Էդեն ֆոն ԽՈՐՎԱԹ / «ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է»
Էդեն ֆոն ԽՈՐՎԱԹԻ «ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2007 թ., թիվ 12-13_ում
ԴՈՆ ԺՈՒԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է
Գործող անձինք
ԴՈՆ ԺՈՒԱՆ
և
35 ԿԱՆԱՅՔ
35 կանայք պետք է ներկայացվեն հնարավորինս փոքրաթիվ դերասանուհիներով, այնպես որ յուրաքանչյուրը մի քանի դեր պիտի խաղա: Սա պայմանավորված է ոչ այնքան պիեսի բեմադրության հնարավորությամբ, որքան հին ճշմարտությամբ՝ կյանքում 35 տարբեր կանանց գտնել անհնար է, նրանք շատ ավելի քիչ են: Կանանց հիմնական տիպերն անընդհատ կրկնվում են, ուստի և բեմում պիտի լինեն միայն այդ տիպերի ներկայացուցիչները: Եվ որպես եզրափակում. գործող անձանց ճշգրիտ ցուցակը՝ բեմում նրանց հայտնվելու հերթականությամբ:
ԵՐԿՈՒ ԾԵՐԱՑՈՂ ՕՊԵՐԵՏԱՅԻՆ ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ
ԵՐԵՔ ԿԻՆ
ՏԱՏԻԿ
ԱՂԱԽԻՆ
ԵՐԿՈՒ ԹԵԹԵՎԱԲԱՐՈ ԱՂՋԻԿ
ԳԹՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՔՈՒՅՐ
ԳԹՈՒԹՅԱՆ ՔՈՒՅՐ
ԱՅՐԻ
ԵՐԿՈՒ ՆԿԱՐՉՈՒՀԻ
ՄԱՏՈՒՑՈՂՈՒՀԻ
ՄԱՅՐ
ՆՐԱ ԵՐԿՈՒ ԴՈՒՍՏՐԵՐԸ
ՉՈՐՍ ՏԻԿԻՆ
ՏԻԿԻՆ՝ ԲԵՌՆԻՑ
ԳԻՐՈՒԿ ԿԻՆ
ՇԻԿԱՀԵՐ
ՍԵՎԱՀԵՐ
ՀԱՐԵՎԱՆՈՒՀԻ
ԴԻՄԱԿ
ԵՐԿՈՒ ԾԵՐ ԿԻՆ
ԵՐԿՈՒ ԳԵՂՋՈՒԿ ԱՂՋՆԱԿ
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ
ԵՐԿՈՒ ԱՂՋՆԱԿ
Պատերազմն ավարտվել է:
1918 թվականի ուշ աշունն է: Ռազմաճակատային թատրոն բարաքում: Աղքատիկ արտիստական հարդասենյակ: Արդեն թառամող երկու օպերետային դերասանուհի կապում են ճամպրուկները: Հեռվից լսվում են շեփորականչ ու թմբուկների հարվածներ: Անձրևում է:
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋԻՆ — Պատերազմն ավարտվեց, ու մենք պարտվեցինք:
ԵՐԿՐՈՐԴ — Ոչ մի կերպ չեմ գտնում կեղծամս:
ԱՌԱՋԻՆ — Տնօրենը պարետատանն է: Մատակարարողները ըմբոստացել են, չաղ գնդապետն աստիճանազրկվել է: Սպաների հետքն էլ կորել է: Իսկ ֆելդֆեբելը դարձել է գեներալ:
ԵՐԿՐՈՐԴ — Թե ինչու ստորագրեցի այդ անիծված պայմանագիրը… Ռազմաճակատային թատրոնի պրիմադո՜ննա… Երբ արդեն Գրետխեն էի խաղում: Կարծում ես, այսօր վարագույրը կբացվի՞:
ԱՌԱՋԻՆ — Տիրոջ կամքն է: Կարևորն այն է, որ շուտով խաղաղություն կհաստատվի:
ԵՐԿՐՈՐԴ — Ինձ միայն մի բան է հետաքրքրում՝ ինչ կլինի թատրոնը: Ըհը, սա էլ կեղծամս: (Դնում է գլխին, ասես գլխարկ է: Զարթուցիչը զնգում է): Ձե՛նդ: (Լռեցնում է ձայնը):
ԱՌԱՋԻՆ — (հայացք գցելով զարթուցիչի վրա): Այս օրը պատմության մեջ կմտնի: Ժամը 12-ից հաշտություն կլինի:
ԵՐԿՐՈՐԴ — (հայելու առջև): Ուրեմն՝ 20 րոպե հետո:
Հեռվում ականներ են պայթում:
ԱՌԱՋԻՆ — Ու դեռ քանի՜սն են զոհվելու…
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ ես խղճում եմ միայն առանց ամուսին մնացած կանանց:
ԱՌԱՋԻՆ — Ինչ ես ասում… Իսկ տղամարդը մարդ չէ՞:
ԵՐԿՐՈՐԴ — Ոչ:
Ներս է մտնում Դոն Ժուանը: Նա համազգեստով է, առանց ուսադիրների, անզեն:
ԱՌԱՋԻՆ — Ձեզ ի՞նչ է պետք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (Երկրորդին): Ձեզ եմ փնտրում: Մենք ծանոթ ենք:
ԵՐԿՐՈՐԴ — Մե՞նք… ինչպե՞ս…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես ձեզ տեսել եմ երկու օպերետներում:
ԵՐԿՐՈՐԴ — (հետաքրքրված): Էդ ո՞րը…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (սևեռուն նայելով նրան): Մոռացել եմ: Միայն հիշում եմ, ինչպես էիք կանգնել հուշարարի խցիկի մոտ ու սպասում էիք: Դուք չէիր կասկածում, որ նա գալու է: Մեկ էլ ճերմակ վարագույրներ կային, հիշո՞ւմ եք: Հետո նամակ էիք գրում, գիշեր էր, ու դուք չէիք կասկածում՝ նա կպատասխանի: Սա արդեն երկրորդ պիեսից է… Ձեր ժպիտը ուրիշ կնոջ հիշեցրեց, դա պատերազմից առաջ էր, երբեմն թվում է՝ հարյուր տարի է անցել… հըմ… Կարո՞ղ եմ արդյոք… այդ հիշողության համար, իբրև շնորհակալության նշան, մի փոքրիկ նվեր… (Ժպտալով մեկնում է փաթեթը): Սիգարետ է, իմ միակ հաղթավարը: Եգիպտական է, իսկականը: (Գլուխ է տալիս, դուրս գնում):
Դադար:
ԵՐԿՐՈՐԴ — Դե, ի՞նչ կասես:
ԱՌԱՋԻՆ — Ցնդածի մեկն է:
Իրենց հայրենիքում: Կանայք դատարկ խանութի առաջ հերթ են կանգնել:
ԱՌԱՋԻՆ — Հաց չկա, աղ չկա, ճարպ չկա՝ սա է խաղաղությունը:
ԵՐԿՐՈՐԴ — Հանգստացեք, տիկին տնային կառավարիչ: Կարևորն այն է, որ տղամարդիկ վերջապես փրկվեցին պատերազմի դժոխքից ու նորից այստեղ են:
ԱՌԱՋԻՆ — Իմ «հավատարիմ ամուսնյակի» համար ավելի օգտակար կլիներ վառոդի հոտ քաշելը, թե չէ ամբողջ պատերազմի ժամանակ վեր էր ընկել տանը, իր հարթաթաթության հետ. հենց մի բան հակառակ ասես՝ ապտակ կուտես: Պատերազմ է, թե խաղաղություն՝ տարբերություն չկա:
ԵՐՐՈՐԴ — Իզուր հոգուդ մեղք չանես… Իմ խեղճ Յոզեֆը լռվել-մնացել է Սիբիրում, ով գիտե՝ երբ կվերադառնա: Այ, մենակ կմնաս, կիմանաս՝ ինչ է անմարդ լինելը:
ԱՌԱՋԻՆ — Թքած ունեմ էդ ամենակարողների վրա:
Հայտնվում է Դոն Ժուանը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր մեջ տնային կառավարիչ կա՞:
ԱՌԱՋԻՆ — (վճռական նրան ընդհատելով): Ես եմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր ամուսինն ասաց, որ այստեղ կլինեք: Հենց նոր ձեր տանն էի:
ԱՌԱՋԻՆ — (նորից ընդհատելով): Ձեզ ի՞նչ է պետք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Միայն իմանալ: (Ետ է նայում, ասես հետապնդում են): Պատերազմից առաջ երրորդ հարկում՝ ձախ կողմում, ջահել կին էր ապրում, ես նրան եմ փնտրում: Ձեր ամուսինն ասաց, որ նա քաղաքից գնացել է, բայց թե ուր՝ չգիտե:
ԱՌԱՋԻՆ — (սևեռուն նայում է նրան): Ջահել կին… (Ճանաչելով Դոն Ժուանին՝ վախեցած լռում է): Տեր Աստված, հիմա ճանաչեցի… Ես ախր մտածում էի, որ զոհվել եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (թեթևակի ժպտալով): Ընդամենը անհետ կորել եմ:
ԱՌԱՋԻՆ — Ուրեմն դեռ հրաշքներ լինում են: Հմայիչ օրիորդի՞ն եք փնտրում: Իսկ նա չկա: Նա հիմա տատի մոտ է ապրում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Որտե՞ղ:
ԱՌԱՋԻՆ — Ո՞նց էր էդ ծակուռի անունը… (Նայում է ծոցատետրում): Ոնց որ գրել եմ… (Ցույց տալով հասցեն): Ահա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կարդում է): Այդքան հեռո՞ւ:
ԱՌԱՋԻՆ — Հա: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ե՞րբ է գնացել:
ԱՌԱՋԻՆ — Ինն հարյուր տասնհինգ թվին: Էդ օրը լավ եմ հիշում՝ հենց էդ ժամանակ Գոռլիցայի մոտ ճակատամարտ էր, ու հարձակման քամին պատառոտում էր մեր հպարտ դրոշները:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես եղել եմ Գոռլիցայում:
ԱՌԱՋԻՆ — Հա… Ինչ եղել՝ վերջացել է: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ահա թե ինչու չէր պատասխանում, վեց շաբաթ է՝ նամակ եմ գրել…
ԱՌԱՋԻՆ — Ինչ որ եղել է, ուղարկել ենք նրանց, երբ պատերազմ է, փոստն անկանոն է աշխատում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո… (Վերև է նայում): Հիմա ո՞վ է ապրում երրորդ հարկում:
ԱՌԱՋԻՆ — Ատամնաբույժ է… Կին: Պատերազմը ամեն ինչ շուռ է տվել: Պարոնայք ատամնաբույժները սպանվել են: Դե, կնանիք էլ ատամնաբուժություն են սովորում… Բայց ես, որպես հաճախորդ, նրանց նկատմամբ մի փշուր վստահություն չունեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նորից թեթևակի ժպտալով): Ինչո՞ւ որ… (Նորից է շրջվում, ասես հետապնդում են): Ուրեմն գնալս չհետաձգեմ: Տատիկի մոտ: (Գնում է):
ԱՌԱՋԻՆ — Բարի ճանսպարհ, պարոն, բարի ճանապարհ: (Փութկոտ շրջվում է դեպի կանայք): Գիտե՞ք՝ ով էր: Մի ժամանակ ամբողջ քաղաքը խոսում էր նրա սիրային արկածների մասին: Պատերազմի նախօրեին, հարսանիքից մի օր առաջ լքեց հարսնացուին ու գնաց քեֆ քաշելու անթիվ դժբախտ կանանց հետ: Իսկ ի՜նչ հարսնացու ուներ՝ իսկը հրեշտակ: Հիմա ոնց որ խիղճը տանջում է: Թե այդ Դոն Ժուանը իմ փեսացուն լիներ, կխեղդեի նրան:
ԵՐՐՈՐԴ — (խայթող): Իսկ թքած ունենալ չէի՞ր ուզում:
ԱՌԱՋԻՆ — (քմծիծաղով): Դե, դա ուրիշ պատմություն է:
Փոքրիկ քաղաքում: Իր բազմոցին նստած՝ տատիկը թերթի թարմ համարն է կարդում:
ՏԱՏԻԿ — (կանչում է): Աննա… Աննա: (Հայտնվում է Աղախինը): Թերթում գրած է, որ երեկվանից հաշտություն է: Հիմա կսկսվի թալանը: Նրանք արդեն սպանել են մսագործին ու հաշմանդամ են դարձրել փայտավաճառին: Ոնց որ պետքն է՝ պատուհանները փակիր, դռները կողպիր, հիմար:
ԱՂԱԽԻՆ — (հակահարված տալով): Ես հիմար չեմ, հասկացա՞ր: Ու հիմա ուրիշ ժամանակներ են սկսվել, աղախինների նկատմամբ էլ ուրիշ վերաբերմունք է պահանջվում, հասկացա՞ր:
ՏԱՏԻԿ — (ճղճղում է): Քո նոր ժամանակների պատճառով վերաբերմունքս չեմ փոխի: 76 տարի ապրել եմ, ամեն ինչ տեսել եմ՝ պատերազմ, հեղափոխություն ու խաղաղություն, ու փոխվելու միտք չունեմ: Հիմա դռները փակելո՞ւ ես:
ԱՂԱԽԻՆ — (ծաղրով): Ոնց որ պետքն է, ոնց որ պետքն է… (Գնում է):
ՏԱՏԻԿ — Անասո՛ւն: (Դռան զանգ: Վեր է թռչում, վախեցած ականջ դնում, հետո ճչում է): Աննա… Աննա՛… Ո՞վ է դուռը զանգում, ո՞վ է:
Մտնում է Աղախինը, ձեռքին՝ ծրար:
ԱՂԱԽԻՆ — (հանդիսավոր): Նամակ ունեք:
ՏԱՏԻԿ — Նամակ… Ո՞վ կարող է ինձ գրել:
ԱՂԱԽԻՆ — Օրիորդին են գրել, ոչ թե ձեզ:
ՏԱՏԻԿ — Ո՞ւմ… (Վախեցած բարձրանում է տեղից):
ԱՂԱԽԻՆ — Դժբախտ ջահել տիրուհուն: (Դադար):
ՏԱՏԻԿ — Ցույց տուր:
ԱՂԱԽԻՆ — (նամակը տալով): Ռազմաճակատից է գրված: (Տատիկը զննում է ծրարը, վերջապես, հասկանում՝ ով է նամակագիրը): Խեղճ տիրուհին երկու տարի է՝ մեռած է, իսկ նամակը հիմա եկավ:
ՏԱՏԻԿ — (ընդհատելով): Ետ ուղարկիր:
ԱՂԱԽԻՆ — Պատերա՞զմ… (Դադար):
ՏԱՏԻԿ — (բացում է ծրարը, կարդում): «Սիրելիս…»: Այո, նա է գրել… (Բաց թողնելով տողերը): «Ես կվերադառնամ… Միայն քեզ եմ պատկանում»: (Զգուշավոր): Միայն քե՞զ… Մահացածի՞ն: (Խաչակնքում է): Աստված նրան օգնական:
Գիշեր: Խաչմերուկ: Լուսինը լուսավորում է արգելապատնեշի ցուցանակը. «Կանգնիր, կկրակեմ»: Հայտնվում են երկու թեթևաբարո աղջիկներ:
ԱՌԱՋԻՆ — (կտրուկ բռնում է Երկրորդի ձեռքը, խլաձայն): Կանգնիր, կարդալ չգիտե՞ս:
ԵՐԿՐՈՐԴ — (նկատելով գրությունը): Գրողը տանի…
ԱՌԱՋԻՆ — Մի քայլ էլ անեիր՝ չէին վրիպի: Էն կողմում կարմիրներն են: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Երեկ հաճախորդս սպիտակներից էր:
ԱՌԱՋԻՆ — Բոլորն էլ մի գույնի են: (Հայացքը սահում է պաստառի վրայով): «Կանայք, մայրեր, քույրեր: Ո՞ւր են ձեր տղամարդիկ: Եղբայրական գերեզմանոցում: Ուրեմն վե՛րջ դնենք տղամարդկանց իշխանությանը»: (Շրջվում է, քմծիծաղով): Վերջ…
Հայտնվում է Դոն Ժուանը, անցնում է նրանց կողքով:
ԵՐԿՐՈՐԴ — (խլաձայն): Կանգնիր: (Դոն Ժուանը կանգնում է): Կանգնի՛ր, կկրակեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինչո՞ւ:
ԱՌԱՋԻՆ — (Երկրորդին): Քեֆս բերեց, դեռ հարցնում է, թե ինչու են իրեն գնդակահարում: (Դոն Ժուանին.) Այստեղից չե՞ս:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով): Չէ, լուսնից եմ:
ԵՐԿՐՈՐԴ — Մի բան պատմիր լուսնի մասին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Լուսնի վրա ամեն ինչ մեռած է: (Նոր միայն նկատում է ցուցանակն ու արգելապատնեշը): Բա ո՞նց կայարան հասնեմ:
ԱՌԱՋԻՆ — Կայարանից փլատակներ են մնացել, պարոնս, լրիվ ռմբակոծել են: Ինչ է, թերթ չե՞ս կարդում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Չէ:
ԱՌԱՋԻՆ — Իսկ ո՞ւր ես գնում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Տուն:
ԵՐԿՐՈՐԴ — Մայրիկիդ մո՞տ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մտասույզ): Վատ չէր լինի…
ԱՌԱՋԻՆ — Բայց գնացք չկա: Երբ ամենազոր ճակատագիրը ուզում է, անիվները չեն թխկթխկում: Դու կարմի՞ր ես, թե՞ սպիտակ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ մեկն էլ չեմ: (Թերթում է գնացքների գրաֆիկը): Մի գնացք էլ որ փոխեի, երևի այնտեղ կհասնեի:
Հեռվում կրակոցներ են լսվում:
ԵՐԿՐՈՐԴ — Էլի կրակում են:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գնդացիր է: Որտե՞ղ կարելի է գիշերել:
ԱՌԱՋԻՆ — Մեր մոտից բացի՝ ոչ մի տեղ: Հյուրանոցում զորքն է: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Միայն քունս առնեմ, ուրիշ բան պետք չէ:
ԱՌԱՋԻՆ — Պետք չէ՞… Բայց մենք գնացուցակով ենք աշխատում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտումէ): Ես վաճառական չեմ: (Դադար):
ԱՌԱՋԻՆ — Ավելի լավ է այստեղ մնամ:
ԵՐԿՐՈՐԴ — (Առաջինին): Մեկ էլ տեսար՝ կգնդակահարեն:
ԱՌԱՋԻՆ — Հարբածները կան ու կան…
ԵՐԿՐՈՐԴ — (Դոն Ժուանին): Գնացինք:
Աղքատիկ կահավորված սենյակ՝ մահճակալ, թախտ, երկաթե լվացարան: Հայտնվում են Դոն Ժուանն ու Երկրորդ կինը:
ԵՐԿՐՈՐԴ — (լույսը վառելով): Ահա իմ դղյակը… Ներս մտիր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես թախտին կքնեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Մահճակալին էլ կարող ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Շնորհակալ եմ: (Նորից է շրջվում, ասես հետապնդում են): Յասամանի հոտ է:
ԵՐԿՐՈՐԴ — Շարունակում ես ծաղրե՞լ…
ԴՈՆ ԺՈՒՆ — Չէ, իսկապես, յասամանի հոտ է: Ժամը քանի՞սն է:
ԵՐԿՐՈՐԴ — Շուտ է, դեռ շուտ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նստելով թախտին): Պատուհանը բաց, խնդրում եմ:
ԵՐԿՐՈՐԴ — Պատուհա՞նը, որ ավելի՞ ցրտի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Շոգ է:
ԵՐԿՐՈՐԴ — (զգուշավոր զննում է նրան): Ջերմո՞ւմ ես: Նայիր, հա՜, մարդիկ կոտորվում են անհասկանալի հիվանդությունից: Դրան գրիպ են ասում, բայց դա ժանտախտ է՝ ամեն ինչ վարակված է, օդում միկրոբներ են: Քեզ թո՞ւյլ ես զգում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հա:
ԵՐԿՐՈՐԴ — Պառկիր մահճակալին, քեզ մի լավ կծածկեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հոգնած ժպտալով): Դու լավ աղջիկ ես:
ԵՐԿՐՈՐԴ — Որովհետև ինձ դուր ես գալիս: Դե, պառկիր, վերջապես…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կանգնում է): Չէ, ես հիվանդանալ չեմ կարող: (Քայլում է սենյակում): ԵՐԿՐՈՐԴ — (զարմացած ու հեգնանքով): Մեծ գործե՞ր են քեզ սպասում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նայած՝ ով ինչպես կմտածի: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Ամուսնացա՞ծ ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Համարյա:
ԵՐԿՐՈՐԴ — Ուրեմն նշանված ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես հավատարիմ եմ:
ԵՐԿՐՈՐԴ — (ծիծաղելով): Այդ երբվանի՞ց:
ԴՈՆ ԺՈՒԱՆ- Պատերազմից: (Ժպտում է):
ԵՐԿՐՈՐԴ — (սևեռուն նայելով նրան): Ափսոս:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Կամաց: (Ականջ է դնում): Ինչ-որ մեկը ինձ կանչում է: (Նայում է վերև):
ԵՐԿՐՈՐԴ — Անունդ ի՞նչ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Վերևում ո՞վ է ապրում:
ԵՐԿՐՈՐԴ — Տանիքն է, դրանից բարձր ոչինչ չկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Իսկապե՞ս:
ԵՐԿՐՈՐԴ — Հա: (Դոն Ժուանը պառկում է թախտին: Երկրորդը նստում է մահճակալին, նայում նրան): Երկա՞ր ես կռվել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սկզբից մինչև վերջին օրը:
ԵՐԿՐՈՐԴ — Արևելքում է՞լ ես եղել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ամենուր: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Հայրս զոհվեց Գոռլիցայում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այնտեղ էլ եմ եղել:
ԵՐԿՐՈՐԴ — Գուցե ճանաչե՞լ ես նրան: 124-րդ գնդից էր, շատ բոյով էր, սև մորուքով:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Չէ, չգիտեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Ափսոս: (Թեթև քմծիծաղում է, հետո պառկում է: Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ո՞վ կա մահճակալի տակ:
ԵՐԿՐՈՐԴ — (վախեցած վեր է թռչում): Ի՞նչ, որտե՞ղ… (Ստուգում է): Ոչ մեկն էլ չկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մտածեցի՝ գուցե մեծ շուն է:
ԵՐԿՐՈՐԴ — Դու հաստատ ջերմություն ունես, չգիտես՝ ինչ ես խոսում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (տեղից ելնելով): Ես հիվանդ չեմ, հիվանդ չեմ, պարզապես կարոտ ունեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Լավ կանես՝ պառկես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ: (Քայլում է սենյակում): Թուղթ չունե՞ս:
ԵՐԿՐՈՐԴ — (մտահոգ): Էդ ինչի՞…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նամակ պիտի գրեմ:
ԵՐԿՐՈՐԴ — (ծաղրով): Հարսնացուի՞դ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գուցե դու ճիշտ ես, ես հիվանդ եմ, ու գնալս նորից կերկարաձգվի… (Ձեռքը դնում է սրտին, նստում է): Իսկ ես ուզում եմ անսպասելի հայտնվել:
ԵՐԿՐՈՐԴ — Վաղո՞ւց չեք տեսնվել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ամբողջ պատերազմի ընթացքում:
ԵՐԿՐՈՐԴ — (հեգնական): Ու նա քեզ հավատարի՞մ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (շփոթվում է, հետո՝ համոզված): Այո:
ԵՐԿՐՈՐԴ — Նա քեզ ամեն օ՞ր է գրել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ մի անգամ: Ու ճիշտ է արել, մեր բաժանման մեղավորը ես եմ: Բայց նա սպասում է ինձ:
ԵՐԿՐՈՐԴ — Այդքան համոզվա՞ծ ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես գիտեմ: (Պառկում է: Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Քեզպեսին դեռ չէի հանդիպել: Երևի իսկական տղամարդ ձեռս չի ընկել, բոլորն արդեն պատերազմում էին, երբ էս փեշակին անցա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ու ե՞րբ դա եղավ:
ԵՐԿՐՈՐԴ — Մոռացել եմ: (Քմծիծաղում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Իսկ ես չեմ մոռացել:
ԵՐԿՐՈՐԴ — Միայն հիշում եմ, որ անձրև էր գալիս: Վերցրու քո թուղթը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (թույլ): Շնորհակալ եմ:
ԵՐԿՐՈՐԴ — Որտե՞ղ է հարսնացուդ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Տատի մոտ:
ԵՐԿՐՈՐԴ — (մեխանիկորեն հանվում է): Տղամարդիկդ արժանի չեք կանանց: Տեր Աստված, ի՞նչ եք բոլորդ զոհված հորս համեմատ: Ոչնչություն: Բացարձակ ոչնչություն: (Հորանջում է): Բոլորիդ կուղարկեի մի տեղ… Լսո՞ւմ ես ինձ: (Դոն Ժուանը ուշաթափ է): Էյ, քեզ ի՞նչ եղավ: (Մոտենում, զննում է): Հո չե՞ս մեռել:
Գթության ջահել քույրը հերթապահում է հիվանդանոցում: Գիշեր է: Ավագ քույրը շրջայց է կատարում:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Ամեն ինչ հանգի՞ստ է:
ՔՈԻՅՐ — Այն տղամարդը, ումից հույսներս կտրել էինք, գիտակցության եկավ:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Իսկապե՞ս:
ՔՈԻՅՐ — Ընդամենը մի քանի րոպե, բայց պրոֆեսորը կարծում է, որ ճգնաժամն անցավ:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Պարզեցի՞ք՝ ով է:
ՔՈԻՅՐ — Միայն հասկացել ենք, որ պատերազմից է վերադարձել: Պրոֆեսորը նայեց սպիներին ու ասաց, որ ծանր վիրավոր է եղել: (Շուրջը նայելով): Լսիր, չար ուժ է մտել նրա մեջ:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Ի՞նչ ես դուրս տալիս:
ՔՈԻՅՐ — Սկզբում իր հարսնացուի հետ էր խոսում, մահացու մեղքեր էր խոստովանում, այնքան սարսափելի, որ լսած էլ չկայի, բայց մինչև թվարկում էր, ինքնագոհությունը բռնեց, ու վերջում արդեն գլուխ էր գովում:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Նա համարյա 40 տարեկան է:
ՔՈԻՅՐ — (ընդհատում է): Ոչ, նա չէր զառանցում, ինչ ասում էր, ճշմարտություն էր: Սիրտս վկայում է, որ ինքը սատանան է, որ կա:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Ձա՛յնդ: (Դադար):
ՔՈԻՅՐ — Ինչքան կարողացա, խնամեցի, էլ հերիք է:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Դու սատանային էլ պիտի խնամես, եթե հանկարծ նրա խելքին փչի հիվանդանալ: Դու գիտես, որ միայն Նա կա: Միայն Նրան կարող ես օգնության կանչել, եթե ստիպված լինես փախչել ինքդ քեզնից: (Քույրը զարհուրած նայում է նրան): Խաղաղություն ընդ քեզ: (Գնում է):
Նորից փոքրիկ քաղաք: Տատը, բազմոցին նստած, նամակ է կարդում: Աղախինը հատակն է լվանում:
ՏԱՏԻԿ — Գրում է, որ դեռ հիվանդ է, թե չէ վաղուց այստեղ կլիներ: Ծանր վիրավորվելուց հետո հանկարծ միտքը պայծառացել է ու հասկացել է, որ կարելի է պատկանել միայն մեկին: Աղավնյակը վախեցել է դժոխքից ու որոշել դարձի գալ… (Սարսափազդու քրքջում է):
ԱՂԱԽԻՆ — Իսկ դուք չե՞ք գրելու, որ դժբախտ օրիորդը վաղուց մահացել է:
ՏԱՏԻԿ — Քո գործը հատակը լվանալն է:
ԱՂԱԽԻՆ — Ախր հինգերորդ նամակն է:
ՏԱՏԻԿ — Այնքան գրի, մինչև սատանայի բաժին դառնա: (Նայում է նամակին): Նրան չի վերադարձնի, ոչ էլ իր հոգին կփրկի:
ԱՂԱԽԻՆ — (անսպասելի պոռթկումով): Գոնե մեռելներին հանգիստ թողեք:
ՏԱՏԻԿ — Դու գիտես, թե ինչպես վարվեց նրա հետ, դու գիտես, թե ինչպես նա մահացավ, դե, թող հիմա անիծվածը փնտրի, չէ՞ որ ինքը կործանեց իմ խեղճ աղջկան: Գոնե էդ մեկը ասեմ նրա երեսին: Էս կյանքում ինձ մի բան է մնացել՝ նրա հայտնվելուն սպասելը:
ԱՂԱԽԻՆ — Եթե պատասխան չստանա, չի գա:
ՏԱՏԻԿ — Կգա:
ԱՂԱԽԻՆ — Երբեք: (Դադար):
ՏԱՏԻԿ — (կասկածանքով): Դո՞ւ որտեղից գիտես: Ինչ է, ճանաչո՞ւմ ես նրան:
ԱՂԱԽԻՆ — Ոչ, բայց պատկերացնել կարող եմ:
ՏԱՏԻԿ — (հեգնանքով): Եվ ի՞նչ տեսք ունի:
ԱՂԱԽԻՆ — Դա կարևոր չէ: Նա սապատ էլ կարող է ունենալ:
ՏԱՏԻԿ — Սապատով կամ առանց սապատի՝ նա պիտի կանգնի այստեղ, իմ դիմաց: Եթե հարյուր տարի պետք լինի՝ էդքան կսպասեմ, որովհետև ուզում եմ սպասել:
Դռան զանգ: Տատը վախեցած է: Աղախինը դուրս է գնում:
ՏԱՏԻԿ — (ճչում է): Աննա, ո՞վ է այնտեղ…
ԱՂԱԽԻՆ — (ներս գալով): Մուրացիկ էր, ինչպես միշտ:
ՏԱՏԻԿ — Հուսով եմ, նրան բան չտվիր:
ԱՂԱԽԻՆ — Չէ: (Շարունակում է գործը):
ՏԱՏԻԿ — (թերթ է կարդում): Քո նոր ժամանակները շատ արագ անցան: Մուրացիկը մուրացիկ էլ կմնա: Թերթում գրված է, որ հին ժամանակները վերադառնում են:
ԱՂԱԽԻՆ — (քթի տակ): Միայն ոչ քեզ համար:
ՏԱՏԻԿ — Ինչ ասացի՞ր:
ԱՂԱԽԻՆ — Ոչինչ:
ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈԻՆ
Երկու ամիս անց: Հիվանդանոցի միջանցք: Ավագ քույրը թանձր քողի տակ թաքնված կնոջը հայտնում է ամուսնու հանկարծակի մահվան մասին:
ԱՅՐԻ — Ոչ մի կերպ չեմ կարող հավատալ…
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Աստված տվեց, Աստված վերցրեց:
ԱՅՐԻ — Չորս տարի խրամատներում էր, ընդամենը երկու անգամ թեթև վիրավորվեց ու հիմա, երբ վերջապես խաղաղություն է, մահանալ մրսածությունից, անկողնում…
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Գրիպը նույնպես պատերազմ է:
ԱՅՐԻ — (ողբում է): Օ, իմ ամուսին, իմ ամուսին… (Ինքնատիրապետումը վերագտնելով): Կարո՞ղ եմ նրան տեսնել:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Տասը րոպեից: Միայն նրան հագցնենք: (Բարեհամբույր գլխով է անում ու ցանկանում է հեռանալ ձախ կողմով):
Ձախ կողմից հայտնվում է Դոն Ժուանը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (առանց օձիքի է, սափրված չէ, դեղնած դեմքով, հոգնած տեսք ունի: Ավագ քրոջը): Ասացեք, խնդրեմ, փոստը եկե՞լ է:
Նրա ձայնից այրին զգուշավորվում է:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Այո:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Էլի՞ նամակ չունեմ:
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — (սևեռուն նրան նայելով): Եթե գաղտնիք չէ, ասացեք, այդ ինչի՞ եք սպասում ութ շաբաթ շարունակ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պատասխանի եմ սպասում: Բայց եթե չստանամ…
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — (ընդհատում է): Ի՞նչ կանեք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Ոչինչ: Այդ դեպքում ամեն ինչ կմնա առաջվանը: (Դադար):
ԱՎԱԳ ՔՈԻՅՐ — Դուք պետք է մի քիչ ցրվեք: (Գնում է դեպի ձախ):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հայացքով հետևելով նրան): Ցրվե՞լ… (Ժպտում է, ուզում է այրու կողքով ձախ գնալ: Այրին բռնում է նրա ձեռքը: Շփոթված կանգնում է): Ի՞նչ է պատահել:
ԱՅՐԻ — (դանդաղ): Այդ դու ես, չէ՞:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ո՞վ: Իսկ ո՞վ պետք է լինեմ: (Անօգնական շուրջն է նայում):
ԱՅՐԻ — Չէ՞ որ մենք ծանոթներ ենք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հըմ… Քողի տակից չի երևում: (Ժպտում է: Այրին բարձրացնում է քողը՝ ծեր կին է: Ընկրկում է, ամոթահար): Խոստովանեմ…
ԱՅՐԻ — (ընդհատում է): Ինչպե՞ս է քո հարսնացուն: (Դոն Ժուանը ցնցվում է, հարցական նայում է նրան): Նա քեզ հետ երջանի՞կ է: Թե՞ քեզ խաբել է, ինչպես դու՝ ինձ: Դեռ հավատարի՞մ է քեզ: Չէ՞ որ նա պարզապես հրեշտակ է, այդպես չէ՞: (Ծիծաղում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հիմա գիտեմ՝ դու ով ես…
ԱՅՐԻ — (ատելությամբ): Վերջապես ճանաչեցի՞ր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ծիծաղից: (Ձեռքը տանում է սրտին, թեթևակի օրորվում է):
ԱՅՐԻ — (չարացած): Ինչ է, ցավո՞ւմ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հոգնած ժպտում է): Պատերազմն ազդել է սրտիս վրա, գրիպն էլ՝ վրադիր:
ԱՅՐԻ — (դանդաղ, ասելիքը թաքցնելով): Դու է՞լ ես հիվանդացել գրիպով:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այն էլ ինչպե՜ս…
ԱՅՐԻ — Ու դեռ ո՞ղջ ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Համենայնդեպս, ինձ այդպես է թվում… (Քմծիծաղում է: Դադար):
ԱՅՐԻ — Ամուսինս մահացավ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Անչափ ցավում եմ:
ԱՅՐԻ — Ավելի լավ է՝ լռես: (Դադար): Ամուսինս ամեն ինչ ներեց մեզ… ինձ ու քեզ: Ու հիմա նա մեռած է, իսկ դու ապրում ես: Դու… (Հարձակվում է նրա վրա): Իսկ ինչո՞ւ դու չսատկեցիր: Ի՞նչ ես անում այստեղ, այս երկրի վրա: Որտեղ հայտնվում ես, դժբախտություն ես միայն բերում, ոչինչ՝ ցավից ու դժբախտությունից բացի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (դադարից հետո): Կարծում եմ, պատերազմն ինձ ուրիշ մարդ դարձրեց:
ԱՅՐԻ — (ծաղրական): Քո տաղանդներով հանդե՞րձ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինձ թվում է, դրանք բոլորը կորցրել եմ:
ԱՅՐԻ — Ինչ եղել ես, նույնը մնացել ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այս ամենից հոգնել եմ:
ԱՅՐԻ — Քեզ սպանելը քիչ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գիտեմ, որ կանանց ոչ մի լավ բան չեմ տվել… (Կամաց քմծիծաղում է):
ԱՅՐԻ — Մեզնից փախչել չես կարող:
Քաղաքային սրճարանի անկյունային սենյակում նստած են երկու նկարչուհի: Դրսում փայլում է արևը, բայց վարագույրները փակ են: Կողքի սենյակում պարում են, հնչում է բոստոն:
ԱՌԱՋԻՆ — Ահա մի տղամարդ, ով կարող էր ինձ դուր գալ:
ԵՐԿՐՈՐԴ — Ո՞ւր է:
ԱՌԱՋԻՆ — Նրա մեջ ինչ-որ բան կա:
ԵՐԿՐՈՐԴ — Այստեղից նրան չեմ տեսնում:
ԱՌԱՋԻՆ — Գնա այնտեղ ու տես՝ քո ճաշակով է:
ԵՐԿՐՈՐԴ — Ե՞ս… գնամ այնտե՞ղ… Ահ, Պետեր, դեռ ինչեր պիտի քաշեմ քո ձեռքը:
ԱՌԱՋԻՆ — Նա ոչ մի կերպ նստելու տեղ չի գտնում:
ԵՐԿՐՈՐԴ — Այնպես չլինի, որ իրար կորցնենք…
ԱՌԱՋԻՆ — Նա գալիս է այստեղ:
Մատուցողուհու ուղեկցությամբ ներս է մտնում Դոն Ժուանը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մի տեղ չկա՞, որ այդ երաժշտությունը չլինի:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — (վերցնելով նրա վերարկուն): Չկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Եվ ամեն տեղ պարում են:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Չորս տարի չեն պարել, հիմա տեղը հանում են:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պարում են ճաշի ժամի՞ց:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Լույսը բացվելուն պես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հըմ… (Նստում է): Կոնյակ, խնդրում եմ:
Մատուցողը գնում է: Դոն Ժուանը նամակ է գրում:
ԵՐԿՐՈՐԴ — (Առաջինին, ով աչքը չի կտրում Դոն Ժուանից): Պարե՞նք:
ԱՌԱՋԻՆ — Ես նրա հետ կպարեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Ցնդեցի՞ր:
ԱՌԱՋԻՆ — (տեղից բարձրանալով): Ինքս նրան պարի կհրավիրեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Եթե դա անես…
ԱՌԱՋԻՆ — Մի վախեցրու, Չառլի: (Մոտենում է Դոն Ժուանին): Կարելի՞ է ձեզ հրավիրել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (չհասկանալով): Հրավիրե՞լ…
ԱՌԱՋԻՆ — Ես կուզեի ձեզ հետ պարել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պարե՞լ:
ԱՌԱՋԻՆ — Ձեզ համար տարօրինա՞կ է, որ կինն է հրավիրում, բայց հիմա աշխարհը շուռ է եկել, և ինչո՞ւ միայն տղամարդիկ կարող են Դոն Ժուաններ լինել: Այդ ի՞նչ եք գրում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նամակ:
ԱՌԱՋԻՆ — Գործնակա՞ն:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Հա:
ԱՌԱՋԻՆ — Կարո՞ղ եմ նայել՝ ինչ ձեռագիր ունեք:
ԴՈՆ ԺՈՒԱ Ն — Ինչի՞ համար:
ԱՌԱՋԻՆ — Էդ գործում խելքս կտրում է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ծրարը բավակա՞ն է:
ԱՌԱՋԻՆ — Միանգամայն: (Զննում է ծրարը, զարմանքից քարանում է, ինքն իրեն): Աշխարհի վերջն է…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հայացքով չափելով նրան, անսպասելի): Դե ինչ, պարե՞նք:
ԱՌԱՋԻՆ — (նայելով նրա աչքերի մեջ): Հա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Վախենամ՝ ետ եմ վարժվել:
ԱՌԱՋԻՆ — Էդ ոչինչ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (սևեռուն նայելով): Իսկ նոր պարերն ընդհանրապես չգիտեմ: (Տեղից բարձրանում է):
ԱՌԱՋԻՆ — (հազիվ լսելի): Ձեզնից բան չի պահանջվում, ես ինքս… (Գնում են հարևան սենյակը):
ԵՐԿՐՈՐԴ — (նայում է նրանց ետևից, տեղից բարձրանում, մոտենում է սեղանին, կարդում է նամակը): «…Ես կանչեցի քեզ, բայց դու չպատասխանեցիր: Դե ինչ, որ այդպես է, ես կմնամ՝ ինչ եղել էի»: (Նայում է հարևան սենյակի կողմը): Եվ ի՞նչ եք եղել դուք:
Մատուցողուհին բերում է կոնյակը:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Դա ձե՞ր նամակն է:
ԵՐԿՐՈՐԴ — (չէր նկատել նրան, վախեցած): Ոչ: (Փութով նամակը դնում է սեղանին, ամաչկոտ ժպտում):
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Հապա, տեղդ անցիր:
ԵՐԿՐՈՐԴ — Այդ ինչպե՞ս եք ինձ հետ խոսում:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Արագ, թե չէ ընկերուհուդ կպատմեմ, թե ինչ էիք ինձ առաջարկում, խղճուկի մեկը: (Կոնյակը դնում է Դոն Ժուանի սեղանին, գնում է):
Երկրորդը նստում է իր տեղը, ձեռքերով փակում դեմքն ու արտասվում է: Դոն Ժուանը վերադառնում է Առաջինի հետ, բայց չեն նստում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ուրեմն՝ դուք զբաղվում եք գեղարվեստական արհեստով:
ԱՌԱՋԻՆ — Այո: (Ցույց տալով փոքրիկ թաշկինակը): Այսպիսի թաշկինակներն իմ կոչումն են: (Թաշկինակը խոթում է նրա ծոցագրպանը): Բատիկ է: Սեփական էսքիզով եմ արել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Շնորհակալ եմ:
ԱՌԱՋԻՆ — Ու նաև նկարել եմ սովորում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Իսկապե՞ս:
ԱՌԱՋԻՆ — Կուզենայի ձեզ նկարել մի օր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր ինչի՞ն է պետք:
ԱՌԱՋԻՆ — Դեռ ոչ մի անգամ տղամարդ չեմ նկարել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Միայն բնանկարնե՞ր…
ԱՌԱՋԻՆ — Չէ, միայն կանանց: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պարե՞նք:
ԱՌԱՋԻՆ — (կամաց): Հա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բայց մինչև մթնելը: (Քմծիծաղում է):
ԱՌԱՋԻՆ — (շփոթահար): Այսի՞նքն…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բանն այն է, որ ութ ամիս հիվանդանոցում պառկած էի, և այսօր միայն թույլ տվին դուրս գալ. հրաշալի եղանակ է: Բայց շուտով պիտի վերադառնամ, բարդացումը շատ վտանգավոր է՝ սիրտս… (Քմծիծաղում է):
ԱՌԱՋԻՆ — Ձեզ ի՞նչ է պատահել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սարսափելի գրիպ:
ԱՌԱՋԻՆ — (վախեցած): Կարո՞ղ է՝ վարակվեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Արդեն վտանգավոր չեմ:
ԱՌԱՋԻՆ — Ճիշտն ասած, դեռ չեմ ուզում մեռնել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես էլ: (Անսպասելի սևեռուն նայում է նրան):
ԱՌԱՋԻՆ — (անհանգիստ): Ի՞նչ եղավ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դու ինձ մեկին հիշեցրիր: Նա ինձ չի պատասխանում…
ԱՌԱՋԻՆ — Այդ ե՞րբ դու-ի անցանք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հարցն անտեսելով): Թեև նրան նման չես: (Ձեռքը տանում է սրտին: Դադար):
ԱՌԱՋԻՆ — (անսպասելի): Գնանք: (Գնում են հարևան դահլիճը):
ԵՐԿՐՈՐԴ — (մնալով մենակ, անսպասելի ճչում է): Հաշիվը… հաշիվը…
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — (հայտնվելով): Խուլ չեմ: Երեք միլիոն: (Երկրորդը վճարում է, բարձրանում է տեղից: Ծաղրով): Ինձ թվում է, ձեր ընկերուհուն տարան…
ԵՐԿՐՈՐԴ — (խլաձայն): Ճանաչո՞ւմ եք նրան:
ՄԱՏՈԻՑՈՂՈԻՀԻ — Տեսել եմ, բայց որտեղ՝ չեմ հիշում:
Սղաճի զոհ պրոֆեսորի այրին ստիպված սենյակ է վարձով տալիս: Նա երկու աղջիկների մայր է: Առաջինը քսան տարեկան է, ծառայող, Երկրորդը տասնհինգ տարեկան է, տանն է: Մայրը ինչ-որ բան է փնտրում դարակներում: Կրտսերը կանգնած է պահարանի դռան մոտ:
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ ջահը գրավ դրի՞ր:
ՄԱՅՐ — Այո:
ԵՐԿՐՈՐԴ — Ուրեմն, էլ բան չունենք: (Հայելու մեջ նայում է իր ոտքերին):
ՄԱՅՐ — Տասնյոթ միլիոն ունենք: (Քմծիծաղում է, անսպասելի մռայլվում է, խլաձայն): Կկախվեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Լացդ չդնես, մայրիկ: Բա ե՞ս ինչ ասեմ: Դու գոնե լավ ժամանակներ տեսել ես, Ռիվիերայում ես եղել, Փարիզում ու Նորվեգիայում, իսկ ե՞ս… Միայն քո փնթփնթոցն եմ լսում, ուրիշ ոչինչ, բա սա կյա՞նք է:
ՄԱՅՐ — Դեռ մի բան էլ մեղադրո՞ւմ ես:
ԵՐԿՐՈՐԴ — Բա ո՞նց, որովհետև ամեն ինչի մեղավորը դու ես, հենց դու: Անցած տարի ինչո՞ւ չթողեցիր, որ սովորեմ, այն ժամանակ մեր փողերը դեռ մի բան արժեին: Հիմա կկարողանայի ելույթ ունենալ, ու ստիպված չէինք լինի վարձով տալ քո սենյակը: Բայց չէ, էլ ո՞նց կլինի, պարուհի աղջիկ ունենալը քեզ սազական չէ: Իսկ ունեցածներս գրավ դնելը սազական է: Հը՞, տիկին պրոֆեսորուհի: Դրա համար էլ ասում եմ՝ այս պատերի մեջ քեզ հետ ողջ-ողջ թաղվելու միտք չունեմ:
ՄԱՅՐ — Գրետլ, այդ ինչքա՞ն ես չարացած:
ԵՐԿՐՈՐԴ — Հայրիկը թույլ կտար, որ ելույթ ունենայի: Նա գործնական մարդ էր:
ՄԱՅՐ — (տեղից վեր թռչելով): Դու ի՞նչ գիտես հորդ մասին: Երբ նա պատերազմ գնաց, դու տասը տարեկան էլ չկայիր:
ԵՐԿՐՈՐԴ — Ձե՛նդ: Ես կարդացել եմ նրա նամակները, որ քեզ էր ուղարկում դաշտային փոստով:
ՄԱՅՐ — Ինչպե՞ս ես համարձակվել:
ԵՐԿՐՈՐԴ — Լավ եմ արել: Երեկ ջարդեցի գրասեղանդ, տիկին պրոֆեսորուհի:
ՄԱՅՐ — Գոնե ամաչեիր:
ԵՐԿՐՈՐԴ — Դու ամաչիր: Ախր գիտես, չէ՞, ինչ է գրված, դրա համար էլ չես տվել, որ կարդամ: Դե, խոսիր, տիկին պրոֆեսորուհի:
ՄԱՅՐ — (ճչում է): Հերիք չէ՞, ի՞նչ ես անընդհատ տիկին պրոֆեսորուհի ասում, էլ չասես:
ԵՐԿՐՈՐԴ — (ավելի բարձր է ճչում): Թող Գրետլը սովորի՝ ինչ ուզում է, գրել է հայրիկը, դեռ կգան ուրիշ ժամանակներ:
ՄԱՅՐ — (դադարից հետո, անսպասելի հարձակվում է նրա վրա): Դե, հերիք է նայես ոտքերիդ:
ԵՐԿՐՈՐԴ — (թունոտ): Ինչո՞ւ չնայեմ: Գեղեցիկ ոտքեր ունեցողը դրանք ցուցադրելու լիակատար իրավունք ունի:
ՄԱՅՐ — Օ, իմ ամուսին, եթե այս ամենը դու տեսնեիր…
Դռան զանգ:
ԵՐԿՐՈՐԴ — Երևի ածուխ բերողն է:
ՄԱՅՐ — Ոչ, նա վաղն է գալու: (Ուզում է գնալ դուռը բացելու):
ԵՐԿՐՈՐԴ — (ծաղրով): Իսկ վաղը վճարել կարո՞ղ ես:
ՄԱՅՐ — Տես, հանկարծ Աստված քեզ չպատժի: (Գնում է):
Երկրորդը նայում է մոր ետևից, ուսերն է թոթվում, քթի տակ բոստոն երգելով պարում է: Մայրը վերադառնում է Դոն Ժուանի հետ: Հանկարծակիի եկած Երկրորդը, պարը կիսատ թողած, նայում է նրան: Դոն Ժուանը, որ տեսել է նրան պարելիս, ժպտում է:
ՄԱՅՐ — (Երկրորդին): Այս պարոնը վարձով սենյակ է փնտրում, հոսպիտալում իմացել է, որ սենյակ ունեմ: (Դոն Ժուանին.) Իմ աղջիկն է: (Դոն Ժուանն անբռնազբոս խոնարհվում է): Ահա սենյակը: Պատուհանը այգուն է նայում, այստեղ շատ հանգիստ է: (Դոն Ժուանը շուրջն է նայում): Ամեն ինչ իր տեղում է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նայելով աղջկա ոտքերին): Այո:
ՄԱՅՐ — Չե՞ք նստի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Շնորհակալություն: (Մոր հետ նստում են սեղանի մոտ):
Երկրորդը տեղավորվում է անկյունում ու ամաչկոտ զննում է Դոն Ժուանին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սենյակն ինձ դուր է գալիս, ես համաձայն եմ:
ՄԱՅՐ — Դա կարժենա…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատում է): Նշանակություն չունի:
ԵՐԿՐՈՐԴ — (անձայն): Շքեղ է:
ՄԱՅՐ — (Երկրորդին): Գրետլ… (Ժպտալով Դոն Ժուանին.) Կարո՞ղ եմ իմանալ ձեր զբաղմունքը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով): Ժամանակ առ ժամանակ ես էլ եմ այդ հարցը ինձ տալիս: Պատերազմից առաջ առանց աշխատանքի վատ չէի ապրում, բայց պատերազմն ամեն ինչից զրկեց ու հիմա արվեստի առևտուր եմ անում:
Երկրորդը զգուշավորվում է:
ՄԱՅՐ — Ախ, այդպես…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո: Պատահական հանդիպեցի գեղարվեստական արհեստի ներկայացուցիչների հետ: (Մորը ցույց է տալիս նվիրած թաշկինակը): Ահա, օրինակ, բատիկ, հետո՝ գրաֆիկա, խեցեղեն, փայտի փորագրություն: Մի նկարչուհի ինձ գլխի գցեց կազմակերպել այդ ամենի վաճառքը: Իհարկե, դղյակ չես կառուցի, բայց ապրել կարելի է: Մարդիկ ուզում են փողերը ծախսել, քանի դրանք դեռ ինչ-որ բան արժեն, այնպես որ, ի ծնե վաճառական կարող ես և չլինել: Երեկ, օրինակ, նամականիշների հավաքածու վաճառեցի, ծիծաղելի է, այնպես չէ՞: Եթե ուզում եք, անվանեք ինձ սպեկուլյանտ, սղաճի շնագայլ: (Ժպտում է):
ՄԱՅՐ — Օ, ոչ, դուք շնագայլ չեք, դուք…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հուսանք:
Ծառայությունից վերադառնում է Առաջին դուստրը:
ՄԱՅՐ — (Դոն Ժուանին): Մեծ աղջիկս է: (Դոն Ժուանը ոտքի է կանգնում: Առաջինին.) Մեր կենվորն է:
ԱՌԱՋԻՆ — (Դոն Ժուանին): Նստեք, նստեք: (Մորը.) Քիչ հետո նորից գնալու եմ:
ՄԱՅՐ — Ո՞ւր:
ԱՌԱՋԻՆ — Դու լավ գիտես:
ՄԱՅՐ — Նորի՞ց այդ կուսակցությունը:
ԱՌԱՋԻՆ — Նորից, նորից ու նորից:
ՄԱՅՐ — (Դոն Ժուանին՝ հեգնանքով): Աղջիկս ուզում է ամբողջ աշխարհը վերափոխել:
ԱՌԱՋԻՆ — (քմծիծաղով): Գուշակեցիր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով): Թույլ տվեք հայտնել իմ հիացմունքը:
ԱՌԱՋԻՆ — (նյարդային): Շնորհակալություն: (Մորը.) Ես շտապ մի բան կուտեի…
ՄԱՅՐ — Ոչինչ չկա:
ԱՌԱՋԻՆ — Այսօր ճաշիցս բաժին էի թողել:
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ ես կերել եմ:
ԱՌԱՋԻՆ — Էլի՞…
ՄԱՅՐ — Վերջ տվեք: Այդ ամենը պարոնին հետաքրքիր չէ:
ԱՌԱՋԻՆ — (ընդհատում է): Միանգամայն հնարավոր է, որ պարոնին բացարձակապես չի հետաքրքրում ինչ-ոչ մեկի կուշտ կամ սոված լինելը:
ՄԱՅՐ — Մագդա, այնպիսի տոնով ես խոսում…
ԱՌԱՋԻՆ — (ընդհատում է): Տոնս ճիշտ է, կարող ես չկասկածել:
ՄԱՅՐ — (Դոն Ժուանին): Նրան ֆանատիկոս են դարձրել: (Աոաջինին.) Ավելի լավ է քո բյուրոյում ինչպես հարկն է՝ ծառայեիր, պարտքդ կատարեիր, ու վերջ:
ԱՌԱՋԻՆ — (եփ գալով): Հիմարություն մի ասա, մայրիկ: Դու նույնիսկ չգիտես, թե ինչ տեսք ունի այդ բյուրոն, դու երբեք չես աշխատել: Հայրիկի թիկունքում ապրել ես՝ ասես ամրոցում, ու ոչ մի բանի մասին չես մտածել: Իսկ այս պատերազմի համար ո՞վ է մեղավոր: Դու և քեզ նմանները:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Պատերազմները միշտ կլինեն, օրիորդ:
ԱՌԱՋԻՆ — Դուք կարծո՞ւմ եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո:
ՄԱՅՐ- Պարզից պարզ է: (Դադար):
ԱՌԱՋԻՆ — (Դոն Ժուանին): Պատերազմում եղե՞լ եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո:
ԱՌԱՋԻՆ — (թունոտ): Եվ, իհարկե, առաջին գծում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (սևեռուն նրան է նայում): Այո: Անգամ ծանր վիրավորվել եմ: Եվ այդքանից հետո պետք է խոստովանեմ՝ պատերազմն էլ իր առավելություններն ունի: (Ցինիկ ժպտում է): Մեկը՝ ես: Պատերազմում ավելի լավը դարձա ու միայն հիմա՝ խաղաղ ժամանակ, քիչ-քիչ վերադառնում եմ նախկին կերպիս…
Մայրը ծիծաղում է, Երկրորդը զննում է իր ոտքերը:
ԱՌԱՋԻՆ — (ակնդետ նայում է Դոն Ժուանին): Չեմ հասկանում, նման հայացքներ ունեցող մարդը ի՞նչ գործ ունի երկրի երեսին:
ՄԱՅՐ — Մագդա, ուշքի արի, ինչպե՞ս ես խոսում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (Մորը): Պարդոն: (Աոաջինին.) Աստծուն հարցրեք՝ ինչու եմ ապրում:
ԱՌԱՋԻՆ — Աստծուն հորինել են, որպեսզի շահագործվող զանգվածների բերանը փակեն հանդերձյալ կյանքի հույսով:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ի՜նչ խղճուկ է, Տեր Աստված: (Քմծիծաղում է):
ԱՌԱՋԻՆ — (փոքր-ինչ կորցնելով ինքնավստահությունը): Ի՞նչ եք այդպես նայում ինձ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Իսկ դուք շատ կրակոտ եք:
ԱՌԱՋԻՆ — (կատաղի): Ախ… (Արագ հեռանում է): \
ՄԱՅՐ — (Դոն Ժուանին): Ինքն իրեն նման չէ: Ոտից գլուխ՝ իդեալիզմ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Կանցնի:
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ ինչո՞ւ ֆիլմում չեք նկարահանվում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մտահոգ): Ֆիլմո՞ւմ, ե՞ս…
ԵՐԿՐՈՐԴ — Դուք այնպիսի կիսադեմ ունեք…
ՄԱՅՐ — (հոգոց հանելով): Հիմա էլ սա սկսեց: (Դոն Ժուանին.) Ոտից գլուխ անհեթեթություն…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինչո՞ւ որ, կինեմատոգրաֆն ապագա ունի:
ԵՐԿՐՈՐԴ — (մորը): Լսեցի՞ր: Ծիծաղից կմեռնեմ: (Ծիծաղում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (սևեռուն նայում է, Երկրորդն անսպասելի լռում է: Դիմում է Մորը): Զարմանալի է: Երբ ձեր աղջիկն ասաց «ծիծաղից կմեռնեմ», հանկարծ ինձ հիշեցրեց… ԵՐԿՐՈՐԴ — Աստու Նիլսենի՞ն, այո՞:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ, ընդամենը մեկին, ում ոչ ոք չի ճանաչում: (Ձեռքը տանում է սրտին):
ԵՐԿՐՈՐԴ — (ժպտալով): Բայց դուք հո ճանաչում եք:
Նրա ասածը տհաճ է Դոն Ժուանին:
ՄԱՅՐ — (Երկրորդին): Այդքան հետաքրքրասեր մի լինի, գործիդ գնա, վաղուց ժամանակն է:
ԵՐԿՐՈՐԴ — (քմծիծաղում է): Ցտեսություն: (Գնում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մտածելով իր հարսնացուի մասին): Ցտեսություն:
ՄԱՅՐ — Միանգամից երևում է, որ առանց հոր են դաստիարակվել: (Հոգոց է հանում): Ինչքան տառապանք, զոհողություն, և այդ ամենը նրա համար, որպեսզի եղածն ավելի վատանա: Ամուսինս համալսարանում պրոֆեսոր էր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (տեղից ելնելով): Ուրեմն, կգամ վաղն առավոտյան: Առայժմ պանսիոնատում եմ ապրում, բայց այնտեղ շատ աղմկոտ է:
ՄԱՅՐ — (տեղից ելնելով): Հուսամ, այստեղ ձեզ լավ կզգաք: (Մեկնում է ձեռքը, անսպասելի սևեռուն նայում, բառերը շեշտելով): Ասացեք, իսկ մենք ծանոթներ չե՞նք եղել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ամեն ինչ հնարավոր է: (Հրաժեշտ է տալիս):
Սղաճից հարստացած բորսայի ծառայողի բնակարանում թեյ են խմում չորս տիկնայք: Աոաջինը՝ տանտիրուհին, նախկինում տնային ուսուցչուհի, մոտ 30 տարեկան: Երկրորդը՝ կինոդերասանուհի, 23 տարեկան: Երրորդը՝ ձիավաճառի մտերմուհին և տնային կառավարիչի դուստրը, 18 տարեկան: Չորրորդը՝ ատամնաբույժ, 27 տարեկան:
ԱՌԱՋԻՆ — (Երկրորդին): Ռոմո՞վ, թե՞ կիտրոնով:
ԵՐԿՐՈՐԴ — Միևնույն է, միայն առանց շաքարի:
ԵՐՐՈՐԴ — Առանց շաքարի ապրել չեմ կարող:
ԵՐԿՐՈՐԴ — Շաքարից կուրծքդ կմեծանա:
ԵՐՐՈՐԴ — Ֆո՛ւհ…
ԱՌԱՋԻՆ — Բայց տղամարդկանց մինչև օրս դուր է գալիս: Ինչ-որ չաղլիկ մտնում է սրճարան՝ աչքերն այնպես են չռում, զզվում ես:
ԵՐՐՈՐԴ — Բայց փողոցում նրանց կողքով երբեք չեն քայլի:
ՉՈՐՐՈՐԴ — Դրանք բոլորն էլ ստախոս են: (Դադար):
ԱՌԱՋԻՆ — Երեկ շշմելու գիրք եմ կարդացել հնդկական էրոտիկայի հոգեբանության մասին, դուք միայն կազմը տեսնեիք… Պարզապես ապշեցուցիչ է՝ ինչ հնարամիտ են Հեռավոր Արևելքի ժողովուրդները: Իրենց հնագույն մշակույթով նրանք բոլորից առաջ կանցնեն:
ԵՐԿՐՈՐԴ — Մեր կինոյում էլ բոլորը խելքները թռցրել են այդ Ասիայի վրա: Սեքսի ուսումնական ձեռնարկներից բացի, միայն էկզոտիկա ենք նկարահանում: Վաղը ես չինական արքայադուստր եմ…
ԵՐՐՈՐԴ — (ընդհատում է): Ի դեպ, չինացիների մասին՝ ո՞ւր է կորել նա:
Առաջինը ծիծաղում է:
ՉՈՐՐՈՐԴ — (տարօրինակ ժպիտով): Նա երբեմն ուշանում է:
ԵՐԿՐՈՐԴ — Բայց երբեք, երբ ինձ մոտ է գալիս:
Չորրորդն ու Երկրորդը ատելությամբ լի հայացքներ են փոխանակում:
ԵՐՐՈՐԴ — (շաքար է ուտում): Ինձ մոտ պետք եղածից էլ շուտ է գալիս:
ԱՌԱՋԻՆ — (ատելությամբ նայելով Երրորդին, դիմում է Երկրորդին): Առանձնահատուկ տիպ է:
ԵՐԿՐՈՐԴ — (Առաջինին): Այդ ի՞նչ հրաշալի թաշկինակ ունեք, սիրելիս:
ԱՌԱՋԻՆ — Նրա նվերն է: Բատիկ է: Ասենք, այն մատիտանկարն էլ նրանից է…
ԵՐԿՐՈՐԴ — Ախ…
ԱՌԱՋԻՆ — Սուրբ Սեբաստիանն է:
ԵՐԿՐՈՐԴ — (մոտենում, զննում է նկարը): Հետաքրքիր հեռանկար է: Իսկ ինձ վերջին անգամ, երբ անգինայով հիվանդացա, խեցեղեն նվիրեց: Սրինգ նվագող Պանը:
ԵՐՐՈՐԴ — Վերջապես ո՞վ է նա:
ԵՐԿՐՈՐԴ — (մտահոգ): Իսկ դուք չգիտե՞ք:
ԵՐՐՈՐԴ — Գաղափար չունեմ: Ես նրան միայն այնպես գիտեմ…
ԵՐԿՐՈՐԴ — Նա գեղարվեստական իրերի առևտուր է անում: (Առաջինին.) Թեև վերջերս ուզում է կինոյով զբաղվել, չգիտեմ, թե ով էր այդպիսի խորհուրդ տվել: Չնայած իմ միջնորդությանը՝ նրա նկարահանման փորձերը տապալվեցին:
ԱՌԱՋԻՆ — (քմծիծաղով): Այո, այո, անկրկնելին չի ազդում տարածության վրա:
ԵՐՐՈՐԴ — (քմծիծաղով): Բնականաբար:
ԱՌԱՋԻՆ — (հեգնական հոգոցով): Ժամանակակից օրիորդները… թե ինչ իդեալներ ունեն նրանք…
ԵՐՐՈՐԴ — Տղամարդկանց համար են դրանք իդեալներ: Նա ինձ հա՜ պատմում էր, որ ես հիշեցնում եմ ինչ-որ…
ԵՐԿՐՈՐԴ — Ինձ էլ է դա պատմել:
ԱՌԱՋԻՆ — Բոլորս էլ նրան ենք հիշեցնում… Մեկիս աչքերն են նման, մյուսի՝ բերանը:
ԵՐՐՈՐԴ — Իմ՝ ոտքերը:
ԵՐԿՐՈՐԴ — (Չորրորդին): Իսկ դուք ինչո՞վ եք հիշեցնում նրան, թանկագինս: (Չորրորդը լռում է: Առաջինին.) Երեի ձեր հոգին է նման, այո՞:
ԱՌԱՋԻՆ — (քմծիծաղով): Այդ է, որ կա՝ իր մեծ սերը նա կտոր-կտոր է հավաքում:
ՉՈՐՐՈՐԴ — (անսպասելի ոտքի է ելնում): Էլ չեմ դիմանում: (Նյարդային ետ ու առաջ է քայլում):
ԵՐՐՈՐԴ — (Երկրորդին՝ մտահոգ): Ի՞նչ պատահեց նրան:
ՉՈՐՐՈՐԴ — (կտրուկ կանգնում է): Ի՞նչ… Դուք, ինչ է, մինչև հիմա չհասկացա՞ք, թե՞ չեք ուզում հասկանալ, որ նրան պետք է նսեմացնել մեզ:
ԱՌԱՋԻՆ — Ո՞ւմ:
ԵՐԿՐՈՐԴ — (Չորրորդին՝ հեգնական): Այ թե ասիր, փոքրիկս:
ՉՈՐՐՈՐԴ — (հարձակվելով Երկրորդի վրա): Ես փոքրիկ չեմ, ես կին եմ: Իհարկե, նրան դուր է գալիս տեսնել մեզ ներքևում, բայց սարսափելին այն է, որ ինքներս ենք մեզ նսեմացնում:
ԵՐՐՈՐԴ — (շաքար ծամելով, հեգնական): Այդ ամենն ինձ համար չափից դուրս վերամբարձ է:
ԵՐՐՈՐԴ — Դա երևում է:
ԵՐՐՈՐԴ — Օյ, ատամս…
ԵՐԿՐՈՐԴ — Շաքարից է:
ԵՐՐՈՐԴ — Օյ… (Ձեռքը տանում է այտին):
ԱՌԱՋԻՆ — (հեգնական): Ինչ է, ցավո՞ւմ է:
ԵՐՐՈՐԴ — Քիչ է մնում՝ կախվեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Բարեբախտաբար, այստեղ ատամնաբույժ կա: (Քմծիծաղում է՝ մատնացույց անելով Չորրորդին):
ՉՈՐՐՈՐԴ — (Երրորդին): Ցույց տվեք: (Երրորդը բացում է բերանը, նա նայում է): Քիչ հետո կանցնի: Ռախիտով հիվանդացե՞լ եք:
ԵՐՐՈՐԴ — Ե՞ս… է՞լ ինչ կուզենայիր: Ես, որ միշտ ուտելիք ունեցել եմ, անգամ սովի օրերին: Ես այնպիսի ընտանիքից եմ՝ լյուքս, իսկ ընկերս ամբողջ պատերազմի ընթացքում փշալար էր մատակարարում, լսեցի՞ր, ատամմաքրիչի մեկը:
ԱՌԱՋԻՆ — Խնդրում եմ ձեզ, տիկնայք… Մի մոռացեք, որ գտնվում եք խոշոր ֆիրմայի իրավաբանական խորհրդատուի տանը, ով արդեն տասնչորս օր է՝ կառավարության աջ ձեռքն է…
ԵՐՐՈՐԴ — (ընդհատելով): Իսկ ո՞վ է նրան այնտեղ հասցրել՝ իմ սիրեցյալը: Ո՞վ է համոզել երկու նախարարներին…
ԱՌԱՋԻՆ — (ընդհատելով): Ձայներդ… (Վախեցած շուրջն է նայում): Ընդդիմությունը արթուն է: (Դադար):
ՉՈՐՐՈՐԴ — (չարագուշակ, հատու): Հենց գա, երեսին կասեմ, որ աշխարհի ամենավերջին մարդն է:
ԵՐԿՐՈՐԴ — Ինչո՞ւ: Որովհետև ձեզնից այլևս ոչինչ չի՞ ուզում:
ՉՈՐՐՈՐԴ — (ցնցվում է): Որտեղի՞ց գիտես:
ԵՐԿՐՈՐԴ — Ինքն է ասել:
Երրորդը ծիծաղում է:
ՉՈՐՐՈՐԴ — (նայելով Երրորդին): Ատամդ դեռ ցավո՞ւմ է:
ԵՐՐՈՐԴ — (քմծիծաղով): Անցավ:
ՉՈՐՐՈՐԴ — Հըմ, այդպես… Առիթ եղավ, ատամը հանեցի, իսկ նա աչքն էլ չթարթեց: Նա ամեն ինչի կդիմանա… (Քմծիծաղում է, անսպասելի հիստերիկայի մեջ ընկնելով՝ փլվում բազմոցին):
Հեռախոսազանգ:
ԱՌԱՋԻՆ — (վերցնում է լսափողը): Ալո… Այո: (Դեմքը մթնում է): Ախ, այդպես… Շնորհակալություն: (Դնում է լսափողը): Նա խնդրեց հաղորդել, որ գալ չի կարող:
ԵՐԿՐՈՐԴ — Ի՞նչ…
ԱՌԱՋԻՆ — Նա մեզ լքել է:
ԵՐՐՈՐԴ — Ի՞նձ:
ՉՈՐՐՈՐԴ — (հիստերիկ ծիծաղում է): Բրավո, բրավո:
ԵՐՐՈՐԴ — (Չորրորդին): Ձե՛նդ:
Չորրոդը լռում է, բութ հայացքով նայում Երրորդին:
ԵՐԿՐՈՐԴ — (Առաջինին): Ո՞վ է նրան ձեռք գցել:
ԱՌԱՋԻՆ — Երևի այն ջրամուկը, Բեռնից, ում երեկ իբր թե Դոմյե է վաճառել:
Չորրորդը տեղից բարձրանում, սպառնալից մոտենում է Երրորդին:
ԵՐԿՐՈՐԴ — Ինչի որ հասել է, մեր՝ դժբախտ կանանց շնորհիվ է հասել:
ՉՈՐՐՈՐԴ — (կանգնում է Երրորդի առջև, խլաձայն): Դո՞ւ ինձ ասիր «ձենդ»:
ԵՐՐՈՐԴ — (ատելությամբ նայում է Չորրորդին): Հիստերիկ…
ՉՈՐՐՈՐԴ — (գոռում է): Դո՛ւրս այստեղից:
ԱՌԱՋԻՆ — (գոռում է Չորրորդի վրա): Առանց սկանդալի, խնդրում եմ: (Դադար):
ԵՐՐՈՐԴ — Ցտեսություն, մինչև ընդհանուր գերեզմանում տեսնվելը: (Հապշտապ գնում է):
ԵՐԿՐՈՐԴ — (քթի տակ քրթմնջում է): Տեսնվելը, տեսնվելը…
Երկու օթյակ Մեծ օպերայում: Մեկում տիկինն է Բեռնից, մյուսում՝ ադամանդների մեջ կորած մսագործի շատ գեր կինը: Մոցարտի «Դոն Ժուանն» է, հնչում է «Տուր ձեռքդ, գեղեցկուհի» զուգերգը: Տիկինը նյարդային շուրջն է նայում: Գիրուկն անշարժ բեմին է նայում հեռադիտակով: Զուգերգի ավարտին տիկնոջ օթյակն է մտնում ֆրակ հագած Դոն Ժուանը, համբուրում է տիկնոջ ձեռքը:
ՏԻԿԻՆ — (թեթևացած հոգոց հանելով): Վերջապե՜ս… Իսկ ես արդեն անհանգստանում էի, թե որտեղ եք: Ամուսինս էլ միշտ ուշանում է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով նստում է): Ամեն ինչ կարգին է: (Դադար):
ՏԻԿԻՆ — Եվ որտե՞ղ էիք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սառցադաշտում:
ՏԻԿԻՆ — (մտահոգ): Որտե՞ղ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Տանտիրուհուս աղջիկներից մեկի ծննդյան օրն է այսօր, նրան չմուշկներ նվիրեցի, և աղջնակն ուզեց ինձ ցույց տալ, թե ինչի է ընդունակ:
ՏԻԿԻՆ — Հա՞:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նա պարուհու մեծ ընդունակություն ունի: Գուցե համաշխարհային ասպարեզ դուրս գա:
ՏԻԿԻՆ — (դադարից հետո): Եվ քանի՞ տարեկան է քո ապագա աշխարհի չեմպիոնուհին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Տասնհինգ:
Տիկինը թեթևակի ցնցվում է:
ԳԻՐՈՒԿ — (հայացքը բեմից չկտրելով): Սուս… (Դադար):
ՏԻԿԻՆ — Երեկ ինձ Դոմյե վաճառեցիր, դա իսկակա՞ն Դոմյե է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (զգուշավոր): Այո, իսկ ի՞նչ է պատահել:
ՏԻԿԻՆ — Կեղծ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մտահոգ): Ի՞նչ:
ՏԻԿԻՆ — Ես տեղեկություն եմ հավաքել: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նկարը երաշխավորությամբ եմ վերցրել՝ որպես իսկականը…
ՏԻԿԻՆ — (ընդհատելով): Քեզ անվերապահ հավատում եմ, դրա համար էլ քո իսկականը երաշխավորության հետ կկախեմ պատվավոր տեղում: (Քմծիծաղում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մինչև վերջին գրոշը կվերադարձնեմ: (Փնտրում է դրամապանակի մեջ):
ՏԻԿԻՆ — Դու ինձ ոչինչ չես վերադարձնի, լսո՞ւմ ես:
ԳԻՐՈՒԿ — (հայացքը բեմից չկտրելով): Սուս…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մեկնելով չեկը): Ահա քո չեկը, վերցրու:
ՏԻԿԻՆ — Ոչ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Վերցրու:
ՏԻԿԻՆ — (ապշահար): Դու սիրտ չունես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Քեզ չի հաջողվի վիրավորել ինձ: (Չեկը շպրտում է օթյակից, հայացքով հետևում): Ահա, ընկավ հատակին: Ադյո՛: Կմտածեն՝ թղթի կտոր է: (Դադար):
ՏԻԿԻՆ — Գո՞հ ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (բարձր): Այո:
ԳԻՐՈՒԿ — Սուս:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (Գիրուկին): Պարդոն:
Գիրուկը նոր միայն նկատեց Դոն Ժուանին և հայացքը չի կտրում նրանից:
ՏԻԿԻՆ — (խոցված ծիծաղում է, գլխով ցույց տալով Գիրուկին): Ինչ, նոր հաղթանա՞կ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Տես, աչքով կտաս:
Գործողությունն ավարտվեց, լույսերը վառվեցին, բուռն ծափահարություններ: Տիկինը թաշկինակը սեղմում է աչքերին: Գիրուկը դեռ նայում է Դոն Ժուանին, իսկ նա բարձրանում է տեղից, ծափահարում է:
Սառցադաշտը փակ է, արդեն ուշ է: Նստարանին նստած է Երկրորդ դուստրը դպրոցական երկու ընկերուհիների՝ Շիկահերի և Սևահերի հետ: Նրանք հանում են չմուշկները:
ՍԵՎԱՀԵՐ — (Երկրորդին): Նախանձից մեռնում եմ, նոր չմուշկներ ունես: Վաղուց եմ երազում դրանցից ունենալ:
ԵՐԿՐՈՐԴ — Ծնունդիս եմ ստացել:
ՇԻԿԱՀԵՐ — Ափսոս, իմ ծնունդը ամռանն է, թե չէ ես էլ կխնդրեի, որ դրանցից նվիրեին: Երևի վայելք է, չէ՞… (Դադար):
ՍԵՎԱՀԵՐ — (Երկրորդին): Իսկ այդ էլեգանտ պարոնը ո՞վ էր, որ անընդհատ նայում էր, թե ոնց ես սահում:
ԵՐԿՐՈՐԴ — Նա մեզ մոտ է ապրում:
ՇԻԿԱՀԵՐ — Իմ սիրավեպի հերոսը լինի կարծես:
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ ինձ դուր չի գալիս:
ՇԻԿԱՀԵՐ — Ես էլ հավատացի:
ԵՐԿՐՈՐԴ — Ոչ, նա ինձ այլևս դուր չի գալիս:
ՇԻԿԱՀԵՐ — Բայց ես տեսա, թե ոնց ոգևորվեցիր, երբ նայում էր քեզ:
ԵՐԿՐՈՐԴ — (ուշադիր լսելով): Ծիծաղելի է, իսկ ինձ թվում էր, որ ինձ նեղ էի զգում:
ՍԵՎԱՀԵՐ — Դու շատ վստահ էիր սահում:
ԵՐԿՐՈՐԴ — Ոչ, վստահ չէի…
ՇԻԿԱՀԵՐ — (ընդհատելով): Դեռ ոչ մի անգամ այդքան լավ չէիր սահել:
ԵՐԿՐՈՐԴ — (հեգնական ժպիտով): Դե, դուք ավելի լավ կիմանաք… (Դադար):
ՍԵՎԱՀԵՐ — Իսկ նա ի՞նչ է արել, որ էլ դուրդ չի գալիս:
ԵՐԿՐՈՐԴ — Ոչինչ: Պարզապես երազումս նրան տեսա:
ՇԻԿԱՀԵՐ — Հետո՞ ինչ:
ԵՐԿՐՈՐԴ — Նա ինձ սպանեց:
ՍԵՎԱՀԵՐ — Ինչպե՞ս:
ԵՐԿՐՈՐԴ — Բացատով գնում էի, այն կողմում, որտեղ ճամփան թեքվում է ու այդ սարսափելի ծառն է կանգնած, դե, դու գիտես, դա որտեղ է, այդ կողմում մութ էր, ու հանկարծ զգացի նրա ձեռքը ինձ վրա, բայց մատների փոխարեն դանակներ էին: Չէ, չեմ ուզում հիշել, այնքան սարսափելի էր: Երբ արթնացա, դեռ երկար թվում էր, թե մեռած եմ:
ՇԻԿԱՀԵՐ — (ծիծադում է): Բայց դու ողջ ես:
ԵՐԿՐՈՐԴ — (քմծիծաղում է): Եթե այդպես համարենք…
Հեռվից խուլ որոտի ձայն է լսվում:
ՍԵՎԱՀԵՐ — Սառույցն է ջարդվում:
ԵՐԿՐՈՐԴ — Վաղն ավելի ցուրտ կլինի:
ՇԻԿԱՀԵՐ — Գնանք, դարպասը փակել են, մեկ էլ տեսար՝ այստեղ կմնանք:
Դոն Ժուանը նախաճաշում է իր սենյակում: Նա մուգ գույնի գիշերազգեստով է: Մայրն անձայն բացում է դուռը, ներս սպրդում, ձեռքերով փակում է նրա աչքերը:
ՄԱՅՐ — Կու-կու, ո՞վ է եկել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Գաղափար չունեմ…
ՄԱՅՐ — (ձեռքերն իջեցնելով): Դե ինչ, խարդախի մեկը, համե՞ղ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Շնորհակալություն:
ՄԱՅՐ — Նամակ ունես…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատելով): Որտեղի՞ց է:
ՄԱՅՐ — (տալով նամակը): Այդ ինչի՞ց հանկարծ վախեցար:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դրա մասին արդեն մոռացել եմ… (Ժպտում է, բացում ծրարը, կարդում
է):
ՄԱՅՐ — Կնոջից է: Կարո՞ղ եմ կարդալ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ: (Դադար):
ՄԱՅՐ — Ինձնից գաղտնի՞ք ունես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո: (Դադար: Անսպասելի Մայրը խլում է նամակը): Տուր այստեղ:
ՄԱՅՐ — Մտքովս չի անցնում: (Արագ կարդում է, ապշահար նայում Դոն Ժուանին):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դե ինչ, գո՞հ ես:
ՄԱՅՐ — (ցույց տալով նամակը): Սա դո՞ւ ես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ասում են:
ՄԱՅՐ — Դա ճի՞շտ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դրա համար պատասխանատու չեմ:
ՄԱՅՐ — Քո պատճառով կինը ուզում է խեղդվել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գուցե դեռ խելքի կգա:
ՄԱՅՐ- Աստված իմ, ինչպե՞ս ես խոսում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մեղավո՞ր եմ, որ էլ ինձ դուր չի գալիս: Ի՞նչ անեմ: Ինքս ինձ բռնանա՞մ:
ՄԱՅՐ — Ես վախենում եմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Մի վախեցիր: (Վերցնում է նամակը): Նա, կարելի է ասել, նկարչուհի է, ցանկացավ ինձ հետ պարել: Կպավ ինձ և ուզածն ստացավ: Վերջ: Մի երկու անգամ էլ հանդիպեցինք, բայց արդեն տեսա, որ նրա հաշվով սխալվել եմ: (Քմծիծաղում է): Հենց սկզբից մեկին էր հիշեցնում, բայց նմանություն չկար, պարզապես ուզում էի այն մեկին տեսնել: Այո, ինձ հետ միշտ նույնն է կատարվում: Երևում է, այլևս չեմ գտնի իմ իդեալին… (Ծիծաղում է):
ՄԱՅՐ — Դու նրան չես գտնի, որովհետև այլևս իդեալ չունես: Նա մեռած է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մեռա՞ծ է: (Ձեռքը տանում է սրտին): Ոչ, ոչ, միայն ոչ այդ մեկը: Նա ապրում է, ամուսնացած է մի պարկեշտ մարդու հետ, նրանք երեխաներ ունեն: Ու նա պահպանում է իր ընտանեկան անդորրը, այդ պատճառով էլ ինձ չի պատասխանել: (Քմծիծաղում է):
ՄԱՅՐ — Կարող եմ նրան հասկանալ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (անսպասելի հարձակվում է): Ի՞նչ կարող ես դու հասկանալ: Միայն այն, ինչը տեսնում ես, լսում ու համտեսում: Դու ո՞վ ես: Ծառայողի բարեպաշտ այրի, ով երևակայում է, որ երբ տրվում է տղամարդու, նույն պահին երկնքից աստղ է ընկնում:
ՄԱՅՐ — Մի մոռանա, որ ես էլ ընդամենը մարդ եմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բայց ես ուզում եմ դա մոռանալ: Ուզում եմ, որ ինձ այլևս ոչինչ չհիշեցնեն: Բավական է: (Դադար):
ՄԱՅՐ — Որտեղ դու ես քնում, նրա մահճակալն էր, լսո՞ւմ ես: Դու գրում ես նրա գրասեղանի վրա, այս պահարանում նրա կոստյումներն էին կախված, որոնք հետո ես վաճառեցի: Նա սպանված էր, իսկ ես շարունակում էի նրան տեսնել այստեղ, սեղանի մոտ, եթե չէի տեսնում, գիտեի, որ նա սենյակում է ու նայում է ինձ, ասես ժամանակ գոյություն չունի: Դու, միայն դու, քո հայտնվելով, նրան քշեցիր այստեղից: Տես, հանկարծ չվերադառնա, չկանգնի դռան մեջտեղում, երբ հիմա դուրս գամ: (Մոտենում է նրան): Ես չեմ ուզում նրան տեսնել, երբեք, ոչ մի դեպքում… (Սեղմվում է նրան): Թող ինձ, խնդրում եմ, թող ինձ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (առանց շարժում անելու): Իսկ ես քեզ չեմ բռնել:
ՄԱՅՐ — (պոկվում է նրանից, բռնում գլուխը, ասես նոր ուշքի եկավ): Ի՞նչն է այդպես ձգում դեպի քեզ, սա ի՞նչ է, ի՞նչ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչինչ:
ՄԱՅՐ — (խլաձայն): Այո, ոչինչ: (Գոռում է): Այս ի՞նչ ես անում ինձ հետ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչինչ: (Գոռում է): Հանգիստ թող ինձ վերջապես: (Դադար):
ՄԱՅՐ — (չարացած): Ես կթողնեմ քեզ, ես քեզ կթողնեմ: (Գնում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նայելով նրա ետևից): Վաղուց ժամանակն էր:
Նկարչուհիները մտնում են իրենց արվեստանոցը: Առաջինը հարբած է: Երկրորդը վառում է լույսը, կեսգիշերն անց է:
ԱՌԱՋԻՆ — (երգում է): «Եվ ով պիտի արտասվի, եթե մեր ճամփաները բաժանվել են…»:
ԵՐԿՐՈՐԴ — (ընդհատում է, խլաձայն): Կամաց: Տեղդ պառկիր:
ԱՌԱՋԻՆ — Չէ մի՝ չէ: (Ուզում է շնապս լցնել: Երկրորդը վերցնում է շիշը): Ես հարբած չեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Քեզ հերիք է: (Դադար):
ԱՌԱՋԻՆ — (անսպասելի գոռում է): Ոչ, հերիք չէ:
ԵՐԿՐՈՐԴ — Կամաց, հարևանները…
ԱՌԱՋԻՆ — (քրթմնջում է): Հերիք չէ, ոչ, հերիք չէ: (Խլում է շիշը):
Հարևանները պատն են թակում:
ԵՐԿՐՈՐԴ — Լսո՞ւմ ես, այստեղից մեզ կվռնդեն:
ԱՌԱՋԻՆ — (շնապս է լցնում, կամաց): Պետքս չէ:
ԵՐԿՐՈՐԴ — Իսկ իմ պետքն է: Երբ սենյակ գտնելը այնքան դժվար է…
ԱՌԱՋԻՆ — Ես ցանկապատի տակ էլ կքնեմ: (Խմում է, անսպասելի հեկեկում): Մեղավորը դու ես, որ նա իմ մասին չի ուզում լսել, որ նրան այլևս դուր չեմ գալիս:
ԵՐԿՐՈՐԴ — (մտահոգ): Ե՞ս եմ մեղավոր:
ԱՌԱՋԻՆ — Նա իմ նամակը պատռեց, իսկ ես մտածում էի, որ նա ինձ կազատի…
ԵՐԿՐՈՐԴ — (հեգնանքով): Կազատի՞…
ԱՌԱՋԻՆ — Այո, քեզնից: (Լուրջ նայում է ընկերուհուն, հետո կամացուկ ծիծաղում է նրա վրա: Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Դու դեռ լաց կլինես ինձ համար…
ԱՌԱՋԻՆ — (գոռում է): Կեղտի մեկը կլինեմ, եթե լաց լինեմ: Դու ասում էիր՝ երկար մազերը կնիկություն է, ժանյակները՝ կնիկություն է, բարձր կրունկները նույնպես կնիկություն է: Ես հագնում էի, ինչ դու էիր ուզում, ինչպես դու էիր ուզում, բայց հիմա՝ վերջ: (Վրայից պոկում է սմոկինգի նմանություն ունեցող ժակետը, նետում նրա ոտքերի տակ): Ահա, քեզ լինի քո մոդան:
Հարևանները նորից են թակում, ավելի ուժեղ:
ԵՐԿՐՈՐԴ — (թակոցներին ուշադրություն չդարձնելով, կամաց): Պետեր, Պետեր…
ԱՌԱՋԻՆ — (ճչում է): Ես Պետերը չեմ, իմ անունը Ալիսա է: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Ադյո, Ալիսա: (Շրջվում է, որ գնա):
ԱՌԱՋԻՆ — Ո՞ւր:
ԵՐԿՐՈՐԴ — Ման գալու:
ԱՌԱՋԻՆ — (չարացած): Քնել չե՞ս ուզում:
ԵՐԿՐՈՐԴ — (կոպիտ): Մենակ քնիր: (Գնում է):
ԱՌԱՋԻՆ — (խմում ու հանվում է): Մենա՞կ: Դե, ոչ, ես մենակ չեմ քնի: (Շուրջն է նայում): Ո՞ւր ես, ստորի մեկը: (Դարակից հանում է Դոն Ժուանի լուսանկարը): Ահա թե որտեղ ես: (Լուսանկարը դնում է սեղանին, զննում): Գործերդ ինչպե՞ս են: Վատ չե՞ն: Իմն էլ: (Ծիծաղում է): Լսիր, էլ մեր երեխան չկա: Վերջ, նա չկա, անհետացավ, այլևս ուրիշը չեմ ունենա, երբեք, երբեք, հասկանո՞ւմ ես: Այ թե դժբախտություն է: Քեզ գրել էի, որ կխեղդվեմ, եթե չգաս, իսկ քեզ դա էր պետք, այդպես չէ՞: Ինձ նայիր: Ես ո՞ւմ եմ քեզ հիշեցնում, հը՞: Դե ասա, մեզնից ո՞վ է գազանը: Ո՞վ: (Տեղից ցատկում է): Ինձ այդպես չնայես: Դե, սպասիր, սպասիր… (Ասեղով ծակում է լուսանկարի աչքերը, լուսանկարը դնում սեղանին): Հիմա նայիր, եթե կարող ես: Ի՞նչ, շարունակում ես նայե՞լ: (Գոռում է): Չնայե՛ս: (Աթոռը խփում է սեղանին, ափսեներն ու բաժակները փշրվում են): Առ քեզ, ստացիր… Ստացիր:
Պատը թակում են, կանացի ձայնը չարացած գոոում է՝ «Կամաց»: Առաջինն անուժ հենվում է պատին: Ներս է մտնում հարևանուհին: Նա խալաթով է:
ՀԱՐԵՎԱՆՈԻՀԻ — Ի՞նչ եք անում, մարդիկ քնած են, ինչպե՞ս կարելի է այդպես աղմկել: Ի՞նչ է պատահել:
ԱՌԱՋԻՆ — (բութ քմծիծաղով): Այստեղ մեկի վերջը տվի…
ՀԱՐԵՎԱՆՈԻՀԻ — Հիսուս Մարիամ: (Խաչակնքում է):
Դոն Ժուանը անհանգիստ քայլում է իր սենյակում՝ Տիկնոջն է սպասում: Ետճաշյա ժամ է: Սեղանը սպասքադրված է: Նայում է ժամացույցին: Դուռը թակում են, ներս է մտնում Երկրորդ դուստրը: Դոն Ժուանը զարմացած է:
ԵՐԿՐՈՐԴ — (լուրջ): Ձեզ մի մեծ խնդրանք ունեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտում է): Մի ամաչեք, ասեք, խնդրում եմ:
ԵՐԿՐՈՐԴ — Դուք կզայրանաք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատելով): Ամենևին:
ԵՐԿՐՈՐԴ — Ազնիվ խո՞սք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Երդվում եմ: Դե՞… (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Այլևս սառցադաշտ չգաք, խնդրում եմ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մտահոգ): Իսկ ինչո՞ւ:
ԵՐԿՐՈՐԴ — (նայում է զարմանքով): Էլ չնայեք, թե ինչպես եմ սահում, խնդրում եմ: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բայց եթե ինձ դուր է գալի՞ս:
ԵՐԿՐՈՐԴ — Ես դեռ ոչինչ չեմ կարողանում անել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Թանկագին փոքրիկս, դուք մեծ տաղանդ ունեք: Դուք դեռ կդառնաք համաշխարհային աստղ:
ԵՐԿՐՈՐԴ — Եթե շարունակեք ինձ նայել, չեմ դառնա: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այսպիսի բան դեռ ոչ մի կնոջից չէի լսել:
ԵՐԿՐՈՐԴ — (ընդհատելով): Խոստացեք, որ էլ երբեք չեք գա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Կանեմ, ինչ կարող եմ, բայց նման խոստումներ երբեք չեմ տալիս: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Այդ դեպքում ես կվերադարձնեմ չմուշկները:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (զգուշավոր ու սևեռուն նայում է նրան): Մա՞յրդ է պատվիրել, որ այդպես ասես:
ԵՐԿՐՈՐԴ — Այո, մայրս, բայց խնդիրն այդ չէ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այդ դեպքում ո՞րն է: Մի՞թե ոչ մեկին ոչինչ նվիրել չեմ կարող: (Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — (դանդաղ): Ձեր չմուշկներն ինձ կպահեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հեգնական): Հոգաչափ շնորհակալ եմ:
ԵՐԿՐՈՐԴ — (չարագույժ ժպիտով): Բայց եթե սառույցը կոտրվի ու ես խեղդվեմ, մեղավորը դուք կլինեք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Անկասկած:
Դուռը զանգում են: Դոն Ժուանը ցնցվում է, հայացք ձգում սեղանին:
ԵՐԿՐՈՐԴ — Ինչ-որ մեկի՞ն եք սպասում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Այո, ընդունելություն ունեմ:
ԵՐԿՐՈՐԴ — Նորի՞ց կին է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինքն է խնդրել: (Ուզում է դուռը բացել):
ԵՐԿՐՈՐԴ — Ես կբացեմ: (Արագ գնում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հայելու առաջ մեքենաբար ուղղում է փողկապը, դիմում իր արտացոլանքին): Այո, այո, մեղավորը միշտ դու ես: (Կարճ ծիծաղում է: Վերադառնում է Երկրորդը): Դե՞…
ԵՐԿՐՈՐԴ — Նա չկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այսի՞նքն…
ԵՐԿՐՈՐԴ — Նրան ճամփու դրի: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինձ ոչ տաք է, ոչ էլ՝ պաղ: (Քմծիծաղում է):
ԵՐԿՐՈՐԴ — (անսպասելի գոռում է): Դուք այստեղ ժամադրություններ չպիտի ունենաք, պատերը բարակ են, ես չեմ կարող դիմանալ, ամեն խոսք լսվում է, ախր ես կկործանվեմ: (Դադար: Դոն Ժուանը սուրճ է լցնում, խմում է: Հետևելով նրան, խլաձայն): Չէի ուզենա ձեր տեղում լինել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այդպես, այդպես… (Կարկանդակ է ուտում):
ԵՐԿՐՈՐԴ — Եթե ձեր տեղում լինեի, ապրել չէի ուզենա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով խոնարհվում է): Կընդունեմ ի գիտություն: Սուրճ ուզո՞ւմ եք:
ԵՐԿՐՈՐԴ — Ձեզնից ոչինչ չեմ ուզում: (Հեծկլտալով փախչում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նայելով նրա ետևից): Սպասիր, մի քիչ էլ մեծանաս… (Քմծիծաղում է):
ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
ՁՆԵՄԱՐԴ
Աոաջին դուստրը աստիճանների վրա սպասում է Դոն Ժուանի վերադարձին: Ձմեռային խավար գիշեր է: Դուռը բացվում է, Դոն Ժուանը Դիմակի՝ առևտրականի ջահել կնոջ ուղեկցությամբ վերադառնում է դիմակահանդեսից: Դոն Ժուանը վառում է լույսը, հիմա Առաջինին կարելի է տեսնել:
ԴԻՄԱԿ — (Առաջինին չնկատելով): Հանգցրու լույսը: Ամուսինս որ տեսնի, կսպանի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հանգցնում է լույսը, նա էլ չի նկատել Առաջինին): Այստեղ ոչ ոք քեզ չի տեսնի: Ես վերևում եմ ապրում, գնանք:
ԴԻՄԱԿ — (անսպասելի կանգնում է): Ինչո՞ւ քեզ հետ եկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Իսկ դու չգիտե՞ս:
ԴԻՄԱԿ — Ես չեմ կարող:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այսի՞նքն:
ԴԻՄԱԿ — Զարմանում ես, որ գեղեցկուհի դիմակը չի՞ ենթարկվում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սա կարծես վեպից լինի:
ԴԻՄԱԿ — Ես վեպից չեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գնանք:
ԴԻՄԱԿ — Պետք չէ: Հիմա դու իմ նկատմամբ ոչ մի զգացմունք չունես:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դաժան մոլորություն:
ԴԻՄԱԿ — Քո մեջ ամեն ինչ մեռած է, մեր միջև կարծես ապակի է, այնքան հաստ ապակի, որ վրայով կարելի է քայլել: Խնդրում եմ, բաց թող ինձ: Դու ուրիշին ես պատկանում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ոչ մեկին էլ չեմ պատկանում:
ԴԻՄԱԿ — Ոչ մեկից չեմ ուզում քեզ խլել: Դու դեռ ինձ շնորհակալություն կհայտնես, որ քեզ հետ չեկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատելով): Շնորհակալությո՞ւն, ե՞րբ… Ահեղ դատաստանի՞ն:
ԴԻՄԱԿ — Գուցե այդ ժամանակ հանդիպենք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Անպայման: (Դադար):
ԴԻՄԱԿ — Դուռը բաց: (Դոն Ժուանը բացում է, նա դանդաղում է): Այդքան հե՞շտ ես ինձ թողնում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես ոչ մեկին չեմ կպչում: Մի կերպ կդիմանամ: (Ժպտալով ձեռքը տանում է սրտին):
ԴԻՄԱԿ — Սրիկա: (Արագ հեռանում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (փակում է դուռը, լույսը վառում ու տեսնում է Առաջինին): Ի՞նչ եք անում այստեղ:
ԱՌԱՋԻՆ — Մի ժամ է՝ ձեզ եմ սպասում: Մայրս ոչինչ չպիտի իմանա մեր խոսակցության մասին, իսկ ցերեկով ժամանակ չունեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր մոր մասի՞ն եք ուզում խոսել, ինչ է…
ԱՌԱՋԻՆ — Ոչ: Ավելի կարևոր բան կա: Ինձ փող է պետք: Իհարկե, տհաճ է ձեզ խնդրել, բայց ես թքած ունեմ զգացմունքներիս վրա, երբ որոշվում է մեր կուսակցության անդամի ճակատագիրը, իսկ դուք միակ կապիտալիստն եք, ում ճանաչում եմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Իմ հաշվով մոլորության մեջ եք: (Ժպտում է):
ԱՌԱՋԻՆ — Կուսակցական ընկերուհիս գործով է ծառայել հեղափոխությանը: Նրա հետախուզության մասին հայտարարված է բոլոր թերթերում: Անհրաժեշտ է արտասահման փախչել, օգնեք, խնդրում եմ: Մի րոպե անգամ չի կարելի կորցնել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հըմ… իսկ ի՞նչ է նրան սպառնում:
ԱՌԱՋԻՆ — Բանտ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Վատ է: Իսկ նա լավի՞կն է:
ԱՌԱՋԻՆ — (զարմանքով): Ո՞վ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր կուսակցական ընկերուհին:
ԱՌԱՋԻՆ — (աչքերը չռած նայում է նրան): Ձեր հարցերը…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատելով): Ամևնաբնական բաներին են վերաբերում:
ԱՌԱՋԻՆ — Ուրեմն՝ դուք ոչինչ չգիտեք զանգվածների անդիմանալի տառապանքների մասին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նորից զանգվածներ: Միայն նրանց մասին ես լսում…
ԱՌԱՋԻՆ — Վարժվեք: Ճիշտ է, դուք և ձեր նմանները դեռ պահում են իշխանությունը տեռորով, սպանություններով, անօրինականությամբ…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ես և իմ նմաննե՞րը:
ԱՌԱՋԻՆ — Այո, ձեր այդ ոստիկանական մահակներն ստիպեցին, որ հեղափոխությունը լռի: Բայց մենք դեռ կվերադառնանք, ինչ էլ պատահի՝ կվերադառնանք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ի՜նչ եք ասում… Կյանքումս մահակ բռնած չկամ, թե՞ կարծում եք, որ դրան ընդունակ եմ:
ԱՌԱՋԻՆ — Խոսքը ձեր մասին չէր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ընդհատելով): Ափսոս, շատ ափսոս:
ԱՌԱՋԻՆ — Չփորձեք ծաղրել: Դուք ընդամենը ձեր դասակարգի պտուղն եք, իսկ գոյություն ունեն միայն երկու դասակարգ՝ շահագործողներ ու շահագործվողներ, իսկ դուք…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նորից է ընդհատում): Իսկ ինձ միայն ու միայն շահագործում են:
ԱՌԱՋԻՆ — (ծաղրով): Այդ ովքե՞ր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դուք՝ կանայքդ: Բայց ես էլ պարտքի տակ չեմ մնում, մարդատեղ չեմ դնում նրանց, ում չի հաջողվում ինձ դուր գալ:
ԱՌԱՋԻՆ — Ուրեմն՝ կանայք միայն այն ժամանակ են հետաքրքրում ձեզ, եթե փող ունեն գեղեցկանալու համա՞ր: Ես օրերով նստում եմ իմ բյուրոյում ու համարյա ոչինչ չեմ վաստակում: Իսկ ֆաբրիկաներում աշխատող միլիոնավոր կանայք այնքան շուտ են թառամում, ուրեմն՝ նրանց համար դուք սիրտ չունե՞ք պահած:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դա ինձ շատ հեռուն կտաներ:
ԱՌԱՋԻՆ — Դուք բարբարոս եք ու հանցագործ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նայած ում համար:
ԱՌԱՋԻՆ — Սեռերի միջև հարաբերությունները ձեզ համար ընդհանրապես խնդիր չէ, այլ ընդամենը գործողություն, ինչպես ուտելն ու խմելը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հեգնական): Հետաքրքիր է:
ԱՌԱՋԻՆ — Ու ոչ մի գաղտնիք էլ չկա: Մենք շատ առաջ ենք անցել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Եվ որտե՞ղ եք հիմա գտնվում: (Առաջինը ցնցվում է, բութ հայացքով նայում նրան): Ձեզ հայելու մեջ նայե՞լ եք:
ԱՌԱՋԻՆ — Ես արտաքինիս նշանակություն չեմ տալիս:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեր տեսքը բավական սարսափելի է, բայց և այնպես, կօգնեմ ձեր կուսակցական ընկերուհուն: (Քմծիծաղում է, նրան մեկնում թղթադրամները): Բարի ճանապարհ:
ԱՌԱՋԻՆ — (աչքը նրանից չկտրելով՝ վերցնում է փողը, խլաձայն): Դուք անասուն եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դա շնորհակալության փոխարե՞ն է:
ԱՌԱՋԻՆ — Ինչո՞ւ եք ինձ տանջում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Որովհետև դուք ինձ վիրավորում եք: (Բարձրանում է աստիճաններով՝ նրան թողնելով մենակ):
Առաջինը նստում է աստիճանին ու մեքենաբար հաշվելով թղթադրամները՝ արտասվում:
Դոն Ժուանը իր սենյակում է, հանում է ֆրակը, ծխում է: Հայտնվում է Մայրը:
ՄԱՅՐ — (եփ գալով): Մենք անհապաղ պետք է խոսենք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո՞:
ՄԱՅՐ — Այս երեկո նորի՞ց սառցադաշտ ես գնացել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո:
ՄԱՅՐ — Ու բացատի միջով ուղեկցե՞լ ես Գրետլին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հետո՞ ինչ: (Մայրն անսպասելի հեծկլտում է: Ձեռքը դնում է նրա ձեռքին): Ի՞նչ է պատահել:
ՄԱՅՐ — (ճչում է): Ինձ ձեռք չտաս, հանցագործ: Դու պղծել ես իմ երեխային:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ո՞վ… ե՞ս:
ՄԱՅՐ — Դու պատվազրկել ես իմ աղջկան:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ե՞ս… աղջկա՞ն: Ի՞նչ ես ասում:
ՄԱՅՐ — Նա՛ ինձ ասաց:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նա ստում է, ստում է:
ՄԱՅՐ — Դու ես ստում: Ախ, ես քեզ լավ եմ ճանաչում:
ԴՈՆ Ժ՜ՈԻԱՆ- (կամաց): Դու խելքդ կորցրել ես:
ՄԱՅՐ — (ատելությամբ): Դու արել ես դա: Նա ամեն ինչ խոստովանեց:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ո՞ւր է նա, թող իմ ներկայությամբ ասի:
ՄԱՅՐ — Դու նրան այլևս չես տեսնի: Միայն դատարանում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Երդվում եմ բոլոր սրբերով, որ…
ՄԱՅՐ — (ծիծաղում է): Քեզ համար սուրբ ոչինչ չկա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (գոռում է): Գետնի տակն անցնեմ:
Հայտնվում է Երկրորդը՝ վախեցած, արտասված:
ՄԱՅՐ — (ճչում է): Ո՞ւր, կորիր այստեղից:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (շտապ կանգնում է դռան շեմին): Կանգնիր: (Երկրորդին.) Ի՞նչ եմ արել ես:
ԵՐԿՐՈՐԴ — (վախեցած նայելով նրան): Դուք ինձ չմուշկներ եք նվիրել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ե՞վ…
ԵՐԿՐՈՐԴ — Դուք ամբողջ ժամանակ իմ ոտքերին եք նայում:
ՄԱՅՐ — (հարձակվելով նրա վրա): Գնալո՞ւ ես վերջապես… (Բռնում է ձեռքը, կսմթում):
ԵՐԿՐՈՐԴ — Օյ… թող ինձ: (Պոկվում է նրանից, հիացած նայում Դոն Ժուանին): Դուք սեղմեցիք իմ բերանը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բերա՞նը…
ԵՐԿՐՈՐԴ — Բացատում, որտեղ ճամփան թեքվում է: Ինձ ծառին հենեցիք, ուզում էիք կապել: (Գոռում է): Դուք ծեծում էիք ինձ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Սուտ է, սուտ է, սուտ է:
ԵՐԿՐՈՐԴ — Էլ չեմ ուզում ապրել: Ինչո՞ւ չսպանեցիք ինձ:
Դոն Ժուանը ապշած նայում է նրան, հետո արագ հագնում ֆրակն ու վերարկուն:
ԵՐԿՐՈՐԴ — (կանգնում է դռան շեմին): Ո՞ւր, դու ինձնից չես փախչի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պետք է ամեն ինչ պարզել, ես ոստիկանություն եմ գնում:
ԵՐԿՐՈՐԴ — Ես էլ քեզ հավատացի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ամաչեիր գոնե… ճամփա տուր: (Գնում է):
ԵՐԿՐՈՐԴ — (գոռում է նրա ետևից): Ես դեռ բանտ կնստեցնեմ քեզ:
Երկրորդը, հեծկլտալով, նայում է իր ոտքերին:
Սղաճից հարստացած բորսայի ծառայողի բնակարանում տանտիրուհին՝ Առաջին տիկինը, միայնակ թեյ է խմում: Թերթը ձեռքին հայտնվում է Երկրորդը՝ կինոդերասանուհին, նա հուզված է:
ԵՐԿՐՈՐԴ — Արդեն կարդացե՞լ ես: Վերջապես թակարդն ընկավ:
ԱՌԱՋԻՆ — Ո՞վ:
ԵՐԿՐՈՐԴ — Մեր մեծ սերը: (Չարախնդալով նրան է մեկնում թերթը): Նա անչափահասի է պղծել:
ԱՌԱՋԻՆ — Ախ…
ԵՐԿՐՈՐԴ — Վերջը դա էր:
ԱՌԱՋԻՆ — (ագահորեն կարդալով): Սա վերջն է:
ԵՐԿՐՈՐԴ — Ճիշտ է, ինքն է գնացել ոստիկանատուն ու համառորեն ամեն ինչ հերքել, բայց ոչ մեկը նրա անմեղությանը չի հավատում: (Քմծիծաղով): Նա վատ համբավ ունի:
ԱՌԱՋԻՆ — (կարդալով): Եթե անգամ մեղավոր չէ, միևնույն է, պատիժը կստանա:
ԵՐԿՐՈՐԴ — Նրան այսօր պիտի ձերբակալեին, բայց նախընտրել է անհետանալը: (Թեյ է լցնում): Էլ ոչ մի հույս ունենալ չի կարող: Նրա արտաքին նշանները բոլոր թերթերն են տպագրել:
ԱՌԱՋԻՆ — (դեռ կարդալով): Գտե՞լ են հետքը:
ԵՐԿՐՈՐԴ — Դեռ ոչ: Բայց փրկություն չունի, երկրի վրա նրա համար էլ տեղ չկա:
ԱՌԱՋԻՆ — Այո, աշխարհը նեղ է: (Հայացքն ընկնում է հայտարարության վրա): Լսիր, արդեն դիտե՞լ ես «Մահարաջայի սիրելի կինը»:
ԵՐԿՐՈՐԴ — Հո ֆիլմ չէ՞, հրաշք է: Նա էլ էր տասնհինգ տարեկան:
Ձյունածածկ անտառում: Հայտնվում են երկու ծեր կին՝ փայտ շալակած: Մթնում է:
ԱՌԱՋԻՆ — (շշուկով): Կանգնիր, ինչ-որ մեկն է գալիս: (Ականջ են դնում):
ԵՐԿՐՈՐԴ — Ոչինչ չեմ լսում ու չեմ տեսնում:
ԱՌԱՋԻՆ — Ինձ թվաց՝ ինչ-որ բան է շարժվում: (Նորից են լսում):
ԵՐԿՐՈՐԴ — Երեկ անտառապահը ինձ քշեց, սպառնաց ոստիկանին հանձնել…
ԱՌԱՋԻՆ — Հենց իրեն պիտի նստեցնել:
ԵՐԿՐՈՐԴ — Ինչ է, թե մի շալակ փայտ եմ հավաքել: Նա ասում է, որ դա գողություն է: Կուզեի իմանալ՝ էդ պարոնները ինչքա՞ն են գողանում քաղաքում:
ԱՌԱՋԻՆ — (շուրջը նայելով): Հիմա ո՞ւմ է պատկանում այս անտառը:
ԵՐԿՐՈՐԴ — Չգիտեմ, ոնց է անունը, երևի խոշոր սպեկուլյանտ է…
ԱՌԱՋԻՆ — Հա, հա, իրոք որ աշխարհի վերջն է:
Անսպասելի հայտնվում է Դոն Ժուանը. խղճուկ տեսք ունի: Պառավները վախեցած են:
ԵՐԿՐՈՐԴ — (կամաց): Աստված ձեզ պահապան, պարոն…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (շուրջը զննելով): Այս ո՞ւր եմ հասել: Ինձ կայարանն է պետք:
ԵՐԿՐՈՐԴ — Մենք կայարան չունենք: Իսկ մինչև ամենամոտիկը այստեղից երեք ժամվա ճանապարհ է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դե ինչ, ժամանակը, միևնույն է, անցնում է: (Ուզում է հեռանալ):
ԵՐԿՐՈՐԴ — Ճամփին ճահիճ կա, ես գիշերով չէի գնա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Բայց ամեն ինչ սառած է:
ԱՌԱՋԻՆ — Ճահիճը չի սառչում, ու եթե Աստված քեզ օգնության չհասնի, ներս կքաշի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հետաքրքրված): Իսկ որտե՞ղ է նա՝ Աստված:
ԵՐԿՐՈՐԴ — (ծիծաղում է՝ մատնացույց անելով Առաջինին): Այ, նա գիտե, նա իսկապես գիտե:
ԱՌԱՋԻՆ — Գիտեմ, իհարկե, գիտեմ:
ԵՐԿՐՈՐԴ — (հարձակվելով Առաջինի վրա): Իսկ ես ոչնչի չեմ հավատում: Այլևս ոչնչի չեմ հավատում: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (Առաջինին): Ասացեք, իսկ դուք երբևէ խոսե՞լ եք Աստծո հետ:
ԱՌԱՋԻՆ — Առանց դրա չի լինի:
ԵՐԿՐՈՐԴ — (քմծիծաղում է): Ամեն առավոտ ու ամեն երեկո:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (Առաջինին): Այդ դեպքում իմ կողմից մեծ բարև հաղորդեք նրան: Ինձ գրպարտել են ու չեն հավատում, որ ես մեղավոր չեմ:
ԱՌԱՋԻՆ — (վախեցած նայելով նրան): Իսկ ինչո՞ւմ են մեղադրում ձեզ, եթե գաղտնիք չէ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Նա գիտե: (Հեռանում է):
ԵՐԿՐՈՐԴ — (անսպասելի գոռում է նրա ետևից): Բարի ճանապարհ, պարոն, բարի ճանապարհ: (Ծիծաղում է):
Գյուղ: Լուսինը լուսավորում է ձնեմարդուն: Հայտնվում են երկու գեղջուկ աղջնակներ:
ԱՌԱՋԻՆ — Տես, ձնեմարդ:
ԵՐԿՐՈՐԴ — Եղբայրս է ծեփել: Արի ձեռքը պոկենք, թող կատաղի: (Փայտով խփում է ձնեմարդու աջ ձեռքին):
ԱՌԱՋԻՆ — Իսկ ես գլուխը կպոկեմ: (Հարվածում է):
Հայտնվում է Դոն Ժուանը, աղջնակները վախեցած են:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Որտե՞ղ է կայարանը:
ԱՌԱՋԻՆ — Այնտեղ:
ԵՐԿՐՈՐԴ — Շտապո՞ւմ եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո:
ԵՐԿՐՈՐԴ — Այսօր գնացք չի լինի, վերջինն արդեն մեկնել է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այդպես… (Շուրջն է նայում): Իսկ որտե՞ղ կարելի է գիշերել:
ԱՌԱՋԻՆ — Պանդոկում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ուրիշ տեղ չկա՞:
ԱՌԱՋԻՆ — (ուսերը թոթվելով): Չէ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հըմ… (Մտքերի մեջ է: Դադար):
ԵՐԿՐՈՐԴ — Ինչո՞ւ չեք ուզում պանդոկում գիշերել: Ինչ-որ բա՞ն եք արել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (թեթևակի ցնցվելով): Ե՞ս… (Ձեռքը տանում է սրտին): Ի՞նչ նկատի ունես:
ԵՐԿՐՈՐԴ — Իբր չգիտենք: Մեր հայրիկն էլ մութ գործ էր բռնել, իսկ հետո տեղից շարժվել չէր կարողանում, որովհետև վախենում էր գրանցման թերթիկից: (Քմծիծաղում է):
ԱՌԱՋԻՆ — (գործնական): Նա անտառում սառավ-մեռավ:
Դոն Ժուանը ապշած նայում է նրանց:
ԵՐԿՐՈՐԴ — Դա վաղուց է եղել: Տարիուկես առաջ: (Խփում է ձնեմարդու գլխին):
Առաջինը պոկում է ձնեմարդու մյուս ձեռքը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ձեզ ի՞նչ է արել ձնեմարդը:
ԱՌԱՋԻՆ — Ոչինչ: Բայց նրան ծեփողը…
ԵՐԿՐՈՐԴ — Վաղը, միևնույն է, կհալվի:
ԱՌԱՋԻՆ — Օրերը տաքանալու են: (Ձնեմարդը կտոր-կտոր է անում):
Սենյակ պանդոկում: Դոն Ժուանը լրացնում է գրանցման թերթիկը, հետո զանգում: Հայտնվում է Տանտիրուհին՝ շատախոս ու հետաքրքրասեր:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Խնդրեմ, լրացրի: (Տալիս է թերթիկը):
ՏԱՆՏԻՐՈԻՀԻ — Շատ շնորհակալ եմ: (Զննելով թերթիկը): Ուրեմն՝ պարոնը վաճառական է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո: Ու խնդրում եմ ինձ վաղ արթնացնել, որ չուշանամ առաջին գնացքից:
ՏԱՆՏԻՐՈԻՀԻ — (ընդհատելով): Ձեր ինչի՞ն է պետք առաջինը, անհարմար գնացք է, ավելի լավ է մեկնեք երկրորդով: Ես նախաճաշի համար չեմ ասում, միևնույն է, դրանով փող չես աշխատի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Երկրորդով կուշանամ մյուս գնացքից:
ՏԱՆՏԻՐՈԻՀԻ — Ախ, դուք շարունակելո՞ւ եք ճանապարհը:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Գնում եմ հարսնացուիս մոտ: (Ժպտում է):
ՏԱՆՏԻՐՈԻՀԻ — Այ քեզ հրաշք… Իսկ որտե՞ղ է ապրում ձեր հարսնացուն:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Մենք վաղուց չենք տեսնվել:
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Այդ ինչպե՞ս:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ծառայության մեջ էի: (Ժպտում է):
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Հա, դա բոլորիս խաչն է: Փոխարենը հիմա պատմելու շատ բան կունենաք…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Երևի:
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Հարսանիքը շո՞ւտ կլինի:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (քմծիծաղով): Երևի…
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Այ թե համարձակն եք: (Դոն Ժուանը ձեռքը տանում է սրտին): Ի՞նչ եղավ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կամաց): Սիրտս է ցավում:
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Զգույշ եղեք, սիրտը հանաք բան չէ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նստում է): Մի բաժակ ջուր կտա՞ք:
ՏԱՆՏԻՐՈՒՀԻ — Հիմա, պարոն փեսացու: (Գնում է):
Փոքրիկ քաղաքում՝ տատի տան առջև: Օրը չի ավարտվել, բայց արև չկա, ամեն ինչ ձյան տակ է: Երկաթե ցանկապատի մոտ կանգնած են երկու աղջնակ՝ դպրոցական պայուսակներով: Նրանք քաշում են դռան զանգն ու փախչում:
ԱՂԱԽԻՆ — (դուռը բացելով): Ո՞վ է: (Գոռում է): Հեյ, ո՞վ կա այդտեղ: (Աղջնակները կամաց քրքրջում են): Հաստատ էդ անբաններն են: Ուզում են չարացնել պառավ վհուկին, իսկ վազվզողը ես եմ: (Ջղային գնում է):
ԱՌԱՋԻՆ — (Երկրորդին): Հիմա քո հերթն է:
ԵՐԿՐՈՐԴ — Հիմա զանգ տալ ցույց կտամ: (Ամբողջ ուժով զանգում է: Թաքնվում են: Դադար):
ՏԱՏԻԿ — (հայտնվում է, ձեռնափայտին հենված նայում է շուրջը, կամաց): Դե, ո՞ւր կորաք: Ականջներդ կկտրեմ, ձեր վերջը կտամ, սատանի ծնունդներ, կապկտրածներ, մի անգամ էլ փորձեք… (Ճոճում է ձեռնափայտը, գնում):
ԱՌԱՋԻՆ — Դե, զանգը տուր:
ԵՐԿՐՈՐԴ — Չէ, հիմա դու:
ԱՌԱՋԻՆ — Ես արդեն երկու անգամ զանգել եմ: (Լռում է, ցույց է տալիս փողոցը): Սպասիր, ինչ-որ մեկը գալիս է:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մոտենալով): Ասացեք, ո՞րն է այստեղ վեցերորդ տունը:
ԵՐԿՐՈՐԴ — (ցույց տալով տատիկի տունը): Ահա:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նայելով տանը): Իսկ ո՞ւր է համարը:
ԱՌԱՋԻՆ — Ձյունը ծածկել է:
Աղջնակները փախչում են: Դոն Ժուանը նայում է նրանց ետևից, հետո զանգում: Լռություն: Նորից է զանգում: Երրորդ անգամ:
ՏԱՏԻԿ — (հայտնվում է, զայրույթից դողալով ճչում է): Ո՞վ է զանգում, ով… Ո՞վ ինձ հանգիստ չի տալիս: (Նկատելով Դոն Ժուանին՝ լռում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Պարդոն, սա վեցերորդ տո՞ւնն է:
ՏԱՏԻԿ — (կասկածով նրան զննելով): Ի՞նչ եք ուզում: Ինձ ոչինչ պետք չէ, ես ամեն ինչ ունեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով): Ես աղքատ չեմ: Ուզում եմ խոսել օրիորդի հետ: (Պառավը՝ վախեցած ու զարմացած, նայում է նրան): Նա տա՞նն է: (Պառավը լուռ նայում է): Հարցնում եմ՝ նա տա՞նն է:
ՏԱՏԻԿ — (խլաձայն): Դուք իմ թոռնիկի՞ն եք փնտրում:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (թեթևակի խոնարհվելով): Այո:
ՏԱՏԻԿ — Իսկ ինչպե՞ս հայտնեմ ձեր մասին:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ժպտալով): Կուզենայի ինքս նրան զարմացնել: (Դադար):
ՏԱՏԻԿ — Ես գիտեմ՝ ով եք…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (ցնցվում է, ձեռքը տանում սրտին): Որտե՞ղ է նա:
ՏԱՏԻԿ — Այդ մասին՝ հետո: Է՞լ ինչ եք ուզում նրանից: (Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (հատու): Եկել եմ նրան ասելու, որ չի կարելի մարդուն այսքան սպասեցնել տալ, որ պետք է պատասխանատվություն զգալ մեկի նկատմամբ, ով կուզենար ուղղվել…
ՏԱՏԻԿ — (ընդհատելով): Եվ դա ասում եք դո՞ւք, դո՞ւք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո, ես սրիկա եմ եղել: Բայց ես ուզում էի ամեն ինչ սկսել սկզբից…
ՏԱՏԻԿ — (ատելությամբ): Դա ձեր բանը չէ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հիմա արդեն ես էլ չեմ ուզում: Այ, եթե նա ինձ պատասխաներ, ամեն ինչ այլ կերպ կլիներ:
ՏԱՏԻԿ — (հեգնանքով): Դժվար թե…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հաստատ: Որտե՞ղ է նա թաքնվել: Ես ուզում եմ վերջապես հասկանալ, թե ինչո՞վ է այդպես կապել իրեն, որ այլևս չկարողացա մեկ ուրիշին մոտենալ… Ի՞նչն է ինձ պահում մինչև հիմա: Ես անգամ չեմ հիշում, թե նա ինչ տեսք ուներ: (Ձեռքը տանում է սրտին, գունատվում է):
ՏԱՏԻԿ — Ձեզ ի՞նչ եղավ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կամաց): Ինձ չի կարելի հուզվել: (Դադար):
ՏԱՏԻԿ — Իսկապե՞ս: (Քմծիծաղում է: Դադար):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կամաց): Ասացեք, ուրիշը կա՞ նրա կյանքում:
ՏԱՏԻԿ — Դուք հանգուցյալի եք փնտրում: (Դոն Ժուանր ապշահար նայում է նրան): Նա լքել է մեզ: 1916 թվականի մարտի երեքին…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Լքել է մեզ…
ՏԱՏԻԿ — Նա չէր ուզում ապրել: Ինչ-որ մի սրիկա պատասխանատվության չնչին զգացում չուներ… Դուք աղոթելը չե՞ք մոռացել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — 1916 թվականի մարտի երեքին… ուրեմն, նա չի՞ հասցրել կարդալ իմ նամակները:
ՏԱՏԻԿ — Ոչ, միայն ես եմ կարդացել: (Դոն Ժուանր շրջվում է, կարծես հետապնդում են): Դուք վախենո՞ւմ եք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Այո:
ՏԱՏԻԿ — Մեռածները հիշաչար չեն, նրանք թողնում են, որ ինքներս մեզ հետ մնանք: (Քմծիծաղում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (սևեռուն նայելով): Զգուշացեք, հնարավոր է, որ շուտով ձեզ այցելեն:
ՏԱՏԻԿ — (սարսափած ճչում է): Աննա, Աննա: (Հայտնվում է աղախինը): Պարոնին ուղեկցիր գերեզմանի մոտ: Նա հեռավոր ազգական է…
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ինքս էլ ճամփան կգտնեմ:
ՏԱՏԻԿ — Ոչ, մեկ էլ տեսար՝ ճամփան կորցրիք:
Գերեզմանատանը: Հայտնվում են Դոն Ժուանն ու Աղախինը: Մթնում է:
ԱՂԱԽԻՆ — Ահա դժբախտ օրիորդը….
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (մոտենում է գերեզմանին, նայում երկնքին): Նորից ձյուն է գալու: (Անվստահ): Ասացեք, ինքն իրեն ինչ-որ բա՞ն է արել:
ԱՂԱԽԻՆ — Ինչո՞ւ այդպես մտածեցիք: Ոչ, ջահել տիրուհին իր մահով մահացավ: Նա միայն տառապում էր ու գիշեր ու ցերեկ արտասվում, իսկ հետո հանկարծ սկսեց ծիծաղել և այդ պահից անընդհատ ծիծաղում էր: Դա այնքան սարսափելի էր, կարծես հիմա էլ տեսնում եմ, թե ինչպես նրան տարան:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Ո՞ւր:
ԱՂԱԽԻՆ — Բարի հովիվների մոտ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Դա ի՞նչ է:
ԱՂԱԽԻՆ — Փակ հաստատություն: (Ձյուն է գալիս): Մյուս կողմում քույրս է թաղված: Գնամ, «Հայր մերն» աղոթեմ ու արագ վերադառնամ: (Գնում է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (խոսքն ուղղված է մեռած հարսնացուին): Մրսո՞ւմ ես, երբ ձյուն է գալիս: Գուցե քեզ մո՞տ պիտի գամ: Այո, ես կփնտրեմ քեզ, ասես դեռ ողջ ես: Չէ՞ որ արդեն գիտեմ՝ ինչ տեսք ունես… Ցտեսություն: (Ուզում է գնալ, վերարկուի փեշը կառչել է գերեզմանի ցանկապատից): Դու ինձ չե՞ս թողնում: Ինչ-որ բա՞ն ես ուզում ասել: (Լսում է, խաղաղ ժպտում): Ոչ, ես քեզ երբեք չեմ մոռանա… Ինչո՞ւ ես ծիծաղում: (Սարսափած պոկվում է տեղից, ձեռքը տանում է սրտին):
ԱՂԱԽԻՆ — (վերադառնում է): Ինչ արագ մթնեց, դեռ կմնա՞ք այստեղ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նայելով վերև): Ձյուն է գալիս…
ԱՂԱԽԻՆ — (ժպտալով): Իսկական ձնեմարդ եք դարձել:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (խաղաղ ժպտալով): Այո, իրոք որ, եղանակը տաքանում է… (Նստում է քարին):
ԱՂԱԽԻՆ — (անհանգիստ): Ի՞նչ եղավ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — Հոգնել է ձնեմարդը:
ԱՂԱԽԻՆ — Քարը սառն է, այդպես կմրսեք մահու աստիճան: Ես կարո՞ղ եմ գնալ, մեծ լվացք ունեմ:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (կամաց): Իհարկե, իհարկե:
ԱՂԱԽԻՆ — Ճամփան կգտնե՞ք:
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նորից է շրջվում, ասես հետապնդում են): Ես դեռ կսպասեմ մեկին:
ԱՂԱԽԻՆ — Այդ դեպքում ցտեսություն, պարոն: Միայն շատ երկար չսպասեք: (Գնում
է):
ԴՈՆ ԺՈՒԱՆ — (նորից է դիմում մեռած հարսնացուին): Դեռ երկա՞ր սպասեմ: Ծիծաղիր, ծիծաղիր… Ի՞նչ է քեզ արել ձնեմարդը: (Խաղաղ ժպտում է): Խփիր նրան, ի՞նչ ես սպասում, միևնույն է, վաղը նա կհալչի, օրերը տաքանում են: Ադյո, ձնեմարղ…