ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ / Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Գայանե ՄԿՐՏՉՅԱՆ

Թատերագետ

 

ՎԱՎԵՐԱԳՐԱԿԱՆ ՃՇԳՐՏՈՒԹՅԱՄԲ

ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆ

Երկու հաղթանդամ ոստիկան դահլիճի միջով բեմ են ուղեկցում Վարդան Պետրոսյանին, շղթայված՝ առանց  ձեռնաշղթայի, չեն խոսում, բայց հասկանալի է՝ ազատ ես, գնա՛:

«Սկսենք ամենասկզբից». խրոխտ ու տխրամած ասում է դերասանը և երկու ժամ շարունակ ներկայացնում երկարամյա կալանքի իր հիշողությունները, ինչպես Դոստոևսկու  «մեռյալ տնից գրառումները»:

Ներկայացումը եռամաս է՝ բանտային սև հագուստով, սպիտակ վերնաշապիկով և էպիլոգ-վերջերգով: Էպիլոգն անկեղծ ու կարոտած զրույց է հանդիսատեսի հետ և ամեն անգամ նոր տեքստ ուներ:

 

ՀԵՏԱԴԱՐՁ ՀԱՅԱՑՔ

Վերջին անգամ Վարդան Պետրոսյանի մասին գրել էի տասը տարի առաջ, մարտիմեկյան  ողբերգությունից ամիսներ հետո բեմադրված «Սեր և ատելություն» ներկայացման մասին՝ վերնագրելով «Հային հայի հետ հաշտեցնող ներկայացում»:

Վարդանը խաղում էր ազնիվ, բայց հավասարակշռության բարակ լարի վրա, երկու բանակի բաժանված հայ հանդիսականի առաջ: Գաղտնիքը Վարդան Պետրոսյանի մարդասեր, բարի տաղանդ լինելու մեջ է: Անքեն հումորի, վարպետ-վիրտուոզ դերասանական ձիրքի շնորհիվ արտիստը լեփ-լեցուն դահլիճներում է խաղում, հայ հանդիսականը նրան սիրում է: Այս սերն էլ արվեստագետին խիզախություն էր տվել ներկայացում անել հայրենիքի համար այդքան ողբերգական իրադարձության մասին, և, որ ամենաբարդն է, անհանդուրժողության ա՛յն մթնոլորտում, երբ դահլիճն անգամ երկու ճամբարի էր բաժանված: Նա կարողացավ հաշտության եզրեր հուշել՝ չվիրավորելով ոչ մեկի սիրո սուբյեկտը:

Վերջին ներկայացումը, որը տեսել էի, Գ. Սունդուկյանի թատրոնի բեմում «Ամեն երկուշաբթի»-ն էր, որին հաջորդեց ողբերգական  կիրակին: Վարդան Պետրոսյանի ամենատխուր, անհուսալի ներկայացումն էր, պատճառը նաև թեման էր՝ արտագաղթը, որի սկիզբը կար, վերջը չէր երևում: Երկիրը գաղջի, աղքատության ու պանդխտության սարդոստայնում էր, և բեմից լուսավոր ուղերձ հղելն անիրատեսական էր հնչում, անգամ երբ հանդիսատեսը դերասանի հետ խմբովի երգում էր: Անլույս չեն լինում Վարդանի ներկայացումները, իսկ այս անգամ ասես ինքն իր կոչին չէր հավատում: Այս մասին ժամանակին խոսել ենք ներկայացման բեմադրիչ Նարինե Մալյանի հետ:

Վարդանն էլի ինքն էր, սքանչելի, բեմի դատարկ տարածությունը ինքն իրենով լցնող: Տագնապը երկրի համար էր, «Հազար ու մի ելքի» (լավագույն ներկայացումներից մեկը) հեղինակի ոչ մի ելքը չէր երևում: Ցեղասպանության թեմայով «Վերելք» ներկայացումն անգամ այդչափ անհույս չէր:

Հետո եղավ 2013 թվականի ողբերգական կիրակին: Եվ ահա Վարդանը բեմում է, կալանավորումից հետո շարունակելու իր կիսատ թողած երգը: Լեփ-լեցուն դահլիճ, ինքնակազմակերպվող ու թատրոն եկող մարդիկ, և նոր սերունդ, որն առաջին անգամ է Վարդանին բեմում տեսնելու:

 

Գրառումներ կալանքի վայրից

«Իմ կիսատ թողած երգը», զարմանալիորեն, Վարդան Պետրոսյանի ամենաապաքաղաքական ներկայացումն է` լավագույն բեմական հիմքով: Դարձյալ  մենակ` բեմում, անգամ առանց ծանոթ ու շատ սիրված գործիքների՝ երգ, նվագ, քաղաքական գործիչների ծաղրանմանակում: Զուտ վավերական պատմություն, մի քիչ հումորային թեթևշունչ հնչերանգներով, հանդիսականին քիչ տրտմեցնելու, խնայելու, հոգեմաշ չանելու գեղարվեստական նպատակադրումով, ճիշտ չափաբաժնով ուժգնացնելով   լուրջ-տրագիկ հատվածները: Չի տրվել ժամանակի գայթակղությանը, և եթե չհաշվենք մեկ բառանոց ակնարկները՝ Գոնսալես, Աշոտյան, Շամշյան, կարելի է մտածել, որ ներկայացումը բեմադրվել է «հին» Հայաստանում: Հին Հայաստանում օրենքն աշխատում է տառի ճշգրտությամբ՝ օրենք կամ մահ, և ամենասկզբից՝ հայրական բարձրահարկի պատուհանի, հիվանդանոցի մուտքի առաջ, դատարանի բակում, այլուր և ամենուր մեղադրյալին դիմավորում է «Շամշյանի դիրքավորված գունդը»:

«Այստեղ եմ ծնվել ու այստեղ մեծացել, այս ջուրը խմել սառնորա՜ա՜կ». հիվանդանոցում, դեղերի ազդեցության տակ երգում-հարցաքննվում է դերասանը: Ու երբ փաստաբանը նրան դնում է օրենքի շրջանակների մեջ, հաղթանդամ քննիչը պուկ փախչում է. պո՛ւկ, ինչպես նապաստակը, պո՛ւկ՝ կար ու չկա:

Ճանապարհային ոստիկանության քննիչ Հայկարամն առանցքային կերպար է,  ներկայացման տարբերակում՝ «ՃՈ ավագ քննիչ ՀՀ»-ն, ով սևով սպիտակի վրա արձանագրել է, որ մեղադյալին պիտի կալանավորել, քանզի նա «մի պահ անհետացավ քննչական մարմինների տեսադաշտից»:

«Իմ կիսատ թողած երգը» ներկայացման լավագույն տեսարաններից է աբսուրդի ժանրի այս  անհեթեթ պնդումի բեմականացումը. «Լքումն հայրենյաց սահմանների… Աշուն է, անձրև… Մեղադրյալը մի պահ անհետացավ քննչական մարմինների տեսադաշտից…  Աշուն է, մշուշ, մեղադրյալը  ոչ մի կերպ չի երևում աշնան մշուշում, շշուկով: Մեղադրյալն ուր է, կորել է, գնում է գյուղ: Փողոցում մի մոլորված աքլորի հարց է տալիս, դուք տեսե՞լ եք ամբաստանյալին, աշնան մշուշում, շշուկով… Չկա… շշուկ ու շրշյուն, ստվերներ անձև… Սարսափը պատեց կայսեր օսմանյան…  Գոն-սա-լե՛ս..»:

Այս սարսափը փարատելու համար վիրահատված մեղադրյալը շտապօգնության մեքենայով բերման է ենթարկվում դատարան, և ներկայացման այս ծավալուն, ամենայն մանրամասներով տեսարանը դաժան, անհեթեթ, զավեշտալի դրվագների հերթագայում է (երբ կիսագիտակից, դատարանի հոտառատ զուգարանին կից նստարանին փլված, մի բան է մտքով անցնում՝ լավ, բա Լինսի հիմնադրամով չէի՞ն կարող էս զուգարանն էլ նորոգել): Հետո նրան պատգարակով տեղափոխում են կալանավայր, ընդունում-հանձնում անում և հեռանում:

Վարդանի համար էլ անսպասելի, առաջին րոպեներից նրան ջերմորեն են ընդունում կալանավորները, այդուհետ՝ կալանքի եղբայրները: Տաք ու թունդ թեյ, տնական գաթա, բրդյա ծածկոց, ինչպես տատիկի թոնրատանը:  Հայտնվում է կալանավայրի և սևազգեստների սեփ-սև կատուն՝ Լնգուզը, լիարժեք դարձնելու մանկության վերհուշը: Ինչպես Դոստոևսկին է գրել հայտնի գործում. «Այո, տոկուն է մարդը։ Մարդս ամեն ինչի վարժվող արարած է»:

Կալանքի առաջին Նոր տարին, ներկայացման միակ հատվածը, որտեղ կիթառով փորձում է երգել-ուրախացնել կալանքի եղբայրներին: Վիսոցկի-ճիչ, Վիսոցկի- ընդվզում, է՛խ, մի անգամ, էլի՛, էլի՛ ու էլի՛, անուսության ճիչ, զնդանում ուժ է փնտրում՝ շարունակելու նոր տարում նոր փորձությունները, ինքն իր հետ հաշտվեու համար, սեփական մեղքի կրումը, բռնաճնշումին հակադրվելու կամքը, ճակատագրի հարվածները խոնարհաբար ընդունելը: Երգի ավարտին հուզիչ, հեղձուկ առաջացնող ճիչ՝ «Թողեք գոռամ՝ աաաաաա, էս ինչ կատարվեց աա՜աաաա՜աաաա՜ա…»:

Ներկայացման մեջ Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին է հասցնում, ինչպես Դոստոևսկին է ասում՝ «այդօրինակ գոյության համակ բացառիկությունը, համակ անսպասելիությունը»:  Նա կարեկցանք և ուշադրություն է առաջացնում մեռյալ տան բնակիչների նկատմամբ, ովքեր շփոթվածներ են, մեղավոր հոգիներ, բայց բավական է նրանց հանդեպ սեր ու մարդկայնություն դրսևորել՝ անպայմա՛ն կփոխվեն: Ու երբ ներկայացման էպիլոգում Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին ասում է, որ այսօր դահլիճում է  կալանքից ազատ Գոռն իր կնոջ հետ, ծափեր են հնչում: Զավեշտալի ու հուզիչ տեսարան է չորս երեխայի հայր Գոռի նամակ գրելը կնոջը՝ իբրև շնորհակալություն իրեն հավատարմորեն սպասելու և սատարելու համար: Մեծագույն դժվարությամբ, ամաչելով, առավոտ ծեգին՝ առանց ականատես աչքի, և գրիչը կրծելով, ինչպես ծույլիկ  աշակերտ, գրում է ու անմիջապես զանգում կնոջը. «Ախչի՛, նամակ եմ ուղարել, որ կարդաս, անմիջապես զանգի՛»:

Մահճակալների թվին գերազանցող, հերթով քնող կալանավորներ, բազմավաստակ ոջիլներ, սառնարանում հովացող խավարասերներ. սա է հայկական մեռյալ տունը: Իհարկե, երբեմն բացվում է զնդանի դուռը, ինչպես բացվում են տիրոջ արահետները, և  ներս է մտնում «ամենաարդարադատության ամենանախարարը», ասելու համար. «Մնացեք բարյավ, հոգեպես միասին ենք» ու հեռանում շքախմբով՝ թեթևասահ, արտիստիկ, ինքնաբավ:

Սակայն եթե մեռյալ տանը մտերիմ ընկերն Աստվածաշունչն էր գողանում, հայկական բերդում Վարդանի ներկայությամբ չեն հայհոյում: Ավելին՝ «մեր խուցն ապրում էր հոգևոր կյանքով՝ առավոտյան «Հայր մեր», ցերեկը հայհոյանք իշխանություններին, երեկոյան Նարեկացու ընթերցանություն, և հայոց երկուհազարամյա պատմության մեջ առաջին անգամ մեր խուցը դարձավ բուսակեր»:

Ներկայացման առանցքային դրվագներից է կինոյում գլխավոր դերում նկարահանվելու իրական-աբսուրդային պատմությունը, որպեսզի դերասանը գրավոր ներում խնդրի ու գնա ազատ աշխարհ, կարիերայի բարձունքներին հետամուտ. «Մի թղթի կտոր է, գրի-գցի,  երկու տարի հետո ո՞վ է հիշելու»:

«Ե՛ս, ե՛ս եմ հիշելու ես՛»,- խելագարվում-ճչում է կալանավոր արտիստը: Սա պոռթկումի հուզիչ տեսարան է, երբ  հարց է տալիս, թե ինչի՛ համար էր այս ամենը, ո՛վ ի՛նչ շահեց, ծնողներն իրեն չներեցին, ինքն անտրտունջ ու խոնարհաբար ընդունեց ճակատագրի հարվածները, սովորեց իր ցավի հետ ապրել:

Դոստոևսկուն ներում շնորհեցին անսպասելիորեն դաժան, վերջին պահին, երբ աչքերը կապած կանգնած էր գնդակահարության պատի տակ:

Հերթական դատի ժամանակ, Վարդան Պետրոսյանի համար էլ անսպասելի, առանց խնդրագրի և բանավոր խնդրանքի, զիջեցին բաց կալանքի «պոչը«: Անսպասելի, ամենավերջում… Հաշվարկով, որպեսզի գնա-անհետանա պատկան մարմինների տեսադաշտից: Գնա ու չգա, գա էլ՝ բեմ չբարձրանա:

Հաշվարկված չէր ժողովրդի հեղափոխությունը: Նա եկավ ու բեմ բարձրացավ. պատմելու-ամբողջացնելու կիսատ թողածը, իրեն սիրող ու հավատարմորեն սպասող հանդիսատեսին պատմելու իր տառապանքի գրառումները, փորձության մեջ անտրտունջ սպասումը, խոնարհության մեջ իր հաստատուն լինելը:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։