Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ /«ԼԻԼԻԹ»

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆԻ «ԼԻԼԻԹ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում

 

 

 

Արդյո՞ք պատահականություն է, որ Արարիչն ստեղծեց Ադամին միակ և անկրկնելի օրինակով, իսկ երբ հերթը հասավ կնոջը… սկզբում եղավ Լիլիթ, հետո՝ Եվա, հետո՞…

Ի՞նչ էր փնտրում Արարիչն ու չէր գտնում, իսկ գուցե հակառա՞կը. գտածն այնքան գերազանցում էր սպասելիքին, որ միակ ճիշտ քայլը «հետո»-ին դիմե՞լն էր:

Չէ, ասածիս մեջ խաղ չկա, թեև առանց այդ նույն խաղի այսպիսի պիես չի գրվի: Առեղծված էլ չկա, պարզապես իմ կին կերպարներից մեկը մեկ այլ պիեսում ասում է. «Կինը կարող է ճանաչել մեկ տղամարդու և իմանալ բոլոր տղամարդկանց: Տղամարդը՝ ճանաչելով բազմաթիվ կանանց, գոնե մեկին էլ չի իմանա»: Գուցե սխալ բանաձևում է, բայց…

Բայց և այնպես, ինչո՞ւ Ադամը եղավ մեկ օրինակից, իսկ կնոջ համար՝ նախ՝ Լիլիթ, հետո՝ Եվա, հետո…

 

Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

 

ԼԻԼԻԹ

Գործող անձինք

ԱԴԱՄ

ԼԻԼԻԹ

ԱՐԱՐԻՉ

ԹՈՒԹԱԿ

ՁԱՅՆ

 

Եդեմի այգին: Ծառի ստվերում կիսաթեք պառկած Ադամը ուշադիր նայում է երկնքին: Մտահոգ է, շուրթերն անձայն շարժվում են, հմայված նայում է սահող ամպերին: Հանկարծ կտրուկ նստում է տեղում, սրբում ճակատը, ձեռքը բռունցք արած թափահարում է վերև` ինչոր թռչուն «թրջել է» ճակատը:

ԱԴԱՄ (թփից տերև է պոկում, զզվանքով սրբում է ճակատը): Անունն էլ դրախտ է: Եթե դրախտը սա է, դրախտից էն կո՞ղմ ինչ կլինի… (Նայում է վերև🙂 Հիմա՛ր թռչուն: (Վերևից արհամարհալից կռնչոց է լսվում🙂 Խնդրե՛մ, ոչ մի հարգանք մարդու նկատմամբ, ու սա այն դեպքում, երբ ես միա՛կն եմ, անկրկնելի՛ն: (Վերևից կրկնվում է արհամարհալից կռնչոցը🙂 Ձե՛նդ: Ինչքան լռեցի` հերիք է: Վերջապես, ո՞վ եմ այստեղ ես… ես… (Տանջալից  մտորումից հետո🙂 Ես… իր… իրա… վրա… չէ, վունք… ի-րա-վունք… հա, իրավունք ունե՞մ, թե՞ չէ: (Հաղթական շուրջն է նայում` նոր բառ է գտել: Խոսքն աստիճանաբար վստահ երանգ է ստանում🙂 Օրինակ` էդ հիմար թռչունը… կարող է ծռտել ճակատիս, ինչ է` թևեր ունի ու օրը մի քանի անգամ պիտի աղիքները դատարկի: Չէ, դեմ չեմ, հասկանում եմ, որ ամեն անգամ էդ գործի համար ցած չի իջնելու… Այսինքն` ես ընդունում եմ նրա` իր ուզածն անելու իրավունքը: Բայց իմ ճակատին էլ հաճելի չէ նրա իրավունքը… (Կորցնում է մտքի թելը` իսկապես դժվար բան է մտածելը🙂 Ինչ էի ասո՞ւմ… նոր բառ էր… հա, իրավունք: Բայց վատ չի հնչում… Իրավո՜ւնք… Ադամի իրավունք… իմ իրավունքը, այսինքն՝ մարդու իրավունքը… Հետաքրքիր է` օրվա մեջ քանի՞ անգամ է ճակատիս մաքուր մնալու իրավունքը ոտնահարվում օդում անիմաստ ճախրող էդ թևավորի բնական պահանջը բավարարելու իրավունքով: (Զարմացած, ինքնագոհ🙂 Բայց ի՜նչ հետաքրքիր մտքեր եմ ասում… Չէ, ես զգում եմ, որ օր-օրի հասունանում եմ, դառնում եմ ավելի… ավելի… (Հարկավոր բառը չի գտնում🙂

Այդ պահին թփի ետևից սև ձեռք է հայտնվում: Բռնել է Ռոդենի «Մտածողի» ռեպրոդուկցիան: Ադամը պլշած նայում է, հետո տեղից բարձրանում, ելնում է քարին, մի քանի փորձից հետո ընդունում է Մտածողի դիրքը: Սև ձեռքն անհետանում է:

ԱԴԱՄ — (գոռում է🙂 Գտա՛… բա՛ռը գտա: Օր-օրի ես դառնում եմ… մը-տա-ծո՛ղ: (Միանգամից սմքելով🙂 Ի՞նչ օգուտ… էս դրախտային համատարած անգրագիտության մեջ մեկը չկա, որ ասես էդ մասին…

ՁԱՅՆ Ինչի՞ մասին:

ԱԴԱՄ (ակամա): Ո՞նց թե` ինչի… Որ ես մտածող եմ:

ՁԱՅՆ Մե՜ծ բան է… Homo Sapiens չէ՞ եղածդ:

ԱԴԱՄ (արհամարհական): Շա՜տ է խելքդ հասնում… (Սթափվելով🙂 Ի՜-ի՞նչ…

ՁԱՅՆ Ոչի՛նչ:

ԱԴԱՄ (շուրջն է նայում, իրեն համոզելով): Իհարկե` ոչինչ:

Ձայնը ծիծաղում է սկզբում կամաց, հետո` ավելի ու ավելի բարձր:

ԱԴԱՄ (լուրջ անհանգստացած): Է՛յ… ո՞վ կա էստեղ:

ՁԱՅՆ Դո՛ւ ասացիր:

ԱԴԱՄ Ե՞ս… ես ասացի` ոչինչ:

ՁԱՅՆ Ես եմ էդ ոչինչը:

ԱԴԱՄ Ու… վաղո՞ւց ես էս կողմերում:

ՁԱՅՆ Համենայնդեպս, քո հայտնվելուց առաջ արդեն կայի:

ԱԴԱՄ (թերահավատ): Չէ հա՛… բա մինչև հիմի ինչի՞ չէիր խոսում:

ՁԱՅՆ Իմ խոսելը քեզնից էր կախված: Մինչև չհասունանայիր, ո՞նց խոսեի:

ԱԴԱՄ (վիրավորված): Ես վաղո՛ւց եմ հասունացել: (Այդ խոսքին ծառից մի տանձ է ընկնում (դա կարող է անել նաև սև ձեռքը) նրա գլխին: Ադամը ցավից դեմքը ծամածռելով գետնից վերցնում է տանձը, գլուխը շփելով` մտախոհ զննում (հանց Յորիկի գանգը🙂 Պտուղը պիտի հասունանա ու ընկնի ցած: Դա նրա իրավունքն է: Բայց թե ինչի՞ հիմնականում ընկնում է ի՛մ գլխին:

ՁԱՅՆ Գուցե դրա մեջ իմա՞ստ կա:

ԱԴԱՄ Եթե տանձի փոխարեն խնձոր լիներ ու որպես խնձոր ընկներ գլխիս… ես էլ նստած լինեի խնձորի ծառի տակին… (Այդ պահին հնչում է հայտնի երգը, որը չափ է տալիս սև ձեռքը: Ադամը մի երկու տող դնդալուց հետո սթափվում է🙂 Ստո՛պ, էդ ուրիշ պիեսից ա… (Շուտասելուկով🙂 Եթե նստած լինեի խնձորի ծառի տակին ու խնձոր ընկներ իմ կարկաճին, ու դրանից հետո նոր բա՞ռ գտնեի… (Կենտրոնացած մտածում է:)

ՁԱՅՆ – Գուցե՝ ձը-գո-ղա-կանությո՞ւն:

ԱԴԱՄ — (մտացրիվ): Ի՞նչ իմանամ… Բայց սա տանձ է, ես էլ էդ բառը… ձգողակա՞ն… դեռ չգիտեմ ու… Ու խնձորի ծառի տակ չեմ նստած:

ՁԱՅՆ Ու մտածելու համար էլ դեռ խակ ես:

ԱԴԱՄ Ձե՛նդ… Դու էլ շատ ես հասած: Որ էդքան հասել ես, մի բան ասա… թեկուզ էս տանձի մասին:

ՁԱՅՆ Արջը յոթ երգ գիտե` յոթն էլ` տանձի մասին:

ԱԴԱՄ (անկեղծորեն հետաքրքրված): Էդ ի՞նչ է:

ՁԱՅՆ Դեռ հայտնի չէ, բայց մեջը ճշմարտություն կա:

ԱԴԱՄ Բան չհասկացա, դրա համար էլ սա պիտի ուտվի: (Ախորժակով ուտում է🙂 Ինչ-ինչ, բայց էստեղ սնունդը բարձր որակի է, թեև… (Շփելով ցաված գլուխը🙂 …սպասարկումը անթեր չէ: Հա, էդ ինչ էիր ասո՞ւմ…

ՁԱՅՆ Ասում էի, որ էսօր էլ չէի խոսի ու էնքան չէի խոսի, մինչև չգտնեիր էդ բառը:

ԱԴԱՄ (դադարելով ծամել): Ո՞րը:

ՁԱՅՆՄը-տա-ծո՛ղ:

ԱԴԱՄ (միանգամից ընդունում է Մտածողի դիրքն ու արագ էլ սթափվում): Ուրեմն, ընդունո՞ւմ ես, որ ես արդեն մտածող եմ:

ՁԱՅՆ Չէ՜ մի… ընդամենը առաջին քայլն ես արել:

ԱԴԱՄ Գիտե՞ս, ո՛րը կլինի երկրորդը: (Տեղից թռչում, նայում է թփի ետևը: Հիասթափված🙂 Բան չկա:

ՁԱՅՆ (վերևից): Բա ի՞նչ էիր կարծում, մտածո՜ղ… (Նրա ձայնը աստիճանաբար հեռանում է🙂

Ադամը դեպի վերև բռունցք է ցույց տալիս, հետո կիսաթեք պառկում նախկին տեղում, նայում է երկնքին:

Աստիճանաբար լսելի է դառնում շարժիչի հռնդյուն հիշեցնող աղմուկ ու երբ հասնում է բարձրակետին՝ ծխի մեջ հայտնվում է Արարիչը: Նա թափ է տալիս երկար, սպիտակ հանդերձանքի փեշերը, ախորժակով փռշտում է:

ԱԴԱՄ (չզարմանալով իրարանցման վրա, չնայելով եկողի կողմը` մելանխոլիկ): Առողջություն:

ԱՐԱՐԻՉ (անակնկալի եկած): Ի՞նչ…

ԱԴԱՄ Փռշտացիր: Ասացի` առողջություն:

ԱՐԱՐԻՉ Դա ի՞նչ է:

ԱԴԱՄ Ի՞նչ իմանամ… բայց եթե բառն ասվել է, ուրեմն մի բան նշանակում է:

ԱՐԱՐԻՉ (զգուշավորված): Աչքիս… մի տեսակ ես:

ԱԴԱՄ (անտարբեր): Հնարավոր է:

ԱՐԱՐԻՉ Ի՞նչ է պատահել:

ԱԴԱՄ Հոգնել եմ:

ԱՐԱՐԻՉ Ինչի՞ց:

ԱԴԱՄ Չգիտեմ, բայց հոգնել եմ:

ԱՐԱՐԻՉ Ե՞րբ հասցրիր… (Պաթետիկ🙂 Արդ, քանի՞ գիշեր ու ցերեկ է անցել ընդամենը, ինչ հողեղեն էությանդ շունչ տվեցի, ու դու դարձար մա՛րդ…

ԱԴԱՄ Ինչո՞ւ դարձա մարդ:

ԱՐԱՐԻՉ Որպեսզի… վայելես այս ամենը:

ԱԴԱՄ Ի՞նչը:

ԱՐԱՐԻՉ (խորապես վիրավորված): Դրա՛խտը: Գիտե՞ս արդյոք, թե քանի՜ մոլորակի վրա եմ դրախտ ստեղծել, բայց այս մեկը… (Մտերմաբար, առանց պաթոսի🙂 Առանց կեղծ համեստության ասեմ` այս մեկը լավագույնն է:

Այդ պահին վերևից լսվում է կռնչոց, սուլոց (ասես ռումբ է ընկնում), Արարիչը ճարպկորեն խույս է տալիս, ու կրկին տուժում է Ադամի ճակատը:

ԱԴԱՄ (համակերպված կատաղությամբ թփից տերև է պոկում, սրբում ճակատը): Էս չի՞ քո լավագույնը:

ԱՐԱՐԻՉ Դե, գիտե՞ս ինչ… սա արդեն մանրախնդրություն է: Չէ, ես չեմ ժխտում, որոշ բացթողումներ կան, բայց փոխարենը… Շուրջդ նայիր, ի՜նչ գեղեցկություն է, ինչպիսի՜ արև… Հատուկ պատվեր է, այս տեսակ արև տիեզերքում մի երկուսն են: Բա գիշերնե՞րը… երբ աստղերը վառվում են, բայց չեն այրվում:

ԱԴԱՄ Ասենք թե… բայց ինձ կասե՞ս, թե ինչի՞ են տանձերը իմ գլխին գմփում:

ԱՐԱՐԻՉ Ու պիտի գմփա՛ն… խելքիդ բանը չէ: Շատ ես ուզում իմանալ` պատճառը քո մեջ փնտրիր: Լավ, փոխենք թեման: Ինչպե՞ս է անցնում դրախտային առօրյադ:

ԱԴԱՄ Չի անցնում: Դոփում է տեղում: Ամեն ինչ կա` ուտելիք, գեղեցկություն, դրախտային անդորր, բայց… տխուր է: Էս երանելի վիճակի մեջ կասկածելի բան կա: Էսպես չպիտի լինի… մարդու համար: Դե… ինչ-որ մի բան թող պակաս լինի:

ԱՐԱՐԻՉ (հեգնանքով): Օրինակ…

ԱԴԱՄ (հեգնանքը չնկատելու տալով): Ասենք… թուզը թող երկու օր ուշ հասնի, ու երկու օր թուզ չլինի, որ ես փնտրեմ ու չգտնեմ, էնքան սպասեմ, մինչև էդ հիմար թուզը ուտելի դառնա: Կամ էլ… հենց ջրվեժը: Երբ գնաս` անկապ հոսում է, հա՜ լողացիր: Տխուր է: Իսկ դու մի քանի ժամով ջրվեժի ջուրն անջատիր: Գիտե՞ս, ինչ ուրախություն կլինի, երբ ջրվեժը նորից միացնես:

ԱՐԱՐԻՉ (արժանապատվությամբ): Ես խոտան թույլ տալ չե՛մ կարող:

ԱԴԱՄ Ասացե՜ք, խնդրեմ… (Քինոտ🙂 Դրախտից դուրս է՞լ էս պայմաններն են:

ԱՐԱՐԻՉ Մոռանում ես, որ սա՛ է դրախտը, ընդ որում` ամենացուցադրականը…

ԱԴԱՄ …որ ստեղծել ես դու: Գիտեմ… բայց ինչ-որ բան ինչ-որ տեղ սխալ է… (Մեկուսի🙂 Բայց ի՜նչ զիլ նախադասություն է: (Արարչին.) Չգիտեմ, բայց շուտով կիմանամ:

ԱՐԱՐԻՉ (կասկածով): Ինչ-որ շատ ես նոր բառեր օգտագործում: Նախորդ այցիս բառապաշարդ 157 բառ էր… Հիմա… ամենաքիչը մի 500 կլինի:

ԱԴԱՄ Հնարավոր է: Օրերով որ վեր ընկնես ծառի տակ` քեզնից անկախ նոր բառ ու միտք կգտնես: Բայց լավ ասի, չէ՞…

ԱՐԱՐԻՉ (զննելով նրան): Այդպես, այդպես… է՞լ ինչ կասես:

ԱԴԱՄ Արդեն ասացի` էսպես ապրել չի՛ լինի, ես ձանձրանում եմ: Մի բան մտածիր, գոնե… կենցաղային մանր-մունր դժվարություններ մտածիր, որ ես էլ դժգոհեմ, բողոքեմ, մի խոսքով` զբաղված լինեմ:

ԱՐԱՐԻՉ (ցավակցորեն ձեռքերն է տարածում): Ներիր, չեմ կարող: Սկզբունքներիս դեմ է:

ԱԴԱՄ Որ էդպես է… ինձ նման մեկին էլ ստեղծիր:

ԱՐԱՐԻՉ (խայթվածի պես վեր թռչելով): Ո՛չ: Ոչ-ոչ-ու-ո՛չ: Միայն նա էր պակաս… (Հուզված ետ ու առաջ է քայլում🙂 Էլի՞ նույն պատմությունը: (Գոռում է🙂 Ասացի` ո՛չ: (Գոռոցի վրա հեռվում որոտի ձայն է լսվում🙂

ԱԴԱՄ (հետաքրքրված): Է՞դ ինչ էր:

ԱՐԱՐԻՉ Կայծակի ձայնը:

ԱԴԱՄ Ո՞ւր գնաց:

ԱՐԱՐԻՉ (դրախտից դուրս ցույց տալով): Այնտեղ:

ԱԴԱՄ Ինչո՞ւ էստեղ չեկավ:

ԱՐԱՐԻՉ Դրախտի համար չի նախատեսված:

ԱԴԱՄ Խնդրեմ` ինչը հետաքրքիր է` էստեղի համար չէ:

ԱՐԱՐԻՉ Ի՞նչ ես կպել կայծակին: Դու ի՛նձ լսիր… Ես քո լավն եմ ուզում… Ոչ առաջինն ես, ոչ` վերջինը: Մյուս մոլորակների վրա քո ասածը անցած էտապ է: Իսկ այս դրախտն ու քեզ մեծ սիրով եմ արարել, հանգիստ ապրիր, վայելիր ու ինձ էլ թույլ տուր ուրախանալ ձեր կատարելությամբ: Անկարելի բա՞ն եմ խնդրում:

ԱԴԱՄ (խղճահարված): Քո գործն էլ գործ չէ… էդ դեպքում ասա` ի՞նչ անեմ:

ԱՐԱՐԻՉ (ուրախացած): Ինչ ուզում ես` արա:

ԱԴԱՄ Բայց դա… ամենաթողությո՛ւն է:

ԱՐԱՐԻՉ Այդ բա՞ռը որտեղից գտար:

ԱԴԱՄ Ես չեմ գտնում, իրենք են գալիս:

ԱՐԱՐԻՉ (մտահոգ): Չէ, երևի թե մի բան պիտի մտածեմ… (Վճռելով🙂 Ես կմտածեմ, իսկ դու վայելիր դրախտը, ծանոթացիր նրա տեսարժան վայրերին, շուտ-շուտ քարանձավդ փոխիր` էլի փոփոխություն է: Մեկ էլ… (Գրպանից հանում է հաշվապահական փայտե հաշվիչ🙂 Սրանով զբաղվիր, դրախտում եղած-չեղածը հաշվիր` մինչև վերադառնամ:  (Տեսնելով Ադամի շփոթմունքը🙂 Հիմա՞ ինչ է եղել… խոսիր:

ԱԴԱՄ (ավելի ու ավելի շփոթվելու): Ինչքան նայում եմ ամպերին, էնքան դրանք իրենց ձևը փոխում են, ուրիշ բանի են նմանվում… մեկ-մեկ էլ…

ԱՐԱՐԻՉ (խրախուսելով): Դե՞… ի՞նչ…

ԱԴԱՄ Մեկ մեկ էլ ամպերը ոչ մի բանի նման են դառնում:

ԱՐԱՐԻՉ(հոգոց հանելով): Գուցե գազանի՞ են նման… կամ թռչունի:

ԱԴԱՄ Չէ… (Ձեռքերով ինչոր բան է պատկերում օդում, այն հեռավոր կերպով կանացի ուրվագիծ է հիշեցնում🙂

ԱՐԱՐԻՉ Չէ, այդ մեկը` չէ… Ավելի լավ է` հաշվիր: Ըհը՛, հաշվառման դիր դրախտի ունեցվածքը` քանի ծառ, թուփ, ջրվեժ ու կենդանի կա… որ հաշիվներով զբաղվես` այդ բաները կմոռանաս: Գնալուս ժամանակն է: Հա, քիչ մնացի, բայց գործեր, գործեր… Իսկ դու ասածս կանես, ու ոչ մի ավելորդ քայլ, լսո՞ւմ ես… Դրախտում ապրելու համար միայն մի օրենք պիտի իմանաս` անվերապահ հնազանդություն ինձ, մնացածը` ինչպես սիրտդ կուզի: (Նրան է մեկնում հաշվիչը🙂

ԱԴԱՄ (հաշվիչը անտեսելով): Էդ գործի անունը ի՞նչ է:

ԱՐԱՐԻՉ Հեչ… պարզապես հաշվիր:

ԱԴԱՄ (խիստ լրջացած): Խնդրում եմ` իրերը կոչել իրենց անունով:

ԱՐԱՐԻՉ (հանդիմանանքով): Ծը-ծը-ծը… Գործ տվեցին` միանգամից լրջացավ: Լավ, սկսիր դրախտի… ինվենտարիզացիան: (Հաղթական ցցում է մորուքն ու կորչում ծխի մեջ: Վեր խոյացող խլացուցիչ աղմուկ🙂

Ադամը հայացքով ճանապարհում է նրան: Լռություն: Երկնքում փնտրում է մեկին:

ԱԴԱՄ Լսեցի՞ր, հիմար թռչուն: Ին-վեն-տա-րի-զա՛-ցիա:

Վերից լսվում է կռնչոց: Ադամը խույս է տալիս սուլոցով ընկնող ծերտից: Բեմը մթնում է:

 

 

ՏԵՍԱՐԱՆ

Ադամը ինչոր հաշվումներ է անում, ձեռքի մատներն է ծալում ու բացում, շուրթերն անձայն շարժվում են:

ԱԴԱՄ Երեք մատ ջրվեժ` շատ մեծ: Յոթ մատ ջրվեժ` միջին մեծության: Մի ձեռք ու հինգ մատ` մանր-մունր ջրվեժներ: (Գոհ ճմլկոտվում է🙂 Անցնենք գետերին…

ՁԱՅՆ (լսվում է թփի կողմից): Լա՜վ էլ լրջացել ես… Տնաշե՛ն, իրար ես խառնվել, կարծես էդ ջրվեժները որ չհաշվես` խեղճերը կցամաքեն: Արածդ էլ մի գործ լինի…

ԱԴԱՄ (հաշվելով տարված, ակամա): Շատ էլ լավ գործ է` ինվենտարիզա… (Ուշքի գալով🙂 Ի՞նչ…

ՁԱՅՆ Ոչի՛նչ: Հենց էնպես ուզում եմ իմանալ` արածդ դուրըդ գալի՞ս է:

ԱԴԱՄ Քե՞զ ինչ… սսկվիր, խանգարում ես:

ՁԱՅՆ Պա՜հ… զարմացրիր: Բայց ասեմ, որ տեսքդ երեկ ավելի լավ էր:

ԱԴԱՄ Հեչ էլ… ես ինձ շա՛տ լավ եմ զգում:

ՁԱՅՆ Արտաքինդ նկատի չունեմ… երեկ մի՜ քիչ մտածողի տեսք էիր ստացել:

ԱԴԱՄ Փորձիր դրախտի էղած-չեղածը հաշվել, տեսնեմ ի՛նչ տեսք կունենաս:

ՁԱՅՆ Ինչի՞ս է պետք: Կամ քո՞ ինչին է պետք: Հաշվես-չհաշվես` դրախտում ոչ կավելանա, ոչ կպակասի: Թեև, ինչքան հասկացա, դու էս դրախտին արժանի մուզիկանտ… թյո՜ւ, էդ ուրիշ դերից է: Ասում եմ` դու էս դրախտին արժանի բնակիչ ես:

ԱԴԱՄ (սպառնալի): Այսի՞նքն…

ՁԱՅՆ Լա՜վ էլ հնազանդվում ես Արարչին… ու կվայելես դրախտը` ինչքան ուզես:

ԱԴԱՄ Մտքինդ ի՞նչ է… ասելու բան ունես` լսում եմ:

ՁԱՅՆ Ըհը՛, խելացի միտք… էդ հաշվիչն էլ որ մի կողմ դնես…

ԱԴԱՄ Չեմ կարող: Եթե ամեն գործ սկսենք ու կիսատ թողնենք, ո՞ւր կհասնենք:

ՁԱՅՆ Համենայնդեպս` ոչ դրախտ:

ԱԴԱՄ Ի՛… բա հիմա որտե՞ղ եմ:

ՁԱՅՆ Դրախտում:

ԱԴԱՄ Չհասկացա՜… կրկնիր:

ՁԱՅՆ Անիմաստ է` չի օգնի:

ԱԴԱՄ Ի՞նչ իմանաս… կրկնությունը… (Մտածում է🙂… ինչ-որ բանի ինչ-որ բանն է:

ՁԱՅՆ Գուցե «Կրկնությունը գիտության մա՞յրն է»:

ԱԴԱՄ Էդ երկու բառը չհասկացա, ուրեմն` հիմար-հիմար դուրս ես տալիս:

ՁԱՅՆ (կամաց): Գիտությունը՝ մի կողմ, մոր մասի՞ն ինչ իմանա դժբախտը… (Բարձրաձայն:) Դու հաշիվդ հաշվիր, հաշի՜վդ…

ԱԴԱՄ Ու կհաշվեմ: Ո՞ւր էի հասել… մենակ խանգարեն… Հա, գետերը: Երեք մատ շատ մեծ: (Շրխկացնում է հաշվիչը🙂 Հինգ մատ միջին… (Շարունակում է մտքում հաշվել🙂

ՁԱՅՆ Ե՞րբ ես հասնելու դրախտի շնչավորներին:

ԱԴԱՄ Ձե՛նդ…

ՁԱՅՆ Երբ հերթը նրանց հասնի, գուցե կարկաճիդ մեջ կասկած ծագի:

ԱԴԱՄ Կասկա՞ծ… նոր բա՞ռ է: Ի՞նչ է նշանակում:

ՁԱՅՆ Ո՞նց ասեմ… Արարչին ի՞նչ էիր ասում ամպերի մասին:

ԱԴԱՄ Թաքուն լսո՞ւմ էիր…

ՁԱՅՆ Շա՜տ պետքս է… Ես ամենո՛ւր եմ:

ԱԴԱՄ (քինոտ): Սպասիր… Արարիչը գա` ամեն ինչ պատմելու եմ:

ՁԱՅՆ Խաբարբզի՛կ:

ԱԴԱՄ Դա՞ ինչ է:

ՁԱՅՆ Չեմ ասի, ինքդ կհասկանաս: Դու ամպի մասին ասա…

ԱԴԱՄ Դե… ասում էի, որ նրանք… (Օդում նկարում է կանացի մարմին հիշեցնող ուրվագիծ:) Անհա՛մ տեսք ունեն:

ՁԱՅՆ Համոզվա՞ծ ես:

ԱԴԱՄ (ուրվագծի կլորիկ մասերն ավելի շեշտելով ու ավելի եռանդով գլուխը բացասաբար թափահարելով): Ոչ միայն անհամ, այլև անկապ:

ՁԱՅՆ Իսկապե՞ս…

ԱԴԱՄ (կրծքի մասն ավելի շեշտելով): Համ էլ` շատ անիմաստ:

ՁԱՅՆ Բա ինչո՞ւ ես քեզ կոտորում…

ԱԴԱՄ (ձեռքերը աշակերտի նման թիկունքում թաքցնելով): Հեչ էլ չեմ կոտորում: Ու հերիք է ինձ շեղես, գործս մնաց… Արարիչը կգա` օրդ կտեսնես:

ՁԱՅՆ Խա-բար-բը-զի՛կ:

ԱԴԱՄ Քեզ ասի՞ն` չեղած բառեր չօգտագործես:

ՁԱՅՆ Դու ծառ ու գետ հաշվիր: Բայց որ շնչավորներին հասնես` ուղեղդ աշխատեցրու: Մեկ էլ տեսար` հասկացար:

ԱԴԱՄ (ավելի քինոտ): Արարչին կասեմ` դրախտից դուրս կթռչես: (Կանխելով Ձայնին🙂 Խաբարբզիկը դո՛ւ ես:

ՁԱՅՆ Տեսա՞ր, որ հասկացար՝ խաբարբզիկը ինչ է… ո՛վ է: Ուրեմն լրիվ անհույս չես: Ինչ վերաբերում է դրախտից դուրս թռչելուն… ո՞վ գիտի` որտեղ է էդ դրախտը:

ԱԴԱՄ Լսիր, դու ո՞վ ես…

ՁԱՅՆ Չեմ ասի: Իսկ դու աջ քաշվիր, տանձը գլխիդ է ընկնելու:

ԱԴԱՄ Դու քո մասին մտածիր` ձենդ կա, ամանում չկա: (Ինքնագոհ🙂 Լավ ստացվեց, չէ՞… Այսպես են ծնվում մտքերը: (Պաթոսով🙂 Ու ես գիտեմ, որ կարող եմ այդ բնագավառում իմ համեստ ներդրումը… (Տանձը ընկնում է ուղիղ գլխին🙂 Վա՛խ… կպավ… (Շփելով գլուխը🙂 Չեն թողնում, էլի՛, չեն թողնում` խելոք բան ասես: (Տանձը շպրտում է թփի կողմը🙂

ՁԱՅՆ Վա՛խ… կպավ: Չեն թողնում, էլի՛, չեն թողնում` բարի գործ անես:

ԱԴԱՄ (համակերպված հոգոցով): Ու սա դրա՜խտն է:

ՁԱՅՆ Ու սա դրա՞խտն է:

 

 

ՏԵՍԱՐԱՆ

Ադամը նստած է Մտածողի դիրքում: Արարիչը ջղային ետուառաջ է քայլում:

ԱՐԱՐԻՉ Երկրորդ անգամ ես ասում, էլի չեմ հասկանում:

ԱԴԱՄ Երրորդ անգամ ասե՞մ:

ԱՐԱՐԻՉ Միևնույն է` չեմ հասկանա:

ԱԴԱՄ Ախր, չհասկանալու ի՞նչ կա… Գետերը հինգ մատ են, ջրվեժները` յոթ, լեռները` ինը… բայց կոկորդիլոս` երկու մատ, աղավնի` երկու, գայլ` երկու, առյուծ` երկու, թութակը որ թութակ է` էլի երկու: Իսկ ես` մե՛կ:

ԱՐԱՐԻՉ Հետո՞ ինչ…

ԱԴԱՄ (պայթում է): Ծառը, ջրվեժը, գետը, լեռը անշունչ են ու կենտ: Թռչունը, գազանը, տո, թութակը որ թութակ է` շնչավոր են ու զույգ:

ԱՐԱՐԻՉ Է, հետո՞…

ԱԴԱՄ Իսկ ես մեկ եմ ու մենակ:

ԱՐԱՐԻՉ (քորում է քիթը, մտահոգ): Թութակի հետ չունե՞ս… Ինչի՞:

ԱԴԱՄ Որովհետև իրեն հասնում է: Դու իմ ասածը հասկացա՞ր:

ԱՐԱՐԻՉ Ասացի` չեմ հասկանալու: (Շուրջն է նայում🙂

ԱԴԱՄ Բան ես փնտրո՞ւմ:

ԱՐԱՐԻՉ Թութակն ո՞ւր է:

ԱԴԱՄ (գոռում է): Ո՞ւր ես, էս կողմ թռիր:

Լսվում է թևերի բախյուն, վերևից ցած է թմփում թութակը:

ԱՐԱՐԻՉ Զեկուցի՛ր:

ԹՈՒԹԱԿ (Ադամին նմանակելով): «Ես էլ եմ ուզում ինձ պեսի հետ զբոսնել, միասին ջուր խմենք, միրգ ուտենք, լեռներից էն կողմ անցնենք, խոսենք, շփվենք… մտքերով»: (Իր ձայնով, զինվորավարի🙂 Ասված է երեկ կեսօրին, հենց էս բացատում: Վկա էլ կա` երկու ոզնի:

ԱԴԱՄ (գոհ): Խաբարբզի՛կ: Սև գործդ արեցիր, կարող ես չքվել: (Արարչին.) Հիմա էլ ասա, որ չհասկացար:

ԱՐԱՐԻՉ (սրտանց թքում է, փեշերը հավաքելով նստում Ադամի կողքին🙂 Էդ էր պակաս` չհասկանայի: Դու անգամ չես պատկերացնում, թե ո՛ւր են հասնում իմացությանս սահմանները:

ԱԴԱՄ Բա էլ ի՞նչ ես… (Միանգամից բորբոքվելով🙂 Գետերը` կենտ, ջայլամները` զույգ…

ԱՐԱՐԻՉ (փորձում է սաստել): Արդեն լսել եմ:

ԱԴԱՄ Ջրվեժները կենտ, փղերը` զույգ…

ԱՐԱՐԻՉ Ի՞նչ ես վրա տալիս…

ԱԴԱՄ Մեծ, միջին, անգամ պստլիկ լեռները` կենտ, արծիվը` զույգ, կարապը` զույգ: (Շուտասելուկով🙂 Աղվեսը, բորենին, ծիծեռնակը, ոզնին, արագիլը, եքիդնան, մրջյունն ու կոալան…

ԱՐԱՐԻՉ Այ տղա, շունչ քաշիր:

ԱԴԱՄ …զո՛ւյգ են, զո՛ւյգ են ու զո՛ւյգ են: Տո, բա էդ թութա՞կը… էդ թութակ չեղածը… որ մտածում եմ` դա է՞լ է զույգ…

ԱՐԱՐԻՉ (պայթում է): Լռե՛լ: (Հեռվում` որոտի ձայն🙂

ԱԴԱՄ Պա՛հ…

ԱՐԱՐԻՉ Լը-ռու-թյո՛ւն: (Որոտի երեք հարված🙂

ԱԴԱՄ Պա-պա-պահո՜… (Իբր թաքուն մատների վրա հաշվում է, գոհունակ🙂 Ըհը՛, սրանք էլ կենտ են: (Արարչի զայրալից հայացքից պաշտպանվելով🙂 Ինչ ասի՞, որ… Վե՛րջ, էլ չեմ խոսի: Ըհը՛(Ափով փակում է բերանը, քարանում🙂

ԱՐԱՐԻՉ Կարծում ես, եթե կենտը զույգից սկսել ես տարբերել, ուրեմն, վե՞րջ… կարող ես պահանջներ ներկայացնել, բողոքել, քննադատե՞լ…

Ադամը դիմախաղով հասկացնում է, որ նման մտադրություն չունի: Արարիչը ավելի է բորբոքվում:

ԱՐԱՐԻՉ Տո, դու ո՞ւր էիր, որ աշխարհներ էի ստեղծում, օրենքներ հորինում, կյանք արարում, հասկանո՞ւմ ես` կյա՜նք… Ու դու ինձ կենտ-զո՞ւյգ ես սովորեցնում: Ուզածդ ի՞նչ է` կենտից վերածվել զույգի՞:

Ադամը իր տեսքով հնազանդության տիպար է:

ԱՐԱՐԻՉ Հերիք է դերասանություն անես, հավատացող չկա: Պատասխանի՛ր:

ԱԴԱՄ (տեղից վեր թռչելով, զինվորավարի ձգված): Ի՞նչ պատասխանեմ:

ԱՐԱՐԻՉ Ուզում ես կենտից զույգի՞ վերածվել:

ԱԴԱՄ Ե՞ս…

ԱՐԱՐԻՉ Չհասկացա՜… Բա էս խոսակցությունը ինչի՞ համար էր:

ԱԴԱՄ Արդարությա՛ն: Ես ոչ մի պահանջ էլ չունեմ, ես… պահանջատեր չե՛մ: (Գոհ🙂 Լավ ասի, չէ՞… Ուրեմն` ես պահանջատեր չեմ, ընդամենը արդարություն եմ պահանջում: Աղվեսը շնչավո՞ր է՝ շնչավո՛ր է: Արծիվը շնչավո՞ր է՝ շնչավո՛ր է: Ջայլամը… կապիկը… բադն ու ցախաքլորը շնչավո՞ր են՝ շնչավո՛ր են…

ԱՐԱՐԻՉ (թթված): Կարո՞ղ է` դրախտի բոլոր շնչավորներին հերթով թվարկես…

ԱԴԱՄ Անգամ էդ շնչավոր թութակը զույգ է, իսկ ես…

ԱՐԱՐԻՉ Որովհետև դու միակն ես, հասկանո՞ւմ ես` անկրկնելի՛:

ԱԴԱՄ (շոյված): Էդ գիտեմ… բայց ես շնչավոր եմ, չէ՞:

ԱՐԱՐԻՉ (հոգոց հանելով): Շնչավոր ես:

ԱԴԱՄ Ուրեմն` ինձ տվեք իմ հասանելիքը: Հերիք չէ` ով ասես ճակատիս… (Վերևից սուլոց է լսվում, չի հասցնում խույս տալ🙂 …ըհը… Հասած տանձը գլխիս… (Տանձ է ընկնում, չի հասցնում խույս տալ🙂 Վա՛խ… ու էսքանից հետո կենտ է՞լ մնամ: Ե՛ս, որ շնչավոր եմ ու անգամ… ՄՏԱԾՈ՛Ղ:

Վերջին բառից Արարիչը խայթվածի պես վեր է թռչում, կասկածանքով շուրջը նայում:

ԱԴԱՄ Բան ես փնտրո՞ւմ…

ԱՐԱՐԻՉ (իբր անտարբեր): Էստեղ օտարներ չե՞ն երևացել:

ԱԴԱՄ (նայելով թփի կողմը, միամիտ տոնով): Ի՞նչ ես փնտրում:

ԱՐԱՐԻՉ (ինքն էլ իբր միամիտ): Չէ… ոչինչ:

ԱԴԱՄՈչի՞նչ… ծանոթ բառ է, բայց ես խաբարբզիկ չեմ:

ԱՐԱՐԻՉ (արագ գնում, զննում է թուփը, ձեռնունայն վերադառնում է): Ասում ես` ուզածդ ի՞նչ է:

ԱԴԱՄ Իմ իրավունքը…

ԱՐԱՐԻՉ Ստո՛պ: Որ սկսեցիր իրավունքի մասին խոսել` շատ հեռու կգնաս: Ուզածդ ի՞նչ է:

ԱԴԱՄայթում է): Կարծում ես` գիտե՞մ: Իմանայի, միանգամից կասեի… տղամարդո՛ւ պես: (Զարմացած🙂 Էդ ի՞նչ ասի…

ԱՐԱՐԻՉ (ինքն իրեն): Մարդու իրավունքներից մինչև տղամարդու ցանկություն… պրոցեսը շատ արագ է զարգանում: Բայց ես` պաս… (Ադամին.) Հենց իմանաս ուզածդ` կասես: Տղամարդո՛ւ պես:

ԱԴԱՄ Ինչի՞ պես…

ԱՐԱՐԻՉ Քո գործը չէ: Իսկ հիմա, ներիր… գործե՜ր, գործե՜ր…

ԱԴԱՄ (թոնթորալով): Էս ի՞նչ անսիրտ վերաբերմունք է, քո ստեղծածը չե՞մ, ո՞նց կարող ես էս ծանր պահին ինձ թողնել ու գնալ: Բա մեղքդ չե՞մ գալիս… մեկն էլ չկա… որ իմանա… դարդերս… որ ամոքի վերքերս…

ԱՐԱՐԻՉ (սարսափած): Փախչելը կփրկի: Սա որ սկսեց հանգերով խոսել, պոեմ էլ կգրի: Մինչև կոկորդս կուշտ եմ… (Կորչում է ծխի մեջ🙂

ԱԴԱՄ Գնա՛ց: Էլի մենակ մնացի… էլի նստած եմ լքված… սրտիս մեջ կարոտ է պապակ… ինչո՞ւ եմ էսքան ես… մենակ…

ՁԱՅՆ Այսպե՛ս են ծնվում բանաստեղծները:

ԱԴԱՄ Չհայհոյե՛ս: Դո՜ւ էիր պակաս… Ի դեպ, ո՞ւր էիր կորել:

ՁԱՅՆ Եթե լռում եմ, չի նշանակում, որ չկամ: Ի դեպ, կեցցե՛ս, խաբարբզիկ չես: Կարողանում ես լռել: Տղամարդո՛ւ պես:

ԱԴԱՄ Գոնե դու ասա, էդ ի՞նչ է:

ՁԱՅՆ Ո՞նց բացատրեմ…

ԱԴԱՄ Չգիտե՞ս, թե՞ չես ուզում ասել:

ՁԱՅՆ Գիտեմ, բայց տեսականորեն:

ԱԴԱՄ Ուրեմն չգիտես:

ՁԱՅՆ Կարո՞ղ է` դու գիտես:

ԱԴԱՄ Չգիտեմ` կիմանամ:

ՁԱՅՆ Էդքան հասունացե՞լ ես:

ԱԴԱՄ Բոլորիցդ կուշտ եմ՝ մենակ խոսեք, օգնող չկա: Ես որ իմ հարցը չլուծեմ` լուծող չկա: Մի խոսքով, Արարիչը գնաց իր գործին, դու էլ ցանվիր էստեղից:

Լռություն:

ԱԴԱՄ Քեզ հետ եմ, ասում եմ` ցանվիր:

Լռություն:

ԱԴԱՄ Մնացի մենակ: (Մելանխոլիկ🙂 Մենակություն… մթնշաղի անուրջների պես տամուկ… Սիրտս այրում է մի լուռ սպասում… (Հենվում է թփին🙂 Ես գիտեմ, մի օր կգաս… երազների պես մաքուր… (Բեմի անկյունում ճերմակ ամպ է գոյանումհայտնվում է Լիլիթը: Ադամը նրան չի նկատում🙂 Ինչքան կարոտ կա իմ սրտում` բոլորը քեզ… (Լիլիթը դանդաղ մոտենում է🙂 Ասա ինձ, ասա, ո՞վ ես դու…

ԼԻԼԻԹ Դու պիտի իմանաս:

ԱԴԱՄ (չնկատելով նրան): Ժպտա, խնդրում եմ, ինձ բարի…

Լիլիթը փորձում է ժպտալ, ստացվում է ծամածռություն:

ԱԴԱՄ (հպանցիկ հայացք նետելով Լիլիթին, իմիջիայլոց): Է՞ս ինչ կենդանի է: (Իր պաթոսի մեջ🙂 Մոտեցիր ինձ, նստիր կողքիս…

Լիլիթը նստում է Ադամի դիմաց:

ԱԴԱՄ Դե, ասա, ինձ ասա, ո՞վ ես դու…

ԼԻԼԻԹ (ուսերը թոթվելով): Դու որ չգիտես, ես որտեղի՞ց իմանամ:

ԱԴԱՄ Մի խանգարիր… (Սթափվում է, սարսափած փլվում գետնին, վախեցած զննում է: Քիչ ուշքի գալով🙂 Ո-ո-ո-ո-ով ես-ս-ս-ս-ս դդդդդդդդու:

ԼԻԼԻԹ Չչչչչչչգգգգգիիիտտեմմմմ…

ԱԴԱՄ Ինչո՞ւ ես կակազում:

ԼԻԼԻԹ Իսկ դո՞ւ…

ԱԴԱՄ Դու էիր պակաս… կորիր էստեղից:

ԼԻԼԻԹ Ո՞ւր…

ԱԴԱՄ (տեղից ելնելով): Որտեղից եկար:

ԼԻԼԻԹ Որտեղի՞ց եկա:

ԱԴԱՄ Դու… (Երկինքը ցույց տալով🙂 Էնտեղի՞ց ես…

ԼԻԼԻԹ (նայելով վերև` զարմացած): Որտեղի՞ց…

ԱԴԱՄ (ցույց տալով թուփը): Էստեղի՞ց հայտնվեցիր:

ԼԻԼԻԹ Որտեղի՞ց…

ԱԴԱՄ Քեզ… (Ցուցամատը` երկնքին🙂 Նա՞ է ուղարկել:

ԼԻԼԻԹ Ո՞վ…

ԱԴԱՄ Թե՞… (Դեպի թուփը` դավադիր🙂 Էս մեկի գործն է:

ԼԻԼԻԹ Ո՞ր մեկի…

ԱԴԱՄ (պայթում է): Ի՞նչ ես թութակի պես կրկնում:

ԼԻԼԻԹԻնչի՞ պես…

ԱԴԱՄ (գլուխը բռնելով): Չքվի՛ր:

ԼԻԼԻԹ Ո՞ւր:

ԱԴԱՄ Որտեղից եկել ես:

ԼԻԼԻԹ (ուրախ): Չեմ կարող:

ԱԴԱՄ Ինչի՞…

ԼԻԼԻԹ (ավելի ուրախ): Իմ տեղն այստեղ է:

ԱԴԱՄ Որտե՞ղ…

ԼԻԼԻԹ Քո կողքին:

ԱԴԱՄ Իմ կողքի՞ն…

ԼԻԼԻԹ Քո կողքին:

ԱԴԱՄ Ի՞մ կողքին…

ԼԻԼԻԹ Ի՞նչ ես թութակի պես կրկնում:

ԱԴԱՄ (բութ նայում է Լիլիթին): Ինչի՞ պես…

Ձայնը թփի ետևում սկսում է հռհռալ:

ԱԴԱՄ (Ձայնին): Կծիծաղես, բա ո՜նց… (Լիլիթին.) Քո հավեսը չունեմ, փասափուսադ հավաքիր, գնա էստեղից:

ԼԻԼԻԹ (իբր անխռով, բայց ձայնի մեջ` սպառնալիք): Ուրեմն, ինձ համար հանգիստ ապրում եմ, ու ընդհանրապես, չգիտեմ էլ` ապրում եմ, թե չեմ ապրում, հանկարծ ինչ-որ մեկը իր հիմար մտքերով խանգարում է հանգիստս, բերում-գցում է` չգիտեմ, թե ուր, ու հիմա ուզում է, որ գնամ, հա՞:

ԱԴԱՄ Հա՛:

ԼԻԼԻԹ Ո՞ւր գնամ:

ԱԴԱՄ Ե՞ս ինչ գիտեմ:

ԼԻԼԻԹ Ախ, դու չգիտես… (Մոտենում է Ադամին🙂 Ուրեմն` չգիտես:

ԱԴԱՄ (ետետ գնալով): Չէ-է՜…

ԼԻԼԻԹ Ուրեմն, կենտ ու զույգ հաշվողը դո՞ւ չէիր:

ԱԴԱՄ Կենտ ու զո՞ւյգ… Ես էի… (Առաջին անգամ ուշադիր զննում է նրան🙂 Ի՛նչ էլ աչքերը փայլում են:

ԼԻԼԻԹ Ուրեմն, մենակությունից բողոքողը դո՞ւ չէիր:

ԱԴԱՄ Մենակությունի՞ց… Ես էի… Բա մազե՜րը՝ երկար, փայլուն…

ԼԻԼԻԹ Բա ո՞վ էր ասում… (Նմանակելով🙂 «Մեկը չկա, որ իմանա վշտերս…»…

ԱԴԱՄ Վշտե՞րս… Ես էի: (Ոտիցգլուխ զննելով, հատկապես նրա բարեմասնությունները🙂 Հետաքրքի՜ր է…

ԼԻԼԻԹ Ու հիմա ասում ես` գնա՞… (Նայում է շուրջը, վերցնում է փայտի մի կտոր ու խփում Ադամի գլխին🙂 Ա՛ռ քեզ…

ԱԴԱՄ (նայում է երկինք, հիմար ժպտում ու տապալվում): Եվ… սա… դրախտն է…

Լիլիթը ճչում ու փախչում է: Միայն Ձայնն է հռհռում բարձր:

 

 

ՏԵՍԱՐԱՆ

Ադամը ուշքի է եկել, նստած, զգույշ շոշափում է գլուխն ու կապտած ճակատը:

ԱԴԱՄ (ցավից կնճռոտվելով): Պարզվում է` թռչունից ու տանձից վատը կա: Վա՛խ… (Շոշոփում է ճակատի կապտուկը: Շուրջը նայելով🙂 Էդ ի՞նչ էր… (Ձայնին.) Ի՞նչ ես սսկվել… տղամարդ ես` հիմա խոսիր:

ՁԱՅՆ Տղամարդը դու ես… չէ, դեռ չես, բայց… կլինես:

ԱԴԱՄ Սիրտդ չունեմ… (Ցույց տալով կապտուկը🙂 Էդ… ի՞նչ էր: (Լռություն🙂 Քիչ առաջվա… (Ձեռքերով փորձում է նկարագրել, շեշտելով Լիլիթի կուրծքը, հետո, կրծքից իջնելով կոնքերին` կեսճամփա անշարժանում է🙂 Էս հո… ամպին էր նման:

ՁԱՅՆ Բայց ամպ չէր:

ԱԴԱՄ Բա ի՞նչ էր…

ՁԱՅՆ Ինձ վրա հույս չդնես: Թե իմանաս` դու պիտի իմանաս: Մտածող ես, չէ՞…

ԱԴԱՄ Լավ հիշեցրիր: (Նստում է Մտածողի դիրքով🙂

Ներս է մտնում Լիլիթը: Գնում է հակառակ անկյունը, ձեռքին սանր հիշեցնող հարմարանք է, որով սանրվում է` ինչոր մեղեդի մրմռալով:

ԱԴԱՄ (շրջվում, տեսնում է նրան, ակամա ձեռքը տանում է կապտուկին): Էլի՞ հայտնվեցիր:

ԼԻԼԻԹ Հա էլ հայտնվելու եմ:

ԱԴԱՄ Էս հսկայական դրախտում ուրիշ տեղ չկա՞, գալիս-ցցվում ես աչքիս առաջ:

ԼԻԼԻԹ (ուսերը թոթվելով): Գիտե՞ս՝ ուշքս գնում է քեզ տեսնելու համար:

ԱԴԱՄ Բա ինչի՞ ես գալիս: (Ձայնը դժգոհ է, բայց ինքը դանդա՜ղ մոտենում է նրան:)

ԼԻԼԻԹ (սանրվում է, խաղում է վարսերի հետ, ծաղիկներով զարդարվումԱդամը արդեն լավ էլ մոտեցել է ու անթաքույց հիացմունքով զննում է նրան:) Ինչպե՞ս չգամ, դու ես ստիպում:

ԱԴԱՄ (ձեռքը մոտեցրել էր` նրա մազերը շոյելու` կտրուկ ետ է քաշվում): Ե՞ս…

ԼԻԼԻԹ Բա էլ ո՞վ… թութա՞կը…

Ձայնը հռհռում է: Երկուսով նայում են նրա կողմը, հետո` իրար:

ԼԻԼԻԹ Ջրվեժի մոտ մազերս էի սանրում, սկսեցիր մտածել իմ մասին` ստիպված գործս թողի` եկա:

ԱԴԱՄ (գլուխն է քորում` ցավն անգամ մոռացավ): Սպասիր… ուրեմն, երբ մտածում եմ… (Ձեռքերով նկարում է նրա մարմինը🙂 …ամպի մասին… դո՞ւ…

ԼԻԼԻԹ Հա, դու մտածում ես ամպի մասին, ես… (Կանգնում է՝ ցուցադրելով կանացի հմայքները:)

ԱԴԱՄ (աչքը չկտրելով նրա կրծքից): Բայց դու ո՜ւր, ամպը` ո՜ւր… (Հանկարծ գլխի ընկնելով, Լիլիթի մարմնի վրա է նկարում «ամպը»🙂 Ի՛… ամպի չափ ու նրա նման ես…

ԼԻԼԻԹ Վերջապե՛ս գլխի ընկար…

ԱԴԱՄ Գլխի ընկա, բայց չհասկացա: Դու ի՞նչ կապ ունես ամպի հետ:

ԼԻԼԻԹ (հասկանալով, ու նա դեռ հասկացողը չէ): Ի՞նչ ես գլուխ ջարդում հիմար հարցերի վրա: Արի գնանք, ջրվեժի տակ լողանանք:

ԱԴԱՄ Չհասկացա՜…

ԼԻԼԻԹ Ջրի տակ գժություններ կանենք, հետո կպառկենք տաք քարերի վրա…

ԱԴԱՄ (համարյա վախեցած): Չհասկա՜ցա…

ԼԻԼԻԹ Կպառկեմ քո կողքին… տաք ավազը կլցնեմ մեջքիդ… հետո ուսերդ կմերսեմ…

ԱԴԱՄ (ընկրկելով): Չը՜-հա՜ս-կա՜-ցա՜…

ԼԻԼԻԹ Ի՞նչ չհասկացար… ես ընդամենը բարձրաձայն ասում եմ քո մտքինը:

ԱԴԱՄ Սո՛ւտ է… շանտաժ ես անում:

ԼԻԼԻԹ Սուտ է, հա՞… Ինչ ասի՞ր` շանտա՞ժ… (Նայում է շուրջը, Ադամը հասցնում է մոտիկ գտնվող փայտը հեռու շպրտել🙂 Ես… ես… (Անզոր չարությամբ🙂 Մեկը չկա, որ ինձ պաշտպանի ստից ու… շանտաժից:

ՁԱՅՆ Ե՛ս կամ ու ասում եմ ամենայն պատասխանատվությամբ, որ դու շատ էլ ճի՛շտ ես ասում: Իսկ Ադամը ստում է: (Կամաց🙂 Տղամարդո՛ւ պես:

ԱԴԱՄ (Ձայնին): Դո՜ւ էիր պակաս… Ձե՛նդ:

ԼԻԼԻԹ Որ այդպես է… հենց հիմա չմտածես ամպի մասին:

ԱԴԱՄ Քո՞ ինչ գործն է… ուզեմ` կմտածեմ, չեմ ուզի` չեմ մտածի:

ԼԻԼԻԹ Դե, մի մտածի…

ԱԴԱՄ Խնդրեմ… (Բեմը մթնումլուսավորվում է: Լիլիթը չկա: Մոլոր, խեղճացած🙂 Էդ ո՞նց… Չկա, կորավ… բա ես ի՞նչ եմ անելու… առանց նրան… առանց փայլուն աչքերի… ջրվեժը… տաք քարերը… մերսումը… Լիլի՜թ…

Ադամի ձայնը արձագանքվում է, խավար, քիչ անց բեմը լուսավորվումէ: Կանգնած է Լիլիթը` առաջին կինը: Ադամը սկզբում վախվորած է, բայց ինչքան մոտենում է, դառնում է ինքնավստահ:

ԱԴԱՄ (շշուկով): Լիլիթ… վերադարձար… եկար…

ԼԻԼԻԹ Չէի կարող չգալ, դու ինձ կանչեցիր:

ԱԴԱՄ (շոյելով նրա մազերը): Դու հրաշք ես, Լիլիթ:

ԼԻԼԻԹ Դու արեցիր այդ հրաշքը, Ադամ:

Անթարթ նայում են իրար: Իսկ Ձայնն ու թութակը սրտանց ծիծաղում են:

 

 

ՏԵՍԱՐԱՆ

Արարիչը ջղային ետուառաջ է քայլում: Թութակը փիլիսոփայական հանգստությամբ հետևում է նրան: Դրախտից այն կողմ որոտի ձայն է լսվում:

ԹՈՒԹԱԿ Լավ, լավ, հանդարտվիր… դեռ բան չկա: Միամիտ-անկապ ընկերություն են անում… հի-հի-հի… Ասում եմ` հերի՛ք է ներվայնանաս… (Արարիչը ոտքը խփում է հատակին, հեռվում` որոտ🙂 Լավ, աղմուկ-աղաղա՞կը ինչի համար է… կայծակն ինչի՞ ես աջ ու ձախ շաղ տալիս:

ԱՐԱՐԻՉ Ասում ես` ընկերություն են անում…

ԹՈՒԹԱԿ Ըհը՛, միամիտ-անկապ: Թաթաբռնուկ զբոսնում են դրախտում, ամեն առավոտ Ադամը գնում, հարևան քարանձավում արթնացնում է նրան, միասին գնում են, ջրվեժի տակ ցնցուղ են ընդունում, նախաճաշում են, նորից են զբոսնում, Լիլիթը…

ԱՐԱՐԻՉ Լիլի՞թը…

ԹՈՒԹԱԿ Հա, ամպը ձևել, ուզած տեսքին է բերել, անունն էլ դրել է Լիլիթ:

ԱՐԱՐԻՉ Չէ, տղան լրիվ է ձեռից գնացել: Իսկ նա՞…

ԹՈՒԹԱԿՆրա՞ն ինչ… Իրենից անկախ հայտնվել է դրախտում, էս ջրվեժից էն ջրվեժն է վազվզում, ծաղիկներով իրեն ծածկում-զարդարում ու բոլորին հո խելքահան չի՞ անում… Ա՜խ, մենակ տեսնես, թե ո՜նց է խելքահան անում…

ԱՐԱՐԻՉ Հանգերո՞վ ես խոսում:

ԹՈՒԹԱԿ (սթափվելով, պաշտոնական): Մի խոսքով, վտանգավոր զարգացումներ չկան… դեռ չկան: (Թունոտ🙂 Ու որ Ադամի հույսին մնանք` զարգացում` դժվա՜ր…

ԱՐԱՐԻՉ (դատապարտված շեշտով): Էլի՛ նույն պատմությունը:

ԹՈՒԹԱԿ (դավադիր տոնով): Իսկ Լիլիթը անընդհատ հարցնում է` ի՞նչ կա դրախտի դռներից էն կողմ…

ԱՐԱՐԻՉ(հանգստացած): Թո՛ղ… ավելի լավ է` ուշադրությունը այդ կողմի վրա լինի…

ԹՈՒԹԱԿ …Ոչ թե դրախտի կենտրոնի` արգելված պտուղի…

ԱՐԱՐԻՉ Սո՛ւս… ավել-պակաս դուրս չտաս: (Շուրջը նայելով🙂 Այստեղ ամեն ինչ ականջ ունի:

ԹՈՒԹԱԿ Նույնիսկ Ոչինչը:

Արարիչը զգուշավոր շուրջն է նայում, փնտրում էՀայտնվում է Ադամը: Թութակը մի կողմ է քաշվում:

ԱԴԱՄ Ի՞նձ ես փնտրում:

ԱՐԱՐԻՉ Չէ՛… հա՛(Սթափվելով🙂 Մի ամբողջ հավերժություն քեզ եմ սպասում, ո՞ւր ես… թափառում:

ԱԴԱՄ (խուսափուկ): Չեմ թափառում… այսինքն` թափառում եմ… այսինքն` ինվենտարիզացիա…

ԱՐԱՐԻՉ Եվ ի՞նչ…

ԱԴԱՄ Շնչավոր-անշունչ` բոլորը հաշվառված են: (Թփի ետևից հանում, տալիս է հաշվիչը🙂 Էլ հաշվելու բան չկա:

ԱՐԱՐԻՉ Իսկ… ի՞նչ կապտուկ է` ճակատիդ, ուռուցքն էլ` գլխիդ:

ԱԴԱՄ Հեչ… արտադրական տրավմա… պատահում է:

ԱՐԱՐԻՉ (քինոտ): Իսկ չնախատեսված դեպք չպատահե՞ց:

ԱԴԱՄ Չնախատեսվա՞ծ… որտեղի՞ց: Շնչավոր-անշունչ, կենտ ու զույգ` ամեն մեկն իր տեղում է:

ԱՐԱՐԻՉ (մտերմաբար): Մի մոռանա, որ ես եմ քեզ ստեղծել… մտքերդ, ցանկություններդ քեզնից լավ եմ տեսնում: (Ադամը շփոթված գլուխը կախում է🙂 Ինձ ասելու բան չունե՞ս:

ԱԴԱՄ (միայն գլուխն է թափ տալիս):

ԹՈՒԹԱԿ Ի՞նչ կարող է ասել, ամբողջ օրը լեզուն դուրս գցած վազում է նրա…

ԱԴԱՄ (քար է շպրտում, թութակը անգիտակից ընկնում է): Նա շատ բան գիտեր: (Սգակիր տեսքով գլուխը խոնարհում է🙂

ԱՐԱՐԻՉ (մտախոհ): Նա շա՞տ բան գիտեր… ծանոթ նախադասություն է: Լավ, չշեղվենք: Ինչո՞ւ խփեցիր թութակին:

ԱԴԱՄ Անգամ խաբարբզիկությունը, անգամ դրախտում` սահման պիտի ունենա:

ԱՐԱՐԻՉ Ու դու արդեն էդ սահմանը որոշում ես… Այյյո՜… Ես գնամ, մոլորակներից մեկում ջրհեղեղ եմ կազմակերպում, մի երկու դետալ է մնացել անելու: Իսկ դու… Դու շարունակիր հաշվառումդ, մեկ էլ տեսար` չհաշվառված էակ կհայտնաբերես ու կուզենաս…

ԱԴԱՄ (հույսով): Ցուցակի մե՞ջ մտցնեմ… Այսինքն` գործին օրինական ընթա՞ցք տամ:

ԱՐԱՐԻՉ Լրիվ հակառակը: Կուզենաս նրանից ազատվել:

ԱԴԱՄ Ե՞ս… ազատվե՞լ… նրանի՞ց:

ԱՐԱՐԻՉ Ինձանից զգուշացնել էր հասնում, մի քիչ էլ` խորհուրդ տալ: Կանչիր, երբ պետք լինի: (Ծխի մեջ անհետանոմ է🙂

Ադամը հետևում է նրան, հետո նստում է քարին: Գալիս է Լիլիթը` ծաղիկներով ու փայլուն քարերով զարդարված: Պառկում է Ադամի կողքին, նայում երկինք: Քիչ անց, խոցված Ադամի լռությունից, նստում է տեղում:

ԼԻԼԻԹ Եկավ ու գնա՞ց:

ԱԴԱՄ Հա:

ԼԻԼԻԹ Ինչո՞ւ չթողեցիր, որ տեսնվենք:

ԱԴԱՄ Դեռ… ժամանակը չէ:

ԼԻԼԻԹ Նախ` դրախտում ժամանակ չկա, երկրորդն էլ` ինչո՞ւ չես խոստովանում, որ վախենում ես նրանից:

ԱԴԱՄ Ե՞ս…

ԼԻԼԻԹ Դո՛ւ: Էլ ո՜նց կլինի` իրենից թաքուն մտքերիդ ազատություն ես տվել: Իսկ դրախտում մնալուդ միակ պայմանը հնազանդ լինելն է: Այդպես չէ՞:

ԱԴԱՄ Էդ ի՞նչ տոնով ես խոսում:

ԼԻԼԻԹ Էն տոնով, որին արժանի ես: Թե՞ սպասում ես` ես էլ նրան հնազանդ լինեմ ու ԽՈՆԱՐՀ… Հույս չունենա՛ս: Մի մոռանա, որ իր ստեղծածը չեմ: Ինձ դո՛ւ ես ստեղծել` ես քո մտքերի, ցանկությունների նյութական մարմնացումն եմ: Ախր, էդ պարզ բանը ե՞րբ ես հասկանալու:

ԱԴԱՄ Ինչ էլ բառեր գիտես… ո՞րտեղ ես սովորել դրանք:

ԼԻԼԻԹ(օձագալար փաթաթվում է Ադամին, նա սկսում է «հալվել»): Ի՞նչ կարևոր է: Կարևորը արդյունքն է: (Դադարից հետո🙂 Ադա՜մ… Ա-դա՛մ:

ԱԴԱՄ Ըհը:

ԼԻԼԻԹ Ադա՜մ… Ադամչի՛կ…

ԱԴԱՄ (զարմացած իրեն է նայում, հետո` Լիլիթին): Քեզ ի՞նչ եղավ:

ԼԻԼԻԹ Ադամչի՜կ… Ադամո՛ւլյա…

ԱԴԱՄ Էդ բոլորը ե՞ս եմ:

ԼԻԼԻԹ Ադամի՛կս… գամփռի՛կս…

ԱԴԱՄ Լիլիթ… (Ոնց որ գռմռում է🙂

ԼԻԼԻԹ Դու արարչի ստեղծած Ադամներից ամենազիլն ես: Դու ուժեղ ես, խելացի… բա ուժդ… մի հատ թև ծալիր… ո՜ւխխխ… Ու հետո, դու բարի ես, ինչ ասեմ` կանես, չէ՞…

ԱԴԱՄ (մի կերպ սթափվելով նրա թովչանքից): Մտքինդ ասա:

ԼԻԼԻԹ (կտրուկ վանելով նրան): Շուտով կցնդե՛մ էս դրախտային կյանքից: Լուսաբացին մազերս էի սանրում, ու, տե՛ս, սպիտակել եմ:

ԱԴԱՄ Ի՞նչ ես ասում, մազերդ գիշերվա պես սև են:

ԼԻԼԻԹ Իսկ ես ասում եմ` սպիտակել եմ: Աչքերիս շուրջն էլ կնճիռներ են հայտնվել:

ԱԴԱՄ Ախր, գիտես, որ անհնար բան ես ասում: Սա դրախտ է, իսկ մենք` հավերժ երիտասարդ: (Լիլիթի համառ ու դժգոհ տեսքից` համբերությունը սպառված🙂 Ի՞նչ ես ուզում, էէէէ՛:

ԼԻԼԻԹՀետաքրքիր կյանք եմ ուզում: Ուզում եմ ինձ ամենագեղեցիկ ծաղիկներով զարդարեմ:

ԱԴԱՄ Առավոտից իրիկուն արածդ էդ չէ՞…

ԼԻԼԻԹ Բայց ո՞վ է տեսնում, գնահատում, հիանում:

ԱԴԱՄ Ես… թութակը… (Նայելով ընկած թութակի կողմը🙂 Չէ, թութակն արդեն չի հիանում:

ԼԻԼԻԹ Հո մենակ դա չի… ես ուզում եմ զվարճանալ, պարել…

ԱԴԱՄ Պարել ես ուզում` պարիր:

ԼԻԼԻԹ Պարե՞մ:

ԱԴԱՄ Հա:

ԼԻԼԻԹ Ախ, պարեմ, հա՞…

Սկսում է մի պար, որի ավարտին պարտված Ադամը փլվում է նրա առջև:

ԱԴԱՄ Դու… հրաշք ես:

ԹՈՒԹԱԿ (կիսամեռ ձայնով): Հրաշք ասիր ու պրծա՞ր… Նա կատարյա՛լ հրաշք է:

ԱԴԱՄ (ապշած): Դու և-ևս չէի՞ր եղել:

ԹՈՒԹԱԿ Էն էլ ոնց… բայց Լիլիթի պարը ինձ կյանք տվեց:

ԱԴԱՄ (Լիլիթին): Իսկ դու ասում ես` չե՜ն հիանում, չե՜ն գնահատում…

ԼԻԼԻԹ (հուսահատ): Ադամ, ես չգիտեմ` ինչ եմ ուզում, բայց մի բան հաստատ գիտեմ` այսպես ապրել չեմ ուզում: Չե՜մ ուզում… չե՛մ ուզում… (Դուրս է վազում🙂

ԱԴԱՄ (թութակին): Է՜յ, դու… քեզ հետ եմ, գնացած-ետ եկած, գուցե ասես, թե ուզածն ի՞նչ է:

ԹՈՒԹԱԿ Բա ո՜նց… քարով խփես, դրախտից, քիչ մնա` չգիտեմ ուր ուղարկես, ու այդքանից հետո էլ քեզ կյա՞նքը բացատրեմ: Չէ, դու լրիվ ես քեզ կորցրել: Մի բան հաստատ գիտեմ` քաշելիք ունես:

 

ՏԵՍԱՐԱՆ

Ադամը պառկած ամպերին է նայում: Լիլիթը խաղում է գույնզգույն քարերով:

ԼԻԼԻԹ Ադամ…

ԱԴԱՄ (չի լսում):

ԼԻԼԻԹ Քեզ հետ չե՞մ:

ԱԴԱՄ Ինձ հե՞տ ես:

ԼԻԼԻԹ(նայելով շուրջը): Քեզնից բացի էստեղ ո՞վ կա… Ադամ… ի՞նչ ես անում:

ԱԴԱՄ Հեչ… ամպերին են նայում:

ԼԻԼԻԹ Չհասկացա… հիմա՞ ինչու ես ամպերին նայում:

ԱԴԱՄ Հետաքրքիր պատկեր է ստացվում:

ԼԻԼԻԹ Ո՞ւր է… (Ինքը ոչինչ չի տեսնում🙂 Ի՞նչ ես տեսնում…

ԱԴԱՄ (ձեռքի շարժումները նման են մեքենա վարելուն): Հավես ա… կլոր բան է… երկու ձեռքով բռնում ես, ոնց որ բիզոնի եղջյուրից, ու…

ԼԻԼԻԹԲիզոնին չկպնես, մոռացա՞ր, որ դրախտում կենդանիները պաշտպանված են մարդու ինքնագլուխ գործունեությունից:

ԱԴԱՄ Ի՜նչ էլ շուտ սովորեցիր դրախտի կանոնները… շարունակե՞մ, թե՞ ոնց…

Լիլիթը շոյում է Ադամի խռիվ մազերը:

ԱԴԱՄ (հալվելով): Ուրեմն, բռնում ես էդ բիզոնի եղջյուրն ու… չէ, էդ կլորն ու պտտում ես աջ-ձախ, էլի աջ-ձախ, աջ ու ձախ…

ԼԻԼԻԹ Վերջը…

ԱԴԱՄ Ի՞նչ իմանամ: Բայց լավ է, գիտե՞ս, մեջը արագություն կա: Ու-ու-ո՜ւ… (Թափով պտտում է երևակայական ղեկը🙂

ԼԻԼԻԹ (ճչում է): Ադա՛մ:

ԱԴԱՄ (անսպասելիությունից քարանում է, հետո նստում տեղում): Քեզ ի՞նչ եղավ:

ԼԻԼԻԹ Չգիտե՞ս…

ԱԴԱՄ (շուտասելուկով): Հոգնել եմ… ձանձրացել եմ… շրջապատ չկա… մակարդակ չկա… զվարճանք չկա… ոչինչ չկա… (Լրջանալով🙂 Ի՞նչ ես ուզում, որ լինի: Հասկացիր վերջապես, դու դրախտում ես, դը-րախ-տո՛ւմ: Անհոգ ապրում ես, էլ ի՞նչ ես ուզում:

ԼԻԼԻԹ Չե՞ս հասկանում:

ԱԴԱՄ Բա որ կպչում, պոկ չես գալիս` «Գնանք, տեսնենք, դրախտի դռներից էն կողմ ի՛նչ կա…»: Ոչինչ էլ չկա, կայծակ ու որոտ կա:

ԼԻԼԻԹ Դե, արի դրախտի կենտրոն գնանք:

ԱԴԱՄ Հիմա էլ` կենտրոն… Մեկ էլ տեսար` կենտրոնում ապրել կուզես:

ԼԻԼԻԹ Իրեն հարգող ամեն մեկն էլ պիտի ձգտի կենտրոնում ապրել:

ԱԴԱՄ Պահո՜…

ԼԻԼԻԹ Հա՜: Այ, հենց հիմա այնտեղ կգնամ… ու վերջապես կտեսնեմ` այդ ինչ ծառ է, որի պտուղներն արգելված է ուտել:

ԱԴԱՄ (սարսափած): Մենակ էդ էր պակաս… տեղիցդ չշարժվես, թե չէ… թե չէ Արարչին կասեմ:

ԼԻԼԻԹՆ ու ՁԱՅՆԸ` միասին – Խաբարբզի՛կ:

ԱԴԱՄ Երբվանի՞ց եք էդպես ձեն-ձենի տվել:

ԼԻԼԻԹ Այն օրվանից, երբ հայտնեց արգելված պտուղի մասին:

ՁԱՅՆ Ես չեմ հայտնել, ես տեղեկացրել եմ: Դրանք տարբեր բաներ են:

ԱԴԱՄ (սպառնալից մոտենում է թփին): Քիթդ չխոթես մեր գործերի մեջ: Իմ ստեղծած ամպը… ըըը, Լիլիթը չէ՞, ուրեմն նրա հետ խոսելու իրավունքն էլ իմն է:

ԼԻԼԻԹ Ո՞նց թե… ուրեմն, դու իրավունք ունես, ես` չունե՞մ: Որ այդպես է, հայտարարում եմ ի լուր համայն դրախտի` ոտնահարվում են իմ իրավունքները, լսո՞ւմ եք, աուուո՜ւ…

ԱԴԱՄ Էդ ի՞նչ իրավունքներ ես հիշել:

ՁԱՅՆ Վերջերս դո՞ւ չէիր… Մտածողի դիրքով…

ԱԴԱՄ Ձե՛նդ… (Լիլիթին.) Իսկ դու… հիշիր, լռությունը… (Փնտրում է բառը🙂

ՁԱՅՆ Ոսկի է:

ԱԴԱՄ Թեկուզ… (Ձայնին.) Հետո կասես` էդ ինչ է: (Լիլիթին.) Իմացա՞ր:

ԼԻԼԻԹ Հերիք չէ` արգելված է ինչ-որ ծառի պտուղ ուտելը, արգելված է նաև այդ մասին խոսե՞լը… Ես պահանջում եմ, որ Արարիչը գա այստեղ ու համապատասխան բացատրություն տա…

ԱԴԱՄ Էս ի՞նչ է ասում… չհամարձակվե՛ս մտածել այդ մասին:

ԼԻԼԻԹ Վախեցա՞ր… որ կպատժի՞ քեզ… անհնազանդության համար:

ԱԴԱՄ Լիլիթ… այ ամպի մեկը… կրակն ընկա՞, որ երևակայությանս զոռ տվեցի ու քեզ ստեղծեցի: Մի քիչ էլ համբերիր, ժամանակը գա` կհանդիպես իրեն… (Այդ ընթացքում Լիլիթը մոտեցել է թփին, կամաց խոսում է Ձայնի հետ🙂 Էդ ի՞նչ ես անում… հեռու մնա դրանից… Նա քեզ լավ բան չի սովորեցնի:

ԼԻԼԻԹ(նոր խաղ է սկսում): Ադա՜մ… Ադամչի՜կ… Ադամո՜ւլյա…

ԱԴԱՄ (վրա տալով): Ադամիկս-գամփռիկս… հետո՞…

ԼԻԼԻԹ (անտեսելով նրա կոպտությունը): Ինչո՞ւ ինձ դրախտ կանչեցիր:

ԱԴԱՄ Ինչո՞ւ… հըմմ… մենակ էի… կարգին զրուցակից չկար… Ձայնը կամ թութակը ի՞նչ ընկեր… (Անսպասելի ինքն իրեն խղճալով🙂 Պատկերացրի՞ր վիճակս…

ԼԻԼԻԹ Իմ խե՜ղճ Ադամ… դրա համար էլ եկա: (Սկսում է գայթակղել🙂 Բայց ինչո՞ւ եկա:

ԱԴԱՄ (տրվելով նրա խաղին): Որ միասին լինենք… զրուցենք… զբոսնենք…

ԼԻԼԻԹ Բայց դա քիչ է:

ԱԴԱՄ Դրախտի բարիքները վայելենք…

ԼԻԼԻԹՀեչ բան է:

ԱԴԱՄ Վերջապես… միասին ինվենտարիզացիա անենք:

Ձայնը սկսում է հռհռալ:

ԼԻԼԻԹ (Ձայնին): Ձե՛նդ… դու էիր պակաս: (Ադամին.) Ինչքա՞ն կարող ենք զրուցել, զբոսնել, վայելել… անգամ ինվենտարիզացիա անել:

ԱԴԱՄ Եսի՞մ… մենք անմահ ենք:

ԼԻԼԻԹ Իսկ թվում է, որ մենք ուրիշ բան էլ կարող ենք անել:

ԱԴԱՄ Ի՞նչ:

ԼԻԼԻԹ Ավելի հետաքրքիր ու հաճելի բան: (Հնազանդված Ադամին տանում է բեմի խորքը🙂 Դրա համար պետք է ընդամենը գնալ… դրախտի կենտրոն:

ԱԴԱՄ (սթափվելով): Արգելված խնձորների մո՞տ… Ոչ մի դեպքում:

ԼԻԼԻԹ Ախ, այդպե՞ս… ուրեմն, կորի՛ր… չգիտեմ ինչի ծոցը: Այս պահից ես հռչակում եմ իմ անկախությունը ու էլ չեմ գա, ինչքան էլ մտածես ու կանչես ինձ: (Դուրս է փախչում🙂

 

ՏԵՍԱՐԱՆ

Ադամը գլխիկոր նստած է: Ձայնն ու Թութակը մոտակայքում են:

ԱԴԱՄ Քանի օր է` չկա: Անհետացել է:

ԹՈՒԹԱԿ Նայած ում համար է անհետացել: Քիչ առաջ լճի ափին ոզնիների հետ էր խաղում:

ՁԱՅՆ Իսկ լուսաբացին լողանում էր ջրվեժի տակ: Ի՜նչ տեսարան էր…

ԱԴԱՄ Ըհը՛, բոլորիդ համար կա, ինձ համար չկա: (Փորձում է ձեռքերով նկարել Լիլիթի ուրվագիծը` ոչինչ չի ստացվում: Հուսահատ🙂 Բացարձա՛կ անհնազանդություն: Թքա՛ծ ունի… Գոնե դուք մի խորհուրդ տվեք:

ՁԱՅՆ Ինձ որ լսես… Կողքիդ թուփը տեսնո՞ւմ ես, դրա տերևները թմրեցնում են միտքը, պղտորում հայացքը, ծխում ես… ըըը… ուզում էի ասել` ուտում ես ու` թքա՛ծ ամեն ինչ վրա: Մեկ էլ, ականջիդ օղ արա, ինչքան մտածես այդ ամպի մասին, այնքան երես կառնի: Իսկ որ տեսավ` բանի տեղ չես դնում` վազելով կգա, որովհետև նրա ցեղը միայն մի բանից է սարսափում` անտարբերությունից:

ԹՈՒԹԱԿ Պա՛հ, ամպի հոգեբանության գիտակ է հայտնվել դրախտում: Դու ինձ լսիր, Ադա՛մ, ինչի՞դ է պետք էս գլխացավանքը: Վա՞տ էիր ապրում, երբ ուզեիր` քնում էիր, զարթնում էիր… դրախտի տերն էիր` անհոգ, երջանիկ: Իսկ հիմա քեզ նայիր` ընկճված, ճմռթված… Ասածս ի՞նչ է` Արարչին խոստովանիր եղածը: Նա միջոցներ ձեռք կառնի ու… ամեն ինչ կլինի առաջվա պես:

ԱԴԱՄ Երկուսդ էլ կորեք… չգիտեմ՝ ինչի ծոցը: Չքվե՛ք, ասի, ես կորոշեմ անելիքս: (Լռությունից հետո🙂 Լիլիթ: (Նա չկա: Կատաղած ոտքը գետնին է խփում🙂 Լի՛-լի՛թ: (Որոտի երկու ձայն: Ապշած ու գոհ🙂 Մեկ-երկու: Զույգ է: (Հայտնվում է Լիլիթը` մի քիչ խելոքացած տեսք ունի🙂 Եկա՞ր… չէ՛, չնստե՛ս, կանգնիր, այ, էնտեղ, ու հարցիս պատասխանիր:

ԼԻԼԻԹ Իմ պատասխանից չե՞ս վախենում:

ԱԴԱՄ Որ վախենում եմ, ի՞նչ… Ուրեմն, ուզում ես ուտել արգելված պտուղը:

ԼԻԼԻԹ Շատ պե՜տքս է… Դրախտում ի՞նչն է առատ` ամեն տեսակի ու համի պտուղը:

ԱԴԱՄ Բան չհասկացա:

ԼԻԼԻԹ Ադամ, ինձ ուրիշ բան է պետք: Դա քեզ էլ է պետք: Գուցե ավելի շատ, քան ինձ: Պարզապես դու վախենում ես այդ մասին ասել, անգամ մտածել:

ԱԴԱՄ Բա դու ինչի՞ չես վախենում:

ԼԻԼԻԹ Որովհետև… առեղծվածային են: (Լրջանալով🙂 Երբ մտածում եմ, որ հավերժ ապրելու եմ անհամ, ձանձրալի` սիրտս ուզում է պայթի: Ադամ, ես չեմ ուզում միայն ուտել, զբոսնել… ինվենտարիզացիա անել… (Մոտենալով նրան🙂 Ես ուզում եմ գրկել քեզ…

ԱԴԱՄ (հիպնոսացած): Շոյել քո գեղեցիկ մազերը…

ԼԻԼԻԹ Փարվել քո հզոր ուսերին ու զգալ քո ուժը…

ԱԴԱՄ Գրկել քո բարակ իրանն ու մոռանալ ժամանակի մասին…

ԼԻԼԻԹ Քնել քո տաք գրկում…

ԱԴԱՄ Եվ արթնանալ քո նուրբ թևերի մեջ…

Նայում են իրար, ուր որ է` հրաշք կկատարվի, բայցԼսվում է թութակի զգուշացնող կռինչը: Ադամը սթափվում է:

ԱԴԱՄ (անկյանք ձայնով): Այդ խնձորը չի կարելի ուտել: Արգելված է:

ԼԻԼԻԹ (դավադիր): Մոռացիր խնձորի մասին… առանց դրան էլ կարող եմ քեզ համբուրել:

ԱԴԱՄ (այդ է` համբուրվելու են` փոթորիկ թե երկրաշարժ է սկսվումԵրբ հանդարտվում է, Ադամը հնազանդի դերի մեջ է: Հանկարծ կտրուկ իրենից վանում է Լիլիթին): Այդ բառերը դու չես ասում, դրանք… իմ բառերն են: Դու ընդամենը կրկնում ես:

ԼԻԼԻԹ (երջանիկ ժպիտով): Վերջապե՜ս հասկացար: Դե… ինչի՞ ես սպասում… (Այն է՝ կհամբուրի:)

ԱԴԱՄ Բայց… ես չեմ կարող: Ես նրա ստեղծածն եմ ու պիտի նրան հնազանդվեմ: Ես չեմ կարող… Բայց առանց քեզ էլ չեմ կարող: Տեր Աստված, ի՞նչ փորձություն ես սարքել իմ գլխին:

ԼԻԼԻԹ Փորձությունը ո՞րն է… Նոր չասի՞ր, որ դա քո ցանկությունն է: Իսկ չե՞ս մտածում, որ ես էլ ցանկություն ունեմ: Այ, դու ծաղրում ես, որ զուգվում-զարդարվում եմ, բայց, Ադամ… (Սա նրա լավագույն պահն է🙂 Իսկ գուցե այդպիսին եմ, որովհետև ինձ պակասում է մեծ, շա՜տ մեծ գաղտնիք:

ԱԴԱՄ (գուցե առաջին անգամ՝ տղամարդկային լրջությամբ): Ի՞նչ, Լիլիթ:

ԼԻԼԻԹ Այդ գաղտնիքը գուցե անուն էլ չունի… դեռ: Քիչ առաջ խաղում էի ոզնիների հետ… բա դա խաղա՞լ էր` երկուսն էլ լուրջ, ուռած-փքված: Իսկ ինչ լավ կլիներ, եթե նրանք պստլիկ լինեին` գընդլ-մընդլ, ուրախ, չարաճճի… կաթնահոտ: Ադամ, դրախտում շատ լուռ է, բոլորը դրախտային լրջությամբ են համակված: Ծիծաղն ու աղմուկն է պակասում, բայց ոչ թե ուռած-փքվածների, այլ փոքրիկ գազանիկների` ճագարիկների, առյուծիկների, կոկորդիլոսիկների, աղվեսիկների…

ԱԴԱՄ Անգամ էդ… թութակ կոչվածի՞:

ԼԻԼԻԹ Բոլորի` անխտիր… պատկերացրու` պստլիկ, փամփլիկ թութակիկ… Ադամ, դրախտին մի մեծ, շատ մեծ գաղտնիք է պակասում, առանց որի դրախտը… դրախտ չէ: (Վերջին բառի վրա սարսափելի մի բան է սկսվումերկու ստվեր պատեպատ են խփվում, հետո նետվում իրար գիրկ: Բեմը լուսավորվում է: Լիլիթը նայում է Ադամի դեմքին, դանդաղ ազատվում նրա գրկից: Հոգնած ձայնով🙂 Ես պարտվեցի: Դու դեռ պատրաստ չես, անակնկալի եկար, երևի թե միշտ էլ անակնկալի կգաս… գոնե առաջին պահին, երբ կինը քեզ կասի պստլիկ արարածի մասին… (Դադարից հետո: Գործնական տոնով🙂 Հիմա կկանչես Արարչին, ամեն ինչ կպատմես, նա կհասկանա… ու կների քեզ: Իսկ ինձ կվերադարձնի իմ չգոյությանը: Առաջին բլիթը միշտ էլ կուլ է գնում… Լավ միտք է, չէ՞, չգիտեմ ինչու` հավատացած եմ, որ այս միտքը շատ է կրկնվելու այս մոլորակի վրա, և ամեն անգամ` համակերպվածի ցավով: Մնաս բարով, Ադամ, ես գնամ, որովհետև նա մոտենում է: (Վերևից աղմուկ է լսվում🙂 Ափսոս, այդպես էլ չհանդիպեցին նրան:

ԱԴԱՄ Ոնց… էլ չե՞ս լինելու… էլ քեզ չե՞մ տեսնելու:

ԼԻԼԻԹ Ո՞վ ասաց: Քանի կաս դու, կլինեմ և ես: Այս անգամը չստացվեց` հաջորդ անգամ կիրականանա իմ երազանքը: Անպայմա՛ն: Որովհետև այլ կերպ լինել չի կարող: Որովհետև դու` դու ես, ես` ես: Ու մենք պիտի գտնենք մեր դրախտը: (Դուրս է գնում` հայացքը չկտրելով նրանից🙂

Նույն պահին հայտնվում է Արարիչը: Մոտենում է գլխիկոր Ադամին, ցավակցաբար գրկում ուսերը, տանումնստեցնում է քարին, ինքն էլ տեղավորվում է կողքին:

ԱՐԱՐԻՉ Ոչինչ, տղաս, էդպես էլ է պատահում… (Դեմքը կնճռոտելով, տանջալից մտածմունքից հետո🙂 Հասկանո՞ւմ ես, առաջին բլիթը միշտ էլ կուլ է գնում… Սպասիր, ի՞նչ բլիթ, ինչո՞ւ է կուլ գնում…

ԱԴԱՄ Չգիտեմ, բայց մեջը ոնց որ թե իմաստ կա:

ԱՐԱՐԻՉ Հա՞… դե, որ դու ես ասում, թող այդպես լինի: Այս պահից այս խոսքը թող բազում անգամ կրկնվի արևի տակ: Ու ամեն անգամ` համակերպվածի ցավով: Լավ, չշեղվենք… Ես ամեն ինչ գիտեմ, կարող ես չպատմել: Հիմա այդ հարցը կլուծենք: (Ձեռքերը խփում է իրար, հեռվում պայթյունի ձայն է լսվում🙂 Վե՛րջ, վերջացա՛վ: Չկա ամպ` չկա պրոբլեմ:

ԹՈՒԹԱԿ (հեռվից): Օ՜հ, ի՜նչ դաժան ավարտ… ինչպիսի՜ վախճան… իսկ նա` այնքա՜ն գեղեցիկ, այնքա՜ն հմայիչ…

ԱՐԱՐԻՉ Թութակը և-ևս չէ՞ր եղել:

ԱԴԱՄ Պարզվեց` պարարվեստի մեծ գիտակ է:

ԱՐԱՐԻՉ Ուրեմն, իզուր չեն ասում` արվեստը ուժ է: Բայց չշեղվենք: Հիմա ի՞նչ ես անելու:

ԱԴԱՄ Ի՞նչ պիտի անեմ… կվայելեմ դրախտի բարիքները, կապրեմ անհոգ ու երջանիկ:

ԱՐԱՐԻՉ Այո… երջանիկ տեսք չունես: Ոնց գցում-բռնում եմ` մի բան պիտի մտածենք:

ԱԴԱՄ Էն… հաշվիչդ տուր: Մի ինվենտարիզացիա էլ անեմ:

ԱՐԱՐԻՉ Լեզուդ ցույց տուր… ասա «Աաա՜»… ոտքդ դիր ոտքիդ… ցուցամատդ տար քթիդ… Պարզ է: Կտրուկ միջամտության կարիք կա:

ԱԴԱՄ Ինձ ոչինչ էլ պետք չէ:

ԱՐԱՐԻՉ Թյո՜ւ… ամեն անգամ` նույն պատմությունը: Ստեղծում ես դրախտ, ստեղծում ես մարդուն…

ԹՈՒԹԱԿ Եվ ընկնում ես կրակը, ու քեզ խրատ չի լինում:

ԱՐԱՐԻՉ Սա վերջը բանաստեղծ է դառնալու: Ադամ, դու հանգերով չե՞ս խոսում:

ԱԴԱՄ Նորմալ մարդը հանգերով չի խոսի:

ԹՈՒԹԱԿ Անհամ նորմալի մեկը… Մինչդեռ նա հրաշք էր` չքնաղ ու եթերային…

ԱԴԱՄ Սիրտ չունեմ, թե չէ քարով կտուցիդ որ տվել եմ…

ԱՐԱՐԻՉ Հանգի՛ստ… Չխանգարեք, կարևոր որոշում եմ ընդունում: (Հանդիսավոր🙂 Ադամ, հիմա կարարեմ առաջին կնոջը` Եվային: Նա միշտ կլինի քո կողքին` հավատարիմ ու հնազանդ քո կամքին:

ԱԴԱՄ (ցույց տալով երկինքը): Դու է՞լ ամպերի սիստեմով ես աշխատում:

ԱՐԱՐԻՉ Ամպը հանգստ թող, նա անկայուն է, անկառավարելի: Նա քեզ երբեք չի հնազանդվի, որովհետև քամին է նրան ուղղորդում` այս արևի տակ ամենաանհաստատ տարերքը: Եվային ես կստեղծեմ քո կողից, որ նա քոնը լինի, քեզ պատկանի:

ԱԴԱՄ Ասում ես` իրեն խելո՞ք կպահի:

ԱՐԱՐԻՉ Քո ցանկությունը կլինի նրա ցանկությունը:

ԱԴԱՄ Դա արդեն կասկածելի է:

ԱՐԱՐԻՉ (ինչոր շարժումներ անելով նրա շուրջը): Իսկ դու մի կասկածիր: Ու մի մոռանա, որ նա իմ ստեղծածն է, իսկ ես խոտան թույլ տալ չեմ կարող:

Գնում է բեմի կենտրոն, թափահարում ձեռքըԾխի միջից հայտնվում է Եվան, այսինքն` ԼԻԼԻԹԸ: Նույն հանդերձանքով, նույն առեղծվածային ժպիտը դեմքին:

Արարիչը գոհ ու հպարտ նայում է իր ստեղծածին: Ադամը ապշահար զննում է ԵվաԼիլիթին:

Բեմ են գլորվում խնձորներ. սկզբում մեկը, հետո` մի քանիսը: Ադամը տարակուսած նայում է դրանց: Եվան Լիլիթի ժպիտով հետևում է Արարչին, որը փորձում է աննկատ, ոտքով անկոչ խնձորները քշել կուլիսները:

ՁԱՅՆ Իսկական պատմությունն սկսվում է այս պահից: Այնպես որ, ներկայացումն ավարտված է:

ԹՈՒԹԱԿ Ուրեմն` վարագո՛ւյր:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։