ԱՐԹՆԱՑՈՂ ԼՈՒՅՍԵՐ ՈՒՂԵԾԻՐՆԵՐՈՒՄ ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ

Հարցազրույց ԼՂՀ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Լեոնիդ  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ

Ռուբեն Կարապետյան

 

Ռոբերտ ԵՍԱՅԱՆ — Լեոնիդ Ավետիքի, դերասան թե նկարիչ, աշխատելով ձեզ հետ, տարիների ընթացքում դառնում է ձեր հոգեաշխարհի լույսն ու կյանքի տրոփող իմաստը: Իսկ երբ կյանքից հեռանում է Ձեր արվեստագետ ընկերը, ում հետ տարիներ շարունակ մարմնավորել եք բեմական դրվագներ, համատեղ ուժերով հոգի ու շունչ տվել թատերական կյանքին, ստեղծագործաբար հաղթահարել ամեն մի դժվարություն, ի՞նչ ապրումներ եք ունենում:

Լեոնիդ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ — Ապրումներիս դուռը սրտիս մեջ է: Խոր ցավ եմ ապրում: Եվ կսկիծն է սեղմում սիրտս: Վերջերս ցնցեց ինձ իմ արվեստագետ ընկերոջ` ռեժիսոր Ռուբեն Կարապետյանի մահվան բոթը:

 

Ռ. Ե. — Ռուբեն Կարապետյանը Էջմիածնի ակումբա-գրադարանային քոլեջի ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտ էր, երբ մի խումբ շրջանավարտների հետ (Սամվել Եվրիյան, Բագրատ Գևորգյան, Վաչագան Փահլևանյան, Մարի Կարապետյան, Քնարիկ Մկրտչյան) եկավ Ստեփանակերտ` աշխատելու Մ.Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնում: Իսկ Քնարիկ Մկրտչյանի ամուսինը` Ազատը աշխատանքի ընդունվեց Ղարաբաղի երգի-պարի պետական համույթում:

Լ. Հ. – Այո՛, դա 1975 թվականին էր: Իմ բեմադրությամբ հանդիսատեսի դատին հանձնվեց Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումը, որտեղ Օլեգի դերում հանդես եկավ Ռուբեն Կարապետյանը: Նա մեծ պատասխանատվությամբ էր կատարում իր գործը, մտածելով, որ ներկայացման հաջողությունը ամենից շատ կախված է իր մարմնավորած դերից: Եվ այդ դերը ներկայացման առանցքային դերն էր: Դա ոչ միայն նրա համոզմունքն էր, այլև աշխատանքային սկզբունքը:

Նկարում ձախից` Բագրատ Գևորգյանը, Սամվել Եվրիյանը, Վաչագան Փահլևանյանը և Ռուբեն Կարապետյանը

 

Ռ. Ե. — Ռեժիսոր Ռուբեն Կարապետյանի կնոջ` Մայրանուշ Կարապետյանի հավաստմամբ` Ռ. Կարապետյանը Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում աշխատելու տարիներին «Հանդես» ամսագրում հեղինակել է բազմաթիվ հոդվածներ, որոնցից ուշագրավ են «Էպիկական թատրոնի կիրառական նշանակությունը», «Բիոմեխանիկա գիտություն և թատերական միթոս», «Սիստեմը, որպես բնության ճանաչողության ճանապարհ» աշխատանքները:

Լ. Հ. — Հենց այդ ժամանակ էլ Ռուբենի կենսագրության մեջ բացվեց մի նոր պատուհան: Մի նոր կյանք սկզբնավորվեց ղարաբաղյան ոգու հմայքով: Ռեժիսորական ֆակուլտետի շրջանավարտների մեջ ամենաշնորհալին Ռուբենն էր: Այդ կարծիքին էին նաև նրա ընկերները` երիտասարդ դերասանները: Հուսավառ դերասանները բնակվելով երկսենյականոց բնակարանում, սկսեցին մասնակցել «Երջանկություն որոնելիս» ներկայացման փորձերին: Մ. Գորկու անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն, բանաստեղծ Գուրգեն Գաբրիելյանը մեծ հույսեր էր կապում նորեկ դերասանների հետ, ամեն կերպ ձգտում ոգևորել և սատարել նրանց: Երիտասարդ դերասանների ապրելակերպը ուսանողական-հանրակացարանային բնույթի էր: Սակայն նրանք ավյունով լցված և նպատակասլաց էին, համառ ու համբերատար:

 

Դասախոս Ռուբեն Կարապետյանը դասախոսության ժամին

Ռ. Ե. — «Երջանկություն որոնելիս» ներկայացման ամենաբարդ տեսարանը առաջին գործողության ավարտն էր, երբ Օլեգը անզգուշորեն թանաք է թափում Լենոչկայի արտասահմանյան սեղանին, իսկ քաղքենիական մոլուցքով բռնված հարսը ցասման պոռթկումով դուրս է շպրտում Օլեգի` ձկներով ակվարիումը, ինչն էլ մղում է պատանուն ծայրահեղ քայլի:

Լ. Հ. — Իհարկե, այդ տեսարանի բեմադրությունը աշխատարար և բարդ գործընթաց էր: Օլեգը պատից իջեցնելով պատերազմում զոհված հոր թուրը, կատաղորեն ջարդուփշուր է անում կահույքը: Ես մտածում էի, որ եթե թուրը լինի փայտից, կարող է հերոսի թափից ջարդվել… Այդ ժամանակ ինձ մոտեցավ Լապշինի դերակատարը` Բոգդան Բաբայանը և ասաց. «Ընկեր Հարությունյան, ես մինչ այս միշտ կատարել եմ դրվագային դերեր: Դուք ինձ վստահեցիք Լապշինի դերը, որի համար ջերմ շնորհակալություն եմ հայտնում և ձեզ եմ նվիրում թանգարանային արժեք ունեցող այս պատմական թուրը: Թող Օլեգի դերակատարը` սիրելի Ռուբենը, տեսարանը խաղա իսկական թրով»: Ասեմ, որ թուրն իր նշանակալի դերը կատարեց այս ներկայացման բոլոր խաղարկությունների ժամանակ:

Տարին ավարտին էր մոտենում: Ռուբենը պիտի զորակոչվեր Խորհրդային բանակի շարքերը: Հրաժեշտի պահին թախանձագին խնդրեց. «Ընկեր Հարությունյան, Օլեգի դերը ես կատարեցի այս նշանավոր թրով: Այն իմ կյանքում ինքնահաստատման և հաջողության խորհրդանիշ է: Խնդրում եմ, նվիրեք ինձ, ողջ կյանքում ձեզ երախտապարտ կլինեմ»: Սիրով նվիրեցի նրան այդ արցախափայլ թուրը, ասելով. «Սրբությամբ պահպանիր, որ ինքն էլ քեզ պաշտպանի»: Այդ միջադեպից տասնյակ տարիներ են անցել: Օրեր առաջ Վաչագան Փահլևանյանն ու Բագրատ Գևորգյանը Երևանից զանգեցին ինձ ու ասացին. «Լեոնիդ Ավետիքի, Ռուբեն Կարապետյանը կնքել է իր մահկանացուն: Ձեր նվիրած արցախափայլ թուրը կախված է նրա հայրենի տան պատից: Սերունդների երթը հսկող ոգեղեն հրեշտակ է նա»:

 

Ռ. Ե. — Երբ այս տողերը հանձնում եք թղթին, արթնացող լույսե՞ր են Ձեր հիշողության ուղեծիրներում:

Լ. Հ. — Եվ ո՛չ միայն: Ինքնաբացահայտման տողերը բացում են նաև հիշատակի տեսադաշտը: Նորից հիշողությանս մեջ արթնացան այն ջերմ պահերը, հույսերն ու վեճերը, որ բռնկվում էին ներկայացման փորձերի ժամանակ: Իսկ այդ, փորձերը ձգվում էին երկար, երբեմն թատրոնի շենքից տեղափոխվելով բնակարանները: Սպասումն ու հաճելի լարումը ուղեկցում էին մեզ: Դերասանները խոսում էին շշուկով, ընդհանրացում կատարելով նաև ձեռքերով: Ստեղծագործական արարման ինչպիսի˜ պահեր… Ռուբեն Կարապետյանը վայելում էր գործընկերների համակրանքն ու սերը:

 

Ռ. Ե. — Բանաստեղծ Վարդան Հակոբյանի հավաստմամբ` «Երջանկություն որոնելիս» ներկայացումը թարմ շունչ հաղորդեց թատրոնի ստեղծագործական ոգուն, ընդլայնելով թատերասեր հանդիսատեսի հետաքրքրությունների դաշտը:

Լ. Հ. — Անշուշտ, ուշագրավ է Վ. Հակոբյանի հոդվածը ներկայացման մասին: Հեղինակը ինքնատիպ վերլուծություններով և հետաքրքիր դիտարկումներով ոգևորեց ստեղծագործական խմբին` մղելով նոր որոնումների:

Ներկայացման առաջատարը Շուշանիկ Գրիգորյանի Կլավդիա Վասիլևնան էր` իր փորձառու և հմուտ դերասանական վարպետությամբ: Իրենց ինքնատիպ խաղով ներկայացումը հարստացրին Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը, Բոգդան Բաբայանը, Վահան Առուշանյանը: Ներկայացումը բարձր գնահատեցին  թատերարվեստի նվիրյալները`  Մարգո Բալասանյանը, Բենիկ Օվչյանը, Մամիկոն Միքայելյանը: Հանրապետության ժողովրդական արտիստները հիացած էին Օլեգի դերակատար Ռուբեն Կարապետյանի խաղով:

 

Ռ. Ե. — Հետո Ռուբեն Կարապետյանի կենսագրության մեջ բացվեցին նոր պատուհաններ: 1985-87 թթ. թատերարվեստի նվիրյալը աշխատեց Հայաստանի պատանի հանդիսատեսի թատրոնում որպես ռեժիսոր: Հետագա տարիներին աշխատել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, Էջմիածնի ակումբա-գրադարանային քոլեջում, Մ. Սեբաստացու անվան միջնակարգ դպրոցում, Աշտարակի պետական թատրոնում, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտում:

Լ. Հ. — Կարող ենք վստահորեն ասել, որ ռեժիսոր, արվեստաբան Ռուբեն Կարապետյանի հիշատակի տեսադաշտը լցվում է նոր կյանքով, որը հուզում է մեզ և սերունդներին հիշողության անխամրելի պայծառությամբ:

 

Հարցազրույցը` Ռոբերտ ԵՍԱՅԱՆԻ

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։