Սամվել ԽԱԼԱԹՅԱՆ / ԻՆՉՊԵՍ ՓՐԿԵՑԻՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏԻՎԸ ԿԱՄ ՏԱՂԱՆԴԱՎՈՐ ՈՒՇԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ
1968 թվականն էր: Դպրոցն ավարտելուց հետո երազում էի դերասան դառնալ, աշխատում էի Կիրովականի (այժմ՝ Վանաձոր) Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ սիրող-դերասան: «Պեպոյում» ծառայի դեր ունեի, «Աշոտ Երկաթում»՝ զինվորի, ու թվում էր՝ մոտ է այն օրը, երբ ինձ լուրջ դեր կվստահեն ու ե՜ս… Վստահեցին՝ հունգարացի դրամատուրգ Պիտեր Մյուլլերի «Մի բուռ մանրուք» դրամայում Միշիի դերը: Երեք նախադասություն էի արտասանում և դա ինձ համար արդեն ստեղծագործական մեծ նվաճում էր:
Բեմադրիչը 29-ամյա Մայիս Ռաֆայելյանն էր, այսօր՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսոր, ով այն ժամանակ, և մինչև հիմա էլ, իր կրտսեր ընկերների նկատմամբ երբեք գերապատվություն չցուցաբերեց:
Բեմադրական փորձերի ժամանակ Մայիսկոն (նրան շատերն են այդպես կոչում) տարերքոտ ժամեր էր ապրում: Նա վարակիչ ոգևորությամբ վերլուծում էր հոգեբանական յուրաքանչյուր վիճակ, միզանսցենները կառուցում պատճառաբանված, հուզական հատվածներն աչքի էին ընկնում չափավոր արտիստիկ, բայց ներքին հզոր էներգիա պարունակող ու արտածող տեսարաններով: Գլխավոր դերերում էին ՀԽՍՀ վաստակավոր արտիստներ Անժիկ Էհրամջյանը, Մարգարիտ Տիրոսյանը, դերասաններ Հենրիկ Մկրտչյանը, Մնացական Հակոբյանը: Ստեղծագործական խումբը մեծ ոգևորությամբ էր աշխատում, և արդեն կանխատեսելի էր, որ թատրոնն, ի դեմս «Մի բուռ մանրուքի», ունենալու է նոր, բարձրարվեստ ներկայացում:
Շուտով բեմադրության պրեմիերան էր, և առավոտից մինչև ուշ երեկո փորձերի էինք: Եվ հանկարծ, ինչպես ասում են, կապույտ երկնքում կայծակ պայթեց: Լուր ստացանք, որ պիեսի հեղինակ Պիտեր Մյուլլերը միացել է արվեստագետների, գիտնականների այն խմբին, ովքեր բաց նամակ են հրապարակել ի պաշտպանություն ԽՍՀՄ-ում մարդու իրավունքների պաշտպանության շարժման առաջնորդներից մեկի՝ մեծանուն գիտնական Անդրեյ Սախարովի, ում նկատմամբ խորհրդային իշխանություններն արդեն հալածանքներ էին սկսել:
Բոլորիս համար պարզ էր, որ հունգարացի առաջադեմ դրամատուրգի ստեղծագործություններն այլևս կարգելվեն ԽՍՀՄ-ում: Մեր տքնանքն ու չարչարանքը ջուրն էր լցվում, և դերասանների, բեմադրիչի հոգեբանական վհատությունն այնքան խորն էր, որ առաջիկա ամիսներին դժվար թե կարողանային ստեղծագործական բարձր հոգեվիճակ ապահովել:
Այնուամենայնիվ, թատրոնի գլխավոր ռեժիսոր, արվեստի վաստակավոր գործիչ Սոկրատ Աքմաքչյանի հետ առանձնազրույցից հետո Մայիս Ռաֆայելյանը խիզախեց ու որոշեց շարունակել փորձերը:
Փայլուն պրեմիերա եղավ, որին հաջորդեցին լեփ-լեցուն դահլիճներով ներկայացումները: Իհարկե, շշուկներ կային, որ հունգարացի հեղինակի գործերի բեմադրութուններն արգելվել են, սակայն այդ խոսակցություններից մենք այնպես էինք խուսափում, ինչպես՝ ժանտախտից: Ձևացնում էինք, իբր՝ չգիտենք, թե քաղաքական ինչ իրադարձություններ են տեղի ունեցել: Հասկանում էինք, իհարկե, որ մախաթը պարկում երկար չենք կարող թաքցնել, և այդպես էլ եղավ՝ «Ինքնագործունեությանը վե՛րջ տվեք»: Ներկայացումն արգելվեց:
Ու մի օր էլ, որպես շատ սպասված ու անձկալի ավետիս, լուր տարածվեց. Հունգարիայից պատվիրակություն է ժամանել Երևան, իսկ «վերևներում» խիստ անհանգստացած են, որ հայ-հունգարական մշակութային որևէ կամուրջ, միջոցառում, որևէ առնչություն չունենք: Դա որակվել էր որպես խայտառակություն, սակայն, որտեղից-որտեղ, տեղեկացել էին, որ Կիրովականի պետթատրոնում հունգարացի դրամատուրգի գործ կա բեմադրված:
— Հայաստանի պատիվը փրկված է,- Գլխավորին զեկուցել էին կուլտուրայի մինիստրությունից,- Հունգարիայի պատվիրակությունը կհյուրընկալվի հանրապետության երրորդ քաղաքում, կդիտեն իրենց հայրենակցի պիեսի բեմադրությունը:
Այդ լուրը մեծ ոգևորությամբ ընդունվեց մեր թատրոնում: Ու թեև «Մի բուռ մանրուքը» մի քանի անգամ ներկայացվել էր հանդիսատեսին, Մայիս Ռաֆայելյանը հարկ համարեց դարձյալ փորձ անցկացնել, որպեսզի բեմադրությունը անթերի ներկայացվի հունգարացիներին:
Եկավ սպասված օրն ու ժամը: Դահլիճը լեփ-լեցուն է: Հունգարիայի պատվիրակությունը, բարձրաստիճան ղեկավարների ուղեկցությամբ, տեղ է զբաղեցնում պատվավոր հանդիսատեսի համար նախատեսված աթոռներին՝ ամֆիթատրոնի 11-րդ շարքում:
Թատերախմբի ստեղծագործական հուզումն ու պատրաստության աստիճանն ավելին է, քան երբևէ լինում է պրեմիերաների ժամանակ:
Երրորդ զանգից հետո սահուն բացվում է վարագույրը: Ներկայացումն սկսված է: Մայիս Ռաֆայելյանը, իր սովորության համաձայն, կուլիսից, կարծես՝ նվագախմբի դիրիժոր, «խոսում է» յուրաքանչյուր դերակատարի հետ ու պես…
Մոտենում է առաջին գործողության ավարտը: Հերոսուհին՝ Էվան, լքված է սիրած տղամարդուց: Նրա հրաժեշտի հայացքը մի կերպ կտրվում է ճանապարհից, դեմքով շրջվում է դեպի դահլիճն ու գլխաշորն արձակած, անփարատելի վշտով, ոչինչ չտեսնող-չնկատող հայացքով, «Ավե Մարիայի» հնչյունների ներքո, տարտամ քայլերով գալիս է բեմառաջ: Կուլիսից խաղին հետևողներս գիտենք, որ նա հիմա գլխահակ կանգ կառնի և վարագույրը կսկսի փակվել… Սակայն ինչ-որ բան կարծես այն չէ: Էհրամջյան-Էվան շարունակում է առաջանալ, նա անտերունչ արտասվում է, վշտից ցնորված կնոջ կրծքից, որպես մի թառանչ, հնչում է երգը, նա ձայնակցում երաժշտությանը՝ Ավե Մարիա՜… Հուսահատ, լքված կինը, հայացքը հառած երկնքին, երգաձայն աղոթում է ու բեկ-բեկ քայլերով, օրորվելով՝ առաջանում… Բայց մինչև ո՞ւր, ևս երկու քայլ՝ բեմեզրն է… Մայիսկոն, ընկալելով իրավիճակը, սևեռվեց բեմին՝ փորձեց ուշքի բերել աֆեկտի մեջ հայտնված դերասանուհուն.
— Անժի՛կ… Անժի՛կ, տեսարանն ավարտված է: Կա՛նգ առ, քարացի՛ր, վարագույր է տրվում…
Սակայն Անժիկ-Էվան անկարող էր որևէ հրահանգ լսել: Էլի մեկ քայլ, և նա օրորվեց ու տապալվեց բեմին… Դահլիճը թնդաց ծափերից: «Վարագույր տվե՜ք»,- ճչաց ինչ-որ մեկը…
…Ընդմիջմանը հյուրերը բարձրացան գլխավոր ռեժիսորի աշխատասենյակ՝ սուրճ խմելու: Նրանք քիչ առաջվա տեսարանի տպավորության տակ էին և, հուզախառն, շնորհավորանքի ջերմ խոսքեր ուղղեցին Մայիս Ռաֆայելյանին:
— Կարո՞ղ ենք այցելել դերասանուհուն,- հարցրեց հունգարացիներից մեկը:
— Գիտեք,- ծամծմեց Մայիս Ռաֆայելյանը,- ցանկալի է՝ ներկայացման ավարտից հետո:
— Նա չի՞ ցանկանա մեզ հիմա ընդունել,- հարցրեց մյուսը:
— Կցանկանա… բանն այն է, որ դերասանուհին նոր է սթափվել ուշագնացությունից… նրա մոտ բժիշկ կա …
Այդ օրը, երբ ներկայացումն ավարտվեց և դերասանական խմբով, հանդիսատեսի երկար ծափողջյունների ներքո մի քանի անգամ խոնարհման առաջացանք և երբ հայացքներս հառեցինք կուլիս՝ բեմ հրավիրելու բեմադրիչ Մայիս Ռաֆայելյանին, տեսանք, որ նա նստած է հուշարարի աթոռին, իսկ տիկին Վարդը սրվակից ջրի բաժակի մեջ լցվող վալերիանայի կաթիլներն է հաշվում…
Լուսանկարում. պատշգամբում՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ Անժիկ Էհրամջյանը, ներքևում, ձախից, նրա ամուսինը՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստ, դրամատուրգ Գևորգ Գևորգյանը, դերասան Սամվել Զալինյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Լենա Փաշինյանը և ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ Ազիզյանը՝ Գ. Գևորգյանի «Կապույտ ձիավորը» ներկայացման մեջ: