Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ / «ԿԿԱՅԱՆԱ»

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ «ԿԿԱՅԱՆԱ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում

ԹԱՏԵՐԳՈՒԹՅԱՆ ՈԴԻՍԱԿԱՆԸ
«Կկայանա» դրաման ավարտել եմ 1987 թվականի նոյեմբերին, երբ քաղաքական մթնոլորտը շիկացած էր ճակատագրական վերափոխումներով։ 2001 թվականի օգոստոսին վերափոխված տարբերակը, բնականաբար, ավելի անկաշկանդ է, թեև սկզբունքային նույն հակազդեցությունն է այն ճնշման հանդեպ, որ կիրառվում էր ինչպես ողջ հասարակության, այնպես էլ բեմարվեստի ներկայացուցիչների նկատմամբ։
Թատերգության իրադարձությունները՝ որպես այդպիսիք, տեղի չեն ունեցել իրականում։ Պայմանականորեն սա կարելի է համարել առակ ստեղծագործական ազատության վերաբերյալ։ Երկու սերունդների բախում է արվեստի ոլորտում ինքնահաստատման մտահոգությամբ։ Գործող անձանց փոխհարաբերությունները լուծված են իրապաշտական սկզբունքով այնպես, ինչպես դա կարող էր տեղի ունենալ մեզանում։ Հետագայում երկրում կայացած քաղաքական հորձանքը շատ ավելին ցուցադրեց, և այն ժամանակվա իմ կանխազգացումը դարձավ պատմական փաստ։
Չնայած հնարովի սյուժեին՝ գրական դրամատիկական կերպարները համապատասխանում են անցյալ դարի ութսունական թվականների երիտասարդության շրջանում տիրապետող մտայնություններին և յուրատիպ արձագանքներն էին համակենտրոնացման ճամբարներում տառապող քաղաքական կալանավորների իրավացի նկրտումներին, որոնք, ի վերջո, կայացան, ինչպես «Կկայանա» դրամայի հերոսների լավատեսական ակնկալությունների ցոլքերը։
Թատերգությունն ընթերցվում է այնպես, ինչպես եթե դա լիներ վիպական շարադրանք՝ լի անակնկալներով ու հանկարծակի անցումներով, երկխոսության թեթև ու դիպուկ ռիթմով, սրամիտ և անզիջում, ինչպես վայել է մտավորականներին։

Վարուժան ՆԱԼԲԱՆԴՅԱՆ

ԿԿԱՅԱՆԱ
Գործող անձինք
ՏԵՐՈՒՆՅԱՆ ՌՈՒԲԵՆ — ռեժիսոր, 29 տարեկան
ՏԻՐՈՒՆՅԱՆ ՄԵՐԻ — Ռուբենի կինը, դերասանուհի, 26 տարեկան
ԿԱՆԱՉՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ — դրամատուրգ, 28 տարեկան
ԿԱՆԱՉՅԱՆ ԿԱՐԼԵՆ — Անդրանիկի հայրը, ժողդատավոր, 53 տարեկան
ԾԻՏԻԿՅԱՆ ԱՆԱՀԻՏ – իրավաբանական ֆակուլտետի ուսանողուհի, 20 տարեկան
ԽԱԼՅԱՆ ՎԱՐՈՍ — թատրոնի գլխավոր ռեժիսոր, 50 տարեկան
ԹԱԹՅԱՆ ՀԱՅՐԻԿ — թատրոնի իրավախորհրդատու, դասախոս, 50 տարեկան
ՍՈՍՈՅԱՆ ԴԱՆԻԵԼ — թատրոնի պահակ, ուսանող, 19 տարեկան
ԱԶԱՏՅԱՆ ՆՈՐԱ — դերասանուհի, 26 տարեկան
ԴՐԱՄՓՅԱՆ ՍԱՄՍՈՆ — որսորդական խանութի վաճառող, դերասան, 27 տարեկան
ՅԱՅԼՈՅԱՆ ԽԻԿԱՐ — դերասան, 29 տարեկան

Դեպքը տեղի է ունենում Երևանում, Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնում, 1980 թվականի հուլիս ամսվա երկրորդ կեսին:

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ
ՊԱՏԿԵՐ ԱՌԱՋԻՆ
Թատրոնի ընդարձակ սենյակ։ Աջի վրա՝ շենքի ծառայողական մուտքը տանող դուռ։ Ձախի վրա՝ բեմահարթակը տանող դուռ։ Դիմացը՝ պատուհան։ Ուշ գիշեր է։ Բեմը թափուր է։ Լույսը վառվում է։ Քիչ անց շրխկալով բացվում է աջ դուռը, և Դանիելին իրենց առաջը գցած՝ հրացաններով ներս են խուժում Ռուբենը, Մերին, Անդրանիկը, Խիկարը, Նորան, Սամսոնը։
ՌՈՒԲԵՆ — Խիկար, Սամսոն, արագ ներքև։ Բարիկադներ ամրացրեք բոլոր դռների ետևում։
Խիկարը և Սամսոնը դուրս են գնում։
ՌՈՒԲԵՆ — Անդրանիկ, կապիր սրան։
Անդրանիկը կապում է Դանիելի ոտքերն ու ձեռքերը։
ՌՈՒԲԵՆ — Աղջիկներ, դողդողալու ժամանակ դեռ կունենաք։ Մթերքը տեղափոխեք բուֆետ։
Մերին և Նորան դուրս են գնում։
ՌՈՒԲԵՆ — Ճակատագրական առաջին քայլը կատարված է։ Նահանջը բացառվում է։
ԴԱՆԻԵԼ — Չեմ հասկանում, ի՞նչ եք անում։
ՌՈՒԲԵՆ – Քո խելքի բանը չէ, պահակ։
ԴԱՆԻԵԼ — Պոլիտեխնիկ ինստիտուտի երկրորդ կուրսի ուսանող եմ։ Շատ էլ գիշերները պահակություն եմ անում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ռուբեն, սրան թողնենք, չքվի այստեղից։ Մեզ ավելի շատ մթերք կմնա։
ՌՈՒԲԵՆ – Սա մեզ որպես պատանդ է հարկավոր։
ԴԱՆԻԵԼ — Չեմ էլ ուզում իմանալ, թե ինչ եք անում։ Ժամանակ ունեք ուղղելու ձեր սխալը։ Հինգ-վեց ժամ կա, մինչև կգա ինձ փոխարինողը։ Երդվում եմ, Ռուբեն, ոչ մեկին՝ ոչ մի խոսք։
ՌՈՒԲԵՆ — Անունդ ի՞նչ է, ինժեներ բալա։
ԴԱՆԻԵԼ — Սոսոյան Դանիել։
ՌՈՒԲԵՆ — Դանիել բալա, զգուշացնում եմ, սուս մնա, թե չէ՝ հրացանի կոթով գլուխդ կջարդեմ։
ԴԱՆԻԵԼ — Ձեր լավն եմ ուզում, Ռուբեն ջան։ Միշտ պատրաստ եմ ծառայել ձեզ։
ՌՈՒԲԵՆ — Ես դա նկատի կունենամ։
Ներս են մտնում Նորան և Մերին:
ՆՈՐԱ — Թե՞յ… սո՞ւրճ…
ԱՆԴՐԱՆԻԿ — (կեսկատակ)։ Կոնյակո՞վ:
ՄԵՐԻ – Սո՞ւրճ… թե՞յ…
ՌՈՒԲԵՆ – Չեմ ուզում։
ԱՆԴՐԱՆԻԿ – Ես՝ նույնպես:
ԴԱՆԻԵԼ – Ես ուզում եմ: Ըստ միջազգային կոնվենցիայի…
ՌՈՒԲԵՆ – Մերի, Նորա, ճոխ ընթրիք բերեք սրան:
Մերին ու Նորան դուրս են գնում:
ԱՆԴՐԱՆԻԿ – Երկու հուրի-փերիներ քեզ սպասարկում են: Էլ ի՞նչ դարդ ունես, պահակ ջան:
ՌՈՒԲԵՆ – Տղա, քեզ փոխարինողը ժամը քանիսի՞ն է գալու:
ԴԱՆԻԵԼ – Մինչ այդ իմ շեֆը կարող է զանգահարել: Միլիցիայի տեսուչը կարող է գալ ստուգելու՝ հո քնած չե՞մ:
Ներս են մտնում Խիկարն ու Սամսոնը:
ՍԱՄՍՈՆ — Բարիկադները պատրաստ են մարտն ընդունելու, կապիտան։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ես գնամ, հերթապահեմ։ (Դուրս է գնում։)
ԽԻԿԱՐ — Թևերս թուլացան կահույքը դռների ու պատուհանների մոտ քարշ տալուց։
ՌՈՒԲԵՆ — Սենյակներից մեկում հարմար տեղ գտիր, քնիր, հանգստացիր։
Խիկարը դուրս է գնում։
ՍԱՄՍՈՆ — Քեզ շա՞տ էր պետք, որ դրան այս գործին խառնեցիր։
ՌՈՒԲԵՆ — Դա քո մեղքով եղավ…
Ներս է մտնում Նորան՝ ընթրիքի մատուցարանով։
ՌՈՒԲԵՆ — …և քո մեղքով, Նորա։
ՆՈՐԱ — Իմ մեղքը ո՞րն է։
Սամսոնը քանդում է Դանիելի ձեռքերի կապերը։ Դանիելն սկսում է ուտել։
ՌՈՒԲԵՆ — Կարիք չկար շաղակրատելու մեր անելիքի մասին։
ՍԱՄՍՈՆ — Խիկարն անցնում էր մեր կողքով, բայց…
ՆՈՐԱ — Ես կամաց էի խոսում։ Շատ-շատ պիտի լսած լիներ մի երկու ռեպլիկ։
ՌՈՒԲԵՆ — Այդքանը բավական եղավ, որ գլխի ընկնի, թե ինչն ինչոց է։ Հետո եկավ, ինձ մենակ բռնացրեց ու տզի պես կպավ, թե՝ «Ինձ էլ հետներդ վերցրեք»։
ՍԱՄՍՈՆ — Ես մեղավո՞ր եմ, որ նրան խանդելու առիթ եմ տվել։
ՌՈՒԲԵՆ — Այսպես թե այնպես…
ՍԱՄՍՈՆ — Նորա, խեղճը դեռ սիրում է քեզ։ Չի ուզում քեզ մենակ թողնել այս արտակարգ իրադրության մեջ։ Հետո՝ ուզում է ցույց տալ քեզ, որ ինքն էլ ռիսկի ընդունակ է։
ՆՈՐԱ – Սիրում էր՝ թող չամուսնանար Խալյանի եղբոր աղջկա հետ։
ՌՈՒԲԵՆ — Մեծ էր գայթակղությունը։ Գլխավորին փեսա կամ հարս դառնալով՝ լավ ես յուղում կարիերայի մեքենան։
ՆՈՐԱ — Բա ինչո՞ւ բաժանվեց տիկին Խալյանից։
ՍԱՄՍՈՆ — Երևի չդիմացավ նրա կրքոտ շեղումներին։
ՌՈՒԲԵՆ — Ավելի ճիշտ՝ հասկացավ, որ իր զոհաբերությունն անօգուտ է։ Միջակությունը միջակություն է մնում, թեկուզ ուժեղ հովանավոր ունենա։
ՆՈՐԱ — Շաղակրատում եք, մինչ մեր պատանի պահակը կտցահարում է ոչ միայն պատառներ, այլև տեղեկություններ։
ԴԱՆԻԵԼ — Ինձ պետք է…
ՍԱՄՍՈՆ — Քեզ ի՞նչ է պետք։
ԴԱՆԻԵԼ — Պետք է, էլի՛… (Հասկացնում է, որ ուզում է գնալ զուգարան։)
ՌՈՒԲԵՆ — (Սամսոնին)։ Ոտքերի կապերն էլ քանդիր և ուղեկցիր։
Սամսոնը և Դանիելը դուրս են գնում։
ՆՈՐԱ – Մերին դռների մոտ հերթապահում է։ Խնդրեց, քեզ համոզեմ, որ քնես, հանգստանաս։
ՌՈՒԲԵՆ — Դեռ գործ կա անելու։
ՆՈՐԱ — Որ կինդ խելքի մոտ բան է ասում, դու լսիր։
ՌՈՒԲԵՆ — Բա դո՞ւք։
ՆՈՐԱ — Մենք սովոր ենք քիչ քնելուն։ Բնությունը նախատեսել է, որ երեխաները մեր քունը պիտի խանգարեն…
Ներս են մտնում Դանիելը և Սամսոնը։
ՍԱՄՍՈՆ — (ծիծաղելով)։ Ոչ միայն երեխաները։
Ուժգին թխկթխկոց մուտքի դռանը։
ՁԱՅՆ — (դրսից)։ Բաց արա… բաց արա, Դանիել։
ՄԵՐԻ — (ներս նետվելով)։ Սկսվե՜ց։
ԱՆԴՐԱՆԻԿԻ ձայնը — (ներքևից)։ Պատասխանե՞մ։
ՌՈՒԲԵՆ — (բարձրաձայն): Հարկ չկա։
ԴԱՆԻԵԼ — Տեսա՞ք, որ ձեզ չեմ խաբել:
ՌՈՒԲԵՆ – Ուշադրությո՛ւն, ինչքան էլ զանգեն, ոչ մեկը չպատասխանի։
ԽԻԿԱՐ — (ներս մտնելով, քնաթաթախ): Ի՞նչ հրամաններ ունեք, կապիտան:
ՌՈՒԲԵՆ — Գնա ներքև, հերթապահիր։
ՍԱՄՍՈՆ — Ես սրան նորից կապեմ: (Կապում է։)
ՌՈՒԲԵՆ — Բոլորդ բարիկադների ետևում… զգա՛ստ:
Բոլորը, բացի Ռուբենից ու Դանիելից, դուրս են գնում։ Տարբեր կողմերից հնչում են հեռախոսազանգեր, նաև՝ սեղանին գտնվող հեռախոսը։
ՌՈՒԲԵՆ — Ալո…
ՁԱՅՆ – Ո՞վ է լսում։ Դանիելին կանչեք հեռախոսի մոտ։
ՌՈՒԲԵՆ — Նա չի կարոդ մոտենալ։ Ձեզ հետ խոսում է ռեժիսոր–ստաժոր Տերունյան Ռուբենը։
ՁԱՅՆ — Ի՞նչ է կատարվում ձեզ մոտ։
ՌՈՒԲԵՆ — Ես ձեր հարցերին չեմ պատասխանի։ Բանակցություններ կվարեմ միմիայն գլխավոր ռեժիսոր Վարոս Խալյանի հետ։
ՁԱՅՆ — Դուք պարտավոր եք պատասխանել։ Ես Ներքին գործերի մինիստրության…
Ռուբենը կախում է ընկալուչը։ Դարձյալ զանգ։ Ռուբենը ընկալուչը չի վերցնում։ Քիչ անց՝ նորից հեռախոսազանգ։
ՌՈՒԲԵՆ – Ալո…
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Ես եմ։
ՌՈՒԲԵՆ — Բարի երեկո, Վարոս Վազգենիչ։ Ես գրավել եմ թատրոնի շենքը։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Շենքը խելոք-խելոք հանձնեք օրինական տերերին, ու ես խոսք եմ տալիս, որ ձեր այդ երեխայությունը անհետևանք կմնա։
ՌՈՒԲԵՆ — Ունեմ երեք պայման։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Ասա, լսում եմ։
ՌՈՒԲԵՆ — Թատրոնի շենքը հանձնում եմ ներկայացման հետ միասին տասնհինգ օր հետո։ Երկրորդ՝ մենք ձեզ պետք է դատի տանք։ Երրորդ՝ դատը պետք է հաղորդվի ուղիղ հեռուստաեթերով։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — (կարճ դադարից հետո)։ Համաձայն եմ։ Ձեզ մոտ կուղարկեմ մեր իրավախորհրդատուին մանրամասները ճշտելու համար։
ՌՈՒԲԵՆ — (կախում է ընկալուչը)։ Ամեն ինչ շատ հեշտ ստացվեց։ Կասկածելի է։
ԴԱՆԻԵԼ — Դժվարություններ են հարուցում՝ դժգոհում եք։ Հեշտացնում են՝ դժգոհում եք։ Գոնե գիտե՞ք, թե ինչ եք ուզում։
ՌՈՒԲԵՆ — Ուզում եմ, որ դու լռես։

ՊԱՏԿԵՐ ԵՐԿՐՈՐԴ
Նույնը, ինչ առաջին պատկերում։ Անցել է երկու օր: Ռուբենը և Դանիելը քնած են բազկաթոռների մեջ: Ներս են մտնում Խիկարն ու Մերին։
ՄԵՐԻ — Ի՞նչ նորություն կա:
ՌՈՒԲԵՆ — (արթնանալով)։ Ոչ մի բան։ Չեն էլ զանգում, որ իմաց տան, թե ինչու է ձգձգվում իրավախորհրդատուի այցելությունը։
ՄԵՐԻ — Մեր նյարդերն են փորձում։
ԴԱՆԻԵԼ — (արթնանալով)։ Առանց բանակցությունների շենքը գրավելու տարբերակ են մշակում։
ՌՈՒԲԵՆ — Սխալվում ես, ինժեներ բալա։ Նրանք սկանդալ չեն սիրում։
Վերևից լսվում է շարժիչի ձայն։
ՄԵՐԻ — (պատուհանից վերև նայելով)։ Մեր գլխավերևում երկու ռազմական ուղղաթիռ են պտտվում։
ԴԱՆԻԵԼ — Ես ճիշտ էի։ Պատրաստվում են դեսանտ իջեցնել։
ԽԻԿԱՐ — Բայց մեր գրավածը մշակույթի օջախ է, ոչ թե կառավարական կամ ռազմական օբյեկտ։
ՄԵՐԻ – (պատուհանից ներքև նայելով)։ Շենքի մոտ քաղաքացիական հագուստով ինչ-որ կասկածելի տղամարդիկ են պտտվում։
ՌՈՒԲԵՆ — Այդպես էլ պիտի լիներ։
Ներս են մտնում Նորան և Սամսոնը։
ՆՈՐԱ — Հիմա ի՞նչ ենք անում, կապիտան։
ՌՈՒԲԵՆ — Սամսոն, Մերի, անցեք բեմ։ Փորձում ենք երրորդ տեսարանը։
ԴԱՆԻԵԼ — Ինձ էլ ընդգրկեք ձեր ներկայացման մեջ։ Ես խաղացել եմ մեր դպրոցի թատերական խմբակում։
ՄԵՐԻ — Հերիք չէ՞ մեր նյարդերի հետ խաղաս, այ տղա։
Սամսոնը, Մերին և Ռուբենը դուրս են գնում։ Այստեղ ու հետագայում լսվում է ռեպլիկների անորոշ աղմուկը։
ԽԻԿԱՐ — Նորա, դու ինձ չե՞ս ներելու:
ՆՈՐԱ — Ես քեզ վաղուց ներել եմ:
ԽԻԿԱՐ — Ուրեմն, ես կարո՞ղ եմ հույս ունենալ… (Բռնում է նրա ձեռքը:)
ՆՈՐԱ – (ձեռքը ետ քաշելով)։ Դա կապ չունի: Պարզապես, ես քեն չունեմ քո նկատմամբ:
ԽԻԿԱՐ — Ու չե՞ս գնահատում, որ ձեզ միանալով՝ իմ ազատությունն ու կարիերան վտանգի ենթարկեցի:
ՆՈՐԱ — Մարմնո՞վս պիտի գնահատեմ: Լավ է, շատ լավ է, Խալյանի հետքերով ես գնում:
ԽԻԿԱՐ — Նրա անունը չտա՛ս։ Ատում եմ ինձ, որ թույլ գտնվեցի:
ՆՈՐԱ – Ուտել չե՞ք ուզում, ընկեր Դանիել:
ԴԱՆԻԵԼ — Ծարավ եմ, բայց չէի ուզենա ձեզ անհանգստացնել, տիկին։
ՆՈՐԱ — Դա ինձ համար հաճելի պարտականություն է, ընկեր Դանիել: (Դուրս է գնում:)
ՄԵՐԻԻ ձայնը – (դերի մեջ): Ոչ, հարկավոր չէ, մի գնա:
ՍԱՄՍՈՆԻ ձայնը — (դերի մեջ): Մի՛ հուզվիր:
Ռեպլիկները դառնում են անորոշ աղմուկ։
ԴԱՆԻԵԼ — (շշուկով): Խիկար, հարմար առիթ գտիր ու բաց արա փողոցի դռներից մեկը՝ որը պատահի:
ԽԻԿԱՐ — Լռիր, չար սատանա։
ԴԱՆԻԵԼ — Դա անպայման հաշվի կառնեն ու քեզ կներեն։
ԽԻԿԱՐ — Հիմա քիթմռութիդ կհասցնեմ։
ԴԱՆԻԵԼ — Նորան քեզ երբեք չի սիրի։ Աչքովդ տեսար՝ քանիերորդ գիշերն է, որ Սամսոնը նրան տանում է այն կողմերը։
ԽԻԿԱՐ — (խփում է)։ Ռեխդ պիտի չփակե՞ս։
ԴԱՆԻԵԼ — Խփի՜ր… Օգտվիր այն բանից, որ ձեռ ու ոտս կապված է։ Խփի՛ր։
ՆՈՐԱ – (ներս է մտնում, ձեռքին՝ ջրի բաժակ)։ Խնդրեմ, արվեստի կալանավոր… Ահ, ես պիտի խմեցնեմ, ինչպես երեխային։
ԴԱՆԻԵԼ — (խմելուց հետո)։ Շնորհակալություն, տիկին։
ՆՈՐԱ – Քեզ ինչո՞ւ էր ուզում խփել։
ԴԱՆԻԵԼ — Մուֆթա ծեծելու համար մոմ է։
ՆՈՐԱ — Խիկար, նրա՞ վրա ես թափում քո կատաղությունը։
ԴԱՆԻԵԼ — Ի՞նչ Խիկար։ Խիարի մեկն է։
ԽԻԿԱՐ – Դու չարաշահում ես իմ համբերությունը, լակոտ:
ԴԱՆԻԵԼ – Կատակում եմ, ախպերս: Կատակ չե՞ս հասկանում: (Ծիծաղում է:)
ՆՈՐԱ – Դու չե՞ս կարդացել Խիկարի հայտարարությունը՝ «Կորցրել եմ հումորի զգացումս: Գտնողին խնդրում եմ վերադարձնել հետևյալ հասցեով»… և այլն:
ԴԱՆԻԵԼ – Նա ոչ միայն հումորը, գլուխն է կորցրել:
ԱՆԴՐԱՆԻԿ – (ներս մտնելով): Խիկար, գնա, հերթապահիր… մի տեսակ թմրել եմ:
ԽԻԿԱՐ – Քեզ ի՞նչ է եղել, որ գիշերները չես կարողանում քնել: (Դուրս է գնում:)
ՆՈՐԱ – Անահիտից լուր չունե՞ս: Ի՞նչ արեց մեզ համար:
ԱՆԴՐԱՆԻԿ – Մի քանի անգամ զանգահարեցի: Կամ զբաղված է ցույց տալիս, կամ ընկալուչը վերցնող չկա:
ՆՈՐԱ – Ինքը կարող էր զանգահարել:
ԱՆԴՐԱՆԻԿ – Երևի հեռախոսակայանում այնպես են արել, որ մեզ զանգ հասնի միայն իրենց ուզած ժամանակ:
ՆՈՐԱ — Կամ Անահիտը փոխել է միտքը, ուզում է հեռու մնալ այս խառը հաշիվներից։
ԱՆԴՐԱՆԻԿ — (նյարդային)։ Նորա, խնդրում եմ, չկասկածես Անահիտի հավատարմության վրա։ Մերին քեզ է՞լ է վարակել իր կասկածամտությամբ։
ՆՈՐԱ — Բայց չէ՞ որ Անահիտը լուրջ մասնագիտություն է ընտրել… ապագա իրավաբա՜ն… Եվ ծանր ու թեթև պիտի անի վճռական քայլի դիմելուց առաջ։
ԱՆԴՐԱՆԻԿ – Նորից փորձեմ։ (Հավաքում է համարը։) Ալո։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Ալո, Անդրանի՞կ։ Չէի կարողանում քեզ զանգել։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ի՞նչ եղավ, ի՞նչ ես արել։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Մեղադրական փաստաթղթերը ներկայացրի՝ ում հարկն է։ Հաջորդ օրը վերադարձրին և ասացին, որ այդ կարգի գանգատներ չեն ընդունում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Չպնդեցի՞ր, որ դա յուրահատուկ, անհրաժեշտ…
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Ոչինչ չեն ուզում լսել։
ԱՆԴՐԱՆԻԿ — Գտիր թատրոնի իրավախորհրդատուին և հայտնիր նրան՝ թող անցնի մեզ մոտ՝ բանակցությունների համար, այլապես լուրջ բարդությունների առաջ կկանգնեցնի ղեկավարությանը։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը – Լավ։ Դու ինչպե՞ս ես, սիրելիս։
ԱՆԴՐԱՆԻԿ — Համբուրում եմ քեզ։ Շտապիր։
ԱՆԱՀԻՏԻ ձայնը — Քեզ շատ եմ կարոտել: Համբուրում եմ։ Անհոգ եղիր։ (Անջատում է հեռախոսը։)
ՆՈՐԱ — Կներես, Անդրանիկ, թեև հիմա էլ վստահ լինել չենք կարող…
ՌՈՒԲԵՆ — Նորա, բարձրացիր բեմ։ Հինգերորդ տեսարանն ենք սկսում։
ՆՈՐԱ — (դուրս գնալով)։ Իդեալական պայմաններում ենք աշխատում։
ԴԱՆԻԵԼ — Կարո՞ղ է՝ ես բան չեմ հասկանում։ Ասենք՝ ներկայացումը հանձնեցիք։ Բա հետո՞…
ԱՆԴՐԱՆԻԿ — Եթե փայլուն ներկայացում ստացվի և հասարակական կարծիքը մեզ տեր կանգնի, գուցե ներեն…
ԴԱՆԻԵԼ — …Այս բանդիտի՞զմը։ Ցնդե՞լ է այս իդեալիստը։ Դուք մեր պետությունը չե՞ք ճանաչում, թե՞ ամպերի մեջ եք լողում, Ձերդ ազնվություն։
ԱՆԴՐԱՆԻԿ — Համենայնդեպս, լողում ենք՝ սուսուփուս խեղդվելու փոխարեն։
ԴԱՆԻԵԼ — Գոնե ինքնաթիռ փախցնեիք, կհասկանայի:
ՆՈՐԱՅԻ ձայնը — (դերի մեջ)։ Հավատա մեզ, աղաչում եմ։
ՍԱՄՍՈՆԻ ձայնը — (դերի մեջ)։ Ես գազազել եմ…
ՌՈՒԲԵՆԻ ձայնը — Ավելի զուսպ, Սամսոն:
ՄԵՐԻԻ ձայնը — (դերի մեջ)։ Չգիտեմ։ Ես էլ եմ շփոթված։
Ռեպլիկների անորոշ աղմուկ։
ՌՈՒԲԵՆ — (հայտնվելով դռան արանքում)։ Անդրանիկ, ինչ-որ բան այնպես չէ 5-րդ տեսարանի մեջ։ Տեքստի պակաս է զգացվում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Բա սրան մենա՞կ թողնեմ։
ՌՈՒԲԵՆ — Արի, արի։ Մեկ-մեկ աչք կածենք նրա կողմը։
Անդրանիկը դուրս է գնում։
ԴԱՆԻԵԼ — (մենակ)։ Նրանք են խուլիգանություն արել, ե՞ս պիտի տասնհինգ օր կալանավորված մնամ։ (Փորձում է քանդել պարանը։) Ես այդ Խիկարի հետ ավելի դիվանագիտորեն պետք է վարվեի։ Հիմա նա մենակ է ներքևում։ Կարողանամ տարածության վրա հիպնոսի ենթարկել նրան, և նա կբացի դռները։ Ես սրանցից պակա՞ս եմ, որ իդեալիստ չլինեմ։ (Կենտրոնանում է։) Բաց դուռը, Խիկար, դուռը բաց արա։ Քեզ համար լավ կլինի։ Բաց, Խիկար, բաց դուռը… (Մրմնջում է։)
ՄԵՐԻ — (ներս մտնելով)։ Ի՞նչ ես քեզ ու քեզ մրթմրթում։
ԴԱՆԻԵԼ — Աղոթում եմ, տիկին Մերի։
ՄԵՐԻ — Եվ ո՞ւմ ես աղոթում։
ԴԱՆԻԵԼ — Հենց ձեզ։
ՄԵՐԻ — (ծիծաղելով)։ Ի՞նձ…
ԴԱՆԻԵԼ — Սուրբ Մարիամին… Մարիամ, Մարիա, Մարի, Մերի… Նույնը չէ՞։
ՄԵՐԻ — Այո, բայց ես սուրբ չեմ։
ԴԱՆԻԵԼ — Հիացած եմ։ Կյանքումս առաջին անգամ մի կնոջ եմ հանդիպում, որն իրեն սուրբ չի համարում։ Ռուբենին մեկ-մեկ դավաճանո՞ւմ եք։
ՄԵՐԻ — Ապուշ, ես սիրում եմ ամուսնուս։
ՆՈՐԱՅԻ ձայնը — (դերի մեջ)։ Համբերիր, սիրելիս։
ՍԱՄՍՈՆԻ ձայնը – (դերի մեջ)։ Դանակը ոսկորին է հասել։
ԴԱՆԻԵԼ — Եթե ձեզ նման կյանքի ընկեր ունենայի, տիկին Մերի…
ՄԵՐԻ — Քեզ չե՞ն սիրել։
ԴԱՆԻԵԼ — Ման եմ եկել լավ աղջիկների հետ։ Գալիս էին ինձ մոտ հերթապահության օրերին…
Հեռախոսազանգ։ Ռուբենը ներս է նետվում։
ՌՈՒԲԵՆ — Ալո։
ԹԱԹՅԱՆԻ ձայնը — Ալո, Թաթյանն է, թատրոնի իրավախորհրդատուն։
Ներս են մտնում Սամսոնը, Անդրանիկը, Նորան։
ՍԱՄՍՈՆ — Որտե՞ղ է Խիկարը։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ներքևում հերթապահում է։
ՍԱՄՍՈՆ — Մենա՞կ… (Դուրս է վազում։)
ՆՈՐԱ — Սամսո՜ն… (Դուրս է վազում։)
ՌՈՒԲԵՆ — Խոսիր, լսում եմ։ Ե՞րբ ես գալու մեզ մոտ։
ԹԱԹՅԱՆԻ ձայնը — Դռներից մեկը բացեք, որ գամ։
Այդ պահին դրսից լսվում է վիճաբանության անորոշ աղմուկ։
ՌՈՒԲԵՆ — Մենք կիջեցնենք պարանե սանդուղքը, և դու կբարձրանաս վերև։
ԹԱԹՅԱՆԻ ձայնը — Իմ այս տարիքի՞ն։ Ես հո ջահել սպորտսմեն չե՞մ։
ՌՈՒԲԵՆ — Քեզ ընդունելու այլ միջոց չունենք։
ԹԱԹՅԱՆԻ ձայնը — Լավ, համաձայն եմ։
ՌՈՒԲԵՆ — Մերի, պարանե սանդուղքը…
Անդրանիկն ու Մերին պատուհանից կախում են պարանե սանդուղքը։
ԴԱՆԻԵԼ — Ամեն ինչ հանգամանորեն նախապատրաստե՞լ եք։
ՌՈՒԲԵՆ — Ջանացել ենք, ինժեներ բալա։
ԴԱՆԻԵԼ — Որ այդքան շնորհք ունեիք, բանկ կտրեիք, թե չէ՝ ներկայացո՜ւմ…
Մերիի և Անդրանիկի օգնությամբ Թաթյանը պատուհանից ներս է մտնում։ Անդրանիկը վեր է քաշում սանդուղքը։
ԹԱԹՅԱՆ – Բարև ձեզ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Արդեն սկսել էինք կարոտել այդ սովորական ողջույնը։
ԹԱԹՅԱՆ — Ո՞ւմ մտքով կանցներ, որ ես՝ թատրոնի իրավախորհրդատու, պետական համալսարանի դասախոս, այս տարիքիս, սիրահարված պատանյակի նման, պիտի մագլցեմ երկրորդ հարկի լուսամուտից։
ՄԵՐԻ — (մյուսներին)։ Հաճոյախոսություն է ակնկալում, որ ասենք՝ դեռ երիտասարդ ես։
ԴԱՆԻԵԼ — Կներես, Հայրիկ, որ չեմ կարող ձեռքդ սեղմել։
ԱՆԴՐԱՆԻԿ — (Թաթյանին)։ Դուք նրա հա՞յրն եք։
ՄԵՐԻ — Ոչ, նրա անունն է Հայրիկ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Իրար որտեղի՞ց եք ճանաչում:
ԹԱԹՅԱՆ — Տղան մեր գյուղից է։ Տեղավորել եմ աշխատանքի, որ թոշակից բացի ձեռքի փող ունենա։
ՌՈՒԲԵՆ — Սկսե՞նք։
ԹԱԹՅԱՆ – Սկսենք։
ՌՈՒԲԵՆ — Նախ՝ տասներեք օր մեզ հանգիստ եք թողնում, որ ներկայացումը պատրաստենք։
ԴԱՆԻԵԼ — Հայրիկ, խնդրում եմ, տասներեք օր հանգիստ թողեք մեր երիտասարդներին։
ՄԵՐԻ — Թաթյան, տղան խնդրում է։
ԹԱԹՅԱՆ — Մերի, գոնե դու լռիր։
ՌՈՒԲԵՆ — Դու հո գիտես, Մերի, որ նա ատամ ունի քեզ վրա։
ՄԵՐԻ – Լռում եմ։
ՌՈՒԲԵՆ — Արի մեր հին դարմանը քամուն չտանք, Հայրիկ։ Մերին մեղավոր չէ, որ ես բաժանվել եմ քո քրոջից։
ԱՆԴՐԱՆԻԿ — Այստեղ չենք հավաքվել ձեր ընտանեկան հարցերը լուծելու համար։
Դրսի աղմուկը սաստկանում է։
ԹԱԹՅԱՆ — Այս ի՞նչ աղմուկ է։
ՌՈՒԲԵՆ — Մերոնք փորձ են անում։
ԹԱԹՅԱՆ — Տասներեք օրը՝ տասներեք օր։ Բայց շենքն զբաղեցնելով՝ նյութական վնաս եք հասցնում թատրոնին։
ՌՈՒԲԵՆ — Արի պահմտոցի չխաղանք, Հայրիկ։ Դու գիտես, որ կոլեկտիվը գնացել է գաստրոլների, և շենքը թափուր է։
ԹԱԹՅԱՆ — Ես ծանոթացա ձեր, այսպես ասած, մեղադրանքների հետ։ Ըստ քրեական օրենսգրքի՝ դրանք անբավարար են դատական գործ սկսելու համար։
ՄԵՐԻ — Ռուբեն, ես քեզ չասացի՞, որ գործին կցես քո ունեցած տվյալները Խալյանի ֆինանսական խախտումների մասին։
ՌՈՒԲԵՆ – Քեզ քանի՞ անգամ կրկնեմ, որ ես բարոյա-էթիկական մեղադրանք եմ հարուցում։ Ֆինանսներով թող զբաղվի Պետական վերահսկողությունը։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ընկեր Թաթյան, գոնե հասարակական դատ պիտի որ հնարավոր լինի։
ԹԱԹՅԱՆ — Թող լինի հասարակական։ Բայց այդ ի՞նչ հեռուստատեսային հաղորդման մասին է խոսքը, այն էլ՝ ուղիղ եթերով։
ԱՆԴՐԱՆԻԿ — Բա ժողովուրդը չիմանա՞, թե ինչ է տեղի ունենում թատրոնի ներսում։
ԹԱԹՅԱՆ — Դուք այդ ո՞ր մի Ամերիկայում եք ապրում, պարոն։
ԱՆԴՐԱՆԻԿ — Եվ դատավորը լինելու է իմ հայրը՝ ժողդատավոր Կանաչյանը։
ԹԱԹՅԱՆ — Ես նրան ծանոթ եմ։ Դուք նրա որդի՞ն եք։
ԱՆԴՐԱՆԻԿ – Դժբախտաբար։
ԹԱԹՅԱՆ — Հա՜, ինչ-որ խռոված, տնից հեռացած որդի ուներ։ Ուրեմն, այդ դո՞ւք եք։ Ես էլ մտածում եմ, թե ձեր դեմքն ինձ որտեղի՞ց է ծանոթ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Չէ, հորս ընկերակցությամբ չէ, որ ինձ տեսել եք։ Երկու-երեք անգամ փողոցում հանդիպել ենք, երբ ուղեկցում էի Ծիտիկյան Անահիտին։
ԹԱԹՅԱՆ — Ճիշտ է, այդպիսի ուսանողուհի ունեմ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Նա լինելու է Խալյանին մեղադրող կողմի ներկայացուցիչը։
ԹԱԹՅԱՆ — Երրորդ կուրսի այդ ուսանողուհու հետ տուն-տո՞ւն պիտի խաղանք։
ՄԵՐԻ — Դու դրության լրջությունը ճիշտ չես գնահատում, Թաթյան։
ԹԱԹՅԱՆ — Ռուբեն, կարո՞ղ եմ քեզ հետ առանձին խոսել։
ՌՈՒԲԵՆ – Ես գաղտնիք չունեմ ոչ իմ կնոջից, ոչ ընկերներից։
ԹԱԹՅԱՆ — Համենայնդեպս…
ԱՆԴՐԱՆԻԿ — Մենք կարող ենք դուրս գնալ։
Մերին և Անդրանիկը դուրս են գնում։
ԹԱԹՅԱՆ — (շշուկով)։ Եթե խոստանաս վերադառնալ ընտանիքիդ գիրկը և այդ մասին հաղորդես հեռուստատեսությամբ, ես Խալյանի պաշտպանությունն այնպես կտանեմ, որ նա մեղավոր կճանաչվի։
ՌՈՒԲԵՆ — Բայց հենց այնպես նման հայտարարություն չեմ կարող անել։
ԹԱԹՅԱՆ — Դու այդ կանես, երբ քեզ տամ հետևյալ հարցը. «Մի՞թե դուք լիովին մաքուր եք ձեր խղճի առաջ»։
ՌՈՒԲԵՆ — Բա Մերի՞ն… Ես Մերիին սիրում եմ։
ԹԱԹՅԱՆ — Քո սերը պետք է զոհաբերես հանուն քո ընկերների, որոնք քեզ վստահեցին։
Դրսից լսվում է երկու կրակոց։
ՄԵՐԻ — (ներս նետվելով)։ Ռուբե՛ն, հասի՛ր։ Իրար սպանում են Սամսոնը… Խիկարը…
Ռուբենն ու Մերին դուրս են վազում։ Թաթյանն ու Դանիելը խոսում են շշուկով։
ԴԱՆԻԵԼ — Կապերս քանդիր, ես փախչեմ։
ԹԱԹՅԱՆ — Դու մեզ այստեղ ես պետք, հայվան։ (Արագ անցնում է հեռուստացույցի ետևն ու վերադառնում է։) Փչացրի, որ դու սարքես։
ԴԱՆԻԵԼ – Հասկացա։
ԹԱԹՅԱՆ — Դու հասկացող հայվան ես։ Սա էլ միկրոֆոնը (Կպցնում է սեղանի տակ։)
Ներս են մտնում Նորան, Սամսոնը և Ռուբենը։ Սամսոնի թևից արյուն է հոսում։
ՌՈՒԲԵՆ — (Թաթյանին)։ Տղաները դաստիարակված են Ստանիսլավսկու սիստեմով։ Ոգևորվել էին, քիչ էր մնում՝ իսկապես իրար սպանեին։
ՆՈՐԱ — Վիրակապեմ։
ՍԱՄՍՈՆ — Կարիք չկա, քերծվածք է։
ՆՈՐԱ — Ինչպե՞ս վերջացան բանակցությունները։
ՌՈՒԲԵՆ – Բարեհաջող։
ՆՈՐԱ — Շնորհավորում եմ, ընկեր Թաթյան։ Այս ազնիվ առաքելությամբ դուք կմտնեք հայ թատրոնի պատմության մեջ։
ԹԱԹՅԱՆ — Երկու կարևոր հանգամանք՝ հասարակական դատը որտե՞ղ պիտի կայանա։ Թատրոնի շենքո՞ւմ, թե՞ դատարանի դահլիճում։ Պրեմիերայից առա՞ջ, թե՞ հետո։
ՌՈՒԲԵՆ — Պրեմիերայից առաջ՝ միաժամանակ և՛ թատրոնում, և՛ ձեր հայեցողությամբ՝ որ դահլիճում կամենաք։
ԹԱԹՅԱՆ – Չհասկացա։
ՌՈՒԲԵՆ — Մենք, ինչպես հեռուստադիտողները, ձեր դատական դահլիճը կտեսնենք հեռուստացույցով, իսկ հարց ու պատասխանը կլինի հեռախոսով։
ԹԱԹՅԱՆ — Լրիվ եք ապահովագրվում։
ՍԱՄՍՈՆ — Երթաք բարով, ընկեր Թաթյան։
Ռուբենը և Նորան պահում են պարանե սանդուղքը։ Թաթյանը մոտենում է պատուհանին։
ԴԱՆԻԵԼ — Տնեցիներին կբարևես, Հայրիկ ջան։ Եթե բան-ման իմացել են, թող չանհանգստանան։
ԹԱԹՅԱՆ — Մնաք բարով։ (Դուրս է գնում լուսամուտից։)
ՌՈՒԲԵՆ — (Սամսոնին)։ Սա՞ ինչ խայտառակություն է։ Ձեր մանր հաշիվները մաքրելու տեղ ու ժամանակ գտա՞ք։ Ձեռքները հրացան է ընկել, կրակոտ են դարձել։ Ձեր կրակը պահեք ներկայացման համար, պա՞րզ է։
ՍԱՄՍՈՆ — (ծիծաղելով)։ Դու ճիշտ ես, Ռուբեն։ Հիմա նույն այդ խոսքերդ ե՞ս հաղորդեմ Խիկարին։
ՌՈՒԲԵՆ — (ժպտալով)։ Ներիր, Նորա, որ ձեր եռանկյունու փոխհարաբերությունները մանր հաշիվներ համարեցի։
ՆՈՐԱ — (ծիծաղելով)։ Ո՛ղջ լինի քառանկյունի բեմահարթակը։

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ
ՊԱՏԿԵՐ ԵՐՐՈՐԴ
Նույնը, ինչ առաջին պատկերում։ Անցել է մի շաբաթ։ Ռուբենը, Մերին։ Դանիելը հեռուստացույցն է բզբզում։
ՄԵՐԻ — Կարգին հյուծվել ես։
ՌՈՒԲԵՆ — Լարվածությունը կրկնակի է։
ՄԵՐԻ — Լարվածությունդ տեղափոխիր ներկայացման մեջ։ Եվ ներկայացումը կշահի, և դու կթեթևանաս։
ՌՈՒԲԵՆ — Կարելի է։
ԴԱՆԻԵԼ – Թո՛ւհ…
ՌՈՒԲԵՆ — Ի՞նչ է, բան չի՞ ստացվում։
ԴԱՆԻԵԼ — Զոդելու գործ կա։ Մի լամպն էլ վառվել է։ Մասեր են հարկավոր։
ՄԵՐԻ — Մի բարդացրու։ Քեզ առիթ է պետք, որ շենքից դուրս գաս ու ծլկես։
ԴԱՆԻԵԼ — Ձեր կասկածամտությանը տեղին է, տիկին Մերի, թեև անարդարացի։
ՌՈՒԲԵՆ — Հեռախոսով կպատվիրես, ինչ քեզ պետք է։ Գործիքներն ու մնացյալը կբերեն պատուհաններից մեկի մոտ, մենք կբարձրացնենք պարանից կապված զամբյուղով։
ԴԱՆԻԵԼ — Հրամանքդ, ընկեր կապիտան։ (Դուրս է գնում։)
ՌՈՒԲԵՆ – Ոնց որ թե խելոքացել է։
ՄԵՐԻ — Ես պատվիրել եմ, որ մերոնք աչքը վրան պահեն։
ՌՈՒԲԵՆ — (հոգնած)։ Այս քաշքշուկն արդեն վրաս ազդում է։ Մի շաբաթ է անցել, անհայտության մեջ ենք։ Զանգում եմ, հարցնում եմ դատի մասին, անորոշ պատասխաններ են տալիս։
ՄԵՐԻ — Ամենակարևորը ներքին հավասարակշռությունը չկորցնելն է, կապիտան։
ՌՈՒԲԵՆ — Անահիտն էլ ոչ մի ճշգրիտ բան չի կարողանում ասել։
ՄԵՐԻ — Նրա վիճակն էլ բանի նման չէ. կախում ունի դասախոս Թաթյանից, դեռ համալսարանի կուսակցական ու կոմերիտական կազմակերպությունները չհաշված։
ՌՈՒԲԵՆ — Իսկ եթե հրաժարվենք այդ անիծյալ դատական նիստից, ի՞նչ կլինի: Ներկայացումը բավական չէ՞։
ՄԵՐԻ — Եվ դա դո՞ւ ես ասում։ Մերոնք ի՞նչ կմտածեն քո մասին։ Անընդհատ կրկնիր, որ հակառակորդը հույս ունի, որ մեր նյարդերը չեն դիմանա, և պինդ պահիր քո նյարդերը։
Անսպասելի մթնում է։
ՄԵՐԻ — Ահա, լույսն անջատեցին։
ԱՆԴՐԱՆԻԿ — (մթան մեջ խարխափելով ներս է մտնում)։ Ջուրն էլ կտրվեց։
ՄԵՐԻ — Դանիելը…
ԱՆԴՐԱՆԻԿ — Սամսոնը նրա կողքին է։
ՌՈՒԲԵՆ — Հակագործողություններ՝ ներկայացումը հանձնելու գերխնդրի ճանապարհին։
ԱՆԴՐԱՆԻԿ — Դուք հո չե՞ք մոռացել, որ մենք մոմերով ապահովված ենք, կապիտան։ (Դուրս է գնում։)
ՄԵՐԻ — (ծիծաղելով)։ Որ ծխելը թողած չլինեիր, հիմա լուցկի կամ կրակվառիչ կունենայինք։
Դրսից լսվում է շարժիչների աղմուկ։ Պատուհանի միջով՝ շարժուն լուսարձակների շողքեր։
ՌՈՒԲԵՆ — Ռազմական ուղղաթիռները…
ՄԵՐԻ — Հանգիստ, հանգիստ…
Ձեռքերին երկու մոմ՝ ներս է մտնում Անդրանիկը։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ահա… (Մոմերը հարմարեցնում է հեռախոսի սեղանիկին։)
ՌՈՒԲԵՆ — (համար է հավաքում)։ Ալո…
Կանացի ձայն — Լսում եմ։
ՌՈՒԲԵՆ — Ընկեր Խալյանին, եթե կարելի է։
Կանացի ձայն — Տանը չէ։
ՌՈՒԲԵՆ — Հենց որ գա, հայտնեք, որ շտապ թատրոն զանգահարի։
Կանացի ձայն — Լավ։
ՄԵՐԻ — Անդրանիկ, խնդրում եմ, Սամսոնին փոխարինիր, թող գա, վեցերորդ տեսարանը փորձենք։
Անդրանիկը դուրս է գնում։
ՌՈՒԲԵՆ — Առանց ինձ կփորձեք։ Դու լավ գիտես իմ մեկնաբանությունները։
ՄԵՐԻ — Հանգիստ եղիր։ Վստահիր քո ասիստենտին։ (Համբուրում է նրան։)
Դռան մեջ հայտնվում է Սամսոնը։
ՍԱՄՍՈՆ — Ես այստեղ եմ։
Լսվում են Նորայի ճիչերը և Խիկարի անկապ խոսքերն ու հևոցները։ Սամսոնը ուզում է դուրս վազել, Ռուբենը և Մերին չեն թողնում։
ՍԱՄՍՈՆ — Խավարից է օգտվում շուն շան որդին։
ՆՈՐԱ — (դրսից, ճչալով)։ Թո՛ղ, ասում եմ քեզ։
ԽԻԿԱՐ — Նորա… հոգիս…
ՆՈՐԱ — Գնա, գնա՛, վերադարձի՛ր կնոջդ մոտ։
ԽԻԿԱՐ — Նորա, մի տանջիր ինձ, աղաչում եմ։
ՍԱՄՍՈՆ — Սրիկա՜… (Ազատվում է նրանց ձեռքերից, դուրս վազում։)
ՄԵՐԻ — Սամսոն, հարկավոր չէ… (Ուզում է գնալ նրա ետևից։)
ՌՈՒԲԵՆ — Դու մնա, Մերի, կարող է՝ զանգեն։ (Դուրս է վազում։)
Լսվում են աղաղակներ, հետո աղմուկը աստիճանաբար մարում է։
ՄԵՐԻ — Խեղճ Խիկար։ Աշխարհում ամենածանր բանը, երևի, անփոխադարձ սերն է։ Բայց Նորան էլ մեղք չունի։
ՌՈՒԲԵՆԻ ձայնը – Հերթապահությունը՝ ըստ կարգի։ Մնացածները գնան քնելու։
Հեռախոսազանգ։
ՄԵՐԻ — Ալո…
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Տերունյանին…
ՄԵՐԻ – Ռուբե՛ն… Ռուբե՛ն… Խալյանն է։
Ռուբենը ներս է մտնում, վերցնում է ընկալուչը։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Ի՞նչ կա։
ՌՈՒԲԵՆ — Հոսանքն անջատել են։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Պատահում է։
ՌՈՒԲԵՆ — Եթե այսպես շարունակվի, հարկադրված կլինենք հետաձգել ներկայացման հանձնումը, այսինքն՝ նաև շենքի հանձնումը։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Ես միջոցներ ձեռք կառնեմ, որ վթարն արագ վերացնեն։
ՌՈՒԲԵՆ — Ջուրն էլ են կտրել։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Քեզ համար նորությո՞ւն է, որ քաղաքում ամռանը ջուրը մեկ-մեկ կտրվում է՝ դաշտերը ոռոգելու համար, այլապես ինչպե՞ս կերակրեն մշակույթի գործիչներին։
ՄԵՐԻ — (ընկալուչի մեջ գոռալով)։ Ջուրը հոսանքի հետ միաժամանա՞կ։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Զուգադիպություն է։
ՄԵՐԻ — Ռազմական ուղղաթիռների հետ միասի՞ն։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Զինվորական իշխանությունները իմ հրամանատարության տակ չեն գտնվում։
ՌՈՒԲԵՆ — Դատը ե՞րբ ենք սկսելու։
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Երբ ձեզ հարմար է։
ՌՈՒԲԵՆ — Վաղը, երեկոյան ժամը հինգին։

ՊԱՏԿԵՐ ՉՈՐՐՈՐԴ
Նույնը, ինչ առաջին պատկերում։ Հաջորդ օրը, ժամը հինգի մոտերքը, Դանիելը վերջին ստուգումներն է անում։ Բեմում՝ դերակատարների մեծ մասը։
ԴԱՆԻԵԼ — Հեռուստացույցը սարքին է, կապիտան։
ՌՈՒԲԵՆ — Բոլորս հուզված ենք, պարզ է։ Շուտով պատասխանատու քննություն ենք հանձնելու քաղաքացիություն առարկայից, քաղաքացիություն՝ ոչ իբրև ձևական բառ, ոչ իբրև դեմագոգիա, այլ որպես լինելության կարևորագույն գերխնդիր։
ՄԵՐԻ — Կմտածեն, որ բոլորս հեռուստացույցների մոտ կլինենք, և կգրոհեն թատրոնի շենքի վրա։
ՌՈՒԲԵՆ — Ճիշտ է։ (Դադար։) Միաժամանակ չհավաքվեք բուֆետի հեռուստացույցի առաջ։ Հարկ եղած դեպքում ձայն կտանք, կկանչենք։ Մերի, դա մնա։ Դանիել, դու էլ մնա։
Բոլորը, Ռուբենից, Դանիելից և Մերիից բացի, դուրս են գնում։ Հեռախոսազանգ։
ՌՈՒԲԵՆ — Ալո…
ԿԱՆԱՉՅԱՆԻ ձայնը — Ալո… Ձեզ հետ խոսում է ժողդատավոր Կանաչյան Կարլենը։ Միացրեք հեռուստացույցը համապատասխան ալիքի վրա և չկախեք ընկալուչը։ Դատական նիստն սկսվում է Երևանի ժամանակով ժամը 17-ին։
ՌՈՒԲԵՆ — Միացրու ալիքը։
Դանիելը կատարում է կարգադրությունը։ Հեռուստաէկրանի վրա հայտնվում է դատական դահլիճը, ինչպես և Թաթյանը, Կանաչյանը, Խալյանն ու Անահիտ Ծիտիկյանը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Այսօր լսում ենք Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարոս Խալյանի դեմ մի խումբ արտիստների կողմից հարուցված գործը։ (Դադար։) Քաղաքացի Խալյան, դուք առարկություն ունե՞ք դատական կազմի վերաբերյալ, որը բաղկացած է միայն ինձնից, առանց ատենակալների։
ԽԱԼՅԱՆ — Առարկություն չունեմ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Քաղաքացի Խալյան, դուք մեղադրվում եք պաշտոնի և դիրքի չարաշահման, երիտասարդների ստեղծագործական ուժերի քայքայման և բարոյական նորմերի խախտման մեջ։ Դուք ձեզ մեղավոր ճանաչո՞ւմ եք։
ԽԱԼՅԱՆ – Ոչ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Սկսում ենք վկաների քննությունը։ Տերունյան Ռուբեն…
Այսուհետև բեմի վրա գործող դերակատարները խոսում են հեռախոսով։
ՌՈՒԲԵՆ — Լսում եմ։ Ներեցեք, ներկայանում եմ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Անուն, ազգանուն, հայրանուն։
ՌՈՒԲԵՆ — Տերունյան Ռուբեն Կարապետի։
ԿԱՆԱՉՅԱՆ — Պաշտոնը։
ՌՈՒԲԵՆ — Ստաժոր բեմադրիչ Սիրանույշի անվան դրամատիկական թատրոնում։
ԱՆԱՀԻՏ — Խալյանն առաջին անգամ ձեզ ի՞նչ բեմադրություն էր հանձնարարել։
ՌՈՒԲԵՆ — Ժան-Պոլ Սարտրի «Ճանճերը»։
ԱՆԱՀԻՏ — Ներկայացումն ինչո՞ւ չկայացավ ձեր բեմադրությամբ։
ՌՈՒԲԵՆ — Ես ահագին աշխատանք էի կատարել։ Անցել էի բեմ, ճշտել էի միզանսցենները։ Մեկ էլ դերասաններն սկսեցին քմահաճություններ անել, ուշանում էին, բացակայում, արհամարհական վերաբերմունք էին ցուցաբերում իմ դիտողություններին։ Աշխատանքը շարունակելն անհնարին էր դառնում։ Ես այդ մասին ասացի Խալյանին, թեև հաստատ գիտեի, որ դա նրա կազմակերպած խարդավանքն էր։
Նա կանչեց դերակատարներին և ձևականորեն նրանց հանդիմանեց։ Նրանք համառեցին, գանգատվեցին, մի խոսքով՝ հրաժարվեցին ինձ հետ աշխատել։ Կրկնում եմ. ամեն ինչ տեղի էր ունենում Խալյանի նախապատրաստած սցենարով։ Ի վերջո, իբրև թե հարկադրված, իմ ռեժիսորական դիակի վրայով ինքը ժառանգեց համարյա պատրաստ բեմադրությունս և մի քանի աննշան հավելումներից, կրճատումներից ու փոփոխություններից հետո ինքը դարձավ «Ճանճերի» բեմադրիչը։
ԱՆԱՀԻՏ — Խալյանը ձեզ տվե՞ց ուրիշ բեմադրություն։
ՌՈՒԲԵՆ — Այո, տվեց։ Ռաձինսկու «104 էջ սիրո մասին»։
ԱՆԱՀԻՏ — Բայց այդպիսի ներկայացում չկայացավ։
ՌՈՒԲԵՆ — Այո, չկայացավ։ Ես դարձյալ բեմադրությունը հասցրի հանձնելու մակարդակին։ Բայց մի օր Խալյանն ինձ հայտնեց, որ մոսկովյան մի թատրոն հյուրախաղերով մեզ մոտ բերելու է այդ պիեսի բեմադրությունը և կարիք չկա նույնը մատուցել մեր հանդիսատեսին։
ԱՆԱՀԻՏ — Բայց մոսկովյան ոչ մի թատրոն չբերեց այդ ներկայացումը։
ՌՈՒԲԵՆ – Չբերեց։
ԱՆԱՀԻՏ — Դուք երկրորդ անգամ է՞լ խոնարհաբար մարսեցիք Խալյանի մանևրը։
ՌՈՒԲԵՆ — Ոչ, հետը վիճեցի, և նա ինձ սպառնաց, որ եթե խելոք չմնամ, ինձ կոչնչացնի:
ԿԱՆԱՉՅԱՆ – Ֆիզիկապե՞ս։
ՌՈՒԲԵՆ — Բարոյապես և ստեղծագործական առումով:
ԱՆԱՀԻՏ — Ես այլևս հարցեր չունեմ։
ԹԱԹՅԱՆ — Եթե ձեզ ճիշտ հասկացա, դուք գտնում եք, որ Խալյանը ճնշում է գործադրում երիտասարդ ռեժիսորների վրա, խափանում է նրանց ստեղծագործական աճը։
ՌՈՒԲԵՆ — Այո։
ԹԱԹՅԱՆ — Բայց չէ՞ որ թատրոնում մի շարք բեմադրություններ են իրագործվել երիտասարդ ռեժիսորների կողմից։
ՌՈՒԲԵՆ — Որովհետև դրանք նվազ տպավորիչ էին, քան Խալյանի բեմադրությունները։
ԹԱԹՅԱՆ — (հեգնական)։ Դուք գտնում եք, որ նրանցից ավելի՞ տաղանդավոր եք։
ՌՈՒԲԵՆ — Թող անհամեստություն չհամարվի, այդպես է։
ԹԱԹՅԱՆ — Բայց չէ՞ որ չանտեսվեց ձեր աշխատանքը «Ճանճերի» վրա։ Ազդագրում հիշատակված էր ձեր անուն-ազգանունը…
ՌՈՒԲԵՆ — (ընդհատելով)։ …Որպես ռեժիսորի ասիստենտ։ Խալյանն ավելի մեծահոգի կլիներ, եթե ինձ հիշատակեր իբրև բեմի բանվոր:
ԹԱԹՅԱՆ – Մի՞թե դուք լիովին մաքուր եք ձեր խղճի առաջ:
ՌՈՒԲԵՆ – (կարճ դադարից հետո): Այո:
ԹԱԹՅԱՆ — (զայրացած)։ Սակայն բռնագրավելով թատրոնի շենքը, փակի տակ պահելով պահակ Սոսոյան Դանիելին՝ դուք կատարել եք խմբակային, տեռորիստական արարք, բանդիտիզմ, ծանր հանցագործություն…
ՌՈՒԲԵՆ — Ես ոչ մի վնաս չեմ հասցրել ոչ շենքին, ոչ գույքին։
ԹԱԹՅԱՆ — Սոսոյան Դանիելը Ներքին գործերի մինիստրությանը հարող աշխատակից է։ Դուք…
ՌՈՒԲԵՆ — (ընդհատելով)։ Մենք Սոսոյանին էլ վնաս չենք հասցրել։ Այնպես չէ՞, Դանիել։
ԴԱՆԻԵԼ — Ներող կլինեք, բայց այդպես է, ընկեր Թաթյան։ Ինձ կանոնավոր ու ճոխ կերակրում են երկու հուրի-փերիներ։
ԹԱԹՅԱՆ — Ռուբեն Տերունյան, պահանջելով, որ այս դատը հաղորդվի հեռուստատեսությամբ՝ դուք մտադրություն եք ունեցել քարոզելու բռնություն, տեռորիզմ ու բանդիտիզմ։
ՌՈՒԲԵՆ — Ես ընդամենը ուզում էի հասարակության դատին ներկայացնել մեր՝ երիտասարդներիս աննախանձելի վիճակը։
ԹԱԹՅԱՆ — Դեմ չեմ։ Դուք մի բան էիք ուզում, մեկ ուրիշ բան է ստացվել, ինչպես որ գողն ընդամենը ուզում է գողանալ, բայց իրադրությունը նրան մղում է մարդասպանության։ Այնուամենայնիվ, նա չի դադարում մարդասպան լինելուց։
ՌՈՒԲԵՆ — (շփոթված)։ Ուզում էի, որ հասարակական կարծիքը օժանդակի մեր ստեղծագործական իրավունքների իրականացմանը։
ԴԱՆԻԵԼ — (լրացնելով)։ Հանուն երիտասարդական արվեստի բարգավաճման։
ԹԱԹՅԱՆ — Բայց չէ՞ որ երիտասարդների առաջ բաց են բոլոր դռները։
ՄԵՐԻ — (հեգնական)։ Եվ բանտի դռները։
ԿԱՆԱՉՅԱՆ — Քաղաքացի Տերունյան, ո՞վ է մտահղացել թատրոնի շենքի բռնագրավումը։
ՌՈՒԲԵՆ — Ես։
ԿԱՆԱՉՅԱՆ — Դուք էլ նախապատրաստե՞լ եք օպերացիան։
ՌՈՒԲԵՆ – Այո։
ԹԱԹՅԱՆ — Ոգեշնչող և կազմակերպիչ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Հաջորդը՝ Տերունյան Մերի։
ՄԵՐԻ — Ես եմ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Ի՞նչ եք աշխատում։
ՄԵՐԻ — Դերասանուհի Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնում։
ԱՆԱՀԻՏ — Խալյանը ձեզ դեր տալի՞ս էր։
ՄԵՐԻ — Միայն դուբլյորի դեր և մեծամասամբ գյուղերում ցուցադրվող ներկայացումների մեջ։
ԱՆԱՀԻՏ — Դուք չէի՞ք բավարարում Խալյանի գեղագիտական պահանջները։
ՄԵՐԻ — Նա իմ արվեստի մասին բարձր կարծիքի չէ, որովհետև ամուսնուս արվեստը բարձր է նրանից։
ԱՆԱՀԻՏ — Ուրիշ հարցեր չունեմ։
ԹԱԹՅԱՆ — Դուք Տերունյան Ռուբենի ո՞րերորդ կինն եք։
ՄԵՐԻ — Երկրորդը և վերջինը։
ԹԱԹՅԱՆ — Նրա հետ գտնվե՞լ եք մտերմական կապի մեջ, քանի դեռ նա չէր բաժանվել իր առաջին կնոջից… և երեխայից։
ՄԵՐԻ — Նրա բաժանվելուց մոտ երկու ամիս առաջ։
ԹԱԹՅԱՆ — Ուրեմն, դուք ընդունում եք, որ նպաստել եք նրա ընտանիքի քայքայմանը։
ՄԵՐԻ — Դրանից շատ առաջ նրանք նույն հարկի տակ ապրում էին որպես օտարներ:
ԹԱԹՅԱՆ — Բայց չէ՞ որ նրանք կարող էին հաշտվել գոնե հանուն երեխայի։
ՄԵՐԻ — (ջղայնացած)։ Չգիտեմ՝ կարո՞ղ էին, թե՞ չէ… բայց, փաստորեն, իրար հետ չէին հաշտվում:
Թաթյանը ձեռքի շարժումով հասկացնել է տալիս, որ հարցեր չունի:
ԿԱՆԱՉՅԱՆ — Խալյանը ձեզ մտերմական կարգի առաջարկություն արե՞լ է։
ՄԵՐԻ — Ոչ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Հաջորդը՝ Դրամփյան Սամսոն։
ՌՈՒԲԵՆ — Սամսո՜ն…
ՄԵՐԻ — Ես գնամ ներքև։ (Դուրս է գնում։)
Ներս է մտնում Սամսոնը։
ՍԱՄՍՈՆ — Ես եմ Դրամփյան Սամսոնը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Որտե՞ղ եք աշխատում:
ՍԱՄՍՈՆ — Մինչև վերջերս որսորդական խանութում, վաճառող։
ԱՆԱՀԻՏ — Այդ ինչպե՞ս պատահեց, որ չորս տարի սովորեցիք թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում, Խալյանի ղեկավարած կուրսում, իսկ դիպլոմ ստանալ չկարողացաք։
ՍԱՄՍՈՆ — (հեգնական)։ Շնորհիվ Խալյանի բացառիկ հոգատարության։
ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ Խալյանը ձեզ հետ թշնամացավ:
ՍԱՄՍՈՆ — Թշնամությունն սկսվեց այն օրվանից, երբ նրան քննադատեցի։
ԱՆԱՀԻՏ — Ի՞նչն էր ձեզ վրդովեցրել։
ՍԱՄՍՈՆ — Խալյանի անբարոյական վարքագիծը Ազատյան Նորայի նկատմամբ։
ԱՆԱՀԻՏ — Ուրիշ հարցեր չունեմ։
ԹԱԹՅԱՆ — Քաղաքացի Դրամփյան, որսորդական խանութի ստուգումից պարզվեց, որ դուք այնտեղից հրացաններ եք գողացել։
ՍԱՄՍՈՆ — Իմ հարցը, որպես մեղադրյալի, կարող եք քննել պրեմիերայից հետո։
ԱՆԱՀԻՏ — Մեղադրյալը հիմա Խալյանն է։ Դրամփյանը մեղավոր կողմի վկան է։
ԹԱԹՅԱՆ — Ի՞նչ բարոյական իրավունքով է քրեական հանցագործը դառնում մեղադրող կողմի վկա։
ԱՆԱՀԻՏ — Այն իրավունքով, որ նրա հանցագործությունը հետևանք է մեկ ուրիշի հանցագործության, որի համար, ցավոք, ոչինչ նախատեսված չէ քրեական օրենսգրքում։
ԹԱԹՅԱՆ — Հարցեր չունեմ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Քաղաքացի Դրամփյան, քանի՞ տարեկան եք։
ՍԱՄՍՈՆ – Քսանինը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Բա այդ տարիքում չգիտե՞ք, որ դիպլոմից բացի կարող էիք կորցնել նաև ձեր ազատությանը։
ՍԱՄՍՈՆ — Ես արդեն կորցրել էի թատրոնում ստեղծագործելու ազատությունը: Մնացյալն աչքիս չէր երևում: Խալյանին՝ որպես չարորակ ուռուցք, պետք է հեռացնել Արվեստի մարմնի վրայից:
ԿԱՆԱՉՅԱՆ – (հեգնական): Գնա կանչիր Ազատյան Նորային, բարորակ ուռուցք:
Սամսոնը դուրս է գնում։ Քիչ անց ներս է մտնում Նորան։
ՆՈՐԱ — Ներկայանում եմ՝ Ազատյան Նորա։
ԿԱՆԱՉՅԱՆ — Որտե՞ղ եք աշխատում։
ՆՈՐԱ — Մինչև վերջերս աշխատում էի Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնում, դերասանուհի։
ԱՆԱՀԻՏ — Դուք բողոքել եք, որ Խալյանը ձեզ անբարոյական առաջարկ է արել թատրոնում պահելու և աչքի ընկնող դեր տալու համար։ Հաստատո՞ւմ եք ձեր ցուցմունքը։
ՆՈՐԱ – Այո։
ԱՆԱՀԻՏ — Ինչո՞ւ այդ հարցը չբարձրացրիք ձեր կոլեկտիվի արհմիության ժողովում։
ՆՈՐԱ – Մեկի պոչը մյուսի տակին է։
ԿԱՆԱՉՅԱՆ — Քաղաքավարի արտահայտվեք, Նորա Ազատյան։
ԱՆԱՀԻՏ — Իսկ ի՞նչ ապացույց ունեք, որ նա վիրավորել է ձեր մարդկային արժանապատվությունը։
ՆՈՐԱ – Մագնիտոֆոնային ձայնագրություն։ Միացնե՞մ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Եթե կարիք լինի, կմիացնեք։
ԹԱԹՅԱՆ — Թատերական ինստիտուտում Խալյանը ձեզ սիրահետե՞լ է։
ՆՈՐԱ — Այո։
ԹԱԹՅԱՆ — Դուք նրան ընդառաջե՞լ եք։
ՆՈՐԱ — Ոչ։
ԹԱԹՅԱՆ — Չորս տարի շարունակ նրան չե՞ք ընդառաջել։
ՆՈՐԱ – Չեմ ընդառաջել։
ԹԱԹՅԱՆ — Եվ Խալյանը մեծահոգաբար թույլ տվեց, որ դուք ինստիտուտն ավարտեք, դիպլոմ ստանաք և նույնիսկ աշխատանքի ընդունեց իր թատրոնո՞ւմ։
ՆՈՐԱ – Այդպես է։
ԹԱԹՅԱՆ — Դուք նրան հույսե՞ր էիք տալիս։
ՆՈՐԱ – Ոչ։
ԹԱԹՅԱՆ — Բա ինչպե՞ս է, որ նա հույսը չէր կորցնում։
ՆՈՐԱ – Այդ մասին նրան հարցրեք:
ԹԱԹՅԱՆ — Քաղաքացի Ազատյան, այն օրվանից, ինչ ձեր նշանածը՝ Խիկար Յայլոյանը ձեզ լքեց, դուք քանի՞ տղամարդու հետ եք առնչվել… մտերմորեն։
ԱՆԱՀԻՏ — Բողոքում եմ։ Դա շատ ինտիմ հարց է։ Նորա, այդ հարցին կարող ես չպատասխանել։
ԿԱՆԱՉՅԱՆ — Դուք կարող եք այդ հարցին չպատասխանել, քաղաքացի Ազատյան։
ՆՈՐԱ – Ինչո՞ւ չէ։ Կպատասխանեմ։ (Դադար։) Վեց տղամարդ։
ԹԱԹՅԱՆ – Հինգ-վեց տարում վեց տղամարդը շա՞տ է, թե՞ քիչ է։
ԿԱՆԱՉՅԱՆ — Վկայի հարցաքննությունը տարեք ըստ էության, ընկեր դատապաշտպան։
ԹԱԹՅԱՆ — Քաղաքացի Ազատյան, ինչո՞ւ մերժեցիք Խալյանին. որտեղ վեցը, այնտեղ էլ յոթը, մանավանդ, որ յոթը նաև բախտավոր թիվ է։
ՆՈՐԱ – Խալյանն իմ ճաշակով չէ։
ԹԱԹՅԱՆ — Եթե Խալյանին հանդիպելիս ձայնագրել եք ձեր զրույցը, ուրեմն՝ հենց սկզբից թակարդ եք լարել և ձեր հրապուրանքներով նրան պրովոկացիայի եք ենթարկել։
ՆՈՐԱ — Հրապուրելու կարիք չկար, նա առանց դրան էլ հրապուրված էր։ Ինչ վերաբերում է ձայնագրելուն, ապա նրանից ազատվելու ուրիշ միջոց չունեի։
ԹԱԹՅԱՆ — Ուրեմն ընդունում եք, որ թակարդ եք լարել։
ՆՈՐԱ – Որպես ղեկավար ինձ կանչեց իր կաբինետը։ Ես չէի կարող չներկայանալ։
ՌՈՒԲԵՆ — (գոռում է)։ Որովհետև Խալյանը թատրոնը համարում է իր սեփականությունը, իսկ աշխատակիցներին՝ իր ստրուկները։
ԿԱՆԱՉՅԱՆ — Տերունյան Ռուբեն, մի՛ օգտվեք այն հանգամանքից, որ ձեզ չեմ կարող հեռացնել դատարանի դահլիճից։
ԹԱԹՅԱՆ — Ես հարցեր չունեմ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Քաղաքացի Ագատյան, Խալյանին համարո՞ւմ եք անբարոյական։
ՆՈՐԱ – Մինչև ուղնուծուծը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Իսկ ինչո՞ւ նա Մերի Տերունյանին նմանատիպ առաջարկ չի արել։ Չէ՞ որ Մերին էլ գեղեցիկ է։
ՆՈՐԱ — (շփոթված)։ Չգիտեմ։ Երևի ինձ հետ կապված սկանդալից հետո գգուշամիտ է դարձել։
ԿԱՆԱՉՅԱՆ — «Չգիտեմ»… «երևի»… քաղաքացի Ազատյան, չի կարելի անպատասխանատու հայտարարություններ անել։ (Դադար։) Հաջորդը՝ Յայլոյան Խիկար։
ՌՈՒԲԵՆ — Խիկա՜ր…
ՆՈՐԱ – (Ռուբենին)։ Ես գնամ։
ԿԱՆԱՉՅԱՆ — Մի քիչ էլ մնացեք, քաղաքացի Ազատյան։ Դատական գործին դա անհրաժեշտ է։
Ներս է մտնում Խիկարը։
ԽԻԿԱՐ — Ներկայանում եմ՝ Յայլոյան Խիկար:
ԱՆԱՀԻՏ — Դուք եղել եք Նորա Ազատյանի նախկին նշանածը։
ԽԻԿԱՐ – Այո:
ԱՆԱՀԻՏ — Ներկա դրությամբ դուք Խալյանի եղբոր աղջկա ամուսինն եք։
ԽԻԿԱՐ — Այո։
ԱՆԱՀԻՏ — Ձեր ամուսնությունից հետո Ազատյան Նորան փորձե՞լ է ձեզ հետ մտերմական կապեր հաստատել։
ԽԻԿԱՐ — Ոչ։
ԱՆԱՀԻՏ — Դուք Խալյանից որևէ պահանջ, դժգոհություն ունեցե՞լ եք։
ԽԻԿԱՐ – Ոչ։
ԱՆԱՀԻՏ — Բա ինչո՞ւ միացաք ըմբոստացած արտիստների խմբին։
ԽԻԿԱՐ — Ստացվեց։
ԹԱԹՅԱՆ — Յայլոյան Խիկար, ինչո՞ւ հեռացաք ձեր նախկին նշանածից։
ԽԻԿԱՐ — Ես Նորային ահավոր խանդում էի, չդիմացա այդ տառապանքին։
ՆՈՐԱ — (հեգնական)։ Բրա՛վո…
ԹԱԹՅԱՆ — Դուք երևի խանդելու հիմքեր ունեիք։ Արդյոք նկատե՞լ էիք անբարոյականության ինչ-ինչ նշաններ… կամ անուղղակի փաստեր։
Խիկարը լռում է։
ՆՈՐԱ — Պատասխանիր, Խիկար։
ԽԻԿԱՐ — Այդպիսի բան չեմ նկատել։
ԹԱԹՅԱՆ — Գուցե ճիշտ չեք ասում, որովհետև դեռ սիրում եք նրան և հույս ունեք, որ նա ձեզ կսիրի։
ՆՈՐԱ — Հույսդ կտրիր, Խիկար, և ասա՝ ինչ ուզում ես։ (Դուրս է գնում։)
ԽԻԿԱՐ — Ես ձեր հարցին ճիշտ պատասխանեցի, ընկեր Թաթյան։
ԿԱՆԱՉՅԱՆ — Հաջորդը՝ Կանաչյան Անդրանիկ։
Խիկարը դուրս է գնում։
ԽԻԿԱՐԻ ձայնը — (դրսից)։ Անդրանիկ, վերև բարձրացիր։
ԴԱՆԻԵԼ — Ես այսպիսի հուզիչ ներկայացում դեռ չէի տեսել։
ՌՈՒԲԵՆ — Դեռ շատ բան կտեսնես, ինժեներ բալա։
Ներս է մտնում Անդրանիկը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Կանաչյան Անդրանիկ, որտե՞ղ եք աշխատում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ազատ գրական աշխատող եմ։
ԱՆԱՀԻՏ — Ոչ դատարանից, ոչ էլ հեռուստադիտողներից չեմ թաքցնի, որ ես ու դու մտերիմներ ենք։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ինչպես որ դատավորն ու ես հայր ու որդի ենք։
ԹԱԹՅԱՆ — Խնդրում եմ, ձեզ պաշտոնական պահեք այս պաշտոնական հանգամանքներում։
ԱՆԱՀԻՏ — Քաղաքացի Կանաչյան, ի՞նչ եք գրում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Խմբագրությունների հանձնարարությունները, բայց սիրով գրում եմ իմ պիեսները։
ԱՆԱՀԻՏ — Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացրե՞լ եք ձեր պիեսները։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ինչքանը ներկայացրել եմ, այնքանը մերժվել է։
ԱՆԱՀԻՏ — Ինչպե՞ս եք բացատրում այդ մերժումները։
ԱՆԴՐԱՆԻԿ — Պաշտոն չունեմ, ինձնից ոչ շահ ունեն, ոչ վախ ունեն։
ԱՆԱՀԻՏ — Ձեր պիեսները ներկայացրե՞լ եք կուլտուրայի մինիստրություն։
ԱՆԴՐԱՆԻԿ — Այնտեղից էլ մերժումներ եմ ստացել։
ԱՆԱՀԻՏ – Ինչո՞ւ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Նույն պատճառով։ Այնտեղ էլ Խալյանի տարատեսակներն են։
ԱՆԱՀԻՏ — Հարցեր չունեմ։
ԹԱԹՅԱՆ — Քաղաքացի Կանաչյան, Սիրանույշի անվան թատրոնից բացի, ուրիշ թատրոն չկա՞։
ԱՆԴՐԱՆԻԿ — Նրանց գլխավոր ռեժիսորներն էլ Խալյանի ոճով են աշխատում։
ԹԱԹՅԱՆ — Ձեր ասելով՝ մեզանում գոյություն ունի արտոնյալ դասակարգ, որի դեմ դուրս եք եկել… որսորդական հրացաններով։
ԱՆԴՐԱՆԻԿ — Փաստը մնում է փաստ, որ մի պաշտոնից զրկվելով՝ նրանք ուրիշ տեղ են անցնում նոր պաշտոնի։ Դա մեզանում կոչվում է նոմենկլատուրա, որը մեծամասամբ անպատիժ մնալով՝ լկտիանում է։
ԹԱԹՅԱՆ — Դուք հայրական տնից հեռացել եք, որովհետև դատավոր Կանաչյանը նո՞ւյնպես խալյանական դասակարգին է պատկանում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Հայրս նույնպես կաշառք էր վերցնում։
ԿԱՆԱՉՅԱՆ — Լռիր, անպատկառ: Հարամվի քո կերած կաթը:
ԱՆԴՐԱՆԻԿ — Թող հարամվի, քանի որ այդ կաթին խառնված է եղել անմեղ մարդկանց արյունը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Դա ի՞նչ գիտես անմեղն ա մեղավորը, լակո՛տ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Վերջին անգամներից մեկը՝ Ծիտիկյան Ստեփանի գործը։ Անահիտի եղբայրը հիմա անմեղ տեղը գաղութում տառապում է։
ԱՆԱՀԻՏ — Քաղաքացի Անդրանիկ Կանաչյանը հոր դեմ դուրս է եկել ոչ թե դասակարգային կամ քաղաքական նկատառումներով, ինչպես հեռուստադիտողներին ուզում է ներշնչել Թաթյանը, այլ անձնական դրդապատճառներով։
ԿԱՆԱՉՅԱՆ — Ամոթ չունե՞ս, մայրդ…
ԱՆԴՐԱՆԻԿ – Ո՞ր մեկը… նա, ում հասցրիր գերեզմանի շեմի՞ն, թե՞ նա, ում հետ կիսում ես քո անկողինը։
ԿԱՆԱՉՅԱՆ — Այդ դու ես, որ ինձ պիտի հասցնես գերեզմանի շեմին, հայրասպան։
ԹԱԹՅԱՆ — Դատական նիստն ընդհատե՞նք, քաղաքացի դատավոր։
ԿԱՆԱՉՅԱՆ — Դուք ազատ եք, Կանաչյան Անդրանիկ։
ԱՆԴՐԱՆԻԿ — (քմծիծաղով)։ Ժամանակավորապես։ (Դուրս է գնում։)
ԿԱՆԱՉՅԱՆ — Սկսում ենք մեղադրյալ Խալյան Վարոսի հարցաքննությունը։
ԱՆԱՀԻՏ — Դուք հեռագիր ստացե՞լ եք, որ մոսկովյան թատրոնը հյուրախաղի ժամանակ ներկայացնելու է «104 էջ սիրո մասին» պիեսը։
ԽԱԼՅԱՆ — Չեմ ստացել։
ԱՆԱՀԻՏ — Ուրեմն, ընդունում եք, որ Տերունյանի բեմադրությունը խափանելու համար է, որ հորինել եք այդ սուտը։
ԽԱԼՅԱՆ — Ես այդ տեղեկությունն ստացել եմ միջքաղաքային հեռախոսով։
ԱՆԱՀԻՏ — (հեգնական)։ Հետո նրանք փոխեցի՞ն հյուրախաղի ծրագիրը։
ԽԱԼՅԱՆ — Հենց այդպես։
ԱՆԱՀԻՏ — Դուք սպառնացե՞լ եք Տերունյանին՝ ոչնչացնել նրան բարոյապես և ստեղծագործական առումով։
ԽԱԼՅԱՆ — Ես նրան զգուշացրել եմ, որ եթե հակառակության ոգով ընթանա, կոչնչանա բարոյապես և ստեղծագործական առումով։
ԿԱՆԱՉՅԱՆ — Ինչպես տեսնում ենք, կանխատեսումը կատարվեց:
ԹԱԹՅԱՆ — Դուք մեզ բանտի դռանն եք հասցրել, քաղաքացի Տերունյան։
ՌՈՒԲԵՆ – Ես բանտ կմտնեմ շքամուտքից, բայց Արվեստի տաճարը չեմ մտնի ետնամուտքից։
ԱՆԱՀԻՏ — Մերին եղել է գերազանց սովորող ուսանող։ Ինչպե՞ս պատահեց, որ ձեր թատրոնում Ռուբեն Տերունյանի կինը չարժանացավ գլխավոր դերերի։
ԽԱԼՅԱՆ — Պրոֆեսիոնալ թատրոնում մենք ավելի խստապահանջ չափանիշներ ենք ներկայացնում դերասանին, առավել ևս փաստ է, որ Մերի Տերունյանն ինքն իրեն չէր կատարելագործում…
ԱՆԱՀԻՏ — Դուք ժխտո՞ւմ եք, որ անարդարացի գտնվեցիք Սամսոն Դրամփյանի հանդեպ՝ նրա քննադատության համար…
ԽԱԼՅԱՆ — Ես մեծահոգություն ցուցաբերեցի, առավել ևս, որ հաջորդ օրը նա եկավ, ինձնից ներողություն խնդրեց իր անհիմն քննադատության կապակցությամբ։
ՌՈՒԲԵՆ — Խալյանը ստում է։ Դա Սամսոնի ոճը չէ:
ԱՆԱՀԻՏ — (Խալյանին)։ Եվ դուք նրանից չպահանջեցի՞ք, որ հրապարակավ խոստովանի որ ձեզ զրպարտել է։
ԽԱԼՅԱՆ — Դա թողեցի նրա հայեցողությանը։
ԱՆԱՀԻՏ — (հեգնական)։ Իսկապես որ մեծահոգի եք։
ԽԱԼՅԱՆ — Բայց իր իսկ հանդգնությունից վախը փորն էր ընկել, չէր կարողանում կարգին պարապել։
ԱՆԱՀԻՏ — Վախկոտը որսորդական խանութից հրացան չէր գողանա և չէր մասնակցի թատրոնի շենքի բռնագրավմանը։
ԽԱԼՅԱՆ — Հուսահատությունը երբեմն մղում է ծայրահեղ քայլերի։
ԱՆԱՀԻՏ — Դուք առարկություն չունե՞ք, եթե ձայնագրությունը միացնեմ։
ԽԱԼՅԱՆ — Միացրեք։ Ես լավ եմ հիշում՝ ինչ եմ խոսել։
ԱՆԱՀԻՏ — Բայց չէ՞ որ Ազատյան Նորան խիստ վիրավորված է։
ԽԱԼՅԱՆ — Խնդիրը վերաբերում է մեկնաբանությանը։ Սերը կարող է մեկնաբանվել իբրև շնություն։
ԱՆԱՀԻՏ — Եվ շնությանը՝ իբրև սեր։
ԽԱԼՅԱՆ — Նայած թե կինն ինչպես է տրամադրված։
ԱՆԱՀԻՏ – Ինչպե՞ս եք գնահատում Կանաչյան Անդրանիկի դրամատուրգիական շնորհքը։
ԽԱԼՅԱՆ — Նրա պիեսները հետաքրքիր են, բայց անավարտ՝ թատերային ու գեղարվեստական տեսակետից։
ԱՆԱՀԻՏ — Ուզում եք ասել, որ նրան կարող էիք օգնել, բայց չօգնեցիք՝ դրանք ավարտուն դարձնելու համար։
ԽԱԼՅԱՆ — Դրամատուրգին խորհուրդներ տալը չի մտնում իմ պարտականությունների մեջ։
ԱՆԱՀԻՏ — Բայց պաշտոն ունեցող դրամատուրգներին օգնում եք։
ԽԱԼՅԱՆ — Ելնելով իմ բարեկամական հարաբերություններից։
ԱՆԱՀԻՏ — Կամ շահագրգռությունից։ Ուրիշ հարց չունեմ։
ԹԱԹՅԱՆ — Ձեր հայրական խնամքի տակ աճած երիտասարդ ռեժիսորների բեմադրությունների մասին ինչպիսի՞ թատերախոսականներ են գրվել պարբերական մամուլում։
ԽԱԼՅԱՆ — Դրական… առավելապես՝ դրական…
ՌՈՒԲԵՆ — Կազմակերպված թատերախոսականներ…
ԹԱԹՅԱՆ – Կարո՞ղ էիք Տերունյան Ռուբենին չընդունել ստաժոր ձեր թատրոնում։
ԽԱԼՅԱՆ — Իհարկե, բայց ես նրան սրտաբաց ընդունեցի և չգիտեի, որ կրծքիս վրա օձ եմ տաքացնում։
ՌՈՒԲԵՆ — Ինձ ընդունեց, որ իր ձեռքի տակ լինեմ և հեշտությամբ ինձ տապալի։
ԹԱԹՅԱՆ — Երբ կուլտուրայի մինիստրությունը Տերունյանին գործուղում էր ձեզ մոտ, նա իրավունք ունե՞ր հրաժարվելու և նախընտրելու մեկ ուրիշ թատրոն իր ստաժորության համար։
ՌՈՒԲԵՆ — Ուրիշ թատրոնում նույնը պիտի լիներ իմ վիճակը, դա նրանց դասակարգային համերաշխությունն է։
ԹԱԹՅԱՆ — Տերունյանը կարո՞ղ էր մեկ այլ քաղաքի թատրոնում աշխատել։
ԽԱԼՅԱՆ –Անկասկած։
ՌՈՒԲԵՆ — Այնտեղ խալյաններ չկայի՞ն։
ԹԱԹՅԱՆ — Շատ չեղա՞վ, Տերունյան։ Ձեր լկտիությունը սահման պիտի ունենա՞, թե՞ ոչ։
ԽԱԼՅԱՆ — Տերունյանն ինքն իրեն է խայտառակում հեռուստադիտողների առաջ:
ԹԱԹՅԱՆ – Քաղաքացի Խալյան, երբևէ առարկե՞լ եք, որ ռեժիսորները առաջատար դերեր հանձնարարեն Մերի Տերունյանին:
ԽԱԼՅԱՆ – Ամենևին:
ԹԱԹՅԱՆ – Ինչպիսի՞ն է եղել ձեր վերաբերմունքը Նորա Ազատյանի հանդեպ:
ԽԱԼՅԱՆ — Հրապարակայնորեն ներողություն եմ խնդրում իմ օրինական կնոջից, որ հիմարաբար սիրահարված եմ եղել այդ աղջկան։
ԹԱԹՅԱՆ — Հիրավի դա սիրահարվածություն է ու ոչ թե շնություն, քանի որ տևել է երկար՝ ինստիտուտի չորս տարիները և թատրոնի մեկ-երկու տարին։
ՌՈՒԲԵՆ — Ցանկության համառությունը դեռևս սեր չի կարելի անվանել։
ԿԱՆԱՉՅԱՆ — Խոսքը ձեզ է տրվում, քաղաքացի դատախազ։
ԱՆԱՀԻՏ — Ես եկա այն եզրակացության, որ Խալյանի աչքին աթոռը, սեղանը, ռեկվիզիտն ավելի գին ունեն, քան դերասանը և նրա հոգին։ Թատրոնի գույքացուցակից որևէ առարկա փչանա թե կորչի՝ կակտավորեն, կանցնի-կգնա։ Իսկ տրորված, հուսահատության, ընդհուպ ինքնասպանության եզրին հասցված տարաբախտ ստեղծագործողին Խալյանը նայում է ապակյա սառը աչքերով։ Միայն մի խումբ արտիստների օրինազանցության գնով հնարավոր եղավ Խալյանին նստեցնել մեղադրյալի աթոռին, թեև քրեական օրենսգրքի ոչ մի հոդված, ոչ մի կետով մեղադրանք չի կարելի հարուցել նրա դեմ։ Բայց Խալյանի բարոյական ոճիրը հաստատված է, և նա արժանի է համահասարակական պարսավանքի։
ԿԱՆԱՉՅԱՆ — Խոսքը ձերն է, ընկեր դատապաշտպան։
ԹԱԹՅԱՆ – Այսօր ինձ վիճակված է երջանիկ առիթ՝ հերյուրանքներից պաշտպանել թատերական արվեստի կարկառուն ներկայացուցիչներից մեկին՝ Խալյան Վարոսին: Այո, նա մեծ է: Մեծ է և այն ստվերը, որի տակ նա թողնում է իր գործընկերներին: Նա գլխավոր է ոչ միայն ի պաշտոնե, այլև ի բնե, ինչպես որ եղջերուների հոտն իր գլխին տեր է դասում անմրցակից, ամենահաղթ եղջերուին:
ԿԱՆԱՉՅԱՆ – Խոսքը տրվում է մեղադրյալ Խալյան Վարոսին:
ԽԱԼՅԱՆ – Իմ հիմնական մեղքն այն է, որ հավատարիմ եմ մնացել իմ կայուն սկզբունքներին: Ես թույլ չեմ տա, որ շեղված երիտասարդները, ինչպիսիք են այս դժբախտները, կապկային փորձարկումների ասպարեզ դարձնեն իր բեմահարթակը, մինչդեռ ես կանաչ ճանապարհ եմ տալիս բոլոր երիտասարդներին, որոնք ինձ նման, իրենց ծառայությունն ու շնորհքն են մատուցում մեր հարազատ կուսակցությանն ու կառավարությանը:
ՌՈՒԲԵՆ — Քաղաքացի դատավոր, թույլ տվեք հայտարարություն անել։ (Դադար։) Հարգելի հեռուստադիտողներ, վաղը չէ մյուս օրը կկայանա մեր ներկայացման պրեմիերան։ Կցուցադրվի Անդրանիկ Կանաչյանի «Հերիք եղավ» դրաման։ Սկիզբը՝ երեկոյան ժամը յոթն անց երեսուն րոպեին։
ԿԱՆԱՉՅԱՆ — Լսելով վկաների ցուցմունքները, դատախազի, դատապաշտպանի և մեղադրյալի ելույթները՝ եկա այն համոզման, որ Սիրանույշի անվան պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Վարոս Վազգենի Խալյանը…
Անսպասելի կտրվում է հեռուստացույցի ձայնը։ Խախտվում են էկրանի լուսապատկերները։
ՌՈՒԲԵՆ — Դանիել, ի՞նչ եղավ։
ԴԱՆԻԵԼ — Ես ի՞նչ իմանամ։
ՌՈՒԲԵՆ — Ալո… ալո…
ԽԱԼՅԱՆԻ ձայնը — Ալո… Վատ բան չմտածեք։ Մենք էլ չնկատեցինք… տեխնիկական վթար է…
ՌՈՒԲԵՆ — (հանգստացած)։ Այսքանն էլ բավական էր. թող վճիռն արձակի հեռուստադիտողը։

ՊԱՏԿԵՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Նույնը, ինչ աոաջին պատկերում։ Անցել է երկու օր։ Անդրանիկը և Անահիտը դռան մոտ նայում են դեպի դուրս։ Լսվում են ներկայացման ավարտի ռեպլիկները և դահլիճի արձագանքը։ Ծափահարում են, հնչում են՝ «բրավո», «բրավիսիմո»։
ԱՆԱՀԻՏ — (Անդրանիկին համբուրելով)։ Հաղթանա՜կ, հաղթանա՜կ…
ԱՆԴՐԱՆԻԿ – Վերջապե՜ս…
ՌՈՒԲԵՆԻ ձայնը – Անդրանի՛կ…
ԱՆԱՀԻՏ – Գնա, քեզ բեմ են կանչում, հոգիս։
Անդրանիկը գնում է։ Ծափերը սաստկանում են։
ԱՆԱՀԻՏ — Պիտի որ նրանց ներեն։
Ծափերը մարում են։ Գալիս են Անդրանիկը, Ռուբենը, Մերին, Նորան, Սամսոնը, Խիկարը՝ հուզված, հոգնած, երջանիկ դեմքերով, ծաղկեփնջերով:
ՆՈՐԱ – Երջանկությունից գլուխս պտտվում է, Սամսոն:
ՄԵՐԻ — Ես ոնց որ խմած լինեմ:
ՍԱՄՍՈՆ – Մոտենում ենք ֆինալին:
Ներս են մտնում Խալյանը, Թաթյանը, Դանիելը։ Լռություն։
ԽԻԿԱՐ — Վարոս Վազգենիչ…
ԽԱԼՅԱՆ — (խիստ)։ Ինձ չմոտենաս։
ԿԱՆԱՉՅԱՆ — (ներս մտնելով)։ Բա դու չա¬մաչեցի՞ր, Անդրանիկ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ծայր աստիճան լարված էի, բորբոքված։ Ներիր ինձ, հայր, հիմա հանգիստ եմ, հաղթանակից հետո։
ԹԱԹՅԱՆ — Հաղթանակի ծաղրանկա՛ր։ Դահլիճը մեր մարդկանցով էր լցված։ Ծափերն ու բրավոները նույնպես մեր պատվերով էին։
ԱՆԴՐԱՆԻԿ — (հանգիստ): Թեկուզ և այդ¬պես։
Խայանը, Թաթյանը և Դանիելը ծի¬ծաղում են։
ՄԵՐԻ — Ուրախանո՜ւմ են…
ԽԱԼՅԱՆ — Այո, ուրախանում եմ, որովհետև ապացուցեցի իմ տաղանդի առավելությունը։
ՆՈՐԱ — Թիկունքից հարվածելո՞վ։
ԹԱԹՅԱՆ — Բա որ հեռուստատեսային հա¬ղորդումը տեղի չի ունեցե՞լ…
ՆՈՐԱ – Բայց մենք նայում էինք, տեսանք։
ԽԱԼՅԱՆ — Դատական նիստը տեղի էր ու¬նենում հարևան դպրոցի դահլիճում։ Դանիելը հեռուստացույցը զոդել էր այնպես, որ մեր ալիքները միայն ձեզ էին հասնում։
ԿԱՆԱՉՅԱՆ — Եվ ինձ դուք չնախազգուշացրի՞ք։
ԹԱԹՅԱՆ — Որպեսզի քեզ ավելի բնական պահես։
ԿԱՆԱՉՅԱՆ — (սրտնեղած)։ Այդ էլ պատ¬ճառաբանությո՜ւն է։ (Դուրս է գնում։)
ՍԱՄՍՈՆ — (Դանիելին)։ Սրիկա՛… (Ուզում է հարվածել նրան։)
ԹԱԹՅԱՆ — (բռնելով Սամսոնի ձեռքը)։ Մենք ենք տղային կարգադրել։
ԱՆԴՐԱՆԻԿ — (Ռուբենին)։ Դու լուրջ սխալ թույլ տվիր՝ սրան պատանդ պահելով։
ՌՈՒԲԵՆ — Ուրիշ էլ ի՞նչ օյին եք սարքել մեր գլխին։
ԹԱԹՅԱՆ — Միկրոֆոնը… (Ձայնագրիչը դուրս է քաշում սեղանի տակից։) Մենք ձեր խոսակցությունները լսում էինք, կապիտան։
ՄԵՐԻ — Անահիտը գիտե՞ր, որ հեռուստատե¬սային հաղորդում չկա։
ԹԱԹՅԱՆ — Իհարկե, գիտեր։ Մենք ուզածդ մարդուն կարոդ ենք գնել, մանավանդ դեռ դիպլոմ չստացած ուսանողին։
ԱՆԱՀԻՏ – Նա ստո՛ւմ է։
ԹԱԹՅԱՆ – Ե՞ս…
ԽԱԼՅԱՆ — Վերջացրու, Թաթյան։ Այսքանը բավական է սրանց համար։
ԱՆԴՐԱՆԻԿ — Հանձին Խալյանի՝ ազդեցիկ պաշտպան ունես, Անահիտ։
ԱՆԱՀԻՏ — Նա ոչ թե ինձ է պաշտպանում, այլ ճշմարտությունը։
ՆՈՐԱ — (ծիծաղելով)։ Ճշմարտությունը… Խալյանն ուզում է մեզ ընկճել բարոյապես։
ՍԱՄՍՈՆ — (պայթեցնող սարքը հանելով բազկաթոռի տակից)։ Ես դեռ մի պահեստային քայլ ունեմ, սեղմում եմ այս լծակը, և բոլորս հօդս ենք ցնդում։
ՆՈՐԱ — Թատրոնը պետության մոդելն է։ Պայթեցրու, Սամսոն, հե՛րն էլ անիծած։
ԹԱԹՅԱՆ — Սամսոնը գլխից ձեռ է քաշել, որովհետև իրեն ավելի ծանր հոդված է հասնում, քան քեզ, Ռուբեն ջան, քան քեզ, Մերի ջան, քան քեզ, Անդրանիկ ջան։ Չէ՞ որ Սամսոնն է հրացանները գողացել որսորդական խանու¬թից։
ՌՈՒԲԵՆ — Մեզ շատ քիչ ժամանակ է մնա¬ցել ապրելու, ի՞նչ կարիք կա պառակտել ձեր գավակներին, Թաթյան Հայրիկ ջան։
ԱՆԱՀԻՏ – Ես ուզում եմ ապրել։
ԽԱԼՅԱՆ — Ինձ համար միևնույն է։
ԹԱԹՅԱՆ — Իհարկե, քեզ համար միևնույն է, անասուն։ Այսօր չէ, վաղը քաղցկեղդ քեզ գե¬րեզման կիջեցնի։
ՆՈՐԱ — Այսպես նույնիսկ ավելի ռոմանտիկ է Խալյանի համար։
ՄԵՐԻ — Ռուբեն, դու ոչինչ չունե՞ս Սամսոնից խնդրելու։
ՌՈՒԲԵՆ — Դու նույնպես ուզում ես ապրել։
ՄԵՐԻ – Ինչո՞ւ չէ…
ԱՆԱՀԻՏ — Ռուբենին պակա՞ս ծանր հոդ¬ված է հասնում։
ԱՆԴՐԱՆԻԿ — Հետաքրքիր իրավիճակ է. ափսոս, գրելու հնարավորություն չունեմ։
ԽԻԿԱՐ — Մեկ ուրիշը կգրի քո փոխարեն, մեկօրյա դրամատուրգ։
ԱՆԴՐԱՆԻԿ — Լավ է մեկ օր, քան տարի¬ների մի ամբողջ բացակայություն, որպիսին է եղել քո կյանքը։
ՄԵՐԻ — Ռուբեն, բոլորը քո խոսքին են սպա¬սում։ Դու հեղինակություն ես Սամսոնի համար։
ՌՈՒԲԵՆ — Արա, ինչ ուզում ես, Սամսոն։ Բայց իմացիր, որ այնքան անգամ պիտի մահանաս, որքան մարդ կա այստեղ։ Պայթեցրու, եթե ունես դրա քաջությունը կամ դաժանությունը։
ՍԱՄՍՈՆ — Քանի որ Խալյանն իր քաղցկե¬ղի պատճառով արդեն իսկ դատապարտված է մահվան… Անահիտը, Մերին, Անդրանիկը շատ են ուզում ապրել… ու նաև այս Դանիել լակոտը, որ վախից պապանձվել է… Ես իրավունք չունեմ տնօրինելու այսքան մարդու կյանքը։ (Ձեռքը հեռացնում է լծակի վրայից։)
Դանիելը քրքջում է։
ՄԵՐԻ — Երեխան խելագարվե՞ց։
ԴԱՆԻԵԼ — Ոչ, ոչ, անսուրբ Մարիամ, ես չեմ խելագարվել։ Ծիծաղում եմ, ձեզ վրա եմ ծիծաղում, բոլորիդ վրա եմ ծիծաղում։
ԹԱԹՅԱՆ — Ի՞նչ կա ծիծաղելու, լակոտ։
ԴԱՆԻԵԼ — Որովհետև ոչ մի պայթյուն էլ չէր լինելու։ Ես հայտնաբերել էի այս թաքնված սարքը և այնպես էի չեզոքացրել, որ չնկատվի, որ անջատված է։
ԹԱԹՅԱՆ — (Դանիելին խփելով)։ Բա ինչո՞ւ մեզ չզգուշացրիր։
ԴԱՆԻԵԼ — (ծիծաղելով)։ Ամեն մեկը իր խարդավանքն էր սարքում, ես էլ իմ սեփական օյինը բանեցրի։
ԽԱԼՅԱՆ — Շնորհակալություն, որ թատրոնի շենքն անվնաս մնաց։ Դուք ազատ եք։ Մուտքի մոտ ձեր տրամադրության տակ են երկու ավտոմեքենա և միլիցիայի աշխատողներ, նրանք ձեզ կուղեկցեն, որպեսզի չմոլորվեք։
ՆՈՐԱ — Մեզ ձերբակալո՞ւմ են։
ԹԱԹՅԱՆ — Քիչ աոաջ պատրաստվում էիք մեռնել, հիմա բանտի՞ց եք վախենում։
ԽԻԿԱՐ — Վարոս Վազգենիչ, մեր գրավածը ընդամենը մշակույթի օջախ էր։
ԽԱԼՅԱՆ – Ես քեզ չասացի՞՝ ինձ չմոտենաս, փսլնքոտ։
Խիկարը դուրս է գնում։
ԹԱԹՅԱՆ — Վարոս Վազգենիչ, ես քեզ հետ կոպիտ վարվեցի, որպեսզի սրանց աչքին թոզ փչեմ։
ԽԱԼՅԱՆ — (հեգնական)։ Ես այդպես էլ հասկացա։
ԱՆԴՐԱՆԻԿ — Ներիր ինձ, Անահիտ, կարող ես չսպասել իմ վերադարձին։
ԱՆԱՀԻՏ — Կարող եմ չսպասել, բայց կսպասեմ։
Դրսից կրակոց է լսվում։
ԴԱՆԻԵԼ — Յայլոյա՜նը…
ՆՈՐԱ — Խիկա՜ր… (Դուրս է վազում։)
ՄԵՐԻ — (Խալյանին)։ Մարդասպա՜ն…
ԽԱԼՅԱՆ — (հանգիստ)։ Այսպես թե այնպես տղան կորած էր. թմրամոլ էր դարձել։ Մի քիչ դանդաղ թե միանգամից՝ նույն ինքնասպանությունն է։ Նույնիսկ այսպես ավելի ռոմանտիկ է, ինչպես կասեր Նորան։
ՍԱՄՍՈՆ — (Խալյանին)։ Ճիվա՜ղ…
ԽԱԼՅԱՆ — Ամենևին։ Մարդ եմ՝ ինչպես բոլորը։ Ձեզ խոչընդոտում էի՝ նորմալ է։ Կարծում եք, իմ ոտքերի առաջ խալի՞ են փռել, թե՝ համեցեք թատերական արվեստի բարձունքները։
ԱՆԴՐԱՆԻԿ — Բայց դուք վատ օրինակ դարձաք երիտասարդության համար։
ԽԱԼՅԱՆ — Այո, մենք և բռնակալ ենք, և կաշառակեր, և կնամոլ։ Բայց դուք հո կապիկնե՞ր չեք, որ մեզ ընդօրինակեք։ Մենք վատն էինք, դուք լավը եղեք։ (Հեգնական։) Եթե, իհարկե, կարողանաք։
ԹԱԹՅԱՆ — Ձեզ երկար նավարկություն, քաղաքացի կապիտան։ Վարոս Վազգենիչը ձեզ լիովին բնաջնջեց։
ԽԱԼՅԱՆ — (սառը, անտարբեր)։ Այդպիսի մտադրություն չունեմ։ Ես պարզապես զգուշացնում եմ։ Մեր հասարակության մեջ խմորումներ են սաստկանում։ Պատահական չէր ձեր այս բռնկումը չեխական իրադարձություններից հետո։ (Հեգնական։) Ինչպես ասել է մի պոետ՝ «Այսօր չէ, վաղը անձրև է գալու»։ Բայց ես ձեզ հայրական խորհուրդ եմ տալիս՝ զղջացեք։
ԱՆԴՐԱՆԻԿ — Կուլիսային այս ներկայացումը հանգում է իր տխուր ավարտին։
ՌՈՒԲԵՆ — Կուլիսային թե ոչ կուլիսային՝ ներկայացումը կկայանա, թեկուզ տասը տարի հետո։ Կկայանա օրինավոր, կկայանա ազատ մարդկանց համար։ Գնացինք։
ԽԱԼՅԱՆ — (քմծիծաղ տալով)։ Տղա ես՝ թող կայանա։
Խալյանից, Թաթյանից ու Դանիելից բացի, մյուսները դուրս են գնում։

Վարագույր։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։