ԸՆԹԵՐՑՈՂՆԵՐԸ ՎԱՅԵԼԵՆ ԲԱՐՁՐԱՐԺԵՔ ԹԱՏԵՐԳՈՒԹՅՈՒՆՆԵՐ…
Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է
դրամատուրգ Էլֆիք ԶՈՀՐԱԲՅԱՆԸ
.
Ինչպե՞ս կբնութագրեք 2019 թատերական տարին:
Է. Զոհրաբյան — 2019-ին դիտեցի հետաքրքիր ու անհետաքրքիր բազմաթիվ ներկայացումներ, առանձնացան հատկապես միջազգային մրցանակներով վերադարձած Նարինե Գրիգորյանի բեմադրությունները… Թատերական ոլորտում նկատվում է ակտիվություն: Հարուստ ենք շնորհաշատ դերասաններով, «փայլուն» ձեռքբերումներով ռեժիսորները շատ չեն, նկատելի է դրական շարժ, միջազգային կարևորություն ուներ նաև 5 հայ դրամատուրգի գործերի լեհերեն թարգմանվելը, մեկը՝ իմ «Սմբակներ» դրաման: Ուրախալի է, որ մեր հայ թատերագիրը հրավեր է ստանում լինելու միջազգային թատերական փառատոնի ժյուրիի պատվավոր անդամ և այլն:
Ինչպիսի՞ն էր անցնող տարին դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանի համար:
Է. Զոհրաբյան — Այս տարի տպագրվեց իմ պիեսների գիրքը «Թեթև տարեք» վերնագրով, մոտ 2 ամսվա մեջ գրախանութներից վաճառվեց 80 գիրք, ինչը պիեսների համար վատ ցուցանիշ չէ, իսկ Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնում իրար ետևից բեմադրվեցին իմ «Սե՞ր, թե՞ քուանշ» ռոմանտիկ կոմեդիան և «Սմբակներ» աբսուրդի դրաման, որոնք մասնագիտական ու հանդիսատեսի շրջանում անվանվեցին «թարմ ու նոր շունչ»: Ռուսաստանի տարբեր քաղաքների հայ համայնքներից գրում էին և խնդրում հեքիաթ-պիեսներս: Գյումրիում սկսվել է «Տիկին Սիրանույշ» մոնոդրամայի բեմադրական աշխատանքները: Որպես դրամատուրգ և հեքիաթագիր՝ բազմաթիվ հանդիպումներ ունեցա Հայաստանի տարբեր կրթօջախներում, բուհերում:
Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:
Է. Զոհրաբյան — Էլի կարող եմ դրական շարժ արձանագրել դրամատուրգ-թատրոն կենդանի հարաբերության մեջ, բայց միևնույն ժամանակ չխոստովանել, որ, այնուամենայնիվ, դեռ չունենք դրամատուրգ-բեմադրիչ առողջ համագործակցության մշակույթը: Բացառություններն օրինաչափություն չեն: Եթե բեմադրիչը հարգում է իր կառուցած միզանսցենը, պետք է նույն վերաբերմունքն ունենա և հեղինակի տեքստի նկատմամբ: 21-րդ դարի հայ դրամատուրգիան ժանրային առումով հարուստ է, ցանկության դեպքում հաստատ կարելի է գտնել մասնագիտական առումով հաջող պիեսներ: «Դրամատուրգիա» հանդեսի, իսկ այժմ կայքի առկայությունը հեշտացնում են արդի դրամաներ որոնել-գտնելու հարցը ևս…
Ամանորյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:
Է. Զոհրաբյան — Մաղթում եմ, որ 2020-ին թե՛ թատերական, թե՛ թատերագրական դաշտում մեծ առաջնաքայլեր ունենանք, թո՛ղ ընթերցողները վայելեն բարձրարժեք թատերգություններ: Աշխարհին՝ խաղաղություն, բոլորին՝ սեր, որպեսզի սիրո պակասից մարդը չչարանա…