՕՎԱԿ — Ե՞ս: Ես ի՞նչ… Ես… Պարզապես խղճահարվեցի, խելքը գցած պառավ է… Հորդ հետ էլ մտերիմ էր, գիտես…

ՎՐԻՎ — Հորս անունը տալով նույնիսկ՝ գութս չես շարժի: (Կանչում է:) Հե՜յ, Գնե՛լ, այստեղ բերեք վհուկին: (Օվակին.) Ի՞նչ է, հոգ չե՞նք տարել, երբ ոտքը կոտրեց…

ՕՎԱԿ — Դա նրա ոտքը չէր, իշխան:

ՎՐԻՎ — Իսկապե՞ս… Ո՞ւմն էր հապա:

ՕՎԱԿ — Իմ ոտքն էր:

ՎՐԻՎ — Հիշեցի, ընկել էիր մառանում, գինու կարասի մոտ, այդպե՞ս է:

ՕՎԱԿ — Այդպես է, ընկա, մուկ ընկավ ոտքիս տակ, ես դրա…

ՎՐԻՎ — Ծեր հարբեցող, գոնե ռազմի դաշտում կամ որսի ժամանակ լիներ, թե չէ գողտուկ գինի քաշելիս է՞լ մարդ ոտքը կոտրի, խայտառակություն է:

ԳՆԵԼ — (բերելով Սաթենիկին): Հրամանդ կատարված է, իշխան:

ՎՐԻՎ — Եղավ, գնա… Դե՞հ, տիկին Սաթեն, գիշերվա ընթացքում մտածեցի՞ր վարքիդ մասին:

ՍԱԹԵՆԻԿ — Իմ վարքն անբասիր է, դու քո վարքից վախեցիր, Վրիվ իշխան, տունդ սատանայի որջ է:

ՎՐԻՎ — Սատանա: Ի՞նչ սատանա: Ախր, որտեղի՞ց ես հնարել, այդ տխմարությունները ո՞վ մտցրեց չորացած գլխիդ մեջ:

 

Գալիս է Արփին՝ գինի բերելով:

 

ՍԱԹԵՆԻԿ — (Արփիի մասին): Ահա, ինչպես ասում են՝ անունը տուր, փետը ձեռդ առ:

ՕՎԱԿ — Էհ, ջահելությունդ մոռացել ես իսպառ, Սաթենիկ:

ՍԱԹԵՆԻԿ — Չդիպչես, սատանաների կամակատա՛ր, խեղկատա՛կ, քեզ էլ գիտենք: Պատասխան եք տալու, երկուսով, դու՝ շուտով, նա՝ մի քիչ ուշ, բայց տալու եք պատասխան:

ՎՐԻՎ — Մեղք ես, պառավ, տնից կվռնդեմ, ձեռք պարզած կթափառես, տերդ ո՞վ է:

ՍԱԹԵՆԻԿ — Տե՞րս… Ես տեր ունեմ, դու քո մասին մտածիր, դո՛ւ ես անտեր, ունեցվածքդ ու հարճերդ չեն փրկելու: Հիշի՛ր, երբ գա ահեղ դատաստանի օրը՝ հենց նրանք են քեզ գեհեն քարշ տալու: Ու չի լինի փրկություն շնացողներին, չի՛ լինի, չի՛ լինի…

ՎՐԻՎ — Ինքը հարճ չէ՞ր, Օվակ, թե՞ մոռացել եմ. գուցե դեռ կո՞ւյս է:

ՍԱԹԵՆԻԿ — Հենց կույս եմ. ես ապաշխարել եմ իմ Տիրոջ առաջ, և նա ինձ ներում է շնորհել, անբասիր եմ այլևս, փրկված եմ այլևս:

ՕՎԱԿ — Հենց կիրքը լռում է՝ ամեն բան մոռանում են՝ անցյալ, կատարյալ… Մեկեն սրբանում-ամբասիր են դառնում:

ՎՐԻՎ — Սրանց կրոնը կիսամեռների կրոն է:

ՍԱԹԵՆԻԿ — Հակառակը, նոր կյանքի կրոնն է:

ՎՐԻՎ — Նոր կյանքն էլ դու ե՞ս, Սաթեն:

ՍԱԹԵՆԻԿ — Հենց ես եմ, սատանա՛, սատանա՛, սատանա՛…

ՎՐԻՎ — (Օվակին): Իսկ դու ասում ես՝ ներենք, մեղք է:

ՍԱԹԵՆԻԿ — Ի՞նչ… Ինձ ներե՞ք… Դո՞ւք… Դո՞ւք պիտի ինձ ներեք: (Հռհռում է:) Շնացողնե՛ր, գողե՛ր, խաբեբաներ: (Կտրուկ լրջանալով:) Կյանքս դուք եք փչացրել, դուք ու էն այլասերվածը, որ հող մտավ, բայց մեկ է՝ չի փրկվելու: Անիծված լինեք, շնե՛ր, շնե՛ր, շնե՛ր… (Արփիին.) Պոռնի՛կ, շների տակ պառկող լիրբ… (Հարձակվում է, որ ճանկռի Արփիին:)

ՎՐԻՎ — եռու հրելով Սաթենիկին): Գնե՛լ, Ատո՛մ… (Օվակին.) Պահիր այս խելացնոր պառավին. ես դրա հոտից խեղդվում եմ, հեռու՛ տարեք:

 

Օվակը գրկում, հեռու է քաշում Սաթենիկին, որը, փրփուրը բերանին, անկապ գոռգոռում է ու փորձում պոկվել Օվակից: Գալիս են Գնելն ու Ատոմը:

 

ՎՐԻՎ — Տարե՛ք սրան: Ունեցած-չունեցածը տվեք ձեռն ու իմ տնից հանեք դուրս, որ էլ երբեք չտեսնեմ: Կատարե՛ք, շու՛տ:

 

Գնելն ու Ատոմը տանում են անդադար անիծող Սաթենիկին:

 

ՕՎԱԿ — Թե ինչի խելքն էսպես թռցրեց, թե իր ի՛նչ գործն էր… Թռվռուն, սիրուն աղջիկ էր, այսօրվա պես հիշում եմ…

ՎՐԻՎ — Փակենք այս խնդիրը, Օվակ:

ՕՎԱԿ — Փակենք, փակենք: Հեյ գիտի…

ՎՐԻՎ — Վերջացրինք՝ ասացի: Լսիր, չլինի՞ քո խելքն էլ են կերել այդ Հիսուսականները:

ՕՎԱԿ — Անհնարին է, Վրիվ, դու լավ գիտես, իմ հարաբերությունները երկինքների հետ այլ են, ես կասեի՝ ոչ կրոնական: Գինին ի՞նչ եղավ, է՛…

ԱՐՓԻ — Բերել եմ, վաղուց:

ՕՎԱԿ — Դե լցրու, աղջիկս:

 

Գալիս է Շուշանը՝ հորանջելով:

 

ՇՈՒՇԱՆ — Կանչե՞լ եք, իշխան:

ՎՐԻՎ — Օվակը տխրում էր առանց քեզ: Ճմռիր դրա մկանները, խաղացրու արյունը, թող խելքի գա:

ՕՎԱԿ — (Շուշանին, որ մոտենում է մերսելու:) Համբերիր: (Արփիին.) Լցրեցի՞ր… Դե, տուր գավաթը, աղջիկս:

ՎՐԻՎ — Մեզ էլ լցրու, բոլորիս:

 

Արփին գինի է լցնում գավաթները:

 

ՕՎԱԿ — Կեցցե՛ իշխանը: (Խմում է: Մյուսներն էլ են խմում: Նայելով երկնքին:) Ի՜նչ երկինք է, այսպիսի հրաշալի երկինք տեսած չկամ դեռ, և ի՜նչ բարենպաստ են դասավորվել լուսատուները… (Իշխանին.) Վրիվ, այնուամենայնիվ ուզում եմ ծավալել Սաթենիկի խնդիրը:

ՎՐԻՎ — Գինին համարձակությո՞ւն բերեց:

ՕՎԱԿ — Չէ, զուր ես բարկանում, ուրիշ բան եմ ասում: (Շուշանին, որ մերսում է նրան:) Կամաց, կին, եղունգներդ մի խրիր մսիս մեջ:

ՎՐԻՎ — Խրիր, հանիր դրա արյունը, եթե երակներով հոսողը արյուն է դեռ:

ՕՎԱԿ — Վրիվ, զավակս, արքան և այսպես կոչված Լուսավորիչը ուժով հաստատում են նոր կրոնը, և քո կողմից մեծ անզգուշություն է բացահայտորեն հակառակվելը:

ՎՐԻՎ — Աչքիս լույսը չեն: Նրանց պատճառով իմ աստվածներին չեմ ուրանա:

ՕՎԱԿ — Ջահել արյանդ եռքը կուրացնում է քեզ, իշխան, սեպը բռունցքով չես խփի:

ՎՐԻՎ — Իմ բռունցքն ամուր է: (Դրսից աղմուկ լսելով:) Ի՞նչ աղմուկ է… Գնե՛լ, Ատո՛մ:

ԱՐՓԻ — Թատերախումբն է:

ՎՐԻՎ — Ի՞նչ թատերախումբ… ո՞վ է հրավիրել:

ԱՐՓԻ — Մայրաքաղաքից են, քիչ առաջ ժամանեցին:

 

Ներս է գալիս Ատոմը:

 

ԱՏՈՄ Լսում եմ, իշխան:

ՎՐԻՎ — Ի՞նչ աղմուկ է, ովքե՞ր են:

ԱՏՈՄ — Դերասաններ են:

ՎՐԻՎ — Ես դերասան չեմ հրավիրել ու ոչ էլ թատրոն եմ սիրում, թող հեռանան:

ԱՏՈՄ — Արքայի հրամանով են եկել, մեծ իշխան, շրջիկ թատերախումբ է, նոր աստծո կյանքի դրվագներն են խաղալու:

ՎՐԻՎ — Ահա թե ինչ…

ՕՎԱԿ — Քարոզչության ձև է. Գրիգորի մտահղացումն է հավանորեն, նա է երկրի խաղերի գլխավոր բեմադրիչն այսուհետև:

ՎՐԻՎ — Վռնդեք, թող կորչեն: Սաթենիկից լավը չեն: (Մեկուսի:) Ամեն կողմերից շրջապատել են շանորդիները:

ԱՏՈՄ — Լսում եմ, իշխան:

ՕՎԱԿ — (Ատոմին): Սպասիր: (Վրիվին.) Վրիվ, սիրելիս, արժե՞ զուր տեղը բորբոքել արքայի զայրույթը. դերասանները նաև արքունիքի լրտեսներն են, համոզված եմ:

ՎՐԻՎ — Սակայն ի՞նչ կհրամայես, նստեմ ու հրեա Հիսուսի կյանքի պատմությո՞ւնը լսեմ:

ՕՎԱԿ — Ախր, մեզնից ի՞նչ է գնում, թող խաղան, էլի, թող խաղան, մենք էլ կզվարճանանք:

ԱՐՓԻ — Թատրոն… Ի՜նչ հետաքրքիր է… Իշխան, թող խաղան, ի՞նչ կլինի, խնդրում եմ:

ՎՐԻՎ — Մեջ մի ընկիր: «Թող խաղա՜ն»: Ուզում եք, որ աստվածները երե՞ս թեքեն ինձնից ու իմ տնից:

ՕՎԱԿ — Դե չէ, Վրիվ, չափազանցնում ես, թատրոն է, էլի, ո՞վ է լուրջ ընդունում, քի՞չ ենք ծաղրածուների խաղ նայել: Գինի կխմենք, կնայենք ու կզվարճանանք: Վախենալու ի՞նչ ունենք, հո մեր խելքը չե՞ն ուտելու այդ խղճուկները:

ՎՐԻՎ — Իմ խելքն ուտե՞ն… Ինքը՝ արքան էլ Գրիգորի հետ գա էստեղ ու թատրոն խաղա…

ՕՎԱԿ — Սսս, կամաց, նման բաները բարձրաձայն չեն ասում, տղաս:

ՎՐԻՎ — Դու իմ բերանը մի փակիր, ստրուկ, ես իմ տանն եմ, ինչ ուզեմ՝ կխոսեմ:

ՕՎԱԿ — Լավ, լավ, խաղաղվիր: (Շուշանին՝ կսմթելով հետույքը:) Լցրու գավաթները, Շուշանս:

ՇՈՒՇԱՆ — Կսմթել կարողանում ես, բայց…

ՕՎԱԿ — Դե-դե, սահմանը չանցնես: Լցրու:

ԱՏՈՄ — Ես ի՞նչ անեմ, ի՞նչ կհրամայես, իշխան:

ՎՐԻՎ — Օվակը թերևս իրավացի է, մի քիչ զվարճանալը չի խանգարի, բեր այստեղ այդ թատրոնը:

ԱՏՈՄ — Լսում եմ: (Դուրս է գալիս:)

ՕՎԱԿ — Իշխանուհուն, մյուսներին չե՞ս հրավիրում:

ՎՐԻՎ — Վարակը թող չկպնի նրանց:

ՕՎԱԿ — Իրավացի ես: Իշխան, սիրտս գառան միս ուզեց հանկարծ: Դեռևս խոտ չկերած գառան միս, հը՞… ի՞նչ կարծիքի ես:

ՎՐԻՎ — (հարճերին): Գնացեք, պատվիրեք, թող պատրաստեն:

ՕՎԱԿ — Իսկ գինին թող վարդագույն լինի, գառան մսի հետ վարդագույնը լավ է, համաձայն չե՞ս:

ՎՐԻՎ — Համաձայնվում եմ՝ առավել տարիքդ հարգելով, քան վարդագույն գինին, քանզի գառան մսի հետ մուգ կարմիրն է գերադասելի:

ՕՎԱԿ — Դու կարող ես մուգ կարմիրը խմել, ջահել երիկամներդ ներում են:

ՎՐԻՎ — Խմենք վարդագույնը: (Հարճերին.) Գնացեք: Եվ թող աճապարեն:

 

Հարճերը գնում են:

 

ՕՎԱԿ — Այսօրվա համար գոնե զբաղմունք գտանք, տաղտուկն անտանելի է:

ՎՐԻՎ — Շուշանը բավական չէ՞ տաղտուկդ ցրելու համար:

ՕՎԱԿ — Շուշան, Շուշան… Ի՞նչ կարող է Շուշանը, երբ սեփական անձդ է հոգնեցնում մահու չափ: Չէ, դու պատկերացնո՞ւմ ես, որպիսի սարսափ՝ միշտ ունենալ ինքդ քեզ, անդադար, տարիներ շարունակ, ոչ մի պահ չկարողանալ ազատվել. բոլոր մտքերդ ծանոթ են, բոլոր զգացողություններդ ծանոթ են, ոչ մի նոր բան, և՝ միշտ, և՝ պրծում չկա: (Դատարկում է գավաթը:)

ՎՐԻՎ — Շատ չէ՞ սկզբի համար:

ՕՎԱԿ — Վախենամ՝ Լուսավորչի ուղարկած թատրոնը սթափ աչքի բան չէ:

ՎՐԻՎ — Թատրոն: Պղծելու են տունս, շնե՛ր: (Նայելով զոհասեղանին:) Վահագն աստված զոհ է պահանջում: Էհե՜յ, սպիտակ սագը բերեք, շուտ, բերեք սագը:

ՕՎԱԿ — (մեկուսի): Դարձյալ արյուն պիտի թափի, աչքը կարմրին սովոր է:

ՎՐԻՎ — Ի՞նչ ես մրթմռթում քթիդ տակ, ծեր այծ… թե հայրս ոնց էր քեզ դիմանում…

ՕՎԱԿ — Այն ժամանակ մրթմռթան չէի:

ՎՐԻՎ — Վատ ժառանգություն բաժին հասավ. քեզ էլ տաներ, էլի:

ՕՎԱԿ — Թողեց, որ ջահել եռանդիդ հակակշիռ լինեմ:

ՎՐԻՎ — Լավ էլ հակակշիռ ես, գինու տիկ: (Կանչում է:) Սպիտակ սագը բերեք:

 

Գալիս են դերասանները:

 

ՉՈՒՆԱԿ — Շենություն մեծ իշխան Վրիվի տանը:

 

Մյուս դերասանները նույնպես բարևում են:

 

ՎՐԻՎ — Եղավ, եղավ… Առաջ մի եկեք, այն կողմում կացեք առայժմ:

 

Ատոմը բերում է սագը:

 

ԱՏՈՄ Ահա սագը, իշխան:

ՎՐԻՎ — (վերցնելով սագը և դաշույնը): Տուր: (Գնում է զոհասեղանի մոտ:) Ռազմի աստված մեծն Վահագն, ընդունիր զոհն այս և չառնես ուժը բազկիս ու կորովը հոգուս: (Մորթելով:) Ահա քեզ արյունը սագի: (Մոտենում է դերասաններին՝ սագը ձեռքին, արյուն ցայտեցնում նրանց վրա:) Առեք, օծվեք, արքունական ծաղրածուներ: (Ձեռքն արնոտում, քսում է դերասանների դեմքերին, հերթով ուշադիր նայելով նրանց: Վերջապես մոտենում է Հուսիկին, երկար նայում նրա դեմքին:) Դո՞ւ ես:

ՀՈՒՍԻԿ — Դու ասացիր:

ՎՐԻՎ — (սագը տալով Ատոմին): Տար: (Դերասաններին.) Սկսեք:

ՕՎԱԿ — Նրանք դեռ պիտի զգեստափոխվեն, ներկրտվեն…

ՉՈՒՆԱԿ — (երկյուղած կմկմալով): Չէ-է, մենք ներկեր չենք քսում, զգեստներն էլ այս են:

ՎՐԻՎ — Մոտ արի:

ՉՈՒՆԱԿ — (վախեցած): Ե՞ս:

ՎՐԻՎ — Դու: Մոտ արի: (Մի կողմ տանելով, առանձին:) Դո՞ւ ես սրանց գլխավորը:

ՉՈՒՆԱԿ — Գլխավոր՝ խիստ է ասված, սակայն ես եմ կարգավորում այս բանը:

ՎՐԻՎ — Գանձարկղդ ցած դիր, այս տանը գողեր չկան:

ՉՈՒՆԱԿ — (ցած դնելով ուսից կախված գանձարկղը): Այո, իհարկե…

ՎՐԻՎ — Ինչի՞ համար է դա, դրամ է՞լ պիտի տանք ձեր խաղին:

ՉՈՒՆԱԿ — Ոչ… Կանխավ է վճարված, այնտեղ… Իսկ սա՝ հենց այնպես, եթե մեկը սեփական կամոք ցանկություն հայտնի… Սա հենց այնպես…

ՎՐԻՎ — Լսիր, գլխավոր դերասան, որքա՞ն տամ, որ սրանց վերցնես ու էստեղից բան անեք… չքվեք:

ՉՈՒՆԱԿ — Ուր է թե… Սակայն անհնարին է, իշխան: Մեզ խստիվ պատվիրել են, կպատժեն:

ՎՐԻՎ — Է, ո՞վ է ձեր լեզվից քաշում, դրամը վերցրեք, գինետանը մի լավ կոնծեք, հետո կգնաք-կասեք, թե խաղացել եք ձեր թատրոնը:

ՉՈՒՆԱԿ — Ես կասեմ, ինձ համար դժվար չէ: Բայց ես մենակ չեմ, յոթիցս մեկն էլ բերանից թռցնի՝ կաշիներս կքերթեն: Ամեն դեպքում՝ Հիսուսը որ հաստատ չի համաձայնվի:

ՎՐԻՎ — Հիսո՞ւսը:

ՉՈՒՆԱԿ — Ասացի՝ Հիսո՞ւս… Չէ, Հուսիկն է: Սակայն ինչ սկսեց Հիսուսի դերը խաղալ՝ Հուսիկ լինել չի ցանկանում այլևս, լրիվ փոխվեց մարդը, դերը հագավ ու էլ չի հանում, նույնիսկ գիշերը: (Հռհռում է սեփական կատակի վրա:)

ՎՐԻՎ — Առհասարակ ինչացո՞ւ է:

ՉՈՒՆԱԿ — Ո՞վ գիտի, հետներս կարգին խոսո՞ւմ է որ… Չէ, չխաղալ չենք կարող: Բայց…

ՎՐԻՎ — Բա՞յց…

ՉՈՒՆԱԿ — Կարելի է այսպես թեթև, արագացված տանել խաղը, այսպես մի քիչ ցատկոտել… Հասկանո՞ւմ եք, մեծ իշխան:

ՎՐԻՎ — Այդպես էլ արա, գլխավոր դերասան: (Դրամ խոթելով Չունակի գոտու տակ:) Գնա, պատրաստիր խումբդ: (Գոռում է:) Էհե՜յ, կերակուրն ինչո՞ւ է ուշանում:

ՕՎԱԿ — Էհե՜յ, գինին ինչո՞ւ է ուշանում:

 

Բերում են կերակուրը, գինին: Վրիվը և Օվակը տեղավորվում են սեղանի մոտ: Դերասանները անցնում են բեմի ետև, մնում է միայն Չունակը:

 

ՎՐԻՎ — (Չունակին): Սկսի՛ր:

ՕՎԱԿ — (լցնելով գավաթները): Մենք էլ սկսենք:

ՉՈՒՆԱԿ — Հիսուս Քրիստոսի՝ Աստծու որդու ավետարանը:

ՕՎԱԿ — (Չունակին): Դերասան…

ՎՐԻՎ — (ընդհատելով): Գլխավոր դերասան:

ՕՎԱԿ — Գլխավո՞րն է: (Չունակին.) Գլխավոր դերասան, ցանկանում եմ զգուշացնել, որ այդ սուտ պատմության ճիշտ ընթացքին ծանոթ եմ, չփորձես շեղել ու տանել այս կամ այն հնարովի հուները:

ՉՈՒՆԱԿ — Ինչպե՞ս կհամարձակվեմ, չէ, չէ…

ՎՐԻՎ — Առաջ՝ ուրեմն:

ՉՈՒՆԱԿ — (վարողի դերում): «Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը ծնեց Հակոբին, Հակոբը ծնեց Հուդային ու նրա եղբայրներին, Հուդան ծնեց Փարեսին և Զարային՝ Թամարից…»:

ՎՐԻՎ — (ընդհատելով, ծաղրով): Դա հաստա՞տ է:

ՉՈՒՆԱԿ — Ի՞նչը:

ՎՐԻՎ — Որ Թամարից են:

ՉՈՒՆԱԿ — Հաստատ կլինի. գրված է:

ՎՐԻՎ — Դեհ, եթե գրված է… Շարունակիր:

ՉՈՒՆԱԿ — «Փարեսը ծնեց… ծնեց, ծնեց Փարեսը… Եզրոնին, Եզրոնը ծնեց Արամին, Արամը ծնեց Ամինաբադին, Ամինաբադը…»:

ՕՎԱԿ — Լսի՛ր, քո արմատներն այդքան լավ գիտե՞ս, որքան այդ հրեաներինը:

ՉՈՒՆԱԿ — Դեհ… (Ձեռքերը տարածում է, իբր՝ ի՞նչ մեղք ունեմ:)

ՕՎԱԿ — Հասկանում եմ, խաղը դու չես կազմել: Սակայն այս անհարկի թվարկումը, կարծում եմ, կարելի է շրջանցել, ո՞ւմ է պետք:

ՉՈՒՆԱԿ — (ձեռքերը տարածում է, իբր՝ ի՞նչ իմանամ): «Ամինաբադը ծնեց Նաասոնին, Նաասոնը ծնեց Սաղմոնին, Սաղմոնը ծնեց Բոոսին, Բոոսը ծնեց Ովբեդին՝ Հռութից, Ովբեդը ծնեց Յեսսեին, Յեսսեն ծնեց Դավիթ արքային»:

ՎՐԻՎ — (կարծելով, թե ավարտվեց): Ուֆֆ…

ՉՈՒՆԱԿ — (նոր թափով, մեղավոր ժպիտով): «Դավիթը ծնեց Սողոմոնին՝ Ուրիայի կնոջից, Սողոմոնը ծնեց Րոբովանին, Րոբովանը ծնեց…»:

ՎՐԻՎ — Կարճիր, եթե չես ուզում՝ ես կարճեմ:

ՉՈՒՆԱԿ — (արագ-արագ, վախեցած): «Հակոբը ծնեց Հովսեփին՝ Մարիամի մարդուն, որի նշանածն էր կույս Մարիամը, որից ծնվեց Հիսուս, որ անվանվեց Քրիստոս»:

ՎՐԻՎ — Պրծա՞ր վերջապես:

ՉՈՒՆԱԿ — Գրեթե: (Թաքուն, որպեսզի դերասանները, որոնք դեռ վարագույրի ետևում են, չլսեն:) Ահագին մեջ տվի: Միայն մնում է ասել…

ՎՐԻՎ — Մի ասա: Արի, մի գավաթ խմիր: (Արփիին.) Գինի լցրու նրան:

ՉՈՒՆԱԿ — (արագ մոտենում է, ցածրաձայն): Շնորհակալ եմ, առավոտից բան չէի կերել: (Վերադառնալով տեղը:) Սկսե՞մ:

ՎՐԻՎ — Շարունակիր:

ՉՈՒՆԱԿ — Հիսուս Քրիստոսի՝ Աստծու որդու Ավետարանի սկիզբը: Ինչպես գրված է մարգարեների գրվածքներում. «Ահավասիկ, ես ուղարկում եմ իմ պատգամավորին քո առաջ, որ կպատրաստի քո ճանապարհը քո առաջ»:

ՍԱՀԱԿ-ՀՈՎՀԱՆՆԵՍ — (դուրս է գալիս՝ Հովհաննես Մկրտչի դերում): «Պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք նրա շավիղները»: (Կրկնելու է մի քանի անգամ:)

ՉՈՒՆԱԿ — «Եվ այնպես եղավ, որ Հովհաննեսը մկրտում էր անապատում և քարոզում ապաշխարության մկրտություն՝ մեղքերի թողության համար: Նա քարոզում էր և ասում»:

ՍԱՀԱԿ-ՀՈՎՀԱՆՆԵՍ — «Իմ ետևից կգա ինձնից ավելի հզորը, որի առաջ արժանի չեմ խոնարհվելու՝ նրա կոշիկների կապերն արձակելու համար: Ես ձեզ մկրտեցի ջրով, իսկ նա ձեզ կմկրտի Սուրբ Հոգով»:

ՉՈՒՆԱԿ — «Եվ այն օրերին Հիսուս եկավ Գալիլեայի Նազարեթ քաղաքից, որպեսզի Հովհաննեսից մկրտվի Հորդանանում»:

 

Հայտնվում է Հուսիկ-Հիսուսը, որ ընդառաջ է գալիս Սահակ-Հովհաննեսին:

 

ՉՈՒՆԱԿ — «Եվ Հովհաննես Մկրտիչն ասաց»:

ՍԱՀԱԿ-ՀՈՎՀԱՆՆԵՍ- «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դո՞ւ ինձ մոտ ես գալիս»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք ամեն արդարություն»:

 

Հովհաննեսը մկրտում է Հիսուսին Հորդանանի ջրով:

 

ՉՈՒՆԱԿ — «Եվ նույն ժամին, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը պատռված և Աստծո հոգին, որպես աղավնի, որ իջնում էր իր վրա: Երկնքից մի ձայն եկավ, որն ասում էր»:

ԵՐԿՆԱՅԻՆ ՁԱՅՆ — «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունես իմ ամբողջ բարեհաճությունը»:

 

Պատկերն ավարտվում է: Վրիվն ու Օվակը ծաղրական ծափահարում են: Վարողը փոխվում է, հիմա Տիրանն է:

 

ՏԻՐԱՆ — «Այն ժամանակ Հիսուս անապատ տարվեց Հոգուց՝ որպեսզի փորձվի սատանայից: Եվ քառասուն օր ու քառասուն գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց: Եվ փորձիչը մոտեցավ նրան»:

ՉՈՒՆԱԿ-Սատանա — «Եթե աստծո որդին ես, ասա, որ այս քարերը հաց լինեն»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ- «Գրված է՝ միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ ամենայն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից»:

ՏԻՐԱՆ — «Այն ժամանակ սատանան նրան տարավ սուրբ քաղաքը և կանգնեցրեց տաճարի աշտարակի վրա ու ասաց նրան»:

ՉՈՒՆԱԿ-Սատանա — «Եթե աստծու որդին ես, քեզ այստեղից ցած գցիր, որովհետև գրված է՝ իր հրեշտակներին պատվիրված է քո մասին, և ձեռքերի վրա պիտի վերցնեն քեզ, որպեսզի քո ոտքը քարին չխփես»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Գրված է՝ քո տեր Աստծուն պիտի չփորձես»:

ՏԻՐԱՆ — «Սատանան ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները ու դրանց փառքը և նրան ասաց»:

ՉՈՒՆԱԿ-Սատանա — «Այս բոլորը քեզ կտամ, եթե գետին ընկնելով ինձ երկրպագես»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ- «Ետևս գնա, սատանա, որովհետև գրված է՝ պիտի երկրպագես քո Տեր Աստծուն և միայն նրան պիտի պաշտես»:

ՏԻՐԱՆ — «Ապա սատանան թողեց նրան, և ահա, հրեշտակները մոտեցան ու ծառայում էին նրան»:

 

Պատկերն ավարտվում է: Օվակը և Վրիվը ծափահարում են:

 

ՕՎԱԿ — Սատանան լավ խաղաց:

ՎՐԻՎ — Հրաշալի խաղաց սատանան: Բայց թույլ գտնվեց: Այո, շատ թույլ սատանա է, այսպիսի սատանային պատժել է պետք թերևս:

ՕՎԱԿ — Իսկ Հիսուսին՝ խրախուսել:

ՎՐԻՎ — Համաձայն եմ: Այստեղ արի, Հիսուս: (Շուշանին.) Գինի լցրու մեր Հիսուսին:

ԱՐՓԻ — (ձեռք տալով Հուսիկի մազերին): Ինչ նուրբ խոպոպիկներ ունի՜:

ՎՐԻՎ — Ձեռք մի տուր, ոջիլ կանցնի վրադ: (Գավաթը տալով Հուսիկին:) Խմիր:

ՀՈՒՍԻԿ — Ես չեմ խմում, շնորհակալ եմ:

ՕՎԱԿ — Ոնց թե… Պատմությունդ լավ գիտեմ՝ գինին մշտական ուղեկցորդդ է:

ՎՐԻՎ — Խմի՛ր:

ՀՈՒՍԻԿ — Ես չեմ խմում:

ՎՐԻՎ — (ձեռքը՝ սրին): Երդվում եմ աստվածներով, սա իր խաչին չի հասնի:

ՉՈՒՆԱԿ — (մեջ ընկնելով): Իշխան, ներող եղիր, մեծ իշխան, նա հիվանդ է, նրա լյարդը, փայծաղ-բանը… Կմեռնի, ախր, եթե խմի:

ՎՐԻՎ — Թող մեռնի, վնաս չունի:

ՀՈՒՍԻԿ — Ես… ւզում է խոսել, բայց Չունակը փակում է բերանը, մյուս դերասանները ետ են քաշում նրան:)

ՕՎԱԿ — (զսպելով Վրիվին): Վրիվ, սիրելիս, չփչացնենք մեր ժամանցը. չի խմում, թող չխմի, մեզ շատ կմնա: Նստենք:

ՎՐԻՎ — «Սիրելիս»: Ի՞նչ է նշանակում՝ սիրելիս, սա՞ ինչ նոր ձև է. ինձ այլևս այդպես չդիմես, է՛յ, հասկացա՞ր:

ՕՎԱԿ — Հասկացա, հասկացա…

ԱՐՓԻ — Թող նյարդերդ թուլացնեմ, իշխանս. արի, նստիր, խաղաղվիր: (Մերսելով Վրիվի պարանոցը:) Սիրելի՜ս:

ՕՎԱԿ — Նրան չես սաստում:

ՎՐԻՎ — Սեռի զգացողությունը կորցրել ես, ծեր այծ: (Դերասաններին.) Շարունակեք:

 

Դերասանները վախեցած խորհրդակցում են: Հուսիկն առանձին է կանգնած: Օվակը ցույց է տալիս, որ չհապաղեն, քանի Վրիվը չի բարկացել:

 

ՉՈՒՆԱԿ-Վարող — «Հովհաննես Մկրտչի մատնվելուց հետո Հիսուս Գալիլեա եկավ. քարոզում էր Աստծո Ավետարանը և ասում»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ժամանակը լրացել է, և մոտ է Երկնքի արքայությունը, ապաշխարեք և հավատացեք Ավետարանին»:

ՉՈՒՆԱԿ — «Եվ իր մոտ կանչելով իր աշակերտներին՝ նրանց իշխանություն տվեց պիղծ դևերի վրա` հանելու դրանք և բժշկելու ամեն ցավ և ամեն հիվանդություն»:

 

Դերասանները, նաև Չունակը՝ Հուդայի դերում, ծնկում են Հուսիկի շուրջը:

 

ՏԻՐԱՆ-ՍԻՄՈՆ — «Ո՞ր ճանապարհով ես ուղարկում մեզ, Տեր»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Հեթանոսների ճանապարհով չգնաք, այլ գնացեք կորած-մոլորված ոչխարների մոտ, և երբ գնաք, քարոզեցեք և ասեք՝ Երկնքի արքայությունը մոտեցել է»:

ՍԱՀԱԿ-ՓԻԼԻՊՈՍ — «Միայն այդքա՞նը, ուսուցիչ»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Հիվանդներին բժշկեցեք, բորոտներին մաքրեցեք, դևերին հանեցեք»:

ՉՈՒՆԱԿ-ՀՈՒԴԱ — «Մեր արածների համար ի՞նչ առնենք, Ուսուցիչ»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ես ձեզնից ի՞նչ առա, իժի ծնունդ. ձրի առաք, ձրի էլ տվեք»:

ԵԶՆԻԿ-ՀՈՎՀԱՆՆԵՍ — «Ի՞նչ ունենանք մեզ հետ, Տեր»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Մի՛ ունեցեք ո՛չ ոսկի, ո՛չ արծաթ, ո՛չ պղինձ ու ոչ էլ պարկ՝ ճանապարհի համար, ո՛չ երկու զգեստ, ո՛չ կոշիկ, ո՛չ էլ ցուպ»:

ՀՈՒՆԱՆ-ՊԵՏՐՈՍ — «Իսկ եթե չընդունեն ու չլսե՞ն մեզ, Ուսուցիչ»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ով որ չի ընդունի ձեզ և չի լսի ձեր խոսքերը, այդ տնից դուրս գալիս՝ ձեր ոտքերի փոշին թոթափեցեք»:

ԴԱՆԻԵԼ-ԹՈՎՄԱՍ — «Եթե ծեծեն ու վռնդե՞ն»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ճշմարիտ եմ ասում ձեզ, սոդոմցիների ու գոմորցիների երկրի համար ավելի հեշտ պիտի լինի դատաստանի օրը, քան այդ տան համար, եթե ձեզ վռնդեն»:

ՎՐԻՎ — Վախեցնում է, այս սողունը վախեցնում է մեզ:

ՕՎԱԿ — (Վրիվի զայրույթը շեղելու համար): Ասում եք՝ տասներկու աշակերտ, սակայն վեցն եք, տասներկու դերասան հավաքել չհաջողվե՞ց:

ՉՈՒՆԱԿ — Կարիքը չկա, իմաստուն Օվակ, թատրոնը պայմանականություն ներում է: Վեցով տասներկուսի տեղ հաջողությամբ խաղում ենք: Ծախսատար գործ է:

ՎՐԻՎ — Արքան սնա՞նկ է:

ՕՎԱԿ — Լավ, իսկ կանանց դերերն ո՞վ կխաղա. մեջներդ և ոչ մի կին չկա:

ՉՈՒՆԱԿ — Ահավասիկ՝ Եզնիկն ու Դանիելը հիանալի կատարում են կանանց դերերը, կհամոզվեք շուտով:

ՕՎԱԿ — Կինը կին է, տղամարդը՝ տղամարդ. համոզելու բան չէ: Իմ Շուշանը հաջողությամբ կխաղա ձեր կանանց դերերը, այն պոռնիկի՝ Մագթաղենացու, կամ հենց մոր՝ Մարիամի:

ՎՐԻՎ — Անկասկած կխաղա, իմ հարճերը շնորհալի են:

ՕՎԱԿ — (Շուշանին): Ապա ասա նրանց, ասա՝ տվեք դրան տուն տանեմ, որովհետև խելքը կորցրել է:

ՇՈՒՇԱՆ — Էհե՜յ, տվեք այդ Հիսուսին տուն տանեմ, քանզի ծալը պակասել է:

Վրիվն ու Օվակը ծիծաղում են:

 

ՕՎԱԿ — Տեսա՞ք, ոնց խաղաց: (Համբուրում է Շուշանին:) Ի՞նչ եք զարմացել… Չլինի՞ Գրիգորի խաղում նման խոսքեր չկան:

ՉՈՒՆԱԿ — Չկան, իմաստուն Օվակ, երդվում եմ:

ՕՎԱԿ — Լավ է զտում խորամանկը:

ՉՈՒՆԱԿ — Ինչ տվել են՝ այն ենք կարդում, երդվում եմ աստվածներով:

ՎՐԻՎ — Աստվածներո՞վ ասացիր: Դա քեզ փրկեց: Այս դերասանը թեև խորամանկ է, բայց դուրս գալիս է:

ՉՈՒՆԱԿ — Շարունակում եմ… Չշարունակե՞մ… (Ստանալով Վրիվի համաձայնությունը:) «Եվ Հիսուս շրջում էր բոլոր կողմերը, ուսուցանում էր ժողովարաններում, և քարոզում էր արքայության Ավետարանը և բուժում էր ժողովրդի մեջ եղած բոլոր հիվանդությունները և բոլոր ախտերը…»:

ՎՐԻՎ — Կեցցե Հիսուսը: (Գավաթը բարձրացնելով:) Խմենք Հիսուսի համար:

ՕՎԱԿ — Հիսուսի համար:

ՇՈՒՇԱՆ — Կեցցե Հիսուսը:

ԱՐՓԻ — Սիրուն խոպոպիկներով Հիսուսիկի կենացը:

 

Խմում են:

 

ՎՐԻՎ — Առա՛ջ, գլխավոր դերասան:

ՉՈՒՆԱԿ — «Եվ մի անգամ Հիսուս սեղան նստեց մաքսավոր Ղևիի տանը, և բազում մաքսավորներ ու մեղավորներ նրա հետ ու նրա աշակերտների հետ սեղան նստեցին: Իսկ դպիրներն ու փարիսեցիները երբ տեսան այս, ասացին»:

ԴԱՆԻԵԼ-ԴՊԻՐ — «Ինչո՞ւ է նա մեղավորների և մաքսավորների հետ ուտում, խմում»:

ՉՈՒՆԱԿ — «Երբ Հիսուս սա լսեց, ասաց»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Առողջներին բժիշկ պետք չէ, այլ՝ հիվանդներին. ես չեմ եկել արդարներին կանչելու, այլ մեղավորներին»:

ՕՎԱԿ — (ծափահարելով): Հրաշալի է, հոյակապ է, այ քեզ Հիսուս, տեսա՞ր, տակից ոնց դուրս եկավ: Ես միշտ ասել եմ՝ հարբեցողի հնարամտությունն անսահման է՝ երբ հարցը վերաբերում է խմիչք հայթայթելուն: Հոյակապ էր:

ՎՐԻՎ — Ծեր գինու տիկ, բայց դու հասկանո՞ւմ ես, որ այդ հիվանդներն ու մեղավորները մենք ենք: (Հուսիկին.) Մենք ենք, չէ՞, տեր Հիսուս:

ՀՈՒՍԻԿ — Դո՛ւ ասացիր:

ՎՐԻՎ — Ե՛ս ասացի, այո, ես: (Ծնկաչոք՝ դեպի Հուսիկը:) Դե ներիր մեզ, ներիր մեղավորներիս ու հիվանդներիս, օ՜ մեր առողջ ու անմեղ տեր, աղերսում ենք, ներիր: (Հռհռալով:) Դե, ներիր, էլի: Օվակ, դու էլ ծնկիր տիրոջ առաջ, մի՞թե անմեղ ես ու առողջ: Ծնկի՛ր:

ՕՎԱԿ — Իշխան, եթե ես ծնկեմ, այլևս ոտքի չեմ կանգնի, մեջքացավ ունեմ խիստ, գիտես:

ՎՐԻՎ — Սողեսող արի:

ՕՎԱԿ — (պառկում է, բայց մեջքը բռնվում է): Վայ, քարացավ անտերը… Ասացի, չէ՞: Շուշան, Շուշանս, օգնիր…

 

Շուշանը օգնում է Օվակին, ոտքի է հանում:

 

ՎՐԻՎ — Իսկը Հիսուսի ապրանք ես: (Ճարպկորեն ոտքի կանգնելով՝ Չունակին:) Խոսիր, այ տղա, շատ ենք սպասելո՞ւ:

ՉՈՒՆԱԿ — «Եվ ահա, տեսնելով ժողովրդի բազմությունը՝ բարձրացավ լերան վրա: Եվ երբ այնտեղ նստեց, նրա մոտ եկան աշակերտները: Եվ իր բերանը բացելով՝ ուսուցանում էր ու ասում»:

 

Դերասանները, նաև Չունակը, նստում են Հիսուսի շուրջը:

 

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Երանի աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:

— Երանի սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

— Երանի հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:

— Երանի նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

— Երանի ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:

— Երանի նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:

— Երանի նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը…

ՎՐԻՎ — (Օվակին՝ ձեռքի գավաթը ցույց տալով): Վրաց իշխան Տարիելի նվերն է, հրաշալի գործ է, չէ՞:

ՕՎԱԿ — Վատը չէ: Սակայն այս կապույտ քարը կեղծ է, ներկած ապակի է, շուշա:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (տեսնելով, որ Վրիվի և Օվակի ուշադրությունն ամբողջովին գավաթի կողմն է, զայրացած առաջ է գալիս ու գոռում): Սակայն ճշմարիտ եմ ասում ձեզ, որ մեծատունը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն: Դարձյալ ասում եմ ձեզ՝ ավելի հեշտ է, որ պարանը մտնի ասեղի անցքով, քան թե մեծատունը՝ Աստծու արքայություն:

ՎՐԻՎ — (շարունակելով անտարբեր մնալ Հուսիկի խոսքին՝ զրուցում է Օվակի հետ): Բայց ինքը հո չի՞ ասել, թե իսկական քարով է նվիրում, գենացվալե:

ՕՎԱԿ — Պիտի ասե՞ր, բատոնո:

ՎՐԻՎ — Իհարկե: Կուզե՞ս, նվիրեմ քեզ:

ՕՎԱԿ — Շնորհակալ եմ, ինձ իմը հերիք է:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (նրանց անտարբերությունից առավել զայրացած): Դարձյալ ասում եմ, որ մեծատունը դժվարությամբ կմտնի երկնքի արքայություն: Ավելի հեշտ է, որ ուղտը մտնի ասեղի անցքով, քան թե մեծատունը՝ Աստծու արքայություն: Ճշմարիտ-ճշմարիտ եմ ասում…

ՎՐԻՎ — (ընդհատելով): Լսեցինք, եղբայր, մի գոռա. ի՞նչ ես կպել՝ ճշմարիտ եմ, հա ճշմարիտ եմ: Չենք մտնելու ուրեմս՝ հասկացանք: Դուք՝ քրջոտներդ, կմտնեք, ոչ ես՝ իշխանս, ոչ Օվակ իմաստունը չենք մտնելու, հասկացանք:

ՕՎԱԿ — Բայց դա ի՞նչ տեսակ արքայություն է, ուր միայն քնձռոտներ, ցնցոտիավորներ ու թափառականներ պիտի բնակվեն, հը՞, ձեզ եմ հարցնում:

ԱՐՓԻ — (չարաճճի): Այո, ես էլ եմ ուզում իմանալ՝ դա ի՞նչ արքայություն է:

ՇՈՒՇԱՆ — Հա, ասեք՝ տեսնենք:

ՎՐԻՎ — Դե՞… Պատասխան տուր աղջիկներին, տեր Հիսուս:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (ջղային): Երանի է նրան, ով սրտով մաքուր է ու անչար, որովհետև նա պիտի սիրվի Աստծուց:

ՎՐԻՎ — Այս մարդը բացահայտ խելագար է, աչքերին նայեք:

ՕՎԱԿ — Հարկ չէ, որ գլուխ դնենք խելագարի հետ:

ԱՏՈՄ — (ներս գալով): Մեծ տիկինը:

ԱՍՏՂԻԿ — (մտնում է՝ հրելով Ատոմին): Հեռու կաց: Այս տղեկը միշտ կտրում է առջևս:

ՎՐԻՎ — Մա՞յր: Ի՞նչը բերեց քեզ այսպես անակնկալ:

ԱՍՏՂԻԿ — Սակայն ինչո՞ւ անակնկալ. որդուն տեսության եկած մայրը կարո՞ղ է անակնկալ լինել: Ճշմարտացի չե՞մ, Օվակ:

ՕՎԱԿ — Ինչպես միշտ, տիրուհի:

ԱՍՏՂԻԿ — Ախ շողոքորթ, ախ շողոքորթ… Միշտ այսպիսին ես եղել:

ՕՎԱԿ — Սակայն դուք միշտ իմ սերն ու անձնվիրությունը շողոքորթության հետ եք շփոթում, տիրուհի:

ԱՍՏՂԻԿ — (հոգնած, ձեռքը թափ տալով): Ա՛հ… (Արփիին.) Գինի լցրու ինձ, անուշիկս: Խաշխաշի թուրմ խմեցի, բայց հանգիստ չիջավ ջղերիս, անքնությունը տանջում է, եկա տեսնեմ՝ ոնց եք, ինչ եք անում… Անսովոր ձայներ լսեցի այստեղից:

ՎՐԻՎ — Այդ թուրմը չարաշահում ես թերևս, մայր:

ԱՍՏՂԻԿ — Չեմ կարծում: Ասացի, չէ՞, որ չազդեց: (Օվակին.) Դո՞ւ ինչ կասես այս առիթով, ծեր այծ:

ՕՎԱԿ — Ես խորհուրդ կտամ ավելացնել թուրմի խտությունը:

ՎՐԻՎ — Ի՞նչ է խոսում ցնորված ծերուկը:

ՕՎԱԿ — Իշխան, մեր տարիքում նման բաներից այլևս վնաս չկա. թող գոնե ջղերը հանգստացնի:

ՎՐԻՎ — Մի լսիր նրան, մայր, նա հարբած է:

ԱՍՏՂԻԿ — Տեսնում եմ: Բայց ճշմարտացի է: (Խմում է:) Լավն է գինին, մի քիչ էլ խմեմ երևի: (Գավաթը մեկնելով Արփիին, որ լցնի:) Խմում եմ այս սիրունիկ աղջկա  կենացը:

ՎՐԻՎ — Վայել չէ, մայր:

ԱՍՏՂԻԿ — Ահ… վայել է, վայել չէ… Նո՞ր հարճ է, չեմ տեսել կարծես:

ՎՐԻՎ — Տեսել ես, չես հիշում:

ԱՍՏՂԻԿ — Չեմ հիշում: Պարիր ինձ համար, աղջիկս:

ՎՐԻՎ — Պարիր, Արփի:

ԱՍՏՂԻԿ — Իմ խոսքը բավարար չէ՞ր: Թե՞ ես արդեն ոչինչ եմ այս տանը:

ՎՐԻՎ — Օվակը իրավացի է, թուրմիդ խտությունն ավելացրու, մայր: Պարիր, Արփի:

 

Երաժշտություն: Արփին պարում է:

 

ԱՍՏՂԻԿ — (պարի ավարտից հետո): Ջահելությունը երջանկություն է: Ի՜նչ չքնաղ պարեց: Վրիվ, նա հմո՞ւտ է ճմռում մկաններդ:

ՎՐԻՎ — Այո, մերսման արվեստին վատ չի տիրապետում:

ԱՍՏՂԻԿ — Ուրեմն ուղարկիր մոտս, թող քնելուց առաջ մի քիչ մերսի մարմինս:

ՎՐԻՎ — Շուշանի ձեռքերն ավելի հմուտ են ու փորձն էլ մեծ է:

ԱՍՏՂԻԿ — Շուշանից հոգնել եմ, քեզ պահիր: (Նկատելով անկյունում կծկված դերասաններին:) Սրա՞նք ովքեր են… Ի՞նչ են անում այստեղ այս մարդիկ:

ՕՎԱԿ — Թատերախումբ է:

ԱՍՏՂԻԿ — Թատրո՞ն:

ՎՐԻՎ — Մայրաքաղաքից են, նոր աստծո կյանքի դրվագներն են խաղում:

ԱՍՏՂԻԿ — Նոր աստված, նոր աստված… Աստված նոր կլինի՞ միթե: Իսկ ի՞նչ է ուզածը այդ նոր աստծո:

ՎՐԻՎ — Ասում է՝ ամեն ինչ թողեք ու եկեք իմ ետևից:

ԱՍՏՂԻԿ — Իսկ ինքն ո՞ւր է գնում որ:

ՕՎԱԿ — Պարզ չէ:

ԱՍՏՂԻԿ — Իսկ ամեն ինչ թողեք՝ ասելով ի՞նչ են պատկերացնում:

ՕՎԱԿ — Ամեն ինչ՝ տուն-տեղ, ունեցվածք…

ԱՍՏՂԻԿ — Ամբողջությա՞մբ:

ՎՐԻՎ — Անմնացորդ: Իսկ առաջին հերթին՝ հին աստվածներին:

ԱՍՏՂԻԿ — Ահա թե ինչ: Լավ, իսկ եթե իսկապես ամեն ինչ թողնենք, փոխարենը ի՞նչ կտա:

ՕՎԱԿ — Որքան ես եմ հասկանում, այս կյանքում ոչինչ՝ հալածանքից ու անարգանքից բացի, իսկ մյուս կյանքի մասին էլ խուսափուկ, անորոշ բաներ են խոսում:

ԱՍՏՂԻԿ — Վռնդիր սրանց, տղաս:

ՎՐԻՎ — Վռնդեմ՝ եթե մայրս է կամենում:

ՕՎԱԿ — Սակայն, տիրուհի, սրանք արքայի ապսպրանքով են այստեղ:

ԱՍՏՂԻԿ — Արքայի՞: Մի անգամ մի կարգին բան չուղարկեց այդ արքան: (Հորինելով:) Լսեք, հիշեցի, ինձ պատմել են, որ հարևան գավառում սրանք արծաթյա սպասք են գողացել մի հարգարժան տնից:

ՎՐԻՎ — Ի՞նչ: (Ձեռքն առնելով մտրակը:) Խոսի՛ր, գլխավոր դերասան:

ՉՈՒՆԱԿ — (սարսափած): Նման բան չի եղել, հավատացնում եմ, իշխան, չէ…

ՎՐԻՎ — Չհասկացա. մայրս սո՞ւտ է ասում:

ՉՈՒՆԱԿ — Իհարկե ոչ, ոչ… Սակայն նրան պատմողներն են հավանաբար ինչ-որ բան շփոթել:

ԱՍՏՂԻԿ — Պատմողները կարգին մարդիկ են, ձեր նման քնձռոտ թափառական չեն:

ՎՐԻՎ — Դե՞…

ՉՈՒՆԱԿ — (ստիպված հորինելով): Եղել է, այո, եղել է դեպքը, հիշեցի:

ԱՍՏՂԻԿ — Ահա, տեսնո՞ւմ եք, եղել է ուրեմն:

ՉՈՒՆԱԿ — Եղել է, սակայն թյուրիմացություն էր, ծառան էր գողացել՝ մեզ վրա գցելու հույսով: Փառք աստվածներին, պարզվեց, նա իր արժանի պատիժը ստացավ:

ԱՍՏՂԻԿ — Ստում է: (Վրիվին.) Ծեծիր գոնե, եթե վռնդել չես կարող: Իսկ ես գնամ արդեն, գինին գլուխս պտտեցրեց, գուցե հաջողվի քնել: (Գնում է:)

ՎՐԻՎ — (հարբած է, մտրակը թափահարելով): Ուրեմն մտնում եք կարգին տներ և գողություն անում, հա՞: (Շրխկացնում է մտրակը: Դերասանները պատսպարվում են Հուսիկի թիկունքում:) Գողություն եք անում և հետն էլ արդարությունից խոսում, հա՞: Դե եկեք, եկեք այս կողմ, ես ձեր…

ՉՈՒՆԱԿ — (Հուսիկի թիկունքից): Մենք գողություն չենք արել, երդվում եմ աստվածներով:

ՎՐԻՎ — (երկար նայելով Հուսիկի աչքերին): Գնե՛լ, Ատո՛մ:

ԹԻԿՆԱՊԱՀՆԵՐ — (ներս գալով): Լսում ենք, իշխան:

ՎՐԻՎ — Սրանց տարեք նկուղ և դուռն ամուր փակեք, որովհետև գողության են սովոր:

ՉՈՒՆԱԿ — Սակայն…

ՎՐԻՎ — (ընդհատելով): Վաղը կավարտեք ձեր թատրոնը, գլուխս ուռեց արդեն: Հիմա սիրտս զվարճանք է ուզում: (Թիկնապահներին.) Կատարե՛ք:

 

Թիկնապահները տանում են դերասաններին: Վրիվը լսում է երկնային երաժշտության պատառիկները, փակում է ականջները:

 

ՎՐԻՎ — Էհե՜յ, նոր սեղան գցեք, երաժիշտներ կանչեք, շո՛ւտ:

ՕՎԱԿ — Լսեցի՞ք, հե՜յ, շո՛ւտ արեք:

 

 

Գործողություն երկրորդ

Նույն գավիթը: Վրիվը, մինչև գոտկատեղը մերկ, լվացվում է: Ջուրը Շուշանն է լցնում: Երկուսով են:

ՇՈՒՇԱՆ — Ինչո՞ւ Արփին չի լցնում ջուրդ, իշխանս, երևի ուժ չես թողել մեջը:

ՎՐԻՎ — (փնչացնելով): Փուհ, փուհ… (Սրբվում է:) Արփին: Արփին սկյուռի պես կծկված-քնած է, այնքան անուշ է քնել, որ խղճացի, չարթնացրի:

ՇՈՒՇԱՆ — Խղճալ էլ կարող ես: Շնորհակալ եմ Արփիի քնին: (Շոյելով Վրիվի մկանները:) Հզոր են բազուկներդ, իշխան:

ՎՐԻՎ — Դե-դե, մի խորացիր, ամեն բան իր ժամանակին է լավ:

ՇՈՒՇԱՆ — Զգուշացիր, Վրիվ իշխան, իշխանուհին Արփիին շատ է խանդում:

ՎՐԻՎ — Դեհ, կին է, կխանդի, կանցնի-կգնա… Շատ գեղեցիկն է Արփին, և ո՜նց է սիրում, ո՜նց է սիրում…

ՇՈՒՇԱՆ — Ես ավելի լավ չէի՞ սիրում միթե, հապա հիշիր… Եթե մոռացել ես՝ հաճույքով կհիշեցնեմ: Այնպես այրեմ, որ Արփիին վայրկենապես մոռանաս:

ՎՐԻՎ — Օվակին այրիր:

ՇՈՒՇԱՆ — Օվակ, Օվակ…

ՎՐԻՎ — (հետույքին բարեկամաբար խփելով): Դե գնա, փնթփնթան, գնա գործիդ:

 

Շուշանը գնում է: Վրիվը սկսում է մարզվել, մարտական շարժումներ է անում:

 

ՎՐԻՎ — (ինքն իրեն): Որսի է պետք գնալ, մկաններս թմրել են, հենց վաղը վարազի որս կկազմակերպեմ, շներիս կհավաքեմ, ու հայդա… (Օդում երևակայական հարված է հասցնում հենց այն պահին, երբ դիմացը հայտնվում է Օվակը:)

ՕՎԱԿ — Զգույշ, կսպանես: Ահա թե ոնց են դիմավորում ծեր Օվակին: Չէ, ինձ այս տանն այլևս չեն սիրում:

ՎՐԻՎ — Ծեր վարազ, արի մարզվենք, ոսկորներդ կակղել են, արի: Ենթադրենք՝ որսի եմ դուրս եկել և ինձ ծեր վարազ է հանդիպել: Ծեր, փնթփնթան վարազ: (Քաշում է մենամարտի:)

ՕՎԱԿ — (խուսափելով): Կսպանես, իշխան, աղաչում եմ: (Անսպասելի մի խորամանկ հնարք է բանեցնում:)

ՎՐԻՎ — Տեսա՞ր, տեսա՞ր ինչ արեց ծեր վարազը:

ՕՎԱԿ — Իշխան, կամաց, խորհրդատուից կզրկես ինքդ քեզ:

ՎՐԻՎ — Շատ պետք են խորհուրդներդ, քո խորհուրդներով ապրեի՝ վաղուց էի կործանվել:

ՕՎԱԿ — Երախտամոռ: Թող նստեմ:

ՎՐԻՎ — Դե նստիր, նստիր, փլատակ:

ՕՎԱԿ — Տարօրինակ զգացում եմ ունենում երբեմն, երբ այսպես հոգնած նստում եմ: Ինձ թվում է, որ շատ կարևոր, անհրաժեշտ ինչ-որ բան պիտի անեմ, ինչ-որ բան, որ դրվում է մատների արանքում ու կապ ունի բերանի հետ, նաև՝ ծուխ, ծուխ… ծխի հոտ եմ առնում:

ՎՐԻՎ — Զառանցանք է:

ՕՎԱԿ — Մտածում եմ՝ երեկ զուր մտրակեցիր դրանց:

ՎՐԻՎ — Էլի սկսեց… Բամբակի պես փափուկ է դարձել խառնվածքդ, քիչ մնա՝ կլացես: Լավ եմ արել, պետք լինի՝ դարձյալ կմտրակեմ: Մի դողա, այդքան հեշտ մի ուրացիր հին աստվածներիդ:

ՕՎԱԿ — Չեմ ուրանում: Քեզ համար եմ անհանգստանում, տղաս: Մի բան ասեմ, Վրիվ, միայն չբարկանաս, խոստացիր:

ՎՐԻՎ — Ասա:

ՕՎԱԿ — Ամեն բան փոխվում է աշխարհում, երկու անգամ նույն լուսնի տակ դուրս չես գա…

ՎՐԻՎ — Հետո՞:

ՕՎԱԿ — Հետո այն, որ երկինքները նույնպես քարացած չեն, ժամանակ առ ժամանակ աստվածներն էլ գուցե թարմացման կարիք ունեն:

ՎՐԻՎ — Հաշվիր, որ չեմ լսել: Առավոտյան չես խմել երևի:

ՕՎԱԿ — Նոր արթնացա:

ՎՐԻՎ — Դու երբեմն հաջողացնում ես արթնանալուց առաջ էլ խմել: Իսկ աստվածներից հիմա մի խոսիր, եղա՞վ:

ՕՎԱԿ — Եղավ: (Մեկուսի:) Շատ պետքս են աստվածներն ամեն տեսակ:

 

Վրիվը երկնային երաժշտության հնչյուններ է լսում դարձյալ, որոնք խլանում են, ուժգնանում, խլանում-ուժգնանում:

 

ՎՐԻՎ — (ահաբեկված): Լսեցի՞ր… Լսո՞ւմ ես…

ՕՎԱԿ — Դարձյա՞լ…

ՎՐԻՎ — Այո… Ահա, լսիր… Այսպիսի բան լսած կա՞ս երբևէ…

ՕՎԱԿ — Սպասիր, սպասիր, կարծես ես էլ լսեցի…

ՎՐԻՎ — Սա ի՞նչ նշան է: Սիրտս դող է սողոսկում, որպիսին չեմ զգացել երբեք: Դե խոսիր, խոսիր, իմաստուն խորհրդատու, կեղծ իմաստուն, աստվածներն ի՞նչ նշան են ուղարկում մեզ, խոսիր:

ՕՎԱԿ — Չգիտեմ… Գուցե ցնորային ձայներ են… Չեմ լսում, այլևս չեմ լսում:

ՎՐԻՎ — Դու խուլ ես պարզապես: Օհ, ազատեք ինձ, այս ձայները ծվատում են ներսս… Գինի բեր, Շուշա՛ն… Ո՞ւր է Շուշանը…

ՕՎԱԿ — Ճիշտ է, գինին կփրկի… վարդագույնը…

ՎՐԻՎ — Լռի՛ր…

 

Մտնում է Վարսենիկը՝ սափորով գինի և գավաթներ բերելով:

 

ՕՎԱԿ — Իշխանուհի՞…

ՎՐԻՎ — Վարսենի՞կ…

ՎԱՐՍԵՆԻԿ — Հազի՞վ ճանաչեցիր, իշխան: Ես եմ, այո: Գինի ուզեցիր, ահա, բերել եմ:

ՎՐԻՎ — Սակայն դրա համար ծառաներ կան, իշխանուհուն վայել չէ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ցանկացա ծառայել ամուսնուս, մի՞թե հանցանք է:

ՎՐԻՎ — Ոչ, իհարկե…

ՕՎԱԿ — (մեկուսի): Սիրտս վկայում է, որ այս գինին չի խմվի: (Նրանց.) Եթե կարիքս չունեք՝ գնամ: (Գնում է:)

ՎԱՐՍԵՆԻԿ — Ծեր անառակ:

ՎՐԻՎ — Հանգիստ թող խեղճին, ի՞նչ մեղք է գործել: Նստիր: (Տեսնելով, որ Վարսենիկը երկու գավաթ լցրեց:) Դու է՞լ պիտի խմես:

ՎԱՐՍԵՆԻԿ — Չե՞ս թույլատրի… Մենք այնքան հազվադեպ ենք միասին լինում…

ՎՐԻՎ — Լավ, խմիր մի քիչ, չի վնասի: (Խմում են:) Զավակս ո՞նց է:

ՎԱՐՍԵՆԻԿ — Զավակդ լավ է:

ՎՐԻՎ — Իսկ ո՞վ է վատ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ես, Վրիվ, ես եմ վատ:

ՎՐԻՎ — Ի՞նչ է եղել:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ի՞նչ պիտի… Ամուսինս օրերով երեսիս չի նայում:

ՎՐԻՎ — Բազմազբաղ եմ, գիտես:

ՎԱՐՍԵՆԻԿ — Գիտեմ: Ջահել հարճդ չի թողնում, որ ազատ լինես:

ՎՐԻՎ — Խանդը վայել չէ իշխանուհուն: Գինին բերեցիր՝ շնորհակալ եմ, կարող ես գնալ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Չեմ գնա, Վրիվ, չէ: Կարոտել եմ, ես կարոտել եմ իմ ամուսնուն, հասկանո՞ւմ ես: (Փորձելով գրկել:) Ախ, ինչպես էիր ինձ սիրում, ինչ ամուր էիր գրկում… Դե գրկիր, կրկին գրկիր փոքրիկ կնոջդ:

ՎՐԻՎ — Հիմա ժամը չէ, ոչ էլ տեղը, իշխանուհի, գիշերով կգամ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Չես գա, հարճդ ուժ չի թողնում ինձ համար, չես գա, գիտեմ: Հիմա արի, դե արի, ո՞վ է խանգարում, ի՞նչն է խանգարում… Իշխան չե՞ս միթե, դո՞ւ չես տերն այս տան… Դե արի, իշխանս:

ՎՐԻՎ — Խենթացել ես, իշխանուհի:

ՎԱՐՍԵՆԻԿ — Չգիտեմ: Գուցե: Գուցե խենթացել եմ: Սակայն սիրիր ինձ, ինչպես նրան ես սիրում՝ այն նոր հարճին, դու նրան այնպե՜ս ես սիրում, այնպե՜ս ես սիրում…

ՎՐԻՎ — Այնպես՝ ինչպե՞ս…

ՎԱՐՍԵՆԻԿ — Ոչ այնպես՝ ինչպես ինձ, ուրիշ կերպ. մեջքը դեմ ես անում այն սյանը, բարձրացնում, ճկում, ապա ոտքը հանում վեր՝ ուսիդ…

ՎՐԻՎ — Սակայն ի՞նչ գիտես:

ՎԱՐՍԵՆԻԿ — Պատմել են:

ՎՐԻՎ — Իմ տանն ինձ լրտեսո՞ւմ են… Ո՞վ… Անունը շան:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ես եմ լրտեսում, ինձ պատժիր: Ուզում եմ, որ պատժես ինձ, ամուր, ամուր պատժիր ինձ, Վրիվ:

 

Համբուրվում են:

 

ՎԱՐՍԵՆԻԿ — Ավելի ամուր… Արփիին ավելի ամուր ես գրկում:

ՎՐԻՎ — Դարձյալ Արփի… Մենակ թող ինձ, գործեր ունեմ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Իշխան, Տերը պատվիրել է, որ կին ու մարդ մեկ մարմին լինեն, և վայ նրան, ով կփորձի մտնել նրանց միջև, Տիրոջ պատիժն ամբողջ ուժգնությամբ նրա գլխին կթափվի:

ՎՐԻՎ — Տե՞ր… Ի՞նչ տեր… Աաա՜, հասկացա, ցնորված Սաթենիկն է գլուխդ լցրել: Չպետք է վտարեի, այլ պետք է սատկացրած լինեի վհուկին:

ՎԱՐՍԵՆԻԿ — Հանգիստ թող նրան, հոգուդ մեջ նայիր, անկեղծ հայացքով նայիր և կտեսնես մութ ստվերները:

ՎՐԻՎ — Էէէ, չքվիր աչքիցս, խենթ կին, այլապես քեզ էլ կվռնդեմ Սաթենիկի ետևից: Ինձ լավ ես ճանաչում, խաղ չանես հետս:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ճանաչում եմ, այո, նույնիսկ՝ ավելի լավ, քան կարծում ես:

ՎՐԻՎ — Չքվիր, ասացի…

ՎԱՐՍԵՆԻԿ — Դե խփիր, խփիր, ինչո՞ւ չես խփում, դե՞…

ՎՐԻՎ — Խելքդ գլուխդ հավաքիր, Վարսենիկ, եթե ոչ՝ կհրամայեմ տղային հեռացնել քեզնից, թույլ չեմ տա, որ թունավորես միտքն ու հոգին:

ՎԱՐՍԵՆԻԿ — (հիստերիկ): Մեզ հանգիստ թող, Վրիվ իշխան:

ՎՐԻՎ — Մի՞թե հանգիստ չես. քիչ առաջ բողոքում էիր, որ չեմ անհանգստացնում… (Գիրկն առնելով:) Դե լավ, լավ, խաղաղվիր, աղավնիկս:

ՎԱՐՍԵՆԻԿ — (հեծկլտալով): Թող… Դու չես սիրում մեզ:

ՎՐԻՎ — Սեր, սեր, սեր… Ի՞նչ եք խելքներդ գցել, մի՞թե սերն է առավել կարևոր ամեն ինչից: Դե գնա, գնա, գիշերով կգամ և սեր կանենք, խոստանում եմ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Վրիվ:

ՎՐԻՎ — Էլի ի՞նչ կա:

ՎԱՐՍԵՆԻԿ — Ինչո՞ւ ինձ էլ չես կանչում ներկայացում դիտելու:

ՎՐԻՎ — Ի՞նչ ներկայացում… Ախ, թատրո՜նը… Լրիվ մոռացել էի, իսկապես որ, թատրո՜նը: (Կանչում է:) Ատո՛մ:

ՎԱՐՍԵՆԻԿ — Թույլ կտա՞ս:

ՎՐԻՎ — Իհարկե ոչ. քեզ միայն դա է պակաս:

ՎԱՐՍԵՆԻԿ — Աղաչում եմ:

ՎՐԻՎ — Զուր մի աղաչիր: Թատրոն չի լինելու, հիմա դրանց գրողի ծոցն եմ ուղարկելու:

ԱՏՈՄ — (գալով): Հրամայիր, իշխան:

ՎՐԻՎ — Դերասաններին այստեղ բեր:

ԱՏՈՄ — Իշխան…

ՎՐԻՎ — Ի՞նչ է եղել:

ԱՏՈՄ — Դերասանները…

ՎՐԻՎ — Դերասանները՝ ի՞նչ:

ԱՏՈՄ — Փախել են դերասանները:

ՎՐԻՎ — Փախե՞լ… Հենց էդպես հեշտ վերցրել ու փախե՞լ են… Ծաղրո՞ւմ ես ինձ: Ծեծել կտամ շներիդ…

ԱՏՈՄ — Ինչ-որ մեկը արևածագից առաջ բացել է նկուղի դուռը և ազատել նրանց:

ՎՐԻՎ — Իմ տունը, պարզվում է, լեցուն է դավաճաններով: Ինչո՞ւ անմիջապես չհայտնեցիք:

ԱՏՈՄ — Մի քանի ձիավոր ուղարկեցինք, որ բռնեն: Կբռնեն, իշխան, ո՞ւր են փախչելու:

ՎՐԻՎ — Դուռը բացողին գտեք, հրամայում եմ, հակառակ դեպքում պատիժս խիստ կլինի:

ԱՏՈՄ — Իշխան, կարծում եմ՝ կին է եղել դուռը բացողը, դա է պատճառը է երևի, որ ոչ ոք ուշադրություն չի դարձրել. մեզնից է, տնից: Սակայն…

ՎՐԻՎ — Էլի՞ բան է պատահել:

ԱՏՈՄ — Չէ: Պարզապես այն մեկը մնացել է, չի փախել մյուսների հետ, նստած է նկուղում:

ՎՐԻՎ — Ո՞ր մեկը… Այսինքն՝ գիտեմ, մի ասա: Բեր դրան:

 

Ատոմը գնում է:

 

ՎՐԻՎ — (ինքն իրեն): Փախել են: Ինչ-որ մեկը թաքուն բացում է նկուղի դուռը… Բացողն էլ կին է… (Նայում է Վարսենիկին:)

ԱՏՈՄ — (Հուսիկին բերելով): Ահա նա, իշխան:

ՎՐԻՎ — Ազատ ես: (Հուսիկին.) Բարի լույս, տեր:

ՀՈՒՍԻԿ — (անտեսելով ծաղրը): Բարին քեզ ու քո տանը, իշխան Վրիվ:

ՎԱՐՍԵՆԻԿ — (հմայվածի պես մոտենում է): Ո՞վ է այս մարդը:

ՎՐԻՎ — Դերասան է:

ՎԱՐՍԵՆԻԿ — Դերասա՞ն… Տարօրինակ է…

ՎՐԻՎ — Ի՞նչն է տարօրինակ: Ի՞նչն է տարօրինակ, քեզ եմ հարցնում:

ՎԱՐՍԵՆԻԿ — Նման չէ դերասանի:

ՎՐԻՎ — Այնպես ես խոսում, ասես ողջ կյանքդ դերասանների մեջ է անցել:

ՎԱՐՍԵՆԻԿ — Գլուխս պտտվեց…

ՎՐԻՎ — Գինուց է: Գնա, պառկիր, իշխանուհի:

ՎԱՐՍԵՆԻԿ — Թույլ տուր մնամ, Վրիվ, ուզում եմ լսել նրա խոսքը:

ՎՐԻՎ — Գնա, ասացի, մենակ թող մեզ, մի ստիպիր, որ կրկնեմ: Չքվի՛ր, շուտ:

 

Վարսենիկը հեռանում է:

 

ՎՐԻՎ — (Հուսիկին): Դո՞ւ ինչու մնացիր, ինչու՞ չփախար ընկերներիդ հետ:

ՀՈՒՍԻԿ — Ես չեմ եկել, որ փախչեմ, ես դեռ չեմ ավարտել իմ առաքելությունը:

ՎՐԻՎ — Նրա առաքելությունը: Նա առաքելություն ունի, նա՝ այս թափառականը: Դու առաքելությո՞ւն ունես, այ ոջլոտ: Ո՞վ է քեզ համոզել, թե առաքելություն ունես: Դե կատարիր առաքելությունդ, կատարիր…

ՀՈՒՍԻԿ — Արդեն իսկ կատարվում է:

ՎՐԻՎ — (թեթև ապտակներ հասցնելով): Հա՞, հա՞… Դե ասա, ասա, ի՞նչ ես ուզում ասել, թողնեմ ամեն բան ու գամ քո ետևի՞ց, հա՞… Գա՞մ, վազելո՞վ, հակառակ դեպքում չեմ մտնի երկնքի արքայություն, հա՞…

ՀՈՒՍԻԿ — Դու ասացիր:

ՎՐԻՎ — «Դու ասացիր, դու ասացիր»… Ես ասացի, այո: Հիմա ուշադիր լսիր՝ ես թքել եմ քո երկնքի արքայության վրա, իմացա՞ր, դա ձեր՝ ոջլոտներիդ երկինքն է, ես իմ երկինքն ունեմ, հասկացա՞ր: Քեզ եմ ասում, հասկացա՞ր:

ՀՈՒՍԻԿ — Հասկացա:

ՎՐԻՎ — Այնպես որ, ջանքերդ զուր են՝ քո, Գրիգորի, արքայի, չգիտեմ էլի ում ջանքերը զուր են, դերասան, խելացնոր դերասան: Ավելի լավ է, արի գինի խմենք ու հրաժեշտ տանք միմյանց: Տես, Վրիվ իշխանը քեզ համար գինի է լցնում, ահա, նայիր, գո՞հ ես: (Լցնելով գավաթները:) Իշխանուհին բերեց, իշխանը լցնում է, էլ ի՞նչ ես ուզում, ուզում ես անպայման աստվա՞ծ դառնալ: Ինչի՞դ է. հոգսաշատ գործ է, դերասան, ծանր ու պատասխանատու: Խմենք: Ողջություն քեզ:

ՀՈՒՍԻԿ — Շնորհակալ եմ: (Թեթև կում է անում:)

ԳՆԵԼ — (ներս գալով): Իշխան:

ՎՐԻՎ — Խոսիր:

ԳՆԵԼ — Լուր բերին, մեր արևելյան պահակակետի վրա գիշերը հարձակում է եղել:

ՎՐԻՎ — Հետո՞:

ԳՆԵԼ — Մերոնք ետ են մղել հակառակորդին:

ՎՐԻՎ — Կեցցեն: Սպանվածներ կա՞ն:

ԳՆԵԼ — Երեքը: Սակայն թշնամու զոհերը կրկնակի շատ են:

ՎՐԻՎ — Էլի չափազանցնում են, գլուխգովաններ: Ուրի՞շ:

ԳՆԵԼ — Պահակազորի կարծիքով հետախուզական հարձակում էր, նոր հարձակում պիտի սպասել: Հավանորեն պահակակետն ուժեղացնել է հարկավոր:

ՎՐԻՎ — Ուժեղացնել… Ումո՞վ: Ոչ ոք զինվոր լինել չի ուզում, բոլորն ուզում են աստված դառնալ, հեշտ գործ է: Լավ, գնա, անձամբ կզբաղվեմ այդ խնդրով այսօր:

 

Գնելը հեռանում է:

 

ՎՐԻՎ — Ինչպես եք ասո՞ւմ, մի հակառակվիր չարի՞ն, հա՞, սիրիր թշնամո՞ւն քո, այդպե՞ս է:

ՀՈՒՍԻԿ — Այդպես է:

ՎՐԻՎ — Տեր մեր, խնդրում եմ ինձ խորհուրդ տաս. իմ գավառն արևելքից և արևմուտքից թշնամիների հետ է սահմանակից, ի՞նչ անեմ, չհակառակվե՞մ, սիրե՞մ, թողնեմ մտնեն՝ տիրանա՞ն իմ հողերին, իմ տանը, երկրին, կոտորե՞ն մեծ ու փոքրին… Ասա, սովորեցրու:

ՀՈՒՍԻԿ — Տիրոջ խոսքը նաև թշնամու համար է, Ավետարանը բոլոր ազգերի համար է:

ՎՐԻՎ — Հա՞… Բայց թշնամին տեղյա՞կ է, որ պիտի սիրի ինձ, նա ընդունե՞լ է Ավետարանը: Ինչո՞ւ եք մեզնից սկսում, նրանցից սկսեք, ուրիշներից, հզորներից:

ՀՈՒՍԻԿ — Տերը կամենում է, որ մեզնից սկսվի:

ՎՐԻՎ — Տերը… Թե՞ արքան ու Գրիգորը:

ՀՈՒՍԻԿ — Նրանք Տիրոջ կամքն են կատարում, նման վճիռները երկնքում են կնքվում, իշխան: Եվ դու նույնպես պիտի կատարես Տիրոջ կամքը: Այլ կերպ չի լինի: Եթե կանխանշված է՝ վերցնել խաչը, պիտի վերցնենք, և փոխարենը կհատուցվի մեզ:

ՎՐԻՎ — (ծաղրով): Այնտեղ՝ երկնքում, այո՞:

ՀՈՒՍԻԿ — Չգիտեմ: Գուցեև՝ այնտեղ: Մի՞թե կարևոր է, իշխան:

ՎՐԻՎ — Իսկ ի՞նչն է կարևոր, դերասան: Լսիր, երբ ես փոքր էի, տատս գիշերները  հեքիաթ էր պատմում, որ շշմեմ ու շուտ քուն մտնեմ: Քո ավետարան կոչվածը շատ նման է  այդ հեքիաթներին:

ՀՈՒՍԻԿ — Ավետարանն իմը չէ, ես միայն կարգված եմ այն տարածելու:

ՎՐԻՎ — Կարգվա՞ծ ես… Երևի տիրոջ կողմից, հա՞… (Կռահելով ու կանխելով:) Ե՛ս ասացի, այո, ե՛ս: Վերցրու գավաթը: Խմենք:

 

Խմում են:

 

ՎՐԻՎ — (ուտելով): Կե՛ր:

ՀՈՒՍԻԿ — Շնորհակալ եմ: (Չի ուտում:)

ՎՐԻՎ — Կեր, առանց ուտելու խմելը վատ նշան է:

ՀՈՒՍԻԿ — Շատ ավելի վատ նշաններ կան, որոնց առջևը իսկապես պետք է առնել:

ՎՐԻՎ — Խորհրդավոր մի խոսիր, իմ տունը խորհրդավորություն չի սիրում: Կե՛ր, ասացի:

 

Երկնային երաժշտության պատառիկներն են լսվում: Վրիվը նայում է Հուսիկին: Հուսիկը ժպտում է բազմանշանակ: Գալիս է Ատոմը՝ բերելով փախստական դերասաններին:

 

ԱՏՈՄ — Ահա, իշխան, բռնեցին սրանց:

ՎՐԻՎ — Օօօ՜, ում եմ տեսնում…

ԱՏՈՄ — Շատ չէին հեռացել:

ՎՐԻՎ — Ողջույններս փախստական թատրոնին: Այդ ո՞ւր էիք գլխապատառ փախչում, ավետարանի տարածողներ: Արքունիքում ի՞նչ պատասխան էիք տալու… Թե՞ պիտի զրպարտեիք, պիտի ասեիք՝ Վրիվ իշխանն ուզում էր սպանել, հազիվ գլուխներս պրծացրինք, հա՞:

ՉՈՒՆԱԿ — Ոչ, իշխան, հավատա, ո՛չ, մենք… մենք պարզապես վախեցանք:

ՎՐԻՎ — Իսկ նա՞ ինչու չվախեցավ: (Հուսիկին.) Դո՛ւ խոսիր, ասա՝ ի՞նչ պատիժ տամ սրանց:

ՀՈՒՍԻԿ — Վախը բնորոշ է մարդուն, իշխան:

ՎՐԻՎ — Իհարկե, մոռացա, դու ամենաներող ես: Սակայն ես տրամադրված չեմ ներելու: Հե՜յ, Օվակին կանչեք, ասեք՝ թատրոնը շարունակվում է:

ՉՈՒՆԱԿ — Գթա, մեծ իշխան:

ԴԵՐԱՍԱՆՆԵՐ — Ներող եղիր, մեծ իշխան, ողորմա:

ՉՈՒՆԱԿ — Մենք մեղք չունենք, դուռը դրսից բացեցին, մենք էլ կարծեցինք, թե նշան է, որ թողնենք գնանք:

ՎՐԻՎ — Ո՞վ բացեց:

ՉՈՒՆԱԿ — Չգիտեմ, ոտքից գլուխ թիկնոցի մեջ պարուրված կին էր, բացեց ու արագ հեռացավ: (Իշխանին կողմ տանելով:) Մենք իսկապես մեղք չունենք: (Հուսիկի մասին:) Նա է մեղավոր, նրա պատճառով այս էլ քանի անգամ վտանգի մեջ ենք ընկնում. ախր, նրա պատճառով էր, որ բարկացար, չէ՞, հիշում ես, չէ՞, նա էր, որ քեզ հունից հանեց: Նա խենթ է, իշխան, նա իսկապես համոզված է, թե Հիսուսի փոխանորդն է այստեղ:

ՎՐԻՎ — Հետո՞, հետո՞… շարունակիր:

ՉՈՒՆԱԿ — Երդվում եմ մեր աստվածներով, մեծ իշխան, ես և մյուսները թքած ունենք այդ նոր կրոնի վրա, երդվում եմ… Մենք ի՞նչ, մենք դերասան ենք ընդամենը, մեզ հրամայել են… Ազատ թող, գնանք, մեծ իշխան:

ՎՐԻՎ — Իսկ նա՞:

ՉՈՒՆԱԿ — Նա՞… Որ տաս՝ տանենք, լավ կլինի. ինչի՞դ է:

ՎՐԻՎ — Բայց նա ասում է, թե իր առաքելությունն ավարտված չէ:

ՉՈՒՆԱԿ — Ասում է, ասում է… Իրեն թողնես… Ախր, մանկամիտ է, իսկական մանկիկ, նա ի՞նչ է հասկանում էս կյանքից, խելքին գցել է… Մենակ տեսնես՝ առավոտները ոնց է նայում արևածագին. հրճվանքից շունչը կտրվում է, այտերը շառագունում են, աչքերը՝ լայն-լայն բացվում… Իսկը երեխա, խենթուկ… Ի՞նչ է հասկանում նա էս կյանքից-աստծուց-բանից…

ՎՐԻՎ — Ուրեմն չի հասկանում:

ՉՈՒՆԱԿ — Չէ, խելքը գցել է, թե առաքելություն ունի ու ճակատը դեմ տված քշում է: Մենք էդպես մի եզ ունենք գյուղում…

ՕՎԱԿ — (գալով): Կանչեցի՞ր, իշխան:

ՎՐԻՎ — Դեռ վաղուց:

ՕՎԱԿ — Ահա, այստեղ եմ և պատրաստ եմ ծառայելու իմ սիրելի իշխանին:

ՎՐԻՎ — Մեր իմաստուն, դե ասա, ի՞նչ պատիժ տամ այս փախստականներին, ոնց ասես՝ այնպես էլ անելու եմ: Խոսիր:

ՉՈՒՆԱԿ — Գթա, իմաստուն Օվակ:

ԴԵՐԱՍԱՆՆԵՐ — Գթա, իմաստուն Օվակ: (Համբուրում են Օվակի ձեռքերը, փեշերը:)

ՕՎԱԿ — (շոյված): Լավ, լավ, եղավ… (Վրիվին.) Ներող լինենք, իշխանս: Թող ավարտեն իրենց գործն ու չքվեն. հեռու մնանք գլխացավանքից:

ՎՐԻՎ — (դերասաններին): Օվակի զգուշավորությունը փրկեց ձեզ:

ՉՈՒՆԱԿ — Շնորհակալ ենք, գթասիրտ իշխան:

ՎՐԻՎ — Ինձ գթասիրտ մի անվանեք, չեմ սիրում… Այ, նա է գթասիրտը, նրան շնորհակալ եղեք:

 

Դերասանները, բացառությամբ Հուսիկի, դարձյալ սեղմում, համբուրում են Օվակի ձեռքերը:

 

ՕՎԱԿ — Եղավ, եղավ, բավական է…

ՎՐԻՎ — Արագ արեք՝ ինչ անելու եք ու չքվեք, իմ տունը ձեր հավերժական բեմահարթակը չէ:

ՉՈՒՆԱԿ — Հիմա, իշխան, հիմա, սկսում ենք:

ՕՎԱԿ — Վերջերից սկսեք, խորհրդավոր ընթրիք է, ինչ է… (Սափորը շուռումուռ տալով:) Դարձյա՞լ դատարկ է:

ՎՐԻՎ — Ասա, թող բերեն:

ՕՎԱԿ — Շուշա՛ն, Շուշա՛ն… Ահ, մինչև պառավը գա… (Հայտնվում է Շուշանը: Սափորը նրան տալով:) Եկա՞ր, հավիկս, դե թռիր ու շուտ ետ դարձիր:

 

Շուշանը գնում է:

 

ՎՐԻՎ — Միայն չասես, թե դեռ չես խմել:

ՕՎԱԿ — Մեկ գավաթ ընդամենը, իշխանս… Դու գիտես, որ մենակ խմել չեմ սիրում: Ուֆֆ, ոտքս թմրել է, գիշերս այս ոտքիս վրա եմ քնել երևի, կամ էլ ծերությունից է: (Տեսնելով Շուշանին:) Եկա՞ր, սիրունս, դե, լցրու գավաթները:

ՎՐԻՎ — (դերասաններին): Դե՞…

ՉՈՒՆԱԿ — Վաղուց պատրաստ ենք, քո նշանին ենք սպասում:

ՎՐԻՎ — Սկսեք:

 

Վարողը Տիրանն է, մյուսները նստում են Հուսիկի շուրջը:

 

ՏԻՐԱՆ — «Երուսաղեմ մտնելուց առաջ, երբ զատկին վեց օր էր մնում, Հիսուս աշակերտների հետ եկավ Բեթանիա, Ղազարոսի տունը, որին մեռելներից հարություն էր տվել: Այնտեղ ընթրիք տվին: Այնտեղ էր նաև Հուդա Իսկարիովտացին: Եվ ահա, երբ նրանք ընթրում էին, հանկարծ…»:

 

Խոսքը չավարտած, գավիթ է ներխուժում Սաթենիկը, ձեռքին՝ սափորով յուղ: Հերարձակ է, խելացնոր տեսք ունի:

 

ՍԱԹԵՆԻԿ — (Հուսիկի մոտ վազելով): Թողեք, Տերս եկել է, ես գիտեի, որ Տերս գալու է, թողեք, պիտի օծեմ նրա ոտքերն այս յուղով: (Յուղը թափում է Հուսիկի ոտքերին:)

ՕՎԱԿ — Տպավորիչ էր: Սակայն սրանք կին դերասան չունեին կարծես, որտեղի՞ց հայտնվեց:

ՎՐԻՎ — Լավ է՝ կռահեցիր: Հե՜յ, Ատո՛մ, Գնե՛լ:

ՕՎԱԿ — Ո՞վ է…

ՎՐԻՎ — Սաթենիկը:

ՕՎԱԿ — Սաթենի՞կը… Մի՞թե…

ՎՐԻՎ — Աչքերիդ լույսը խամրել է, Օվակ:

ՍԱԹԵՆԻԿ — (Հուսիկին): Գիտեի, որ կգաս, Տեր, կգաս ու կվառես այս խավար տան լույսը: (Շրջվելով մյուսների կողմը:) Գիտեի, որ նա գալու է, ահա, հիմա համոզվեք բոլորդ: Օվսաննա՜, Օվսաննա՜, օրհնվի Տիրոջ անունով եկողը:

 

Գալիս են Գնելն ու Ատոմը:

 

ՎՐԻՎ — Ի՞նչ է անում այս ցնդած պառավն իմ տանը, մի՞թե չհրամայեցի վռնդել նրան:

ԱՏՈՄ — Վռնդել ենք, իշխան:

ԳՆԵԼ — Ինքս եմ հանել դուրս ու փակել դարպասը:

ԱՏՈՄ — Մեղավոր չենք, իշխան, մենք չգիտենք, թե ով է նորից ներս առել նրան:

ՎՐԻՎ — Տարեք, փակեք նկուղում, մինչև որոշեմ պատիժը և՛ նրա, և՛ ձեր:

 

Ատոմն ու Գնելը քարշ են տալիս Սաթենիկին:

 

ՍԱԹԵՆԻԿ — Թողեք, թողեք Տիրոջս հետ մնամ մի քիչ, քանզի հոգիս վկայում է՝ վաղը նրան էլ չենք ունենա մեր կողքին, թողեք… Վրիվ իշխան, քո գլխին կթափվի երկինքների ամբողջ զայրույթը:

ՎՐԻՎ — Կտրեք վերջապես դրա ձայնը: Պահակ կարգեք նկուղի դռանը, և վայ ձեզ, եթե չքվի: Դե թող տերը նրան փրկի առնետներից:

 

Սաթենիկի ձայնը մարում է հեռվում: Վրիվը խմում է, ապա նշան անում դերասաններին, որ շարունակեն:

 

ՏԻՐԱՆ — «Եվ ահա, Հուդա Իսկարիովտացին, որն էլ մատնելու էր Հիսուսին, որը գող էր և գանձարկղն ինքն էր պահում, ասաց»:

ՉՈՒՆԱԿ-ՀՈՒԴԱ — «Այդ յուղը ինչո՞ւ պիտի այդպես կորչեր. կարելի էր այդ յուղը վաճառել ավելի քան երեք հարյուր դահեկանի և տալ աղքատներին»

ԴԱՆԻԵԼ-ԹՈՎՄԱՍ — «Այո, առնվազն երեք հարյուր դահեկանի ազնիվ յուղ էր»:

ՀՈՒՆԱՆ-ՊԵՏՐՈՍ — «Ափսոս, զուր վատնում էր»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ինչու՞ եք բարկացած. այդ կինը իմ հանդեպ մի բարի գործ կատարեց: Աղքատներին ամեն ժամ ձեզ հետ ունեք և երբ ուզենաք, կարող եք նրանց բարիք անել: Բայց ինձ միշտ ձեզ հետ չեք ունենա: Իմ մարմնի վրա յուղը թափելով՝ նա իմ թաղվելը կանխանշեց: Եվ ճշմարիտ եմ ասում ձեզ, ուր էլ քարոզվի այս Ավետարանը ամբողջ աշխարհում, ինչ-որ նա արեց, այդ ևս պիտի պատմվի նրա հիշատակի համար»:

ՕՎԱԿ — (ծաղրով): Անմահացավ Սաթենիկը:

ՎՐԻՎ — Կաշին եմ քերթելու:

ՕՎԱԿ — Անմահի կաշին քերթողը ինքն էլ կանմահանա:

ՎՐԻՎ — Լկտիացար, ծեր այծ, կարգելեմ քեզ գինի տալ այլևս:

ՕՎԱԿ — Աղաչում եմ, իշխան, կատակեցի պարզապես:

ՎՐԻՎ — (տեսնելով, որ Օվակը ձեռքը մեկնում է գավաթին, խփում-գցում է գավաթը): Շատ չե՞մ ներում վերջերս:

ՕՎԱԿ — Ուրեմն սպանիր. ինձ այդ մեկ սփոփությունն է մնացել այս տաղտկալի վերջաբանին. սպանիր:

ՎՐԻՎ — Ինքդ քեզ սպանիր, պարան կապիր և կախվիր:

ՕՎԱԿ — Իշխան, կուզե՞ս, ես էլ քո ոտքերն օծեմ յուղով. հիմա յուղ բերեմ և օծեմ, կուզե՞ս:

ՎՐԻՎ — Ձեռ քաշիր:

ՇՈՒՇԱՆ — (Օվակի մասին): Արտասվեց խեղճը…

ՕՎԱԿ — Ախ, իշխանս… Ես գինու համար չէ, որ արտասվում եմ, չէ: Կյանքս, կյանքս անցավ, բան չմնաց… Քո մանկությունը հիշեցի… Այ, էստեղ կոխ էիր բռնում քեռորդուդ հետ, այ, էստեղ, իսկ ես էնտեղ էի նստած, հորդ կողքին… Ի՜նչ մարդ էր…

ՎՐԻՎ — Շողոքորթ: (Շուշանին.) Գինի լցրու դրան: (Դերասաններին.) Դուք մեր զրույցին մի նայեք, դուք ձեր խաղը արեք և՝ արագ, տրամադրությունս տեղը չէ, հոգիս մռայլվում է:

ՕՎԱԿ — Քիչ մնաց, ուր որ է կխաչեն ու՝ վերջ:

ՏԻՐԱՆ-Վարող — «Զատկի տոնից առաջ Հիսուս իմացավ, որ Հայրն ամեն բան իր ձեռքն էր հանձնել, և որ ինքը Աստծուց էր եղել և Աստծո մոտ էր գնում: Եվ ահա, վերջին ընթրիքին, Հիսուս խռովեց իր հոգում, վկայեց ու ասաց»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզնից մեկն ինձ մատնելու է. նա, որ ինձ հետ իսկ ուտում էր»:

ՀՈՒՆԱՆ-ՊԵՏՐՈՍ — «Ո՞վ, Տեր»:

ԵԶՆԻԿ-ՀՈՎՀԱՆՆԵՍ — «Ո՞վ»:

ԴԱՆԻԵԼ-ԹՈՎՄԱՍ — «Մի՞թե ես»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ձեզնից մեկը, որ ձեռքը ինձ հետ մտցրեց պնակի մեջ»: (Հացը թաթախում է պնակի մեջ, տալիս է Չունակին:)

ՉՈՒՆԱԿ-ՀՈՒԴԱ — «Շնորհակալ եմ, Տեր»: (Ուտում է:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ինչ որ անելու ես, հիմա արա, ժամն է: (Արդեն բարձրաձայն:) Թող համբուրեմ քեզ: (Համբուրվում են:) Դե, գնա»: (Հրում է:)

ՉՈՒՆԱԿ-ՀՈՒԴԱ — «Ես չեմ ուշանա, Տեր»: (Գնում է:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Այժմ մարդու որդին փառավորվեց, և Աստված փառավորվեց նրա մեջ, քանի որ եթե Աստված փառավորվեց նրա մեջ, Աստված էլ նրան կփառավորի ինքն իր մեջ, և իսկույն կփառավորի նրան: (Հացը կտոր-կտոր անելով՝ տալիս է դերասաններին:) Առեք, այս է իմ մարմինը: (Լցնելով գավաթը:) Այս է նոր ուխտի իմ արյունը, որ կթափվի շատերի համար: Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այլևս որթատունկի բերքից չեմ խմելու մինչև այն օրը, երբ կխմեմ նորը Աստծո արքայության մեջ»: (Կում է անում և փոխանցում դերասաններին, որոնք հերթով խմում են: Ապա մոտ է գալիս Վրիվին, կիսում հացը և գինու գավաթի հետ մեկնում նրան:)

ՎՐԻՎ — Հեռու տար:

 

Հուսիկը հացն ու գինին առաջարկում է Օվակին, որը հրաժարվում է, իսկ Շուշանը հմայվածի պես ձեռքը ձգում է հացին, բայց Վրիվը հարվածում է նրա ձեռքին, Շուշանը սթափվում է:

 

ՎՐԻՎ — Քո տեղը հիմա բեմի վրա է, դերասան, գնա տեղդ ու էլ մոտ չգաս:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (ետ գնալով): «Ինձ պիտի փնտրեք և ինչպես ասացի հրեաներին՝ ուր ես եմ գնում, դուք չեք կարող գալ, այժմ էլ ձեզ եմ ասում: Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց, ինչպես ես սիրեցի ձեզ` դուք էլ միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք»:

ՕՎԱԿ — (Շուշանին): Գիրկս արի, քաղցրիկս, տեսա՞ր տերն ինչ պատվիրեց:

ՎՐԻՎ — Արփին ո՞ւր է կորել… Արփի՜…

ՀՈՒՆԱՆ-ՊԵՏՐՈՍ — «Տեր, ո՞ւր ես գնում, ասա վերջապես»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ուր ես եմ գնում, դու այժմ ետևիցս գալ չես կարող, բայց հետո կգաս իմ ետևից»:

ՀՈՒՆԱՆ-ՊԵՏՐՈՍ — «Տեր, բայց ինչո՞ւ ես ասում, թե այժմ չեմ կարող գալ քո ետևից. այժմվանից իսկ իմ կյանքը քեզ համար կտամ»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ինձ համար կյանքդ կտա՞ս… Ճշմարիտ եմ ասում քեզ, աքաղաղը դեռ կանչած չի լինի, երբ դու երեք անգամ ինձ ուրացած կլինես»:

ՕՎԱԿ — Հե՜յ, ուրացող Պետրոս, դու լավ տղա ես, իջիր՝ գինի խմենք:

ԴԱՆԻԵԼ-ԹՈՎՄԱՍ — «Տեր, չգիտենք ուր ես գնում, ուրեմն ինչպե՞ս կարող ենք գիտենալ ճանապարհը»:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը: Ոչ ոք չի գա Հոր մոտ, եթե ոչ՝ ինձնով: Եթե ինձ ճանաչեք, ապա կճանաչեք և իմ Հորը»:

ՍԱՀԱԿ-ՓԻԼԻՊՈՍ — «Տեր, Հորը ցույց տուր և այդ բավական է մեզ»:

 

Գալիս է Արփին՝ քնատ, եթերային, գալիս է ու փարվում Վրիվին:

 

ԱՐՓԻ — Կանչել ես, տեր իմ. ահա, քեզ հետ եմ:

ՎՐԻՎ — Կարոտեցի քեզ:

ԱՐՓԻ — Կարոտեցի՞ր… Այ քեզ բան…

ՎՐԻՎ — Նստիր ծնկներիս: (Գրկում է Արփիին: Ձեռքով նշան է անում դերասաններին, որ շարունակեն:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպոս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը, իսկ դու ինչպե՞ս ես ասում, թե՝ Հորը ցույց տուր»:

ԱՐՓԻ — Ախ, իշխանս, ծանր երազ տեսա, ինձ ուզում են խլել քեզնից:

ՎՐԻՎ — Ո՞վ:

ԱՐՓԻ — Չգիտեմ, անորոշ էր… Սակայն կնոջ մատնությամբ եղավ: Սարսափելի էր: (Համբուրում է Վրիվին:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Չե՞ս հավատում, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ»:

ԱՐՓԻ — Ինձ թունավորեցին երազում, սոսկալի թույն լցրին գինուս մեջ, և ես խմեցի, ես՝ հիմարիկս, խմեցի, Վրիվ:

 

Տիրանը հազում է դիտավորյալ, որ ուշադրություն հրավիրի դեպի ներկայացումը, սակայն ապարդյուն:

 

ՎՐԻՎ — Արփի, անուշիկս, թույլ չեմ տա, որ քո մատին իսկ դիպչեն: Դու… Դու իմ միակ հարազատն ես այս տանը:

ԱՐՓԻ — Տարօրինակ է խոսում իշխանս այսօր:

ՎՐԻՎ — Պարզվեց, որ այս տունը լեցուն է առնետներով. ինձ ամեն քայլափոխի դավաճանում են, Արփի: Այս ի՞նչ անհեթեթություն է, որ պտտվում է շուրջս, ի՞նչ է, որ ստիպողաբար փաթաթվում է վզիս՝ մարդկային սխալմո՞ւնք, թե՞ կանխորոշվածություն, ճակատագիր… Բայց ոչ, ես մարդ եմ, մարդ, որին տրված է քննելու իրավունք, մարդ, այլ ոչ կամակատար կավ, որ ծռմռվի՝ սեղմողին հնազանդ. և ես չեմ կամենում: Հասկանո՞ւմ ես, Արփի, չեմ կամենում:

ԱՐՓԻ — Դու միշտ ես արել այն, ինչպես կամքդ է հուշել, իշխանս: (Համբուրում է:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (Վրիվի և Արփիի, Օվակի և Շուշանի սիրախաղը ավելի ու ավելի է զայրացնում, Հուսիկի խոսքն ու շարժումները դառնում են ավելի նյարդային, անհավասարակշիռ): «Այս խոսքերը, որ ես ասում եմ ձեզ, ինքս ինձնից չեմ խոսում, այլ՝ Հայրը, որ բնակվում է իմ մեջ, նա է անում գործերը: Հավատացեք ինձ, որ ես Հոր մեջ եմ, և Հայրը՝ իմ մեջ»:

 

Օվակը հոգնած թափահարում է ձեռքը, իբր՝ դարձյալ նույնը:

 

ԱՐՓԻ — Սոսկալի էր, իշխան, մարմինս լցվեց թույնով, սպիտակ մաշկս գունատվեց, կարմիր շուրթիկներս դարձան կապույտ-կապույտ, աչուկներս փակվեցին… Ախ, ինչ սոսկալի էր… Փրկիր ինձ, մենակ չթողնես, չթողնես՝ սպանեն պստիկ Արփիիդ:

ՎՐԻՎ — Չեմ թողնի, քաղցրս, միայն թե ամուր սիրիր իշխանիդ:

ԱՐՓԻ — Մի՞թե չեմ սիրում, տեր, շատ եմ սիրում:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Եթե ինձ սիրում եք, կպահեք պատվիրանները»:

ՇՈՒՇԱՆ — Քնեցիր, Օվակ… Ախր, քնում ես…

ՕՎԱԿ — Չէ, ի՞նչ քնել, հավիկս, սիրո թմբիրի մեջ ընկա, այնպես լավ ես գուրգուրում:

ՇՈՒՇԱՆ — Սերը թմբիր չէ, աշխույժ եղիր: (Շարունակում է շոյանքները:)

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ: Մի քիչ էլ՝ ու այս աշխարհն ինձ չի տեսնի այլևս, բայց դուք կտեսնեք, որովհետև ես կենդանի եմ, և դուք կենդանի եք լինելու»:

ԱՐՓԻ — (Վրիվին, որ փորձում է մերկացնել նրան): Վրիվ, սպասիր… դերասանները նայում են…

ՎՐԻՎ — Թքա՛ծ… Մի նկատիր, նրանք չկան, ահա, նայիր, չկան նրանք… Դե արի, սեղմվիր ինձ…

ԱՐՓԻ — Սպասենք՝ վերջանա, իշխան, խնդրում եմ, համբերիր:

ՎՐԻՎ — Վերջանա՞… Սա վերջ չունի երևի:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — «Ազգ ազգի դեմ պիտի ելնի և թագավորություն՝ թագավորության դեմ, և տեղ-տեղ երկրաշարժեր պիտի լինեն, սով և խռովություններ, բայց այդ բոլորը սկիզբն է երկանց: Եվ դեռ ձեզ էլ պիտի մատնեն ատյանների…»:

ՎՐԻՎ — Մեր համբերությունն անսպառ չէ. խաչեք դրան, և վերջացնենք այս տաղտուկը:

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — (զայրացած առաջ գալով, հիստերիկ): «Ասված է՝ մի՛ շնանար: Եվ եթե քո աչքը գայթակղեցնում է քեզ՝ հանիր ու դեն գցիր, եթե քո ձեռքը գայթակղեցնում է քեզ՝ կտրիր ու դեն գցիր, որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, բայց քո մարմինը չընկնի գեհեն»:

ՎԱՐՍԵՆԻԿ — (ձայնը՝ բեմի ետևից): Օրհնյալ լինի Տիրոջ անունից խոսողը, օվսաննա՜:

 

Բեմի ետևից գցած ձիթենու ճյուղը ընկնում է Հուսիկի ոտքերի մոտ:

 

ԱՐՓԻ — (փորձելով ազատվել իշխանի գրկից): Լսեցի՞ր, ի՞նչ ձայն էր… Ո՞ւմ ձայնն էր… Ծանոթ էր կարծես:

ՎՐԻՎ — Մի լսիր, թատրոն է ընդամենը: Արի գիրկս:

 

Հուսիկն այլևս չդիմանալով՝ առաջ է գալիս, ընկերները փորձում են ետ պահել, սակայն ապարդյուն:

 

ՀՈՒՍԻԿ-ՀԻՍՈՒՍ — Գրված չէ՞ միթե. «Իմ տունն աղոթքի տուն է կոչվելու»: Իսկ դուք Տիրոջ տունը շնության ո՞րջ եք դարձրել: (Շրջելով սեղանը իշխանի առջև:) Իժերի ծնունդներ…

ՎՐԻՎ — (սուրը մերկացրած): Վայ, ես քո տիրոջ… Աղոթիր աստծուդ, շուն, հիմա փորդ թափելու եմ:

 

Դերասանները ետ են քաշում Հուսիկին, Օվակն աշխատում է ետ պահել Վրիվին:

 

ՉՈՒՆԱԿ — Ներիր, մեծ իշխան, նրա փոխարեն ներում ենք աղերսում, նա խելագար է, չե՞ս տեսնում միթե, խելքն իսպառ կորցրել է: Խնայիր:

ՎՐԻՎ — Ներում չկա շանը, վերջ, համբերությունս հատեց… (Թափահարում է սուրը, հարվածը վիրավորում է Հուսիկիի ականջը:)

ՕՎԱԿ — Զսպիր քեզ, Վրիվ, վռնդիր, թող կորչեն, բայց վնաս մի տուր, փորձանք է:

ՎՐԻՎ — Չխանգարես, Օվակ, սրանց հիմա հերթով մորթելու եմ աստվածների զոհասեղանին:

 

Վրիվը հարձակվում է: Դերասանները գլխապատառ փախչում են: Վրիվը և Հուսիկը հայտնվում են դեմ-հանդիման: Վրիվի սուրը դեմ է առել Հուսիկի կրծքին:

 

ՕՎԱԿ — Չանե՛ս, Վրի՛վ, սթափվի՛ր:

ՎՐԻՎ — Փախա՞ն ընկերներդ, դավաճանեցի՞ն:

ՀՈՒՍԻԿ — Մարդ են նրանք:

ՎՐԻՎ — Իսկ դու մարդ չես, հա՞:

 

Հուսիկը բազմանշանակ նայում է, կարծես ասում է՝ դու՛ ասացիր:

 

ՎՐԻՎ — Դե դու էլ փախիր, շո՛ւն, գնա նրանց հետևից, փրկիր կաշիդ, քանզի չեմ խնայելու, վերջին հնարավորությունն եմ տալիս: Դե՞…

 

Ինչ-որ մութ կերպարանքներ ետևից աննկատ հրում են Հուսիկին, ավելի ճիշտ՝ դրդում են նրան, որ ընկնի Վրիվի սրին. նա առաջ է մղվում՝ սրախողխող լինելով` Վրիվին գրկած:

 

ՀՈՒՍԻԿ — Կատարվեց: (Տապալվում է:)

 

Արփին և Շուշանը ճչալով փախչում են:

 

ՎՐԻՎ — (շփոթահար): Օվակ… Չհասկացա՝ ինչպես եղավ… Ինչ-որ մեկը հրեց կարծես կամ էլ ինքը գցեց իրեն սրիս վրա… Ես նրան սպանելու միտք չունեի, Օվակ, հավատա, վկա են աստվածները… Ինքը սպանեց իրեն, տեսար… Տեսար, չէ՞…

ՕՎԱԿ — Տեսա, իշխան, և կվկայեմ, եթե դա թեթևություն կբերի քեզ:

ՎՐԻՎ — Թեթևությո՞ւն… Ես թեթև չե՞մ միթե: Ի՞նչ է եղել որ… Մի խելացնոր դերասան է սատկել ընդամենը, մի խելացնոր, որ հայհոյեց իմ տունը: Չէ, Օվակ, դու սխալվում ես, ես թեթև եմ երկնքի թռչունների պես: Հե՜յ, Գնել, Ատոմ, այստեղ եկեք, շու՛տ: Հոգիս թեթև է, ի՞նչ է եղել որ, մի ցնդած դերասան սատկեց ընդամենը, որ հայհոյել էր տունս… Ի՞նչ է եղել որ…

 

Գալիս են Գնելն ու Ատոմը:

 

ՎՐԻՎ — (տալով թիկնոցը): Փաթաթեք սրա մարմինը, տարեք ու թաղեք հեռու մի ձորում և ինձ տեղը չասեք ու ինքներդ էլ մոռացեք: Մոռացեք այս ամենը, երբեք չհիշեք ու ինձ էլ չհիշեցնեք: Մոռանանք, մոռանանք…

 

Գնելը և Ատոմը թիկնոցի մեջ փաթաթում են Հուսիկի մարմինը և տանում:

 

ՎՐԻՎ — Ես թեթև եմ, ի՞նչ է եղել որ… Մոռանանք, Օվակ, մոռանանք… Ո՞ւր փախավ Արփին… Մոռանանք…

 

Հեռվից, կցկտուր, լսվում են երկնային երաժշտության պատառիկները, զանգերի հատուկենտ ղողանջները:

 

ՎՐԻՎ — (նկատելով արյան բիծը գետնին):  Սա ի՞նչ է… Ի՞նչ նշան է գետնին…

ՕՎԱԿ — Արյուն է, իշխան, խաղաղվիր, նրա արյունն է ընդամենը:

ՎՐԻՎ — Նրա արյունը… Ջնջեք, ջնջեք այս արյունն իմ տան գետնից, արագ, հե՜յ, ո՞վ կա , ջնջեք, շո՛ւտ… (Շարունակում է գոռալ՝ փակելով ականջները, որովհետև երաժշտությունը ուժգնանում է:)

 

Երաժշտության և զանգերի ուժգնացմանը զուգընթաց փլվում է բեմական կառույցը: Աստիճանաբար մթնում է: Հեռվից լույսի բարալիկ շեղբ է հայտնվում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։