Արթուր ԷԴԱՐ / «ՀՈԳԵՎԻՃԱԿ» և «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Արթուր ԷԴԱՐԻ «ՀՈԳԵՎԻՃԱԿ» և «ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ» պիեսները տպագրվել են «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում

 

Երկար չմտածեցի, թե ինչ գրել նախաբանում: Գրասեղանիս վրա ունեի ընկերոջս՝ Հաբեթ Մուրադյանի բանաստեղծությունների ժողովածուն, որի մեջ մեկը՝ «Դրամափոխ»-ր, առավելագույնս բնութագրում էր հոգուս խառնաշփոթն այն պահին, երբ գրեցի այս երկու պիեսը: Հենց այդ բանաստեղծությունն էլ ուզում եմ ներկայացնել ձեզ որպես նախաբան: Թող այն դիտվի իբրև ԱՊԱՇԽԱՐՈՒԹՅՈՒՆ…

Տաճարը, որ կառուցված էր «Անունով հոր»,

Տաճարը, որ ինքս մաքրեցի մի օր ու ազատեցի

դրոշմներից մեղսագործության, բույրերից եղկության,

ստի բծերից

ու հետքերից ստորի…,

Տաճարն, ուր հրաշքներս գործեցի ի տես ու ի հավատ,

Տաճարը, որ նրբազգաց ու րնտիր քիմքերով էր կանգուն.

ինքս պղծեցի մի օր.

խոյակների ու բարձրագնա կամարների տակ տալ ու առնելով,

ապրանքս սրահներում բարձրաձայն գովելով,

բագինների ու զոհասեղանի առաջ սակարկելով,

սրբապատկերից շրջված գրպանելով,

կերոնների ներքո շահս հաշվելով,

դռան առաջ թալանելով

ու անկյուններում դիզելով,

բացահայտ կուտակելով ու

ծածուկ հրճվելով.

կրկնեցի այն,

ինչից խորշել էի ու ինչը հալածել…

Եվ ժամանակին վերագրելով անկումս,

և սղությանն ու նեղությանը վկայակոչելով,

և կործանման անտեսանելի ճահիճը մատնանշելով,

և չարքաշության լծից սարսափած,

և կուտակելու տենչով բռնկված,

ուղղորդված ու քաջալերված նախանձով

արդարացրի ինձ,

կոկեցի, ողորկեցի անկյունները բոլոր, հարթեցի եզրերը.

ինքս ինձ հետ հաշտեցրի,

դատարկեցի ինքս ինձ, ամայացրի տեղս,

շիջեցի, խաղաղվեցի ու ամայացա…

Եվ ամեն ինչ պարզ, հասկանալի ու ընդունելի դարձավ,

դարձավ ճշգրիտ, ինչպես հաշիվ ու հաշվարկ,

խոհեմ ու շրջահայաց, ինչպես կարիքը,

դիպուկ, ինչպես անշիկնել սուտը,

որ շահ է ակնկալում ու բարօրություն հետին…

Ու օրըստօրե խեղճն ու նվաստն ուրանալով,

դառն ու չարքաշը մոռանալով,

խեղդելով կարեկցանքը,

ողորմությունը զանց առնելով,

արժեքավորելով ձայնս,

հատու շինելով քայլքս,

դիմագծերս ազնվացնելով՝

հասա այս խաղաղությանը.

կույրի, խուլի, անզգամի անդորրին տիրացա,

վեհի, անհասի ու խնկարկելիի դիրքին բարձրացա.

իջա…

իջա…

                        իջա…

 

ՀՈԳԵՎԻՃԱԿ

Անավարտ դրամա, որ կարող է ապրել յուրաքանչյուրը:

Գործող անձինք

ՀՈԳԻ

ՀՐԵՇՏԱԿ

Գործողության վայրը՝ Դրախտ, որն, իհարկե, նման է նկարագրվածին:

 

Դատարկ տարածություն: Ներս են մտնում Հոգին ու Հրեշտակը:

ՀՐԵՇՏԱԿ — Բարի գալուստ Դրախտ:

ՀՈԳԻ — Շնորհակալ եմ, շատ շնորհակալ: Հատկապես Աստծուց: Ասենք, ես միշտ էլ Աստծուց շնորհակալ եմ եղել:

ՀՐԵՇՏԱԿ — Մենք գիտենք: Դրա համար էլ Աստված որոշեց ձեզ արժանացնել Դրախտին:

ՀՈԳԻ — Հոգաչափ շնորհակալ եմ, շնորհակալ… (Ինքնագոհ շուրջը նայելով:) Այսպես… Ես Դրախտում եմ: (Չտեսնելով ոչինչ, դատարկ տարածությունից բացի:) Ներեցեք, իսկ ո՞ր ուղղությամբ գնալ:

ՀՐԵՇՏԱԿ — Ո՞ւր:

ՀՈԳԻ — Դրախտ:

ՀՐԵՇՏԱԿ — Դուք արդեն Դրախտում եք:

ՀՈԳԻ — Հասկանում եմ, բայց այստեղ… կարծես թե…

ՀՐԵՇՏԱԿ — Կարծես թե ի՞նչ…

ՀՈԳԻ — Այն չէ, ինչպես ընդունված է:

ՀՐԵՇՏԱԿ — Ինչպես ի՞նչ է ընդունված:

ՀՈԳԻ — Դե, ինչպես ընդունված է, որ լինի Դրախտում:

ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ինչպե՞ս է ընդունված Դրախտում:

ՀՈԳԻ — (փոքր-ինչ լարվելով): Ի՞նչ իմանամ: Դուք ինձնից լավ պիտի իմանաք:

ՀՐԵՇՏԱԿ — Չեմ հասկանում՝ ինչ նկատի ունեք:

ՀՈԳԻ — Ես էլ չեմ հասկանում, թե դուք ի՛նչ չեք հասկանում: (Նյարդային:) Ձեզ ի՞նչ կարգադրեցին, որ անեք, հը՞…

ՀՐԵՇՏԱԿ — Ձեզ Դրախտ ուղեկցեմ:

ՀՈԳԻ — Իսկ ինձ ո՞ւր բերիք:

ՀՐԵՇՏԱԿ — Դրախտ:

ՀՈԳԻ — Դրա՞խտ:

ՀՐԵՇՏԱԿ — Դրախտ:

ՀՈԳԻ — Եվ դուք սա անվանում եք Դրա՞խտ:

ՀՐԵՇՏԱԿ — Այո: Ամենաիսկական Դրախտ:

ՀՈԳԻ — Այս դատարկ տարածությո՞ւնը:

ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ի՞նչ կուզենայիք, որ այստեղ լիներ:

ՀՈԳԻ — Ե՞ս:

ՀՐԵՇՏԱԿ — Այո, դուք:

ՀՈԳԻ — Իսկ դուք ցանկություն կատարելու հմտություն ունե՞ք:

ՀՐԵՇՏԱԿ — Իհարկե ոչ, դա սատանայի գործն է:

ՀՈԳԻ — Այդ դեպքում ինչո՞ւ եք հարցնում, թե ինչ կցանկանայի, որ լիներ այստեղ:

ՀՐԵՇՏԱԿ — Հենց այնպես:

ՀՈԳԻ — Ինչպե՞ս թե՝ հենց այնպես…

ՀՐԵՇՏԱԿ — Այո, հենց այնպես: Ուղղակի ինձ հետաքրքիր են ձեր պատկերացումները Դրախտի մասին:

ՀՈԳԻ — Իսկ ինձ հետաքրքիր է, թե ո՞ւր է ամեն ինչը:

ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ի՞նչ ասել է «ամեն ինչը»:

ՀՈԳԻ — Դե, այն ամենը, ինչ Դրախտն իսկապես դարձնում է Դրախտ:

ՀՐԵՇՏԱԿ — Դուք չէի՞ք կարող գոնե մեկ օրինակ բերել այդ ձեր ասած «ամեն ինչից»:

ՀՈԳԻ — Օրինակի համար… Հը՜մ… Ծառ:

ՀՐԵՇՏԱԿ — Ծա՞ռ:

ՀՈԳԻ — Ծառ:

ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ինչի՞ համար:

ՀՈԳԻ — Ասենք՝ արևից պաշտպանվելու:

ՀՐԵՇՏԱԿ — Դրա կարիքն այստեղ հաստատ չեք ունենա, որովհետև Դրախտում արև չկա:

ՀՈԳԻ — Ինչպես թե՝ արև չկա:

ՀՐԵՇՏԱԿ — Այո՛, չկա:

ՀՈԳԻ — Հապա սա ի՞նչ լույս է:

ՀՐԵՇՏԱԿ — Աստծո լույսը:

ՀՈԳԻ — Ուրեմն գիշեր չի՞ լինելու:

ՀՐԵՇՏԱԿ — Իհարկե, չի լինելու:

ՀՈԳԻ — Ինչպե՞ս ենք քնելու: Աստծո լույսի տա՞կ:

ՀՐԵՇՏԱԿ — Իսկ ո՞վ ասաց, թե քնելու եք:

ՀՈԳԻ — Ինչպե՞ս…

ՀՐԵՇՏԱԿ — Հենց այդպես: Դրա կարիքն էլ չեք ունենա:

ՀՈԳԻ — Այդպես… Է՞լ ինչի կարիքը չեմ ունենա:

ՀՐԵՇՏԱԿ — Ոչնչի… Մի՞թե պարզ չէ, դուք Դրախտում ոչ մի կարիք չեք ունենա:

ՀՈԳԻ — Սպասեք: Ես ինչ-որ չեմ հասկանում… Մարդ ինչ-որ բանի կարիք չի զգում միայն այն ժամանակ, երբ այն, ինչի կարիքը որ կա՝ դա ունի, ճի՞շտ է:

ՀՐԵՇՏԱԿ — Ճիշտ չէ: Մարդ ինչ-որ բանի կարիք չի զգում միայն այն ժամանակ, երբ կարիք չունի:

ՀՈԳԻ — Բայց կարիք զգում են ոչ կարիքի համար, այլ երբ ինչ-որ բան են ուզում… ՀՐԵՇՏԱԿ — Բանն էլ հենց այն է, որ ինչ-որ բան ուզելու կարիքը չկա:

ՀՈԳԻ — Ինչպես թե՝ չկա:

ՀՐԵՇՏԱԿ — Այո, չկա… Օրինակ՝ դուք ձեր երկրային կյանքում ուզում էիք առանց բացառության ամեն ինչ, որովհետև գիտեիք, որ ի վերջո մահանալու եք: Իսկ այստեղ ձեզ հավերժական կյանք է տրված, գնացեք ու ապրեք ձեր հաճույքի համար:

ՀՈԳԻ — Ասում եք՝ հաճույքի համա՞ր…

ՀՐԵՇՏԱԿ — Այո, հաճույքի համար:

ՀՈԳԻ — Այդ դեպքում ասացեք, թե դուք ի՛նչն եք հաճույք համարում:

ՀՐԵՇՏԱԿ — Հավերժական կյանքը:

ՀՈԳԻ — Միա՞յն…

ՀՐԵՇՏԱԿ — Ուրիշ էլ ի՞նչ: Չէ՞ որ այն կյանքում ձեր բաղձանքը, ինչքան հնարավոր է, երկար ապրելն էր, և միակ ճշմարիտ կարիքը, որ ունեցել եք, դա է եղել՝ չմահանալը:

ՀՈԳԻ — Թերևս…

ՀՐԵՇՏԱԿ — Տեսնո՞ւմ եք:

ՀՈԳԻ — Բայց ոչ միայն դա:

ՀՐԵՇՏԱԿ — Ուրիշ էլ ի՞նչ:

ՀՈԳԻ — Դե՜, օրինակ… Կինը: Ինչպե՞ս կարող է տղամարդը գոյատևել առանց կնոջ:

ՀՐԵՇՏԱԿ — Թույլ տվեք նկատել, որ հիմա ձեր մեջ խոսում են երկրային բնազդները: Դուք մոռանում եք, որ ներկա պահին և այսուհետ դուք հոգի եք, անմարմին հոգի:

ՀՈԳԻ — Ուզում եք ասել, որ…

ՀՐԵՇՏԱԿ — Այո՛, այո՛: Ո՛ր… Դուք այլևս ոչնչի կարիք չեք ունենա: Գիտե՞ք, ես ուղղակի չեմ հասկանում ձեր անհանգստությունը: Ձեր երկրային առաքելությունը կատարել եք անթերի՝ ամուսնացել եք, չեք դավաճանել ձեր կնոջը և, ամենակարևորը, նպաստել եք մարդկության հարատևմանը:

ՀՈԳԻ — (մտազբաղ): Ուրեմն ի՞նչ է ստացվում, որ ես այն կյանքում…

ՀՐԵՇՏԱԿ — Ինչո՞ւ «ստացվում», ինչո՞ւ «ստացվում»… Դուք հենց ապրել եք բարեպաշտ հավատացյալի կյանքով և արժանացել Դրախտի:

ՀՈԳԻ — Ուր չկա ոչինչ, որ ծներ կարիք…

ՀՐԵՇՏԱԿ — Իրավացի եք:

ՀՈԳԻ — Բայց եթե չկա կարիք, չկա նաև այն բավարարելու բավականություն: Եվ եթե չկա բավականություն, ուրեմն էլ ի՞նչ Դրախտ:

ՀՐԵՇՏԱԿ — Անկեղծ ասած, դուք ինձ զարմացնում եք:

ՀՈԳԻ — Ինչո՞վ:

ՀՐԵՇՏԱԿ — Ձեր բանականությամբ… Օրինակի համար, կարո՞ղ եք ասել, ի՞նչ եք զգում բավականություն ստանալուց հետո:

ՀՈԳԻ — Հաճույք:

ՀՐԵՇՏԱԿ — Տեսնո՞ւմ եք, դուք էլի եկաք իմ խոսքին՝ հաճույք: Իսկ ի՞նչն է միակ ու ճշմարիտ հաճույքը, եթե ոչ հավերժական կյանքով ապրելու՝ ձեզ տրված շնորհը: Դուք հավիտյան չեք մահանալու, հասկանո՞ւմ եք:

ՀՈԳԻ — Փորձում եմ գլխի ընկնել… Հաճույք՝ առանց բավականության: Լույս՝ առանց արևի: Կյանք, որ տրված է ինձ հավերժ ապրելու, առանց… Ի դեպ, այստեղ ուրիշ մարդ կա՞…

ՀՐԵՇՏԱԿ — Ուզում եք ասել՝ ուրիշ հոգինե՞ր…

ՀՈԳԻ — Այո, ուրիշ հոգիներ:

ՀՐԵՇՏԱԿ — Իհարկե, կան:

ՀՈԳԻ — Եվ ո՞ւր են նրանք:

ՀՐԵՇՏԱԿ — Աստված գիտե… Թափառում են ինչ-որ տեղ:

ՀՈԳԻ — Ինչպես թե՝ թափառում…

ՀՐԵՇՏԱԿ — Այո, ինչքան էլ տարօրինակ է, նրանք, հաճույքը թողած, բավականություն են փնտրում Դրախտում:

ՀՈԳԻ — (ինչ-որ բան որոշած): Որտե՞ղ կարող եմ տեսնել նրանց:

 

ՀՐԵՇՏԱԿ — Չեմ կարծում, թե դա ձեզ կհաջողվի: Դրախտն անծայրածիր է: Մինչև հիմա ոչ մի հոգի մեկ ուրիշին հանդիպած չկա:

ՀՈԳԻ — Ինչպես թե՝ չկա:

ՀՐԵՇՏԱԿ — Չկա:

ՀՈԳԻ — Ինչո՞ւ:

ՀՐԵՇՏԱԿ — Աստծո կամքն է, ոչինչ չես անի…

ՀՈԳԻ — Իսկ ինչո՞ւ է Աստված այդպես կամենում, չէի՞ք ասի:

ՀՐԵՇՏԱԿ — Ներեցեք, բայց մենք Աստծո գործերին չենք խառնվում: Մեկը խառնվեց, և գիտեք, թե նրան ինչ պատահեց:

ՀՈԳԻ — (մտազբաղ): Պարզ է… Հոգիներն իրարից անջատ պահելն անվտանգության ամենահուսալի երաշխիքն է:

ՀՐԵՇՏԱԿ — Ներեցեք, ձեզ չհասկացա:

ՀՈԳԻ — Իսկ ես ամեն ինչ շատ լավ հասկացա: Դուք մեզ խաբել եք:

ՀՐԵՇՏԱԿ — Ինչ ասացի՞ք:

ՀՈԳԻ — Ինչ լսեցիք, հարգելիս: Դուք մեզ խաբել եք: Ի՞նչ հաճույք կարող է լինել անմահությունը, եթե բավականություն չկա: Դա դժոխքից էլ վատ է: Դա… դա… Դուք գիտե՞ք, ինչ է ձանձրույթը:

ՀՐԵՇՏԱԿ — Գիտեմ, բայց դուք ձանձրանալու առիթ չեք ունենա:

ՀՈԳԻ — Ինչպե՞ս… այս դատարկության մե՞ջ…

ՀՐԵՇՏԱԿ — Բանն էլ հենց այս տարածության դատարկությունն է: Դուք մշտապես կփնտրեք մի ինչ-որ, թեկուզ փոքրիկ, անհարթություն և չեք գտնի:

ՀՈԳԻ — Եվ այդպես շարունա՞կ…

ՀՐԵՇՏԱԿ — Եվ այդպես շարունակ: Բայց դուք փնտրելուց էլ չեք ձանձրանա: Տարածության դատարկությունն ու անսահմանությունը ձեր մտապատկերում անշարժության պատրանք կստեղծեն: Ինչքան էլ թափառեք, միևնույն է, տարածության դատարկության շնորհիվ ձեզ միշտ կթվա, թե ուր էլ գնաք, ամեն դեպքում այդ տարածության կենտրոնում եք:

ՀՈԳԻ — Եվ ի՞նչ կլինի հետո:

ՀՐԵՇՏԱԿ — Դուք կմոռանաք կողմնորոշվելու և ամեն ինչ համեմատության մեջ ճանաչելու ձեր մարդկային սովորույթներն ու կսկսեք ճիշտ հոգեվիճակով ապրել:

ՀՈԳԻ — Ոչինչ չհասկացա:

ՀՐԵՇՏԱԿ — Տեսեք, քանի ձեր կողքին եմ, իմ շնորհիվ դեռ կարող եք ինչ-որ կերպ կողմնորոշվել տարածության մեջ, ճի՞շտ է:

ՀՈԳԻ — …

ՀՐԵՇՏԱԿ — Հապա, մի երկու քայլ այն կողմ արեք: (Հոգին անում է:) Տեսա՞ք, հիմա դուք երկու քայլ այն կողմ եք գտնվում: Իսկ հիմա հինգ քայլ դեպի մյուս կողմը գնացեք: (Հոգին գնում է:) Տեսա՞ք, հիմա էլ երկու քայլ այն և հինգ քայլ այս կողմ գնացիք: Երբ ես չլինեմ, ինչպե՞ս եք որոշելու, թե քանի քայլ և ուր եք գնում:

ՀՈԳԻ — …

ՀՐԵՇՏԱԿ — Տեսնո՞ւմ եք, առանց կողմնորոշիչ առարկայի ձեր շարժվելու և անշարժ վիճակում գտնվելու միջև եղած տարբերությունն այնքան կնվազի, որ երբ քայլեք, ձեզ կթվա, թե կանգնած եք, և հակառակը, երբ կանգնած լինեք, ձեզ կթվա, թե շարժվում եք:

ՀՈԳԻ — Վերջ տվեք, գրողը տանի, արդեն սրտխառնուք եմ զգում…

ՀՐԵՇՏԱԿ — Դրախտում հայհոյել չի կարելի:

ՀՈԳԻ — Իսկ ի՞նչ է կարելի, ի՞նչ…

ՀՐԵՇՏԱԿ — Հավերժական կյանքով ապրելու հաճույքը վայելել:

ՀՈԳԻ — Բայց ինչպե՞ս, ինչպե՞ս…

ՀՐԵՇՏԱԿ — Ձեր ուշադրությունը կենտրոնացրեք ձեր հոգեվիճակի վրա: Որքան շուտ մոռանաք մարդկային բնազդներն ու սովորությունները, այնքան արագ կկարգավորեք ձեր հոգեվիճակը և կվայելեք անմահության հաճույքը:

ՀՈԳԻ — (նյարդային): Դատարկ խոսքեր: Այո՛, այո՛, դատարկ խոսքեր: Ձեր այդ մտքերն ու համոզմունքները չեն փոխարինի իմ բաժին Դրախտը:        Ինձ խոսքեր պետք չեն, այլ

Դրախտ: Այո, ինձ բաժին հասած Դրախտը… Ի դեպ, ինչպե՞ս կարող եմ ճշտել, ինձ իրո՞ք Դրախտ եք բերել:

ՀՐԵՇՏԱԿ — Ճշտելու խնդիր չկա: Դուք Դրախտում եք: Ինչպես հանձնարարված է: Ինձ չե՞ք հավատում:

ՀՈԳԻ — Ձեզ հավատալու ի՞նչ հիմքեր ունեմ: Գուցե ձեր Դրախտը լցրել եք ամեն տեսակ ծանոթ-բարեկամներով, իսկ ինձ նման բարեպաշտներին ընդամենը լայնածիր արոտատեղե՞ր եք հրամցնում:

ՀՐԵՇՏԱԿ — Ես զգուշացրի, որ Դրախտում չհայհոյեք:

ՀՈԳԻ — Ի՞նչ ասացի որ… Եթե իրերը կոչում են իրենց անուններով, դա հայհոյանք է:

ՀՐԵՇՏԱԿ — Դրախտը չի կարելի կոչել «լայնածիր արոտավայր»: Այս պահին ձեր հոգեվիճակը կարծես թե մի փոքր խանգարված է:

ՀՈԳԻ — Ինչո՞ւ մի փոքր: Շա՛տ, շա՛տ է խանգարված: Մի ամբողջ կյանք համեստ ու բարեպաշտ կյանքով ապրելուց հետո ինձ բերել ու կանգնեցրել եք մի… մի… Դրախտի առաջ և ուզում եք, որ հոգեվիճակս նորմա՞լ լինի…

ՀՐԵՇՏԱԿ — Դժգոհ եք, որ Դրա՞խտ եք ընկել:

ՀՈԳԻ — Ես ոչ թե Դրախտից եմ դժգոհ, այլ այն տեղից, ուր հիմա գտնվում եմ:

ՀՐԵՇՏԱԿ — Բայց դուք հենց Դրախտում եք:

ՀՈԳԻ — Երդվեք Աստծո անունով:

ՀՐԵՇՏԱԿ — Աստված չի սիրում, երբ երդվում են:

ՀՈԳԻ — Ա՛յ, տեսնո՞ւմ եք, հենց նեղն եք ընկնում, իսկույն ամեն ինչ բարդում եք Աստծո վրա: «Աստված ա՛յս չի սիրում, Աստված ա՛յն թույլ չի տալիս…»: Իսկ ես ի՞նչ իմանամ՝ Աստվա՞ծ, թե՞ դուք:

ՀՐԵՇՏԱԿ — Բայց դուք չեք կարող չհավատալ, չէ՞ որ հավատացյալ եք:

ՀՈԳԻ — Էի՛… Այն կյանքում: Իսկ հիմա չեմ հավատում: Ձեզ չեմ հավատում: Այո՛: Եվ ես կբողոքեմ:

ՀՐԵՇՏԱԿ — Ո՞ւմ:

ՀՈԳԻ — Պարզ է, թե ում՝ Աստծուն:

ՀՐԵՇՏԱԿ — Անհնար է: Ոչ դուք կարող եք դուրս գալ Դրախտից, ոչ էլ նա է այցելում Դրախտ:

ՀՈԳԻ — Այդ դեպքում… Այդ դեպքում ես կհավաքեմ բոլոր հոգիներին, և մենք բողոքի ցույց կկազմակերպենք ձեր դեմ: Այո՛, և եթե մեր ձայնը տեղ չհասցնենք, խռովություն կբարձրացնենք:

ՀՐԵՇՏԱԿ — Դա ևս անհնար է: Դուք՝ հոգիներդ, երբեք չեք կարողանա հանդիպել մեկմեկու: Աստված վաղուց հոգացել է այդ մասին:

ՀՈԳԻ — Ախ, այդպե՞ս… Ուրեմն ես… ուրեմն ես կնստեմ այստեղ և կսպասեմ հաջորդ հոգուն, որ Դրախտ է ընկնելու: Այնուհետ՝ մյուսին, հետո՝ երրորդին, չորրորդին, և այդպես շարունակ: Այնքա՜ն ժամանակ ունեմ… Փառք Աստծո, անմահություն է, հավե՜րժ կյանք: Եվ մենք կհավաքվենք, մի մեծ, ամուր բռունցք կդառնանք և միաբռունցք՝ կկերտենք մեր Դրախտը, մեր երազանքի Դրախտը…

ՀՐԵՇՏԱԿ — (անխռով): Այ, տեսնո՞ւմ եք, ձեր հոգեվիճակն սկսում է կարգավորվել: Դուք արդեն հաճույք եք զգում հավերժ ապրելուց: Դե ինչ, «ցտեսություն» չեմ ասի, որովհետև էլ ձեզ չեմ տեսնի: Իսկ ահա Դրախտի հաջորդ այցելուին դուք, միևնույն է, չեք հանդիպի:

ՀՈԳԻ — Ինչո՞ւ:

ՀՐԵՇՏԱԿ — Կգնաք թափառելու…

 

 

ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆՈԻԹՅՈԻՆ

Անավարտ դրամա, որ շարունակվում է մեկի համար:

 

Գործող անձինք

ՍԱՏԱՆԱ

ՀՈԳԻ

Գործողության վայրը՝ Դժոխք: Պայմանով, որ այն նման է նկարագրվածին:

 

Կիսախավար, անհատակ փոս: Սատանան և Հոգին գահավեժ սլանում են ներքև:

ՀՈԳԻ — (սարսափահար ճչում է): Ա-ա-ա՜… Ա-ա-ա՜… Ա-ա-ա՜…

ՍԱՏԱՆԱ — (նյարդային): Լսի՛ր, հերի՛ք ճչաս…

ՀՈԳԻ — (հազիվ շնչելով):   Ի-ի-ինչպե՞ս… (Ներքև նայելով:) Ա-ա-ա՜…

ՍԱՏԱՆԱ — Վերջ տուր, լսո՞ւմ ես:

ՀՈԳԻ — (լռում է, բայց ներքև նայելով՝ ահաբեկված ճչում է): Ա-ա-ա՜… Ա-ա-ա՜…

ՍԱՏԱՆԱ — Դե, վերջ տուր, գրողը տանի, և ինձ լսիր:

ՀՈԳԻ — (շնչահատ): Չեմ-չեմ-չե՜մ կա-ա-ա-րո՜ղ…

ՍԱՏԱՆԱ — Կարող ես, կարող, միայն փորձիր ներքև չնայել:

ՀՈԳԻ — (սարսափած նայելով Սատանայի դեմքին): Ը-հը… Կփորձեմ… (Ներքև նայելով:) Ա-ա-ա՜, չե-եմ կա-ա-րո՜ղ…

ՍԱՏԱՆԱ — Քեզ ի՞նչ ասացի՝ ներքև մի նայիր: (Հոգին պլշած նայում է նրան:) Այ, այդպես, ապրես: Նորից եմ ասում՝ ներքև չնայես:

ՀՈԳԻ — (վախվորած): Չէ-է, չեմ նայի… Ինչ ահավոր է…

ՍԱՏԱՆԱ — Հա, բա՞… դժոխք է:

ՀՈԳԻ — Անկեղծ որ ասեմ, չէի մտածում, թե Դժոխք ընկնելը պետք է հասկանալ բառացի կերպով:

ՍԱՏԱՆԱ — Ասածիդ միտքը չհասկացա:

ՀՈԳԻ — Դժոխք տանող ճանապարհը ոչ թե քայլելով, մագլցելով, կամ թե սողալով պիտի անցնել, այլ ընկնելով: Ու ստացվում է՝ ճիշտ է այն վարկածը, թե մարդ մեռնելով՝ Դժոխք է ընկնում:

ՍԱՏԱՆԱ — Մասամբ է միայն քո ասածը ճիշտ: Ընդհանուր առմամբ, թյուր կարծիք է… Այո, բարեկամ, դու ոչ թե ճամփին, այլ Դժոխքում ես: (Հոգին զննում է փոսի պատերը:) Ներքև չնայես… Ինչքա՞ն ասեմ՝ ներքև մի նայիր, որ չվախենաս, թե չէ լեզուդ կկապվի վախից, ու մենք չենք հասցնի իրար հասկանալ:

ՀՈԳԻ — Լավ, կփորձեմ: Ինձ վարժվել է պետք:

ՍԱՏԱՆԱ — Եվ շուտ է պետք, շուտ:

ՀՈԳԻ — Ձեզ չհասկացա: Դուք շտապո՞ւմ եք, հա՞…

ՍԱՏԱՆԱ — Իհարկե, անշուշտ:

ՀՈԳԻ — Ինչո՞ւ և ո՞ւր:

ՍԱՏԱՆԱ — Պարզ չէ՞, հո չե՞մ կարող միշտ քո կողքին լինել: Շատ եմ զբաղված: Դե, գիտես, Դժոխք է, հազար այցելու ամեն վայրկյան ինձ է սպասում:

ՀՈԳԻ — Չհասկացա, դուք մենա՞կ եք բոլորին հսկում:

ՍԱՏԱՆԱ — (մտազբաղ): Ցավոտ հարց տվիր: Այո, մենակ եմ… Հոգիս դուրս եկավ, գրողը տանի… Գիտե՞ս, ինչն է ինձ զայրացնողը… Աստծո անունով ձեր Երկրի վրա ինչ ասես, որ չկա. տարբեր կրոններ, հազարների հասնող եկեղեցիներ, միլիոն քահանա… Բայց արի ու տես, որ մարդիկ էլի այստեղ են գալիս: Կրակն եմ ընկել…

ՀՈԳԻ — Դո՞ւք… կրա՞կն ընկել… Ինչքան գիտեմ՝ մեզ պիտի այրեք…

ՍԱՏԱՆԱ — Դու էլ միամիտ ու հիմար ես քեզնից առաջ եկողների պես: Ինձ որտեղի՞ց այդքան վառելիք, որ բոլորիդ կրակի տամ: Միլիարդներ եք դուք: Արևն էլ գրպանումս պահեմ, ձեզ չեմ հասցնի խորոված անել:

ՀՈԳԻ — Հասկացա…

ՍԱՏԱՆԱ — Ապրես, խելոք ես… Հիմա քեզ արագ կծանոթացնեմ Դժոխքի կյանքին ու կգնամ:

ՀՈԳԻ — (պատրաստակամ): Ես ձեզ լսում եմ:

ՍԱՏԱՆԱ — Ուրեմն այսպես, ինչպես հասկացար, կրակներ, հրդեհ այստեղ չի լինի:

ՀՈԳԻ — Դա շատ հուզիչ է և ուրախացնող:

ՍԱՏԱՆԱ — (անակնկալի եկած): Այսինքն՝ ինչպե՞ս…

ՀՈԳԻ — Դե, մարդ տանջելու ձեր մեթոդը խիստ տարբերվում է իմ լսածից, ես հուզվեցի, որ զերծ կմնամ անմարդկային չարչարանքներից…

ՍԱՏԱՆԱ — (կանխելով): Նախ՝ ինձ շողոքորթելն անիմաստ գործ է: Երկրորդ՝ դու մարդ չես, այլ հոգի: Եվ մի մոռացիր՝ դու Դժոխքում ես…

ՀՈԳԻ — Հա, հասկանում եմ: Այլ կերպ որ ասենք՝ փլավ չեք բաժանում:

ՍԱՏԱՆԱ — Սրամիտն ես: Եվ ապրես, որ ինձ ճիշտ ես հասկանում: Ուրեմն լսիր, քեզ բաժին կյանքը դու պիտի ապրես այսպես ընկնելով:

ՀՈԳԻ — Ինչպե՞ս… Մինչև ե՞րբ…

ՍԱՏԱՆԱ — Մինչև հասնես Ապաշխարության փոսի հատակը:

ՀՈԳԻ — Ապաշխարության փոսի հատա՞կը…

ՍԱՏԱՆԱ — Որ հետո, եթե դա լինի, այնտեղից ուղիղ Դրախտ գնաս:

ՀՈԳԻ — Դրա՞խտ…

ՍԱՏԱՆԱ — Հա, Դրախտ, Դրախտ:

ՀՈԳԻ — Իսկ ինչո՞ւ ասիք՝ եթե լինի…

ՍԱՏԱՆԱ — Մինչև Ապաշխարության փոսի հատակին հասնելը գործած բոլոր մեղքերդ մեկ առ մեկ պիտի հիշես ու ապաշխարես, որ մաքրես հոգիդ: Մինչև մեղքերից չմաքրես հոգիդ, հատակ չի լինի, և ոչ էլ՝ Դրախտ:

ՀՈԳԻ — Ինձնից առաջ եղե՞լ է մեկը, որ հասել է Դրախտ:

ՍԱՏԱՆԱ  — (տրտմած): Ցավն էլ այն է, որ ինչքան եկաք, այդքան մնացիք: Իսկ ես էլ ուժ չունե՛մ… չե՛մ կարող ձեր մեղքերի համար տանջվել: Հոգնել եմ, հասկանո՞ւմ ես…

ՀՈԳԻ — Հասկանում եմ ձեզ:

ՍԱՏԱՆԱ — Անիմաստ գործ է իմ աշխատանքը… Այնքան աճեցիք, և մեղքի չափն այնքան շատացավ, որ Դժոխքում արդեն տեղ չի մնացել: Եթե անձիս համբավը թողած, ինքս ինձ նայեի, պիտի թքեի և հեռանայի:

ՀՈԳԻ — Այդ մեկը չարժե:

ՍԱՏԱՆԱ — Ես էլ գիտեմ:

ՀՈԳԻ — Խորհուրդ չդիտվի իմ ասածը, բայց ձեզ կարծես թե օգնական է պետք:

ՍԱՏԱՆԱ — Մի հարցնող լինի՝ այս աշխատանքին ո՞վ կդիմանա… Առանց մի վայրկյան հանգստի, քնի՝ հոգի ընդունիր, հա փոսը նետիր, հետն էլ դու ընկիր և պարզաբանիր, թե ինչն ինչոց է, թե ինչպե՞ս անի… Մի խոսքով, Դժոխք, իսկական Դժոխք:

ՀՈԳԻ — Այո, դժվար է:

ՍԱՏԱՆԱ — Դժվարն էլ խո՞սք է… Ու դեռ չեմ ասում, որ այսքան հոգու ձեռքին տանջվելով, էլի իմ մասին ձեր Երկրի վրա միշտ վատն են խոսում: Հենց մի վատ բան է կատարվում այնտեղ, իսկույն անունս են պահի տակ հիշում: «Սատանան արեց», «Սատանան գիտե», «Մատն էր սատանի խառը էս գործին…»: Ականջս օրն ի բուն զնգում է, գիտե՞ս, էլ չեմ դիմանում ահավոր ցավին:

ՀՈԳԻ — (խղճահարված): Կարեկցում եմ ձեզ:

ՍԱՏԱՆԱ — Շնորհակալ եմ շատ… Այ, դու տեսնում ես, թե ինչ ահռելի գործ եմ կատարում: Ասա ինձ, բա ես ժամանակ ունե՞մ՝ ձեր այդ երկրային գործերին խառնվեմ:

ՀՈԳԻ — Չեմ կարծում, չէ՛, չէ՛…

ՍԱՏԱՆԱ — Ահա, տեսնո՞ւմ ես… (Ականջը ցույց տալով:) Ա՛յ, նորից զնգաց…

ՀՈԳԻ — Ես իսկապես էլ ձեզ հասկանում եմ և կուզենայի ձեր գործին օգնել:

ՍԱՏԱՆԱ — Անչափ շոյված եմ: Ինչքան շուտ մաքրես քո հոգին մեղքից, այնքան ինձ համար բարի գործ կանես:

ՀՈԳԻ — (անհամարձակ): Ինձ չհասկացաք… Ես կուզենայի ձեզ հետ աշխատել:

ՍԱՏԱՆԱ — (անակնկալի գալով): Ինչպե՞ս… ինչ անե՞լ…

ՀՈԳԻ — Դե, թեկուզ, ասենք, որպես օգնական…

ՍԱՏԱՆԱ — Ես չհասկացա… Անկեղծ եմ ասում… Դու ի՞նչ ես ուզում:

ՀՈԳԻ — Որ ինձ Դժոխքում մի աշխատանք տաք:

ՍԱՏԱՆԱ — Իսկ ավելի պա՞րզ…

ՀՈԳԻ — Դե, ինչպես ասեմ… Գործի ընդունեք որպես օգնական:

ՍԱՏԱՆԱ — Որպես օգնակա՞ն…

ՀՈԳԻ — Այո, օգնակա՛ն:

ՍԱՏԱՆԱ — Ի՞նձ: Սատանայի՞ս…

ՀՈԳԻ — Այո, ձեզ… Հենց ձեզ:

ՍԱՏԱՆԱ — Դու լո՞ւրջ ես ասում:

ՀՈԳԻ — Միանգամայն լուրջ: Ես գործի մարդ եմ:

ՍԱՏԱՆԱ — (Հոգու դիտավորությունը հասկանալով): Ախ, գործի՜ մարդ ես…

ՀՈԳԻ — Այո, գործի մարդ:

ՍԱՏԱՆԱ — (հետը խաղալով): Եվ դու, գործի մարդ, ուզում ես հավերժ մնալ Դժոխքո՞ւմ:

ՀՈԳԻ — Այո, իսկ ի՞նչ կա:

ՍԱՏԱՆԱ — Դրախտ չե՞ս ուզում…

ՀՈԳԻ — Իսկ ասացեք ինձ, ի՞նչ եմ կորցրել ես այդ Դրախտում:

ՍԱՏԱՆԱ  — Ես ի՞նչ իմանամ… շատ եք երազում:

ՀՈԳԻ —  Իսկ ես չեմ ուզում:

ՍԱՏԱՆԱ — (կտրուկ): Իսկ քեզ չե՛ն հարցնում:

ՀՈԳԻ — (հիասթափ): Ինչպե՞ս…

ՍԱՏԱՆԱ — Հենց այդպես, գործի մարդ… Խորամանկն ես, հա՜… Դու չե՞ս հասկանում, որ Դժոխքում ես՝ Ապաշխարության անտակ փոսի մեջ…

ՀՈԳԻ — Հասկանում եմ: Եվ ի՞նչ…

ՍԱՏԱՆԱ — Այն, որ Դժոխքում, ինչպես դու ասիր, փլավ չեն բաժանում: Քեզ բաժին գործը ապաշխարելն է, դու չե՞ս հասկանում: Մի սրա՜ն նայեք, ինչ է երազում…

ՀՈԳԻ — (խեղճացած): Ինչ ասացի՞ որ…

ՍԱՏԱՆԱ — Մեղքի մեջ կորած, բայց էլի մեղք ես մտքում որոճում: Կուզես պե՞տ դառնալ քեզ նման դժբախտ հոգիների մեջ:

ՀՈԳԻ — (արդարանալով): Ես չասացի՝ պետ, ասի՝ օգնական:

ՍԱՏԱՆԱ — Ինձ՝ հա, իսկ նրա՞նց…

ՀՈԳԻ — Նրանց էլ նույնը: Սոսկ պիտի օգնեմ՝ վիճակն այս հասկանան: (Շարունակելով համոզել:) Տեսաք, չէ՞, ինչքան ընդունակ եմ ես: Հեչի պես վարժվեցի ընկնելու վախին: ՍԱՏԱՆԱ — (մտազբաղ): Ասում ես՝ օգնե՞ս…

ՀՈԳԻ — (ոգևորվելով): Այո, բա ինչպե՞ս… Ես էլ մարդ եմ, չէ՞, նրանց կես խոսքով ճիշտ կբացատրեմ:

ՍԱՏԱՆԱ — Մարդ չես, այլ հոգի: (Ինչ-որ բան որոշած:) Բայց կարևոր չէ: Քո ասածի մեջ մի խելոք բան կա:

ՀՈԳԻ — (ուրախացած): Ահա, տեսնո՞ւմ եք…

ՍԱՏԱՆԱ — Քեզ նմաններին (իսկ դուք բոլորդ եք այդպես լպրծուն) Ապաշխարության էլ ո՛չ մի փոսի արժանի չանել…

ՀՈԳԻ — Հապա ի՞նչ լինի:

ՍԱՏԱՆԱ — Մեկ ուրիշն իմ տեղը քեզ իսկույն կասեր. «Սատանան գիտի»: Բայց քանի որ ես Սատանան եմ, ինքս քեզ կասեմ… Դրախտ կուղարկեմ:

ՀՈԳԻ — Մեղավոր հոգո՞վ…

ՍԱՏԱՆԱ — Իսկ ի՞նչ կլինի… Մի քիչ էլ Աստված իր հրեշտակներով թող ձեզ հետ տանջվի: Մեկ է, դուք մեղքից ձեռք քաշողը չեք:

ՀՈԳԻ — Ինչո՞ւ, մի ասեք…

ՍԱՏԱՆԱ — (ջղային): Գրողը տանի, արդեն մի կյանք է, ինչ քեզ հետ այստեղ, այս փոսը ընկած, մեղքը քավելու ձևն եմ բացատրում: Իսկ դո՞ւ, իսկ դո՞ւ ինչ…

ՀՈԳԻ — Բայց ես ի՞նչ, ես ի՞նչ…

ՍԱՏԱՆԱ — Իսկ դու, փոխանակ մեղքերդ քավես ու ապաշխարես, ինձ գործից կտրել ու ելք ես փնտրում պատիժը հաճույքով փոխելու համար:

ՀՈԳԻ — Բայց դուք ասացիք, որ ձեր աշխատանքը դժվար է, շատ բարդ, Դժոխք է, Դժոխք…

ՍԱՏԱՆԱ — Այո, ինձ համար… Այ, իսկ քեզ համար Դրախտ կդառնա:

ՀՈԳԻ — (տեղի տալով): Լավ, ներող եղեք, էլ բան չեմ ասի:

ՍԱՏԱՆԱ — (հազիվ իրեն զսպելով): Ճիշտ է, Դժոխք է, բայց չհայհոյես:

ՀՈԳԻ — Բայց ես ի՞նչ ասի:

ՍԱՏԱՆԱ — Չասացի՞ր «Ներեք»:

ՀՈԳԻ — Ասացի… և ի՞նչ…

ՍԱՏԱՆԱ — Այն, որ ներելը Աստծո գործն է, իսկ իմը՝ պատժելը, հասկանո՞ւմ եք:

ՀՈԳԻ — (պարզամտորեն): Հասկացա… Ոչինչ, բոլոր դեպքերում, միշտ ներող եղեք:

ՍԱՏԱՆԱ — (հուսահատ): Գրո՛ղը տանի, այս ի՞նչ պատիժ էր՝ Աստված ինձ տվեց… (Թախիծով:) Երբ դարձա այս Դժոխքին պետ, կյանքը ըմբոստիս թվաց մի արկած: Իմ թյուր կարծիքով, մեղավոր հոգիք Դժոխքը պիտի լցնեին իրենց ապրած հաճույքի ցավով: Լային, ոռնային, կամ լուսնին նայող մենակ գայլի պես խուլ կաղկանձեին… Ընկած հոգիներ, որ փոսը ընկած, կրկին ընկնելով, պիտի հիշեին իրենց մեղքերը, պիտի զղջային… Բայց, ավաղ, հոգին նույն մարդու նման բանական է, կեղծ, իր գոյը պաշտող, այն արդարացնող… Նա երբեք, երբե՛ք չի գա այն մտքին, որ մեղք է գործել… Երբեք չի զղջա… Երբեք չի զղջա…

ՀՈԳԻ — (միամիտ անկեղծությամբ): Ձեզ ցավակցում եմ:

ՍԱՏԱՆԱ — Ինձ ձե՞ռ ես առնում:

ՀՈԳԻ — Օ, ի՞նչ եք ասում, ինչպե՞ս կարող եմ…

ՍԱՏԱՆԱ — Չէ, դուք կարող եք և ձեզ ոչ մի բան՝ Դժոխք, թե Դրախտ, կարգի չի բերի: Դուք եղել եք, կաք, այդպես էլ կմնաք՝ կեղծ ու բանական:

ՀՈԳԻ — (ցուցադրական կարեկցանքով): Իզուր եք խռովում ձեր հոգին, դուք ի՞նչ մեղք ունեք…

ՍԱՏԱՆԱ — Բայց ձեր մեղքերի երեսից է, որ ես այս վիճակում եմ:

ՀՈԳԻ — (խեղճացած): Բայց մենք էլ ենք մեղք…

ՍԱՏԱՆԱ — (զարմացած): Ասում ես՝ դուք է՞լ…

ՀՈԳԻ — Դուք ճիշտ  եք ասում, որ մենք  այն կյանքում մեղք շատ   ենք գործում: Բայց ի՞նչ անենք, Աստված է փորձում:

ՍԱՏԱՆԱ —    Դուք գիտեք, չէ՞, որ փորձություն է…

ՀՈԳԻ — Հա, բայց Աստծո դեմ, գիտեք, խաղ չկա: Ինչպես էլ վարվես, միշտ մեղքի մեջ ես: Կարծում եք, հե՞շտ էր դրան դիմանալ:

ՍԱՏԱՆԱ — (բարկացած): Ինչ էլ որ լիներ, դիմանալ էր պետք փորձությանն Աստծո, որ ինձ կրակը չգցեք այսպես: Ես՝ մեկ, դուք՝ միլիարդ, և չեք հասկանում, որ չարիքի մեջ կյանքը խեղդելով՝ Դժոխքը նույնիսկ Դրախտ եք դարձնում: Դու ի՞նչ ես կարծում, Դժոխքո՞ւմ է հեշտ, թե՞ ձեր այն կյանքում:

ՀՈԳԻ — Անկեղծ որ ասեմ, դուք չե՞ք զայրանա:

ՍԱՏԱՆԱ — Արդեն վարժվել եմ:

ՀՈԳԻ- Դժոխքում, ինչքան հասկացա, շատ ավելի հեշտ է:

ՍԱՏԱՆԱ — Ահա, տեսնո՞ւմ ես… (Հուսահատ:) Եվ ես չեմ կարող… Ես է՛լ չեմ կարող…

Ես քեզ լքում եմ…

ՀՈԳԻ — Բայց ո՞ւր եք գնում առանց ասելու, թե մեղքիս ինչպե՞ս թողություն գտնեմ:

ՍԱՏԱՆԱ — Ասացիր՝ ինչի՞ն, ես չլսեցի:

ՀՈԳԻ — Մեղքերիս, ասի, թողություն խնդրեմ:

ՍԱՏԱՆԱ — Մեղքերի՞դ… Ինչպե՞ս, դու մե՞ղք ես գործել:

ՀՈԳԻ — (զարմացած): Այո՜… Լիքը կյանք…

ՍԱՏԱՆԱ — Չե-ե՜մ հավատում, չէ՛… Դու կատակում ես: Դու խա-ա՜ղ ես անում…  ՀՈԳԻ — Ինչպե՞ս… Եվ ո՞ւմ հետ…

ՍԱՏԱՆԱ — (ցասկոտ): Ինձ հետ… Սատանայի՛…

ՀՈԳԻ — Վայ, ի՞նչ եք ասում, ինչպե՞ս կլինի…

ՍԱՏԱՆԱ — Իսկ ինչպե՞ս է, որ ես ամեն անգամ, ամեն հոգու հետ գժվո՛ւմ եմ, մեռնո՛ւմ… Հերիք չէ՞, ասեք, հերիք չէ՞ դուք գաք ու իմ կոկորդում փշի պես խրվեք: Հերիք է, հերիք… Ինչքա՞ն կարող եմ ես ձեզ փոս փորել: Էլ տեղ չմնաց, փոսի տեղ չունեմ: Նոր փոս եմ փորում հի՛ն հոգու վրա: Աստված իմանա՝ էլի կպատժի…

ՀՈԳԻ — Ինչպե՞ս կպատժի:

ՍԱՏԱՆԱ — Դե, դու տեղյակ չես… Ուզում էր շուտով փակել Դժոխքը… Աշխարհի վերջն է ահա մոտենում… Բայց այսպես գնա՝ հաստատ կթողնի, հաստատ Դժոխքին մատով չի դիպչի… Ու այն կմնա… Ու ես կմնամ… էլի կլծվեմ անիծյալ գործին…

ՀՈԳԻ — (կարեկցանքով): Ի՞նչ ասեմ, Աստված համբերություն տա…

ՍԱՏԱՆԱ — Ա՜յ, դա միտք էր, մի՛տք: Գիտեմ, որ մի բան ինձ հետ այնպես չէր, բայց գլխի չընկա: Ապրե՛ս, գործի մարդ, դու ինձ փրկեցիր: Համբերությունս սպառվելու վրա էր: Դե ինչ, շուտ գնամ և լիցքավորվեմ: (Թռչում է վերև:)

ՀՈԳԻ — (անակնկալի եկած): Սպասե՛ք, այդ ո՞ւր… Բան չհասկացա, կարծես թե գժվեց… Բայց լինո՞ւմ է, որ Սատանան գժվի… Չէ հա՛… Երևի… Մեր մեջ ասած, խիստ տարօրինակ է ձևն այս Դժոխքի, գլուխ չես հանի և բացառված չէ, որ խելագարվես… Օրինակ՝ ես: Ինչպե՞ս վարժվեմ վիճակիս… Ես ի՞նչ եմ անում… Պարզ է, այս պահին ներքև եմ ընկնում… (Վախից սառչելով:) Ներքև եմ ընկնո՞ւմ… (Նայում է ներքև:) Ա-ա-ա՜… Ա-ա-ա՜… Ա-ա-ա՜…

 

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։