ՁՄԵՌ ՊԱՊԸ ՄԵՂԱՎՈՐ ՉԷ

 

 

Tatron-drama.am-ի հարցերին պատասխանում է թատերագետ Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

 

Ինչպես կբնութագրեք  2019 թատերական տարին:

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Յուրաքանչյուր կենսահատված թատերական, գրական, երաժշտական թե քաղաքացիական լույսի ներքո մեկնաբանես, միևնույն է, այն ապրելատեղիդ բարոյահոգեբանական միջավայրով է պայմանավորված լինելու: Ուստի, եթե ընդհանուր երկրի կտրվածքով դիտարկենք, ապա կարելի է ասել, որ տարին ղեկավարության կողմնորոշումների, քսանամյա հնեցման սպասումով լցված հասարակության որոշ հիասթափությունների և այս երկուսի արանքում երբեմն պատահող ոգևորիչ իրադարձությունների ներքո անցավ: Բնականաբար, թատերական աշխարհի համար 2019-ը մեծագույն ձեռքբերում համարվելիք նորություն չբերեց: Միջազգային փառատոներ, հետաքրքիր կամ տպավորիչ առաջնախաղեր, նույնիսկ Մնջախաղի թատրոնի շենքի հարցի լուծումը եղավ: Բայց այս ամենով հանդերձ, ոգևորվածության տրամադրությունն է բացակայում թատերական մթնոլորտում: Մի տեսակ սովորականության անտարբերություն է զգացվում, ինչը լճացման նախանշանի կնմանի: Ափսոս, մեծացել ենք և ձանձրույթի մեղքը չենք կարող ձմեռ պապիի վրա գցել: Պետք է խոստովանենք՝ խնդիրը երևի թե բոլորիս մեջ է:

 

Իսկ ինչպիսի՞ն էր տարին թատերագետ Տիգրան Մարտիրոսյանի համար:

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Չէի ուզենա վատատեսական մտորումներով ընթերցողի նախատոնական տրամադրությունը պղտորել, բայց քաղքենիաբար ստել էլ չեմ կարող: Տարեսկզբից առայսօր ստիպված եմ ժամանակիս մեծ մասը տրամադրել կոպտորեն ոտնահարված սահմանադրական հիմնարար իրավունքիս վերականգմանը: Այսինչ կամ այնինչ ներկայացումը վերլուծելու փոխարեն, ճարահատյալ կռիվ տալ Տեղական ինքնակառավարման մարմնի և դատաիրավական համակարգի հետ, որպեսզի ինձ պարտադրվող անիրավունք մարդակերպի բախտին չարժանանամ: Հետևանքն այն է, որ ամբողջ տարվա ընթացքում ընդամենը չորս թատերախոսական (երկուսն էլ սևագրային էսքիզի վիճակում) և մեկ ծավալուն վերլուծական հոդված եմ հեղինակել: Այնպես որ, տարվա գիտաստեղծագործական բեղունությամբ պարծենալու առիթ առանձնապես չունեմ: Թող կասկածելի մշակութասիրության տեր պետական այրերն հպարտանան այն իրողությամբ, որ իրենց թերի աշխատանքի պատճառով երկրի ամենաակտիվ թատերական քննադատը միայն յոթ մասնագիտական հարցազրույց վարելու է ի վիճակի եղել:

 

Վերջին մի քանի տարիներին Ձեր մասնագիտական խնդիրների խնդիրն եք համարում թատերագիտական հարթակի բացակայությունը: Ինչպես տեսնում ենք, թատերագետներին այս տարի էլ չհաջողվեց այն ստեղծել: Ի՞նչը խոչընդոտեց:

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Այս հարցը ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հետ դեռ չեմ քննարկել, բայց մինչ այդ երկու տարբեր նախարարների և փոխնախարարների հետ եմ խոսել: Բոլորն էլ կարծես թե ընդունում էին թատերագիտության, մասնավորապես, թատերական քննադատության աշխատապայմանների կարևորությունը: Ավաղ, միայն բառային մակարդակում, որովհետև մենք դեռ չենք կարողանում բնագավառի պատասխանատուների մեծամասնությանը համոզելով հասկացնել մեր պահանջի բուն բնույթը: Առ այն՝ մեր պահանջած թատրոնի մասնագիտական կայք-հարթակը սոսկ մշակութային լրագրությանն առնչվող տիրույթ չէ, որին, դրամաշնորհով մի քանի միլիոն տալով, կարող են հարցը լուծված համարել: Պետք է թատերական քննադատությամբ զբաղվող թատերագետի համար նորմալ աշխատանքային պայմաններ ստեղծվեն, որ նա, իր վերլուծական հոդվածները գրելով, ֆինանսական խնդիրների առջև չկանգնի: Ինչպես դերասանների ու ռեժիսորների համար հաստիքներ ներառող երկու տասնյակի հասնող պետական թատրոններ կան, այդպես էլ՝ թող մի կառույց էլ թատերագետների համար ստեղծվի: Թատերագետներն էլ որպես թատերական գործիչներ վաստակել են պետական կարգավիճակի իրավունքը: Այլապես փաստացի ներկայումս Հայաստանում թատերագետին ապառիկով միայն գիրք են վաճառում: Մնում է հասկանալ, մենք՝ թատերագետնե՞րս իրենց համար մարդահաշիվ չենք, թե՞ ձեռքներն ընկած պաշտոնի երեսից իրենք են մարդկային որակներն անդառնալիորեն կորցրել: Ասեմ ավելին, ամենակոպիտ հաշվարկով տարեկան առավելագույնը երեսուն միլիոն դրամ է անհարժեշտ այդ կառույցի ստեղծման և կենսագործունեության համար: Նշածս թվի չակերտյալ մեծությունից սարսափող պատասխանատուները որ մի լա՜վ փնտրեն, պաշտոնատար անձանց և երեսփոխանների պարգևատրումների հողմապտույտի մեջ այդչափ գումար հաստատ կգտնեն: Լոկ այն պատճառով, որ թատրոնի ենթակառուցվածքային այս մասնագիտությունը չմեռնի՝ հանգեցնելով ճգնաժամային իրավիճակի: Երբ 21-րդ դարի երկրորդ տասնամյակի Հայ թատրոնի պատմությունն ու դրա շերտերը հետազոտել և գիտական աշխատանքի վերածել ցանկացողը ձեռքի տակ աղբյուրագիտական նյութեր գրեթե չի ունենում: Մարզային թատրոնների ներկայացումներն էլ շարունակում են թատերագիտական վերլուծությանը կարոտ մնալ: Արդեն երկրորդ տարին ԵԹԿՊԻ-ի թատերագիտական բաժնում դիմորդ չունենալն էլ՝ վրադիր: Այն դեպքում, երբ արվեստագետների հետ առաջին հանդիպման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մշակույթը երկրի անվտանգությանը վերաբերող բնագավառ էր համարում: Ապա ինչո՞ւ է ոմանց ջանքերով այդ ձևակերպումը պահի անհրաժեշտության թելադրանքով արտահայտված մտքի տպավորություն թողնում:

 

Ինչպե՞ս կբնութագրեիք դրամատուրգ և թատրոն հարաբերությունները, բնականաբար, մեր իրականությունում:

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Եթե թատերագետները թատրոնների կողմից որպես հարազատ թշնամիներ էին ընկալվում, ապա դրամատուրգներն էլ ոնց որ թե ոխերիմ բարեկամի կարգավիճակ ունեն: Ու այս հարաբերությունների թնջուկի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ մեկ-երկու միտք իրար կպցնել իմացող ամեն երրորդը գրականության ամենաբարդ տարատեսակի հավակնություններ է իրեն ներշնչում: Այն էլ, լավագույն դեպքում, դրամատուրգիայի մասին նախորդ դարավերջի թարմության պատկերացումներով: Մինչդեռ կյանքի փոփոխման արագությունը բազմապատիկ է ավելացել: Բնականաբար, այդ նույն կյանքի էսթետիկական վերարտադրության և գեղարվեստական մեկնաբանության կերպերը՝ ևս: Այդպիսով, ժամանակավրեպ արտահայտչականության թատերագրվածքներ ստեղծելով՝ թատրոններին գրավչությունից զուրկ կենսական նյութ են տալիս: Կարդում ես և համոզվում, որ հարևանիդ կատվի պոչն ավելի շատ ստեղծագործական ջիղ ունի, քան տվյալ պիեսի հեղինակի հիվանդագին երևակայությունը: Մյուս կողմից էլ, որոշ բեմադրիչների սնոբիստական հակումներն են իրենց մասին զգացնել տալիս: Այն է՝ իրենց ինքնօրինակ գաղափարական տեսլապատկերին միայն ու միայն այլազգի դասականներն են ընդունակ ձայնակցել: Ենթադրում եմ՝ անփառունակ հարաբերությունները քիչ առ քիչ մեղմել կարող է ռեժիսորի և դրամատուրգի համաստեղծագործական մոտեցումը: Իրար հետ միասին գրելու փորձը:

 

         Ամանօրյա Ձեր մաղթանքը կայքի ընթերցողներին:

Տ. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ — Ինքնահայեցման առջև դռները բացող սկզբունքային անկեղծություն կմաղթեմ: Որ երկու քսաններին միացնող հայելում անհասցե մենության բացակա ներկայությանը վարժվեն: Թե չէ, լռության անլվա ավելցուկը թղթին ի պահ տալուց առաջ աստծուց թափուր բախտացույցում գոյության գրավականը դիտավորյալ պատահականությամբ նմանակեղծելը կա ու կա:

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։