ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՅԴՊԻՍԻՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
Նրա խաղային որակներից որոշները գուցե թե մեր թատերական համայնքում էլի պատահեն: Սակայն այս դերասանուհու վելվետային խառնվածքն ու Հովհաննես Թեքգյոզյանի բնորոշած ջազային ձայնը դժվար թե այլ բեմահարթակներում գտնվի, որովհետև ինքն իր ստեղծագործական խենթությանը հավատարիմ Կարինե Ջանջուղազյանն է:
Տ. Մ. —Վերջին տարիներին Ձեր հարազատ թատրոնում նոր դերեր չստանձնելն ինչո՞վ է պայմանավորված.
Կ. Ջ. — Երևի թե այն հանգամանքով, որ մեր թատրոնում նոր սերունդ է երևան եկել: Մեկը մեկից լավն են, ինչի համար անսահման ուրախ եմ: Բուռն գործունեություն են ծավալում: Ինքս էլ եղել եմ երիտասարդ և այդ տարիքում խելառություններ անելու ծարավ էինք: Լիովին ըմբռնում եմ իրենց մղումները և հասկանում, որ նրանց տարիքում անելիքները շատ են: Գուցե իմ տարիքում էլ ասելիքն է շատ, քանի որ կենսափորձ ու կուտակումներ են ամբարված: Պատճառներից մեկն էլ այն է, որ երկար ժամանակ զբաղված էի իմ բավական բարդ մենաներկայացումով: Այնպես չէր, որ անտեսված էի և առաջարկներ չէի ստանում, պարզապես նշածս զբաղվածության բերումով խնդրել էի, որ մի առ ժամանակ ինձ չանհանգստացնեն: Հիմա էլ Նարինե Գրիգորյանի հետ քննարկումներ ունենում ենք:
Առհասարակ, ես ոգեշնչման մարդ եմ:
Տ.Մ. — Այդ դեպքում, արդյո՞ք Ձեր գունատեսակի պակասից թատրոնի ներկապնակը չի տուժում: Որովհետև նշում եք, որ առաջարկներ եղել են:
Կ. Ջ. — Կուզենայի այդ հարցի պատասխանը նաև թատրոնից լսել: Անչափ հետաքրքիր, թերևս՝ դրամատուրգիական կլիներ այն: Հետո, այնպիսի մի առաջարկ դեռ չի եղել, որից կարող էի ոգևորվել: Մեծածավալ կլինի դերը, թե ոչ, ինձ համար չափազանց կարևոր է ոգեշնչման գործոնը: Թե ինչպես է ստացվում, որ մեկ էլ հանկարծ տեսնում եմ դերիս հասցեատիրոջը, նրա մաշկի տակ լինելով ինչ կերպ է օրգանիզմիս քիմիան փոխվում, ինձ համար անբացատրելի է: Անկեղծ ասած, չեմ էլ ցանկանում գիտենալ: Ու քանի դեռ ավյունս չի դավաճանել, ամենից կարևորը, բեմում արարելով երջանկանալը կլինի:
Տատիկ-պապիկների դերակատարումների համար
թող ուրիշ թեկնածուներ փնտրեն:
Տ. Մ. — Ասվածի համատեքստում ժամանակի թելադրած դերատեսակի տարիքային շեմի հետ հաշտության եզրեր գտնելու խնդիր կա՞ այս հարցում:
Կ. Ջ. — Այո, իհարկե: Ես դեռ չեմ հասել տատիկ-պապիկ խաղալու տարիքին: Եվ սա ոչ թե կնոջ կամակորություն է, այլ արտիստական պահանջ, ինչի իրավունքը կարծես թե վաստակել եմ: Որևէ մեկից ինձ առավել կամ պակաս չեմ համարում: Ընդհուպ մինչև իսկ արտերկրի կոլեգաներիցս: Բայց կարծում եմ, որ հանդիսատեսին ուղղելիք խոսքս վերապրած ճշմարտություն է, ինչի փոխարեն տարեցի ձևացում հրամցնելը իմը չէ: Մասնագիտական բարեխղճությանը դեմ է:
Մեր տեսակին տեր կանգնող չեղավ:
Տ. Մ. — Խաղում եք հիմա Էդիթ Պիաֆի կերպարը «Ճնճղուկը» մենաներկայացման մեջ: Գիտեմ, որ ցանկություն ունեիք նաև Կուրաժ մայրիկ խաղալ: Այս կերպարների մեջ ինչպիսի՞ հանգամանքներ ու հոգեկան որակներ են Ձեզ գրավել:
Կ. Ջ. — Խարիզմատիկ մարդիկ գրավում են: Ու թող ներվի ինձ իմ մեծախոսությունը, բայց երբ կարդում էի Բրեխտի այդ ստեղծագործությունը, ինքս ինձ խոստովանելով հայտարարեցի, որ գերմանացին ինձ համար է Կուրաժ մայրիկը գրել: Սակայն արդեն այնքան հիասթափություններ եմ ապրել նրա բեմական ընթերցման հետ կապված խոչընդոտներից, որ չէի էլ ցանկանա խոսել այդ կերպարի մասին: Ի դեպ, երբ երիտասարդ էի, ինձ նաև ասում էին, թե պետք է պարտադիր Ժաննա դ’ Արկ խաղամ: Եվ ի՞նչ: Միայն խոստումներ, ու այդպես էլ այդ նախագծի մեջ ներդրում անող չեղավ: Բնավորությամբ էլ այնպիսին չեմ, որ ինչ-որ մեկի ոտքերն ընկնելով գումար աղաչեմ: Ինչքա՞ն կարելի է թևաթափ լինել ու նորից ոգեշնչվել: Ինչևէ, փոխարինելու եկավ Էդիթ Պիաֆը, ում մոտենալուց մահու չափ վախենում էի: Այդուհանդերձ, հանդիպումն ի վերջո կայացավ, ինչի համար անասելի երախտապարտ եմ դստերս՝ ռեժիսոր Աննա Բայաթյանին: Զգալով չպարպված բեմական լիցքերս՝ ասաց. «Մամ, ես քեզ համար կստեղծեմ միջավայր, որտեղ դու կկարողանաս ապրել»: Պիաֆն ինձ մի քիչ փրկեց, որովհետև ոչ որպես մայր և դուստր, այլ իբրև թիմակիցներ նույն տեսլիքն էինք մտապատկերում: Նույն կերպ էինք զգում:
Մենք ռեժիսորների սով ունենք:
Տ. Մ. — Ա՞յդ էր պատճառը, որ Էդիթին էլ սայլանման հեծանիվով բեմ բերեցիք:
Կ. Ջ. — Ամենայն հավանականությամբ ենթագիտակցական մղումով արված ինտուիտիվ քայլ է դա, ինչի պատճառն էլ ենթադրելի է: Երկուսն էլ, անկախ ամեն տեսակ դժվարություններից ու դժբախտություններից՝ առանց նեղսրտելու իրենց սայլը քշող տեսակն են: Սեփական ուղուն հավատարիմները, ովքեր, ի հեճուկս կորուստների, իրենց ոգու հզորությամբ վարակում են: Նրանց բեմական ներկայությունը հավուր պատշաճի մեկնաբանող ռեժիսորներ, մենք, կարելի է ասել՝ գրեթե չունենք: Մի քանի հոգին շատ քիչ է, որ երկրում հասարակություն ձևավորվի: Հատկապես առողջ քաղաքացիական դիրքորոշում ունեցող հասարակություն: Թատրոնն ի վերջո բազմահազարանոց լսարանի հետ գործ ունի:
Դերերն ապաշխարանքի միջոց են:
Տ. Մ. — Փաստորեն ուղղակիորեն, թե անուղղակիորեն, առաջ է գալիս միայնակ մարդու խնդիրը: Ու էդպիսին է նաև Խոդիկյանի «Լույսը կբացվի» պիեսի կնոջ կերպարը: Ձեր խաղացանկում կարծես թե կնոջ այդ տեսակն է դոմինանտ: Ինչո՞ւ…
Կ. Ջ. — Որպես մարդ ինքս ինձ համար բացահայտել եմ, որ միայնակություն ասվածը չկա: Մի օր պարզ հասկացա, որ երբեք միայնակ չեմ մնա: Այնքան ընկերներ ունեմ. Շոպենհաուերից սկսած մինչև Շեքսպիր: Կերպարավորածս կանայք էլ ոչ սովորական մահկանացուներ են: Մարդանման մակերեսային նյութապաշտներից չեն, ում աստվածն իրենց ստամոքսն է: «Լույսը կբացվի»-ում էլ հերոսուհին ասում է՝ դու գնացիր, բայց ես չեմ չարանա: Կյանքը պիտի շարունակվի անկախ ամեն ինչից: Իմ կերպարները երբեք միայնակ չեն մնա, որովհետև իրենք ամուր մարդիկ են: Ինքս էլ բազմաթիվ կորուստներ եմ ունեցել: Կյանք է, ինչ արած…
Տ. Մ. — Իսկ միայնակությանը նետած Ձեր մարտահրավե՞րն է պատճառը, որ մոնոներկայացումներից չեք խորշում: Խիզախում եք մենախաղի ծանրաբեռնվածությունը կրել:
Կ. Ջ. — Ես դյուրությամբ յուրացրի մենաներկայացման մեջ խաղալու ինքնազգացողությունը: Երևի պատճառն այն է, որ ինքս ինձ հետ էլ ինքնաբավ եմ: Նույնիսկ մենախոսությունն ինձ համար երկխոսություն է, ինչից գերագույն հաճույք եմ ստանում: Երգելու նման, ինչը որպես զրույցի ձև նույնպես սիրում եմ: Ամեն բառի խորությունն ու կարևորությունը ուղնուծուծով զգալով բեմ մղվելն է դա, ինչն անել կարենալու համար գոնե մի քիչ խենթ պետք լինես ի բնե:
Սխալներս ինձ համար բուժիչ ցեխ են եղել:
Տ. Մ. — Եվ այս ամբողջի համատեքստում էքսցենտրիկան ի՞նչ դերակատարում ունի կերպարի ընտրման և դրա մեկնաբանման գործընթացում Կարինե Ջանջուղազյանի համար:
Կ. Ջ. — Ինքս էքսցենտրիկ մարդ եմ, բնականաբար, նմանատիպ արտահայտչաձևերն էլ իմ խաղում բացառված չեն: Թեև ոմանք այդ բառի իմաստը թյուր են ըմբռնում: Կարծում են, էքսցենտրիկ երևալու համար պարտադիր պետք է հոգեխանգարվածի դեր խաղաս: Մարազմատիկ ծայրահեղացում է դա: Չեն հասկանում, որ իրական էքսցենտրիկներն են կյանքին համ ու հոտ տվող ազատության ջահակիրները: Աշխարհն իրենց անկեղծությամբ փոխողները, որոնց մշտապես ձգտել եմ կերպարավորել, այլ ոչ թե ուրիշին վնասելով ինքնահաստատվողին: Քիչ չեն նաև ինձ հալածել, բայց թող էլ չփորձեն: Համբերությունս սպառվել է:
Քչփորեց Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