#Հաղթելու ենք. Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՄՌԱՎ ԼԵՌԱՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ

Տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 58-59.2019 համարում:

Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ

Անկախացած Հայաստանի բանակը դիցապես ծնվեց` երկրի ու երկնքի դղրդյուններով, հուր ու բոցերի մեջ: Ժամանակ է պետք անցնի, որ նրա դյուցազնարարումն ու աննախադեպ սխրագործությունները, ըստ արժանվույն, պատմական և գրական ասքի վերածվեն: Եթե այս ամենը 1000 տարի առաջ տեղի ունենար,
ապա մեր էպոսը հինգ ճյուղով կավանդվեր:
Այսօր էլ դեռ շարունակվում են նրա սխրանքները, և ամեն անցնող օր մի նոր հերոսական պատում է ավելացնում:
Ահա այդպիսի մի օրվա մասին է այս պիեսը:

ՄՌԱՎ ԼԵՌԱՆ ԼՈՒՍԱԲԱՑԸ
Դրամա մեկ գործողությամբ

Գործող անձինք
ԿԱՄՈ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — դասակի հրամանատար,
ավագ լեյտենանտ
ԱՐՇԱԿ ՄԵԼՔՈՆՅԱՆ — սերժանտ
Շարքայիններ`
ՆԱՐԵԿ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ԿԱՐԵՆ ՍԱՀՐԱԴՅԱՆ
ՍՈՒՐԵՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
ԱՇՈՒՐ ՊԵՏՐՈՎ
ԹԵՄՈՒՐ ԽՈՒԴՈՅԱՆ
ՌՈՒԲԵՆ ԱՆՏՈՆՅԱՆ
ՎԱՉԻԿ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Արշակի հայրը
ԽԱԹՈՒՆ — Թեմուրի սիրած աղջիկը
ՍԱՐՈ — Ռուբենի հայրը
ԼՈՒՍԻԿ — Ռուբենի մայրը
ԶՈՒՐԻԱ — Աշուրի մայրը
ԱԼԵՔՍԱՆ — Վաչիկի պապը
Պատանի ՎԱՉԻԿ
ՍԱԹԵՆԻԿ — Սուրենի մայրը
ԱՆԱՀԻՏ — դիպուկահար
ՋՈՒԴԻԹ — դիպուկահար (ձայնը)
ՍՐԲԱԶԱՆ
ԶԱԲԻԼ ԳՈՒՄԲԱՏՈՎ — թալիշ զինվոր
Էպիզոդում`
ԱՇՈՏ — Սուրենի հայրը
Պատանի ՍՈՒՐԵՆ
ՄԱՐՏԻՐՈՍ (ձայնը)
ԶԱԼՀԱ
Հոծախմբում` սևազգեստ կանայք, երկու ենթասպա
Մռավ լեռան պահակակետի փշալարով պատված տեղանք, որի ձախակողմում` խորքում թումբ կա: Դիմահայաց հեռվում բարձրաբերձ լեռներ են:
Բակի աջակողմում բլինդաժն է` երկհարկանի թախտերով, աթոռներով, սեղանիկով, պահարանիկով: Թախտերից խորքում` աջակողմում, դասակի հրամանատարի հարկաբաժինն է, որի մուտքը չի երևում:
Բակը կամ բլինդաժը լուսավորվում են` ըստ գործողության:
Բակը դանդաղ լուսավորվում է: Առավոտ է: Առժամանակ ոչ ոք չկա:
ՌՈՒԲԵՆ — (ձայնը): Կանգնիր: Ո՞վ է գալիս… Կանգնիր, ասում եմ, կկրակեմ… (Լսվում է փակաղակի շրխկոցը:)
Մտնում է սևազգեստ կինը, հայացքն անորոշ կետի` դանդաղ առաջանում է: Ռուբենը զենքը մարտական դիրքով պարզած` փորձում է կանգնեցնել նրան:
ՌՈՒԲԵՆ — Ո՞ւմ եմ ասում… այստեղ մուտքն արգելված է: Ե՛տ դարձեք, շո՛ւտ:
Կինը լուռ առաջանում է: Բլինդաժից դուրս է գալիս Արզումանյանը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (շուրջն արագ զննելով): Ի՞նչ ձայներ են… (Ռուբենին.) Ո՞ւմ հետ ես խոսում:
ՌՈՒԲԵՆ — Պարոն ավագ լեյտենանտ, ահա, այս կինը…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ի՞նչ կին:
ՌՈՒԲԵՆ — Սա: Հենց նոր իմ կողքով անցավ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (ժպտում է): Լավ է, որ զգոն ես, զինվոր, բայց այստեղ ոչ մի կին էլ չկա:
ՌՈՒԲԵՆ — Ո՞նց թե` չկա… Հրեն, գնում է… Անցած անգամ էլ ականապատված տեղանքով անցավ: Գոռացի, ասում եմ` մի արի, ականապատված է, բայց նրա հեչ վեջն էլ չէր…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Չկա, Ռուբեն, չկա… ուրվական է: Այս վայրերում այդպիսիք շատ կան:
ՌՈՒԲԵՆ — (երկյուղած): Ուրվակա՞ն… Ո՞նց` ուրվական…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Նրանք մեր զոհված զինվորների մայրերի հոգիներն են: Հին պատմություն կա` նահատակված զորավար Սուրբ Սարգիսի ու նրա Մարտիրոս որդու մասունքներով, Մռավի լեռների բարձրաբերձ 20 գագաթներից մեկի վրա, այս կողմերում, ուխտատեղի է եղել: Նահատակված քաջերի մայրերը եկել են այդ ուխտատեղին, աղոթել ու հանդիպել իրենց որդիների լույս դարձած հոգիներին: Երբ մայրերն աղոթել են` հրաշք է կատարվել, քաջերը վերածնվել են, համալրել բանակն ու ավելի զորեղացած կռվել են թշնամու դեմ: Տեղեկանալով այդ հրաշքի մասին, թշնամին դավադրաբար հիմնահատակ կործանել է ուխտատեղին: Այդ օրվանից որդեկորույս մայրերի հոգիները թափառում են Մռավի բարձունքներում, փնտրում են Սուրբ Սարգիսի ուխտատեղին, որ հանդիպեն իրենց որդիներին, վերածնեն նրանց, բայց… չեն գտնում:
ՌՈՒԲԵՆ — (ակամա խաչակնքում է): Հրամանատար, տե՛ս, խաչակնքեցի ու նա անհետացավ…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Նա չանհետացավ: Քո խաչակնքելը ընդունեց մաղթանք ու տեղափոխվեց լեռան մյուս գագաթների վրա: Մեր մայրերն էլ մաղթանքի կարիք ունեն: (Շրջվելով հեռացած կնոջ ուղղությամբ` խաչակնքում է:)
Մթնեցում:
Կեսօր: Բլինդաժում ջոկատի զինվորներն են` իրենց առօրյա գործերով:
ՍՈՒՐԵՆ — (տետրի էջը բարձր պահած` պաթետիկ կարդում է).
Չեմ մոռանա կյանքում ես քեզ,
Կարոտում եմ քո համբույրին,
Իմ զինվորի սիրտը հրկեզ,
Այրվում, տանջվում է… տանջվում է…
Ա՛յ, էստեղ հանգը չեմ գտնում…
ՎԱՉԻԿ — (համազգեստի օձիքը կարելով` սափրվող Նարեկին): Վեհափառ, մի հանգ հուշիր մալադոյին…
ՆԱՐԵԿ — Ոչ թե մալադոյ, այլ` երիտասարդ, իսկ տվյալ դեպքում` նորակոչիկ:
ՎԱՉԻԿ — Ներեցեք, պարոն Խաչատրյան, արդյոք բարի չե՞ք լինի հանգ հուշել տվյալ դեպքում նորակոչիկ երիտասարդին:
ԹԵՄՈՒՐ — (փոքր հայելին պահած` մատիտով բեղերն է ներկում): Հանգն ի՞նչ ա:
ՎԱՉԻԿ — Էդ էն ա, որ եզդիներդ «լո-լո, լո-լո» եք երգում` երկրորդ «լո-լոն» առաջինի հանգն է: (Բոլորը ծիծաղում են:) Վեհափառ, հանգ ասա, է՞, էս տղեն ձեռքից գնաց:
ՆԱՐԵԿ — (Վաչիկին): Սկզբից կարդա:
ՍՈՒՐԵՆ — Չեմ մոռանա
կյանքում ես քեզ,
Կարոտում եմ քո համբույրին,
Իմ զինվորի սիրտը հրկեզ
Այրվում, տանջվում է…
ՎԱՉԻԿ — (պաթետիկ): Այրում, տանջում է Սուրոյին: (Կրկին ծիծաղ:)
ՆԱՐԵԿ — Գրիր… (Հայացքը վեր հառած` հորինում է:) Քո հայացքի շողը հրկեզ… Քո հայացքի շողը հրկեզ… այրում, տանջում է զինվորին:
ՎԱՉԻԿ — Մալադեց, Վեհափառ, իզուր չէ, որ քեզ ճեմարանից վռնդել են:
ՆԱՐԵԿ — Չեն վռնդել, ե՛ս դուրս եկա:
ՍՈՒՐԵՆ — Դե լսեք`
Չեմ մոռանա կյանքում ես քեզ,
Կարոտում եմ քո համբույրին,
Քո հայացքի շողը հրկեզ,
Այրում, տանջում է զինվորին:
Հրա՜շք է, կկարդա ու կհալվի:
ԹԵՄՈՒՐ — Սուրիկ ջան, որ գրես, պրծնես, կտա՞ս իմ անունից Խաթունիս ուղարկեմ:
ՎԱՉԻԿ — Թեմուր, քո Խաթունը գլխի կընկնի, որ սա եզդու գրած չի, ավելի լավ է, դու Նարեկին մաղարիչ արա, թող քո անունից մի գրաբար ոտանավոր գրի:
Ծիծաղում են:
ՌՈՒԲԵՆ — (դռնից գլուխը ներս մտցնելով): Տղերք, ձեզ հավքեք, վաշտի հրամանատարն է գալիս: «Գազիկն» արդեն Մոշի տափ է հասել, ուր որ է` տեղ կհասնի:
ՎԱՉԻԿ — Թեմուր, թռի, կամանդիրին տեղեկացրու:
Թեմուրը դուրս է գնում, մյուսները շտապում են կարգի բերել իրենց ու տարածքը:
ՆԱՐԵԿ — Երևի շրջայց է:
ՍՈՒՐԵՆ — Շրջայց թե ստուգայց` կերևա քիչ անց, համբերությամբ կաց…
ՆԱՐԵԿ — Բա ասում ես` հանգ չեմ գտնո՞ւմ:
ՍՈՒՐԵՆ — Հրամկազմի համար` հանգ կա անհամար:
ՎԱՉԻԿ — Հերիք է խոսես, պահն է անհարմար:
ՍՈՒՐԵՆ — Մի՞թե լռելն է նպատակահարմար:
Ծիծաղում են: Մտնում են Կամո Արզումանյանը, Թեմուրը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Լրջացե՛ք: (Ստուգողական զննում է շուրջը: Արշակին:) Բլինդաժը կարգի բերեք, սեղանին ավելորդ իրեր չլինեն: (Սուրենին.) Օձիքդ կոճկիր, զինվոր: (Շտապում է դուրս:)
ՍՈՒՐԵՆ — (հոգոցով կոճկվում է): Էլի՛ իմ յախեն հավաքեց:
ՎԱՉԻԿ — Բա էլ ո՞ւմը, վեչնի քո դոշերն են բաց:
ՆԱՐԵԿ — Ոչ թե վեչնի, այլ հավերժ:
ԱՐՇԱԿ — Լավ, տղերք, դրա ժամանակը չի: (Մուտքին մոտենալով` սպասողական կանգնում է:)
Դրսից լսվում է արգելակող մեքենայի ձայն, խոսակցություններ: Դուռը բացվելուն պես` Արշակը ձգվում է:
ԱՐՇԱԿ — (պատվի առնելով): Ջո՜կ, զգա՛ստ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (ներս մտնելով): Թողնե՛լ:
ԱՐՇԱԿ — Թողնե՛լ:
Մտնում են քաղաքացիական հագուստով Մելքոնյանը, երկու ենթասպա:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (առաջանալով` ուշադիր զննում է զինվորներին, ապա շրջվում է իրեն հետևող Արզումանյանին): Բա ինքն ո՞ւր է:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Դուք ո՞ւմ եք փնտրում:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Գեներալի հրամանում գրած չէ՞ր:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Դուք հենց նոր տվեցիք, չհասցրեցի կարդալ:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (անշտապ աթոռի մաքրությունն է ստուգում, նստում է): Կարդա: (Արզումանյանը բացում է ձեռքի ծրարը, կարդում է, զսպելով շփոթմունքը` շփում է ճակատը:) Բա ինքն ո՞ւր է: (Արզումանյանը չի պատասխանում:) Ես քեզ եմ հարցնում, որտե՞ղ է տղաս:
ԱՐՇԱԿ — Այստեղ եմ: (Գլխահակ առաջանում է:)
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (զննում է Արշակին): Հալա քո տեսքին նայի՞… Էս ի՞նչ բանի ես, տղես: Քեզ չէի՞ ասել` կմոտենաս հրամանատարին, կասես, որ Մելքոնյանի տղան ես, որ քեզ չբարձրացնի էս չոլերը: (Արշակը, հայացքը գետնին` լուռ է:) Իրերդ հավաքիր: Կորպուսի շտաբում գրագիր կծառայես: Հրամանը բերել եմ: (Արշակը տեղից չի շարժվում:) Արագացրո՛ւ: (Ենթասպաներին.) Ախպեր, բանակ ես ուղարկում` չի լինում, չես ուղարկում` վաղը-մյուս օրը բարձր պաշտոնի չեն նշանակի, կասեն` բանակում ծառայած չի… (Արշակին.) Ի՞նչ ես կանգնել, արագացրո՛ւ, քեզ ենք սպասում:
ԱՐՇԱԿ — (գլուխը չբարձրացնելով): Ես ոչ մի տեղ չեմ գնա:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Ո՞նց թե` չես գնա: Հորդ չես ենթարկվո՞ւմ: Մնում ես էս չոլոների մոտ, որ ի՞նչ անես…
ԱՐՇԱԿ — Պա՛պ, նրանք իմ ընկերներն են…
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Ընկերներդ ե՞ն… Երբ բարով-խերով տուն կգաս, գործի կանցնես ու նրանք քո դեմ միտինգ կանեն, էն ժամանակ կհասկանաս` ընկերնե՞րդ են, թե՞ հակառակորդներդ… Մորդ աչքին քուն չի գալիս, գիշեր-ցերեկ մղկտում է: Բա որ քեզ մի բան պատահի, ի՞նչ ենք անելու… (Ենթասպաներին.) Ամեն ինչով ապահովել եմ, է՞, մի բանի պակաս չեմ թողել… (Արշակին.) Մինուճար տղես ես, էդքան արած-դրածս շան ու գելի բաժին դառնա՞… «Մերսեդեսն» էլ, յուղը վրեն, գարաժում կանգնած է, որ ետ գաս` կյանք վայելես: Արագացրու, սա քո տեղը չի:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ներեցեք, բայց… Մարտական հերթապահությունից զինվոր հանելու իրավունք չունեմ, նրան ո՞վ է փոխարինելու:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Դա քո պրոբլեմն է: Գեներալի կարգադրությունն է` սերժանտ Արշակ Մելքոնյանին, հետագա ծառայությունն անցկացնելու համար, գործուղել կորպուսի շտաբի տրամադրության տակ: Քո իրավունքն ու պարտականությունը բեզպրիկասլովնի կատարելն է:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Հերթապահության ժամկետը կլրանա, կիջնենք զորամաս, այն ժամանակ թող գործուղեն:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Այ տղա, ես Երևանից հասել եմ էս սարի կատարը, որ քո հեքիաթները լսե՞մ: Էդպես ե՞ք կատարում վերադասի հրամանը, էս կարգապահությամբ ե՞ք հսկում հայրենիքի սահմանը: (Արշակին.) Մի ցցվիր, գնա իրերդ վերցրու:
ԱՐՇԱԿ — Ես ոչ մի տեղ չեմ գնա:
Ենթասպաները լուռ դուրս են գնում, նրանց հետևում են ջոկի զինվորները:
Արշակը քայլ է անում դեպի հայրը, բայց կտրուկ շրջվում, դուրս է վազում:
Մնում են Արզումանյանն ու հապաղող, սրբիչն աննպատակ ծալող-բացող Կարենը:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (Արզումանյանին): Դո՞ւ ես անմիջական ղեկավարը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (մռայլ): Ես եմ:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Էս է՞ ձեր դաստիարակած զինվորը… Էդ ի՞նչ մեթոդներով եք դաստիարակել, որ հորն էլ չի լսում… Գնա, կարգադրի, որ նստի մեքենան, իսկ ձեր ստեղծած բարոյահոգեբանական մթնոլորտի մասին առանձին խոսակցություն կլինի: Գնա, ազատ ես:
Արզումանյանը տեղից չի շարժվում:
ԿԱՐԵՆ — Կներեք, պարոն Մելքոնյան, կարելի է՞ իմանալ, դուք ի՞նչ պաշտոն եք զբաղեցնում:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (արհամարհական): Կարելի է: Ես, տղա ջան, սննդարդյունաբերության հիմնարկներից բանակին մթերք մատակարարող մենեջերական վարչության պետն եմ: Քաղաքացիական պաշտոն է, բայց առանց ինձ բանակը չի գոյատևի: Որ հետաքրքրվես` կիմանաս:
ԿԱՐԵՆ — Առանց հետաքրքրվելու էլ գիտեմ: Հայրս ձեր համակարգում է աշխատում, լավ գիտեմ:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (հայացքը լարելով): Հա՞յրդ… Ո՞ւմ տղան ես: Ոչ մեկին նմանություն չեմ տալիս:
ԿԱՐԵՆ — Սահրադյանի տղան եմ:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Ցոլակ Օգանեսիչի՞:
ԿԱՐԵՆ — Այո:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Վա՜յ, տղա ջան… Իսկը` Օգանեսիչի քթից թռած: Ո՞նց տեղը չբերի… Վա՛յ, քո ցավը տանեմ: (Ուզում է գրկել, Կարենը խույս է տալիս:) Պապադ իմ անմիջական շեֆն է, մեռնեմ քեզ, մենք հո օտար չե՞նք… Բա էստեղ ի՞նչ ես անում…
ԿԱՐԵՆ — Ծառայում եմ, ինչպես բոլորը:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Օգանեսիչը տեղյա՞կ է, որտեղ ես ծառայում:
ԿԱՐԵՆ — Իհարկե տեղյակ է:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Տեղյակ է՞, որ պոստի ես կանգնում:
ԿԱՐԵՆ — Տեղյակ է:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Երևում է, լավ չի պատկերացրել, Ցոլակիչ ջան, սա ձեր տեղը չի: Հավաքվի, դու էլ արի, ում որ պետք է` կասեմ, երկուսիդ էլ կորպուսում կտեղավորեն: Հենց հիմա զանգեմ… (Գրպանից հանում է բջջային հեռախոսը:)
ԿԱՐԵՆ — Պետք չի: Ես ինձ այստեղ լավ եմ զգում:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Էս բնո՞ւմ, կրակոցների տա՞կ…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (զգաստ դիրք ընդունելով, ազդու): Պարոն Մելքոնյան, խնդրում եմ ազատել պահակակետը: Կողմնակի անձանց մուտքն այստեղ արգելված է:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Էդ ե՞ս եմ կողմնակի անձ…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Դո՛ւք: Անմիջապես ետ գնացեք, հակառակ դեպքում ստիպված կլինեմ ձերբակալել ձեզ:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Ո՞ւմ, այ խրամատի կռիս, Մելքոնյանին ձերբակալե՞ս… Դու գիտե՞ս, ես ով եմ, ի՞նչ մարդ եմ, ի՛նչ դիրք եմ զբաղեցնո՜ւմ…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Այստեղ միայն մի դիրք կա` սահմանը:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Էս չի՞ քո սահմանն ու դիրքը` մի քոսոտ բուն, ծիտն էլ ներս չէր մտնի:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Խնդրում եմ լքել պահակակետը:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Նախ` ասածս արա, Արշակին հրամայիր` մեքենան նստի:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (ձեռքն ատրճանակի պատյանին դնելով): Դո՛ւրս եկեք:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — Ի՛-յա՜… դու իմ վրա պիստալետ քաշե՞ս…. ես քեզ դիրք ցույց կտամ… (Բարձրացնում է աթոռակն ու նույն պահին, ինքնաձիգը ձեռքին, նրա դեմը կտրում է Կարենը:)
ԿԱՐԵՆ — Հանգի՛ստ: (Մելքոնյանն, ընկրկելով, աթոռը ցած է դնում:) Դուրս եկեք բլինդաժից:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (պիջակն ուղղելով, զայրույթը` զսպած): Լավ չես անում, Ցոլակիչ… հորդ հետ մի փութ աղ ու հաց ենք կերել… հեչ լավ չես անում… Ես… էս մասին կպատմեմ հորդ… (Ուղղվում է դեպի ելքը:)
ԿԱՐԵՆ — (զենքով նրան ուղեկցելով): Չմոռանաք, նրա մոտ գնալիս աշխատանքից ազատվելու դիմումն էլ կտանեք:
ՄԵԼՔՈՆՅԱՆ — (դռան մոտ շրջվում է: Թունոտ): Լակո՛տ:
Բորբոքվելով` Կարենը լիցքավորում է զենքը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Թողնե՛լ: (Կարենը քարանում է:) Շարքային Սահրադյան, իջեցրեք զենքը: Երեք քայլ` ե՛տ, մա՛րշ:
Կարենը ենթարկվում է: Մթնեցում:
Բակը: Արևամուտ է: Ձախակողմյան թմբին, կողք-կողքի, պառկած են Անահիտը և Աշուրը:
ԱՆԱՀԻՏ — (հրացանի դիտակով դիմացի սարերը զննելով): Դանդաղ, շատ դանդաղ վեր բարձրացրու: (Աշուրը դանդաղ բարձրացնում է զինվորի սաղավարտով խրտվիլակը: Սպասում են:) Էս ո՞ւր է էդ ճպուռը… (Աշուրին.) Շարժի՛ր: (Աշուրն աջ ու ձախ է թեքում խրտվիլակը և նույն վայրկյանին` կրակոցի որոտ, սուրացող գնդակի սուլոց:) Ահա՜, հայտնվեց խանումը… (Զննելուց չկտրվելով` Աշուրին:) Ցած իջեցրու, ի՞նչ ես սառել:
ԱՇՈՒՐ — (խրտվիլակը պառկեցնելով): Խփե՞ց որ…
ԱՆԱՀԻՏ — Նա փըստ եկողներից չի:
ԱՇՈՒՐ — Ի՞նչ գիտես:
ԱՆԱՀԻՏ — Գիտեմ: Ֆինլանդիայում դիպուկահարների միջազգային մրցումներում ենք հանդիպել:
ԱՇՈՒՐ — Բա որ փըստ եկողը չի, ո՞նց Աշոտին չխփեց, ուսն էր վիրավորել:
ԱՆԱՀԻՏ — Որովհետև տեղանքը լավ չէր ուսումնասիրել ու չգիտեր, որ իրիկնադեմին էս տեղանքում քամոտ է:
ԱՇՈՒՐ — Քամին ազդո՞ւմ է…
ԱՆԱՀԻՏ — Էն էլ ո՜նց: Բարձրացրու: (Աշուրը կրկին բարձրացնում է խրտվիլակն ու կրակոցի որոտի հետ վայր է գցում ձեռքից:) Տեսա՞ր, որ խփեց: Ետ քաշվիր: Հանգիստ, առանց վեր ցցվելու:
Երկուսով զգուշավոր ետսող են տալիս ներքև ու թմբով պաշտպանված` նստում են: Համրաքայլ հայտնվում է սևազգեստ կինը:
ԱՇՈՒՐ — Որդեկորույս մայր է: Խաչակնքիր: (Արագ խաչակնքում է:)
ԱՆԱՀԻՏ — (խաչակնքելով): Աստված աղոթքդ լսի, մա՛յր:
Կինը մոտենում, կանգ է առնում, ակնդետ նայում է նրանց: Անահիտն ու Աշուրը կրկին խաչակնքվում են: Կինը չի հեռանում:
ԱՆԱՀԻՏ — Դու ուզում ես բա՞ն ասել, մայր…
Կինը շրջվում, հեռանում է:
ԱՆԱՀԻՏ — (հայացքը հեռացող կնոջից չկտրելով): Նրանք ամենուր են: Ես շատ եմ տեսել նրանց:
ԱՇՈՒՐ — Բոլոր պահակակետերում եղե՞լ ես:
ԱՆԱՀԻՏ — Ո՞նց ասեմ… Որտեղ հարկ է եղել:
ԱՇՈՒՐ — Դո՞ւ ես լավ սնայպեր, թե՞ էդ ճպուռը:
ԱՆԱՀԻՏ — (ծիծաղում է): Մի քիչ համբերի` պարզ կդառնա:
ԱՇՈՒՐ — Երկրորդ դասակի Արթուրին նա՞ էր խփել:
ԱՆԱՀԻՏ — (հոգոցով): Մենակ Արթուրի՞ն…
ԱՇՈՒՐ — Սրանց հրադադար պահպանելը դիվերսանտի ու սնայպերի կռիվն է: Մարտի դաշտում նապաստակից արագ են փախչում:
ԱՆԱՀԻՏ — Գիտե՞ս, Կոմանդոսն ինչ է ասել:
ԱՇՈՒՐ — Ի՞նչ է ասել:
ԱՆԱՀԻՏ — Ասել է` թուրքին վազել սովորեցրինք, բայց որ համը հանեն` լողալ էլ կսովորեցնենք:
ԱՇՈՒՐ — (կողքին ինչ-որ բան նկատելով` ձեռքերով հողը ետ է տալիս): Անահի՛տ… այ քեզ բան… Անահիտ, արի, արի տես, ինչ գտա:
ԱՆԱՀԻՏ — Զգույշ, ական կլինի: (Կորացած մոտենում է:)
ԱՇՈՒՐ — Չէ, ի՞նչ ական, հալա տես…
ԱՆԱՀԻՏ — (զարմացած): Խաչքար է:
Երկուսով հողից ազատում են խոյակը:
ԱՇՈՒՐ — Տեսնես ո՞վ է բերել, էս սարի ծերին թաղել:
ԱՆԱՀԻՏ — Խելո՛ք, չեն բերել-թաղել: Ուրեմն, շատ հնում էստեղ` սարի կատարին, սրբատեղի է եղել:
ԱՇՈՒՐ — Հա, էլի… Բեր կանգնեցնենք:
ԱՆԱՀԻՏ — Վատ միտք չի:
Քարն ազատելով հողից, սկսում են հրել թումբն ի վեր:
ԱՆԱՀԻՏ — Ով գիտի, քանի դար առաջ են քանդակել:
ԱՇՈՒՐ — Բա քանի՜-քանիսն են ուխտի եկել, մոմ վառել:
Հակառակորդի նշանառուից զգուշանալով, պառկած դիրքից ճիգ գործադրելով` խաչքարը կանգնեցնում են` երեսով դեպի լեռնագագաթները:
ԱՇՈՒՐ — Ազերիներն ասում են` սա մեր պապենական հողերն են: Բա էս խաչքարի սերմը ծիտն է՞ բերել, սարի կատարին գցել, որ բուսնել է:
ԱՆԱՀԻՏ — Աջ կողմի տակը մի քար դիր, որ չօրորվի: (Աշուրն ամրացնում է:) Պրծա՞ր… Դե ետ սողա: (Աշուրը ետ է սահում:)
Պատսպարվելով խաչքարի ետևում` Անահիտը հրացանի դիտակով վերսկսում է լեռնալանջերը զննելը: Բջջային հեռախոսի անսպասելի զանգից ցնցվում է:
ԱՆԱՀԻՏ — Է՛ս ո՞վ է… (Գրպանից հանում, նայում է էկրանին:) Անծանոթ համար է… (Հեռախոսը շարունակում է զանգել:)
ԱՇՈՒՐ — Միացրու, կարող է շտապ պետք ես, որ զանգում են:
ԱՆԱՀԻՏ — Մարտական դիրքում հեռախոսով խոսելն արգելված է: (Մեղավոր:) Մոռացել էի անջատել…
ԱՇՈՒՐ — Բարձրախոսն էլ միացրու, որ պատժելու լինեն, կասես` Աշուրը ինձ կասկածեց, ստիպված միացրի, որ իմանա` թշնամի չի զանգողը:
ԱՆԱՀԻՏ — (տատանվելով` միացնում է): Լսում եմ:
ՋՈՒԴԻԹ — (հեռախոսից): Армяншка, это ты?
ԱՆԱՀԻՏ — (հապաղելով): Ես եմ, ճպուռ… Իմ հեռախոսի համարը քեզ որտեղի՞ց…
ՋՈՒԴԻԹ — Վատ հետախույզ ես: Ֆինլանդիայում մրցումների մասնակիցների ցուցակից վերցրի: Ես գիտեի, որ ուշ թե շուտ` դու ես ցցվելու դեմս: Կտակդ գրել ե՞ս, քած, հեռախոսդ ինձ հիշատակ կթողնե՞ս:
ԱՆԱՀԻՏ — Դեռ հարց է, ով` ում… Խփիր, թե կարող ես:
ՋՈՒԴԻԹ — Հերոս ե՞ս ձևանում: Էդքան դուխով ես` խաչքարի տակ կուչ մի արի, տեղդ փոխի, ես խաչքարի վրա կրակողը չեմ:
ԱՆԱՀԻՏ — Էդ ո՞ր օրվանից բարեպաշտ դարձար, թուրք:
ՋՈՒԴԻԹ — Ես ասորի եմ:
ԱՇՈՒՐ — (անակնկալի եկած): Ասորի՞… ո՞նց թե… Չի կարող պատահել: (Անահիտից ճանկում է հեռախոսը, գոռում:) Մանիլե, կախպա… («Ո՞վ ես դու, աղջի՜…»):
ՋՈՒԴԻԹ — Բա դո՞ւ ով ես:
ԱՇՈՒՐ — Ես Աշուրն եմ, ասորի, քիչ առաջ կրակում էիր ինձ վրա:
ՋՈՒԴԻԹ — Աշո՞ւր, ասորի՞… կրակո՞ւմ էի… Դա խի թուխ, ախունի: («Հո չե՞մ վիրավորել, եղբայրս…»:)
ԱՇՈՒՐ — Չէ, չես վիրավորել… (Կարճ դադար:) Սպանել ես:
ՋՈՒԴԻԹ — (թախանձանքով): Էդպես մի ասա, եղբայրս…
ԱՇՈՒՐ — Ե՞ս եմ քո եղբայրը… Գիտե՞ս, քանի եղբայր, քույր, հայր ու մայր ունես Հայաստանում, որոնց վրա կրակում ես:
ՋՈՒԴԻԹ — Ախր, դու ի՞նչ ես անում այդտեղ:
ԱՇՈՒՐ — Անհավատներից իմ երկիրն եմ պաշտպանում… Իսկ դո՞ւ ինչ ես անում այդտեղ, հայ, ասորի, եզդի, հույն սպանելով` ավտո առա՞ր, սեփական դղյակ ունե՞ս…
ՋՈՒԴԻԹ — (ճչում է): Աշուր, մի՛ ասա՜… Սա պատերազմ է, ռազմաճակատ է… Այստեղ կրակում են իրար…
ԱՇՈՒՐ — Ճիշտ ես ասում: Սա պատերազմ է, կրակում են իրար… Դե՛, կրակիր, կրակի՛ր… (Հեռախոսն անջատելով` շպրտում է մի կողմ և ողջ հասակով կանգնելով` գոչում:) Կրակի՛ր…
ԱՆԱՀԻՏ — (նրա փեշից կախ ընկնելով` ճչում է): Էս ի՞նչ ես անո՜ւմ…
ԱՇՈՒՐ — Թո՛ղ, Անահիտ, թո՜ղ…

Անահիտը սայթաքելով ոտքի է կանգնում, թիկունքով պատսպարում է նրան: Լարված, քարացած կանգնում են:
Կրակոց: Մթնող երկնքում կամարվում է լուսածիր հրթիռի հետքը:
Հայացքները հառած հրթիռին` թուլացած նստում են:
Անահիտը կծկվում, հեկեկում է:

ԱՇՈՒՐ — (թմբից իջնելով, իրեն վերագտած): Ցած իջիր, վտանգավոր է:
ԱՆԱՀԻՏ — (աչքերը սրբելով ոտքի է ելնում): Նա գնաց… էլ չի գա… (Գոտկատեղից հանելով հրթիռանետ ատրճանակը` կրակում է:)
Երկինքը կրկին լուսավորվում է հրթիռով:
Մթնեցում:
Ուշ երեկո: Թույլ լուսավորված բլինդաժում Նարեկը, Կարենը, Սուրենը քնած են: Բարձին թեք ընկած Արշակը մտքերի մեջ է: Առույգության հերթափոխի զինվորները` Աշուրը, Թեմուրը, Ռուբենը, Վաչիկը սեղանի շուրջ թուղթ են խաղում:
ՎԱՉԻԿ — (քարտը դնելով): Բլոտ: (Կրած քարտերն իրեն քաշելով` նոր խաղաքարտ է դնում:) Ռե-բլոտ:
ՌՈՒԲԵՆ — (Արշակին): Պառկի, այ ախպեր, ինչի՞ ես նստել: Մի ժամից հերթափոխվում ենք:
ԱՐՇԱԿ — Քունս չի տանում:
ԱՇՈՒՐ — Քեզ մի տանջի: Կյանքում ամեն ինչ լինում է:
ԱՐՇԱԿ — (հոգոցով): Ասում ես, էլի…
ՌՈՒԲԵՆ — Կոզրը ո՞րն էր:
ԹԵՄՈՒՐ — (խաղաթղթով քայլ անելով): Սիրտը:
ԱՇՈՒՐ — Փոքր էի, հորաքույրս հորս անընդհատ ասում էր` Հայաստանում պատերազմի վտանգ կա, մենք ասորի ենք, սա մեր հայրենիքը չի, Աշուրին ուղարկենք մեր եղբոր մոտ` Կրասնոդար, Ռուսաստանի քաղաքացիություն դասավորենք… (Խաղընկերներին.) Թերզ… Լուսահոգի պատմաբան մայրս դեմ կանգնեց` Ասորական պետության վերացումից հետո, ասաց, արդեն 2500 տարի մենք հայերի հետ եղբայր ենք: Թուրքերը մեզ էլ կոտորեցին, իսկ հայերը իրենց հայրենիքում մեզ տեղ տվին: Հայաստանն է մեր հայրենիքը: Մեր պապերի հոգիները մեզ չեն ների, որ Հայաստանից փախչենք: (Խաղաթղթերը ընկերներին ցույց տալով:) Էս իմ թերզը… Էնպես, որ… Սիրտդ շուռ մի բեր, Արշակ ջան, ծնող են, ամեն մեկն իր ձևով անհանգստանում է, սիրտները ցավում է, ամեն օր Աստծուն աղոթում են մեզ համար: Նրանց էլ հասկանալ է պետք:
ԹԵՄՈՒՐ — Աշուր ջան, ասորիներդ մահմեդակա՞ն եք:
ԱՇՈՒՐ — (վիրավորված): Մահմեդականը դու ես, մենք քրիստոնյա ենք:
ԹԵՄՈՒՐ — Էդ ինչի՞ նեղացար որ… Համ էլ եզդին քուրդ չի, եզդին թուրք չի, եզդին մուսուլման չի, եզդին արևապաշտ ա:
ԱՇՈՒՐ — (զարմացած): Լո՞ւրջ:
ԹԵՄՈՒՐ — Մալաքե Տաուզը վկա:
ԱՇՈՒՐ — Տաո՞ւզն ով է:
ԹԵՄՈՒՐ — Էնի մեծ Աստված ա:
ԱՇՈՒՐ — (նկատելով, որ Արշակը քնել է, կիսաձայն): Լավ, հետո կխոսենք, թող քնի, մեղք է:
Դանդաղ մթնեցում:
Հովվերգական մեղմ երաժշտության ներքո լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին, ապա` նստած Խաթունին, նրա ուսերը գրկած Թեմուրին:
ԽԱԹՈՒՆ — Երբ բանակից ետ գաս, ես արդեն 9-րդ դասարանում կսովորեմ:
ԹԵՄՈՒՐ — Չէ, 8-ից բուժքույրական գնա: Գյուղը բուժքույր չունի, առանց դեղ-դարմանի մնա՞նք:
ԽԱԹՈՒՆ — (հոգոցով): Մեր գյուղում թեկուզ գիտնական ըլնես, էլի ոչխար կթելն ու բուրդ գզելն է գործդ:
ԹԵՄՈՒՐ — Դրանից լավ էլ ի՞նչ կա:
ԽԱԹՈՒՆ — Բա որ գնաս բանակ ու ինձ մարդի տան:
ԹԵՄՈՒՐ — Չեմ թողնի, կգամ ու կփախցնեմ:
ԽԱԹՈՒՆ — (զվարթանում է): Ճի՞շտ… Ինձ է՞լ կտանես բանակ: (Թեմուրը լուռ է:) Ինձ քեզ հետ բանակ կտանե՞ս… Թեմուր, արի փախչենք Թիֆլիս:
ԹԵՄՈՒՐ — Գնանք, ի՞նչ անենք:
ԽԱԹՈՒՆ — Դու բանվորություն կանես, ես հավաքարար կաշխատեմ: (Երազկոտ:) Իրիկունները կգնանք սադ, մարոժնի կուտենք, կարուսել կնստենք:
ԹԵՄՈՒՐ — Գնամ բանակ, ետ գամ` կմտածենք:
ԽԱԹՈՒՆ — Փախչենք Թիֆլիս, որ քեզ բանակ չտանեն:
ԹԵՄՈՒՐ — Էդ ինչե՞ր ես ասում… Հորս պապը Մովսես Սիլիկյանի բանակում, հայի հետ Սարդարապատում կռիվ ա տվել: Մեր պապերի հոգիները մեզ չեն ների, որ Հայաստանից փախչենք:
ԽԱԹՈՒՆ — Էս ինչքա՜ն շատ բան գիտես, Թեմուր ջան…
Դանդաղ մթնեցում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին, ասես փնտրում, գտնում է ներս մտած Սրբազանին:
ՆԱՐԵԿ — (ընդառաջ վազելով): Սրբազան հայր… (Խոնարհվում, համբուրում է աջը:) Աստված օգնական, Սրբազան հայր:
ՍՐԲԱԶԱՆ — (ափը դնելով նրա գլխին): Աստված պահապան, զավակս:
ՆԱՐԵԿ — Սրբազան հայր, դուք ինչո՞ւ եք այստեղ: Սա մարտական պարեկություն է:
ՍՐԲԱԶԱՆ — Սուրը խաչի հետ ավելի զորավոր է, տղաս:
ՆԱՐԵԿ — Ճեմարանում ինչպե՞ս են:
ՍՐԲԱԶԱՆ — Փառք Աստծո, ամենն էլ ողջ, առողջ են, աղոթում ենք հայոց բանակի համար: Նարեկ, տղաս, դու ինչո՞ւ թողեցիր ճեմարանը, չէ՞ որ երազում էիր կուսակրոն դառնալ:
ՆԱՐԵԿ — Սրբազան հայր, ես երազում էի նմանվել Ղևոնդ երեցին, բայց Մոնթեն ավելի մոտ եղավ իմ հոգուն:
ՍՐԲԱԶԱՆ — Աստված օրհնի քեզ, տղաս:
ՆԱՐԵԿ — Սրբազան հայր, այստեղից ոչ հեռու մեր զինվորները հողի մեջ խաչքար գտան և կրկին խոյացրին այն:
ՍՐԲԱԶԱՆ — Տեղյակ եմ, տղաս: Որդեկորույս մայրերն ինձ լուր տվին այդ մասին: Ես նրանց խնդրանքով եկա:
ՆԱՐԵԿ — Նրանք Մայր Աթո՞ռ էին եկել:
ՍՐԲԱԶԱՆ — Նրանք ինձ երազ եկան, տղաս: Այդ խաչքարը Ատենահաս Սուրբ Սարգիսի և նրա Մարտիրոս որդու մասունքների վրա կառուցված հինավուրց սրբավայրի մի բեկորն է: Խաչքարը կրկին օծելու եկա:
ՆԱՐԵԿ — Այս կեսգիշերի՞ն:
ՍՐԲԱԶԱՆ — Մի՞թե օրհնության կամ աղոթքի համար ժամ է սահմանված, տղաս:
ՆԱՐԵԿ — (ծնկի իջնելով): Հաղորդություն տուր ինձ, Սրբազան…
Մթնեցում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին, ապա` գլխահակ նստած, մտքերի մեջ խորասուզված տղամարդուն: Նրա առջև Կարենն է կանգնած:
ՏՂԱՄԱՐԴ — (խիստ): Քեզ չէի՞ ասել, որ կմոտենաս հրամանատարին ու կասես, որ Ցոլակ Օգանեսիչի տղան ես, քեզ չբարձրացնի էս չոլերը:
ԿԱՐԵՆ — (շվարած): Հայրիկ… Հայրիկ, բայց դու…
ՏՂԱՄԱՐԴ — Հարցիս պատասխանիր:
ԿԱՐԵՆ — Հայրիկ, դու այդպիսի բան չես ասել, ընդհակառակը…
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ` ընդհակառակը:
ԿԱՐԵՆ — Դա Արշակ Մելքոնյանի հայրն է նրան ասել… Մելքոնյանին դու լավ գիտես, քո ենթակայությամբ է աշխատում: Եկել էր, ուզում էր Արշակին տանել ու հենց այդ խոսքերն էր ասում: Իսկ դու ինձ պատմել ես, որ քո հայրը` մշեցի Հովհաննեսը, ֆիդայի է եղել: Պատմել ես, որ ինքդ էլ ազատամարտիկ էիր, ընկերներիդ հետ, Կոմանդոսի հրամանատարությամբ գրավել եք Շուշին… Դու ասում էիր, որ ամեն մի հայ տղամարդ պարտավոր է զինվոր լինել…
ՏՂԱՄԱՐԴ — (ցասկոտ ոտքի է ելնում` Մելքոնյանն է): Լակո՛տ, էդ հեքիաթներո՞վ ես իմ տղուն խելքից հանել… (Ատրճանակը հանելով:) Բոլորիդ կսատկացնե՛մ…
Ակնթարթորեն հայտնված Արշակը մարմնով պատսպարում է Կարենին:
ԱՐՇԱԿ — Պա՛պ, նրանք իմ ընկերներն են…
Կրակոց: Մահացու վիրավորված Արշակը թուլացած ցած է սահում:
Մելքոնյանն անմարդկային բղավոցով ցած է գցում ատրճանակն ու փլվում ծնկներին:
Մթնեցում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին, ապա լուսավորում երկարաճիտքները հագնող Սարոյին, նրա դիմաց կանգնած Ռուբենին, ամուսնու պիջակն ու վերնաշապիկը սպասողական բռնած Լուսիկին:
ՍԱՐՈ — (վրդովմունքով, նյարդային): Ասում են` Արջասարում ոսկի ենք հայտնաբերել, ուզում ենք հանք բացել… Էդ ոսկու տեղը մեր պապերն էլ գիտեին, բայց Արջասարի վրա ձեռք չբարձրացրին: Ձեռք չտվին, որովհետև Արջասարը մենակ սար չի, տասներկու աղբյուրի ակունք ա, տանձուտի ու խնձորուտի, սերկևիլի, մասուրի, մոշի ու հոնի, բլդրղանի ու իծկոտի, սրոհունդի, դաղձի, ուրցի շտեմարան ա… Եղնիկի, արջի, նապաստակի, հազար ու մի թևավորի բնակալ ա… Դրանք ոսկի չե՞ն, անհատնում, իրանցով բազմացող բուռ-բուռ ոսկի… (Կնոջից վերցնելով վերնաշապիկը, հագնում է:)
ՌՈՒԲԵՆ — Իզուր ես տաքացել: Կոմբինատ կկառուցեն, աշխատատեղեր կբացվեն, մեր գյուղացիք գործազուրկ չեն մնա, չեն արտագաղթի, կաշխատեն հանքում ու կոմբինատում:
ՍԱՐՈ — Դու էլ ես էդ խելքին, հա՞… Այ բալա ջան, գյուղացին ինչո՞ւ պիտի գործազուրկ լինի: Գյուղացու գործատեղն իր դաշտն ու հանդն է, գործը` վար ու ցանքը: Աշխարհն էլ որ գործազուրկ դառնա, գյուղացին իրավունք չունի ասի` ես գործազուրկ եմ: Ուրեմն` ծույլ է ու անբան: Արտագաղթեցին, դրա համար էլ մեր շեն արտերը խոպան են դարձել, հանդերը փուշ ու տատասկով են պատվել: Հայրենիքը կարոտելու համար չի, անտառը անխնա ոչնչացնելու, սարերն ավերակելու, հողն ամայացնելու համար չի… Գյուղացուն բանվոր կդարձնես ու վաղը, մյուս օրը հանքը կփակվի, գյուղն էլ կվերանա: Էդ մասին մտածո՞ւմ եք… Սրա՜նց տես, Արջասարում հանք են բացում… Հանք են բացում ու ինձ` Արջասարի անտառապահիս, որ էդ անտառի զավակն եմ ու տերը, հաթաթա են տալիս` էլ էս կողմերում չերևաս: Չդիմացա ու դրանց ինժեներին մի չափալաղ տվի…
ՌՈՒԲԵՆ — Հետո՞…
ՍԱՐՈ — Էլ ի՞նչ` հետո… Դրան նստացրին ավտոն, Ալավերդու հիվանդանոցը տարան: Չանեն դուրս ա ընկել: (Տնքոցով:) Ընենց դուրս ընկնի, որ ես իմանամ…
ԼՈՒՍԻԿ — Սարո, մեդալներդ հետդ տար… Մեդալներդ էլ կախի, որ իմանան` ում հետ գործ ունեն:
ՍԱՐՈ — (պիջակը նրա ձեռքից վերցնում, հագնում է): Նոր պիտի իմանա՞ն… Շատ լավ էլ գիտեն: Գիտեն, որ հողին կպած, խեղճ ու անճար իսան ենք: Գլխներիս էլ որ աղուն աղան` մեր հախն է: Մեդալ… էդ մեդալը եթե ոսկուց չի, նրանց համար երկաթի կտոր ա… (Շրջվում է գնալու:)
ԼՈՒՍԻԿ — Սարո ջան, կոշտ չխոսես, ներողություն խնդրի, աղաչանք արա` բաց թողան… (Ամուսնու խիստ հայացքից ընկրկելով:) Ախր, էրեխեն… Ռուբենս վաղը բանակ ա գնում…
ՍԱՐՈ — (հիշելով“անակնկալի է գալիս: Մոտենում, համբուրում է Ռուբենի ճակատը): Դու գնա, տղաս, գնա` հայրենիքը պաշտպանի, Արջասարը ես կպաշտպանեմ: (Դուրս է գնում:)
Մթնեցում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին:
Թույլ լուսավորվում է բակը:
Փշալարերի վրա` լվացած զինվորական համազգեստներ:
Զուրիան, աթոռակի վրա դրված տաշտակին հակված, կիսաձայն երգելով լվացք է անում:
ԶՈՒՐԻԱ — Խա սուրթա գյամի,
(Լողում է մի նավակ,)
Ալ փաթթ յամա,
(Փրփրադեզ ջրերում,)
Թուլ թուն ուռխի,
(Պայքարում է նա,)
Մու օդուն աննա…
(Ալիքների դեմ…) :
Բլինդաժից դուրս եկած Աշուրը մորը տեսնելով` տեղում մեխվում է:
ԱՇՈՒՐ — Մա՞… Մամ ջան…
ԶՈՒՐԻԱ — (շրջվում, թաց ձեռքերը կողերին քսելով` շտապում է ընդառաջ): Աշուր, բալե՜ս… (Գրկախառնվում են:)
ԱՇՈՒՐ — Մամ ջան… մամ, արդեն քանի անգամ գալիս ես… Գալիս ես ու չես խոսում: Ես քո ձայնին կարոտել եմ… Ես գիտեմ, որ երբ մահացած հարազատն է երազ գալիս, ուրեմն նրա շիրմին այցելել է պետք: Առավոտյան հերթապահությունը հանձնելու ենք ու իջնենք զորամաս: Ես արձակուրդ եմ գալու: Քեզ այցի կգամ, հաց կդնեմ տապանաքարիդ…
ԶՈՒՐԻԱ — Կսպասեմ, տղաս…
ԱՇՈՒՐ — Մամ, բա էս ի՞նչ ես անում… Թող, մի չարչարվի, իմ շորերը ես կլվամ:
ԶՈՒՐԻԱ — Սրանք քո շորերը չեն, տղաս:
ԱՇՈՒՐ — Իմը չե՞ն… բա ո՞ւմն են…
ԶՈՒՐԻԱ — Սրանք սահմանին զոհված քո ընկերների շորերն են: Երեկ բերեցին: Ա՛յ քոռանա նրանց մոր աչքերը` չտեսնեն էս արյունոտ շորերը… (Գրկելով որդու գլուխը, օրորվելով` շարունակում է երգել:)
— Թի լե խափոխա,
(Կորցրել է ճանապարհը,)
Ռաբա խելանա,
(Իր ափն է փնտրում,)
Ռու փըը լգյամի,
(Ընդվզում է նավակը,)
Ալ փաթթ յամա…
(Փրփրադեզ ջրերում…):
ԱՇՈՒՐ — Ի՜նչ անուշ երգ է:
ԶՈՒՐԻԱ — Օրորոցային է, տղաս, քեզ համար շատ եմ երգել` լողում է մի նավակ փրփրադեզ ջրերում, պայքարում է նա ալիքների դեմ…
ԱՇՈՒՐ — Ինձ համար սա երգե՞լ ես… Բա ինչու չեմ հիշում:
ԶՈՒՐԻԱ — Դու շատ փոքր էիր, տղաս, չես կարող հիշել: (Ծոցից նորածնի շապիկ է հանում:) Ա՛յ, էսքան բալիկ էիր:
ԱՇՈՒՐ — (հմայված նայում է): Դա ի՞մն է, ե՞ս եմ հագել:
ԶՈՒՐԻԱ — Չէ, տղաս, սա քո որդու շորն է, որ նոր պիտի ծնվի: Կծնվի, խաղաղություն կիջնի այս երկրի վրա, տղայիդ կտանենք ու նրա մկրտությունը կանենք Մառ Թումայում… (Ետ-ետ գնալով, ձայնն իջեցնելով:) Նրա Սուրբ կնունքը կանենք Մառ Թումայում… (Ավելի ցածր:) Նրա Սուրբ կնունքը կանենք Մառ Թումայում…
ԱՇՈՒՐ — Մա՜… Մամ ջան, մի գնա, խնդրում եմ, մի քիչ, մի քիչ էլ մնա ինձ հետ…
Անձայն շուրթերը շարժելով, Զուրիան հեռանում, ձուլվում է Խավարին:
Մթնեցում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին:
Լուսավորվում է բակը, որը Վաչիկի երազում` իրենց տնամերձ այգին է:
Ալեքսանը բահով ծառատունկի փոս է փորում, պատանի Վաչիկը կանգնած է նրա մոտ:
ԱԼԵՔՍԱՆ — Ալեքսան ապան ճղոպրին տնկի՜, Վաչիկը ծառը ճիրի՜, ճղոպրին մեծանա՜, ծաղկի՜, բերք տա ու Վաչիկը ուտի՜, ուժըղանա:
ՎԱՉԻԿ — Ապա, պա տյու ուտլական չե՞ս:
ԱԼԵՔՍԱՆ — Ա՛ խոխա, ես էլ իմ պապան տնկած ծառի բերքն եմ ուտում, լի՞:
ՎԱՉԻԿ — Ապա, պա ես հե՞պ եմ ծառ տնկլական:
ԱԼԵՔՍԱՆ — Հեպը` մեծանաս, տյու էլ խոխեք ունենաս:
ՎԱՉԻԿ — Պա հի՞նչ հանգի իլավ, վար տյու ըրեխեք ունեցար` ծառ չտնկեցիր, թոռներ ունեցար` նոր ես տնկում:
ԱԼԵՔՍԱՆ — Է՜, Վաչո ջան, քու հոր ծնվելա վախտը ըստեղ կռըվներ էր, ծառի տնկելու տեղը խրամատ էինք փորում, բալա:
ՎԱՉԻԿ — Ապա, ինձ ծառ տնկիլը կսովրցընե՞ս:
ԱԼԵՔՍԱՆ — Պա իհարկե կսովրցընեմ: Յաշի, տես` սե սըհենց փոսը քանդում ես… (Շիվը Վաչիկից վերցնելով` ցույց է տալիս:)… փոսին տակին տափլակ քար ես տինում:
ՎԱՉԻԿ — Ապա, պա քարը տըկըռկին խնգալական չի՞… Տակռիկը հո՞ւնց ա հողը մտնալական:
ԱԼԵՔՍԱՆ — Տե՛ս… (Շիվը բարձրացնում, ցույց է տալիս սուր արմատը:) Ճղոպրին տակռիկը դյուզ ա քինում, սա որ հողի ու ճիրի համն առավ, հա՜ քիննական ա: Էդ քարը տնում ենք, վար տակռիկը փարթամ ինի, ծառն էլ ավելի ուժեղ ինի, ճղները` շատ, ու շատ բերք տա: Հըսկացա՞ր:
ՎԱՉԻԿ — Հըսկացա, հո դանգլա չե՞մ…
ԱԼԵՔՍԱՆ — Դե վազ տու, քյնա ճյուր բեր, վար տնկիլան եդը ծառը ճրենք: (Շիվը կողմ դնելով` ծնկում, ափերով հող է դուրս բերում փոսից:)
ՎԱՉԻԿ — (գնում է, ճամփին ինչ-որ բան նկատելով` կռանում, մատներով հողը հեռացնում, գտած նռնակը բարձրացնում է): Ապա, յաշի տես` մեր հողան էս ինչ մեծ ճղոպուր քիթա:
ԱԼԵՔՍԱՆ — (շրջվում, նայում է ու սարսափով նետվում տղայի կողմը): Զգույշ, բալա՜… (Նռնակը նրա ձեռքից խլելով սեղմում է կրծքին, ցատկում մի կողմ ու բերանքսիվայր պառկում է:) Վաչի՜կ, փախի՜… փախի՜, բալե՜ս…
Պայթյուն:
Մթություն:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին, ապա լուսավորում գլխակ նստած Աշոտին, ամուսնուն թիկունք արած, հեծկլտացող Սաթենիկին: Պատանի Սուրենը կպած է մոր փեշից:
ՍԱԹԵՆԻԿ — (կտրուկ շրջվելով` ճչում է): Գնա՛… Իբր ինչի՞ եկար… Եկար, որ աշխարհքով մեկ մեզ խայտառակ անե՞ս, խելքդ տաս էն լրբի՞ն…
ԱՇՈՏ — Սաթենիկ…
ՍԱԹԵՆԻԿ — (նյարդային լացով): Չեմ ուզո՜ւմ, ոչ մի բառ լսել չե՛մ ուզում… Երկու տարի աչքիս քուն չի եկել, օրը հազար անգամ աղոթել եմ, որ քեզ մի բան չպատահի… Էլ սրբի դուռ չմնաց, որ չգնամ, մոմ չվառեմ, որ էսօրվան օրը կռվից ետ դառնաս ու քեզ ուրիշով տա՞ս: Գնա, Աշոտ, գնա՛, դու էստեղ ոչ կին ունես, ոչ երեխա… (Սուրենը, փարվելով մորը, բարձրաձայն լալիս է: Սուրենին.) Դու էլ ձենդ կտրի, քո գլուխը չունեմ…
Մթնեցում:
Լուսավորվում են դեմ-դիմաց կանգնած, համազգգեստով, ինքնաձիգն ուսած Սուրենը և Սաթենիկը:
ՍԱԹԵՆԻԿ — (ընկճված, տխուր): Սուրեն, տղես, հերդ որ տնից հեռացավ, էլի ռազմաճակատ գնաց: Մի շաբաթ անց զինկոմը մեր տուն եկավ, հայտնեց, որ զոհվել է… Ախր, կոնտուզիա տարած էր խեղճը, երկու տեղից վիրավորված, մահն իր աչքով տեսած… Ինքն էլ չգիտեր, թե ինչ է անում… (Ողբաձայն:) Գլուխս մեռնի՜, էն ո՞ւր դուրս արի տնից… Էդ կողմերում հորդ գերեզմանը գտիր, տղես… Անպայման գտիր ու ասա, որ Սաթենիկը քեզ սիրում է… որ Սաթենիկը քեզ ներել է, թող տո՜ւն գա…
Մթնեցում:
Լսվում է Մարտիրոսի երգը.
Սիրուն թիթեռ ինձ ասա,
Թե ինչով ես դու ապրում,
Ամբողջ օրը թռչում ես,
Ինչպես է որ չես հոգնում:
Լուսարձակի լույսը սահում է բլինդաժում, ցուցադրում քնած զինվորներին:
Արշակը նստում է անկողնում:
Մարտիրոսի երգը շարունակվում է.
Սիրուն, կանաչ դաշտերում
Ես ապրում եմ համարձակ,
Ծաղիկների բույրն անուշ,
Իմ կերակուրն է միակ…
ԱՐՇԱԿ — (կիսաձայն): Հե՜յ… Ո՞վ է երգում…
ՄԱՐՏԻՐՈՍԻ ձայնը — Ես եմ, Մարտիրոսը:
ԱՐՇԱԿ — Ի՞նչ Մարտիրոս:
ՄԱՐՏԻՐՈՍԻ ձայնը — Մարտիրոսը` Սարգիս զորավարի որդին:
ԱՐՇԱԿ — Սուրբ Սարգի՞ս զորավարի…
ՄԱՐՏԻՐՈՍԻ ձայնը — Հա՛:
ԱՐՇԱԿ — Երանի քեզ… Հայրդ էլ, դու էլ հերոսացաք… Իսկ իմ հայրը… Մարտիրոս, օգնիր ինձ, խնդրում եմ, օգնիր, որ այս ամենը երազ դառնա, որ հորս գալը ոչ ոք չհիշի, դառնա իմ տեսած վատ երազը…
Կարճ դադար:
ՄԱՐՏԻՐՈՍԻ ձայնը — Ներիր քո հորը, Արշակ, նա չգիտի, թե ինչ է անում:
ԱՐՇԱԿ — (հոգոցով): Ասում ես, էլի… Ամաչում եմ տղերքի աչքերին նայել: Մարտիրոս… Մարտիրոս, ի՞նչ եղար… (Գոռում է:) Մարտիրո՜ս…
ՌՈՒԲԵՆ — (կողքի շրջվելով): Արա, դե թողեք քնենք, էլի՜…
Արշակը ետ է ընկնում բարձին:
Դադար:

Դրսից` ժամապահի ձայնը. «Կանգնի՛ր, ո՞վ է գալիս… Տագնա՜պ… Տղե՛րք, հասե՜ք…»:
Հնչում է «Տագնապ» ազդանշանն ու թարթվում` կարմիր լույսը:
ԱՐՇԱԿ — (թախտից ցած թռչելով` ճանկում է ինքնաձիգը): Ջո՜կ, տագնա՜պ…
Խուռներամ իրարանցում: Ինքնաձիգը ձեռքին իր սենյակից ներս է խուժում Արզումանյանը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Առանց խուճապի… արա՛գ, արա՛գ… (Զինված մարտիկներին դուրս թողնելով` հետևում է նրանց:)
Բակից` աղմուկ, հրահանգներ.
— Դիրքավորվե՛ք, արա՛գ…
— Ձախ թևը` ուշադիր…
— Պարոն ավագ լեյտենանտ, այստեղ, այստեղ եկեք…
— Էրմանիլա՜ր, օլդուրմերի՜ն… օլդուրմերի՜ն… չսպանե՜ք, ես ձեր մոտ եմ եկել… ես ձեր մոտ եմ եկե՜լ…
— Չկրակե՛ս: Ստուգիր` զենք չկա՞ մոտը… Պայթուցիկներ չունի՞…
— Է՛ս ո՞վ ա, արա՜… Հալա առաջ ընկի…
Մտնում են ձեռքերը ծոծրակին պահած, թիկունքից հրվող Զաբիլը, զենքը նրան հառած զինվորները:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (Սուրենին, Նարեկին): Սրան իմ սենյակը տարեք ու աչալուրջ հսկեք: (Գերուն տանում են: Արշակին.) Սերժանտ Մելքոնյան, անմիջապես ուժեղացված վերակարգ կազմեք:
ԱՐՇԱԿ — (ձգվելով): Լսո՛ւմ եմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (առանձնանալով` հեռախոսով): «Լազուր»… «Լազուր», ես «Արծիվն» եմ… ես «Արծիվն» եմ… մենք անկոչ հյուր ունենք, մեկ հոգի… նվեր չունի… (Շարունակում է զեկուցել:)
ԱՐՇԱԿ — Ուժեղացված պարեկային ծառայության համար շարքայիններ` Վաչիկ Գաբրիելյան, Ռուբեն Անտոնյան, Թեմուր Խուդոյան, Աշուր Պետրով: Արա՛գ, շարվե՛լ:
Շարվում են:
Արզումանյանը մոտենում է:
ԱՐՇԱԿ — Հավսա՜ր, զգա՛ստ: (Պատվի առնելով:) Պարոն ավագ լեյտենանտ, ձեր հրամանով…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Թողնել:
ԱՐՇԱԿ — Թողնել:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (ստուգում է նրանց սպառազինությունը, դիմում շարքին): Տղերք, գիտեմ, հոգնած եք, տրամադրված, որ առավոտյան հերթափոխը հանձնելու, զորամաս էինք իջնելու: Բայց իրադրությունը կարծես թե փոխվում է: Մենք դեռ չգիտենք` էս ազերին մոլորվե՞լ է, թե՞ հետախույզ է, խա՞յծ է, թե՞ մեր զգոնությունը ստուգելու միջոց… Տարածքի ամեն մի մետրը ուշադիր հսկողության տակ առեք, սա մենակ չի կարող լինել: (Կարճ դադար:) Ես հրամանատարությանը զեկուցեցի իրավիճակը: Վերակարգ է գալիս: Շուտով այստեղ կլինեն: Մեր խնդիրն է` աչքներս չորս արած հսկել սահմանը, հարկ եղած դեպքում հակահարված տալ, չեզոքացնել դիվերսիան, դիմագրավել հակառակորդի հնարավոր առաջխաղացմանը` մինչև օգնական ուժերի տեղ հասնելը: Կատարե՛լ :
ԱՐՇԱԿ — Վերակարգ, ա՜ջ, դա՛րձ: Քայլո՜վ, մա՛րշ: (Ուղեկցում, դուրս են գնում:)
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (նստում է սեղանի մոտ, Կարենին): Ներս բերեք:
Կարենը գնում է մյուս հարկաբաժին և Սուրենի, Նարեկի հետ, զենքի տակ, բերում ձեռքերը ծոծրակին պահած գերուն: Սուրենը ելքի մոտ հսկող դիրք է գրավում:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (գերուն): Անունդ:
ԶԱԲԻԼ — Զաբիլ:
Տղաները փռթկացնում են:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (հայացքով սատում է նրանց: Գերուն): Ձեռքերդ իջեցրու, հանգստացի ու հիշի անունդ:
ԶԱԲԻԼ — (ձեռքերն իջեցնում է): Զաբիլ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Գոնե ազգանունդ հիշո՞ւմ ես: Ազգանունդ ի՞նչ է, քեզ ինչպե՞ս են կոչում:
ԶԱԲԻԼ — Իմ անունը Զաբիլ է, ազգանունս` Գումբատով: Ես թալիշ եմ, ազերի չեմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Հայերեն որտեղի՞ց գիտես:
ԶԱԲԻԼ — Զավենից եմ սովորել:
ՍՈՒՐԵՆ — Պա՛հ, քո՜ւ… ազերիների բանակում հայ կա՞…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (սաստում է): Չխոսե՛լ: (Զաբիլին.) Զավենն ո՞վ է:
ԶԱԲԻԼ — Մեր հարևանը: Ես Լյանքյարանից եմ: Մեր թաղում երկու հայ ընտանիք կար, Զավենենք մեր հարևանն էին: Ազերիները նրանց տունը վառեցին, Զավենենք պարոմով Թուրքմենիստան փախան… Բայց թալիշը հային թշնամի չի: Թալիշին ազերիներն են ստիպում կրակել: Մենք նրանց չենք սիրում, նրանք էլ` մեզ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Երբվանի՞ց ես բանակում:
ԶԱԲԻԼ — Վեց ամիս: Առաջին գծի մեծ մասը լեզգիներ են, թալիշներ, ավարներ… թաթեր էլ կան: Ազերիները քիչ են: Կամանդիրներն են ազերի: Բնիկներիս կռվացնում են, իրանք` շահում, որ մեզ վերացնեն, մեր երկրի տերը դառնան:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Էդ դասը քեզ ո՞վ է սովորեցրել:
ԶԱԲԻԼ — Նազիմը:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Հետախուզության պե՞տը:
ԶԱԲԻԼ — Չէ, Նազիմը սերժանտ ա: Նա լեզգի ա: Նրա հայրը «Ազատ Լեզգիստան» կազմակերպության գաղտնի անդամ ա: Նազիմն ինձ օգնեց, որ փախչեմ: Նազիմն ասում էր, որ հազար տարի առաջ քոչվոր թաթար-թյուրքերը գրավեցին մեր երկիրն ու բնիկներին ոչնչացնում են, թշնամացնում, որ իրանք երկրի տերը դառնան: Նազիմն ասում էր` հայերի հետ մենք կռիվ չունենք: Նազիմն ասում էր…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Լավ, բավական է:
ԶԱԲԻԼ — Չէ, բավական չի: Բա չեք հարցաքննո՞ւմ, թե ինչու եմ փախել ձեր մոտ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ինչո՞ւ ես փախել մեր մոտ:
ԶԱԲԻԼ — Նազիմն ասում էր…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Էլի՞ Նազիմ…
ԶԱԲԻԼ — Մինչև վերջ լսի, է՞, կամանդիր… Նազիմն ասում էր` հայեր, զգույշ եղեք, էս գիշեր Զալհան գալու է: Զալհա մարջ գյալըվ… մարջ ա եկել` ուչ… երեք հատ հայի գլուխ բերի, ամեն գլուխը` հինգ հարյուր դոլար, բա՞…
Զինվորները միմյանց են նայում:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Զալհա՞… Զալհան ո՞վ է:
ԶԱԲԻԼ — Նազիմն ասում էր` Թուրքիայից ա եկել, «Գորշ գայլերից» ա…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ուրի՞շ:
ԶԱԲԻԼ — Ինձի զենք կտա՞ք:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Զե՞նք… Քե՞զ…
ԶԱԲԻԼ — Հա: Մինչև Զաքիրովին չխփեմ, չեմ հանգստանա:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Խփող էիր` ձեր մոտ կխփեիր: Եկել ես` էստեղ խփե՞ս:
ԶԱԲԻԼ — Զաքիրովն էստեղ կգա՞…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Դու էիր ասում, որ գիշերով գալու է, ի՞նձ ես հարցնում:
ԶԱԲԻԼ — Չէ՜, կամանդիր, գիշերը Զալհան ա գալու: Զաքիրովը մեր չաստի կամանդիրն ա… (Դռան բացվելուն պես վախեցած կծկվում է, բայց տեսնելով, որ մտնողն Արշակն է` ուղղվում է:) Զաքիրովն ինձ ծեծում ա… պոստին ինձ պատրոն չի տալի, ասում ա` հայերը թող քեզ խփեն` կորխան թալիշներդ հերոս կունենաք:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Կորխանն ի՞նչ է:
ԶԱԲԻԼ — (փորձում է հիշել): Կորխան… կորխան… ցռան, էլի…
ԱՐՇԱԿ — Վախկո՞տ:
ԶԱԲԻԼ — Հա, վախկոտ: Նազիմն ասում էր` ազերին մեզ ա առաջ գցում, որ հայը լեզգի խփի, թալիշ խփի, թշնամություն ընկնի մեր մեջ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — «Գորշ գայլը» հենց այս գիշե՞ր է գալու:
ԶԱԲԻԼ — Հա, էս:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Հենց ա՞յս պահակակետի վրա:
ԶԱԲԻԼ — Հա, Նազիմն ասավ` էստեղ ա գալու:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ո՞ր կողմով է բարձրանալու:
ԶԱԲԻԼ — Չգիտեմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Քանի՞ հոգով են գալու:
ԶԱԲԻԼ — Մենակ… Զալհան բլինդաժ ա մտնում ու պայթացնում ա… Էլի ա արել: Նազիմն ասավ` չորս անգամ արել ա…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ուրի՞շ:
ԶԱԲԻԼ — (ուսերը թոթվելով): Էդքան:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Լավ հիշիր, ուրիշ բան չունե՞ս ասելու:
ԶԱԲԻԼ — Չէ, էդքան… Ուրիշ բան չգիտեմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (գրպանից բանալին հանում, մեկնում է Արշակին): Իմ սենյակում սրան փակեք:
ԱՐՇԱԿ — Լսում եմ: (Զաբիլին.) Վեր կաց, գնացինք: (Գնում են:)
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (հեռախոսը հանելով` առանձնանում է): «Լազուր»… «Լազուր», ես «Արծիվն» եմ… ես «Արծիվն» եմ… (Հեռանալով շարունակում է խոսել:)
ՍՈՒՐԵՆ — Զահլա՞… (Նարեկին.) Վեհափառ, զահլեն «գլուխ» չի՞ նշանակում, էն որ ասում ենք` զահլես մի տար, զահլեդ չունեմ…
ՆԱՐԵԿ — Չէ, «զահլան» բարբառով համբերություն է նշանակում: Բայց էդ թուրքի անունը ոչ թե Զահլա է, այլ Զա՛լ-հա՛: Նշանակում է էգ գայլ: Թյուրքախոսները առասպել ունեն` իր հարազատ երեխաներին հոշոտած, մարդակեր կնոջ մասին է: Նրա անունը Զալհա է:
ԿԱՐԵՆ — Թուրքերի առասպելը հենց մարդակերության մասին պիտի լինի, ուրիշ էլ ի՞նչ…
Մթնեցում:

Բակը:
Ուշ գիշեր է:
Մեղմ հնչում է «Ախպերս ու ես» երգը:
Լուսնի աղոտ շողով լուսավորված կիսամութ բակում ստվերներ են երևում, ապաև` տարբեր տեղերից մուտք գործող սևազգեստ կանայք: Նրանք համրաքայլ առաջանում, ուղվվում են դեպի ձախակողմի թմբի խաչքարը:
Խաչքարի մոտ ծնկի գալով` կանայք մոմեր են վառում:
Վերևից հզոր լույս է ծորում խաչքարի վրա:
Մթնեցում:

Լուսավորվում է բլինդաժը: Նույն պահն է, ինչ քիչ առաջ:
ԿԱՐԵՆ — Թուրքերի առասպելը հենց մարդակերության մասին պիտի լինի, ուրիշ էլ ի՞նչ…
ՍՈՒՐԵՆ — Հիմա էս եկողը կի՞ն է:
ՆԱՐԵԿ — Չեմ կարծում: Երևի որպես դաժան ու արյունարբու` իր համար մականուն է ընտրել:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (մտախոհ, ինքն իրեն): Կգա` հախից կգանք, կիմանանք` է՞գ է, թե՞ որձ… (Իրեն նայող զինվորներին, մտերմիկ:) Տղերք, իրավիճակի լրջությունը բոլորիս է պարզ: Չեմ ուզում ավելորդ ճառեր ասել: Զգոն եղեք: Զգոն եղեք ու… պահպանեք ձեզ: (Հատու:) Մեկ գծով` շարվե՛լ: (Հրամանն անմիջապես կատարվում է: Ներքին տագնապն ու զգացմունքները զսպելով, դանդաղաքայլ անցնում է շարքի առջևով` իբրև ստուգում է մարտիկների սպառազինությունը: Տպավորություն է` ուզում է ինչ-որ բան ասել, բայց զսպում է իրեն: Մի պահ գլխահակ մտորելուց հետո` հրամայական:) Պարո՛ն սերժանտ:
ԱՐՇԱԿ — (ձգվում է): Լսում եմ, պարոն ավագ լեյտենանտ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Անմիջապե՛ս համալրել պահակակետերը: Դու առաջին պահակակետում կլինես` հեռախոսի մոտ: (Զինվորները երկմտանքով միմյանց են նայում:) Պատասխանդ չլսեցի, սերժանտ:
ԱՐՇԱԿ — (երկմտած, կիսաձայն): Լսո՛ւմ եմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (պատվի առնելով, ազդու:) Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պաշտպանության դիրքերում մարտական ուժեղացված պարեկություն իրականացնելու համար` ջո՛կ, ա՜ջ, դա՛րձ: (Հրամանը կատարվում է:) Քայլո՜վ, մա՛րշ: (Ոչ ոք տեղից չի շարժվում:) Կատարե՛լ հրամանը: (Զգաստ դիրքը թողնելով` զինվորները շրջվում են հրամանատարին:)
ԱՐՇԱԿ — Իսկ դո՞ւք:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ավելորդ հարցեր մի տվեք: Կատարե՛լ հրամանը:
ՆԱՐԵԿ — Կներեք, պարոն ավագ լեյտենանտ, բայց… ախր, պահակակետերն արդեն ուժեղացված են…
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (հայացքը նրանից փախցնելով): Հրամանները չե՛ն քննարկվում:
ԱՐՇԱԿ — (մտերիմ տոնով): Պարոն Արզումանյան, մենք լսեցինք, որ «Գորշ գայլը» ուղիղ բլինդաժ է գալու… Դուք մեզ դիտմամբ եք ցրում, որ… որ վտանգից հեռացնեք: Ձեզ ո՞նց մենակ թողնենք: Մենք միասին կդիմավորենք նրան:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (նրան չնայելով): Սահրադյան, դու գիտես, չէ՞, թե ի՛նչ հետևանքներ է ունենում մարտական հրամանին չենթարկվելը:
ԱՐՇԱԿ — Գիտեմ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ըստ կանոնակարգի պատասխանեք, սերժանտ:
ԱՐՇԱԿ — Ճիշտ այդպե՛ս, պարոն ավագ լեյտենանտ, գիտեմ, բայց… մենք միասին կդիմավորենք «Գորշ գայլին»:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ո՛չ մի դեպքում:
ՆԱՐԵԿ — (հաստատակամ): Մենք չենք գնա, հրամանատար, չե՛նք գնա:
ՍՈՒՐԵՆ — Ախր, պարոն լեյտենանտ, դիվերսանտը էստեղ ա գալու, մենք ո՞ւր գնանք:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — Ոչ մի դեպքում, լսո՞ւմ եք, ոչ մի դեպքում… Դո՛ւրս ելեք բլինդաժից, կատարեք հրամանը, այլապես պատասխան կտաք դրա համար:
ՆԱՐԵԿ — Կներեք, պարոն ավագ լեյտենանտ, իսկ մտածե՞լ եք, թե ի՛նչ պատասխան կտանք մենք մեր խղճին, եթե, Աստված չանի, Զալհան գլխատի ձեզ:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (նյարդերը տեղի են տալիս, փլվում է աթոռին, գլուխն առնում ափերի մեջ): Տղերք… տղերք ջան, բայց… բայց ես որբանոցում եմ մեծացել, ինձ սպասող չկա: Ես ոչ մի հարազատ չունեմ: Ես ոչ մի հարազատ չունեմ` ձեզնից բացի… Գնացեք այստեղից, խնդրո՜ւմ եմ… գնացե՛ք…
Լարված լռություն:
ԱՐՇԱԿ — Լուսաբացին քիչ մնաց:
ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ — (վճռական ոտքի ելնելով): Դիրքավորվե՛ք, տղերք:
Զենքերը կարգի բերելով` թախտերի, պահարանիկի ետևում դիրքավորվում են:
Համրաքայլ մտնում են բոլոր հերոսները, կանգնում հարազատների կողքին ու նրանց պես հառվում մուտքին:
Լարված սպասում:
Դրսում որոտում է երկու կրակոց:
Զինվորներղը լիցքավորում են զենքերը, նշանառության տակ վերցնում մուտքը:
Դանդաղ բացվում է դուռը: Մտնում է Անահիտը:
ԱՐՇԱԿ — Անահի՞տ…
ԱՆԱՀԻՏ — (փլվում է աթոռին: Ուսից հանելով հրացանը` մի կողմ է դնում): «Գորշ գայլը» չհասավ որսին: Ինքը որս դարձավ…
Հնչում է «Հայաստան» երգը*):
Պահի մեջ արձանացած ներկաների վրա դանդաղ թափառում է լուսարձակը, բակում լուսաբացի շողերից հուրհրում է խաչքարը:

*) «Հայաստան». խոսք` Սամվել Խալաթյանի, երաժշտությունը` Ինգրիդ Կուպի (Ըստ «Ես չեմ մեռնի» երգի երաժշտության):

ՀԱՅԱՍՏԱՆ
Մայր, իմ սուրբ,
Հայրենիք իմ, հարազատ,
Իմ որդին քո համար,
Քո բախտի համար` քոնն է ահա:

Կրկներգ
Գեթ միայն դու ապրիր անպարտ,
Գեթ միայն դու շնչիր ազատ,
Ու թող երկինքդ լինի միշտ անամպ,
Ու թող արևդ լինի միշտ պայծառ,
Հայաստան,
Հա-յաս-տա՜ն…
Մայր, իմ մայր,
Հայրենիք իմ սրբանուն,
Քեզ համար, հանուն քեզ
Ընկավ նա մարտում` հերոսի պես խիզախ:

Կրկներգ
Գեթ միայն դու ապրիր անպարտ,
Գեթ միայն դու շնչիր ազատ,
Ու թող երկինքդ լինի միշտ անամպ,
Ու թող արևդ լինի միշտ պայծառ,
Հայաստան,
Հա-յաս-տա՜ն…

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։