Կարինե ԱԼԱՎԵՐԴՅԱՆ / ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԻ ՆՇԱՆԱՎՈՐ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԸ. ՀԱՎԵՐԺԻ ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Բ. ԴԵՐԱՍԱՆԱԿԱՆ ԱՆՁՆԱԿԱԶՄ
ԿՈՐԳԱՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ
(16.05.1907-28.05.1974)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954թ.), ժողովրդական արտիստ (1960թ.), ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր (2001թ.):
Ծնվել է 1907թ. մայիսի 16-ին Գանձակում: Յոթնամյակն ավարտելուց` մեկնել է Բաքու, սովորել կոշկակարություն, միաժամանակ մասնակցել կաշեգործների արհեստակցական միության ակումբի թատերական խմբի բեմադրություններին, ինչն էլ որոշիչ է դարձել նրա հետագա ճակատագրի համար: 1927թ. ընդունվել է Բաքվի Հայ դրաման, որտեղ էլ սկիզբ է դրել իր դերասանական պրոֆեսիոնալ գործունեությանը: 1932-ին տեղափոխվել է Ստեփանակերտի նորաբաց պետական հայկական թատրոն` դառնալով նրա հիմնադիրներից մեկը:
Մ. Կորգանյանն ուներ հմայիչ արտաքին, փափուկ, թավ ձայն, հստակ և իմաստավորված խոսք, մանրակրկիտ վերաբերմունք կերպարի արտաքին և ներքին նկարագրի հանդեպ: Նրա խաղացանկի առանցքային դերաշարքը կազմել են քնարական, հերոսական և դրամատիկական կերպարները. Սամվել (Րաֆֆի` «Սամվել»), Մանաս («Մելիքի աղջիկը»` ըստ Լեոյի), Դավիթ-Բեկ (Ս. Խանզադյան` «Մխիթար Սպարապետ»), Աթաբեկյան (Անդր. և Արտ. Հովսեփյաններ` «Արտակարգ լիազոր»), Աբովյան (Դ. Գազազյան` «Խաչատուր Աբովյան»), Սոս (Լ. Աբրահամյան` «Սոս և Վարդիթեր»), Սայաթ-Նովա (Կ. Ալվարյան` «Սայաթ-Նովա»), Յագո (Վ. Շեքսպիր` «Օթելլո»), Սաղաթել (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար»):
Հաջողությամբ հանդես է եկել նաև բնութագրական և կոմիկական դերերում. Գառնակերյան (Ն. Զարյան` «Փորձադաշտ»), Կակուլի (Գ. Սունդուկյան` «Պեպո»), Կիպար (Հ. Պարոնյան` «Պաղտասար աղբար») և այլն:
Մ. Կորգանյանը նաև թատերական գործի հմուտ կազմակերպիչ էր, 1956-1971թթ. (փոքր ընդմիջումներով), վարել է Ստեփանակերտի թատրոնի տնօրենի պաշտոնը, իր անխոնջ ու ջանադիր գործունեությամբ նպաստել մշակույթի այս օջախի աննախադեպ վերելքին: Նա նաև շինարար տնօրեն էր. նրա ջանքերով թատրոնին կից նոր շինություն է կառուցվել, հիմնովին վերանորոգվել է բեմական տեխնիկան:
Մ. Կորգանյանը մեծ հայրենասեր էր: Նա այն «տասներեքի» մեջ էր, ովքեր 1965թ. Ղարաբաղի մտավորականության անունից նամակ հղեցին ԽՄԿԿ Կենտկոմ` բողոքելով ադրբեջանական իշխանությունների հայահալած քաղաքականության դեմ:
Մ. Կորգանյանը մահացել է 1974թ. մայիսի 28-ին Ստեփանակերտում:
ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԹԱՄԱՐԱ ԲԱՂԴԱՍԱՐԻ
(26.12.1914 – 04.10.1981)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1948թ.), ժողովրդական արտիստ (1962թ.):
Ծնվել է 1914թ. դեկտեմբերի 26-ին Բաքվում: 1936թ. ավարտել է Բաքվի հայկական պետական թատրոնի դերասանական ստուդիան և հրավիրվել աշխատելու Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում: Դերասանուհու ստեղծագործական շրջանակները ընդարձակ էին, արվեստը` բազմեզր: Անթերի հաջողությամբ խաղացել է միանգամայն տարբեր ժանրերի և խաղաոճերի դերեր, անձնավորել է դրամատիկական, բնութագրական և կատակերգական կերպարներ, բոլորն էլ` լիարյուն և գեղարվեստորեն ավարտուն: Նրա գործունեության առաջին շրջանի լավագույն դերակատարումներից են. Սոնա, Մարգարիտ (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի», «Պատվի համար»), Սալոմե, Էփեմիա (Գ. Սունդուկյան` «Քանդած օջախ», «Պեպո»), Աշխեն (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Կրուչինինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Ամալյա (Ֆ. Շիլլեր` «Ավազակներ»): Թ. Մելքումյանն ուներ հաճելի ձայն, որի շնորհիվ թատրոնը խիզախում էր երաժշտական ներկայացումների ոլորտում` «Սայաթ-Նովա», «Անուշ», «Ուշ լինի, նուշ լինի», «Ինքներս գիտենք», որտեղ նա հանդես էր գալիս գլխավոր դերերում:
Դերասանուհին ստեղծել է մայրերի փայլուն պատկերասրահ` անկրկնելի, անհատականացված, իրենց դարաշրջանի արտացոլումներով. Տաճատուհի (Րաֆֆի` «Սամվել»), Լամբրինի (Ա. Պարնիս` «Աֆրոդիտեի կղզին»), Շի-Պին (Ցաո-Յու` «Թայֆուն»), Հռիփսիմե (Գ. Բալայան` «Մայրը մնում է մայր»): Լավագույնս անձնավորել է նաև կատակերգական կերպարներ. Ելենա Կարպովնա (Ի. Ալավերդյան` «Ա՜խ, սեր…»), Շպպանիկ (Ալ. Շիրվանզադե` «Նամուս») և այլն:
Թ. Մելքումյանը մահացել է 1981թ. հոկտեմբերի 4-ին Ստեփանակերտում:
ՀՈՎՍԵՓՅԱՆ ՆԻՆԱ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
(14.04.1913-19.11.1977)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954թ.), ժողովրդական արտիստ (1962թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակիր (1959թ.):
Ծնվել է 1913թ. ապրիլի 14-ին Բաքու քաղաքում: 1934թ. ավարտել է Բաքվի հայկական պետական թատրոնի դերասանական ստուդիան և հրավիրվել աշխատելու Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում: Նա դրամատիկական խառնվածքի դերասանուհի էր և փայլեց դրամատիկական-քնարական հերոսուհիների վարպետ կատարումով:
Ն.Հովսեփյանի առաջին շրջանի լավագույն դերերից են. Ֆաթմա (Ս.Բաղդասարյան` «Արյունոտ անապատ»), Վարդիթեր (Պ. Պռոշյան` «Սոս և Վարդիթեր»), Անուշ (Ժ. Ավետիսյան` «Անուշ»), Ասպրամ (Մուրացան` «Գևորգ Մարզպետունի»), Դշխուհի (Մ. Մըսրենց` «Թմկաբերդ»), Վազգանուշ (Լ.Միքայելյան` «Գոշ»), Մարֆա (Կ.Սիմոնով`«Ռուս մարդիկ»):
Ն.Հովսեփյանը Ալ.Շիրվանզադեի և Գ. Սունդուկյանի հերոսուհիների հրաշալի կերպարանավորողներից էր. Սուսան`«Նամուս», Սոնա` «Չար ոգի», Մարգարիտ` «Պատվի համար», Նատալյա` «Խաթաբալա», Էփեմիա` «Պեպո», Սալոմե` «Էլի մեկ զոհ»:
Կյանքի վերջին շրջանում արտիստուհու արվեստին նոր փայլ ու երանգ են տվել նրա անձնավորած մայրերի ու տատիկների կերպարները. Գերտրուդ (Օ. Բալզակ` «Խորթ մայրը»), Կրուչինինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Արուսյակ (Գ. Բորյան` «Նույն հարկի տակ»), Էմիլիա (Վ. Շեքսպիր` «Օթելլո»), Ֆաննի (Ցաո-Յու` «Թայֆուն»), Նուշի տատ (Ի. Ալավերդյան` «Ա՜խ, սեր…»):
Ն. Հովսեփյանը ստեղծագործական աշխատանքին զուգահեռ վարել է ակտիվ հասարակական գործունեություն, երկար տարիներ գլխավորել է ԼՂԻՄ Կանանց խորհրդի աշխատանքները, բազմիցս ընտրվել է ԼՂ մարզխորհրդի պադգամավոր:
Ն.Հովսեփյանը մահացել է 1977թ. նոյեմբերի 19-ին Ստեփանակերտում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԳՈՒՐԳԵՆ ՄԻՔԱՅԵԼԻ
(09.06.1905-02.01.1973)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1943թ.), ժողովրդական արտիստ (1957թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակիր (1971թ.):
Ծնվել է 1905թ. հունիսի 9-ին Գանձակում: 1921թ. տեղափոխվել է Բաքու, աշխատել է կոշկագործական արհեստանոցում, միաժամանակ խաղացել է կաշեգործների ակումբի ինքնագործ թատերախմբում:
1927թ. Բաքվի հայկական թատրոնին կից բացվում է դերասանական ստուդիա, որի առաջին սաներից էր նաև Գ. Հարությունյանը: 1929 թվականին ավարտելով ստուդիան, դառնում է նույն թատրոնի դերասան: Նրա առաջին ուսուցիչն էր Հ. Աբելյանը, որի խաղընկերությամբ մարմնավորել է հետաքրքիր կերպարներ. Սուրեն, Սմբատ, (Ալ.Շիրվանզադե` «Պատվի համար», «Նամուս»), Ռոդրիգո (Վ.Շեքսպիր` «Օթելլո»), Նիլկին (Ա.Սուխովո-Կոբըլին` «Կրեչինսկու հարսանիքը»):
1949թ. փակվում է Բաքվի Լ.Երամյանի անվան հայկական պետական Կարմրադրոշ թատրոնը, Գ. Հարությունյանը տեղափոխվում է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոն` իր հետ բերելով մայրաքաղաքային թատրոնի լավագույն ավանդույթները: Նա ուներ պատկառելի արտաքին ու կեցվածք, կատարման բարձր տեխնիկա և կուլտուրա, բեմական մաքուր, հղկված խոսք և հստակ արտասանություն, հոգեբանական ճշմարտացի և գեղարվեստորեն տպավորիչ խաղ, բարձր ճաշակ, մինչև վերջին մանրամասնություններն իմաստավորված դերասանական կատարում:
Նրա լավագույն դերակատարումներից են. Կրփո (Ա.Բարսեղյան` «Ծաղկասար»), Մարութխանյան, Գիժ Դանիել, Էլիզբարյան (Ալ. Շիրվանզադե` «Քաոս», «Չար ոգի», «Պատվի համար»), Հասան Ջալալ (Մուրացան` «Ռուզան»), Գոդար (Օ.Բալզակ` «Խորթ մայրը»), Տեր Ավետիս (Ս. Խանզադյան` «Մխիթար Սպարապետ»), Քաջ Նազար (Դ.Դեմիրճյան` «Քաջ Նազար»), Մուրոմսկի (Ա.Սուխովո-Կոբըլին` «Դատական գործ»), Լուկա (Մ.Գորկի` «Հատակում»), Արթին պապ (Գ.Բորյան` «Նույն հարկի տակ»), Չժոու Պու (Ցաո-Յու` «Թայֆուն»), Մեք Գրեգոր (Վ.Սարոյան` «Իմ սիրտը լեռներում է»), Բալաբեկ (Ն.Զարյան` «Աղբյուրի մոտ»), Զուռնա Խաչի (Ի.Ալավերդյան, Բ.Ուլուբաբյան` «Հողի լեզուն»), Ղազար (Ժ.Հարությունյան` «Գլխի գինն է հիսուն միլիոն»): Գ.Հարությունյանը նկարահանվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Հեղնար աղբյուր» ֆիլմում` ուստա Ավետիքի դերում:
Մահացել է 1973թ. հունվարի 2-ին Բաքվում:
ՍԱՀԱԿՅԱՆ ԹԱԳՈՒՀԻ (ԹԱԳՈՒՇ) ԳԱԼՈՒՍՏԻ
(08.03.1907 – 06.02.1977)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954թ.), ժողովրդական արտիստ (1960թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակիր (1959թ.):
Ծնվել է 1907թ. մարտի 8-ին Բաքվում: Թատերական կրթությունն ստացել է Բաքվի Հայարտան արևելյան մանկական ստուդիայում, որն ավարտելուց` ընդունվել է Բաքվի հայկական թատրոնի դերասանական ստուդիան, միաժամանակ աշխատել է նույն թատրոնում որպես դերասանուհի: Աչքի է ընկել դրամատիկական, բնութագրական և մանկական դերերի շնորհալի կատարումներով:
1949թ. մարտի 11-ին Բաքվի հայկական թատրոնը փակվում է, նա տեղափոխվում է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն` արդեն հասուն և ձևավորված դերասանուհի: Ստեփանակերտի թատրոնում ցայտուն դրսևորվում են նրա ստեղծագործական կարողությունները, կատարելության և փայլի է հասնում խաղարվեստը:
Թ. Սահակյանի լավագույն դերամարմնավորումներից են. Ռոզալիա, Նատաշա (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար», «Մորգանի խնամին»), Անույշ (Հ. Պարոնյան` «Պաղտասար աղբար»), Նազլու (Գ. Թավրիզյան` «Մելիքի աղջիկը» ըստ Լեոյի), Մաշենկա (Ա. Աֆինոգենով` «Մաշենկա»), Մարգո (Գ. Տեր-Գրիգորյան` «Վերջին մեխակներ»), Արֆենյա (Ա. Պապայան` «Խանդից պատուհաս»), Մարքրիտ (Գ. Սունդուկյան` «Խաթաբալա»), Էմմա (Պ. Ջիակոմետտի` «Ոճրագործի ընտանիքը») և այլն:
Թ. Սահակյանը Բաքվի և Ստեփանակերտի բեմերի լավագույն տրավեստին էր: Մարմնավորել է տղաների 30-ից ավելի անմոռաց կերպարներ, որոնցից են` Վաչիկը` Ա. Գուլակյանի «Արշալույսին» և Դավիթ Կոպերֆիլդը` Չ. Դիկկենսի «Դավիթ Կոպերֆիլդ» բեմադրություններում:
Արտիստուհին ապրել է ակտիվ հասարակական կյանքով, բազմիցս ընտրվել է ԼՂԻՄ մարզխորհրդի պատգամավոր:
Մահացել է 1977թ. փետրվարի 6-ին Բաքվում:
ԳԵՎՈՐԳՅԱՆ ԶԻՆԱՎՈՐ ՍԻՄՈՆԻ
(26.02.1920 – 28.05.2005)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1962թ.), ժողովրդական արտիստ (1979թ.), Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակիր (1976թ.):
Ծնվել է 1920թ. փետրվարի 26-ին ԼՂԻՄ Ասկերանի շրջանի Նորագյուղ գյուղում: Շուտով ընտանիքը տեղափոխվում է Ստեփանակերտ, որտեղ էլ միջնակարգն ավարտելուց` 1937թ., ընդունվում է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն` իրականացնելով իր աշակերտական տարիների երազանքը` դերասան դառնալ: Սկսնակ դերասանը կարճ միջոցում կարողանում է լավագույնս դրսևորել իրեն և նվաճել թատերախմբի ու հանդիսատեսի համակրանքը: Նրա շահեկան բեմական արտաքինը, նուրբ հումորը, չափի ու պատասխանատվության զգացումը, աշխատասիրությունը վստահություն են ներշնչում գործընկերներին և նա դառնում է թատերախմբի առաջատար դերասաններից մեկը:
Զ. Գևորգյանի հաջողված դերակատարումներից են. Սուրեն (Գ. Բորյան` «Նույն հարկի տակ»), Սաղաթել, Ռուստամ (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար», «Նամուս»), Սերգեյ (Ա. Արբուզով` «Իրկուտսկյան պատմություն»), Փառնավազ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Դուդուկին, Պոգուլյաև (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ», «Հորձանուտ»), Ռոդրիգո (Վ. Շեքսպիր` «Օթելլո»), Սահակ Պարթև (Րաֆֆի` «Սամվել»), Վանունի (Վ. Պետրոսյան` «Վերջին ուսուցիչը»), Վաղինակ (Վ. Հարությունյան` «Անահիտ»` ըստ Ղ. Աղայանի), Շմավոն (Ա. Պապայան` «Աշխարհն, այո՛, շուռ է եկել»):
Զ. Գևորգյանը Արցախի բազմաթիվ գյուղերում և ձեռնարկություններում ստեղծել է ինքնագործ թատերական խմբեր, իսկ Ղարմետաքսկոմբինատի թատերախումբը, որը նա անընդմեջ ղեկավարել է 30 տարի, արժանացել է «Ժողովրդական թատրոն» պատվավոր կոչման:
Զ. Գևորգյանը հեղինակել է նաև պիեսներ, որոնք բեմադրվել են ինքնագործ թատերական խմբերում, իսկ 1998թ. Ստեփանակերտի պետդրամթատրոնը բեմադրել է նրա «Պա՛պ, կրակում են» դրաման, որը Արցախյան Գոյամարտի և իր` որդեկորույս հոր, ցավի արձագանքը եղավ:
Զ. Գևորգյանը նաև թատերական գործի հմուտ կազմակերպիչ էր` 13 տարի տնօրինել է թատրոնը, ղեկավարել տարբեր հասարակական կազմակերպություններ:
Զ. Գևորգյանը մահացել է 2005թ. մայիսի 28-ին Ստեփանակերտում:
ԲԱԼԱՍԱՆՅԱՆ ՄԱՐԳՈ ՋԱԼԱԼԻ
(26.12.1927-10.07.2007)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1962թ.), ժողովրդական արտիստ (1973թ.), Հայկական ԽՍՀ ժողովրդական արտիստ (1978թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանակիր (1981թ.), ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանակիր (2003թ.), ՀՀ ԹԳՄ «Արտավազդ» մրցանակի դափնեկիր (1996թ.):
Ծնվել է 1927թ. դեկտեմբերի 26-ին ԼՂԻՄ Ստեփանակերտ քաղաքում: 1949թ. ավարտել է Երևանի թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը և գործուղվել Նոր Բայազետի (այժմ` Գավառ) շրջանային պետական թատրոն, որտեղ անձնավորել է մեկ տասնյակից ավելի դերեր:
1953թ. հրավիրվել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն, որտեղ աշխատել է մինչև իր կյանքի վերջը` դառնալով մշակույթի այս օջախի վառ անհատականություններից մեկը: Դերասանուհուն հենց սկզբից վստահել են քնարական-հերոսական կերպարների մի ամբողջ շարք. Գայանե` Գ. Թավրիզյանի (ըստ Լեոյի) «Մելիքի աղջիկը», Աշխեն` Րաֆֆու «Սամվել», Ռուզան` Մուրացանի «Ռուզան», Սաթենիկ` Ս. Խանզադյանի «Մխիթար Սպարապետ», Թամար` Լ. Միքայելյանի «Վարազդատ» պատմահայրենասիրական դրամաների բեմադրություններում:
1958թ. մարտին Մ. Բալասանյանը Ստեփանակերտում բեմ է բարձրացել հռչակավոր Վ. Փափազյանի հետ` Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության մեջ դառնալով վարպետի 346-րդ Դեզդեմոնան:
Մ. Բալասանյանի արվեստում հիմնարար տեղ են գրավել Գ. Սունդուկյանի և Ալ. Շիրվանզադեի հերոսուհիները. Սալոմե, Անանի, Կեկել` «Քանդած օջախ», «Էլի մեկ զոհ», «Պեպո», Եվգինե, Նատաշա, Սուսան, Մարգարիտ, Սոնա, Արմենուհի` «Եվգինե», «Մորգանի խնամին», «Նամուս», «Պատվի համար», «Չար ոգի», «Արմենուհի»:
Մ. Բալասանյանը կերտել է զորեղ, տիրական և կիրթ բնավորություններ համաշխարհային դասական և ժամանակակից թատերգուների գործերում. Մեդեա (Ժ. Անույ` «Մեդեա»), Հերմիոն (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Վասսա Ժելեզնովա (Մ. Գորկի` «Վասսա Ժելեզնովա»), Կրուչինինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Տատիկ (Ա. Կասոնա` «Ծառերը կանգնած են մահանում») և այլն: Ուժերը դրսևորել է նաև կատակերգության մեջ. Ժիվկա (Բ. Նուշիչ` «Տիկին մինիստրուհի»), Խանում (Ա. Ցագարելի` «Խանումի արարքները»):
Մ. Բալասանյանը սիրելի էր նաև իր ակտիվ հասարակական կենսադիրքով` մարզում անցկացվող բոլոր քաղաքական և մշակութային միջոցառումները զարդարելով իր կրակոտ, գեղեցիկ ելույթներով: Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջին իսկ հավաքներում լսվեց նաև նրա ոգեշունչ ձայնը, նա իր հանդիսատեսի կողքին էր, ժողովուրդը հավատում և գնում էր նրա ետևից:
Մարգո Բալասանյանը մահացել է 2007թ. հուլիսի 10-ին Ստեփանակերտում:
ՕՎՉՅԱՆ ԲԵՆԻԿ ՀՈՎՀԱՆՆԵՍԻ
(28.11.1918-25.08.2005)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1962թ.), ժողովրդական արտիստ (1973թ.), ՀՀ ժողովրդական արտիստ (1990թ.), ԽՍՀՄ «Պատվո նշան» շքանշանի ասպետ (1967թ.), ԼՂՀ «Վաչագան Բարեպաշտ» մեդալակիր (2001թ.):
Բ. Օվչյանը ծնվել է 1918թ. նոյեմբերի 28-ին Հայաստանի Սիսիանի շրջանի Ախլաթյան գյուղում: Տեղում տարրական դպրոցն ավարտելուց` տեղափոխվել է Բաքու և ուսումը շարունակել թիվ 45 հայկական դպրոցում: Այնուհետև ընդունվել է Բաքվի թատերական ուսումնարանը, որին զուգընթաց դրվագային դերերով հանդես է եկել Բաքվի հայկական պետական թատրոնում:
1939-1946թթ. ծառայել է Խորհրդային բանակում, խիզախաբար կռվել է ֆաշիստական հորդաների դեմ մինչև Մեծ հայրենականի ավարտը: 1947թ. զորացրվել է և աշխատանքի անցել Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում որպես դերասան, որին նվիրումով ծառայել է 60 տարուց ավելի:
Բ. Օվչյանը բազմապլան դերասան էր: Նրա դերացանկը ընդգրկում էր 170-ից ավելի կերպարանավորումներ: Նույն հաջողությամբ անձնավորում էր լիրիկական, դրամատիկական, ողբերգական, բնութագրական և կատակերգական դերեր: Նրա դերասանական ներկապնակին հատուկ էին վառ, թանձր գույները, իրապատում խաղաոճը, արտահայտիչ պահվածքն ու պլաստիկան, ներշնչված ոգին ու խոսող հայացքը, փոքր-ինչ պաթետիկ, բայց անբասիր խոսքը:
