Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ / «ԱՆԱՎԱՐՏ ԴՐԱՄԱ»

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆԻ «ԱՆԱՎԱՐՏ ԴՐԱՄԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում

 

 

Մարդն իր ինտելեկտով, երևակայության մեխանիզմով պատրանքներ ստեղծող բիոմեքենա է: Պատրանքներ, որոնք բախվելով իրականությանը, փշուր փշուր են լինում

Բայց մենք չենք հանձնվում: Մենք նորից ու նորից պատրանքներ ենք ստեղծում ու փախչում իրականությունից:

Եվ մարդկային դրաման անավարտ է մնում

Այս է ամենը և ուրիշ ոչինչ

Ալեքսանդր ՀՈՎՍԵՓՅԱՆ

 

ԱՆԱՎԱՐՏ ԴՐԱՄԱ

Պիես երկու գործողությամբ

 

Գործող անձինք

ՀՈՎԱՆ ԴԱՆԵՆՑնկարիչ, 42 տարեկան

ԴՈՐԱնրա կինը, 38 տարեկան

ԳՈՌնրանց որդին, 19 տարեկան

ԼԱՆԱ ԱՐՅԱՆ – 38 տարեկան

ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ

Կիսախավար բեմում հայտնվում է Դորան: Նա բացում է ձեռքին բռնած տետրը, կարդում է:

ԴՈՐԱ — Հովան Դանենց՝ «Դիմանկար», ողբերգություն երկու գործողությամբ, հինգ պատկերով: Գործող անձինք՝ Հովան Դանենց՝ նկարիչ, Դորա՝ նրա կինը, Գոռ՝ նրանց որդին, Լանա Արյան…

Մթնում էՔիչ անց բեմը լուսավորվում է: Հովան Դանենցի բնակարանն է: Դորան բազմոցին նստած ասեղնագործում է: Ներս է մտնում Հովանը:

ԴՈՐԱ — (մի կողմ է դնում ձեռքի գործը): Ի՞նչ է պատահել, Հովան, գունատ ես…

ՀՈՎԱՆ — Ոչինչ… Ուղղակի գիշերը չեմ քնել:

ԴՈՐԱ — Աշխատո՞ւմ էիր…

ՀՈՎԱՆ — Այո՛:

ԴՈՐԱ — Քաղցա՞ծ ես…

ՀՈՎԱՆ — (գլուխը ժխտական շարժում է): Ոչինչ չի ստացվում:

ԴՈՐԱ — Սո՞ւրճ…

ՀՈՎԱՆ — Ոչ, ամբողջ գիշեր սուրճ եմ խմել ու ծխել եմ… Չի ստացվում… Ես դարձել եմ իմ տեխնիկայի գերին: Տեխնիկա, որով բոլորը հիանում են… Գուցե կտրե՞մ դաստակներս…

ԴՈՐԱ – Հովա՛ն…

ՀՈՎԱՆ — (ծիծաղում է): Պատկերացնո՞ւմ ես, կտրում եմ դաստակներս և արյունոտ ձեռքերով վերցնում եմ ներկերն ու դնում կտավին…

ԴՈՐԱ – Վե՛րջ տուր, Հովան, գժվեցի՞ր: Դու հոգնե՛լ ես, քեզ հանգստանալ է պետք:

ՀՈՎԱՆ — Երևի՛… Գիշերը, մի պահ, իմ բոլոր գործերը թվացին անմիտ, անշունչ ներկոտված կտավներ: Ես մեծ դժվարությամբ խեղդեցի արվեստանոցն այրելու մոլագար ցանկությունս…

ԴՈՐԱ – Վերջացրո՛ւ, Հովան, նորի՞ց խենթացար… Դու հոգնել ես, քեզ հանգստանալ է պետք: Գնանք գյուղ: Վաղուց չենք եղել մեր ամառանոցում: Գնա՛նք, Հովան…

ՀՈՎԱՆ — Այո՜, այո՜… (Հեգնանքով🙂 Տղամարդը իր կյանքում պարտավոր է տո՜ւն կառուցել…

ԴՈՐԱ – Կառուցե՛լ ես:

ՀՈՎԱՆ — Ծառ տնկել…

ԴՈՐԱ — Տնկելես:

ՀՈՎԱՆ — Իրոք որ, կարոտել եմ այգիս:

ԴՈՐԱ — Արու զավակ ունենալ…

ՀՈՎԱՆ — Հա, Գոռն ո՞ւր է:

ԴՈՐԱ -Նա այսօր տանը չի գիշերել:

ՀՈՎԱՆ — Զանգահարել, զգուշացրե՞լ է:

ԴՈՐԱ — Ոչ, նա էլ քեզ պես այդ սովորությանը չունի, պտուղը ծառից…

ՀՈՎԱՆ — Պտուղը ծառից հեռու չի ընկնում, եթե ծառը չի աճում մեծ թեքության վրա, և եթե ծաոի տակ չկա արագ հոսող առվակ… Ինչպե՞ս են դասերը:

ԴՈՐԱ — Իր ասելով՝ նորմալ… Սակայն վերջերս մի տեսակ ինքնամփոփ է դարձել: Միշտ մռայլ է: Երբ հարցնում եմ, թե ինչ է պատահել, շփոթված ժպտում է ու պատասխանելով՝ «ոչինչ», փակվում է իր սենյակում:

ՀՈՎԱՆ — Գուցե նոր բանաձև է հորինում:

ԴՈՐԱ — Գուցե…

ՀՈՎԱՆ — Ինչո՞ւ, ինչո՞ւ նա իրեն տվեց գիտությանը… (Հեգնանքով🙂 Ֆիզմա՜թ… Նրանից հոյակապ նկարիչ դուրս կգար:

ԴՈՐԱ — Մեզ, ավելի ճիշտ՝ քեզ հակառակվելու մի ձև:

ՀՈՎԱՆ — Իրավացի ես: Ես էլ էի այդպիսին: Ինչ արել եմ կյանքում, արել եմ ի հեճուկս ուրիշների:

Ներս է մտնում Գոռը:

ԳՈՌ – Ողջո՛ւյն:

ՀՈՎԱՆ — Ողջույն, Գոռ:

ԴՈՐԱ — Լույս քեզ տեսնողին, որդիս, ո՞ւր էիր:

ԳՈՌ — Գործեր ունեի, կարևոր գործեր: Ինձ չե՞ն զանգել:

ԴՈՐԱ — Ոչ… Ես ու հայրդ ուզում ենք գյուղ գնալ, կգա՞ս մեզ հետ:

ԳՈՌ — Իսկ դասե՞րս…

ԴՈՐԱ — Քո ազատ օրերին՝ շաբաթ, կիրակի:

ԳՈՌ — Տեսնենք… Հայրիկ, քեզ հետ խոսելու բան ունեմ:

ՀՈՎԱՆ — Ասա, լսում եմ:

ԳՈՌ — Ուզում եմ առանձին խոսել… Կներես, մայրիկ…

ԴՈՐԱ — Խնդրեմ, խնդրեմ, գնամ ճաշ տաքացնեմ: Գուցե այսօր մեզ հաջողվի միասին սեղան նստել:

Դորան գնում է:

ՀՈՎԱՆ — Դե, ի՞նչ է պատահել:

ԳՈՌ — Չգիտեմ ինչպես սկսեմ:

ՀՈՎԱՆ — Միանգամից, առանց նախաբանի:

ԳՈՌ — Ես սիրահարվել եմ…

ՀՈՎԱՆ — Օ՜, վաղուց ժամանակն է:

ԳՈՌ — Նա ինձնից մեծ է…

ՀՈՎԱՆ – Հետո՛ ինչ…

ԳՈՌ — Ուզում եմ ամուսնանալ նրա հետ:

ՀՈՎԱՆ — Ամուսնանա՞լ… իսկ նա քանի՞ տարով է քեզնից մեծ:

ԳՈՌ — Տասնինը…

ՀՈՎԱՆ — Ի՞նչ… Օ՜, դա արդեն թատրոն է:

ԳՈՌ — Մենք սիրում ենք իրար:

ՀՈՎԱՆ — Եվ ուզում եք այդ սերն անհապաղ ամրացնել ամուսնական շղթայով… Գուցե նա երեխայի՞ է սպասում:

ԳՈՌ — Ոչ:

ՀՈՎԱՆ — Դու ուզում ես ամուսնանալ մի կնոջ հետ, որը քո մոր տարիքին է: Պատկերացնո՞ւմ ես, թե մի քանի տարի անց…

ԳՈՌ – Այո՛, այո՛, պատկերացնում եմ… Բայց… (Լռում է🙂

ՀՈՎԱՆ — Լավ, Գոռ, եկ այսպես անենք… Եթե դա իրոք սեր է, ու միակ ելքը ամուսնանալն է՝ ամուսնացի՛ր… Այո, այո, ամուսնացի՛ր: Միայն մի բան եմ խնդրում՝ մի շտապիր, հանգիստ կշռադատիր: Խնդրում եմ, Գոռ, մի շտապիր:

ԳՈՌ — Շնորհակալություն, հայրիկ:

Լսվում է Դորայի ձայնը. «Տղաներ, ամեն ինչ պատրաստ է, սեղանը ձեզ է սպասում»:

ՀՈՎԱՆ — (կանչում է): Դորա՜, Դորա՜… Կանչեմ՝ պատմենք: Ինձ թվում է՝ նա կհասկանա: Դորա՜…

ԳՈՌ – Դո՛ւ խոսիր: Ես գնամ՝ նոր: Խնդրում եմ…

Ներս է մտնում Դորան:

