Ժակ ԱՆՐԱՐ / «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ»
Ժակ ԱՆՐԱՐԻ «ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2001-2002 թթ., թիվ 4-5-ում
Ժակ ԱՆՐԱՐ
ԿԱՆԱՆՑ ԳՈՒՅՆԵՐԸ
Գործող անձինք
ԿԻՆ
17 նկարիչ 2 դերասանի կատարմամբ
Էկրանի վրա, որը քիչ ուշ կօգտագործվի որպես շիրմա, երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվում են կանանց ներկայացնող դասական կտավներ։ Վերջինը կլինի Գոյայի «Տիրանան»։ Երբ լույսը վառվում է, տեսնում ենք Կնոջը՝ նկարի կերպարի կենդանի վերարտադրությունը իրեն համապատասխանող շրջանակի մեջ։ Մտնում է Կլոդ Մոնեն՝ թանգարանի այցելուի հանդարտ քայլվածքով։ Կանգ է առնում և դիտում։
ՄՈՆԵ — Ինչ ապուշ տեսք ունի այս մեկը։ Անունն ի՞նչ է։ (Կռանում է, որպեսզի կարդա նկարի խորագիրը։)
ԿԻՆ — Իսկ քո անունն ի՞նչ է։
ՄՈՆԵ — Տես, է՛։ Նկարը խոսում է։
ԿԻՆ — Ես նկար չեմ։
ՄՈՆԵ — Ապա ի՞նչ ես։
ԿԻՆ — Կին եմ, թերևս։
ՄՈՆԵ — Ճիշտ որ։ Մտքովս չանցավ։ Այս կտավը նախևառաջ կին է եղել։ Այս մաշկը, այս մազերը, այս աչքերը մինչև գույներով երանգավորվելը, նախ պատկանել են մի կնոջ։ Ինչպե՞ս պատահեց, կին, որ դու պատկեր դարձար։
ԿԻՆ — Մի նկարիչ ինձ ասաց. «Նստիր այնտեղ և այլևս չշարժվես»։ Նա ինձ կերպարանափոխեց աստվածուհու, հետո Մարիամ Աստվածածնի, հետո սպասուհու, գեղջկուհու, ժանյակագործի, վերջապես, մի սովորական քաղքենու։
ՄՈՆԵ — Այդ նկարիչը սիրահարվա՞ծ էր ձեզ։
ԿԻՆ — Իր մուսաներից բացի ո՜ւմ է սիրում նկարիչը։ Հանուն նրա թողնում է հորն ու մորը, դավաճանում ընկերներին, լքում կնոջն ու երեխաներին։
ՄՈՆԵ — Կյանքն ինչպե՞ս է նկարի մեջ, ուրա՞խ է։
ԿԻՆ — Այցելուներն անցնում են կողքովս։ Նրանց աչքերում ես նշմարում եմ փայլատակվելու պատրաստ կայծը։
ՄՈՆԵ — Քնքշա՞նք, սե՞ր։
ԿԻՆ — Ինչպե՞ս իմանամ։ Այդ պահին նրանց հայացքն իջնում է ցած։
ՄՈՆԵ — Ամոթխածությունի՞ց, վարանոտությունի՞ց։
ԿԻՆ — Ոչ։ Որպեսզի կարդան իմ անունը պղնձե տախտակի վրա։ Ես ընդամենը տախտակի վրա գրված անուն եմ։
ՄՈՆԵ — Հետևիր ինձ։
ԿԻՆ — Ո՞ւր։
ՄՈՆԵ — Իջիր այդտեղից։ Հետևիր ինձ։ Ես նկարիչ եմ։
ԿԻՆ — Տեր Աստվա՜ծ։ Եվս մեկը։
ՄՈՆԵ — Ինձ կոչում են Մոնե, ու ես նկարում եմ կանանց առանց անունի, առանց առասպելի, առանց լուսապսակի, առանց թագի։
ԿԻՆ — Կարծում էի, մի սիրահար ուզում է առևանգել ինձ։ Այնինչ ոմն նկարիչ ուզում է ինձ առգրավել։
ՄՈՆԵ — Նոր սերնդի ծնունդ, որ անծանոթ է թանգարաններին, իջիր այդտեղից։ (Նա պարզում է ձեռքը։ Կինն իջնում է նկարից։ Մոնեն նրան զգեստ է մեկնում։) Դեն նետիր այդ պաճուճանքները։ Սա վերցրու։
ԿԻՆ — Եվս մեկը, որ ուզում է ինձ կերպարանափոխել։ (Անհետանում է էկրանի ետևում։)
ՄՈՆԵ — Ինչո՞ւ կանայք, քո կարծիքով, պարտավոր են զգեստ կրել։
ԿԻՆ — Ենթադրում եմ, որպեսզի իրենց հանվեցնելու հաճույքը պատճառեն տղամարդկանց։
ՄՈՆԵ — Ոչ։ Որպեսզի լույսը որսան։ Լավ իմացիր։ Շրջազգեստի նպատակը… Կրկնիր։
ԿԻՆ — Շրջազգեստի նպատակը…
ՄՈՆԵ — Կնոջը լույսի որոգայթ դարձնելն է։
ԿԻՆ — Որոգա՞յթ։ Որսում ենք լույսը թռչնի պե՞ս…
ՄՈՆԵ — Թռչուն եք դուք ձեր սլացքով, ձեր թռիչքի թեթևությամբ… Սակայն վագր եք՝ ախորժակով։
ԿԻՆ — Որ կարող է ձեզ խժռե՞լ։
ՄՈՆԵ — Մի վախեցիր, նա ենթարկվում է ինձ։ Ես նրա կատաղությունը գիտեմ զսպել։
Շլացուցիչ լույսի ներքո հայտնվում է Կինը՝ հագնված ինչպես Մոնեի «Հովանոցով կինը»։
ԿԻՆ — Ես այրվում եմ, գոլորշիանում եմ։
ՄՍՈՆԵ — Պետք է անհետանաս, անէանաս, վերանաս։
ԿԻՆ — Իմ կերպերը ցրվում են։ Ես կորցնում եմ իմ ուրվագիծը։
ՄՈՆԵ — Դու ափսոսո՞ւմ ես։ Դրանք բանտ են, շղթաներ։ Հրաժարվիր քո չնչին ինքնությունից, քո աննշան փոքրիկ անհատականությունից։ Միաձուլվենք աշխարհին։ (Լույսը թուլանում է։ Լուսարձակվում է «Հովանոցով կինը»։) Ես կցրեմ քեզ բնության մեջ։ Ես կխառնեմ քեզ խոտերին, երկնքին։ Դու կդառնաս ծաղիկ, մշուշ, ձյուն, առվակ, ջրվեժ։ Ես աշխարհի չափով քեզ կընդլայնեմ։
Երաժշտության տակ ցուցադրվում են Մոնեի մի շարք կտավներ, այդ ընթացքում կինը երգում է։
ԿԻՆ — Ի՞նչ են ուզում արտիստներն այս անհանգիստ՝
Վրձինն առած իրենց նրբին ու զգայուն։
Նրանց բոլորն ասում են իմպրեսիոնիստ,
Խենթ են նրանք՝ վերջնական ու մնայուն։
Այնպես են աչքերը բացում նրանք,
Ասես ելնում են միջից գիշերվա,
Որպեսզի լույսն ընդունեն օրվա
Հայացքների մեջ՝ իբրև մի բերկրանք։
Գծանկարն են մերժում անսանձ
Եվ խստությունը նրա նյութեղեն,
Քանզի մտքերն իրենց պիտ հղեն
Գույներով հարուստ ու հաղթապանծ։
Անիշխան է գույնը և թագուհի,
Պայծառությամբ իր գինով աչքի,
Նա ընդունում է ճշմարտություն մի լոկ՝
Խենթությունն ինքնիշխան ու անհոգ։
Լույսը կրկին վառվում է։ Մտնում է Ռենուարը։
ՌԵՆՈՒԱՐ — Խորամա՜նկ Մոնե։ Դու սիրահետում ես կնոջը, որպեսզի թաքցնես նրանից քո արհամարհանքը։
ՄՈՆԵ — Ծերուկ Ռենուարն է։ Ես զարմացած եմ։ Առավոտվանից նա դեռ ոչինչ չի գծել։
ՌԵՆՈՒԱՐ — Դու սիրո՞ւմ ես կնոջը։ Համոզվա՞ծ ես։ Ես կասկածում եմ։ Դու սիրում ես լույսի ճառագայթը, որ խաղում է նրա մազերի մեջ, որ կառչում է նրա փեշից։
ՄՈՆԵ — Ես նրան գովերգում եմ։
ՌԵՆՈՒԱՐ — Դու նրան քայքայում ես։
ՄՈՆԵ — Ես նրան փառաբանում եմ։
ՌԵՆՈՒԱՐ — Դու նրան փշրում ես։
ՄՈՆԵ — Ես նրան այլափոխում եմ։
ՌԵՆՈՒԱՐ — Ավելին, քան նրա հովանո՞ցը, կամ նրա շան մո՞րթը։
ՄՈՆԵ — Կարելի՞ է արդյոք ավելի մեծ բան երազել, քան լույս դառնալը։
ՌԵՆՈՒԱՐ — Այո։
ՄՈՆԵ — Ասա խնդրեմ։
ՌԵՆՈՒԱՐ — Մարմին ունենալ, միս… (Ձեռքը գցում է կնոջը։)
ՄՈՆԵ — Ձեռք չտաս նրան։
ՌԵՆՈՒԱՐ — Քեզ ո՞վ ասաց, թե նա երազում է վերածվել մշուշի, թե նա չի տենչում զգալ իմ ձեռքի կոպտությունը։ Մի բան հիշեցի։ Տասնհինգ տարեկան էի, ծաղիկներ էի նկարում հախճապակու վրա Փարիզի գործարաններից մեկում։ Իսկ երեկոյան գնում էի պարտեզները…
ՄՈՆԵ — Ես քեզ լավ եմ ճանաչում, անառակ։
ՌԵՆՈՒԱՐ — Արձանները նայելու։
ՄՈՆԵ — Սառնություն։ Անշարժություն։
ՌԵՆՈՒԱՐ — (ուրվագծելով օդում կնոջ մարմինը)։ Ես մատներով շոշափում էի նրանց մարմինների ուրվագծերը։
ՄՈՆԵ — Ձեռքդ քե՛զ քաշիր, կեղտոտ ծերուկ։
ՌԵՆՈՒԱՐ — Ես մոդելավորում էի կորությունները։
ՄՈՆԵ — Ինձ կխենթացնես։ Դու նկարչի աչք չունես, դու ձեռք գցող ես, կավ հունցող ու քանդակ շոյող։ Այնուհանդերձ, ժամանակին, գրողը տանի, դու լույսին երդվեցիր բոլորիս՝ իմպրեսիոնիստ եղբայրներիդ հետ։
ՌԵՆՈՒԱՐ — (կնոջ ոտքերն ընկնելով)։ Ես երդվեցի կնոջը։ Լո՜ւյս, քնքուշ եղիր իմ բարեկամ կնոջ հետ։ (Լույսը թուլանում է։) Ընդգծիր, առանց ծանրացնելու, նրա նրբին շարժումները, նրա հմայիչ կեցվածքները։ Ավելացրու նրա արդուզարդին մարգարիտներ, ժապավեններ, ժանյակներ, բայց առանց քրքրելու նրա կերպասը, առանց վնասելու զգեստի ցանկահարույց ծալքերը։
ՄՈՆԵ — Դու լռեցրել ես լույսը, իմ սքանչելի վագրուհի։ Դու դավաճանել ես նրան և մեզ բոլորիս՝ նրա հետ միասին։
Լույսը թուլանում է։ Ցուցադրվում է Ռենուարի «Շնիկով կինը»։
ՌԵՆՈՒԱՐ — Ինչպես և դու, Մոնե, ես ուզեցել եմ խառնել կնոջը խոտերին, վայրի ծաղիկներին՝ առանց իմանալու, թե որտեղ է վերջանում ծառի կանաչ ստվերը և սկսվում զգեստի կերպասը («Օրիորդը պուրակում» կտավի լուսարձակումը)՝ խառնելով նրա մաշկի փայլը արևահարված տերևների հետ՝ պուրակի կիսաստվերում։ («Լողացող կինը ժայռի վրա» կտավի լուսարձակումը։) Ես ասել էի այնժամ լույսին. «Դադարիր տարրալուծել և ջնջել, անհետացնել։ Սովորիր հարգել մարմնի կլորությունները, ուսերի կորությունը։ («Մազերը հարդարող աղջիկը» կտավի լուսարձակումը։) Կառուցիր ձևերը առանց դրանք քանդելու, առանց ձուլելու բնության հետ և նրա մշուշներին, ինչպես սիրելի Մոնեն է անում անզգուշաբար։ Ես շոյում էի կնոջն աչքով ու ձեռքով։
Ցուցադրումն ավարտվում է։ Լույսը վառվում է։
ԿԻՆ — Վերջացնենք, պարոնայք արդի նկարիչներ։ Կարո՞ղ եմ արդյոք թանգարան վերադառնալ։
ՌԵՆՈՒԱՐ — Արդե՞ն։ Դու ձանձրանո՞ւմ ես մեզ հետ։
ԿԻՆ — (Մոնեին)։ Ինձ վերածում են ծխի, խառնում ծաղիկներին ու տերևներին, տարրալուծում խոտերի մեջ։
ՄՈՆԵ — Ինչպես արևից քամած ցողի կաթիլը, որ ըմպում է տիեզերքը։ Նա ծարավի էր քեզ։
ԿԻՆ — (Ռենուարին)։ Այնուհետև ինձ նորից խտացնում են, ամփոփում հաստատուն, ամրակուռ մարմնի մեջ։
ՌԵՆՈՒԱՐ — Քնքույշ և ջերմ մարմնի ճկուն և ուժեղ անդամներով։
ՄՈՆԵ — Տեսնո՞ւմ ես, ինչպես է քեզ նսեմացնում։ Ես նախընտրում եմ հեռանալ։ (Գնում է։)
ԿԻՆ — Մեկը գովաբանում է աչքերս, մյուսը՝ ձեռքերս։ Չնայած երկրորդը երազում է միայն ինձ հանվեցնելու մասին, իսկ առաջինը ինձ ընդունում է միայն պաճուճանքներով զարդարված և զգեստի շրշյունով։
ՌԵՆՈՒԱՐ — Դու գերադասում ես հին ժամանակի նկարիչների՞ն։ Նրանց միօրինակությո՞ւնը։ Նրանց խոհարարական գրքե՞րը։ Նրանց երևակայության բացակայությո՞ւնը։
ԿԻՆ — Ի՞նչ կտաք ինձ փոխարենը։
ՌԵՆՈՒԱՐ — Կիրք։ Հույզ։ Զգայական արկածներ։
Բեմ է մտնում Դեգան։ Նա իր եռոտանու վրա տեղադրում է լուսանկարչական գործիքն ու մտնում սև ծածկոցի տակ։
ՌԵՆՈՒԱՐ — Ուշադրություն, գեղեցկուհիս, ուշադրություն։ Ուշ է, ահա քեզ բռնացրին։
ԿԻՆ — Ո՞վ։
ՌԵՆՈՒԱՐ — Դեգան։
ԿԻՆ — Դեգա՞ն։
ՌԵՆՈՒԱՐ — Էդզար Դեգան։
ԿԻՆ — Չեմ ճանաչում։
ՌԵՆՈՒԱՐ — Մոլեգին նկարիչ է, նրա հետ լեզու չես գտնի։ Ազատ ժամերին լուսանկարում է։
ԿԻՆ — Ո՞ւր է իմ բանտը։
ՌԵՆՈՒԱՐ — Այդ տուփը։
ԿԻՆ — Ի՞նչ կա մեջը։
ՌԵՆՈՒԱՐ — Դու։
ԿԻՆ — Ինչե՞ր ես խոսում։
ՌԵՆՈՒԱՐ — Այն պարունակում է քո պատկերը։
ԿԻՆ — Ո՞վ է հեղինակը։ Ո՞ր նկարիչը։
ՌԵՆՈՒԱՐ — Լույսը։
ԿԻՆ — Ուրեմն դա մտապաշարո՞ւմ է։
ՌԵՆՈՒԱՐ — Ինչ ես նկարում եմ վրձնի մանր հարվածներով մեկ շաբաթվա ընթացքում, լույսն այդ տուփի մեջ մեկ վայրկյանում է անում։
ԿԻՆ — Ինչպե՞ս է կոչվում այդ հրաշքը։
ՌԵՆՈՒԱՐ — Լուսանկարչություն։
ԿԻՆ — Դա ի՞նչ է նշանակում;
ՌԵՆՈՒԱՐ — Լույս, որ գրում է, գծում է և նկարում։
ԿԻՆ — Խեղճ մարդ։ Ի՞նչ է լինելու նկարչության հետ։ Քեզ մնում է միայն հավաքել քո մոլբերտը։
ԴԵԳԱ — Եթե միայն… Նայեք։ (Հանում է գործիքն իր հենարանից։) Դա խենթություն է, այն, ինչ սովորեցրեց ինձ այս տուփը։ (Ցատկում է սեղանի վրա։) Ես կարող եմ քեզ նկարել վերևից ներքև, ինչպես աշտարակի գագաթից։ (Սեղանից ցատկում և ծնկի է իջնում։) Կամ ներքևից վերև, ինչպես տիրամոր առջև ծնրադրածը։ (Վեր է կենում։) Ես կարող եմ նաև որսալ արագասահ այն շարժումը, որ դու պիտի չկարողանայիր երկար պահել նկարչի առջև բնորդելիս։ Դա կոչվում է ակնթարթային պատկեր։ (Վայր է դնում գործիքն ու բացում ներկերի տուփը։) Լուսանկարչի իմ բոլոր սխրանքները, հո՜պ, ես անցկացնում եմ նկարներիս մեջ։
ԿԻՆ — Ուրեմն հիմա դու պիտի ինձ նկարե՞ս։
ԴԵԳԱ — Ինչպես երբեք…
ԿԻՆ — … չե՞մ եղել։
ԴԵԳԱ — Վրձնի մի հարվածով…
ԿԻՆ — … բոլորովին նորովի, օրիգինալ, անկրկնելի, անհամեմատելի։
ԴԵԳԱ — Հները, նկարից նկար, բավարարվում էին հագուստներդ փոխելով։
ԿԻՆ — Եվ ձեզնից յուրաքանչյուրն ինձնից նոր կին պետք է ստեղծե՞ր։
ԴԵԳԱ — Դու մեկն ես, բայց մենք քեզ հազար կդարձնենք։
ԿԻՆ — Այդ որքա՞ն աչք, ականջ, ազդր ու ձեռք կանի։
ՌԵՆՈՒԱՐ — Հուսամ՝ կլաուստրոֆոբիայով չես տառապում։
ԿԻՆ — Դու խոսում ես թանգարանային ցուցանմուշի հետ։
ՌԵՆՈՒԱՐ — Այդ սիրելի Էդգարը արվեստանոցի առնետ է։ Նա ատում է բնանկար անել, դաշտերում թափառել, բնությունն ուսումնասիրել։
ԴԵԳԱ — Նկարչությունը սպորտ չէ։
ՌԵՆՈՒԱՐ — Նրա նկարներից փակվածության հոտ է գալիս։
ԴԵԳԱ — (հրելով՝ մի սեղան է բերում կնոջ առջև)։ Բարձրացիր։
ՌԵՆՈՒԱՐ — Արևի փոխարեն նա գերադասում է կեղտոտ ապակիների միջով թափանցող խաթարված լույսը կամ նավթ ու գազ բուրող արհեստական լուսավորությունը։
ԴԵԳԱ — (կնոջը)։ Հրաժարվել արևի պարգևներից, շքեղ պարտեզներից, անթերի մարգագետիններից կամ գեղեցիկ ժամանցից, կեղծանուշ հայացքի տակ ոմն Մոնեի կամ ոմն Ռենուարի, մրցակցելով ծաղիկների ու թիթեռների հետ։ (Կնոջն ստիպում է «Արդուկ անող կնոջ» դիրքն ընդունել, ինչպես նույնանուն պաստելի վրա։) Դու վեր ես կացել արշալույսին և մինչև մթնշաղ, որպեսզի օրվա հացդ վաստակես, արդուկելու ես բուրժուաների ու կոմսուհիների սպիտակեղենը այս լվացքատան մեջ։ (Լույսը թուլանում է։ Կտավը հայտնվում է էկրանի վրա։) Զգո՞ւմ ես արդյոք ուսերիդ լարվածությունը, հոգնածության ծանրությունը և կուտակված ժամանակը։ Ես ուզում եմ կնոջը ներկայացնել ամբողջությամբ, ներսից ու դրսից, այնպես, ինչպես երևում է, այն, ինչ նա զգում է։ («Արդուկ անող կինը» կտավի լուսարձակումը։) Ես չեմ կարող բավարարվել մարմնի կորություններով միայն, ինչպես դու, Ռենուար, ոչ էլ քո ընկեր Մոնեի պես, ժանյակի վրա ընկնող ճառագայթով։ Իմ հերոսուհիներից քրտինքի հոտ է գալիս։ Նրանց շունչը գինի է բուրում։ («Օշինդրի օղի» կտավի լուսարձակումը։) Սրճարանների սեղանների մոտ օշինդրի օղի ըմպելիս նրանք մոռանում են իրենց վերջին գիշերվա նսեմացումը, իրենց զուգակիցների ճնշող ներկայությունը, որոնք ծխամորճը բերաններին՝ աչք են տնկում լուսամուտի տակով անցնող ամեն մի փեշի։ («Զարդարվող կինը» նկարի լուսարձակումը։)
ՌԵՆՈՒԱՐ — Ո՞ւր է հոգին դրա մեջ։ Դու մարմին ես նկարում, ինչպես և ես, բայց այն չի ճառագայթում։ Դա երջանիկ մարմին չէ։ (Մեկ այլ «Զարդարվող կինը» կտավի լուսարձակումը։)
ԴԵԳԱ — Ճիշտ է, նա գրգիռներ չի առաջացնում, սակայն ճչում է. «Ես այստե՛ղ եմ»։ Մի՞թե կինը զվարճալիք է։ Մի՞թե ստեղծված է մեր սրահները զարդարելու համար։ Եթե նրան մերկացնում եմ, ապա նրան ցանկալու համար չէ։
ՌԵՆՈՒԱՐ — Նսեմացնելու համա՞ր գուցե։
ԴԵԳԱ — Որպեսզի իր ճշմարտության հետ խարդախություն չանեմ։ («Պարուհիները կուլիսում» կտավի լուսարձակումը։)
ՌԵՆՈՒԱՐ — Եթե դա աչք շոյելու, հաճույքի համար չէ, ինչո՞ւ ես, ուրեմն, օպերա հաճախում։
ԴԵԳԱ — Այդ շքեղության տակ ինձ հուզողը հոգնած ու բեկված մարմիններն են։ («Խոնարհվող պարուհին» կտավի լուսարձակումը։) Լույսի կոպիտ դիմակը քողարկում է իսկական կնոջը, որպեսզի նրան բեմ հանի որպես պարգև, զոհ, անասուն։ Երևութականի տակ ես ճշմարտությունն եմ ասում, մսեղենի տակ՝ մարդկայինը։
Երաժշտության ուղեկցությամբ ցուցադրվում են Դեգայի՝ պարուհիներ ներկայացնող մի շարք կտավներ։ Լույսը վառվում է։ Ռենուարն ու Դեգան անհետացել են։ Մտնում է 17-րդ դարի դասական մի նկարիչ՝ ներկապնակն ու վրձինը ձեռքին։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ո՞ւր էիր։ Ինչո՞ւ ես փախել։
ԿԻՆ — Սիրեկան էի փնտրում։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Գտա՞ր։
ԿԻՆ — Նկարիչ, սիրեկան՝ նույն բանն է։ Չնայած չի հանգավորվում։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Վերադարձիր ինձ մոտ։
ԿԻՆ — Քեզ մոտ հարմարավետ է, ես գիտեմ, քո արվեստանոցում լավ տաք է։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Դու գերադասում ես բոհեմին վիճակված ցո՞ւրտը, գերադասում ես դողդողա՞լ պատահական վերնահարկերում և մանսարդներում։
ԿԻՆ — Նա ինձ հաճախ է ստիպել սոված մնալ ու մրսել, սակայն իմ առջև միշտ մի խայթող հարց էր դնում. «Կին, ի՞նչ ես լինելու վաղը»։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — (երգում է).
Կին, ո՜վ կին, արտակարգ,
Պիտի քեզ երկրպագի՞
Մրոտողն այս անարգ,
Վիրավորը նոր ժամանակի։
ԿԻՆ — (երգում է).
Հոգիս պիտի խորքից պեղի
Նրանց երգը սիրո միակ.
«Ամեն օր դու նորը եղիր,
Վերածնվիր դու շարունակ»։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — (երգում է).
Ի՞նչ կերպարի, դեմքի այդ ի՞նչ գծերի տակ
Պահում ես դու պատկերները քո այլանդակ։
Քանի՞սն արդ հտպիտներից այս արվեստի
Դեմքիդ վրա դիմակն իր պիտի փաստի։
Նրանք եսը իրենց խղճուկ, արհեստական,
Տեսիլքն իրենց և դրույթները տեսական
Ուզում են, որ հանեն մեջտեղ քո միջոցով,
Սառեցնելով մի բնություն, մի կյանք, մի ծով։
Մազերը քո սքանչելի, հրաշակերպ,
Քո բերանը, քո աչքերը, մաշկդ մարմար,
Կդարձնեն իրենց աչքին մի բան հարմար
Կերպասների մեջ պարուրված հրեշակերպ։
Կտառապես, կտանջվես դու անդադար,
Հրաշք դեմքդ կդարձնեն նրանք խաթար։
Կմեռցնեն քեզ տանջելով ու չարաչար,
Եվ չեն գտնի գոհ մնալու ոչ մի պատճառ։
ՍԵԶԱՆԻ ՁԱՅՆԸ – Օրտա՛նս։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Դա Պոլ Սեզանն է՝ քեզ լկտիաբար շահագործողներից առաջինը։ Թաքնվիր։ Ճանկը չընկնես։
Կինը անհետանում է էկրանի ետևում։ Մտնում է Սեզանը։
ՍԵԶԱՆ — Ո՞ւր է Օրտանսը։ Չե՞ս տեսել իմ կնոջը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ի՞նչ ես ուզում։ Համբուրե՞լ նրան։ Թե՞ մի զավակ շինել նրան։
ՍԵԶԱՆ — Ես գտել եմ անկյունը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ – Անկասկած, լավ դիտակե՞տը։
ՍԵԶԱՆ — Ոչ, լավ դիտակետը, ուղիղ անկյունը, նրա աչքի, նրա այտի և նրա ճակատի մեկ քառորդը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Շտապիր։ Պետք է նրան հայտնել այդ լավ լուրը։
ՍԵԶԱՆ — Օրտա՜նս։ Օրտա՜նս։
Դասական նկարիչն անհետանում է, հայտնվում է Կինը՝ մադամ Սեզանի պես հագնված։
ԿԻՆ – Խուլ չեմ։ Խնձորի կոմպոտ դրեցի կրակին։
ՍԵԶԱՆ — Ինչպե՞ս։ Դու խնձո՞ր ես եփում։
ԿԻՆ — Ես քեզ ուրիշը կառնեմ։
ՍԵԶԱՆ — Վերջ տուր այդ սովորությանդ, մի՛ եփիր խնձորները, քանի դեռ չեմ ավարտել նկարը։ Նստիր, դիրքդ ընդունիր։
Կինը նստում է նախկին դիրքով։ Սեզանը կտավ է ամրացնում մոլբերտին։ Զննում է, վրձնով դիպչում կտավին, տեղը փոխում, գնահատում, երկրորդ անգամ է դիպչում։ Օրտանսը, որոշ ժամանակ դիմանալուդ հետո, փոշտում է։
ՍԵԶԱՆ — Չշարժվես, չշարժվե՛ս։ Խնձորը հո չշարժեցի՞ր։
ԿԻՆ — Մի բնորդուհի վարձիր, որ հարբուխ չունի և որի մկանները չեն բռնվում։
ՍԵԶԱՆ — Թո՜ւ։ Այդ անհնազանդների՞ն։
ԿԻՆ — Դե, ուրեմն, այգեպանին կանչիր։ Նրան լա՜վ էլ ստիպեցիր նստել քո «Լողացող կանանց» համար։
ՍԵԶԱՆ — Ոչ ոք տարբերությունը չզգաց։
ԿԻՆ — Վան Գոգը, համենայնդեպս, իսկական կանանց է նկարում։
ՍԵԶԱՆ — Նա իր ներկերն է մսխում։ Նրա երեսին նայելով կարելի է ենթադրել, որ իր հացին կարագ չի քսում։
ԿԻՆ — Գոգենի սևամորթները գեղեցիկ, խոր աչքեր ունեն։
ՍԵԶԱՆ — Փոխարենը կուրծք չունեն։ Թղթի պես տափակ են։
ԿԻՆ — Դու նրան ասել ես, թե բոլոր կանայք…
ՍԵԶԱՆ — Դու միշտ կարող ես ինձ պես մի ուրիշ նկարիչ գտնել։
ԿԻՆ — Մեկն ինձ բավական է։
ՍԵԶԱՆ — Նա հարյուր տարին մեկ է ծնվում։
ԿԻՆ — Եվ պետք էր, որ հատկապես ե՛ս նրան առնեի։ Կոմպո՜տս… Վառվե՜ց։ (Վեր է կենում և փախչում։)
ՍԵԶԱՆ — (գոռալով)։ Ե՛ս եմ ամենամեծը։ Ասա այդ քո ընկեր Գոգենին։ (Հուսահատ նայում է կտավին։) Ես կլինեմ ամենամեծը, երբ նկարել սովորեմ… Բայց երբեք չեմ իմանա նկարել։
Մի կողմ է շպրտում կտավը։ Դասական նկարիչը, որն այդ պահին բեմ է մտնում, օդում որսում է այն։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ի՞նձ եք նշան բռնել։ Մի՛ կրակեք, անձնատուր եմ լինում։
ՍԵԶԱՆ — Եթե կարողանայի իմանալ, թե ո՛ւմ դեմ եմ պայքարում…
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — (նորից կտավը մոլբերտի վրա դնելով)։ Խելագար, խեղճ ցնորված, որ հաճույքով ստեղծում է իր իսկ տառապանքը։
ՍԵԶԱՆ — Գրեկո, Պուսեն, Ռուբենս, Ռեմբրանդտ, Վան Ռեյն, Վելասկես… Որտեղի՞ց եք պեղում ձեր վստահությունը։ Ինչպե՞ս եք գտնում ձեր անդորրը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Մենք բացում ենք աչքերը։ Մենք նայում ենք աշխարհին և հարազատորեն արտացոլում այն։ Դրանից հեշտ բան կա՞։ Դուք՝ նորարարներդ, ձեր տեսություններն եք նկարում, ձեր պրոբլեմները։
ՍԵԶԱՆ — Դուք ուսուցիչներ ունեիք, որոնք ձեզ ամեն բան սովորեցնում էին՝ քսան դարերի փորձով զինված։ Այժմ շղթան ընդհատվել է։ Մեզնից յուրաքանչյուրը մենակ է, սոսկալի մենակ՝ գտնելու համար իր ճակատագիրը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ամբարտավանորեն մենակ։
ՍԵԶԱՆ – Սերնդեսերունդ դուք մշակում էիք մի դաշտ, որը ձեր նախնիների կողմից արդեն մշակված էր։ Մեզնից յուրաքանչյուրը մի կայսրություն է երազում նվաճել, որ միայն իրեն պատկանի։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Մի անապատ, ուր ձեզ ոչ ոք չի հետևի։
Լույսը թուլանում է։ «Մադամ Սեզանի» լուսարձակումը։
ՍԵԶԱՆ — Ի՞նչ ես տեսնում այդ անապատում։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Մի կին։ Քոնն է, ենթադրում եմ։
ՍԵԶԱՆ — Կին՝ անցած, ներկա և գալիք, կին իր իսկության մեջ։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Նա տխուր դեմք ունի։
ՍԵԶԱՆ — Այո, սակայն ի՜նչ դիմագիծ։ Մի քանի շաբաթ աշխատեցի այն գտնելու համար։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Նա կարծես հմայված է։
ՍԵԶԱՆ — Կնոջ ու երկրաչափական մարմնի միջև տարբերությունը նույնն է, ինչ աստղի ու խնձորի միջև։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ի՞նչ կարիք կա այդ խեղճ անմեղին երկրաչափության վերածել։
«Կինը սրճամանով» կտավի լուսարձակումը։
ՍԵԶԱՆ — Երկրաչափությունը նրան անփոփոխելի կդարձնի։ Կդարձնի հավերժական և անեղծանելի։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Վերածելով նրան քարի կամ փայտի կտորի։
«Լողացող կանայք» նկարի լուսարձակումը։
ՍԵԶԱՆ — Ինձ դուր է գալիս նրա անշարժությունը, նրա խտությունը, նրա արձանային զանգվածեղությունը։ Ես ուզում եմ, որ նա լինի ծառի պես ամուր, ժայռի պես հաստատուն։ Որպեսզի մաս կազմի աշխարհի ահռելիությանը։ Որպեսզի ներկայանա իր մեծությամբ։ («Լողացող կանայք» նկարի լուսարձակումը:) Որպեսզի նա իր քարեղեն մարմնով, ժառերի կամարի ներքո, ժամանակից ու փտումից դուրս կառուցի իր մշտնջենական և հարատևող տաճարը՝ ի փառս աշխարհի։
Սեզանի կտավների լուսարձակման ընթացքում կինը երգում է։
ԿԻՆ — Դուրս են գալիս վրձնի տակից մի խելացի ու սազական
Ձևեր, կերպեր և մարմիններ երկրաչափական,
Արդ, խղճացեք ու մեղքացեք մարդիկ բարի,
Պետք է ձեռքս այդ ամենին հեշտ հարմարի։
Մարմնի ներսում իմ ձախավեր ու անհաջող
Ճարճատում են ոսկոր ու հոդ՝ ցավից տանջող,
Եվ բախտն արդյոք ապազայի մարզանքներում
Մի՞թե կտա այս ամենին պատշաճ ներում։
Բարձրանում եմ մինչև գագաթ տիեզերքի,
Պատկերներում ես Սեզանի, և ո՞վ կհերքի
Թե դառնում եմ ես անդ մի ծառ կամ թե բլուր՝
Կապույտ, կանաչ և վառվռուն, ինչպես մի հուր։
Եվ ձիրքն այդ, որ չափն ունի մեր աշխարհի,
Պիտի պատվի մեծությամբը նա իր բարի,
Բայց կդարձնի ռևմատիզմից անդամալույծ
Եվ մահվան դեմ չի թողնի ինձ նա ոչ մի հույս։
Մտնում է Վան Գոգը։
ՎԱՆ ԳՈԳ — Աշխարհն ինձ մերժում է։ Տիեզերքն ինձ չի ընդունում։
ՍԵԶԱՆ — Դու ես մեղավոր, Վան Գոգ։ Դու հրդեհեցիր աշխարհը։ Դու նրան խենթացրիր։ (Դուրս է գալիս։)
ՎԱՆ ԳՈԳ — Ահավասիկ, ինձնից խուսափում են հողը, հունձքը, սարսափից հարբած ծառերը, արևի սկավառակը պտտվելով հեռանում է։ Երկինքը լերդանում է, երբ մոտենում եմ, ինչպես կտրված կաթը։ Բայց առաջինը կանայք ինձ լքեցին։
ԿԻՆ — Ասա ինձ նրանց անունները։ Որ իմանամ՝ արդյոք նրանց մե՞ջ եմ։
ՎԱՆ ԳՈԳ — Շիկահեր Ուրսուլան Լոնդոնի մառախուղի միջից երեսիս խնդաց, երբ հայտնվեցի։
ԿԻՆ — Կարծում ես, ցանկություն ունեմ քեզ ծաղրելո՞ւ։
ՎԱՆ ԳՈԳ — Զարմուհիս՝ Կեեն, գեղեցիկ այրին, իմ առաջին իսկ բառերից բացականչեց. «Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք»։
ԿԻՆ — Աշխարհում միշտ կգտնվի մի կին, որն ընդունակ է «այո» ասել։
ՎԱՆ ԳՈԳ — Ապերախտ Սինան մահիճս կիսեց ճիշտ այնքան ժամանակ, որքան պետք էր ուրիշից երեխա ունենալու համար։
ԿԻՆ — Իսկ եթե ինձ վերցնես քեզ մո՞տ, ինչպես արեցիր այդ Սինայի հետ։
ՎԱՆ ԳՈԳ — Ես խրտնեցնում եմ նույնիսկ պոռնիկներին։ Իմ փողերն այրում են նրանց ձեռքերը։
ԿԻՆ — Իսկ եթե անշարժանա՞մ քո առջև այնքան ժամանակ, որքան քեզ պետք է, որ պատկերս գծես։
ՎԱՆ ԳՈԳ — Դու գեղեցիկ ես։ Գեղեցկությունն ինձ ատում է։
ԿԻՆ — Մեր խեղճ գեղեցկությունն այնքան վաղանցիկ է, այնքան փխրուն, հազարավոր նկարիչներ այնքան են փարված նրանով։ Օրհնյալ է նա, ով կստանձնի մեր այլանդակությունը։
ՎԱՆ ԳՈԳ — Իմ ամուսնությունը նշել եմ հասարակաց տանը։ Ես ծիծաղում էի սիրո դիմակ հագած թեթևաբարո աղջիկների հետ…
Մտնում է Գոգենը և մնում խորքում կանգնած։
ԿԻՆ — Ամուսնացիր հետս։
ԳՈԳԵՆ — Ամուսնացիր հետը։
ԿԻՆ — Ես կնվիրեմ քեզ այն միակ հարսանիքը, որի համար դու ծնվել ես. նկարչի և իր մոդելի հարսանիքը՝ արվեստանոցի թշվառության մեջ։
ԳՈԳԵՆ — Նա ընդունակ է շոյել կնոջը միայն իր վրձնով։
ԿԻՆ — Քո հայացքը կթափանցի իմ մեջ ավելի խորը, քան առնանդամը։ Մեր գրկախառնության պտուղը՝ երեխան, կծնվի կտավի վրա, դա կլինի այն արյունող պատկերը, որ մեր երկուսիս էությունից է ստեղծված։ («Կարմիր թասակով կինը» կտավի լուսարձակումը։) Տգեղացրու ինձ, Վինսենտ, այլանդակի՛ր։
ԳՈԳԵՆ — Կարող ես հանգիստ լինել, այդ հարցում նա վարպետ է։
ԿԻՆ — Հողի գույն տուր դեմքիս, հողի, որը սևացնում է եղունգներս ու մեջքս կոտրում։
ԳՈԳԵՆ — Այդ հողը, ուր նա արդեն փորել է իր փոսը, պատրաստ է նրան կլանել։
ԿԻՆ — Դիր աչքերիս մեջ աղոտ լույսն արևածագի, որ հանում է ինձ քնից, իսկ մայրամուտի փոխարեն՝ կիսախանձ փայտերի կրակը։ («Թմբուկով կինը» կտավի լուսարձակումը։) Լցրու իմ պարապ ժամերը, երբ տապալված եմ գետնին, առանց ծարավի, առանց մտքի, առանց ցանկության՝ աչքերս անէությանը, այսինքն՝ կյանքիս հառած։ («Մուսմե»–ի լուսարձակումը։)
ՎԱՆ ԳՈԳ — Պատահում էր, որ ընտրում էի ամենագեղեցիկին, որպեսզի տեսնեմ՝ կդիմանա՞մ արդյոք նրա փայլին։
ԳՈԳԵՆ — Դու վախենում ես գեղեցիկ կանանցից։ Դու գերադասում ես տգեղներին։
ՎԱՆ ԳՈԳ — (ցուցադրվում է «Պառավ գեղջկուհին»)։ Երբ այրված աչքերս ճչում էին ցավից ու ամոթից, ես վերադառնում էի պառավների ու տգեղների մոտ ու ներողություն հայցում իմ անհավատարմության համար։
ԳՈԳԵՆ — Կանայք երբեք բավականաչափ գեղեցիկ չեն։ Հարկավոր է շարունակ ջանք թափել՝ նրանց ավելի գեղեցիկ դարձնելու համար։
ԿԻՆ — Խորացրու իմ կնճիռները, որպեսզի իմանամ, թե գոնե մի տղամարդ ինձ նայելիս աչքերը չի փախցրել։ («Կինն օրորոցի մոտ» կտավի լուսարձակումը։) Մեր գեղեցկությունն այն չէ, որ ստանում ենք բնությունից, երիտասարդությունից ու չենք կարողանում պահպանել, այն չէ, որ արդուզարդով ենք ստեղծում, այլ այն, որ դու ես ստեղծում՝ քո ջանքերով։
ՎԱՆ ԳՈԳ — Հաջողություն…
ԿԻՆ — Այդպես մի՛ վարվիր, Վինսենտ։
ԳՈԳԵՆ — Հանգիստ թող նրան։ Նա ընտրել է իր ճակատագիրը։
ԿԻՆ – Մի՛ մերժիր ինձ քո հայացքը։ Շարունակիր հավատալ սիրուն։
ՎԱՆ ԳՈԳ — Ես հանձնում եմ հողին այն աճյունը, որը դու չցանկացար։
Կրակոց։ Լույսը վառվում է։
ԳՈԳԵՆ — Նա ապրելու համար չէր ստեղծված։
ԿԻՆ — Ի՞նչ գիտես։ Ո՞վ ես դու։
ԳՈԳԵՆ — Մի բարեկամ, որը պիտի հանդուրժեր նրա ծայրահեղությունները։
ԿԻՆ — Իսկ նա պարտավոր չէ՞ր ձերը հանղուրժել։
ԳՈԳԵՆ — Նա միայն ձեր կնճիռներն է տեսնում, ձեր թառամած մաշկը, ձեր թուլացած կուրծքը։
ԿԻՆ — Նա մեզ հաշտեցնում է մեր հայելու հետ։
ԳՈԳԵՆ — Ես կարող եմ քեզ համար մեկ ուրիշը հայթայթել, մի հրաշալի հայելի, որը թաքցնում է այն, ինչը չէիք ուզենա տեսնել։
ԿԻՆ — Այս նկարիչները հանգստաց նում են մեր ամենասոսկալի ցավը, մեր տագնապներից ամենաանբուժելին՝ ծերանալու վախը, տգեղանալու վախը։
ԳՈԳԵՆ – Ուշադրությո՛ւն, փոքրիկս։ Նա մեռած է։ Աղոթիր, որ այդպես էլ մնա։ Քանզի, եթե նրանից մի սերմ մնացել է քո մեջ ու եթե ծիլ տա, դու կտեսնես նողկալի ցեղի ծնունդը, որը քեզ կմղի մի սոսկալի ճանապարհի, և դա է հրեշավորն ու սարսափելին։
ԿԻՆ — Մնում է, որ քոնն առաջարկես։
ԳՈԳԵՆ — Այն, որը կհմայի կնոջն ամբողջովին։
ԿԻՆ — Մեկով ավել, մեկով պակաս… Համենայնդեպս, նոր ճամփորդության ուղարկելուց առաջ չմտածեցիք խորհրդակցել ինձ հետ։
ԳՈԳԵՆ — Քո ոտքերի տակ կբացվի մի արքայական ճանապարհ, որը կտանի դեպի գեղեցկության իդեալ։
Երաժշտության ներքո ցուցադրվում են Գոգենի մի շարք կտավներ։ Լույսը վառվում է։
ԳՈԳԵՆ — Դու երջանի՞կ ես։
ԿԻՆ — Որ գեղեցկացրե՞լ ես ինձ։
ԳՈԳԵՆ — Ձեր հմայքի իշխանության տակ մեզ պահելու համար շարունակ երեսի մածուկներ ու ներկեր եք գործածում։ Դուք մեզ աղաչում եք, որ ձեզ գեղեցիկ հռչակենք։
ԿԻՆ — Եթե մեզ սիրում են, պե՞տք է արդյոք, որ դա արտահայտվի ստի կամ խաբկանքի գնով։
ԳՈԳԵՆ — Երբ տիրանում եմ մեկին, բայց պատկերացնում, թե ուրիշն է իմ գրկում, այդ երկուսից ո՞րն է իրականը։ Ո՞ր կինը երջանիկ չի լինի՝ ունենալով իր մեջ իր կրկնօրինակը, այն իդեալը, որին սիրում է իր սիրեկանը։
ԿԻՆ — Տղամարդու հորինած խորամանկ հնարք՝ մեզնից ազատվելու համար, երբ ժամանակը գա։ Հարմար պատրվակ է. մենք մեր իդեալի հետ անհաշտ ենք։ Եվ ձեր անունից դուք դարձյալ կգնաք որսի։
ԳՈԳԵՆ — Համենայնդեպս, որոշ ժամանակ դուք աստվածուհիներ կլինեք։
ԿԻՆ — Ձեր աստվածային հարեմում։
ԳՈԳԵՆ — Պաշտամունքի մի օրը, մի գիշերը համատեղ մի տաղտկալի կյանք չարժե՞ն արդյոք։
ԿԻՆ — (երգում է).
Իսկական նկարիչ կամ թե սուտ սիրող՝
Դուք պաշտում եք միայն ձեզ,
Արժե՞ արդյոք, որ հուսամ ես,
Թե երբ կասեք. «Սիրում եմ քեզ»։
Լուսավորում եք կյանքն այս հարթ,
Եվ հմայվում եք վաղանցուկ,
Մեզ վարակում մի ակնթարթ
Վերացումովը ձեր անձուկ։
ԳՈԳԵՆ — (երգում է).
Ասում ես, թե ծածկում եմ քեզ
Գեղեցկությամբ ստապատիր,
Սակայն քոնն է վաղը անկեզ,
Այնպես որ ինձ շատ մի ատիր։
ԿԻՆ — (երգում է).
Տգեղության ավագ թուրմեր,
Ուզում եք ինձ այլանդակե՞լ։
ԳՈԳԵՆ — (երգում է).
Նրանց զարկին զարկը տուր մեր,
Թե հանդգնեն քեզ վանկարկել։
Սադիստների ցեղը համայն՝
Մսագործներ ահասարսուռ,
Քեզ կստիպեն գեղեցիկն այն,
Որ տեսնում է աչքն իրենց ծուռ։
Տանջանքի գործիք իրենց վրձինով
Նրանք քեզ պատառ-պատառ կանեն,
Ձեռքերով իրենց՝ ասես կացինով
Հոգիդ քո միջից իսպառ կհանեն։
Եվ կհիշես այղ ժամանակ
Կերպերը քո խիստ հեշտալի,
Որոնցով քեզ՝ լուրջ թե հանաք,
Երջանկացնում են ու քեզ տալիս։
(Վերջին երկու տողերը կրկներգվում են։)
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏԻ ՁԱՅՆԸ — Վինսենտ Վան Գոգ, ո՜վ տառապյալ, ո՜վ խաչյալ, եղիր մեր հայրը, եղիր մեր եղբայրը։
ԳՈԳԵՆ — Ահա սրանից էի վախենում։ Ահա՛ շքախումբը նրա հետևորդների։
ՆՈՒՅՆ ՁԱՅՆԸ — Համոզիր մեզ, որ ցավը սուրբ է, որ իրավունք ունի մարմինը ծռմռելու, օգնության կանչող բերանը ձևազեղծելու։
ԳՈԳԵՆ — (գոռում է)։ Ես ճանաչեցի ձեր ձայնը, հյուսիսի նկարիչներ, տագնապի ու սարսափի բեռնակիրներ։ (Ցուցադրվում է Մունկի «Կիրակին Աագսում» կտավը։) Քո հյուսիսային Նորվեգիայի խորքերից, Էդվարդ Մունկ, դու հարցեր ես բորբոքում՝ առանց պատասխանների, նույնիսկ երեխաների հայացքների մեջ (Մունկի «Աճյունը» կտավի լուսարձակումը), մոլորեցնելով քո պատանիներին։ Կրծողներով ասպատակված, թույնով լցված ապականված անտառներում։ («Արբունք» կտավի ցուցադրումը։) Մերկացնելով կնոջը՝ արբունքի շեմին ստիպելով ամոթից և սոսկումից սարսռալ։ (Կիրխների «Մարցելլա»-ի լուսարձակումը։) Քո բացած ակոսով ահա արդեն քայլում են էքսպրեսիոնիզմի խենթերը՝ Կիրխները, Հեկկելը, Մյուլլերը՝ հոգու էքսհիբիցիոնիստները, որոնք իրենց քնարական օրգիաներից հետո հույզի ավելցուկն են փսխում։ (Ցուցադրվում է Հեկկելի «Տիկնիկներով ադջիկները» կտավը։)
ԿԻՆ — Թող խոսեն։
ԳՈԳԵՆ — Լսիր, թե ինչպես են տրտնջում իրենց ճակատագրից ու հալածված ձևանում։ Նման փաստարկները հուզում են կնոջ սիրտը։
Դուրս է գնում՝ կիսախավարի մեջ հանդիպելով ներս մտնալ էքսպրեսիոնիստին։ Մյուլլերի «Մերկ տղամարդը բազմոցի վրա» կտավի լուսարձակումը։
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Մենք նոր Գերմանիայի ըմբոստներն ենք։
ԿԻՆ — Իմ մարմինն, արդարև, պայթում է ռումբի պես։ (Կիրխների «Պարուհիները» կտավի լուսարձակումը։)
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Դու էլ մեզ հետ ընդվզիր։
ԿԻՆ — Ո՞ւմ դեմ։ Ինչի՞ դեմ։
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Իշխանության, Կայզերի, ռազմատենչ գեներալների, տառապանքների անարդարության, ճակատագրի այլանդակության դեմ։ (Կիրխների «Հինգ կանայք» կտավի լուսարձակումը։) Անկյուն դարձիր, սրածայր դաշույն։ Մի՞թե չես հոգնել քո սիրունիկությունից։ Հավերժորեն պետք է մնաս պատի զարդանա՞խշ, մանրազա՞րդ, տռփանքի խաղալի՞ք։
ԿԻՆ — Լույս տվեք։ Խնդրում եմ, լույս տվեք։
Լույսը նորից վառվում է։ Հայտնվում է կինը։ Նա երերում է։
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Ի՞նչ է պատահել։ Վա՞տ ես զգում։
ԿԻՆ — Մի թեթև գլխապտույտ ունեմ։
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Արդյոք վիրավորեցի՞ քեզ։ Դու ցնցվա՞ծ ես։
ԿԻՆ — Ամեն ինչ այնքան արագ է կատարվում։ Դարերի ընթացքում ես պահպանել եմ նույն մարմինը, նույն դեմքը։
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Դժգույն, առանց որևէ արտահայտության։ Եթե ուզում ես այսուհետ փոխվել, կարող ենք մի ուղերձ շարադրել։
ԿԻՆ — Առանց ինձ շարադրեք։ Նրանք, ովքեր ուզում են իմ կարծիքն իմանալ…
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Քո դեմքը կարող է իմաստավորվել, դու կարող ես դառնալ մի խորհրդանիշ, մի նշան։
Շիշը ձեռքին բեմ է մտնում ֆովիստ նկարիչը։
ՖՈՎԻՍՏ — Ինչի՞ խորհրդանիշ։ Դառնությա՞ն։ Մռայլությա՞ն։ (Կնոջը.) Եթե պետք է խորհրդանիշ դառնաս, թող դա լինի կյանքի խորհրդանիշ, բերկրանքի։ (Բացում է շիշը և խմում։)
ԷՔՍՊՐԵՍԻՈՆԻՍՏ — Ֆրանսիացիք թեթև են, մակերեսային, ձեր ցուցադրական մռնչոցներով ձեզ վայրենիներ ստիպեցիք կոչել, բայց դուք ընդամենը ընտանի կատվի մլավոցներ եք արձակում։
ՖՈՎԻՍՏ — (Կնոջը)։ Մենք խանդավառություն ենք ցուցադրում։ Հիմա քեզ կպոկեմ այդ ողբերգության մասնագետներից։ Գովերգիր մեզ հետ գոյության արբեցումը։
ԿԻՆ — Արբեցնե՜նք մեզ։ Հինգ րոպե առաջ ես դեգերում էի ընդվզման, անբարեկեցության, աշխարհի բոլոր թշվառների հանդեպ մարտնչող գթասրտության ցեխի մեջ։ Հիմա ինձ անհրաժեշտ է ինքնամոռաց հրճվանքով հարբելու աստիճան խմել։
Ֆովիստը Կնոջը ցույց է տալիս վառ գույների դիմակներ։ Տիրապետում են ֆովիստների նախընտրած գույները. կարմիրը, դեղինը և կանաչը։
ՖՈՎԻՍՏ — Ընտրիր։
ԿԻՆ — Դարձյա՞լ դիմակ։ Ինչո՞ւ։
ՖՈՎԻՍՏ — Տարվա բոլոր օրերին դիմակահանդես է. կյանքի դիմակահանդեսը։
ԿԻՆ — (հերթով դնում է մեկնած դիմակները և հայելու մեջ ուշադիր նայում իրեն)։ Հիմա ինչի՞ պետք է վերակերպավորվեմ։
ՖՈՎԻՍՏ — Նարնջի, խնձորի, դեղձի, ծիրանի։
ԿԻՆ — Դու, ի՛նչ է, վայրի պտղակե՞ր ես։
ՖՈՎԻՍՏ — Ես ուզում եմ քեզ ախորժալի դարձնել։
ԿԻՆ — Էքսպրեսիոնիստներն ինձ համեմում էին քացախով, որպեսզի հիմա էլ վայրենիներն ինձ խժռեն։
ՖՈՎԻՍՏ — Ի՞նչ ընդհանուր բան կա կնոջ, երիտասարդության և կյանքի միջև, իգական սեռից բացի։ Ինչո՞ւ է Աստված այդ ամենը ստեղծել։ Որպեսզի մենք ագահորեն լափենք։ Մենք երբեք բավականաչափ մաքուր գույներ չենք ունենա, բավականաչափ վառ, որպեսզի քեզնից բերկրանքի, երիտասարդության և կյանքի խորհրդանիշ սարքենք։
Ֆովիստների մի շարք նկարների լուսարձակում, որի ընթացքում կինը երգում է։
ԿԻՆ — Կանաչ խաղող, նարինջ կամ խնձոր,
Որ շարված են ափսեում մրգի։
Պահանջում են, արդ, ձայնով մի հզոր,
Որ նկարն իմ ախորժակը գովերգի։
Ես նրանց համար պարզ նշան եմ լոկ,
Իմ եսն եմ կորցրել, ինչպիսի՜ աղետ։
Իմ կերպերից էլ ամեն մի խելոք
Հույզերն է հյուսում իր խայտաբղետ։
Ընդվզումն էքսպրեսիոնիստական
Դարձրել է ինձ մի դանակ, մի ական։
Իսկ ֆովիզմի գույները կատաղի
Կարմրում են արյունով մատաղի։
Սևամաղձ թախծի հովերը՝
Աղջիկների մոտ տխուր։
Աղաչում են զվարթ ֆովերը,
Հրճվանքը գովերգել հախուռն։
Լույսը վառվում է։ Կինը բեմում մենակ է դասական նկարչի հետ։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Եվ այսպես, իմ անհավատարիմ գեղեցկուհի, ի՞նչ ես մտածում նոր սիրեկաններիդ մասին։
ԿԻՆ — Քո հսկողության ներքո ես ճնշվում եմ միշտ նույնը լինելու գաղափարից։ Հիմա իմ ձանձրույթից բուժվել եմ։ Պատահում էր, որ երբեմն նույնիսկ չգիտեի, թե ով եմ։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Ինչի՞ են ձգտում նրանց խենթ որոնումները։
ԿԻՆ — Նրանք ուզում են ինձնից խորհրդանիշ սարքել։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Կասկած չունեի, ավա՜ղ։ Կույր նկարիչ՝ երևակայելի՞ բան է։ Եվ դա քո նոր ընկերների տկարությունն է։ Նրանք կուրացել են։ Նրանք այլևս աշխարհը չեն տեսնում, այլևս չգիտեն, թե ինչպիսին է քո մարմնի կորագիծը, կրծքերիդ ձևը, աչքերիդ գույնը։ Նրանց հայացքն ուղղված է իրենց մեջ։ Քեզնից խորհրդանիշ սարքելը նրանց համար անկասկած նշանակում է հետևյալը. դու պետք է նրանց մտասևեռումների գործիքը լինես։ Քեզ մասնատելուց հետո նրանք կօգտագործեն քո բեկորները, որպեսզի իրենց քմայքներին ձև տան։
ԿԻՆ — Իսկ ինչո՞ւ կինը, միշտ կի՛նը։ Մի տղամարդու դիմաց տասը կին է պատկերվում։ Եթե ուզում են կերպերի խաղն զգալ, թող կենդանիներ նկարեն, բույսեր, ժայռեր։ Մի՞թե իմ խեղճ մարմինն այդ աստիճան սրում է նրանց վայրագությունը։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Գուցե նրանք սովոր են վերքերից հոսող արյանը։ Գուցե նաև, վաղուց ի վեր, կինը հաճո՞ւյք էր գտնում զոհաբերության մեջ։
ՊԻԿԱՍՈ — (բեմ մտնելով)։ Ծննդաբերության զոհաբերությունը։ Այո՛, կի՛ն, այդ դո՛ւ ես մեզ աշխարհ բերում։
ԿԻՆ — Կարծում էի՝ միակ բանը, որ հետաքրքրում է նկարիչներին, արվեստն է։
ՊԻԿԱՍՈ — Արվեստի դաշտը շատ է ընդարձակվել։ Ինչպե՞ս կողմնորոշվենք։ Որտե՞ղ հաստատվենք։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Այդ դո՛ւք պայթեցրիք արվեստը։ Կմոլորվես անշուշտ… Հաջողություն եմ մաղթում, որպեսզի գտնեք ձեզ այնտեղ։ (Դուրս է գնում։)
ՊԻԿԱՍՈ — Բոլոր քամիների առջև բացված Մուսաների այս պարտեզում ո՞րն է մեր տեղը։ Ո՞րն է մեր կոչումը։ Ովքե՞ր ենք մենք, կին։ Այդ դո՛ւ պիտի մեզ ասես։
ԿԻՆ — Ուրեմն, ձեզ համար ես միշտ կլինեմ միայն արտացոլո՞ւմը ձեր տղամարդկային հանճարի։
ՊԻԿԱՍՈ — Մեր հանճարի, եթե դու ես այն ծնել։
ԿԻՆ — Նկարչի ձեր համբավավոր հանճարը, ասել է, արական սեռ ունի։
ՊԻԿԱՍՈ — Դու իրո՞ք նախանձում ես մեզ։ Մենք չենք ծնում, մենք միայն կտավի երեխաներ ունենք, որոնցից բևեկնախեժի հոտ է գալիս։ Նրանց ստեղծելու համար մենք կտրում ենք մեր բոլոր կապերը, մենք դատարկում ենք մեր սրտերը։ Մենք դադարում ենք լինել ամուսին, սիրեկան, բարեկամ և հայր։ Հանճարի այդ մենաշնորհը մեզ պետք է եսասիրության առաջնությունը սնուցանելու համար։
ԿԻՆ — Գծերի ու գույների ձեր գիտության մեջ, ճիշտ որ, ամեն ինչ վարպետություն է և հաշիվ։
ՊԻԿԱՍՈ — Մինչդեռ սիրո ձեր ծարավը տգիտություն է, անտրամաբանություն։
ԿԻՆ — Հիմարության հասնող, ավա՜ղ։
ՊԻԿԱՍՈ — Այն ներողամտություն է, առատաձեռնություն, անխոհեմություն, շռայլություն։
ԿԻՆ — Մինչև մեր անձի հյուծումը։
ՊԻԿԱՍՈ – Կի՛ն, բացատրիր ինձ, ո՞վ եմ ես։ Ո՞վ է Պաբլո Պիկասոն։ Ասա ինձ, կի՛ն։ («Կինը և ագռավը» կտավի ցուցադրումը։)
ԿԻՆ — (երկար լռելուց հետո)։ Թափանցիկություն, գունատություն… Այտերս փոս են ընկել։ Մատներս երկարել են սև թռչունը շոյելու համար՝ իմ սրտի ագռավին, վիրավոր արծվին։ («Մայրը և երեխան» կտավի լուսարձակումը։) Քո մեջ քնքշանք կա։ Արտիստի քո այդ ձևականությունները, մեծ-մեծ խոսելդ ընդամենը մակերեսն են, ֆասադը։ Քո միջի երեխան արդյոք չի՞ մղում քեզ վերագտնելու մորը։ («Պպզած կինը» կտավի լուսարձակումը։) Մելամաղձության կապույտը ճեղքում է քո անտարբերության և ինքնագոհության զրահը։ Քո ես-ի մի մասը հաշտվելէ մենակյացների, ստորացվածների, հուշերի մեջ թաղվածների երազին՝ անցյալի մոխիրների միջից ժայթքեցնելով լուսավոր վաղվա կայծերը։ («Ավինյոնի օրիորդները» կտավի լուսարձակումը։) Դու անիծվա՜ծ ես։ Այսպիսով, որոգա՞յթ ես լարում իմ դեմ։
ՊԻԿԱՍՈ – Կի՛ն, խոսքիցդ ետ մի կանգնիր։ Ո՞վ եմ ես։ Ասա՛ ինձ վերջապես։
ԿԻՆ — Այդ իմանալու համար պե՞տք է արդյոք ինձ հրեշ դարձնել։ («Կինը ծովափին» կտավի լուսարձակումը։)
ՊԻԿԱՍՈ — Մանրամասնիր այն, ինչ կա ներսումս, իմ խորքում։ Մի՛ ուրացիր, նրանք ինձնից են. նրանք՝ ես եմ։
ԿԻՆ — Անհեթեթ ու մարդասպան երկրաչափության, որ դուրս է֊ գալիս որձի քո ուղեղից… մեքենայի և գործիքի քույր։ («Մարի Թերեզ» կտավի լուսարձակումը։)
ՊԻԿԱՍՈ — Դա ոչ այլ ինչ է, քան ատելություն ու ծաղր։ Այդ կնոջը, որին սիրել եմ, ինչո՞ւ եմ արգելափակել չոր մետաղաձողերի մեջ, արմատուրայի մեջ։
ԿԻՆ — Քո նվաճման մոլուցքի մեջ… անշուշտ, որպեսզի ավելի լավ նրան իշխես՝ հաշվարկված ձևերի մեջ։ («Հայելու առջև նստած կինը» կտավի լուսարձակումը։)
ՊԻԿԱՍՈ — Ավելի լավ նայիր։
ԿԻՆ — (լռելուց հետո)։ Որովայն, ճոխ կորություններ…
ՊԻԿԱՍՈ — Այո, բացահայտի՛ր խավարը, ասա՛ ինձ անձևակերպելին։
ԿԻՆ — Պարփակող մայրություն…
ՊԻԿԱՍՈ — Ուրիշ ի՞նչ։ Ասա՛։
ԿԻՆ — Կանացի դյուրաթեք մեղմություն, որն ավելի շուտ փաթաթվում է ու ենթարկվում, քան բախվում նկարչին։ («Մանդոլին նվազող կինը» կտավի լուսարձակումը։)
ՊԻԿԱՍՈ — Մի՞թե ես երկաթագործ եմ, թիթեղ ու խողովակ հարմարեցնող։
ԿԻՆ — Մաթեմատիկական մաքրություն…
ՊԻԿԱՍՈ — Քո մաքրությանը զուգորդված…
ԿԻՆ — …և երաժշտության։
ՊԻԿԱՍՈ — Շնորհակալ եմ, կին, շնորհակալ եմ ինձ հասկացնելու համար, թե ով եմ ես։
Բեմից հեռանում է, նրան փոխարինում է Ժորժ Բրակը։ Ցուցադրվում է Բրակի «Մանդոլինահար» կտավը։
ԲՐԱԿ — Իսկ ես Ժորժ Բրակն եմ՝ նրա գործընկերը, նրա կրկնօրինակը, նրա զինակիցը, ինձ չե՞ս ասի՝ ո՞վ եմ ես։
ԿԻՆ — Ինչո՞ւ է իմ մեջ լույսի ու թանաքի այդ բաժանումը։
ԲՐԱԿ — Ո՞վ կարող է ինձ բացատրել, եթե ոչ դու։
ԿԻՆ — Գուցե այդ բացարձակ սևը, այդ գիշերվա խորությունը պետք են, որպեսզի արտահայտվի արշալույսի սահմանագիծը։ (Բրակի «Պասյանս» կտավի լուսարձակումը։) Դու նույնպես ինձ թակարդն ես գցում, ջախջախում կարողություններս՝ այդ ածխացած ձեռքը փակցնելով պասյանսի թղթախաղին։
ԲՐԱԿ — Դա պատերազմ էր աշխարհով մեկ, սով, միլիոնների մահ։ Սարսափի գրկում մենք սպասում էինք։ Մենք հույս ունեինք։
ԿԻՆ — Ես մի ուրիշ ձեռք եմ տեսնում, որ բարձրանում է լույսի մեջ։
ԲՐԱԿ — Դեպի ո՞ւր։
ԿԻՆ — Դեպի հույս և սպասման ավարտ։
ԲՐԱԿ — Շնորհակալություն, կի՛ն, ինձ բացատրելու համար։
Մի շշուկ ահագնանում, դառնում է սաստիկ աղադակ։ Աղաղակներ են հնչում. «Իսկ ես, իսկ ես…», «Ասա ինձ, կին, ո՞վ եմ ես…»։
ԿԻՆ — Ի՞նչ է պատահել։ Ովքե՞ր են։
ԲՐԱԿ — Նրանք քեզ փնտրում են, քեզ հարցեր են տալիս։ Նրանք ուզում են իմանալ, ուզում են, որ ասես նրանց։
Մոդիլյանիի «Երիտասարդ աղջիկը» կտավի լուսարձակումը։ Նկարիչը բեմ է ցատկում։ Բրակը հեռանում է։
ՄՈԴԻԼՅԱՆԻ — Կին, ասա ինձ, ո՞վ եմ ես։ Ո՞վ է Ամադեո Մոդիլյանին։ Մի թուլամորթ հոգեկան հիվա՞նդ։ Կյանքից շփացած երեխա՞, որը, սակայն, վատնում է իր հնարավորությունները։
ԿԻՆ — Պարանոցս ձգվում է, խոցելի եմ, ուրվագիծս երկարում է։ Ուսերս կքվում են ճակատագրի ծանրության տակ։
ՄՈԴԻԼՅԱՆԻ — Մոռացիր քո մասին։ Ձերբազատիր ինքդ քեզ։
ԿԻՆ — Իմ մեջ մեղսակից քույր ես փնտրելո՞ւ։
ՄՈԴԻԼՅԱՆԻ — Այո, կին։ Մարմնավորիր իմ տխրությունը։ Կիսիր իմ ապրելու ցավը։
Անհետանում է, փոխարենը հայտնվում է Պիեռ Բոննարը։ Ցուցադրվում է Բոննարի «Երիտասարդ աղջիկը»։
ԲՈՆՆԱՐ — Ո՞վ է Պիեռ Բոննարը, ասա ինձ, կի՛ն։ Ձև տուր այդ փայլատակումներին, արևի այդ ճառագայթումին, որ իմ մեջ են։
ԿԻՆ — Սենյակներն, ուր ինձ փակում ես, ամառվա տաքություն ունեն, պարտեզի բույրեր։
ԲՈՆՆԱՐ — Դրանք քեզ համար եմ ստեղծել։
ԿԻՆ — Տիեզերքի քահանա, դու ինձ զոհաբերում ես լուսափայլ մատաղը՝ արևի աստծո բագինի վրա։
Բոննարին մի կողմ է հրում Անրի Ռուսսոն։ «Օձահմա կինը» կտավի լուսարձակում։
ՌՈՒՍՍՈ — Ո՞վ է Անրի Ռուսսոն, որին ասում են «Մաքսավոր»։
ԿԻՆ — Արևադարձի թունավոր անտառներ, մագլցող կարոտ, աչքերս բոցավառվում են սաղարթի միջից։
ՌՈՒՍՍՈ — Պոկիր ինձ տաղտկալի թղթապանակներից, սոսնձի գարշահոտից, մաքսատան գրասենյակների չարաշուք գորշությունից։ Ջրերի տարածության վրա լուսին բարձրացրու։
ԿԻՆ — Ինչպե՞ս կարող եմ դա անել։
ՌՈՒՍՍՈ — Միայն դու կարող ես դա անել։
ԿԻՆ — Ինչպիսի՞ լուսին։
ՌՈՒՍՍՈ — Բոլոր խենթությունների, բոլոր մոգությունների։
Նրան մի կողմ է մղում Անրի Մատիսը։ «Արթնացում» կտավի լուսարձակում։
ՄԱՏԻՍ — Կասե՞ս ինձ, ո՞վ է Անրի Մատիսը։
ԿԻՆ — Նա, ով ինձ երեք անուն է տվել՝ պերճանք, հանգստություն և հեշտանք։
ՄԱՏԻՍ — Գունագեղությա՞ն պերճանք։ Կորագծերի՞։ Զարդանախշերի՞։ Արդյոք քեզ ասե՞լ են, որ դու պերճանքն ես մեր կյանքի։
ԿԻՆ — Մեղմացրու առատորեն փթթող ձևերը։
«Քնած կինը» կտավի լուսարձակում։ Հեշտագին մարմինների ցուցադրում։
ՄԱՏԻՍ — Քեզնից առաջ դա չգիտեի, կի՛ն։ (Պոլ Դելվոյին, որը ներս է մտնում։) Խնդրե՛մ։ (Հեռանում է։ Պոլ Դելվոյի «Արձագանք» կտավի լուսարձակում։)
ԴԵԼՎՈ — (Կնոջը)։ Արդյոք ինձ համար մի քիչ ժամանակ մնա՞ց։
ԿԻՆ — Ահա և ես՝ դեպի անմահություն գնացող և աստիճանաբար փոքրացող կրկնօրինակներով։
ԴԵԼՎՈ — Ինչի՞ համար։ Ասա՛ ինձ։
ԿԻՆ — Անկասկած, ես պետք է համաձայնվեմ անավարտ լինել։
ԴԵԼՎՈ- Ուզում ես ասել՝ անսպա՞ռ, անհատնո՞ւմ։ Որին երբեք չե՞նք դադարի անհայտությունից հանել։
ԿԻՆ — Ի՞նչ իմանալու համար։ Ի վերջո, ի՞նչ եք ուզում, որ ձեզ ասեմ։
ԴԵԼՎՈ — Ի՞նչ գաղտնիք է մեզ սպասում հորիզոնի ետևում՝ դրդելով մեզ ամեն օր նկարակալի վրա մի նոր ճերմակ կտավ դնել։
ԿԻՆ — Եվ ձեր կարծիքով՝ ե՞ս եմ գաղտնիքը։
Մագրիտը մի կողմ է հրում Դելվոյին և բեմ մտնում։ «Մեծությունների խենթությունը» կտավի լուսարձակում։
ՄԱԳՐԻՏ — Առանց դրա, առանց այդ գաղտնիքի, որի խորհրդանիշն ես դու, մի՞թե երբևիցե նկարելու ցանկություն կունենայինք։ Ի՞նչ է մեր արվեստը, եթե ոչ չնչին, ծիծաղաշարժ, խենթ ու խելառ և անհուսալի մի ձեռնարկ՝ իր գաղտնիքից մի պատառ աշխարհից թաքցնելու համար, որպեսզի կարողանանք դրանով սնվել։
ԿԻՆ — Դու իմ մարմինը կաղապար ես սարքել։ Մի՞թե, ըստ քեզ, ես դատարկ պատյան եմ։
ՄԱԳՐԻՏ — Ավելի լավ քեզ լցնելու քո իսկական էությամբ, անասելի, անպատմելի… («Հայելի» կտավի լուսարձակումը։)
ԿԻՆ — Ճակատս մարմարի սառնություն ունի։ Արնահոսում է։
ՄԱԳՐԻՏ — Քո սառցային մաքրության վրա թող անդադար քո դաշտանների արյունը հոսի՝ հիշեցնելով մեզ, որ դու կյանքի շտեմարան ես։
Երաժշտության տակ, որին երբեմն կավելանա պարը, Կնոջը ներկայացնող սյուրռեալիստի կտավի լուսարձակում։
ԻՄՊՐԵՍԻՈՆԻՍՏ — (արտասանում է).
Դուք երազում եք ձեր աչքերը լայն բացած,
Սյուրռեալիստ եք դուք, ավելի շուտ՝ լարախաղաց։
Թափառում եք տանիքներին դուք աշխարհի,
Որ լուսնոտի խենթ երազն իրենց ու մեզ պաշարի։
Պար։ Իմպրեսիոնիստական կտավի ցուցադրում։
ՍՅՈՒՐՌԵԱԼԻՍՏ — (արտասանում է).
Իմպրեսիոնիստներ՝ խառնաշփոթ ու նյարդային,
Վարպետներ անհետացող ու շուտ ցնդող եթերի,
Սուզվում եք դուք մշուշի մեջ անդառնալի
Եվ ստեղծում աշխարհը ձեր անձև ու թերի։
Էքսպրեսիոնիստներ առանց հումորի,
Փոխանակ սիրեք աշխարհն ու կյանքը,
Տագնապ եք սարքում կյանքի խմորից։
Ուրեմն, երգեք կյանքի բերկրանքը։
Ֆովիստներ՝ խրախճասեր և անհագ,
Դուք կին եք նկարում մի այլանդակ,
Շվայտությունները ձեր վավաշոտ
Եվ գույները ձեր խառնաշփոթ։
Պար։ Ցուցադրվում է կուբիստական մի կտավ։
ՖՈՎԻՍՏ — (արտասանում է).
Կուբիստները՝ իրենց վրձնով կռվազան,
Կատաղում են բնության դեմ բազմազան։
Նկարներն արված սմբակով գրաստի,
Ծաղրանկարն են ձեր իսկ հավաստի։
Պար։ Ցուցադրվում է դասական մի կտավ։
Պատճենում են լոկ տեսածն աչքի
Դասականներն այս՝ ցնդած ու պառավ։
Լուսանկարն, ուրեմն, նման է հրաշքի,
Քանզի նույն գործն ավելի լավ արավ։
Պար։ Ցուցադրվում է հիպերռալիստական մի կտավ։
ԴԱՍԱԿԱՆ — (արտասանում է).
Հիպերռեալիստներ, լսեք կարծիքն իմ ոչ հետին։
Դուք, որ հասել եք լոկ մեկնակետին,
Եվ ցուցակին տաղանդների մեծ ու հզոր
Ավելացել որպես անշուք մի ընդվզող։
Լույսն ուժեղանում է։
ԿԻՆ — (ընկճված երգում է).
Փայփայում էի ես գեղեցիկ մի հույս,
Թե կսիրեն ինձ որպես աչքի լույս։
Սակայն նստած եմ հիմա հուսախաբ,
Ինքս պիտ փնտրեմ նրան առխարխափ։
Համոզված էինք մենք միամտորեն,
Թե մեզ գեղեցիկ կտեսնեն նորեն։
Աչքն իրենց անկուշտ հառել են, սակայն,
Դեպ մեր կրծքերը, դեպ մեր որովայն։
Որպեսզի նորից հին խաղն սկսեն՝
Ծննդի խաղն այս հավերժական—հին,
Որպեսզի նորից հույսերով կառչեն
Մի նոր մանկության մի նոր երազին։
Պատկերի միջով իմ տանջված ու խեղճ,
Բոլորը՝ նրանք նման մեկ մարդու,
Պատկերն են ուզում փնտրել իրենց պերճ՝
Իրենց են փնտրում հայացքով արթուն։
Հիմա ամեն մեկը՝ կամքով անարգել,
Ինչ ասես՝ ինձնից կարող է սարքել։
Ձևում, չափում են, կտրտում, ներկում,
Հաջորդն էլ գալիս, սրանց է հերքում։
Գինարբուքներում իրենց կատաղի,
Գործածված գինուց խելքը կմաղի,
Իսկ տկարությունից նրանց որձի
Մնում եմ մենակ ու առանց գործի։
Եվ շշերի միջև պարապ,
Եվ թրջված շորերի միջև
Սեռաքմայքի մի ամբողջ տարափ
Եկել ու նրանց գլխին է իջել։
Երբ Կինը երգում է վերջին երկու տողը, դասական և մոդեռնիստ նկարիչները կամացուկ ներս են մտնում։ Բեմի մի անկյունում՝ նկարակալի վրա, դրված է անավարտ դասական էսքիզ։ Մյուսում՝ մեկ ուրիշ նկարակալի վրա, ժամանակակից, մոդեռնիստական էսքիզ՝ նույնպես անավարտ։ Երկու նկարիչները զննում են Կնոջը։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Նա ընկճված է։
ԴԱՍԱԿԱՆ ՆԿԱՐԻՉ — Կարծո՞ւմ եք։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Պետք է մի բան անել։
ԴԱՍԱԿԱՆ — Ի՞նչ։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ես մի գաղափար ունեմ։ (Թղթի կտորը երկու մասի է բաժանում, կեսը տալիս ընկերոջը։ Սկսում են գրել։) Տա-տա-տա-տա-տա-տա-տա…
ԴԱՍԱԿԱՆ — (գրելով)։ Լա-լա-լա-լա-լա-լա…
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Տա–տա–տա–տա…
ԴԱՍԱԿԱՆ — Լա-լա-լա-լա…
ՄՈԴԵՌՆԻՍՏ – Ահա՛։
ԴԱՍԱԿԱՆ – Ահա՛։
Թղթերը գրպաններն են դնում։ Կնոջը մոտենալով և հանելով թղթի կտորները։
ԴԱՍԱԿԱՆ — (կարդալով)։ Կին…
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Կին…
ԴԱՍԱԿԱՆ — Կլասիցիզմի և դասական նկարիչների անունից…
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Մոդեռնիզմի և մոդեռնիստ նկարիչների անունից…
ԵՐԿՈՒՍՈՎ — (միաձայն)։ Մենք եկել ենք մեր հրճվանքն արտահայտելու։ Խոստովանում ենք, որ մինչև այսօր օգտվել ենք քեզնից՝ դարձնելով քեզ մեր վրձինների սպասուհին։ Մենք փոխում ենք մեր կյանքը։ Մենք որոշել ենք քեզ սիրել։ (Թղթերը ծալում, դնում են գրպանները։)
ԿԻՆ — Որոշել եք ինձ սիրե՞լ։
ԵՐԿՈՒՍՈՎ — (միաձայն)։ Ճիշտ այդպես։
ԿԻՆ — Ինձ սիրահետե՞լ։
ԴԱՍԱԿԱՆ — Մնում է, որ ընտրես քեզ տենչացող երկուսից մեկին։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Սրտի ախոյաններ ենք, միա՛յն։ Կմոռանանք մեր արհեստի վեճերը։
ԴԱՍԱԿԱՆ — Արդյո՞ք այդչափ սուր էին։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ճիշտ է, որ կինը հմայել է երկուսիս։
ԴԱՍԱԿԱՆ — Դուք մեզ հանդիմանում էիք, որ նկարել ենք նրան առանց հնարքի, միապաղաղ։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Դուք էլ մեղադրում էիք, թե չափից ավելի ենք զբաղված մենք մեզնով։ Նրա միջոցով՝ մեզ նկարելով։
ԴԱՍԱԿԱՆ — Գուցե մենք ավելի շատ էինք հարգում նրա գեղեցկությունը։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ըստ երևույթին, նկատի ունեք նրա անհամացած հմայքները, որ քարշ էիք տալիս կտավից-կտավ։
ԴԱՍԱԿԱՆ — Դուք նրան կտորների էիք բաժանում։ Մի՞թե դա ավելի լավ է։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Չլսված հակասություն։ Այլանդակության ճանապարհներով՝ մահվան ու քայքայումի միջոցով կինը մի նոր գեղեցկություն է ձեռք բերել։
ԿԻՆ — Ես կարծում էի՝ եկել եք ինձ սիրահետելու։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ներիր մեզ. հին ռեֆլեքսներ են։
ԴԱՍԱԿԱՆ — Մասնագիտական դեֆորմացիա։
ԿԻՆ — Ո՞ւր եք ինձ տանում։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ռեստորան։
ԴԱՍԱԿԱՆ — Զբոսանքի, համերգի։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ձիարշավ, թատրոն, օպերա։
ԿԻՆ — Պայմանով, որ բալետի ժամանակ չես հանի քո էսքիզների տետրակը։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Խոստանում եմ։
ԿԻՆ — (դասական նկարչին)։ Կամ անտառի եզրին ինձ չես կերպարանափոխի օդանույշի կամ հավերժահարսի։
ԴԱՍԱԿԱՆ — Երդվում եմ։
ԿԻՆ — Գնացինք։
ԴԱՍԱԿԱՆ — Գործիքներս հավաքելու ժամանակն է։ (Հավաքում է։)
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Լվանում եմ ձեռքերս, շորերս փոխում՝ հետաձգելով այս էսքիզի ավարտը, ինչից դժգոհ չեմ։
ԴԱՍԱԿԱՆ — (հայացք նետելով)։ Դա այդպես վարվելու ձեր իրավունքն է։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Իսկ ձերը՝ չսիրելու։
ԴԱՍԱԿԱՆ — Ելնելով համաչափության և հեռանկարի հանդեպ տածվող օրինական հարգանքից։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Չնայած դրանք պայմանական են, արհեստական և մակերեսային։
ԴԱՍԱԿԱՆ — Մենք երբեք համաձայնության չենք գա։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Վախենամ, թե այդպես է։
ԴԱՍԱԿԱՆ — Ձեր պնդաճակատության և համառության պատճառով։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Եվ ձեր տեսությունների կամայականության պատճառով։
ԴԱՍԱԿԱՆ — Ավելի լավ է՝ մեզ արհամարհեք։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Դա անելու համար չեմ սպասում ձեր հրավերին։
Սկսում են իրենց էսքիզները գծել։
ԴԱՍԱԿԱՆ — Ձեր ծայրահեղ չափազանցությունները խրախուսում են իմ սերը կանոնի հանդեպ։ (Կնոջը.) Մի՛ շարժվիր։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ձեր միապաղաղություններն ինձ մղում են խախտել այդ կանոնները և հանդգնել… (Կնոջը.) Մի՛ շարժվիր։
ԴԱՍԱԿԱՆ — Դուք պատասխան կտաք պատմության առջև կնոջը հասցրած վիրավորանքների համար։ (Կնոջը.) Չշարժվե՛ս։
ԿԻՆ – Մի՛ շարժվեք։ (Ազդված այդ հրամանից՝ անշարժանում են։ Կինը անշտապ վերցնում է երկու ճեպանկարները, արհամարհանքով համեմատում և հանգիստ պատռում։) Դուք մոդել եք փնտրում։ Ես ձեզ թողնում եմ դեմ-դիմաց։ Ոգեշնչվեք միմյանցով։ Նկարեք իրար փոխադարձաբար։ (Պիրուետ անելով հեռանում է։)
ԴԱՍԱԿԱՆ — Սպասի՜ր մեզ։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Սպասի՜ր մեզ։
ԴԱՍԱԿԱՆ — Վերադարձի՜ր։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Վերադարձի՜ր։
Նրանք հավաքում են իրենց էսքիզների պատառները և ջանում վերականգնել՝ սխալվելով ու միմյանց հետ փոխանակելով։
ԴԱՍԱԿԱՆ — Նա կվերադառնա։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Համոզվա՞ծ եք։
ԴԱՍԱԿԱՆ — Նա շատ է սիրում, երբ իրեն նայում են։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Բայց ինչպիսի՞ աչքերով։ Ահա թե ո՛րն է հարցը։
ԴԱՍԱԿԱՆ — Նրանք հասարակ բաները բարդացնելու վարպետ են։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Իսկ մենք, գուցե, պարզունակ դարձնելու այն, ինչն այնքան էլ պարզ չէ։
ԴԱՍԱԿԱՆ — Արվեստն ու սերը, սակայն, տարբեր բաներ են։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Փորձեք, ուրեմն, մեզ դրանում համոզել։
ԴԱՍԱԿԱՆ — Երբ նրանք մեր առջև են, երբ նկարում ենք նրանց, գլխներում միայն մի միտք կա՝ մեզ նվաճել։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Իսկ երբ մենք ենք սիրահետում, փնտրում ենք նրանց մեջ գիծը…
ԴԱՍԱԿԱՆ — Ահա թե ինչո՛ւ կանայք երբեք մեծ նկարիչ չեն դառնա։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Ոչ էլ տղամարդիկ, անկասկած, հանճարեղ սիրեկաններ։
ԴԱՍԱԿԱՆ — (երգում է).
Ասպետներ ենք մենք արվեստի տխուր,
Գլխներիս՝ հանճարի սաղավարտ,
Որդիներ ենք մենք ապօրեն, հախուռն,
Ընկած աշխարհն այս թերի, անավարտ։
Որդիք կտավի կամ էլ թե փայտի,
Որ հղիացնում են լոկ մուսաներին,
Սիրտն իրենց, սակայն, իզուր պիտ խայտի,
Եվ մաշվող հոգին նրանց չի ների։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — (երգում է).
Մայրեր փխրուն և քնքույշ,
Հոգով հարուստ եք դուք մեզնից,
Սակայն անուրջը ձեր, վաղ թե ուշ,
Պիտի մերժվի ձեզ ի վերուստ։
ԴԱՍԱԿԱՆ — (երգում է).
Սիրո խենթեր են իսկապես կանայք,
Որ համաձայն իրենց հին փորձի,
Քնքշացնում են մեզ և տալիս հմայք
Չորությանը մեր ձախավեր որձի։
Կինը, ստվերում կանգնած, լսում է. հեգնական ծիծաղ է հնչում։
ԴԱՍԱԿԱՆ — Ես վստահ եմ, որ նա սպասում է մեզ։
ՄՈԴԵՌՆԻՍՏ — Որպեսզի մեզ սիրո դաս տա։
Շտապում են միանալ Կնոջը։ Ավարտի երաժշտություն։
Ֆրանսերենից թարգմանեց Անահիտ ԹՈՓՉՅԱՆԸ