Նրա լավագույն դերերից են. Թումանյան (Վ. Օվյան` «Մեծ լոռեցին»), Ռուստամ, Միքայել (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Քաոս»), Վարազդատ (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Լեոնտես (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Նեզնամով, Կիրիլ, Վիշնևսկի (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ», «Հորձանուտ», «Եկամտավոր պաշտոն»), Վասկա Պեպել (Մ. Գորկի` «Հատակում»), Միլլեր (Ֆ. Շիլլեր` «Սեր և խարդավանք»), Լայթաձե (Կ. Բուաչիձե` «Բակում կատաղի շուն կա»), Տարելկին (Ա. Սուխովո-Կոբըլին` «Դատական գործ»), Տերեշկո (Ա. Մակայոնոկ` «Տրիբունալ»):
Արցախյան ազգային — ազատագրական պայքարի տարիներին շատերի հետ ամբիոն բարձրացավ և Բ. Օվչյանն ու իր կրքոտ խոսքով ոգեշնչեց ժողովրդին: Նրա կերպարը հույս ու հավատ էր ներշնչում մարդկանց և նրանք գնում էին նրա ետևից: Նա կրակի առաջին գիծ էր մեկնում ու իր ներկայությամբ ու խոսքով ոգևորում կռվող տղաներին, այցելում էր նկուղներում պատսպարված ստեփանակերտցիներին և հուսադրում նրանց: Նա ոչ միայն հրաշալի դերասան էր, այլև իր երկրի իսկական քաղաքացի:
Բ. Օվչյանը մահացել է 2005թ. օգոստոսի 8-ին Ստեփանակերտում:
ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՄԱՄԻԿՈՆ ՍՈՂՈՄՈՆԻ
(03.01.1920-30.11.2002)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978թ.), ժողովրդական արտիստ (1982թ.):
Ծնվել է 1920թ. հունվարի 3-ին ԼՂԻՄ Սզնեք գյուղում, որտեղ էլ ստացել է սկզբնական կրթությունը: Այնուհետև մեկնել է Բաքու և 1937-1941թթ. սովորել է թատերական ուսումնարանում: Սակայն վերահաս Մեծ հայրենականը փոխել է նրա կյանքի ընթաքցը. մեկնել է ռազմաճակատ և իր քաղաքացիական պարտքը կատարել հայրենիքի առջև: Զորացրվել է 1946-ին և տուն վերադարձել 15 մարտական մեդալներով:
Մ.Միքայելյանը պատերազմից հետո իրեն վերագտել է բեմարվեստում` դերասանական մկրտություն ստանալով Բաքվի հայկական պետական թատրոնում: 1949թ. փակվել է Բաքվի թատրոնը և նա տեղափոխվել է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ էլ դարձել է ռեալիստական-հոգեբանական խաղարվեստի ավանդույթների լավագույն կրողներից մեկն այդ բեմում:
Լինելով կատակերգական ձիրքի դերասան` Միքայելյանը աչքի է ընկել վստահ ու թեթև խաղով, հումորի ու ռիթմի սուր զգացողությամբ, հավաստիությամբ ու բնականությամբ: Նրան հատուկ էր կերպարի հստակ մշակումը, ցայտուն դիմախաղն ու խարակտերային շեշտված խոսքը:
Մ.Միքայելյանի լավագույն դերակատարումներից են. Կնյազ (Ժ.Անանյան` «Սերը ճամպրուկի մեջ»), Կակուլի (Գ.Սունդուկյան` «Պեպո»), Ֆերեկիս (Դ. Պսաֆաս` «Պահանջվում է ստախոս»), Ջիմի (Ս. Մեյո, Ս. Էնեկեն` «Ստախոս կինը»), Մարգար, Տարոն (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել», «Գնա մեռիր, արի սիրեմ»), Պերչիխին (Մ. Գորկի` «Քաղքենիներ»), Յուսով (Ա. Օստրովսկի` «Եկամտավոր պաշտոն»), Իսայի (Գ. Սունդուկյան` «Խաթաբալա»), Լուկաշին (Է. Բրագինսկի, Է. Ռյազանով` «Բաղնիքդ անուշ») և այլն:
Մ.Միքայելյանը մարզային ռադիոյի ամենամսյա «Մախաթ» երգիծական հաղորդումների անփոխարինելի Մախաթն է եղել 25 տարուց ավելի:
Մահացել է 2002թ. նոյեմբերի 30-ին Ստեփանակերտում:
ԱՍԱՏՐՅԱՆ ՆՎԱՐԴ ՂԱԶԱՐԻ
(25.05.1925-14.11.2011)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1973թ.), ժողովրդական արտիստ (1979թ.), Հայկական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1978թ.), պարգևատրվել է ՀԹԳՄ Ոսկե մեդալով (2010թ.):
Ծնվել է 1925թ. մայիսի 25-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շահբուզի (Շահապունքի) շրջանի Գոմեր գյուղում:
1944թ. ավարտել է Բաքվի թատերական ուսումնարանը, այնուհետև մասնագիտական կրթությունը շարունակել է Բաքվի Լևոն Երամյանի անվան հայկական պետական թատրոնին կից դրամատիկական ստուդիայում (1944-1947թթ.), միաժամանակ աշխատել է նույն թատրոնում որպես սկսնակ դերասանուհի: 1949թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ փակվել է Բաքվի հայկական թատրոնը և դերասանուհին տեղափոխվել է Ստեփանակերտի Մ. Գորկու անվան (այժմ` Վ. Փափազյանի անվան) պետական դրամատիկական թատրոն:
Նվարդ Ասատրյանը երիտասարդ տարիներին անձնավորել է հիմնականում սուբրետ դերեր, այնուհետև շնորհալի դերասանուհին կերպարանավորել է բազում դրամատիկական, կատակերգական և բնութագրական հերոսներ: Նրա լավագույն դերակատարումներից են. Ռոզալիա, Ջավահիր (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար», «Չար ոգի»), Նատո (Գ. Սունդուկյան` «Էլի մեկ զոհ»), Նանար (Ա. Արաքսմանյան` «Վարդեր և արյուն»), Գեղանուշ, Անյա (Գ. Տեր-Գրիգորյան` «Վերջին մեխակներ», «Ախ, ներվեր, ներվեր»), Ռոզ (Ժ. Անանյան` «Տաքսի, տաքսի»), Վիկտորյա, Սոֆիկ (Ա. Պապայան` «Աշխարհն, այո՛, շուռ է եկել», «Գնա մեռիր, արի սիրեմ»), Արուս տատ (Հ. Մաթևոսյան` «Աշնան արև»), Նաստյա (Մ. Գորկի` «Հատակում»), Լիդոչկա (Սուխովո — Կոբըլին` «Դատական գործ»), Պոլինա (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ») և այլն:
Ն. Ասատրյանը մահացել է 2011թ. նոյեմբերի 14-ին Ստեփանակերտում:
ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺՈՐԱ ՄԱՄԲՐԵԻ
(17.03.1926-13.03.2007)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1979թ.), ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004թ.):
Ծնվել է 1926թ. մարտի 17-ին Հայաստանի Աշտարակ քաղաքում: Դեռևս աշակերտական տարիներին գայթակղվում է թատերարվեստով և միջնակարգն ավարտելուց` 1943թ. ընդունվում է Աշտարակի շրջանային թատրոն` որպես սկսնակ դերասան: Բեմական գեղեցիկ արտաքինով, դերասանական շնորհքով և ձայնով օժտված պատանուն անմիջապես վստահում են Աշոտ Երկաթի դերը Ե.Բահաթուրի «Սմբատ Բագրատունի» դրամայում: Առաջին հաջողությանը հետևում են մի շարք նշանակալից դերեր:
1950թ. փակվում է Աշտարակի թատրոնը: 1956թ. Մովսիսյանը տեղափոխվում է Գորիսի Վ.Վաղարշյանի անվան պետական թատրոն, որտեղ էլ ձևավորվում է նրա ստեղծագործական նկարագիրը` հաջողությամբ կերտում է Սոս (Պ.Պռոշյան`«Սոս և Վարդիթեր»), Արթուր (Է.Վոյնիչ` «Բոռ»), Կակուլի (Գ. Սունդուկյան` «Պեպո»), Թափառնիկոս (Հ. Պարոնյան` «Ատամնաբույժն արևելյան»), Տոնինո և Ջանետտո (Կ. Գոլդոնի` «Վենետիկյան երկվորյակներ») և այլն:
1962թ. Ժ. Մովսիսյանը հրավիրվում է աշխատելու Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոնում, որին էլ անմնացորդ ծառայում է մինչև կյանքի վերջը: Ստեփանակերտի թատրոնում նա ձեռք է բերում դերասանական վարպետություն, հատկապես հաջողում են բնութագրական և կատակերգական դերերը: Նրա խաղը դառնում է ինքնատիպ` յուրակերպ խաղաձևերով:
Ժ. Մովսիսյանին լայն ճանաչում են բերում նրա անձնավորած Գվիդոնը (Ժ. Հարությունյան` «Սրտի արատ»), Փիլոյանը (Ժ. Անանյան` «Սերը ճամպրուկի մեջ»), Նապոլեոնը (Ա.Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել»), Կոսյակը (Մ. Զարուդնի` «Ծիածան»), Չոբան Չատին, Վիտիս բեկը (Վ. Օվյան` «Մեծ լոռեցին»,«Պըլը-Պուղի»), Սիմոնը (Հ. Մաթևոսյան` «Աշնան արև»), Կոտրյանցը (Ա. Ցագարելի` «Խանումի արարքները»):
Ժ. Մովսիսյանը նկարահանվել է նաև «Հայֆիլմ» կինոստուդիայի «Օտար խաղեր» և «Մենավոր ընկուզենի» ֆիլմերում:
Մահացել է 2007թ. մարտի 13-ին Ստեփանակերտում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ
(06.06.1930 – 09.05.2008)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1973թ.), ԼՂՀ ժողովրդական արտիստ (2004թ.), ԼՂՀ կառավարության Եղիշեի անվան մրցանակի դափնեկիր (2003թ.), ԼՂՀ կրթության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ճանաչվել է տարվա լավագույն դերասան (2006թ.):
Ծնվել է 1930թ. հունիսի 6-ին ԼՂՀ Ասկերանի շրջանի Դաշբուլաղ (այժմ` Աստղաշեն) գյուղում: Միջնակարգ կրթությունը ստացել է Ստեփանակերտում: Բեմարվեստի նկատմամբ ունեցած սերը 1947թ. նրան բերել է Ստեփանակերտի պետական դրամատիկական թատրոն:
Դերասանական շնորհք, բարետես արտաքին, սլացիկ, աթլետիկ կազմվածք, հմայիչ դեմք, հաճելի դրամատիկ ձայն ու անսահման նվիրվածություն բեմարվեստին` ահա այն նախադրյալները, որ նրան դարձրին սիրված ու ճանաչված արտիստ:
Ստեղծագործական կյանքի առաջին շրջանում Մ. Հարությունյանը դարձավ թատրոնի քնարական — դրամատիկական հերոսների լավագույն կատարողներից մեկը: Ուշագրավ էին նրա Սեյրանը, Մուրադը (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի»), Ներսեհը (Մուրացան` «Ռուզան»), Մասիսյանցը (Գ. Սունդուկյան` «Խաթաբալա»), Վարազդատը (Լ. Միքայելյան` «Վարազդատ»):
Մ. Հարությունյանի ստեղծագործական կյանքի երկրորդ շրջանին հատուկ դարձավ հոգեբանական ճշգրիտ խաղը: Նրա դերացանկում ավելացան բազմաբնույթ խաղաոճերի կերպարներ` դրամատիկական, բնութագրական, ողբերգական, նույնիսկ` կատակերգական և զավեշտական: Նրա խաղը կենդանի գույն ու երանգ ստացավ, իսկ կերպարները դարձան լիարժեք ու ավարտուն:
Մ. Հարությունյանի լավագույն դերակատարումներից են. Ջանետո և Տոնինո (Կ. Գոլդոնի` «Վենետիկյան երկվորյակներ»), Բագրատ, Էլիզբարյան, Գիժ Դանիել, Ժորժ (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար», «Չար ոգի», «Մորգանի խնամին»), Մուրով (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Պրեզիդենտ (Ֆ. Շիլլեր` «Սեր և խարդավանք»), Պոլիքսենես (Վ. Շեքսպիր` «Ձմեռային հեքիաթ»), Վասկա Պեպել (Մ. Գորկի` «Հատակում»), Սերոժ (Վ. Հակոբյան` «Արցախյան բալլադ»), Կրփո (Ա. Բարսեղյան` «Ծաղկասար») և այլն:
Մ. Հարությունյանը նկարահանվել է նաև կինոյում. Վարդան` Ա. Հայ -Արտյանի «Հյուսիսային ծիածան» և Միլիցիոներ` Գ. Վարդանյանի «Ճակատագիր» ֆիլմերում:
Մահացել է 2008թ. մայիսի 9-ին Ստեփանակերտում:
ՂԱԶՈՒՄՅԱՆ ԱՐՈՒՍ ԳՈՒՐԳԵՆԻ
(08.03.1909-25.11.1970)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1954թ.):
Ծնվել է 1909թ. մարտի 8-ին Ղազախի գավառի Քարվանսարա գյուղում (այժմ` ՀՀ Տավուշի մարզ): 1926թ. մեկնել է Երևան, դերասանական առաջին քայլերը կատարել է լուսավորության աշխատողների ակումբում, այնուհետև` Ամո Խարազյանի շրջիկ պետական թատրոնում:
1929թ. նա արդեն Երևանի Առաջին պետական (այժմ` Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական) թատրոնին կից գործող դերասանական ստուդիայի սան էր և նույն թատրոնի սկսնակ դերասանուհի: Առաջին նշանակալից դերը չինացի տղայի դերն էր Ա. Գուլակյանի «Մռնչա՛, Չինաստան» բեմադրության մեջ:
1930թ. Ա. Ղազումյանը նորից տեղափոխվում է Ամո Խարազյանի պետական շրջիկ թատրոն, որտեղ նրան վստահում են գլխավոր և պատասխանատու դերեր: 1933թ. շրջիկ թատրոնը հյուրախաղերով այցելում է Ղարաբաղ, դերասանուհուն հրավիրում են աշխատելու Ստեփանակերտի նորաստեղծ պետական հայկական դրամատիկական թատրոնում: Նա ընդունում է հրավերը, դառնում թատրոնի հիմնադիր կազմի առաջատար դերասանուհիներից մեկը և ծառայում այդ բեմին մինչև կյանքի վերջը:
Արուս Ղազումյանի լավագույն դերակատարումներից են. Կրուչինինա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Ջեմմա (Է. Վոյնիչ` «Բոռ»), Խլիջա (Ս. Բաղդասարյան` «Արյունոտ անապատ»), Լուիզա (Ֆ. Շիլլեր` «Սեր և խարդավանք»), Անույշ (Հ. Պարոնյան` «Պաղտասար աղբար»), Լիդիա (Ա. Կորնեյչուկ` «Պլատոն Կրեչետ»), Տատիկ (Ա. Կրոնին` «Բրոուդիի ամրոցը»), Վալյա (Կ. Սիմոնով` «Ռուս մարդիկ»), Նատաշա (Ալ. Շիրվանզադե` «Մորգանի խնամին»), Շուշան (Գ. Սունդուկյան` «Պեպո»), Զվարթ (Ա. Բարսեղյան` «Ծաղկասար»), Նուբար (Ա. Պապայան` «Աշխարհն, այո, շուռ է եկել») և այլն:
Ա. Ղազումյանը մահացել է 1970թ. նոյեմբերի 25-ին Ստեփանակերտում:
ՍԱՐԳԻՍԲԵԿՅԱՆ ՕՎՍԱՆՆԱ ՍՄԲԱՏԻ
(10.08.1897-30.04.1986)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ(1957թ.):
Ծնվել է 1897թ. օգոստոսի 10-ին Շամախի քաղաքում: 1918թ.ընդունվել է Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի` ռեժիսոր Պետիպայի ղեկավարությամբ գործող ռուսական թատրոնը:Ապա Շահենի (Հմայակ Շահինյան) ագիտթատրոնի կազմում շրջել է Հյուսիսային Կովկասի քաղաքներով: 1925թ. տեղափոխվել է Բաքվի Հայ դրամա:Որոշ ընդմիջումներով աշխատել է նաև Տաշքենդի Ս. Շահումյանի անվան և Սուխումի հայկական թատրոններում:
1930թ. դարձել է Բաքվի կոլխոզային շրջիկ թատրոնի կազմակերպիչներից մեկը և ելույթներ ունեցել հանրապետության հայաբնակ գյուղերում: 1936թ. դերասանուհին իր ստեղծագործական կյանքը կապել է Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնի հետ և մինչև կյանքի վերջ ծառայել նրա բեմին:
Օ. Սարգիսբեկյանը բազմապլան դերասանուհի էր` սուբրետ, դրամատիկական, կատակերգական:Նրա լավագույն դերակատարումներից են. Մայրապետ (Ա.Սիրունյան` «Ախթամար»), Գերտրուդ (Վ. Շեքսպիր` «Համլետ»), Լեդի Միլֆորդ (Ֆ.Շիլլեր` «Սեր և խարդավանք »), Աստինե թագուհի (Լ. Միքայելյան` «Վարազդատ»), Պայծառ (Ն. Զարյան` «Աղբյուրի մոտ»), Գալչիխա (Ա.Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Ռոզալիա (Ալ.Շիրվանզադե` «Պատվի համար»), Էրնա Կուրց (Լ.Շեյնին և Տուր եղբայրներ` «Առանձնատունը նրբանցքում»):
Դերասանուհու մեծահարուստ խաղացանկում առանձնացել են մայրերի դերակատարումները` Աննա (Ա.Գուլակյան` «Արշալույսին»), Վասպուրականի տիկին (Րաֆֆի` «Սամվել») և այլն: Նա անփոխարինելի էր կենցաղային և բնութագրական դերերում. Սանամ, Զարնիշան (Ալ. Շիրվանզադե` «Նամուս», «Չար ոգի»):
Օ.Սարգիսբեկյանը մահացել է 1986թ. ապրիլի 30-ին Բաքվում:
ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՌԱՖԱՅԵԼ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ
(22.08.1919-18.04.1972)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1962թ.): Ծնվել է Շուշի քաղաքում: 1920թ. ընտանիքը` հայկական ջարդերից մազապուրծ, հեռացել է ծննդավայրից և հաստատվել Բաքվում, որտեղ Ռ. Հարությունյանը ավարտել է թիվ 4 օրինակելի դպրոցը, ապա Բաքվի թատերական ուսումնարանի դերասանական բաժինը: 1936թ. աշխատել է Բաքվի հայկական պետական թատրոնում, իսկ 1949թ. մինչև կյանքի վերջը` Ստեփանակերտի Մ. Գորկու (այժմ` Վ. Փափազյանի) անվան պետական դրամատիկական թատրոնում:
Ռ. Հարությունյանը կերտել է դրամատիկական-հերոսական, ողբերգական, ինչպես նաև կատակերգական կերպարներ: Ուներ բեմական վեհաշուք արտաքին ու կեցվածք, թավ ձայն, անշտապ և քիչ էլ պաթետիկ խոսվածք, որ ինքնին թելադրում էր ուժեղ, կամային վճռական ու համարձակ կերպարների անձնավորում:
Նրա լավագույն դերակատարումներից են. Անդրեաս Էլիզբարով, Բարխուդար (Ալ. Շիրվանզադե` «Պատվի համար», «Նամուս»), Մուշեղ Մամիկոնյան (Րաֆֆի` «Սամվել»), Պեպո, Զամբախով (Գ. Սունդուկյան` «Պեպո», «Խաթաբալա»), Խմբապետ Վռամ, Բագրատ Տոնյան (Գ. Բորյան` «Նույն հարկի տակ», «Կամուրջի վրա»), Չերնոգուբով (Ա. Շտեյն` «Անձնական գործ»), Բուրա Նուին (Մուրացան` «Ռուզան»), Մուրով (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Սատին (Մ. Գորկի` «Հատակում»), Միլան (Մ. Միտրովիչ` «Կողոպուտ կեսգիշերին»), Ջեմս Բրոուդի (Ա. Կրոնին` «Բրոուդիի ամրոցը»):
Ռ. Հարությունյանը մահացել է 1972թ. ապրիլի 18-ին Ստեփանակերտում:
ՀԱՄԶՈՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԱՐՇԱԿԻ
(10.09.1915-28.04.1981)
Ադրբեջանական ԽՍՀ վաստակավոր արտիստ (1974թ.):
Ծնվել է 1915թ. սեպտեմբերի 10-ին ԼՂԻՄ Մարտունու շրջանի Խերխան գյուղում: Սկզբնական կրթությունը ստացել է տեղի դպրոցում, ապա ավարտել է Շուշիի բանֆակը, որտեղ էլ մասնակցելով թատերական խմբակի աշխատանքներին, հրապուրվել է բեմարվեստով և որոշել դերասան դառնալ: Այդ նպատակով մեկնել է Բաքու և ընդունվել թատերական ուսումնարան, միաժամանակ որպես սկսնակ դերասան մասնակցել է Հայկական պետական թատրոնի ներկայացումներին:
1939թ. ավարտելով ուսումնարանը, աշխատանքի է անցել Շուշիի նորաստեղծ Կոլխոզ-սովխոզային պետական թատրոնում: Սակայն շուտով վրա է հասնում Մեծ հայրենականը և Ս.Համզոյանը առաջին իսկ օրերին մեկնում է ռազմաճակատ: 1942թ. Մոսկվայի տակ մղված մարտերից մեկում վիրավորվում է և զորացրվում: Նա նորից բեմ է վերադառնում, այս անգամ արդեն Ստեփանակերտի դրամատիկական թատրոնում, ուր և աշխատում է մինչև կյանքի վերջը: Համզոյանն այստեղ հասունանում է ու վարպետանում բեմարվեստում, ճանաչվում որպես կոմիկական դերերի անզուգական կատարող: Նա անձնավորել է 150-ից ավելի ժողովրդական հումորով շաղախված հյութեղ կերպարներ, կերտել է նաև հոգեբանական խորք ունեցող դրամատիկ դերեր:
Ս.Համզոյանի լավագույն դերակատարումներից են. Փայլակ (Հ.Պարոնյան` «Պաղտասար աղբար»), Զուռնա Խաչի (Ի.Ալավերդյան, Բ. Ուլուբաբյան` «Հողի լեզուն»), Շմո (Ա.Բարսեղյան` «Ծաղկասար»), Գիքո (Գ. Սունդուկյան` «Պեպո»), Շմագա (Ա. Օստրովսկի` «Անմեղ մեղավորներ»), Ոսկան, Ծիպլի Ծատուր (Ալ. Շիրվանզադե` «Չար ոգի», «Նամուս»), Լու-Գույ (Ցաո-Յու` «Թայֆուն»), Մելիք Մուսի (Ս. Խանզադյան` «Մխիթար Սպարապետ»), Վրասիդաս (Դ. Պսաֆաս` «Պահանջվում է ստախոս»), Ղազար (Ժ.Հարությունյան` «Գլխի գինն է հիսուն միլիոն»):
Ս.Համզոյանը, դերասանությանը զուգընթաց, ձեռք է զարկել տարբեր աշխատանքների` թատերախմբի ղեկավար, ռեժիսորի օգնական, ադմինիստրատոր, ինչպես նաև մարզի տարբեր ձեռնարկություններում և գյուղերում կազմակերպել է թատերական խմբակներ և բեմադրություններ հեղինակել: Նա միաժամանակ մարզային և հանրապետական պարբերականներում ակտիվորեն լուսաբանել է թատերական կյանքը որպես լրագրող:
Ս.Համզոյանը մարզային ռադիոյի ամենամսյա «Մախաթ» երգիծական հաղորդումների անփոխարինելի Լեղունցն է եղել 25 տարուց ավելի: Նա բազմիցս պարգևատրվել է մեդալներով և պատվոգրերով:
Մահացել է 1981թ. ապրիլի 28-ին Ստեփանակերտում: