ՀԱՅ ԴՐԱՄԱՏՈՒՐԳԻԱՆ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ՀԱՆՐԱՀՌՉԱԿԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ/ Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ
Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «ԱՐՏԱՎԱԶԴ» մրցանակի դափնեկիր Սամվել ԽԱԼԱԹՅԱՆԸ
.
Ինչպե՞ս կբնութագրեք 2019 թատերական տարին:
Ս. ԽԱԼԱԹՅԱՆ — Նախորդ տարիների համեմատ 2019 թվականն ավելի արգասաբեր էր նոր, հաջողված բեմադրություններով, փառատոներով, որոնք նաև մարզային թատերական կյանքի աշխուժացմանը նպաստեցին: Այս գործում անուրանալի է Թատերական գործիչների միության ավանդը: Միությունն իր ակտիվ գործունեությամբ շահեկանորեն առանձնանում է հանրապետության ստեղծագործական մյուս միություններից:
Հայ թատերաշխարհն ըստ արժանվույն արձագանքեց Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 100-ամյա հոբելյաններին՝ տարբեր թատրոններում նոր բեմադրություններով: Դրանց մեծ մասը բարձրարվեստ ներկայացումներ են և, համոզված եմ, դեռ երկար կմնան խաղացանկերում:
Կարծում եմ տեղին ու ժամանակին էր արդի դրամատուրգիայի խնդիրներին ու հեռանկարներին նվիրված ՀԳՄ լիանիստը, որը տեղի ունեցավ մայիս ամսին: Նման քննարկումն անհրաժեշտ էր և է՛լ ավելի օգտակար կլինի, եթե շարունակություն ունենա՝ մասնակից դարձնելով նաև արդի ազգային ու համամարդկային թատերական արժեքներն ըստ արժանվույն ընկալող, գնահատող ու պահպանող բեմադրիչների:
2019-ում կարևորում եմ հատկապես մեր թատերախմբերի հյուրախաղերը՝ Սփյուռքում, և Սփյուռքի հայկական թատերախմբերի նոր բեմադրությունները՝ հայ դրամատուրգների գործերից: Միևնույն ժամանակ, նկատենք, որ Հայրենիք-Սփյուռք թատերական կամուրջն ավելի աշխույժ «երթևեկության» կարիք ունի:
2019 թվականը մեզ համար տարեգրական է Համազգային և Մնջախաղի թատրոններին շենքերով ապահովելու թնջուկի լուծման մեկնարկներով, Թբիլիսիի Պ. Ադամյանի անվան հայկական թատրոնի վերակառուցմամբ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից «Սև տուփ — Փոքր բեմի» ստեղծմամբ:
Անչափ ուրախալի էր, որ հայ դրամատուրգներից ոմանք թարգմանվեցին և իրենց գործերի տպագրությամբ ու դրանց բեմականացումներով ներկայացան արտերկրի հանրությանը: Սակայն նման դեպքերը՝ ներկայիս երկուստեք պահանջից ելնելով, անչափ քիչ են, և այդ կարևորագույն գործը համակարգման և հոգածության է կարոտ: Հայ արդի դրամատուգիան արտասահմանում հանրահռչակվելու անհրաժեշտություն ունի և դա, առաջին հերթին, բխում է ազգային մշակույթի շահերից: Իսկ ինչ մնում է մեզանում այդ գործի դրվածքին, ապա, տարիներ ի վեր, հայ դրամատուրգների մայրօջախը եղել և մնում է դրամատուրգ Կարինե Խոդիկյանի ստեղծածը՝ «Դրամատուրգիա» հանդեսը, որին արդեն փոխարինում է Tatron-drama.am կայքը: Ճիշտ է, «Արմավ», «Նարցիս» և այլ գրական-գեղարվեստական, մշակութային կայքերն էլ են պիեսներ տպագրում, բայց, խոստովանենք, որ հայ արդի թատերագրությունն ու թատերական գրախոսությունները համապարփակ ու համակողմանի արևերես դուրս բերելու մշակույթը դեռ լիովին չի ձևավորված:
Ինչպիսի՞ն էր անցնող տարին դրամատուրգ Սամվել Խալաթյանի համար:
Ս. ԽԱԼԱԹՅԱՆ — Տարին հոգսաշատ էր: Հոգսաշատ էր, ինչպես ամեն մի հայ մտավորականի համար, սկսած սոցիալական խնդիրներից, վերջացրած հասարակական կյանքում անընդմեջ տեղի ունեցող վայրիվերումներով, որոնց զգալի մասն ազգային լավագույն ավանդույթների և մշակույթի պահպանմանն ու պաշտպանման անխոտորելի դիրքին սպառնալիք են: Հայ ստեղծագործողը չի կարող անտարբեր լինել այդ հարցերին, չի կարող իր մտքի և հոգու մեջ կրկին ու կրկին չհունցել, ավաղ, Խորենացու ողբը:
2019-ին գրեցի չորս պիես, հրատարակեցի «Թվացյալ աշխարհի բնիկները» փոքրիկ ժողովածուն՝ ընդգրելով երեք թատերագրություն: Անկեղծորեն ուրախացա Վարշավայում լեհերեն հրատարակված «Հայ արդի դրամատուրգիա» անթոլոգիայում իմ և գրչընկերներիս գործերի լույս ընծայմամբ: Եվ, այդուամենայնիվ, չի լքում կպչուն այն ահազանգը, թե՝ «Ո՞վ այսուհետև պետք է հարգի մեր ուսումը, ո՞վ պետք է ուրախանա…»: Երևի ծերանո՞ւմ եմ: Տա Աստված, որ պատճառը սոսկ դա լինի:
Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:
Ս. ԽԱԼԱԹՅԱՆ — Մեր իրականությունում ամենախոցելի տեղը եղել և մնում է դրամատուրգ-թատրոն հարաբերությունը: Ուղղակի ասենք՝ դա գոյություն չունի: Փոխարենը կան դրամատուրգ-բեմադրող ռեժիսոր հարաբերություններ՝ յուրովի: Դրամատուրգը բեմադրիչի առջև աղքատ ազգականի կարգավիճակում է: Եվ դա ոչ այն պատճառով, որ բեմադրիչը մեծահարուստ է (տաղանդի իմաստով), այլ որ՝ բեմադրիչը հզոր է թատրոնն «իրենը լինելու» հանգամանքով:
Քննելով իրավիճակը, հավակնում եմ ասել, որ մեր թատրոնները չունեն խաղացանկային քաղաքականություն և այն իրականացնելու համակարգ, որոնք կյանքի պետք է կոչվեն ռեժիսորների կողմից, այլ ունեն ռեժիսորներ, որոնց կամքով է «շարժվում սայլը տեղից»՝ թատրոնի «քաղաքականությունը» բխեցնելով իրենց անձնական նախասիրություններից կամ ունակություններից:
Խոսելով դրամատուրգ-թատրոն հարաբերությունների մասին, անհնար է չխճճվել տնօրեն-գեղարվեստական ղեկավար-գլխավոր ռեժիսոր-գեղարվեստական խորհուրդ թնջուկի մեջ, քանզի այս խնդրի բազմաթիվ բաղադրիչներ դրան են կողմնորոշում և, որպես կանոն, հանգեցնում այն մտքին, որ մեր թատրոնների կառավարման համակարգը յոթ վերստով հեռու է բավարար լինելուց, և մեզ պետք է թատրոնի մասին Օ-ՐԵ՛ՆՔ: Միայն լավ օրենքի դեպքում կկարողանանք, ինչպես ռուսներն են ասում՝ «расставить точки над i»: Իսկ մինչ այդ, այս ու այնտեղ ունենք և կունենանք սոսկ դրվագային հաջողություններ, և ոչ թե՝ միջազգային հնչեղության ձգտող թատերարվեստ, որում արժանի տեղ կունենա նաև ազգային դրամատուրգիան:
Ամանորյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:
Ս. ԽԱԼԱԹՅԱՆ — Յուրաքանչյուրիս օջախում և հասարակության մեջ իսկական, ոչ լոզունգային սեր և համերաշխություն, բարեկեցություն: Երկրի խաղաղության պատվար Հայոց Բանակին՝ հզորություն: Մեզ՝ թացը չորից զատելու իմաստություն, արգասաբեր աշխատանք և ծնո՛ւնդ, ծնո՛ւնդ, ծնո՛ւնդ: Ծնունդ՝ վեհի և գեղեցիկի, մեծագործությունների, ծնունդ՝ 21-րդ դարի հայրենասեր հայորդու և Հայաստանի Հանրապետության քաղաքացու: