«Մարտադաշտում մեկն էլ զինվոր է»
իրողության թատերական տարբերակը
Մարտի 4-ն էր: Կարանտին չկար, թեև օդում արդեն թևածում էր կորոնավիրուսի տագնապը: Մարտի 4-ն էր ու կար «Արտավազդ» մրցանակաբաշխության հստակ ժամանակցույցը, որը մեզ տարավ Ստեփանակերտ: Վ. Փափազյանի թատրոնը մասնակցության հայտ էր ներկայացրել «Լուսաբացից առաջ» ներկայացումով: Մինչ կհնչեր ներկայացումն ավետող հրավերը, ժյուրիի անդամները հասցրին հանդիպել թատերախմբի անդամների հետ, ջերմ զրուցել… Իսկ իմ բախտը բերեց, ես ծանոթացա թատրոնի գրական-գեղարվեստական բաժնի վարիչ Կարինե Ալավերդյանի հետ ու հայտնաբերեցի թատրոնի Նվիրյալի: Միայն թվեմ նրա հեղինակած գրքերը՝ «Լեոնիդ Հարությունյան» (2000 թ.), «Իսահակ Ալավերդյան» (2001 թ.), «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն-70» (2003 թ.), «Հայ բեմի մեծահամբավ վարպետները և Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան թատրոնը» (2003 թ.), «Բեմարվեստի մեր վարպետները» (2007 թ. Ա և 2009 թ. Բ հատորներ), «Երկու լուսավոր աստղ» (2015 թ.), «Թատերական սևեռումներ… Մտերմիկ անդրադարձներ» (2016 թ.), «Արեգա Պետրոսյան» (2016 թ.), «Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը. 1932-2019 թթ.» (2019 թ.): Ես թերթում էի գրքերը, որոնք ինձ էր մեկնում տիկին Կարինեն (ընթացքում նրբանկատ ակնարկեցի ու բացսիրտ պատասխան ստացա, որ այդ գրքերը իմն են լինելու) և մտածում՝ թատերական մեր աշխարհում քանի՞ այսպիսի նվիրյալներ ունենք, որոնք իրենց կյանքը կապել են թատրոնի հետ (աշխատում է 1999 թվականից) և դարձել նրա պատմագիրը՝ խնամքով ու ակնածանքով ստեղծելով Պատմություն:
Ներկայացման մասին չեմ խոսի այն պարզ պատճառով, որ մեր «Արտավազդը» շքեղ, ինչպես նախատեսվել էր, տոնախմբություն դարձնելու հույսն եմ փայփայում, բայց անպայման պիտի նշեմ, որ ինձ համար իրոք ճակատագրի նվեր էր Կարինե Ալավերդյանին ճանաչելը:
Ու քանի որ մեր փոխադարձ համակրանքը հիմնված էր նախ՝ թատրոնի վրա, տիկին Կարինեն սիրով tatron-drama.am կայքին տրամադրեց Վ. Փափազյանի անվան պետական թատրոնի մասին իր հերթական ուսումնասիրությունը, որն այսու բաժին առ բաժին կներկայացնենք մեր կայքի ընթերցողներին:
Շնորհակալությունս հայտնելով Կարինե Ալավերդյանին, ուզում եմ նաև հուսալ, որ երբևէ կայքը կունենա առանձին ու հսկայածավալ բաժին՝ մեր բոլոր թատրոնների Պատմություններով:
Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ
Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ
(Համառոտ ակնարկ)
Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան (մինչև 1989 թվականը` Մաքսիմ Գորկու անվան) պետական դրամատիկական թատրոնը որոնումների երկար ճանապարհ է անցել, գտել իր ստեղծագործական ուղին և իրավունք ձեռք բերել ուրույն վաստակով միանալու թատերարվեստի անհուն ծովին: Իր գոյության 87 տարիների ընթացքում մշակույթի այս օջախը աղ ու մակարդ է եղել արցախցիների մի քանի սերունդների համար: Իր ստեղծման օրից թատրոնը բեմադրել է 444 պիես, որոնք հայկական դասական և ժամանակակից, ինչպես նաև համաշխարհային անվանի թատերգուների գործեր են, որոնցով արվեստի այս օջախն Արցախում մեծ առաքելություն է կատարել Մայր հայրենիքից կտրված ու իր պատմական հողում ապրող և արարող հայերի ազգապահպանության, գեղագիտական ու հայրենասիրական դաստիարակության գործում, ինչպես նաև հոգևոր սնունդ է պարգևել Հյուսիսային Արցախի և Ադրբեջանի տարբեր շրջաններում ապրող հայությանը: Այսօրվա` ազատագրված Արցախի Հանրապետության թատրոնը, արցախահայության ազգային մտածողության վերակենդանացման կարևոր գործոններից մեկն է` որպես լեզվամտածողության, հայրենասիրական ոգու, բարձր գաղափարների և ազգային դիմագծի կրող, պահպանող ու սերունդներին փոխանցող կարևոր հաստատություն:
* * *
1932 թ. մարտին կառավարության հատուկ որոշմամբ Բաքվից Ստեփանակերտ գործուղվեց նշանավոր դերասան և ռեժիսոր Կարո Ալվարյանը` հայկական պետական դրամատիկական թատրոն հիմնադրելու նպատակով: Ալվարյանին տրամադրեցին քաղաքի արհմիութենական ակումբը, որն ուներ փոքրիկ բեմ, 300 տեղանոց դահլիճ և ընդամենը` կից սենյակ (ակումբի տեղում նախկինում գործել է սբ. Գևորգ եկեղեցին` երկդասյա հոգևոր դպրոցով): Ահա այս աղքատիկ հիմքի վրա պետք է թատրոն ստեղծվեր:
Կ. Ալվարյանը կարողացավ համոզել և մայրաքաղաքից փոքրիկ գավառաքաղաք Ստեփանակերտ հրավիրել արհեստավարժ դերասաններ Աննա Մելիքին, Արմեն Միրզոյանին, Հմայակ Դանիելյանին, Գուրգեն Ջանոյանին, Հայկ Գևորգյանին, Իվան Հովհաննիսյանին, Միքայել Կորգանյանին: Թատերախումբը համալրեցին տեղական ինքնագործ խմբի դերասաններ Մկրտիչ Բերբերյանը, Սուրեն Չալյանը, Ռուբեն Բարսեղյանը, Շամիր և Շուշանիկ Հովակիմյանները, Եփրեմ Մուսայելյանը, Ռոզա Լենկովսկայան, Ալեքսանդր Խաչիյանը և Ղևոնդ Դեմուրյանը: Ձևավորող նկարչի պարտականություններն ստանձնեց քաղաքում հաստատված գեղանկարիչ Մանուկզադեն (Ալեքսանդր Դաշտոյան), ով հանդես էր գալիս նաև դերակատարումներով:
Նախապատրաստական տքնաջան աշխատանքից հետո 1932 թ. օգոստոսի 11-ին` հայոց Նավասարդի օրը, բացվեց Ստեփանակերտի պետական հայկական դրամատիկական թատրոնի վարագույրը: Բեմի վրա էր մեր համերկրացի նշանավոր դերասան և ռեժիսոր Վաղարշ Վաղարշյանի «Օղակում» պիեսը: Ժամանակակիցների վկայությամբ` հանդիսատեսը ցնծությամբ ողջունեց թատերախմբի անդրանիկ ելույթը: Ներկայացումը կրկնվեց բազմաթիվ անգամ և միշտ` լեփ-լեցուն դահլիճներով: Այն դիտելու էին գալիս նաև մոտակա գյուղերից, հաճախ ոտքով կամ լավագույն դեպքում` սայլերով: Ահա այսպես սկսեց իր ստեղծագործական ուղին Ստեփանակերտի Մաքսիմ Գորկու անվան հայկական պետական դրամատիկական թատրոնը:
* * *
Կարո Ալվարյանը հմուտ ռեժիսոր, մանկավարժ, դերուսույց էր: Նա թատրոնի շունչն ու ոգին էր և իր սևեռուն մտքով, հարուստ կենսափորձով, հանրագիտարանային գիտելիքներով կարողացավ կրթել ու դաստիարակել դերասանների մի քանի սերունդ, հեղինակեց տասնյակ բեմադրություններ, գրեց և բեմադրեց «Սայաթ-Նովա» դրաման:
Երկրորդ թատերաշրջանից սկսած` Ալվարյանը հյուրախաղերի է հրավիրում հայ բեմարվեստի տաղանդավոր ներկայացուցիչների, որը և դառնում է ավանդույթ: Մեծանուն վարպետների ներկայությունը բարձրացնում է նորաստեղծ թատրոնի հեղինակությունը, դառնում դպրոց երիտասարդ դերասանների համար: Մեծահռչակ հյուրերից առաջինը Կ. Ալվարյանի դասընկերը` Վահրամ Փափազյանը (նրա հետ սովորել է Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան վարժարանում), ոտք դրեց Ստեփանակերտ` 1933 թվականին: Նրան հետևեցին Իսահակ Ալիխանյանը, Ալեքսանդր Հովհաննիսյանը, Արուս Ոսկանյանը, Ժասմենը, Լևոն Երամյանը, Հրաչյա Ներսիսյանը, Ավետ Ավետիսյանը, Դավիթ Մալյանը, Կարպ Խաչվանքյանը և ուրիշներ: Թատրոնը կարճ ժամանակում կարողացավ կայանալ, հասունանալ, և 1930-ականների վերջում դառնալ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզում և հարևան հանրապետություններում ճանաչված ու սիրված մշակույթի օջախներից մեկը:
1941 թ. հունիսի 22 -ին սկսվում է Հայրենական մեծ պատերազմը: Թատրոնի համար վրա են հասնում ծանր ժամանակներ. տղամարդկանց մեծ մասը և նույնիսկ մի խումբ կանայք մեկնում են ռազմաճակատ: 1942 թ. փետրվարին փակվում է Շուշիի կոլխոզ-սովխոզային պետական շրջիկ թատրոնը և միավորվում Ստեփանակերտի թատրոնին: Դերասանախումբը համալրվում է նոր կադրերով, ինչը հնարավորություն է ընձեռում, որ ստեղծագործական աշխատանքները չընդհատվեն մեկ օր անգամ: Բեմադրվում են պատմահայրենասիրական, պատերազմական թեմաներով նոր գրված, ինչպես նաև դասական պիեսներ: Հանդիսատեսի կողմից հատկապես ջերմ արձագանք են գտնում «Վարազդատ» և «Գևորգ Մարզպետունի» պատմական պիեսների բեմադրությունները, որոնցով թատերախումբը ջանում է հայրենասիրական ոգով տոգորել արցախցուն, նրա մեջ արթուն պահել հավատը հաղթանակի նկատմամբ:
1943 թ. հունվար- մարտ ամիսներին դերասանները հրաժարվելով իրենց հանգստյան օրերից, ոտքով, սայլերով, նույնիսկ գրաստներով անցնելով գյուղից-գյուղ, խաղացին այդ ներկայացումները և վաստակած 50 հազար ռուբլին ուղարկեցին Մոսկվա` տանկային շարասյան կառուցման ֆոնդին:
… Թատրոնը պատվով անցավ պատերազմական դաժան տարիները և բոլորի հետ միասին բաց ճակատով տոնեց հաղթանակը: Տուն վերադարձան ռազմաճակատ մեկնած դերասանները (զոհեր նույնպես եղան) և անցան խաղաղ աշխատանքի:
1949 թ. մարտի 11-ին Ադրբեջանի կառավարության հայատյաց քաղաքականության արդյունքում փակվում է Բաքվի Լևոն Երամյանի անվան պետական հայկական Կարմրադրոշ դրամատիկական թատրոնը, այն դեպքում, երբ Բաքվում բնակվող հայերի թիվը հասնում էր 400 հազարի: Որոշման համաձայն` Բաքվի հայկական թատրոնը միավորվում է Ստեփանակերտի թատրոնին` իր ունեցվածքն ու նյութական միջոցները փոխանցելով վերջինիս: Ստեփանակերտի թատրոնը ձեռք է բերում հանրապետական նշանակություն, նրա առաջ ծառանում է Ադրբեջանի հայաշատ բնակավայրերի սպասարկման խնդիրը ևս: Բաքվի թատրոնից Ստեփանակերտ են տեղափոխվում մեկ տասնյակից ավելի առաջնակարգ և սիրված դերասաններ: Թատրոնի նոր, հզոր կազմը ենթադրում էր ստեղծագործական բուռն վերելք, որն անհնարին էր առկա շենքային խղճուկ պայմաններում: Հրամայական է դառնում թատրոնի նոր շենք ունենալու խնդիրը:
1950 թ. գարնանը սկսվում է թատրոնի նոր շենքի շինարարությունը, որը վերածվում է համաժողովրդական կառույցի: Այն կառուցվում է Շուշիի տարածքի կրաքարից` սպիտակ բազալտից: Շինարարության թափն աննախադեպ էր այդ տարիների համար, ուստի այն կառուցվում է շատ կարճ ժամանակահատվածում. 1952 թ. հոկտեմբերի 5 -ին բացվում է Ստեփանակերտի թատրոնի նոր շենքի դռները` գեղեցիկ հարդարված ճեմասրահներով, դահլիճով, տեխնիկապես հագեցված բեմահարթակով, հարմարավետ արտադրամասերով: Այդ հոյակապ շենքի մասին արցախցին բազմիցս լսել է հիացական ու գովեստի խոսքեր, սակայն ամենագեղեցիկ գնահատականը, երևի թե, տվել է Վահրամ Փափազյանը 1958 թ. Ստեփանակերտ կատարած իր հյուրախաղային այցելության ժամանակ. «Թատրոնի շենքը զարմացրեց ինձ: Սա այն չէ, ինչ տեսել էի 12 տարի սրանից առաջ: Իր սյունազարդ ու կամարակապ վերելքի վերև տարածվող քանդակազարդ պատշգամբով, լայն ֆոյեով ու հարուստ բեմով զարդն է այդ գողտրիկ, սիրուն քաղաքի… Այսպիսի ուժերով հարուստ մի թատրոն, սիրված ու շոյված մարզի պետական դեմքերից, որոնք, ինչպես համոզվեցի, մասնավոր խնամքով գուրգուրում էին իրենց թատրոնը, մարզի հանդիսատեսի համար սոսկ ժամանցի վայր չէ, այլ հանդիսատեսի հոգեկան պահանջը բավարարող մի հիմնարկ»:
Թատրոնի նոր շենքի կառուցումը նպաստեց մշակույթի այս օջախի ստեղծագործական վերելքին և ծաղկմանը: Ձևավորվեց թատերախումբ` իր անկրկնելի աստղաբույլով, նույնքան էլ հարուստ ու բազմաժանր խաղացանկով:
Այս թատրոնում են աշխատել բեմարվեստի երախտավորներ, հանրապետության ժողովրդական արտիստներ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Կորգանյանը, Թագուշ Սահակյանը, Թամարա Մելքումյանը, Նինա Հովսեփյանը, Մարգո Բալասանյանը, Բենիկ Օվչյանը, Մամիկոն Միքայելյանը, Նվարդ Ասատրյանը, Զինավոր Գևորգյանը, Ժորա Մովսիսյանը, Միքայել Հարությունյանը, վաստակավոր արտիստներ Օվսաննա Սարգիսբեկյանը, Արուս Ղազումյանը, Ռաֆիկ Հարությունյանը, Շուշիկ Գրիգորյանը, Սուրեն Համզոյանը, Ասյա Սիմոնյանը, Արֆենյա Հովհաննիսյանը, վաստակաշատ դերասաններ Գուրգեն Գրիգորյանը, Հակոբ Մելոյանը, Բուղդան Բաբայանը, Վահան Առուշանյանը, Ասլանիկ Օհանյանը և այլք:
Տարբեր ժամանակահատվածներում թատրոնում բեմադրություններ են հեղինակել Գուրգեն Թավրիզյանը, Արտաշես Հովսեփյանը, Տաճատ Վարդազարյանը, Ռաֆայել Ջրբաշյանը, Ռեմ Սարգսյանը, Ալֆրեդ Հակոբյանը, Անդրանիկ Գամջյանը, Վահե Շահվերդյանը և ուրիշներ: Երկար տարիներ թատրոնի գրական մասի աշխատանքները վարել է նրա տարեգիր, հանրապետության մշակույթի վաստակավոր աշխատող Իսահակ Ալավերդյանը:
Բեմադրությունների իրենց ձևավորումներով Ստեփանակերտի թատրոնին մեծ ծառայություն են մատուցել արվեստի վաստակավոր գործիչներ Մուշեղ Սաղյանը, Գրիգոր Ծատուրյանը, տաղանդավոր բեմանկարիչ Սամվել Հովհաննիսյանը: Շնորհալի նկարիչ-կատարող Զորիկ Գալստյանը այսօր էլ շարունակում է նվիրումով ծառայել թատրոնին: Անհրաժեշտության դեպքում թատրոնի աշխատանքներին սիրով ձեռնհաս են լինում ճանաչված բեմանկարիչ Անտոն Քեշիշյանը, գեղանկարիչ- քանդակագործ Ռոբերտ Ասկարյանը:
Տարիների ընթացքում Կարո Ալվարյանի բարեխնամ ձեռքի տակ ոչ միայն դերասաններ են վարպետացել, այլև բեմադրիչներ են կայացել: Նրա ռեժիսոր սաներից կարողունակ դուրս եկավ Իվան Հովհաննիսյանը, ով փոխարինեց իր ուսուցչին` ստանձնելով թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը (1958-1967 թթ.), շարունակելով նրա գործը: Հարյուրից ավելի բեմադրություններ է հեղինակել ժողովրդական արտիստ Ի. Հովհաննիսյանը, որոնցից ըստ արժանվույն գնահատվել են հատկապես նրա պատմահայրենասիրական թեմաներով բեմադրած պիեսները` «Մելիքի աղջիկը», «Ռուզան», «Մխիթար Սպարապետ», «Սամվել», «Վարազդատ», «Անահիտ»: Թատերախումբն այս բեմադրություններով շրջել է Արցախի լեռների ծերպերին թառած հեռավոր գյուղերը և հայկական շունչը տարել շինականին ու նրա հոգում անթեղված պահել արյան կանչն այնպես, որ 88-ին բորբոքելու կրակ եղավ:
1968 թվականից թատրոնի ստեղծագործական աշխատանքը գլխավորեց ՀՀ ժողովրդական արտիստ Հովհաննես Կարապետյանը, Ստեփանակերտի թատրոնի բեմի վրա հայտնվեցին ներկայացումներ` խիստ դինամիկ գործողություններով, հույժ հարաշարժ բեմավիճակների մեջ, ռեժիսորական փայլուն երևակայությամբ հորինված կերպավորումներով: Ներկայացումները դարձան ներդաշնակ, անսամբլային, որ հաճախ նախկինում անտեսվում էր: Կարապետյանը նոր մեկնաբանությամբ բեմ հանեց Շիրվանզադեի «Մորգանի խնամին», «Արմենուհի», «Նամուս», «Պատվի համար» պիեսները: Թատրոնի պատմության մեջ նոր շրջափուլ հանդիսացավ նրա հեղինակած` Շեքսպիրի «Ձմեռային հեքիաթ» ողբերգության բեմադրությունը: Այս ներկայացումով թատրոնն իր սեփական շեքսպիրյան խոսքն ասաց` թարմ ու աննախադեպ:
Թատրոնի ստեղծագործական վերելքի հետ ծնունդ առավ և իր պատվավոր դերը կատարեց տեղական թատերագրությունը: Բեմական կյանք ստացան և ջերմ ընդունելության արժանացան Ի. Ալավերդյանի «Սիրո ճանապարհը», «Ա՜խ, սեր…», Բ. Ուլուբաբյանի և Ի. Ալավերդյանի «Հողի լեզուն», Վ. Օվյանի «Մեծ Լոռեցին», «Պըլը-Պուղի», Ա. Դանիելյանի «Այրվող պատիվ», Վ. Հակոբյանի «Քո սերը քո տունն է», «Հայելիներ» թատերերկերը:
1980-ականներին ավագ սերնդի կողքին իրենց ինքնահաստատումը գտան ժող. արտիստուհի, այսօր արդեն Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ Ժաննա Գալստյանը, վաստ. արտիստներ Ղարիբ Սարգսյանը, Ջուլիետա Ստեփանյանը, Սամվել Բաղինյանը, Սամվել Վիրաբյանը:
Այսօր թատրոնի ավագ սերնդի խնդիրներն ու պարտականություններն իրենց ուսերին են տանում ԼՂՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, վաստակավոր արտիստներ Արեգա Պետրոսյանը, Սվետլանա Թովմասյանը, Արմելա Առաքելյանը, Սամվել Եվրիյանը, Արմիդա Գաբրիելյանը, Մարտին Ալոյանը: Իրենց կարողությունների չափով թատրոնի ստեղծագործական աշխատանքները խթանում են դերասաններ Ռոզա Գասպարյանը, Դիանա Մելիքսեթյանը, Սամվել Մկրտչյանը, մշակույթի վաստակավոր գործիչ Վլադիմիր Միքայելյանը և ուրիշներ:
Գրական-գեղարվեստական մասի աշխատանքները վարում է ԼՂՀ մշակույթի վաստակավոր գործիչ Կարինե Ալավերդյանը, ով պատվով շարունակում է իր հոր` Իսահակ Ալավերդյանի գործը` գրի առնելով և սերունդներին հանձնելով թատրոնի տարեգրությունը:
Շարունակելի