Ռաֆայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ / «ՓՈՍ»

Ռաֆայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ «ՓՈՍ» պիեսը տպագրվել է «Դրամատուրգիա» հանդեսի 2004 թ., թիվ 6-7-ում

 

 

Մարդկությունը աստիճանաբար կորցնում է զարմանալու ընդունակությունը։ Եվ բնական, և հասարակական մեծածավալ ու անսովոր աղետները, իրադարձություններն սկսել են մատուցվել-ընկալվել որպես ՑԱՎԱԼԻ-Է,–ՈՐ–ԵՂԱՎ,–ԲԱՅՑ–ՎԵՐԶ–Ի–ՎԵՐՋՈ–Ի՞ՆՉ-Է-ՊԱՏԱՀԵԼ-ՈՐ ենթատեքստով։ Այդ ամենի վրա զարմանալու և բացատրություններ գտնելու փորձերը «վատ տոնի» նշան են համարվում, իսկ դրանց հակադրվելու-պայքարելու ճիգերը, անհասկանալի պատճառներով, միանգամայն այլ արդյունք են տալիս։ Ուրե՞մն… Ի՞նչ ուրեմն։ Ճշմարիտ պատասխանը անմիջապես ասելու համարձակությունը բութերի և տգետների մենաշնորհն է միայն։ Լուծումը գտնելու միակ եղանակը ԲՈԼՈՐՈՎ ՄԻԱՍԻՆ որոնումների ելնելու մեջ է։ ԲՈԼՈՐՈՎ ՄԻԱՍԻՆ։ Ամեն մեկը՝ իրեն մատչելի միջոցով։

Ու ճշմարիտ սրտացավությամբ։

Ու վստահ համոզվածությամբ, որ ՄՆԱՅՈՒՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ որքան էլ վերարժեքավորվեն, այլ որակ ձեռք չեն բերի, ուրիշը չեն դառնա։ Այսպիսի մոտեցմամբ, կարծում եմ, մի փոքրիկ լապտեր-լույսի տեր ես դառնում, որով հնարավոր է փնտրտուքի մութ արահետով առաջանալը, որոնումների ելնելը։

  • Սպասեք, սպասեք, բայց այդ ամենը ի՞նչ կապ ունի «Փոսը» պիեսի հետ։
  • Պարզ է, ուրեմն ոչինչ չհասկացաք, սկսում եմ սկզբից. «Մարդկությունը աստիճանաբար կորցնում է…»

…և մնացածը։

Ռաֆայել ՆԱՀԱՊԵՏՅԱՆ

 

ՓՈՍ

Գործող անձինք

ԿԱՊԻՏԱՆ

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ

ՀԱՎԱՔԱՐԱՐ

ԿԻՆ

ԳՆԴԱՊԵՏ

ՄԱՅՈՐ

ՆԱԽԱՐԱՐ

ՀՈՎԱՆԱՎՈՐ

 

Կապիտանի ընդարձակ առանձնասենյակը։ Հեռավոր անկյունում գրասեղան է՝ լուսամփոփով, հեռախոսով, թղթապանակներով, բազկաթոռով, պատից կլոր, մեծ ժամացույց է կախված։ Գնդապետն ու Մայորը նստած մտազբաղ ծխում են։ Աշխատանքային խալաթով Հավաքարար կինը ավլում է հատակը, սրբում փոշին։ Առանձնասենյակի հակառակ կողմում, մուտքի դռնից աջ, իրար վրա շարված դատարկ շշերի արկղեր են։ Հիմնական գործողությանը զուգահեռ, այստեղ եր­բեմն մարդիկ են գալու՝ դատարկ շշեր են հանձնելու։ Սրա դիմաց նեղլիկ մի դուռ է, որի վերևում կիսամերկ կնոջ գունավոր նկար է՝ «Անմոռաց հանդիպում» մակագրությամբ։ Հիմնական գործո­ղությանը զուգահեռ նաև ինչ-որ զույգեր՝ կանայք, տղամարդիկ են գողունի գալու կամ արագ չքվելու։

ԳՆԴԱՊԵՏ — (ձեռքի ժամացույցին նայելով)։ Պարոն Կապիտանը ուշանում է։

ՄԱՅՈՐ– (նույնպես ժամացույցին նայելով)։ Այո… ուշանում է։

ՀԱՎԱՔԱՐԱՐ(ընդհատում է ավլելը, նայում պատի ժամացույցին)։ Չի ուշանում, երկուսին տասն է պակաս։

Գնդապետն ու Մայորը նայում են իրենց ժամացույցներին։

ԳՆԴԱՊԵՏ — Երկուսն անց է քսան։

ՄԱՅՈՐ — Այո, անց քսան է։ (Պատի ժամա­ցույցը մատնացույց անելով։) Երևի ետ է ընկել:

ԳՆԴԱՊԵՏ — Կանգնած է… վաղուց է փչա­ցել։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (ծաղկամանի ծաղիկների տեղերը փոխելով, ինքն իրեն)։ Ձեր գործն է, բայց որ պարոն Կապիտանը եկավ՝ կասեմ։

ԳՆԴԱՊԵՏ — (անփույթ)։ Ի՞նչ պիտի ասեք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կասեմ, որ պատի իր մեծ, կլոր ժամացույցին ետ ընկած անվանեցիք։ Ու փչացած։

ԳՆԴԱՊԵՏ(տեղից ցատկելով)։ Ի՞նչ, ո՞նց թե, այս ի՞նչ է ասում… ի՞նչ փչացած, ի՞նչ ետ ըն­կած… ո՞վ ասաց։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հակառակի պես էլ պա­րոն Կապիտանը էդ ժամացույցը շատ է սիրում, վստահում։ Օրը մի տասը-քսան անգամ որ դրան չնայի՝ գործ չի անի, իսկ դուք՝ փչացած, ետ ընկած… Կասեմ։

ԳՆԴԱՊԵՏ — (իր ժամացույցը ականջին է դնում, թափահարում)։ Այ քեզ բա՜ն… տես, է՛, ախր ի՛մն է փչացել, ի՛մը։

ՄԱՅՈՐ — Իմն էլ։ Համ փչացել է, համ ետ ըն­կել։ Ո՞նց էի մոռացել։ Դեն պիտի գցեմ։

ԳՆԴԱՊԵՏ Ես էլ։ Դեն գցեմ, ազատվեմ-պրծնեմ սրանից։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դե գցեք, բա ինչի՞ չեք գցում։ Համ ասում եք, համ չեք անում։ Ձեր խոս­քի տերը չե՞ք։ Հենց պարոն Կապիտանը եկավ՝ կասեմ։

ԳՆԴԱՊԵՏ — Ի՞նչ։

ՄԱՅՈՐ — Հիմի ի՞նչ պիտի ասեք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ Որ ձեր ասածը չեք կա­տարում, ձեր խոսքի տերը չեք, ձեր որոշումները օդի մեջ են մնում… Մնացածը թող ինքը որոշի։

 

Գնդապետն ու Մայորն իրար են նայում, ապա ժամացույցներն ար­ձակելով՝ մի կողմ նետում։ Հավա­քարարը մոտենում է, վերցնում ժամացույցներն ու դնում է խալաթի գրպանը։

 

ԳՆԴԱՊԵՏ — Ի՞… տես, է՛, վերցրեց։

ՄԱՅՈՐ – Ինչո՞ւ վերցրիք, ախր փչացած են, բանի պետք չեն։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Ես հավաքարար եմ, աղբ ու անպետք բաներ եմ հավաքում, որ թափեմ։

ԳՆԴԱՊԵՏ – Որտե՞ղ եք թափելու։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ձեզ ի՞նչ։

ԳՆԴԱՊԵՏ – Չիմանա՞նք՝ հարազատ նա­խարարության աղբը որտեղ են թափում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Գաղտնիք է։ Այդ բանը միայն պարոն Նախարարը գիտի, ես ու երկրորդ տեղակալը։

ՄԱՅՈՐ — Իսկ առաջին տեղակա՞լը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Աոաջին տեղակալին առ­այժմ չենք վստահում։ Պարոն Նախարարի կինը անցյալ օրն ասում էր՝ ոնց որ թե մի քիչ բերան­բաց է։

ՄԱՅՈՐ — Պարոն Նախարարի կի՞նը ձեզ ասաց… Ե՞րբ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Անցյալ չորեքշաբթի։ Օգ­նեցի տունը հավաքել, հետո, որ սուրճ էինք խմում՝ ասաց։

 

Թափով բացվում է դուռը, Կապի­տանը սրընթաց գնում է դեպի բազկաթոռը։ Գնդապետն ու Մա­յորը ոտքի են կանգնում։

 

ԳՆԴԱՊԵՏ, ՄԱՅՈՐ — Պարոն Կապի­տա՛ն։

ԿԱՊԻՏԱՆ — Բարի օր, պարոնայք, բարի օր, ներեցեք, որ ուշացա։

ԳՆԴԱՊԵՏ — (պատի ժամացույցը ցույց տալով)։ Պարոն Կապիտան, չեք ուշացել, երկուսին տասն է պակաս, տասը րոպե շուտ եք եկել։

ԿԱՊԻՏԱՆ — Դրան ուշադրություն միք դարձնի, վաղուց է փչացել։ Մոռանում եմ դեն նետել։ Հիշեցրեք, մեկին հանձնարարեմ այդ օպե­րացիան։

 

Գնդապետն ու Մայորը Հավաքա­րարին են նայում։ Վերջինս ոչ մե­կի վրա ուշադրություն չդարձնե­լով՝ աթոռը բերում է պատի մոտ, բարձրանում, հանում է ժամա­ցույցն ու գրպանից ցելոֆանե տոպարկ դուրս բերելով՝ խնամքով տեղավորում մեջը, իջնում, տոպրակը դնում է իր պայուսակի կողքը։ Կա­պիտանը այս ամենի վրա ուշա­դրություն չի դարձնում։

 

ԿԱՊԻՏԱՆ — Պարոնայք, խնդրում եմ նստեք, սկսենք խորհրդակցությունը։ (Գնդա­պետն ու Մայորը նստում են։ Հավաքարարը հանում է խալաթը, խնամքով դնում է մի կողմ, գալիս-նստում է։ Կապիտանը զարմացած նա­յում է նրան։) Դուք ինչո՞ւ նստեցիք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ Խնդրեցիք։

ԿԱՊԻՏԱՆ — Ո՞ւմ։

ՀԱՎԱՔԱՐԱՐՄեզ։

ԿԱՊԻՏԱՆ – Ե՞րբ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հենց նոր։ Չասացի՞ք. «Ձեզ խնդրում եմ նստել»։ Մենք էլ նստեցինք։

ԳՆԴԱՊԵՏ — Պարոն Կապիտանի «Ձեզը» մեզ էր վերաբերում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Պարզ է, որ մեզ էր վերա­բերում, ուրիշ էլ ո՞վ կա։

ՄԱՅՈՐ — Մեզ, այսինքն՝ ես ու պարոն Գնդապետը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Իսկ ես ու պարոն Կապի­տա՞նը։ Մենք մարդ չե՞նք։

ՄԱՅՈՐ — Պարոն Կապիտանին ինչո՞ւ եք ձեզ հետ խառնում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Ինչո՞ւ, նա մարդ չէ՞։

ՄԱՅՈՐ — Իհարկե, մարդ է։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ուրեմն նստելու իրա­վունք ունի։

ՄԱՅՈՐ — Ո՞վ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Պարոն Կապիտանը։

ԳՆԴԱՊԵՏ — Լսեք, հանգիստ թողեք պա­րոն Կապիտանին։ Դո՞ւք պիտի նրան պաշտպանեք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բա ի՞նչ անեմ, չեք թող­նում՝ մարդը նստի։

ՄԱՅՈՐ – Որտե՞ղ չենք թողնում նստի՝ իր առանձնասենյակի իր բազկաթոռի՞ն։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դրանք պետական են։

ՄԱՅՈՐ – Ի՞նչը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Առանձնասենյակն ու բազկաթոռը։

ԳՆԴԱՊԵՏ — Սա ի՞նչ է ուզում մեզնից։

ՄԱՅՈՐ — Հասարակ մի բան՝ որ վերջնակա­նապես ցնդենք։

ԿԱՊԻՏԱՆ — Մենք մեր հավաքարարն ու­նեինք, ի՞նչ եղավ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կրճատել են, հիմա ես նախարարության միակ ու գլխավոր հավաքարարն եմ։

ԳՆԴԱՊԵՏ – Որ միակն եք, էլ ո՞նց եք գլխավոր։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Երկրորդական լինե՞մ։

ԿԱՊԻՏԱՆ – Մի խոսքով, երբ խնդրեցի նստել՝ ձեզ նկատի չունեի։ Ասածս պարոն Գնդապետին ու պարոն Մայորին էր վերաբերում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Այսինքն՝ մենք մարդ չենք, մենք՝ հեչ։ Դե լավ, կիրակի օրը պարոն Նախարարի տունն եմ հավաքելու։ Վերջում որ տիկին Նախարարուհին սուրճ հյուրասիրի ու դեսից-դենից զրուցենք՝ կասեմ։ Չեմ մոռանա։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ տիկին Նախարարուհի, ի՞նչ կասի։

ՄԱՅՈՐ — Ասում են՝ Նախարարի տիկնոջ հետ մոտ է։

ԿԱՊԻՏԱՆ – Հա՞, հաստա՞տ։

ՄԱՅՈՐ — Ասում են։

ԿԱՊԻՏԱՆ — Ովքե՞ր։

ԳՆԴԱՊԵՏ — Ոմանք։

ԿԱՊԻՏԱՆ — (հավաքարարին, որ խալաթր հագած դեպի դուռն է ուղղվում)։ Սպասեք, այդ ո՞ւր եք գնում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Պարոն Նախարարի 2-րդ տեղակալի առանձնասենյակը հավաքելու։ Կես ժամ հետո խորհրդակցություն է, համ էլ կմաս­նակցեմ։

ԿԱՊԻՏԱՆ — 2-րդ տեղակալի հետ էլ է մո՞տ… այ քեզ բա՜ն։ Երևում է՝ խորհրդակցություններ սիրում եք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ո՞վ չի սիրում։ Հետաքրքիր են անցնում։

ԿԱՊԻՏԱՆ — Ուրեմն նստեք ու մասնակցեք խորհրդակցությանը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Ի՞նչ կարիք կա, հանկարծ կխանգարեմ։

ԿԱՊԻՏԱՆ (խիստ)։ Նստեք ու մասնակ­ցեք խորհրդակցությանը։ Կատարե՛ք հրամանը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Լսում եմ։ (Հանում է խա­լաթը, նստում։)

ԿԱՊԻՏԱՆ — Այ այդպես։ Պարոնայք…

ՀԱՎԱՔԱՐԱՐ (իրեն մատնացույց անե­լով): Եվ տիկնայք։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ… հա, պարզ է։ Եվ այս­պես, պարոնայք և տիկնայք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ընդհանրապես ասում են՝ տիկնայք և պարոնայք։

ԿԱՊԻՏԱՆ –Ո՞վ է ասում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Բոլորը։ Հատկապես պա­րոն Նախարարի 2-րդ տեղակալը։

ԿԱՊԻՏԱՆ — Դե, եթե… մի խոսքով, տիկ­նայք և պարոնայք, այսօրվա մեր խորհրդակցության հիմնական նյութը պարոն Նախարա­րի 2-րդ տեղակալի հեղափոխական, առա­ջադեմ ռեֆորմների մասին է։ Ավելի ճիշտ, այն մասին, թե ինչու ժողովուրդը դրանք չի ընդու­նում։

ԳՆԴԱՊԵՏ — Խավարամիտ մարդիկ են, հետադեմ, տգետ։

ԿԱՊԻՏԱՆ — Ցավալի է, բայց ոչ բոլորն են խավարամիտ, հետադեմ կամ տգետ։ Ահա, օրինակ, երկրի ուսուցիչների մեծ մասը բողո­քում է պարոն Նախարարի 2-րդ տեղակալի՝ ուսուցման բնագավառում ձեռնարկած ապշե­ցուցիչ ռեֆորմների դեմ։

ՄԱՅՈՐ — Եվ դեռ ուսուցիչ են, ուրիշներին են սովորեցնում-հասկացնում, իսկ իրենք հասա­րակ մի բան չեն ուզում հասկանալ։

ԿԱՊԻՏԱՆ Եվ մեր խնդիրն է նրանց հաս­կացնել, որ պարոն 2-րդ տեղակալը, ինչպես միշտ, ճիշտ է։ Մարդն ի՞նչ է ասում՝ հասարակ մի բան, որ դպրոց հաճախող առաջին դասա­րանցու ուղեղն ավելի թարմ է, կայտառ, ուսման կարոտ, քան տասներորդ դասարանցունը, որը հոգնել է դասերից, սովորելուց, գիտելիքներից, դպրոցից։ Ուստի պարոն 2-րդ տեղակալն առաջարկում է առաջին դասարանում անցնել դժվար գիտելիքները, ասենք՝ բարձրագույն մաթեմատիկա, Նարեկացու, Չարենցի պոեզի­ան, տասներորդ դասարանում սովորել բազմա­պատկման աղյուսակ ու այբուբեն։ Սրա մեջ ի՞նչ վատ բան կա։

ԳՆԴԱՊԵՏ — Հանճարեղ է, պարզապես հանճարեղ։ Եվ ինչպիսի՜ սեր մանուկների, մատաղ սերնդի նկատմամբ։

ՄԱՅՈՐ – Ինչպիսի՜ հոգեբանական նուրբ մո­տեցում։ Պարզ չէ՞, որ միամիտ, կյանքից ոչինչ չհասկացող առաջին դասարանցին ուսուցչի մատուցած ցանկացած նյութ կսովորի, որպես­զի լավ մարդ դառնա, մինչդեռ փորձառու տաս­ներորդցուն համոզելը դժվար է, նա արդեն շատ լավ գիտի, որ դպրոցի սովորած գիտելիքով ոչ մարդ կդառնա, ոչ լավ կապրի։ Հենց այդ պատ­ճառով էլ ցանկացած գիտելիք սվիններով են դիմավորում։

ԿԱՊԻՏԱՆ — Շատ ճիշտ եք։ Բայց ցավալին այն է, որ պարոն 2-րդ տեղակալի վերջին ռեֆորմը բնակչության կողմից բացահայտ թշնա­մանքով է ընդունվել, այսինքն՝ բոլորովին չի ըն­դունվել։

ՄԱՅՈՐ — Իսկ աշխարհի ոչ մի քաղաքակիրթ երկրում այդպիսի համարձակ ռեֆորմ չի եղել։ Ու մենք, ինչպես միշտ, ամենահեղափոխական քայլերում աոաջինն ենք։

ԿԱՊԻՏԱՆ — Աշխարհի ամենահարուստ, ամենահզոր, ամենաքաղաքակիրթ երկրի երազանքը ի՞նչ է եղել՝ արմատախիլ անել հանցագործաթյունը, հանցագործ աշխարհը ազնիվ, օրինավոր աշխարհից առանձնացնել, մեկու­սացնել։ Եվ ոչ մի արդյունք։ Մինչև այսօր պայ­քարում են։

ԳՆԴԱՊԵՏ — Եթե մեր երկրի խավարամիտ բնակչությունը մեզ չխանգարի՝ մենք անլուծելի այդ հարցը շատ արագ կլուծենք։

ԿԱՊԻՏԱՆ — Իհարկե, կլուծենք։ Պարոն 2-րդ տեղակալն ի՞նչ է առաջարկում։ Առաջարկում է միանգամայն այլ մոտեցում. քանի որ բո­լոր հանցագործներին ձերբակալելն անհնարին է, հարկավոր է առանձին մի տեղ հավաքել ազ­նիվ, օրինավոր մարդկանց։ Դա անհամեմատ հեշտ է, որովհետև այդ կարգի մարդիկ նախ՝ քիչ են, հետո՝ նրանց գտնելը շատ հեշտ է, բացի այդ՝ անպաշտպան են։ Անհրաժեշտ են հար­մար կահավորված քսանհինգ-երեսուն տեղա­նոց բանտախցեր…

ՄԱՅՈՐ — Փրկախցեր…

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ երբ բոլոր ազնիվ, օրինա­վորներին հավաքեցինք՝ տեղերը կփոխենք։ Եվ վերջ։ Հարցը կլուծվի։ Մինչդեռ բնակչությունը դեմ է։ Մեր նախարարության, առաջին հերթին մեր՝ օպերատիվ բաժնի խնդիրն է գտնել մի­ջոցներ՝ բնակչության բացահայտ հակակրան­քը փոխարինելու գոնե սառը համակրանքով։

ԳՆԴԱՊԵՏ — Հարկավոր է մամուլով, ռադիո-հեռուստատեսությամբ…

ԿԱՊԻՏԱՆ — Փորձել ենք, արդյունք չի տվել։ Մարդիկ անհամ գովազդներին ավելի շատ են հավատում, քան այդ կարգի հաղորդումներին։

ՄԱՅՈՐ — Իսկ եթե մեր բաժնի աշխատակից­ներին քաղաքացիական շորեր հագցնենք և ուղարկենք բնակչության մե՞ջ…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (զանգում է նրա բջջային հեռախոսը)։ Կներեք։ Այո՞… հաստա՞տ է… ումի՞ց իմացար… պարզ է։ (Հեռախոսը գրպանն է դնում։) Կներեք։

ԳՆԴԱՊԵՏ — Նախարարության հեռախոս­ներն են անջատել, իսկ սա բջջայինո՜վ…

ՄԱՅՈՐ – Տնի՞ց էին զանգում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ Չէ, ճաշարանի Աշոտն էր։ Շարունակեք, շատ հետաքրքիր է։

ԿԱՊԻՏԱՆ — (Մայորին)։ Ասում էիք՝ բաժնի աշխատակիցներին…

ՄԱՅՈՐ — Քաղաքացիական շորերով ներ­մուծենք բնակչության մեջ՝ իբրև ազնիվ, օրինավոր մարդիկ…

ԳՆԴԱՊԵՏ — Անհնարին բան ես ասում, կամ ո՞վ կհավատա։

ՄԱՅՈՐ — Կարճ ժամանակով, ասենք՝ մի ամիս… Մի ամիս չե՞ն կարող ազնիվ, օրինավոր մարդ ձևանալ։

ԿԱՊԻՏԱՆ — Եթե հատուկ նախապատրաս­տական դասընթացներ հաճախեն, հնարավոր է… բայց ի՞նչ նպատակով։

ՄԱՅՈՐ — Շրջապատում յուրային դառնա­լուց հետո նրանք հանդես կգան նոր ռեֆորմի ջերմ պաշտպանությամբ և կամավոր կմեկնեն փրկախցեր։ Հասկանալի է՝ դրոշակներով, փո­ղային նվագախմբի ուղեկցությամբ և ընտիր, կարճ հագնված, երկարոտն գեղեցկուհիներին գրկախառնված։ Օրինակը վարակիչ կլինի և շատերը կհետևեն, իսկ մնացածներին էլ կհետևեցնենք։

ԳՆԴԱՊԵՏ — Վատ գաղափար չէ, կասեի՝ փայլուն գաղափար է։ Կարելի է անգամ հատուկ խցեր ստեղծել, ասենք՝ «Խցեր մխիթարանքի, գգվանքի ու սիրո», ուր նոր ժամանած­ներին գեղեցկուհի կանայք իբրև հերոս կընդու­նեն ու… վերաբերմունք ցույց կտան։ Կարելի է մի երկու կազինո-խցեր բացել, սաունա-խցեր…

ԿԱՊԻՏԱՆ — Գնդապետ, երևակայությունդ ապականված հոգուդ հստակ արտա­ցոլումն է…

 

Դուռը թափով բացվում է, ներս է մտնում Նախարարը՝ ավագ սեր­ժանտի ուսադիրներով, մոտենում է գրասեղանին։

 

ԿԱՊԻՏԱՆ — (ոտքի ցատկելով)։ Պարոնայք սպանե՛ր…

 

Մայորն ու Գնդապետը ոտքի են կանգնում, ձգվում։ Հավաքարարը շարունակում է նստած մնալ։

 

ՆԱԽԱՐԱՐ – Ազա՛տ։ (Տեսնելով, որ Գնդա­պետը գլուխն է քորում, խստորեն նրան նայելով։) Բայց ոչ շատ ազատ, մի փոքր, թեթևակի ազատ։

ԳՆԴԱՊԵՏ — (կրկին ձգվելով)։ Ներեցեք, պարոն Նախարար, գլուխս քոր եկավ։

ՆԱԽԱՐԱՐ — Քո գլուխը անընդհատ քոր է գալիս, Գնդապետ, լավ նշան չէ։

ԳՆԴԱՊԵՏ — Ճիշտ այդպես, պարոն ավագ սերժանտ։

ՆԱԽԱՐԱՐ — Հենց ուզում եմ քեզ հերթա­կան աստիճանազրկման ներկայացնել՝ գլուխդ քոր է գալիս։ (Կապիտանին.) Ինչո՞վ եք զբաղված։

ԿԱՊԻՏԱՆ — Խորհրդակցության է, պարոն Նախարար։

ՆԱԽԱՐԱՐ – Խորհրդակցությո՞ւն… այս ուշ ժամի՞ն։ Խորհրդակցություն պետք է անցկաց­նել առավոտները, ծայրահեղ դեպքում՝ օրվա երկրորդ կեսին։

ԳՆԴԱՊԵՏ — Թույլ տվեք հիշեցնել, պարոն Նախարար, հիմա հենց օրվա երկրորդ կեսն է։

ՆԱԽԱՐԱՐ – Ի՞նչ։

ԳՆԴԱՊԵՏ (պատուհանը ցույց տալով)։ Հիմա ցերեկ է։

ՆԱԽԱՐԱՐ — Էլի մեջ ընկավ… (Մոտենում է պատուհանին, դուրս նայում։) Ճիշտ որ ցերեկ է։ (Կապիտանին՝ մեղադրանքով։) Տեսնո՞ւմ եք, պարոն Կապիտան, որքան ենք ետ ընկել ժա­մանակից։ Այնինչ անցյալ տարի այս պահին արդեն երեկո էր, հնարավոր է նույնիսկ՝ գիշեր։ Իսկ հիմա, խնդրեմ, ընդամենը ցերեկ է, օրվա երկրորդ կեսը։ (Մտածում է։) Անկեղծ ասած, ժամանակն էլ աչքիս մի տեսակ է երևում, կար­ծես թե դանդաղել է։ Այո, այո, ժամանակը նույնպես ինքն իրենից սկսել է ետ մնալ։ Հար­կավոր է մի բան մտածել։ Պատժել է պետք ժա­մանակին, որպեսզի վատ օրինակ չծառայի։

ԳՆԴԱՊԵՏ — Ո՞ւմ վատ օրինակ չծառայի, պարոն Նախարար։

ՆԱԽԱՐԱՐ — Տարածությանը։ Հանկարծ ու տարածության խելքին փչի մեծանալ կամ փոք­րանալ։ Իր ուզածով։ Պատկերացնո՞ւմ ես, ինչ շիլաշփոթ կստացվի։

ԳՆԴԱՊԵՏ — Սարսափելի շիլաշփոթ ու խառնաշփոթ։ Որոշ երկրներ իրենց իրական հողերը կկորցնեն, իսկ ՄԱԿ-ն էլ սահմանների անձեռնմխելիության…

ՆԱԽԱՐԱՐ — Հենց դրա համար էլ հարկա­վոր է ժամանակին անպայման պատժել, որ տարածության աչքը վախենա։

ԳՆԴԱՊԵՏ — Միանգամայն ճիշտ եք, պա­րոն Նախարար, իբրև պատիժ առաջակում եմ ժամանակը կանգնեցնել։

ՆԱԽԱՐԱՐ — Բա մեր առաջընթա՞ցը։

ՄԱՅՈՐ — Իսկ եթե նստացնե՞նք։ Ներքևում մի քանի ազատ պատժախուց կա։

ԳՆԴԱՊԵՏ — Կամ պառկեցնենք։

ՆԱԽԱՐԱՐ – Հոգեբուժարանո՞ւմ։

ԳՆԴԱՊԵՏ — Ընդհանրապես։

ԿԱՊԻՏԱՆ — Ավելի լավ չէ՞ միանգամից…

ՆԱԽԱՐԱՐ(վախեցած)։ Էդ մեկը՝ չէ։ Մի անգամ փորձեցինք, հակառակը ստացվեց՝ ինքը մեզ արեց…

ԿԱՊԻՏԱՆ (ինքն իրեն)։ Մինչև հիմա էլ անում է։

ՆԱԽԱՐԱՐ — Էնպես որ էդ մեկը՝ ո՛չ մի դեպ­քում։

ԳՆԴԱՊԵՏ — Շատ ճիշտ եք, բացի այդ նման գործողության հետևանքով հնարավոր է՝ ժամանակը դուրս գա իր շավղից։

ՆԱԽԱՐԱՐ — Այդ ի՞նչ ես ակնարկում։

ԳՆԴԱՊԵՏ — Ես չէ, Շեքսպիրը։

ՆԱԽԱՐԱՐ — Շեքսպիր ես կարդացե՞լ։

ԳՆԴԱՊԵՏ — Պատահաբար։

ՆԱԽԱՐԱՐ — Անընդհատ մեջ ես ընկնում, երևի սիրտդ նորից գեներալություն է ուզում։

ԳՆԴԱՊԵՏ Չի ուզում։

ՆԱԽԱՐԱՐ — Իսկ ի՞նչ է ուզում։

ԳՆԴԱՊԵՏ — Ուզում է… ուզում է… ի՞նչ ուզի, որ լավ լինի։

ՆԱԽԱՐԱՐ – Ես ի՞նչ գիտեմ, դու պիտի իմանաս, թե սիրտդ ի՞նչ է ուզում։

ԳՆԴԱՊԵՏ — (լարված մտածելուց հետո)։ Ես սիրտ չունեմ։

ՆԱԽԱՐԱՐ — Ձեռ ես առնո՞ւմ, բա մարդ էլ սիրտ չունենա՞։

ԳՆԴԱՊԵՏ — Ունեմ, բայց իմը չէ։

ՆԱԽԱՐԱՐ (ձեռքը նրա սրտին դնելով)։ Բա ինչո՞ւ է քո կրծքավանդակում զարկում։

ԳՆԴԱՊԵՏ – Իմ կրծքավանդակում զար­կում է հանուն ձեզ։

ՆԱԽԱՐԱՐ – Հը՜մ… վատ չէ, նույնիսկ լավ ստացվեց, չէ՞… (Նայում է մյուսներին։ Նրանք եռանդով թափահարում են գլուխները։ Հավաքարարից բացի։ Մատնացույց է անում Հավաքարարին։) Սա ի՞նչ է։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — (տեսնելով, որ մյուսները շփոթահար լռում են)։ Հավաքարար։

ՆԱԽԱՐԱՐ – Այսի՞նքն։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Աշխատակից։

ՆԱԽԱՐԱՐ — Բա ինչո՞ւ ոտքի չես կանգնում, երբ ես եմ խոսում։ Երբ բոլորը կանգնած են։ Նույնիսկ ես։ Բացատրիր։

ՀԱՎԱՔԱՐԱՐ  Որովհետև կին եմ։

ՆԱԽԱՐԱՐ — Ի՞նչ ես։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կին։

ՆԱԽԱՐԱՐ – Հետո՞ ինչ, որ կին ես։ Կինը ոտքեր չունի՞։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ունի։ Տես՝ մեկ, երկու։

ՆԱԽԱՐԱՐ — Եթե ոտք ունես, այն էլ երկու, պարտավոր ես կանգնել, երբ Նախարարն է խոսում։ Այն էլ՝ կանգնած։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Է՛, թող նստի։

ՆԱԽԱՐԱՐ — Ո՞վ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Նախարարը։

ՆԱԽԱՐԱՐ — Ինչպե՞ս։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Շատ հասարակ՝ նստա­տեղով։

ՆԱԽԱՐԱՐ — Ինձ խե՞լք ես սովորեցնում։ (Կապիտանին.) Էս բանը էստեղ ի՞նչ է անում։

ԿԱՊԻՏԱՆ — Հավաքում է։

ՆԱԽԱՐԱՐ – Ինֆորմացիա՞։

ԿԱՊԻՏԱՆ — Ինչ պատահի՝ փոշի, աղբ…

ՄԱՅՈՐ — Ժամացույց։

ՆԱԽԱՐԱՐ — Հեռացման հրաման պատրաս­տեք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կիրակի օրը ձեր տունն եմ հավաքելու։ Ձեր կինն է խնդրել։

ՆԱԽԱՐԱՐ – Ի՞նչ անենք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դե, գործից հետո սուրճ է հյուրասիրում, դեսից-դենից զրուցում ենք։

ՆԱԽԱՐԱՐ – Ինչի՞ մասին եք զրուցում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հետաքրքրվում է, թե ոնց են նախարարության գործերը, ձեր գործերը։

ՆԱԽԱՐԱՐ — Չգիտի՞։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ամեն ինչ չգիտի։

ՆԱԽԱՐԱՐ — Օրինակ, ի՞նչ չգիտի։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Օրինակ, չգիտի, թե որտեղ էիք ուրբաթ, կիրակի օրերը։

ՆԱԽԱՐԱՐ — Պետական գաղտնիք է։ Հա­տուկ օպերացիա անցկացրինք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Իսկ ես գիտեմ ու ձեր կնո­ջը կասեմ, թե հատուկ օպերացիան որտեղ անցկացրիք, ոնց և ինչու էր ձեր ականջը կծած։

ՆԱԽԱՐԱՐ — Թշնամու գործակալը կծեց… երբ ձերբակալում էինք՝ կատաղի դիմադրեց, հետո կծեց։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Իսկ ես ձեր կնոջը կհայտ­նեմ, որ դիմադրությունը զուտ ձևական էր, համ էլ հեչ կատաղի չէր, համ էլ թշնամի չէր, համ էլ գործակալ չէր… Մի խոսքով, թե ում կինն էր։

ՆԱԽԱՐԱՐ (վախեցած, բայցև հիացած)։ Ա՜յ քեզ ինֆորմացիա հավաքող։ (Հավաքարա­րին մի կողմ տանելով։) Որտեղի՞ց եք իմացել։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ծիտիկը թռավ-եկավ ու ամեն ինչ պատմեց։

ՆԱԽԱՐԱՐ (Կապիտանին)։ Չգիտեի, որ այսպիսի պրոֆեսիոնալ ունեք։

ԿԱՊԻՏԱՆ — Մենք էլ չգիտեինք։

ՆԱԽԱՐԱՐ — Կարծում եմ՝ պետք է արտա­հերթ աստիճանազրկման ներկայացնել։ (Հավաքարարին.) Ի՞նչ կոչում ունեք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ոչ մի։

ԳՆԴԱՊԵՏ (շշմած)։ Շարքայի՞ն եք։ Չի կարող պատահել, նույնիսկ ես շարքային չեմ։ Մեր երկրում ընդամե՛նը հինգ շարքային կա, բայց դուք դրանցից ոչ մեկը չեք։ Թե՞… (Հավա­քարարի ականջին ինչ-որ բան է ասում։) Հա՞։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Այդպիսի բան ասե՞լ եմ։

ՆԱԽԱՐԱՐ — Կարիք էլ չկա։ Լսեք, իսկ ին­չո՞ւ եք կանգնել, ամոթ չէ՞, կին եք ու տղամարդու առջև կանգնել եք, ի՞նչ կասեն զանազան հոգեբանները, եթե իմանան այդ մասին։ Նստեք, խնդրում եմ։ (Բռնում է ձեոքը, օգնում նստել:) Ուրեմն ասում եք, կիրակի օրը մեր տանն եք լի­նելու։ Հույս ունեմ, կնոջս հետ խոսելիս որոշ անհարկի մանրամասնությունների մեջ չեք խո­րանա։ Ի՞նչ կարիք կա անառողջ, բայց դյուրա­բորբոք և կասկածամիտ խեղճ կնոջը հունից հանել։ Հատկապես որ հունի մեջ դնողը ես եմ լինելու։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դե, եթե անառողջ է…

ՆԱԽԱՐԱՐ — Բացարձակապես անառողջ է ու միանգամայն հիվանդ, չնայած ահռելի ֆիզի­կական ուժին։ (Շփում է վիզը։) Հատկապես երբ բորբոքվում է։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ուրեմն որոշ անհարկի մանրամասների մեջ չեմ խորանա։

ՆԱԽԱՐԱՐ — Հոյակապ է։ Իսկ ես կմտա­ծեմ, թե ինչով պետք գամ ձեզ, անպայման կմտածեմ։ Դե, առայժմ, պարոնայք։ (Գլուխ է տալիս ու գնում դեպի դուռը։ Անսպասելի շրջվում է։) Լսեք, բայց ինչո՞ւ էի եկել ձեր բաժինը։

ԿԱՊԻՏԱՆ — Չգիտեմ, պարոն Նախարար։

ՆԱԽԱՐԱՐ – Եսէլ չգիտեմ, չնայած երբ գալիս էի՝ գիտեի։ Կարևոր գործ կար։

ԿԱՊԻՏԱՆ — Կարևոր լիներ՝ կզանգեիք։

ՆԱԽԱՐԱՐ – Ինչո՞վ։ Նախարարության հե­ռախոսներն անջատված են, վարձը չենք մուծել։

ԳՆԴԱՊԵՏ — Կամ ձեր քարտուղարուհուն կուղարկեիք։

ՆԱԽԱՐԱՐ – Էլի՛ մեջ ընկավ։ Քարտուղա­րուհուս հետ ի՞նչ գործ ունես։ Դուրդ գալի՞ս է։

ԳՆԴԱՊԵՏ — Ամենևի՛ն, պարոն Նախա­րար։

ՆԱԽԱՐԱՐ — Ո՞նց թե՝ ամենևին, ուզում ես ասել, քարտուղարուհիս հեչ բա՞ն է, որ ես ճաշակ չունե՞մ։ Էլի գլուխդ քոր եկա՞վ։ Գեներալությո՞ւն ես ուզում։

ԳՆԴԱՊԵՏ — Պարոն Նախարար, ցանկա­նում էի ասել, որ ձեր սքանչելի քարտուղարուհուն նայում եմ որպես գեղագետ ու հիանում հեռվից։

ՆԱԽԱՐԱՐ — Ճիշտն ասած, վերջին շրջա­նում՝ ես էլ։ Հենց գործի է գալիս, հիշում է, որ կաթը կրակին է մոռացել ու անհետանում է։ Չեմ հասկանում, այդ ինչ անմար կրակ է, կամ՝ անսպառ կաթ։ Մեկը չի մարում, մյուսն էլ չի վերջանում։ Մի խոսքով, այսօր նորից չքվեց։ Դրա համար էլ ես եկա։ Բայց ինչո՞ւ։ Կարևոր մի գործ կար, բայց ի՞նչ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ձեր 2-րդ տեղակալին մի ահաբեկիչ պատանդ է վերցրել, սպառնում է տեղնուտեղը գնդակահարել, եթե եղբորն ան­միջապես չազատեք։ Որոշել եք բանակցությունները հանձնարարել պարոն Կապիտանին ու նրա երկու տեղակալներին։

ՆԱԽԱՐԱ — Ա՜յ քեզ պրոֆեսիոնալ… ցնցված եմ։ Բայց որտեղի՞ց… այդ մասին միայն ես, 1-ին տեղակալս ու մեկ էլ ճաշարանի Աշոտը գիտենք։

ԳՆԴԱՊԵՏ — Նրան քիչ առաջ ճաշարանի Աշոտը զանգեց:

ՆԱԽԱՐԱՐ (հարգանքով)։ Ճաշարանի Աշոտին ծանո՞թ եք։ (Գնդապետին.) Դու մեջ մի ընկնի։ Բայց ո՞նց զանգեց՝ հեռախոսներն ան­ջատված են։

ԳՆԴԱՊԵՏ — Բջջային հեռախոս ունի։

ՆԱԽԱՐԱՐ – Էլի՞ մեջ ընկար։ (Հավաքա­րարին՝ ավելի մեծ հարգանքով։) Բջջային հեռախոս ունե՞ք։ Այո՜… (Արագ սթափվելով՝ Կա­պիտանին.) Մի խոսքով, հրամայում եմ անմի­ջապես բանակցությունների մեջ մտնել այդ ահաբեկչուհու հետ ու համաձայնության գալ։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ համաձայնություն, եղբորն է ուզում՝ տալիս ենք ու վերջ։

ՆԱԽԱՐԱՐ — Մի այլ պահանջ էլ ունի։ Այդ կինը պնդում է, որ իմ 2-րդ տեղակալը նրանց՝ իրեն ու եղբորը, քաղաքից դուրս ուղեկցի, ապահովության համար։ Իսկ դա վտանգավոր է, շատ վտանգավոր, դրսում 2-րդ տեղակալիս կարող են ճանաչել։ Դուք էլ գիտեք, չգիտես ինչու՝ նրան չեն սիրում։ Բացի այդ, ահաբեկչուհին ինքը կարող է նրան գողանալ:

ԿԱՊԻՏԱՆ — Համոզեմ, որ հրաժարվի՞ այդ պայմանից։

ՆԱԽԱՐԱՐ — Կամ թող ուրիշին հետը տա­նի, ասենք… ասենք… (Աչքն ընկնում է Գնդապետի վրա։) Ասենք՝ սրան։ Եթե ուզում է, կա­րող է նույնիսկ չվերադարձնել։

ԳՆԴԱՊԵՏ — Պարոն Նախարար…

ՆԱԽԱՐԱՐ — Կատակում եմ։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ եթե չհամաձայնվի 2-ին ուրիշ մեկով փոխարինե՞լ։

ՆԱԽԱՐԱՐ — Պիտի համաձայնվի։ Ես իմ 2-ին չեմ տա։ Ոչ մի դեպքում։ Բացատրեք, որ մենք եղբորը լավ նպատակով ենք ձերբակալել, եթե չի ուզում՝ խնդրեմ, թող տանի, էլ ի՞նչ ապա­հովության երաշխիք։ Պա՞րզ է, Կապիտան, ձեզ և ձեր երկու տեղակալներին կարևոր գործ է հանձնարարվում, հաջողության դեպքում բոլորդ արտահերթ աստիճանազրկման կար­ժանանաք։ Դե, գնացինք, պարոնայք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ (իրեն մատնացույց անե­լով)։ Տիկնայք և պարոնայք։

ՆԱԽԱՐԱՐ – Հը՞, այսինքն ի՞նչ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Այսինքն այն, որ ես էլ եմ ուզում բանակցություններին մասնակցել։

ՆԱԽԱՐԱՐ – Ինչո՞ւ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հետաքրքիր է։

ՆԱԽԱՐԱՐ – Հետո՞ ինչ, որ հետաքրքիր է։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Սիրում եմ հետաքրքիր բաներ։

ՆԱԽԱՐԱՐ — Բայց ախր… հասկանո՞ւմ եք, դա կնոջ գործ չէ, կրակոցներ կլինեն…

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Կիրակի օրը ձեր կնոջը…

ՆԱԽԱՐԱՐ — Պարզ է, շարունակելու կարիք չկա… Գնացինք, տիկնայք և պարոնայք։ (Բացում է դուռն ու թեթևակի գլուխ տալիս Հավա­քարարին։) Խնդրեմ, տիկնայք և պարոնայք…

Հավաքարարը հագնում է խալա­թը, վերցնում ավելն ու հպարտ կեցվածքով դուրս է գնում։ Մյուսնե­րը հետևում են նրան։

 

 

ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Նախարարի 2-րդ տեղակալի ըն­դարձակ առանձնասենյակը։ Ձախ մասում հին խեցեղեն ու զենքեր են ցուցադրված, վերևից կախաղան­ներ են իջնում, որոնք երբեմն, առանց պատճառի, սկսում են ճոճ­վել։ Գրասեղանի ետևում, բազկա­թոռին կապկպված-նստած է 2-րդ տեղակալը։ Քիչ հեռվում, խորհրդակցությունների երկար սեղանի գլխավերևում նստած է Ահաբեկչուհին, ծխում է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Եսէլեմ ուզում ծխել: Կոնյակ էլ եմ ուզում։ Բարում կա։ Կին էլ եմ ուզում, բայց ոչ քեզ։ (Գլխի շարժումով ցույց է տալիս սեղանիկի վրայի ալբոմները։) Այ, այդ ալբոմների կանանցից մեկնումեկին։ Մեծ մա­սին ես եմ լուսանկարել։ Դե լավ, կին չեմ ու­զում, կոնյակ էլ չեմ ուզում, բայց ծխել ուզում եմ։ Է՛յ, քեզ հետ եմ, ահաբակչուհի… այսինքն, չէ, դու ահաբեկչուհի չես, դու «Ձախորդ օրերը կուգան ու կերթան» երգի «կուգան ու կմնան» տարբերակն ես։ Գնայիր, էլի, այ ձախորդու­թյուն, եղբորդ վերցրու ու գնա, թող մեզ համար ապրենք։ Տեսնո՞ւմ ես, արհամարհում է… Իսկ ինչո՞ւ, որովհետև ձեռքին զենք կա, ատրճա­նակ, դրա համար էլ ինչ ուզում՝ անում է։ Իսկ երբ զենքը մեր ձեռքին է ու մենք ենք ինչ ուզում՝ անում, հարայհրոց են գցում, թե՝ հասե՜ք, դե­մոկրատիան վտանգի տակ է, մարդու իրա­վունքները ոտնահարվա՜ծ են։ Բա… հաճելի բան է, չէ՞, թքել դեմոկրատիայի վրա ու ոտնահարել մարդու իրավունքները։ (Ահաբեկչուհին վերցնում է սեղանի զենքը, խցկում գոտու արանքն ու թերթում ալբոմները։) Իհարկե, հա­ճելի է, բայց դրա համար պիտի զինված լինես ու իշխանություն ունենաս մնացածների վրա։ Լավ կանայք են, չէ՞, բա՜, կինը էդ ձևի պիտի ապրի… թե չէ ատրճանակո՜վ, արհամարհան­քո՜վ, լո՜ւռ… հետո՞ ինչ, որ գեղեցիկ ես, ի՞նչ անենք։ (Ահաբեկչուհին փակում է ալբոմը, մո­տենում է խեցեղենին, հետո կախաղաններին նայում։) Լավ կախաղաններ են, չէ՞… կախվիր, հա՞, դրանցից մեկից կախվիր, որից ուզում ես, տե՛ս, ինչքան ազատ տեղեր կան, մեկնումեկը զբաղեցրու, էլի… (Դռան թակոց։ Ահաբեկչուհին անցնում է 2-րդ տեղակալի թիկունքն ու զենքը նրան ուղղում։)

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Մտե՛ք։

 

Ներս են մտնում Կապիտանը, Մա­յորը, Գնդապետը, Հավաքարարը։

 

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Բարեկամնե՜րս, զինակից-գաղափարակիցնե՜րս, տեսնո՞ւմ եք, ինչ վիճակում եմ հայտնվել… Ե՛ս, որ կյանքս նվիրել էի երկրին ու ժողովրդին ծառայելու անշնորհակալ, բայց վեհ նպատակին…

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Վերջ տուր։ Ընդամենը ծիծաղելի ես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Իսկ ինչո՞ւ չես ծիծա­ղում։ Ուրեմն սուտ ես ասում՝ ծիծաղելի չեմ, իսկ ստախոս, թեկուզև զինված ու գեղեցիկ կանայք, գիտե՞ս, որտեղ են վերջում հայտնվում… Այո՛, այո՛, դժոխքում։ Երբ դժոխքում հայտնվես, լուր ուղարկիր՝ գամ, կրակը թեժացնեմ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Լուր ուղարկելու ի՞նչ կարիք կա, մոտերքում կլինես՝ կտեսնես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼԱյդ մեկը՝ կներեք, շատ կներեք, մենք լրիվ ուրիշ ու հեռու տեղ ենք լինելու՝ դրախտում, դրախտային կյանքով ենք ապրելու, դրախտային պայմաններում։ Հարկ կլինի այնտեղ որոշ փոփոխություններ կատա­րել, հնացած ու դարն ապրած որոշ օրենքներ փոխել, ժամանակակից, առաջադեմ որոշ ռե­ֆորմներ իրականացնել և, իհարկե, զտում կա­տարել ու սուրբ կամ հրեշտակ ձևացող մի շարք անարժանների ուղարկել ուր որ հարկն է…

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Այսինքն՝ դրախտն էլ կավերես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ինչո՞ւ ավերել, նո­րացնել, համապատասխանեցնել ժամանակի պահանջներին։ Ճիշտ է, անցումային պրոցե­սում որոշ դժվարություններ կառաջանան, բայց…

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Վստահ եմ, որ այդպես էլ կլինի, փորձ ունեք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ձեռքիդ ընդամենը ատրճանակ է, բայց արդեն թունավոր ակնարկներով ես խոսում, իսկ պատկերացնո՞ւմ ես, ին­չե՛ր դուրս կտայիր, եթե ատոմային ռումբ ունե­նայիր, կամ գոնե թնդանոթ…

ԳՆԴԱՊԵՏ – Գնա՞մ բերեմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ի՞նչ։

ԳՆԴԱՊԵՏ — Ատոմային ռումբ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դարակիդ մեջ ես պահե՞լ։ Լսիր, դու հո այն Գնդապետը չե՞ս, որ ամեն տեղ մեջ է ընկնում։ Աչքերիցդ երևում է, որ նա ես։ Ինչո՞ւ են քեզ բանակցությունների ու­ղարկել:

ԳՆԴԱՊԵՏ — Պարոն Նախարարը հանձնարարեց։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Խմբի ղեկավարը դո՞ւք եք։

ԳՆԴԱՊԵՏ — Ոչ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Կոչումով ամենաբարձրն եք։

ԳՆԴԱՊԵՏ — Ընդհակառակը։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Այսի՞նքն։

ԳՆԴԱՊԵՏ — Մեզ մոտ համարձակ ու հե­ղափոխական փորձ է իրականացվում։ Ամենացածր կոչումը գեներալիսիմուսն է, աչքի ըն­կածներին աստիճանաբար աստիճանազրկում են, կոչումներն իջեցնում, ինչն իրականում նշա­նակում է բարձրացում, չնայած շաբլոն մտածո­ղության դեպքում կարելի է կարծել, որ ցած­րացրին, սակայն իրականում բարձրացրին, ու ստացվում է, որ բարձրանալով իջնում ես, իջնե­լով՝ բարձրանում, իսկ երբ տեղ ես հասնում, տեսնում ես, որ շարքային ես՝ առանց աստղի։ ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Անհեթեթություն, ոչինչ չհասկացա։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Նախ, որովհետև հե­տադեմ ես ու խավարամիտ, և երկրորդ՝ Գնդապետը մեր համարձակ ռեֆորմը շիլաշփոթ սար­քեց։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ(մոտենում է խմբին)։ Ուրեմն ղեկավարը դուք չեք։ (Նայում է հավաքարարին։) Դո՞ւք եք։

 

Հավաքարարը բացասա­բար շարժում է գլուխը։ Զարմացած զննում է հավաքարարին, շոշափում խալաթը, ցանկա­նում է վերցնել ավելը, բայց մի ձեռքում սիգա­րետ է, մյուսում՝ ատրճանակ։ Ատրճանակը հա­վաքարարի գրպանն է դնում, վերցնում ավելը, շուռումուռ տալիս, վերադարձնում, սկսում է Մայորին ուսումնասիրել:

 

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ(նկատում է, որ ատրճանակը մնաց հավաքարարի գրպանում)։ Է՜յ… է՜յ, ավելավոր… ատրճանա՜կը… ատրճա­նակը գրպանումդ մոռացավ… քեզ հետ եմ, այ ավելակիր… թե՞ ավելապաշտ… ավելի լավ չի հնչո:ւմ։ (Ինքն իր վրա զայրանալով։) Ախր հիմա դա ի՞նչ կարևոր է։ Լսիր, ավելապաշտի մեկը, ատրճանակը գրպանումդ մոռացավ, հանիր ու թրխկացրու ճակատին՝ հոնքերի մեջտեղում։ Շուտ արա, թրխկացրու, որ հարցը միանգամից լուծվի։ (Ահաբեկչուհին ի վերջո լսում է 2-րդ տեղակալի շշուկ-բղավոցները, վերադառնում է, հավաքարարի գրպանից հանում է ատրճանա­կը։ Շրջվում է 2-րդ տեղակալի կողմը, նա շողո­քորթ ժպտում է։) Ես էլ դա էի ասում։ Որ ատրճանակը հանի ու ձեզ մատուցի։ Մի տեսակ շատ եք ցրված ու անզգույշ։ Չի կարելի, չէ՞։ Ահաբեկիչն էլ այդքան ցրված լինի՞։ Բա որ ուրիշները սխալ հասկանա՞ն։ (Ահաբեկչուհին չի պատասխանում, Մայորին զննելուց հետո անցնում է Կապիտանին։ Սկզբում նայում է ան­տարբեր, հետո լարվում է, ավելի ուշադիր է նա­յում, շփում աչքերն ու ապշած զննում Կապի­տանին։)

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ – Կապիտա՞ն… դո՞ւ ես։

ԿԱՊԻՏԱՆ — Միայն վերջերս։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ – Ի՞նչը։

ԿԱՊԻՏԱՆ — Վերջերս եմ կապիտանի կո­չում ստացել։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ (նայում է նրա ուսադիր­ներին, հաշվում ուսադիրի աստղերը)։ Մեկ, եր­կու, երեք, չորս… կոչումով էլ ես կապիտա՞ն։

ԿԱՊԻՏԱՆ — Ուրիշ ինչո՞վ լինեի։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ –Չե՞ս հիշում։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչը։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Ինձ չե՞ս հիշում։

ԿԱՊԻՏԱՆ — Ըը… չէ։ Կներեք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ներողություն է խնդրում… ահաբեկչուհուց։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Ոչինչ, ասենք, չէիր էլ կարող հիշել։ Ես քեզնից երեք դասարան ցածր էի սովորում։

ԿԱՊԻՏԱՆ – Ինչի՞ մասին է խոսքը։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Դու մեր դպրոցում էիր սովորում՝ երեք դասարան բարձր։ Մեր դպրոցի բասկետբոլի հավաքականի ավագն էիր, կա­պիտանը։ Ու դա քո մականունն էր դարձել։ Շատերն անունդ չգիտեին։ Ասում էին՝ Կապի­տանը, ու պարզ էր, թե ում մասին է խոսքը։ Մո­ռացե՞լ ես։

ԿԱՊԻՏԱՆ — Չէ։ Մեկ-մեկ հիշում եմ։ Բայց վաղուց էր, այնքա՜ն ժամանակ է անցել։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ – Ինչքա՞ն, Կապիտան։ Այդպիսի օրերը մոռանալ կլինի՞։ Մեր դպրոցի թիմը անընդհատ հաղթում էր՝ միշտ չեմպիոն էինք։ Դպրոցի ու շրջապատի համարյա բոլոր աղջիկները քեզ սիրահարված էին: Ես էլ… Իմ սենյակի պատին, աշխարհի ամենահայտնի արտիստների, մարզիկների նկարների վերևում քո լուսանկարն էի փակցրել։ Ընկերուհիս էր լուսանկարել խաղի ժամանակ։ Հոյակապ լու­սանկար էր ստացվել՝ մոտիկից, խոշոր պլա­նով։ Գիտեր, որ քեզ սիրահարված եմ, խելա­գարի պես քեզ սիրում եմ ու լուսանկարի դիմաց իտալական ֆիրմա կոշիկներս պահանջեց։ Չտեսնված կոշիկներ էին՝ ընտիր ու թանկար­ժեք։ Ոչ մի անգամ չէի հագել։ Առանց ափսո­սանքի տվեցի։ Կոշիկները կմաշվեին-կգնային, իսկ քո լուսանկարը մինչև հիմա կա։

ԿԱՊԻՏԱՆ — Ճիշտ որ, ձեր դեմքը ծանոթ է…

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ – Ծանո՞թ… ախր դպրոցում միշտ քո կողքին էի։ Օրական չորս-հինգ անգամ բարևում էի, որ նկատես ինձ։ Իբր ան­զգուշորեն անընդհատ դիպչում էի քեզ ու ներո­ղություն խնդրում։ Որ տեսնես ինձ։ Տեսնես, թե ինչ սիրունն եմ ու ոնց եմ քեզ սիրահարված։ Բայց դու ուրիշ աղջիկներով էիր զբաղված։ Իսկ հիմա ասում ես՝ ձեր դեմքը կարծես թե ծա­նոթ է։ Ասում ես՝ այնքան ժամանակ է անցել…

ԿԱՊԻՏԱՆ — Բայց ախր անցել է։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Իր գործն է, պիտի անցներ՝ անցել է։ Քե՞զ ինչ։ Քեզ հո չի՞ տարել։ Դու հո կա՞ս։ Թե՞ քեզ փոխել է…

ԿԱՊԻՏԱՆ – Լսի՛ր, մի քիչ հեռու կանգնիր ու բարձրացրու զենքդ։ Թէ չէ կխլեմ ատրճանակդ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — (զայրացած բղավում է)։ Խլեիր, էլի՛, խլեիր։

ԿԱՊԻՏԱՆ – Պատկերացնո՞ւմ ես, թե հետո քեզ հետ ինչ կպատահի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ավելի լավ է թող չպատկերացնի։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Կարծում ես, որ փոր­ձես խլել՝ կկրակե՞մ, կսպանե՞մ քեզ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ի՞նչ է կատարվում, այս ի՞նչ անհեթեթ բանակցություն է։ Վտանգված է անձս, գլխիս վերև սավառնում է մահը, իսկ այս երկուսը ասպետական շրջանի վեպ են խզմզում։ (Բղավում է։) Մի րոպե, բանակցու­թյունները կարճ ժամանակով ընդհատեք։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ – Լռի՛ր, դու ընդամենը պատանդ ես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Քեզ համար եմ ընդա­մենը պատանդ, իսկ ենթականերիս համար շա­րունակում եմ մնալ խստաբարո, արդարամիտ պետ հոգատար հոր հակումներով։ Ճիշտ չե՞մ։

ԲՈԼՈՐԸ (ձգվելով, միաձայն)։ Ճի՛շտ այդ­պես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — (զարմացած նայելով հավաքարարին)։ Իսկ դու, ավելապաշտ-ավելակիրի մեկը, ինչո՞ւ չձգվեցիր, պատիվ չառար։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ես կոչում չունեմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Շարքայի՞ն ես, վերև­ների՞ց։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Եթե գործս առաջին հար­կից եմ սկսում՝ ներքևներից եմ, եթե 9-րդ հար­կից՝ վերևներից եմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Բան չհասկացա։ Նշանաբա՞ն էր։ Դե լավ, դուք առայժմ ազատ եք, զբաղվեք ձեր գործով, իսկ Կապիտանին խնդրում եմ կարճ ժամանակով անցնել ինձ մոտ։ Անմիջապե՛ս։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Գնա։ Կարճ ժամանակով։

ԿԱՊԻՏԱՆ — Պարոն 2-րդ տեղակալ, ձեր հրամանով…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Թողնե՛լ, ինձ իմ կոչու­մով դիմեք։

ԿԱՊԻՏԱՆ — Պարոն ավագ սերժանտ…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Թողնե՛լ, առանց «ավագի»։ Երեկ են աստիճանազրկել։

ԿԱՊԻՏԱՆ — Պարոն սերժանտ, ձեր հրա­մանով…

ԳՆԴԱՊԵՏ — Պարոն սերժանտ, թույլ տվեք անկեղծորեն շնորհավորել ձեզ արտահերթ աս­տիճանազրկման առթիվ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Էլի՛ մեջ ընկավ, որ­տեղի՞ց հայտնվեցիր, կարծեմ կախաղաններով էիր հիանում։

ԳՆԴԱՊԵՏ — Հետաքրքիր ինտերիեր է կամ դիզայն։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դե գնա ու հետաքրքրվիր… մի՛ խանգարիր մեզ։ (Գնդապետը գնում է։) Կապիտան, ինչո՞վ ես զրաղված։

ԿԱՊԻՏԱՆ — Համաձայն պարոն Նախարա­րի հրամանի, բանակցություններ եմ սկսել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Նախ՝ դեռ չես սկսել, և հետո՝ ինչո՞ւ ատրճանակը չխլեցիր ձեռքից ու շրըխկ-թրըխկ… հը՞։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ եթե իրեն ականապա­տած լինի՞։ Հենց խլեի՝ իրեն կպայթեցներ։ Պատկերացնո՞ւմ եք՝ որքան զոհեր կլինեին։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Որքա՜ն զոհեր… որ­քա՞ն՝ դու մեկ, գումարած էն երեքը՝ չորս, գումարած Ահաբեկչուհին՝ հինգ։ Ընդամենը հինգ զոհ, ի՞նչ մի մեծ բան է։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ձեզ ինչո՞ւ չեք գումարում։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ո՞նց գումարեմ, ընդ­հակառակը, ես ինձ հանում եմ։

ԿԱՊԻՏԱՆ – Ինչո՞ւ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ինձ պայթեցնել չի կարելի, և հետո՝ այսքան հեռու եմ՝ ինձ ի՞նչ կլի­նի։

ԿԱՊԻՏԱՆ — Ժամանակակից ականի հա­մար սա ի՞նչ հեռավորություն է։ Թե պայթեց՝ ողջ շենքը քարուքանդ կլինի, ուր մնաց՝ դուք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Հա՞, լո՞ւրջ… բա ի՞նչ ենք անելու։

ԿԱՊԻՏԱՆ — Կխոստանամ եղբորն անմի­ջապես ազատել, բայց իրենց ապահովության համար ձեզ քաղաքից դուրս տանելը բացառ­վում է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Լրիվ բացառվում է։ Հենց շենքից դուրս հանեցին՝ կտոր-կտոր կա­նեն։ Էդ ապերախտները, չգիտեմ ինչու, ինձ չեն սիրում։ Ես էլ իրենց չեմ սիրում, հետո՞ ինչ։ Թող իրենք ինձ սիրեն, ես՝ չէ։ Սերը հո միշտ փոխա­դարձ չի՞ լինում։ Հիշում եմ, պոլիտեխնիկի եր­րորդ կուրսում…

ԿԱՊԻՏԱՆ — Պարոն սերժանտ…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ի՞նչ… պարզ է, հետո կպատմեմ, ուրեմն ասում ես…

ԿԱՊԻՏԱՆ — Պարոն Նախարարը հրահանգել է, որ ձեր փոխարեն ուրիշ մեկին առաջարկեմ։ Քաղաքից դուրս ուղեկցելու համար։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ճիշտ է հրահանգել։ Թող ուրիշ մեկին տանեն… ասենք՝ այ նրան, էդ Գնդապետին, հին կադրերից է, ոչ մի կերպ չենք կարողանում ազատվել։ Թող տանեն, կտոր-կտոր անեն, եթե, իհարկե, կարողանան։ Ինձ թվում է, դրան ոչ կտրել կլինի, ոչ կոտրել՝ ուրիշ համաձուլ­վածք է։

ԿԱՊԻՏԱՆ — Նման առաջարկ պարոն Նա­խարարն արդեն արել է, բայց Ահաբեկչուհին չի համաձայնել…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դա արդեն քեզնից է կախված, Կապիտան։ Այդ Ահաբեկչուհին մին­չև հիմա էլ քեզ սիրում է։ Տեսնում էի, թե ինչպես էր քեզ նայում։ Հենց դրա վրա էլ խաղա։ Բանակցությունը միայն դու վարիր և զգացմունքա­յին ուղղվածություն տուր։ Այնտեղ, բարում կոն­յակ ունեմ՝ հյուրասիրիր, թող հիշողություննե­րով տարվի, գործդ հաջողությամբ կավարտես։

ԿԱՊԻՏԱՆ — Կփորձեմ, պարոն սերժանտ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մի փորձիր, արա։ Հաջողության դեպքում ավագ լեյտենանտ ես։

 

Կապիտանն ու Ահաբեկչուհին առանձնանում են մյուսներից։ Պարզ զգացվում է, որ բանակցությունն աստիճանաբար նրանց համար երկրորդական հարց է դառնում։

 

ԿԱՊԻՏԱՆ– Մայոր, տեսնու՞մ եք ալ­բոմները, որևէ մեկը բերեք՝ միասին նայենք, բարձրարվեստ գործեր են, գոգենյան ոգով ար­ված։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Սովորական պոռնո է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Շատ խավարամիտ Ահաբեկչուհի ես, ափսոս, ձեռքիդ զենք կա։ Մայոր, բերեք ալբոմներից մեկը։ Դուք թեր­թեք, երկուսով նայենք՝ իմ ձեռքերը կապված են։ Իսկ դուք չե՞ք ուզում նայել, Գնդապետ։ Տեսնում եմ, ձեզ իմ առանձնասենյակի ձևավո­րումն է զարմացրել։

ԳՆԴԱՊԵՏ — Հետաքրքիր դիզայն է՝ հա­մարձակ, նուրբ ու բազմանշանակ հումորով արված։ Հատկապես այս կախաղանները։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ուրախ եմ, որ մեր ճաշակները համընկնում են, բայց այդ ձևավորումը թերի եմ համարում, կիսատ։

ԳՆԴԱՊԵՏ – Թերի՞, կիսա՞տ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ (Մայորին)։ Գիտե՞ս ինչու է խոսքերս կրկնում։ Որպեսզի իր վերաբերմունքը չարտահայտի։ Տեսնի՝ ես ինչ եմ ասում ու մտքերն այդ ուղղությամբ զարգացնի։ (Գնդապետին.) Այո, թերի, կիսատ։ Ախր ինչի՞ է նման դատարկ կախաղանը, հը՞, ինչի՞:

ԳՆԴԱՊԵՏ — Դատարկ կախաղա՞նը։ Ըստ իս, դատարկ կախաղանը նման է, ես նույնիսկ կասեի՝ շատ նման է դատարկ կախաղանի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Միանգամայն ճիշտ եք, բայց մյուս կողմից էլ ի՞նչ կախաղան, եթե դատարկ է։

ԳՆԴԱՊԵՏ — Իսկապես։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ի՞նչ պիտի անել, եթե կախաղանը դատարկ է։

ԳՆԴԱՊԵՏ — Ըստ իս, պետք է լցնել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Շատ ճիշտ եք, շատ դիպուկ, իսկ ինչո՞վ են դատարկ կախաղանը լցնում։

ԳՆԴԱՊԵՏ — Կախվածով։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Իրավացի եք, իսկ այստեղ, ինչպես տեսնում եք, կախված չկա։ Ձևավորողն իր մտահղացումը կիսատ է թողել։

ԳՆԴԱՊԵՏ — Պետք է ավարտել։ Հիմա բնականին մոտ, նույնիսկ բնականից չտարբեր­վող մանեկեններ կան, հարկավոր է դրանցից ձեռք բերել ու կախել օղակներից։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Մանեկեննե՜ր… բնա­կանից չտարբերվո՜ղ… որքան էլ չտարբերվեն, միևնույն է, տարբերություն անպայման կլինի։

ԳՆԴԱՊԵՏ — Ուզում եք ասել՝ մանեկեննե­րը պետք է լրիվ բնակա՞ն լինեն։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Լրիվ բնական մանե­կենը ո՞րն է։

ԳՆԴԱՊԵՏ — Լրիվ բնական մանեկե՞նը… լրիվ բնական մանեկենը երևի լրիվ բնական մարդն է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Իհարկե։ Լրիվ բնական մարդն է՝ կենդանի մարդը։

ԳՆԴԱՊԵՏ — Այսինքն… էդ դատարկ օղակ­ներից ցանկանում եք ողջ մարդկա՞նց կախել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Սկզբում՝ ողջ, կախ­վելուց հետո՝ այնքան էլ չէ։ Կախվելուց հետո շատ արագ դրանք կկորցնեն կենդանությունն ու թարմությունը։ Ճիշտ չե՞մ, Գնդապետ։

ԳՆԴԱՊԵՏ — Իսկ դուք գիտե՞ք, թե կախ­վածները մի երկու օր հետո ինչ մահացու թունավոր ու տհաճ հոտեր կարձակեն։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ես դրանց շուտ-շուտ կփոխեմ։

ԳՆԴԱՊԵՏ — Այդքան մարդ որտեղի՞ց կգտնեք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մարդ շատ կա։ Մարդահամարի վերջին տվյալներին ծանո՞թ եք։

ԳՆԴԱՊԵՏ — Հետո ի՞նչ, որ շատ կա, բոլո­րին պիտի կախե՞ք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ինչո՞ւ բոլորին։ Մի բան պիտի մնա, որ մեկ-մեկ հաշվես։

ԳՆԴԱՊԵՏ — Լսեք, ի՞նչ եք անընդհատ վզիս նայում, նույնիսկ կասկածելի է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ինչո՞ւ է կասկածելի, ուզում եմ չափսը ճշտեմ։

ԳՆԴԱՊԵՏ – Ինչի՞ չափսը։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Ձեր վզի…

ԳՆԴԱՊԵՏ Ձեզ ի՞նչ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Հենց այնպես, հե­տաքրքիր է, թե օղակներիցս որը ձեզ հարմար կլինի։ (Մայորին՝ ալբոմի լուսանկարը նկատի ունի։) Լավն է, չէ՞, ես եմ լուսանկարել, տեսնո՞ւմ ես, ինչ անմիջական, ինքնաբուխ տեսքով է նկարվել, իսկ սկզբում ձևեր էր թափում։ (Գնդապետին.) Հանգստացեք, Գնդապետ, ինչո՞ւ այդպես վախեցաք։

ԳՆԴԱՊԵՏ — Անընդհատ վզիս եք նայում, չափսն եք հարցնում, ի՞նչ եք ուզում հասկացնել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ընդամենը բարեկա­մաբար զրուցում ենք… չնայած կախաղանները դատարկ են։

ԳՆԴԱՊԵՏ – Ի՞նչ անեմ, ինձնո՞վ լցնեմ, որ դատարկ չմնան։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Անցյալ օրը կնոջս մանկության ընկերուհին խնդրում էր… ասում էր. լսել եմ՝ քո առանձնասենյակում ահագին ազատ պարան ունես, ի՞նչ կլինի, եթե լվացքս բերեմ…

ԳՆԴԱՊԵՏ — Ձեր կնոջ ընկերուհին է՝ թող բերի, փռի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Կախաղաններից՝ լվա՞ցք։ Մի երկրում, ուր կախաղաններն սկսում են իբրև լվացքի պարան օգտագործվել, ուրեմն օրենքն այնտեղ մեռել է, դասական ողբերգու­թյունը վերածվել է գավառական շոուի, տառա­պանքը գովազդվում է իբրև հակաբեղմնավորիչ միջոց, սիրուց խենթացած պատանիների խոս­տովանություններին օրիորդները մի կարճ հար­ցով են պատասխանում՝ «Ինչքա՞ն կտաս», իսկ կատուները շներին ստիպում են չհաչել և նրանց ուղարկում են մլավելու… Իսկ դուք ասում եք…

ԳՆԴԱՊԵՏ — Ես չէ։ Ձեր կնոջ ընկերուհին։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Պատժել է պետք նման հանդուգնին, կախե՛լ։

ԳՆԴԱՊԵՏ — Այ, հենց նրան էլ կախեք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Ո՞ւմ։

ԳՆԴԱՊԵՏ — Ձեր կնոջ ընկերուհուն…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չգիտեի, որ այդքան անգութն եք… (Կապիտանին.) Կապիտան, հարցի լուծումը շատ եք ձգձգում։

ԿԱՊԻՏԱՆ — Ահաբեկչուհին չի հավատում, թե եղբորն ազատելուց հետո իրենց հանգիստ կթողնենք։

2֊ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Թե ո՞ւմն են պետք։ (Ահաբեկչուհուն.) Հարգելի տիկին, ձեր կասկածամտությամբ ոչ թե ահաբեկչությամբ պետք է զբաղվեիք, այլ հարկահանությամբ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — (ատրճանակը պարզելով)։ Ինչ որ շատ լկտիացաք, երևի մոռացա՞ք սրա մասին, հա՞։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ընդհակառակը՝ վարժվեցի դրան։ Այնքան նայեցի, որ սովորա­կան բան դարձավ, ոնց որ դատարկ կախաղան­ներս։

 

 

Ահաբեկչուհին կրակում է, Հավա­քարարի ձեռքից ընկնում-կոտրվում է ծաղկամանը։ Կարծելով, թե կրակոցով կոտրեց ծաղկամանը, բոլորը սարսափած Ահաբեկչուհուն են նայում։

 

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Հասարակ մի գործո­ղությամբ միշտ էլ կարելի է սովորականն արտասովոր դարձնել։ Պա՞րզ է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Այո, բայց ի՞նչ կարիք կա։ Ես միայն ուզում էի ասել, որ մենք ձեր եղբորը լավ իմաստով ենք ձերբակալել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Լավ իմաստո՞վ… մի կրակոցից էդքան վախեցաք-ցնդեցի՞ք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Նորից զենքը բարձ­րացնում է… Մայոր, մի քիչ էս կողմը կանգնեք, ա՛յ, այստեղ։

ՄԱՅՈՐ — Վտանգավոր է, կրակի գծում կհայտնվեմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դուք կհայտնվեք, ես կանհետանամ։ Ախր շատ դիպուկ է կրակում, տե­սա՞ք ծաղկամանը ոնց փշուր-փշուր արեց։

ՄԱՅՈՐ — Բա որ հիմա էլ ինձ փշուր-փշուր անի՞։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Հետմահու կպարգևատրենք։ Իսկ դուք, Կապիտան, գնացեք ու հանգստացրեք դրան։ Եվ իմ հարցը լուծեք, ոչ թե զբաղվեք ձեր հարաբերությունները պարզելով։

ԿԱՊԻՏԱՆ — (Ահաբեկչուհուն մոտենալով)։ Ատրճանակդ իջեցրու։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Վախեցա՞ր։

ԿԱՊԻՏԱՆ — Մի կրակոցով ծաղկաման ես փշուր-փշուր անում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ծաղկամանը Հավա­քարարը ձեռքից բաց թողեց, ես հակառակ կողմը կրակեցի։ (Շոյում է Կապիտանին։) Հանգստացիր, էլ չեմ կրակի։

ԿԱՊԻՏԱՆ — Լսիր, ի՞նչ ես անում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ի՞նչ եմ անում։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ ես ինձ շոյում, և այդպիսի ժպիտով մի նայիր։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Իսկ ո՞նց նայեմ։

ԿԱՊԻՏԱՆ — Չար։ Դաժան։ Պարոն սեր­ժանտն ասաց, որ իր հարցը լուծելու փոխարեն մեր հարաբերություններն ենք պարզում։ Մեզ շատ ուշադիր հետևում են։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ինքը չէ՞ր ասել, որ զգացմունքային լինես, որպեսզի փափկեմ, զի­ջող դառնամ։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ դու փափկել ու զիջո՞ղ ես դարձել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Վաղուց, շատ վաղուցվանից։ Ո՞ր հարցում ես ուզում՝ զիջեմ։ Էդ 2-րդ տեղակալն ինձ պետք չի, ձրի էլ տան՝ չեմ վերց­նի։ Ազատում եմ եղբորս, քեզ, ու վերջ։

ԿԱՊԻՏԱՆ Ես առանց այդ էլ ազատ եմ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Քեզ թվում է։ Սրանք քեզ շատ ամուր են բռնել ու մինչև շարքային չդարձնեն, չեն հանգստանա։

ԿԱՊԻՏԱՆ – Ասացի՝ այդպիսի հայացքով մի նայիր ու մեկ-մեկ զայրացած, կոպիտ բղավիր։ Իբր վիճում ես։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ի՞նչ բղավեմ։

ԿԱՊԻՏԱՆ — Ասենք՝ հերիք է հիմար-հիմար խոսեք… Վատ չէր լինի ավելացնեիր նաև՝ ու­րիշ ոչ մի պատանդ ինձ պետք չի։ Կոպիտ բղա­վիր, ձեռքերդ թափահարելով։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (բղավում է, թափահա­րում ձեռքերը)։ Ուրիշ ոչ մի պատանդ ինձ պետք չի։ (Ցածր։) Քեզանից բացի։

ԿԱՊԻՏԱՆ – 2-րդին նայիր, հասկացրու, որ նրան նկատի ունես։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (նայում է 2-րդի կողմը, ցածր)։ Լավ բղավեցի՞։ Ո՞նց էր։

ԿԱՊԻՏԱՆ — Տպավորություն գործեց։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Շնորհքով մարդ եմ։

ԿԱՊԻՏԱՆ — Հաճույքով քեզ կհամբուրեի։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (բղավում է, թափահա­րում ձեռքերը)։ Ո՛չ մի դեպքում։ (Ցածր։) Ես էլ քեզ կհամբուրեի, բայց չի կարելի, նայում են։ Տեսնո՞ւմ ես, ինչ արտիստական շնորհք ունեմ։ Ամբողջությամբ դերիս մեջ եմ մտնում, զգում եմ հերոսուհուս ու նույնանում նրա հետ։

ԿԱՊԻՏԱՆ — Պարզ է, երևի ինքնագործ խմբում ես խաղացել։ Ու էդ խոսքերդ էլ թատերականը նոր ավարտած ձեր անճար ռեժիսորն է ասել։ Իսկ իրիկունը մի կիսամութ սրճարան է հրավիրել, մի քիչ խմացրել ու տարել հարմար մի տեղ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (բղավում է)։ Հերիք է հիմար-հիմար խոսեք։

ԿԱՊԻՏԱՆ — Ձեռքերդ թափահարելը մոռա­ցար։ Եվ հետո՝ այդքան հաճախ պետք չի բղա­վել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Դա նրանց համար չարեցի, ես քո վրա բղավեցի։

ԿԱՊԻՏԱՆ — Դե, դե։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ի՞նչ՝ դե, դե։ Այլասեր­ված երևակայություն ունես։ Ինքնագործ խո՜ւմբ, անճար ռեժիսո՜ր, կիսամութ սրճարա՜ն, խմաց­նե՜լ…

ԿԱՊԻՏԱՆ — Ճիշտ գուշակեցի, դրա հա­մար ես զայրանում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ուրեմն էդքան հա­սարակ արժեմ, հա՞, էդքան հասարակ մի բա՞ն եմ։

ԿԱՊԻՏԱՆ – Սխալվեցի՞։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Եթե իմ մասին այդ կարծիքին ես, գոնե մի ասա։ Ես հետո գլխի կընկնեմ, որ ինձ էժան կնիկ ես համարում, լրբի պես մի բան։ Բայց կաշխատեմ հնարավորին չափ ուշ գլխի ընկնել, որ խաբեմ ինձ ու որոշ ժամանակ քեզ հետ երջանիկ լինեմ։ Ախր այսքան երկար սպասել եմ։

ԿԱՊԻՏԱՆ — Ոնց որ թե սխալվեցի։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ Չի կարող պատահել, դու ո՞նց կսխալվես, աշխատանքային մեծ փորձ ունես ու հիվանդագին երևակայություն։

ԿԱՊԻՏԱՆ — Քիչ առաջ ասացիր՝ այլասեր­ված երևակայություն։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Հիմա էլ կասեմ։

ԿԱՊԻՏԱՆ — Արի մոռանանք, ջնջենք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ի՞նչը։

ԿԱՊԻՏԱՆ — Իմ հնարած պատկերը։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Չէ, ինչո՞ւ… նույնիսկ հետաքրքիր էր։

ԿԱՊԻՏԱՆ — Ասացի՝ ներիր։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ներիր չես ասել։

ԿԱՊԻՏԱՆ — Հիմա եմ ասում՝ ներիր։ (Ահա բեկչուհին նրան է նայում։) Քեզ եմ ասում՝ ներիր։ (Շարունակում է նայել:) Քեզ հետ եմ։ Չե՞ս ներում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Սիրում եմ քեզ։

ԿԱՊԻՏԱՆ — Բայց չե՞ս ներում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (ժպտում է)։ Ներում եմ… Մի անգամ ընկերուհիս ամուսնու համար նվեր պիտի գներ՝ ծննդյան տարեդարձին։ Խնդրեց իր հետ խանութ գնամ, ասում է՝ ես լավ ճաշակ ունեմ։ Ու խանութում ինձ հետ զար­մանալի մի բան պատահեց։ Չգիտեմ՝ ընկերուհո՞ւս նախանձեցի, թե՞ ինչ, բայց հանկարծ շատ ուզեցի իմ տղամարդն ունենալ։ Իմ տղամարդը, ում համար պատահաբար, հենց այնպես մի բան գնեմ, հասարակ մի բան։ Իմ տղամարդու համար։ Ու գիտես՝ գնեցի։ Գուլպաներ։ Խա­վոտ, մուգ կանաչ, բարակ կարմիր զոլերով։ Իսկ երբ խանութից դուրս էինք եկել, ընկերու­հիս ասաց՝ դրանք տղամարդու են։ Գիտեմ, ասացի։ Ո՞ւմ համար ես գնել, հարցրեց ընկե­րուհիս։ Ձայն չհանեցի։ Կապիտանիդ համար ես գնե՞լ, հարցրեց ընկերուհիս։ Հա, ասացի, Կապիտանիս համար եմ գնել։

ԿԱՊԻՏԱՆ — Որ մտածում եմ, թե այսքան տարի եղել ես, իմ մասին իմացել ես ու մտածել, բայց մի ձև չես գտել քո ներկայությունը, գոյու­թյունը զգացնել տալ՝ ուզում եմ պատժել քեզ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Համալսարանը նոր ավարտած՝ ամուսնացար, հետո բաժանվեցիր, հետո քաղաքից անհետացար։ Քեզ կորցրի։ Ասում էին՝ քաղաքից գնացել ես։ Չգիտեի, որ վերադարձել ես։

ԿԱՊԻՏԱՆ — Վաղուց եմ վերադարձել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Չգիտեի։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ այդ գուլպաների պատ­մությունն ինչո՞ւ հիշեցիր։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ընկերուհիս գեղագի­տության դասախոս է, սիրում է բարդ արտահայտվել։ Որ խանութից դուրս էինք եկել, ասաց, որ ես դեր եմ հնարել, մտել եմ դերիս մեջ ու հնարած հերոսուհուս այն աստիճանի եմ զգում, որ նույնացել եմ նրա հետ։ Իսկ դու ասում ես՝ ինքնագործ խո՜ւմբ, կի­սամութ սրճարա՜ն…

ԿԱՊԻՏԱՆ (փակում է նրա բերանը)։ Ասացի, չէ՞, մոռանանք, ներիր…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — (Մայորին)։ Այս Կա­պիտանը կյանքիս հետ խաղ է անում։ (Մայորը նրան չի չսում, ալբոմն է նայում։) Քեզ հետ եմ, լսիր…

ՄԱՅՈՐ – Հը՞, ի՞նչ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Հերիք է նայես, կին չե՞ս տեսել։

ՄԱՅՈՐ – Մերկ է:

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Որ մերկ է, կին չէ՞։

ՄԱՅՈՐ — Սա, ա՛յս կինը… որտեղի՞ց…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Հիմա դա՞ է կարևոր։

ՄԱՅՈՐ — Բա ի՞նչն է կարևոր։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Կյանքս։ Կապի­տանը սխալ է իրեն պահում՝ անձիս գլխին մա­հացու ամպեր են կուտակվում։

ՄԱՅՈՐ — Այս կինը… ո՞վ է սրան նկարել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Էլի՞… դու նրան նա­յին։

ՄԱՅՈՐ — Նա մեզ մոտ էր աշխատում, որ նոր էր ընդունվել՝ ծանոթացանք։ Գեղեցիկ կին էր, մեղմ…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մեղմ… հո չասացիր։ Կարող է՝ գեղեցիկ է, բայց մեղմ չի։

ՄԱՅՈՐ — Սկզբում շատ մոտ էինք, բայց որոշ ժամանակ հետո միանգամից փոխվեց։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Որովհետև անհավավասարակշիռ բնավորություն ունի ու դյուրաբորբոք է:

 

Խոսելիս Մայորը լուսանկարի կնոջն է նայելու, իսկ 2րդ տեղա­կալը՝ Ահաբեկչուհուն։

 

ՄԱՅՈՐ — Դյուրաբորբոք չէր, բայց տրամա­դրությունը շատ արագ էր փոխվում։

2 — ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ես էլ դա եմ ասում՝ անհավասարակշիռ բնավորություն ունի։

ՄԱՅՈՐ – Նայած երբ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Նայած հիմա։

ՄԱՅՈՐ (մատը լուսանկարին դնելով)։ Այս պահին։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — (համբերությունը կորցրած, Ահաբեկչուհուն ցույց տալով)։ Հա՛, հենց այս պահին։

ՄԱՅՈՐ — Դժվարանում եմ ասել, ինձ թվում է, այս պահին նա միանգամայն այլ գործով է զբաղված։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ինձ էլ է սկսում թվալ, որ նա միանգամայն այլ գործով է զբաղված։

ՄԱՅՈՐ (շարունակ լուսանկարին է նայե­լու)։ Պարզ երևում է:

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ –Ախ, թե ձեռքին զենք չլիներ…

ՄԱՅՈՐ – Զե՞նք, ձեռքին շամպայնի բաժակ է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Լրիվ ցնդեցի՞ր, ձեռ­քին զենք է։

ՄԱՅՈՐ — Փոխաբերական իմաստո՞վ եք ասում։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չէ, ուղղակի։

ՄԱՅՈՐ — Այսինքն՝ ուղղակի փոխաբերա­կան։ Պարզ է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ուղղակի փոխաբե­րականը ո՞րն է։

ՄԱՅՈՐ — Որ խմիչքը երբեմն կարող է նաև իբրև զենք ծառայել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Երբեմն կարող է ծա­ռայել, բայց այս պահին դա ի՞նչ նշանակություն ունի։

ՄԱՅՈՐ – Այս պահին դա ոչ մի նշանակու­թյուն չունի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Իսկ ինչո՞ւ:

ՄԱՅՈՐ — Որովհետև մերկ է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — (շշմած)։ Մե՞րկ, բա հագուստնե՞րը։

ՄԱՅՈՐ — Հագուստները հատակին են թափված։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ա՜յ քեզ սեքսուալ անբավարարվածություն, ինչ ուզում՝ տեսնում է։ Ի՞նչ ես դուրս տալիս, այդ ե՞րբ հագուստները հանեցին, ո՞վ։

ՄԱՅՈՐ — Չի երևում։ Կադրից դուրս է մնա­ցել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Այսինքն՝ իմ ընդնուրանո՞ւմ։

ՄԱՅՈՐ — (առաջին անգամ գլուխը բարձրացնեւով՝ զարմացած նայում է 2-րդ տեղակա­լին)։ Ուզում եք ասել, որ այս ամենը ձեր ընդունարանո՞ւմ է կատարվել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Լսիր, սա իմ ընդունա­րա՞նն է։

ՄԱՅՈՐ — Ոչ, սա ձեր առանձնասենյակն է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Բա էլ ի՞նչ ես ձեռուոտ ընկել՝ որտեղ է կատարվո՜ւմ, կադրից դո՜ւրս..

ՄԱՅՈՐ — Այսինքն… այսինքն ուզում եք ասել, որ այս ամենը ձեր առանձնասենյակո՞ւմ է կատարվել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Ինչո՞ւ կատարվել, երբ կատարվում է։

ՄԱՅՈՐ – Հիմա՞, հենց հիմա՞ է կատարվում… (Կռանում, բազմոցի տակ է նայում։)

 

Քանի որ բղավոցի են անցել, մյուսները կամաց-կամաց նրանց են մոտենում։

 

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ոչ թե կատարվել է, այլ կատարվում է։ Հայերենին լավ չե՞ս տիրապետում։ Տգե՛տ։

ՄԱՅՈՐ — Հայերենն այստեղ ի՞նչ կապ ունի։

ԳՆԴԱՊԵՏ — Ներեցեք, Մայոր, բայց մար­դուն այս ի՞նչ օրի եք հասցրել։

ՄԱՅՈՐ — Ինքն իրեն հասցրեց։

ԿԱՊԻՏԱՆ — Գնդապետ, փակեք ալբոմն ու տեղը դրեք։

ԳՆԴԱՊԵՏ — Լսում եմ։ (Վերցնում է ալբո­մը, բայց քիչ հեռանաւով՝ սկսում է թերթել։)

ՄԱՅՈՐ — Կարգին կին էր, ամուսնանալ էի ուզում, իսկ սրանք, տե՛ս. թե ինչ են դարձրել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Կարգին կի՜ն… Դրանցից և ոչ մեկին ոչ ոք ոչինչ չի պարտադրել, ոչ ոք չի ստիպել, չի հարկադրել, չի վախեցրել, չի խաբել, ուժ չի գործադրել՝ ընդամենը ինչ-որ բաներ ենք խոստացել… Կարգին կի՜ն… Ճակա­տագրին շնորհակալ եղիր, որ չես հասցրել ամուսնանալ։ Մենք ախր սանիտար ենք, ձեզ համար սանիտարություն ենք անում, ձեր մեջ ցրված կեղտն ու աղբը հավաքում-կուտակում ենք մի տեղ, որ տեսանելի լինի, հետը գործ չու­նենաք, որովհետև թույլ եք՝ կամ կկեղտոտվեք, կամ աղբախեղդ կլինեք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ձեր ստեղծած կեղտն ու աղբն եք մի տեղ հավաքում-կուտակում։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Գեղեցիկ կին եք ու զինված, բայց հիմար եք։ Կամ միամիտ։ Քրիստոսի ծնունդից դեռ շատ առաջ ու հետո՝ մինչև այսօր, մարդկությունը ինքնամաքրման հազար ու մի եղանակներ է հնարել ու փորձել, որպես­զի հեռու մնա չարից ու նենգից, մեղքից ու հան­ցանքից: Իսկ արդյունքը։ Դա է՞լ ենք մենք ստեղծել։ Դրա համար է՞լ մենք ենք պատաս­խանատու։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Չէ, ձեր արածն էլ լրիվ հերիք է։ Շուրջբոլորը համատարած անհեթե­թություն է ու աղբ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Շատ ճիշտ եք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Դե, տեսնո՞ւմ եք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ոչինչ էլ չեմ տեսնում։

 

Զանգում է Հավաքարարի բջջային հեռախոսը։

ՀԱՎԱՔԱՐԱՐ (բոլորին)։ Կներեք։ Այո՞… լսում եմ… չէ, դեռ շարունակվում է, որ վերջա­ցավ՝ կզանգեմ, կասեմ… ի՞նչ… բայց… (Վախե­ցած։) Անջատեց…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ո՞վ։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ճաշարանի Աշոտը։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ էր ուզում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ասաց, որ ժամադրված է ու շտապում է։

ԿԱՊԻՏԱՆ – Ի՞նչ անենք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ասաց, որ ուզում է իմա­նալ, թե ոնց է վերջանալու մեր պատմությունը։

ԿԱՊԻՏԱՆ — Թող համբերի։

ՀԱՎԱՔԱՐԱՐ Չի կարող, ժամադրված է, շտապում է։

ԿԱՊԻՏԱՆ (2-րդ տեղակալին)։ Դրա լկտիությունը տեսնո՞ւմ եք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ընդհանրապես տես­նում եմ, բայց փափուկ հարց է, բարդ։

 

Զանգում է 2րդ տեղակալի սեղանի հեռախոսը։

ԿԱՊԻՏԱՆ (խոսափողը վերցնելով ձգ­վում է)։ Լսում եմ, պարոն Նախարար… բայց, պարոն Նախարար… ախր, մենք ինքներս էլ չգիտենք… լսում եմ, պարոն Նախարար։ (Խոսափողը դնելով, բոլորին։) Պարոն Նախարարը կարգադրեց, որ արագ վերջացնենք։

ՄԱՅՈՐ – Ինչո՞ւ։

ԿԱՊԻՏԱՆ — _աշարանի Աշոտը զանգել է, նեղացել է։ Ասել է՝ մի ամբողջ նախարարություն պահում, կերակրում եմ, էդքան հարգանք չունե՞մ։

ՄԱՅՈՐ — Ունի, բայց թող մի քիչ համբերի։

ԿԱՊԻՏԱՆ — Ասել է՝ ժամադրված եմ, ուշա­նում եմ, ուզում եմ իմանալ, թե վերջն ինչ է լինելու։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մենք էլ չգիտենք։

ԿԱՊԻՏԱՆ — (Ահաբեկչուհուն)։ Ասել է, թե մեկնումեկին սպանելու ես՝ սպանիր, ինքը երաշխավորում է, որ անպատիժ կմնաս, հոգ­սերն իր վրա է վերցնում։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Այսինքն, ո՞նց թե՝ մեկ­նումեկին… ո՞ր մեկնումեկին։

ԿԱՊԻՏԱՆ -Չի ասել, ասել է՝ ում ուզում է, միայն թե շուտ… որ ժամադրությունից հանկարծ չուշանա։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ո՛չ մի սպանել… հար­կավոր է ուրիշ ելք գտնել… ավելի մարդկային, ավելի տրամաբանական…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– (Ահաբեկչուհուն)։ Տես­նո՞ւմ եք՝ ամենաանհեթեթ վիճակում մարդկա­յին, տրամաբանական ելք եք որոնում… Իսկ ես ի՞նչ էի ասում։

ԿԱՊԻՏԱՆ — Հիմա դա կարևոր չէ, եկեք մի ելք մտածենք։

ԳՆԴԱՊԵՏ — Շատ ճիշտ եք, եկեք մի ելք մտածենք՝ առանց սպանության։

ՄԱՅՈՐ — Այո, այո, առանց սպանության, ավելի մարդկային։ Մտածենք։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Մտածենք։ Բայց որ հետաքրքիր լինի։ Թե չէ Աշոտը կնեղանա։

 

Բոլորը լարված քարանում են։

Բեմի խորքի մութ անկյունից ընդհատ-ընդհատ ծափահարություն է լսվում։ Լուսավորվում է այդ անկ­յունը։ Բազկաթոռից ելնում է Հովանավորը և ժպտալով մոտե­նում է հավաքվածներին։

 

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Շնորհավորում եմ, բոլո­րիր շնորհավորում եմ։ (Դեպի 2-րդ տեղակալը շրջվելով ու ձեռքը պարզելով)։) Իհարկե, առա­ջին հերթին ձեզ։ Քանի որ նաև ռեժիսորն եք… Լսեք, մարդու ձեռքերը ինչո՞ւ չեք քանդում, ո՞նց շնորհավորեմ։ (2-րդ տեղակալի ձեռքերն արագ քանդում են, ջերմ սեղմում է նրա ձեռքը։) Շնոր­հավորում եմ, հետաքրքիր ներկայացում էր…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ Շնորհակալ եմ, բայց…

ՀՈՎԱՆԱՎՈՐՈչ մի բայց, ոչ մի բայց… Հետաքրքիր ներկայացում էր, ու շատ ուրախ եմ, որ հովանավորը ես եմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մենք էլ ենք ուրախ, բայց…

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ոչ մի բայց, ոչ մի բայց… ահագին չարչարվեցիք։ Ու համոզեցիք։ Այսինքն՝ ճարպիկ լեզու ունեք և ճկուն խելք։ Ձեզ կոմերցիայով կամ բանկային գործունեությամբ զբաղվել կսազեր։ Երբևէ փորձե՞լ եք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Չեմ փորձել, բայց…

ՀՈՎԱՆԱՎՈՐ Էլի բայց… ի՞նչ բայց, փորձեք՝ կօգնեմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չէ, չէի ուզենա, բայց, ախր, ներկայացումը չավարտվեց…

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ո՞նց թե… (Դիպլոմատից մեքենագրած թղթեր հանելով։) Սա ձեր ուղար­կած օրինակը չի՞… Ձեր ուղարկած օրինակն է, ու այդպես է վերջանում։ Տեսեք, գրված է… «ՀԱՎԱՔԱՐԱՐ — Մտածենք։ Բայց որ հե­տաքրքիր լինի։ Թե չէ Աշոտը կնեղանա։ (Բոլո­րը լարված քարանում են)»։ Տեսնո՞ւմ եք, իսկ մեծատառով գրված է՝ ՎԱՐԱԳՈՒՅՐ։ Այսինքն՝ վերջ։ Ճիշտ չե՞ մ ասում։

ԳՆԴԱՊԵՏ — Ճիշտ եք ասում, բայց վերջին փոքր տեսարանը կա, մի հինգ-վեց էջ։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ուրեմն՝ ինձ կիսատ եք ուղարկել։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չէ։ Լրիվ էր։ Ես բերե­ցի։ Անձամբ։ Դուք տանը չէիք, ձեր տիկնոջ մոտ թողեցի պիեսը։

ՀՈՎԱՆԱՎՈՐ (անհոգ ծիծաղում է)։ Աա՜, պարզ է։ Շատ հետաքրքրասեր տիկին ունեմ։ Իմիջիայլոց, բանասեր է։ Վերցրել ու կարդա­ցել է։ Երևի վերջին էջերը մի տեղ մոռացել է։ Շատ ցրված բանասեր է։ Ոչինչ, այսօր երեկո­յան նրան կպատմեմ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ոչ մի դեպքում։ Մեր խմբի անունից խնդրում եմ՝ մի պատմեք, ոչինչ մի ասեք։ Խնդրում եմ, պրեմիերայից առաջ պետք չի ձեր հարգելի տիկնոջ տրամադրությունը գցեք։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Դե, եթե խնդրում եք… (Շրջվում է Ահաբեկչուհու կողմը։) Ամենաշատը ձեզանով հիացա, շատ լավ էիք խաղում։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Մինչդեռ մեր խմբի միակ ոչ պրոֆեսիոնալ դերասանն է։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Տես, է՛, գլխի չընկա։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ինքն իրեն ստացվեց։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Իսկ իրականում ի՞նչ մաս­նագիտություն ունեք։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ — Նկարչուհի եմ։

ՀՈՎԱՆԱՎՈԲ — Նկարչություն շատ եմ սի­րում։ Գիտե՞ք ինչ, եկեք այսօր երեկոյան հանդի­պենք, միասին կընթրենք, ձեր գործերից կխո­սենք, գուցե հաջողվի անհատական ցուցահան­դես կազմակերպել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ես մուլտֆիլմերի նկարչուհի եմ, համարյա չեմ ստեղծագործում։

ՀՈՎԱՆԱՎՈԲ – Մուլտֆիլմերի՞… հետաքրքիր գործ է։ Եկեք երեկոյան հանդիպենք, ընթրենք ու հենց դրա մասին էլ կխոսենք։

ԿԱՊԻՏԱՆ — Շատ հետաքրքիր երեկո կստացվի։

ՀՈՎԱՆԱՎՈԲ (իբր Կապիտանին չլսե­լով)։ Ինքնատիպ արվեստ է, կուզենայի որոշ

մանրամասնություններ պատմեիք։

ԿԱՊԻՏԱՆ (Ահաբեկչուհուն)։ Խոսելու ահագին բան ունեք, վախենամ երեկոն չհերիքի, գիշերը շարունակեք ձեր հետաքրքիր զրույցը։

ՀՈՎԱՆԱՎՈՐ (անտեսելով Կապիտա­նին)։ Համաձա՞յն եք։

ԿԱՊԻՏԱՆ — Իսկ ձեր կնոջն ի՞նչ եք ասելու։ Ասելու եք՝ գործնական հանդիպո՞ւմ ունեք։ (Ահաբեկչուհին ծիծաղում է։) Թե՞ խորհրդակ­ցություն… և գիշերը տուն չեք գա։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ (արագ մեջ ընկնե­լով)։ Մի րոպե, մի րոպե… Ներեցեք, կարելի՞ է ձեզ մի րոպեով։ (Հովանավորին թևանցուկ անելով մի կողմ է տանում։) Ուշադրություն մի դարձրեք, խնդրում եմ։ (Գլխով Կապիտանին է ցույց տալիս։) Բռնկուն բնավորություն ունի։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Իսկ ես ուշադրություն չդարձրի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Այո, բայց հասկանո՞ւմ եք… հարցը մի քիչ այլ է… մի խոսքով՝ այդ եր­կուսը… (Գլխով Կապիտանին ու Ահաբեկչուհուն է ցույց տալիս, որոնք թեթևակի վիճում են։) …իրար սիրում են, ավելի ճիշտ՝ շատ են սիրում, այսինքն՝ սիրահարված են…

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ուզում եք ասել…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ըհը, դա եմ ուզում ասել…

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ես հիմա… (2-րդ տեղա­կալին թողնելով՝ մոտենում է նրանց։) Լսեք, ներեցեք ինձ, չգիտեի ձեր փոխհարաբերություն­ների մասին։ (Ձեռքը բարեկամաբար դնում է Կապիտանի ուսին, որը թշնամաբար նրան է նայում։) Պետք չէ այդպես նայել, ես ներողություն խնդրեցի։

ԿԱՊԻՏԱՆ — Շատ գործնական տիպ եք, առիթը բաց չեք թողնում։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Դուք չէի՞ք փորձի։

ԿԱՊԻՏԱՆ – Հը՞… չգիտեմ, երևի փորձեի։

ՀՈՎԱՆԱՎՈՐ (ծիծաղում է)։ Հաստատ կփորձեիք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (նույնպես ծիծաղելով)։ Հաստատ կփորձեիր։ Հաստատ։

ՀՈՎԱՆԱՎՈՐ – Տեսնո՞ւմ եք… բացի այդ, դուք ինձ պիտի շնորհակալ լինեք: Եթե այս պիեսը չհովանավորեի, ո՞նց էիք իրար հանդի­պելու:

ԿԱՊԻՏԱՆ — Մի ձևով կհանդիպեինք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Այսքան տարի նույն քաղաքում ապրում էինք, բա ինչո՞ւ չէինք հանդիպում։

ԿԱՊԻՏԱՆ — Բայց հանդիպեցինք։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ո՞ւմ շնորհիվ։

ԿԱՊԻՏԱՆ (որոշ ժամանակ զայրացած նայելով հովանավորին, անսպա­սելի ժպտում է)։ Ձեր… ներեցեք ինձ, մի քիչ տաքացա։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — (պարզում է ձեռբը, միմ­յանց ձեռք են սեղմում)։ Պրոբլեմ չկա… իրար հասկացանք։ (Բոլորին.) Դե ինչ, հաջողություն ձեզ, կհանդիպենք պրեմիերային։ (Գնում է, բայց անսպասելի կանգ է առնում, ետ նա­յում։) Լսեք, բայց այդպես էլ չիմացա, թե այս պատմությունը ո՞նց է վերջանում, այդ կորած հինգ-վեց էջերը ինչի՞ մասին են։

 

Խումբը ծիծա­ղում է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Ոնց էլ հիշեցիք։ Հիմա ի՞նչ, ուզում եք՝ խաղա՞նք։

ՀՈՎԱՆԱՎՈՐ (նայելով ժամացույցին)։ Չէ, ժամանակ չմնաց։ Գոնե ասեիք՝ ոնց է վերջանում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Ճաշարանի Աշոտի բնա­վորությունն ունեք։

Ծիծաղ։

 

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Ճիշտ… ո՞նց է վերջանում։

ԿԱՊԻՏԱՆ — Ո՞նց կվերջանար։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Դժվար է ասել, գրելու շնորհք չունեմ։ Մտածել է պետք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դուք ձեր տարբերա­կը մտածեք, պրեմիերայի ժամանակ կհամեմատեք։ Հը՞։

ՀՈՎԱՆԱՎՈՐ — Հետաքրքիր առաջարկ է։ Պայմանավորվեցինք։ (Գնում է։)

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ (զայրացած բղավում է Կապիտանի վրա)։ Փորձանք ես, իսկական փորձանք, քիչ էր մնում գործը փչացնեիր։

ԿԱՊԻՏԱՆ – Չլսեցի՞ր ինչ առաջարկներ էր անում, ընթրիքի հրավիրում։ Ձեռքը սիրուն դերա­սանուհի է ընկել, ո՞նց չփորձի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Հետո՞ ինչ… Թե՞ կար­ծում ես… (Գլխով Ահաբեկչուհուն է ցույց տալիս։) …էդքան հասարակ մի բան է, ով հրավիրի՝ կգնա, ով ուզի՝ կվերցնի։

ԿԱՊԻՏԱՆ (բղավում է)։ Ի՞նչ ես գլխիցդ դուրս տալիս։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Գլխիցս դուրս չեմ տալիս՝ հարց եմ տալիս։ Սրան լրբի տե՞ղ ես դրել։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — ռնում է Կապիտանի ձեռքը)։ Բայց ճիշտ է ասում։

ԿԱՊԻՏԱՆ — Դու սուս, քո գործը չէ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (մի կողմ է քաշվում, ցածը)։ Ախր ճիշտ է ասում։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Հերիք է ուրիշների սխալ­ներն ուղղես, դու քո արածների վրա ուշադրություն դարձրու։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Էլի՞ ես եմ սխալ։ Տանը՝ սխալ, էստեղ՝ սխալ, հետո՞։

ԳՆԴԱՊԵՏ — (հավաքարարին)։ Լավ, մի տեղ չկա՛, որ էս մարդը ճիշտ լինի։

ՀԱՎԱՔԱՐԱՐ Կա։ Էնտեղ, որտեղ ինքը չկա։

ԳՆԴԱՊԵՏ — Իսկ կա՞ էդպիսի տեղ, որտեղ ինքը չլինի։

ՀԱՎԱՔԱՐԱՐ — Դու ավելի լավ է սուս մնա, կամ կախվի՝ պրծնենք քեզնից։ (2-րդ տեղակալին՝ մեղմ։) Լավ, լավ, տրամադրությունդ մի գցիր, այսօր մեր աղջկա տունն ենք հրավիր­ված, մի շաբաթ է զանգում հիշեցնում է։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չեմ մոռացել… դե գնա, փոխվիր։ (Հավաքարարը գնում է։)

 

Գնդապետը մոտենում է 2րդ տե­ղակալին, ականջին փսփսում, գլխով պահարանը ցույց տալիս։ 2-րդը ոգևորված գլխով է անում։ Իսկ Մայորը մոտենում է Կապի­տանին, ինչ-որ բան ասում։ Կապի­տանը բացասաբար շարժում է գլուխը։ Մայորը մենակ մոտենում է պահարանին, երկու շիշ կոնյակ է հանում, խնձոր, բերում-դնում է սեղանին։ Գնդապետը շշերն է բա­ցում, Մայորը խնձորն է կտրում, 2-րդը բերում է բաժակները։ Ահաբեկչուհին մոտենում է Կապիտա­նին։

 

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ– Խմելո՞ւ կանչեցին։ (Կա­պիտանը գլխով է անում։) Լավ է, որ չխմեցիր, այսօր մենք էլ տեղ ունենք գնալու։

ԿԱՊԻՏԱՆ — Ո՞ւր։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Կազինո։

ԿԱՊԻՏԱՆՃիշտ որ… բայց երեկոյան կգնանք։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Հա, բայց չարժեր, որ խմեիր։

ԿԱՊԻՏԱՆ — Էսօր գլուխս պիտի սթափ լի­նի։ Էսօր շահելու եմ։ Ոնց որ պետք է։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Լավ կլինի։ Մի կարգին տեղ կգնանք, կուրախանանք։

ԿԱՊԻՏԱՆՈնց եմ քեզ սիրում։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ո՞նց։

ԿԱՊԻՏԱՆ — Ոնց որ պետք է։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ – Ես դրանից ավելի եմ ուզում։ «Ոնց որ պետք»-ից մի քիչ ավելի շատ։

ԿԱՊԻՏԱՆ — Ուզում ես գժվե՞մ քեզ համար։

ԱՀԱԲԵԿՉՈԻՀԻ Ի՞նչ կլինի որ։

ԿԱՊԻՏԱՆ Որ գժվեմ, երեկոյան ո՞նց եմ խաղալու։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Մի գժվի, որ երեկոյան բախտդ բերի։

Դեպի դուռն են գնում։

 

ԿԱՊԻՏԱՆ — Ըհը, կարգին բերի ու կարգին շահեմ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ — Ըհը, ու դուրս գաս ան­հաջողության գոտուց։

ԿԱՊԻՏԱՆ (արդեն դռներին են հասել, անսպասելի կանգնում է, Ահաբեկչուհուն իր կողմը շրջում, ուշադիր նրան է նայում)։ Քեզանից ավելի մեծ շահում հնարավոր չի, էլ ի՞նչ անհաջողության գոտի, բախտ բերել… սրանից ավելի մեծ բա՞խտ։

ԱՀԱԲԵԿՉՈՒՀԻ (շոյում է նրա այտը, զգույշ համբուրում)։ Քեզ շատ եմ սիրում։

Գնում են։

 

ԳՆԴԱՊԵՏ (նրանց ետևից նայելով)։ Մանկությունից այս կարգի երջանկություն եմ երագել։

ՄԱՅՈՐ — Երջանիկ չե՞ս եղել։

ԳՆԴԱՊԵՏ — Էս կարգի՝ չէ։

ՄԱՅՈՐ (2-րդ տեղակալին)։ Իսկ դո՞ւ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ– Ես երջանիկ օրեր շատ եմ ունեցել։

ՄԱՅՈՐ — Օրինակ։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Օրինակ՝ մի անգամ, ծննդյանս տարեդարձին, մայրս 24 գույնի ֆլոմաստերներ նվիրեց։ Հեքիաթային նկարներ էի անում։

ՄԱՅՈՐ — Մանկամիտ է սա։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ – Իսկ դու երջանիկ եղե՞լ ես։

ՄԱՅՈՐ — Մի անգամ։ Ընդամենը։ Երբ առաջին անգամ կնոջ սիրեցի։ Տարիքով ինձանից մեծ էր։ Առավոտյան, երբ արթնացա, տեսա, որ հագուստներս լվացել-արդուկել է։ Անկողնում ինձ նախաճաշ բերեց։ Ինձ տղամարդ զգացի։ Ո՜նց երջանկացա, ո՜նց երջանկացա։

ԳՆԴԱՊԵՏ Ես ուրիշ կարգի երջանկու­թյան մասին էի խոսում՝ այն երկուսի նման։ Ձեր ասածները մանր-մունր բաներ են։

ՀԱՎԱՔԱՐԱՐ(ներս մտնելով՝ որոշ ժա­մանակ նայում է խմողներին)։ Լավ էլ նստել եք։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Դու էլ ես ուզո՞ւմ միա­նալ։

ԳՆԴԱՊԵՏ (շշերին նայելով)։  Ափսոս է, քիչ է մնացել։

ՀԱՎԱՔԱՐԱՐ (անասելի փոխվել է, հա­գուստները շքեղ են, բայց մի ձեռքին պայուսակն է, մյուսին՝ ավելը)։ Մոռացա՞ր, որ այսօր մեր աղջկան պիտի այցելենք։ Մի շաբաթ է…

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Չեմ մոռացել։ Լսիր, ավելը ինչո՞ւ ես վերցրել։

ԳՆԴԱՊԵՏ — Կպցրել են ձեռքին՝ որպես շքանշան։ Ավելակիրի մեկը…

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Այ քեզ բան։ (Ավելը շպրտում է։) Սովորեցի դրան։

ԳՆԴԱՊԵՏ — Դու դերասանուհի՞ ես, թե՞ ավել վարժեցնող։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Խնդրում եմ չվիրավո­րել մեր կանանց։

ԳՆԴԱՊԵՏ — Ընդամենը հարց տվեցի, չի՞ կարելի։

2-ՐԴ ՏԵՂԱԿԱԼ — Կարելի է, բայց նա­խապես պարտավոր ես ինձ հետ համաձայնեց­նել։

ՀԱՎԱՔԱՐԱՐ – Պահո՜… լավ էլ խմել եք։ (Մոտենում է 2-րդին, տեղից բարձրացնում։) Գնացինք, գնացինք, թե չէ էսօր տեղ չենք հաս­նի։

Գնում են։

 

ՄԱՅՈՐ — Դե ինչ, մենք էլ չգնա՞նք։

ԳՆԴԱՊԵՏ – Բա սա՞։ (Ցույց է տալիս կոն­յակի շիշը։)

ՄԱՅՈՐ — Հետներս կվեցնենք, կնստենք բա­ցօթյա սրճարանում։

ԳՆԴԱՊԵՏ Կարելի է։

 

Հանգում են լույսերը։

ՄԱՅՈՐ — Ա՜յ քեզ բան, լույսերը հանգցրին։

ԳՆԴԱՊԵՏ — Էլի մեզ մոռացան, կարծում են՝ ներսում մարդ չմնաց։

ՄԱՅՈՐ — Ո՞նց ներքև իջնենք, դահլիճո՞վ։

ԳՆԴԱՊԵՏ — Դահլիճով երկար է, էս աս­տիճաններից էլ անընդհատ ընկնում ենք, արի կուլիսներով գնանք։

ՄԱՅՈՐ — Իսկ էն փո՞սը, դա էլ վտանգավոր է, քի՞չ ենք ընկել։

ԳՆԴԱՊԵՏ — Զգույշ կլինենք։ Դու կոնյակի շիշը վերցրու։

ՄԱՅՈՐ — Վերցրի։ Գնացինք։

ԳՆԴԱՊԵՏ — Բայց զգույշ։

ՄԱՅՈՐ — Ուրեմն ուղիղ, հետո աջ։ Ու նեղ աստիճաններով՝ ներքև։

ԳՆԴԱՊԵՏ — Բայց աջում զգույշ՝ փոսն է։

ՄԱՅՈՐ — Աջում շատ զգույշ՝ իրար ձեռք կբռնենք։

ԳՆԴԱՊԵՏ — Չէ, չարժե, տեղը նեղ է, ավե­լի լավ է իրար ետևից գնանք։

ՄԱՅՈՐ — Լավ, բայց առաջից դու գնա…

 

Ահավոր աղմուկի ձայն։

 

ԳՆԴԱՊԵՏ — Մեզնից մեկնումեկը ոնց որ թե փոսն ընկավ։

ՄԱՅՈՐ — Ինձ էլ է թվում, բայց ո՞ր մեկս։

ԳՆԴԱՊԵՏ — Երևի ղու։

ՄԱՅՈՐ — Էլի ե՞ս, հերիք չի՞, վերջին անգամ էլ ես ընկա։ Այս անգամ երևի դու ես ընկել։

ԳՆԴԱՊԵՏ — Դե լավ, կարևոր չէ, ով ընկել է՝ թող դուրս գա։

ՄԱՅՈՐ — Առանց օգնության հնարավոր չէ։ Ով փոսը չի ընկել՝ ընկածին թող օգնի։

ԳՆԴԱՊԵՏ — Եթե չգիտենք՝ ով է փոսն ըն­կել, ո՞նց իմանանք, թե ով չի ընկել, որ մյուսին օգնի։

ՄԱՅՈՐ – Հը՞… բարդ հարց է։ Իսկ եթե նա, ով փոսը չի ընկել՝ ինքն էլ ընկնի՞։ Եթե երկուսով մի տեղ լինենք, իրար կօգնենք՝ դուրս կգանք։

ԳՆԴԱՊԵՏ — Խելոք մարդ ես, միշտ ասել եմ՝ գլուխդ աշխատում է։

 

Դարձյալ ահավոր աղմուկի ձայն։

 

ԳՆԴԱՊԵՏ — Ըհը, հիմա երկուսով մի տեղ ենք։

ՄԱՅՈՐ — Այո, երկուսով էլ փոսում ենք։ Հե­տաքրքիր է, հիմա ո՞վ ընկավ։

ԳՆԴԱՊԵՏ — Երևի դու։

ՄԱՅՈՐ — Էլի ե՞ս։ Բա դո՞ւ։

ԳՆԴԱՊԵՏ — Ինձ փոս ընկնել չի կարելի, ես բժշկից թուղթ ունեմ։

ՄԱՅՈՐ — Թուղթ… բայց փոսում ես, չէ՞։

ԳՆԴԱՊԵՏ — Փոսում եմ, բայց չեմ ընկել։

ՄԱՅՈՐ — Բա ի՞նչ ես արել… թռել-բարձրացե՞լ ես։

ԳՆԴԱՊԵՏ — Հիմա դա՞ է կարևոր։ Ուրիշ գործ չունե՞նք։

ՄԱՅՈՐ — Ունենք, արի իրար օգնենք, բարձ­րանանք։

ԳՆԴԱՊԵՏ — Նախ հարկավոր է ուժ հա­վաքել։ Կոնյակի շիշը մոտդ չի՞։

ՄԱՅՈՐ — Մոտս է։

ԳՆԴԱՊԵՏ — Դրանից էլ լավ ո՞ւժ։ Արի մի-մի թաս ուժ հավաքենք։

ՄԱՅՈՐ — Բաժակները չեմ վերցրել։

ԳՆԴԱՊԵՏ — Ես վերցրել եմ։

ՄԱՅՈՐ – Վերցրե՞լ ես… գիտեիր, որ պիտի ընկնե՞նք։

ԳՆԴԱՊԵՏ — Չգիտեի, բայց մտքովս ան­ցավ։ Վերցրու բաժակները, լցրու։ Մի-մի թաս խմենք, նոր դուրս գանք։

ՄԱՅՈՐ – Էստե՞ղ, փոսո՞ւմ։

ԳՆԴԱՊԵՏ – Հետո՞ ինչ։ Քեզ թվում է՝ ուրիշ­ները հարմար տեղերո՞ւմ են խմում։ Պալատնե­րում՝ փոսում չե՞ն։

ՄԱՅՈՐ — Երևի չէ։

ԳՆԴԱՊԵՏ — Ախր կարևորը տեղը չէ, կա­րևորը մարդն է..

ՄԱՅՈՐ — Ո՞ր մարդը։

ԳՆԴԱՊԵՏ — Ընդհանրապես։ Մարդ կա՝ պալատում է խմում-ուրախանում, բայց իրեն փոսի մեջ ընկած է զգում։ Իսկ մարդ էլ կա՝ փո­սում է, բայց չգիտես ոնց, բոլորը գլխի են ընկնում, որ էս մարդու համար տեղը նշանակու­թյուն չունի, որովհետև էս մարդը ներսից է հա­րուստ, շքեղ… Իսկ դու ասում ես՝ փոս…

ՄԱՅՈՐ — Էլ չեմ ասում։ Դե, բաժակդ վերցրու։ Արի խմենք։ Բայց ինչի՞ համար։

ԳՆԴԱՊԵՏ Մարդու։

ՄԱՅՈՐ — Ո՞ր մարդու, ո՞ւմ։

ԳՆԴԱՊԵՏ Ընդհանրապես։

ՄԱՅՈՐ — Որովհետև հպա՞րտ է հնչում։

ԳՆԴԱՊԵՏ — Չէ։ Որովհետև դժվար է ապ­րում, խճճված, բայց երեք պարզ ու հանճարեղ ներդաշնակություն է ստեղծել։

ՄԱՅՈՐ — Ի՞նչ։

ԳՆԴԱՊԵՏ – Հույս-Հավատ-Սեր։ Մարդ ապշում է։

ՄԱՅՈՐ — Ապշիր, բայց մի քիչ հետո, հիմա արի խմենք։

ԳՆԴԱՊԵՏ Խմենք։

 

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։