ԱՆՆԱԽԱԴԵՊ «ԹՈՒՄԱՆՅԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԸ»

Մի քանի օր է, ինչ Վանաձորում՝ Թումանյանական Լոռու աշխարհում, գեղարվեստական հաղթարշավի մեջ է «Թումանյանական աշխարհը» պարային ներկայացումը՝ Վանաձորի պարարվեստի դպրոցի և «Հորովել» երգի-պարի համույթի համատեղ բեմադրությունը (բեմականացումը՝ համույթի բալետմայստեր և պարարվեստի դպրոցի տնօրեն Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ):


Ընդամենը երկու բեմել է ունեցել ներկայացումը, և լեփ-լեցուն դահլիճներն ու հանդիսատեսի բուռն, ջերմ ընդունելությունը, տեղի և Երևանից ու Գյումրիից դիտելու հրավիրված պարարվեստի մասնագետների, երախտավորների բարձր գնահատականը, հանրության անթաքույց հետաքրքրությունը՝ հերթական ներկայացումը բաց չթողնելու ցանկությամբ, Վանաձորում ստեղծել են իրադարձային աննախադեպ մթնոլորտ: Հանրության կողմից այդպիսի հետաքրքրություն, սովորաբար, լինում էր հին ու բարի ժամանակներում, երբ, ասենք, Վահրամ Փափազյանը, Մհեր Մկրտչյանն էին հյուրախաղերով գալիս և, կամ՝ Հովհաննես Աբելյանի անվան պետթատրոնում երիտասարդ բեմադրիչ Վահե Շահվերդյանն էր նոր բեմադրություն ստեղծում՝ թատրոնի սիրված անվանիների մասնակցությամբ:
Վանաձորի թատերասեր հանրության «դարձը» դեպի «հնամենի» ակունքների ավանդույթներին բացատրություն ունի: Մեծ բանաստեղծի անմահ ստեղծագործությունների՝ մանկությունից ի վեր սիրված հերոսները՝ Սուտլիկ որսկանը, Լոռեցի Սաքոն, Անուշը, Սարոն, Մոսին, Քաջ Նազարը, Ուստիանը, մյուսները և նույնիսկ ինքը՝ Հովհաննես Թումանյանը, թեև ժողովրդական պարի «լեզվով», բայց հառնում են այնքան համոզիչ, կերպարային լիարժեքությամբ, կոլորիտային ու լիարյուն, պատումների հերթականությունում՝ պատճառաբանված, սահուն անցումներով, որ հանդիսատես-բեմ տարածությունը գրավչորեն վերանում է ճիշտ այն չափով, որ չափով որ վերանում է ընթերցող-գիրք հարաբերությունը՝ Մեծն Թումանյանի այդ ստեղծագործություններն ընթերցելիս: Սա, իհարկե, բեմադրիչի և պարային խմբի, այս դեպքում արդեն՝ արտիստների՛ հաղթանակն է:

 


Բեմադրության հաջողությունը անվերապահորեն բալետմայստեր Արայիկ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ստեղծագործական հաղթանակը լինելով, պայմանավորված է նաև երաժշտական մասի ղեկավար Էլմիրա ԿՌՈՅԱՆԻ, Հովհ. Թումանյանի՜ «կադրից դուրս» հնչող խոսքը մատուցող« Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնի դերասան Սամվել ԹԹՓԱԼՅԱՆԻ, այդ խոսքի հեղինակ, դրամատուրգ Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԻ ստեղծագործական շնորհաշատ մասնակցությամբ՝ յուրաքանչյուրն իր տիրույթով, որոնք օրգանական ամբողջության մեջ ձուլված են ու գեղագիտորեն հույժ ներկայանալի: Ձայնագրությունը կատարվել է Գյումրիի «Հորիզոն» ստուդիայում, զգեստների ոճավորումը՝ Երևանի «Տերյան» մշակութային կենտրոնում, Լիլի ՄԵԼԻՔՅԱՆԻ կողմից: Բեմականացումը ֆինանսավորել է ՀՀ ԿԳՄՍՆ-ը (1.5 մլն դրամ), աջակցել է նաև Վանաձորի քաղաքապետարանը (600 000 դրամ): Այդ գումարը բավականացրել է միայն զգեստների և ձայնագրման համար, իսկ ստեղծագործական տքնանքը, արդի չգրված օրենքներով…
Կարևորն, իհարկե, այն իմաստնությունն է, որ բխում է Թումանյանական աշխարհի զուլալ ակունքներից ու դեռ հավերժորեն ավանդելու է՝ ԳՈՐԾՆ Է ԱՆՄԱՀ:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։