ԹԱՏԵՐԱԿԱՆ ՊԱՐԱՊՈՒՐԴ. Անուշ Ասլիբեկյան
Տարիներ առաջ էր: Բեմադրվել էր պիեսներիցս մեկը, որը բարեհաճ ընդունելության արժանացավ հանդիսատեսի և թատերական քննադատների կողմից: Ինչ-որ չափով, ներքուստ զարմացած էի, ներկայացումը, այո, «ստացվել էր», բայց թե որքանո՞վ էր հարազատ մնացել իմ ասելիքին… Բայց իմ Առաջին պրեմիերայից հետո (որը շա՛տ ավելի տարիներ առաջ էր) ինքս ինձ խոստացել էի՝ երբեք հրապարակավ դժգոհություն չհայտնել, որովհետև ես իմն արել եմ գրասեղանի առաջ, սպիտակ թղթին հանձնելով իմ ասելիքը, իսկ թատրոնում՝ բեմում նրանից ներկայացում արարողները պիտի իրե՛նց ասելիքն ասեն:
Ինչ որ է, այդ համընդհանուր հաջողության մթնոլորտում պատահաբար տեղեկանում եմ, որ «ինչ-որ ուսանողուհի անցել է գրածիդ ու ներկայացվածի վրայով»:
Այդ պահից միակ խնդիրս այդ ուսանողուհուն գտնելն էր. գործի դրեցի «անթել հեռախոսն» ու… Այսօրվա պես եմ հիշում. աշխատասենյակիս դուռը կամա՜ց բացվեց ու մի փխրուն, սիրունիկ աչոն կամա՜ց հարցրեց. «Կարելի՞ է»: Հետո պիտի Անուշիկը խոստովաներ, որ ամեն ինչի պատրաստ էր, բայց ոչ այդպիսի բուռն ու հիացած ընդունելության:
Այդ օրվանից տարիներ… շա՛տ տարիներ են անցել, որպես խմբագիր «Գրական թերթում» տպագրել եմ նրա պատմվածքները, մասնագիտական հոդվածները, «Դրամատուրգիայում»՝ պիեսները, անկեղծ ծափահարել եմ նրա պրեմիերաներին՝ դառնալով Անուշ Ասլիբեկյանի ստեղծագործական վերընթացի վկան, բայց մեկ էլ տեսար, բացվում է հիշողությանս դուռը, ու մի փխրուն, սիրունիկ աչոն ներս է գալիս՝ իր տարիքին անհարիր մասնագիտական անկաշառությամբ հիացնելու ինձ…
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ — Թատերական ի՞նչ իրավիճակի հետ կհամեմատեք այս օրերը:
Անուշ Ասլիբեկյան- Թատրոնում կա «աֆեկտիվ գործողություն» հասկացությունը, երբ առանց առարկաների դերասանը խաղի մեջ է մտնում երևակայական, ենթադրվող իրի կամ խաղընկերոջ հետ: Թվում է՝ դասավանդում ենք, հանդիպում ենք, աշխատում ենք, բայց առանց մարդկային իրական շփման այս ամենն ավելի շուտ «աֆեկտիվ գործողություն» է, քան կյանք:
Կ. Խ. — Եթե հնարավորություն լիներ, այսօր ի՞նչ կբեմադրեիք:
Ա. Ա. — Գուցե՝ մի նոր «Ռոմեո և Ջուլիետ», որի հերոսները հայտնվել են մեր օրերում, արտակարգ իրավիճակում, պարտադրված՝ վիրտուալ տարածքում… Պատկերացնո՞ւմ եք, երևակայության խաղի համար որքան հորիզոններ են բացվում գրողի առջև: Ավաղ, գրել չեմ հասցնում:
Կ. Խ. — Եթե գաղտնիք չէ, գոնե հպանցիկ կբացահայտե՞ք Ձեր օրվա ժամանակացույցը:
Ա. Ա. — Առավոտյան հեռավար ուսուցում 2-րդ դասարանցի որդուս հետ, զուգահեռ՝ երրորդ դասարան եմ «փոխադրվում» դստերս հետ, ապա տնային դասապատրաստում, վազք երրորդ փոքրիկիս ետևից, ինչ-որ մի ժամի՝ լեկցիա եմ պատրաստում իմ ուսանողների համար: Սակայն ամենահաճելին ընտանեկան «արարողակարգերն» են, որոնք իրականացնում եմ տարբեր ժամերի անընդմեջ:
Կ. Խ. — Ինչո՞վ եք լցնում այս օրերի պարապուրդը:
Ա. Ա. — Համացանցը բուն իմաստով տնից հետո մեր երկրորդ իրականությունն է դարձել, զուգահեռ ապրում եմ այնտեղ՝ մերթ նորությունները բաց չթողնելու համար, մյուս աչքով առցանց ներկայացումներին ենք հետևում, երբեմն՝ ճանաչողական հաղորդումներ և ֆիլմեր ենք դիտում: Ու միևնույն է, ժամանակը չի հերիքում ամեն պլանավորածը ավարտին հասցնելու համար: