Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ / Հուշապատում ԳՈՅ-ականցիներից

Հուշապատում ԳՈՅականցիներից

Հիշողությունը, ինչպես գիտելիքը, քեզանից գողանալ չեն կարող: Մշակույթի ոլորտի մարդկանց  հուշերը հետաքրքիր ու տարբերվող են այնպեսինչպես իրենց կյանքը: Եվ կարելի է անվերջ լսել ու չձանձրանալ այն պատմություններից, որ պատմում են «Գոյ» թատրոնի դերասանները, որոնցից անբաժան է երջանկահիշատակ Արմեն ՄԱԶՄԱՆՅԱՆԸ՝ Մազը:

 

 

«Գոյ» թատրոնի ավագ սերնդի դերասանուհի Մարինե Պետրոսյանը պատմում  է. «Մի օր մինչև հասա թատրոն` վատացա, շտապ օգնություն կանչեցին, եկան և ինձ տարան հիվանդանոց: Այդ օրը մնացի հիվանդանոցում, հաջորդ օրը Արմեն Մազմանյանը եկավ, հարցրեց իմ որպիսությունը և ցանկացավ ծանոթանալ բժշկիս հետ: Միասին մտանք բժշկիս սենյակ, բարևեցին«, ծանոթացան, ասաց. «Ես Մարինե Պետրոսյանի ռեժիսորն եմ` Արմեն Մազմանյանը, ինչպե՞ս է Մառայի վիճակը»: Բժիշկն ասաց. «Դեռ հետազոտում ենք, պարզ չէ»: Մազմանյանն էլ ասաց, որ գիտի, թե ինչից եմ վատացել , բժիշկս էլ զարմացած նայում էր իրեն: Հետո Մազմանյանը ավելացրեց, որ բժիշկների ընտանիքից է, հայրը Աղասի Մազմանյանն է, ու քչից-շատից ինքն էլ հասկանում է բժշկությունից: Իմ բժիշկն էլ հակադարձեց Մազմանյանին՝ հարցնելով, թե ինչից եմ ես վատացել: Մազն էլ ասաց. «Գիտեք, Մառան տաղանդավոր դերասանուհի է և պետք է միշտ խաղա, ու այդ պատճառով եկել եմ Ձեզ ասելու, որ թույլ տաք իրեն՝ գա թատրոն»: Բժիշկը վերցրեց թուղթ ու գրիչը, փորձեց ճշտել  ներկայացման օրը, որպեսզի գրանցի: Մազմանյանն էլ ավելացրեց, որ դա մեկ օր չէ, այլ ամեն օր, քանի որ առանց Մառայի մի օր աշխատել չեմ կարող։ Ու տիրեց դադար… Իհարկե, բժիշկս ասաց, որ առավոտները ես տարբեր պրոցեդուրաներ պետք է անցնեմ, Մազմանյանն էլ հստակեցրեց այդ ամենի ժամը` 16:00, դրանից հետո պետք է լինեմ թատրոնում: Այսպես 14 օր հիվանդանոցից գնում էի թատրոն` փորձերի ու ներկայացումների, և բժիշկները, հիվանդները ամեն օր հետաքրքրվում էին թատրոնի կյանքով»:

 

Տաղանդաշատ դերասան Սամվել Թոփալյանը  զավեշտալի պատմություն հիշեց իրենց հյուրախաղերից. «2007 թվականին «Գոյ» թատրոնով գնացել էինք Կահիրե, որտեղ թատերաական փառատոնի էինք մասնակցելու: Բեմի դեկորացիան հավաքեցինք, տեղադրեցինք, որ սկսենք փորձը: Նկատեցինք, որ դեկորացիան շարժվում է, փորձեցինք ամրացնել: Մեզ հետ պետքական ամեն ինչ վերցրել էինք՝ բացի մուրճից: Արաբ բանվորներին խնդրեցինք մուրճ բերել, բայց նրանք չէին հասկանում, թե ինչ ենք ուզում: Փորձեցինք բացատրել` 5 րոպե, 10 րոպե, արդեն կես ժամ, բայց, միևնույն է, չէին հասկանում: Թատերախմբում ով ինչ լեզու գիտեր, գործի էր դրել՝ ռուսերեն, ֆրանսերեն, անգլերեն… չէին հասկանում, պարզապես ժպտում էին: Արդեն հուսալքված ու շոգից քրտնած շրջվեցինք, մեկս մյուսին հարցնում ենք. «Ախր ինչպե՞ս բացատրենք, որ չագուճ ենք ուզում»: Բանվորներից մեկը կտրուկ նայեց մեզ ու ասաց. «Ա՜, չագուճ» և ուրախ-ուրախ գնաց բերելու: Ապշած իրար նայեցինք, որ մոտ մեկ ժամ էր՝ ջանք չէինք խնայել բացատրելու «չագուճ» բառը, որը, պարզվեց, արաբերեն էր»:

 

Արմեն Մազմանյանի սաները վերհիշել էին ծիծաղելի և սյուր մի պատմություն. «Մենք պատրաստ էինք Մազմանյանին սպասել մի ամբողջ հավերժություն, իսկ իրեն ճանաչողները գիտեին, որ ուշանալ սիրում էր: Եվ մեր տղաներից մեկը փորձել էր չորս տարիների կտրվածքով հաշվել, թե ինչքան էինք սպասել Մազմանյանին. պարզվեց՝ մեկ ամսից ավելի: Մի օր առավոտյան, 09:00–ին սպասում էինք, որ պետք է գա, քանի որ դերասանի վարպետության դասաժամն էր: Սպասում էինք, իսկ ինքը չկար, ժամը արդեն 12:00-ն էր՝ դեռ չկար: Որոշեցինք զանգել, քանի որ հաջորդը պարի դասաժամն էր: Զանգեցինք, հարցրինք՝ կարո՞ղ ենք գնալ պարի դասաժամին, ասաց. «Չէ, ոչ մի տեղ մի գնացեք, նոր եմ արթնացել, բալեք, հեսա կգամ»: Անցավ ևս երկու ժամ, կրկին կապվեցինք իր հետ, ասաց. «Տաքսի եմ սպասում, մոտենա՝ արագ գամ»: Մի քանի ժամ անց նորից զանգում ենք, իսկ նա պատասխանում է. «Ես արդեն ինստիտուտում եմ, մի քիչ գործեր են բացվել, հասկանամ ինչ է ու կգամ»: Երեկոյան 21:00-ն էր, նորից զանգում ենք. «Երեխեք ջան, ես միջանցքում եմ, հեսա կգամ»:  Արդեն բավականին ուշ էր, Արմեն Մազմանյանը դեռ չէր եկել, և մեր համակուրսեցին, ով զանգում էր, ցանկացավ կրկին զանգել, մենք էլ կատակով ասացինք. «Էլ մի զանգիր, թե չէ այս անգամ էլ Մազմանյանը կասի, թե ինքը վաղուց արդեն լսարանում է ու մենք ամոթով կմնանք (ծիծաղում են)»: Եվ հենց այդ պահին էլ Մազմանյանը դուռը բացում է, մտնում լսարան, և քանի որ հաջորդ օրը քննություն պետք է հանձնեինք, ամբողջ գիշեր մնացինք և պատրաստվեցինք քննությանը»:

 

Գոյ թատրոնի դերասանուհի Էլիզա Մանթաշյանը  արտասովոր դեպք պատմեց «Օտարը» (Ալբեր Կամյու)  ներկայացման պրեմիերայից:

«Այդ  օրը արթնացել էի արևածագից էլ վաղ: Ժամերը չէին անցնում, որ հնարավորինս շուտ հասնեի «Գոյ» թատրոն: Ամբողջ օրն անգամ ուտելու կամ սուրճի մասին չէի մտածել, այնքան տարված էի այդ օրվա երեկոյան կարևորագույն ժամի սպասումով, ժամ, որն ինձ կտաներ տապալման կամ հակառակը: Վերջապես հասա թատրոն, տեսա խաղընկերներիս, գրկեցի  ու ասացի. «Այսօր լավ օր Է»: Ավանդական դարձած սուրճի շուրջ սկսեցինք մեր «օտարական» թիմի դրական զրույցները, որը լարվածությունս վերածեց մի զգացողության, թե մեր թիմի հետ արժե անգամ մեռնել: Վերջապես եկավ սպասված պահը:

Սարգիս Արզումանյանը` այս ամենի հեղինակն ու «եփողը, համեմողն ու գունավորողը», մեզ հավատ ներշնչողն ու մեզ անսահման հավատացողը, եկավ հանդերձարան, որտեղ ես ու դերասանուհի Վալենտինա Ջուլհակյանն էինք: Նա` հեղինակ-ռեժիսորը, ով այնքան շատ է սիրում ներկայացումից 15 րոպե առաջ այցելել դերասանին ու մի հայացքով, մի քանի հարցով, երբեմն հումորով, երբեմն սարկազմով ճշտել իր զինվորի մարտական տրամադրվածությունը: Եկավ, նստեց այնպես, որ երկուսիս էլ հավասարաչափ պահի տեսադաշտում: Բայց այս անգամ չէր խոսում, չէր կատակում: Այս անգամ նա մեզ ուղղակի անկեղծ հավատում էր, ու վերջ: Հաջողություն մաղթեց ու հիշեցրեց. «Բեմում դուք եք ու ձեր այսօրվա բաժին հանդիսատեսը` մտեք, վայելեք այդ պահը»: Մնացինք ես ու Վալյան, բառերով անկարող եմ բացատրել, թե ինչ վիճակում էինք. իրար գրկեցինք ու բեմ դուրս եկանք:
Ներկայացումն արդեն սկսվում էր: Ես՝ բեմում դահլիճին մեջքով նստած, ամբոխը շնչում էր մեջքիս, և այդ շնչից շունչս կտրվում էր: Առաջին անգամ իմացա՝ վախն ինչ է, ուզում էի վեր կենալ ու փախչել բեմից, սկսեցի մտքումս աղոթել` «Տեր, օգնիր»: Հանկարծ այդ վերացական վիճակում, հանդիսականի ոտնաձայների աղմուկի միջից լսում եմ մի տղամարդու ձայն. «Էլզա՛, չվախենաս, ես քեզ հետ եմ»: Սարսափում եմ, մտածում եմ, թե սա՞ ինչ էր: Ներկայացումից հետո հասկացա, որ մեր թատրոնի ռեժիսոր Սամսոն Ստեփանյանն էր, ով այդ օրն ուղղակի հանդիսատես էր: Չեք պատկերացնի, թե այդ խոսքերն ինձ ինչ ուժ տվեցին: Ներկայացումն սկսվեց ու ավարտվեց մի շնչով, և ինձ թվաց, որ տևեց ընդամենը 10 րոպե: Փաստորեն, եղավ այն, ինչ եղավ: Եվ մենք չտապալվեցինք, այլ ընդհակառակը»:

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։