Արթուր ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆՑ / «451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅՏԻ»
Արթուր ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆՑԻ «451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅՏԻ» պիեսը ՌԵՅ ԲՐԵԴԲԵՐԻԻ համանուն վեպի մոտիվներով, տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13-ում:
Կար ժամանակ, երբ տարին չորս եղանակ ուներ,
և նկարներն իմաստ ունեին,
Կար ժամանակ, երբ երեխաներն իրար չէին սպանում,
կային երկրներ, որ չէին պատերազմում,
Կար ժամանակ, երբ մարդիկ երբեմն ժպտում էին,
և ամուսիններն իրար հետ խոսում էին:
Կար ժամանակ, երբ երջանկությունն այնքան էլ ծիծաղելի չէր,
ու կային, կային մարդիկ, որ իրար նման չէին:
Կար ժամանակ… Բայց դա վաղուց էր, շա՜տ վաղուց:
Արթուր ՏԵՐ-ԴԱՆԻԵԼՅԱՆՑ
451° ԸՍՏ ՖԱՐԵՆՀԱՅՏԻ
Ռեյ Բրեդբերիի համանուն վեպի մոտիվներով
Գործող անձինք
ՄՈՆԹԱԳ
ՄԻԼԴՐԵԴ
ՔԼԱՐԻՍ
ԲԻԹԻ
ԱԹՈՆՄԵՆ
ԲԼԱՔ
Կին
1-ին Բուժակ
2-րդ Բուժակ
1-ին Ջոն
2-րդ Ջոն
ՔԼԱՐԻՍԻ Մայրը
Տիկին ԲՈՈՒԼԶ
Տիկին ՖԵԼՓՍ
1-ին Անցորդ
2-րդ Անցորդ
1-ին Ծերունի
2-րդ Ծերունի
1-ին Պատանի
2-րդ Պատանի
Հրդեհ Կնոջ բնակարանում: Տագնապի ազդանշան: Բեմի կենտրոնում կանգնած Կինը սառած հայացքով նայում է անորոշ կետի, դանդաղ օրորվում է: Ներխուժում են Բիթին, Սթոնմենը, Բլաքը, Մոնթագը և Կնոջ թիկունքում պատ են կազմում:
ԱՌԱՋԻՆ ՏԵՍԱՐԱՆ
ԿԻՆ — (միապաղաղ): «Արիացեք, Ռիդլի: Աստծու ողորմությամբ այսօր Անգլիայում մենք այնպիսի մոմ կվառենք, որ վստահ եմ՝ նրանք երբեք չեն կարող հանգցնել»:
ԲԻԹԻ — (ապտակում է կնոջը): Որտե՞ղ են:
ԿԻՆ — (միապաղաղ): «Ինձ չի վախեցնում գերեզմանն ահեղ, Տանջանքն, ասում են, հանգչում է այնտեղ՝ Սառն, հավերժական լռության միջում»:
Սթոնմենը քարտ է տալիս Բիթիին:
ԲԻԹԻ — (կարդում է): «Հիմքեր կան կասկածելու, որ գրքեր են պահված 4-րդ թաղամասի թիվ 11 տան ձեղնահարկում: Է. Բ.»:
ԿԻՆ — (նույն կերպ): «Կյանքից զրկվելն է ինձ միայն տանջում:
Ջահե՜լ եմ, ջահե՜լ… Ունեցե՞լ ես դու
Ցնորմունքները անհոգ պատանու»:
ԲԻԹԻ — (հրկիզողներին): Արագ՝ ձեղնահարկ:
Շտապ բարձրանում են, վերևից լսվում է աղմուկ-աղաղակ, պատշգամբից ցած են թափվում գրքեր, հետո ընկնում է կենդանի սագ, ապա՝ ճերմակ փետուրներ…
Այդ ընթացքում Կինը շարունակում է արտասանել, վերջին տողերն ասում է գրեթե բղավելով, շուտասելուկի պես:
ԿԻՆ — «Դու չես ունեցել կամ չես հիշում էլ,
Թե ոնց ես մի օր ատել ու սիրել,
Ինչպես է սիրտդ բաբախել ուժգին
Կանաչ դաշտերին, վառ արեգակին
Անկյունի բարձր բուրգից նայելիս,
Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս
Ու բարձր պատի խորունկ ճեղքվածքում,
Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատսպարվում է փոքրիկ աղավնին-
Չքնաղ զավակը անհայտ աշխարհի»:
ԲԻԹԻ — Վերջ, իջնում ենք:
ԿԻՆ — «Ուր մնաց՝ արդեն, զառամ ես, թույլ ես,
Սիրուն աշխարհը կշտացրել է քեզ»:
ԲԻԹԻ — (Կնոջը): Դուրս եկեք, շուտ: Հաշվում եմ մինչև տասը. մեկ…
Մյուսները բերում են մետաղյա ցանց, դնում են Կնոջ դիմաց, գրքերը լցնում են ցանցի մեջ, վրան հեղուկ լցնում ու պատրաստում վառիչները:
ԿԻՆ — «Սրտումդ անկատար էլ չունես իղձեր…»
ԲԻԹԻ — …երկու: Գրքերում ամեն ինչ հակասական է:
ԿԻՆ — «Էլ ի՞նչ ես ուզում, ապրել ես դու, ծե՜ր…»
ԲԻԹԻ — Երեք: Բաբելոնյան խառնաշփոթ: Չորս…
ԿԻՆ — «Աշխարհում մոռանալու ունես դու մի բան…»
ԲԻԹԻ — …հինգ: Շուտով ամբողջ շենքը կայրվի: Վառիչները պատրա՛ստ:
ԿԻՆ — «Չէ՞ որ կապրեի ես էլ քեզ նման…»
ԲԻԹԻ — Վեց:
Կինը, կրկնելով նույն տողերը, վառում է լուցկին ու դանդաղ մտնում ցանցի մեջ:
ԿԻՆ — «Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս…»
Լուցկու վառված հատիկը գցում է ցանցի մեջ:
«Ու բարձր պատի խորունկ ճեղքվածքում»…
Գրքերն այրվում են:
ԲԻԹԻ — Գնանք:
ՄՈՆԹԱԳ — (սարսափած): Հո նրան էստեղ չե՞նք թողնի:
ԲԻԹԻ — Չի ուզում հեռանալ:
ՄՈՆԹԱԳ — Պետք է ստիպել:
ԿԻՆ — (փորձելով զսպել ցավը):
«Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատսպարվում է փոքրիկ աղավնին-
Չքնաղ զավակը անհայտ աշխարհի»:
ԲԻԹԻ — Մոլեռանդ ինքնասպան… Սովորական բան է:
ԿԻՆ — (խառնելով տողերը): «Ինչպես է սիրտդ բաբախել ուժգին»…
ՄՈՆԹԱԳ — (կնոջ թևից քաշելով): Գնանք:
ԿԻՆ — «Սիրուն աշխարհը կշտացրել է քեզ»…
ՄՈՆԹԱԳ — Խնդրում եմ:
ԿԻՆ — «Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս»…
ԲԻԹԻ — (Մոնթագին քարշ է տալիս բեմի խորքը): Հո չե՞ք գժվել:
ԿԻՆ — «Չէ՞ որ կապրեի ես էլ քեզ նման»…
ՄՈՆԹԱԳ — Աղաչում եմ…
Բոլորը, Կնոջից բացի, դուրս են գնում:
ԿԻՆ — «Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատսպարվում է փոքրիկ աղավնին-
Չքնաղ զավակը անհայտ աշխարհի»:
Մթություն:
ԵՐԿՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մոնթագի բնակարանը: Բազմոցին, մեջքով դեպի հանդիսատեսը նստած Միլդրեդը նայում է բեմի խորքում տեղադրված հսկայական էկրանին: Մյուս բազմոցին, դեմքով դեպի հանդիսատեսը նստած Մոնթագը ձեռքերով ծածկել է դեմքը, մատների արանքից երևում են լայն բացված անշարժ աչքերը: Հեռուստաէկրանին խստադեմ կինը բացում է ատամները, որքան կարող է, արագ-արագ խոսում է:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐՈՒՀԻ – Փափին, Փեփին փոքրիկ Փիփիի փչփչիչը փչփչեցրին, փութութակի փուշտիկները փուչփուչացրին, փրփրոտ, փրփրիկ փրփրեցրին, փուչ փուշտիկը փուստ փքեցին, Փեփիի փորփոշ փչփչիչը փչացրեցին: Փորձեք փրկել Փափիին, Փեփիին փոքրաչովի փրփռան Փիփիի փրփրահույզ փրփռումից:
ՄԻԼԻ — «Հարազատներն» են գալիս:
ՄՈՆԹԱԳ — Միլի, այսօր մի կնոջ այրեցինք:
ՄԻԼԻ — Ես նոր դեր եմ ստացել, պիտի օգնեմ Փափիին ու Փեփիին:
Հեռուստաէկրանին հայտնվում են վարդագույն ակնոցներով Փափին ու Փեփին:
ՓԱՓԻ — Փեփի, փոքրիկ Փիփիի փչփչիչը դու փչացրիր:
ՓԵՓԻ — Փափի, փոքրիկ Փիփիի փչփչիչը դու փչացրիր:
ՄՈՆԹԱԳ — Նրա ձեռքին լուցկի կար, մենք չէինք տեսել:
ՄԻԼԻ — (ձախ ձեռքով հանգցնում է ծխախոտը, աջը պարզում է Մոնթագին): Սիգարետ կտա՞ս:
ՓԱՓԻ — Փեփի, փոքրիկ Փիփիի փչփչիչը դու փչեցիր, փութփութակի փուշտիկները փուչփուչացրիր:
ՄՈՆԹԱԳ — (սիգարետ տալով): Նա այրեց իրեն գրքերի հետ միասին, ի՞նչ կար գրքերում:
ՓԵՓԻ — Փափի, փոքրիկ Փիփիի փչփչիչը դու փչեցիր, փութփութակի փուշտիկները փուչփուչացրիր:
ՄԻԼԻ — Փափիին ու Փեփիին ո՞նց փրկեմ:
ՄՈՆԹԱԳ — Ես փորձեցի նրան փրկել, բայց Բիթին չթողեց:
ՓԱՓԻ — (Փեփիին): Ես հուսահատ եմ:
ՓԵՓԻ — (Փափիին): Ես հուսահատ եմ:
ՄՈՆԹԱԳ — Միլի, վախենում եմ, նրա փոխարեն կարող էինք մենք լինել:
ՄԻԼԻ — (հանգցնում է ծխախոտը): Վերջ, շուտով ինձ հարց կուղղեն, տեսքս լա՞վ է: ՄՈՆԹԱԳ — (առանց նրա կողմը նայելու): Լավ է:
ՓԱՓԻ — Փեփի, խանութում վաճառում են փչփչիչ, ես փող ունեմ: Ի՞նչ անենք:
ՓԵՓԻ — Փափի, այո, խանութում վաճառում են փչփչիչ, ես էլ փող ունեմ: Ի՞նչ անենք: ՄՈՆԹԱԳ — Նա այրվում էր ու արտասանում…
ՄԻԼԻ — Սպասիր:
ՓԱՓԻ — Ի՞նչ անենք, Միլի:
ՄՈՆԹԱԳ — …այրվում էր ու արտասանում…
ՄԻԼԻ — Սպասիր:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ կարող էի անել…
ՓԵՓԻ — Ի՞նչ անենք, Միլի:
ՄԻԼԻ — (Մոնթագին՝ շփոթված): Ի՞նչ պատասխանեմ… Դե, ասա:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ ասեմ:
ՄԻԼԻ — Չէի՞ր լսում. Փափին ու Փեփին փոքրիկ Փիփիի քեռիներն են, նրանք փչփչել են փոքրիկ Փիփիի փչփչիչն ու փչացրել, խանութում փչփչիչ են վաճառում և նրանք փող ունեն, բայց չգիտեն, թե ինչ անեն:
ՄՈՆԹԱԳ — Թող կորչեն գրողի ծոցը:
ՄԻԼԻ — Ո՞նց գլխի չէի ընկել… (Էկրանին.) Պատասխան. «Թող կորչեն գրողի ծոցը»:
Էլեկտրոնային ձայն — Տու-տու-տու: Դա սխալ պատասխան է, ճիշտ պատասխանն է. «Թող գնեն խանութից»:
ՄԻԼԻ — Ես պարտվեցի:
Կադրում հայտնվում է փոքրիկ Փիփին:
ՓԱՓԻ և ՓԵՓԻ — (միասին): Ահա, փոքրաչափ փոքրիկ Փիփի, քո փորփոշ փչփչիչը:
ՄԻԼԻ — (Մոնթագին): Դու ինձ խաբեցիր, դա ճիշտ պատասխանը չէր:
ՄՈՆԹԱԳ — Գլուխս պայթում է: Ինձ ջուր բեր ու գլխացավի դեղ:
ՄԻԼԻ — Ինչո՞ւ ինձ չես նայում:
ՄՈՆԹԱԳ — Միլի, մենք այրեցինք տասնյակ գրքեր, այրեցինք Դանթեին, Սվիֆթին, Մարկուս Ավրելիուսին…
ՄԻԼԻ — Եվրոպացի՞ է:
ՄՈՆԹԱԳ — Կարծեմ՝ այո:
ՄԻԼԻ — Ռադիկա՞լ է:
ՄՈՆԹԱԳ — Չգիտեմ:
ՄԻԼԻ — Պարզ է, ուրեմն, ռադիկալ է:
ՄՈՆԹԱԳ — Մենք այրեցինք մի կնոջ:
ՄԻԼԻ — Հետո՞ ինչ: Թող գրքեր չպահեր:
ՄՈՆԹԱԳ — Եթե նրան տեսնեիր, Միլի…
ՄԻԼԻ — Ես նրա հետ գործ չունեմ:
Դադար:
ՄՈՆԹԱԳ — Ինձ ջուր բեր ու գլխացավի դեղ: Երևի միառժամանակ աշխատանքը թողնեմ:
ՄԻԼԻ — Ի՞նչ: Իսկ եռակողմ հեռուստացո՞ւյցը, բոլորն ունեն՝ մեզնից բացի:
ՄՈՆԹԱԳ — Լավ, կբերե՞ս դեղն ու ջուրը:
ՄԻԼԻ — Հիմա: (Անհետանում է կուլիսներում:) Այդ կինը խելագա՞ր էր:
ՄՈՆԹԱԳ — Ոչ:
ՄԻԼԻ — (ջուրը բերելով): Ուրեմն ինչո՞ւ էր գրքեր պահում:
ՄՈՆԹԱԳ — (վերցնելով ջրի բաժակը): Իսկ դե՞ղն ուր է:
ՄԻԼԻ — Ախ, հա՜: (Անհետանում է կուլիսներում:) Մոլեռանդ ինքնասպան. սովորական բան է: (Բերելով դեղը:) Գիտե՞ս, քեզ մի տանջիր, վերցրու մեքենան ու ժամում 120 մղոն արագությամբ դուրս արի քաղաքից, անիվների տակ երբեմն շուն է ընկնում, աղվես կամ նապաստակ. շատ զվարճալի է:
Մթություն:
ԵՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Դաս 1-ին: Հրկիզարան: Սթոնմենն ու Բլաքը նստած են գրասեղանի առաջ, մեջքով հանդիսատեսին: Բիթին բեմի խորքում դասախոսություն է կարդում՝ ցուցաբերելով հարուստ դիմախաղ: Սթոնմենն ու Բլաքը երբեմն համաչափ շարժում են գլուխները՝ իբրև համաձայնության նշան: Սթոնմենի աջ ականջը վիրակապված է:
ԲԻԹԻ — (հաճույքով հոտոտում է խոնավ թաշկինակը): Ա՜հ, ինչո՞ւ եմ էսքան սիրում բենզինի հոտը:
ԲԼԱՔ — (փռշտում է): Հափ-չի՛… բենզինի հոտից է:
ԲԻԹԻ — Նստեք: Դուք հարցնում եք՝ ինչո՞ւ կինը դուրս չեկավ տնից, ինչո՞ւ չլքեց իր գրքերը:
ՍԹՈՆՄԵՆ — (ձեռք է բարձրացնում ու կանգնում): Գիտե՞ք, ես կարծում եմ, որ… Չէ, չէ, չէ: (Նստում է:)
ԲԻԹԻ — Ամեն մի հրկիզող վաղ թե ուշ բախվում է դրան:
Մյուսները համաչափ շարժում են գլուխները:
ԲԻԹԻ — Կողմնորոշվելու համար նրանք օգնության կարիք ունեն: Անհրաժեշտ է, որ իմանան իրենց մասնագիտության պատմությունը: (Թափահարում է թաշկինակը քթի մոտ:) Ա՜հ… շարունակենք:
ԲԼԱՔ — (փոշտում է): Հափ-չի՛… բենզինի հոտից է:
ԲԻԹԻ — Առաջ նորակոչիկներին բացատրում էին, իսկ հիմա՝ ոչ: Եվ շատ ափսոս: Միայն հրկիզապետերն են հիշում հրկիզման գործի հարուստ պատմությունը: Հիմա ձեզ կլուսավորեմ:
Բիթին ուզում է թափահարել թաշկինակը, նկատում է Բլաքին, որը քիչ է մնում՝ փռշտա:
ԲԻԹԻ — Չե՞ք սիրում էս հոտը:
ԲԼԱՔ — (կանգնելով, երկչոտ): Օ՛հ, ոչ, ի՞նչ եք ասում: (Բիթին թափահարում է թաշկինակն ու հոտոտում, Բլաքը փռշտում է ու նստում:) Ա՛հ: Ինչպե՞ս սկսվեց այս ամենը, որտե՞ղ, ե՞րբ և ինչո՞ւ:
ՍԹՈՆՄԵՆ — (ձեռք է բարձրացնում ու կանգնում): Հավանաբար…
ԲԻԹԻ — Նստեք, Սթոնմեն: Սկսվեց, այսպես ասած, քաղաքացիական պատերազմի շրջանում, երբ լուսանկարչությունը լայնորեն տարածվեց, իսկ հետագայում էլ, քսաներորդ դարի սկզբին՝ կինոն, ռադիոն, հեռուստատեսությունը: Զարկ տրվեց զանգվածային արտադրությանը, և քանի որ արտադրությունը դարձավ զանգվածային, ուրեմն՝ հասարակացավ, գիրքը դարձավ ծամոնի պես մի բան:
Մտնում է Մոնթագը:
ԲԻԹԻ — Արագացրեք, Մոնթագ:
Մոնթագը նստում է: Բիթիի ձայնը, բարձրախոսի օգնությամբ, աստիճանաբար բարձրանալով, արձագանքվում է դահլիճով մեկ: Նրա ոգևորությունը մեծանում է, Բլաքի փռշտոցները հաջորդում են իրար:
ԲԻԹԻ — 19-րդ դարին հաջորդեց 20-րդ դարը՝ արագընթաց ժամանակ: Գրքերը դարձան փոքրածավալ, համառոտ հրատարակություններ, վերապատմություն, ծաղկաքաղ, մի երկարաբանեք, շուտ դեպի վերջաբան: Դասականների ստեղծագործությունները կրճատվեցին մինչև տասնհինգ րոպեանոց ռադիոհաղորդում, հետո՝ մի սյունակ, տաս-քսան տող հանրագիտարանային բառարանում, ծանոթություն «Համլետի» հետ… Նստեք, Սթոնմեն, այդ անունը ձեզ ծանոթ չէ: Ծանոթություն «Համլետի» հետ՝ ժողովածուի մեկ էջանոց համառոտ վերաշարադրանքով: Իսկ այժմ արագ պտտեք ժապավենը, արագ, ավելի արագ՝ Քլիփ, Փիք, Ֆլիք: Այստեղ, այնտեղ, եռանդով, արագ, այսպես, այնպես, վերև, ներքև: Ո՞վ, ի՞նչ, որտե՞ղ, ինչպե՞ս, ինչո՞ւ, ա՛հ, օ՛հ, դրը՛խկ, թրը՛խկ, շը՛մփ, շը՛խկ, կրճատե՜ք, սեղմե՜ք՝ վերաշարադրանք, վերաշարադրանքի վերաշարադրանք, վերաշարադրանքի վերաշարադրման ծաղկաքաղ, մշակույթ՝ մի սյունակ, երկու դարձվածք, միայն վերնագիր, պտտեք մարդկային բանականությունը կատաղի հողմամրրիկի մեջ, արագ, արագ՝ հրատարակիչների, գործարարների, հաղորդավարների ձեռքերով, այնպես, որ կենտրոնախույզ ուժը դեն նետի բոլոր ավելորդ, անպետք, անօգուտ մտքերի ամբողջ զառանցանքը… Դուք ինձ լսո՞ւմ եք, Մոնթագ:
ՄՈՆԹԱԳ — Այո, իհարկե:
Մթություն:
ՉՈՐՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Զբոսայգում 1-ին հանդիպումը Քլարիսի հետ:
Մոնթագը բեմ է մտնում խորքի ձախ կուլիսից ու անկյունաձև հատում բեմի կենտրոնը: Բեմի խորքի աջ անկյունում վառվում է թույլ լույս՝ մի աղջնակ մեղմ շոյում է իր դեմքը: Մոնթագը շրջվում է նրա կողմը: Լույսը մարում է, Մոնթագը նայում է շուրջը, ոչ ոք չկա: Բեմի խորքում վառվում է թույլ լույս: Քլարիսն անցնում է լույսի տակով, անհետանում, Մոնթագը շրջվում է, քայլում է բեմի խորքը, լույսը մարում է: Կանգնում է, ետ-ետ քայլում: Նրա թիկունքում լույս է վառվում:
ՔԼԱՐԻՍ – Զգո՜ւյշ, չճզմե՜ք:
ՄՈՆԹԱԳ — (շրջվում է): Ի՞նչ:
ՔԼԱՐԻՍ — Գիշերաթիթեռ է:
ՄՈՆԹԱԳ — Դա ի՞նչ է:
ՔԼԱՐԻՍ — Գիշերաթիթեռ: (Դանդաղ բարձրացնում է թիթեռը:) Կաղնու շերամ:
ՄՈՆԹԱԳ – Հետո՞ ինչ:
ՔԼԱՐԻՍ — Ոչինչ… Անմեղ արարած է: Դուք չեք հասկանա:
ՄՈՆԹԱԳ – Ինչո՞ւ:
ՔԼԱՐԻՍ — Որովհետև հրկիզող եք:
ՄՈՆԹԱԳ — Դա վա՞տ է:
ՔԼԱՐԻՍ — Հորեղբորս այրեցին Աստվածաշունչ կարդալիս:
ՄՈՆԹԱԳ — Դա արգելվում է օրենքով:
ՔԼԱՐԻՍ — Քեռուս ձերբակալեցին, ուշ ժամի զբոսնում էր:
ՄՈՆԹԱԳ — Տուն չունե՞ր:
ՔԼԱՐԻՍ — Հորս տարան հոգեբուժարան, շատ էր մտածում:
ՄՈՆԹԱԳ – Ինչի՞ մասին:
ՔԼԱՐԻՍ — Մայրս սև ցուցակում է:
ՄՈՆԹԱԳ — Պարզ է:
ՔԼԱՐԻՍ — Իսկ ինձ հեռացրին դպրոցից, որովհետև գիշերաթիթեռներ էի հավաքում: (Թիթեռը դնում է տուփի մեջ:)
ՄՈՆԹԱԳ – Ինչո՞ւ:
ՔԼԱՐԻՍ – Ինչո՞ւ… Դուք հրկիզող եք:
ՄՈՆԹԱԳ — Իրոք որ տարօրինակ եք. ձեր զրուցակցին չե՞ք հարգում: (Նայում է իր թևքին դաջված 451 թվին:)
ՔԼԱՐԻՍ — (պոռթկուն ծիծաղում է, հետո՝ լրջանում): Ես ձեզնից չեմ վախենում:
ՄՈՆԹԱԳ — (շփոթված): Ինչո՞ւ… այսինքն՝ ինչո՞ւ պիտի վախենայիք:
ՔԼԱՐԻՍ — Դուք էլ ինձ պես մարդ եք: Երբևէ կարդո՞ւմ եք ձեր այրած գրքերը:
ՄՈՆԹԱԳ — Դա պատժվում է օրենքով:
ՔԼԱՐԻՍ — Պարզ է… Իսկ գիտե՞ք, թե ինչ են այս կանաչ բծերը:
ՄՈՆԹԱԳ — Խոտ է:
ՔԼԱՐԻՍ — Իսկ վարդագո՞ւյնը:
ՄՈՆԹԱԳ — Վարդանոց:
ՔԼԱՐԻՍ – Երկնագո՞ւյնը:
ՄՈՆԹԱԳ — Երկինք:
ՔԼԱՐԻՍ – Դեղի՞նը:
ՄՈՆԹԱԳ — Լուսին:
ՔԼԱՐԻՍ – Մոխրագո՞ւյնը:
ՄՈՆԹԱԳ — Ամպ:
ՔԼԱՐԻՍ — Շատ խելացի եք:
ՄՈՆԹԱԳ — Դպրոցում լավ էի սովորում:
ՔԼԱՐԻՍ — Իսկ գիտե՞ք, որ առավոտյան կանաչի վրա ցող է իջնում:
ՄՈՆԹԱԳ — (ծիծաղում է): Ոչ, չգիտեի: Իսկ դա լա՞վ է:
ՔԼԱՐԻՍ — Բարի գիշեր: (Քայլում է ձախ, հանկարծ կանգնում:) Երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է հոսում գետը:
ՄՈՆԹԱԳ — Ես հեռուստացույց հազվադեպ եմ նայում: (Դադար: Նայում է հեռացող աղջկան, կամաց:) Բարի գիշեր:
Մթություն:
ՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Համալիր բուժում Մոնթագի բնակարանում:
Կիսախավար, բեմում դատարկ սրվակներ են թափված, կենտրոնում՝ մեջքի վրա, կիսամերկ պառկած է Միլդրեդը: Դռան զանգ: Նա դանդաղ, սահուն շարժումով փորձում է բարձրանալ, հետո անշարժանում ու փլվում է հատակին: Դռան զանգ: Շրջվում է դեմքով դեպի հանդիսատեսը: Դռան զանգ: Դանդաղ բարձրանում է, կքանստում, օրորվում է, ընկնում մեջքի վրա: Դռան երկար զանգ: Սողում է դեպի բեմի խորքում դրված բազկաթոռը: Երկու անընդմեջ զանգ: Նստում է բազկաթոռի եզրին: Դռան չընդհատվող զանգ: Ընկնում է հատակին նախկին դիրքով ու անշարժանում: Բացվող դռան ձայն: Մտնում է Մոնթագը, մոտենում է կնոջը, բռնում նրա զարկերակը:
ՄՈՆԹԱԳ — Միլդրեդ… (Զանգում է:) Անհետաձգելի օգնության հիվանդանոց… Կինս… Սպասում եմ…
Ներս են մտնում Բուժակները՝ մեծ ճամպրուկներով, գլխի շարժումով ողջունում են Մոնթագին, մոտենում կնոջը: Մոնթագը՝ լսափողը ձեռքին, քարացել է: Բեմի խորքում լույս է վառվում, երևում են ստվերներ. կինը պառկած է սեղանին, նրա գլխավերևում կանգնած է 1-ին Բուժակը, ձեռքին մեծ էլեկտրական սղոց է: 2-րդ Բուժակը հանում է Միլդրեդի ներքնազգեստը: Մոնթագը կախում է լսափողը:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ եք անում:
1-ին Բուժակ — (բղավելով): Նրան անհրաժեշտ է համալիր բուժում:
2-րդ Բուժակ — (նույն կերպ): Թմրադեղը ջախջախել է ուղեղը:
1-ին Բուժակ — Սրտում չորս ճիճու կա, երկու որդ:
2-րդ Բուժակ — Թոքերում գարեջուր է, ստամոքսում՝ հաբեր:
1-ին Բուժակ — Երակները խցանված են, ոտքերը՝ քարացած:
2-րդ Բուժակ — Երիկամները հալվել են, լյարդը՝ ցնդել:
1-ին Բուժակ — Միացրեք հեռուստատեսային պատը, դիտեք «Հարազատներին»:
1-ին Բուժակը կտրում է կնոջ ճակատը, 2-րդ Բուժակը ուղեղը թափում է արկղի մեջ, 1-ին Բուժակը խաչաձև կտրում է կնոջ որովայնն ու կրծքավանդակը, 2-րդ Բուժակը բահով ներքին օրգանները թափում է արկղի մեջ: 1-ին Բուժակը կտրում է ձեռքերն ու ոտքերը, 2-րդ Բուժակը դրանք տեղավորում է արկղի մեջ: 1-ին Բուժակը սղոցն անջատում է, միացնում փոշեկուլն ու մաքրում գանգը: 2-րդ Բուժակն ավլում է կնոջ որովայնը: 1-ին Բուժակը փոշեկուլով մաքրում է որովայնը: 2-րդ Բուժակը ծխում է, սիգարետը տալիս գործընկերոջը, ճամպրուկից հանում է էլեկտրական սիրտ, տեղադրում է: Հանգցնում է ծխախոտը, հանում արհեստական ուղեղ, ընտրում է համապատասխան ծրագիր, լսվում է. «Արթնացիր ժամը ութին, նայիր «Բարի լույս» հաղորդումը»: 1-ին Բուժակը տեղադրում է ուղեղը, 2-րդ Բուժակը արհեստական թոքերը միացնում է շնչառության համակարգին: Սրտի, թոքերի և ուղեղի երաժշտական պոպուրին շարունակվում է, լսվում են ուղեղում ձայնագրված մեղեդիներ… Տեղադրվում են մյուս օրգանները, ոտքերը, թևերը, 1-ին Բուժակը փոքրիկ կարի մեքենայով կարում է կնոջ մարմինը, 2-րդ Բուժակը սոսնձապատում, արդուկում է այն: 1-ին Բուժակը հագցնում է ներքնազգեստը, 2-րդ Բուժակն անջատում է լույսը: Փակվող ճամպրուկների ճռճոոց: Վարագույրը բացվում է, Բուժակները գալիս են առաջ:
1-ին Բուժակ — Հարյուր հազար:
ՄՈՆԹԱԳ — (ձեռքը գրպանը տանելով): Իսկ ո՞նց է:
2-րդ Բուժակ — Առավոտյան քաղցած կլինի: Գանգը բացել ենք ճակատի հատվածից:
1-ին Բուժակ — Սանրվածքին ձեռք չենք տվել, կանայք դա չեն սիրում:
Միասին ծիծաղում են, միասին՝ լրջանում:
2-րդ Բուժակ — (վերցնում է գումարը): Շնորհակալություն:
Բութ մատները թանաքոտում են ու կնքում ստացականը:
1-ին Բուժակ — Ձեր ստացականը:
2-րդ Բուժակ — Մենք պետք է գնանք, զուգահեռ փողոցում մի տղամարդ երկու ոչխար ու չորս բադ է կուլ տվել, իրեն լավ չի զգում:
Բուժակներ — (միասին): Ցտեսություն: (Գնում են:)
ՄՈՆԹԱԳ — (մոտենալով կնոջը): Մի՛լի:
ՎԵՑԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Թղթախաղ: Հրկիզարան: Կիսաշրջանաձև սեղանի ձախ անկյունում նստած է Սթոնմենը, նրա կողքին՝ Մոնթագը, Բիթին, հետո՝ Բլաքը: Նրանք թուղթ են խաղում, խաղն ընդմիջվում է Բլաքի երկար հորանջով: Ռիթմիկ տեսարան:
ԲԻԹԻ — Բաժանեք, Մոնթագ, անընդհատ պարտվում եք, ճնշմանը չեք դիմանում:
Բիթին ծիծաղում է, նրան է միանում Բլաքը, հետո՝ Սթոնմենը: Բլաքը հորանջում է, Բիթին նայում է նրան ու աչքով անում, Բլաքը աչքերն է թարթում:
ՄՈՆԹԱԳ — (խաղաթղթերը բաժանելով): Լավ չեմ զգում:
ԲԻԹԻ — (խաղաթուղթը սեղանին գցելով): Մեկ:
ԲԼԱՔ — Երկու:
ՍԹՈՆՄԵՆ — Երեք:
ՄՈՆԹԱԳ — Փաս:
ԲԻԹԻ — (իր խաղաթղթերը զննելով): Ասում են՝ այգում զբոսնելը լավացնում է ինքնազգացողությունը:
ՍԹՈՆՄԵՆ — (խիստ զարմացած): Իրո՞ք:
ԲԻԹԻ — Երկու:
ԲԼԱՔ — Երկու:
ՍԹՈՆՄԵՆ — Մեկ:
ՄՈՆԹԱԳ — Մեկ:
ԲԻԹԻ – Չե՞ք զբոսնում, Մոնթագ:
Մոնթագն ու Բիթին սհեռուն իրար են նայում: Դադար:
ԲԻԹԻ — Ծխել չե՞ք ուզում:
ՄՈՆԹԱԳ — Ոչ, շնորհակալ եմ:
ՍԹՈՆՄԵՆ — (ձեռքը մեկնելով): Ես չէի հրաժարվի:
ԲԻԹԻ — (նրան անտեսելով՝ տուփը ետ է քաշում: Մոնթագին): Ափսոս: (Գլանակը դնում է ատամների արանքը՝ շարունակելով խաղը:) Գնդախաղ սիրո՞ւմ եք:
ՄՈՆԹԱԳ — Ոչ:
ՍԹՈՆՄԵՆ — Այո:
ԲԻԹԻ — Իսկ գո՞լֆ:
ՄՈՆԹԱԳ — Չեմ փորձել:
ՍԹՈՆՄԵՆ — Հիանալի խաղ է:
ԲԻԹԻ – Բասկետբո՞լ:
ՄՈՆԹԱԳ — Ըը…
ՍԹՈՆՄԵՆ – Հիասքա՜նչ է:
ԲԻԹԻ — Լռեք, Սթոնմեն: (Մոնթագին.) Բիլիա՞րդ, ֆուտբո՞լ:
ՍԹՈՆՄԵՆ — Ես կին ունեմ:
ԲԻԹԻ — (սպառնալից): Լռեք, Սթոնմեն:
ՄՈՆԹԱԳ — (իմիջիայլոց): Լավ խաղեր են:
ԲԻԹԻ — (հաղթանակած): Այո: Հնարավորին չափ շատ սպորտ, խաղեր, զվարճանքներ…
ՍԹՈՆՄԵՆ — Ամեն շաբաթ, շաբաթ օրը… ես ու կինս…
ԲԻԹԻ — Թող մարդը միշտ ամբոխի մեջ լինի:
ՍԹՈՆՄԵՆ — …մորեխների մրցույթին ենք մասնակցում:
ԲԻԹԻ — Այդ ժամանակ նա մտածելու կարիք չի ունենա:
ՍԹՈՆՄԵՆ — Մորեխների թևերը կտրում ենք, որ չթռչեն:
ԲԻԹԻ — Աստվածացրեք սպորտը:
ՍԹՈՆՄԵՆ — Կնոջս մորեխը…
ԲԻԹԻ — Մի պայքարեք:
ՍԹՈՆՄԵՆ — Կնոջս մորեխը…
ԲԻԹԻ — Շողոքորթեք, քծնեք:
ՍԹՈՆՄԵՆ — …վեց մետր է ցատկում…
ԲԻԹԻ — Գունամորթներին դուր չի՞ գալիս «Փոքրիկ սևամորթ Սամբոն» գիրքը…
ՍԹՈՆՄԵՆ — …իսկ իմ մորեխը՝…
ԲԻԹԻ — …պետք է այրել:
ՍԹՈՆՄԵՆ — …վեց ու քսան:
ԲԻԹԻ — Սպիտակամորթներին հաճո չէ՞ «Քեռի Թոմասի խրճիթը»…
ՍԹՈՆՄԵՆ — Մոնրոն կնոջս մորեխն է…
ԲԻԹԻ — …այրել:
ՍԹՈՆՄԵՆ — …Ջորջը՝ իմ:
ԲԻԹԻ – Անդո՞րր է հարկավոր…
ՍԹՈՆՄԵՆ — Կինս նաև…
ԲԻԹԻ — …անխռով կյա՞նք:
ՍԹՈՆՄԵՆ — …ճիճուներ է պահում…
ԲԻԹԻ — Այրել:
ՍԹՈՆՄԵՆ — …ջրային…
ԲԻԹԻ — Այրել:
ՍԹՈՆՄԵՆ — …ճիճուներ:
ԲԻԹԻ — Այրել:
ՍԹՈՆՄԵՆ — Կնոջս ճիճուները…
ԲԻԹԻ — Կրակը մաքրում է:
ՍԹՈՆՄԵՆ — …սպորտային ճիճուներ են:
ԲԻԹԻ — Կրակը… (Հարմար բառեր է փնտրում:)
ՍԹՈՆՄԵՆ — Սպորտային ճիճուները…
ԲԻԹԻ — Կրակը…
ՍԹՈՆՄԵՆ — …բաժանվում են չորս խմբի…
ԲԻԹԻ — Դա… (Նկատում է Սթոնմենին:)
ՍԹՈՆՄԵՆ — …սիրողական ճիճուներ, մասնագիտացված ճիճուներ…
ԲԻԹԻ — (սպառնալից, ցածրաձայն): Սթոնմեն…
ՍԹՈՆՄԵՆ — …գեր, մարզված ճիճուներ…
ԲԻԹԻ — Սթոնմեն, մոտեցրեք ձեր ականջը:
ՍԹՈՆՄԵՆ — (գլուխը մոտեցնում է Բիթիին): …և սպորտի վարպետ ճիճուներ:
Բիթին կծում է Սթոնմենի ականջը:
ՍԹՈՆՄԵՆ — (ցավից ոռնում է): Ա՜ա՜ա՜ա՜…
ԲԻԹԻ — (վերագտնելով ներշնչանքը): Կրակը…
Մթություն:
ՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Զբոսայգում 2-րդ հանդիպումը Քլարիսի հետ:
Անձրև է մաղում: Քլարիսը դանդաղ քայլում է բեմի խորքից դեպի նախաբեմ, նրան ուղեկցող լույսը լուսավորում է բեմի կենտրոնում կանգնած Մոնթագին:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ եք անում:
ՔԼԱՐԻՍ — (նկատելով նրան): Բարև ձեզ:
ՄՈՆԹԱԳ — Անձրև է գալիս:
ՔԼԱՐԻՍ — (ծիծաղում է): Իսկապե՞ս:
ՄՈՆԹԱԳ — (ձեռքն առաջ պարզելով): Այո:
ՔԼԱՐԻՍ — (ծիծաղում է, հետո՝ մեղմ ժպտում): Հաճելի է, երբ անձրևի կաթիլները դեմքիս են թափվում:
ՄՈՆԹԱԳ — Դա ինձ դուր չէր գա:
ՔԼԱՐԻՍ — Գուցեև դուր գար, եթե փորձեիք:
ՄՈՆԹԱԳ — Չեմ փորձել:
ՔԼԱՐԻՍ — Փորձեք: (Դադար: Լիզում է շուրթերը:) Նույնիսկ համն է հաճելի: (Ձեռքին ինչ-որ բան է պտտում:)
ՄՈՆԹԱԳ — Դա ի՞նչ է:
ՔԼԱՐԻՍ — Խատուտիկ: Մարգագետնում գտա: Գուցե վերջինն է: Մտքովս չէր անցնի, որ ուշ աշնանը խատուտիկ կգտնեմ: Հիմա հարկավոր է քսել կզակին:
ՄՈՆԹԱԳ – Ինչի՞ համար:
ՔԼԱՐԻՍ — (քսելով կզակին): Եթե հետք մնա, ուրեմն սիրահարված եմ: Հը՞, ինչպե՞ս է: Հետք մնա՞ց:
ՄՈՆԹԱԳ — (վախվորած նայում է նրա կզակին): Դեղնեց:
ՔԼԱՐԻՍ — Հիանալի է: Հիմա ձեր հերթն է:
ՄՈՆԹԱԳ — (անհանգիստ): Իմը չի դեղնի:
ՔԼԱՐԻՍ — Տեսնենք:
ՄՈՆԹԱԳ — Կարիք չկա:
Քլարիսը վարձում է խատուտիկը քսել Մոնթագի կզակին, նա սարսափած ընկրկում է:
ՔԼԱՐԻՍ — (ծիծաղելով): Մի վախեցեք, ուղիղ կանգնեք: (Խատուտիկը քսում է նրա կզակին:)
ՄՈՆԹԱԳ – Դեղնե՞ց:
ՔԼԱՐԻՍ — Ինչ ամո՜թ է. դուք սիրահարված չեք:
ՄՈՆԹԱԳ — Ոչ, սիրահարված եմ:
ՔԼԱՐԻՍ — Չի երեում:
ՄՈՆԹԱԳ — Սիրահարված եմ, այն էլ ինչպե՜ս… Խատուտիկն է մեղավոր, ամբողջ ծաղկափոշին ձեր կզակին թափվեց, ինձ ոչինչ չմնաց:
ՔԼԱՐԻՍ — Ձեզ վշտացրի՞:
ՄՈՆԹԱԳ — Ոչ, ոչ, ամեն ինչ կարգին է: (Դադար:) Դուք տարօրինակ աղջիկ եք. ձեզնից կարելի է նեղանալ ու անմիջապես ներել:
ՔԼԱՐԻՍ — Դուք էլ եք առանձնահատուկ, երբեմն նույնիսկ մոռանում եմ, որ հրկիզող եք: Բոլորովին նման չեք ձեր գործընկերներին: Ես տեսել եմ մի քանիսին: Խոսելիս ինձ եք նայում: Երեկ գիշեր, երբ խոսք բացեցի լուսնի մասին, երկինք նայեցիք: Մյուսները երբեք էդպես չէին անի: Ուղղակի կհեռանային, ինձ չէին լսի, գուցե սպաոնային: Իսկ դուք ի՜նչ լավ վարվեցիք ինձ հետ: Ահա ինչու տարօրինակ է, որ հրկիզող եք: Մի տեսակ չի սազում ձեզ:
ՄՈՆԹԱԳ — (ժպտում է): Ձեր գնալու ժամանակն է:
ՔԼԱՐԻՍ — Անձրև է գալիս:
ՄՈՆԹԱԳ — (ծիծաղում է): Իսկապե՞ս:
ՔԼԱՐԻՍ — (ձեռքն առաջ պարզելով): Այո: (Ծիծաղելով փախչում է:)
Մոնթագը ժպտում է, հետո՝ լրջանում, հանդարտ քայլում՝ որսալով անձրևի կաթիլները: Մթություն:
Միլդրեդը նստած է սեղանի մոտ, դանդաղ, ընդհատուն օրորում է գլուխը, սառած աչքերը գամված են անորոշ կետի: Իրեն ստիպելով ուտում է ափսեում մնացած վերջին պատաոը: Սեղանի աջ անկյունում վեց ափսե կա: Մոնթագը, խալաթի գոտին կապելով, ներս է մտնում:
ՄՈՆԹԱԳ — (թիկունքից գրկում, համբուրում է): Հը՞, ո՞նց ես:
ՄԻԼԴՐԵԴ — (մեքենայաբար): Քաղցած եմ, սարսափելի քաղցած եմ:
ՄՈՆԹԱԳ — Երեկ դու…
ՄԻԼԴՐԵԴ — Գլխումս անընդհատ նույն մեղեդին է ու ձայներ:
ՄՈՆԹԱԳ — Երեկ…
ՄԻԼԴՐԵԴ — Զարթնել առավոտյան…
ՄՈՆԹԱԳ — …երեկոյան…
ՄԻԼԴՐԵԴ — …շատ ուտել…
ՄՈՆԹԱԳ — …կուլ էիր տվել…
ՄԻԼԴՐԵԴ — …«Հարազատներին» պաշտել…
ՄՈՆԹԱԳ — …բոլոր սրվակների բոլոր հաբերը:
ՄԻԼԴՐԵԴ — …սեր անել երկար…
ՄՈՆԹԱԳ — Միլի, դու ինձ լսո՞ւմ ես:
Միլդրեդը քարանում է, շրջվում դեպի Մոնթագը, անշարժանում է, նայում շուրջը:
ՄԻԼԴՐԵԴ — Դուռը բա՞ց էր:
ՄՈՆԹԱԳ — Ոչ:
ՄԻԼԴՐԵԴ – Ինչպե՞ս ներս մտաք:
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ — (առնական): Միլդրեդ, բավական է ուտես:
ՄԻԼԴՐԵԴ — Հասկացա: (Ափսեն դնում է մյուս վեցի վրա:)
ՄՈՆԹԱԳ — Քեզ ի՞նչ եղավ:
ՄԻԼԴՐԵԴ — Հանքային ջո՞ւր եք մատակարարում…
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ:
ՄԻԼԴՐԵԴ — …թե՞ արևածաղիկ:
ՄՈՆԹԱԳ — Հո չե՞ս գժվել:
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ — Անձեռոցիկով սրբիր բերանդ:
ՄԻԼԴՐԵԴ — Հասկացա: (Սրբում է բերանը: Մոնթագին.) Առաջին անգա՞մ եք էստեղ, թե՞ էլի եք եկել:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ ես դուրս տալիս, ես եմ՝ քո ամուսինը:
ՄԻԼԴՐԵԴ — Իմ ամուսինը, բայց… (Նայում է ձեռքերին, նկատում միջնամատի մատանին:) Ախ, հա՜… Իմ ամուսինը: (Փորձում է վերհիշել նրա անունը:) Փը…Փը…
ՄՈՆԹԱԳ — (սառը): Մոնթագ:
ՄԻԼԴՐԵԴ — (ուրախ): Մոնթա՜գ: Շատ գեղեցիկ անուն է: Աշխատո՞ւմ ես, սիրելիս: ՄՈՆԹԱԳ — Միլի, երեկ քեզ վիրահատեցին ու…
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ — Սեր արա ամուսնուդ հետ:
ՄԻԼԴՐԵԳ — Հասկացա:
ՄՈՆԹԱԳ — …ես թույլ տվի, որ նրանք փոխեն քո ուղեղը, սիրտը, լյարդը…
Միլդրեդը մոտենում է ամուսնուն: Աջ ոտքից կաղում է, կանգնում, ուղղում է ոտքը, նրբագեղ քայլվածքով երկու քայլ է անում, կանգնում, կիսատ ծալված ձեռքերը տանում է Մոնթագի դեմքի ուղղությամբ, անշարժանում, դանդաղ բացում է արմունկներն ու դաստակները, փորձում է համբուրել, հակվում է դեպի ամուսինն ամբողջ իրանով, անշարժանում, առանձին շարժում է գլուխն ու առաջ պարզում շուրթերը: Այս և սրան հաջորդող գործողության ընթացքում Մոնթագը շարունակում է խոսել, երբեմն փորձում է գլխապատառ փախչել, բայց Միլդրեդը ճանկում է նրան:
ՄԻԼԴՐԵԴ – Իսկապե՞ս:
ՄՈՆԹԱԳ — Այո, բուժակները բացեցին որովայնդ… Ի՞նչ ես անում:
ՄԻԼԴՐԵԴ — Ես քեզ սիրում եմ, ինչպես…
ՄՈՆԹԱԳ — (ակամա կրկնելով): Ինչպես…
ՄԻԼԴՐԵԴ — …ինչպես ասում էր Մադամը «Սիրեկաններ» հեռուստասերիալում: (Հանում է խալաթը, որպես կիսավարտիք ու կրծկալ են ծառայում դեղին վիրակապերը, որոնք փաթաթված են նաև որովայնի երկայնքով ու լայնքով, ուսերին ու ճակատին: Նա ամուր գրկում է Մոնթագին, լսվում է ոսկորների ճրթճրթոց:) ՄՈՆԹԱԳ – Ա՜ա՜ա՜ա՜…
Միլդրեդը համբուրում է Մոնթագին, երկուսով ընկնում են հատակին: Կինը բարձրացնում է գլուխը, շունչ է քաշում, լիզում շրթունքները, Մոնթագը փորձում է փախչել, կինը ձեռքը գցում է ամուսնու խալաթին, Մոնթագը կիսավարտիքով փախչում է: Միլդրեդը շպրտում է խալաթն ու պլաստիկ, բայց կտրուկ շարժումներով ոտքի կանգնում:
ՄՈՆԹԱԳ — Միլի, խնդրում եմ, հանգստացիր, ես քեզնից վախենում եմ:
ՄԻԼԴՐԵԴ — (մերթ պլաստիկ, մերթ ռոբոտային շարժումներով մոտենում է Մոնթագին): Փափի, ինձ մոտ արի, մի լքիր ինձ, ես շատ բարի եմ:
ՄՈՆԹԱԳ — (սեղանից վերցնելով ափսեները): Չմոտենաս…
Միլդրեդը դանդաղ մոտենում է: Մոնթագը ափսեները շպրտում է, կինը օդում որսում, դնում է իրար վրա:
ՄԻԼԴՐԵԳ — Ինձ մոտ արի… Արի ինձ մոտ… Մոտս արի… Արի… (Հեկեկում է:) Դե…
Վերջին ափսեն մնում է Մոնթագի ձեռքում, նա կուչ է գալիս: Կինը վերցնում է ափսեն, դնում սեղանին ու կախվում է ամուսնու վզից:
ՄԻԼԴՐԵԴ — (արտասվում է): Ինձ մի տանջիր, ախր, ես պարտավոր եմ… Գրկիր ինձ:
Մոնթագը շոյում է կնոջ մեջքը՝ թափառիկ հայացքով նայելով այս ու այն կողմ: Կինը ցատկում է, ոտքերով գրկում ամուսնու իրանը:
ՄԻԼԴՐԵԴ — Այ, էսպես ավելի լավ է:
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆ — Միլդրեդ, քնելու ժամանակն է:
ՄԻԼԴՐԵԴ — Հասկացա:
Միլդրեդը գլուխը հենում է ամուսնու ուսին: Մոնթագն ամուր գրկում է կնոջն ու քնքշորեն շոյում գլուխը: Մթություն:
ԻՆՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Սպանդ 1-ին: 1-ին Զոհի հյուրասենյակում:
Նախաբեմի ձախ անկյունում կանաչ, փոքր, ծալվող սանդուղք: Ավելի մեծ, նույնատիպ ու կապտավուն մի սանդուղք էլ կա բեմի կենտրոնում: Բեմի խորքում՝ աջ անկյունում, դրված է կարմիր, մեծ սանդուղք, վրան՝ 1-ին Զոհը: Նա ծխում է, սուլում ու սպիտակ վրձինով ներկում խորքի պատը: Միջին և մեծ սանդուղքների արանքում
երկայնակի դրված է գրասեղան, վրան՝ բազմագույն ներկերից գունավորված թուղթ և ներկաման: Մոտեցող շչակի ձայն: Տղամարդը սիգարետը գցում է ներկի դատարկ տարայի մեջ ու սուլելով իջնում, օգտագործված ներկամանը դնում է սեղանին ու վերցնում նորը, սանդուղքով երկու քայլ բարձրանում, հետո՝ անշարժանում, դադարում է սուլել ու նկատում է, որ շչակի ձայնն անկախ սուլոցից է հնչում: Շտապ իջնում է, գրասեղանի դարակներում ինչ-որ բան է քչփորում: Ձախ կուլիսից մտնում են Բիթին ու Սթոնմենը. վերջինիս երկու ականջը վիրակապված է: Տղամարդը նկատում է նրանց ու փակելով պայուսակը՝ վազում դեպի աջ կուլիսը, որտեղից դուրս են գալիս Բլաքն ու Մոնթագը: Խուճապահար տղամարդը վազում է նախաբեմ, մյուսները հետևում են նրան: 1-ին Զոհը բարձրանում է փոքր սանդուղքի գլխին, ցատկում է ու անցնում դրա տակով, հետո՝ միջին սանդուղքի տակով, մյուսները հետևում են նրան: Տղամարդն անցնում է սանդուղքի մի կողմից մյուսը, Սթոնմենը հետևում է նրան: Տղամարդը ցատկում է սեղանին ու հրում սանդուղքը, վերջինս Սթոնմենի հետ միասին ընկնում է հատակին: Բիթին սեղանը քաշում է, բայց տղամարդը ցատկում է մեծ սանդուղքի վրա: Մոնթագն ու Բլաքը սանդուղքի երկու ծայրերից քաշում են, 1-ին Զոհը ընկնում է: Մոնթագը բռնում է տղամարդու ոտքերը, Բլաքը՝ պայուսակն ու քաշում իր կողմը: Տղամարդը պայուսակից հանում է մի գիրք ու երկու ձեռքով ամուր պահում: Բլաքը, պայուսակը գրկած, ընկնում է հատակին: Բիթին ժպտալով ոտքը դնում է տղամարդու դաստակներին, վերցնում է գիրքը, կարդում վերնագիրը:
ԲԻԹԻ — Լյուիս Քերոլ. «Ալիսը ծուռ հայելիների աշխարհում»:
Բիթին ծիծաղում է, մյուսները հետևում են նրան, Մոնթագը տղամարդուն թողնում է, նա փորձում է փախչել, Բիթին գրկում է նրան:
ԲԻԹԻ — (թերթելով գիրքը, հեգնական): Բարեկամս, արժե՞ր հանուն էս զառանցանքի կյանքը վտանգի ենթարկել:
Մթություն:
ՏԱՍՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Սպանդ 2-րդ: 2-րդ Զոհի հյուրասենյակում:
Միջնավարագույրը բեմը լայնքով բաժանում է երկու մասի: Բեմի կենտրոնում՝ ճոճաթոռին նստած 2-րդ Զոհը, բերանը բաց, քնած է: Երազում զառանցում է, սարսափած բացում է աչքերը, նայում շուրջը, հանգստացած շունչ քաշում, փռվում ճոճաթոռին, փակում է աչքերն ու բացում բերանը: Նրա ճակատին երկու ակնոց կա. մեկի աջ ապակին չկա, մյուսի՝ ձախը: Նրա թիկունքում միջնավարագույրը լուսավորված է կապտավուն լույսով: Նախորդ տեսարանում լսվող շչակի ձայնը այս տեսարանի սկսվելուն զուգընթաց նվազում է, բայց չի անհետանում, իսկ հետո բարձրանում է, դրա հետ նաև՝ 2-րդ Զոհի խռմփոցը: Կոտրվող դռան ձայն, ներխուժում են հրկիզողներն ու կանգնում տղամարդու թիկունքում: Նա աչքերը բացում է: Իջեցնում է 1-ին ակնոցը, շրջվում աջ, նկատում է Մոնթագին ու Բլաքին, իջեցնում է 2-րդ ակնոցը, տեսնում է Սթոնմենին ու Բիթիին, ուղղվում է, դողացող ձեռքով սրբում է ճակատին սառած քրտինքն ու վախվորած ժպտում: Դադար:
2-րդ Զոհ — Թեյ կուզե՞ք:
ԲԻԹԻ — (հենվելով ճոճաթոռին): Մի պայմանով:
2-րդ Զոհ — Պայման: Ի՞նչ պայման:
ԲԻԹԻ — Եթե գրքերի տեղն ասեք:
2-րդ Զոհ – Գի՞րք: Ի՞նչ գիրք:
ԲԻԹԻ — Ծերուկ, վերջին օրերդ խաղաղ ապրիր, խոստովանիր մեղքերդ:
2-րդ Զոհ – Մե՞ղք: Ի՞նչ մեղք:
Բիթին ուժեղ քաշում է ճոճաթոռի թիկնակն ու բաց թողնում, ծերուկը դեմքի վրա փռվում է հատակին:
ԲԻԹԻ — Խուզարկեք տունը: (Քչփորում է աթոռի նստատեղը:)
Բոլորը, Բիթիից ու 2-րդ Զոհից բացի, դուրս են գնում: Բիթին նստում է ճոճաթոռին:
ԲԻԹԻ — (ճոճվելով): Ծերուկ, ինչո՞ւ են մարդիկ գրքեր պահում:
2-րդ Զոհ — (քծնող ծիծաղով): Չգիտեմ, գիրք պահելը հիմարություն է, իսկական հիմարություն:
ԲԻԹԻ — (ծիծաղելով): Հիմարությո՞ւն:
2-րդ Զոհ — Հիմարություն:
ԲԻԹԻ — (ոտքերը դնելով ծերունու հետույքին՝ օրորվում է): Հիմարություն:
2-րդ Զոհ — Հյութ կուզե՞ք:
ԲԻԹԻ – Հյո՞ւթ: Ի՞նչ հյութ:
2-րդ Զոհ — (ծիծաղելով): Տանձի:
ԲԻԹԻ — (ոտքերով ավելի ու ավելի ուժեղ է հրում ծերուկին): Տա՞նձ: Չեղավ, ծերուկ:
2-րդ Զոհ – Ըը՜, խնձոր:
ԲԻԹԻ – Խնձո՞ր: Ի՞նչ խնձոր:
2-րդ Զոհ — Կանաչ խնձոր:
ԲԻԹԻ — Չեղավ, ծերուկ, չեղավ:
2-րդ Զոհ — Կարմիր:
ԲԻԹԻ — Չեղավ:
2-րդ Զոհ — Դեղին:
ԲԻԹԻ — (ուժեղ հարվածում է ծերուկի հետույքին): Չեղավ:
2-րդ Զոհ — Դեղնականաչավուն:
ԲԻԹԻ — Մեկ է, ծերուկ, պիտի պատժվես:
ՍԹՈՆՄԵՆ — (ներս գալով): Մաքուր է:
ԲԼԱՔ — Ոչինչ չկա:
ՄՈՆԹԱԳ — Մաքուր է:
ԲԻԹԻ — Ափսոս: Վեր կաց, ծերուկ, տանձի հյութը բեր:
Ծերուկը դանդաղում է, Բիթին ձեռքը գցում է նրա վերնաշապիկի օձիքին ու բարձրացնում նրան: Ծերուկը կաղալով գնում է դեպի ձախ:
ԲԻԹԻ — Կանգնիր, արի էստեղ: Քանի՞ վերնաշապիկ ես հագել:
2-րդ Զոհ — Ցուրտ է:
ԲԻԹԻ — Արձակիր կոճակները:
2-րդ Զոհ — (արձակելով): Կմրսեմ:
Հրկիզողները հանում են 2-րդ Զոհի վերնաշապիկը, արձակում երկրորդն ու նայում կապտավուն ֆոնի վրա: Երևում են մանր գրված տառեր:
ԲԻԹԻ — Ալեքսանդր Դյումա:
2-րդ Զոհ — Այո, բոլոր երկերը:
Մեկը մյուսի ետևից հանում են վերնաշապիկները:
2-րդ Զոհ — Բայց սա գիրք չէ, դուք ինձ չեք այրի, երեսուն տարի շարունակ արտագրել եմ այդ գրքերը, ինձ չե՞ք սպանի, չէ՞: Տանձի հյութը բերե՞մ:
ԲԻԹԻ — (վառելով կրակայրիչը): Հիմարություն է:
2-րդ Զոհ — Այո, հիմարություն է: Բայց սա գիրք չէ, Ինձ չե՞ք այրի:
Մթություն:
ՏԱՍՆՄԵԿԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Սպանդ 3-րդ՝ Քլարիսի տանը:
Խորքում՝ բեմի ամբողջ լայնքով ու բարձրությամբ, Քլարիսի բնակարանի ճակատամասն է՝ սպիտակ պատ, որի կենտրոնում, 2 մ բարձրության վրա, մեծ քառանկյուն որմնախորշ է՝ ներսից լուսավորված կարմիր լույսով: Երևում է մի զույգ հողաթափի ներբանների ուրվագիծը: Աջ (1-ին) և ձախ (2-րդ) կողմերում՝ դռների մեկական դատարկ շրջանակներ, որոնց անմիջապես վերևում մեկական շրջանակներ են: Աջ որմնախորշը (3-րդ) խոհանոցն է, ձախը (4-րդ)՝ զուգարանը: Մեծ շրջանակի ներքևում (Ստորին) և վերևում (Վերին) մեկական փոքրիկ շրջանակներ են: Վերին որմնախորշում կանաչ լույսը լուսավորում է Քլարիսին, նա գրքի մեջ ծաղկի թերթիկներ է չորացնում ու երգում: Լուսավորված են միայն Վերին ու Մեծ որմնախորշերը, մյուսները թաղված են մթության մեջ: Թույլ լուսավորված է անավարտ շինության ճակատամասը:
Մոտեցող շչակի ձայն: Մեծ որմնախորշում պառկած Մայրը տեղում նստում, անշարժանում է, միաժամանակ Քլարիսը բարձրացնում է գլուխն ու քարանում:
ՄԱՅՐ – Քլարի՜ս…
ՔԼԱՐԻՍ – Մայրի՜կ…
Դադար: Երկու լույսն էլ անջատվում է: Վառվում է Ստորին դեղին լույսը, երևում են ոտքերի ուրվագծեր՝ մինչև գոտկատեղը: Աջ ոտքը քորում է ձախը, հետո երկուսն էլ անհետանում են, լույսը մարում է: Վառվում է Մեծ որմնախորշի լույսը, Քլարիսն անձայն աղոթում է, խաչակնքում, վերցնում է մեծ բարձը, հարդարում, դնում է տեղը: Լույսը մարում է: Շչակի ձայնը բարձրանում է: Վառվում է Վերին լույսը. Մայրը թերթում է գիրքը, վերցնում է ծաղկի թերթիկներն ու ձախ նայելով՝ թափում գրքի մեջ: Հաջորդաբար վառվում են բոլոր որմնախորշերի լույսերն ու մարում. 1-ին՝ կապույտ լույս, 3-րդ՝ նարնջագույն, Ստորին (4-րդ)՝ մանուշակագույն, Վերին (2-րդ)՝ սպիտակ, Վերին, Ստորին, Վերին, Ստորին, Մեծ: Քլարիսն ու Մայրը գրկում են իրար:
ՔԼԱՐԻՍ – Մայրի՛կ…
ՄԱՅՐ – Աղջի՜կս…
Պառկում են: Երևում են երկու զույգ դողացող հողաթափերի ուրվագծերը: Մթություն:
Շչակի ձայնը լռում է: Բեմի կենտրոնում երևում են չորս հրկիզողների ուրվագծերը: Դադար:
ՄՈՆԹԱԳ — Սա Քլարիսի բնակարանը չի՞:
ԲԻԹԻ — Դուք գիտե՞ք:
ՍԹՈՆՄԵՆ — Ո՞ւմ:
ԲԻԹԻ — Էդ աղջկան:
ՍԹՈՆՄԵՆ — Ոչ:
ԲԻԹԻ — Լռեք, Սթոնմեն:
ՍԹՈՆՄԵՆ — Բայց…
ԲԻԹԻ — Առաջ:
Բիթին ու Սթոնմենը մտնում են 2-րդ մուտքից, մյուս երկուսը՝ 1-ի-նից: Վառվում են 1-ին և 2-րդ մուտքերի լույսերը, հետո՝ Մեծը, մյուսները մարում են: Կտրուկ շարժումներով զննում են տարածքը՝ Բիթին գլուխը կախում է շրջանակից, նայում ներքև, Մոնթագը բռնում է ճակատը, Բլաքը հանում է խոշորացույցը, Սթոնմենը գրկում է բարձը: Դադար:
Վառվում է խոհանոցի լույսը. Քլարիսն ու Մայրը գլուխները հանում են շրջանակից, նայում ներքև, հետո՝ աջ, ձախ, ետ են քաշում գլուխները, լույսը մարում է:
Բիթին ուղղվում է, Բլաքը կռանում է, Մոնթագը ձեռքերը խաչում է, Սթոնմենը բարձրանում է մահճակալի վրա: Դադար:
Վառվում է Վերին սենյակի լույսը: Մայրը մերթ սրբում է Քլարիսի արտասուքը, մերթ՝’ իրենը: Մթություն:
Բիթին գլանակը բերանն է դնում, Բլաքն ուղղվում է, մատների ծայրերով բարձրացնում մի կրծկալ, Մոնթագը նստում է, Սթոնմենը, բարձը գրկած, սկսում է ցատկոտել մահճակալի վրա, բոլորը նրան են նայում: Նա դադարում է, Բիթին վառում է ծխախոտը, Բլաքը կրծկալը դնում է գրպանը, Մոնթագը տրորում է ձեռքերը: Սթոնմենը, գլուխը հեռու պահելով, մոտենում է Բիթիին, վերջինս բռնում է նրա վիրակապված ձախ ականջը:
ԲԻԹԻ — (բղավում է): Բլաք՝ վերև, Մոնթագ՝ ներքև, Սթոնմեն՝ ինձ հետ:
Մթություն: Լույս զուգարանում: Քլարիսը հեկեկում է, մոտենում լվացարանին, լվանում է դեմքը: Մայրը շոյում է աղջկա մեջքը:
ՄԱՅՐ — Ելք չկա, պիտի պայքարենք: Գնացինք:
Լույսը մարում է: Լույս խոհանոցում: Բլաքը, կռունկի պես քայլելով, մտնում է խոհանոց, սեղանից վերցնում է գինու շիշը, հոտոտում, փորձում է համը, մի կաթիլ կաթեցնում է անձեռոցիկի վրա, թուղթը պահում լույսի տակ, ծալում, դնում է գրպանը: Մթություն: Լույս Ստորին որմնախորշում: Մոնթագը ծնկում է, նայում շրջանակից դուրս, ուղղվում է:
ՄՈՆԹԱԳ — (կամաց): Քլարիս, որտե՞ղ եք: Ես եմ՝ Մոնթագը:
Մթություն: Լույս Մեծ սենյակում: Մոր ձեռքին մեծ գիրք է:
ՔԼԱՐԻՍ — Նա է:
ՄԱՅՐ — Ո՞վ:
ՔԼԱՐԻՍ — Մոնթագը:
ՄԱՅՐ — Ո՞վ:
ՔԼԱՐԻՍ — Խոսողը:
Մթություն:
Լույս զուգարանում: Բլաքն ու Սթոնմենը մտնում են զուգարան, նայում չորս կողմը, դուրս են գալիս: Մթություն: Նորից լույս. Սթոնմենը մտնում է զուգարան, փորձում է շրջանակը ծածկել՝ իջեցնելով պաստառը, բայց հենց մոտենում է զուգարանակոնքին, պաստառը բարձրանում է: Նույն գործողությունը նա կատարում է մի քանի անգամ, ի վերջո, հայտնվում է Բիթին ու նրա հետույքին խփելով՝ դուրս տանում: Մթություն: Լույս Վերին սենյակում: Բլաքը նկատում է գրքերը, վերցնում է ծաղկի մի թերթիկ, մնացած տասնյակ գրքերը՝ չորացրած թիթեռներով ու թերթիկներով, շպրտում է որմնախորշից դուրս:
Մթություն: Լույս 1-ին մուտքի մոտ:
ՔԼԱՐԻՍ – Մոնթա՜գ…
ՄԱՅՐ — Ո՞ւր է էդ սրիկան:
Լույս 2-րդ մուտքի մոտ:
ՄՈՆԹԱԳ — Ես էստեղ եմ, Քլարիս:
Մթություն 1-ին ու 2-րդ մուտքերում: Լույս խոհանոցում: Մտնում են Բիթին ու Սթոնմենը, զննում են սենյակն ու դուրս գալիս: Մթություն: Լույս խոհանոցում: Մտնում է Սթոնմենը, գինու շշից մի քանի կում է անում, մտնում է Բիթին, ձախ ձեռքով բռնում է շիշը, աջով՝ Սթոնմենի ականջը, նրան դուրս է հանում սենյակից, ինքը մի քանի կում անում, շիշը դնում է սեղանին ու դուրս է գալիս:
Մթություն: Լույս Մեծ սենյակում: Քլարիսն ու Մայրը կանգնած են աջ կողմում, ձախ կողմից ներս է մտնում Մոնթագը:
ՄՈՆԹԱԳ – Քլարի՜ս…
ՔԼԱՐԻՍ — Մայրիկ, սա պարոն Մոնթագն է:
ՄԱՅՐ – Իսկապե՞ս: (Գրքով ուզում է հարվածել Մոնթագի գլխին, նա օդում որսում է գիրքը: Բռունցքով հարվածում է Մոնթագի ծնոտին, գիրքն ընկնում է հատակին:) Սրիկա, մատնիչ, ի՞նչ եք ուզում մեզնից: Դե արի, արի տեսնեմ…
Մոնթագը ետ-ետ է գնում, Մայրը, բռունցքները պարզած, վրա է քշում: Մթություն: Լույս զուգարանում: Բլաքը ունելու ծայրով հատակից վերցնում է թղթի մի կտոր, զննում, հոտոտում, տեղավորում է տոպրակի մեջ, փորձում է կոնքամանի հարմարավետությունը: Մթություն: Լույս միաժամանակ խոհանոցում և Մեծ սենյակում: Առաջինում Բիթին ագահորեն գինու շիշն է դատարկում, երկրորդում Սթոնմենը մանկան քրքիջով ցատկոտում է մահճակալի վրա: Մթություն:
Լույս Ստորին որմնախորշում: Քլարիսը բռնել է Մորը, որը փորձում է ոտքով խփել Մոնթագին:
ՄՈՆԹԱԳ — Քլարիս, ես մեղավոր չեմ, հավատա:
ՔԼԱՐԻՍ — Հավատում եմ:
ՄԱՅՐ — Չեմ հավատում, ձեզ նմանները սիրտ ու հոգի չունեն:
ՄՈՆԹԱԳ — Ունեն, տիկին:
ՄԱՅՐ — Չունեն, ձեր աչքերից երբեք արցունք չի գալիս:
ՄՈՆԹԱԳ — Գալիս է:
ՄԱՅՐ — Չի գալիս:
ՄՈՆԹԱԳ — (նկատելով Բլաքին): Գալիս է:
ՄԱՅՐ — Չի գալիս:
ՄՈՆԹԱԳ — Բլաքը գալիս է:
ՄԱՅՐ — (պոկվելով Քլարիսի ձեռքերից՝ հարձակվում է Մոնթագի վրա): Ասում եմ՝ չի գալիս:
ԲԼԱՔ — (թիկունքից գրկում է կնոջը): Հանգստացեք:
ՄԱՅՐ – Դո՞ւ ով ես:
ԲԼԱՔ — Բլաքը:
Մայրը, բռնելով Բլաքի վիզը, ուսի վրայով շրջում ու գետնին է տապալում, ծունկը դնում է փորին:
ՄԱՅՐ — (Բլաքին): Ձեզ դու-ով դիմե՞մ, թե՞ դուք-ով:
ԲԼԱՔ — Դուք-ով:
ՄԱՅՐ — Դուք տզրուկի մեկն եք: (Հարվածելով:) Անպատկառ տզրուկ…
ՔԼԱՐԻՍ — Մայրիկ…
ՄԱՅՐ — Քլարիս, սղոցը բեր:
Բլաքը դուրս է պրծնում նրա ճիրաններից ու լեղապատառ վազում աջ: Մյուսները հետևում են նրան:
ՄԱՅՐ — Էդ ո՞ւր…
Մթություն: Վերին սենյակում:
ՄՈՆԹԱԳ — Պետք է փախչել:
ՔԼԱՐԻՍ — Մայրիկը չի գա:
Մայրը խոհանոցում ծեծում է Բլաքին, նա փախչում է:
ՄԱՅՐ — Էդ ո՞ւր:
Վերին սենյակում:
ՄՈՆԹԱԳ — Մի գիրք տուր ինձ:
ՔԼԱՐԻՍ — Իսկ եթե հրկիզապետն իմանա՞:
Սթոնմենը մոտենում է զուգարանակոնքին, Բիթին ներս է գալիս ու ականջից բռնած՝ դուրս տանում նրան, բայց Սթոնմենը փախչում է ու նորից նույնն է անում: Բիթին մտնում է, Սթոնմենը՝ փախչում, Բիթին մոտենում է զուգարանակոնքին, Սթոնմենն իջեցնում է պաստառը: Մոնթագը գիրքը թաքցնում է գոտու տակ:
ՔԼԱՐԻՍ — Եթե երբևէ որոշես փախչել, վազիր լքված երկաթգծերով մինչև վերջ:
ՄՈՆԹԱԳ — Իսկ մայրդ ու դո՞ւ:
Մեծ որմնախորշում Մայրը բարձով խեղդում է Բլաքին:
ԲԼԱՔ – Օգնե՜ք:
ՄԱՅՐ — Մի բղավեք, ինչպե՞ս օգնեմ:
Բիթին ծանր գրքով հարվածում է Մոր գլխին, նա ուշաթափվում է:
ԲԻԹԻ — (Բլաքին): Մոնթագն ո՞ւր է:
ԲԼԱՔ — Վերևում… աղջկան է պահում:
ԲԻԹԻ — (վեր նայելով՝ ժպտում է): Հիանալի է: (Բղավում է:) Մոնթա՛գ…
Մթություն: Լույս Վերին սենյակում:
ՄՈՆԹԱԳ — Փախեք, Քլարիս:
ՔԼԱՐԻՍ — Իսկ մա՞յրս:
ՄՈՆԹԱԳ — Ժամանակ չկա:
ՔԼԱՐԻՍ – Մայրի՜կ…
ՄՈՆԹԱԳ — (փակելով Քլարիսի բերանը): Լռե՛ք:
ԲԻԹԻ — (ներս գալով): Թող բղավի, Մոնթագ, ինչո՞ւ չեք թողնում: (Դադար:) Լավ աշխատանք է, Մոնթագ, վաղը կարող եք հանգստանալ: (Քլարիսին.) Կարդալ չե՞ք ուզում:
Մթություն:
ՏԱՍՆԵՐԿՈՒԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մոնթագի բնակարանի խոհանոցում:
Միլդրեդը, հեռախոսն ականջին, բաց աչքերով քնել է: Նա համաչափ շնչում է, դեմքին սառած, տարօրինակ ժպիտ է: Աջ կողմից մտնում է Մոնթագը, մոտենում է կնոջը, երկար նայում նրան, հետո գրկում ու անհետանում ձախ կողմի կուլիսներում: Քիչ անց վերադառնում է, նստում սեղանի առաջ՝ կնոջ տեղում, լարված շփում է ձեռքերը, խալաթի տակից հանում է գիրքը, դնում սեղանին, ձեռքերը ետ է քաշում, հետո շունչ է առնում ու ձեռքը զգուշությամբ մոտեցնում գրքին, ուզում է բացել: Նրա աջ ոտքն սկսում է դողալ, մաշված հողաթափերն սկսում են շարժվել ու ձուլվել Բիթիի ձայնին:
ԲԻԹԻԻ ձայնը — Մի հարցրեք՝ ինչու և ինչի համար: Մենք կարող ենք սաղմի մեջ խեղդել նման մտքերը: Մոռացեք, որ աշխարհում գոյություն ունեն պատերազմ, սով ու մահ: Մի ըմբոստացեք, երբ կառավարությունն անկարող է ինչ-որ բան փոխել, երբ հարկերով խեղդում է ժողովրդին: Հիշեք՝ ամևնաէականը անդորրն է, Մոնթագ: (Մոնթագը մի կերպ զսպում է աջ ոտքի դողը, դողում է ձախը:) Անդո՜րրը, այո: (Մոնթագը զսպում է ձախ ոտքի դողը, դողում են երկուսը միասին:) Անդո՜րրը… (Մոնթագը բռնում է ոտքերը:) Ան… (Երկու ձեռքերով գետնին է մեխում ոտքերը:)
Դադար: Մոնթագը հոգոց է հանում, սեղանին դրված տուփից վերցնում է գլանակ, վառում է, բաց թողնում ծխի երկու քուլա, հազում է, հանգցնում ծխախոտը:
ՔԼԱՐԻՍԻ ձայնը — Քեռիս ասում էր, որ իր պապը դեռ հիշում էր այն ժամանակները, երբ երեխաներն իրար չէին սպանում, բայց դա վաղուց էր, շատ վաղուց:
Մոնթագը ձախ ձեռքով վերցնում է համբուրգերը, աջով բացում գիրքը, նրա ձեռքերն սկսում են դողալ, համբուրգերը սկսում է Բիթիի ձայնով խոսել: Մոնթագն անընդհատ փորձում է զսպել դողը, համբուրգերը տեղափոխում է ձեռքից ձեռք, ուզում է ուտել, բայց դողում է նաև բերանը, նա բարկանում է, համբուրգերն ուզում է գցել աղբամանը, բայց հենց մոտենում է, աղբամանը շչակի աղմուկով սկսում է պտտվել սենյակով մեկ: Մոնթագը աղերսագին նայում է պատին փակցված սրբապատկերին, սուրբը հոնքերն է կիտում, փլվում է աթոռին, բայց դա էլ է սկսում երերալ՝ զանազան ձայներ արձակելով: Նա գրպանից հանում է դեղի սրվակ ու հաբերը դատարկում բռի մեջ, կուլ է տալիս, վերցնում թեյնիկը, որն սկսում է խոսել Միլդրեդի ձայնով: Ջուրը լցնում է բաժակի մեջ, մի կերպ խմում է, սենյակի լույսերը տարբեր անկյուններից վառվում են ու մարում:
ԲԻԹԻԻ ձայնը — Մարդկանց գլուխները լցրեք անպետք թվերով, այնքան չնչին փաստերով, մինչև որ նրանց սիրտը խառնի, հետո նրանց կթվա, թե շատ կրթված են, նույնիսկ կկարծեն, թե իրենք մտածում են, առաջ են շարժվում, թեև իրականում դոփում են տեղում:
ՄԻԼԴՐԵԴԻ ձայնը — Խնձորն աճում է խնձորի ծառին, շունը հաչում է, մարդը՝ բառաչում…
ԲԻԹԻԻ ձայնը — Մարդիկ երջանիկ կլինեն:
ՄԻԼԴՐԵԴԻ ձայնը — …մարդը՝ հառաչում:
ԲԻԹԻԻ ձայնը — Մի տվեք նրանց լպրծուն, կասկածելի նյութ՝ ո՛չ փիլիսոփայություն, ո՛չ հոգեբանություն, ո՛չ էլ արվեստի տեսություն: Աստված մի արասցե, որ նրանք սկսեն եզրակացություններ ու ընդհանրացումներ անել:
ԿՆՈՋ ձայնը — (զուգահեռաբար, հազիվ լսելի, միապաղաղ):
«Ինձ չի վախեցնում գերեզմանն ահեղ,
Տանջանքն, ասում են, հանգչում է այնտեղ՝
Սառն, հավերժական լռության միջում:
Կյանքից զրկվելն է ինձ միայն տանջում:
Ջահե՛լ եմ, ջահե՛լ… ունեցե՞լ ես դու
Ցնորմունքները անհոգ պատանու»:
ՄԻԼԴՐԵԴԻ ձայնը — Շունը աճում է խնձորի ծառին, մարդը…
ԲԻԹԻԻ ձայնը — (բղավում է): Ո՜չ, գրողը տանի, նրանց զվարճանքներ տվեք, երեկույթներ, մարմնամարզիկներ ու ձեռնածուներ, հրթիռային ավտոմեքենաներ, ուղղաթիռ-մոտոցիկլետներ, պոռնոգրաֆիա ու թմրադեղեր:
ՔԼԱՐԻՍԻ ձայնը — Քեռիս ասում էր, որ հրկիզողներն առաջ հրշեջներ են եղել:
ԲԻԹԻԻ ձայնը — Ֆիլմն անբովանդակ է, դատարկ, սնամեջ, գրգռեք իմ նյարդերը խլացուցիչ երաժշտությամբ, ու ես գոհ կմնամ:
ՄԻԼԴՐԵԴԻ ձայնը — Խնձորն աճում է խնձորի ծառին, խնձորն աճում է…
ԲԻԹԻԻ ձայնը — Գրքերն աղբ են մոլորուն, հորինվածք, ցնորք: Հիշեք, Մոնթագ, մենք երջանկության մարտիկներ ենք՝ դուք, ես և մյուսները: Մենք ամբարտակի պահապաններ ենք: Ամրացեք, Մոնթագ, մենք…
Մոնթագը փակում է գիրքը, ձայները լռում են, լսվում է միայն Կնոջ ձայնը:
ԿՆՈՋ ձայնը — (հազիվ լսելի, միապաղաղ):
«Դու չես ունեցել կամ չես հիշում էլ,
Թե ո՞նց ես մի օր ատել ու սիրել,
Ինչպես է սիրտդ բաբախել ուժգին
Կանաչ դաշտերին, վառ արեգակին
Անկյունի բարձր բուրգից նայելիս»…
Մոնթագը փակում է աչքերն ու բացում գիրքը, հետո դանդաղ բացում է աչքերը:
ԿՆՈՋ ձայնը — (փոքր-ինչ բարձրաձայն):
«Ուր թարմ է օդը, և ուր մերթ գալիս
Ու բարձր պատի խորունկ ճեղքվածքում,
Բուքից վախեցած, կուչ եկած նստում,
Պատսպարվում է փոքրիկ աղավնին-
Չքնաղ զավակը անհայտ աշխարհի»:
Մթություն:
ՏԱՍՆԵՐԵՔԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մոնթագի բնակարանի խոհանոցում: Կնոջ՝ ականջ ծակող, երկար ճիչ: Լույս՝ բեմի կենտրոնում: Մոնթագը արթնանում է, գլուխը բարձրացնում սեղանին դրված գրքից, տեսնում է գլխավերևում կանգնած Միլդրեդին, ցատկում է տեղից, ձեռքով փակում նրա բերանը:
ՄՈՆԹԱԳ — Հանգստացիր, Միլի, սա ընդամենը գիրք է:
Մոնթագի վերջին բառի վրա Միլդրեդն ավելի բարձր է ճչում: Դռան երկար զանգ: Մոնթագը ապտակում է, կինը անձայն հեկեկում է, Մոնթագը գրկում է նրան: Դռան երկար զանգ, հետո՝ թակոցներ:
ՄՈՆԹԱԳ — Միլի, հանգստացիր: Միլի, վերջ տուր, խնդրում եմ, բոլոր հարևաններն արդեն էստեղ են:
Մոնթագն անհետանում է կուլիսներում, լսվում է պահարանի դռան ճռռոցը, Միլդրեդի շուրջն են թափվում զանազան առարկաներ և մի քանի գիրք, նա ուժասպառ, դանդաղ քաշում է ոտքը, Մոնթագը բեմ է մտնում՝ ձեռքին թղթե ինքնասոսնձվող գլանափաթեթ: Նա կապկպում է կնոջ ձեռքերն ու բերանը:
ՄՈՆԹԱԳ — Միլի, ախր, սա ոչ միայն իմ, այլև քո կյանքն է: Գրքերի մեջ մարդիկ են թաքնված, նրանք ապրում են, շնչում են մեզ նման, սիրում ու արտասվում են մեզ պես: Մենք վերջապես պիտի ճանաչենք իրար, հասկանանք՝ ինչպես առաջացավ էս թնջուկը: Դու՝ հաբերդ ու գիշերային խելահեղ ուղևորություններդ՝ ժամում 120 մղոն արագությամբ, իմ աշխատանքը… Միլի, մենք կործանվում ենք, բայց ես չեմ ուզում, գրողը տանի:
Մոնթագը փորձում է շոյել կնոջը, նա անտարբեր կողմ է քաշվում, մեջքին կապված ձեռքերով իր ետևից քարշ է տալիս անվավոր ճոճաթոռը, պտտեցնում ու նստում է բեմի խորքի ձախ անկյունում՝ մեջքով դեպի Մոնթագը: Դադար: Դռան թակոցներն ու զանգերը շարունակվում են: Մոնթագը, կնոջը նայելով, հատակից վերցնում է մի գիրք ու բարձրաձայն կարդում է: Միլդրեդը, ճոճաթոռն անկյունաձև վարելով, դանդաղ շարժվում է անկյունի անկյուն:
ՄՈՆԹԱԳ — (ընթերցում է): «Հաշված է, որ տասնմեկ հազար մարդ, տարբեր ժամանակ գերադասել է մահը, միայն թե չհնազանդվի ու չկոտրի ձուն սուր ծայրից, այդ վեճի առթիվ մի քանի հարյուր խոշոր հատորներ են հրապարակվել, սակայն բութ-ծայրականների գրքերը վաղուց ի վեր արգելված են»:
Դռան թակոցներն ու զանգերը շարունակվում են մինչև հաջորդ տեսարանի սկիզբը: Մթություն:
ՏԵՍԱՐԱՆ 14-ՐԴ
Հյուրեր՝ Մոնթագի հյուրասենյակում: Բեմը թույլ լուսավորվում է:
Կուլիսներից ձայներ են լսվում:
ՄԻԼԴՐԵԴԻ ձայնը – Ֆե՜լփս, տեսքդ հիանալի է:
ԲՈՈՒԼԶԻ ձայնը — (ծոր տալով): Հիանալի է:
ՖԵԼՓՍԻ ձայնը — Միլի, տեսքդ շքեղ է:
ԲՈՈՒԼԶ — Շքե՜ղ է:
ՄԻԼԴՐԵԴ — Բոլորի տեսքը հոյակապ է:
ԲՈՈՒԼԶ – Հոյակա՜պ է:
ՖԵԼՓՍ — Հանդիպումը հրաշալի է:
ԲՈՈՒԼԶ – Հրաշալի՜:
Երևում են երեք կանանց ուրվագծերը: Կանայք, շարունակ իրար համբուրելով, գալիս են նախաբեմ: (Նրանց ուրվագծերը կարող են հիշեցնել հավ, բադ և հնդկահավ:) Միլդրեդը միացնում է հեռուստապատը, երևում է հյութ խմող կին, քիչ հեռու հայտնվում է նույն կինը, ռենտգենյան ճառագայթի միջոցով ցուցադրվում է, թե հյութը ինչ ճանապարհ է անցնում մինչև կնոջ ստամոքսը հասնելը:
ՖԵԼՓՍ — Հետաքրքիր է, ինչպե՞ս է նրան հաջողվում խմել ու ժպտալ միաժամանակ: ԲՈՈՒԼԶ — Միաժամանակ:
Հեռուստաէկրանին հայտնվում է փողկապով տղամարդ՝ լարերով պատված: Նա մինչև գոտկատեղը թաղված է կոյուղու մեծ խողովակի մեջ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ – Այս շաբաթ կոյուղու ջրի մակարդակը կամ, ավելի ճիշտ, արտաթորանքի մակարդակը բարձրացել է մեկ սանտիմետրով, իսկ դա նշանակում է, որ ժողովրդի կենսամակարդակը ևս բարձրանում է, այսինքն՝ ամեն ինչ հիանալի է:
ԲՈՈՒԼԶ – Հիանալի՜ է:
Ներս է մտնում Մոնթագն ու անջատում հեռուստացույցը: Սենյակի կենտրոնում կանգնած՝ երկիմաստ ժպիտով զննում է կանանց: Սրանք վրդովված նայում են նրան: Դադար:
ՄՈՆԹԱԳ — Ի՞նչ եք կարծում, ե՞րբ կսկսվի պատերազմը:
ԲՈՈՒԼԶ – Պատերա՞զմ:
ՖԵԼՓՍ — Դա մեզ չի վախեցնում:
ՄՈՆԹԱԳ — Ո՞ւր են ձեր ամուսինները:
ԲՈՈՒԼԶ – Ամուսի՞ն:
ՖԵԼՓՍ — (շուտասելուկի պես): Օ՜, նրանք մեկ գալիս են, մեկ՝ գնում, իրենց տեղը չեն գտնում, Փիթին այսօր զորակոչեցին, կվերադառնա երկու օրից: Էդպես էին ասել՝ կարճատև պատերազմ, քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն: Քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն: Փիթին այսօր զորակոչեցին, կվերադառնա երկու օրից, էդպես էին ասել՝ կարճատև պատերազմ, քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն: Կարճատև պատերազմ, քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն: Կարճատև պատերազմ, քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն: Կարճատև պատերազմ, քառասունութ ժամից բոլորը տանը կլինեն:
Մ ՈՆԹԱԳ — Պարզ է: (Բոուլզին.) Իսկ ձեր ամուսի՞նը:
ԲՈՈՒԼԶ — Բանակում էդպես էին ասել՝ կարճատև պատերազմ:
ՖԵԼՓՍ — Ես չեմ էլ անհանգստանում, թող Փիթն անհանգստանա: Ես չեմ էլ մտածում, թող Փիթը մտածի:
Կանայք քրքջում են:
ԲՈՈՒԼԶ — Մտածի:
ՄԻԼԴՐԵԴ — Այո, այո՜: Թող Փիթն ինքը անհանգստանա:
ՖԵԼՓՍ — Միշտ ուրիշների ամուսիններին են սպանում, էդպես են ասում:
ԲՈՈՒԼԶ — Էդպես են ասում:
ՄԻԼԴՐԵԴ — Այո, այո՜:
ՖԵԼՓՍ – Չգիտեմ որևէ մեկին, որ կռվում զոհված լինի, զոհվում են այլ կերպ. ցած են նետվում բարձրահարկ շենքերից, էդպես պատահում է, բայց պատերազմում՝ ոչ:
ՄԻԼԴՐԵԴ – Ոչ, ո՜չ…
ԲՈՈՒԼԶ – Ոչ, ո՜չ…
ՄԻԼԴՐԵԴ – Ո՜չ…
ԲՈՈՒԼԶ – Ո՜չ…
ՖեԼՓՍ — Փիթն ասաց, որ եթե իրեն սպանեն, ես լաց չլինեմ, նորից շուտափույթ ամուսնանամ ու մոռանամ իրեն: Նա իմ չորրորդ ամուսինն է:
ՄԻԼԴՐԵԴ — Ի դեպ, հազիվ հիշեցի, երեկ տեսա՞ք Կլարայի հինգ րոպեանոց սիրավեպը:
ՖԵԼՓՍ — Օ՜, զգայացունց էր:
ԲՈՈւԼԶ – Զգայացո՜ւնց:
Մոնթագը քայլում է սենյակում:
ՄՈՆԹԱԳ — Եկեք զրուցենք: Ինչպե՞ս են ձեր երեխաները, տիկին Ֆելփս:
ՖԵԼՓՍ — (զայրացած): Դուք շատ լավ գիտեք, որ ես երեխաներ չունեմ: Մեր օրերում ո՞ր խելքը գլխին մարդը կուզենա երեխա ունենալ:
ԲՈՈՒԼԶ — Ո՜չ, այդ հարցում համաձայն չեմ. ես երկուսն ունեմ: Երկու անգամ էլ ինձ կեսարյան հատում արեցին, բա հո չէի՞ տառապելու երկունքի ցավերից, ինչ է թե՝ երեխա պիտի ծնվեր: Բայց, դե, մարդիկ պետք է բազմանան: Մեր պարտքն է: Բացի դրանից, երեխաները երբեմն նման են իրենց ծնողներին, իսկ դա շատ զվարճալի է:
ՖԵԼՓՍ — Համենայնդեպս, երեխաները սարսափելի ծանր բեռ են:
ԲՈՈՒԼԶ — Ո՜չ, վատ չէ: Տասից ինն օրը նրանք դպրոցում են, ես նրանց հանդիպում եմ ամիսը երեք օր, բայց դա էլ ոչինչ, քշում եմ հյուրասենյակ, միացնում պատն ու վերջ, նույնն է, թե սպիտակեղենը դարսես լվացքի մեքենայի մեջ ու շրխկոցով փակես դռնակը:
Մոնթագը, որ մինչ այդ դուրս էր եկել սենյակից, վերադառնում է՝ ձեռքին գիրք: Կանայք սարսափած կանգնում են ու միասին ճչում: Մթություն:
ՏԱՍՆՀԻՆԳԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Հրկիզարան: Բիթին աջ ձեռքը դրել է Սթոնմենի ուսին, ձախը՝ Բլաքի:
ԲԻԹԻ — Սիգարետ: (Բլաքը գլանակ է դնում Բիթիի բերանը:) Կրակ: (Սթոնմենը վառում է ծխախոտը:) Ահա, գալիս է մի հետաքրքրագույն նմուշ, որն աշխարհի բոլոր լեզուներով կոչվում է հիմար: (Բարձրաձայն:) «Մեծագույն հիմարը նա է, ով գեթ մի կաթիլ խելք ունի»: Բարի լույս, Մոնթագ, փառահեղ հերթապահություն է մեզ սպասվում: Գցեք հատակին:
Մոնթագն ակնապիշ նայում է նրան, պայուսակից հանում է գիրքն ու գցում հատակին:
ԲԻԹԻ — Տրորեք, Մոնթագ:
Մոնթագն անխոս կատարում է հրամանը: Բիթին գրկում է Մոնթագին, վզից քարշ տալով՝ տանում է բեմի մի ծայրից մյուսը: Մյուսները վերցնում են հատակին ընկած գիրքն ու այրում: Բիթիի ծիծաղը դառնում է ավելի անբռնազբոս ու ճնշող, մինչև ահազանգը: Այն պահին, երբ Բիթին նայում է Սթոնմենին կամ Բլաքին, նրանք քարանում են, բարձր ու անհրապույր քրքջում, հետո լրջանում են ու շարունակում իրենց գործը:
ԲԻԹԻ — Դե, բավական է, ճգնաժամն անցել է, մոլորված ոչխարը հոտ է վերադառնում: Մենք բոլորս էլ ժամանակին մոլորվել ենք: «Ճշմարտությունը միշտ ճշմարտություն կլինի,- գոռում էինք մենք,- կգա հատուցման ժամը»: (Բարձր ծիծաղում է:) Միայնակ չեն նրանք, ովքեր վեհանձն մտքեր ունեն: (Հռհռում է:) Տիեզերքը չպայթեցնե՞նք, հը՞, գլուխներ չկտրե՞նք, չկոխկռտե՞նք կանանց ու երեխաներին, հեղինակություններ չպսակազերծե՞նք, հը՞:
Ահազանգ:
Տագնապի ազդանշանով անհապաղ մեկնիր:
Արագ վառիր կրակը:
Ամեն ինչ թող մոխիր դառնա:
Այրիր մոխիրը, մոխրի մոխիրը:
Առաջադրանքը կատարիր առանց խորհելու:
Եղիր պատրաստ նոր ահազանգերի:
ԲԻԹԻ — (զգաստանում է, թողնում է Մոնթագին, մատով սեղմում աջ ականջակալը): Այո, իհարկե… Իհարկե՝ ոչ… (Նայում է Մոնթագին:) Հասկացա… Այո, պարոն: (Մոնթագին.) Հոգնեցի՞ք, Մոնթագ:
ՄՈՆԹԱԳ — Ամեն ինչ կարգին է:
ԲԻԹԻ — Այո, պետք է ձեզ լավ զգաք, սա առանձնահատուկ դեպք է: Դե, առա՜ջ…
Մթություն:
ՏԱՍՆՎԵՑԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Անակնկալ: Փողոց: Բեմի խորքում երևում է Մոնթագի բնակարանի ճակատամասը: Տագնապի ազդանշանի մոտեցող ձայն:
1-ին Անցորդ — Ասում են՝ ջրհեղեղից հիսուն հազար մարդ է խեղդվել:
2-րդ Անցորդ — Վատ է:
1-ին Անցորդ- Բայց իշխանությունները վիճակը նորմալ են համարում:
2-րդ Անցորդ — Լավ է:
1-ին Անցորդ — Մի հարյուր հազար էլ դեռ կկործանվեն:
2-րդ Անցորդ — Վատ է:
1-ին Անցորդ — Բայց անհանգստանալու կարիք չկա:
2-րդ Անցորդ — Լավ է:
Նախաբեմի ձախ անկյունում հայտնվում են հրկիզողները:
ԲԻԹԻ — Ահա և հասանք:
ՄՈՆԹԱԳ — Ո՞ր հասցեն է:
ԲԻԹԻ — Նայեք ձախ:
ՄՈՆԹԱԳ — Սա իմ բնակարանն է:
ԲԻԹԻ – Իսկապե՞ս:
1-ին Անցորդ — Պարոն Մոնթագը իսկական հրկիզող է:
2-րդ Անցորդ — Լավ է:
Շքամուտքից դուրս է գալիս Միլդրեդը՝ ճամպրուկը ձեռքին:
ՄՈՆԹԱԳ — Միլի, ո՞ւր ես գնում…
ԲԻԹԻ- Նրան հանգիստ թող, չե՞ս տեսնում՝ կինը շտապում է:
ՄՈՆԹԱԳ — Միլի, դո՞ւ ես ահազանգել:
ՄԻԼԴՐԵԴ — (կանգնում է, շրջվում է դեպի բնակարանը): Իմ խեղճ «հարազատներ», խեղճ «հարազատներ», ամեն ինչ կործանվեց, ամեն ինչ կործանվեց…
ԲԻԹԻ — Երբ այրեք վերջացնեք, նկատի ունեցեք, որ ձերբակալված եք, իսկ հիմա՝ առաջ:
1-ին Անցորդ — Պարոն Մոնթագը վատ հրկիզող է:
2-րդ Անցորդ — Վատ է:
Մթություն:
ՏԱՍՆՅՈԹԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մոնթագի հյուրասենյակում: Բեմի կենտրոնում կանգնած է Մոնթագը, նրա թիկունքում՝ երեք հրկիզողները:
ԲԻԹԻ — Գրքերը…
Բլաքն ու Սթոնմենը բերում, Բիթիի ուսից կախված ցանցի մեջ են լցնում գրքերը:
ՄՈՆԹԱԳ – Կի՞նս է ահազանգել:
ԲԻԹԻ — Այո, իսկ ավելի վաղ՝ նրա ընկերուհիները: Մեծ հիմարություն է աջ ու ձախ բանաստեղծություններ արտասանելը: Աշխարհը առանց դրանց էլ յոլա կգնա: Դուք հիմար եք, Մոնթագ, և դա ձեր ամենամեծ թերությունն է: Ձեզ պես պակասամիտները տասը տարին մեկ են ծնվում, ուրեմն՝ դուք վերջին տասնամյակի մեծագույն հայտնությունն եք: Մինչև կոկորդը խրվել եք տիղմի մեջ: Ճկույթս շարժեմ՝ ձեզ կուլ կտա:
Մոնթագը կտրուկ շրջվում է, նրանց ուղղում հրացիրը:
ՄՈՆԹԱԳ — Բարձրացեք ցանցի վրա:
ԲԻԹԻ — Մոնթագ, հիմարություն եք անում:
ՄՈՆԹԱԳ — (մյուսներին): Շրջվեք: (Բիթիին.) Կռացեք: Հատակին նետեք կարմիր գիրքը: Ինչո՞ւ Շեքսպիր չեք հրամցնում. «Սպառնալիքդ ամենևին էլ սարսափելի չէ, Կասիո, ես պարկեշտությամբ այնքան ամուր եմ զրահապատված, որ դրանք բոլորը կողքովս են թռչում թեթև քամու պես»:
ԲԻԹԻ — Դուք, գրչակոթ, դե, գործի անցեք, գրողի տարած, սեղմեք ձգանը:
ՄՈՆԹԱԳ — Ինչ-որ հարկավոր է, մենք դա չէինք այրում: Գնաս բարով… Բիթի…
Բիթին այրվում է, Մոնթագը գործիքով հարվածում է մյուս հրկիզողներին, վերցնում է կարմիր գիրքն ու փախչում:
Մթություն:
ՏԱՍՆՈՒԹԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Փախուստ: Մոնթագ: Ստվերներ:
Թույլ մթնշաղում երևում են ստվերներ, ոստիկանական մեքենաների աղմուկ է լսվում: Մոնթագը անկյունաձև անցնում է բեմի մի ծայրից մյուսը, ամբոխը հետևում է նրան: Մթություն:
ՏԱՍՆԻՆՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Մոնթագի պատիժը: Կղզի: Չորս Գիրք: Նախաբեմում՝ հեռուստացույցի դիմաց, խարույկ է վառվում, շուրջը՝ երկու Ծերունի և երկու Երիտասարդ: Հեռուստացույցով
ցուցադրվում է Մոնթագի փախուստը: Բեմի խորքից աղմուկ է լսվում: Քառյակը շրջվում է:
1-ին Ծերունի — Կարող եք դուրս գալ:
2-րդ Ծերունի — Մի վախեցեք, համեցեք մեզ մոտ: Բարով եք եկել:
Մոնթագը վախվորած դուրս է գալիս թաքստոցից:
1-ին Պատանի — Սուրճ ուզո՞ւմ եք:
ՄՈՆԹԱԳ — Այո, շնորհակալ եմ:
1-ին Ծերունի — Նստեք, Մոնթագ:
ՄՈՆԹԱԳ — Դուք գիտե՞ք իմ անունը:
1-ին Ծերունին հայացքով ցույց է տալիս էկրանը: Հեռուստացույցի ձայնը բարձրացնում են:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Տպավորիչ տեսարան է, տագնապալի սպասում:
2-րդ Ծերունի — Ոստիկանությունն ամիսներ շարունակ հետևում էր նման մարդկանց, և այսօր դա փրկում է իրավիճակը:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Ահա, դուք տեսնում եք Մոնթագին: Հետապնդումն ավարտված է:
Լսվում են կրակոցներ, պայթյունի ձայներ:
ՀԱՂՈՐԴԱՎԱՐ — Ամեն ինչ բարեհաջող ավարտվեց: Չարիքն արմատախիլ է արված:
2-րդ Պատանին անջատում է հեռուստացույցը:
1-ին Ծերունի — Դե, եկեք ծանոթանանք, ես Բորիս Վիանն եմ:
2-րդ Ծերունի — Ես Արիստոֆանեսն եմ:
1-ին Պատանի – Ես՝ Ալբերտ էյնշտեյնը:
2-րդ Պատանի – Ես՝ Մահաթմա Գանդին:
1-ին Ծերունի — Արիստոտելն ու Պլատոնը ամուսիններ են, նրանք քնած են: Որդիները՝ Մարքսն ու Էնգելսը՝ նույնպես:
2-րդ Ծերունի — Մենք կենդանի գրքեր ենք, օրերից մի օր մեզ կուզենան կարդալ, ու մենք պատրաստ կլինենք:
Մթություն:
ՔՍԱՆԵՐՈՐԴ ՏԵՍԱՐԱՆ
Ձյուն: 1-ին Ծերունին պառկած է, նրա թիկունքում կանգնած են 1-ին Պատանին ու Մոնթագը:
1-ին Ծերունի –
Վալս՝ մի աթոռի նստած
Կարկատելիս գուլպաներ
Վալս այն ելակի տեսքով
Որ ուտում են մատներով
Վալս արծաթե թեփուկով
Նման փոքրիկ մի ձկան
Վալս թռչունների համար
Վալս նրբերշիկի համար
Վալս կղզու մեծ անտառով
Վալս երկար մի շարանով
Վալս և սիրելու համար
Ժանգոտ ու հին դանակներ
Վալս անձրուկի մեծ կաշվից
Վալս կարկանդակով լյարդի
Գնանք երգենք անտառում
Վալսն այս թանձր ու ամուր
Որ կառուցենք մենք մի տուն
Վալս կազմելու ընտիր զույգ
Վալս եղանակներով տարվա
Ես լավ տեսա սիրելիս
Որ ձանձրացար կոր վալսից
Եվ հենց իսկույն ես մի այլ
Վալս հյուսեցի քեզ համար
Որ գովքդ անեմ իմ չքնաղ
Ահա և դա…
Նախաբեմի կենտրոնում կախված է Ջոկոնդայի թափանցիկ պատկերը, որի դիմաց՝ դեմքով հանդիսատեսին կանգնած տղամարդն ակնապիշ դիտում է նկարը, նրան միանում են ևս երկուսը, հետո՝ ևս մեկն իր երեխայի հետ քարանում է նկարի աոջև: Ծերունին շարունակում է զառանցագին արտասանել: Առջևում կանգնած տղամարդն աղմուկով թքում է պատկերի վրա ու հեռանում, նույնն անում են մյուս երկուսը, հայրը, հետո՝ երեխան, նրանց թիվն ավելանում է: Բեմի աջ կողմում լույսը դանդաղ մարում է: Ծերունին արտասանում է խեղդված, հազիվ լսելի ձայնով: Լուսավորված է միայն նկարը, քիչ անց դա էլ է անհետանում: Ծերունին շարունակում է իր «աղոթքը»:
Վալս թարմ սալաթի տեսքով
Նման մեծ լուրթ աչքերի
Վալս շատ երկար ու գաղտնի
Որ լաց լինենք երկուսով
Վալս մի ժիր այծի տեսքով
Որ գլորվենք մարգերով
Շրթունքներդ տուր ինձ շուտ
Որ շրթներովս համբուրեմ
Եկ կտամ քեզ փոքրիկ սիրտս ձագուկի
Եվ մինչ լույս մենք կպարենք անդադար
Վալսն այս դինգո
Կամրջակի վրա նավի բեռնատար
Որ մեկնում է Սանտյագո
Վալսն այս նրբին ու քնքուշ
Այնպես ինչպես ես ու դու
Ահ ինչ թեթև է կյանքը
Երբ քո գրկում եմ իմ սեր: