ԱՌԱՋԸՆԹԱՑ՝ ՆԱՀԱՆՋ ՏԱՐՈՒՄ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է դրամատուրգ, «ԱՐՏԱՎԱԶԴե մրցանակի դափնեկիր Սամվել ԿՈՍՅԱՆԸ
.
Ինչպե՞ս կբնութագրեք 2019 թատերական տարին:
Ս. ԿՈՍՅԱՆ — 2019-ի թատերական տարին, իմ տպավորությամբ, 2018-ի շարունակությունն էր և եթե օրացույցում 8-ը 9-ի չփոխվեր, բովանդակային առումով տարբերությունը նկատելի չէր լինի: Թատերական միջավայրից շատերը գուցե բազմաբնույթ փաստարկներով առարկեն, և այդ փաստարկների ճնշման տակ իրականությունն այլ շրջանակի մեջ երևա: Հնարավոր է, քանի որ թատերական կյանքի իրադարձություններին այնքան էլ մերձ չեմ եղել: Այդուհանդերձ, եթե նույնիսկ որակական ինչ-ինչ փոփոխություններ եղել են, ինչը մասնակի հաջողությունների տիրույթում է, ապա խաղացանկի ընտրության քաղաքականությունը չի փոխվել: Մեր թատրոնները նախկինի պես խուսափում են հայ ժամանակակից դրամատուրգների գործերը բեմադրելուց: Հատուկենտ բեմադրությունները եղանակ չեն ստեղծում: Պատճառաբանությունը նույնն է` լավ պիեսներ չկան: Ռեժիսորներից մեկը պարծենում էր, որ կարող է հեռախոսագիրքն էլ բեմադրել: Եթե այդպես է, մի՞թե «Դրամատուրգիաե հանդեսում տեղ գտած ավելի քան 400 պիեսից գոնե հարյուրը հնարավոր չէ բեմ բարձրացնել: Չէ՞ որ, ինչպես Կարինե Խոդիկյանը կասեր. «Չկա ազգային դրամատուրգիա, չկա ազգային թատրոնե: Եթե այդպես է, ապա 2019-ը իսկապես չի առանձնանում և շարունակվելու դեպքում, 2020-նն էլ նույնն է լինելու:
Ինչպիսի՞ն էր անցնող տարին դրամատուրգ Սամվել Կոսյանի համար:
Ս. ԿՈՍՅԱՆ — Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան թատրոնը տարվա իր թատերաշրջանը բացեց ըստ իմ «Կյանքը վանդակի կողքովե պիեսի՝ «Թռիչքե վերնագրով ներկայացմամբ: Ալավերդու քաղաքային թատրոնում կայացավ «Տերևի կամքը չհարցնելովե մոնոդրամայի առաջնախաղը: Անշուշտ, երևույթը գնահատելի է, եթե տարիներով իմ պիեսներից ոչինչ չի բեմադրվում: Սակայն մտահոգիչ է, որ այդ ամենն արվում է առանց հեղինակին տեղյակ պահելու: Ալավերդու քաղաքային թատրոնը մինչ այսօր էլ լուռ է, իսկ Գյումրիում բեմադրության մասին տեղեկանում ես առաջնախաղից ընդամենը մի քանի օր առաջ: Սկսում ես կասկածել, արդյո՞ք Սամվել Կոսյանը դու ես, այլ ոչ միջնադարի ինչ-որ հեղինակ:
Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:
Ս. ԿՈՍՅԱՆ — Նորություն չէ, առանց դրամատուրգիայի թատրոն չի կարող լինել, իսկ պիեսը, որպես գրական ժանր, կշարունակի իր գոյությունը: Տրամաբանությունը հուշում է, որ նման պարագայում թատրոններն առավել շահագրգիռ պիտի լինեն դրամատուրգներին իրենց կողմը ձգելու, իրենցով անելու: Մեզանում հակառակն է:
Մեզանում ստորադասվածը դրամատուրգներն են, ինչը հարաբերություններ որակելը անհամատեղելի է առողջ գործընթացի հետ: Բացակայում է գործնական երկխոսությունը և առաջնայինը շարունակում է մնալ գեղարվեստական ղեկավարների և բեմադրիչների ճաշակն ու քմահաճույքը, երբ թատրոնը երկխոսության արվեստ է ոչ միայն բեմի վրա, այլև մինչև բեմ հասնելը:
Ամանորյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:
Ս. ԿՈՍՅԱՆ — Թեև 2020-ը նահանջ տարի է, կուզենայի միայն առաջընթաց, թատերական նոր անակնկալներ և բեմադրություններ: Մաղթում եմ, որ նոր տարում մեզ առաջնորդի միայն բարությունն ու սերը և բոլորին հասանելի լինի երջանկության լույսն ու ջերմությունը: