Արշակ ՍԵՄԻՐՋՅԱՆ / ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ

 

Կատակերգություն  2  գործողությամբ

Նվիրում եմ Երվանդ Ղազանչյանին

 

Գործող անձինք

ԳԱՌՆԻԿ – կրկեսի ծաղրածու

ԶԱՌԱ – Գառնիկի կինը

ՎԻՈԼԵՏԱ – Գառնիկի զոքանչը

ՍԱՌԱ – նրանց հարևանուհին, երիտասարդ աղջիկ

ՎԱՐԱԶԴԱՏ – նրանց հարևանը, բանաստեղծ

ՄԱՆՈՒՇԱԿ – նրանց հարևանուհին, թոշակառու

ՀՐԱՉ – Սառայի փեսացուն

 

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետայի բնակարանը: Գիշեր է: Բնակարանն աղքատիկ կահավորանքով է: Կենտրոնում դրված է հնամաշ թախտ: Աջ մասում սեղանն է: Սեղանի վրա  օգտագործված ափսեներ ու բաժակներ են: Աջ ու ձախ կողմերում՝ սենյակներ: Մուտքի դուռը աջ կողմում է, խոհանոցի դուռը՝ ձախ: Ձախ անկյունում փոքրիկ, հնամաշ պահարան, վրան՝ երաժշտական կենտրոն:

Զառան, հագին՝ տնային խալաթ, հավաքում է սեղանն ու կիսաձայն երգում: Բաժակներն ու ափսեները հավաքում, տանում է խոհանոց: Գալիս, հոգոց հանում, նայում աջ սենյակի դռանը և դեմքի տխուր արտահայտությամբ նստում է թախտին:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զառա՜…

ԶԱՌԱ  – Սիրելի՛ս, համարյա վերջացնում եմ: Դու հանգիստ քնի՛ր: Ես քիչ հետո կգամ:

Ներս է մտնում Գառնիկը՝ ծաղրածուի հանդերձանքով: Ձեռքին մի քանի գունավոր
գնդակ է:

ԳԱՌՆԻԿ – Ո՞նց քնեմ… Պիտի անդարդ ու անհոգ լինես, որ կարողանաս հանգիստ
քնել:

ԶԱՌԱ – Նորից կրկեսդ ես հիշե՞լ:

ԳԱՌՆԻԿ – Մոռանա՞լ կլինի:

ԶԱՌԱ – Ստիպված ես:

ԳԱՌՆԻԿ – Ավելի լավ է մեռնեի, քան էս օրն ընկնեի: Ամբողջ կյանքս նվիրեմ կրկեսին, վերջում հանեն, շան պես դո՞ւրս շպրտեն: Քաղաքական ծաղրածուներին
թողած՝ կրկեսի ծաղրածուներին են կրճատում: Իբր մեզ տված գրոշներո՞վ պիտի
ազգի վիճակը բարելավեն… Սա ի՞նչ կյանք է… Սա ի՞նչ արդարություն է…

ԶԱՌԱ – Սիրելի՛ս, ստիպված ես մոռանալ անցյալդ և նայել ապագային: Անցյալը
հիշելով՝ ոչինչ ետ չես բերի:

ԳԱՌՆԻԿ – Կյանքիս գունավոր էջը պիտի փակեմ ու մի կո՞ղմ դնեմ:

ԶԱՌԱ – Գունավոր էջը չփակելով՝ ոչինչ չես փոխի: Վերջապես դո՛ւրս արի
երևակայական աշխարհիցդ: Գնա՛, լվացվի՛ր, շորերդ էլ փոխի՛ր ու մարդավարի տեսք ստացի՛ր: Սա տուն է, ոչ թե կրկես:

ԳԱՌՆԻԿ – Կյանքն է կրկես:

ԶԱՌԱ – Նորից սկսվեց փիլիսոփայությունների շարքը:

ԳԱՌՆԻԿ – Ես դեռ պիտի ապացուցեմ:

ԶԱՌԱ – Եվ ի՞նչ ես ապացուցելու:

Գառնիկը գնդակները խաղացնում է օդում: Զառան ցավալի, բայց մեղմ ժպիտով նայում է նրան: Գառնիկը վերջացնում է ցուցադրությունը: Զառան ծափահարում է: Գառնիկը գնդակները դնում է թախտին և ուզում է նստել, բայց նկատում է, որ աթոռի ոտքը կոտրված է:

ԳԱՌՆԻԿ — Սրան ի՞նչ եղավ…

ԶԱՌԱ – Սարքող չունենք: Էդպես պիտի լինի… Շուտով էս տունը փուլ է գալու գլխներիս, ու մի օր էլ հայտնվենք փողոցում:

ԳԱՌՆԻԿ – Աստված մեծ է, մի դուռ կբացի… (Ջարդված աթոռը դնում է մի կողմ: Վերցնում է մեկ ուրիշ աթոռ և նստում:) Զառչկա՛, մի բաժակ սուրճ բե՛ր:

ԶԱՌԱ – Ժամին նայե՞լ ես, ա՛յ անաստված: Էս ժամին ո՞վ է սուրճ խմում:

ԳԱՌՆԻԿ – Ես… Իբր առանց խմելու շատ էի կարողանում քնել, որ հիմա էլ չխմելու
մասի՞ն մտածեմ: Ես պիտի մտածեմ իմ ընտանիքի ապագայի մասին: Եթե ոչ ես, ապա էլ ո՞վ: Ինձ օտար եմ զգում էս կյանքում: Ասես ոչինչ էլ չեմ արել, դրա համար էլ կյանքն ինձ պատժեց:

ԶԱՌԱ – Գառնի՛կ, հանգստացի՛ր, խնդրում եմ: Հիմա սուրճդ կբերեմ:  (Ուզում է գնալ
խոհանոց:)

ԳԱՌՆԻԿ – Ո՞ւմ եմ պետք ես… (Բռունցքով հարվածում է սեղանին:) Ո՞ւմ…

ԶԱՌԱ – Կամա՛ց, խնդրում եմ… Խելագարվե՞լ ես… Մայրս քնած է: Որ զարթնեց, գիտե՞ս ինչ կկատարվի:

ԳԱՌՆԻԿ  —  Գիտե՜մ… Գիտե՜մ…

ԶԱՌԱ – Ուրեմն թող հանգիստ քնի: Որ զարթնեց…

ԳԱՌՆԻԿ – Նորից պիտի քարոզներ կարդա ու դառնա իմ կյանքի գլխավոր
դատավորը: Կգա ու հերթական անգամ մահապատժի կենթարկի ինձ: Նա ինձ
երբեք չընդունեց որպես փեսա: Փեսայի հանդեպ նրա պատկերացումները
սահմանափակվում էին միայն միլիոններով, ոչ թե սոված ու ծարավ ծաղրածուով:

ԶԱՌԱ – Է՜հ, Գառնիկ…  Կարևորը՝ քո ասած սոված ու ծարավ ծաղրածուին ես եմ
ընդունել, ինչպիսին որ կա:

ԳԱՌՆԻԿ – Մայրդ գոնե անկեղծ ասում է երեսիս, իսկ դու հավանաբար նրա նման ես
մտածում, բայց խղճահարությունից ելնելով…

ԶԱՌԱ – Ավելի լավ է սո՛ւրճ խմիր: Հիմա կբերեմ: (Գնում է խոհանոց և սուրճ է բերում:)

ԳԱՌՆԻԿ — Արդեն ամաչում եմ փողոց դուրս գալ: Նայել հարևանների երեսին: Մայրդ
բոլորին պատմում է, որ իր խեղճուկրակ աղջիկն առոք-փառոք կյանք ընտրելու
փոխարեն գնաց ու ընկավ ճահիճը:

ԶԱՌԱ — Հազար անգամ նրան խնդրել եմ, որ մեր կյանքը չդարձնի հարևանների
բամբասելու թեմա: Բայց չէ՜… Ո՞նց կլինի… Նա ուզում է բոլորին ցույց տալ, որ
փեսային պահում է իր տանը… Կերակրում է… Լավություն է անում…

ԳԱՌՆԻԿ — Կարծում է՝ բոլորը գովելու են ու մեծարելու իրեն:

ԶԱՌԱ — Մեկը հարցներ, թե ինչի՞ համար է երևակայում… Խեղճուկրակ աղջկա՞, թե՞
գործազուրկ փեսայի:

ԳԱՌՆԻԿ – Էդ գործազուրկ ասվածն էլ տեղին չէ: Ուրիշներն ինչպե՞ս են անում:
Ինչո՞վ եմ լավը նրանցից:

ԶԱՌԱ – Ի՞նչ պիտի անես:

ԳԱՌՆԻԿ – Մի բան կանեմ:

ԶԱՌԱ – Խելագարվե՞լ ես… Չլինի՞ ուզում ես կյանքդ կործանել:

ԳԱՌՆԻԿ – Զառչկա՛, մի՛ մտածիր: Ամեն ինչ լավ կլինի:

ԶԱՌԱ – Սիրում եմ, երբ ամուսինս հույսը չի կտրում:

ԳԱՌՆԻԿ – Հակոբն էր զանգել:

ԶԱՌԱ – Հակոբն ո՞վ է:

ԳԱՌՆԻԿ – Մեր կրկեսի կենդանիներ վարժեցնողը:

ԶԱՌԱ – Խե՜ղճ տղա: Նրան էլ չգնահատեցին:

ԳԱՌՆԻԿ – Մեր երկրում ո՞ւմ են գնահատում, որ նրան գնահատեն:

ԶԱՌԱ – Գուցե դեռ հույս կա՝  վերադառնալու կրկես:

ԳԱՌՆԻԿ – Աշխատանք է գտել իր համար: Զանգեց ու ասաց, որ ինձ համար էլ է
բարեխոսել: Կգնամ, կաշխատեմ, մինչև տեսնենք՝ ինչ է գալու գլխներիս:

ԶԱՌԱ – Տեսնո՞ւմ ես, սիրելի՛ս: Ամեն ինչ լավ է: Իսկ դու քիթ ու մռութդ կախել ես ու
նստել… Մի քիչ պահած օղի ունեմ: Կուզե՞ս բերեմ ու նշենք էս առիթը:

ԳԱՌՆԻԿ – Բե՛ր, որ խմենք ու ցավներս մոռանանք էս խավարի մեջ:

ԶԱՌԱ — Ամեն խավարի մեջ էլ մի լուսավոր կետ է լինում:  (Գնում է խոհանոց:
Բերում է օղու կիսատ շիշ և երկու բաժակներ: Լցնում է բաժակները:)
Պարո՛ն
Գառնիկ Փիրումյան, ես ուզում եմ խմել քո նոր հաջողության կենացը:

ԳԱՌՆԻԿ – Զառա, ես այնքա՜ն ուրախ եմ՝ քեզ երջանիկ տեսնելով: Միշտ էնպես
կանեմ, որ երջանկությունը քո կյանքումդ երբեք չբացակայի:

ԶԱՌԱ – Երբ դու երջանիկ ես, ես էլ եմ երջանիկ:

ԳԱՌՆԻԿ – Է՜հ, Զառչկա՜, Զառչկա՜…

ԶԱՌԱ – Իսկ ե՞րբ է պրեմիերան:

ԳԱՌՆԻԿ – Վաղը:

ԶԱՌԱ – Վա՞ղը:

ԳԱՌՆԻԿ – Հա… Վաղն առավոտյան:

ԶԱՌԱ – Այդքան շո՞ւտ:

ԳԱՌՆԻԿ – Փաստորեն:

ԶԱՌԱ – Որտե՞ղ:

ԳԱՌՆԻԿ – Սուպերմարկետում:

ԶԱՌԱ – Ի՞նչ սուպերմարկետ:

ԳԱՌՆԻԿ – Քաղաքի կենտրոնի:

ԶԱՌԱ – Ոչինչ չեմ հասկանում:

ԳԱՌՆԻԿ – Պրեմիերան սուպերմարկետի պահեստում է լինելու:

ԶԱՌԱ – Իսկ կրկե՞սը:

ԳԱՌՆԻԿ – Կրկեսն արդեն այնտեղ է… Եթե բախտս բերի ու լավ աշխատեմ,
հետագայում կդառնամ պահեստապետ:

ԶԱՌԱ – Ծաղրածուից ի՞նչ պահեստապետ:

ԳԱՌՆԻԿ – Ուրիշներից ինչո՞վ եմ լավը:

ԶԱՌԱ – Բայց դու չես կարող:

ԳԱՌՆԻԿ – Իսկ շատերն ինչպե՞ս կարողացան:

ԶԱՌԱ – Բայց դու…

ԳԱՌՆԻԿ – Ես ի՞նչ…  Ես սովորական մարդ եմ, ինչպես բոլորը:

ԶԱՌԱ – Բայց դու կհոգնես:

ԳԱՌՆԻԿ — Շատ գիտնականներ ու ակադեմիկոսներ հիմա շուկայում առևտուր են
անում: Ես էլ կարող եմ լինել նրանցից մեկը:

ԶԱՌԱ – Դու սովոր չես նման աշխատանքի, Գառնի՛կ:

ԳԱՌՆԻԿ – Ստիպված կսովորեմ, եթե ուզում եմ քեզ երջանիկ տեսնել:

ԶԱՌԱ – Երկի՜ր եմ ասել… Ի՜նչ օրի ենք հասել:

ԳԱՌՆԻԿ – Ես քեզ շա՜տ եմ սիրում: Դու իմ կյանքի լուսավոր կետն ես, Զառչկա՛:
Չեմ էլ պատկերացնում, թե առանց քեզ ինչ պիտի անեի:

ԶԱՌԱ – Պիտի ապրեիր:

ԳԱՌՆԻԿ – Խմի՜ր, Զառչկա՛, խմի՜ր…  (Խմում են:)

ԶԱՌԱ – Միայն մայրս կուրախանա, երբ իմանա նոր աշխատանքիդ մասին: Վերջապես փեսային կտեսնի ավելի եկամտաբեր գործով, ոչ թե ծաղրածուի
խղճուկ աշխատավարձով:

ԳԱՌՆԻԿ – Գիտեմ, կբարձրացնի մինչև Աստծո ոտքերը:

ԶԱՌԱ — Մայրս իրենից բացի, այդքան վերևում ոչ մեկի չի տեսնում:

ԳԱՌՆԻԿ – Մա՛յրդ շա՜տ անտանելի է: Զարմանում եմ, թե ինչպե՞ս ենք կարողացել
այսքան ժամանակ հետն ապրել:

ԶԱՌԱ – Մի կերպ ապրել ենք: Եթե դա կարելի է ապրել համարել:

ԳԱՌՆԻԿ – Նրա հետ մի հարկի տակ ապրելու համար պարզապես պիտի խելագար
լինես:

ԶԱՌԱ – Ես արդեն խելագարվել եմ, Գառնի՛կ ջան: Պապայի մահից հետո մայրս իրեն
լիակատար ազատություն տվեց: Այնպիսի տպավորություն էր, որ վանդակի
դռները բացեց ու փախավ: Օր չկար, որ հայրս նրան չդավաճաներ, չծեծեր: Պապայի մահը նրան այդքան էլ չհուզեց:

ԳԱՌՆԻԿ – Ընդհանրապես չհուզեց:

ԶԱՌԱ – Իսկ դու, ուզեիր-չուզեիր, ստիպված պիտի լեզու գտնեիր զոքանչ մայրիկիդ հետ: Կարծում ես՝ տնփեսա լինելն էդքան հեշտ բա՞ն է: Եվ հետո… Եթե քեզ թվում
է, էսքան ժամանակ հեշտ ենք լեզու գտել մայրիկիս հետ, ուրեմն կեցցե՜ս… (Նորից լցնում է բաժակները: Գառնիկը գլուխը դնում է սեղանին:) Գառնի՛կ ջան, արի՛ մի բաժակ էլ խմենք:

ԳԱՌՆԻԿ – Զառչկա՛, խմել չեմ ուզում: Ավելի լավ է գնամ, պառկեմ ու տեսնեմ, թե
գլխիս ինչ է գալու: (Վերցնում է գունավոր գնդակները և մտնում է սենյակ:)

Զառան սեղանն է հավաքում: Անջատում է հյուրասենյակի լույսը: Ուզում է սենյակ մտնել:

Դռան երեք թակոց:

Զառան մոտենում է դռանը:

ԶԱՌԱ — (կամաց): Ո՞վ է…

ՀՐԱՉ — (դրսից): Սիրելի՜ս…

ԶԱՌԱ – Դուք ո՞վ եք…

ՀՐԱՉ – Քո ասպետը:

ԶԱՌԱ – Ո՞վ…

ՀՐԱՉ – Քո ասպետը, սիրելի՜ս…

ԶԱՌԱ – Ի՞նչ ասպետ… Ի՞նչ սիրելիս…

ՀՐԱՉ – Ես եմ՝ Հրաչը…

ԶԱՌԱ – Ի՞նչ Հրաչ…

ՀՐԱՉ – Կյանքիդ իմաստը:

ԶԱՌԱ — (ինքն իրեն): Աստվա՜ծ իմ, սա ո՞վ է…

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զառչկա՜, չմոռանաս վերնաշապիկս արդուկել: Վաղն իմ
առաջին աշխատանքային օրն է:

ԶԱՌԱ — (կամաց): Աստվա՜ծ իմ… (Մոտենալով սենյակի դռանը:) Իհարկե, չեմ մոռանա, սիրելի՛ս: Արդեն արդուկում եմ: Դու հանգիստ քնի՛ր:  (Գնալով դեպի դուռը: Հրաչին:) Ի՞նչ եք ուզում ինձանից…

ՀՐԱՉ – Շնորհավորե՜մ…

ԶԱՌԱ – Ի՞նչը շնորհավորեք:

ՀՐԱՉ – Քեզ:

ԶԱՌԱ – Ի՞նձ:

ՀՐԱՉ – Հա՛, քեզ:

ԶԱՌԱ — Հեռացե՛ք այստեղից…

ՀՐԱՉ – Ե՞րբ եկա, որ հիմա էլ գնամ….

ԶԱՌԱ – Ուզում եք ինձ ամբողջ շենքով խայտառա՞կ անել…

ՎԻՈԼԵՏԱ — (ներսից): Ա՛յ աղջի, երազումս հորդ եմ տեսել: Մի բաժակ ջուր բեր, խմեմ,
որ դրա պատկերը վերանա:

ՀՐԱՉ – Դուռը բա՛ց…

ԶԱՌԱ – Միայն մայրս էր պակաս…

ՀՐԱՉ –  Այդ ի՞նչ ձայներ են: Տանը մենա՞կ չես:

ԶԱՌԱ – Չէ՛, մենակ չեմ:

ՀՐԱՉ – Դու ինձ դավաճանո՞ւմ ես:

ԶԱՌԱ – Գնացե՛ք, խնդրում եմ…

ՎԻՈԼԵՏԱ – Զառա՜, էդ ի՞նչ ձայներ են… Ի՞նչ ես անում, ա՛յ աղջի:

ԶԱՌԱ – Գառնիկի վերնաշապի՜կն եմ արդուկում:

ՀՐԱՉ – Ուրիշի վերնաշապի՞կն ես արդուկում: Դուռը բա՛ց, թե չէ կջարդե՜մ:

ՎԻՈԼՈՏԱ – Ջո՜ւրս…

ԶԱՌԱ – Մա՛մ, բերո՜ւմ եմ…

ՀՐԱՉ — (դրսից): Ես քեզ կսպանե՛մ, հետո էլ՝ ինձ: Դավաճա՜ն:

ԶԱՌԱ – Տե՜ր Աստված, ի՞նչ անեմ… Դուռը բացեմ, չի լինի… Չբացեմ, չի լինի… Սա
ո՞վ է… Ի՞նչ ասպետ… Ի՞նչ շնորհավորանք… Ի՞նչ դավաճանություն…Ես հիմա
կխելագարվեմ: Ավելի լավ է, դուռը բացեմ, տեսնեմ ինչ է ուզում: Եթե դուռը
չբացեմ, ինձ խայտառակ կանի:

ՀՐԱՉ – Դուռը բա՛ց, ասում եմ:

ԶԱՌԱ  – Սպասե՛ք, բացում եմ…  Որ ներս մտնեք, ձայն չհանեք:

ՀՐԱՉ – Շո՛ւտ արա:  (Զառան բացում է դուռը: Ներս է մտնում Հրաչը՝ ծաղկեփնջով և կարմիր վերնաշապիկով: Նա մի փոքր գինովցած է: Առանց Զառային նայելու՝ փակում է դուռը: Ծաղկեփունջն ու բանալին նետում է թախտի վրա:) Ես հիմա կսպանե՛մ նրան: Ո՞ւր ես թաքցրել… (Ուզում է մտնել Գառնիկի սենյակ: Զառան վառում է հյուրասենյակի լույսը: Հրաչը կանգ է առնում և շրջվում է դեպի Զառան:)

ՀՐԱՉ – Դուք ո՞վ եք:

ԶԱՌԱ – Այդ ես պիտի հարցնեմ:

ՀՐԱՉ – Ես որտե՞ղ եմ:

ԶԱՌԱ – Իմ տանը:

ՀՐԱՉ – Իսկ նա ո՞ւր է:

ԶԱՌԱ – Ամուսի՞նս:

ՀՐԱՉ – Չէ՛… Իմ հարսնացուն:

ԶԱՌԱ – Ի՞նչ հարսնացու:

ՀՐԱՉ – Կյանքիս գլխավոր ծաղիկը:

ԶԱՌԱ – Այստեղ ձեզ համար բուսաբանական այգի չէ, որ եկել եք ծաղիկներ
հավաքելու:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զառչկա՛, բավական է քեզ տանջես, սիրելի՛ս:

ԶԱՌԱ  – Ձայն չհանե՛ք: Ամուսինս է: Եթե ձեզ տեսնի, կսպանի՛:

ՎԻՈԼԵՏԱ — (ներսից): Ա՛յ աղջի, ջուրն ի՞նչ եղավ:

ԶԱՌԱ – Մայրս է: Արագացրե՛ք, դուրս եկեք: Նա որ ձեզ տեսնի, հաստա՛տ կսպանի:

ՎԻՈԼԵՏԱ  – Ի՞նչ ես անում էդտեղ:

ԶԱՌԱ – Մայրս որ եկավ, վե՛րջ: Արագացրե՛ք, դո՛ւրս եկեք: (Մոտենում է դռանը:
Ուզում է բացել, այն փակ է:)
Աստվա՜ծ իմ: Փականին ի՞նչ եղավ:

Լսվում են Վիոլետայի ոտնաձայները:  

ԶԱՌԱ – Գալիս է:  Արագացրե՛ք, մտե՛ք թախտի տակ:

ՀՐԱՉ – Ի՞նչ անեմ:

ԶԱՌԱ — Ի՞նչ եք արձանի նման կանգնել: Արագացրե՛ք:

Զառան Հրաչին մտցնում է թախտի տակ:

Ներս է մտնում Վիոլետան՝ ծաղկավոր գիշերանոցով:

ՎԻՈԼԵՏԱ – Վո՜ւյ, ամա՜ն, սի՜րտս… Ա՛յ աղջի, էն անտեր հերդ էր երազիս եկել: Թե ի՞նչ էր ուզում, չհասկացա: Մի ժամ է, քեզնից մի բաժակ ջուր եմ ուզել:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան,  ինչո՞ւ ես վեր կացել:

ՎԻՈԼԵՏԱ – Իսկական մեռնողին շուտ դեղ հասցնող ես: Գիշերվա կեսին ձայնդ
ինչո՞ւ էիր գլուխդ գցել:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, հիմա ջուրդ կբերեմ: (Գնում է խոհանոց:)

ՎԻՈԼԵՏԱ — Տունս դարձրել են կրկես: (Նկատում է թախտին դրված ծաղկեփունջն ու բանալին: Բանալին դնում է գիշերանոցի գրպանը: Ծաղկեփունջը վերցնում է և բարկացած սպասում է Զառային: Խոհանոցից գալիս է Զառան՝ ջրի բաժակով:) Սա ի՞նչ է:

ԶԱՌԱ —  Գեղեցիկ է, չէ՞:

ՎԻՈԼԵՏԱ – Շա՜տ գեղեցիկ է, բայց որտեղի՞ց, այն էլ էս ժամին:

ԶԱՌԱ –  Փորձիր գուշակել:

ՎԻՈԼԵՏԱ – Տարօրինակությունները դժվար եմ գուշակում:

ԶԱՌԱ – Գառնիկն է նվիրել:

ՎԻՈԼԵՏԱ – Ամուսնյակդ նորի՞ց ընկել է չեղած ռոմանտիկայի գիրկը:

ԶԱՌԱ – Գառնիկս աշխարհի ամենալավ ու հոգատար ամուսինն է:

ՎԻՈԼԵՏԱ – Սոված փորո՞վ:

ԶԱՌԱ  – Մա՛մ, ջուրը խմի՛ր ու գնա՛ ննջարան: Արդեն ուշ է:

ՎԻՈԼԵՏԱ  – Թողնո՞ւմ եք, որ քնեմ… Գիշերվա հազարին տրվել եք ռոմանտիկային ու
խանգարում եք հանգիստս: Ես սրա՞ն էի արժանի… Քեզ եմ հարցնում, Զառչկա՛: Խելքս ո՞ւր էր էն ժամանակ, որ նրան տնփեսա բերեցի:  (Ծաղկեփունջը դնում է սեղանին:)

Հրաչը թախտի տակից փռշտում է:

ՎԻՈԼԵՏԱ – Էս ի՞նչ ձայն էր…

ԶԱՌԱ – Ի՞նչ ձայն, մա՛մ ջան…

ՎԻՈԼԵՏԱ – Էս ո՞վ էր, ա՛յ աղջի…

ԶԱՌԱ – Ես ոչինչ չլսեցի…

ՎԻՈԼԵՏԱ – Ո՞վ փռշտաց…

ԶԱՌԱ – Հավանաբար Գառնիկը:

ՎԻՈԼԵՏԱ – Ծաղրածու փեսա եմ խաղացնում, գիշերվա հազարին: Զառչկա՛, ավելի
լավ է, մի բաժակ սուրճ բերես: Խմեմ, գոնե գլխացավս կանցնի:

ԶԱՌԱ  – Մա՛մ ջան, գնա սենյակ, ես սուրճն էնտեղ կբերեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Եթե կարծում ես, ամուսնյակդ ինձ կխանգարի, ապա չարաչար սխալվում ես:  Ես իմ տանն եմ և ինչ ուզեմ, կարող եմ անել:

ԶԱՌԱ – Մա՛մ, ինչո՞ւ ես մեզ ամեն անգամ հիշեցնում, որ քո տանն ենք: Առանց
քո հիշեցման էդ մասին մենք գիտենք և քեզնից շատ շնորհակալ ենք, որ մեզ փողոցում չես թողել: Ես Գառնիկի հետ ամուսնացել եմ նրան շատ սիրելով և անգամ ուշադրություն չեմ դարձրել նրա կարգավիճակին… Պապան միշտ թև ու թիկունք է եղել ինձ և ասել, որ իսկական երջանկությունը փողի մեջ չէ:

ՎԻՈԼԵՏԱ – Իսկ ես դե՛մ էի: Կնոջ հաշվին ապրող ամուսնուն պիտի վառե՛ս:

ԶԱՌԱ – Մա՛մ, մի՛ մոռացիր, որ Գառնիկը փորձում էր ամեն բան անել, որպեսզի
ընտանիքին լիարժեք ապահովեր:

ՎԻՈԼԵՏԱ – Ապահովեց, բա ո՜նց:

ԶԱՌԱ – Խնդրում եմ, մա՜մ: Նորից մի՛ սկսիր:

ՎԻՈԼԵՏԱ – Տղամարդու ծաղրածուն ո՞րն է:

ԶԱՌԱ – Իսկ սեփական կրկես ունենալու երազա՞նքը:

ՎԻՈԼԵՏԱ – Սեփական կրկես ունենալու համար նախ սեփական խելք պիտի
ունենաս: Միայն կատարյալ ապուշն իր բնակարանը կվաճառեր՝ սեփական կրկես
ունենալու հիմար երազանքն իրագործելու համար:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, ավելի լավ է, գնա՛, քնի՛ր:

ՎԻՈԼԵՏԱ – Ո՛չ մի քնել: Հիմա ամուսնուդ էլ կարթնացնեմ: Թող ինձ հետ սուրճ խմի և ուշքի գա:  Նրան որ թողնես, մի երկու օր էլ կքնի: Քնելուց բացի ուրիշ ոչինչ չի անում: (Ուզում մտնել Գառնիկի սենյակ:)

ԶԱՌԱ – Խնդրո՜ւմ եմ, մի՛ արթնացրու:

ՎԻՈԼԵՏԱ  – Քեզ ի՞նչ եղավ, ա՛յ աղջի:

ԶԱՌԱ – Ոչինչ, մա՛մ… Թող հանգիստ քնի:

ՎԻՈԼԵՏԱ – Գառնի՜կ, վե՛ր կաց: Վե՛ր կաց, քեզ ասում եմ: Գնա լվացվի՛ր
ու արի սո՛ւրճ խմիր:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Ես արդեն սուրճ խմել եմ: Եվ հետո, ուզում եմ մտքերիս հետ
մենակ մնալ:

ՎԻՈԼԵՏԱ – Վա՜յ, քո տղամարդ ասողի՛… (Ուզում է նստել թախտին:)

ԶԱՌԱ – Մամա՜, չնստե՛ս…

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչ եղավ…

ԶԱՌԱ –  Թախտի ոտքերը թույլ են:

ՎԻՈԼԵՏԱ – Ես էլ կարծեցի հոգեկանդ խանգարվել է ամուսնուդ ձեռքը: Կարո՞ղ է
ինձ առաջին անգամ ես էստեղ նստած տեսնում: (Նստում է թախտին:)

ՀՐԱՉ  – Վա՜խ, մամա ջան… (Գլուխը դուրս է հանում:) Էս ո՞վ էր… (Վիոլետան, Հրաչի գլուխը տեսնելով, ճչում է և ուշաթափվում:)

ԶԱՌԱ – Մամա՜… (Հրաչին.)  Դո՛ւրս եկեք: Ջուր բերեք: Չե՞ք տեսնում, մայրս վատ է:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զոքանչ մայրիկ, ձեզ նորից բեմո՞ւմ եք պատկերացնում: Ամո՛թ է: Գոնե էս ժամին ելույթներ մի՛ տվեք:  Հարևանների հանգիստը մի՛ խանգարեք:

ԶԱՌԱ — (Հրաչին): Ներս մտե՛ք, շո՛ւտ արեք: (Հրաչի գլուխը ներս է հրում:)

ՀՐԱՉ – Վա՜խ, գլուխս…

ԶԱՌԱ  – Գառնի՛կ ջան, դու հանգիստ քնի՛ր, ցավդ տանեմ: Ես հիմա կգամ: Մայրիկիս
նո՞ր ես ճանաչում: (Հրաչին.) Դո՛ւրս եկեք: (Հրաչի թևից բռնած, դուրս է հանում թախտի տակից:)

ԶԱՌԱ  – Հիմա ջուր կբերեմ: (Գնում է խոհանոց:)

Հրաչը նստում է թախտին: Վիոլետան ուշքի է գալիս և բռնում է Հրաչի ձեռքը, կարծելով՝ Զառան է:

ՎԻՈԼԵՏԱ – Զառա՛ ջան, անտեր հերդ բավական չէր, երազիս էր եկել, հիմա էլ հոգին
էր թախտի տակ պառկած:

ՀՐԱՉ  – Տիկի՛ն, ո՞նց եք ձեզ զգում…

ՎԻՈԼԵՏԱ – Հիսո՜ւս Քրիստոս… (Ճչում է և նորից ուշաթափվում:)

ՀՐԱՉ – Սա էլ ու վե՛րջ:  Տիկի՛ն, ուշքի՛ եկեք: Ձեզ ի՞նչ պատահեց:

Խոհանոցից գալիս է Զառան՝ ջրի բաժակով:

ԶԱՌԱ – Մայրս ուշքի եկա՞վ…

ՀՐԱՉ – Ուշքի եկավ ու նորից ուշաթափվեց…

ԶԱՌԱ – Ի՞նչ եք արել մայրիկիս հետ…

ՀՐԱՉ  – Ոչ մի բան…  Ես ի՞նչ մեղավոր եմ, որ ինձ ձեր հոր տեղն էր դրել: Ցանկացա
սիրալիր կերպով ներկայանալ, նրան թվաց՝ սատանա եմ:

ԶԱՌԱ – Կարծեցի՝ օգնել եք մայրիկիս:

ՀՐԱՉ – Կարող եմ արհեստական շնչառություն տալ:

ԶԱՌԱ  – Ձեռքերդ քաշի՛ր…

ՀՐԱՉ – Պարզապես ուզում էի օգնել:

ԶԱՌԱ – Ձե՛զ պահեք ձեր օգնությունը:

ՀՐԱՉ – Ես մեղավո՛ր չեմ…

ԶԱՌԱ – Դո՛ւրս եկեք մեր տնից, քանի ձեզ ոչ ոք չի տեսել ու ընտանիքս չի քանդվել:

ՀՐԱՉ – Ձեր մայրն արդեն տեսել է:

ԶԱՌԱ – Ես նրան կասեմ, որ հորս ուրվականն եք եղել: Նա էդպիսի ցնդած
բաներին հավատում է:

Հրաչը վերցնում է ծաղեփունջը, որ հեռանա:

ՀՐԱՉ – Դուռը բացե՛ք:

ԶԱՌԱ – Ծաղկեփունջը տե՛ղը դրեք:

ՀՐԱՉ – Ինչպե՞ս թե:

ԶԱՌԱ – Հենց էդպե՛ս: Դա արդեն ձերը չէ:

ՀՐԱՉ – Ներեցեք, իհարկե, իսկ ո՞ւմն է:

ԶԱՌԱ – Գառնիկի նվերն է ինձ:

ՀՐԱՉ – Դուք խելագարվե՞լ եք: Սա իմ հարսնացուինն է, ոչ թե ձերը: Ես շփոթվել եմ և
անծանոթ բնակարան եմ մտել:

ԶԱՌԱ – Ինչպե՞ս թե շփոթվել եք:

ՀՐԱՉ – Հենց էդպե՛ս: Ես պետք է գնայի իմ հարսնացուի ծննդյան օրը շնորհավորելու:

ԶԱՌԱ – Ձեր հեքիաթներն ինձ հետաքրքիր չեն:

ՀՐԱՉ – Ճշմարտությունն ասելո՞վ էլ ենք կրակն ընկնում:

ԶԱՌԱ – Մայրս գիտի, որ ծաղկեփունջն իմն է: Տե՛ղը դրեք: Արագացրե՛ք: Ձեր
հարսնացուն առանց դրա էլ կապրի: Իսկ եթե տանեք, ինձ վրա շատ թանկ կնստի:

ՀՐԱՉ – Դուք խելագար եք: Վերցրե՛ք, ձեզ լինի: Միայն շո՛ւտ  արեք, դուռը բացե՛ք:

Հրաչը ծաղկեփունջը դնում է ուշաթափված Վիոլետայի վրա:

Զառան գնում է դեպի դուռը, ուզում է այն նորից բացել, բայց չի կարողանում: Նայում է Հրաչին:

ՀՐԱՉ – Ինչո՞ւ եք ինձ նայում:

ԶԱՌԱ – Ո՞ւր է…

ՀՐԱՉ  – Ի՞նչը…

ԶԱՌԱ – Բանալին:

ՀՐԱՉ  – Էստեղ եմ դրել: (Ցույց է տալիս թախտը:) Բայց չկա:

ԶԱՌԱ – Ես հասկացա՜…

ՀՐԱՉ – Հիմա ինչի՞ համար պիտի ինձ մեղադրեք:

ԶԱՌԱ – Հավանաբար էժանագին գողերից եք: Ասպետի դեմքով ներկայանում եք
շատերին և փորձում եք ձեր ցանցը գցե՞լ: Բայց ինչպես տեսնում եք, այս տանը
գողանալու ոչինչ չկա: Ինչպես եկել եք, ստիպված եք այդպես էլ հեռանալ: Սրիկա՛… (Ապտակում է Հրաչին:)

ՀՐԱՉ – Չփորձե՛ք ինձ վրա ձեռք բարձրացնել: (Բռնում է Զառային և թափահարում:)

Վիոլետան ուշքի է գալիս: Տեսնում է Հրաչի և Զառայի կիսագրկախառնված պայքարը: Մի կողմ է նետում վրան դրված ծաղկեփունջը:

ՎԻՈԼԵՏԱ – Ես դեռ չեմ մեռել…

Հրաչը վախից կանգնում է Զառայի ետևում, որ չերևա:

ԶԱՌԱ  – Մա՛մ ջան, զարթնեցի՞ր:

ՎԻՈԼԵՏԱ – Էս ո՞վ է…

ԶԱՌԱ – Ո՞վ…

ՎԻՈԼԵՏԱ – Ետևումդ կանգնած մեյմունը:

Զառան առաջ է գալիս: Հրաչը մնում է առանց թաքստոց:

ՀՐԱՉ – Բարև ձեզ:

ՎԻՈԼԵՏԱ  – Բարև…

ՀՐԱՉ – Ինչպե՞ս եք…

ՎԻՈԼԵՏԱ – Քեզ ի՞նչ…

ՀՐԱՉ – Ձեզ հետ վատ բան չ՞ի պատահել, որ հիմա էլ դուք ինձ մեղադրեք:

ՎԻՈԼԵՏԱ – Ձա՛յնդ…

ՀՐԱՉ  – Ինչպես կասեք…

ՎԻՈԼԵՏԱ – Զառա՛, էս ո՞վ է…  Գիշերվա կեսին անծանոթ տղամարդն ի՞նչ գործ ունի իմ տանը:

ԶԱՌԱ  – Մա՛մ, իր հարսնացուի փեսացուն է:

ՎԻՈԼԵՏԱ – Իսկ դու ինչո՞ւ էիր գրկախառնվել ուրիշի փեսացուի հետ:

ԶԱՌԱ – Նա հարսնացուներին է շփոթել:

ՎԻՈԼԵՏԱ – Սա հաստա՛տ գող է:  Հիմա կիմանա, թե Վիոլետայի տուն մտնելն ինչքա՜ն թանկ կարժենա իր կյանքի համար: (Ուզում է գնալ Գառնիկի սենյակ:)

ԶԱՌԱ – Չէ՛, մա՛մ ջան… Հաստա՛տ գող չէ: Շփոթված փեսացու է: Խնդրո՜ւմ եմ,
Գառնիկին մի՛ ասա: Խայտառակ կլինենք ամբողջ շենքով:

ՀՐԱՉ – Տիկի՛ն, ճիշտ է ասում… Ես էլ խայտառակ կլինեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Դու դեռ սպասի՛ր…

ԶԱՌԱ  – Մա՛մ ջան, վիճակն ավելի մի՛ բարդացրու:

ՀՐԱՉ – Տիկի՛ն, ես դեռ երիտասարդ եմ և չեմ ուզում մեռնել:

ԶԱՌԱ – Մամա, փեսայիդ հանգի՛ստ թող ու արի էստեղ…  Ես քեզ հիմա կբացատրեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Բացատրի՛ր՝ հասկանամ, թե սա ո՞վ է և գիշերվա կեսին ի՞նչ գործ ունի իմ տանը: (Բարձր ձայնով:) Ի՞նչ գործ ունի իմ տանը:

ԶԱՌԱ – Մի՛ գոռա… Գառնիկը կլսի… Էս տղան պիտի գնար՝ իր հարսնացուի ծննդյան
օրը շնորհավորելու: Շփոթվել է ու եկել մեր տուն: (Հրաչին.) Էդպե՞ս է եղել:

ՀՐԱՉ – Ճիշտ այդպես: Ներեցեք, ես ուշանում եմ: Իմ հարսնացուն ինձ է սպասում: Նա հաստատ ինձ չի ների:

ՎԻՈԼԵՏԱ – Դու դեռ տես, մենք քեզ կներե՞նք:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, համոզվեցի՞ր, որ ես այս տղային չեմ ճանաչում:

ՎԻՈԼԵՏԱ — Ես հեքիաթների չեմ հավատում: (Հրաչին.) Ո՞վ ես, ա՛յ տղա:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զառչկա՜, արի քնիր: Վերնաշապիկն առավոտյան կարդուկես:
Տիկի՛ն Վիոլետա, խնդրում եմ, դուք էլ լռե՛ք: Թույլ տվեք հանգստանամ:
Հարևանների հանգիստն էլ մի՛ խանգարեք: Հազար անգամ խնդրել եմ, որ էս ժամին
քարոզներ չկարդաք:

ԶԱՌԱ – Նա ինձ հաստատ կսպանի, որ եկավ: (Արտասվում է:)

ՎԻՈԼԵՏԱ – Միայն քո լացն էր պակաս: Դու հանգիստ եղիր… Ես կթողնե՞մ, որ քո
մազին դիպչեն:  Սարի նման մամա ունես մեջքիդ կանգնած:

ՀՐԱՉ – Ճիշտ է ասում: Ընտիր մայր է:

ԶԱՌԱ – Մա՛մ, բանալին քեզ մո՞տ է: Դուռը բացենք, էս տղան գնա, քանի Գառնիկը
նրան չի տեսել:

ՀՐԱՉ –  Տիկի՛ն, ձեզ մո՞տ է բանալին:

ՎԻՈԼԵՏԱ – Չէ՛…  Ինձ մոտ չէ:

ԶԱՌԱ – Իսկ ո՞ւր է:

ՀՐԱՉ –  Ես հիմա ի՞նչ պետք է անեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Պիտի մեռնես:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Գամ տեսնեմ, էդ ի՞նչ համերգ եք տալիս, զոքանչ մայրիկ:

ՀՐԱՉ – Եկա՞վ…

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, եկա՛վ… Արագացրո՛ւ, մտիր թախտի տակ:

ՀՐԱՉ – Նորի՞ց…

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, նորից…

ՀՐԱՉ – Հիմա էլ նա՞ պիտի գա ու նստի վրաս:

ՎԻՈԼԵՏԱ – Ոչինչ, չես մեռնի՛: Արագացրո՛ւ, շո՛ւտ արա: (Հրաչին մտցնում է թախտի
տակ:)
Զառչկա, հետո էլ բողոքում ես ինձանից, իբր քեզ չեմ պաշտպանում:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, ես մեղավոր չեմ: Ես նրան չեմ ճանաչում:

ՀՐԱՉ — (գլուխը դուրս հանելով): Ես էլ քեզ չեմ ճանաչում:

ՎԻՈԼԵՏԱ – Դու սո՛ւս:  (Հրելով Հրաչի գլուխը դեպի ներս:) Մտի՛ր բույնդ:

Սենյակից դուրս է գալիս Գառնիկը՝ ծաղրածուի հանդերձանքով:

ԶԱՌԱ – Վա՜յ, Գառնիկ ջան, եկա՞ր:

ԳԱՌՆԻԿ – Մայրդ թողե՞ց, որ հանգստանամ: Էդ ի՞նչ համերգ էիք տալիս, տիկի՛ն
Վիոլետա: (Նկատում է ծաղկեփունջը:) Էս ի՞նչ ծաղիկներ են:

ԶԱՌԱ – Մայրիկը նվեր է ստացել:

ԳԱՌՆԻԿ – Տիկի՛ն Վիոլետա, դուք գաղտնի երկրպագո՞ւ ունեք:

ՎԻՈԼԵՏԱ – Երկրպագուն ի՞նչ է, որ չունենամ: Ասա դու աշխատանք ունենաս:

Գառնիկը նայում է շուրջը: 

ԶԱՌԱ – Սիրելի՛ս, քեզ հիմա հանգստանալ է պետք: Դու շատ հոգնած ես: Պետք է
պառկես:

Զառան և Գառնիկը գնում են սենյակ:

ՀՐԱՉ — (գլուխը հանելով): Տիկի՛ն, վտանգն անցա՞վ:

ՎԻՈԼԵՏԱ – Վտանգը դեռ նոր պիտի սկսվի:

Հրաչը դուրս է գալիս թախտի տակից:

ՀՐԱՉ – Էդ ծաղրածուն ո՞վ էր:

ՎԻՈԼԵՏԱ – Փեսաս էր:

ՀՐԱՉ — (քմծիծաղով): Երբեք չէի մտածի…

ՎԻՈԼԵՏԱ – Չփորձե՛ս չափերդ անցնել:

ՀՐԱՉ – Նրանից ոչ մի վտանգ էլ չկա:

ՎԻՈԼԵՏԱ – Նրանից էլ կա, ինձանից էլ: (Հրաչին գցում է թախտին և սկսում է
խեղդել:)
  Հիմա ասա, թե աղջկաս որտեղի՞ց ես ճանաչում:

ՀՐԱՉ – Խեղդվո՜ւմ եմ… Ի՞նչ եք անում… Մեռա՜… Բաց  թողե՜ք ինձ:

Մի կերպ դուրս է պրծնում Վիոլետայի բռնությունից և ուզում է փախչել: Վիոլետան մյուս կողմից փորձում է բռնել Հրաչին: Հրաչն ընկնում է Վիոլետայի վրա՝ թախտին:

Ներս է մտնում՝ Զառան:

ԶԱՌԱ  — Էդ անիծյալ բանալին, ոչ մի տեղ չկա: (Տեսնելով նրանց:) Մամա՛, ի՞նչ ես
անում: (Սկսում է նրանց բաժանել:) Միայն սա էր մեզ պակաս:

ՀՐԱՉ – Ես մեղավոր չեմ… Երդվո՜ւմ եմ:

ԶԱՌԱ  – Մա՛մ ջան, ո՞նց ես…

ՎԻՈԼԵՏԱ  – Շատ լավ եմ:

ԶԱՌԱ — (Հրաչին): Ի՞նչ եք ուզում մեզանից: Քիչ առաջ ասում էիք, որ ձեր հարսնացուն ձեզ է սպասում:

ՀՐԱՉ – Իհարկե, սպասում է: Թողնո՞ւմ եք, որ գնամ:

ԶԱՌԱ — Մայրիկիս հետ ի՞նչ էիք ուզում անել:

ՀՐԱՉ –  Ձեր մայրն ընկավ վրաս:

ԶԱՌԱ  – Մամա՞…

ՎԻՈԼԵՏԱ – Խաբում է, Զառա ջան…

ԶԱՌԱ – Սրիկա՛… (Ապտակում է Հրաչին:)

ՀՐԱՉ – Վա՜խ… Ես ոչինչ չեմ արել:

ԶԱՌԱ – Եթե ներս չմտնեի, կանեիք:

ՀՐԱՉ – Ձեր մայրը ստում է:

ՎԻՈԼԵՏԱ – Զառչկա, իսկ ո՞նց կբացատրես, թե ինչո՞ւ ամուսնուդ խաբեցիր, իբր իր նվիրած ծաղեփունջն իմն է: Նա էլ հավատաց: Ինչպե՞ս եղավ, որ չճանաչեց իր նվերը:

ԶԱՌԱ – Մամա՛, ծաղկեփունջը այս տղայինն է, որ պիտի նվիրեր իր հարսնացուին:

ՎԻՈԼԵՏԱ – Փաստորեն դու ինձ խաբե՞լ ես:

ԶԱՌԱ – Ստիպված էի, մա՛մ ջան:

ՎԻՈԼԵՏԱ – Էս լակոտը հաստա՛տ քո սիրեկանն է:

ՀՐԱՉ – Տիկի՛ն, ես հարսնացու ունեմ… Ի՞նչ սիրեկան:

ԶԱՌԱ – Մամա՛, ես ամուսին ունեմ… Ի՞նչ սիրեկան:

ԳԱՌՆԻԿ — (ներսից): Զառա՜…

ՎԻՈԼԵՏԱ – Շո՛ւտ արա, գնա՛ սենյակ… Գնա՛, գնա՛: Քո հարցերը հետո կլուծեմ:

ԶԱՌԱ – Գառնի՛կ ջան, գալի՜ս եմ… (Մտնում է սենյակ:)

Վիոլետան անթարթ նայում է Հրաչին:

ՀՐԱՉ – Ի՞նչ…

ՎԻՈԼԵՏԱ – Մո՛տ արի:

ՀՐԱՉ – Վախենում եմ:

ՎԻՈԼԵՏԱ – Վախենալով մո՛տ արի:

Հրաչը նստում է թախտին:

ՀՐԱՉ – Եկա…

ՎԻՈԼԵՏԱ — (ձեռքը պարզելով): Վիոլետա Հախնազարյան…

ՀՐԱՉ  — Հրաչ… Ներեցեք, բայց ես այդքան ժամանակ չունեմ: Պետք է գնամ:

ՎԻՈԼԵՏԱ  – Բանալիներն ինձ մոտ են: (Գիշերանոցի գրպանից հանում է
բանալիները և նորից դնում գրպանը:)
Ո՞նց պիտի գնաս…

ՀՐԱՉ – Ուրեմն այսքան ժամանակ բանալիները ձեզ մո՞տ են եղել:

ՎԻՈԼԵՏԱ – Ես չէի կարող թույլ տալ, որ հենց էնպես հեռանաս: Դու պիտի
պատասխան տաս քո արածների համար:

ՀՐԱՉ – Խնդրո՜ւմ եմ, դուռը բացեք:

ՎԻՈԼԵՏԱ – Դու ոչ մի տեղ էլ չե՛ս գնա:

ՀՐԱՉ – Ես չեմ կարող էստեղ մնալ: Ես պիտի գնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Ես չեմ պատրաստվում քեզ գերի պահել;

ՀՐԱՉ  – Իսկապե՞ս…

ՎԻՈԼԵՏԱ – Այո՛, իսկապես:

ՀՐԱՉ – Դուք շատ բարի կին եք:

ՎԻՈԼԵՏԱ  – Շնորհակալություն: Ես որոշել եմ…

ՀՐԱՉ – Ես այդպես էլ գիտեի:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչը:

ՀՐԱՉ – Որ հիմա դուռը կբացեք, ու ես կգնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Ինչո՞ւ էիր ուզում աղջկաս պատվի հետ խաղալ:

ՀՐԱՉ – Ես ձեր աղջկան չեմ ճանաչում: Ինչքա՞ն  կարելի է կրկնել: (Ստիպված:) Եվ
ի՞նչ եք որոշել:

ՎԻՈԼԵՏԱ – Խոստացիր, որ չես մերժի:

ՀՐԱՉ – Խոստանում եմ:

ՎԻՈԼԵՏԱ – Գոնե դու ինձ հետ մեկ բաժակ սուրճ կխմե՞ս:

ՀՐԱՉ – Գիշերվա կեսի՞ն:

ՎԻՈԼԵՏԱ – Լույսն արդեն բացվում է… Ի՞նչ գիշերվա կես:

ՀՐԱՉ – Իսկ սուրճից հետո դուռը կբացե՞ք:

ՎԻՈԼԵՏԱ – Իհարկե, կբացեմ:

ՀՐԱՉ — Համաձայն եմ: (Վիոլետան գնում է խոհանոց: Հրաչը կտրուկ տեղից վեր է կենում և փորձում է դուռը բացել, բայց հասկանում է, որ տանջանքն ապարդյուն է: Նորից հուսահատ նստում է թախտին և սկսում է ուսումնասիրել տունը:) Աստվա՜ծ իմ, ես նրանցից ե՞րբ եմ պրծնելու:

Խոհանոցից գալիս է Վիոլետան՝ սուրճի սկուտեղով:

ՎԻՈԼԵՏԱ – Տեսնո՞ւմ ես, ինչ բարի կին եմ: (Սկուտեղը դնում է սեղանին: Հրաչի
սուրճի բաժակը վերցնում է, որ հյուրասիրի վերջինիս: Պատահաբար սուրճը թափվում է Հրաչի վերնաշապիկին:)

ՀՐԱՉ  – Օգնեցե՜ք… Վառվեցի՜…

ՎԻՈԼԵՏԱ  – Ա՛յ տղա, սո՛ւս մնա…

ՀՐԱՉ – Էս ի՞նչ արեցիք:

ՎԻՈԼԵՏԱ – Լռի՛ր, քանի փեսաս չի եկել:

ՀՐԱՉ  – Հիմա ի՞նչ պիտի անեմ:

ՎԻՈԼԵՏԱ  – Հանվի՛ր:

ՀՐԱՉ – Ի՞նչ անեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Ասում եմ` հանվի՛ր: Շորերդ հանի՛ր, քանի չես վառվել:

ՀՐԱՉ – Ինչպե՞ս հանեմ…. Ամոթ է:

ՎԻՈԼԵՏԱ — «Ամո՜թ է… Ամո՜թ է»… Դո՞ւ ես ամոթից խոսում…

Հրաչը հանում է վերնաշապիկը և գցում է թախտին:

ՀՐԱՉ – Էս վիճակով ո՞նց պետք է գնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Շորերդ կլվանամ, կարդուկեմ, կհագնես ու կգնաս տուն:

ՀՐԱՉ – Եթե ձեր փեսան գա, ի՞նչ պիտի անեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Կմտնես թախտի տակ ու ոչինչ էլ չես անի:

ՀՐԱՉ – Ես չեմ կարող այդքան սպասել:

ՎԻՈԼԵՏԱ – Ստիպված ես… (Թախտի վրայից վերցնում է Հրաչի վերնաշապիկը և ուզում է գնալ լոգարան:)

Դռան թակոց:

ՎԻՈԼԵՏԱ  – Տեսնես սա՞ ով է:

ՀՐԱՉ – Ուշադրություն մի՛ դարձրեք: Ինչպես եկել է, այդպես էլ կգնա:

Դռան թակոցը կրկնվում է:

ՎԻՈԼԵՏԱ — (մոտենալով դռանը): Ո՞վ է…

ՍԱՌԱ — (դրսից): Տիկի՛ն Վիոլետա՜, Սառան է…

ՀՐԱՉ – Նա է…

ՎԻՈԼԵՏԱ – Լռի՛ր… (Սառային.) Ի՞նչ ես ուզում…

ՍԱՌԱ – Զառան տա՞նն է:

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, տանն է, բայց քնած է: Գնա՛, վաղը կգաս:

ՍԱՌԱ – Ես ուզում եմ մեռնե՜լ:

ՀՐԱՉ – Ո՜չ…

ՎԻՈԼԵՏԱ – Ձա՛յնդ… (Սառային.) Ա՛յ աղջի, դու հո փորձա՞նք չես: Գնա քո տանը
մեռիր: Ի՞նչ գործ ունես իմ տան հետ:

ՍԱՌԱ – Խնդրո՜ւմ եմ, դուռը բացեք: Ես պետք է խոսեմ Զառչկայի հետ: Այլապես
կխելագարվեմ:

ՎԻՈԼԵՏԱ — Մեկ րոպե սպասի՛ր… (Հրաչին.) Մտի՛ր թախտի տակ: Նա որ քեզ տեսնի,
դա կլինի իմ ընտանիքի վերջը: (Հրաչի վերնաշապիկը գցում է սեղանի տակ:)
Արագացրո՛ւ…

ՀՐԱՉ – Ախր, չեմ կարող թողնել, որ նա մեռնի:

ՎԻՈԼԵՏԱ – Արագացրո՛ւ:

ՀՐԱՉ – Ախր, կմրսեմ…

ՎԻՈԼԵՏԱ – Ոչի՛նչ… Շունը կաղալով չի սատկում: (Հրաչին մտցնում է թախտի տակ:)
Դուռը բացում եմ, ձայն չհանե՛ս: (Գիշերանոցի գրպանից հանում է բանալին:
Բացում է դուռը: Ներս է մտնում Սառան: Վիոլետան փակում է դուռը և բանալին
նորից դնում է գրպանը:)

ՍԱՌԱ – Բարև ձեզ…

ՎԻՈԼԵՏԱ – Ասենք թե՝ բարև…

ՍԱՌԱ – Զառան տա՞նն է…

ՎԻՈԼԵՏԱ – Քնած է… Ի՞նչ ես ուզում…

ՍԱՌԱ – Գլխացավի դեղ ունե՞ք…

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, ունենք…

ՍԱՌԱ – Ես ինձ դավաճանված եմ զգում:

ՎԻՈԼԵՏԱ – Դո՞ւ էլ:

ՍԱՌԱ – Իսկ էլ ո՞վ:

ՎԻՈԼԵՏԱ – Ազգս:

ՍԱՌԱ – Երբեք չէի կարող պատկերացնել, որ կյանքն այսքա՜ն դաժան է:

ՎԻՈԼԵՏԱ – Մի՛ փիլիսոփայիր:

Սենյակից դուրս է գալիս Զառան:

ԶԱՌԱ  – Թե ինչո՞ւ չի քնում, չեմ հասկանում: (Նկատելով Սառային:) Սառա, էս
ժամին ի՞նչ ես անում մեր տանը:

ՍԱՌԱ – Սիրելի ընկերուհի, ներիր… Եթե տանը մնայի, կխելագարվեի: Ինձ պետք էր
քեզ հետ խոսել: (Փաթաթվում է Զառային և արտասվում:)

ՎԻՈԼԵՏԱ — Նա այլևս չի ուզում ապրել:

ՍԱՌԱ – Ճիշտ է: Իմ կյանքը կորցրեց իր իմաստը:

ԶԱՌԱ – Խնդրում եմ, հանգստացի՛ր:

ՍԱՌԱ – Ես քո խորհրդի կարիքն ունեմ:

ԶԱՌԱ  – Սառա՛, ինչպե՞ս ես ներս մտել: Մենք բանալին կորցրել էինք:

ՍԱՌԱ – Տիկին Վիոլետան դուռը բացեց, ես էլ ներս մտա:

ՎԻՈԼԵՏԱ — Բանալին գիշերանոցիս գրպանն էր մնացել: Չէի նկատել:

Զառան նայում է շուրջը: Կարծում է՝ Հրաչը գնացել է: 

ԶԱՌԱ — (ինքն իրեն): Փա՜ռքդ շատ, տե՜ր Աստված… Վերջապես գնացել է:
(Նկատում է սուրճի բաժակները:) Մամ ջան, սուրճը ո՞ւմ համար ես եփել էս ժամին:

ՎԻՈԼԵՏԱ – Գառնիկի… Որ զարթնի, խմի ու խելքը գլուխը հավաքի:

ՍԱՌԱ – Ոչ մի րոպե չկարողացա քնել: Գլխացավից մեռնում էի: Դեղը վերջացել էր:
Ասացի գամ, ձեզանից մեկ հատ վերցնեմ:

ԶԱՌԱ – Իհարկե…  (Գնում է և սենյակից բերում դեղահաբ:)

ՍԱՌԱ – Շնորհակալություն: Իմ սիրելի հարևանները որ չլինեին, ես մեռած էի:

ԶԱՌԱ – Հիմա ջուր էլ կբերեմ: Սպասիր: (Գնում է և խոհանոցից ջուր է բերում:)

Սառան խմում է դեղը և ուզում է նստել թախտին:

ՎԻՈԼԵՏԱ – Չնստե՛ս…

ՍԱՌԱ – Ի՞նչ եղավ…

ԶԱՌԱ – Վա՜յ, մամա՛… Հանգի՛ստ նստիր, Սառա՛ ջան:

ՎԻՈԼԵՏԱ – Գոնե կամա՛ց նստիր:

ՍԱՌԱ – Ինչի՞ համար:

ՎԻՈԼԵՏԱ – Թախտի ոտքերը թույլ են:

Սառան նստում է թախտին: Վիոլետան կեղծ փռշտում է, որ Հրաչի ձայնը չլսվի:

ՍԱՌԱ – Առողջություն:

ՎԻՈԼԵՏԱ – Շնորհակալություն:

ՍԱՌԱ – Չեք պատկերացնում, թե ինչքան եմ տանջվել էս գիշեր: Ոչ մի րոպե
չկարողացա քնել: Ամբողջ գիշեր արտասվել եմ: Սպասում էի նրան: Նա պիտի գար: Պիտի շնորհավորեր իմ ծննդյան օրը:

ԶԱՌԱ – Շնորհավորե՞ր… (Կամաց:) Աստվա՜ծ իմ…

ՍԱՌԱ — Իսկ ես հիմարի նման հավատում էի նրա ամեն մի խոսքին: Նա ինձ
խոստացավ, որ իմ ծննդյան օրն ինձ հետ կլինի:

ԶԱՌԱ – Այսօր քո ծննդյան օ՞րն է:

ՍԱՌԱ  — Այո, Զառչկա:

ԶԱՌԱ – Շնորհավորո՜ւմ եմ, սիրելի՛ս: (Փաթաթվում է Սառային:)

ՎԻՈԼԵՏԱ – Շնորհավոր:

ԶԱՌԱ — Սա էլ քո իսկական նվերը, Սառա՛: (Սեղանի վրայից վերցնում է ծաղկեփունջը և տալիս է Սառային:) Ես համոզված եմ, որ նա անպայման կգա:

ՎԻՈԼԵՏԱ  – Ամուսնյակիդ նվերն ուրիշի՞ն ես տալիս:

ՍԱՌԱ – Շնորհակալ եմ, Զառչկա՛, նվերի համար, բայց ես չեմ կարող ընդունել: Սա քո սիրելի Գառնիկն է քեզ նվիրել: Ես անհարմար եմ զգում:

ՎԻՈԼԵՏԱ – Իհարկե, անհարմար է:

ԶԱՌԱ – Սառա՛, խնդրում եմ չմերժես: Ես համոզված եմ, որ այս ծաղկեփունջը քեզ
երջանկություն կբերի:

ՍԱՌԱ – Ես այլևս ոչնչի չեմ հավատում: Մենք որոշել էինք միասին նշել ուղիղ ժամը
00.00-ին: Իսկ ես հիմարաբար հավատացի նրան: Բայց նա ինձ դավաճանեց:
Համոզված եմ, որ գնացել է սիրուհու մոտ:

ԶԱՌԱ – Նա սիրուհի չունի:

ՎԻՈԼԵՏԱ – Դու որտեղի՞ց գիտես:

ԶԱՌԱ – Պատկերացնում եմ, մա՛մ: Հնարավոր չէ Սառայի նման գեղեցկուհուն փոխարինել սիրուհով:

ՎԻՈԼԵՏԱ – Տղամարդիկ շուն են և բաժանվում են երկու խմբի՝ հավատարիմ և թափառող: Մեր սենյակում քնածը հավատարիմներից է, հավանաբար Սառայի փեսացուն էլ թափառող շների դասին է պատկանում:

ՍԱՌԱ – Այդ դավաճանին որոշել եմ ուղարկել գրողի ծոցը: Նա արժանի չէ իմ
արցունքներին:

ՎԻՈԼԵՏԱ – Վերջապես խելացի բան լսեցի: Պարզապես Զառչկային էլ սովորեցրու, որ ինքն էլ իր չկայացած սիրուն այնտեղ ուղարկի:

Հրաչը գլուխը հանում է թախտի տակից: Վիոլետան նկատում է: Իբր Սառայի զգեստն է թափ տալիս՝ հարվածում է Հրաչի գլխին: Հրաչը գլուխը ետ է քաշում:

ՍԱՌԱ –  Ի՞նչ եք անում…

ՎԻՈԼԵՏԱ – Զգեստիդ վրա ճիճու էր ման գալիս: Ուզում էի սատկացնել, փախավ:

ԶԱՌԱ – Սառա՛, չարժե միանգամից նման որոշումներ ընդունել: Հավանաբար բան է պատահել: Չի կարողացել գալ: Կյանքում պետք է ամեն ինչի պատրաստ լինես: Լույսը կբացվի, նա կգա ու ամեն բան կբացատրի: Ա՛յ, կտեսնես… Հոգեբանի իմ փորձը երբեք ինձ չի խաբել:

Հրաչը նորից է գլուխը հանում թախտի տակից: Վիոլետան նկատում է: Իբր
մաքրում է Սառայի զգեստը: Նորից հարվածում է Հրաչի գլխին: Հրաչը գլուխը նորից ետ է քաշում:

ՎԻՈԼԵՏԱ – Շատ աննամուս ճիճու էր… Չէր սատկել:

ԶԱՌԱ – Մամա՛, ի՞նչ ես անում…

ՎԻՈԼԵՏԱ – Սառչկային եմ ախտահանում: (Գրկելով Սառայի գլուխը:) Շատ մի տխրիր: Տղամարդիկ արժանի չեն, որ իրենց համար կյանքներս կործանենք:

ՍԱՌԱ – Շնորհակալ եմ, տիկի՛ն Վիոլետա: Դուք ինձ բավականին օգնեցիք, որ մոռանամ ցավս:

ՎԻՈԼԵՏԱ – Իսկ ոմանք էլ մրսում են:

ՍԱՌԱ – Բայց ես չեմ մրսում:  (Նստում է սեղանի մոտ և նկատում գետնին ընկած
Հրաչի վերնաշապիկը:)
Սա ի՞նչ է…

ՎԻՈԼԵՏԱ – Վերնաշապիկ է… Վա՜յ, Գառնի՛կ, Գառնի՛կ… Շորերն աջ ու ձախ թափում է: (Վերցնում է վերնաշապիկը և դնում է թախտին:)

ԶԱՌԱ — (կամաց): Մա՛մ, էդ վերնաշապիկը ինչպե՞ս հայտնվեց սեղանի տակ:

ՎԻՈԼԵՏԱ – Ինքը հանեց…

ԶԱՌԱ – Ի՞նչ է կատարվել էստեղ…

ՎԻՈԼԵՏԱ – Ես մեղավոր չեմ: Ինքը թափեց…

ԶԱՌԱ  – Ի՞նչը:

ՎԻՈԼԵՏԱ – Սուրճը:

ԶԱՌԱ – Սուրճը նրա՞ համար էիր եփել, թե՞ Գառնիկի:

ՎԻՈԼԵՏԱ – Երկուսի:

ԶԱՌԱ  – Մա՛մ, էդ տղան ո՞ւր է:

ՎԻՈԼԵՏԱ – Իր մշտական տանը:

ԶԱՌԱ – Ինչ լավ է, որ վերջապես գնացել է: Խե՜ղճ տղա, անհարմար վիճակի մեջ
ընկավ ինքն էլ, մենք էլ:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՜նչ էլ խեղճ է: Թախտի տակ պառկած՝ սառում է:

ԶԱՌԱ  – Տե՜ր Աստված:

Սենյակից դուրս է գալիս Գառնիկը՝ ծաղրածուի հանդերձանքով:

ԶԱՌԱ – Սիրելի՛ս, եկա՞ր: (Փաթաթվում է Գառնիկին:)

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչ առիթով եք հավաքվել:

ԶԱՌԱ – Այսօր Սառայի ծննդյան օրն է:

ԳԱՌՆԻԿ – Շնորհավոր, Սառա՛:

ՍԱՌԱ – Շնորհակալ եմ, իմ արտիստ հարևան:

ԳԱՌՆԻԿ – Ինչպես տեսնում եմ, նվերների տարափն արդեն սկսվել է:

ՍԱՌԱ — (վերցնելով ծաղկեփունջը): Զառչկան է նվիրել:

ՎԻՈԼԵՏԱ – Իմ երկրպագուի ծաղկեփունջը նվիրեցինք Սառչկային:

Սառան տարօրինակ նայում է Վիոլետային:  Զառան հայացքով հասկացնում է, որ Սառան լռի:  

ՍԱՌԱ – Ես շատ եմ սիրում եմ նվերներ ընդունել ինձ հարազատ մարդկանցից:

ԳԱՌՆԻԿ — (նկատելով վերնաշապիկը): Սիրելի՛ս, դեռ չե՞ս արդուկել: (Վերցնում է և
տարօրինակ նայում:)
Սա ո՞ւմն է:

ԶԱՌԱ և ՎԻՈԼԵՏԱ – Քոնն է:

ԳԱՌՆԻԿ  – Ի՞մը…

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, Գառնի՛կ ջան: Քոնն է:

ԳԱՌՆԻԿ – Սա որտեղի՞ց: Նոր եմ տեսնում:

ՎԻՈԼԵՏԱ – Քեզ նվեր եմ առել:

ԳԱՌՆԻԿ – Դո՞ւք:

ՎԻՈԼԵՏԱ – Այո՛, ես: Ի՞նչ կա զարմանալու, իմ ազնի՛վ փեսա:

ՍԱՌԱ – Ես էլ եմ շատ սիրում կարմիր վերնաշապիկ:

ԳԱՌՆԻԿ – Զոքանչ մայրիկ, փաստորեն դուք ինձ նվեր է՞լ եք առնում:

ՎԻՈԼԵՏԱ – Փաստորեն: Զառա՛, ամուսնուդ հետ գնացեք սենյակ:

ԶԱՌԱ – Գնացինք, Գառնի՛կ ջան: Վերնաշապիկը վաղը կարդուկեմ, կհագնես:

ԳԱՌՆԻԿ – Բարի գիշեր ձեզ…

Զառան և Գառնիկը մտնում են սենյակ:

ՍԱՌԱ — Ես էլ գնամ, տիկի՛ն Վիոլետա…

Վիոլետան բացում է դուռը, Սառան գնում է: Փակում է դուռը և բանալին նորից դնում գիշերանոցի գրպանը:

ՀՐԱՉ — (թախտի տակից դուրս գալով): Լսե՛ք, տիկի՛ն Վիոլետա… Էլ ի՞նչ նոր
անակնկալներ եք պատրաստել ինձ համար:

ՎԻՈԼԵՏԱ – Ոչի՛նչ, չմեռար՝ էդտեղ պառկած:

ՀՐԱՉ – Ես ինձ երբեք չեմ ների:

ՎԻՈԼԵՏԱ – Դու դեռ տես՝ մենք քեզ կներե՞նք:

ՀՐԱՉ – Ինչպե՞ս պետք է Սառային բացատրեմ այս ամբողջ պատմությունը:

ՎԻՈԼԵՏԱ – Փաստորեն մեր կողքի հարևանուհի Սառա՞ն է քո հարսնացուն:

ՀՐԱՉ – Նա իմ կյանքի միակ ծաղիկն է:

ՎԻՈԼԵՏԱ – Հիմա էլ նրա՞ն ես ուզում ցանցդ գցել… Սրիկա՛:  (Ապտակում է Հրաչին:)

ՀՐԱՉ – Ա՜խ:

ՎԻՈԼԵՏԱ – Զահրումա՛ր քեզ:

ՀՐԱՉ – Նա ինձ չի հավատա… Վա՜խ, մամա ջան… (Ընկնում է թախտի վրա:)

ՎԻՈԼԵՏԱ – Քեզ ի՞նչ պատահեց…

ՀՐԱՉ – Ավելի լավ է մեռնե՛մ:

ՎԻՈԼԵՏԱ  – Վա՜յ, մեռավ…. Սպասի՛ր, հիմա ջուր կբերեմ…  (Վազում է խոհանոց:)

 

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Վիոլետայի բնակարանը: Գործողությունը շարունակվում է նույն պահից, որտեղ ընդհատվել էր: Հրաչը, թախտին պառկած, անորոշ նայում է շուրջը: Հետո վեր է կենում, կիսամերկ ու անհանգիստ քայլում է աջ ու ձախ: Մոտենում է դռանը և փորձում է բացել: Հասկանում է, որ ջանքերը նորից ապարդյուն են:

ՀՐԱՉ – Ո՞նց բացեմ էս դուռը… Ո՞նց դուրս գամ էս անիծված տնից: Ամուսինը եթե
տեսնի, ի՞նչ եմ անելու…

Խոհանոցից գալիս է Վիոլետան՝ ջրի բաժակով:

ՎԻՈԼԵՏԱ – Ուշքի՞ ես եկել: Ես էլ վախեցա: Մտածեցի, թե մեռար:

ՀՐԱՉ – Էսպես որ շարունակվի, հաստատ կմահանամ:

ՎԻՈԼԵՏԱ – Քեզ նմանները հեշտ չեն մեռնում:

ՀՐԱՉ – Խնդրո՜ւմ եմ, էս անիծված դուռը վերջապես բացեք, որ գնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Փեսայիս ձեռքի՞ց ես ուզում պրծնել…

ՀՐԱՉ – Չեմ ուզում անմեղ տեղը գլխիս փորձանք բերել:

ՎԻՈԼԵՏԱ – Անմեղ տե՞ղը… Դո՞ւ ես անմեղ…

ՀՐԱՉ – Չլսեցի՞ք, որ ոչ մի կապ չունեմ ձեր աղջկա հետ: Ինքներդ էլ համոզվեցիք,
որ մեղավոր չեմ: Խնդրո՜ւմ եմ, աղաչո՜ւմ եմ… Դուռը բացե՛ք, դուրս գամ:

ՎԻՈԼԵՏԱ – Էսպես կիսամերկ ո՞նց պիտի գնաս:

ՀՐԱՉ – Վերնաշապիկս կհագնեմ ու կգնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Էդ վերնաշապիկն արդեն Գառնիկինն է:

ՀՐԱՉ – Ինչպե՞ս թե Գառնիկինն է:

ՎԻՈԼԵՏԱ – Գառնիկին ասացի, որ իրեն նվեր եմ առել:

ՀՐԱՉ – Դուք խելագարվե՞լ եք…

ՎԻՈԼԵՏԱ  – Ա՛յ տղա, ես մեղավոր չեմ: Քո անպատկառ Սառան տեսավ: Ես էլ
ստիպված ասացի, որ Գառնիկինն է: Չէի կարող ասել, որ լուսաբացին մեր
թախտի տակ անծանոթ ու կիսամերկ տղամարդ է պառկած և էդ
վերնաշապիկն էլ իրենն է: Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ կկատարվեր…

ՀՐԱՉ – Չփորձե՛ք վիրավորել Սառային:

ՎԻՈԼԵՏԱ – Կախաղան չբարձրացրինք քո սիրելի հարսնացուին:

ՀՐԱՉ — (վերնաշապիկը վերցնելով): Սա ի՛մն է: Կիսամերկ չեմ կարող դուրս գալ
փողոց:

ՎԻՈԼԵՏԱ — (վերցնելով վերնաշապիկը): Քոնը չէ՛… Իմ նվերն է Գառնիկին:

ՀՐԱՉ  – Մրսո՜ւմ եմ: Արդեն գրիպ եմ կպել:

ՎԻՈԼԵՏԱ  – Էսքան ժամանակ որ չմրսեցիր, հիմա էլ չես մրսի:

ՀՐԱՉ – Տվե՛ք, ասում եմ… (Վազում է Վիոլետայի ետևից:)

ՎԻՈԼԵՏԱ – Չե՛մ տալիս… Թո՜ղ:

Սենյակից դուրս է գալիս  Զառան:

ԶԱՌԱ – Ի՞նչ է կատարվում այստեղ:

ՀՐԱՉ – Ձեր մայրն է մեղավոր: Վերնաշապիկս սեփականաշնորհել է:

ՎԻՈԼԵՏԱ – Անշնորհակա՛լ:

ԶԱՌԱ – Մեզ էլ հասկացեք: Ստիպված էինք ասել, որ վերնաշապիկը Գառնիկնն է:

ՀՐԱՉ – Եվ ի՞նչ եք առաջարկում:

ԶԱՌԱ – Խնդրում եմ, հանգստացե՛ք ու նստե՛ք:

ՎԻՈԼԵՏԱ – Զառա, չլինի՞ ներում ես այս անբարոյականին:

ՀՐԱՉ – Ես անբարոյակա՛ն չեմ:

ԶԱՌԱ – Ճիշտ է ասում, մա՛մ: Նա անբարոյական չէ և ոչ էլ գող է: (Հրաչին.) Ես ամեն
բան հասկացել եմ: Պարզապես դեպքերն այնպես դասավորվեցին, որ չէի կարող
ոչինչ պատմել: Գառնիկը կկարծեր, որ իմ սիրեկանն է, իսկ Սառան էլ կմտածեր, որ ձեր սիրուհին եմ:

ՀՐԱՉ – Թույլ չտվեցիք, որ ամեն բան պատմեի:

ԶԱՌԱ – Հանգստացե՛ք: (Գնում է  սենյակ: Այնտեղից բերում է Գառնիկի ծաղրածուի
հանդերձանքի վերնամասը:)
Սա հագե՛ք ու գնացե՛ք: Վերնաշապիկը ձեզ չենք
կարող տալ, որովհետև ավելորդ կասկածներ կառաջացնի: Եվ հետո, ամուսինս
վերջապես կմոռանա իր գունավոր երազը, երբ հանդերձանքը տանը չլինի:

ՎԻՈԼԵՏԱ – Նրան կասեմ, որ էդ ցնցոտիները ես եմ դուրս շպրտել: Նա ինձ ոչինչ չի կարող ասել:

ԶԱՌԱ – Մա՛մ, այս հանդերձանքը ցնցոտի չէ:

ՀՐԱՉ – Խելագարվե՞լ եք: Ես սա չեմ հագնի:

ՎԻՈԼԵՏԱ – Ընտրի՛ր…  Կա՛մ այս գունավոր ծիածանը, կա՛մ քո անգույն մահը:

ՀՐԱՉ – Ես չեմ կարող այսպես դուրս գալ փողոց: Ես իսկական տղամարդ եմ:

ԶԱՌԱ – Ամուսինս ձեզնից ինչո՞վ է պակաս:

ՎԻՈԼԵՏԱ – Որոշ բաներով:

ԶԱՌԱ – Մամա՛, խնդրում եմ: Օտարի մոտ փեսայիդ պատիվը բարձր պահիր:

ՎԻՈԼԵՏԱ – Արագացրո՛ւ, հագի՛ր:

Հրաչը հագնում է:

ԶԱՌԱ – Մա՛մ, դուռը բաց, քանի ուշ չէ:

Վիոլետան ուզում է դուռը բացել:

ՍԱՌԱ — (դրսից): Զառա՜…

ՎԻՈԼԵՏԱ – Աստվա՜ծ իմ: Մենք պրծում չունենք նրանից:

ՀՐԱՉ – Հիմա դուռը կբացեմ և նրան ամեն ինչ կբացատրեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Ուզում ես մեզ խայտառա՞կ անել:

ՀՐԱՉ — Խոստանում եմ, Գառնիկին էլ կբացատրեմ:

ԶԱՌԱ – Խնդրո՜ւմ եմ, պետք չէ: Իրավիճակն ավելի մի՛ բարդացրեք: Գառնիկն ու
Սառան մեզ չեն հավատա:

ՎԻՈԼԵՏԱ – Իհարկե, չեն հավատա: Եթե անկեղծ ասեմ, ես էլ որոշ կասկածներ ունեմ:

ԶԱՌԱ – Մա՛մ, ինչպե՞ս կարող ես:

ՀՐԱՉ – Տիկի՛ն, ինչպե՞ս չեք ամաչում:

ՎԻՈԼԵՏԱ – Դու ձա՛յնդ կտրիր:

ՍԱՌԱ – Զառա՜, դուռը բա՛ց…  Դավաճա՛ն:

ՎԻՈԼԵՏԱ — (Հրաչին): Մտի՛ր թախտի տակ:

ՀՐԱՉ – Նորի՞ց:

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, նորից: Ինչպես այս ճաշը եփել ես, այնպես էլ պիտի ուտես:
Հիվանդացիր, գրիպ կպիր, որ խելքդ գլուխդ գա:

Զառան ու Վիոլետան Հրաչին նորից մտցնում են թախտի տակ:

ՀՐԱՉ – Էստեղ երկա՞ր պիտի մնամ:

ՎԻՈԼԵՏԱ – Այնքան, մինչև եփածդ ճաշի յուղերը չմաքրենք: (Բացում է դուռը:)

Ներս է մտնում Սառան՝ բարկացած: 

ՍԱՌԱ – Ո՞ւր է:

ԶԱՌԱ և ՎԻՈԼԵՏԱ – Ո՞վ:

ՍԱՌԱ – Էդ սրիկա՛ն:

ՎԻՈԼԵՏԱ – Հավերժի ճամփո՞րդը:

ԶԱՌԱ – Մամա՛, լռի՛ր:

ՍԱՌԱ – Զառա՛, ումից, ումից, բայց քեզանից երբեք չէի սպասում:

ԶԱՌԱ – Կբացատրես, թե ի՞նչ է պատահել:

ՍԱՌԱ– Դու դավաճա՛ն ես: Այսքանից հետո ինչպե՞ս չես ամաչում և անմեղի
հայացքով նայում ես վրաս: Իսկ ես ապուշի նման նրան էի սպասում: Այնինչ իմ
հավատարիմ ընկերուհին, ում վստահել եմ ու սիրել ողջ կյանքս, նրան ինձնից
գողանում է, բավական չէ, դեռ նրա նվիրած մաշված ծաղկեփունջն ինձ է նվեր տալիս: Իսկ սիրեկանի վերնաշապիկն էլ անամոթաբար նվիրում է ամուսնուն: Ես ամեն բան գիտեմ… Տիկին Մանուշակն ինձ ամեն ինչ պատմեց: Ասաց, որ տեսել է, թե նա ինչպես է մտնում մեր շենք՝ ծաղկեփունջը ձեռքին, տոնական բարձր տրամադրությամբ ու կարմիր վերնաշապիկով: Գառնիկն էլ զարմացավ, երբ տեսավ այդ նույն կարմիր վերնաշապիկը, որն իբր տիկին Վիոլետան իր համար նվեր էր առել, և դու էլ դեռ չէիր արդուկել:

ՎԻՈԼԵՏԱ – Աշխարհում հազարավոր կարմիր վերնաշապիկներ կան:

ՍԱՌԱ – Զառչկա՛, ամուսինդ տեղյա՞կ է թաքուն գործերիդ մասին:

ՎԻՈԼԵՏԱ – Լսի՛ր, ա՛յ աղջի: Ուզում ես տանս կռի՞վ գցել:

ԶԱՌԱ – Մամա՛, կամա՛ց… Մի՛ գոռա:

ՎԻՈԼԵՏԱ – Անտեր շունդ կզարթնի՞:

ՍԱՌԱ  – Շատ ավելի լավ: Թող գա ու տեսնի ընտանիքի իրական պատկերը:

Սենյակից դուրս է գալիս Գառնիկը՝ ծաղրածուի հանդերձանքի տաբատով և իր վերնաշապիկներից մեկը հագած:

ԳԱՌՆԻԿ – Ո՞վ է վերցրել ծաղրածուի շորս:

ՎԻՈԼԵՏԱ – Զառչկան լվացել է, սիրելի փեսա:

ԳԱՌՆԻԿ – Իսկ ինչո՞ւ չեք թողնում մարդ իր տանը հանգստանա…

ՎԻՈԼԵՏԱ – Սա քո տունը չէ՛… Իմ տունն է, պարոն գործազո՛ւրկ փեսա:

ՍԱՌԱ – Գառնի՛կ ջան, դու էս տանը դժվար թե հանգստանաս:

ՎԻՈԼԵՏԱ — (Սառային): Հենց հիմա դո՛ւրս արի իմ տնից:

ԶԱՌԱ  – Մա՛մ ջան, Սառային հանգի՛ստ թող…

ՍԱՌԱ  – Է՜դ էր պակաս, որ ծեր տատիկից վախենամ:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչ… Ես եմ ծե՞ր… (Սառային գցում է թախտին և սկսում է խեղդել:) Ես քեզ հիմա ցույց կտամ, թե ով է ծերը:

ՍԱՌԱ – Օգնեցե՜ք…

Գառնիկը և Զառան բաժանում են նրանց:

ԳԱՌՆԻԿ – Զոքա՛նչ մայրիկ, ինչպե՞ս չեք ամաչում:

ԶԱՌԱ – Մամա՛, ի՞նչ ես անում:

ՎԻՈԼԵՏԱ – Պատիվս եմ պաշտպանում:

Հրաչը թախտի տակից դուրս է հանում գլուխը: Զառան նկատում է: Մե՛կ Սառային և Վիոլետային է բաժանում, մե՛կ Հրաչի գլուխն է ներս հրում:

Դռան թակոց:

ԲՈԼՈՐԸ – Ո՞վ է…

ՄԱՆՈՒՇԱԿ — (դրսից): Ի՞նչ է, չե՞ք լսում… Դուռը բացե՛ք:

ՎԻՈԼԵՏԱ – Սպասե՛ք, բացում եմ:  (Դուռը բացում է:)

Ներս է մտնում Մանուշակը՝ տնային խալաթով և գլխաշորով:

ՄԱՆՈՒՇԱԿ – Բա դուք չեք ամաչո՞ւմ: Բա դուք ամոթ-աբուռ ունե՞ք: Թքե՛մ ձեր նամուսին… Թո՜ւ…

ՎԻՈԼԵՏԱ –  Բողոքի գիրքը նորից բացե՞լ եք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Տո լա՛վ եմ արել, դեռ մի բան էլ քի՛չ եմ արել: Էս գիշերվա կեսին, էս գիշերվա հազարին էս ի՞նչ համերգ եք տալիս: Ամբողջ շենքին ոտքի եք հանել: Դուք ի՞նչ իրավունք ունեք իմ հանգիստը խանգարելու: Ո՞վ է ձեզ իրավունք տվել: Ո՞վ…  Ոստիկանությո՜ւն:

ԶԱՌԱ – Մի՛ գոռացեք… Խայտառա՞կ եք, ինչ է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Խայտառակը ե՞ս եմ, թե՞  դուք:

ՎԻՈԼԵՏԱ – Ձեզ կարգի հրավիրեք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ինչո՞ւ եք ձայններդ գլուխներդ գցել: Խելոք հարևա՞ն եք տեսել: Հիմա կտեսնեք, թե խելոքն ով է: (Ուզում է գնալ:)

ԶԱՌԱ  – Ո՞ւր եք գնում:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ոստիկանություն:

ԶԱՌԱ – Մամա՛, բռնի՜ր,  չթողնե՛ս:

ՎԻՈԼԵՏԱ – Հանգստացե՛ք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Թողնո՞ւմ եք, որ հանգստանամ: (Ուզում է նորից գնալ:) Թողե՜ք, ես գնում եմ ոստիկանություն: Թող գան ու պարզեն, էս ինչ խայտառակություն է:

ԶԱՌԱ — Խնդրո՜ւմ եմ, չգնաք: Խայտառակ կլինենք շենքով մեկ:

ՄԱՆՈՒՇԱԿ – Կգնա՛մ…

ԶԱՌԱ – Մի՛ գնացեք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Կգնա՛մ:

ԶԱՌԱ – Մի՛ գնացեք:

ՍԱՌԱ – Գնացե՜ք, գնացե՜ք…

ՄԱՆՈՒՇԱԿ – Գնում եմ:

ՎԻՈԼԵՏԱ   – Դուք ոչ մի տեղ էլ չե՛ք գնա:

ՍԱՌԱ – Խայտառակ լինելուց եք վախենո՞ւմ: Մինչև անելը մտածեիք: Մանուշակ տատ, գնա, ասա, թող գան, էդ լակոտին բռնեն, որ խելքները գլուխները գա:

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչ լակոտ:

ԶԱՌԱ  – Գառնի՛կ ջան, ուշադրություն մի՛ դարձրու: Ինքն էլ չի հասկանում, թե ինչեր է խոսում:

ՎԻՈԼԵՏԱ — (Սառային): Ձա՛յնդ կտրիր: (Մանուշակին.) Դուք էլ հանգստացեք ու նստեք: (Աթոռներից մեկը վերցնում, դնում է դռան դիմաց և նստում:)

ՄԱՆՈՒՇԱԿ – Վախեցա՞ք… Բա պիտի վախենաք, բա ի՞նչ պիտի անեք: Դուք մի կողմից, էն անտերն էլ՝ մյուս:

ԶԱՌԱ և ՎԻՈԼԵՏԱ – Ո՞վ…

ՄԱՆՈՒՇԱԿ – Սև շո՛ւնը… Էն բանաստեղծը, էլ ո՞վ… Գիշերվա հազարին միացնում է երաժշտությունը՝ Պոցարտ ու սկսում է տառապել:

ԳԱՌՆԻԿ – Պոցարտ չէ, Մոցարտ է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ոչ մի տարբերություն էլ չկա: Գնացի, դուռը թակեցի, բացեց… Ու գիտե՞ք, թե ինչ ասաց…

ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ…

ՄԱՆՈՒՇԱԿ – Ասաց. «Մայրի՛կ ջան, մի՛ խանգարիր, ստեղծագործական պահեր եմ ապրում»: Ասաց ու դուռը փակեց երեսիս: Ա՛յ մարդ, բա էսպե՞ս էլ բան կլինի: Թո՛ւ ձեր նամուսին… Գոնե վերևում ապրող հարևանս խելոք լիներ: Հարևանների հարցում բախտս չի բերել:

ԶԱՌԱ  — Տիկի՛ն Մանուշակ, նստե՛ք և հանգստացե՛ք: Ես ձեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ:

ՄԱՆՈՒՇԱԿ  – Բացատրե՛ք, տեսնեմ… Բացատրե՜ք, բացատրե՜ք…

ԶԱՌԱ – Ամեն բան այնպես չէ, ինչպես դուք եք մտածում, թե խանգարում ենք ձեր հանգիստը: Պարզապես մեր ընտանիքը նշելու առիթ ունի:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչ առիթ է, ա՛յ աղջի: Էդ ո՞նց է, ես չգիտեմ:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, սպասիր, հիմա կասեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Հասկացա՜… Երևի դու և ամուսինդ ինձանից թաքուն ինչ-որ գործեր եք ուզում անե՞լ: Ուզում եք ինձ իմ տնից դո՞ւրս հանել:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, նորից մի՛ ընկիր երևակայությունների գիրկը:

ԳԱՌՆԻԿ – Մարդ ավելի լավ է անիծվի՛, քան զոքանչի հետ մի տանը ապրի:
ՎԻՈԼԵՏԱ  – Լսեցի՞ր… Ես ձեզ լավություն անեմ, չթողնեմ, որ փողոցում մնաք, իսկ դուք ինձ հետ էսպե՞ս վարվեք:

ԶԱՌԱ – Գառնի՛կ, խելագարվեցի՞ր: Ինչե՞ր ես խոսում: Մամային նեղացնում ես:

ՎԻՈԼԵՏԱ — Էսօրվանից դուք հեռանո՛ւմ եք իմ տնից: Որտեղ ուզում եք՝ ապրեք:

ԶԱՌԱ – Մամա՛, մեկ րոպե կլռե՞ս: Գառնիկին նո՞ր ես ճանաչում: Նա սիրում է հոգուդ հետ խաղալ… Տիկի՛ն Մանուշակ, մենք առիթ ունենք նշելու:

ՄԱՆՈՒՇԱԿ — Շատ լավ առիթ է: Ամեն ինչ խառնել եք իրար և դեռ ուրիշների հաշվին էլ ուրախանո՞ւմ եք:

ԶԱՌԱ – Ներեցեք, որ ձեզ անհանգստություն ենք պատճառել:

ՍԱՌԱ – Իսկ ե՞ս…

ԶԱՌԱ – Դու ի՞նչ…

ՍԱՌԱ – Ինձանից չե՞ք ուզում ներողություն խնդրել:

ՎԻՈԼԵՏԱ  – Չէ՛, չենք ուզում:

ԶԱՌԱ – Տիկի՛ն Մանուշակ, ամուսինս աշխատանք է գտել: Այդ առիթն էինք նշում:

ՎԻՈԼԵՏԱ – Գառնի՛կ ջան, ճի՞շտ է ասում:

ԳԱՌՆԻԿ – Հա՛, ճիշտ է ասում:

ԶԱՌԱ – Իմ Գառնիկը վաղվանից աշխատելու է պահեստում:

ՎԻՈԼԵՏԱ – Ա՛յ, սա ուրիշ բա՜ն: Իսկական տղամարդը էդպիսի լուրջ գործերով պիտի զբաղվի: Տղամարդու ծաղրածուն ո՞րն է:

ԶԱՌԱ — Եթե լավ աշխատի, հետագայում պաշտոնը կբարձրացնեն, ու կդառնա գլխավոր պահեստապետ:

ՎԻՈԼԵՏԱ – Վա՜յ, փեսա ջան: Էս ի՜նչ լավ բան է: Արի, մի հատ թուշդ պաչեմ: (Փաթաթվում է Գառնիկին և համբուրում:)

ՄԱՆՈՒՇԱԿ – Փաստորեն էդ ապուշ բանի համար ամբողջ շենքին ոտքի՞ եք հանել: Ես գնում եմ ոստիկանություն:

ՍԱՌԱ – Գնացե՜ք, գնացե՜ք:  Նրանք ստում են:

ՎԻՈԼԵՏԱ  – Դո՛ւրս արի իմ տնից, սանձարձա՜կ… Դո՛ւրս…

ՍԱՌԱ – Ցավեցնո՜ւմ ես: Թո՜ղ…

ՎԻՈԼԵՏԱ – Անշնորհակա՛լ:

ՍԱՌԱ — (Գառնիկին): Ավելի լավ է կնոջդ տնից դուրս հանես, որ քեզ վրա չծիծաղի:

ԶԱՌԱ — (կամաց): Տե՜ր Աստված, հիմա խայտառակ կլինեմ: (Արտասվում է:)

ՍԱՌԱ – Լացի՜ր, լացի՜ր… Պիտի ամաչես, բա ինչ պիտի անես:

ԳԱՌՆԻԿ – Ինչի՞ համար ամաչի:

ՎԻՈԼԵՏԱ — (Սառային): Հենց հիմա դո՛ւրս արի իմ տնից:

ԶԱՌԱ – Բայց ինչի՞ համար ամաչեմ… Ի՞նչ եմ արել:

ՍԱՌԱ – Ոչինչ… Դու անմեղ հրեշտակ ես, մայրդ էլ՝ փերի:

ԶԱՌԱ – Գառնի՛կ ջան, Սառայի ասածներին ուշադրություն մի՛ դարձրու:

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչ է էստեղ կատարվում:  Ի՞նչ է եղել, որ ես չգիտեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Սառա՛, գնա՛…

ՍԱՌԱ – Չե՛մ գնա:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ինչ էլ լավ առիթ է…  Ինչքան շատ եք ուրախանում ու ինչքան լավ եք նշում: Բռավո՜…

Վիոլետան դուռը բացում է: Բռնում է Սառայի թևից և ուզում է դուրս հանել:
Ներս է մտնում՝ Վարազդատը՝ ձեռքում մի քանի թղթեր են, գլխին՝ ցիլինդր: 

ՎԻՈԼԵՏԱ – Միայն էս ցնդածն էր պակաս:

ՎԱՐԱԶԴԱՏ – Բարի կեսգիշերալույս բոլորին:

ՎԻՈԼԵՏԱ – Ասենք թե, բարի լույս…

ԶԱՌԱ – Բարև ձեզ, պարոն բանաստեղծ…

ՎԻՈԼԵՏԱ – Դուք ի՞նչ իրավունք ունեք, առանց իմ թույլտվության, գալ իմ տուն:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ներեցե՛ք, տիկի՛ն, բայց ստիպված եմ եկել:

ԳԱՌՆԻԿ – Համեցե՛ք… Եկեք, նստեք:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ո՛չ, շնորհակալ եմ: Ես նստելու համար չեմ այստեղ:  Ես եկել եմ, որպեսզի ձեզ ներկայացնեմ իմ բողոքը:

ՎԻՈԼԵՏԱ – Հիմա էլ է՛ս մի բողոքի գիրքը…

ՎԱՐԱԶԴԱՏ — Ինչպե՞ս չեք ամաչում:  Ամոթն ու հարգանքն էլ ո՞ւր մնացին: Հասկանում եմ, որ այլևս ոչ մեկն այդ արժեքները հաշվի չեն առնում: Բայց ես ձեր ընտանիքի մասին ուրիշ կարծիք ունեի: Հազար ամոթ ձեզ… Թո՜ւ…

ՄԱՆՈՒՇԱԿ – Թո՜ւ…

ՍԱՌԱ – Թո՜ւ…

ՎԻՈԼԵՏԱ – Գրո՛ղ ձեզ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Մուսաս այս ժամերին է գալիս:  Այսօր էլ եկավ, դուռս թակեց, ասաց. «Հայրի՛կ ջան, եկել եմ: Ներս գա՞մ, թե՞ գնամ»: Ես էլ ասացի. «Չէ՛, բալա ջան, ո՞ւր գնաս: Եկե՛լ ես, նե՛րս արի: Դեռ մի քանի օր էլ մնա»: Հրավիրեցի իմ տուն, իսկ դուք ամեն բան փչացրիք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ո՞ւմ հրավիրեցիք:

ՎԱՐԱԶԴԱՏ – Մուսայիս:

ՄԱՆՈՒՇԱԿ  – Դուք տղա՞ ունեք:

ՎԱՐԱԶԴԱՏ – Թոռնիկս է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Էս մարդն աննորմալ է: Որ երեխա չունեք, թոռը որտեղի՞ց:

ՎԱՐԱԶԴԱՏ – Վերևից:

ՄԱՆՈՒՇԱԿ  – Երկնքի՞ց:

ՎԱՐԱԶԴԱՏ – Իմ սիրելի հարևանուհի…

ՄԱՆՈՒՇԱԿ – Ո՜ւֆ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Նա իմ հոգևոր զավակն է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Տղա՞ է, թե՞ աղջիկ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Սեռ չունի:

ՄԱՆՈՒՇԱԿ – Էդ ո՞նց…

ՎԱՐԱԶԴԱՏ – Դուք, միևնույն է, չեք հասկանա:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ո՞նց թե՝ չեմ հասկանա, բանաստեղծ ջան: Կարծում ես, անգրագե՞տ եմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Տիկին, եթե ասում եմ՝ չեք հասկանա, ուրեմն չեք հասկանա: Այս ժամերին, որ իսկական ստեղծագործական պահ է, ի՞նչ իրավունք ունեք ինձ խանգարելու ու մտքիս թելը կտրելու: Ձեզ ո՞վ է իրավունք տվել… Ես կբողոքե՛մ:

ԶԱՌԱ – Պարո՛ն բանաստեղծ, հանգստացե՛ք: Խոստանում ենք, որ այլևս այսպիսի բան չի կրկնվի:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ներողություն խնդրելու համար արդեն շատ ուշ է:  Մուսաս գնաց: Ո՞վ պիտի պատախան տա այդ ամենի համար:  Ո՞վ… Դուք հանցագործնե՛ր եք: Ավազակնե՛ր… Դուք նեղացրիք մուսայիս:

ՎԻՈԼԵՏԱ – Ա՛յ մարդ, էդ մուսան ո՞վ էր…

ՄԱՆՈՒՇԱԿ – Լսի՛ր, ա՛յ բանաստեղծ:  Հարգանքից ու շնորհքից ես խոսում: Էդ դու չե՞ս, որ ամբողջ օրը քարշ ես գալիս սրա-նրա ետևից: Գիտես, թե տիկին Մանուշակը չի՞ տեսնում:

ՎԱՐԱԶԴԱՏ –  Օ՜… Դուք ծաղիկ եք:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ծաղիկը դո՛ւ ես… Ես կնիկ եմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Տեսնում եմ, որ կին եք:  Ես այդ ամենն ասում եմ փոխաբերական իմաստով:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ես էդ ցնդած իմաստներից ոչինչ չեմ հասկանում:

ՎԱՐԱԶԴԱՏ – Դա կարևոր չէ, տիկի՛ն… Կարևորն այն է, որ այս տուն մտնելով՝ մուսաս նորից եկավ:  Տիկի՛ն Վիոլետա, դուք ինձ ուժ եք տալիս ստեղծագործելու, ապրելու այս կյանքը: Հասկանալու, թե կանացի փարթամ հոգին ինչպես կարող է ինձ նման հանճարին փառք բերել: Այս գիշեր բանաստեղծություն եմ գրել ձեր մասին: Խնդրում եմ, մի մերժեք: Թույլ տվեք կարդալ:

ՎԻՈԼԵՏԱ  – Հեռո՛ւ գնա…

ՄԱՆՈՒՇԱԿ — Էդ մուսան դո՞ւք եք:

ՎԻՈԼԵՏԱ – Հա՛, ես եմ: Մուսան ի՞նչ է, որ չլինեմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Տիկի՛ն, մուսան իմ ստեղծագործական շարժիչ ուժն է:

ԶԱՌԱ – Պարո՛ն բանաստեղծ, խնդրում եմ, հանգստացե՛ք: Մեզ հիմա ավելորդ խնդիրներ պետք չեն: Առանց այն էլ խնդիրների մեջ թաղված ենք:

ՍԱՌԱ – Տիկի՛ն Մանուշակ, գնո՞ւմ եք ոստիկանություն, թե՞ չէ:

ԶԱՌԱ – Սառա՛, դու խիղճ ունե՞ս… Ո՞ր մեղքիս համար…

ՍԱՌԱ – Իբր չգիտե՞ս… Դավաճա՛ն:

ՎԻՈԼԵՏԱ  – Չէ՛, չգիտի:

ՍԱՌԱ – Ամաչում եմ: Ո՞նց ասեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Պա՜հ, պա՜հ, պա՜հ… Դու էլ ամաչել գիտե՞ս, անամո՛թ:

ԶԱՌԱ – Մամա՛, Սառայի մասին էդպես մի՛ խոսիր:

ՍԱՌԱ – Ժողովրդական խոսքն է էդպես: «Շուտով էդ բանը ջրի երես է դուրս գալու»:

ՎԱՐԱԶԴԱՏ – Այդ ի՞նչ ժողովրդական խոսք է, որ ես չգիտեմ:

ՎԻՈԼԵՏԱ – Իզուր մի՛ տանջվեք իմանալու համար:

ՎԱՐԱԶԴԱՏ  – Բայց ի՞նչը:

ՎԻՈԼԵՏԱ – Ձեզ շատ նման է:

ՎԱՐԶԱԴԱՏ  – Փաստորեն նմանակ էլ ունե՞մ:

ՎԻՈԼԵՏԱ – Կարծես նրանից եք ծնվել:

ԶԱՌԱ – Ինչո՞ւ չեք գնահատում տաղանդավոր մարդկանց:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչ տաղանդավոր, ա՛յ աղջի: Սեքսուալ շեղումներով տաղանդավոր որտե՞ղ ես տեսել:

ԳԱՌՆԻԿ – Մի՛ րոպե… Ես մի լավ առաջարկ ունեմ:

ԲՈԼՈՐԸ – Ի՞նչ:

ԳԱՌՆԻԿ — Առաջարկում եմ, որ միասին բաժակ բարձրացնենք:

ՎԻՈԼԵՏԱ – Ինչի՞ համար:

ԳԱՌՆԻԿ – Զոքանչ մայրիկ, հիմա դուք և Զառան սեղանը կարգի եք բերում և բոլորս նշում ենք էս առիթը:

ՎԻՈԼԵՏԱ – Ի՞նչ առիթ:

ԳԱՌՆԻԿ – Իմ նոր աշխատանքի և մեր հարևանների այցի:

ՎԱՐԱԶԴԱՏ – Բռավո՜, բռավո՜… Ա՛յ հիմա հասկանում եմ, որ գտնվում եմ նորմալ ու բարոյական հարևանների շրջապատում: Սա ուրիշ բան: Այս գեղեցիկ առիթի կապակցությամբ նոր բանաստեղծություն կնվիրեմ ձեզ:

ՎԻՈԼԵՏԱ –  Մեզ ազատե՛ք ձեր պոեզիայից:

ԶԱՌԱ – Պարո՛ն բանաստեղծ, խնդրեմ, համեցեք, նստեք սեղանի պատվավոր գլխին:

ՎԻՈԼԵՏԱ – Չկայի, չկայի, մի բանաստեղծի չա՞փ էլ չկայի:

ԶԱՌԱ – Մա՛մ ջան, դու միշտ էլ քո տանը քո հարգանքն ունես:

ԳԱՌՆԻԿ – Զառա՛, օղի՛ բեր:

ՎԻՈԼԵՏԱ — Խմելու առիթը բաց չե՞ս թողնում:

ԳԱՌՆԻԿ – Զոքա՛նչ մայրիկ, գեղեցիկ առիթների համար խմել կարելի է: Սիրելի՛ հարևաններ, իմ զոքանչի նման աշխարհում չի եղել, չկա ու չի լինելու: Զոքանչ չէ՜… Գա՜նձ է, գա՜նձ…

ՎԻՈԼԵՏԱ – Գառնի՛կ ջան, էսքան ժամանակ վա՞տ եմ եղել քեզ հետ, որ դու էլ վատ լինես, իմ ազի՛զ փեսա:

ՄԱՆՈՒՇԱԿ – Չեմ հասկանում, եթե էսքան սիրով ընտանիք եք, ինչո՞ւ էիք գիշերվա հազարին ձայններդ գլուխներդ գցել:

ՍԱՌԱ  – Կարծես մեկին մոռացել ենք:

ԶԱՌԱ և ՎԻՈԼԵՏԱ – Ո՞ւմ…

ՍԱՌԱ – Դուք ինձանից լավ գիտեք:

ԶԱՌԱ – Անպայման մի բան պիտի ասես, որ տրամադրություններս փչացնե՞ս:

ՍԱՌԱ – Գառնի՛կ ջան, չե՞ս ուզում նոր վերնաշապիկդ հագնես, տեսնենք, սազում է, թե՞ չէ:

ԶԱՌԱ – Ես վաղը կարդուկեմ, սիրելի՛ս:

ԳԱՌՆԻԿ – Վերջապես զոքանչ մայրիկս ինձ նվեր է առել:

ՎԻՈԼԵՏԱ — (Հրաչի վերնաշապիկը թափ տալով վերցնում է թախտի վրայից և տալիս է Գառնիկին): Վերցրո՛ւ, Գառնի՛կ ջան:

ԳԱՌՆԻԿ – Սիրելի՛ հյուրեր, ես հիմա կգամ: Դուք ձեզ զգացեք, ինչպես ձեր տանը: (Մտնում է սենյակ:)

ԶԱՌԱ – Իսկ ես սեղանը կարգի կբերեմ: (Մտնում  է խոհանոց:)

ՎԻՈԼԵՏԱ — (կամաց): Ի՞նչ արեցիր:

ՍԱՌԱ – Դուք դեռ պատասխան պիտի տաք ձեր արածների համար:

ՎԻՈԼԵՏԱ – Մենք չենք իմացել՝ նա ով է: Բնակարանն էր շփոթել:

ՍԱՌԱ – Իսկ Զառչկան օգտվեց այդ հնարավորությունից ու էդ դավաճանին գողացավ ինձանից:

ՎԻՈԼԵՏԱ – Նա մեր հանգիստը գողացավ, ոչ թե մենք՝ իրեն:

ՍԱՌԱ – Ձեր հեքիաթներն ուրիշին կպատմեք:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ներեցեք, ինչո՞վ կարող եմ օգնել:

ՎԻՈԼԵՏԱ  – Ոչնչով էլ չես կարող օգնել:

Խոհանոցից գալիս է Զառան՝ օղու շիշը և մի քանի բաժակ բերելով:

ԶԱՌԱ – Սիրելի՛ հարևաններ, ես եկա: (Շիշն ու բաժակները դնում է սեղանին:) Ինչպե՞ս եք ձեզ զգում:

ՄԱՆՈՒՇԱԿ – Մի քիչ տարօրինակ, բայց լավ…

Սենյակից դուրս է գալիս Գառնիկը՝ կարմիր վերնաշապիկը հագած, ծաղրածուի
հանդերձանքի տաբատով:

ԳԱՌՆԻԿ – Ես էլ եկա:

ՎԻՈԼԵՏԱ  – Վա՜յ, Գառնիկ ջան: Ինչքա՜ն է քեզ սազում: Կարծես հատուկ քեզ համար է կարված: Բարով մաշես, փեսա՛ ջան:

ԳԱՌՆԻԿ  — Շնորհակալություն, զոքանչ մայրիկ:

ՄԱՆՈՒՇԱԿ  – Գեղեցիկ վերնաշապիկ է… Կարծես ինչ-որ տեղ տեսել եմ:

ՍԱՌԱ – Այս վերնաշապիկը շատերին է ծանոթ:

ԳԱՌՆԻԿ – Սիրելի՛ հարևաններ, բոլորին առաջարկում եմ նստել:

Բոլորը նստում են սեղանի շուրջ: Գառնիկը լցնում է բաժակները:

ԳԱՌՆԻԿ — Ես բաժակ եմ բարձրացնում մեր հարևանների համար: Ձեր կենացը:

ԲՈԼՈՐԸ – Բոլորի՜ս կենացը:

Մանուշակը նստում է թախտին: Հրաչը թախտի տակից ուզում է գլուխը մի փոքր առաջ բերել, որպեսզի տեսնի, թե ինչ է կատարվում: Ձեռքը միամիտ դիպչում է Մանուշակի ոտքերին: Մանուշակը ճչալով վեր է թռչում ու սկսում է աջ ու ձախ վազել:

ՄԱՆՈՒՇԱԿ – Վա՜յ, մամա՛ ջան…

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչ եղավ, տիկի՛ն Մանուշակ:

ԶԱՌԱ – Մանուշա՛կ տատ, ի՞նչ պատահեց:

ՄԱՆՈՒՇԱԿ – Տանը մուկ կա:

ՎԻՈԼԵՏԱ – Մո՞ւկ… (Կանգնում է թախտի վրա:)

ՄԱՆՈՒՇԱԿ – Հա՛… Կամ մուկ էր, կամ՝ առնետ, չգիտեմ: Բայց որ մեծ էր՝ հաստատ:

ՍԱՌԱ – Հիմա նրանց մո՞ւկ են ասում:

ԳԱՌՆԻԿ – Ո՞ւմ…

ՍԱՌԱ – Նրանց…

ԳԱՌՆԻԿ  – Բայց ո՞ւմ…

ԶԱՌԱ  – Ոչ մի մուկ էլ չկա: Խնդրում եմ, հանգստացե՛ք:

ՎԱՐԱԶԴԱՏ —  Տիկի՛ն Վիոլետա, մի՞թե չեք ուզում, որ կարդամ ձեր մասին գրած իմ
վերջին հանճարեղ ստեղծագործությունը: Այս պահին կարծես բեմում լինեք: Բարձրից շա՜տ լավ եք երևում:

ՎԻՈԼԵՏԱ  – Չէ՛, չեմ ուզում:

ԶԱՌԱ  – Մամա՛, մի՛ վիրավորիր պոետի հոգին: Թող կարդա:

ՎԻՈԼԵՏԱ – Կարդացե՛ք, բայց միայն կարճ կարդացեք:

ՎԱՐԶԱԴԱՏ – Շնորհակալ եմ, որ գնահատեցիք տաղանդս: (Բացում է թղթերից մեկը և կարդում:)

«Իմ Վիոլետա՜, իմ ծաղկի թերթի՜կ,

Իմ չքնա՜ղ փերի, իմ սիրո՜ւն ծիտիկ»:

ՄԱՆՈՒՇԱԿ  – Նա՞ է ծիտիկը… Ոնց որ ագռավ լինի: Ա՛յ ցնդած բանաստեղծ, դու իսկական ծիտ չես տեսել:

ՎԻՈԼԵՏԱ – Քեզ նայի՛ր ու ինձ: (Իջնում է թախտից:)

Այդ պահին Հրաչը թախտի տակից փռշտում է: Բոլորը քարանում են: Սառան նկատում է, որ թախտի տակ մեկը թաքնված է:

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչ ձայն էր:

ՍԱՌԱ — Մուկը փռշտաց:

ՎԱՐԱԶԴԱՏ – Բայց մուկը չի փռշտում:

ՍԱՌԱ – Բանաստեղծ ջան, էս տան մուկը հաչում էլ է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ուրեմն տանն իսկապե՞ս մուկ կա:

ՎԱՐԱԶԴԱՏ – Բայց ո՞վ է տեսել, որ մուկը փռշտա:

ՍԱՌԱ – Փռշտացող մկանը գտել եմ:

ՄԱՆՈՒՇԱԿ – Ո՞ւր է:

ՍԱՌԱ  –Մանուշա՛կ տատ, թախտի տակ նայիր, ու փռշտացող մկանը կտեսնես:

ԶԱՌԱ — (կամաց): Վա՜խ, մամա՛ ջան: Վե՜րջս եկավ:

ՎԻՈԼԵՏԱ – Ա՜յ քեզ խայտառակություն:

Մանուշակը նայում է թախտի տակը, ճչալով ետ է ընկնում:

ՄԱՆՈՒՇԱԿ –  Մուկ չէ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Եթե փռշտում է, ուրեմն մուկ չէ:

ԳԱՌՆԻԿ – Իսկ ի՞նչ է, որ մուկ չէ:

ՄԱՆՈՒՇԱԿ – Տղամարդ է:

ԳԱՌՆԻԿ – Ինչպե՞ս թե՝ տղամարդ է:

ՎԱՐԱԶԴԱՏ – Տղամարդուն էլ մկան տեղ դնե՞ն:

ԳԱՌՆԻԿ – Տղամա՞րդ… Իմ տա՞նը:

ՍԱՌԱ – Հա՛, քո տանը:

ԳԱՌՆԻԿ  — Ո՞ւր է…

ՍԱՌԱ — (Հրաչին): Դո՛ւրս արի ու պատասխան տուր: Դավաճա՛ն:  (Քաշում է Հրաչի թևից, բայց չի կարողանում դուրս հանել:) Բանաստե՛ղծ ջան, օգնիր, նրան դուրս հանենք:

Վարազդատն ու Սառան Հրաչին դուրս են քաշում թախտի տակից: Հրաչը կանգնում է կենտրոնում, ծաղրածուի հանդերձանքի վերնամասով և իր տաբատով: Ուշադիր նայում է Գառնիկին, ում հագին իր վերնաշապիկն է և ծաղրածուի հանդերձանքի տաբատը:

ՀՐԱՉ – Բարի երեկո… Արդեն բարի լույս:

ՎԻՈԼԵՏԱ – Դու էիր պակաս…

ՍԱՌԱ – Բարի լույս, դեռ մի բան էլ ավելի… Խեղկատա՛կ: (Ապտակում է Հրաչին:)

ՀՐԱՉ – Ա՜խ:

ՍԱՌԱ – Սա քեզ՝ իմ տառապանքների համար, սրիկա՛:

ՄԱՆՈՒՇԱԿ – Էս փայլփլող ծաղրածուն էր, որ մտավ մեր շենք:

ԳԱՌՆԻԿ  – Զառա՛, սա հաստա՛տ մեր կրկեսի ծաղրածուներից չէ: Էս ո՞վ է:

ՍԱՌԱ – Հանճարեղ դավաճանը:

ՀՐԱՉ – Ես ո՛չ ծաղրածու եմ և ո՛չ էլ դավաճան:

ԳԱՌՆԻԿ — Քեզ ո՞վ է թույլ տվել, որ հագնես իմ ծաղրածուի հագուստը:

ՀՐԱՉ – Ես չեմ հագել: Ինձ հագցրին:

ԳԱՌՆԻԿ – Ո՞վ է հագցրել:

ՀՐԱՉ – Սրտացավ Զառան:

ԳԱՌՆԻԿ – Իհարկե…  Եվ դեռ ստեցին: Արագացրո՛ւ, ծաղրածուիս զգեստը հանիր:

Հրաչը հանում է ծաղրածուի հանդերձանքի վերնամասը և դնում է թախտին:

ԶԱՌԱ – Գառնի՛կ ջան, ես քեզ հիմա ամեն ինչ կբացատրեմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Չի երևո՞ւմ, որ գող է: Բայց գողը թախտի տակ ու ծաղրածուի կիսակերպարով ի՞նչ գործ ունի:

ՍԱՌԱ – Կիսածաղրածու է: Բա ի՜նչ է:

ԳԱՌՆԻԿ – Տիկի՛ն Վիոլետա, էս ո՞վ է:

ՎԻՈԼԵՏԱ – Ես չգիտեմ… Զառային հարցրու:

ԳԱՌՆԻԿ – Զառա՛, էս ո՞վ է:

ՎԱՐԱԶԴԱՏ – Երիտասա՛րդ, գուցե դո՞ւք ասեք, թե ով եք և այս ժամին այս տարօրինակ հանդերձանքով ինչ եք անում թախտի տակ:

ՍԱՌԱ – Նա իմ դավաճան փեսացուն է:

ԳԱՌՆԻԿ – Փեսացու՞ն:

ՍԱՌԱ – Նախկին դավաճան փեսացուն:

ՀՐԱՉ – Ես դավաճա՛ն չեմ:

ԳԱՌՆԻԿ – Զառա՛, էս ո՞վ է:

ԶԱՌԱ – Սառայի փեսացուն:

ՍԱՌԱ – Որին դու գողացար ու դավաճան մայրիկիդ հետ պահեցիր ձեր տանը:

ԳԱՌՆԻԿ – Սառայի փեսացուն ի՞նչ գործ ունի մեր տանը կեսգիշերին ու էն էլ ծաղրածուիս հագուստով՝ թախտի տակ պառկած:

ՍԱՌԱ – Գառնի՛կ, դու իսկապե՞ս չես հասկանում:

ԳԱՌՆԻԿ – Հասկանում եմ, պարզապես ուզում եմ իմ «սիրելի» կնոջից լսել:

ԶԱՌԱ – Մամա՛, մի բան ասա:

ԳԱՌՆԻԿ – Էս անգամ մայրդ էլ քեզ չի օգնի: Սիրեկանիդ թաքցրել էիր թախտի տակ, որ չսպանեի՞:  Հիմա՛ կսպանեմ:

ՀՐԱՉ – Ես Զառայի սիրեկա՛նը չեմ:

ԳԱՌՆԻԿ – Լակո՜տ… (Վազում է դեպի Հրաչը: Բոլորը բաժանում են նրանց:)

ՎԻՈԼԵՏԱ – Ա՛յ տղա, ի՞նչ ես անում:

ԶԱՌԱ – Գառնի՛կ, բա՜ց թող…

ՄԱՆՈՒՇԱԿ – Ես հիմա կխելագարվեմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Սա ընտանիք չէ: Հոգեբուժարան է: Մտքիս թելը նորից կտրվեց:

ԳԱՌՆԻԿ  – Ես էդպես էլ գիտեի, որ դու սիրեկան ունես… Իհարկե, ծաղրածու ամուսնու կողքին ո՞վ կցանկանար երկար մնալ:

ԶԱՌԱ  – Նա իմ սիրեկանը չէ:

ԳԱՌՆԻԿ – Իսկ ո՞վ է:

ԶԱՌԱ – Նա չի իմացել՝ ուր է գալիս:

ԳԱՌՆԻԿ – Չի՞ էլ հասկացել, թե ինչպես է թաքնվել թախտի տակ, որ նրան չսպանեի:

ՀՐԱՉ – Ստիպված էի: Սառա՛, դու ինձ պիտի հավատաս: Ես մեղավո՛ր չեմ:

ԳԱՌՆԻԿ  —  Զոքանչ մայրիկ, դուք է՞լ գիտեիք…

ՎԻՈԼԵՏԱ – Ինձ հետ գործ չունե՛ս:

ԳԱՌՆԻԿ — (Զառային): Ես քեզ հիմա կսպանե՛մ:

ՀՐԱՉ – Մե՛կ րոպե… Գիտե՛մ, ինձ չեք հավատա, բայց ես սխալմամբ անծանոթ բնակարան եմ մտել…  Հա՜, հա՜, էսպես զարմացած մի՛ նայեք: Ես ճիշտ եմ ասում:

ՎԱՐԱԶԴԱՏ – Երիտասա՛րդ, ասենք թե բնակարանը շփոթել էիք: Իսկ ի՞նչ էիք անում թախտի տակ, այն էլ ծաղրածուի տեսքով:

ՀՐԱՉ – Ես ստիպված էի ծաղրածու դարձել:

ԳԱՌՆԻԿ – Ծաղրածու լինել տրված չէ ամեն մեկին:

ՀՐԱՉ – Ես ծաղրածո՛ւ չեմ: Պարզապես այսպես հագնվել եմ, որպեսզի չմրսեմ:

ՎԱՐԱԶԴԱՏ – Իսկ ինչո՞ւ էիք մերկացել:

ՀՐԱՉ – Ինձ մերկացրել էին:

ԶԱՌԱ – Ո՞վ…

ՀՐԱՉ — (ցույց տալով Վիոլետային): Էս կինը…

ՎԻՈԼԵՏԱ – Վա՜յ, դավաճանի մեկը…

ԳԱՌՆԻԿ – Տիկին Վիոլետա՞ն…

ՄԱՆՈՒՇԱԿ  – Աննամո՛ւս…

ՎԻՈԼԵՏԱ – Ես չեմ մերկացրել: Ինքն էր մերկացել, որ չվառվեր:

ՀՐԱՉ – Բայց դուք թափեցիք…

ԳԱՌՆԻԿ – Ի՞նչն է թափել:

ՀՐԱՉ – Սուրճը:

ԳԱՌՆԻԿ– Սուրճ էլ եք խմե՞լ…

ՎԻՈԼԵՏԱ – Բայց մատս միամիտ կպավ:

ՄԱՆՈՒՇԱԿ – Որտե՞ղ կպավ:

ՀՐԱՉ – Վերնաշապիկս տվեք, խնդրում եմ:

ՄԱՆՈՒՇԱԿ — Անպատկառ ծաղրածուն էս վերնաշապիկով և մի գեղեցիկ ծաղկեփնջով մտավ մեր շենք: Ես ինքս տեսա:

ՎԻՈԼԵՏԱ – Ա՛յ կնիկ, դու բան ու գործ չունե՞ս, ես չեմ հասկանում: Ո՞վ եկավ, ե՞րբ եկավ, ինչո՞ւ եկավ, ի՞նչ արեց, ե՞րբ գնաց…

ԳԱՌՆԻԿ – Ծաղկեփնջո՞վ:  Փաստորեն էս լակոտը ձե՞ր սիրեկանն է, զոքանչ մայրիկ:

ՍԱՌԱ – Չէ՛, չէ՛: Զառայի սիրեկանն է: Պարզապես տիկին Վիոլետան աղջկան հովանավորում է, որ հարուստ փեսացու գտնի:

ԳԱՌՆԻԿ – Բայց զոքանչ մայրիկն ինձ ասաց, որ էդ ծաղեփունջն իր երկրպագուն է նվիրել:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ես ոչինչ էլ չեմ նվիրել:

ՀՐԱՉ – Սա՛ իմ ծաղկեփունջն է… Սա՛ իմ վերնաշապիկն է… Սա՛ էլ իմ հարսնացուն է…

ՄԱՆՈՒՇԱԿ – Ճի՛շտ է ասում: Ես իմ աչքով տեսա: (Ցույց տալով Գառնիկի հագած վերնաշապիկը:) Սա՛ նրանն է: (Ցույց տալով ծաղկեփունջը:) Սա՛ նրանն է: (Ցույց տալով Սառային:) Սա՛ էլ է նրանը:

ԳԱՌՆԻԿ – Ուրեմն վերնաշապիկը նրա՞նն է: (Վիոլետային.) Կնոջս սիրեկանի վերնաշապիկն ինձ նվե՞ր էիք տալիս: (Հանում է վերնաշապիկը և գցում է թախտին:) Վա՜յ, զոքանչ մայրիկ…

ՎԱՐԱԶԴԱՏ – Ես էլ կարծում էի՝ այս ընտանիքը բարոյապես փայլում է: Եվ դեռ բանաստեղծություններ էի նվիրում:

ՎԻՈԼԵՏԱ –  Քո ցնդաբանությունները մեզ հետաքրքիր չեն:

ԶԱՌԱ – Գառնի՛կ ջան, եթե քեզ պատմեի, ինձ չէիր հավատա: Սառան էլ չէր հավատա:

ՍԱՌԱ — Մենք արդեն տեսնում ենք:

ԳԱՌՆԻԿ – Կնոջս որտեղի՞ց ես ճանաչում:

ՀՐԱՉ – Ես ձեր կնոջը չեմ ճանաչում:

ԶԱՌԱ – Ես էլ նրան չեմ ճանաչում:

ՎԻՈԼԵՏԱ – Ինձ էլ չի ճանաչում:

ԳԱՌՆԻԿ – Էդ դեպքում ի՞նչ էիր անում իմ տանը:

ՎԻՈԼԵՏԱ – Ոչ թե քո տանը, այլ իմ տանը:

ՀՐԱՉ – Արդեն ասացի… Բնակարանն էի շփոթել:

ԶԱՌԱ – Գառնի՛կ ջան, լսո՞ւմ ես, որ ես մեղավոր չեմ:  (Փաթաթվում է Գառնիկին:)

ՎԱՐԱԶԴԱՏ — (Վիոլետային): Իմ սիրուն ծիտիկ, ձեր մասին այլ կարծիք ունեի:

ՎԻՈԼԵՏԱ – Դու սո՛ւս, ա՛յ ցնդած Պուշկին…

ԶԱՌԱ – Սառա՛, հիշո՞ւմ ես, որ քեզ նվիրեցի քո իսկ նվեր ծաղեփունջը և ասացի, որ քո սիրելին անպայման կգա: Դու չէիր հավատում ինձ: Բայց ես համոզված էի: Որովհետև ամեն բան գիտեի: (Փաթաթվում է Սառային:)

ՀՐԱՉ – Սառա՛, կամուսնանա՞ս ինձ հետ: (Հազում է:)

ՍԱՌԱ – Կիսամերկ վիճակո՞վ:

ՀՐԱՉ – Վա՜յ:  (Հագնում է վերնաշապիկը:)

ԳԱՌՆԻԿ – Զառչկա՛, դու ինձ ներո՞ւմ ես:

ԶԱՌԱ – Կիսամերկ վիճակո՞վ:

ԳԱՌՆԻԿ – Վա՜յ: (Հագնում է ծաղրածուի հանդերձանքի վերնամասը:)

ԶԱՌԱ  — Վաղը ծաղրածուի զգեստը կարդուկեմ ու մաքուր կպահենք պահարանում՝ որպես կյանքի գեղեցիկ հիշատակ:

ԳԱՌՆԻԿ – Զառա՛, ես քեզ շա՜տ եմ սիրում:

ԶԱՌԱ – Ես էլ քեզ, իմ ծաղրածու-պահեստապետ:

ԳԱՌՆԻԿ — (նայելով Հրաչին և Սառային): Գեղեցիկ զույգ են…

ԶԱՌԱ  – Շատ:

ՀՐԱՉ  – Սառա՛, եթե չամուսնանաս ինձ հետ, հավերժ կմնամ թախտի տակ պառկած:

ԲՈԼՈՐԸ – Համաձայնի՜ր… Համաձայնի՜ր…

ՍԱՌԱ – Համաձայն եմ:

Սառան ու Հրաչը գրկախառնվում են: Գառնիկը լցնում է բաժակները:

Հեռախոսազանգ:

ԶԱՌԱ – Տե՜ր Աստված, գուցե ոստիկանությունից է:

ՄԱՆՈՒՇԱԿ – Բայց ես ոստիկանություն չեմ զանգել:

ՎԻՈԼԵՏԱ – Նրանք առանց զանգելու էլ են հայտնվում:

ՎԱՐԱԶԴԱՏ – Ոստիկանությունն ի՞նչ գործ ունի ձեզ հետ:

ԳԱՌՆԻԿ – Հիմա կպարզենք: (Վերցնում է լսափողը:) Ալո՜… Բարի լույս, Հակո՛բ… (Լռություն: Բոլորն անհանգիստ նայում են Գառնիկին: Գառնիկը դնում է լսափողը ու մեղմ ժպտում է:)

ԶԱՌԱ – Իմ ապագա պահեստապետ, քեզ ի՞նչ պատահեց:

ԳԱՌՆԻԿ – Պահեստապետ դժվար էլ դառնամ:

ԶԱՌԱ – Մի՞թե իմ ընտանիքն իրավունք չունի երջանիկ ապրելու:

ԳԱՌՆԻԿ  – Իմ կրկեսը նորից ինձ է սպասում:

 

 

«ԴՈՒ ԷԻՐ ՊԱԿԱՍ» ներկայացման առաջնախաղը տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 24-ին, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։