ԴՈՐԱ — Լսում եմ, Հովան: Ավարտեցի՞ք ձեր տղամարդկային զրույցը:

ՀՈՎԱՆ – Այո՛, այո՛… Հա, ի՞նչ էի ուզում խնդրել… Գինի ունե՞նք:

ԴՈՐԱ — Ունենք, սեղանին է: Ամեն ինչ նորմա՞լ է…

ՀՈՎԱՆ — Նորմալ է…

ԴՈՐԱ — Դե գնանք, սեղանը մեզ է սպասում:

ԳՈՌ — Ես չեմ կարող, շտապում եմ:

ԴՈՐԱ — Արագ կճաշես ու կգնաս:

ԳՈՌ — Ոչ, ներիր, չեմ կարող: (Մոտենում, համբուրում է մորը🙂 Քաղցած չեմ:

ԴՈՐԱ – Գո՛ռ…

ՀՈՎԱՆ — Վերջ տուր, Դորա, եթե կարողանար, կմնար:

ԳՈՌ — Իհարկե: Դե, ես գնացի: Ցը՜… (Դուրս է գալիս🙂

ԴՈՐԱ — Ինչի՞ մասին էիք զրուցում, Հովան, ի՞նչ է պատահել:

ՀՈՎԱՆ — Ոչինչ էլ չի պատահել: Պարզապես մեր որդին սիրահարվել է և ուզում է ամուսնանալ սիրած կնոջ հետ:

ԴՈՐԱ — Ամուսնանա՞լ… Նրանք երեխայի են սպասո՞ւմ:

ՀՈՎԱՆ — Ոչ, բայց որ մեր ապագա հարսնացուն աղջիկ չէ, դա հաստատ է… Նա մեր որդուց մեծ է:

ԴՈՐԱ — Մե՞ծ է… Քանի՞ տարով…

ՀՈՎԱՆ — Նստիր, խնդրում եմ, Դորա, նստիր, որ չընկնես…

Դորան նստում է բազկաթոռին:

ԴՈՐԱ — Դե՞…

ՀՈՎԱՆ — Տասնի՜նը…

ԴՈՐԱ — Ի՞նչ…

ՀՈՎԱՆ — Այո, Դորա, մեր տղան սիրահարված է իրենից տասնինը տարով մեծ մի կնոջ և ուզում է անհապաղ ամուսնանալ:

ԴՈՐԱ — Դու կատակո՞ւմ ես…

ՀՈՎԱՆ — Ոչ, և խնդրում եմ, այդպիսի ողբերգական դեմք մի ընդունիր:

ԴՈՐԱ — Զգում էի, որ նրա հետ ինչ-որ բան է կատարվում… Ո՞վ է այդ կինը, ի՞նչ է նրա անունը…

ՀՈՎԱՆ — Չգիտեմ, չհասցրի հարցնել: Հուսով եմ, մինչև ամուսնանալը Գոռը կծանոթացնի հարսնացուի հետ:

ԴՈՐԱ — Հարսնացու, որն իր մոր տարիքին է:

ՀՈՎԱՆ — Դուք շատ արագ իրար հետ լեզու կգտնեք:

ԴՈՐԱ — Վերջ տուր, ինչպե՞ս ես կարողանում կատակել այսպիսի պահին:

ՀՈՎԱՆ — Իսկ ի՞նչ է պատահել որ…

ԴՈՐԱ — Էլ ի՞նչ պիտի պատահի: Մի՞թե չես հասկանում, որ մի փորձված, արկածախնդիր կին իր ճանկն է գցել մեր որդուն:

ՀՈՎԱՆ — Եթե քո ասածն է, վաղ թե ուշ Գոռը դա կզգա ու կհասկանա: Նա այնքան էլ հիմար չէ: Իսկ եթե նրանք իրոք սիրո՞ւմ են իրար, Դորա:

ԴՈՐԱ — Ի՞նչ, ո՛չ, ո՛չ… Ի՞նչ սեր… Այդ կնոջն ինչ-որ բան է հարկավոր… Մինչև Գոռը հասկանա, կարող է ուշ լինել: Դու գոնե զայրացա՞ր, ասացի՞ր, որ այդ ամուսնությունը հիմարություն է:

ՀՈՎԱՆ – Ո՛չ, Դորա: Եթե այդպես վարվեի, նրա մեջ իսկույն կարթնանար հակառակության ոգին, ու հենց վաղը նա կամուսնանար: Ես ձևացրի, որ հանգիստ եմ ընդունում այդ լուրը, բայց խնդրեցի, որ նա չշտապի ու ամեն ինչ կշռադատի:

ԴՈՐԱ — Պետք է պարզել, պետք է շտապ իմանալ, թե ո՞վ է այդ կինը, և ինչ է նրա ուզածը:

ՀՈՎԱՆ — Կարծում եմ, շուտով ամեն ինչ կիմանանք:

Բեմը մթնում է:

 

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ

Լանա Արյանի առանձնասենյակում Դորան ու Լանան են:

ԼԱՆԱ — Դե, խոսիր, մանկության իմ ամենահարազատ ընկերուհի… Ասա՛, լսում եմ…

ԴՈՐԱ — Չգիտեմ, ինչից և ինչպես սկսեմ:

ԼԱՆԱ — Գործերդ ինչպե՞ս են:

ԴՈՐԱ — Վատ չեն…

ԼԱՆԱ — Իսկ ամուսնուդ՝ Հովանի՞նը…

ԴՈՐԱ – Նորմա՛լ…

ԼԱՆԱ — Նա մի քիչ ծերացել է, այնպես չէ՞…

ԴՈՐԱ — Երևի… Դու նրան տեսե՞լ ես:

ԼԱՆԱ — Այո, մեկ անգամ՝ մեքենայից… փողոցն էր անցնում:

ԴՈՐԱ — Դու ինչպե՞ս ես, Լանա… Վաղո՞ւց ես քաղաքում:

ԼԱՆԱ — Շուտով մի տարին կլրանա: Երբ Մոսկվայում ավտովթարից զոհվեց ամուսինս, վաճառեցի ամեն ինչ ու վերադարձա:

ԴՈՐԱ — Ցավակցում եմ:

ԼԱՆԱ — Շնորհակալություն… Դե, կարծես թե լարվածությունն անցավ:

ԴՈՐԱ — Այո, որոշ չափով…

ԼԱՆԱ — Ցանկանում ես խոսել որդո՞ւդ մասին:

ԴՈՐԱ — Այո, ի՞նչ ես ուզում նրանից:

ԼԱՆԱ – Ոչի՛նչ:

ԴՈՐԱ — Նա երեկ հայտարարեց, որ պատրաստվում է ամուսնանալ քեզ հետ:

ԼԱՆԱ — Հովանը գիտի՞ այդ մասին:

ԴՈՐԱ — Այո… Բայց նա դեռ չգիտի, թե ով է այդ կինը: Երբ հարցուփորձով իմացա, որ Գոռը քեզ հետ է կապված, անմիջապես այստեղ եկա:

ԼԱՆԱ — Քո տղան ոչ թե կապված է, այլ սիրահարված է ինձ:

ԴՈՐԱ — Այո, այո, ներիր…

ԼԱՆԱ — Շարունակիր:

ԴՈՐԱ — Լանա, խնդրում եմ, խղճա որդուս:

ԼԱՆԱ — Խղճամ Գոռի՞ն: Մի՞թե նա դրա կարիքն ունի:

ԴՈՐԱ – Ունի՛… Մի՛ կործանիր նրան, Լանա… Աղաչում եմ, վերադարձրո՛ւ որդուս…

ԼԱՆԱ — Այդ վերջին արտահայտությունը ինձ շատ ծանոթ է… Տարիներ առաջ ես էի աղաչում քեզ, որ վերադարձնեիր ինձ իմ Հովանին… Հիշո՞ւմ ես, Դորա…

ԴՈՐԱ — Հիշում եմ…

ԼԱՆԱ — Դու երջանի՞կ ես Հովանի հետ… Լռում ես… Գիտե՞ս, հանկարծ ես էլ ուզեցի երջանիկ լինել: Ե՛ս էլ ցանկացա սիրել ու լինել սիրելի: Թե՞ մինչև հիմա էլ համոզված ես, որ ես չեմ կարող սիրել… Հիշում եմ, ինչպես այն ժամանակ ասացիր. «Լանա, դու ընդունակ չես սիրելու: Դու միայն ուզում ես, որ քե՛զ սիրեն ու դառնան այդ սիրո գերին»: Հիշո՞ւմ ես…

ԴՈՐԱ — Հիշում եմ…

ԼԱՆԱ — Ես երջանիկ էի Հովանի հետ ու կարող էի մինչև օրս էլ երջանիկ լինել: Բայց դու՝ ամենամտերիմ ընկերուհիս, խլեցիր, գողացար նրան ինձնից…

ԴՈՐԱ – Լանա՛…

ԼԱՆԱ — Այո, այո, գողացա՛ր… Իսկ հիմա ես գտա իմ կորցրած երջանկությունը: Որքա՞ն կտևի այն՝ տարինե՞ր, ամիսնե՞ր, օրե՞ր, չգիտեմ… Ու այս պահին, երբ  երջանիկ եմ Գոռի հետ, դու նորից ես եկել և ուզում ես նրան խլել ինձնից, ինչպես ժամանակին խլեցիր Հովանին:

ԴՈՐԱ — Ես Հովանին չեմ խլել, ինքն է հեռացել քեզնից:

ԼԱՆԱ — Հա-հա-հա՜… Նա ինձնից հեռանում էր ամեն տարի, ամեն ամիս, ամեն օր… Նա հեռանում էր, որ նորից վերադառնար: Ու մի օր, երբ Հովանը հեռացավ, դու բռնեցիր նրան ու այլևս չթողեցիր… Չէ՞ որ գիտեիր, թե ինչպես էինք իրար սիրում… Օ՜, ինչպես էինք սիրում իրար…

ԴՈՐԱ — Քո այդ «սերը» նրան դարձրել էր հարբեցող, թմրամոլ: Քո սիրուց Հովանը հայտնվել էր անդունդի եզրին… Ես փրկեցի նրան:

ԼԱՆԱ — Փրկեցի՞ր… (Ծիծաղում է🙂 Ո՛չ, ո՛չ: Դու Հովանին զրկեցիր մեծ սիրուց, այդ սերը կորցնելու սարսափից, խենթ, արբեցնող սիրուց ծնված քաղցր տառապանքներից… Փոխարենը տվեցիր մեռյալ հանգստություն ու կենցաղային կարգ ու կանոն… Դու կործանեցիր Հովանին՝ վերածելով նրան կտավներ ներկոտող անհոգի մեքենայի: Ուշ թե շուտ նա ամեն ինչ կհասկանա:

ԴՈՐԱ — Ես սիրել եմ Հովանին ու ամեն ինչ արել եմ նրան կործանումից փրկելու համար: Սակայն հիմա Հովանի մասին չէ, որ մենք պիտի խոսենք, Լանա…

ԼԱՆԱ — Իսկ ո՞ւմ մասին… Քո որդո՞ւ: Մենք սիրում ենք իրար: Ես սիրում եմ Գոռին, Դորա…

ԴՈՐԱ — Ուրեմն նա կործանված է: Որովհետև քո սերը դժբախտություն է բերում:

ԼԱՆԱ — Հա-հա-հա՜… Իմ սերը միայն կենցաղի մեջ թաղված մարդկանց է դժբախտություն թվում: Ով սիրում է ինձ, սիրում է մինչև մահ: Իմացիր, Հովանը սիրել և սիրում է միայն ինձ: Այո, նա փախավ, թաքնվեց, բայց չի նշանակում, որ ազատվեց իր սիրուց: Իսկ ինչ վերաբերում է Գոռին, ապա իմ սիրով երջանկություն եմ պարգևել նրան: Այնտեղ, ննջասենյակում, մոլբերտի վրա կտավ կա: Քո որդին ստեղծում է իմ դիմանկարը: Ես Գոռի մեջ արթնացրել եմ արվեստագետի ոգին: Ուզո՞ւմ ես նայել…

ԴՈՐԱ – Ո՛չ… Գիտե՞ս, քո արածի անունն ինչ է…

ԼԱՆԱ — Ի՞նչ է…

ԴՈՐԱ – Վրե՛ժ… Կանացի վրեժ, ուրիշ ոչինչ… Այո, դու կորցրել ես Հովանին, որին սիրել ես: Սիրել ես այնպես, ինչպես երեխան սիրում է իր ամենաթանկ տիկնիկը, որի հետ խաղում է և անում՝ ինչ սիրտն ուզում է… Դու վաղուց հաշտվել էիր այդ կորստի հետ: Եվ տարիներ անց հանկարծ տեսնում ես, որ քո կորցրած խաղալիքը կենդանացել, մարդ է դարձել… Մարդ, որը սիրում ու ստեղծագործում է, երջանիկ է ու երջանկություն է պարգևում ուրիշներին: Ու այդ ժամանակ է, որ քեզ մոտ ցանկություն է առաջանում վերադարձնել Հովանին: Սակայն հասկանալով, որ դա անհնար է, դու որոշում ես գայթակղելով նրա որդուն՝ վրեժխնդիր լինել: Լանա, քո սերը մութ ու դժոխային անդունդ է: Ու ես ամեն ինչ կանեմ, որ Գոռին, ինչպես ժամանակին Հովանին, ետ պահեմ անդունդը գլորվելուց… Ցտեսություն: (Դուրս է գնում🙂

ԼԱՆԱ — Մնաս բարով, իմ մանկության ամենասիրելի՜ ընկերուհի…

 

ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ

Հովան Դանենցի առանձնասենյակը: Դորան նստած է բազկաթոռին: Հովանը ծխում ու լուռ քայլում է սենյակում:

ՀՈՎԱՆ — Ուրեմն արդեն մի տարի է, ինչ Լանան այստեղ է…

ԴՈՐԱ – Այո:

ՀՈՎԱՆ — Ինչո՞ւ գնացիր նրա մոտ:

ԴՈՐԱ — Չգիտեմ…

ՀՈՎԱՆ — Վթարում զոհված նրա ամուսինը ո՞վ էր, ինչացո՞ւ էր:

ԴՈՐԱ — Չգիտեմ, չհարցրի…

ՀՈՎԱՆ — Խե՜ղճ Լանա…

ԴՈՐԱ — Խե՞ղճ… Դու խղճո՞ւմ ես նրան…

ՀՈՎԱՆ — Իհարկե… Նրա այդ վրեժը, խղճահարությունից բացի, էլ ի՞նչ կարող է առաջացնել… Նա չի հասկանում, որ ժամանակն իր դեմ է… Որ օրեցօր, ժամ առ ժամ նա կորցնում է իր հմայքն ու գեղեցկությունը:

ԴՈՐԱ — Այո, օրեցօր, ժամ առ ժամ նա ծերանում է: Հենց այդ գիտակցությունից էլ նրա վրեժն ավելի ահավոր է լինելու:

ՀՈՎԱՆ — Ի՞նչ ես առաջարկում, ի՞նչ անեմ:

ԴՈՐԱ — Չգիտեմ…

Ներս է մտնում Գոռը:

ԳՈՌ — Բարի լույս:

ՀՈՎԱՆ — Բարիլույս:

ԴՈՐԱ — Գո՞ռ…

ԳՈՌ — Չեմ հասկանում, ձեզ ինչո՞ւ այդքան զարմացրեց իմ հայտնվելը:

ԴՈՐԱ — Այնպես անսպասելի, անաղմուկ մտար, որ…

ՀՈՎԱՆ — Այո, անսպասելի…

ԳՈՌ — Հասկացա… Ե՞րբ եք գյուղ գնում:

ԴՈՐԱ — Վաղը… մյուս օրը կամ…

ԳՈՌ — Մյուս տարի… (Ծիծաղում է🙂

ԴՈՐԱ — Ոչ, ինչո՞ւ ես ծիծաղում… Այս քանի օրը մի գործ կա, հենց ավարտենք, կգնանք:

ԳՈՌ — Այդ գործն ավարտված է, հանգստացեք: Ինչպես ասում են. «Finita la comedia»: Իմացեք, այն կնոջ հետ ամեն ինչ վերջացած է…

ԴՈՐԱ — Ի՞նչ…

ԳՈՌ – Վե՛րջ, ամեն ինչ վերջացած է:

ՀՈՎԱՆ — Չե՞ս կատակում, Գոռ…

ԳՈՌ — Այդպիսի կատակներ չեմ անում, հայրիկ:

ԴՈՐԱ — Գնամ, գնամ խոհանոց…

ԳՈՌ — Ոչ, ոչ, մայրիկ… Ո՞ւր ես գնում, ես քեզ կարոտել եմ, ո՞ւր ես գնում…

ԴՈՐԱ — Կարոտե՞լ ես…

ԳՈՌ — Այո, կարոտել եմ: Դուք իրոք ինձ երեխայի տեղ եք դրել: Հավատացեք, ամեն ինչ վերջացել է: Այլևս նրա մոտ չեմ գնա: Համարեք, որ այդ ամենը չի եղել, որ այդ ամենը երազ էր, մի վատ երազ:

ԴՈՐԱ — Վատ երա՞զ… Գոռ, ներիր ինձ այդ կնոջն այցելելու համար:

ԳՈՌ — Պետք չէ ներողություն խնդրել, մայրիկ: Վե՛րջ… Եկեք մոռանանք ամեն ինչ:

Դորան հուզված դուրս է գնում:

ԳՈՌ — Ի՞նչ պատահեց մայրիկին:

ՀՈՎԱՆ — Ուրախությունից հուզվեց:

ԳՈՌ — Նա չի հավատում, որ այդքան հեշտությամբ կարող եմ մոռանալ այդ կնոջը:

ՀՈՎԱՆ — Երևի…

ԳՈՌ — Հայրիկ, դու սիրո՞ւմ էիր Լանային:

ՀՈՎԱՆ — Ի՞նչ…

ԳՈՌ — Լավ, արի չխոսենք այդ մասին, եթե քեզ տհաճ է…

ՀՈՎԱՆ — Ոչ այնքան, որ չկարողանամ բավարարել քո հետաքրքրասիրությունը: Այո, սիրում էի նրան, բայց ամեն ինչ անցավ, ամեն ինչ վերջացավ…

ԳՈՌ — Անցավ, վերջացավ… Գիտե՞ս, նա ինձ ասաց, որ մինչև այսօր էլ սիրել ու սիրում է միայն քեզ, որ ես նրան պետք էի հիշողության համար: Հետո սկսեց ծաղրել ինձ, հետո սկսեց խենթի նման մեկ ծիծաղել, մեկ լաց լինել: Հոյակա՜պ տեսարան էր…

ՀՈՎԱՆ — Հոյակապ տեսարա՞ն էր…

ԳՈՌ — Նրան այդպիսին չէի տեսել… Նրա խենթությունը սառը ցնցուղ էր: Նա անվերջ, հիստերիկ գոռալով պնդում էր, որ մայրս գողացել է քեզ իրենից… Հետո խոստացավ կործանել ինձ, ինձ՝ Դորայի խղճուկ լակոտին…

ՀՈՎԱՆ — Եվ դու նրան այդ խոսքերը երբեք չես ների…

ԳՈՌ – Երբե՛ք, նա ուզում էր ինձնից մարիոնետ սարքել: Նրա ամեն խոսքն ինձ համար օրենք էր դարձել: Նա ասաց, որ նկարիչն իրեն ավելի է դուր գալիս, քան գիտնականը, ու ես թողեցի դասերս ու սկսեցի նկարել նրա դիմանկարը:

ՀՈՎԱՆ — Գործն ինչպե՞ս էր գնում:

ԳՈՌ – Հոյակապ: Երևի այդպես էլ չավարտեմ…

ՀՈՎԱՆ — Հետաքրքիր է, երկուսս էլ գրեթե նույն վիճակում ենք: Ես նույնպես, ինչքան ժամանակ է, չարչարվում եմ մի դիմանկարի վրա: Բայց ոչինչ չի ստացվում:

ԳՈՌ — Ինձ մոտ ստացվում էր: Բայց ես կիսատ եմ թողել… Քեզ մոտ ուշ թե շուտ կստացվի, դու ի վերջո կավարտես այն: Իսկ ես, ցավոք…

ՀՈՎԱՆ — Հասկանում եմ… Գիտե՞ս, Գոռ, իզուր քեզ տվեցիր գիտությանը: Ես միշտ ասել եմ, որ կարող էիր ուժեղ նկարիչ դառնալ…

ԳՈՌ — Այո, միշտ ասել ես… Բայց քեզնից հետո քո որդին նոր խոսք նկարչության մեջ դժվար թե ասեր: Իսկ գիտության ասպարեզում ես կունենամ իմ ծանրակշիռ դերը: Վաղվանից նորից կփակվեմ գրադարանում ու կթաղվեմ գրքերի մեջ: Դա ուրիշ հաճույք է, ուրիշ: Միայն աշխատանքը կարող է հանել տհաճ վիճակից, այս մղձավանջից:

ՀՈՎԱՆ — Այո, միայն աշխատանքն է, որ կարող է փրկել հոգեկան աղետից…

ԳՈՌ — Տհաճ վիճա՜կ, աղե՜տ, փրկվե՜լ… Փրկվե՞լ… (Բղավում է🙂 Փրկեցեք, փրկեցեք ինձ այդ գեղեցիկ հրեշից… (Խենթի նման ծիծաղում է🙂 Տեր աստված, այս ի՞նչ է կատարվում ինձ հետ… Մի՞թե կարող եմ ներել նրան… Փրկվե՛լ, փրկվե՛լ… (Հիստերիկ ծիծաղում է🙂

ՀՈՎԱՆ — Հանգստացիր, Գոռ, հանգստացիր…

ԳՈՌ – Փրկվե՛լ, փրկվե՛լ… Բայց ումի՞ց եմ ուզում փրկվել… Ինձնի՞ց… Իմ սիրո՞ւց… Այո՛, այո՛, իմ սիրուց… Բայց ինչո՞ւ… ինչո՞ւ… Ո՛չ, ես սիրում եմ նրան: Ես սիրում եմ նրան… Սիրո՜ւմ եմ…

ՀՈՎԱՆ — Հանգստացիր, Գոռ, վերջ տուր… Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել…

ԳՈՌ — Ներիր, ներիր ինձ… Բայց ես չեմ կարող, չեմ կարող նրան մենակ թողնել: Ես համոզված եմ, որ նա իմ օգնության կարիքն է զգում: Ես նրա կողքին պետք է լինեմ… Ես միշտ նրա կողքին պետք է լինեմ…

ՀՈՎԱՆ — Գոռ, արա, ինչ ուզում ես… Սիրիր նրան, փրկիր… Միայն թե, խնդրում եմ, ինձ հանգիստ թող…

ԳՈՌ — Ես քեզ հանգիստ կթողնեմ, բայց դու չես կարող հեռու մնալ այս ամենից, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ինձ, այլև քեզ…

ՀՈՎԱՆ — Ի՞նձ…

ԳՈՌ – Այո՛… Մորս անհանգստությունն ու տագնապն ուրիշ է: Նա վախենում է, որ Լանան կկործանի ինձ: Իսկ դու չես վախենում: Դու ընդհանրապես, երբեք, ոչ մի բանից չես վախեցել: Այս պահին ոչ թե վախենում, այլ խանդում ես…

ՀՈՎԱՆ — Ի՞նչ…

ԳՈՌ – Այո՛, դու խանդում ես ինձ, դու սիրում ես Լանային:

ՀՈՎԱՆ — Ձայնդ կտրիր, խելագար:

ԳՈՌ — Դու խանդում ես: (Հիստերիկ ծիծաղելով բղավում է:) Նա խանդո՛ւմ է…

Դորան վախեցած ներս է մտնում:

ԴՈՐԱ — Հովան, Գոռ, ի՞նչ է պատահել…

ԳՈՌ — Ոչինչ, ամեն ինչ նորմալ է… Գրողը տանի, նա այնտեղ մենակ տանջվում է, իսկ ես այստեղ… ինչ ստորն եմ…

Դուրս է վազում:

ԴՈՐԱ — Այդ ո՞ւր, Գոռ… Ո՞ւր գնաց, Հովան…

ՀՈՎԱՆ – Գնաց՝ հասնի իր անավարտ դիմանկարին:

Գնում է դեպի դուռը:

ԴՈՐԱ — Իսկ դո՞ւ ուր ես գնում…

ՀՈՎԱՆ — Ես էլ գնամ, հասնեմ իմ կտավին…

Դուրս է գնում:

 

ԵՐԿՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ

Լանա Արյանի ննջասենյակը: Լանան նստած է բազկաթոռին: Նրա շուրջը բազմաթիվ մոմեր են վառվում: Գոռը մոլբերտի առաջ նկարում է նրա դիմանկարը:

ԼԱՆԱ — Երբ վերջացնես, դիմանկարն ի՞նչ ես անելու:

ԳՈՌ — Պարզ չէ՞, որ քեզ եմ նվիրելու:

ԼԱՆԱ — Ու ես ինչ ուզեմ, կանե՞մ նրա հետ:

ԳՈՌ – Իհարկե:

ԼԱՆԱ — Իսկ եթե ցանկանամ այրե՞լ…

ԳՈՌ — Հազիվ թե այդպիսի ցանկություն ունենաս:

ԼԱՆԱ — Ինչո՞ւ…

ԳՈՌ — Որովհետև նա շատ կենդանի կլինի… Քո դիմանկարը կծիծաղի, կարտասվի, կսիրի, կատի… Մի խոսքով՝ կշնչի:

ԼԱՆԱ — Գոռ, մի վախեցրու ինձ… Երբ մենակ մնամ այդ կտավի հետ, սարսափից կխելագարվեմ:

ԳՈՌ — Սարսափելու ես քո դիմանկարի՞ց… Ինքդ քեզնից վախենո՞ւմ ես…

ԼԱՆԱ — Այո, շա՛տ… Սարսափելի է, երբ մենակ եմ մնում ինքս ինձ հետ:

ԳՈՌ — Այդ դեպքում, ստիպված, ես միշտ քո կողքին պետք է լինեմ:

ԼԱՆԱ — Այո, երբեք չլքես ինձ, չթողնես ինձ մենակ, սիրելիս:

ԳՈՌ — Խոստանում եմ, Լանա:

ԼԱՆԱ – Շնորհակալություն: Ինչպե՞ս է գնում գործդ:

ԳՈՌ — Հոյակապ:

ԼԱՆԱ — Ստացվո՞ւմ է, կարելի՞ է նայել:

ԳՈՌ – Խնդրեմ:

ԼԱՆԱ — (մոտենում, զննում է դիմանկարը): Հրաշալի է… նկարը շունչ է առնում: Մարմինս փշաքաղվեց… Գնամ, նստեմ: (Նստում է բազկաթոռին🙂 Շարունակիր…

ԳՈՌ — Մի ձգվիր, թուլացրու մարմինդ… Այ, այդպես…

ԼԱՆԱ – Գիտե՞ս, լավ գործերն ինձ վրա միշտ հիպնոսացնող ազդեցություն են թողել, հատկապես դիմանկարները: Նրանք կլանում են ինձ, իմ միտքն ու հոգին: Ես ասես վերածվում եմ նկարի վրա դրված մի փոքրիկ կետի:

ԳՈՌ — Եվ ի՞նչ գույնի է այդ կետը…

ԼԱՆԱ — Կապույտ, ավելի ճիշտ՝ երկնագույն…

ԳՈՌ- Իսկ գուցե ալ կարմի՞ր…

ԼԱՆԱ — Ալ կարմի՞ր…  Գոռ, ուզում եմ… Ես ուզում էի խոսել, բայց չգիտեմ, հարմա՞ր է արդյոք…

ԳՈՌ — Ուզում ես խոսել հո՞րս մասին:

ԼԱՆԱ — Այո… Այսինքն, ոչ թե նրա, այլ նրա կտավների մասին:

ԳՈՌ — Հարց չկա, Լանա… Մենք կարող ենք զրուցել ուզածդ թեմայով:

ԼԱՆԱ — Ինձ թվում է, Հովանի նկարները չար ոգու արդյունք են:

ԳՈՌ — (ծիծաղում է): Լանա՜, Լանա՜…

ԼԱՆԱ – Այո՛, այո՛… Մի ծիծաղիր: Դու քո հորից չե՞ս վախենում:

ԳՈՌ — Ի՞նչ իմաստով:

ԼԱՆԱ — Դե, ընդհանրապես…

ԳՈՌ — Ոչ…

ԼԱՆԱ — Երևի տեսել ես նրան աշխատելու պահին: Նկատե՞լ ես, այդ ժամանակ նրա դեմքը դառնում է դիվային…

ԳՈՌ — Նկարելու ժամանակ շատերի դեմքն է այդպիսին դառնում:

ԼԱՆԱ — Մի՞թե…

ԳՈՌ — Այո, ապա ինձ նայիր… (Կատակով ծռմռում է դեմքը🙂 Դե ի՞նչ…

ԼԱՆԱ — (վեր է թռչում): Օ՜, սարսափելի է… (Ծիծաղելով մոտենում է Գոռին, նրանք համբուրվում են🙂

ԳՈՌ — Եթե այսպես գնա, այս կտավը չեմ ավարտի: Քո համբույրը թուլացնում է ինձ:

ԼԱՆԱ — Դու էլ թուլացիր… Հերիք է աշխատես: Այսօր այսքանը բավական է:

ԳՈՌ — Լսում եմ… Հոգնեցիր երևի…

ԼԱՆԱ — Այո… Սի անգամ մտա Հովանի արվեստանոցը: Նա ինձ չնկատեց, քանի որ կլանված աշխատում էր: Նկարում էր ու ինքն իր հետ, անհասկանալի լեզվով ինչ-որ բան էր խոսում: Հետո հանկարծ դեմքն այլայլվեց, նա մի խենթ ճիչ արձակեց… Ես սարսափից ուշաթափվեցի: Ինձ թվում է՝ Հովանը հենց այդ օրը հոգին ծախեց սատանային: Այդ պահից ամեն ինչ փոխվեց: Երեք ամիս անց հայրդ հեռացավ ինձնից: Հանուն արվեստի վաճառեց իր հոգին ու կորցրեց սերը: Այդ օրվանից հետո նրանից սիրո ու միաժամանակ մահվան շունչ էր փչում: Ես նրան սիրում էի խենթի պես ու միաժամանակ վախենում էի: Ինձ թվում էր, Հովանն ուզում է սպանել ինձ…

ԳՈՌ — Սպանե՞լ…

ԼԱՆԱ — Այո, սպանել… Սիրելով սպանել… Այս ի՛նչ հիմարություններ եմ դուրս տալիս… Ներիր, ներիր… Հա, Գոռ, մտքիցս թռել էր, քեզ համար նվեր եմ պատրաստել: (Պահարանից ինչ-որ բան է հանում🙂

ԳՈՌ — Սիրում եմ նվերներ ստանալ:

ԼԱՆԱ — Ահա, խնդրեմ…

ԳՈՌ — Սա ի՞նչ է:

ԼԱՆԱ — Դանակ է, ֆիննական դանակ… Ապա սեղմիր այստե՛ղ:

ԳՈՌ — Այստե՞ղ… (Սեղմում է, դանակը շրխկոցով բացվում է🙂 Հոյակապ է: Մանկուց երազել եմ այսպիսի դանակ ունենալ:

ԼԱՆԱ — Տեսնում ես, երազանքդ իրականացավ:

ԳՈՌ — Շնորհակալություն, որտեղի՞ց քեզ այս դանակը:

ԼԱՆԱ – Նվիրել են, շատ վաղուց:

ԳՈՌ — Ո՞վ:

ԼԱՆԱ — Հովան Դանենցը:

ԳՈՌ — Նորից Հովան Դանե՜նց…

ԼԱՆԱ — Նորից… Թող այս դանակը միշտ քեզ հետ լինի, հիշատակ ինձնից ու հորիցդ:

ԳՈՌ — Եթե իմանայի, թե որտեղ է սատանան, կսլանայի նրա մոտ, ծնկի կիջնեի ու կաղերսեի. «Սատանա, վերցրու հոգիս, անվճա՛ր, ձրի՛… Միայն այնպես արա, որ էլ չսիրեմ ու չտանջվեմ սիրուց: Վերցրո՛ւ հոգիս և ազատիր ինձ այս տառապանքներից»:

ԼԱՆԱ — Հանգստացիր, սիրելիս…

Նրանք գրկախառնվում և համբուրվում են:

ԳՈՌ — Ինչպես եմ սիրում քեզ, Լանա: Հանուն այդ սիրո, որից փրկություն չունեմ, ամեն ինչի ընդունակ եմ:

ԼԱՆԱ — Նույնիսկ սպանությա՞ն…

ԳՈՌ — Ի՞նչ…

ԼԱՆԱ — Դու պատրա՞ստ ես հանուն ինձ սպանել հարազատ հորդ:

ԳՈՌ — Լանա, հասկանո՞ւմ ես, թե ինչ ես ասում…

ԼԱՆԱ — Ուրեմն ինձ չես սիրում… Մինչև վերջ չես սիրում: Գնա՛, թող ինձ մենակ: Հեռացիր, կորի՛ր աչքիցս, ողորմելի լակոտ…

ԳՈՌ — Լանա՜…

ԼԱՆԱ – Ասացի՝ չքվիր աչքիցս… Կգնաս, կթափառես փողոցներով անտեր շան լակոտի նման, նոր կհասկանաս, որ հանուն իմ սիրո կարելի է նույնիսկ հարազատ հորն էլ սպանել: Հովանը՝ իմ սերը, հանուն ինձ ամեն ինչի ընդունակ էր:

ԳՈՌ — Գրողը տանի՛… Իսկ ես խղճացի այս հրեշին: Պետք է գնալ, պետք է փախչել, պետք է փրկվել քեզնից… Մնաս բարո՛վ: (Դուրս է փախչում🙂

ԼԱՆԱ — Գնաս բարո՜վ… Ավելի ճիշտ՝ ցտեսություն: Դու կվերադառնաս, դու միշտ հեռանալու ես, որ նորից վերադառնաս, ինչպես քո հայրը… Հովան, ո՞ւր ես, չես գալիս: Չէ՞ որ այս ամենը արվում է քեզ համար: (Սենյակի խորքում հայտնվում է Հովանը, Լանան նրան չի նկատում🙂 Տեր Աստված, օգնիր ինձ: Ինչպե՜ս եմ կարոտել իմ Հովանին: Տեր աստված, քեզնից շատ բան չեմ ուզում՝ մեկ հանդիպում… Խնդրում եմ, մեկ հանդիպում, ուրիշ ոչինչ… Հովա՜ն, Հովա՜ն… Տեր Աստված, աղերսում եմ…

ՀՈՎԱՆ — (առաջ է գալիս): Աստված ձայնդ լսեց, Լանա… Նա քո դուռը բաց էր թողել:

ԼԱՆԱ — Ի՞նչ… Հովա՞ն… Չի՛ կարող պատահել…

ՀՈՎԱՆ — Ինչո՞ւ…

ԼԱՆԱ — Դու երդվել էիր ինձ մոտ չգալ, չխոսել ինձ հետ… Ինչքան էի խնդրում, աղաչում հանդիպման համար: Ես ուզում էի տեսնել քեզ, խոսել քեզ հետ, ուրիշ ոչինչ: Իսկ դու միշտ մերժում էիր:

ՀՈՎԱՆ — Աստծուն էր պետք խնդրել, ոչ թե ինձ: Տեսա՞ր, նա ինչպես արագ դասավորեց մեր հանդիպումը:

ԼԱՆԱ — Աստվածն այստեղ կապ չունի: Այս հանդիպումը ե՛ս եմ կազմակերպել:

ՀՈՎԱՆ — Դե ինչ, թող այդպես լինի… Սա Գոռի՞ գործն է:

ԼԱՆԱ — Այո, իմ դիմանկարն է:

ՀՈՎԱՆ — Վատ չէ…

ԼԱՆԱ — Ես էլ եմ այդ կարծիքին… Դե, լսում եմ:

ՀՈՎԱՆ — Գոռին հանգիստ թող:

ԼԱՆԱ — Դա խնդրա՞նք է, թե՞ պահանջ:

ՀՈՎԱՆ — Խնդրանք:

ԼԱՆԱ — Ի՞նչ պետք է անեմ:

ՀՈՎԱՆ — Հեռացիր այստեղից:

ԼԱՆԱ — Որքան հեռու, այնքան լա՞վ… Եվ բոլոր ծախսերն էլ քեզ վրա ես վերցնո՞ւմ:

ՀՈՎԱՆ – Այո՛:

ԼԱՆԱ — Իսկ եթե մերժե՞մ:

ՀՈՎԱՆ – Չես մերժի:

ԼԱՆԱ — Կստիպե՞ս ինձ… Գուցե գրպանումդ ածելի՞ կա… Գուցե ուզում ես կտրե՞լ կոկորդս…

ՀՈՎԱՆ — Գուցե:

ԼԱՆԱ — Օ՜յ, վախեցա… Գիտե՞ս, միշտ, երբ չարագործ ձևանալով, սպառնում էիր ինձ, ծիծաղելի էիր դառնում: Քեզնից սարսափում էի, երբ հանգիստ էիր: Իսկ հիմա, հիմա դու նորից ծիծաղելի ես…

ՀՈՎԱՆ — Իսկ ինչո՞ւ չես ծիծաղում:

ԼԱՆԱ — Որովհետև հուզվում եմ, երբ տեսնում եմ, թե ինչ դժվարությամբ ես զսպում ինձ մոտենալու, գրկելու, համբուրելու ցանկությունդ:

ՀՈՎԱՆ — Կարծո՞ւմ ես:

ԼԱՆԱ — Այո, պարզ երևում է, ինչպես ես հուզվում:

ՀՈՎԱՆ — Ես հանգիստ եմ, Լանա, շատ հանգիստ: Այնպես որ, հասկացիր, ուրիշ ելք չկա, դու պետք է մեկնես:

ԼԱՆԱ — Պետք է մեկնե՜ս, պետք է մեկնե՜ս… Վերջացրու… ավելի լավ է ասա, բացատրիր, թե ինչպես էիր այսքան տարի ապրում առանց Լանայի, առանց իմ փաղաքշանքի, համբույրների, առանց իմ սիրո…

ՀՈՎԱՆ — Հանգիստ:

ԼԱՆԱ — Իրոք որ հոգիդ սատանային ես ծախել… Մի՞թե մոռացել ես, ինչպես էինք իրար սիրում…

ՀՈՎԱՆ — Մոռացելեմ:

ԼԱՆԱ — Ես մինչև հիմա սիրում եմ քեզ:

ՀՈՎԱՆ — Ուրեմն, հանուն այդ սիրո, խնդրում եմ, մեկնիր այստեղից:

ԼԱՆԱ — Հանուն սիրո… ինչ դաժան ես… Դու միշտ էլ ինձ հետ դաժան ես վարվել: Ա՜խ, ինչպես էիր ինձ տանջում…

ՀՈՎԱՆ — Վերջ տուր, Լանա:

ԼԱՆԱ — Ինձ լքեցիր, որ ավելի սիրեմ քեզ ու խելագարի նման տառապեմ կարոտից…

ՀՈՎԱՆ — Լանա Արյանը երբեք ոչ ոքի չի սիրել:

ԼԱՆԱ — Կրկնում ես Դորայի խոսքերը… Հիշիր, թե հանուն քեզ ինչ տառապանքներ եմ կրել, ինչեր եմ զոհաբերել… Ես կատարում էի քո ուզած խելառ ցանկությունն ու քմահաճույքը: Կես խոսքդ բավական էր, որ հիվանդ հորս կամքին հակառակ, փախչեի տնից ու ետևիցդ վազեի ծովափ… Ի՜նչ չքնաղ ու խենթ ամիսներ անցկացրինք այնտեղ… Երբ վերադարձանք, իմ բարի, սիրելի հորը հանձնել էին սառը հողին: Խելագար ցնորքներից ճրերով լալիս ու հիստերիկ ծիծաղում էի… Այդ ժամանակ, Վիեննայի հոգեբույժ Մորենոյի սիստեմով, փորձեցիր բուժել ինձ թատրոնով: Համոզեցիր ինձ սովորել Օֆելյայի խելագարվելու տեսարանը… Հիշո՞ւմ ես: (Սկսում է խաղալ, երգում է🙂

Հիսուս Քրիստո՜ս, Սուրբ խաչ վկա,

Դա ի՜նչ ամոթ բան է:

Ամեն տղա, ձեռքից որ գա,

Ինքն էլ նույնը կանե

Աղջիկն ասաց.

«Դու խոսք տվիր,

Որ ինձ քեզ կին կառնես»:

Տղան ասաց.

«Եթե ինձ հետ չպառկեիր,

Անշուշտ կառնեի քեզ»:

Հույս ունեմ, որ վերջը բարի կլինի, պետք է համբերություն ունենանք: Բայց չեմ կարողանում լացս զսպել, երբ մտածում եմ, որ հորս դրել են սառը հողի մեջ: Եղբորս իմաց պետք է տալ, և այսպես, շնորհակալ եմ ձեր բարի խորհրդի համար… Հե՜յ, կառքս: Բարի գիշեր, տիկիններ, բարի գիշեր, սիրելի տիկիններ, բարի գիշեր… (Սովորական տոնով🙂 Դե, ինչպե՞ս էր:

ՀՈՎԱՆ — Վատ չէր:

ԼԱՆԱ — Վատ չէ՞ր… Իսկ այն ժամանակ հրճվում, հիանում էիր ու ամեն առիթով խնդրում էիր, որ քեզ համար նորից ու նորից խելագարվող Օֆելյա դառնամ… Հիշո՞ւմ ես…

ՀՈՎԱՆ — Հիշում եմ, Լանա… Կարծում եմ, չես մոռացել, որ ապաքինվելուց հետո իմ բեմադրած այդ տեսարանը դու խաղում էիր ուրիշ տղամարդկանց համար: Խաղում էիր ու վերջում էլ անկողին մտնում նրանց հետ: Այնպես որ, այդ «մե՜ծ սերը» սրտումդ հանգիստ դավաճանում էիր քո սիրեցյալին, սիրելին:

ԼԱՆԱ — Այո՛, ես եղել եմ ուրիշների հետ, բայց քեզ երբեք չեմ դավաճանել: Քո այն ճիչից հետո իմ սիրտն ու հոգին մի ահավոր սարսափ էր պատել… Ես խենթի պես սիրում ու միաժամանակ մահու չափ վախենում էի քեզնից: Փախչելով ուրիշների մոտ՝ մոռացություն էի փնտրում նրանց գրկում: Սակայն ամեն անգամ համոզվելով, որ դու ես իմ միակը ու քեզնից փրկություն չկա, նորից ու նորից վերադառնում էի քեզ մոտ: Եվ երբ վերջնականապես հաղթահարեցի իմ վախն ու պատրաստ էի նորից դառնալ քո հավատարիմ ստրուկը, դու հեռացար, ավելի ճիշտ, քեզ գողացան ինձնից:

ՀՈՎԱՆ — Ու դու որոշեցիր պատժել ինձ՝ կենակցելով որդուս հետ… Ինչպե՞ս է նա անկողնում, լա՞վն է, թե՞ ես եմ քո միակը: Պոռնի՛կ ես դու, ուրիշ ոչինչ: Հասարակ պոռնի՛կ…

ԼԱՆԱ — Լռի՛ր… Դու երբեք ինձ այդ խոսքը չէիր ասել: Ծաղրել ես, վիրավորել, անպատվել, բայց այդ խոսքն առաջին անգամ եմ լսում քեզնից… Դու առաջին անգամ խանդում ես…

ՀՈՎԱՆ — Ի՞նչ, նորի՞ց խանդ…

ԼԱՆԱ — Այո՛, այո՛… Դու ճանաչում էիր իմ բոլոր տղամարդկանց ու քանի որ նրանցից և ոչ մեկի մեջ չէիր տեսնում քո հակառակորդին, ներում էիր ինձ: Դու ցանկանում էիր, որ վերադառնամ քեզ մոտ ու նորից ու նորից համոզվեմ, որ Հովան Դանենցից բացի ինձ համար տղամարդ չկա՛: Այն ժամանակ քեզ համար պոռնիկ չէի… Բավական էր կապվեի որդուդ հետ, որ պոռնիկ դառնայի: Այո՛, դու առաջին անգամ խանդում ես, Հովան Դանենց… Որովհետև Գոռը քեզ արժանի հակառակորդ է:

ՀՈՎԱՆ — Գոռը ինձ հակառակո՞րդ… Մի՛ մոռացիր, Լանա, Գոռը իմ որդին է…

ԼԱՆԱ — Քո որդին քո հակառակորդն է: Ու դու եկել ես ոչ թե փրկելու նրան, այլ բաժանելու մեզ: Դու ուզում էիր, որ Օֆելյա դառնամ՝ խելագարվե՜մ, ինքնասպա՛ն լինեմ: Քեզ անչափ կհուզեր այդ տեսարանը… բայց ինձնից Օֆելյա չստացվեց: Ու երևի չէր էլ ստացվի: Բայց դու ստիպեցիր ինձ դառնալ Մեդեա…

ՀՈՎԱՆ — Մեդեա՜… (Ծիծաղում է🙂

ԼԱՆԱ — Այո՛, մի ծիծաղիր, Մեդեա, որի վրեժը սարսափելի է լինելու: Իմացիր, ես՝ Լանա Մեդեան, կամուսնանամ որդուդ հետ: Անսահման սիրելով հանդերձ՝ ամուսնության հաջորդ օրը կթունավորեմ նրան ու կանհետանամ… Ու դու, կնոջդ հետ, քո զավակի դին կհանձնես սառը հողին…

ՀՈՎԱՆ — Ի՞նչ… Ձայնդ կտրի՛ր…

ԼԱՆԱ — Այո՛, այո՛, կամուսնանա՛մ, կսպանե՛մ ու կանհետանամ… Իսկ դուք ձեր զավակի դին կհանձնեք սառը հողին… (Խենթի նման ծիծաղելով՝ մի քանի անգամ կրկնում է նույն խոսքերը🙂

ՀՈՎԱՆ — Լռի՛ր, ձայնդ կտրի՛ր… (Հարձակվում է Լանայի վրա: Լանան գրկում է Հովանին, նրանք համբուրվում են: Համբուրելով Լանային՝ Հովանը սկսում է խեղդել նրանՀամբուրելով ու խեղդելով՝ գցում է բազկաթոռին: Լանան մահանում է🙂 Լանա՜… Նա մեռած է… այս ի՛նչ կատարվեց ինձ հետ… Նա մահացավ, իսկ ես կարծես արթնացա խոր, մահացու քնից… Լանա, ի՜նչ գեղեցիկ ես ու չքնաղ… Ինչ խաղաղ է այստեղ, ինչ լռություն է շուրջս: Ես վերջապես գտա այն, ինչ այսքան ժամանակ փնտրում էի: Ահա թե ինչն էր պակասում քեզ, քո դեմքին, իմ չքնաղ մոդել… Քեզ պակասում էր այս մեռյալ հանգստությունը… Ո՞ւր են ներկերը, մի րոպե… (Վառում է բոլոր մոմերը, հետո մոտենում է նկարին, սկսում է նկարել🙂 Գոռը լավ է աշխատել: Բայց չի նկատել ամենագլխավորը… Հիմա՛, հիմա՛, Լանա, մի քանի վրձնի հարված, և ամեն ինչ տեղը կընկնի… Ես կկենդանացնեմ քեզ՝ քո դիմանկարով… Ինչ լավ են նստում ներկերը, կարծես ինչ-որ մեկի թելադրանքով է շարժվում ձեռքս… Եվս մի քանի վրձնի հարված, ու ամեն ինչ պատրաստ կլինի… Այսպե՛ս… էլ չեմ կարող, հիմա կմեռնեմ երջանկությունից… Լանա՜… (Ավարտում է նկարելը🙂 Վերջ, ես վերջացրի… Այս ի՞նչ է, դիմանկարդ կենդանանում է… Ահա թե ինչ… Ես սիրում էի ոչ թե կենդանի կնոջը, այլ քեզ՝ կտավի վրա հարություն առած Լանային… Դու ժպտո՞ւմ ես, իսկ հիմա լալի՞ս ես… Լա՛վ, վերջ տուր… Մի խենթացրու ինձ, խնդրում եմ… (Կտորով փակում է դիմանկարը🙂 Քնիր: Ես էլ եմ հոգնել, պառկեմ, հանգստանամ:

Պառկում է սենյակի անկյունում: Քիչ անց ներս է մտնում Գոռը: Նա չի նկատում Հովանին:

ԳՈՌ — Դուռը բաց, մոմերը վառված… Քնա՞ծ ես… չշարժվես, դու հիասքանչ ես: Չշարժվես, խնդրում եմ, մի քանի վրձնի հարված, ու դիմանկարդ պատրաստ կլինի: (Մոտենում է մոլբերտին🙂 Ո՞վ է ձեռք տվել վրձնին ու ներկերին… Ո՞վ է այստեղ եղել… (Կտավի վրայից վերցնում է կտորը:) Ի՞նչ է… ո՞վ է նկարել… ինչո՞ւ թույլ տվեցիր, Լանա, ինչո՞ւ… Ես կսպանեմ քեզ, ես կոչնչացնեմ քո դիմանկարը… (Գրպանից հանում է դանակը, որը շրխկոցով բացվում է🙂

ՀՈՎԱՆ — (անսպասելի դուրս է թռչում անկյունից): Չհամարձակվե՛ս…

Վախեցած Գոռը շրջվում է դեպի Հովանը՝ առաջ նետելով դանակը բռնած ձեռքը: Հովանը առաջ է գալիս, դանակը խրվում է նրա կուրծքը:

ԳՈՌ — Այս ի՞նչ էր, ո՞վ էր… (Վառում է լույսը🙂 Հայրի՜կ…

ՀՈՎԱՆ — (նայում է տղային, հետո՝ կրծքում ցցված դանակին): Որտեղի՞ց քեզ այս դանակը, որդիս… Հասկացա… Իմ նվերը Լանան քո միջոցով վերադարձրեց ինձ… (Մեռած ցած է ընկնում🙂

ԳՈՌ — Հայրի՜կ, հայրի՜կ…

Բեմը մթնում է:

 

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

Հովան Դանենցի բնակարանը: Դորան, բաց տետրը ձեռքին, նստած է բազկաթոռին ու անթարթ մի կետի է նայում: Ներս է մտնում Հովանը:

ՀՈՎԱՆ — Դորա… (Դորան չի լսում: Հովանը զարմացած մոտենում է նրան🙂 Դորա՞…

ԴՈՐԱ — (ապշահար): Հովա՞ն… դո՞ւ ես… Տեր Աստվա՜ծ… (Հիստերիկ ծիծաղում է🙂

ՀՈՎԱՆ — Ի՞նչ է պատահել, Դորա…

ԴՈՐԱ — Ոչինչ, ոչի՛նչ… (Շարունակում է ծիծաղել🙂

ՀՈՎԱՆ — Դորա՞…

ԴՈՐԱ — (ծիծաղում է): Մի՛ վախեցիր, ամեն ինչ կարգին է… Վերցրու, նայի՛ր… (Տալիս է տետրը🙂

ՀՈՎԱՆ — Իմ պիեսը… Որտեղի՞ց գտար…

ԴՈՐԱ — Գրադարակների արանքում էր մնացել:

ՀՈՎԱՆ — Կարծում էի՝ կորել է: Որքան ենք փնտրել այս տետրը… Իմ առաջին պիեսը…

ԴՈՐԱ — Ու գտանք քսան տարի անց…

ՀՈՎԱՆ — Դորա, մի պահ թվաց, թե խելքդ թռցրել ես:

ԴՈՐԱ — Դրա համար ինչքան ուզես՝ պատճառներ կան… Դու օրերով գրադարանում ես… Գոռը չգիտես որտեղ է թրև գալիս…

ՀՈՎԱՆ — Վերջ տուր, Դորա, վերջ տուր… Ինչ լավ է, որ գտար տետրը… Այս պիեսը տասներեք օրում ավարտեցի: Մի շաբաթ անց լույս տեսավ բանաստեղծություններիս երկրորդ ժողովածուն, իսկ հետո, իրար ետևից, Մոսկվայում, Կիևում ու Սոֆիայում տպագրվեցին պատմվածքներս ու… այս տետրը անհետ կորավ: Ոնց է, շա՞տ է հնացել:

ԴՈՐԱ — Բավականին:

ՀՈՎԱՆ — Ինչպե՞ս էր վերնագիրը… (Բացում է տետրը, ուզում է կարդալ🙂

ԴՈՐԱ — «Դիմանկար», ողբերգություն երկու գործողությամբ, հինգ պատկերով… Բայց, իմ կարծիքով, պարզունակ մելոդրամա է ստացվել:

ՀՈՎԱՆ — Ուրեմն, այնուամենայնիվ, ինչ-որ բան ստացվել է…

ԴՈՐԱ — Իհարկե… Բայց զգացվում է, որ գրողի առաջին փորձն է դրամատուրգիայի ժանրում: Այսօրվա պիեսներիդ հետ համեմատած՝ թե սյուժետային գիծը, թե դիալոգները, թե կերպարները պարզունակ են, միամիտ… Չնայած ֆրոյդիզմի տարրերին՝ պիեսը 19-րդ դարի թատրոնից եկող ծանոթ և կանխատեսելի իրավիճակներով է լեցուն: Բայց գիտե՞ս, ինձ համար հետաքրքիր էր, որ գործող անձինք մեր անուններով, մեր դիմակների տակ էին հանդես գալիս: Բոլոր գործողություններն ու պատկերները շատ պարզ տեսնում էի:

ՀՈՎԱՆ — Այդպես աշխատելը հեշտ էր… Հետո անունները փոխելու էի, որ չմտածեին, թե ինքնակենսագրական բան եմ գրել:

ԴՈՐԱ — Չէին մտածի… Թեև ինքնակեսագրական շատ բան կա… Բայց այն ժամանակ Գոռն ընդամենը յոթ ամսական էր, իսկ Լանան արդեն քաղաքում չէր:

ՀՈՎԱՆ — Հա, նա ամուսնացավ ինչ-որ գնդապետի հետ ու մեկնեց այստեղից:

ԴՈՐԱ — Զվարճալի պիես էր… տեղ-տեղ ուղղակի ծիծաղելի, օրինակ, Գոռի ու Լանայի, իմ ու Լանայի տեսարանները…

ՀՈՎԱՆ — Իսկ այն տեսարանը, որտեղ Գոռը սպանում է ինձ…

ԴՈՐԱ — Պարզունակ էր, պաթոլոգիկ… Շատ զավեշտական էր քո և Լանայի տեսարանը… Մի խոսքով, պարզունակ, սիրողական գործ է ստացվել… Իմիջիայլոց, չնայած այդ ամենին, Լանայի կերպարը մի քանի գլուխ բարձր է բոլոր կերպարներից: Ես լավ եմ հիշում Լանային՝ մանկությանս ընկերուհուն… Նա ո՜ւր, քո կերտած Լանան ո՜ւր…

ՀՈՎԱՆ — Լսիր, գուցե հենց այդ պատճառով էլ պիեսը դուրդ չի եկել:

ԴՈՐԱ — Այսի՞նքն…

ՀՈՎԱՆ — Որ Լանայի կերպարը քոնից մի քանի գլուխ բարձր է ստացվել: (Ծիծաղում է🙂

ԴՈՐԱ — Ինչ ասես, որ չի հնարի հեղինակը, որպեսզի արդարացնի իր անհաջողությունը: Ախ, Հովա՜ն, Հովա՜ն…

ՀՈՎԱՆ — Լավ, լավ, հանգստացիր… Ինչպե՞ս է վերջանում պիեսը, մոռացել եմ:

ԴՈՐԱ — Չգիտեմ, դեռ չեմ վերջացրել, մի քանի էջ է մնացել…

Ներս է մտնում Գոռը:

ԳՈՌ — Ողջույն:

ՀՈՎԱՆ — Ողջույն, Գոռ:

ԴՈՐԱ — Լույս քեզ տեսնողին, ո՞ւր էիր…

ԳՈՌ — Գործեր ունեի, կարևոր գործեր: Ինձ չեն զանգահարե՞լ:

ԴՈՐԱ — Ոչ… Ես ու հայրդ այս երկու օրը ուզում ենք գյուղ գնալ… Կգա՞ս մեզ հետ:

ԳՈՌ — Իսկ դասե՞րս…

ԴՈՐԱ — Քո ազատ օրերին՝ շաբաթ, կիրակի…

ԳՈՌ — Տեսնենք… Հայրիկ, մայրիկ, մի րոպե պատկերացրեք, որ ձեր որդին սիրահարվել է…

ՀՈՎԱՆ — Վաղուց ժամանակն է:

ԳՈՌ — Ու սիրահարվել եմ մի կնոջ, որը տասնինը տարով մեծ է ինձնից:

ՀՈՎԱՆ — Ի՞նչ…

ԴՈՐԱ — Այդ կնոջ անունը Լանա՞ է, Լանա Արյա՞ն…

ԳՈՌ — Այո…

ՀՈՎԱՆ — Դու սիրո՞ւմ ես նրան և ուզում ես…

ԴՈՐԱ – Չանե՛ս այդ բանը, Գոռ, չամուսնանա՛ս նրա հետ… Այդ կինը կկործանի քեզ…

ՀՈՎԱՆ — Հեռացիր, փախիր նրանից…

Երկար դադար:

ԳՈՌ — Փախչե՞մ… Հեռանա՞մ… Ումի՞ց, Լանայի՞ց… Նրա հնաոճ, մաշված վերարկուի՞ց, թղթե ծաղիկներով զարդարված ծղոտե գլխարկի՞ց, նրա ծակ ձեռնոցների՞ց… Փախչեմ, հեռանամ սրճարանում մուրացող այդ խեղճ ու ցնդած կնոջի՞ց…

ՀՈՎԱՆ — Ի՞նչ…

ԴՈՐԱ — Ցնդա՞ծ…

ԳՈՌ — Դուք ճանաչո՞ւմ եք Լանային… Բայց նա բոլորովին վերջերս է հայտնվել քաղաքում: Մի՞թե նրա պատմածը ցնդաբանություն չէր…

ՀՈՎԱՆ — Իսկ ի՞նչ էր նա պատմում:

ԳՈՌ — Որ սիրել է մի պոետի: Հանուն այդ մեծ սիրո սառը հողին է հանձնել հարազատ հորը: Նա խենթի պես սիրել է իր պոետին, բայց մի օր գողացել են իր սիրելիին… Գողացել ու տարել են…

ԴՈՐԱ — Մի՞թե նա է…

ԳՈՌ — Այ քեզ բա՜ն… Դուք ճանաչո՞ւմ եք տիկին Լանային… Այ քեզ թատրոն… Գուցե դո՞ւ ես այն պոետը…

ՀՈՎԱՆ — Որտե՞ղ ես հանդիպել նրան:

ԳՈՌ — «Առագաստ» սրճարանում: Վերջերս միշտ այնտեղ է լինում… Դուք ճանաչո՜ւմ եք նրան… Ահա թե ինչու խեղճ կինը մոտեցավ ինձ, ծնկի իջավ, համբուրեց ձեռքս ու սեթևեթ ձայնով ասաց. «Ես համոզված եմ, որ դու կսիրես ինձ, մենք կամուսնանանք, ու ես անցյալը ներկա կդարձնեմ»: Բոլորը ծիծաղում էին նրա վրա, ձեռ առնում: Հանկարծ նա լրջացավ, կերպարանափոխվեց ու սկսեց խաղալ Օֆելյայի խելագարվելու տեսարանը:

Հովանը գնում է դեպի դուռը:

ԴՈՐԱ — Ո՞ւր, Հովան…

ՀՈՎԱՆ — Շուտով կվերադառնամ: (Դուրս է գալիս🙂

ԳՈՌ — Ուրեմն այդ կինը… չի՛ կարող պատահել:

ԴՈՐԱ — (տալիս է տետրը): Կարդա՛:

ԳՈՌ — Սա ի՞նչ է:

ԴՈՐԱ — Քո հոր կորցրած ողբերգությունը: (Դուրս է գնում🙂

Գոռը բացում է տետրը, կարդալով դուրս է գնում: Բեմը մթնում էՔիչ հետո բեմը լուսավորվում է: Հայտնվում է Գոռի նկարագրած տիկին Լանան:

ԼԱՆԱ — Ես սիրում էի մի պոետի: Հանուն այդ մեծ սիրո ես սառը հողին հանձնեցի հարազատ հորս… Օ՜, ինչպես էինք մենք իրար սիրում: Բայց մի օր իմ պոետին գողացան ու տարան… (Երգում է🙂

Էգուց տոն է, սուրբ Վալենտին,

Կանուխ արևածագին

Պատուհանիդ առաջ կանգնած

Ես եմ՝ քո Վալենտին:

Տղան ելավ, զգեստ հագավ

Եվ տան դուռը բացավ,

Եվ աղջկան իր մոտ տարավ,

Որ էլ աղջիկ չելավ:

Հա՜, ճիշտ որ… առանց երդումի, թող վերջացնեմ…

Բեմի խորքում երևում է Հովանը: Նա կանգ է առնում, հեռվից հետևում Լանային:

Հիսուս Քրիստո՜ս, սուրբ խաչ վկա,

Դա ի՜նչ ամոթ բան է:

— Ամեն տղա, ձեռքից որ գա,

Ինքն էլ նույնը կանե…

Աղջիկն ասաց.

«Դու խոսք տվիր,

Որ ինձ քեզ կին կառնես»:

Տղան ասաց.

«Եթե ինձ հետ չպառկեիր,

Անշուշտ կառնեի քեզ»:

Հույս ունեմ, որ վերջը բարի կլինի, պետք է համբերություն ունենանք:

Բայց չեմ կարողանում լացս զսպել, երբ մտածում եմ, որ հորս դրել են սառը հողի մեջ: Եղբորս իմաց պետք է տալ, և այսպես, շնորհակալ եմ ձեր բարի խորհրդի համար… Հե՜յ, կառքս: Բարի գիշեր, տիկիններ, բարի գիշեր, սիրելի տիկիններ, բարի գիշեր…

Լանան տեսնում է Հովանին, մոտենում է ու երգելով սկսում է պտտվել նրա շուրջը:

Դեմքը բաց դագաղով դուրս տարան,

Հեյ նոննի՜, նոննի՜, հե՜յ նոննի

Գերեզմանն արցունքով թաց արին

Մնաս բարով իմ աղավնյակ

Հովանը Լանայի հայացքի տակ խոնարհում է գլուխըԼանան խոնարհվում է հանդիսատեսի առջև, տեսարանը քարանում էԹվում է՝ ներկայացումն ավարտվել է: Դադար: Խոր լռություն է տիրում: Ներս է մտնում Գոռը: Լանան գրպանից հանում է դանակը, տալիս է Գոռին:

Ահա խնկունի հիշելու համար, խնդրում եմ, հոգիս, հիշի՛ր…

Տետրը ձեռքին ներս է մտնում Դորան: Լանան հանում է կեղծամով գլխարկն ու տալիս է Հովանին:

ԼԱՆԱ — Ահա խոհիկներ մտածության համար…

ԴՈՐԱ — (կարդում է): Աստիճանաբար Լանան հանում է ցնցոտիներն ու հայտնվում է շքեղ զգեստով ու զարդերով:

ԼԱՆԱ — (ազատվելով ցնցոտիներից): Ահա ձեզ սամիթ և աղավնախոտ: Ահա ձեզ փեգենա, ինձ համար էլ մի քիչ կա. «կիրակնօրյա թողության խոտ» էլ կարող ենք կոչել, բայց դուք ձերը տարբեր նշանակությամբ պետք է կրեք: Ահա ձեզ զատկածաղիկ, կուզենայի ձեզ մանուշակ էլ տալ, բայց բոլորը թառամեց, երբ հայրս մահացավ, ասում են՝ վերջը բարի եղավ…

ԴՈՐԱ — (կարդում է): Լանան երգում է…

ԼԱՆԱ — (երգում է):

Սիրուն Ռուբինը խելքս տարել է,

Ետ չի՜ դառնա միթե նա,

Ետ չի դառնա միթե նա,

Ո՛չ, ո՛չ, մեռավ, մեռիր և դուն,

Ետ չի դառնա մեկ էլ տուն:

Մորուք ուներ ձյունի պես,

Եվ մազերը վուշի պես,

Գնա՜ց, գնա՜ց,

Զուր է մեր լաց

Գոռը ապշահար, հիացած նայում է կերպարանափոխված, դյութիչ Լանային, ծնկի է գալիս ու համբուրելով նրա ձեռքը՝ հրավիրում է պարի:

ԼԱՆԱ — Ողորմիր, Տեր, իր հոգուն: Եվ բոլոր քրիստոնյաների հոգուն, բարերա՜ր Աստված: Մնա՜ք բարով:

Լանան ու Գոռը պարում են:

ԴՈՐԱ — (կարդում է): Լանան ու Գոռը պարում են: Վե՛րջ…

Փակում է տետրը: Պարն ընդհատվում է: Գոռը շրխկոցով բացում է դանակը: Բոլորը նայում են դանակի շեղբին: Պատկերը քարանում է:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։