Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ / «ՌՈՍԻՆԱՆՏ»

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆԻ «ՌՈՍԻՆԱՆՏ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում

 

 

ԹԱՄԲԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՐԵՆ ՆՍՏԵԼՈՒ ՀԻՄՆԱՐՎԵՍՏԸ

«Կռվել հողմաղացի դեմ, որպեսզի աշխարհը վերագտնի արդարությունը»։

Միջոցը գաղափարի վերածելու դոնկիխոտյան հանճարեղ բանաձևը այսօր էլ, իռացիոնալ միտքն անգամ, անզոր է լիարժեք վերծանել։ Եվ անխուսափելի է դառնում մեր օրերում էլ այն իրագործելը ցավալիորեն կենսունակ մի բանաձևում. «Խելացնորության դիմակի տակ պայքարել հանուն պայծառ երազի»։

Իսկ երբ դոնկիխոտյան վեհ գաղափարները ծաղրի են ենթարկվում «նրա քնձռոտ ձիու» կողմից, հավերժական գլուխգործոցի մեջ մեզ խիստ ծանոթ այժմեական երանգներ են հայտնվում։

Թերևս ավելացնեմ, որ իմ խենթությունը, տվյալ դեպքում, ընթերցողի խենթությանը ապավինելն է։

Խաչիկ ՉԱԼԻԿՅԱՆ

 

ՌՈՍԻՆԱՆՏ

(զավեշտախաղ 2 մասից դոնկիխոտյան թեմաներով)

Գործող անձինք

ՌՈՍԻՆԱՆՏ Դոն Կիխոտի քնձռոտ ձին

ՍԱՆՉՈԴոն Կիխոտի զինակիրը

ԴՈՒՔՍներկայացման վարողը. «Դուքսը» այս դեպքում արտոնյալ խավին պատկանելու շնորհ է, ոչ թե կոչում, ինչպես Ռոսինանտը

ՍԱՓՐԻՉ և ՔԱՀԱՆԱ — Դոն Կիխոտին փնտրող բարեկամները, որոնք ծպտվելու համար անընդհատ զգեստափոխվում են

ՍՊԱՍՈՒՀԻսպասուհի

ԱԼԴՈՆՍԱնույն ինքը՝ Դուլսինեան. տնտեսուհի, խոհարարուհի, հովվուհի, լվացարարուհի… ինչպես Սանչոն է ասում. «Գիշերները բոլոր կատուներն էլ գորշ են երևում»։

Գործող անձանց ցանկը ամբողջացնում է կորդեբալետը, որի մասն են կազմում բոլոր գործող անձինք, բացի Սանչոյից։

 

ՄԱՍ ԱՌԱՋԻՆ

Բեմը ներկայացնում է Ռոսինանտի ճոխ ննջարանը։ Ամենուր՝ աչք շոյող մաքրություն, քաղքենի ճոխություն։ Երկտեղանոց շքեղ մահճակալին փռված է Ռոսինանտը։

Բեմառաջ են գալիս երկու տղամարդ՝ ավելի շուտ կանացի զգեստներ հիշեցնող հանդերձանքով, տարօրինակ դիմակներով։ Դոն Կիխոտի բարեկամներն են՝ Քահանան ու Սափրիչը։

ՔԱՀԱՆԱ — Ես եմ։

ՍԱՓՐԻՉ — Մենք ենք։

ՔԱՀԱՆԱ — Ներող եղեք, խնդրեմ, այս կողմերում չե՞ք հանդիպել ցնորված մի հիդալգոյի, որն իրեն հավակնում է կոչել Դոն Կիխոտ Լամանչեցի… Ես բարի նպատակով եմ հարցնում…

ՍԱՓՐԻՉ — Ցնորված մի հիդալգո, որը կամենում է, ներեցեք արտահայտությանս, ձեռնոց նետել մեր՝ իբր մեղավոր ու անարդար ժամանակներին։

ՔԱՀԱՆԱ – Ի՛բր անարդար…

ՍԱՓՐԻՉ – Ի՛բր անարդար…

ՔԱՀԱՆԱ – Շարունակի՛ր։

ՍԱՓՐԻՉ — Ես ազնիվ նպատակով եմ հարցնում։

ՔԱՀԱՆԱ — Մենք ազնիվ նպատակով ենք հարցնում։

ՍԱՓՐԻՉ — Շարունակում եմ. նա ցավալի տեսք ունի… Նիհար է։

ՔԱՀԱՆԱ — Գունատ։

ՍԱՓՐԻՉ — Դարձյալ նիհար։

ՔԱՀԱՆԱ — Դարձյալ գունատ։

ՍԱՓՐԻՉ — Այնքան նիհար։

ՔԱՀԱՆԱ — Այնքան գունատ, որ նրան աշխարհ բերող մայրն անգամ չի ճանաչի։

ՍԱՓՐԻՉ — Չի ճանաչի։

ՔԱՀԱՆԱ — Թող երկինքը երկար տարիների կյանք շնորհի նրա միամիտ գոյությանը՝ ի զվարճություն և անհոգություն հանուր մարդկության։

ՍԱՓՐԻՉ — Ի վերջո, մենք օրինավոր մարդիկ ենք, ի՜նչ ենք ընկել այդ խելագարի ետևից։

ՔԱՀԱՆԱ — Օրինավոր, օրինակելի, օրինապահ… օ… շարունակի՛ր։

ՍԱՓՐԻՉ — Օրինապաշտ, օրինապարտ, օրինապատշաճ… օրինազանց։

Ինքնագովեստի տեքստերը հնչում են ամենուր։ Տեսարանին մասնակից են բոլոր գործող անձինք։ Նրանք այս կամ այն կերպ մասնակից են նաև Ռոսինանտի՝ հաջորդող մենախոսությանը։ Բեմը նախապատրաստելով ներկայացմանը՝ ոգևորությամբ խաղարկում են Ռոսինանտի տեքստը՝ այն վերածելով մասսայական մենախոսության։

Էական լրացում. Ռոսինանտին՝ որպես ձի ներկայացնելու արտաքին մանրամասները անհարկի են։ Քնձռոտ ձիու խորհուրդը այստեղ արտոնյալ քաղքենու ճոխ ապրելակերպն է։ «Ռոսինանտը» մեկնաբանություն է, ոճ։ Այս առումով, Ռոսինանտ են բոլորը, բացի Սանչոյից։ Այս կերպ պետք է ընկալել ձևավորման մեջ, ինչպես և բոլորի զգեստների վրա, Ռոսինանտի գունեղ հանդերձանքին բնորոշ ակնարկները։

Մենախոսության ընթացքում ճերմակ, նրբագեղ համազգեստով «Դուքսը»՝ ավելն ու թիակը ձեռքին, մահճակալի շուրջ ու բեմով մեկ հավաքում է «ձիու կեղտերը»…

ՌՈՍԻՆԱՆՏ — …Օրինագեղ, օրինագեղմ, օրինազարմ, օրինածին… Երդվում եմ. ես սևերես չեմ լինի ամենաճարտար ու փորձված զռանների մոտ… զռռանների մոտ… Չնայած դա բարդ է, քանի որ ես երդվել չեմ սիրում։ Դա առողջությանը վնաս է։ Հնչեղ ձա՜յն, տակտի և չափի նո՜ւրբ զգացում, հաճախակի և անտեղի փոփոխվող տեմբրային ելևէջներ… Կրկնում եմ. այդ արվեստում ոչ մի երիվար չի կարող ինձ հետ մրցել։ Որքան հազվագյուտ տաղանդներ են կորչում մեր իսկ աչքի առաջ, քանզի անշնորհակալ ամբոխը չի գնահատում նրանց շնորհները… Ավելին, բավական է մեկը քնձռոտ մի ձի տեսնի, իսկույն բղավում է. «Ահա Ռոսինանտը»։ Միշտ այդպես է, ավանակի մեղքի համար թամբն էլ է գժի անուն հանում։

Բեմառաջ է գալիս «Դուքսը» իր շքախումբ կորդեբալետով։

ԴՈՒՔՍ — Մեծարգո տիկնայք և պարոնայք, ձեր դատին ենք հանձնում փառապանծ հիդալգո Դոն Կիխոտ Լամանչեցու զվարճալի կյանքն ու խելահեղ արկածները։

ՌՈՍԻՆԱՆՏ — Կրկնում եմ. թամբն էլ է գժի անուն հանում։ Նախ՝ թամբը հարկավոր է ամուր ձգել, հետո կապել, որպեսզի ձիու մեջքին ամուր մնա… Եվ ամենակարևորը՝ կենդանու վրա պետք է նստել իմանալ։

ԴՈՒՔՍ — Զավեշտական ճշմարտապատումը… Չհավանողները կմեղանչեն իրենց խղճի դեմ, այլախոհները պատասխանատվության կենթարկվեն։

ՌՈՍԻՆԱՆՏ — Մի չռեք ձեր ոտքերը… աշխատեք, որ նրանք պինդ գրկեն ձիու կողերը… Նստեք ուղիղ, մի լարվեք ու ոչ էլ փլվեք պարկի նման, ոնց որ թե ավանակի վրա լինեք։ Դա վիրավորում է ձիու արժանապատվությունը։

ԴՈՒՔՍ — Կրկնում եմ. և ոչ էլ փլվեք պարկի նման, ոնց որ թե ավանակի վրա լինեք։ Ես, իհարկե, կարող էի այլ կերպ արտահայտվել, բայց ես կիրթ եմ, կամ, որ նույն բանն է՝ կրթված, բարեկիրթ, քաղաքակիրթ, ողջախոհ, տոկուն, հեզ, հլու, հնազանդ, հանդուրժող… տոկուն ասացի՞… Երևակայելով, որ մեր պարկեշտ դարը ապականվել է անարդարության ախտով, նրա ցնդած ուղեղին այցելել է մի արտառոց միտք։

ՌՈՍԻՆԱՆՏ — Որպես թափառական ասպետ՝ թրև գալ աշխարհով մեկ և զենքը ձեռքին պայքարել հանուն, այսպես կոչված, պայծառ երազի… Բացի այդ, ես վեհանձն եմ, առաքինի, պարկեշտ, մաքրասեր և, ամենակարևորը, քիչ եմ ուտում։ Ես, իհարկե, կարող էի և այլ կերպ արտահայտվել, եթե չհարգեի ներկաներին։

ԴՈՒՔՍ — Եվ զենքը ձեռքին պայքարել հանուն, այսպես կոչված, պայծառ երազի։ Ողորմած հանդիսատես, մեկ րոպեից ներկայացումը կսկսվի։

Ներկայացման մասնակիցները բեմի տակից քաշում, վեր են բարձրացնում հնամաշ, փոշոտ  պարկ, բերանի կապը քանդելով՝ հանում են ասպետական հանդերձանք, գրքեր, զենք ու զրահ։ Ռոսինանտը աչքի առաջ վերափոխվում է «Դոն Կիխոտի»։

ՌՈՍԻՆԱՆՏ — Օ՜, Սանչո, քթածակերում հոտառություն ունեցող զինակիրներից լավագույնը… Որտե՞ղ ես, հարազատս… Մեզ են սպասում տառապանքն ու սխրանքները…

ՍԱՆՉՈՅԻ ձայնը՝ պարկի միջից — Ես այստեղ եմ… Ես եմ, Սանչոն…

ՌՈՍԻՆԱՆՏ — Թափառենք, Սանչո, աշխարհով մեկ և կռվենք անիծյալ հողմաղացների դեմ, որպեսզի աշխարհը վերագտնի այն, ինչ վաղուց է կորցրել…

ԲՈԼՈՐԸ — …Արդարությունը…

Սուլոցներ, ծիծաղ, ծափեր։

ԴՈՒՔՍ — Նույն այս պահին ես ակամայից միջամտում եմ և հավաստի տոնով հայտարարում. մեր ներկայացումը լիովին ծառայում է իր ազնիվ նպատակին։ (Մյուսները ձայնակցում են։) Զվարճացնել ամբոխին, հեռու վանել նրանից միտք ու հոգի պղտորող սադրիչ մտքերը։ Եվ այսպես, մեր հերոսը ոչ թե հասարակ մի հիդալգո է, այլ… անվեհեր ասպետ…

ԲՈԼՈՐԸ — …Դոն Կիխոտ՝ Լամանչ գավառից:

Ծնծղաներ, ոգևորություն, պարԴոն Կիխոտ-Ռոսինանտին ծաղրելու զավեշտախաղ, ծիծաղ, ծափեր

ԴՈՒՔՍ — Ահա նա՝ արդարության և պարկեշտության անմեղանչ սպասավորը. նա, ով ասպետության սրբազան ամրոցն է մտել պատվավոր շքամուտքով և ոչ թե գող ու ավազակի պես ցատկել է ցանկապատի վրայով։

Երաժշտությունը լռել է, բեմը՝ դատարկվել։ Բեմառաջին տապալված Ռոսինանտը այսուհետ ներկայանում է որպես Դոն Կիխոտ։ Պարկից դուրս է գալիս Սանչոն՝ կարգի բերելով հնամաշ հանդերձանքը։

ՍԱՆՉՈ — Օ՜ֆ… Էստեղ են ասել. «Ուզես, չուզես՝ մեռնելուցդ շուտ չես վախճանվի»։ (Նկատելով Դոն Կիխոտին։) Տե՜ր իմ… Ի՞նչ է եղել… Ձայն հանեք։ Էլի վատ եք։ Ես ձեզ զգուշացրի։ Ախր, ի՞նչ իմաստ ունի կռվել կարծեցյալ թշնամու դեմ՝ իմանալով, որ դա ընդամենը հողմաղաց է…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դու ոչինչ չես հասկանում։

ՍԱՆՉՈ — Այդպես կարող է մտածել միայն նա, ում գլխում հողմաղացներ են պտտվում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Լռի՛ր, անզգամ…

ՍԱՓՐԻՉ — (խաղարկային գունեղ վարագույրի բացվածքում՝ Դոն Կիխոտի զավեշտական դիմակով)։ Լռի՛ր, անզգամ, պապանձվիր և համրացիր, թշվառական, քանզի լռելը Աստծո՝ քեզ շնորհած մեծագույն առաքինությունն է։

ՍԱՆՉՈ — Իսկ ժողովուրդը ձեզ արդեն ցնդած է համարում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, դո՞ւ ես…

ՍԱՆՉՈ — Այ քեզ բան… Պարզվում է, որ ես ես եմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Նկատի ունեցիր, Սանչո, որ երբ առաքինությունը հասնում է բարձր աստիճանի, նրան անմիջապես սկսում են հալածել։

ՍԱՆՉՈ — Լուսահոգի տատս ասում էր. «Քարով կժին խփես, թե կժով՝ քարին, մի բան է»։ Կամ թե՝ «Կգնաս ոչխար խուզելու, մեկ էլ տեսար՝ քեզ բռնեցին, խուզեցին»։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, զավակս, հասկացիր, այն ամենը, ինչ ես անում եմ, մարդիկ կուրորեն խելագարություն են անվանում, որովհետև դա նրանց խելամիտ ցանկությունն է, այլ կերպ ինձ չեն հանդուրժի։ Ուստի, ես մտադիր եմ նմանվել ասպետության պարծանք Ամադիս Գաղիացուն. վարվել այնպես, իբրև թե կորցրել եմ խելքս և խելացնորության դիմակի տակ պայքարել հանուն պայծառ երազի:

ԴՈՒՔՍ — (խաղարկուն): Խելացնորության դիմակի տակ պայքարել հանուն պայծառ երազի: Խնդրում ենք այս ամենին լրջորեն չմոտենալ և ծիծաղաշարժ արկածների մեջ գաղափար չփնտրել։ Եվ այսպես, ազդեցիկ ձայնով կրկնում և պարտադրում ենք ներկա գտնվել մեր զվարճալի ներկայացմանը։

Սանչոն Դոն Կիխոտին քարշ տալով տանում է ետնաբեմ։ Գունեղ վարագույրների բացվածքում Քահանան ու Սափրիչն են՝ Դոն Կիխոտի և Սանչոյի զավեշտական դիմակներով։ Ոգևորություն, ծիծաղ, ծափեր։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Սանչո, ահա այն նենգ հսկաները, որոնք ամենուր հետապնդում են քո առաքինի տիրոջը։ Ես կմարտնչեմ նրանց դեմ և անխնա կկոտորեմ բոլորին։

«ՍԱՆՉՈ» — Տեր իմ, դրանք հողմաղացներ են։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Տխմար, քո աչքերը իրականությունից զատ ոչինչ չեն տեսնում։ Օ, չարամիտ հսկաներ, այս անգամ ձեռքիցս չեք պրծնի։ Հավատում եմ, որ այս ահեղ մենամարտը արդար է և աստվածահաճո։

«Դոն Կիխոտ» դիմակը այս ու այն կողմ են նետումԻ վերջո այն հայտնվում է «Սանչոյին» նմանակող Սափրիչի ձեռքում։

«ՍԱՆՉՈ» — Վա՛յ իմ մեղաց, ընդամենը հինգ րոպե առաջ նստած էր կողքիս… Ձեռքս պարզեի, կարող էի քթից քաշել։ Օ, իմ խիզախ ասպետ, թող երկինքը հաճությամբ ընդունի քո թշվառ ու տարաբախտ հոգին։

Նրա շպրտած դիմակը վերցնումհագնում է Քահանան։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Մի վշտանա, իմ բարեկամ։ Ճիշտ է, ես անասունի վայել ծեծ կերա, սակայն բարոյական հաղթանակը մեր կողմն է։

Ծափեր։ Սանչոն ետնաբեմից քարշ տալով բերում է ծեծված Դոն Կիխոտին։

ՍԱՆՉՈ — Թող խարույկի վրա այրվեն ու մոխիր դառնան բոլոր թափառական ասպետները:

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ես մեղք չունեմ, որ վայր ընկա, իմ երիվարն է մեղավոր։

ՍԱՆՉՈ — Հնարավո՞ր է, որ ձերդ ողորմածությունը այնքան հաստագլուխ լինի, որ հողմաղացը չտարբերի հսկաներից։

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Լռի՛ր, անզգամ։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — (վարագույրի ետևից)։ Լռիր, անզգամ, և ապավինիր բազկիս զորությանը, քանզի մեզ նորանոր սխրանքներ են սպասում, որոնց ժամանակ կարող են պոկել քո թշվառ գլուխը կամ տրորել անզուգական ականջը։

ՍԱՆՉՈ — Պետք է նկատեմ, տեր իմ, որ ես՝ կարծես թե, մարդ եմ, բայց կռվի համար նույնքան եմ պիտանի, որքան իմ էշը։ Ուստի պայման եմ դնում. կռվելու եք միայն դուք։ Ես խաղաղ բնավորության տեր մարդ եմ ու չեմ սիրում տուրուդմփոցի մեջ ընկնել։

ՔԱՀԱՆԱ — Հետո նա կանգ առավ…

ՍԱՓՐԻՉ — Հետո խորհեց…

ՔԱՀԱՆԱ — Հետո նորից կանգ առավ…

ՍԱՓՐԻՉ — Հետո նորից խորհեց, թե ո՛ր ճամփով ընթանան…

ՔԱՀԱՆԱ — Ի վերջո, անկաշառ հարգանք տածելով կենդանու բնազդի հանդեպ՝ բաց թողեց Ռոսինանտի սանձը…

ՍԱՓՐԻՉ — ենթարկելով իր կամքը քնձռոտ ձիու կամքին…

ՔԱՀԱՆԱ — …որը, հավատարիմ իր հավատամքին, բռնեց…

ՄԻԱՍԻՆ — …գոմ տանող ճամփան։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ահա և կախարդված դղյակը։ Այն վայրը, ուր իմ ապաշխարանքի դժխեմ արցունքներից կտնքան ամրոցի հավերժական աշտարակները՝ վկայելով ու թարգմանելով խոշտանգված սրտի անմխիթար տառապանքը։

ՍԱՆՉՈ — Թեկուզ մորթես՝ ոչինչ չեմ տեսնում…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Օ՜, գեղջկական աստվածներ, օ՜, մենավոր ծառեր, իմ անլուր տառապանքի անխոս վկաներ, օ՜, իմ հաստագլուխ զինակիր, ահա այն դղյակը, որ սրբագործվելու է աստվածահաճո սխրանքներով։

ՍԱՆՉՈ — Գետինը մտնեմ, ուրիշներին դա չեմ կամենում, եթե սա է դղյակը։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Հիացմունքը կուրացրել է քո աչքերը։ Ահա և մեզ ընդառաջ է գալիս ինքը՝ Դուքսը։

ՔԱՀԱՆԱ — Նորին գերազանցություն Դուքսը։

ԴՈՒՔՍ — Եթե ձերդ ողորմածություն սենյորը հաճի մեր դղյակում իջևանել, ապա կարող է օգտվել բոլոր շնորհներից, բացի մահճակալից։ Մեր իջևանում, այսինքն՝ դղյակում, մահճակալ չկա։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ես լիովին բավարարված եմ, ձերդ գերազանցություն, քանզի բնածին արհամարհանք ունեմ անկողնու նկատմամբ։

ՔԱՀԱՆԱ — Նորին գերազանցություն Դուքսը։

Փոխադարձ խոնարհումներ։ Դուքսը դուրս է գալիս։

ԴՈՒՔՍ — (վարագույրի ետևում)։ Պարոնայք, մեզ հյուր է եկել այն ցնդած հիդալգոն, որն իրեն կոչում է Դոն Կիխոտ Լամանչեցի։ Ոչ ոք չհամարձակվի ցույց տալ, թե կասկածում է նրա ասպետ լինելուն։ ի պահ հայտնվելով վարագույրի բացվածքում։) Ներեցեք։ (Նորից կորչում է։)

Երկար լռություն։ Վարագույրի բացվածքից դանդաղ ներս է սահում սպասուհին։ Համեստորեն լռելուց հետո ցածրաձայն դիմում է հյուրերին։

ՍՊԱՍՈՒՀԻ — Դուք, հավանաբար, քաղցած եք։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սենյորա, եթե մենք այսօր որևէ բանով մեղանչել ենք, ապա բնավ ոչ նախաճաշով։

ՍՊԱՍՈՒՀԻ — (ուշադրությունը Սանչոյի կողմն է)։ Մեր իջևանը հիանալի պարենավորված է, կարող եք ձեր ուզած ուտելիքը պատվիրել։

ՍԱՆՉՈ — Օ՜, սենյորա, ի՜նչ իմաստուն մտքեր…

ՍՊԱՍՈՒՀԻ — Հորթի միս, այծի միս, հավ… ձուկ… ձու…

ՍԱՆՉՈ — Ուրեմն, տապակած հավ, միայն թե նուրբ լինի։

ՍՊԱՍՈՒՀԻ — Հա՞վ… Ողորմած տեր, հավ որտեղի՞ց։ Պահանջեք՝ ինչ ուզում եք, բայց ո՛չ հավ։ Ինձ մոտ այդ անունը չտա՛ք։

ՍԱՆՉՈ — Այդ դեպքում, գուցե, հորթի կամ այծի միս։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ի՞նչ… ձե՞ռ եք առնում։

ՍԱՆՉՈ — Բայց, սենյորա…

ՍՊԱՍՈՒՀԻ — Հենց նոր վերջացավ։ Եկող շաբաթ՝ որքան կամենաք։

ՍԱՆՉՈ — Այ թե բախտ եմ ասել… Ձո՛ւ։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ի՞նչ…

ՍԱՆՉՈ — Ձու։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ձո՞ւ… Ձվի եղա՞ծն ինչ է։

ՍԱՆՉՈ – Ի՛նչ արած… Գոնե ձու բերեք։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ի՞նչ է, դուք ապո՞ւշ եք… Եթե հավ չկա, ձու որտեղի՞ց։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ողորմած տիկին, ինչո՞վ կարող եք մեզ հյուրասիրել։

ՍՊԱՍՈՒՀԻ — Բերանդ կարգին բաց, այլանդակ, ասացի՝ ուտելու բան չունենք։ ՍԱՆՉՈ — Օ՜, երկինք, ահա այն վայրը, ուր արտոնում եմ ողբալ քո՝ ինձ առաքած դժբախտությունը։ Իմ թշվառ հոգու համար ուրախության բոլոր ուղիները փակվեցին անվերադարձ։ Մի կտոր չոր հաց։

ՍՊԱՍՈՒՀԻ — (զգուշորեն)։ Գուցե գինի՞ բերեմ։

ՍԱՆՉՈ — Մի կտոր տապակած կարմրախայտ իմ դժխեմ համոզմունքների դիմաց։ (Դոն Կիխոտին.) Այդ կաստիլիացիները կարմրախայտին ասում են աբադեխո, իսկ անդալուզցիները՝ կուրադիլիո։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Անդալուզցիներն ասում են՝ բակալյաո։

ՍԱՆՉՈ — Կուրադիլիո։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Չէ, Սանչո, բակալյաո։

ՍԱՆՉՈ — Դե, մի ուրիշ տեղ էլ՝ կուրադիլիո։

ՍՊԱՍՈՒՀԻ — Դե, իսկ մեզ մոտ էլ՝ կարմրախայտ։

ՍԱՆՉՈ — Ինչ արած, թող լինի կարմրախայտ։ Բերեք, միայն թե՝ շատ։

ՍՊԱՍՈՒՀԻ — Իսկ ի՞նչ կերպ կկամենայիք, որ մատուցեի, սենյոր։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Տիրուհիդ իմ, համբուրում եմ ձեր չնաշխարհիկ ձեռքը՝ շնորհապարտ լինելու համար ձեր առատաձեռնությանը։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ես գնամ… Երկուսդ էլ ցնդած եք։ (Գնում է։)

ՍԱՆՉՈ — (բղավում է ետևից)։ Գինին չմոռանաս։ Ի վերջո, տղամարդը պիտի տղամարդ լինի, կնիկարմատը՝ կնիկարմատ։ Եվ քանի որ իմ կողմից չհերքվող բոլոր նշաններով ես տղամարդ եմ, թույլ չեմ տա, որ մի շան կնիկ ինձ վրա բղավի։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Այո, Սանչո, կնոջը սատանան է ստեղծել՝ մեր գլխին փորձանքներ առաքելու համար։

ՍԱՆՉՈ — Եթե մանր կարմրախայտը շատ լինի, ապա դա նույնն է, թե մի մեծ կարմրախայտ։ Կատարելապես հնարավոր է, որ այն ավելի քնքուշ համ ունենա, քան մեծ կարմրախայտը։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Նրանք կոչված են վայելքի և տառապանքի միջև ընկած տարածությունը կարճելու։

ՍԱՆՉՈ — Օ, իմ դժխեմ էշ, քո չքնաղ ու տարաբախտ տերը սովից նահատակվում է։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Երջանիկ է եղել այն դարը, Սանչո, որ հնում կոչվելիս է եղել Ոսկեդար։ Այդ սրբազան ժամանակներում ամենուր համաձայնություն էր տիրում։ Սանչո, դու պիտի սովորես արժանապատվորեն նստել սեղանի շուրջ, օգտվես ափսեից և քեզ ազատ ու հավասար զգաս։

ՍԱՆՉՈ — Շնորհակալ եմ, թող ծամելու բան լինի, ես համաձայն եմ կանգնած էլ ուտել։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Կեղծիքն ու նենգությունը չէին խառնվում ճշմարտությանը։ Արդարությունը իշխում էր ամենուր և լիակատար։

ՍԱՆՉՈ — Ոտքի վրա սոխ ու հաց ուտելը, առանց ծռմռվելու, առանց ծեսերի՝ շատ ավելի դուրեկան է, քան կայսեր սեղանից հնդկահավ ուտելը։ Ես էդպես եմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Իսկ մեր ատելի ժամանակներում անիծյալ քաղաքակրթություն կոչվածի հետ մեկտեղ ամենուր ներխուժում է անառակության վարակը և… մնաս բարով, պարկեշտություն։

ՍԱՆՉՈ — Այո, մեր ատելի ժամանակներում ավելի ձեռնտու է դատարկ գլուխ ունենալ, քան՝ դատարկ գրպան։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Երկինքն ինձ հաճել է աշխարհ բերել այս մեղավոր դարում, որպեսզի վերականգնեմ անցյալի ոսկի ժամանակները։ Բարի մարդիկ, բոլորս ծնվել ենք ազատ ու հավասար։ Ազատությունը, Սանչո, երկնքի՝ մեզ առաքած մեծագույն բարիքն է, իսկ գերությունը՝ մարդուն հասած չարիքներից վատթարագույնը։

Վերջին բառերի հետ նրան հետևող դերակատարները փակում են նրա բերանը, քարշ տալիս դեպի բեմի խորքը։

ՍԱՆՉՈ — (համարյա քնի մեջ)։ Մենք բոլորս էլ այնպիսին ենք, ինչպիսին աստված է ստեղծել… Իսկ, երբեմն, դրանից էլ վատ։ Ուրիշի սեղանից հնդկահավ ուտելիս հարկադրված ես սակավ խմել, դանդաղ ծամել, ամեն վայրկյան բերան սրբել, չհազալ, չփռշտալ… Կրկնում եմ… բերան սրբել, չհազալ, չփռշտալ… (Քնում է։)

Մեղմ, պայծառ երաժշտություն։ Բեմի խորքից լույսի միջով առաջ է գալիս Ալդոնսան։ Անփույթ հավաքած մազերին հավի փետուրներ են։ Պարային պարոդիան ամբողջացնում է կորդեբալետը։

ԱԼԴՈՆՍԱ — (ծնկի իջնելով Դոն Կիխոտի դիմաց)։ Դու ո՞վ ես… Քեզ հետ եմ, ի՞նչ ես ապուշի պես աչքերդ վրաս չռել…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — (նետվելով դեպի քնած Սանչոն)։ Սա՛նչո, Սա՛նչո, քնա՞ծ ես։

ՍԱՆՉՈ — Ի՞նչ…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ասում եմ՝ քնա՞ծ ես։

ՍԱՆՉՈ — Սոված փորին ի՞նչ քուն։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ի՞նչ…

ՍԱՆՉՈ — Հա, քնած եմ, քնած։

Սանչոն խռմփացնում է։ Պարոդիային միանում են զգեստափոխված Քահանան ու Սափրիչը։

ՔԱՀԱՆԱ — Օ՜, Դուլսինեա, գեղեցկագույնը բոլոր աստվածուհիներից, քանզի բախտը ապավինել է… շարունակի՛ր…

ՍԱՓՐԻՉ — Բախտը ապավինել է քեզ տնօրինել որպես ստրուկ…

ՔԱՀԱՆԱ — …որ հլու է քո կամքին և շշմեցնող հմայքին…

ՍԱՓՐԻՉ — այնպիսի մի փառապանծ ասպետի, ինչպիսին է Դոն Կիխոտ Լամանչեցին։

ԱԼԴՈՆՍԱ – Սենյո՛ր… քեզ հետ եմ։ Այս անիծյալ հավը հոգիս հանեց… Օգնիր, խնդրում եմ, բռնել…

Բեմի վրա թափառող լույսի շող, թափվող փետուրներՄասսայական տեսարան, ուր բոլորը հավ են բռնում։ Ակտիվությամբ առանձնանում է Դոն Կիխոտը։

ԱԼԴՈՆՍԱ — Ավելի համարձակ… Փորձիր մի անգամ էլ… Օ՜, ապրես, իմ քաջ ասպետ, կեցցես։ Հավատս չի գալիս, այդ ինչպե՞ս բռնեցիր։ Այնպիսի անճոռնի շարժումներ էիր անում, որ եփած հավի ծիծաղը կգար։ Դե, ինչպե՞ս քեզ շնորհակալ լինեմ։ Ավելի համարձակ… Ի՞նչ ես պապանձվել, խոսի՛ր։ Դու բավական հետաքրքիր ծերուկ ես… Հը՜, ինչ հմայիչ կնճիռներ ունես… Ապո՛ւշ, հավը ձեռքիցդ բաց թողեցիր… Դանդալո՛շ։ (Սահում է վարագույրից ներս։ Մթություն։)

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Սա՛նչո, Սա՛նչո… Արթնացիր, թշվառական։

ՍԱՆՉՈ — Հա, ի՞նչ, ի՞նչ է եղել…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Նայիր ինձ, իմ քաջ զինվոր։

ՍԱՆՉՈ — Հա, նայեցի, հետո՞…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, այս սաղավարտով ես ծիծաղելի՞ տեսք ունեմ։

ՍԱՆՉՈ — Դուք ինձ դրա համա՞ր արթնացրիք։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, առանց սիրո թափառական ասպետը նման է տերևաթափ ծառի։

ՍԱՆՉՈ – Թո՛ւ, անիծյալ բախտ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Առանց սիրո թափառական ասպետը…

ՍԱՆՉՈ — Հասկացա։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Օ՜, Դուլսինեա Տոբոսցի, դու, որ իմաստավորում ես աստղազարդ երկինքը, երդվում եմ մինչև վերջին շունչս պայքարել՝ հանուն այս մեղավոր աշխարհը գոնե մի փոքր քեզ արժանի դարձնելու սուրբ ուխտի։

ՍԱՆՉՈ — Մեղա քեզ, Տեր, ո՞վ է այդ Դուլսինեան, այդ անունով կնիկ չեմ ճանաչում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դու նրան երևի այլ անունով գիտես։ Նրան նաև Ալդոնսա են կոչում։

ՍԱՆՉՈ — Հա՜… Ո՞նց չէ, լավ գիտեմ։ Գիշերները բոլոր կատուներն են գորշ երևում։ Ընդհանրապես, վատը չէ, լավիկն է։ Իսկ ամենալավը նրա մեջ այն է, որ ոչ մեկին նազ չի ծախում։ Ներեցեք, աղաչում եմ… Ես ապուշ եմ, հաստագլուխ… Թող ների ինձ Աստված, թող ների ինձ ասպետության սերուցք ու պարծանք Ամադիս Գեղացին։

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Ոչ թե Գեղացի, այլ Գաղիացի։

ՍԱՆՉՈ — Գաղիացի։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Թշվառական։

ՍԱՆՉՈ — Ի՞նչ…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ռամիկ, անկիրթ, անզգամ, բռի, տգետ, բութ, գաճաճ, տխմար, կակազ…

ՍԱՆՉՈ — Մի բարկացեք, սենյոր։

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Կորի՛ր աչքիցս, հրեշ։

ՔԱՀԱՆԱ — (Դոն Կիխոտի դիմակով)։ Կորի՛ր աչքիցս, հրեշ, ճշմարիտ խոսքի աղավաղող, ստի պահեստ, խաբեության սնդուկ, խարդախության շտեմարան, լրբության հովանի։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Կորիր և աչքիս չերևաս։

ՍԱՆՉՈ — Ես շփոթեցի… ի՞նչ կա որ։ Նա օրինավոր կին է։ Ես լսել եմ, որ այդ Դուլսինեա կոչվածը խոզի միսը աղ դնելու մեջ այնպիսի վարպետ է, որ ողջ Լամանչում էդ տեսակ կին չես գտնի։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Իմ երազներում ոչ ոք գեղեցկությամբ նրան չի հասնի։ Իսկ երազանքը առանց հավատի մեռած է, ինչպես հավատը՝ առանց պայքարի։ Իսկ երազով չապրող մարդը, Սանչո, անասուն է։

ՍԱՆՉՈ — Ես մարդ եմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Հիմա հասկացա՞ր, թե ինչ իմաստ ունի հողմաղացի հետ կռվելը:

ՍԱՆՉՈ — Չէ, չհասկացա, բայց գնանք… Գնանք, կռվենք այդ անիծյալ հողմաղացների դեմ հանուն մեր տիրուհու՝ անզուգական Դուլսինեայի… Բայց մի քիչ քնենք, հետո։ Ինչպես լուսահոգի տատս էր ասում. «Պոռնիկները թող իրենց թելը մանեն, մենք մեր ճաշը ուտենք»։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Եթե դու ասպետ լինեիր, ես քեզ մարտի կկանչեի և քամուն կտայի քո խղճուկ բեկորները։

ՍԱՆՉՈ — Փառք Աստծո, որ ես ասպետ չեմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Քնի՛ր։ Քնի՛ր, ասում եմ։

ՍԱՆՉՈ — Քնում եմ, արդեն քնած եմ։ (Խռմփացնում է։)

ԴՈՆ ԿԻԽՈՏ – Ո՛վ դու երկրի երեսին ապրող արարածներից ամենաերանելին, քանզի քնում ես հանգիստ խղճով։ Ոչ պատվամոլությունն է քեզ անհանգստացնում, ոչ էլ՝ աշխարհի ունայնությունը…

ԴՈՒՔՍ – Քնի՛ր, Սանչո, քնիր… Դու, որ ստեղծված ես քնելու համար, իսկ ես իրավունք չունեմ քնելու, ես կոչված եմ հսկելու մաքուր խղճի անդորրը։ Ինքը՝ երկինքն է կանխորոշել իմ կոչումը։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ինչպես հավանաբար կռահեցիք, շարունակում ենք մեր պատմությունը, որից, ճիշտ է, ոչինչ չենք հասկանում, բայց հաճույքով ենք նայում, քանի որ ոչինչ չենք հասկանում։ Ուստի մաղթում եմ ձեզ լիաթոք զվարճանալ, քանզի մինչ մեր երանելի ժամանակները չի եղել մի պատմություն, որ մարդկանց

այսչափ հաճելի և անվնաս զվարճանք պատճառեր։ Շարունակեք, խնդրեմ։

Վարագույրի բացվածքում Դոն Կիխոտի և Սանչոյի դիմակներով Քահանան ու Սափրիչն են։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Սանչո, ահա մի փառավոր արկած ևս։

«ՍԱՆՉՈ» — Սա իմ ավանակն է, տեր իմ։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Լռիր, դժբախտ։

«ՍԱՆՉՈ» — Բայց սա իմ էշն է…

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Սա այն կախարդված առյուծն է, որ ավանակի տեսքով հալածում է Ամադիս Գաղիացուն։ Մոտեցիր, ստոր արարած, ես չեմ վախենում քո ահարկու տեսքից։

ՍՊԱՍՈՒՀԻ — Հետո նա սպասեց…

ՔԱՀԱՆԱ — Բայց ամեհի գազանը առաջ չեկավ։

ՍՊԱՍՈՒՀԻ — Հետո նա նորից սպասեց:

ՍԱՓՐԻՉ — Բայց առյուծը նորից առաջ չեկավ։

ՍՊԱՍՈՒՀԻ — Նա շարունակեց սպասել…

ՔԱՀԱՆԱ — Իսկ առյուծը էշի պես մեխվել էր տեղում։

ՍՊԱՍՈՒՀԻ — Ի վերջո, խիզախ ասպետը չընկրկեց։

«ՍԱՆՉՈ» — Օ, սեր իմ, գանձ իմ, իմ հոգու էշ… Իմ սիրասուն զավակ, իմ երեխաների զվարճալիք, իմ կնկա խնդություն, իմ հարևանների նախանձ… Օ, իմ ուրախության ու վշտի անկողմնակալ թարգման։ Օ, իմ տարաբախտ ու դժխեմ էշ…

Երաժշտություն, պարպարոդիաԵրգը հանկարծ ընդհատվում է։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Սանչո, ահա թե որտեղ են ծվարել չար ուժերը։

«ՍԱՆՉՈ» — Կանգ առեք, տեր իմ, դրանք գինու տկեր են։

ԴՈՒՔՍ — Ո՜վ գովասանքից վեր մարդ, ո՜վ երանելի Լամանչեցի, դու՝ հայելի, որի մեջ կարող են իրենց տեսնել աշխարհի բոլոր թափառական ասպետները… Կգտնվի՞, արդյոք, արտաքո վայել գովասանք քո ցնդած արարքները երջանիկ սերունդներին ներկայացնելու համար։ Ոչ, չի գտնվի։ Ուստի, ես լռում եմ… Ես լռեցի։ Ես արդեն լուռ եմ։

Սանչոն վարագույրի ետևից քարշ տալով բերում է ոտիցգլուխ թրջված Դոն Կիխոտին։

ՍԱՆՉՈ — Վատ եք պարում, տեր իմ, շատ վատ։ Բոլոր ասպետներն էլ գարշելի պարողներ են եղել։ (Սրբիչով խնամքով չորացնում է Դոն Կիխոտի մազերը։)

Վարագույրի բացվածքում Քահանան ու Սափրիչն են։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Սա՛նչո։

«ՍԱՆՉՈ» — Հը՛…

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Ասա անկեղծ, երբևէ կարդացե՞լ ես, որ որևէ ասպետ ինձնից ավելի խիզախ լինի, ծեծ ուտելիս՝ ավելի համառ, թամբից գլորվելիս՝ ավելի ճկուն։

«ՍԱՆՉՈ» — Չեմ կարդացել, որովհետև կարդալ չգիտեմ։ Տե՛ր իմ…

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Հը՞… ասա…

«ՍԱՆՉՈ» — Պարզվում է, որ այդ հսկաները գինու տկեր են եղել։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Ձայնդ կտրիր։

«ՍԱՆՉՈ» — Երդվում եմ, մինչև հիմա էլ հատակը գինու մեջ կորած է։

«ԴՈՆ ԿԻԽՈՏ» — Թող թուրք սուլթանը արշավի գա իր ողջ ահռելի ուժով, ինչ ինձ է վերաբերում, ապա՝ աստված ինձ հասկանում է։

ՍԱՆՉՈ — (սրբիչը փաթաթում է Դոն Կիխոտի գլխին)։ Աստված քեզ օգնական, թափառական ասպետության ծաղիկ, սերուցք, քափ… Թող քեզ հաղթություն առաքի բարձրյալը, քանզի դու կռվում ես արդար գործի համար։

Բեմում Դոն Կիխոտն է, գլուխը՝ սրբիչով փաթաթած։ Բեմառաջ են գալիս Քահանան ու Սափրիչը, ուշադիր նայում են դեպի հանդիսասրահ։ Լույսը դանդաղ մարում է, վարագույրը՝ փակվում։

ՔԱՀԱՆԱ — Ես եմ։ Մենք ենք…

 

 

ՄԱՍ ԵՐԿՐՈՐԴ

Վարագույրը բացվում է։ Բեմառաջին Քահանան ու Սափրիչն են։

ՍԱՓՐԻՉ — Ձեր աչքով չի՞ ընկել մի խենթ հիդալգո… հոգնեցի, շարունակիր։

ՔԱՀԱՆԱ — Մենք նրա բարեկամներն ենք։ Դոն Կիխոտին իր իսկ հորինած աղետներից փրկելու համար շատ կարևոր է, որ նա մեզ չճանաչի։ Ուստի, համոզիչ ձայնով խնդրում ենք… (Նկատելով գետնին ընկած պարկը։) Դա ի՞նչ կապոց է։

ՍԱՓՐԻՉ — Կապոց չէ։

ՔԱՀԱՆԱ — Թե՞ պարկ է։

ՍԱՓՐԻՉ — Պարկ է։

ՔԱՀԱՆԱ — Չվիճենք, եթե սա նրա կապոցն է, ուրեմն նա այս կողմերում է։

ՍԱՓՐԻՉ — Անտարակույս։

ՔԱՀԱՆԱ — Անտարակույս՝ ի՞նչ…

ՍԱՓՐԻՉ — Անտարակույս… կապոց է, այսինքն՝ պարկ է։

ՔԱՀԱՆԱ — (պարկից գրքեր հանելով)։ Ամեն ինչի մեղավորը այս նզովյալ գրքերն են։ Թող անիծվեն էլի ու էլի, մի անգամ ևս… շարունակիր։

ՍԱՓՐԻՉ — Նորից ու նորից անիծվեն այս գրքերը, որ կործանեցին Լամանչի ամենաբանական գլուխը։

ՔԱՀԱՆԱ — (պարկից մի փալաս է հանել)։ Ահա՛։

ՍԱՓՐԻՉ — Ի՞նչ։

ՔԱՀԱՆԱ — Թամբ։

ՍԱՓՐԻՉ — Թա՞մբ։

ՔԱՀԱՆԱ — Թե՞ փալան է։

ՍԱՓՐԻՉ — Թե՞ թամբ է։

ՔԱՀԱՆԱ – Հիմա սա փալա՞ն է, թե՞ թամբ:

ՍԱՓՐԻՉ — Անտարակույս…

ՔԱՀԱՆԱ — Անտարակույս՝ ի՞նչ։

ՍԱՓՐԻՉ — Անտարակույս… փալան է։

ՔԱՀԱՆԱ — Թամբ է։

ՍԱՓՐԻՉ — Այսինքն՝ թամբ է։

ՔԱՀԱՆԱ — Թե՞ փալան է։

ՍԱՓՐԻՉ — Ինձ թվում է, որ սա ոչ թե որձ էշի փալան է, այլ էգ էշի փալան է։

ՔԱՀԱՆԱ — Պետք չէ շտապել… Գնանք…

ՍԱՓՐԻՉ — Այո, շտապենք։ (Գնում են։) Ի վերջո, մենք օրինավոր…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — (Սանչոյին փնտրելով)։ Սանչո, որտե՞ղ ես։ Իմ պատճառով դու էլ գժի անուն հանեցիր… Ներիր, իմ շատակեր բարեկամ, այսպես երկար չի կարող շարունակվել… Հավատում եմ, որ հաղթողը մենք ենք լինելու։ Սանչո, վեր կաց, այդքան չեն քնի։

ՍԱՆՉՈ — (քնաթաթախ ներս գալով)։ Բա՞ն էիք ասում, տեր իմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, ես մտածում էի երեկվա քո կերած ծեծի մասին։ Ցավիդ պատճառն, անշուշտ, հետևյալն է. մահակը, որով քեզ ծեծում էին, հաստ էր ու երկար։ Եվ ես հակված եմ այն կարծիքին, իմ հավատարիմ Սանչո, որ եթե այն ավելի հաստ ու երկար լիներ… և ավելի մեծ թափով խփեին, ապա ցավն, անշուշտ, ավելի ուժգին կլիներ։

ՍԱՆՉՈ — Տեր, ողորմեա, ուրիշ ասելիք չունե՞ք։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Վերջապես հասավ այն օրը, Սանչո, երբ իմ բազկի զորությունը կանմահացնի նաև քո անունը։ Տեսնո՞ւմ ես փոշու այն ամպը, որ մեր կողմն է սողում։

ՍԱՆՉՈ — Չէ, չեմ տեսնում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դու սխալվում ես, Սանչո, դա փոշու ամպ չէ, այլ՝ թշնամու զորք, որ ամենավտանգավորն է երբևէ եղածներից։ Այնտեղ են հավաքվել բոլոր ստորաքարշ սրիկաները, բոլոր նրանք, ովքեր երանավետ կյանք են քարոզում՝ միաժամանակ ոտնակոխ անելով բոլոր սրբությունները։

ՍԱՆՉՈ – Ինչե՞ր եք խոսում, տեր իմ, ես ոչինչ չեմ տեսնում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Իզուր, Սանչո… շատ իզուր։ Դե լավ, ի՞նչ արած, քնենք։ Քնենք, ու թող գեղեցիկ երազները ազնվացնեն մեր ճնշված ու տառապյալ հոգիները… Հը՞, ի՞նչ ես մտածում։

ՍԱՆՉՈ — Մի պահ ձեր աչքերը այնքան նման էին իմ հանգուցյալ ավանակի մեղք աչքերին։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, բարեկամս, օրեցօր դու իմաստնանում ես։

ՍԱՆՉՈ — Չի կարող պատահել, որ ձերդ ողորմածության իմաստությունից մի բան ինձ բաժին չհասնի։ Ուզում եմ ասել, որ ձեր արտահայտած մտքերը այն գոմաղբն է, որ ընկնելով իմ չոր բանականության անպտուղ հողի վրա՝ շուտով այնպիսի օրհնված պտուղներ կտա, որոնք վայել կլինեն բարեկրթության այն արահետին, որ անց է կացրել ձերդ իմաստախոհությունը իմ բանականության խանձված դաշտի միջով։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — (հռհռում է)։ Դե լավ, Սանչո, էլ մի քնիր, արդեն լույսը բացվում է։

Գունեղ լուսավորություն։ Սիրո երաժշտական թախծոտ թեման։ Մտնում է Ալդոնսան՝ լվացքի տաշտակը ձեռքին։ Նրա հետ են դիմակավորված Քահանան ու Սափրիչը։

ՔԱՀԱՆԱ — Օ՜, Դուլսինեա, պայծառ լույս իմ մթամած գիշերում, ահա քո առջև ծնկի է իջել քո կուրացնող գեղեցկությունից ցնորված թափառական ասպետը։

ԴՈՒՔՍ — Իսկ հիմա, ողորմած պարոնայք, ձեր պարկեշտ հայացքն ուղղեք այս կողմ։ Ահա նա կանգնած է ձեր առջև՝ որպես առաքինության անմեղանչ մատյան…

ՔԱՀԱՆԱ — Եվ բնավ կույր չէ։

ՍԱՓՐԻՉ — Եվ ոչ էլ՝ կաղ։

ՍՊԱՍՈՒՀԻ — Այլ՝ վայելչագեղ, որպես վաղնջական արշալույս։

ԴՈՒՔՍ — Նրա մազերը…

ՔԱՀԱՆԱ — Ոսկի են։

ԴՈՒՔՍ — Ատամնե՞րը…

ՍԱՓՐԻՉ — Մարգարիտ։

ԴՈՒՔՍ — Ականջնե՞րը…

ՍՊԱՍՈՒՀԻ — Առագաստ։

ԴՈՒՔՍ — Ձեռքե՞րը…

ՔԱՀԱՆԱ — Փղոսկր։

ԴՈՒՔՍ — Կո՞ւրծքը…

ՍԱՓՐԻՉ — Մարմար։

ԴՈՒՔՍ — Ճակա՞տը…

ՍՊԱՍՈՒՀԻ — Բետոն։

ԴՈՒՔՍ — Դեմքը՝ Ելիսեյան դաշտ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Օ՜, երկինք, այդ նա է։ Տիրուհի՛ս։

ԱԼԴՈՆՍԱ — (Դոն Կիխոտին)։ Դու ո՞վ ես։ (Դոն Կիխոտը փորձում է համբուրել նրա ձեռքը։) Այդ ի՞նչ եք անում, սենյոր, թողեք ձեռքս։ Ես համեստ աղջիկ եմ, ինձ չի սազում նման բաներ իմանալ։ (Նկատում է Սանչոյին։) Սա՞ ով է։

ՍԱՆՉՈ — Սանչոն եմ։ Հորս անունն էլ է Սանչո, պապուս անունն էլ, տղայիս անունն էլ, կնկաս անունը… Թերեսա է, ես օրինավոր ամուսին եմ։

ԱԼԴՈՆՍԱ — Գլուխս տարար… էս ցնդա՞ծն ով է։

ՍԱՆՉՈ — Դոն Կիխոտը։

ԱԼԴՈՆՍԱ — Ո՞վ…

ՍԱՆՉՈ — Օ՜, Դուլսինեա, գեղեցկության թագուհի…

ԱԼԴՈՆՍԱ — Իմ անունը Ալդոնսա է։

ՍԱՆՉՈ — Մի խանգարիր։ Թող ձերդ բարեգթությունը բարեհաճ ընդունի ձեզնով գերված ու ցնորված թափառական ասպետին։ Ահա նա ծնկի է իջել ձեր առջև՝ որպես մարմարե սյուն՝ շշմած ձեր տեսքի առջև։ Ես նրա զինակիր Սանչո Պանսան եմ, իսկ նա՝ մշտաշրջիկ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցին։

ԱԼԴՈՆՍԱ — Բան չհասկացա։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Տիրուհիս, ես, իրոք, համրացել եմ քո գեղեցկության առջև։ Օ՜, երկինք, փրկիր ինձ այս երջանկությունից։

ԱԼԴՈՆՍԱ — Պարոնը այնքան գեղեցիկ է խոսում, որ ոչինչ չեմ հասկանում։

ՍԱՆՉՈ — Նա ձեզ սեր է խոստովանում, տիրուհիս։

ԱԼԴՈՆՍԱ — Շատ պե՛տքս է։ Մեկ էլ ինձ տիրուհի ես ասել, գլուխդ կջարդեմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Տիրուհիս, աղաչում եմ, ներիր ինձ և զինակրիս անխոհեմ վարքի համար, քանզի տեսնում ես, թե որքան հնազանդորեն է պաշտում քեզ իմ թշվառ հոգին։

ԱԼԴՈՆՍԱ — Գնամ… Գնամ լվացքս փռեմ։

ՍԱՆՉՈ — Օ՜, Տոբոսի գերագույն տիրակալ, մի՞թե ձեր վեհանձն սիրտը չի մեղմանում՝ տեսնելով, թե ինչպես է ձեր առջև ավերակվել թափառական ասպետության այս շքեղ հաստատությունն ու շինությունը։

ԱԼԴՈՆՍԱ – Ապո՛ւշ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դուլսինե՜ա…

ԱԼԴՈՆՍԱ — Իմ անունը Ալդոնսա է։ Ես իսկապե՞ս գեղեցիկ եմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դուք աստվածուհի եք, տիկին։

ԱԼԴՈՆՍԱ — Ստում եք։

ՍԱՆՉՈ — Տեղից թող վեր չկենա, թե սուտ է ասում։ Ես սրան լավ եմ ճանաչում։ Թեկուզ ողջ աշխարհը պնդի, որ դուք այլանդակ եք, սրա համար դա նշանակություն չունի։

ԱԼԴՈՆՍԱ — (Դոն Կիխոտին)։ Ո՞վ է այդ Դուլսինեան, ինչո՞ւ ես ինձ այդ անունով կոչում։

Դոն Կիխոտի մենախոսության ընթացքում պարոդիա ներկայացնող դերակատարները վարագույրի ճեղքերից Ալդոնսայի շուրջ ներկայացնում են մի սրտաճմլիկ կոմպոզիցիա, ուր Ալդոնսան ներկայանում է որպես լուսապսակը գլխին էժանագին սրբապատկեր։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դուլսինեան մարդկության երազանքն է և փրկությունը։ Դա այն կինն է, որի մասին թաքուն երազում է ամեն տղամարդ։ Նրա սիրուց ծաղկում են ձիթենիները, մեռնում են ճայերը…

ՔԱՀԱՆԱ — Սատկում են ճանճերը։

ՍՊԱՍՈՒՀԻ — Պարարտանում կրտած խոզերը։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Մեր երակներում նվվում են անցյալի բոլոր աստվածները։

ՍԱՓՐԻՉ — Մեր փորում գռռում են բոլոր աստվածուհիները…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Եթե միայն այս մեղավոր աշխարհը բաց աներ իր կույր աչքերը և, սիրահարվելով քեզ, մաքրվեր, ազնվանար…

ԱԼԴՈՆՍԱ — Օ՜, իմ միակ սրտի հերթական տիրակալ… Եթե կարողանայի իմ բազմաչարչար կրծքից հանել այն և սկուտեղի վրա մատուցել ձերդ վավաշոտությանը, ապա կազատեի իմ կարկամ լեզուն փոխադարձ կրքի ամոթխած բարբառումից… (Փռթկոց, ծիծաղի պայթյուն։) Իսկ հիմա ճամփիցս մի կողմ քաշվիր ու գնա կնկանդ փեշի տակ տանձ փնտրելու…

Ծիծաղ, պար-պարոդիա։ Դոն Կիխոտ-Սանչո երկխոսության ընթացքում բեմը դատարկվում է։

ՍԱՆՉՈ — Տեր իմ, մի հուզվեք, նա չէր ուզում ձեզ վիրավորել, ես կնիկներին լավ եմ ճանաչում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ոչ թե կնիկներին, այլ՝ կանանց։

ՍԱՆՉՈ — Խնդրում եմ ինձ չուղղել։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Քեզ ի՞նչ եղավ։

ՍԱՆՉՈ — Եթե չեք հասկանում, ասեք՝ Սանչո, անասուն, հաստագլուխ, և այլն, և այլն… Բայց սովորեցնել չհամարձակվե՛ք։ (Խեղճանալով։) Ներեցեք, խնդրում եմ… Միայն պոչն է պակաս, որ ես ավանակ կոչվեմ։ Կպցրեք այն, ու ես կսկսեմ զռռալ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Հանգստացիր, Սանչո։

ՍԱՆՉՈ — Իսկ այդ Դուլսինեա կոչվածը թող իրեն շատ չերևակայի։ Եթե չպատասխանի՝ ինչպես հարկն է, ապա, երդվում եմ, էնպիսի շան ջարդ կտամ, որ իմ իշուն նորին գերազանցություն կանվանի։ Ես պակաս գիժը չեմ։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Շտապիր, Սանչո, հեռանանք այս նզովյալ դղյակից, և որքան հնարավոր է՝ շուտ։

ՍԱՆՉՈ — Այ, դա սրտովս է։ Ինչպես անգլիացիներն են ասում. «Մեզ մոտ՝ Ֆրանսիայում էլ վատ հաց չեն թխում», իսկ «Սուրբ Պետրոսը իրեն լավ է զգում Հռոմում»… Կամ էլ թե՝ «Հենց որ ասին՝ ռադդ քաշիր ու կնկանս մի դիպչիր, պատասխան մի տա»…

Դոն Կիխոտը դուրս է եկել։ Բեմում Սանչոն է՝ լուռ

ՍՊԱՍՈՒՀԻ — Երկու խոսք Ռոսինանտի և Սանչոյի ավանակի մեծ, բացառիկ բարեկամության մասին։ Սակայն այս հերոսական պատմությանը վայել պատշաճությանը պատշաճ մակարդակի պահելու համար մեր պատշաճ պատումի մեջ այդ մասին չենք հիշատակի։ Թեև, կարող էինք հաշվի չնստել մեր պարկեշտ որոշման հետ և անպարկեշտորեն տեղեկացնել, որ երբ ավանակն ու ձին մնում էին մենակ, նրանք սկսում էին ջանասիրաբար իրար քորել։ Եվ ապա հոգնած ու գոհացած Ռոսինանտը իր վայելչագեղ գլուխը դնում էր ավանակի խոնարհ վզին և թախծոտ ու մտախոհ հայացքն ուղղում անվախճան հեռուները։ Շտապիր, Սանչո… (Անհետանում է։)

ՍԱՆՉՈ — (ինքն իրեն)։ Ասա ինձ, եղբայր Սանչո, ի՞նչ ես մտածում, գնում ես, արդյոք, կորած ավանա՞կդ փնտրելու… Ախ, իմ անփառունակ էշ, էշ… Քո ի՞նչ մեղքն էր սիրահարների գժությունը… Քանզի աստծուն հաճո է, որ քո տերը ես լինեմ։ Ես, որ բնավ սիրահարված չեմ։ Սիրահարվելը մեծ դժբախտություն է։ Դրանից կարելի է ստամոքսի խանգարում ստանալ։

Վարագույրի բացվածքում՝ հայտնվող և անհետացող կերպարներ։

ԴՈՒՔՍ — Շտապիր, Սանչո, ծաղիկ ու հայելի բոլոր զինակիրների։

ՔԱՀԱՆԱ — Անզուգական երազանք հեծնվել կամեցող բոլոր ավանակների… Շարունակիր։

ՍԱՓՐԻՉ — …Բոլոր ավանակների՝ անկախ տարիքից…

ՍՊԱՍՈՒՀԻ — …սեռից, գույնից, քաղաքական համոզմունքներից։

ԴՈՒՔՍ — Շտապիր կատարել քո նվիրական պարտքը։

Բեմում որոշ ժամանակ վեր ընկած Սանչոն է։ Հայտնվում են զգեստափոխված Քահանան ու Սափրիչը։

ՔԱՀԱՆԱ — Ներող եղեք: Այս կողմերում չե՞ք հանդիպել… Շարունակիր։

ՍԱՓՐԻՉ — Փոս ընկած այտերով…

ՔԱՀԱՆԱ — Փոս ընկած այտերով…

ՍԱՓՐԻՉ — Շատ փոս ընկած այտերով…

ՔԱՀԱՆԱ — Շատ-շատ փոս ընկած այտերով…

ՍԱՓՐԻՉ — Այնքան փոս ընկած այտերով, որ նրանք ներսից ասես իրար համբուրեն…

ՔԱՀԱՆԱ — Ներեցեք…

ՍԱՓՐԻՉ — Ներեցեք։

Հեռանում են։ Հայտնվում է Ալդոնսան։ Լուռ նայում է Սանչոյին։

ՍԱՆՉՈ — Հը՞… Ի՞նչ ես նայում։ (Հորանջում է։)

ԱԼԴՈՆՍԱ — Չհամարձակվես իմ ներկայությամբ հորանջել։

ՍԱՆՉՈ — Չգոռաս, ես քո երեխան չեմ։

ԱԼԴՈՆՍԱ — Չքվիր աչքիցս։

ՍԱՆՉՈ — (լուռ ենթարկվում է, կես ճանապարհին կանգ է առնում)։ Իմ տերը խնդրեց, որ…

ԱԼԴՈՆՍԱ — Ի՞նչ…

ՍԱՆՉՈ — Քեզ ինչ-որ բան պիտի ասեի, բայց թե՝ ի՞նչ…

ԱԼԴՈՆՍԱ — Ի՞նչ…

ՍԱՆՉՈ — Ոչ մի կերպ չեմ կարողանում մտաբերել… Սկիզբը որ հիշեմ…

Լռություն։

ԱԼԴՈՆՍԱ — Դե՞…

ՍԱՆՉՈ — Մի խանգարիր… Օ՜… օ՜… բարձր, հսկա տիրուհիս… Հոգիս, կյանքս, աչքիս լույս…

ԱԼԴՈՆՍԱ — (թերահավատ)։ Հետո՞…

ՍԱՆՉՈ — Հենց էդպես էլ սկսվում էր… հետո ինչ-որ հիվանդության մասին էր ասում… ինչ-որ խոցոտվածը, անքունը… սովածը համբուրում է քո… քղանցքը։

ԱԼԴՈՆՍԱ — Ի՞նչը…

ՍԱՆՉՈ — Հա, իսկ վերջում՝ «Մնաս բարով, կսպասեմ քեզ գերեզմանի մոտ»։

ԱԼԴՈՆՍԱ — Ի՞նչ գերեզման։

ՍԱՆՉՈ — Ինչ-որ աստվածուհու գերեզման էր… շատ լավ, սիրուն գերեզման։

ԱԼԴՈՆՍԱ — Քո տերը կապելու գիժ է։

ՍԱՆՉՈ — Նա քեզ շատ է սիրում, տիրուհիս։

ԱԼԴՈՆՍԱ — Ստում ես։

ՍԱՆՉՈ — Թուրք դառնամ, թե սուտ եմ ասում։ Խաչը վկա։

ԱԼԴՈՆՍԱ — Միևնույն է, չեմ հավատա:

ՍԱՆՉՈ — Մատդ դիր բերանս, տես՝ կկծե՞մ, թե՞ չէ։

ԱԼԴՈՆՍԱ — (ծիծաղելով)։ Աննորմալ։

ՍԱՆՉՈ — Հա, հիշեցի. «Թող երկինքը ների ինձ անպարկեշտ հանդգնության համար»։

ԱԼԴՈՆՍԱ — Ի՞նչ հանդգնություն։

ՍԱՆՉՈ — Նա քեզնից նվեր է ուզում։

ԱԼԴՈՆՍԱ — Նվե՞ր։

ՍԱՆՉՈ — Դե, հիշատակ։ Սովորական թանկարժեք մի բան։

ԱԼԴՈՆՍԱ — Չքվիր։

ՍԱՆՉՈ — Ոչ մի քայլ չեմ անի։ Ես Պանսաների համառ ցեղից եմ, տեղիցս վեր չեմ կենա, մինչև նվեր չստանամ։ Ես էդպիսին եմ։

Ալդոնսան հարձակվում է, Սանչոն փախչում է, Ալդոնսան՝ ետևից։ Բեմը որոշ ժամանակ դատարկ է։ Գալիս է Դոն Կիխոտը, հետո լաց լինելով հայտնվում է Սանչոն։ Լուռ են։ Երաժշտություն… Հայտնվում է Դուքսը՝ կորդեբալետով։

ԴՈՒՔՍ — Բարի գալուստ մեր դղյակը, ով դոնկիխոտագույնը բոլոր լամանչեցիներից։ Սանչո, մեզ մենակ թող։

ՍԱՆՉՈ — Աշխարհի երեսին ավելի քաղցր բան չկա, քան հրամայելը։

ԴՈՒՔՍ — Օ՜, թույլերի մխիթարություն, ընկնողների նեցուկ, ընկածների պաշտպան, որբերի հովանի, կույսերի փորձություն, այրի կանանց հույս ու ապավեն, գավազան ու բերկրանք բոլոր թշվառների… Սանչո, մեզ մենակ թող։

ՍԱՆՉՈ — Կրկնում եմ. իշխելը միշտ հաճելի է, թեկուզ ոչխարների վրա։

ԴՈՒՔՍ — Սանչո, մեզ մենակ թող։

ՍԱՆՉՈ — Հասկացա։ (Գնում է։)

ԴՈՒՔՍ – Ո՛վ դու թափառական ասպետության ճշգրիտ ու վավերական մարմնացում, արդարության հայելի, փարոս, ուղեցույց աստղ և կողմնացույց։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Ձեր գովեստներով դուք չափն անցաք։

ԴՈՒՔՍ — Այո, իհարկե, ես համեստ մարդ եմ, համեստ, հեզ, հլու, հնազանդ, հանդուրժող… Նստեք, խնդրեմ, և զգացեք ձեզ, ինչպես հավասարը հավասարի հետ… Իմ դղյակում դուք կարող եք օգտվել բոլոր շնորհներից, բացի աթոռից… Ես լսել եմ, որ դուք բնածին արհամարհանք ունեք աթոռների նկատմամբ։ Ես ձեզ լիովին հասկանում եմ։ Իմիջիայլոց, ես էլ ժամանակին ասպետական կյանք եմ վարել։ Թափառել աշխարհով մեկ, այսպես ասած, զանազան օյիններ սարքել, ապրել ուրիշների հաշվին, վիրավորել որբևայրի կանանց, խաբել մանկահասակներին ու ծերերին, զբաղվել անառակությամբ… Մի խոսքով, անուն հանել պատվարժան վերնախավում։ Ի վերջո, շնորհիվ վերը նշված արժանիքների, որոշեցի դուքս դառնալ և առաջնորդել անարժան մահկանացուների կույր ամբոխը։ Անցնենք բուն նյութին։ Սենյոր ասպետ, այնքան էլ լավ բան չէ, երբ իմ դղյակում ձեզ ցույց տված շնորհներից օգտվելուց հետո սիրտ արեցիք գողանալ սպասուհուս գուլպայի կապիչները։ Դա ստոր արարք է և վկայում է, որ դուք չար սիրտ ունեք… Դոն չորացած տառեխ, չուգունե հոգի, պղնձե լյարդ, կաղնե սիրտ… Հաճելի էր ձեզ հետ շփվել։ Զրույցն անցավ ջերմ, բարեկամական մթնոլորտում։ Հարգանքներիս հավաստիքը։

Մթություն։ Լույսի հայելային անդրադարձումներ։ Քահանան ու Սափրիչը՝ ասպետական հանդերձանքով։

ՔԱՀԱՆԱ – Ո՛վ փառապանծ ասպետ Դոն Կիխոտ Լամանչեցի… Մենք հայելիների ասպետներն ենք, որոնց փառքից թնդում է բովանդակ Լամանչը։ Եկել ենք քեզ հետ մենամարտելու…

ՍԱՓՐԻՉ — Մեր տիկնայք, ովքեր էլ նրանք լինեն, անհամեմատ գեղեցիկ են քո Դուլսինեա Տոբոսցուց։

ՔԱՀԱՆԱ — Հասկացիր վերջապես, մոլորյալ արարած, որքա՞ն կարելի է աչքերը փակ ապրել։ Նայիր շուրջդ, կիսախելագար, կյանքը ճանաչիր իրական գույներով։ Թո՛ղ այդ հիմարությունները, որ մթագնում են բանականությունը։

ՍԱՓՐԻՉ — (թուրը Դոն Կիխոտի կրծքին դնելով)։ Դուք պարտված եք, սենյոր, և իսկույն կմեռնեք, եթե չխոստովանեք այն, ինչ ձեզնից պահանջվում է։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Դուլսինեա Տոբոսցին աշխարհի ամենագեղեցիկ կինն է, իսկ ես՝ ամենադժբախտ ասպետը բովանդակ տիեզերքում։ Խրեք ձեր սրերը, ես արժանի եմ մահվան։

ՔԱՀԱՆԱ — Այդ բանը մենք չենք անի, որովհետև սա կատակ էր… (Դիմակը հանելով։) Այս ես եմ, քո բարեկամ քահանան։

ՍԱՓՐԻՉ — Իսկ ես սափրիչն եմ…

Ծափեր, լույս, բեմում՝ տապալված Դոն Կիխոտն է։ Մտնում է Սանչոն։

ՍԱՆՉՈ — Տեր իմ, վա՞տ եք զգում։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, ես պարտվեցի։ Թող երկինքը իր նզովքը թափի քո տարաբախտ տիրոջ գլխին։

ՍԱՆՉՈ — Սենյոր, մի տխրեք, խնդրում եմ։ Թող գրողի ծոցը կորչեն աշխարհի բոլոր Դուլսինեաները։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Շնորհավորեք ինձ, բարի սենյորներ, ես այլևս Դոն Կիխոտը չեմ, այլ Ալոնսո Կիխանան։ Հիմա ես իրերին նայում եմ զգաստ աչքերով և դատապարտում անցյալի իմ անհեթեթ մտքերն ու վարքը։

ՍԱՆՉՈ — Ուշքի եկեք, սենյոր, առանց գժության դուք կյանք չունեք։ Ինքներդ էիք ասում, որ երազանքով չապրող մարդը անասուն է։

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Սանչո, մի աղմկիր։

Ուրախ, տոնական մթնոլորտ, թեթև պարային երաժշտություն։ Սանչոյի մենախոսության ընթացքում ազատվելով Դոն Կիխոտի հանդերձանքից՝ մեր առջև նորից հայտնվում է Ռոսինանտը։

ՍԱՆՉՈ — Տեր իմ, ինձ լսեք, աղաչում եմ, թքեք ամեն ինչի վրա, գնանք սարերը, զբաղվենք խաշնարածությամբ։ Դուք կկոչվեք հովիվ Կիխոտիո, ես՝ հովիվ Պանսինո, իսկ աղջիկս՝ Սանչիկը, դաշտում մեզ նախաճաշ կբերի… Հը՞, սենյոր…

ԴՈՆ ԿԻԽՈՏ — Այստեղ է իմ Տրոյան։ Այստեղ չար բախտը խլեց նախկինում վաստակած իմ փառքը… Այստեղ իր մահկանացուն կնքեց թափառական ասպետության սրբազան ուխտը։

ՍԱՆՉՈ — Տեր իմ, մի մեռեք, խնդրում եմ, լսեք իմ խորհուրդը։ Մեծագույն խելագարություն է մեռնել, երբ քեզ սպանող չկա։

Ծափերի և ոգևորության ուղեկցությամբ Ռոսինանտը նորից բազմում է անկողնուն։ Սանչոն հավաքում է ասպետական հանդերձանքը, տեղավորում պարկի մեջ։

ՍԱՆՉՈ — Ստոր, վատածին մարդիկ, դուք արժանի չեք, որ երկինքը, որի գույնը, Աստված վկա, մոռացել եք, մատչելի դարձնի ձեզ ասպետության վեհությունը, հասկանալի դարձնի ձեր կույր մտքին անգիտության մեղքը։ (Ինքն էլ է մտնում պարկի մեջ։)

ՌՈՍԻՆԱՆՏ — …Լուրջ, լրջախոհ, լրջամիտ, լրջմիտ, լրջաթույր, լրջահայաց… Անհնար և անհարիր է հավակնել մի քանի խոսքով ներկայացնել իմ լրջագույն ավանդը, լուման, ներդրումը համաշխարհային մտքի անդաստանում։ Թերևս, ինձ թույլ տամ որպես դարակազմիկ մտքի հուսահատ ճիչ և հուսադրող աղաղակ ներկայացնել իմ վերջին՝ «Ամբոխավարություն և անկանխատեսելի հետևանքներ» հիմնարար տրակտատը, ուր քաղաքական մտքի սթափ վերլուծությամբ ի մի են բերված քաղաքացիական հասարակության մեջ արմատացած կործանարար մոլորությունները առ այն, երբ փորձ է արվում իրար հաշտեցնել այնպիսի անհաշտ, իրարամերժ, հակասական, հակադիր, հակոտնյա… անտագոնիստական հասկացություններ, ինչպիսիք են՝ «ընտանիք» և «բարոյականություն», «ժողովուրդ» և «ժողովրդավարություն», «ազգ» և «ազգային գաղափարախոսություն»։ Մի այլ ուշագրավ աշխատության մեջ, գիտության վերջին նվաճումների կուրացուցիչ լույսի տակ ես հանգամանորեն թվարկում եմ իմ տեսած բոլոր անդրավարտիքները՝ իրենց գույնով, չափով, էմոցիոնալ ներգործության ուժով, ֆիզիկական և բարոյական մաշվածությամբ։ Ներկա պահին իմ անսանձ միտքը ջանում է լրացնել և արժևորել մարդկության կողմից աչքաթող արված այնպիսի մի կարևոր իրողություն, թե ով է առաջինը գլուխը քորել… Անձամբ ես առաջ եմ քաշում խիստ համարձակ մի վարկած, ըստ որի՝ դա մեր նախահայր Ադամն է եղել։ Նա շատ յուրօրինակ մարդ էր։ Շատ լուրջ աշխատություն է… լրջախոհ, լրջմիտ, լրջահայաց, պատկառելի, պատկառազդու, ակնառու, կարկառուն… (Խրխինջ։) Բարի գիշեր։

ԴՈՒՔՍ — Բարի գիշեր… Քնեք, պարոններ։ Քնելուց լավ բան չկա։ Քնած ժամանակ բոլորը հավասար են՝ թագավոր ու հովիվ, իմաստուն ու հիմար։ Քանի դեռ մարդ քնած է, նա չգիտի, թե ի՛նչ է արդարությունը, հավատը, հույսն ու հուսախաբությունը։ Երազի մեջ մարդուն երազներ պետք չեն։ Քնեք, պարոններ, քունը լուծում է բոլոր հարցերը։ Բարի գիշեր։

ՍԱՆՉՈ — (գլուխը պարկից հանելով)։ Բարի գիշեր։ Միայն մի բան ինձ դուր չի գալիս։ Ասում են՝ այն նման է մահվան, և քնածի ու մեռածի միջև տարբերությունը մեծ չէ։ Բարի գիշեր։ (Նորից մտնում է պարկի մեջ։)

ՔԱՀԱՆԱ — (Դոն Կիխոտի դիմակով)։ «Քնածի ու մեռածի միջև տարբերությունը մեծ չէ»։ Իսկ հիմա, ողորմած պարոններ, որպես մեր արժանավայել խաղի զավեշտական ապոֆեոզ, ի նշան անխոհեմ վարքի ու խոհեմ տառապանքի՝ ես կպատառոտեմ իմ շորերը, զենք ու զրահս դես ու դեն կշպրտեմ, գլուխս կխփեմ քարերին։

ՍԱՆՉՈ — (պարկից գլուխը հանելով)։ Ի սեր Աստծո, գլուխը քարին մեղմ խփեք, գուցե գտնվեն այնպիսի քարեր, որոնք ձեր գլխից ամուր դուրս գան։

Թափվում են Սանչոյի գլխին, խցկում պարկի մեջ, պարկի բերանը կապում, իջեցնում բեմի տակ։

ԴՈՒՔՍ — Այստեղ, նույն այս պահին ես ակամայից ընդհատում եմ և միանշանակ հայտարարում, որ մենք բնավ հակված չենք Սանչոյի տեսակետին, միաժամանակ հայտնելով մեր օրինական կարծիքը, ըստ որի՝ գլուխը քարին խփելը պետք է արտոնված լինի, ինչպես նաև՝ ուժգին, ինքնամոռաց, կամովին և առանց կեղծիքի։ Շնորհակալություն։

 

Վարագույրը հապշտապ փակվում է։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։