Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ /«ՈՉԽԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ»

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ «ՈՉԽԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թ.թ., թիվ 4-5-ում

 

 

Յոթանասուն տարի հայ թատրոնը սովետական թատրոնի նմանակողը եղավ թե՛ գեղարվեստական ձևի, թե՛ գաղափարային իմաստով։ Մենք չունեինք մեր ազգային պետությունը, որ բեմում արծարծեինք մեր ժողովրդի ազգային շահերն ու ձգտումները։ Պատմական ճշմարտությունն անտեսված էր և մեր թատերգությունը հիմնականում օտարոտի գաղափարների քարոզչի դերն էր ստանձնել։

Այսօր, երբ լավից-վատից ունենք մեր պետությունը, ես կասեի՝ դեռ չկայացած վիճակում, պետության կայացման հետ, համոզված եմ, կստեղծվի նաև Հայոց մշակույթի ժառանգականությունից սերված ազգային թատերգության ֆենոմենը։ Ինչպես Կոստան Զարյանը կասեր. «Անցյալին նայելը ծուլություն է», և ժամանակակից հայ թատերագիրը պարտավոր է միայն ու միայն գալիքին նայել, ստեղծել 21-րդ դարի հնչերանգով ու շնչառությամբ երկեր, որպեսզի հիմնավորապես բեմերից վտարվեն համակարգիչներով նմանակողների ցածրաճաշակ շոուները և արևելյան խայտաբղետությամբ պճնված «ռաբիս» աքաղաղների ծեքծեքումները։

Գևորգ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

 

ՈՉԽԱՐԻ ԱՂԲՅՈՒՐԸ

Գործող անձինք

ԳԱՌՆԻԿ ՉՈԲԱՆՅԱՆ – տնօրեն

ԱՌԼԵՏԱ ՊՈՊՈԶՅԱՆ – դաշնամուրի դասատու

ԼՈՐԻՏԱ ՎԱԿՈՒՄՅԱՆ – դաշնամուրի դասատու

ԻՆԴՐԱ ՓՈՒՉԻԿՅԱՆ – դաշնամուրի դասատու

ԳՐՈՂ — դասատու

ՎԱՐԴՈՒՀԻ Գառնիկի կինը

ՄԱՐԻ – Գառնիկի դուստրը

ԱԼԲԵՐՏ – Գառնիկի որդին

ՌԱՄԶԵՍ – Լորիտայի ամուսինը

ԱՍՅԱ – հավաքարար, պահակ

ԱՆԿԱ – գործավար, գրադարանավարուհի

ԻՍՐԱՅԵԼ ՍԱԴԱՅԵԼՅԱՆ – նոր տնօրեն

ՈՍՏԻԿԱՆ

ԱՆԳԼԻԱՑԻ ԼՐԱԳՐՈՂ

Ասում են՝ դեպքը կատարվել է մեր օրերում, և ցավալին այն է, որ շարունակում է կատարվել:

 

ԱՌԱՋԻՆ ՄԱՍ

ԱՌԱՋԻՆ ՊԱՏԿԵՐ

Գառնիկ Չոբանյանը իր առանձնասենյակում է։ Նախասրահում հայտնվում է Ասյան՝ ավելը ձեռքին։ Մտնում է առանձնասենյակ, քիչ անց դուրս նետվում սարսափահար։

ԱՍՅԱ — Օգնեցե՜ք… օգնեցե՜ք… ո՞վ կա, օգնեցե՜ք… (Փլվում է բազմոցին։) Անխիղճներ, անաստվածներ, այդ ի՞նչ եք արել… իրեն չխղճացիք, ընտանիքը խղճայիք։ Այս ի՞նչ դարի հասանք, մարդկանց գլուխն են արդեն գողանում։ Ի՞նչ անեմ, հիվանդանո՞ց, թե՞ ոստիկանատուն զանգեմ, գուցե գլուխը գտնեն ու ետ բերեն… Իսկ գուցե ի՞նքը չէր, աչքի՞ս երևաց… Ներս մտնե՞մ… բա որ հանկարծ հարձակվի վրա՞ս։ Ինչ ուզում է՝ լինի… (Բացում է դուռը, ավելի ուժգին ճչոցով ընկրկում, նորից ընկնում է բազմոցին։) Ա՜յ քեզ բան… ոչխարի գլխի հետ են փոխել… Այդ գլխով ո՞նց է հիմնարկ ղեկավարելու…

Գալիս է Անկան՝ լրագրերը ձեռքին։

ԱՆԿԱ – Ասյա, քեզ ի՞նչ է պատահել։

ԱՍՅԱ — (իրեն հավաքելով)։ Ես գործ չունեմ, ես գործ չունեմ… (Դուրս է փախչում։)

ԱՆԿԱ — Այս ի՞նչ է, բոլորն են գժվել։ Բա էս մե՞կը… (Խոսուն հայացք է նետում առանձնասենյակի կողմը։) Ամեն օր լրագրերն է պահանջում, բայց մի օր չտեսա, որ դրանք կարդա։ Ու հետո, ես գործավա՞ր եմ, թե՞ հաստիքով լրտես։ Ինձ ասում է՝ «Անկա, այն գրողին հետևիր, տես, իմ մասին ի՞նչ է խոսում»։ Իսկ եթե այսօր նորից ինձ ասի՝ «Անկա, քեզ տեսնելիս կինս թշնամիս է դառնում»՝ թերթերը նետելու եմ դեմքին։ (Վճռական ներս է մտնում, դուրս նետվում՝ առանց թերթերի։) Ո՞վ էր այդ անգլուխը… Ինչո՞ւ էր բազմել տնօրենի աթոռին, հետն էլ ոչխարի մայուն էր արձակում։

Գալիս է Լորիտան։

ԼՈՐԻՏԱ — Անկա, աչքերդ շաղվա՜ծ են… Երևում է, Ռուսաստան փախած ամուսնուցդ նամակ ես ստացել։ Քեզ մի տանջիր, ջահել ես, գեղեցիկ։ Աշխարհում ինչքան ուզես՝ տղամարդ…

ԱՆԿԱ — Շնորհակալ եմ, խորհուրդներովդ կապրեմ… (Մեկուսի։) Անամո՛թ։

ԼՈՐԻՏԱ — Շեֆը տեղո՞ւմ է։

ԱՆԿԱ — Ո՞վ… երևի… ես գործ չունեմ… (Տարօրինակ շարժումներով դուրս է գնում։) ԼՈՐԻՏԱ — Դրա՜ն տեսեք, պլեբե՛յկա… (Ներս է մտնում ու սարսափած դուրս թռչում:) Օ՜յ, մամա՜, մամոչկա՜… Ռամզես, որտե՞ղ ես… Տնօրենին փոխել են։ Էդ… էդ անխիղճ գրողի ձեռքի գործն է։ Նա էր շարունակ ասում՝ «Անգլուխ տնօրեն մեզ պետք չէ՜-է՜»։ Այս ի՞նչ փոր­ձանք բերեց խեղճ Չոբանյանի գլխին… Թեև սարսափում եմ, բայց մեկ անգամ էլ տեսնեմ, որ համոզվեմ… (Բացում է դուռն ու շատ չան­ցած՝ փակում։) Նա՛է, մեր դժբախտ Գառնիկը։ Շորերը, բաճկոնը, ամեն ինչ իրենն է, միայն գլուխը… գլուխը իրենը չի՜… Բա գրողն էլ այդ­քան դաժան կլինի՞, ասաց ու ասածն արեց։ Բայց էս ամենի հետ ես գործ չունեմ, ոչ տեսել եմ, ոչ՝ լսել։ (Գնում է։)

Հակառակ կողմից գալիս են Ինդրան և Առլետան։

ԱՌԼԵՏԱ — Մեր նախկին տնօրենը գետաձի էր, ինձ տեսնելիս երախը հո չէ՜ր բացում…

ԻՆԴՐԱ — Կերա՞վ։

ԱՌԼԵՏԱ — Ա՜յդ էր պակաս… գետաձիու մակարդակի՞ն պիտի իջնեի։

ԻՆԴՐԱ — Եվ ամեն անգամ քեզ տեսնելիս ու­զում էր ուտե՞լ…

ԱՌԼԵՏԱ — Որտեղ հանդիպեր՝ աչքերը չռում էր վրաս… հինգ րոպե ուշացումի համար էլ այնպես էր մռնչում, լեզուն դուրս գցում ու…

ԻՆԴՐԱ — Mamma mia!

ԱՌԼԵՏԱ — Իսկ մեր Գառնիկի գլխին էլ նստես, չի ասի՝ աթոռին նստիր։

ԻՆԴՐԱ — Ուշքս գնում է տղամարդու գլխին նստելու համար։

ԱՌԼԵՏԱ — Իմացա՞ր, էդ գրողը բողոք է գրել մեր Չոբանյանի դեմ։ Նա մեզ երաժիշտ չի համարում, ասում է՝ երեխա ենք փչացնում։ Կարծես կոնսերվատորիա ավարտած մայրաքաղաքայինները մոցարտներ ու չայկովսկիներ են…

ԻՆԴՐԱ — Երևակայում է, պիսատե՛լ…

ԱՌԼԵՏԱ — Եթե խմբերգայինն եմ ավարտել, ուրեմն դաշնամուրի դասեր տալու իրավունք չունե՞մ։

ԻՆԴՐԱ — Պեդա՛նտ, սովետից մնացած պսիխոլոգիա…

ԱՌԼԵՏԱ — Իսկ մեր Չոբանյանից դաշնա­մուրի, ջութակի, ինչի դաս ուզես՝ խնդրեմ։ Հա, հիշեցի, երեկ այդ գրողն ինձ ասաց՝ ձեր մասին պիես եմ գրում։ Իսկ ի՞նչ է վերնագիրը՝ հարց­րի։ Ասաց՝ «Ոչխարի աղբյուր»։ Հասկացա, թե ում նկատի ուներ։ «Իսկ ի՞նչ էիք գրում դրա­նից առաջ»,– հարցնում եմ նրան։ «Շունը դեզի վրա»,– ասում է։ Հասկացա՞ր, թե ո՛վ է շունը։ Իսկ դրանից առաջ՝ «Պարտիզպանի շունը»…

ԻՆԴՐԱ — Խեղճ Չոբանյան…

ԱՌԼԵՏԱ — Գրել է «Պարերի ուսուցիչը»։ Մեր ժողովրդական պարերի դասատու Սերժիկին նկատի ունի, նրան էլ ջանգյուլումի մասնա­գետ է անվանում։ Պիեսների անունները թվեցի Չոբանյանի մոտ, լսեց ու ասաց՝ «Ես դրան ոչ­խար ցույց կտամ, մեր ազգային պարերին դեմ է, հա՞…»։ (Մոտեցող մեքենայի աղմուկ։) Հեր­կուլեսս եկավ, գնամ… (Դուրս է վազում։)

ԻՆԴՐԱ — Սպասիր, ես մենակ նրա մոտ մտնողը չեմ։ (Հետևում է նրան։)

Առանձնասենյակում արթնանում է քնած Գառնիկը։

ԳԱՌՆԻԿ — Անկան այսօրվա թերթերը բերել է… «Հայաստանի հանրապետություն»։ Տնօ­րեն դառնալուց հետո այս թերթը աչքիս լույսն է դարձել։ Իսկ սա՞ ինչ թերթ է, անուն էլ չունի… բայց հետաքրքիր նյութեր կան… «Բազազ Արտեմը չարչիների շուկայում»… պա՛հ, սա՞ ինչ է. «Սիգա ձուկը բողոքում է իր ճակատագրից»… Ի՞նչ… ի՞նչ… «Արտակարգ դեպք երաժշտա­կան դպրոցո՞ւմ»… Վերջը այդ գրողն իր սև գործն արեց։ Հոդվածի տակ ազգանունն էլ չի ստորագրել… Տեսնես ի՞նչ է զառանցել… (Կարդում է։) «Երկու օր առաջ անհայտ չա­րագործները ներխուժել են երաժշտական դպրոց և առևանգել Գառնիկ Չոբանյանի գլու­խը»։ (Վախվորած՝ գլուխն է շոշափում։) Բանսարկուներ, ինչպե՛ս չեք ամաչում։ Ահա, գլուխս իր տեղում է, ուսերիս վրա… (Շարունա­կում է կարդալ։) «Մի քանի հայտնի ֆիրմաներ գլուխը գտնողին խոստանում են դրամական մեծ պարգև»։ (Շպրտում է թերթը։) Անամոթ­ներ, ընչաքաղցներ, եկեք, այստեղ է այդ ար­ժեքավոր գլուխը…

Հեռախոսազանգ։ Վերց­նում է լսափողը։

ՁԱՅՆ — Չոբանյանին եմ խնդրում։

ԳԱՌՆԻԿ — Լսում եմ ձեզ։

ՁԱՅՆ — Ողջույն, եղբայր պատվական, շնոր­հավորում եմ, դու էլ ազատվեցիր ծանր տան­ջանքից։ Եթե տոկոսի տակ էիր՝ միանգամից պրծար։ Ոչխար պատվական, միայն զգուշա­ցիր սոված հասարակությունից։ Ժողովրդի մեծ մասը երկու ամիսը մեկ հազիվ է միս ուտում։ Որ ոչխար են դարձրել, ուրեմն ուտելու են…

ԳԱՌՆԻԿ — Ինչպե՞ս չեք ամաչում։ (Լսափո­ղը կախում է։) Այս զանգն էլ այդ անիծյալ գրո­ղի սարքածը կլինի… (Կրկին հեռախոսա­զանգ։) Եզան համառություն ունի, հիմա այն­պես շշպռեմ, որ իր ընկեր ավանակներին ուրիշ տեղ որոնի… (Վերցնում է լսափողը։) Հասկա­ցեք, ես զռռոց լսելու տրամադրություն չունեմ։

ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ — Ի՞նչ կխոսիք, պարոն… կ՛աղաչեմ, մեծահոգի ըլլաք։ Պստիկ հարցում մը պիտի ընեմ։ Բեյրութէն կհեռաձայնեմ։ Ատիկա ինչպե՞ս պատահեցաւ, դո՞ւք ցանկացաք, թե՞ բռնի պարտադրեցին ձեզի…

ԳԱՌՆԻԿ — Ինչի՞ մասին է խոսքը, տիկին։

ՁԱՅՆ – Որո՞ւ հետ կխոսիմ… Ան ոչխար մարդու հասցեն չէ՞ աս։

ԳԱՌՆԻԿ — Ոչ, տիկին, դուք բորենու բնակարան եք ընկել, որը ձեր փափուկ մարմինը խժռելու ախորժակ ունի։ Եթե ցանկանում եք, ես սպասում եմ, համեցեք… (Կախում է լսափողը։) Սպասիր, պարոն գրող, ես քեզ ոչխար ցույց կտամ… (Հեռախոսազանգ։) Ի՞նչ են ուզում ինձնից այդ անիծվածները։ (Կատաղած վերցնում է լսափողը։)

ՏՂԱՄԱՐԴՈՒ ՁԱՅՆ – Ալո, Գառնիկ Չոբան յա՞նն է։

ԳԱՌՆԻԿ – Այո։

ՁԱՅՆ — Վայ ես քու հոգուն մեռնեմ, չոբան ախպեր։ Բա ասում են՝ ոչխար ես դարձել… մարդու նման ես խոսում…

ԳԱՌՆԻԿ — Ինչե՞ր եք դուրս տալիս…

ՁԱՅՆ – Մենակ ես ե՞մ ասում… ուրեմն ռադիոն ու հեռուստատեսությունը բամբասո՞ւմ են։

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ հեռուստատեսություն, ի՞նչ ռադիո…

ՁԱՅՆ — Ախպեր, ինչ դիլխոր բան ըլնի՝ մեր հայի հե՞տ պիտի ըլնի…

ԳԱՌՆԻԿ – Նա ողջ է, մեռած չէ…

ՁԱՅՆ — Մեռներ՝ ավելի լավ չէ՞ր։ Էս պայմաններում գլուխներս էստեղ-էնտեղ ենք խփում, որ մի կտոր հաց ճարենք, նա առանց գլխի ի՞նչ պիտի անի…

ԳԱՌՆԻԿ — Լսեք, այդ թերթը սկզբից մինչև վերջ թյուրիմացություն է։

ՁԱՅՆ — Արմենիկումից հետո երկրորդ ցնցող դեպքն է արձանագրվում Հայաստանում։ Առանց վիրահատության անհետանում է մեր հայրենակցի գլուխը, տեղը ինչ-որ կենդանու կարկաճ է դրվում։ Էս մեծ աշխարհում հենց քե՞զ տեսան… (Հեռախոսն անջատվում է։)

ԳԱՌՆԻԿ — Ծանոթ ձայն էր… Եթե ռադիոն, հեռուստատեսությունն ու թերթերը հայտարարում են, որ գլուխդ ոչխարի է, ո՞վ կհավատա, որ քո գլուխն իսկականն է, կեղծված չէ… Այս ի՞նչ փորձանք էր… (Ներքին հեռախոսակապով։) Անկա, անմիջապես բարձրացիր ինձ մոտ։

Գալիս է Անկան՝ սարսափից հազիվ է ոտքի կանգնում։

ԱՆԿԱ — Ի՞նչ ես ուզում ինձնից, ոչ տեսել եմ, ոչ լսել…

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ է պատահել, Անկա։

ԱՆԿԱ — Շատ էլ՝ ամուսինս Ռուսաստան է չքվել, բայց ես երկու զավակ ունեմ։ Նրանցից բացի ոչինչ չեմ տեսնում։

ԳԱՌՆԻԿ — Քեզ ո՞վ ասաց՝ ուրիշ բան տես… Լավ, լավ, գնա, Լորիտային կանչիր։

ԱՆԿԱ — Նա տուն գնաց։

ԳԱՌՆԻԿ — Ասյային ասա, թող ինձ սուրճ բերի։

ԱՆԿԱ — Սրանից հետո թող նա սուրճ բերի, հետո՝ նա ամուսին չունի…

ԳԱՌՆԻԿ — Ինչե՞ր ես զառանցում։ Անկա, գնա՛… (Անկան գնում է։) Ոչինչ չեմ հասկանում, բոլորը գժվել են։

Գալիս են Ինդրան ու Առլետան։

ԻՆԴՐԱ — (տեսնելով Գառնիկին)։ Օյ, մամա, լյուդայե՜դ… (Փախչում է։)

ԱՌԼԵՏԱ — Շունը… շունը… շունը դեզի վրա… պարտիզպանի շունը… մորուքավորի վերջին պիեսը՝ «Ոչխարի աղբյուրը»… ո՞վ ես դու… չմոտենա՛ս… (Սարսափած փլվում է բազմոցին։)

ԳԱՌՆԻԿ — Օրիորդ Առլետա, ուշքի եկ, Գառնիկն եմ՝ Չոբանյանը…

ԱՌԼԵՏԱ — Ոչ, դու Գառնիկը չես… չմոտենա՛ս ինձ… Եթե Գառնիկն ես ու շատ ես ցանկանում, կհանվեմ, միայն այս անգամ ամեն ինչ թող հեռվից լինի…

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ ես զառանցում, Առլետա…

ԱՌԼԵՏԱ — Ինչը բնական է՝ մարդկային է, բայց դու՝ դու չես… Միայն ձայնդ է մնացել։ Ամեն անգամ մինչև նվեր չտայիր՝ գիրկդ չէիր առնի… Քաղաքակիրթ ջենտլմեն էիր…

ԳԱՌՆԻԿ — Ուշքի արի, ինչե՞ր ես խոսում… (Մոտենում, բոնում է թևը։)

ԱՌԼԵՏԱ — Չի լինի, չի՛ լինի, ես ոչխարի տրվել չեմ կարող… Ո՞վ է այս ոչխարագլուխը… (Դուրս է նետվում։)

ԳԱՌՆԻԿ — Ինչպե՞ս կարողացավ այսքանին իմ դեմ հանել, հիպնոսացրե՞լ է, ինչ է… (Գլխահակ նստում է։)

 

Նախասրահի բազմոցին նստած Առլետային է մոտենում Լորիտան։

ԼՈՐԻՏԱ — Առլետա, դեղին մումիա ես դարձել, ի՞նչ է պատահել։

ԱՌԼԵՏԱ – Չմոտենա՛ս, թո՛ղ… չհանե՛ս շորերս…

ԼՈՐԻՏԱ — Առլետա, ուշքի արի…

ԱՌԼԵՏԱ — Ձեռքերդ քե՛զ քաշիր… մարմինս մրմռում է… այդ ի՞նչ ես անում… բա որ ոչխարի գլխով երեխա ծնվի՞…

ԼՈՐԻՏԱ — Այդ ես եմ՝ Լորիտան։

ԱՌԼԵՏԱ – Թո՛ղ, թո՛ղ ինձ… (Մի կերպ ոտքի է կանգնում ու դուրս նետվում։)

ԼՈՐԻՏԱ — Նա միշտ էլ տառապել է զգեստներ հանելու հիվանդությամբ։ Մեկ-մեկ իմն էլ էր հանում, բայց այն ժամանակ ոչխար չէր… Էհ, բոլոր տղամարդիկ էլ նույնն են։ Հենց իմ Ռամզեսը՝ կնոջ փեշ տեսնելուց ուշաթափվում է… (Հայտնվում է Ասյան։) Ասյա մորաքույր, չգիտե՞ս, ինչու է ինձ կանչել…

ԱՍՅԱ — Կարոտած կլինի, մտիր, տե՛ս, ինչ է ասում։

ԼՈՐԻՏԱ — Ասում են՝ կին տեսնելիս մայում ու հարձակվում է վրան։

ԱՍՅԱ — Ինչքան էլ հարձակվի՝ ոչխարն ի՞նչ կարող է անել մարդուն։ Էհ, ես քաղցից մեռնում եմ, դու ինչից ես խոսում։ Յոթ ամիս է՝ աշխատավարձ չի տալիս։ Երեկ հացավաճառն ասաց՝ Ասյա, վաղվանից պարտքով հաց չեմ տա։

ԼՈՐԻՏԱ — Ինչ ունեինք-չունեինք՝ վաճառեցինք։ Ռամզեսն էլ մատը մատին չի խփում, բայց ուտելուց ոչ մեկին հերթ չի տալիս։

ԱՍՅԱ – Ի՜նչ սոսկալի բան է քաղցը։

ԼՈՐԻՏԱ — Գառնիկը երևի սովից գլուխը կորցրեց։

ԱՍՅԱ — Առաջինը ես նրան տեսա։ Վախից քիչ մնաց՝ լեղապատառ լինեի։ Հիմա այնքան սոված եմ, որ ոչնչից չեմ վախենում… Առաջ ով Հայաստանը թողնում՝ արտասահման էր փախչում, մեղադրում էի, հիմա ձեռքս հնար լիներ, ես էլ կփախչեի։ Ցանկացած պաշտոնյայի ձեռքն ինչ ընկնի՝ լափում է, մեր ոչխարագլուխը քեզ օրինակ։

ԼՈՐԻՏԱ — Վախենում եմ ներս մտնել, բա որ հանկարծ ինձ էլ ուտի՞։

ԱՍՅԱ — Հենց ձայնդ լսեմ, օգնության կգամ։

ԼՈՐԻՏԱ — (դուռը բացելով)։ Պա… պա… պարոն Չոբանյան, ինձ կանչե՞լ եք։

ԳԱՌՆԻԿ — Լորիտա, ո՞ւր էիր… Դու քո ուսերին գլուխ ունե՞ս, թե՞ չէ… Մտածիր, նոր պատասխանիր։

ԼՈՐԻՏԱ — Չունեմ, չունեմ, վաղուց անգլուխ եմ… Ձեզ նայեք, ինձ խղճացեք։

ԳԱՌՆԻԿ — Հիմարություններ ես դուրս տալիս։

ԼՈՐԻՏԱ — Ձեր գեղեցիկ գլուխը չկա, ինչ-որ մազափունջ եմ տեսնում…

ԳԱՌՆԻԿ — Այսօր բոլորդ եք որոշել ինձ կատաղեցնել…

ԼՈՐԻՏԱ — Երբ Ռամզեսս սկսում է կատաղել՝ ակնթարթում պատռում է հագուստս… Ես ինքս կհանվեմ, շորերս չպատռես։ (Սկսում է արագ հանվել։)

ԳԱՌՆԻԿ — Այս ի՞նչ է կատարվում, բոլորն են խելագարվել։

ԼՈՐԻՏԱ – Մռնչա՛, շարունակիր մռնչալ…

ԳԱՌՆԻԿ — Տիկին Լորիտա, հագնվեք։

ԼՈՐԻՏԱ — Ուրեմն, դուք ուզում եք ինձ ուտել… Օգնեցե՜ք, օգնեցե՜ք…

Ներս է խուժում Ռամզեսը։

ՌԱՄԶԵՍ — Սա՞ ինչ է…

ԼՈՐԻՏԱ — Փրկարար ամուսինս, նա ինձ ուզում էր ուտել…

ՌԱՄԶԵՍ — Գլուխ արդեն չունես, ոտքերդ ու ձեռքերդ էլ ես կպոկեմ… (Գառնիկին շպրտում է մի կողմ, նա ընկնում է հատակին։)

ԳԱՌՆԻԿ — Ես մեղք չունեմ, ազնիվ խոսք, ես ոչ մռնչացի, ոչ էլ կատաղությունից ոռնացի…

ՌԱՄԶԵՍ — Ուրեմն, գործը մռնչալուն ու ոռնալո՞ւն էր հասել…

ԼՈՐԻՏԱ — Ռամզես, մի հավատա, նա կատաղած մռնչում ու ոռնում էր։ (Դուրս է փախչում։)

ՌԱՄԶԵՍ — Եթե պարզվի, որ մռնչացել ես, պարոն ոչխար, մարմնիդ մնացած մասերն էլ կձևախեղեմ։ (Վերցնում է Լորիտայի հագուստն ու գնում։)

ԳԱՌՆԻԿ — Արդեն պարզ է՝ բոլորը լարվել են իմ դեմ… Ովքե՞ր և ինչո՞ւ են ընկել իմ ետևից… Այդ գրողը կարծում է, ես եմ դպրոցը ղեկավարում ու գլուխ չունեմ։ Միամի՜տ, այսօր ով գլուխ ունի՝ կտրում են, վերացնում, լավագույն դեպքում փոխում են ոչխարի կամ ավանակի գլխով։

Գալիս է Ասյան։

ԱՍՅԱ — Պարոն տնօրեն, ինձ չի հետաքրքրում՝ դու գլուխ ունե՞ս, թե՞ չունես։ Լորիտան էլ չեմ, որ շորերս հանես։ Իմ բաժին աղքատավարձը տուր, որ սովի մատնված թոռնիկիս մի կտոր հաց գնեմ։

ԳԱՌՆԻԿ — Քո ապստամբության հերթն էլ եկավ, տիկին Ասյա։

ԱՍՅԱ — Եթե հացի փող չտաս, քո ոչխարային մռութն ավելի հարմար կենդանու մռութով կփոխարինեմ։

ԳԱՌՆԻԿ — Հեռացիր, գնա, գանձապահից վերցրու։

ԱՍՅԱ – Եթե չտվեց, իմացիր, քեզ ավանակ եմ դարձնելու։ (Գնում է։)

ԳԱՌՆԻԿ — Ավերված, անտեր պետության մեջ, որտեղ ոչ մի օրենք չի գործում, մի՞թե գրողի խոսքը այդքան ուժ ունի… (Հեռախոսազանգ։) Սկսվե՜ց… Վախենում եմ լսափողը վերցնել… Բայց ճար չունեմ… Ալո, պարոն, իմ գլուխն իր տեղում է, դուք ձեր գլխի մասին մտածեք։ Հարյուր հիսուն հազար դոլար եք գնահատո՞ւմ… իմ երեսուն հազար դրամանոց գլո՞ւխը… Ի՞նչ… որդիս համաձայնվե՞լ է։ Մնում է իմ համաձայնությո՞ւնը… Ստո՛ւմ եք։ Որդուս համաձայնագի՞րն ունեք… (Լսափողն ընկնում է ձեռքից։) Ուրեմն, այլևս իմ գլխի տերը չե՞մ…

Գլուխը դնում է սեղանին, նույն պահին լսվում է ոչխարների ու գառների մայուն-մկկոց, բայց գլուխը սեղանից բարձրացնելուն պես աղմուկը կտրվում է։ Սարսափած նայում է շուրջը։

 

ԵՐԿՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Սենյակ դպրոցում։ Չոբանյանը սև ակնոցով է, լայնեզր գլխարկով, փարթամ բեղ-մորուքով՝ ծպտվել ու ներկայացել է որպես քննիչ։

ԳԱՌՆԻԿ — Մի քանի օր առաջ գլուխն առևանգեցին, իսկ երեկ երեկոյան՝ մնացածը։ Ո՞վ է այդ անհեթեթ հոդվածի հեղինակը։ Ո՞վ է կանգնած այս խայտառակ արկածախնդրության ետևում։ Հետաքննությունը շատ բան կպարզի… (Դուռը թակում են։) Մտեք։ (Հայտնվում է Ինդրան։) Համեցեք, նստեք։ Ներկայացեք, խնդրեմ։

ԻՆԴՐԱ — Ինդրա Փուչիկյան, պիանիստկա։

ԳԱՌՆԻԿ — Դուք դպրոցո՞ւմ եք եղել, երբ առևանգեցին ձեր տնօրենի գլուխը։

ԻՆԴՐԱ — Կանեչնո։

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ լեզվով եք դասավանդում։

ԻՆԴՐԱ — Մուզիկայի լեզուն մեժդունարոդնի է, լիտերատուրայի մեծ մասը՝ իտալյանսկի է, Վերդի, մնացածը՝ նեմեցկի, Բախ։

ԳԱՌՆԻԿ — Իսկ հայերեն ու ռուսերեն երաժշտական գրականություն չունե՞նք։

ԻՆԴՐԱ — Ա կակ ժե, Չայկովսկին, գենոցիդի ժերտվա Կոմիտասը…

ԳԱՌՆԻԿ — Ուրեմն, ասում եք, որ այդ օրը դպրոցում եք եղել։ Ի՞նչ հանգամանքներում տեսաք տնօրենին։

ԻՆԴՐԱ — Ոչխարային գլխի հանգամանքներում…

ԳԱՌՆԻԿ — Տիկին Ինդրա, իսկ գուցե դա երազո՞ւմ եք տեսել։

ԻՆԴՐԱ — Ես դեռ ամուսնացած չեմ։

ԳԱՌՆԻԿ — Օրիորդ Ինդրա, եթե գլուխ չուներ, ինչպե՞ս էր խոսում։

ԻՆԴՐԱ — Ոչխարի գլխով։

ԳԱՌՆԻԿ — (ակամա ձեռքը տանում է գլխին, շոշափում)։ Դուք ազատ եք։

ԻՆԴՐԱ — Ագրոմնի շնորհակալություն… (Գնում է։)

ԳԱՌՆԻԿ — Ի՜նչ հաճույքով այս քաղքենի տիկինախառն օրիորդին հոգեբուժարան կուղարկեի։

Գալիս է Անկան։

ԱՆԿԱ — Բարև ձեզ, պարոն քննիչ, կանչել եք՝ եկել եմ։ (Նստում է։)

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ գիտեք ձեր տնօրենի մասին։

ԱՆԿՍ — Բա էդ անմեղ ոչխարի գլուխն ափսոս չէ՞ր։ Փոխում էին՝ միանգամից իրեն հարմար գլուխ տային, պրծնեին։ Բոլորիս աշխատավարձը լափել է, նրան խոզի գլուխ կսազեր…

ԳԱՌՆԻԿ — (ձևանալով)։ Ի՞նչ ես ասում, վա՛յ, ես դրա…

ԱՆԿԱ — Պարոն քննիչ, տեսե՞լ եք, թե վայրի խոզը լափելուց հետո ինչպես է թավալվում ցեխի մեջ։ Կերել է, հիմա էլ ցեխն է ընկել։

ԳԱՌՆԻԿ — Փորձեք հարգալից խոսել, վերջապես նա ձեր տնօրենն է եղել։

ԱՆԿԱ — Հարգալից մարդ լիներ՝ ոչխար չէին դարձնի։

ԳԱՌՆԻԿ — Պարզ է, դուք ազատ եք, տիկին Անկա։

ԱՆԿԱ — Երանի բոլոր գռփողների վերջն այսպես ավարտվեր… (Գնում է։)

ԳԱՌՆԻԿ — Այդ գրողի մեջ գերբնական ուժ կա, նա է ղեկավարում սրանց։

Գալիս է Առլետան։

ԱՌԼԵՏԱ — Բարև ձեզ, պարոն քննիչ, ես Առլետա Պոպոզյանն եմ, անգլուխ տնօրենի գործով եմ այստեղ։ Անչափ հաճելի է ձեր նման երիտասարդ քննիչի կողմից քննվելը։

ԳԱՌՆԻԿ — Շնորհակալություն, նստեք։

ԱՌԼԵՏԱ — Դուք այնքան հաճելի քննիչ եք, որ որտեղ կամենաք՝ այնտեղ էլ կնստեմ։ ԳԱՌՆԻԿ — Պատմեք, ի՞նչ գիտեք Չոբանյանի մասին։

ԱՌԼԵՏԱ — Դուք կարդացե՞լ եք «Անգլուխ ձիավորը»։

ԳԱՌՆԻԿ — Կարծեմ… վաղուց։ Արդեն մոռացել եմ։

ԱՌԼԵՏԱ — Իսկ ես տեսել եմ… Երջանիկ ականատեսներից մեկն եմ և արդեն Իտալիայից, Անգլիայից, Հոնկոնգից ժամանած լրագրողներին հարցազրույց եմ տվել…

ԳԱՌՆԻԿ — Դո՞ւք…

ԱՌԼԵ ՏԱ — Իհարկե, ես… Մեր Չոբանյանը դարձավ համաշխարհային հանրության ապրանք։ Ինձ համար պարծանք է, որ նրան տեսել եմ մարդկային գլուխը կորցրած վիճակում, ոչխարի գանգը ուսերին։ Շուտով կսկսեն ուսումնասիրել նրա կյանքի հետ կապված ամեն մի մանրուք։

ԳԱՌՆԻԿ — Հուսով եք, որ տնօրենի գլխի շնորհիվ դուք էլ հայտնի կդառնաք։

ԱՌԼԵՏԱ — Իհարկե։ Դուք էլ հայտնի մարդ եք, չէ՞ որ ձեզ է վստահված նրա գործը։ Չէ՞ որ նա անհետացել է։ Ինչ է, Գառնիկի գլխի նման թանկ ապրանքը հե՞շտ էր սահմանն անցկացնելը։

ԳԱՌՆԻԿ — Իսկ գուցե նա թաքնվե՞լ է՝ հասարակության ուշադրությունն իր վրայից շեղելու համար։

ԱՌԼԵՏԱ — Դժվար… Մեր Գառնիկը մի քանի օրում դարձավ համաշխարհային հեղինակության։ Ու դա դեռ սկիզբն է…

ԳԱՌՆԻԿ — Ի՞նչ հարաբերություններ են եղել ձեր միջև։

ԱՌԼԵՏԱ — Թեև շատ անձնական հարց է, բայց կասեմ… Նա իմ նկատմամբ անտարբեր չէր։ Չկարծեք՝ նրա համար խելքս գնում էր։ Պարզապես բոլոր կանայք էլ չեմպիոնի հոգեբանություն ունեն՝ ես ուզում էի, որ նա միայն իմ շուրջը պտտվի։

ԳԱՌՆԻԿ — Եվ պտտվում էր…

ԱՌԼԵՏԱ — Հոլի պես… Երբ առաջին անգամ ինձ տեսավ, ասաց՝ ճահճի մեջ ընկած գեղեցիկ ծաղիկ, պետք է ճահճի միջից հանեմ քեզ ու հոգուս ծաղկամանի մեջ տեղադրեմ։ Նա այնպես ինձ վարժեցրեց, որ հենց արթնանում՝ իսկույն ճահիճն էի նետվում, որ նա գրկեր ու տաներ իր ծաղկամանի մեջ…

ԳԱՌՆԻԿ — Եվ չէ՞ր հոգնում։

ԱՌԼԵՏԱ – Երբե՛ք։ Մեզ խոստովանություն-պայմանագիր էր կապում՝ մեկ դրույքը նվիրվում էր կանացի գեղեցկությանս։ Երկրորդ լրիվ դրույքը ամենօրյա մեր հանդիպումների համար էր, կես դրույքն էլ՝ դաշնամուրային դասերի համար։ Երկուսուկես դրույքով ծանրաբեռնված՝ կատարում էի իմ բոլոր պարտականությունները։

ԳԱՌՆԻԿ — Եվ այդ ամենի մասին խոսում եք բարձրաձա՞յն։

ԱՌԼԵՏԱ — Նա արդեն համաշխարհային հռչակ ունի, այս թանկ հուշերը պատմության սեփականությունը չդարձնելը հանցանք է։

ԳԱՌՆԻԿ — Խոսենք գործի մասին։

ԱՌԼԵՏԱ — Խոսենք։ Մեր դպրոցում մի գրող ունենք, մորուքը՝ մինչև ծնկները։ Ասում են՝ նա է տնօրենի գլուխը փոխել։

ԳԱՌՆԻԿ — Ո՞վ է ասում, պաշտոնական հաղորդագրություն կա՞։

ԱՌԼԵՏԱ — Չոբանյանի գլուխը դեռ չէր առևանգված, երբ նա ասաց՝ «Ոչխարի աղբյուրը» անունով պիես եմ գրում տնօրենի մասին։

ԳԱՌՆԻԿ — Սպասեք, սպասեք, այդ բոլորը նա՞ է ձեզ ասել։

ԱՌԼԵՏԱ — Իհարկե… Ես վերևներին էլ եմ հայտնել։ Հոնկոնգի լրագրողներին էլ ասացի, միայն չհասկացա՝ ինչու ծիծաղից ուշաթափվեցին։

ԳԱՌՆԻԿ — Շնորհակալություն կարևոր փաստեր հայտնելու համար, օրիորդ Առլետա։ Քաղաքից առայժմ չբացակայեք։

ԱՌԼԵՏԱ — Իհարկե։ Չափազանց հաճելի էր ձեզ պես երիտասարդի կողմից քննվելը։ (Գնում է։)

ԳԱՌՆԻԿ — Կես դրույք դաշնամուրի դասեր, երկու դրույք՝ սիրուհի… Եվ անմտորեն պատմում է այդ մասին…

Գալիս է Լորիտան։

ԼՈՐԻՏԱ — Կարծեմ կանչել եք, հարգելի քննիչ։

ԳԱՌՆԻԿ — Նստեք, ներկայացեք։

ԼՈՐԻՏԱ — Լորիտա Վակումյան, դաշնամուրի դասատու։

ԳԱՌՆԻԿ — Վերջին անգամ ե՞րբ եք հանդիպել Գառնիկ Չոբանյանին։

ԼՈՐԻՏԱ — Օ՜, սարսափելի է հիշելը… Դև էր, անգլուխ հրեշ, քայլող սատանա։

ԳԱՌՆԻԿ — Ճանաչե՞ց ձեզ։

ԼՈՐԻՏԱ — Այն էլ ինչպե՜ս… հարձակվեց վրաս, ակնթարթում պատառոտեց զգեստներս…

ԳԱՌՆԻԿ — Ինչպե՞ս… եթե նա գլուխ չուներ, ինչպե՞ս էր տեսնում ձեզ։

ԼՈՐԻՏԱ — Գլխի փոխարեն ուսերին ինչ-որ ոչխարային զանգված էր թռչկոտում։

ԳԱՌՆԻԿ — Տիկին Լորիտա, դուք երազ եք տեսել։

ԼՈՐԻՏԱ — Ի՞նչ երազ, ես հիմա էլ եմ սարսափում, երբ հիշում եմ նրա ոչխարային մայունը։ Նա այնպիսի՜ արագությամբ էր պտտվում շուրջս, որ կարծեցի՝ ուզում է հոշոտել ինձ…

ԳԱՌՆԻԿ — Իսկ ինչո՞ւ չկերավ։

ԼՈՐԻՏԱ — Չհասցրեց, բախտս բերեց… Պարոն քննիչ, պատկերացրեք, որ սա Չոբանյանի առանձնասենյակն է…

ԳԱՌՆԻԿ — Ո՞ւմ…

ԼՈՐԻՏԱ — Դե, մեր անգլուխ տնօրենի… Դուք Գառնիկն եք։ Ու երբ մտնում եմ ներս, անմիջապես ոտքի եք կանգնում… Ապա, ոտքի կանգնեք։ (Գառնիկը ոտքի է կանգնում։) Հարձակվում եք ինձ վրա… Ի՞նչ եք շշմած նայում, հարձակվե՛ք։ (Գառնիկը ձևացնում է, թե հարձակվում է։) Ակնթարթում հանում եք իմ զգեստները։ (Արագ հանվում է։) Ձեր ոչխարային մռութով հոտոտում եք ինձ… Տղամարդ չե՞ք, համարձակ հոտոտեք… Ես սկսում եմ օգնության կանչել… Օգնեցե՜ք… դինոզավրն ինձ ուզում է հոշոտել, օգնեցե՜ք…

Ներս է խուժում Ռամզեսը։

ՌԱՄԶԵՍ — Ի՞նչ է այստեղ կատարվում… Տո, դու քննի՞չ ես, թե՞… Հիմա քո հախից կգամ, կանացի փեշերի վարպետ…

ԼՈՐԻՏԱ — Նա ստիպեց ինձ հանվել, Ռամզես։

ԳԱՌՆԻԿ – Վե՛րջ տվեք խեղկատակությանը…

ՌԱՄԶԵՍ — Դեռ խեղկատակ եմ, հա՞… Ե՞ս եմ քո կնոջ շորերը հանել ու մռնչացել… Կնամոլ, այստեղից քեզ անմիջապես տանելու եմ կենդանաբանական այգի՝ կապիկի հետ ամուսնացնելու… (Գառնիկին թևի տակ է առնում ու գնում։)

ԳԱՌՆԻԿ — Թող ինձ, թո՛ղ, խելագա՛ր, ես քեզ դատի կտամ…

ԼՈՐԻՏԱ — (արագ հագնվելով)։ Հիմա խեղճ Ռամզեսին բանտ կտանի, ինչպե՞ս փրկեմ նրան… ուրս է վազում։)

 

 

ԵՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Գառնիկ Չոբանյանի բնակարանը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Հազար անգամ ասացի՝ այսօր ղեկավար լինելը հեշտ գործ չէ, իսկ նա թե՝ հրամայում ես՝ կատարում են, ով չի կատարում՝ հանում, դուրս են շպրտում։

ՄԱՐԻ — Քիչ առաջ դպրոցում էի։ Ինձ տեսնելուն պես դասատուներն սկսեցին լաց լինել։ Հավաքարարը պատմեց, որ առաջինը ինքն է տեսել հայրիկին անգլուխ վիճակում։

ՎԱՐԴՈՒՀԻ — Եթե հարուստ լինեինք, ո՞վ կհամարձակվեր նրա գլուխն առևանգել։

ՄԱՐԻ — Արտասահմանից գիտնականներ, փորձագետներ են ժամանել։ Իմանալով, որ Չոբանյանի դուստրն եմ, շրջապատեցին ինձ։

ՎԱՐԴՈՒՀԻ — Խոսեիր, բողոքեիր, ասեիր ճշմարտությունը։

ՄԱՐԻ — Իսկ եթե դա պետական գաղտնի՞ք է… Դու ուզում ես, որ հերթը մե՞զ հասնի։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչե՞ր ես դուրս տալիս, անխիղճ աղջիկ։

ՄԱՐԻ — Այս գործի մեջ եղջերավորներ են խառնված։ Ռամզեսին ձերբակալել են։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչի՞ համար։

ՄԱՐԻ — Քննիչի նկատմամբ բռնություն է գործադրել, թևի տակ է դրել, տարել, մոտակա աղբամանի մեջ է գցել, վրան էլ ծածկել։ Անցորդները լսել են ձայնը, հանել են աղբամանից։ Վրա հասած ոստիկաններին քննիչը ցուցմունք է տվել ու անհետացել։ ՎԱՐԴՈՒՀԻ — Շատ էլ լա՛վ է արել, տե՛ղն է դրանց։

ՄԱՐԻ — Ասում են՝ այն գրողն է պապայի վրա ամբաստանագիր գրել։

ՎԱՐԴՈՒՀԻ — Գառնիկս չգտնվեց՝ այդ գրողին բզիկ-բզիկ կանեմ, ամենամեծ կտորն ակնոցը կթողնեմ։

ՄԱՐԻ — Մամ… ասում են… պապան հսկայական յուրացումներ է արել… աշակերտների յոթ ամսվա ուսման վարձը՝ մոտ երկու հազար դոլար…

ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչե՞ր ես դուրս տալիս, անմիտ։

ՄԱՐԻ — Ես էլ չեմ հավատում, մամա…

ՎԱՐԴՈՒՀԻ — Ճարպիկները պետական ողջ ունեցվածքը սեփականաշնորհեցին, հիմա պալատներ ու ապարանքներ են կառուցում, նրանց դատ ու դատաստան չկա, իսկ խեղճ Գառնիկս…

ՄԱՐԻ — Հայրիկն ապրում էր հին օրերի իներցիայով, նոր օրերի բնույթը չընկալեց։ Հայրիկի նման շատերը ցանկացան հարստանալ ու իրենց ախորժակի զոհը դարձան։ Հիմա բոլոր չունևորներն են իրենց տները, վերջին ունեցվածքը վաճառում, ամերիկաները փախչում։

Գալիս է Ալբերտը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Խոսիր, Ալբերտ, ի՞նչ նորություն։

ԱԼԲԵՐՏ – Անվտանգության մարմիններն ասում են՝ ներքին գործերի պարտականությունն է գտնել Չոբանյանին, իսկ ներքին գործերն էլ հակառակն են պնդում՝ ձեր հայրը հանցագործության պատմության մեջ տարօրինակ վրիպակ է։

ՄԱՐԻ — Չիմացա՞ր, ուր է հայրիկը։

ԱԼԲԵՐՏ — Այնտեղ է, ուր թաքցրել են։

ՎԱՐԴՈՒՀԻ — Այդ հսկա մարդն ասե՞ղ էր՝ ընկավ-կորավ։

ԱԼԲԵՐՏ — Մի մոռացեք, նա յուրացրել է աշակերտների յոթ ամսվա վարձավճարը… և անհետացել։

ՎԱՐԴՈՒՀԻ — Դու զրպարտում ես հարազատ հորդ։

ՄԱՐԻ — Ո՞վ կհավատա, որ քո այդ մոդայիկ զգեստները սեփական վարժապետական աղքատավարձով ես գնել… Մարդիկ հացի փող չունեն, իսկ դու բարոնուհու պես ես հագնվում։

ՎԱՐԴՈՒՀԻ — Բա չե՞ք ամաչում, ինչե՞ր եք խոսում ձեր հոր մասին։

ՄԱՐԻ — Աշխարհով մեկ խայտառակվեցինք։

ԱԼԲԵՐՏ — Մարի, այս գործը շատ խառն է՝ ոչ սկիզբն է երևում, ոչ՝ վերջը։ Եթե ոմանց պետք է այս աբսուրդը, արի ձևացնենք, որ մեզ էլ է պետք։ Հիմա ոչ մեկին չի հետաքրքրում հայրիկի յուրացումը՝ հավաքարար Ասյայից բացի։ Հայաստանում տեղի է ունեցել արտակարգ դեպք՝ առանց վիրահատման գլուխ է առևանգվել…

Հեռախոսազանգ։

ՎԱՐԴՈՒՀԻ — Թողեք, Գառնիկս կլինի… Այո՛, այո, լսում եմ… Ի՞նչ… Պրես կոմպանիա՞… Մարի, ֆրանսերեն է խոսում, գուցե դու մի բան հասկանաս… (Լսափողը տալիս է Մարիին։)

ՄԱՐԻ — Այո… ի՞նչ… քոման… ժամե… ոչ մի դեպքում… նո, նո… Փարիզի կենտրոնական թերթերի՞ց… (Ալբերտին.) …դոլար է առաջարկում։

ՎԱՐԴՈՒՀԻ — Լսափողը վայր դիր։

ԱԼԲԵՐՏ — Շարունակիր…

ՄԱՐԻ — Այո, ոչ, ոչ, չեմ կարող… Դուստրը… Մերսի բոքու… Գուցե հետո զանզեք… Ոչինչ չեմ կարող ասել… (Լսափողը կախում է։)

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի՞նչ դոլարի մասին էր խոսքը։

ՄԱՐԻ — Մամա, աշխարհում ամեն ինչ գնվում է, ծախվում է։

Հեռախոսազանգ։

ՎԱՐԴՈՒՀԻ —  Ես վախենում եմ, Մարի, դու վերցրու։

ՄԱՐԻ – Այո՛, ի՞նչ… Պեկինսկի ռադիո՞… Ոչ, ոչ… նե՛տ… (Լսափողը կախում է:) Եթե այսպես շարունակվի, հեռախոսը պիտի անջատենք։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ո՜նց են իրար խառնվել… Ուրիշի դժբախտության վրա ուզում են հանրաճանաչ դառնալ։

ԱԼԲԵՐՏ — Դեռ նոր է սկսվել, դեռ ինչե՜ր պիտի լինի…

Հեռախոսազանգ։

ՄԱՐԻ — Ալո՞… (Ալբերտին՝ շշուկով։) Հիմա էլ անգլերեն են խոսում… (Բարձրաձայն։) Նյու Յորք-Լոնդո՞ն… Ոչ մի դեպքում։ Պարոն, կես րոպե անգամ չեմ կարող խոսել։ Ոչ, կինը չէ, դուստրն է։ Տանը չէ, տանը ոչ ոք չկա։ (Լսափողը կախում է։) Այս ի՞նչ է, հարցազրույց, հա հարցազրույց… Ալբերտ, անջատիր հեռախոսը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի՞նչ եք անում, անիրավներ, բա որ Գառնիկս զանգի՞։ Եթե նա այնպիսի մի տեղ է ընկել, որ միայն զանգելով կարող է իր մասին իմաց տա՞լ։ Այս տան տերը ես եմ, հրամայում եմ՝ չանջատեք հեռախոսը։

ԱԼԲԵՐՏ — Հանգստացիր, մայրիկ, բայց եթե զանգեն, լսափողը ես կվերցնեմ։

ՎԱՐԴՈՒՀԻ — Եթե նորից լրագրողներ են, պորտները այնպես տեղը կդնես…

Հեռախոսազանգ։

ԱԼԲԵՐՏ — Լսում եմ։

ՁԱՅՆ — Պարոն, մեր ասոցիացիան առաջարկում է ձեր պատվարժան հարստությունը ցուցադրել Եվրոպայի բոլոր առաջնակարգ թանգարաններում։

ԱԼԲԵՐՏ — Ինչի՞ մասին է խոսքը, տիկին։

ՁԱՅՆ — Գուցե գումարը քիչ է… Կավելացնենք, նա քսաներորդ դարի հրաշքներից մեկն է ու ձեզ չի պատկանում։ Ձեզ պատկանում է միայն նրա նյութական արժեքը։

ՄԱՐԻ — Խելագարվել կարելի է…

ԱԼԲԵՐՏ — Կմտածեմ, տիկին, կմտածեմ… (Կախում է լսափողը։)

ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչի՞ մասին պիտի մտածես, հորդ դոլարով վաճառելո՞ւ…

ՄԱՐԻ — Մայրիկ, չեղավ, հանգստացիր։

ԱԼԲԵՐՏ — Հայրիկը չկա, առևանգված է։ Կգտնեն ու կտանեն, ուրիշները նրան տեր կդառնան։ Իսկ ինչո՞ւ այդ հսկայական գումարի տերը մենք չդառնանք, երբ օրինական իրավունքը մերն է։

ՎԱՐԴՈՒՀԻ — Դոլարի համար ուզում եք աշխարհով մեկ ինձ խայտառա՞կ անել։ Անջատիր հեռախոսը, մեզ պետք չեն դրանց զանգերը։

ՄԱՐԻ — Իսկ եթե հայրիկը զանգի՞… (Հեռախոսազանգ։) Ալո՞… հայրի՞կ։

ՎԱՐԴՈՒՀԻ — Գառնիկս է… (Խլում է լսափողը։) Գառնիկ, խոսիր, դու ողջ, առո՞ղջ ես…

ԳԱՌՆԻԿ — Վարդուհի, Մարի, Ալբերտ, ես ձեզ սպասում եմ քրոջդ տանը։ Ժամանակ չկորցնեք։

Հեռախոսն անջատվում է։

ՄԱՐԻ — Գնացինք, նա մեր օգնության կարիքն ունի։

Նրանք արագ դուրս են գնում։ Հակառակ կողմից հայտնվում է Գառնիկը։

ԳԱՌՆԻԿ — Ես այդ գրողի հարցերը այսօր կլուծեմ… (Գրասեղանից հանում է ատրճանակը։) Երբեք չեմ մտածել, որ սա ինձ երբևէ պետք է գալու։ (Այն է՝ դուրս է գնալու, հեռախոսազանգ։ Տատանվելուց հետո վերցնում է լսափողը։) Լսում եմ։

ՁԱՅՆ – Ա՛, մեր հերոսի որդին է… Ձեր հայրը գնահատվեց հարյուր հիսուն հազար դոլար։ Եկեք մեր գործակալության ներկայացուցչի մոտ և ստորագրեք համաձայնագիրը։ Գումարի յոթանասուն տոկոսն անմիջապես կստանաք։ (Գառնիկը փլվում է աթոռին։) Ալո՜… ալո՛…

ԳԱՌՆԻԿ — Համաձայն եմ։ (Լսափողն ընկնում է ձեռքից։)

 

ԵՐԿՐՈՐԴ ՍԱՍ

ՉՈՐՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Գրողն իր բնակարանում, գրամեքենայի առաջ նստած, աշխատում է։ Հայտնվում է Գառնիկը՝ արդեն ծանոթ քննիչի հանդերձանքով։

ԳԱՌՆԻԿ — Չէի՞ք սպասում։ Գրամեքենայի չխկչխկոցը հետաքրքրությունս շարժեց։

ԳՐՈՂ – Կեսգիշերի՞ն…

ԳԱՌՆԻԿ — Կարող եմ ներողություն խնդրել ու հեռանալ։

ԳՐՈՂ — Ձեր այցելության նպատակը հաշվի չառնելո՞վ…

ԳԱՌՆԻԿ — Բոլոր արվեստագետներն էլ չափազանց կասկածամիտ են։ Այդ ի՞նչ եք գրում։

ԳՐՈՂ — Պարապ ժամերս եմ կորստից փրկում։

ԳԱՌՆԻԿ – Եվ հաջողվո՞ւմ է։

ԳՐՈՂ — Փորձում եմ ծաղրանքի և անարգանքի սյունին գամել այն մարդկանց խիղճն ու բարոյականությունը, որոնք իրենց հայրենակիցներին հասցրին ծայրահեղ թշվառության։

ԳԱՌՆԻԿ — Աշխարհի սկզբից մինչ օրս աղքատներ եղել են ու միշտ կլինեն։

ԳՐՈՂ – Երանի հոգով աղքատներին,– ասում էր մեր Տերը։

ԳԱՌՆԻԿ — Մի՞թե հավատացյալ եք… (Դադարից հետո։) Ի՞նչ եք գրում։

ԳՐՈՂ — Պիես։

ԳԱՌՆԻԿ — Ինչի՞ մասին։

ԳՐՈՂ — Անգլուխ տնօրենի։

ԳԱՌՆԻԿ — «Ոչխարի աղբյուրը»։

ԳՐՈՂ — Պարզվեցին ձեր հետաքրքրության սահմանները… (Հեռախոսազանգ։) Ո՞վ է այս կեսգիշերին։ (Վերցնում է լսափողը՝ մեջքով դեպի Գառնիկը։)

ԳԱՌՆԻԿ – (այդ ընթացքում հանում է ատրճանակը): Դեմառդեմ կանգնած եմ թշնամուս դեմ ու չեմ կարողանում… Ոչխարի սիրտ ունեմ, ուրեմն արժանի եմ… (Ատրճանակը պահում է գրողի վրա։) Ոչ, ոչ, չեմ կարող… (Թաքցնում է ատրճանակը։)

ԳՐՈՂ — Ալո… ես եմ… ոչ մի դեպքում… Ոչ մի հարցազրույցի մասնակցել չեմ ցանկանում։ (Կախում է լսափողը։)

ԳԱՌՆԻԿ — Հարցազրո՞ւյց…

ԳՐՈՂ — Դուք շարունակեք փնտրել Չոբանյանի վաղուց բորբոսնած գլուխը։ Մի մտահոգվեք, այն ոչ մեկին պետք չի գա…

ԳԱՌՆԻԿ — Դուք հրեշ եք… (Գնում է։)

ԳՐՈՂ — Սրա մուտքը չէի նախատեսել։ Այդպես էլ գիտեի, որ այս պիեսս էլ տաղտկալի է լինելու… Էլի գործողությունները զարգացան անթիվ անհավանականություններով։ Այդ ի՞նչ ձեռք է թափանցում իմ թղթերի մեջ, գուցե այն ժամանա՞կ, երբ տանը չեմ լինում։ Օրինակ, քիչ առաջվա այցելուն՝ ո՞ւմ թելադրանքով նա հայտնվեց այստեղ։ (Հեռախոսազանգ։) Այո… ես եմ։ Օրիորդ Առլետա, ի՞նչ ռադիո, հեռուստատեսություն… ի՞նչ լրագիր… Ոստիկանությունն իմ «Ոչխարի աղբյո՞ւրն» է փնտրում։ Խորհուրդ տվեք, թող փնտրեն իսպանական դասական գրականության մեջ։ Ինչպե՞ս թե՝ ես եմ նրա գլուխն առևանգել… Դուք խելագարվե՞լ եք… (Կախում է լսափողը։) Երեկ վերջացրի չորրորդ պատկերը՝ Գառնիկի որդին հարյուր հիսուն հազար դոլարով համաձայնվեց վաճառել հոր գլուխը… Բայց այդ մասին միայն ես գիտեմ։ Ո՞վ է ինձ հետևում… գուցե պետք է անմիջապես ոչնչացնե՞լ այս թղթերը։ Ախր, այս ամենը տեղի է ունենում իմ գրողական երևակայության աշխարհում։ Բայց ինչպե՞ս է այդ ամենը հայտնի դառնում բոլորին…

Գլուխն առնում է ձեռքերի մեջ։ Լույսը մարում է։

 

 

ՀԻՆԳԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Գառնիկ Չոբանյանի բնակարանը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Երևի ուշացանք, նա էլ չսպասեց։ (Լացակումած։) Գաոնիկ, քո մարդկային գլուխը ամսեկան երեսուն դոլար կարող էր աշխատել, կերպարանափոխվելուց հետո միանգամից գնահատվեց հարյուր հիսուն հազար։ Մարդու գլխով զավակներիդ պետք չեկար, ոչխարի գլխով նրանց հարստացրիր։ Գառնիկ, իմ աննման ամուսին, երևի դա էր քո ճակատագիրը։ (Ավելի գործնական տոնով։) Այդ գումարը հավասար պիտի բաժանվի երեքիս միջև։ Նրանք երեխա են, միանգամից այդ հարստությունը քամուն կտան…

Գալիս է Մարին։

ՄԱՐԻ — Որտեղ ասես՝ փնտրեցինք։ Չկա ու չկա։

Գալիս է Ալբերտը։

ԱԼԲԵՐՏ — Կարծում եմ, նա արդեն Հայաստանում չէ։

ՄԱՐԻ — Ի՞նչ ես ասում, ուրեմն ամեն ինչ արվեց առանց մե՞զ։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ամուսնուս գլուխը վաճառող բոլոր բիզնեսմեններին դատի կտամ։

ԱԼԲԵՐՏ — Մայրիկ, ես թույլ չեմ տա, որ պատահական մարդիկ սեփականացնեն այն, ինչը մեզ է պատկանում։

ՄԱՐԻ — (մեկուսի)։ Անկեղծ ասած, ես նույնպես կստորագրեի… (Բարձր։) Ալբերտ, չլինի՞ ստորագրել ես համաձայնագիրը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ճիշտն ասա, ի՞նչ ես արել։ (Մեկուսի։) Համ գլուխը կերավ, համ դոլարը։

ԱԼԲԵՐՏ — Իմ փոխարեն ինչպե՞ս կվարվեիր, Մարի։

ՄԱՐԻ — Դու խելագարվել ես։

ՎԱՐԴՈՒՀԻ — Հայրդ ձեզ համար ամեն ինչ արեց, իսկ դո՞ւք։

ԱԼԲԵՐՏ — Ես կատարեցի ձեր ցանկությունը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Ինչպե՞ս թե… պարզ խոսիր։

ԱԼԲԵՐՏ — Չկարողացա ստորագրել։

ՎԱՐԴՈՒՀԻ – Ես այդպես էլ սպասում էի…

Հեռախոսազանգ։

ԱԼԲԵՐՏ — Լսում եմ։

ՁԱՅՆ — Պարոն Չոբանյան, դո՞ւք եք… հիասքանչ է։ Ռամզեսն է։

ԱԼԲԵՐՏ — Թութանհամոնը լսում է, խոսեք։

ՁԱՅՆ — Լորիտայի ամուսին Ռամզեսն է։ Պարոն Չոբանյան, դուք իմ կնոջ յոթ ամսվա աշխատավարձը յուրացրիք ու հենց մեր շնորհիվ էլ հարստացաք։ Այդ հարյուր հիսուն հազարից պարտավոր եք բաժին հանել մեզ…

ԱԼԲԵՐՏ — Ռամզես, դուք ձեր բուրգի մեջ հարյուրավոր դարեր քնած եք եղել, շարունակեք քնել։ (Կախում է լսափողը։)

ՄԱՐԻ — Դոլարի համար ո՞նց եք ձեռ ու ոտ ընկել, անամոթներ… (Դռան զանգ։) Ասոցիացիայի ներկայացուցիչը կլինի։

ՎԱՐԴՈՒՀԻ — Դե, իրավաբան, քեզ տեսնենք, ապագա մասնագիտությունդ ինչպե՞ս ես կիրառելու։

Մարին բացում է դուռը։ Ներս է խուժում Ռամզեսը։

ՎԱՐԴՈՒՀԻ — Դուք ո՞վ եք։

ՌԱՄԶԵՍ – Հանգիս՛տ, ես չեմ ներում, երբ ինձ հետ բարձր տոնով են խոսում։ Մենք այդ հարստության բաժնետերերից մեկն ենք:

ՎԱՐԴՈՒՀԻ — Բայց դուք չասացիք՝ ո՞վ եք։

ՌԱՄԶԵՍ — Լորիտա Վակումյանի ամուսինը։

ՄԱՐԻ — (հեգնանքով)։ Ա՜, կարծեմ, փարավոնն եք։

ՌԱՄԶԵՍ — Ոչ, Ռամզեսը։ Եթե չհամաձայնեք հատկացնել մեր բաժինը, ես կառևանգեմ ձեզանից մեկնումեկի գլուխը։

ԱԼԲԵՐՏ — Զանգեմ հոգեբուժարա՞ն, թե՞ ինքներդ կգնաք։

ՌԱՄԶԵՍ — Այդ դեպքում ես ձեզ կտանեմ այնտեղ։

ԱԼԲԵՐՏ – Դո՛ւրս կորեք այստեղից:

ՌԱՄԶԵՍ — Ձեր ընտանիքի անդամներից մեկի գլուխն այս պահին հսկայական արժեք ունի… (Ալբերտին թևի տակ է առնում ու դուրս գնում։)

ՄԱՐԻ — (հետևելով նրանց՝ դրսից)։ Սրիկա՛, ի՞նչ ես անում, թող նրան…

ԱԼԲԵՐՏ — (դրսից)։ Թո՜ղ ինձ, մանկամի՛տ ապուշ…

ՎԱՐԴՈՒՀԻ – Այս ի՛նչ փորձանք էր… Որտեղ դոլար՝ այնտեղ հանցագործություն: (Դուրս է գնում:)

 

Հայտնվում է Գառնիկը: Մոտենում է գրապահարանին, քրքրում դարակներն ու գտնում է անձնագիրը:

ԳԱՌՆԻԿ — Գառնիկ Գառնուկի Չոբանյան, ծնված Երևան քաղաքում, կմահանա Եվրոպայի որևէ անկյունում… Այս ի՞նչ ձայն է…

Թաքնվում է պահարանի ետևում։ Գալիս է Վարդուհին։

ՎԱՐԴՈՒՀԻ – Անամոթնե՛ր, իմ ամուսինն է ոչխարի գլխով, իրենք են ուզում հարստության տեր դառնալ։

ԳԱՌՆԻԿ — (մեկուսի)։ Կարծում էի՝ միակ մարդն է, որ գլխիս առևտրին մասնակցություն չի ունենա… Եվ ահա… Այս ի՞նչ մարդադեմ հատկություններ ունի դոլարը։ Ինձ մնում է միայն վերջին հրաժեշտը տալ նվիրյալ կողակցուհուս ու հեռանալ։ (Դուրս է գալիս թաքստոցից։)

ՎԱՐԴՈՒՀԻ — (նկատելով նրան՝ ուժգին ճչում է)։ Օգնեցե՜ք… Այս հրեշին ո՞վ ուղարկեց այստեղ… Մարի, Ալբերտ, որտե՞ղ եք… Օգնեցե՜ք… (Ընկնում է բազմոցին։)

ԳԱՌՆԻԿ — Վարդուհի, ես եմ… Քո աչքին է՞լ եմ անգլուխ երևում։

ՎԱՐԴՈՒՀԻ — Դո՞ւ… դո՞ւ… չեմ հավատում, դու Գառնիկը չես։

ԳԱՌՆԻԿ — Կարծում էի, գոնե քո աչքին Գառնիկ կերևամ… Մնաս բարով։

ՎԱՐԴՈՒՀԻ — Գառնի՜կ… իմ դժբախտ ամուսին… Այդ ո՞ր անիրավը կարողացավ քեզ այդպես այլափոխել։

ԳԱՌՆԻԿ — Աթոռը… Այդ նզովյալ աթոռը, բայց ես նրան՝ այդ գրողին, կհատուցեմ։ (Հանում է ատրճանակը։)

ՎԱՐԴՈՒՀԻ — Ի՞նչ ես անում… չհամարձակվե՛ս… Օգնեցե՜ք, նա ուզում է ինձ սպանել։ (Գառնիկն անհետանում է։) Ուրեմն, իրեն էր ուզում սպանել։ Գնաց հարմար տեղ փնտրելու։ Պետք է փրկել նրան… Դոլարով ամեն ինչ հնարավոր է։ Այդ փողերը կվերցնենք նրան բուժելու համար։ Մենակ կվերցնեմ, ոչ մեկն էլ բաժին չի ունենա… Օ՜, ի՜նչ սոսկալի էր նրա տեսքը…

 

 

ՎԵՑԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Դպրոցի միջանցքը։ Ասյան գրպանից հանում է հացի մի կտոր ու ախորժակով ուտում։

ԱՍՅԱ — Բոլորդ միասին գրողի եղո՛ւնգը չարժեք։ Մի բերան ասացի՝ հացի փող չունեմ, մարդը մի քանի օրվա հացի փող տվեց։ Երևի իրենց գրողների հիմնարկից էր ստացել…

Գալիս է Անկան։

ԱՆԿԱ — Տեսա՞ր, թերթում ինչ էր գրված, գլուխը տանում են Ֆրանսիա՝ ցուցահանդեսի։

ԱՍՅԱ — Ինչե՞ր ես դուրս տալիս, հո չե՞ս գժվել։

ԱՆԿԱ — Ինչ որ գրում են, էն եմ ասում։

ԱՍՅԱ — Երեկ գրողին ասացի՝ թերթում գրել են, որ աշխատավարձի բարձրացում պիտի լինի, նա թե՝ բոլոր թերթերն էլ ստախոս են, չհավատա՛ս։

Անկան գնում է։ Քիչ անց հայտնվում է Լորիտան՝ անգլիացի լրագրողի հետ։

ԼՐԱԳՐՈՂ — Սիրում եմ գործնական կանանց, մանավանդ, երբ նրանք հաճելի են… (Գրկում, մի քանի անգամ համբուրում է Լորիտային։) Ի՜նչ առողջ ու բուրումնավետ մարմին ունես, Լորիտա…

Հայտնվում է Ռամզեսը, մի կերպ կնոջը պոկում է անգլիացու գրկից։

ԼՈՐԻՏԱ — Ձայնագրվում ենք, մի խանգարիր… Վա՜յ, Ռամզես, դո՞ւ ես… Ուզես-չուզես՝ այս անգլիացին զոռով ձայնագրում է…

ՌԱՄԶԵՍ — Հիմա ես դրան ձայնագրել ցույց կտամ… (Գրկում է, թևի տակ դնում լրագրողին ու դուրս նետվում։)

ԼՈՐԻՏԱ — Այդ ի՞նչ ես անում, Ռամզես, որոշել ես միջազգային բա՞նտ ընկնել… (Վազում է նրանց ետևից։)

Գալիս է գրողը։

ԳՐՈՂ — Ի՞նչ է այստեղ կատարվում։

ԱՍՅԱ — (անտարբեր)։ Իմպորտնի լրագրողների հետ հանդիպում է։

Գալիս է Առլետան։

ԱՌԼԵՏԱ — Խեղճ Գառնիկն ի՞նչ էր արել, որ ոչխար դարձրիք։

ԳՐՈՂ — Տիկին Առլետա, ի՞նչ եք խոսում։

ԱՌԼԵՏԱ — Ողջ աշխարհն է խոսում, ես միայն կրկնում եմ։ Երեկ հեռուստատեսային հաղորդումը լսեցի՞ք։

ԳՐՈՂ — Ես շոուներից զզվում եմ։

ԱՌԼԵՏԱ — Նրանք ասացին, որ ինչ-որ մեկը չար ոգիների պատվերն է կատարում։ Ինչ-որ մոլորակից չար ուժեր եք հրավիրել այստեղ, որ…

ԳՐՈՂ — Հրավիրել եմ, որ Ինդրային ու քեզ մի քիչ խելք սովորեցնեն… Գնում եմ, լրագրողների հետ հանդիպել չեմ ցանկանում։ (Գնում է։)

ԱՌԼԵՏԱ — Տեսա՞ր, ինչպես է իրեն պահում… Շուտով կգա նոր տնօրենը և աոաջինը սրա հարցերը կլուծի։

ԱՍՅԱ — Նոր տնօրենին դրսի՞ց են բերելու։

ԱՌԼԵՏԱ — Նա տարիներ առաջ այս դպրոցում արդեն տնօրեն եղել է։ Եվ ի՜նչ տնօրեն… Դպրոցի նվագարկիչներից սկսած, գունավոր հեռուստացույցից, պարային դասարանի հայելիներից մինչև կահույքը այն ժամանակ թալանեց ու վաճառեց…

Գալիս է Անկան։

ԱՆԿԱ – Ուրեմն, այդ գողին կաշառակերները չդատեցին, որ նորից մեր խեղճուկրակ դպրոցի վզի՞ն փաթաթեն…

ԱՌԼԵՏԱ — Ասա, է՛, ասա…

ԱՆԿԱ — Ինչքան մարդկանց է խաբել, տոկոսով փող վերցրել։ Դատախազությունը քանի տարի է՝ փնտրում էր. Ռուսաստան, թե Ուկրաինա էր փախել… Այդ գողին ո՞վ նորից տնօրեն նշանակեց։

ԱՌԼԵՏԱ — Սպասիր, թող բոլորը հավաքվեն… մենք թույլ չենք տա…

ԱՍՅԱ — Միամիտնե՜ր, այսօր դասատուներին ո՞վ է բանի տեղ դնում։ Այդ ձեր գողը նոր քաղաքապետի ազգականն է։ Վերևից հրաման կտան, ու վերջ։

ԱՌԼԵՏԱ — Բոլորս ազատման դիմում կգրենք։

ԱՆԿԱ — Քաղաքապետի ուզածն էլ դա է՝ դպրոցը կփակի, շենքը հանրախանութի կվերածի։

ԱՌԼԵՏԱ – Ի՞նչ…

ԱՆԿԱ — Այս երկրի պաշտոնյաները եթե գողերին են պաշտպան կանգնում, երկրում ոչինչ էլ չի շտկվի։

ԱՍՅԱ — Ա՜յ քեզ բան… ոչխարին տարան, որ բորենուն բերեն…

 

 

ՅՈԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Գրողի բնակարանն է։ Նա, ինչպես միշտ, գրամեքենայի առաջ աշխատում է։ Ներս է մտնում Գառնիկը՝ արդեն ծանոթ ծպտված տեսքով։

ԳԱՌՆԻԿ — Դեպքերի զարգացումը ստիպեց, որ նորից հանդիպենք։

ԳՐՈՂ — Ես գիտեի, որ անկարող կլինեք հրաժարվել ձեր դերից։

ԳԱՌՆԻԿ — Այս անգամ եկել եմ ձեզ մոտ պատսպարվելու։

ԳՐՈՂ — Իմ ողջ կյանքում պատսպարվելու կարիք եմ ունեցել։ Գուցե նրանցից, ովքեր կյանքի մակերեսին երբեք չեն երևում։

ԳԱՌՆԻԿ — Նրանցից, ովքեր վաճառում են՝ ինչ պատահի… Ներքին գործերում հետաքրքրվում են ձեր «Ոչխարի աղբյուրը» պիեսով։ Չէի՞ք հիշեցնի գլխավոր հերոսի անունը։

ԳՐՈՂ — Ինչո՞ւ ոչ. Լոպե դե Վեգա։

ԳԱՌՆԻԿ — Այդքան երկար ու ոչինչ չասող անուն… Ձեր հերոսը հայր ունե՞ր։

ԳՐՈՂ — Ամեն անգամ չարիքին դիմադրելիս հիշում եմ հորս, նրան 37-ին դատապարտեցին՝ ճշմարիտ հայ լինելու համար։

ԳԱՌՆԻԿ — Հարո՞ւստ էր։

ԳՐՈՂ — Նյութապես՝ ոչ։

ԳԱՌՆԻԿ — Երևի կերազեր հարյուր հիսուն հազար դոլար ունենալ, որ թողներ ձեզ։

ԳՐՈՂ — Միշտ չէ, որ որդիները կրկնում են իրենց հորը…

ԳԱՌՆԻԿ — Ամբողջ կյանքում ի՞նչ լավ բան եք արել ձեր հոր համար։

ԳՐՈՂ — Պաշտոն, փող չեմ ունեցել, նրա համար միշտ եղել եմ որդի։

ԳԱՌՆԻԿ — Չեմ հավատում… Անշահախնդիր ապրել եք ու ընդունե՞լ նրան։

ԳՐՈՂ — Ես խոսում եմ իմ մասին։

ԳԱՌՆԻԿ — Իմ ողջ կյանքում հարյուր հիսուն հազար դոլար մեկտեղ չեմ տեսել… Չե՞ք գտնում, որ զավակներս իրավացի են։

ԳՐՈՂ — Ոչ։ Հուդան մի քանի արծաթով մատնեց իր և մեր Տիրոջը։

ԳԱՌՆԻԿ — Իսկ հիմա նույնը չի՞ կատարվում… Մի գավաթ սուրճ չէի՞ք հյուրասիրի։

ԳՐՈՂ — Հաճույքով։ (Գնում է խոհանոց։)

ԳԱՌՆԻԿ – (արագ մոտենում է գրամեքենային, կարդում սեղանի վրայի թղթերը)։ Վերջնականապես պարզվեց, թե ո՛վ է այս չարիքի հեղինակը։ (Բարձրաձայն կարդում է։) «Նա գնաց հարմար տեղում ինքնասպանություն գործելու»… Ես քեզ կստիպեմ, որ ինքդ ինքնասպան լինես, քո հորինած չարիքը քո արյունով մաքրես… (Թղթերը խոթում է գրպանները։)

Գալիս է գրողը՝ սուրճի բաժակը ձեռքին։

ԳՐՈՂ — Խնդրեմ։ Կարծում եմ, իմ սենյակում գտաք ձեր փնտրածը։ Եվ իմ թղթերը դրեք սեղանին։

ԳԱՌՆԻԿ — Այս թատերգությունն ավարտ չի ունենա… (Հանում է ատրճանակն ու կրակում գրողի վրա։ Նա ընկնում է հատակին։) Հիմա ընդունված ձև է՝ ատրճանակը նետել զոհի վրա։ Այսօր բոլոր սպանվածներին էլ հայտարարում են ինքնասպան եղածներ… (Շուրջը զննելով՝ ոտքերի թաթերին անձայն հեռանում է։)

Գրողը անվրդով նստում է հատակին։

ԳՐՈՂ — Անմիտ հանցագործ, երբևէ կհասկանա՞ս, որ գոյություն չունես, իմ հնարած իրականությունն ես… Ինչ է, միտքը փոխե՞ց, վերադառնում է… Դե լավ, թող պիեսն ընթանա իրեն հարմար շարունակությամբ։ (Փռվում է հատակին, ձևանում մեռած։)

Գալիս է Ալբերտը։

ԱԼԲԵՐՏ — Նա այստեղ մտավ… (Նկատելով հատակին ընկած գրողին։) Ինքնասպանությո՞ւն… Ինչքան դյուրին են սպանվում մտավորականները… Ես այստեղ գործ չունեմ՝ վկայություն տալ չեմ կարող։ (Ուզում է գնալ, նրա դեմ դուրս է գալիս Գառնիկը։)

ԳԱՌՆԻԿ — Ալբե՞րտ, դու այստե՞ղ… Հեռացիր անմիջապես։ (Նետվում է դեպի գրամեքենան։) Վերջին էջը… (Կարդում է։) «Սուրճի բաժակը ձեռքին հայտնվում է գրողը…»։ (Վերցնում է վերջին էջը։)

ԱԼԲԵՐՏ — Հայրիկ, ի՞նչ ես անում։

ԳԱՌՆԻԿ – Լռի՛ր, խոսելու ժամանակը չէ, գնանք այստեղից։

Նրանց կանխում է գրողը, կողքին ընկած ատրճանակը ձեռքին՝ ոտքի է կանգնում։

ԳՐՈՂ – Կանգնեք։

ԳԱՌՆԻԿ — Հարություն առա՞վ… Աչքերիս չեմ հավատում։

ԳՐՈՂ — Պարոն կրկնակի հանցագործ Գառնիկ Չոբանյան, գնա այստեղից՝ առանց որևէ իր դուրս տանելու։ Սեղանին դիր իմ «Ոչխարի աղբյուրը» պիեսը։

ԱԼԲԵՐՏ — Հայրիկ, տեղը դիր… ինչի՞դ են պետք այդ թղթերը։

ԳԱՌՆԻԿ — (հանելով թղթերը)։ Այս թղթերի մեջ են բոլոր ծածկագրերը։ Այս մարդն ինձ ողջ աշխարհի առաջ անգլուխ դարձրեց։

ԱԼԲԵՐՏ — Բայց մենք հարուստ ենք…

ԳՐՈՂ — (մեկուսի)։ Որդին ավելի զզվելի է, քան հայրը… (Բարձր։) Թղթերը դրեք սեղանին ու հեռացեք, թե չէ կկրակեմ։

ԳԱՌՆԻԿ — Չեք համարձակվի հանցագործ դառնալ։

ԳՐՈՂ — Ես պաշտպանվելու իրավունք ունեմ։

ԳԱՌՆԻԿ — Վերադարձրեք իմ առևանգված գլուխը։

ԱԼԲԵՐՏ — (մեկուսի)։ Սարսափելի կլինի, եթե մենք զրկվենք հարյուր հիսուն հազար դոլարից։

ԳԱՌՆԻԿ — Ես այդ թղթերով ձեզ դատի կտամ։

ԳՐՈՂ — Եթե այդ թղթերն ինձ չվերադարձնեք, կզրկվեք փողից։ Երիտասարդ, կարծեմ, դուք եկել եք ինձ մոտ ձեր բաժին գումարը ճշտելու խնդրով…

ԱԼԲԵՐՏ — Իսկույն ևեթ կստանաք ձեր թղթերը։

ԳԱՌՆԻԿ – Երբե՛ք… (Դուրս է նետվում, որդին հետևում է նրան։)

ԱԼԲԵՐՏ — (դրսից)։ Հայրիկ, այդ ի՞նչ ես անում…

Գալիս է Ռամզեսը։

ՌԱՄԶԵՍ — Բարև, ամենակարող գրող եղբայր։

ԳՐՈՂ – Ո՞վ եք դուք։

ՌԱՄԶԵՍ — Լորիտայի ամուսին Ռամզեսն եմ, եկել եմ մեր հասանելիքի ետևից։ Ի դեպ, հենց նոր հեռուստատեսությամբ հայտնեցին, որ արտասահմանյան ինչ-որ ասոցիացիա փողոցից առևանգել է Չոբանյանին ու… նաև որդուն։

ԳՐՈՂ — Խեղկատակներ…

ՌԱՄԶԵՍ — Նա յուրացրել է մեր յոթ ամիսների աշխատավարձը…

ԳՐՈՂ — Այդ թվում և՝ իմը։ Որքան հասկացա, ձեզ հետաքրքրում է այղ հարյուր հիսուն հազարը։

ՌԱՄԶԵՍ — Միանգամայն ճիշտ եք։ Բայց մենք մեր բաժնի մասին ենք խոսում։

ԳՐՈ Ղ — Հերկուլես… ներողություն, Ռամզես, ձեր փողերը տնօրենն է յուրացրել, ոչ թե ես։

ՌԱՄԶԵՍ — Բայց նա հիմա ոչխար է, ոչխաիից ի՞նչ պահանջեմ։

ԳՐՈՂ- Նա իր հետ տարել է ամեն ինչ։

ՌԱՄԶԵՍ — Դոլարներն է՞լ։

ԳՐՈՂ — Իհարկե։

ՌԱՄԶԵՍ — Աշխարհի ծայրն էլ լինի՝ կգտնեմ։ (Գնում է։)

ԳՐՈՂ – Ես եմ սկսել այս խայտառակությունը, ես էլ պարտավոր եմ ավարտին հասցնել։ Պետք է այս ամենի առաջն առնել…

Գալիս է Ալբերտը։

ԱԼԲԵՐՏ — Ահա ձեր թղթերը, ստացեք։ (Սեղանին է դնում մեքենագրված թղթերը։)

ԳՐՈՂ – Սրանք պետք է այրվեն, և այդ իրավունքը ձեզ եմ տալիս։

ԱԼԲԵՐՏ — Ոչ, ոչ, այդ թղթերը չպետք է այրվեն։

ԳՐՈՂ — Ինչքան շուտ վերանան դրանք, այնքան շուտ կվերանա այս խառնաղմուկը։

ԼԲԵՐՏ — Ոչ, դուք ուզում եք ոչնչացնել մեր բոլոր ծրագրերն ու ցանկությունները։ Ես այդ փողերով ուզում եմ արտադրություն կազմակերպել, աշխատատեղեր ստեղծել… Երբեք թույլ չեմ տա… (Վերցնում է թղթերը։)

ԳՐՈՂ — (մեկուսի)։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում։ (Բարձր։) Տե՛ղը դրեք թղթերը։

ԱԼԲԵՐՏ — Ոչ, սրանք արդեն ձերը չեն, բոլորիս սեփականությունն են։ Այս թղթերի մասին գիտի ողջ աշխարհը… Դուք բարոյական իրավունք չունեք…

ԳՐՈՂ — Այդ ի՞նչ բարոյականության մասին եք խոսում: Չարիքի ճանապարհով բարիք չի ստեղծվի։

ԱԼԲԵՐՏ – Այս թղթերը ինձ են պատկանում… (Դուրս է վազում։)

ԳՐՈՂ – Ի՞նչ է կատարվում… Այս ի՞նչ ահռելի ուժով դոլարը ծամածռեց բոլորին…

 

ՈՒԹԵՐՈՐԴ ՊԱՏԿԵՐ

Դպրոցի սպասասրահում հավաքված ուսուցիչները սպասողական վիճակում են։

ԱՆԿԱ — Զանգահարեցին, ուր որ է՝ ղեկավարությունը այստեղ կլինի։

ԼՈՐԻՏԱ — Երևի նոր տնօրենին են ներկայացնելու։

ԱՆԿԱ — Ինչո՞ւ եք բոլորդ իմ կողմը նայում, ես ոչինչ չգիտեմ։

ԱՌԼԵՏԱ — Ինչպես թե՝ չգիտես, դու չէի՞ր ասում, որ նախկին հանցագործին են ետ բերում։

ԱՆԿԱ — Ես միայն քեզ եմ ասել, ոչ թե բոլորին։

ԼՈՐԻՏԱ — Հարյուր հիսուն հազար դոլարով վաճառեցին խեղճ Չոբանյանի գլուխը։

ԻՆԴՐԱ — Օ՜, բոժե մոյ…

ԱՌԼԵՏԱ — Նրան արդեն տարել են Փարիզ՝ Լուվրում ցուցադրելու։

ԱՍՅԱ — Իսկ մեր յոթ ամսվա աշխատավարձն ո՞վ է տալու, ինչքա՞ն քաղցած մնանք։

ԼՈՐԻՏԱ — Քաղաքապետն ասում է՝ բերեք, մուծեք վարձավճարները՝ աշխատավարձը ստացեք։ Չոբանյանը վարձերը վայելի, մենք քաղցած այս ու այն կո՞ղմ ընկնենք։

ԱՌԼԵՏԱ — Գուցե նոր տնօրենը մի բան անի…

ԱՆԿԱ — Այդ գողը կգա ու նորից իր բաժինը կտանի։

ԱՍՅԱ — Լավ, Չոբանյանն այդքան փողը մենակ ո՞նց յուրացրեց, իսկ վերևիններն ինչո՞ւ չէին հետևում…

ԼՈՐԻՏԱ — Հանգիստ թողեք Չոբանյանին, նա հիմա համաշխարհային հեղինակություն է։ Գուցե քաղաքապետարանը սպասում է, որ եվրոպական թանգարանները դոլարնե՞ր կփոխանցեն։

ԱՆԿԱ — Գրողը… գրողն է գալիս։

ԱՌԼԵՏԱ – Հիմա նրանից մեզ հետաքրքրող բոլոր գաղտնիքները դուրս կքաշեմ։ Պետք է իմանալ, թե ո՞ւր տարան Չոբանյանին։

ԼՈՐԻՏԱ — Երեկ ձերբակալել են նրա «Ոչխարի աղբյուրը» պիեսը։

ԱՌԼԵՏԱ — Ո՞վ ասաց։

ԼՈՐԻՏԱ — Հեռուստատեսային լուրերին չե՞ք հետևում։

ԱՌԼԵՏԱ — Հետո՞… ուրիշ ի՞նչ ասացին։

ԼՈՐԻՏԱ — Աղբյուրը՝ այսինքն՝ նա դպրոցը նկատի ուներ, որտեղից ջուր են խմում անթիվ ոչխարներ։

ԱՍՅԱ — Երևի գրել է, որ աղբյուրը վճարովի է դարձել ու ներքևի խավը ջուր խմելու հնարավորություն չունի։

Գալիս է գրողը։

ԳՐՈՂ — Ինչո՞ւ են կանչել։

ԱՆԿԱ – Նոր տնօրենին պիտի ներկայացնեն։

ԳՐՈՂ — Ինձ համար միևնույն է, ես գնացի…

Ներս է մտնում ոստիկանը։

ՈՍՏԻԿԱՆ — Բարև ձեզ։ Այստե՞ղ է «Ոչխարի աղբյուրը» պիեսի հեղինակը։

ԻՆԴՐԱ — (մատնացույց անելով գրողին)։ Վոտ օն…

ՈՍՏԻԿԱՆ  — Դո՞ւք եք։

ԳՐՈՂ — Այո, ես գրող եմ, բայց «Ոչխարի աղբյուրը» գրվել է երեք հարյուր հիսուն տարի առաջ։

ՈՍՏԻԿԱՆ — Ուրեմն, այլմոլորակայինների հետ դուք երեք հարյուր հիսուն տարվա կապերի մեջ եք։

ԳՐՈՂ — Դուք ոստիկա՞ն եք, թե՞ հոգեբուժարանի հոգաբարձու։

ՈՍՏԻԿԱՆ — Այդպես… որոշել եք բոլորին ծաղրել։ Դատախազությունից հրամայված է ձեզ ձերբակալել։

ԼՈՐԻՏԱ – Տե՛ղն է դրան, տե՛ղն է…

ԱՍՅԱ — Այստեղ մի խելքը գլխին, ազնիվ, խղճով մարդ կա՝ ուզում եք ձերբակալե՞լ… Ոստիկան ես, ինչ ես, փասափուսադ քաշիր, թե չէ որ ավելը ձեռքս առա՜…

ՈՍՏԻԿԱՆ — Տիկին, ձեզ հանգիստ պահեք։

ԱՍՅԱ — Բա հանգիստ մնալու բանե՞ր եք ասում… Յոթ ամիս է՝ աշխատավարձ չենք ստացել, այդ պատվարժան մարդը չլիներ՝ ես ու թոռնիկս քաղցից մեռած կլինեինք… Չեմ թողնի, միայն իմ դիակի վրայով… (Հարձակվում է ոստիկանի վրա։)

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ է նրան թույլ տվել, որ Հայաստանի անկախ հանրապետության քաղաքացու գլուխն առևանգեն ու փոխարինեն ոչխարի գլխով։

ԱՍՅԱ — Տո, որ գլուխ ունենար, չէին տանի։ Անգլուխ տնօրենն ո՞ւմ էր պետք։

ԱՆԿԱ — Մոդա եք դարձրել մտավորական մարդկանց ձերբակալելն ու բանտարկելը։

ՈՍՏԻԿԱՆ — Հարցրեք նրան, ո՞ւր է Չոբանյանի գլուխը։

ԳՐՈՂ – Անգլուխները երկիրը մղում են կաշառակերության, և այդ վարակը քաղցկեղի նման տարածվում է։ Պետության ամենամեծ դավաճանները կաշառակերներն են։ Նրանց Դանթեն դժոխքի ամենաներքևի պարունակում էր չարչարում։

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ… ո՞վ, ասացիք… Ապա, իսկույն ասեք նրա հասցեն։

ԳՐՈՂ — Դանթեի՞…

ՈՍՏԻԿԱՆ — Այո, քո ասած այդ Դանթեին ու քեզ հենց այս պահին բանտ եմ նետելու…

ԳՐՈՂ — Բայց նա մի քանի րոպե առաջ ինքնաթիռ նստեց ու փախավ Իտալիա։

ՈՍՏԻԿԱՆ — Մեր ճանկից չեք ազատվի, ինտերպոլով կգտնենք նրան։ Իսկ դուք, պարոն գրող, լավ կլիներ՝ զբաղվեիք ձեր գործով։

ԳՐՈՂ — Սպասեք, քաղաքացիների իրավունքները պաշտպանող ոստիկան, դուք գիտակցո՞ւմ եք, թե ինչ է կատարվում այսօր։ Ովքե՞ր հասցրին մեր ժողովրդին այս վիճակին։ Մարդը հայրենի հողը կորցնելուց հետո այլևս ոչինչ չունի կորցնելու։ Հայը բնույթով հացկատակ չէ, բայց դուք հասցրիք դրան։ Ժողովուրդը հուսահատված է, չգիտի՝ ի՛նչ անել… Իմ անավարտ պիեսը ընդամենը աղաղակ է, ճիչ՝ ուշքի՛ եկեք։

Գալիս է Մարին։

ՄԱՐԻ – Թողե՛ք նրան, իմ հոր կատարած յուրացումների հետ նա բացարձակապես կապ չունի։

ԱՍՅԱ – Վա՜յ, Չոբանյանի աղջիկն է։

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ եք դուք, օրիորդ։

ՄԱՐԻ — Ես նախկին տնօրեն Չոբանյանի դուստրն եմ, կարդացել եմ գրողի «Ոչխարի աղբյուրը» պիեսը։ Այնտեղ ոչ մի հակազգային մոտիվ չկա…

ՈՍՏԻԿԱՆ — Ո՞վ է ձեզ թույլ տվել արգելված գրականություն կարդալ։

ԳՐՈՂ — Դանթեն։

ՈՍՏԻԿԱՆ — Ուրեմն դուք է՞լ Դանթեի բարեկամներից եք։ Անմիջապես դուք էլ ինձ հետևեք։ (Գնում է, գրողն ու Մարին հետևում են նրան։)

ԼՈՐԻՏԱ — Տեսա՞ք, հոր թշնամուն ինչպես էր պաշտպանում, անամո՜թ…

ԱՆԿԱ — Իսկ ես համոզվեցի, որ գրողը չափազանց ազնիվ մարդ է։

ԱՍՅԱ — Անկա, ապա այն կողմը նայի՞ր…

ԱՆԿԱ – (նայելով Ասյայի նշած կողմը)։ Գալիս է քրեական հանցագործը։ Մի գողին գալիս է փոխարինելու մյուսը։

ԼՈՐԻՏԱ – Ո՞վ… ո՞վ…

ԱՆԿԱ — Նոր տնօրենը։

ԱՍՅԱ — Վա՜յ, ինչի՞ քարուքանդ չես լինում, աշխարհ, այդ քաղաքապետարանի պաշտոնյաները ուրիշ ազգական չունեի՞ն, որ գոնե գող չլիներ…

Գալիս է Իսրայել Սադայելյանը, ոտից-գլուխ չափում բոլորին, կանգնում կենտրոնում։

ՍԱԴԱՅԵԼՅԱՆ — Քաղաքապետարանը մերն ա՝ հարց չկա։ Ով ուզում ա կորդեբալետ պարի՝ թող գնա-բողոքի՝ հարց չկա… Աբիժնիկներ, ես ձեր նոր տնօրենն եմ՝ հարց չկա… Ովքեր չեն ցանկանում ինձ հետ աշխատել, թող դիմում գրեն՝ հարց չկա… Ովքեր ուզում են աշխատել, թող աշխատեն՝ հարց չկա… Ովքեր ինձ չեն ընդունում, մարզպետարանի միջանցքներում կսկսեն վազվզել, կհեռացնեմ՝ հարց չկա… Ես եմ որոշում ամեն ինչ՝ հարց չկա…

ԱՍՅԱ– Իսկ եթե գրողը գա ու ասի՝ հարց կա՞…

ՍԱԴԱՅԵԼՅԱՆ — Գրողին գրողի ծոցը կուղարկենք՝ հարց չկա…

ԱՆԿԱ — Մե՜… մե՜…

ԱՌԼԵՏԱ – Մե՜… մե՜…

ԼՈՐԻՏԱ – Բե՜… բե՜…

Բոլորն սկսում են մայել ու մկկալ։

ՍԱԴԱՅԵԼՅԱՆ – Լռե՛լ։ Ես ոչխարներին ու գառներին սիրում եմ մորթել ու խորոված անել՝ հարց չկա…

Ավելի ուժեղ են սկսում մայել ու մկկալ։ Սադայելյանը մկկոցին հընթացս բարձրացնում է ձայնը. «Հարց չկա… հարց չկա… հարց չկա…»։ Մկկոցներն ու մայունները նրա ձայնի հետ խառնվելով՝ դառնում են անտանելի կակաֆոնիա։

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։