Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ՄԻ ԱՆԳԱՄ ԳԱՐՆԱՆԸ
ՄԻ ԱՆԳԱՄ ԳԱՐՆԱՆԸ
Պիես մեկ գործողությամբ
Գործող անձինք
ՏՂԱՄԱՐԴ — մոտ 30 տարեկան
ԿԻՆ — մոտ 25 տարեկան
ՄԻՐԻԱՄ — 60-ն անց
ՍԵԴԱ — մոտ 20 տարեկան
ՍՐԲԱԶԱՆ
ՄԱՏՈՒՑՈՂ
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ
ԾԵՐ ԿԻՆ
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ
ՈՍՏԻԿԱՆ
ԱՂՋԻԿ
Ա ԵՐԻՏԱՍԱՐԴ
Բ ԵՐԻՏԱՍԱՐԴ
Բեմի հիմնական տարածքը սրճարանի սրահն է՝ մի քանի սեղաններով, վաճառասեղանով, սպասքեղենի պահարանով, որոնց մոտ ժամանակ առ ժամանակ մատուցողը զբաղվում է իր գործերով:
Ձախ կողմը ներկայացնում է միջնադարյան եկեղեցու կամարակապ գավիթի հատված, հիմնականում՝ աղոտ լույսի մեջ, որը կարծես սրճարանի իրական-անիրական շարունակությունն է:
Գավիթում լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — 1600 տարի առաջ, ճիշտ այս տեղում, վանական եղբայրների հոյակերտ մենաստանն էր, որտեղ միաբանության ուխտ մտնելու եկան երկու անձինք՝ տարեց տղամարդ և գեղեցկատես պատանի: Տարեցը հայտնի մեծահարուստ, Աստծո հավատով լեցուն, բարերար Ներգինեն էր: Կնոջ մահից հետո նա որոշեց իր ողջ կարողությունը ժառանգել միակ դստերը՝ Մարիամին և մենաստան գնալ: Սակայն Մարիամը, որ հոգով ու մարմնով Աստծուն էր նվիրված, չհամաձայնեց, ասելով՝ «Դու գնում ես ճգնելու հանուն քո հոգու փրկության, իսկ ինձ նյութական հարստություն ես թողնում, որից կկործանվի իմ հոգին: Ուստի ինձ էլ տար քեզ հետ»: Հայրը մտատանջվեց՝ «Ինչպե՞ս քեզ վանք տանեմ, երբ դու կին ես»: «Ես կկտրեմ իմ վարսերը,- ասաց Մարիամը,- տղամարդու հագուստ կհագնեմ և ոչ մեկը չի իմանա մեր գաղտնիքը»: Հայրը շատ էր սիրում իր աղջկան և, մանավանդ, գիտեր, որ Մարիամը բարեպաշտ է ու աստվածասեր, համաձայնեց: Հարստությունը բաժանեց կարիքավորներին և ինքը, որպես մի ճգնավոր՝ Ներգինոս անվամբ, Մարիամը որպես թե պատանի՝ Մարինոս անվամբ, ներկայացան վանք: Վանահայրը ընդունեց նրանց: (Հեռանում է դեպի խորքը:)
Լուսավորվում է սրճարանը: Հեռավոր սեղանի մոտ նստած է Տիկին Անուրջը, գրկում՝ խոշոր տիկնիկ: Աջակողմում կանգնած Տղամարդը խոսում է բջջայինով:
ՏՂԱՄԱՐԴ — Աննա, հոգիս, ես քեզ սրճարանում կսպասեմ… դա կլինիկային շատ մոտ է, դիմացի մայթի վրա: Հենց վիրահատումն ավարտվի ՝ զանգիր ինձ, ես անմիջապես կգամ ու տուն կգնանք… Մի փորձիր ինձ համոզել, վճռված է, հիմա մեզ երեխա պետք չէ… Մենք այդ մասին շատ ենք խոսել, Աննա, գիտահետազոտական աշխատանքը ահռելի գումար է պահանջում, իսկ մենք ի վիճակի չենք… Մենք չենք կարող այդ հարցերը լուծել… Աննա, սիրելիս, երեխա ունենալու ժամանակը չէ: Թեզս կպաշտպանեմ, կոչում կստանամ, ավելի բարձր պաշտոն, աշխատավարձ… Ես քեզ շատ եմ սիրում Աննա, Աստված է վկա, որ քեզ շատ եմ սիրում… մենք դեռ երեխաներ կունենանք… (Խոսելով առաջանում, նստում է պատուհանի մոտ:) Դու լա՞ց ես լինում… Խնդրում եմ, առանց ավելորդ հուզումների, բժիշկն ի՞նչ ասաց՝ հղիության ընդհատումից առաջ հուզվելը վատ հետևանք կթողնի… Զսպիր քեզ, անգինս, լա՛վս, թա՛նկս, զսպի՛ր քեզ, պահպանիր քեզ՝ հանուն մեր ծնվելիք երեխաների… Լսո՞ւմ ես… Ալո, դու լսու՞մ ես ինձ… Ապրես, անուշս, ես գիտեմ, դու ուժեղ ես, գիտեմ… Բարեհաջող վիրահատում եմ ցանկանում, սիրելիս, կսպասեմ քո զանգին: Առայժմ: Համբուրում եմ: (Անջատում է հեռախոսը, ցրված չորս կողմն է նայում: Մոտեցած մատուցողը նրա առջև է դնում բաժակով կոնյակն ու սուրճը: Մատուցողին, զարմացած:) Ես արդեն պատվիրե՞լ էի…
ՄԱՏՈՒՑՈՂ — Դուք ա՞յլ բան եք ցանկանում:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ես հենց կոնյակ և սուրճ եմ ուզում, պարզապես… չեմ հիշում, թե ե՞րբ պատվիրեցի:
ՄԱՏՈՒՑՈՂ — (բարեհոգի ժպտում է): Համեցեք, պարոն, ես էլի կմոտենամ, երբ ցանկանաք: (Գնում է:)
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (Մատուցողին): Պարոն, հարգելիս, Նարինեի կաթիկը չտաքացա՞վ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Բերում եմ, բերում… (Անցնում է վաճառասեղանի ետևը:)
Տղամարդը հոգոցով արտաշնչում, ափով սղալում է մազերը, մի ումպով խմում է կոնյակն ու ծխախոտ վառելով, ինքնամփոփ սրճում է:
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (տիկնիկին գուրգուրելով): Հիմա Նարինիկը կաթիկը կխմի՜, կկշտանա՜, կգնանք այգի, մի քիչ կզբոսնենք ու Նարինիկը բայիկ-բայիկ կանի՜, չէ՞…
ՄԱՏՈՒՑՈՂ — (մոտենում է ծծակով փոքր շիշ ձեռքին): Ահա և Նարինիկի կաթիկը:
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (շիշը վերցնելով): Նարինիկ, քեռիկին շնորհակալություն ասա… Ասա, բալես, մի ամաչիր… (Մատուցողին.) Ամաչում է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչինչ, քեռիկը Նարինիկից չի նեղանում: Այնպես չէ՞, Նարինիկ:
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (Մատուցողին): Շնորհակալություն ձեզ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Անուշ լինի: (Գնում, զբաղվում է բաժակները փայլեցնելով:)
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (տիկնիկին կերակրելով): Ապրի, իմ աղջիկը, ապրի՜… Մի շտապիր, քաղցրս, կխեղդվես: Վա՞յ, չե՞ս ուզում ուտել… իսկ ինձ թվաց, թե ագահություն ես անում… Մի քիչ, մի քիչ էլ կեր…
ՄԱՏՈՒՑՈՂ — (մոտենում է նրանց: Տիկնիկին): Տե՞ս, քեզ համար ինչ խաղալիք եմ նվեր բերե՜լ… (Փոքրիկ տիկնիկ է մեկնում:)
ՏԻԿԻՆ ԱՆՈՒՐՋ — (նվերը վերցնելով): Ապրի քեռիկը, շնորհակալություն ասենք, հետո Նարինիկի բերանիկը սրբենք ու գնա՜նք… (Անձեռոցիկով սրբում է տիկնիկի բերանը, ոտքի է ելնում: Մատուցողին:) Տանեմ, մի քիչ էլ այգում ման տամ, մաքուր օդին ախորժակը կբացվի: Ցտեսություն ձեզ: (Տիկնիկին գրկած դուրս է գնում:)
ՄԱՏՈՒՑՈՂ – Ցտեսություն: (Ձեռքը թափահարելով՝ տիկնիկին:) Ցը-տե-սու-թյո՜ւն…
ՏՂԱՄԱՐԴ — (կնոջ դուրս գալուց հետո՝ սեղանը սրբող Մատուցողին): Այդ կինը խելագա՞ր էր:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչ, պարոն, նա առողջ է:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց նա տիկնիկ էր գրկել:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոմանց համար գուցե տարօրինակ է: Սկզբում նրա ամուսինն էլ էր կասկածել և կնոջը հոգեբույժների մոտ տարել: Հանձնաժողովը եզրակացրեց, որ կինը միանգամայն առողջ է: Նա պարզապես արտասովոր է և մենք նրան տիկին Անուրջ ենք կոչում:
ՏՂԱՄԱՐԴ — (թոթվում է ուսերը): Անուրջ… երեխաներ չունի՞:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ոչ: Միայն Նարինիկն է: Փոքրիկին ամուսինն էլ է շատ սիրում:
ՏՂԱՄԱՐԴ — Դա նորմա՞լ եք համարում, որ ինքներդ էլ մտաք խաղի մեջ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խա՞ղ… ոչ, պարոն, ամենևին էլ խաղ չէր: Ամեն մեկը յուրովի է ապրում իր կյանքը, բայց բոլորս միասին ենք ապրում՝ կողք-կողքի: Եթե միմյանց չընդունենք՝ ինչպես որ կանք, չհարգենք դիմացինի ինքնությունը, չհասկանանք միմյանց, կյանքը քաոսի կվերածվի: (Շտապում է գնալ:)
Մտնում է Ոստիկանը:
ՈՍՏԻԿԱՆ — (դատարկ սրահը զննելով նկատում է Տղամարդուն, մոտենում է): Բարև ձեզ: (Կաշվե թղթապանակը սեղանին դնելով՝ նստում, ներկայացնում է վկայականը:) Խնդրում եմ օգնել մեզ: Այստեղ, սրճարանին շատ մոտ՝ կողքի շենքում, թալանել են միայնակ բնակչի բնակարանը: Գողը բռնվել է: Խնդրում եմ, որպես ընթերակա, ներկա լինեք նրա խուզարկմանը:
ՏՂԱՄԱՐԴ — Չեմ կարող, մեկ ուրիշի դիմեք:
ՈՍՏԻԿԱՆ — Այս ժամին փողոցում մարդ չկա, դա երկար ժամանակ չի խլի, պարզապես ներկա եղեք…
ՏՂԱՄԱՐԴ — Ես չեմ ցանկանում նման բաների խառնվել:
ՈՍՏԻԿԱՆ — Կարգ ու կանոնի, օրենքի պահպանումը ձեզ չի՞ հետաքրքրում… Քաղաքացիները պարտավոր են օգնել մեզ այդ հարցերում:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ոչ մեկին պարտավոր չեմ և իմ աշխատանքում էլ չեմ դիմում ուրիշների օգնությանը, առավել ևս՝ ոստիկանների:
ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ արած… Կներեք: (Թղթապանակը վերցնում, դուրս է գնում:)
Տղամարդը շարունակում է սուրճ խմել՝ բացակա հայացքով շուրջը նայելով:
Ներս մտած ծեր կինը ուղղվում է դեպի վաճառասեղանը, որի մոտ անմիջապես հայտնվում է Մատուցողը:
ՄԱՏՈՒՑՈՂ — Օ՜, տիկին Զարուհի, եկա՞ք, իսկ ես արդեն անհանգստանում էի: Մեկ վայրկյան սպասեք, ես ձեր համար մանրադրամներ եմ հավաքել:
ԾԵՐ ԿԻՆ — Պետք չէ, ջանիկս, արդեն ապրիլ ամիսն է և ուտելի խոտաբույսերը, մանավանդ դեղաբույսերը օր-օրի շատանում են, յոլա գնում եմ: Ես ձեր համար խատուտիկ եմ բերել: Շատ օգտակար է աղիների բուժման համար: Կգնե՞ք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Իհարկե, տվեք ինձ երեք կապուկ: (Վերցնելով՝ վճարում է:) Եթե այլ դեղաբույսեր լինեն՝ դրանցից էլ բերեք:
ԾԵՐ ԿԻՆ — Անպայման կբերեմ: (Նայում է թղթադրամին:) Դուք կրկնակի եք վճարել, իսկ ես մանր չունեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Հոգ չէ, ես այդքան գնահատեցի:
ԾԵՐ ԿԻՆ — Առանց այն էլ ողջ ձմեռվա ընթացքում անհատույց օգնել եք ինձ… Հարկ էր, որ այս կապուկները նվիրեի ձեզ… Իհարկե, կնվիրեի, եթե…
ՄԱՏՈՒՑՈՂ — Ի սեր Աստծո, տիկին Զարուհի, չէ՞ որ մենք վաղուց պայմանավորվել ենք, այդ մասին խոսելու կարիք չկա:
Ծեր ԿԻՆ — Շնորհակալ եմ որդիս: Ցտեսություն: (Նկատելով Տղամարդուն՝ մոտենում է:) Բարև ձեզ, խատուտիկ չե՞ք գնի, շատ օգտակար դեղաբույս է:
ՏՂԱՄԱՐԴ — (պատասխանն ուշացնելով, չոր): Պետք չէ: (Ծեր կինը դուրս է գնում: Մատուցողին.) Ձեզ մոտ մի՞շտ են այսպիսի անկապ ու պատահական այցելուները:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ներեցեք, պարոն, այցելուների գալն իմ կամքով չէ: Եթե կցանկանաք, առանձին սենյակ ունենք, կարող եք այնտեղ սրճել:
ՏՂԱՄԱՐԴ — Արդեն դրա կարիքը չկա… հույս ունեմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — (պատուհանից այն կողմ մեկին նկատելով՝ շտապում է դուրս): Տիկին Ելենա՜, տիկին Ելենա՜… (Քիչ անց վերադառնում է շիկահեր կնոջ հետ:) Թարմ են, քիչ առաջ բերեցին…
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Спасибо, голубчик.
ՄԱՏՈՒՑՈՂ — (անցնում է վաճառասեղանի ետևը, կապուկները ցելոֆանե տոպրակի մեջ դնելով՝ մեկնում է կնոջը:) Չմոռանաք, հարկավոր է ստվերում չորացնել, հետո թուրմ պատրաստել: Ձեր ամուսնուն սա շատ կօգնի: Առողջություն եմ ցանկանում:
ՇԻԿԱՀԵՐ ԿԻՆ — Անչապ, անչապ շնոռակալ եմ, родимый. (Գնում է:)
Տղամարդը տուփից նոր ծխախոտ է հանում, վառում, հեռախոսահամար է հավաքում:
ՏՂԱՄԱՐԴ — Ալո, Վահրամ Լևոնիչ, բարև ձեզ… Չէ, դեռ հիմնարկ չեմ եկել, սպասում եմ… Չգիտեմ, ինչքան կտևի, դրա համար էլ զանգում եմ ձեզ: Խնդրում եմ, բացակայությունս հարգելի համարեք… Այո, այո… Անչափ շնորհակալ եմ, Վահրամ Լևոնիչ, անչափ… (Հեռախոսը գրպանը դնելով՝ շարունակում է ձանձրույթով պատուհանից դուրս նայել:)
Լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — Տարիներ անցան: Երանելի Ներգինոսը փոխվեց առ Աստված, իսկ Մարինոսը շարունակեց ծառայել վանքում՝ որպես աբեղա: Ճիշտ է, հավատակից եղբայրները երբեմն տարակուսում էին, թե ինչո՞ւ Մարինոսը զուրկ է մորուսից և ձայնն էլ մեղմիկ է, բայց վանահայրը նրանց բացատրեց, որ երիտասարդ աբեղան ամբողջովին տրված է աղոթքներին և անդուլ ճգնավորությունն է, որ պահպանում է նրա պատանեկան տեսքն ու էությունը: (Հեռանում է դեպի խորքը:)
Ներս մտած Կինը, շուրջը չնայելով, մոտենում է Տղամարդու սեղանին, նստում, պայուսակից հանում է հեռախոսը, սիգարետի տուփը, հրահանը, պայուսակը կախում է աթոռի թիկնակից, անշտապ սիգարետ է վառում՝ սեղանի կենտրոն բերելով Տղամարդուն մոտ դրված մոխրամանը:
ՏՂԱՄԱՐԴ — (ի հեճուկս կնոջ՝ մոխրամանն իրեն է մոտեցնում): Էթիկան պահանջում է, որ նախ հարցնեիք՝ կարելի՞ է այստեղ նստել:
ԿԻՆ — (թույլ հեգնանքով): Կարելի՞ է այստեղ նստել:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ:
ԿԻՆ — Բայց դուք մենակ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ես ամբողջ սեղանը զբաղեցրել եմ:
ԿԻՆ — Ժամադրված եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ:
ԿԻՆ — Բանաստեղծ եք և ձեր մուսաներին եք սպասում:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ: Ես ուզում եմ մենակ լինել:
Մատուցողը Կնոջը սուրճ և բաժակով ջուր է մատուցում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խնդրեմ՝ ձեր սուրճը և սառը ջուրը:
ԿԻՆ — Շնորհակալ եմ:
ՄԱՏՈՒՑՈՂ — Անուշ լինի: (Հեռանում է:)
ԿԻՆ — Ես ամեն օր, այս ժամին, հենց այս նույն տեղում նստած սրճում եմ և սառը ջուր խմում: Հին սովորույթ է… (Տղամարդը փորձում է ինչ-որ բան ասել, բայց Կինը առաջ է տանում խոսքը:) Եթե իմ աթոռին նստեիք, մատուցողը ձեզ կզգուշացներ, որ աթոռը զբաղեցված է, ուստի ամբողջ սեղանը չէիք կարող զբաղեցնել: Այլ հարցեր կա՞ն:
ՏՂԱՄԱՐԴ — Գրողը տանի… (Նոր ծխախոտ է վառում:) Այսինքն, այդ ե՞ս պիտի հիմա ձեզ խնդրեմ, որ թույլ տաք այստեղ նստեմ:
ԿԻՆ — (անտարբեր): Խնդրելու բան չկա: Որտեղ ձեզ հարմար է, այնտեղ էլ նստեք: Դուք ինձ չեք խանգարում: (Պայուսակից ամսագիր հանելով՝ սկսում է թերթել:)
Տղամարդու հեռախոսը զանգում է:
ՏՂԱՄԱՐԴ — (շտապով): Այո, լսում եմ… Հերթո՞ւմ ես… (Պատուհանից դուրս նայելով, ասես տեսնում է խոսողին:) Իսկ ե՞րբ կհասնի քո հերթը… Ժամ-ժամուկեսից… Ի՞նչ արած, կսպասեմ, դու էլ զինվիր համբերությամբ… Ես սրճարանում եմ: Համբուրում եմ: (Հեռախոսը գրպանը դնելով՝ նոր սիգարետ է վառում, չնկատելով, որ նախորդը դեռ ծխում է մոխրամանի մեջ:)
ԿԻՆ — (ամսագրից չկտրվելով): Դուք մի՞շտ եք զույգ-զույգ ծխում:
ՏՂԱՄԱՐԴ — Ի՞նչ… ախ, հա… (Հանգցնում է մոխրամանի մեջ թողածը:) Շնորհակալություն:
Հեռախոսազանգ: Երկուսն էլ հանում են բջջայինները. զանգում են կնոջը:
ԿԻՆ — Այո, լսում եմ… ի՞նչ… Լավ չի լսվում, բարձր խոսեք… (Միտումնավոր ձանը բարձրացնում է:) Ալո՜, բարձր խոսեք… բա՜րձր խոսեք…
ՏՂԱՄԱՐԴ — (նյարդային): Գուցե ձեր տեղը փոխե՞ք:
ԿԻՆ — (Տղամարդուն՝ սիրալիր ժպիտով): Շնորհակալություն… (Հեռախոսով:) Գուցե ձեր տեղը փոխե՞ք…
ՏՂԱՄԱՐԴ — Այ քեզ փորձա՜նք…
ԿԻՆ — (սեղանակցին շնորհակալական ժեստ է անում: Հեռախոսով): Այ քեզ փորձա՜նք… ոչինչ չեմ լսում…
ՏՂԱՄԱՐԴ — Վերջ տվեք խաղին, դուք ձևացնում եք:
ԿԻՆ — (հեռախոսի մեջ): Վերջ տվեք խաղին, դուք ձևացնում եք: (Անջատում է:) Արդեն որերորդ օպերատորն եմ փոխում, բայց ոչ մեկը չի կարողանում հստակ կապ ապահովել:
ՏՂԱՄԱՐԴ — Իմաստուն են վարվում: Ձեզ այդքանն էլ է շատ:
ԿԻՆ — (ներողամիտ): Ձեզ ինչ-որ մեկը չարացրե՞լ է:
ՏՂԱՄԱՐԴ — Ամենևին:
ԿԻՆ — Ուրեմն ներքուստ կռիվ ունեք ու չեք կողմնորոշվում: Փորձեք հարցը լուծել երրորդ՝ անկողմնակալ ու սթափ դատողությամբ:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք հոգեբա՞ն եք:
ԿԻՆ — Նեղություն մի քաշեք զբաղեցնել ինձ դատարկ հարցուփորձով, վայելեք ձեր մենակությունը:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք արդեն փչացրիք իմ անդորրը… Որտե՞ղ եք աշխատում:
ԿԻՆ — Իսկ ինչի՞ց գուշակեցիք, որ ես աշխատում եմ:
ՏՂԱՄԱՐԴ — «Հրավիրում ենք աշխատանքի» հայտարարությունից՝ պահանջվում է գործավար-քարտուղարուհի՝ բարեկազմ, գեղեցիկ արտաքինով, մինչև 25 տարեկան, անմիտ, սեթևեթ…
ԿԻՆ — Շնորհակալություն հաճոյախոսության համար, բայց ես գործավար-քարտուղարուհի չեմ:
ՏՂԱՄԱՐԴ — Մենեջեր եք:
ԿԻՆ — Ընդհակառակը:
ՏՂԱՄԱՐԴ — Մենեջերի ընդհակառակը ո՞րն է:
ԿԻՆ — Աման լվացողը:
ՏՂԱՄԱՐԴ — (հեգնական): Ռոմանտիկ աշխատանք է:
ԿԻՆ — Շա՜տ: Իրար վրա դարսած ամանները հատ-հատ վերցնելով ահագին բան ես իմանում ռեստորանի այցելուների մասին…
ՏՂԱՄԱՐԴ — Հետաքրքիր է: Եվ ի՞նչ եք իմանում ռեստորանի այցելուների մասին:
ԿԻՆ — Մեկը գայլի պես սոված է եղել, մյուսը փնթիի մեկն է, երրորդը չգիտի մանանեխի ու աջիկայի տարբերությունն ու խառնել է իրար…
ՏՂԱՄԱՐԴ — Այդ տվյալները գրանցում եք խիստ գաղտնի անձնական գործերո՞ւմ, թե՞ հրապարակում եք ֆեյսբուքում:
ԿԻՆ — Դրանք բոլորը ես ջնջում եմ «Ավեի» ու գոլ ջրի մեջ թաթախված սպունգով:
ՏՂԱՄԱՐԴ — Բայց «Ֆեյրին» ավելի լավ է մաքրում:
ԿԻՆ — Որտեղի՞ց գիտեք:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ եթե գնում ես հինգ հատ, ապա մեկն անվճար են տալիս:
ԿԻՆ — Տնտեսական խանութո՞ւմ եք աշխատում:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ավելի համեստ աշխատանք ունեմ:
ԿԻՆ — Ուրեմն, որտեղի՞ց այդ խոր գիտելիքները:
ՏՂԱՄԱՐԴ — Որտեղի՛ց… Օրը մի քանի անգամ լվանում եմ, չիմանայի՞…
ԿԻՆ — Դուք ամուրի՞ եք:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ:
ԿԻՆ — Օգնում եք ձեր կնոջը: Գովեստի եք արժանի: Իսկ ինչո՞ւ սպասուհի չեք վարձում:
ՏՂԱՄԱՐԴ — Համեստ աշխատավարձով ի՞նչ սպասուհի:
ԿԻՆ — Կուզե՞ք, ես գամ ու լվանամ ձեր ափսեները… Անվճար, բարեգործաբար:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, չեմ ուզում, մանավանդ, որ դրանք ոչ թե ափսեներ են, այլ փորձանոթներ ու կոլբաներ:
ԿԻՆ — Օ՜, գիտնակա՞ն եք:
ՏՂԱՄԱՐԴ — Դեռ ոչ… Լսեք, ինձ վարպետորեն ներքաշեցիք զրույցի մեջ ու հարցաքննում եք: Հանգիստ թողեք ինձ:
ԿԻՆ — Այդ ե՞ս ձեզ ներքաշեցի…
ՏՂԱՄԱՐԴ — Այո, դուք:
ԿԻՆ — Ոչ, դուք:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, դուք:
ԿԻՆ — Դուք սկսեցիք՝ հոգեբա՜ն, մենեջե՜ր… Իսկ ես առանց հարցնելու էլ գիտեմ, որ ձեր կինը ծննդաբերում է:
ՏՂԱՄԱՐԴ — Ընդհակառակը: Ինչի՞ց հայտնաբերեցիք, որ կինս ծննդաբերում է:
ԿԻՆ — Հեռախոսով խոսելիս ծննդատանն էիք նայում:
ՏՂԱՄԱՐԴ — Կինս այնտեղ է: Բայց ոչ ծննդաբերելու համար:
ԿԻՆ — (ամսագիրը մի կողմ է դնում): Պարզ է, ընդհատում եք հղիությունը:
ՏՂԱՄԱՐԴ — Դա մեր անձնական գործն է:
ԿԻՆ — (անտեսելով նրա չորությունը): Իսկ գիտե՞ք, որ հնում, նույն այդ ծննդատան տեղում, մատուռ կար: Դրան դիմահայաց՝ ձորակից այն կողմ (ցույց է տալիս գավիթը) մենակյացների վանքն էր: Հիմա վանքը կիսավեր է, իսկ երկրաշարժից ավերված մատուռի մնացորդներն էլ մաքրեցին՝ տեղում ծննդատուն կառուցելու համար:
ՏՂԱՄԱՐԴ — Չգիտեմ: Ինձ հետաքրքիր չէ:
ԿԻՆ — Դուք չե՞ք հավատում Աստծուն:
ՏՂԱՄԱՐԴ — Հավատում եմ, բայց թե հնում ի՞նչ է եղել, ինձ հետաքրքիր չէ:
Մտնում է ծաղկավաճառ Միրիամը, հին ծանոթի պես մոտենում է Կնոջը:
ՄԻՐԻԱՄ — Լույսը՝ բարի:
Մանուշակի փնջերով զամբյուղը հատակին դնելով նստում է Կնոջը դիմահայաց՝ Տղամարդու կողքին: Տղամարդը դժգոհ շարժում է անում:
ԿԻՆ — Բարի լույս, Միրիամ: Գործդ ավարտեցի՞ր, քանի՞ փունջ նվիրեցիր:
ՄԻՐԻԱՄ — Տասներկու փունջ: (Բաժակով ջուր բերած Մատուցողին:) Շնորհակալություն, տղաս:
ԿԻՆ — Հոյակապ է: Աղջի՞կ, տղա՞…
ՄԻՐԻԱՄ — Յոթ աղջիկ, հինգ տղա: Տեսնեիր, թե ի՜նչ փափլիկներն են, մայրիկներին փարված՝ անմեղություն ու սեր են բուրում:
ԿԻՆ — (նայելով ծաղկազամբյուղին): Իսկ սրանք այն վեցն են, որոնք…
ՄԻՐԻԱՄ — Հինգը:
ԿԻՆ — Հի՞նգը: Բայց վիրահատման հերթում, կարծեմ, վեց հղիներ էին:
ՄԻՐԻԱՄ — (հոգոցով): Վեցն են, բայց երբ նորածիններին մանուշակներ նվիրելուց հետո անցնում էի նրանց կողքով, կանանցից մեկը՝ կապույտ գլխաշորով, սևորակ գեղեցկուհին, այնպիսի՜ անձկությամբ նայեց ծաղիկներին ու այնպիսի խոր թախիծ կար նրա աչքերում, որ ես…
ՏՂԱՄԱՐԴ — Կապույտ գլխաշորո՞վ… Նա մարգարտաշա՞ր ուներ:
ՄԻՐԻԱՄ — Այո, երկշար մարգարտաշար… Տեր Աստված, որքա՜ն թախիծ կար նրա աչքերում:
Տղամարդն ընդոստ ոտքի է ելնում ու մի պահ տատանվելով, չիմանալով անելիքը՝ նստում է հարևան սեղանի մոտ, բջջայինով համար է հավաքում:
ՏՂԱՄԱՐԴ — Ալո, Աննա, դեռ սպասո՞ւմ ես… Ես սրճարանում եմ, սիրելիս: Աննա, ի՞նչ կա քո ձեռքին… Պայուսա՞կդ… Իսկ ծաղիկներ, մանուշակներ… ահա՜ թե ինչ… Բուրում են ինչպես նորածի՞ն… Մի ներշնչիր քեզ, Աննա, դա սոսկ ներշնչանք է… Չէ, Աննա, չէ, պետք չէ վաղվան թողնել, սիրելիս, հետո ինքդ էլ կհամոզվես, որ… (Կապի անջատումից անակնկալի գալով՝ հեռախոսը գցում է սեղանին:)
Մթնեցում: Լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — Օրերից մի օր վանահայրը Մարինոս աբեղային, երեք վանականների հետ, ուղարկեց մի հեռու բնակավայր՝ վանքի գործերով: Վանականները ճանապարհին գիշերեցին մի իջևանատանը, իսկ առավոտյան շարունակեցին իրենց ուղին: Նույն այդ գիշերը պանդոկում օթևանած մի զորական տիրացավ իջևանապետի գեղեցկուհի դստերը: Օրեր անց, երբ հայրը նկատեց, որ աղջիկը հղի է, մեծ զայրույթով բացատրություն պահանջեց նրանից: Եվ քանի որ աղջիկն ու զորականն առաջին գիշերից հետո անչափ սիրել էին միմյանց, երկյուղելով սիրեցյալի համար, աղջիկը հորն ասաց, որ իրեն բռնի տիրել է պանդոկում իջևանած վանականներից մեկը՝ Մարինոս աբեղա անվամբ: Իջևանատերը վճռեց առավոտն իսկ գնալ մենաստան և պատժել սրբապիղծ աբեղային: Նույն գիշերն իսկ, հորից գաղտնի, նրա դուստրը սրընթաց արշավեց վանք՝ Մարինոս աբեղայի մոտ… (Հեռանում է դեպի խորքը:)
Լուսավորվում է սրահը:
Տղամարդը վերադառնում է իր տեղը, որտեղ միայն Կինն է նստած:
ՏՂԱՄԱՐԴ — (նստելով): Նա գնա՞ց:
ԿԻՆ — Ո՞վ:
ՏՂԱՄԱՐԴ — Ծաղկավաճառը:
ԿԻՆ — Ես կարծեցի՝ Սրբազանին նկատի ունեք: Միրիամը, այո, գնաց: Բայց նա ծաղկավաճառ չէ, նա շունչ է նվիրում նորածիններին:
ՏՂԱՄԱՐԴ — Մի րոպե, մի րոպե… Ի՞նչ Սրբազան, ի՞նչ Միրիամ, ի՞նչ շունչ… չեմ հասկանում…
Նրա կողքին հայտնված Մատուցողը սկուտեղի վրա կոնյակ է հրամցնում:
ՄԱՏՈՒՑՈՂ — Խնդրեմ, ձեր կոնյակը, պարոն:
ՏՂԱՄԱՐԴ — (բաժակը վերցնելով մի ումպով խմում, տեղն է դնում, թոթվում է ուսերը): Ոչինչ չեմ հասկանում… Ես իսկապես ուզում էի կոնյակ պատվիրել, բայց այս անգամ հաստատ հիշում եմ, որ դեռ չեմ պատվիրել:
ՄԱՏՈՒՑՈՂ — (բարեհոգի ժպիտով): Ես գուշակեցի, որ կոնյակ եք ուզում:
ՏՂԱՄԱՐԴ — Սրբազանը դո՞ւք եք…
ՄԱՏՈՒՑՈՂ — Չէ, ի՞նչ եք ասում… Եթե էլի որևէ բան ուզեք՝ իսկույն կբերեմ:
ՏՂԱՄԱՐԴ — (թոթվում է ուսերը): Կարելի է կարծել, որ եթե ինդոնեզական սուրճ ուզեմ, անմիջապես կբերեք:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ձեր կամքն է պարոն, կարող եմ առաջարկել «Քոփի Լյուվակ»:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ոչ, դա աշխարհի ամենաթանկ սուրճն է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ինչպես կամենաք: (Շտապում է հեռանալ:)
ՏՂԱՄԱՐԴ — (շփում է ճակատը): Այսօր երևի մագնիսային օր է:
ԿԻՆ — Ինչո՞ւ եք այդպես կարծում:
ՏՂԱՄԱՐԴ — Տարօրինակ բաներ են կատարվում… Տիկնիկին կերակրում են, ցանկությունդ գուշակելով՝ սուրճ ու կոնյակ են մատուցում, մանուշակը ոչ թե ծաղիկ է, այլ շունչ… Զառանցանքների շարան է:
ԿԻՆ — Տարօրինակ ոչինչ չկա, նորմալ երևույթներ են:
ՏՂԱՄԱՐԴ — Տիկնիկին կերակրելը նորմա՞լ եք համարում:
ԿԻՆ — (շրջվում է վաճառասեղանի մոտ կանգնած Մատուցողին): Խոսքը տիկին Անուրջի մասի՞ն է:
ՄԱՏՈՒՑՈՂ — Այո, ինչպես միշտ, նա այստեղ էր:
ԿԻՆ — (Տղամարդուն): Տիկին Անուրջն առաջին հղիությունն ընդհատելուց հետո երեխա ունենալ չի կարող: Նրան հասկանալ է պետք:
ՏՂԱՄԱՐԴ — (կծու հեգնանքով): Մանուշակները տիկնիկին շունչ չե՞ն տվել:
ԿԻՆ — (հակվելով Տղամարդուն, ակնդետ): Մանուշակները բուրում են, բույրն էլ շունչ է: Միրիամը շունչ է նվիրում նորածիններին: Շունչը մարդկանց է պետք, իսկ մարդակերպերը դա հասկանալ չեն կարող: (Ընդոստ կանգնում, հեռանում է սպասքեղենի պահարանից այն կողմ:)
ՏՂԱՄԱՐԴ — (շփում է ճակատը): Շշմել եմ… Աննան ինձ լրիվ շփոթեցրեց… (Չիմանալով անելիքը՝ վերցնում է ամսագիրն ու դրա տակ հայտնաբերում մանուշակի փունջ: Շուրջը զննելով, գողտուկ վերցնում, հոտոտում է:) Նորածինների շունչ… Բուրում է, էլի, ի՞նչ կապ ունի նորածինը… (Կրկին հոտ է քաշում:) Նրանք այսպիսի բո՞ւյր ունեն…
Մանկամարդ աղջկա հետ մտնում են երիտասարդները, տեղավորվում հարևան սեղանին:
Ա ԵՐԻՏԱՍԱՐԴ — (ոտքերն ինքնաբավ տարածելով): Չասիր, է՞, նանար, ի՞նձ ես սիրում, թե՞ թախտից ընկած էս կատաղածին:
ԱՂՋԻԿ — (վեհերոտ): Ներեցեք, բայց ձեր հայտարարությամբ եկա… Ես աշխատանք եմ փնտրում:
Բ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հայտարարությա՜մբ, իհա՛րկե, հայտարարությամբ, բա ո՞նց: Բայց պայմաններում գրված էր, չէ՞, սիրել-սիրվելու մասին:
ԱՂՋԻԿ — Չէ, նման բան չկար:
Ա ԵՐԻՏԱՍԱՐԴ — (ընկերոջը): Արա, այ չուգուն, քեզ չասի՞ էդ տողի վրա ուշադիր լինես:
ԱՂՋԻԿ — (տեղից բարձրանալով): Ներեցեք, ես գնամ…
Ա ԵՐԻՏԱՍԱՐԴ — (կառչում է աղջկա թևից): Ո՞ւր, ո՜ւր… նստի խոսենք, պայմաններին ծանոթացնե՜նք, մի-մի բաժակ խմե՜նք, շնորհավորենք աշխատանքդ:
ԱՂՋԻԿ — Չէ… Ես չեմ ուզում, բաց թողեք… խնդրում եմ, բաց թողեք…
Բ ԵՐԻՏԱՍԱՐԴ — Հիվանդ ես, աղջի՜, թե՞ երկնքից ես իջել…
ԱՂՋԻԿ — Թողեք ինձ, ի՞նչ եք անո՜ւմ… թողե՜ք…
ՏՂԱՄԱՐԴ — Տղերք, լավ բան չեք անում: Աղջկան բաց թողեք:
Ա ԵՐԻՏԱՍԱՐԴ — Էս ո՞վ ա, արա՜…
Բ ԵՐՏԱՍԱՐԴ — Հիմա կպարզեմ: (Ժպտալով մոտենում է:) Մեծ ախպեր, արի քեզ բացատրեմ, որ պարզ դառնա:
Տղամարդը փորձում է ոտքի ելնել, բայց բռունցքի հարված ստանալով՝ տապալվում է: Երիտասարդները հարձակվում, ոտքերով խփում են ընկածին:
ԱՂՋԻԿ — Օգնեցե՜ք…
Մթնեցում: Մթան մեջ Սեդայի պաղատագին ձայնը՝ «Օգնեցե՜ք, հայր սուրբ, օգնեցե՜ք»: Գավիթն աղոտ լուսավորվում է. Մարինոս աբեղայի առջև ծնկի է իջած Սեդան:
ՍԵԴԱ — Օգնեցե՜ք, հայր սուրբ… ձեր բարի կամքից է կախված ոչ միայն իմ և իմ սիրեցյալի, այլև կրծքիս տակ հասունացող երեխայիս կյանքը: Եթե դուք… եթե դուք չանսաք իմ խնդրանքին, եթե չասեք, որ նա ձեր երեխան է, կկործանեք մեզ…
ՄԱՐԻՆՈՍ — Հանդարտիր, աղջիկս… քո պահանջն անհնարին է, ես հոգով և մարմնով Աստծունն եմ…
ՍԵԴԱ — Հայր սուրբ, թանկագինս, սուրբ մարդ, ես սիրում եմ զորականին, նա էլ ինձ է սիրում, չէ՞ որ սիրո ակունքն ինքը՝ մեր Տեր Աստվածն է… Մի՞թե դու սիրո կործանման պատճառ կդառնաս, մի՞թե դու կդրժես Աստծուն…
ՄԱՐԻՆՈՍ — Օ՜, այս ի՞նչ փորձություն է, Տեր…
ՍԵԴԱ — Մի սպանիր սերը, հայր սուրբ, Աստված սեր է, մի սպանիր սե՜րը…
Մթնեցում: Լուսավորվում է սրահը: Աղջիկը, Մատուցողի օգնությամբ, թրջոց է դնում աթոռին նստած, գլուխը ետ գցած Տղամարդու դեմքին:
ԱՂՋԻԿ — Քիչ էլ, մի քիչ էլ համբերեք՝ արյունը կկտրվի:
ՏՂԱՄԱՐԴ — (տնքոցով): Դեմքս կապտե՞լ է…
ԱՂՋԻԿ — (բարձրացնելով լաթը՝ ստուգում է): Աջ աչքը կապտել է ու այտուցվել:
Վերադարձող Կինը գետնից բարձրացնում է մանուշակների փունջը, դնում սեղանին:
ԿԻՆ — Դուք վա՞յր եք ընկել:
ՏՂԱՄԱՐԴ — (տնքոցով): Այո…
ԱՂՋԻԿ — Ո՛չ: Իմ պատճառով եղավ: Նրան դաժանաբար ծեծեցին:
ՏՂԱՄԱՐԴ — Ոչ, ի՞նչ ծեծ, ես սայթաքեցի…
ԱՂՋԻԿ — Ես էի պատճառը, նրանք ինձ քաշքշում էին և այդ միջոցին…
ՏՂԱՄԱՐԴ — (դեմքից լաթը վերցնելով): Ես սայթաքեցի, եթե չսայթաքեի…
Փութով ներս է մտնում Ոստիկանը:
ՈՍՏԻԿԱՆ — Ի՞նչ է պատահել:
ՏՂԱՄԱՐԴ — Առանձնապես ոչինչ, պատահական սայթաքեցի ու վայր ընկա:
ՈՍՏԻԿԱՆ — (կասկածոտ): Պատահակա՞ն… (Մյուսներին.) Դուք ներկա՞ էիք, կարո՞ղ եք վկայություն տալ:
ԿԻՆ — Իհարկե, բոլորս էլ ներկա էինք: Նա փորձեց ոտքի ելնել ու պատահաբար սայթաքեց…
ՄԱՏՈՒՑՈՂ — Այո, նա սայթաքեց:
ԱՂՋԻԿ — (ատելությամբ նրանց նայելով ետ-ետ է գնում): Դուք… դուք… (Կտրուկ շրջվում ու դուրս է փախչում:)
ՈՍՏԻԿԱՆ — Կանգնեք, այդ ո՞ւր… Ետ եկեք… (Նետվում է նրա ետևից:) Ետ եկեք, օրիորդ…
ՄԱՏՈՒՑՈՂ — Եթե լաթն այլևս պետք չէ, տանեմ:
ԿԻՆ — Տարեք, պետք չէ: (Նստում է:)
ՄԱՏՈՒՑՈՂ — (Կնոջը): Սո՞ւրճ:
ԿԻՆ — Այո, չէր խանգարի:
Մատուցողը գնում է:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք ոստիկաններին չե՞ք սիրում:
ԿԻՆ — Չէ, ինչո՞ւ… ինչի՞ց երևաց:
ՏՂԱՄԱՐԴ — Նրանք կարգ ու կանոնի, օրենքի պահապաններն են և քաղաքացիները պարտավոր են օգնել նրանց այդ հարցերում:
ԿԻՆ — Այստեղ օրենք կամ կա՞րգ է խախտվել: Դուք ասացիք, որ պատահաբար սայթաքել եք, իսկ դա օրենքի խախտում չէ:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ որ իմ աչքի տակ կապտուկ կա, դա ձեզ ոչ մի բան չի՞ հուշում:
ԿԻՆ — Աչքի տա՞կ… կապտո՞ւկ… Ձեզ մի ներշնչեք, ոչ մի կապտուկ էլ չկա:
ՏՂԱՄԱՐԴ — Ինչպես թե՝ չկա…
ԿԻՆ — (անկեղծ հետաքրքրությամբ): Դուք ցա՞վ եք զգում:
ՏՂԱՄԱՐԴ — (այտը շփելով, զարմացած): Չէ… արդեն չէ…
ԿԻՆ — (պայուսակից փոքրիկ հայելի հանելով՝ մեկնում է): Նայեք:
ՏՂԱՄԱՐԴ — (հայելուն նայելով): Իսկապես… կապտուկ չկա… Լսեք, դուք…
Սկուտեղի վրա սուրճի գավաթ ու փոքրիկ ծաղկաման բերած Մատուցողն ընդհատում է նրան:
ՄԱՏՈՒՑՈՂ — Ահա և ձեր սուրճը: (Գավաթը դնում է կնոջ առջև, ծաղկամանը՝ սեղանի կենտրոնում, որի մեջ տեղավորում է մանուշակի փունջը:)
ԿԻՆ — Շնորհակալություն:
ՏՂԱՄԱՐԴ — (ակամա): Շնորհակալություն:
Մթնեցում: Լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — Մարինոսը գիշերն աղոթքով ու տանջալից մտորումներով անցկացրեց, իսկ առավոտյան, երբ վանք եկավ իջևանատերը, երիտասարդ աբեղան ընդունեց մեղքը՝ խոստովանելով, թե ինքն է եղել աղջկան գայթակղողն ու նրա հղիանալու պատճառը: Բարկացած վանահայրը Մարինոսին վռնդեց վանքից և նա, այլ տեղ չունենալով, սկսեց գիշերել մենաստանից ոչ հեռու գտնվող բլրի վրա՝ շարունակելով ճգնությունը, սնվելով միայն արմտիքով: Ժամանակ անց նրա մոտ եկավ իջևանատերն ու նրան հանձնեց նորածին երեխայի խանձարուրը, ասելով, որ չի ցանկանում Մարինոսի ապօրինածինի պատճառով արատավորել իր ընտանիքի պատիվը: Մարինոսն սկսեց խնամել երեխային, նրան Սրապիոն կոչեց և ամեն օր հովիվներից կաթ էր խնդրում նրան կերակրելու համար: Ծանոթ վանականներն օգնեցին նրան, բարձունքի վրա փոքրիկ խրճիթ սարքեցին՝ քամուց ու ցրտից պատսպարվելու համար: (Կարճ դադար:) Անցավ երեք տարի…
Մթնեցում: Լուսավորվում է սրահը:
ՏՂԱՄԱՐԴ — Կյանքում ինչ ասես, որ չի պատահում, եթե սնոտիապաշտ լինես, կհավատաս, որ ամեն քայլափոխի հրաշք կա:
ԿԻՆ — Իսկ ես կարծում եմ, որ կյանքը իրադարձությունների շարան է: Եթե դրանք չհասկանաս կամ ետ մնաս ժամանակից՝ ամեն մի նոր բան հրաշք կթվա: Հրաշքին գերբնական բնույթ վերագրելը չիմանալու, չհասկանալու արդյունք է:
ՏՂԱՄԱՐԴ — Դուք չե՞ք կարծում, որ ձեր փիլիսոփայելու ունակությունը անհամատեղելի է աման լվացողի կարգավիճակի հետ:
ԿԻՆ — (բարեհոգի քմծիծաղով): Ի՞նչ արած, դա էլ հաշվեք ձեր տեսած հրաշքների թվում:
ՏՂԱՄԱՐԴ — Այնուամենայնիվ, դուք չափից դուրս խելացի եք լվացարարուհի լինելու համար:
ԿԻՆ — Ձեր կարծիքով, աշխարհի հազարավոր լվացարարուհիները տխմա՞ր են:
ՏՂԱՄԱՐԴ — Ես այդպիսի բան չասացի: Ես շեշտեցի՝ չափի՛ց դո՛ւրս:
ԿԻՆ — Օ՜, միայն թե իզուր մտածեցիք, որ եթե Աննային չհանդիպեիք, ապա կուզեիք ինձ նման կին ունենալ:
ՏՂԱՄԱՐԴ — (շփոթվում է): Ներեցեք, բայց…
ԿԻՆ — Բայց քիչ առաջ հենց դա էիք մտածում:
ՏՂԱՄԱՐԴ — (խուսափողական): Ոչ, ոչ… Ի՞նչ եք ասում… Ըմմ… կներեք, բայց զարմանալի է նաև, թե որտեղի՞ց գիտեք իմ կնոջ անունը:
ԿԻՆ — Երբ առանձնացաք և, ա՛յ, այնտեղից, հեռախոսով խոսում էիք ձեր կնոջ հետ, նրան Աննա անվանեցիք…
ՏՂԱՄԱՐԴ — Իրոք… այո, հիշում եմ, ես տվի նրա անունը:
ԿԻՆ — Հիմա համոզվեցի՞ք, որ հրաշքներ չեն լինում:
ՏՂԱՄԱՐԴ — Գրողը տանի… Այսօր չափից դուրս լարված եմ, նյարդային և… ներեցեք, եթե ինչ-որ բան այնպես չեմ ընկալում, ինչպես պետք է:
ԿԻՆ — Չէ, ինչո՞ւ, ամեն ինչ նորմալ է:
ՏՂԱՄԱՐԴ — Մի մխիթարեք:
ԿԻՆ — Համենայնդեպս, ես այդպիսի բան չեմ նկատել:
ՏՂԱՄԱՐԴ — Իսկ ես համոզված եմ, որ այդպես է… Այ, օրինակ, պատմում էիք ինչ-որ մի մատուռի մասին, իսկ ես ասացի, որ ինձ հետաքրքիր չէ: Իրականում ինձ միշտ հետաքրքրել են հին եղելությունները, բայց այդ պահին… այդ պահին, չգիտեմ՝ ինչու, ձեզ կոպտեցի…
ԿԻՆ — Այդ պահին չէիք ցանկանում ինձ հետ զրույցի բռնվել:
ՏՂԱՄԱՐԴ — Չէ, այնպես չէ, որ դուք իմ վրա վատ տպավորություն էիք թողել:
ԿԻՆ — Ուրեմն, ձևակերպենք այսպես՝ այդ պահին դուք չէիք ցանկանում որևէ մեկի հետ զրույցի բռնվել:
ՏՂԱՄԱՐԴ — Այո… այո, դա ավելի ճիշտ ձևակերպում է: Իսկ այդ մատուռը, որի մասին ասում էիք, ծննդատա՞ն տեղում է եղել:
ԿԻՆ — Հենց այդ տեղում: Շատ համբավավոր ուխտատեղի է եղել, հատկապես սիրահարների և առաջին հղիությունն ունեցող կանանց համար:
ՏՂԱՄԱՐԴ — Առաջին հղիություն ունեցողների՞…
ԿԻՆ — Ասում են, որ այս վայրերում մաշկաբորբի համաճարակ է բռնկվել, որով տառապող հղիները լույս աշխարհ են բերել անշունչ երեխաների: Մարինոս անունով մի ճգնավոր մանուշակից պատրաստած յուղով բուժել է այդ կանանց և փրկել երեխաների կյանքը: Փաստորեն, Մարինոսի մանուշակը շունչ է տվել նորածիններին:
ՏՂԱՄԱՐԴ — Ահա թե ինչ… (Ծաղկամանը բարձրացնում, հոտոտում, խորանում է մտքերի մեջ:)
ԿԻՆ — Իսկ նրանք, ովքեր չեն հավատացել, հեգնել են ու չեն դիմել Մարինոսի օգնությանը, ցնորվել են իրենց երեխաների մահվան պատճառ դառնալու վշտից: (Կարճ դադար:) Սիրո՞ւմ եք Աննային:
ՏՂԱՄԱՐԴ — (ցնցվում է): Ի՞նչ…
Մթնեցում: Լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — Այդ տարի ձմեռն անչափ խստաշունչ էր և մենակյացները խնդրում են վանահորը, որ նա օթևան տա Մարինոսին՝ երեքամյա տղայի հետ: Վանահայրը, խղճալով նրանց, համաձայնում է: Սրապիոնն սկսում է ուսանել վանքում, իսկ Մարինոսը սպասավորություն է անում վանականներին, միաժամանակ մանուշակներ է քաղում հանդերից՝ բուժիչ քսայուղ պատրաստելու համար: Մի գիշեր երազ է տեսնում, որ լուսապայծառ, ճերմակահեր մի այր ասում է նրան. «Մարինոս, դու քո առաքելությունն արդեն կատարեցիր և Տերը կանչում է քեզ»: Գիշերով դուրս գալով Վանքից՝ Մարինոսը գնում է իր նախկին խթճիթը և երեք օր շարունակ գետնատարած աղոթում: Չորրորդ օրը պատանի Սրապիոնը նրան գտնում է մեռած: (Հեռանում է դեպի խորքը):
Լուսավորվում է սրահը:
ԿԻՆ — Զգում եմ, որ անկեղծորեն սիրում եք ձեր կնոջը:
ՏՂԱՄԱՐԴ — Այո, իհարկե, անչափ…
ԿԻՆ — Մի ասեք՝ անչափ, համոզված եմ, որ նա ձեզ ավելի շատ է սիրում:
ՏՂԱՄԱՐԴ — Որտեղի՞ց գիտեք, դուք նրան չեք ճանաչում:
ԿԻՆ — Հարգելիս, երբ կինը վճռում է հանուն ամուսնու զոհել իր հարազատ երեխային… Դուք կգնայի՞ք այդ քայլին, դաժանորեն կսպանեի՞ք ձեր երեխային՝ հանուն այն բանի, որ ձեր կինը դժվարանում է նրան խնամել:
ՏՂԱՄԱՐԴ — (անկնկալի գալով՝ ետ է մղվում): Դուք… դուք հրեշ եք…
ԿԻՆ — Ես չեմ պատասխանի ձեր վիրավորանքին, որովհետև դուք սարսափեցիք ոչ թե ինձանից, այլ ձեր մեջ ապրող հրեշից: Վռնդեք նրան, բարեկամս, դուք նրա գերության մեջ եք: (Ոտքի է ելնում:) Ոչ մի նյութական զրկանք չի կարող արդարացնել հարազատ երեխային կյանքից զրկելը: (Հեռանում է:)
ՏՂԱՄԱՐԴ — (մոլուցքով կանգնում է): Սպասե՛ք… սպասե՜ք… (Ճանկելով ծաղկամանը՝ բարձրացնում է նրա վրա շպրտելու, բայց վարանելով, ասես ծաղիկներից ներողություն հայցելով, երկյուղած տեղն է դնում ու խուճապահար՝ փութկոտ ստուգում է գրպանները:) Հեռախոսս… որտե՞ղ է հեռախոսս… (Բարձաձայն:) Որտե՞ղ է հեռախոսս… (Մատուցողը շտապում է բերել հարևան սեղանի վրա թողած հեռախոսը: Տենդորեն հավաքում է համարը:) Աննա… Աննա, որտե՞ղ ես… Արդեն ուղեկցում են վիրահատարա՞ն… Ո՜չ… ո՛չ, Աննա, ո՜չ, ետ դարձիր, սիրելիս, խնդրում եմ, անմիջապես ետ դարձի՜ր… (Վազքով՝ դեպի ելքը:) Գալիս եմ, Աննա՜, դուրս արի շենքից, անմիջապես դուրս արի, ես գալի՜ս եմ… (Դուրս է ելնում:)
Մթնեցում:
Լուսավորվում է Սրբազանը:
ՍՐԲԱԶԱՆ — Իմանալով Մարինոսի մահը, վանական եղբայրները պատրաստվում են հոգեհանգստի կարգ կատարել: Վանահայրն ընդդիմանում է, ասելով, որ Մարինոսի մեղքն աններելի է, զուր է նրա հոգու փրկության համար աղոթելը և որ նրան պետք է թաղել առանց վանական հանդերձի: Վանականները հանում են հանգուցյալի զգեստներն ու ապշանքից քարանում՝ տեսնելով, որ Մարինոսը… կին է: Լուրը հասցնում են Վանահորը: Նա վշտահառաչ հեծեծում և աղոթում է անմեղ կույսի հոգու փրկության համար, և եկեղեցական կարգով հուղարկավորում են կույս Մարինոսին՝ նույն այդ խթճիթում: (Կարճ դադար:) Տարիներ անցան: Ես՝ Սրապիոնս, կույս Մարինոսի հոգեորդին, կուսակրոնություն ընդունելով ստանձնեցի այս մենաստանի վանահոր պաշտոնն ու մատուռ կառուցեցի նրա շիրիմի վրա, աղոթատունը կոչելով սիրո և մանկանց հովանավոր սուրբ Մարինոսի անունով:
Մթնեցում:
Լուսավորվում է սրահը: Կինը նստած է իր տեղում, ձեռքերի մեջ մանուշակների փնջով ծաղկամանն է:
Մտնում է Միրիամը: Թիկունքից մոտենալով Կնոջը, ձեռքը դնում է նրա ուսին:
ԿԻՆ — Եկա՞ր, հայրիկ:
ՄԻՐԻԱՄ — Մեր գնալու ժամանակն է, Մարինոս:
ԿԻՆ — Գնանք, հայրիկ: (Պայուսակն ուսելով բռնում է Միրիամի ձեռքը, դուրս են գնում:)
Դանդաղ մթնեցում:
Լուսավորված է միայն սեղանին դրված մանուշակների փունջը:
Հունվար, 2020