Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ / ՄԻՐԱԺՆԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ

Ի սկզբանե, երբ քաոս էր, և մարդ չկար երկիր մոլորակի վրա…
Ի սկզբանե առ այս` ոչ մի ձայն չի կորսվել երբեք: Վերացական իրականությունը նույնքան իրական է, որքան բանականության մեջ առկայծող կայծը, որ հետո դառնում է միտք և գործողություն:
Որտե՞ղ է մարդը: Ա՞յս իրականության մեջ, թե՞ այնտեղ, ուր ձայներն են հարատև:
Յուրաքանչյուր կոկորդ, յուրաքանչյուր շարժում լրացնում է տիեզերական սիմֆոնիան` հավերժության մեջ թողնելով ՁԱՅՆԵՐ:
Սկիզբն ու վերջը, կյանքն ու մահը սոսկ սահմանումներ են, որոնք մեզանից դուրս և մեր մեջ ապրող ձայների պատկերացումներն են երևակում:
Կարճառոտ այս նախաբանը մեկ ելակետ ունի: Իրականություն մի՛ փնտրեք լիրիկական այս դրամայում և կբացահայտեք իրականության ճշմարտությունը:

Լիրիկական դրամա մարդկանց և ձայների մասին Երկու գործողություն, չորս տեսարան

Գործող անձինք
ԷՌՆԵՍՏ — մոտ 25 տարեկան, Ժակլինի ամուսինը
ԺԱԿԼԻՆ — մոտ 22 տարեկան, երազկոտ, ջերմ անձնավորություն, պոետիկ կերպար` հարուստ ներաշխարհով, Էռնեստի կինը
ԱՎՐՈՐԱ — 4 տարեկան, Ժակլինի և Էռնեստի դուստրը
ԴԱՆԻԵԼ ԵՍԱՅԱՆ — մոտ 35 տարեկան, ուժեղ ու ինտելեկտուալ, Էլինորի ամուսինը
ԷԼԻՆՈՐ — նուրբ, ակնահաճո, պայքարող տիպար, Դանիելի կինը
ՄԱՐԿ — 4 տարեկան, Էլինորի և Դանիելի որդին
ՍՈՖԻ — նախկին գեղեցկության փշրանքները պահպանող,
բարեսիրտ անձնավորություն
ԱԼԵՔՍ — երրորդ տեսարանում` 5 տարեկան, չորրորդում` 9,
Սոֆիի հոգեզավակը
ՄԱԿԱՐ — թոշակառու, վաստակում է հուշանվերներ վաճառելով
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — բանտապետ, մոտ 50 տարեկան, ճարպից
փայլող այտերով անձնավորություն
ՄԱՐԹԱ — թեթևաբարո և էմոցիոնալ, Նիկ Սոմմերի քարտուղարուհին
ԱՎԵՏԻՍ — կոյուղի մաքրող վարպետ
ԱՀԱՐՈՆ — կույր, բորոտ
ԶԻՆՎՈՐ
ԵՆԹԱՍՊԱ
ԹԵՐԹ ՎԱՃԱՌՈՂ
ԲԱՐՁՐԱԽՈՍ
ՇՈՒՆ
Բեմը ներկայացնում է փողոց (առաջին պլան): Փողոցի խորքում`
երկհարկանի շենք: Սա մայրաքաղաքի բանտն է: Մռայլ, թերևս մեկ դար առաջ կառուցված շինության պատն ունի ճաղավանդակով պատուհան (երկրորդ հարկ) և երկաթե դուռ: Պատին` բարձրախոս: Պատի տակ, աջ կողմում` հասարակական աղբաման: Ձախ կողմում երկաթե սյուն` լապտեր: Փողոցի մոտավորապես
կենտրոնում կոյուղու լյուկն է: Աղբամանից քիչ ձախ` ծուռ կրպակ:

ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՌԱՋԻՆ

Տեսարան առաջին

Մանուշակագույն մթնշաղ: Անձրև: Էռնեստն ու Ժակլինը կանգնած են լապտերին մերձ, հովանոցի տակ ու համբուրվում են: Էռնեստի
հագուկապը. շինել, երկարաճիտ կոշիկներ, մեջքին` ուսապարկ: Դանիելը ճակատով հպվել է ճաղավանդակին ու իր բանտախցից նայում է դուրս: Նա ձեռքը երկարում է պատուհանից` անձրևի հետ շփվելու վայելքը ցանկանալով: Ռազմական ինքնաթիռների վժժոց: Աղմուկը սթափեցնում է ամուսիններին:
Նրանք պոկվում են իրարից:
ԷՌՆԵՍՏ — Լսո՞ւմ ես, Ժակլին:
ԺԱԿԼԻՆ — Այո, սեր իմ: Մի՞թե պատերազմն այսքան մոտ կարող է լինել:
ԷՌՆԵՍՏ — (ժամացույցին նայելով): Դեռ երկու ժամ ունենք: Գնդապետն ասաց` գնացքը կմեկնի ուղիղ տասներկուսին:
ԺԱԿԼԻՆ — (Էռնեստին փարվելով): Խոստացիր, որ ամեն գնով կպահպանես կյանքդ: Խոստացիր, որ կվերադառնաս:
ԷՌՆԵՍՏ — (կնոջը փաղաքշելով): Ամեն ինչ լավ կլինի, սեր իմ, պարզապես պետք է հավատաս: (Օդային տագնապ, սարսափ արտահայտող ճիչեր, ժխոր:) Սպասիր մի րոպե: (Կնոջից պոկվելով, քշտում է շինելի թևքն ու ժամացույցը արձակելով` մեկնում Ժակլինին:) Վերցրու: Այս ժամացույցը քո թալիսմանը կլինի ու կհաշվի մեր ապագա հանդիպման րոպեները: Հավատո՞ւմ ես:
ԺԱԿԼԻՆ — Հավատում եմ, սեր իմ:
ԷՌՆԵՍՏ — Ուրեմն կվերադարձնես ժամացույցը, երբ տուն կվերադառնամ ու կկապես ահա այստեղ: (Ձախ ձեռքի դասակն է ցույց տալիս:)
ԺԱԿԼԻՆ — (հովանոցն ամուսնու վրա պահելով): Հրաժեշտից առաջ ասելիք ունեմ: Գուցե պետք է լռեի, բայց…
ԷՌՆԵՍՏ — Բայց` ի՞նչ…
ԺԱԿԼԻՆ — Գիտե՞ս, մեր ամուսնության առաջին օրվանից ես երկու կյանքով եմ ապրում:
ԷՌՆԵՍՏ — Երկու կյանքո՞վ… Բացատրիր խնդրեմ:
ԺԱԿԼԻՆ — Իհարկե կբացատրեմ, բայց լռենք մի պահ:
ՁԱՅՆԵՐ: Ջրկաթոց և մակերեսին փշրվող կաթիլների ձայն` միալար, հոգեմաշ (սա ներանձնական ճգնաժամն է): Հեռացող գնացք: Շչակ (հրաժեշտ): Քամի և խշրտացող տերևներ: Ապա` ուրիշ մի ձայն, որ առաջանում է չվող թռչունների թևաբախումից: Կռինչ: Շշուկներ (քամին և մնացած բոլոր ձայները տագնապն են մեկնաբանում): Սոլո թավջութակ (մենության ձայնը): Ճայթյուն (կոտրվող զգացմունք): Երգող բաժակներ (ներդաշնակության պատրանք): Ակնթարթային լաց` կին կամ երեխա (գոյության ողբերգական կողմը): Կրակոց և ծիծաղ (կյանքն ու մահը` միատեղ): Հետագա մենախոսությունը ծավալվում է ձայնային համանվագի ներքո, իսկ բարձրախոսն ակնթարթորեն ջնջում է սրանք:
ԺԱԿԼԻՆ — Լսո՞ւմ ես: Լսո՞ւմ ես, Էռնեստ: Ծառերը ամենասգավոր մայրերն են: Ծառերը մեռնում են հանճարեղ լռության մեջ` արհամարհելով մարդկանց բառերը: Կաթիլները քսվում են նրանց կնճռոտ թարթիչներին, իսկ տերևները հեկեկում են բացակա մարդկանց հրաժեշտը: Արցունքները անհուսության ձայներն են: Մենք բոլորս թախծում ենք, երբ աշնան օրերն են վերջանում: Իսկ ձմեռը մոտենում է հանկարծ` պարտադրելով սառնասրտության Ձայնը: Մենք երջանկության ճիչեր ենք լսում, երբ սառցալուլաներն են փշրվում կարծր քարերի վրա, իսկ թախիծը գոյանում է հեռացող թռչունների թևաբախումից: Լսո՞ւմ ես, ինչպես են թփթփում նրանց թևերը: Աշնան անձրևն է թմբկահարում հողը, իսկ ապագա զարթոնքը քո հավատն է փորձելու: Այս ամենը ասացի, Էռնեստ, որպեսզի հասկանաս, թե ինչպես եմ սպասելու քեզ:
ԲԱՐՁՐԱԽՈՍ — Խոսում է Պատերազմի Ձայնը: Ուշադրություն: Զորակոչին մասնակցող բոլոր տղամարդիկ պետք է մոտենան համար չորս կառամատույցին: Կրկնում եմ: Զորակոչին մասնակցող բոլոր տղամարդիկ պետք է շտապ մոտենան համար չորս կառամատույցին:
ԺԱԿԼԻՆ — (կառչելով իր տղամարդու օձիքից): Սպասիր, բան ունեմ ասելու:
ԷՌՆԵՍՏ — Նախ բացատրիր: Ինչպե՞ս հասկանամ երկու կյանքով ապրելու քո խոստովանությունը:
ԺԱԿԼԻՆ — Հենց դա էի ուզում ասել: Մի ժամանակ, նախքան քեզ հանդիպելը, իմ օրերն ու գիշերները չէին զանազանվում: Բայց հետո հայտնվեցիր դու: Եվ մեր համատեղ կյանքը այլ իմաստներ բերեց: Հիմա այլ են օրերը, իսկ գիշերները բոլորովին ուրիշ…
ԷՌՆԵՍՏ — Ահա՛ թե ինչ: Իսկ ես հիմար բաներ էի մտածում:
ԺԱԿԼԻՆ — Կռահում էի, որ այդպես պիտի լիներ, որովհետև խոստովանությունս էլ բանի նման չէր:
ԷՌՆԵՍՏ — (կնոջը համբուրելով): Հիմա կմեկնեմ հանգիստ խղճով, որովհետև վստահում եմ քեզ: Հավատարիմ կինը նվեր է տղամարդուն:
ԺԱԿԼԻՆ — Շնորհակալ եմ, Էռնեստ, շնորհակալ եմ: Ուզում էի ասել, որ մեր գիշերները հեքիաթներ են հյուսել: Եթե կյանքը հրաշալի է համատեղ օրերում, ապա գիշերները հրաշալի են առավել: Ահա երկու կյանքով ապրելու իմ գաղտնիքը, որ շարունակություն կունենա: (Վերցնելով ամուսնու ափն ու իր փորին դնելով:) Լսո՞ւմ ես:
ԷՌՆԵՍՏ — Այս ի՞նչ ես ասում: Ճի՞շտ եմ հասկանում:
ԺԱԿԼԻՆ — Լռիր մի րոպե:
ՇՇՈՒԿՆԵՐ: Թեյամանում եռացող ջուր: Բաժակի մեջ լցվող հեղուկ` քլքլթոց: Ձայն, որ ատամին դիպչող գդալի չխկոցն է հիշեցնում: (Ձայներ են` համատեղ կենցաղից, ուր ընտանեկան խաղաղությունն է գերակա:)
ԺԱԿԼԻՆ — Լսո՞ւմ ես: Ինչ-որ մեկը կերակրում է իր երեխային: Մի ատամ կա բերանում, և գդալը չխկում է երեխայի ատամին դիպչելիս: Երբ վերադառնաս, հաճախ կլսես այդ ձայնը, որովհետև երեքով ենք ապրելու:
ԷՌՆԵՍՏ — (կնոջը գրկելով): Յուրաքանչյուր երեխա սիրո Ձայնն է: Անիծյալ պատերազմ:
ԺԱԿԼԻՆ — Յուրաքանչյուր ժամացույց ծերության Ձայնն է, Էռնեստ: (Ժամացույցը գրպանից հանելով և ձախ դաստակին կապելով:) Ահա՛: Ես ամեն օր կսպասեմ քեզ, հենց այստեղ, այս բարձրախոսի տակ կանգնած:
Կործանիչ ինքնաթիռնեի վժժյուն, որ մարում է հեռվում:
ԴԱՆԻԵԼ — (բանտախցի պատուհանից ձայնելով): Է՜յ, ինձ լսեք մի րոպե:
Ամուսինները տարակուսում են` չհասկանալով, թե ձայնը որտեղից էր, ապա` բարձրացնում գլուխները:
ԴԱՆԻԵԼ — Այս ի՞նչ աղմուկ է, գրողը տանի:
ԷՌՆԵՍՏ — Փաստորեն, մենակ չենք:
ԺԱԿԼԻՆ — Խեղճ մարդ: Արդեն տասը տարի փակված է այս խցում: Նրան անարդար դատով են դատել:
ԴԱՆԻԵԼ — Չե՞ք լսում:
ԷՌՆԵՍՏ — Սակայն ո՞վ կարող է ասել, թե ինչ կա իրականության ետևում: Բանտախցում փակված մարդը մոռացության Ձայնն է: (Դանիելին.) Իսկ դու չգիտե՞ս, բարեկամ, վերջին լուրերը չե՞ս լսել, թե՞ քնած էիր ուղտի ականջում:
ԴԱՆԻԵԼ — (նյարդային): Բայց որտեղի՞ց կարող էի իմանալ, երբ բանտում ընդամենը մի ռադիո ունենք, այն էլ` փչացած: Մեկ-մեկ դերասաններ են գալիս, որպեսզի բարոյախրատական քարոզներ կարդան ու անհամ երգեր երգեն:
ԷՌՆԵՍՏ — (Ժակլինին): Պիտի կառամատույց հասնեմ: (Դանիելին.) Պատերազմ է: Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը:
Ամուսինները շտապ հեռանում են:
ԴԱՆԻԵԼ — Ահա թե ինչ: Ահա թե ինչ էր թմբկահարում անձրևը: Ահա՛ պատերազմի Ձայնը:
Լույսը մարում է աստիճանաբար: Խավար: ՁԱՅՆԵՐ: Հեռախոսազանգ: Կնոջ ձայն. «Ալո՞» (սա հարկադիր բաժանման և միմյանց որոնող մարդկանց ձայնն է): Միանում են այլ ճիչեր: Խառնաշփոթ: Ինչ-որ մեկը հին երգ է երգում խզված կոկորդով (ավագ սերնդի արձագանքն այս իրավիճակում): Փշրվող ապակի (հույզեր): Հետագա ձայները պատերազմն են պատմում: Հեռախոսազանգ, հետիոտն զինվորների դոփյուն և նրանց քայլքը համրող հրամանատարի ձայնը. «Մե՛կ, երկո՛ւ: Մե՛կ, երկո՛ւ»: Շների կաղկանձ: Կործանիչ ինքնաթիռների վժժյուն` ուժգնացող և մարող: Հնչյունային այս քաոսում` միախառնվող նախադասություններ.
ՏԱՐԻՔՈՎ ՏՂԱՄԱՐԴ — Ուսապարկը բերեք (արձագանք)…
ԿԻՆ — Մի րոպե նստենք ճանապարհից առաջ (արձագանք)…
ԽՌՊՈՏ ԾԵՐՈՒՆԻ — Շտապեք, ուշանում ենք (արձագանք)…
ԵՐԻՏԱՍԱՐԴ ՏՂԱՄԱՐԴ — Մի-մի բաժակ` հրաժեշտից առաջ (արձագանք)…
Լույսը վառվում է աստիճանաբար` մարող ձայներին համընթաց: Դանիելը քաշվում է իր խուցը, իսկ բեմը լցվում է մարդկանցով: Քաոսային շարժում: Այս շարժումը խելազրկվող մարդու հոգեվիճակն է, որ պատերազմով է պայմանավորված: Բացվում է կոյուղու լյուկը, Ավետիսը դուրս է գալիս` մետաղալարե ճոպան քաշելով: Հենց եզրին չոքելով` հավաքում է իր անվերջանալի ճոպանը, որը խցանումը բացելու համար էր օգտագործել:
ԱՎԵՏԻՍ — Զզվեցի արդեն: Ուտում են ու կկղում… (Ճոպանը քաշելով:) Ուտում են ու կղկղում…
ԱՀԱՐՈՆ — (մտնում է` ձեռնափայտի օգնությամբ ճանապարհը տնտղելով ու զանգակ հնչեցնելով): Բորո՜տ, բորո՜տ… Մի կողմ քաշվեք… Բորո՜տ, բորո՜տ… (Նետվում է մեկ աջ, մեկ ձախ, բայց ոչ մի տեղ չի գնում` հանդիսատեսին մատուցելով նպատակային շարժման ան­մտությունը:)
ՍՈՖԻ — (դես-դեն ընկնելով, ճչալով, գրտնակ թափահարելով և, չգիտես ինչու, կրծքերն անընդհատ վեր քաշելով): «Վերջին օրերում մարդիկ կլինեն անինքնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող…»: (Մի պահ կանգնում է` գրպանից թուղթ հանելով ու գլխավերևում թափահարելով: Պաթոսով:) Պողոս առաքյալի թուղթը Տիմոթեոսին: (Ճեմելով: Հետագա խոսքերն ասելիս երբեմն կանգնում է` գրտնակը Ավետիսի գլխավերևում թափահարելով:) «Վերջին օրերում մարդիկ կլինեն ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, դաժան…»: (Թուղթը թափահարելով, պաթոսով:) Պողոս առաքյալի թուղթը Տիմոթեոսին: «Վերջին օրերում մարդիկ կլինեն մատնիչ, հանդուգն, գոռոզ, առավել ցանկասեր, քան աստվածասեր…»:
Այս ընթացքում մտնում է Մակարը: Իր կրպակի դուռը բացելով` դուրս է բերում թելերից կախ բազմաթիվ խաչեր:
ՄԱԿԱՐ — Բանտում պատրաստված խաչերը հաճելի են Աստծուն: (Ցուցադրելով:) Խաչ գնեք ձեր հոգիների փրկության համար: Խաչե՜ր… Կալանավորների չարչարանքով պատրաստված խաչե՜ր…
ԴԱՆԻԵԼ — (կրկին դուրս նայելով): Ձայններդ կտրեք: Ձեզ հետ եմ… (Բերում է ջուր, շփում մարդկանց վրա:) Մեր տղերքը հեռանում են ժամ առ ժամ, իսկ դուք քաղաքը սարքել եք գժանոց: Ա՜խ, մեկը ինձ դուրս թողներ, գլուխներդ կջարդեի:
Այս խոսքերը դեռ չավարտված, մտնում է թերթ Վաճառողը` հեծանիվ վարելով ու տրցակը գլխավերևում թափահարելով:
ԹԵՐԹ ՎԱՃԱՌՈՂ — Լուրե՜ր, լուրե՜ր… Ամենաթարմ լուրերը` Երեկոյան Երևանում: Ամենաթարմ լուրերը` Երեկոյան Երևանում: (Բեմի հակընդդեմ եզրին հասնելով` անհետանում է:)
ԲԱՐՁՐԱԽՈՍ — (բոլորը պապանձվում են): Ուշադրությո՛ւն: Խոսում է Պատերազմի Ձայնը: (Արձագանք: Արձագանքին զուգահեռ լույսն աստիճանաբար մարում է:) Խոսում է Պատերազմի Ձայնը: (Արձագանք: Խավար: Երրորդ անգամ` արդեն խավարում:) Խոսում է Պատերազմի Ձայնը: (Արձագանք:)
Տեսարան երկրորդ
Բեմի վրա փոփոխություններ չկան: Լույսը վառվում է աստիճանաբար: Առավոտ: Մտնում է Ահարոնը` ձեռքն առաջ պարզած, ձեռնափայտով ստուգելով ճանապարհը: Սև ակնոցով է: Զանգակը` պարանոցից կախ: Աղբամանին մոտենալով` սկսում է քչփորել: Ապա օղու շիշ հանելով` նստում է պատի տակ:
ԱՀԱՐՈՆ — Ա՜հ, մոռացա: (Գրպանից կավիճ հանելով` գծում է շրջանագիծ, գլխարկը եզրին դնելով` կրկին նստում:) Այսպե՛ս: Ամեն օր կոկորդս պատռելով բղավում եմ, որ ինձանից մի մետր հեռու մնան, բայց լսող չկա: Հասարակության զանգվածը երբեք չի բարձրանում հատակից, որովհետև հասարակության անդամները խուլ են: Զիգմունդ Ֆրոյդ, հատոր 4-րդ: Դե՛: (Շիշը բացելով` բղավում է:) Բարի մարդիկ, մի քանի դրամով օգնեք բորոտին: (Կեսը խմելով:) Անո՜ւշ, պարոն Ահարոն: Շնորհակալություն, բորոտ անասուն:
Բացվում է բանտի դուռը: Չորս կալանավոր դուրս են գալիս` սեղան ու չորս աթոռ բերելով: Սեղանն ու աթոռները այսուհետ կմնան բեմում: Նրանց ոտքերը շղթայակապ են: Կալանավորներին հետևում է հրացանավոր զինվոր: Նա բերում է գրամեքենա ու դնում սեղանին: Պատի տակ քաշվելով` կալանավորները սպասում են: Հանդիսավոր դուրս է գալիս Նիկ Սոմմերը:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (սեղանի մոտ նստելով): Զբոսա՛նք:
Շարք կազմելով` բանտարկյալները պտտվում են սեղանի շուրջ, զինվորը զգուշացնում է` օդ կրակելով:
ԶԻՆՎՈՐ — Փախուստի փորձ տեսա` տեղում կսատկացնեմ:
Բանտից դուրս է գալիս Մարթան` սուրճ բերելով, բայց չի կարողանում հատել սեղանի շուրջ պտտվող կալանավորների շրջանը:
ՄԱՐԹԱ — Պարոն Սոմմեր, ինչպե՞ս անցնեմ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Կանգ` ա՛ռ:
Շարքն անշարժանում է, քարտուղարուհին` սուրճով գավաթը սեղանին դնելով, նստում է դեմհանդիման, գրամեքենայի առաջ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Քայլով` մա՛րշ: (Շարժումը վերականգնվում է:) Սիրում եմ աշունը: Սիրում եմ, երբ շուրջս շղթաներ են զրնգում` ազատության մասին պատմելով:
ԱՀԱՐՈՆ — (բղավում է): Բարի մարդիկ, բարի բանտապետ, մի քանի դրամով օգնեք բորոտին: Ախր սովա՜ծ եմ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (քարտուղարուհուն): Հրաման… Ուր հասա՞նք:
ՄԱՐԹԱ — Վերջինը` 183 կոտորակ 24-ն էր:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Այո: Հիշեցի: Ուրեմն հաջորդը գրեք:
ՄԱՐԹԱ — Մի րոպե: (Մեքենագրում է:) Ահա՛:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Նոյեմբերի 15-ին, բանտարկյալներով շրջապատված, հաճելի ժամանակ անցկացնելով` հրամայում եմ: Հետևել միջանցքների մաքրությանը, պա- տերը լվանալ մանկական օճառով, իսկ բանտում տեղաշարժվել սողալով ու հայրենասիրական երգեր երգելով: Քանի դեռ պատերազմ է` բոլորս սողալու ենք դեպի հաղթանակ:
ՄԱՐԹԱ — Վերջին նախադասությունը մեքենագրե՞մ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Ոչ, իհարկե:
ԱՀԱՐՈՆ — (բղավում է): Բարի մարդիկ, պարոն բանտապետ, փորս մեջքիս կպավ, մի քանի դրամով օգնեք, էլի՜…
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (քարտուղարուհուն): Տվեք ստորագրեմ:
Գալիս է Էլինորը: Նա նրբագեղության տիպար է: Սեղանի շուրջ պտտվող բանտարկյալներին մոտենալով` կանգնում է անվստահ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (թուղթը ստորագրելով): Ի՞նչ եք ուզում:
ԷԼԻՆՈՐ — Բարև ձեզ, հարգելի Սոմմեր: Ես բանտարկյալ Դանիել Եսայանի կինն եմ: Ամուսնուս հանցանքը ներելու խնդրագիր եմ բերել:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Շատ իզուր: Ոչ ոք չի կարող ներել մեկ ուրիշին: Միայն` Աստված: Այն էլ` դժվարությամբ:
Ձախից մտնում է Ժակլինն ու բարձրախոսի տակ կանգնելով` նայում թևի ժամացույցին:
ԷԼԻՆՈՐ — Սակայն… Չէ՞ որ բանտարկված է արդեն տասը տարի և ամենաօրինակելի կալանավորն է: Լսել եմ` սա շատ կարևոր հանգամանք կարող է լինել:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Տվեք տեսնեմ:
Էլինորը չի կարողանում խնդրագիրը փոխանցել, որովհետև բանտարկյալները պտտվում են սեղանի շուրջը:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (բանտարկյալներին): Կանգ` ա՛ռ: (Էլինորին.) Մոտեցեք, նստեք:
Կինը նստում է, բանտապետը սկսում է կարդալ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Ձեր ամուսինը դեռ ութ տարի ունի: Ցավոք, չեմ կարող օգնել: Օրենքը թույլ չի տալիս, հասկանո՞ւմ եք: Օրե՛նքը: Այլապես հենց հիմա ազատ կարձակեի: (Բղավում է:) Էյ, դո՛ւք. զբոսա՛նք:
Բանտարկյալները կրկին պտտվում են սեղանի շուրջ:
ԷԼԻՆՈՐ — (հուսահատ): Բայց մարդիկ տարբեր են: Յուրաքանչյուր ոք իր ներաշխարհն ունի, իսկ օրենքը չի կարող հավասարեցնել մարդկանց հանգամանքներն ու զգացմունքները:
Դանիելը փորձում է միջամտել: Զինվորը կանխում է նրան` խզակոթով հարված հասցնելով թիկունքին:
ԷԼԻՆՈՐ — (տեղից վեր թռչելով): Դանիե՜լ…
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Նստեք, նստեք: Դաստիարակությունն ու փաղաքշանքը տարբեր բաներ են: (Խնդրագիրը պատռելով:) Չեմ կարող օգնել: Ձեզ լավ նայեք, մարսեղ կերակուրներ օգտագործեք, որ առողջ լինեք ու դիմավորեք ձեր ամուսնուն: Ութ տարի մնաց: Ընդամենը` ութ տարի:
ԷԼԻՆՈՐ — (արտասվում է): Բայց…
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (մտածելով): Բայց մի բան կարող եմ առաջարկել: Նամակ էի գրել հանրապետության նախագահին, և դրական պատասխան եմ ստացել: Բոլոր այն կալանավորները, ովքեր տասը տարի շարունակ օրինակելի վարք են դրսևորել, կարող են հանդիպումներ ունենալ իրենց կանանց հետ, ամիսը մեկ անգամ, քսանչորս ժամով: Սենյակ ենք կահավորել երկրորդ հարկում` բոլոր հարմարություններով. գազօջախ, հեռուստացույց, բազմոց ու բազկաթոռներ: Մինչև իսկ` երկտեղանոց մահճակալ: Հասկանո՞ւմ եք:
ԷԼԻՆՈՐ — (հուսահատ): Շատ բարի եք, պարոն բանտապետ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Իհարկե բարի եմ: Ամեն ամսվա 15-ին համեցեք բանտ, ինչպես ասացի` քսանչորս ժամով: (Կալանավորներին.) Կանգ` ա՛ռ: Զբոսանքն ավարտվեց: Գնում ենք տուն:
ԶԻՆՎՈՐ — Շարվե՛լ:
Կալանավորները դժկամորեն մտնում են բանտ, հետո` բանտապետն ու քարտուղարուհին: Վերջում զինվորը` գրամեքենան տանելով: Էլինորը մնում է նստած: Ոտքը կախ գցելով սեղանին է մոտնում Ժակլինն ու աթոռ քաշելով` նստում է: Նրանք անխոս նայում են միմյանց: Այս շարժման ընթացքում գալիս է Մակարը, որպեսզի օրվա առևտուրն անի:
ՄԱԿԱՐ — (Ահարոնին): Ողջույն, բարեկամ:
ԱՀԱՐՈՆ — Բարի լույս, Մակար:
ՄԱԿԱՐ — (կրպակի դուռը բացելով): Արդեն կոնծե՞լ ես:
ԱՀԱՐՈՆ — Շուրջբոլորը բարի մարդիկ են, հասկանո՞ւմ ես: Օրինակ` Նիկ Սոմմերը: Քիչ մնա` կուսանոց կբացի բանտում: Մեկ ուրիշն էլ, ահա, օղին կիսատ էր խմել: Պատերա՜զմ է: Բարի՜, բարի՜ պատերազմ:
Մտնում է Սոֆին:
ՍՈՖԻ — (Մակարին): Բարև ձեզ: Ինձ փշալարով փաթաթված կարմիր վարդ տվեք: Ունե՞ք:
ՄԱԿԱՐ — Իհարկե: Սրանք շատ լավ են վաճառվում: (Հուշանվերը հրամցնելով:) Իսկ խաչ չե՞ք ցանկանա:
ԱՀԱՐՈՆ — (օղու մնացորդը խմելով` երգում է).
Կյանքը լավ է, գեղեցիկ,
Ու մի քիչ էլ երգեցիկ…
Ժակլինն ու էվելինը խոսակցություն են սկսել. քչփչում են:
ՍՈՖԻ — Խաչ ունեմ արդեն: Իսկ սա (վճարելով) դնելու եմ զարդասեղանիս: Ի դեպ, հուշանվերներ պատրաստող բանտարկյալները գումար ունե՞ն այս առևտրից:
ՄԱԿԱՐ — (զարմանալով): Իհարկե ո՛չ: Բանտը հանգստյան տուն չի, հարգելի տիկին:
Հուշանվերն անխոս վերցնելով, Սոֆին մոտենում է սեղանին, նստում: Զրույցն ընդհատվում է:
ՍՈՖԻ — Դժբախտությունը համախմբում է մարդկանց, և նրանք ապրում են նույն քաղաքում` իրենց առօրյա ձայների մեջ փայփայելով հույսը: Երեկ անծանոթներ էինք, իսկ այսօր այրվում ենք սիրտ բացելու ցանկությամբ, որովհետև մեր քաղաքն այսօր կին է: (Ժակլինին ու Էվելինին.) Ձեր տղամարդիկ որտե՞ղ են:
ԺԱԿԼԻՆ — (հառաչելով): Արդեն երկու ամիս լուր չունեմ: Ամուսինս առաջին զորահավաքով մեկնեց` այս ժամացույցն իբրև թալիսման թողնելով: (Բարձրացնում է թևքը, մյուս երկուսը ձգվում են, որ տեսնեն:)
ԷԼԻՆՈՐ — Գեղեցիկ ժամացույց է:
ՁԱՅՆԵՐ: Բարձր տկտկացող վայրկյանացույց (հավիտենության ձայնն ու մարդն անցողիկ): Ջրկաթոց և փշրվող կաթիլների ձայն` միալար հոգեմաշ (ներանձնական ճգնաժամ): Սրտի զարկեր: Ահազանգ: Կործանիչ օդանավերի վժժյուն` ուժգնացող և մարող (պատերազմի առկայությունը հարաբերական խաղաղության մեջ): Ալեբախություն: Դելֆինների երգ և օվկիանոս (անեզր կյանքն ու դրսևորումները նրա): Լիարյուն ծիծաղ և զառամյալ տղամարդու հառաչանք (երիտասարդության ու ծերության հակադրություն): Վարագույր քաշելու խշշոց, բռնկվող լուցկի, դռան զանգ, շրխկացող կողպեք, ծխնիների ճռռոց. ինչ-որ մեկը բացում է դուռը. կնոջ ցնծություն. «Վերջապե՜ս» (կյանքը շարունակվում է): Ձայնային այս համանվագը լռում է համաչափ նվազելով ու թողնելով ժամացույցի տկտկոցը, որ չի լռում` բարձրախոսի հաղորդագրությանը միաձուլվելով:
ԲԱՐՁՐԱԽՈՍ — Խոսում է Պատերազմի Ձայնը: Այսօր, նոյեմբերի 15-ին, թշնամու զորքերը խլել են Հայթաուն և Սլովեր քաղաքները: Գրոհը կասեցվել է մեծաթիվ զոհերի գնով: Հայրենական ուժերը դաժան հակահարված են հասցրել: Կազմակերպված գործողությունների շնորհիվ փրկվել են Հայթաուն քաղաքի մանկատան երեխաները, բայց հայրենիքը նրանց կացարաններ հատկացնելու խնդիր ունի: Սիրելի ժողովուրդ: Եթե կան մարդիկ, ովքեր կարող են երեխա վերցնել` առժամանակ իրենց տանը պահելու նպատակով, թող դիմեն մարդու իրավունքների պաշտպանին: Հասցեն` Աթոյան 26:
Մի պահ` լռություն: Նստած են քարացած: Լույսն աննկատ աղոտանում է: Տպավորությունը` հետզհետե թանձրացող մթնշաղ:
ԺԱԿԼԻՆ — (դեմքն ափերի մեջ առնելով): Աստված իմ…
ՍՈՖԻ — (Ժակլինին գրկելով): Կարիք չկա, հարազատս: Մենք արցունքներ կշռայլենք հաղթանակից հետո: Բայց հիմա…
ԷԼԻՆՈՐ — Բայց հիմա պիտի ապրենք: Սա մեր պարտքն է ռազմաճակատում մարտնչող տղամարդկանց հանդեպ: Իսկ որբ մանուկները թշվառության ձայներն են:
Լռում են: Ահարոնը քնել է պատի տակ` բարձր խռռացնելով: Կանանց խմբին է միանում Մակարը, երկչոտ նստում սեղանի մոտ:
ՄԱԿԱՐ — Գնամ կնոջս համոզեմ, գուցե մի երեխա վերցնենք:
ՍՈՖԻ — (փշալարով վարդը շուռումուռ տալով): Իսկ իմ սերը պտղաբեր չեղավ: Տարիներն անցան աղոթքներով, բայց այդպես էլ բան դուրս չեկավ: Ամուսինս երբեք ինձ չի դատապարտել, ո՛չ, բայց սիրտը կոտրված էր ռազմաճակատ մեկնելիս: Գիտեմ, թե ինչ էր մտածում:
ԺԱԿԼԻՆ — Իսկ գուցե հրաժե՛շտն էր ծանր և մարդը կախ սրտով էր թողնում իր տունն ու կնոջը: Ո՞վ գիտի… Ո՞վ կարող է միանշանակ պնդել:
ԷԼԻՆՈՐ — Ես ամեն օր սարսռում եմ պատերազմի լուրերը լսելիս, որովհետև այս բարձրախոսն ամեն օր պատմում է մահվան մասին: Այս բարձրախոսը մահվան ձայնն է, իսկ երեխաները կյանքն են վկայում: Համաձայն եմ Սոֆիի հետ: Ուրիշ էլ ի՞նչ կարող էր մտածել ռազմաճակատ մեկնող մարդը, եթե ժառանգ չի թողել:
ՄԱԿԱՐ — Իմ տղաներից երկուսն ամուսնացած չեն, իսկ անդրանիկը չէր ուզում երեխա ունենալ: Նախ` մտածում էր կյանքում կայուն տեղ ունենալու մասին:
Խտացող մթնշաղ: Վառվում է փողոցի լապտերը: Արթնանում է Ահարոնն ու գլխարկի պարունակությունը բռի մեջ հավաքելով` շաղ տալիս: Մի բուռ գրոշներ ցրվում են բեմի վրա: Երաժշտությունն` իբրև ՁԱՅՆ: Մենավոր վին, որ միջնադարյան ողբ է հնչեցնում: Զրնգացող մետաղադրամներ:
ԱՀԱՐՈՆ — Ժլա՜տ, ժլա՛տ մարդիկ: Այս գրոշներով ես ի՞նչ եմ անելու: (Ոտքի կանգնելով:) Մետաղադրամները ընչաքաղցության ձայներն են: (Հանդիսատեսին.) Լսո՞ւմ եք: Մետաղադրամները մարդու ագահությունն են վկայում: (Հեռանալով` հանդիսատեսին.) Ժլատներ…
Զրնգոցը լռում է, երաժշտությունը` շարունակվում:
ՍՈՖԻ — Գուցե որդեգրե՞մ մանկատան երեխաներից մեկին, ի՞նչ կասեք:
ԺԱԿԼԻՆ — Ես հենց այդպես էլ կվարվեի:
ԴԱՆԻԵԼ — (բանտի պատուհանից): Էլինոր: Մի՞թե այստեղ ես:
ԷԼԻՆՈՐ — Այո, հրաշալի մարդկանց հետ ծանոթացա, և հիմա զրուցում ենք:
ԺԱԿԼԻՆ — (ժամացույցին նայելով): Արդեն ութն եղավ: Ես պետք է գնամ: Առայժմ: Հուսով եմ, կհանդիպենք էլի: (Հեռանում է:)
Հեռվում ղողանջող զանգեր, որ միանում են երաժշտությանը:
ՄԱԿԱՐ — (ականջ դնելով): Մեզ ժամերգության են հրավիրում: (Սոֆիին.) Գուցե գնա՞նք միասին:
ՍՈՖԻ — Ինչու չէ: Տխրում եմ տանը մենակ մնալուց: Գնանք, շփվենք մարդկանց հետ:
Լռություն: Բարձրանում են` հեռանալու միտումով: Մտնում է թերթ Վաճառողը` հեծանիվ վարելով ու տրցակը գլխավերևում թափահարելով:
ԹԵՐԹ ՎԱՃԱՌՈՂ — Լուրե՜ր, լուրե՜ր… Ամենաթարմ լուրերը Երեկոյան Երևանում:
Մակարն ու Սոֆին մոտենում են, մի-մի լրագիր վերցնելով` վճարում: Նրանք հեռանում են աջ ելքով, լրագիր Վաճառողը` ձախ:
ԷԼԻՆՈՐ — (տեղից բարձրանալով, Դանիելին): Հույս ունեի, թե բանտապետը կընդունի խնդրագիրս ու քեզ կազատեն վերջապես:
ԴԱՆԻԵԼ — Մի տխրիր, Էլինոր: Մենք ուրախության առիթ ունենք: Հիշո՞ւմ ես, բանտապետն ինչ ասաց:
ԷԼԻՆՈՐ — Ի՞նչը նկատի ունես:
ԴԱՆԻԵԼ — Մեզ արտոնված հանդիպման մասին եմ խոսում, Էլինոր: Այսօր նոյեմբերի 15-ն է, ամսվա այն օրը, երբ կալանավորները հանդիպում են իրենց կանանց հետ: Կարող ես հենց հիմա բարձրանալ: Մինչև վաղը երեկո միասին կլինենք:
ԷԼԻՆՈՐ — (հրճվելով): Իսկապե՞ս: Չէի հիշում, թե այսօր ամսի քանիսն է:
ԴԱՆԻԵԼ — Հիմա կպատվիրեմ, որ քեզ ներս ընդունեն:
Անհետանում է: Քիչ անց բացվում է բանտի դուռն ու հրացանավոր զինվորը ստուգում է մարդկանց առկայությունը փողոցում:
ԶԻՆՎՈՐ — Կարող եք ներս մտնել:
Էլինորը հետևում է նրա առաջարկին: Երկաթե դուռը շրխկալով փակվում է: Բեմում` դատարկություն:
Մանուշակագույն մթնշաղ:
ՁԱՅՆԵՐ: Ֆլեյտա: Ալեբախություն: Ալիքները բախվում են ժայռերին, փշրվում: Ճչացող ճայեր, քամի և ճռռացող կայմեր: Թիավարություն և ճողփյուն, որ առաջանում է ջրի մեջ մխրճվող թիերի բախումից (այս ամենը խռովահույզ զգացմունքների պոռթկումն է): Շարասյան քայլերթ և ռիթմ պահող թմբուկներ: Անձրև: Թմբուկների ռիթմն ու թմբկահարող կաթիլների աղմուկը միախառնվում են: Պտուտահողմը մաքրում է ձայները` սոսկ անձրևի երգն ու ֆլեյտան թողնելով:
ԷԼԻՆՈՐ — Վերջապես միասին ենք:
ԴԱՆԻԵԼ — Արի ինձ մոտ: Տասը տարի սպասել եմ այս օրվան:
ԷԼԻՆՈՐ — Քսանչորս ժամ միասին ենք լինելու, սեր իմ, մի շտապիր, խնդրում եմ: Ահա մանուշակագույն մթնշաղն է կախվել մեր կրքերի վրա, իսկ բառերը պապանձվել են: Նախ սուրճ խմենք:
Սուրճ պատրաստելու ձայները. բաժակին դիպչող գդալի չրխկոց, բլբլթացող ջուր, աթոռ քաշելու ձայն: Ինչ-որ մեկը նստում է մահճակալին: Ճռճռացող զսպանակներ: Բաժակների մեջ լցվող հեղուկի քլքլթոց: Կկվի կանչ: Ֆլեյտան ու անձրևը լռում են:
ԷԼԻՆՈՐ — Լսո՞ւմ ես:
ԴԱՆԻԵԼ — Այո, սեր իմ, բայց հանկարծ չհաշվես կկվի կանչերը, որովհետև կկուն աշնան հոգեվարքն է պատմում:
ԷԼԻՆՈՐ — (ճչում է): Դանիե՜լ… սատկացրու այս խավարասերին:
Հողաթափի հարված, ճտտոց:
ԴԱՆԻԵԼ — (ծիծաղելով): Ես հաղթեցի:
Բացվող դռան ճռինչ:
ԷԼԻՆՈՐ — Այ քեզ բան: Պահարանում թխվածք կա: Հոգատար մարդ է երևում ձեր բանտապետը:
ԴԱՆԻԵԼ — Ասում ես` հոգատա՞ր: Ընդամենը շարքային սադիստ է, որովհետև ամեն օր, ուշ երեկոյան, ծեծում է բանտարկյալներից մեկին, որպեսզի բանաստեղծություն գրի:
ԷԼԻՆՈՐ — Ինչեր ես ասում, Դանիել, հորինո՞ւմ ես:
Աջից կամ ձախից մտնելով ու ճեմելով` անցնում է թերթ Վաճառողը, բայց ոչինչ չի բղավում: Թերթ չունի: Ետևից վազում է կաշեփոկով կապված շունը: Հակընդդեմ ծայրին հասնելով` անհետանում:
ԴԱՆԻԵԼ — Բնավ ոչ, սեր իմ, բնավ ոչ: Մի քանի ժամից ճիչեր կլսես: Պատրաստ եղիր դրան: Մեր բանտապետը ոգեշնչվում է ցավ քաշող մարդու տառապանքով, իսկ հետո` գիշերն ի լույս փակվում է առանձնասենյակում` թղթեր մրոտելով:
ԷԼԻՆՈՐ — Աստված իմ: Սա ի՛նչ աշխարհ է, Դանիել, մենք որտե՞ղ ենք ապրում:
ԴԱՆԻԵԼ — Թող այդ մտքերը, Էլինոր: Հրաշալի սուրճ ես պատրաստել: Արի ինձ մոտ: Դե արի, վերջապես:
ԷԼԻՆՈՐ — Մեր հանդիպումն ավելին է, քան պարզ հաճույքը, սեր իմ: Գրկիր ինձ ու պարգևիր քո գրկում երազելու երազանքը:
ՁԱՅՆԵՐ: Կիթառ և ֆլեյտա: Քամի: Ջրվեժ: Թևաբախումներ և խռովահույզ թռչնի ճիչ: Ճռճռացող զսպանակներ, որ պատմում են մահճակալին պառկող մարդկանց մասին: Քրքջացող բու: Հախճապակե բաժակներ` զրնգոց:
ԷԼԻՆՈՐ — Ես տեսնում եմ միրաժներ:
ՁԱՅՆԵՐ: Հնձող գերանդու սվվոց` հատու, ստեպ-ստեպ, մարդկանց ծիծաղ, խրխինջ, պայթող ականներ: Ձիերի դոփյուն և մենամարտող սրերի զրնգոց (գոյության խառնաշփոթն ու օրինաչափությունը):
ԷԼԻՆՈՐ — Տեսնում եմ դաշտում աշխատող մարդկանց, որ անհոգ են ու երջանիկ:
ՁԱՅՆԵՐ: Ծնվող երեխայի ճիչն առաջին:
ԷԼԻՆՈՐ — Լսո՞ւմ ես: Մարդ ծնվեց: Ձյութի պես սև մի երեխա` հեռավոր Աֆրիկայում: Դանիել… Քո մատները աղերսներ են իմ զգացմունքների վրա, իսկ մուգ կապույտ ծաղիկները սիրո գեղեցկությունն են մեր ոտքերի տակ: Ահա հնձում են ուշ աշնան խոտը, իսկ կով կթող պառավը շուրթերն է լպստում: Կաթ կա դույլերի մեջ:
ԴԱՆԻԵԼ — Ես տեսնում եմ միրաժներ, սեր իմ, տեսնում եմ մեր երիտասարդության առասպելը:
Ավելանում են ՁԱՅՆԵՐ` որոշ ձայներ լռեցնելով: Մեկը զանգակ է հնչեցնում` բղավելով. «Բորո՜տ, բորո՜տ, բորո՜տ…»: Մտրակների շրխկոց և ճիչեր, որ վկայում են ցավը (սա մարդուն ի վերուստ պարտադրված տառապանքն է):
ԴԱՆԻԵԼ — Տեսնում եմ ամբոխ անճանապարհ և խարույկ: Այնտեղ այրում են հավատ ու անուրջներ: Ինձ սե՛ր տուր, Էլինոր, որպեսզի մանկանամ քո գրկի մեջ ու չհիշեմ իմ գոյության վախը:
Ավելանում են այլ ՁԱՅՆԵՐ: Մեխ գամող մուրճի հարվածներ ու ինչ-որ մեկի խուլ աղաղակը հեռվում. «Աստված իմ, ինձ ինչո՛ւ լքեցիր»: Հանգում է փողոցում վառվող լապտերը: Տեղատարափ: Քամին ջնջում է բոլոր ձայները: Մթություն:
ԷԼԻՆՈՐ — Միրաժները չեն ծերանում, Դանիել: Միրաժները մահանում են երիտասարդների հետ:
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ
Տեսարան երրորդ
Լուսաբաց: Բեմի վրա փոփոխություններ չկան: Բացվում է բանտի դուռն ու զինվորը տարածքն է ստուգում:
ԶԻՆՎՈՐ — Դո՛ւրս եկեք:
Չորս բանտարկյալ դուրս են գալիս ու շարվում պատի տակ: Նրանց շղթաները զրնգում են: Րոպե անց հայտնվում է բանտապետը, երկինք նայելով` ձգվում:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Ամբողջ գիշեր աչք չեմ փակել, բայց հրաշալի բանաստեղծություն գրեցի անասունների մասին: Մեկը ազատություն էր աղերսում, իսկ ես պատկերում էի բռնության հաճույքը: (Սեղանին մոտենալով` նստում է:)
ԶԻՆՎՈՐ — (կալանավորներին): Զբոսա՛նք: Շրջանաձև, քայլով` մա՛րշ:
Նրանք պտտվում են, այս անգամ` բավական մեծ շրջան կազմելով, իսկ քարտուղարուհին մատուցում է սուրճ: Ուսին` սրբիչ: Բաժակը բանտապետի առաջ դնելով` գրպանից հանում է սանր ու դիմափոշի: Նախ սրբում է բանտապետի դեմքն ու ձեռքերը, ապա` հարդարում մազերն ու դեմքը մշակում դիմափոշով:
ՄԱՐԹԱ — Բարի լույս եմ կամենում Ձեզ, իմ պարծանք: Վայելեք սուրճն ու ազատության արևը: Դուք ամենաբարձր գովասանքին եք արժանի, որովհետև Ձեր իշխանության օրոք ոչ մի փախուստ չի եղել բանտից:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (հաճույքը թաքցնելով): Շնորհակալ եմ, Մարթա: Կեղտոտ գուլպաներն ու հրամանների մատյանը մահճակալի տակ մնացին: Հասկանո՞ւմ ես:
ՄԱՐԹԱ — Հասկանում եմ, ի՛մ բանտապետ:
Բանտապետը ձեռքի արհամարհական շարժումով հեռանալու հրաման է արձակում, քարտուղարուհին մտնում է բանտ: Մինչ նրանք խոսում էին, Մակարը զբաղված էր իր կրպակի դուռը բացելով: Գալիս է Ավետիսը, մի ձեռքում` մետաղալարե ճոպան, մյուսում` գործիքների արկղ:
ԱՎԵՏԻՍ — (զինվորին մոտենալով): Բարև ձեզ: Կարո՞ղ եմ մոտենալ կոյուղու լյուկին:
ԶԻՆՎՈՐ — Այստեղ ամեն բան բանտապետն է որոշում: Մի րոպե, հիմա կզեկուցեմ: (Բանտապետին մոտենալով ու պատվի առնելով:) Թույլ կտա՞ք զեկուցել:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (բաժակից կում անելով): Զեկուցիր:
ԶԻՆՎՈՐ — Կոյուղի մաքրողը ցանկանում է Ձեզ հետ խոսել:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Թող գա:
ԶԻՆՎՈՐ — Լսո՛ւմ եմ: (Ձեռքի շարժումով կանչում է:)
ԱՎԵՏԻՍ — Պարոն բանտապետ: Ամբողջ գիշեր գոտեմարտել եմ կղկղանքների հետ: Բայց գլխավոր օջախը դեռ փակ է: Թույլ կտա՞ք մտնեմ ա՛յ այն լյուկի մեջ:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — Թեկուզ` գրողի ծոցը: Չեք թողնում մարդ մի բաժակ սուրճ խմի: (Ոտքի կանգնելով բղավում է:) Զբոսանքն ավարտվե՛ց:
Զինվորը, բանտարկյալներն ու բանտապետը մտնում են բանտ, Ավետիսը` լյուկի մեջ: Գալիս է Ահարոնը` ձեռնափայտը ոտքերի առաջ թխթխկացնելով ու զանգակ հնչեցնելով:
ԱՀԱՐՈՆ — Բորո՜տ, բորո՜տ: (Անշարժանալով ու ականջ դնելով:) Մակա՞ր, եկե՞լ ես:
ՄԱԿԱՐ — Ողջույն, Ահարոն: Այսօր ուշացար:
ԱՀԱՐՈՆ — Շատ հարմար մի տեղ եմ գտել հին կաթսայատան փլատակներում: Կարծես դրախտ լինի: Ոչ ոք չի գոռում ականջիդ տակ ու քացի չի հասցնում հետույքիդ: Քնած էի մնացել:
ՄԱԿԱՐ — Ա՜… Դե, առաջացիր: Հիմա սուրճ կխմենք:
Աղբամանին մոտենալով, Ահարոնը սկսում է քչփորել: Ձախից մտնում է Սոֆին` 5 տարեկան երեխայի հետ: Մակարին մոտենալով` ժպտում է:
ՍՈՖԻ — Բարի լույս, Մակար:
ՄԱԿԱՐ — Ողջույն, հարգելիս: Ա՜, Ա՛լեքս: Եկավ իմ ամենամտերիմ ընկերը: Ինչպե՞ս ես:
ԱԼԵՔՍ — Շնորհակալություն, Մակար հորեղբայր, լավ եմ:
ՄԱԿԱՐ — Դե, նստեք, նստեք սեղանի մոտ, հիմա սուրճ կբերեմ:
ԱՀԱՐՈՆ — (աղբամանից թթվասեր հանելով): Փառքդ շատ լինի, Տեր Աստված, այսօր էլ սոված չթողեցիր:
Պատի տակ նստելով ուտում է` ցուցամատն իբրև գդալ օգտագործելով: Մակարը բերում է երեք բաժակ սուրճ և հյութ:
ՄԱԿԱՐ — (Ահարոնին): Սուրճը դնում եմ ոտքերիդ մոտ, չթափես հանկարծ:
Մոտենում է սեղանին: Սոֆին օգնում է` բաժակները հատ-հատ վերցնելով:
ՍՈՖԻ — Հիշո՞ւմ ես, Մակար, ութ ամիս առաջ նստած էինք ահա այսպես, երբ բարձրախոսը երեխա որդեգրելու կոչն արեց: Ահա իմ Ալեքսը: Ես երջանիկ եմ նրա գոյությամբ:
ՄԱԿԱՐ — Իմ սիրտը ցնծում է, Սոֆի, երբ տեսնում եմ քեզ երեխայի հետ զբոսնելիս: Դուք երջանկություն եք ճառագում:
ՍՈՖԻ — Անիծյալ պատերազմ: Քաղաքը դատարկվում է օրըստօրե: Երիտասարդներ չկան այլևս: Կանայք են, ծեր մարդիկ ու երեխաներ:
ՄԱԿԱՐ — Գիտեմ, Սոֆի, գիտեմ: Տես, ինչ եմ գտել փլատակներից: (Գրպանից չորս եռանկյուն նամակ հանելով:) Երեկ Մուշ թաղամասը ռմբակոծեցին, հիշո՞ւմ ես:
ՍՈՖԻ — Ա՜խ, մի հիշեցրու, Մակար, մի հիշեցրու:
ՄԱԿԱՐ — Քեզ ցավ պատճառելու համար չասացի, բարեկամս: Երեկոյան թափառում էի` փլատակներում կենդանի շունչ գտնելու հույսով: Այս ու այնտեղ հին սնդուկներ ու ճամպրուկներ էին թափված: Այս նամակները գտա:
ՍՈՖԻ — (նամակները տնտղելով): Սրանք ֆրոնտից են եկել, որովհետև ծրարների մեջ չեն, այլ ծալված են եռանկյունաձև:
ՄԱԿԱՐ — Իհարկե: Ուրիշի նամակները չեն կարդում, և հիմա ես չգիտեմ, թե ինչ անեմ սրանց հետ: Ձեռքս չի գնում ոչնչացնեմ:
ՍՈՖԻ — Սպասիր մի րոպե: (Ալեքսին.) Դու թղթե թռչուն պատրաստել գիտե՞ս, որդիս:
ԱԼԵՔՍ — Թղթե թռչո՞ւն: (Հյութ խմելով:) Իհարկե գիտեմ: Մանկատանը հաճախ էինք պատրաստում, բայց մորաքույր Լիդան չէր թողնում, ասում էր` թղթերն ափսոս են:
ՍՈՖԻ — Ես մի գաղափար ունեմ, Մակար: Բայց չգիտեմ, կհավանե՞ս…
ՄԱԿԱՐ — Հապա՛:
ՍՈՖԻ — Այս նամակները ազատ են այլևս: Սրանք ազատության մտքերն են: Եկեք թղթե թռչուններ պատրաստենք ու ուղարկենք մարդկանց:
ՄԱԿԱՐ — Ինչե՞ր ես ասում, Սոֆի, մի՞թե նամակների հետ այդպես վարվելու իրավունքն ունենք:
ՍՈՖԻ — Ես հավատում եմ նախախնամությանը: Կյանքում պատահականություններ չեն լինում: Իմ կարծիքով, այս նամակներում կենդանի մտքերը կհասնեն հենց այն մարդկանց, ովքեր փնտրել են, բայց չեն գտել: Գուցե չգիտեն անգամ, թե ինչ են փնտրել:
ԱԼԵՔՍ — (անհամբեր ուրախությամբ): Եկեք թղթե թռչուններ պատրաստենք: Իմ թռչունները ամենահեռուն էին հասնում, երբ մրցում էինք մանկատան ընկերներով:
ՄԱԿԱՐ — (Ալեքսի գլուխը շոյելով): Դե լավ, թող ձեր ասածով լինի:
Նրանք բացում են նամակներն ու սկսում են թղթե թռչուններ սարքել: Մանր քայլերով մտնում է Ժակլինն ու կանգնում բարձրախոսի տակ: Հակընդդեմ կողմից մտնում է Էլինորն ու Ժակլինին տեսնելով` մոտենում: Նրանք երկուսն էլ ութ ամսվա հղի են: Գրկախառնվում են:
ԷԼԻՆՈՐ — Ժակլին, սիրելիս: Ինչպե՞ս ես:
ԺԱԿԼԻՆ — Լավ եմ, Էլինոր, փառք Աստծո:
ԷԼԻՆՈՐ — Էռնեստից լուր ունե՞ս:
ԺԱԿԼԻՆ — Այո, օրերս նամակ ստացա: Թղթի վրա օծանելիք էր կաթացրել, պատկերացնո՞ւմ ես: Թե որտեղից էր ճարել, չգիտեմ:
ԷԼԻՆՈՐ — Ուրախ եմ, անչափ ուրախ եմ ձեզ համար: Քո հավատարմությունը կվերադարձնի ամուսնուդ, Ժակլին, վստահ եղիր:
ԺԱԿԼԻՆ — Այո: Հավատում եմ: Իսկ դու ո՞ւր ես գնում:
ԷԼԻՆՈՐ — Դանիելի հետ խոսելիք ունեմ: Ժամը կասե՞ս:
ԺԱԿԼԻՆ — (ձեռքի ժամացույցին նայելով): Յոթն անց կես:
ԷԼԻՆՈՐ — Ահա, հիմա ուր որ է դուրս կգա: Սպասիր մի քիչ, միասին կգնանք թեյ խմելու:
ԺԱԿԼԻՆ — Շատ լավ, հարազատս:
Վառվում է փողոցի լապտերը: Հետայսու` մթնշաղը կխորանա: Լյուկից դուրս գալով, Ավետիսը գնում, նստում է սեղանի մոտ: Թղթե թռչուններ պատրաստող Սոֆին ու Մակարը դադարեցնում են աշխատանքը` զզվանքը մի կերպ թաքցնելով:
ԱՎԵՏԻՍ — Ո՜ւֆ, հոգնեցի:
ԷԼԻՆՈՐ — (բանտախցի պատուհանին մոտենալով և ափերը խողովակաձև մոտեցնելով շուրթերին): Դանիե՜ե՜ե՜լ…
Բանտարկյալը չի արձագանքում: Մի փոքր սպասելով, Էլինորը կրկնում է կանչը: Դանիելը նայում է պատուհանից դուրս:
ԴԱՆԻԵԼ — Եկե՞լ ես, սեր իմ:
ԷԼԻՆՈՐ — Այո, սեր իմ, որտե՞ղ էիր:
ԴԱՆԻԵԼ — Կանչել էին ջրի ծորակը նորոգելու: Ի՞նչ գեղեցիկ ես, Էլինոր: Ափս փորիդ դնելու մեծ ցանկություն ունեմ:
ԷԼԻՆՈՐ — Սպասիր, Դանիել, կարևոր բան եմ ասելու: Ծանրոցս ստացա՞ր:
ԴԱՆԻԵԼ — Այո, բայց դեռ չեմ բացել:
ԷԼԻՆՈՐ — Հաց եմ ուղարկել ու թել պանիր: (Դեպի վեր պարզված և միմյանցից բավական հեռու բռունցքների մեջ ունի թել և ցուցադրում է:) Գիտեմ, որ թել (ցուցադրում է) պանիր շատ ես սիրում: Կտրիր հացն ու պանիրը հացի մեջ դնելով անուշ արա:
ԴԱՆԻԵԼ — Սպասիր մի րոպե: (Անհետանում է:)
ԱՎԵՏԻՍ — (Սոֆիին ու Մակարին): Կներեք էլի, մի բան ասեմ: Է՛լ հատակի շոր, է՛լ պարան, է՛լ գնդակ… Ինչ ասես լցրել են կոյուղու մեջ: (Պատասխան չստանալով:) Դե լավ, ես գնամ:
Հեռանում է: Սոֆին, Մակարն ու Ալեքսը շարունակում են թղթե թռչուններ սարքել` աշխույժ շփվելով:
ՍՈՖԻ — Թուղթն ուղիղ ծալիր, որդիս:
ԱԼԵՔՍ — Գիտե՜մ, գիտեմ…
ՄԱԿԱՐ — Ես չեմ շտապում, որպեսզի հավասար լինեն թևերը: Իմ թռչունն ամենահեռուն կգնա, այ կտեսնեք:
ԱԼԵՔՍ — (ոգևորությամբ): Ես երկու թռչուն եմ պատրաստելու: Կլինի՞ երկուսն էլ ես ուղարկեմ:
ՄԱԿԱՐ — (շինծու դժկամությամբ): Դե՜… Եթե ուզում ես… Թող այդպես լինի:
ԴԱՆԻԵԼ — (քիչ անց` պատուհանին մոտենալով): Այո, տեսա, շատ ընտիր, յուղոտ պանիր է բերածդ, իսկ հացը` թարմ:
Սա ասելիս` թելը կախում է լուսամուտից, իսկ Էլինորը երկաթ կտրելու փոքր սղոց է կապում ծայրին: Դանիելը քաշում է արագորեն: Այս գործողության ընթացքում լսվում է Ահարոնի ձայնը:
ԱՀԱՐՈՆ — Ժողովո՜ւրդ… Խղճացե՜ք բորոտին: Այս քաղաքում ամենասոված մարդը ես եմ: Մի քանի դրամ տվեք, ախա՜ր:
Դանիելին օդային համբույր ուղարկելով, Էլինորը նախ մոտենում է Ահարոնին, մի քանի գրոշ գցում գլխարկի մեջ, ապա` Ժակլինին:
ԷԼԻՆՈՐ — (Ժակլինին): Գնանք: Երկու սալիկ շոկոլադ ունեմ ու չինական թեյ: Երեկոն միասին կանցկացնենք ու կխոսենք վաղվա մեր անելիքների մասին:
ԺԱԿԼԻՆ — Այո, Էլինոր: Ռումբերը փլուզել են ծննդատունը: Մենք մտածելու շատ բաներ ունենք:
Հեռանում են:
ԱԼԵՔՍ — (ուրախ, թղթե երկու թռչնակ գլխից վեր թափահարելով): Ես վերջացրեցի:
ՍՈՖԻ — Մենք էլ:
ՄԱԿԱՐ — (ժպտադեմ): Դե, մեզանից ո՞վ կլինի թռչնակ ուղարկող առաջինը:
ԱԼԵՔՍ — Ե՛ս, ես կուղարկեմ:
Այս պահից կխոսի բարձրախոսը, իսկ նրանք կմոտենան բեմեզրին: Հետագա գործողությունները կծավալվեն հայտարարության ուղեկցությամբ:
ԲԱՐՁՐԱԽՈՍ — Խոսում է Պատերազմի Ձայնը: Այսօր, հուլիսի երեքին, հայրենական տանկերն ու ավիացիան ճեղքեցին ուրալյան աղեղը` կյանքի ճանապարհ բացելով և շրջափակումից դուրս բերելով Մորե քաղաքը: Այլևս իրականություն դարձավ մեր առաջին և մեծագույն հաջողությունը: Ուրեմն` ի զեն: Մենք հավատում ենք հաղթանակին:
Հաղորդագրության ընթացքում Ալեքսը, Մակարն ու Սոֆին թղթե թռչուններն ուղարկում են դահլիճ` անհասցե նամակները հանդիսատեսին հանձնելով: Ապա նստում են:
ՄԱԿԱՐ — Շնորհակալ եմ, Սոֆի: Սա հանճարեղ գաղափար էր: Կարծես քար ընկավ ուսերիցս:
ՍՈՖԻ — Ճիշտն ասած, մի փոքր կասկածում էի, բայց քո խոսքերը ամրապնդեցին համոզմունքս, որ ճիշտ ենք վարվել:
ՄԱԿԱՐ — Առաջարկ ունեմ: Սիրահարների այգու կարուսելներից մի քանիսը դեռ պտտվում են: Ալեքսին այգի տանենք, մենք էլ կնստենք ծառերի տակ:
ԱԼԵՔՍ — (ուրախությունից վեր թռչելով): Կարուսե՞լ: Ինձ այգի՞ եք տանում:
ՍՈՖԻ — (ի նշան երախտագիտության` Մակարի ձեռքը շոյելով): Այո, որդիս, մի փոքր կզվարճանանք միասին:
ՄԱԿԱՐ — Դե, վեր կացանք: Թող կորչեն բոլոր վատ մտքերը:
Համերաշխ հեռանում են: Մթնշաղը սկսում է խտանալ:
ԱՀԱՐՈՆ — Ահա մենակ մնացի: Ամռան երեկո…
ՁԱՅՆԵՐ: Փայտ կոտրելու դխկոց: Խորդուբորդ ճանապարհ անցնող սայլ, ձիու վրնջյուն և ճռճռոցն անիվների: Խումբ մարդկանց աշխույժ: Ջրվեժ: Սայլ վարող գյուղացու խռպոտ ձայն. «Նո՜ո՜ո՜…»: Քամի: Շրխկոցով փակվող լուսամուտ և վախեցած կնոջ ճիչ (ճշմարիտ կյանքն ու պատերազմով տկար մարդու հակասությունն է սա): Ահարոնը խոսում է այս ընթացքում:
ԱՀԱՐՈՆ — (կանգնելով): Ինչ-որ մեկը դաշտից տուն է վերադառնում` տուն տանելով ձմեռվա խոտը: Կինը կդիմավորի նրան: Քամիները ծածանում են կնոջ գլխաշորը: Իմ կյանքը եղել է ձայների խառնաշփոթ: Ստվերներ տեսա, երբ մանուկ էի, բայց հետո դրանք էլ անհետացան: Նորածինները ճչում են իրենց ապագա լացը, որ ինչ-որ մեկը կոչել է Կյանք:
Ձայները բզկտվում են` անկանոն մարելով: Դանիելն իր բանտա­խցի ճաղավանդակն է սղոցում: Մետաղին քսվող սղոցի խզխզոց. սո՛ւր, հոգեմաշ:
ԱՀԱՐՈՆ — (լարվելով): Լսում եմ: (Մատն անորոշ ուղղությամբ պարզելով:) Այնտեղ անդամահատում են Լռության ոտքերը: Այնտեղ միրաժներ են եղել, բայց ես տեսել եմ դրանք իմ կույր աչքերի բանտախցերում:
Երաժշտությունն` իբրև ՁԱՅՆ: Հնչյունները շեշտում են անուրջներ, որոնք բզկտվում են սղոցի խզխզոցից:
Ձեռնափայտի օգնությամբ ճանապարհը շոշափելով` Ահարոնը մոտենում է բեմեզրին: Սև ակնոցի տակից գլորվող արցունք: Նա խոսում է ձեռքն առաջ` հանդիսատեսին պարզելով:
ԱՀԱՐՈՆ — Պատերազմը երիտասարդ ձայներ խլացրեց: Դուք նկատե՞լ եք… Քաղաքում վառ գույներ չկան այլևս: Եվ միրաժներ չկան…
Մտամոլոր հեռանում է:
Լռություն:
Ճաղավանդակը պոկելով, Դանիելը սավաններից պատրաստված պարան է կախում լուսամուտից, իջնում: Հալածական գազանի պես աջ ու ձախ նայելով փախչում է: Մարում է փողոցի լապտերը: Մթություն:
Տեսարան չորրորդ
Պատին` մեծ, կլոր ժամացույց: Այլ փոփոխություններ չկան: Բեմը լուսավորվում է աստիճանաբար: Բացվում է բանտի դուռը, զինվորն ու երեք կալանավոր դուրս են գալիս: Նրանց ոտքերն ու ձեռքերը ազատ են, առանց շղթաների:
ԶԻՆՎՈՐ — Շարվե՛ք:
Կանգնում են պատի տակ` մի գծով: Բանտապետն այժմ կալանավոր է: Նա գտնվում է Դանիելի խցում և նայում է պատուհանից:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (զինվորին): Է՛յ, շարքային հաստագլուխ, չգիտե՞ս, որ կալանավորը պետք է շղթայակապ լինի: Տականքը չի կարող ազատություն ունենալ, որովհետև ազատ տականքները վտանգավոր են հասարակության համար:
ԶԻՆՎՈՐ — Ձայնդ կտրի՛ր, անասուն: Հիշիր, թե քանի կյանք ես խորտակել, երբ բանտապետ էիր: Բայց ճիշտ ասացիր. տականքը չի կարող ազատություն ունենալ: Ահա ցմահ կփտես այդ բանտախցում: (Բանտարկյալներին.) Տղերք, այսօր գործեր ունենք: Դո՛ւ և դո՛ւ: Մի քայլ առաջ: (Ենթարկվում են:) Վերցրեք աղբարկղը: Գնացի՛նք:
Չորսն էլ հեռանում են բեմից` աղբարկղը տանելով:
ՆԻԿ ՍՈՄՄԵՐ — (նրանց ետևից): Ճիճունե՛ր: Շատ շուտ մոռացան ծեծն ու տանջանքը, դրա համար էլ հաբռգել են: Այլևս չեմ խառնվելու ձեր գործերին: (Ներս քաշվելով:) Թքա՛ծ:
Աջից գալիս է Մակարը: Նա ծերացել է: Մազերը ճերմակ են, մեջքը` կոր: Կրպակից փոքր սեղան հանելով` հուշանվերները շարում է սեղանին: Ձախից մտնում է Սոֆին ու Մակարին մոտենալով` փաթաթվում:
ՍՈՖԻ — Բարի լույս, Մակար: Ինչպե՞ս ես:
ՄԱԿԱՐ — Բարի լույս, Սոֆի: Ի՞նչ ասեմ: Լավ եմ, երևի:
ՍՈՖԻ — Իսկ անալիզներիդ պատասխանները վերցրե՞լ ես: Բժիշկներն ի՞նչ են ասում:
ՄԱԿԱՐ — Լուրջ բան չկա, մի անհանգստացիր: Հիմա սուրճ կպատրաստեմ:
ՍՈՖԻ — Սուրճը ես կպատրաստեմ, իսկ դու քո գործին նայիր: (Կրպակ մտնելով:) Մի քանի ժամից դպրոց պիտի գնամ:
ՄԱԿԱՐ — (կրպակից ցածր աթոռ դուրս բերելով): Շատ ճիշտ ես անում: Դժվար երեխա դուրս եկավ քո Ալեքսը, նրան մենակ թողնելը վտանգավոր է:
Մակարը հուշանվերներն է շարում սեղանիկին: Բանտարկյալները բերում են ճոճանակ, ավազով պարկեր, ցածր սղարան: Նրանք մանկական խաղահրապարակ են կառուցում:
ԶԻՆՎՈՐ — Ճոճանակն այստեղ դրեք: Ոչ, ոչ, ահա այստեղ:
ԱՌԱՋԻՆ ԿԱԼԱՆԱՎՈՐ — Իսկ ավազը որտե՞ղ ենք կուտակելու:
ԶԻՆՎՈՐ — Նախ ճոճանակը տեղադրեք, հետո կերևա:
ԵՐԿՐՈՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐ — (պարկ տեղափոխելով): Երբ երեխա էի, մեր բակում էլ ավազ կար, բայց հետո ավտոտնակներ կառուցեցին:
ԵՐՐՈՐԴ ԿԱԼԱՆԱՎՈՐ — Հիշո՞ւմ ես: Ավազե բլուրներ էինք կառուցում, իսկ հետո փորում էինք` բլուրների մեջ թունելներ բացելով:
ԶԻՆՎՈՐ — Հիմա սղարանը տեղադրեք:
Մինչ նրանք մանկական խաղահրապարակ կառուցելու գործով են զբաղված, Սոֆին ու Մակարը մոտենում են սեղանին` սուրճ բերելով: Նստում են:
ՍՈՖԻ — Ես չգիտեմ, թե ժամանակն ինչ խաղեր է խաղում մեզ հետ: Ահա հինգ տարի անցավ, և պատերազմն էլ շուտով կավարտվի:
ՄԱԿԱՐ — Այո: Համամիտ եմ: Կարծես երեկ էր, երբ հենց այստեղ նստած թղթե թռչուններ էինք պատրաստում: Տեսնես ո՞ւր հասան նամակները, և ովքե՞ր կարդացին դրանք:
ՍՈՖԻ — Ես էլ հաճախ նույն բանն եմ մտածում: (Սուրճ խմելով:) Տեսնես ի՞նչ մարդիկ են եղել: Մենա՞կ են կարդացել, թե՞ ընկերների հետ:
ՄԱԿԱՐ — Իսկ գուցե ընտանյոք հանդերձ հավաքվել են ուշ երեկոյան, հաց ու գինի են դրել սեղանին ու հանդիսավոր ընթերցել են անծանոթ տղամարդու նամակը` պատկերացնելով պատերազմն ու նամակ գրողին պատկերացնելով: Կամ գուցե նրանց ականջների մեջ հնչել է անծանոթ զինվորի ձայնը, և ինչ-որ մեկը արտասվել է թաքուն: Ո՞վ գիտի:
Կալանավորներն ավարտում են աշխատանքը:
ԶԻՆՎՈՐ — Շարվե՛ք: Ապրեք, տղերք, լավ աշխատեցիք: Գնում ենք տուն: Քայլով` մա՛րշ:
Նրանք մտնում են բանտ, երկաթե դուռը փակվում է հնչեղ շրխկոցով:
ՍՈՖԻ — Լսիր, Մակար, վաղուց ուզում էի ասել…
Մտնում է Ավետիսը:
ԱՎԵՏԻՍ — (սեղանին մոտենալով): Մակար հայրիկ, ինձ խաչ տուր և Մասիս սար:
ՄԱԿԱՐ — (Սոֆիին): Հիմա կգամ: (Սեղանիկին մոտենալով` Ավետիսին:) Այսօր չե՞ս աշխատում:
ԱՎԵՏԻՍ — Դե՜ե՜ե՜ե… Խցանումներ չկան: Խեղճ ժողովուրդը հաց չունի: Ինչ են ուտում, որ ինչ էլ անեն: Նայում ես քաղաքին` ամենուրեք սև ստվերներ են: Հյուծախտով տառապող մարդիկ, որ ծերացան անժամանակ:
ՄԱԿԱՐ — (խաչն ու Մասիս սարը հին թերթի մեջ փաթաթելով): Ահա՛: Հազար դրամ:
ԱՎԵՏԻՍ — (դրամ հանելով): Այդքան էժա՞ն:
ՄԱԿԱՐ — Այո: Առյուծի բաժինը նախկին բանտապետն էր տանում, բայց հիմա ամեն բան փոխվել է:
ԱՎԵՏԻՍ — Շնորհակալ եմ: Այ թե կուրախանա կինս: Ամեն առավոտ կանգնում է պատուհանի առաջ` երեսին խաչ հանելով, ու ամեն առավոտ` նույն բանը. «Ես իմ սարն եմ ուզում, ես իմ սարն եմ ուզում…»: Հիմա տանեմ, թող ուրախանա:
Ավետիսը հեռանում է, Մակարը վերադառնալով` նստում:
ՄԱԿԱՐ — (սուրճից կում անելով): Խոսքդ կիսատ մնաց: Շարունակիր, Սոֆի:
ՍՈՖԻ — (շինծու): Ախ հա՜… (Պաուզա:): Գիտե՞ս, Մակար, երբ որդեգրեցի Ալեքսին, չէի պատկերացնում, թե ինչ դժվարություններ կունենամ հետո: Բայց դու հոր պես եղար: (Մակարի այտը շոյելով:) Մակար պապիկ եղար Ալեքսի համար: Շնորհակալ եմ, սիրելիս:
ՄԱԿԱՐ — (թեթևացած): Ես էլ կարծում էի` վատ լուր ունես: Իսկ ես ինչպե՞ս էի ապրելու առանց քո ներկայության: Ինչպե՞ս էի ապրելու առանց քո հոգատարության, երբ Սև թուղթ ստացա ռազմաճակատից: Երեք որդի ունեմ, երեքն էլ մեկնեցին առաջին իսկ զորահավաքով: Բայց Արտաշեսը չկա այլևս: Եվ հիմա երկուսն են մնացել: (Գրպանից թաշկինակ հանելով` սրբում է աչքերը:)
ՍՈՖԻ — Հետևիր առողջությանդ, խնդրում եմ: Դու դեռ կկանգնես կառամատույցին, որպեսզի ընդունես հաղթանակով վերադարձող որդիներիդ հաղթանակն ու արժանապատիվ կյանքով ապրող մարդու օրինակ կլինես Ալեքսի համար: (Պատի ժամացույցին նայելով:) Ես պիտի վազեմ:
ՄԱԿԱՐ — Այսօր կարևոր հաղորդագրություն ենք լսելու, երեկոյան եկեք:
ՍՈՖԻ — Շատ լավ: Անպայման:
Սոֆին հեռանում է, Մակարն անցնում է իր գործին: Մտնում են Ժակլինն ու Էլինորը` իրենց երեխաների հետ: Երեխաները 4 տարեկան են: Ժակլինի որդին և Էլինորի դուստրը:
ԷԼԻՆՈՐ — (զարմանախառն ուրախությամբ): Հապա նայեք: Այստեղ խաղահրապարակ են կառուցել:
Մոր ձեռքը թողնելով, Մարկը վազում է դեպի ավազակույտը, որի մոտ դրված են խաղալիքներ. դույլեր, փոցխեր, բահեր ու բեռնատար ավտոմեքենաներ:
ԷԼԻՆՈՐ — (ճչալով): Այդ ո՞ւր:
ԺԱԿԼԻՆ — Մի արգելեք, Էլինոր: (Ավրորային.) Ճոճանակ կնստե՞ս:
ԱՎՐՈՐԱ — Ճոճանա՜ա՜ա՜կ… Այո՜… Ճոճանա՜կ եմ ուզում…
Նրանք մոտենում են խաղահրապարակին: Էլինորը խաղում է Մարկի հետ, Ժակլինը Ավրորային օրորում է ճոճանակով:
ՄԱՐԿ — Ես էլ եմ ճոճանակ ուզում:
ԷԼԻՆՈՐ — Դու կարող ես մի քանի անգամ սղալ, մինչև Ավրորան կիջնի ճոճանակից:
Քիչ անց երեխաները ավազի հետ են խաղում, Էլինորն ու Ժակլինը նստում են սեղանի մոտ:
ԺԱԿԼԻՆ — Էռնեստից նամակ ունեմ: Նա այսօր կվերադառնա:
ԷԼԻՆՈՐ — (ուրախությամբ): Իսկապե՞ս: Սա մե՛ր երջանկությունն է, Ժակլին, որովհետև միասին անցանք այս հինգ տարվա տառապանքը: Ամուսնուդ որտե՞ղ ես դիմավորելու:
ԺԱԿԼԻՆ — Հենց այստեղ, որտեղ որ բաժանվել ենք: Հրաժեշտից առաջ Էռնեստն իր ժամացույցը արձակեց թևից ու ասաց. «Վերցրու: Այս ժամացույցը քո թալիսմանը կլինի ու կհաշվի մեր ապագա հանդիպման րոպեները»: Այն ժամանակ դեռ չգիտեի, թե այդ խոսքերն ինչ կարող են ենթադրել, բայց Էռնեստը մարգարեացավ ըստ էության: Տարիներ շարունակ անկողին եմ մտել վայրկյանացույցի տկտկոցը լսելով և տարիներ շարունակ ապրել եմ այս օրը ունենալու համար: Իսկ դու լուր ունե՞ս Դանիելից:
ԷԼԻՆՈՐ — Փախուստից երկու ամիս անց նրան կալանավորել են և առաջին գիծ են ուղարկել` մահապարտների ջոկատով: Այս հինգ տարիների ընթացքում ո՛չ լուր ունեմ, ո՛չ էլ նամակ:
ԺԱԿԼԻՆ — Իսկ սի՞րտդ, ի՞նչ կա սրտի՛դ մեջ: Եթե սիրել եք իրար, եթե անկողին եք կիսել, ապա ուրեմն մի փոքր սիրտ եք նվիրել միմյանց: Տարածությունն ու անհայտությունը սարսափելի են, իհարկե, բայց արյան կանչը չի լռում երբեք: Ես քեզանից ա՛յլ պատասխան եմ ակնկալում: Բայց նախ` սրտիդ հետ խոսիր:
Ժակլինը մոտենում է երեխաներին` նրանց խաղը վերահսկելու նպատակով:
ՁԱՅՆԵՐ: Ջրկաթոց և կաթիլի ձայնը` միալար, հոգեմաշ (սա ներանձնական ճգնաժամն է): Պտուտահողմ (հույզեր): Տանիքներին և ապակիներին բախվող ավազահատիկներ (մտքեր, որ բանականության պատերն են ռմբակոծում): Ժամերգության զանգեր ու խմբերգ, որ լռում է կրակոցով (հաշմանդամ է հավատը): Ինչ-որ մեկն արտասանում է ճապոներեն. մի քանի տող` խզված կոկորդով (համամարդկային ողբերգության մեջ են բոլորը, իսկ բանաստեղծը տիեզերական կերպար է): Հեռախոսազանգ: Կնոջ ձայն. «Ալո» (սպասման անհամբերությունը): Մենավոր թավջութակ: Կրակահերթ (պատերազմը մարդկանց էության մասնիկն է այլևս): Ճիչ. «Գեներալի՛ն, գեներալի՛ն հանեք շրջափակումից»: Միանում են այլ ձայներ: Ժխոր: Փշրվող ապակի (սա հույսն է): Հնչյունային այս քաոսում` միախառնվող նախադասություններ.
1. Ատում եմ բռնությունը:
2. Ճամպրուկները, ճամպրուկնե՛րը չմոռանաք:
3. Հիստերիկ քրքիջ:
Սուլոցով ընկնող ռումբ և պայթյուն: Պայթյունը ջնջում է բոլոր ձայները` թողնելով կաթիլների անկումը` միալար, հոգեմաշ:

Ժակլինը վերադառնում է:
ԷԼԻՆՈՐ — (ինքնամոռաց): Ռումբերը ձագարաձև փոսեր են բացել. կարծես վերքեր լինեն մեր մանկության փողոցներում: (Ժակլինին.) Դու նկատե՞լ ես… Դաշտերում ծփում են ոսկեգույն հասկեր, իսկ գերեզմանների վրա կարմիր կակաչներ են խոնարհվել: Մենք բոլորս թաքնվում ենք սավանների տակ` դրսում թողնելով ամռան արևը: Ամենուրեք թիթեռներ են, ծաղիկներ ու լույս, բայց դեռ ձյուն կա փոսերի մեջ: Այնտեղ որդեր են վխտում, և ձյունը չի հալվում ոչ մի կերպ: Ես լսում եմ մենության ձայնը: Իմ տղամարդը չի վերադառնալու:
Կաթիլների Ձայնը լռում է:
ԲԱՐՁՐԱԽՈՍ — Խոսում է Պատերազմի Ձայնը: Այսօր, օգոստոսի 16-ին, երկարատև ու արյունոտ մարտերից հետո, թշնամին անձնատուր եղավ` պարտության պայմանագիր ստորագրելով: Սիրելի ժողովուրդ: Մենք երկար ենք սպասել այս օրվան: Սպասել ենք, որպեսզի մեր շուրթերը արտասանեն այս մի հատիկ բառը. ՀԱՂԹԱՆԱԿ:
ՄԱԿԱՐ — (աթոռից վեր թռչելով և կանանց մոտենալով: Բուռն ցնծությամբ): Լսեցի՞ք:
ԺԱԿԼԻՆ — (նույնպես վեր թռչելով): Հաղթանա՜կ:
Գրկախառնվում են: Էլինորը համր ընդարմության մեջ է: Մտնում են Սոֆին, Ալեքսն ու Ավետիսը: Մակարին մոտենալով, նրանք գրկախառնվում են:
ՍՈՖԻ — Ամենաերջանիկ օրը… Վերջապես…
ՄԱԿԱՐ — Այո, հենց սա՛ է ամենաերջանիկ օրը, որովհետև մենք միմյանց աչքերի մեջ նայելու համարձակությունն ունենք:
ԱՎԵՏԻՍ — Մի րոպե: (Հապշապ դուրս է գալիս, րոպե անց վերադառնում` բերելով գինի ու հաց:) Եկեք նշենք:
ԺԱԿԼԻՆ — Իսկ բաժակներ որտեղի՞ց գտնենք:
ՄԱԿԱՐ — Հիմա կբերեմ: (Իր կրպակից բաժակներ, ապխտած ձուկ ու խաշած կարտոֆիլ բերելով` դնում է սեղանին:) Ահա: Լցրեք:
ԱՎԵՏԻՍ — Անմիջապես: (Լցնում է:)
ՄԱԿԱՐ — Եկեք խմենք բոլոր նրանց համար, ովքեր ապրեցին հաղթանակով, բայց չհասան հաղթանակին: Եկեք խմենք` հարգելով լավագույն տղերքի հիշատակը:
Խմում են: Էլինորը միացել է նրանց: Մթնշաղի ստվերներն են երկարում, իսկ փողոցում վառվում է լապտերը:
ՍՈՖԻ — Շատերը կվերադառնան այսօր: Եվ ցնծության ճիչեր կլսվեն քաղաքում: Բայց, իմ կարծիքով, մենք մի փոքր զուսպ պիտի լինենք մեր երջանկության մեջ, որովհետև կյանքը շարունակվում է զոհաբերության շնորհիվ:
ԺԱԿԼԻՆ — Համամիտ եմ: Աստված իմ, ինչ օրեր էին… Բայց հիմա եկեք խմենք` միմյանց կամենալով կամք և ազնվություն, որովհետև սա մե՛ր մայրաքաղաքն է, և այստեղ երբեք չեն լռելու բացակա մարդկանց ոտնաձայները:
Խմում են:
ՄԱԿԱՐ — Ես մի գաղտնիք ունեմ: Տարիներ առաջ մի մարդ կար այստեղ: Հիշո՞ւմ եք Ահարոնին:
ՄԻ ՔԱՆԻ ՀՈԳԻ — Այո, իհարկե…
ՄԱԿԱՐ — Ուզում եմ իմանաք, սիրելի բարեկամներ, որ Ահարոնն առողջ էր ու բնավ չէր տառապում բորոտությամբ: (Զարմանախառն բացականչություններ:) Նա ընդամենը խաղում էր` մեզանից յուրաքանչյուրին հիշեցնելով գթասրտության անհրաժեշտությունը: Մահացավ աննկատ ու անտրտունջ: Կարծես չէր էլ եղել այս աշխարհի վրա ու չէր ապրել օրեր, որոնք վերջանում են հանկարծ, երբ դու բնավ չես սպասում ու դեռ չգիտես, որ վաղվա քո ափսոսանքը լինելու են բառեր: Ուզում էի հենց սա ասել: Բառեր մի խնայեք, սիրելիներ: Սև օրվա համար կարող եք տնտեսել փող, ոսկեղեն, թանկարժեք քարեր… Բայց բառեր մի խնայեք և զարդարեք մտերիմ մարդկանց կյանքը ձեր ամենաթանկ ու ամենանվիրական բառերով:
ՍՈՖԻ — Եկեք հիշենք Ահարոնին` հանձինս նրա հարգելով բոլոր նրանց, ովքեր մահացան այս քաղաքում` հաղթանակ երազելով:
Աջից մտնում է Էռնեստը: Հանդիսատեսին` ձախ կիսադեմով: Երկարաճիտ կոշիկներ, ուսապարկ, գլխաբաց, իսկ շինելի ձախ թևքը` դատարկ: Լապտերին մոտենալով, կանգնում է այնտեղ, ուր հանդիպում էին պայմանավորվել Ժակլինի հետ:
ԺԱԿԼԻՆ — (ինքնամոռաց ճչալով): Էռնեստ:
Հասնում է ամուսնուն, պարանոցից կախվելով` համբուրում: Նա սարսափում է` շինելի ձախ թևքը դատարկ տեսնելով, իրականությունը վանում է նրան, և հիմա կանգնած են դեմ առ դեմ` լռության մեջ խորտակելով երջանկության ցավը:
ԷՌՆԵՍՏ — Պատերազմ չի եղել: Վերջին անգամ ապրել եմ հինգ տարի առաջ, հենց այստեղ` սիրելի կնոջ հետ համբուրվելիս: Իսկ հետո անցել են օրեր, գարուններ են անցել, և ինչ-որ մեկը ապրել է իմ ժամանակը` իմ փոխարեն:
ԺԱԿԼԻՆ — (տեղից պոկվելով` վազում է և ավազի հետ խաղացող Ավրորային գրկելով` վերադառնում): Ահա քո ժամանակը, Էռնեստ:
Էռնեստը երեխային գիրկը վերցնելով` համբուրում է…
ԺԱԿԼԻՆ — (Ավրորային): Հայրդ վարադարձավ, Ավրորա, դու էլ նրան համբուրիր:
ԷՌՆԵՍՏ — Երբ հեռացա այստեղից, ժամը ութն էր, իսկ հիմա չգիտեմ, թե քանիսը կլինի: Ժամացույց չունեմ:
Երաժշտությունն` իբրև ՁԱՅՆ: Ջրկաթոց: Կաթիլը ` միալար, հոգեմաշ: Դելֆինների երգ: Բարձր տկտկացող վայրկյանացույց: Ճիչ և կրակոց (գնդակահարություն): Ծիծաղ և հառաչանք (գոյության հակընդդեմ իրականությունը): Քամի: Կոմբայն և հասկեր հնձելու սվվոց: Լուսընկա գիշերով ոռնացող գայլ (դժբախտության կանչը): Ալեբախություն:
Ձախ դաստակից ժամացույցն արձակելով, Ժակլինը վերցնում է շինելի դատարկ թևքն ու աջ ձեռքը սահեցնում ներս: Բռի մեջ ժամացույցն է` տեսանելի: Գրկախառնվելով պարում են (մնջախաղ): Րոպեներ: Ժամացույցի տկտկոցն աստիճանաբար ջնջում է բոլոր հնչյունները` երաժշտությունն իբրև ձայն թողնելով: Մյուսները ցածր զրուցում են սեղանի մոտ, համտեսում ուտեստներ: Էլինորը գրկել է Մարկին և գուրգուրում է նրան` անհույս հեծկլտալով: Աջից, լապտերի տակ պարողների հակընդդեմ կողմից, մտնում է ենթասպան` հրելով սև նստասայլակը: Նստածը Դանիելն է` զինվորական հագուստով և կապիտանի ուսադիրներով: Լռություն:
ԵՆԹԱՍՊԱ — (նստասայլակը սեղանից քիչ հեռու կանգնեցնելով: Սեղանը չի ծածկում, նստասայլակը տեսանելի է ամբողջությամբ): Տիկնայք և պարոնայք: Մի րոպե լռեք խնդրում եմ: (Էլինորը չի շարժվում տեղից: Նա քար երջանկության մարմնացում է:) Ահա մահապարտների հրամանատարը: Կապիտան Դանիել Եսայան:
ՄԱԿԱՐ — (Դանիելին գրկելով): Դանիե՜լ… Որդիս… ո՞վ կսպասեր: Քեզ դատեցին անարդար դատով, բայց դու մաքրեցիր քո հասցեին շպրտված անարգանքը:
ԷԼԻՆՈՐ — (նստասայլակի առջև ծունկի իջնելով և ամուսնու ձեռքը համբուրելով): Ներիր ինձ, սեր իմ, ներիր ինձ:
ԴԱՆԻԵԼ — Լցրեք բաժակները:
Ավետիսը լցնում է, երաժշտությունը` դադարում:
ԴԱՆԻԵԼ — (կնոջն ու երեխային փաղաքշելով): Հիմա, երբ եկել է ապրելու ժամանակը, եկեք մոտ լինենք միմյանց: (Էռնեստն ու Ժակլինը մոտենում են: Ժամացույցը Ժակլինի աջ ձեռքում` տեսանելի:) Ես բանտախցից տեսա այս քաղաքը, երբ պատերազմի առաջին օրերն էին, և հիմա կյանքն եմ վկայում` մեջքիս ետևում ունենալով նույն բանտախուցը: Պատերազմն ավարտվեց, բայց մեզանից յուրաքանչյուրը դեռ մի փոքր պատերազմ ունի իր մեջ: Ցանկանում եմ, որ դուք անձնական հաղթանակներ ունենաք ձեր հետագա օրերը հաղթահարելիս: Որովհետև կգան օրեր, երբ մենք կբախվենք ամենածանր ու ամենաողբերգական ճշմարտությանը: Միրաժները մահանում են երիտասարդների հետ: Ահա նախապես ասացի, որպեսզի չպարտվեք հետագայում: Իսկ հիմա եկեք խմենք: Ո՛չ: Եկեք հարբենք` գրողի ծոցն ուղարկելով պատերազմն ու քաղաքակրթության խայտառակությունը, երբևէ բոլոր ցնցումներն ու այն ամենը, որ մարդը չի կարող կրել իր ներսում, բայց կրում է ճարահատ:
Խառնաղմուկ: Բաժակ բռնած ձեռքեր: Խմում են: Եվ` ՁԱՅՆ վերջին: Ջրկաթոց. ընկնող կաթիլներ` միալար, հոգեմաշ:
Վարագույր
Նամակներ, որոնք կսավառնեն դահլիճում` իբրև թղթե թռչուններ, ու կհասնեն հանդիսատեսին: Յուրաքանչյուր նամակ պետք է ունենա այս խորագիրը:
ՆԱՄԱԿՆԵՐԸ ՁԱՅՆԵՐ ԵՆ:
ԱՅՍ ՁԱՅՆԵՐԸ ՉԵՆ ԼՌՈՒՄ ԵՐԲԵՔ:
ՉԵՆ ԼՌՈՒՄ ՆՈՒՅՆԻՍԿ ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ՄԻՐԱԺՆԵՐԸ ՄԱՀԱՆՈՒՄ ԵՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԵՏ:

Նամակ 1
Բարև Անուշիկ:
Հավաքիր տան անդամներին ու նամակս կարդա բարձրաձայն: Բարձր կկարդաս, որպեսզի Սիրուն տատն էլ լսի: Սիրելի մայր: Հագել եմ քո գործած գուլպաները: Շնորհակալ եմ: Այստեղ անձրևներ են ու ցուրտ: Վերջապես ազատագրեցինք Քարվաճառն ու Օմարի լեռնանցքը: Օդը մաքրվեց ազերիների հոտից: Ես լավ եմ, առողջ: Եթե իմանաս, Անուշիկ, թե այստեղ ինչ նռներ կան, բերանիդ ջուրը կգնա: Լևոն, գիտեմ, որ կռվարար ես, բայց կռիվը լավ բան չի, որդիս: Լավ կլինի օգնես Արշակ պապին: Այ, դրանով իսկապես կուրախացնես ինձ: Աննա, իմ գեղեցկուհի: Քեզ մի գաղտնիք պիտի վստահեմ: Հիշո՞ւմ ես, տիկնիկ էիր տեսել խաղալիքների խանութում և խնդրում էիր, որ գնեմ քեզ համար: Տիկնիկը գնել եմ, հետո մտածեցի, որ կնվիրեմ մի քանի օր անց, ծննդյանդ օրվա առավոտյան: Չգիտեի, որ հաջորդ օրն իսկ մեկնելու եմ ռազմաճակատ: Տիկնիկը կգտնես իմ գրապահարանի դարակում: Ծնունդդ շնորհավոր, քաղցր բալա: Իսկ դու, Լևոն որդի, մի քիչ սպասիր: Երբ վերադառնամ, քեզ զինվորական գոտի կնվիրեմ: Անուշիկ, սիրելիս: Հիշո՞ւմ ես ապրիլի երեքը: Պիտի որ լավ հիշես այդ օրը: Երեկոյան նստել էինք մեր թթենու տակ: Հետո մի բան պայմանավորվեցինք: Ես սկզբում դեմ էի, բայց հիմա փոխել եմ որոշումս: Թող քո ասածով լինի:
Շուտով ճաշարան ենք գնալու: Լավ են կերակրում, դժգոհ չեմ: Կարծես ամեն ինչ ասացի: Բարևներ Արշակ քեռուն: Բարևներս Ստեփան հոպարին ու նրա ընտանիքին: Դե, պինդ մնացեք: Առայժմ:

Ձեր` Մարգար:
12 մայիս, 1993 թ.

Նամակ 2
Բարև, Ամալիա, բարև, սիրելիս:
Ես գիտեմ, թե դուք ինչպես եք հավաքվում ուշ երեկոյան, գիտեմ, թե խաշած կարտոֆիլն ինչպես է այրում ձեր մատները` կեղևը հանելիս: Դուք հավանաբար հիշում եք հին-հին օրեր` երբ միասին էինք, երբ ոչ ոք չէր ենթադրում, թե պատերազմ կլինի: Տարին անցավ մեկ օրվա պես: Ուրեմն Լյուսին հիմա 4 տարեկան է: Ծնողներիս հոգսը քո ուսերին մնաց, Ամալիա, բայց դու գիտես ծեր մարդկանց հարգանք մատուցելու գաղտնիքը: Շնորհակալ եմ: Մի քանի օր առաջ, հունվարի 20-ին, ազատագրեցինք Ստեփանակերտի արվարձան Կրկժանը ու հիմա լեռներն ենք քաշվել: Այլ նորություններ չկան առանձնապես: Երբ պատասխան նամակ կգրես, Ամալիա, Լյուսիի թաթիկը դիր թղթին և ուրվապատկերիր գրիչով: Ի դեպ, Ամալիա, մի քիչ փող ունեմ, հավաքում էի կահույք գնելու համար: Կգտնես գրասեղանի ձախ դարակում, թղթերի տակ: Գուցե մայրիկն ու հայրիկը դեղորայքի կարիք ունենան: Մի խոսքով: Ծախսիր քո հայեցողությամբ: Է՞լ ինչ: Ես հիմա ապահով դիրքերում եմ, «Գրադի» հարվածները մեզ չեն հասնում: Ինձ համար չանհանգստանաք: Համբուրում եմ բոլորիդ:

Արտաշես
24 հունվար, 1992 թ.

Նամակ 3
Սիրելի մայր, սիրելի հայր:
Այս պատերազմը նոր արժեքներ բերեց: Գիտեմ, որ եղել են օրեր, երբ վշտացրել եմ ձեզ: Բայց ինչ արած: Հիմա զղջում եմ: Այստեղ թեժ մարտեր են: Լավ ընկերներ ունեմ: Յուրաքանչյուր ոք իր ընկերոջ թիկունքն է պահում: Այսօր, մայիսի 4-ին, պատրաստվում ենք, որպեսզի գրավենք ամենաանառիկ բարձունքներից մեկը: Երբ կկարդաք այս նամակը, Շուշին արդեն ազատագրված կլինի: Ձեզ լավ նայեք: Հայրիկը հիմա որտե՞ղ է: Դուրս գրվե՞ց հիվանդանոցից: Ասում են, Երևանում հաց չկա, ժամերով հերթ պիտի կանգնես երկու մատնաքաշ գնելու համար: Մեր թաղի Աշոտին ու Գևորին իմ անունից ասեք, նրանք կլուծեն այդ հարցը: Քեզ մի բան պիտի ասեմ, մայրիկ: Պատերազմից առաջ ես ու երկրորդ հարկի Շուշանը խոսում էինք իրար հետ: Աչքդ վրան պահիր: Նշանադրության մասին էլ ենք խոսել, բայց ուրբաթը շուտ եկավ շաբաթից: Ոչինչ: Պատերազմից հետո կամուսնանանք ու Ղարաբաղում կանցկացնենք մեր մեղրամիսը: Հաստատ որոշել եմ: Բլինդաժում մի ճրագ ունենք, այն էլ հիմա շունչը կփչի: Ավարտում եմ նամակս: Մոռացա՛: Շուշանին ասեք, որ նամակ եք ստացել, որ լավ եմ ու բարևներ եմ ուղարկում: Վարդուշ տատը մեր գերդաստանի սյունն է: Լավ նայեք նրան: Թող հաց ու ջրի նեղություն չունենա: Վերջ: Լրիվ մթնեց:

Առայժմ, ձեր Միքայել:
04 մայիս, 1992 թ.

Նամակ 4
Բարև, Մարիաննա:
Շարունակ մտածում եմ. արդյոք ճի՞շտ եմ արել, որ ռազմաճակատ մեկնեցի կամավոր, մեր ամուսնությունից ընդամենը 14 օր հետո: Բանասիրականի ուսանողներին չէին տանում, բայց ես խաբելով հասա Ղարաբաղ: Մեր մեղրամիսը կիսատ մնաց: Ամուսնությունը օջախ է, երջանկության յուրօրինակ աշխարհ, որտեղ երեխաների անհոգությունն է բնակվում: Անգլիացի արձակագիր Վիրջինիա Վուլֆն իր վերջին նամակում գրել է. «Ոչ ոք չի սիրել այնպես, ինչպես մենք սիրեցինք միմյանց»: Այս խոսքերն ուղղված են ամուսնուն` Լեոնարդին: Ահա այդպես սիրեցինք մենք էլ: Այստեղ է Վարդանը` բանասիրական ֆակուլտետից: Համալսարանում չէինք ճանաչում իրար: Հիմա կռվում ենք` երազելով կյանքը, որ կապրենք հետո: Վարդանը չի քնում գիշերն ի լույս: Գրում է` մանրակրկիտ կազմելով ղարաբաղյան օրերի տարեգրություն: Նրա հաշվետու նամակները տպագրվում են «Զինվոր» թերթում: Մարիաննա, սեր իմ: Այսօր ես հպարտ եմ, որովհետև գրավել ենք Հադրութի շրջանի Տող գյուղը: Մանրամասն գրիր, թե ինչպես են անցնում օրերդ: Երևանում ճքճքան ձմեռ է, գիտեմ: Լույս չկա: Ժողովուրդը վաճառում է հին ոսկեղեն ու արժեքավոր իրեր` հաց ու նավթ գնելու համար: Հաճախ այցելիր ծնողներիս: Գուցե ընդհանրապես կտեղափոխվես մեր տուն, որպեսզի միասին տաքանաք ու քիչ փող ծախսեք: Ինքդ որոշիր: Ես լավ եմ: Մեր տղերքից շատերը հերոսության օրինակներ են: Սիրում եմ քեզ:

Քո անկողինը երազող
Անդրանիկ:
30 հոկտեմբեր, 1991 թ.

You may also like...

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։