Գայանե ԹԱԴԵՎՈՍՅԱՆ / Հուշապատում ԴՐԱՄԱՏԻԿ-ցիներից
Մարդուն հնարավոր է նմանակել կյանքում, հնարավոր է նմանակել նաև բեմում,
բայց հիշողությամբ նմանակել չի ստացվի: Թատերային ու մոտիվացնող
պատմություններ այս անգամ վերհիշել են «Դրամատիկական» թատրոնի
շնորհալի ու վաստակաշատ դերասանները:
Պատմում է «Դրամատիկական» թատրոնի ավագ սերնդի դերասանուհի Էվելինա ՇԱՀԻՐՅԱՆԸ:
«70-ական թվականներին մի շրջան եղավ, երբ շատ մոդայիկ դարձավ երիտասարդ աղջիկների ծխելը: Մեր թատրոնում էլ ասես համաճարակ էր՝ բոլոր աղջիկներն սկսեցին ծխել, դե, տղաների մասին չեմ ասում, երևի դա նորմալ էր ընկալվում: Հրաչյա ՂԱՓԼԱՆՅԱՆԸ նկատելով, որ աղջիկների ձայնը կոշտացել է, փոխվել, մի օր մեծ ժողով կազմակեպեց ու շատ խիստ նկատողություն արեց. «Դուք դերասաններ եք և ձեր գործիքը ձեր կոկորդն է, դուք մայր պետք է դառնաք, սա ի՞նչ է, բոլորդ ծխում եք: Թատրոնում ոչ ոքի ծխելուց չտեսնե՛մ: Ես արգելո՛ւմ եմ, որտեղ տեսնեմ ծխելուց, ում ձեռքում տեսնեմ ծխախոտ, նրան էլ թատրոնից հեռացնելու եմ: Եվ հաշվի չեմ առնի՝ ո՛վ է ծխողը, կարգը խախտողը, շնորհալի դերասա՞ն է, թե՞ նորեկ է: Իմացեք, որ կհեռացնեմ, և ես ձեզ զգուշացնում եմ»:
Հաջորդ օրը թատրոնում բոլորի խոսակցության թեման դա էր. ինչպե՞ս ծխենք, որտե՞ղ ծխենք, ի՞նչ անենք, իսկ այն օրերին ծխախոտի մեծ ընտրություն էլ չկար: Զրույցի մի պահի «հիշեցին» ինձ. «Այ, մենակ Էվելինան մեր թատրոնից չի ծխում»: (իրոք, երբեք չեմ սիրել, չեմ ընդունել և չեմ ծխել): Եվ միաբերան ասում են. «Բայց, Էվելինա, այնպե՜ս քեզ կսազեր, իզուր չես ծխում»… Ես էլ տրվեցի հաճոյախոսություններին: Ձեռքս տվեցին գեղեցիկ, երկար ծխախոտը, ես էլ նրբագեղ բռնած, ձևացրի, իբր ծխում եմ: Այդ պահին կանգնած էինք թատրոնի միջանցքում, իսկ միջանցքի վերջում Հրաչյա Ղափլանյանի առանձնասենյակն էր: Եվ հենց ա՛յդ ժամանակ պիտի նա դուրս գար միջանցք ու տեսներ մեզ… Ի դեպ, ես թիկունքով էի կանգնած, նրան չէի կարող տեսնել, ի տարբերություն մյուս աղջիկների, որոնք լա՜վ էլ տեսնում էին մոտեցող Ղափլանյանին… Նա տեսավ ինձ ծխախոտը ձեռքիս, զայրացած մոտեցավ… և պատկերացրեք իմ վիճակը: Շրջվում եմ, իսկ դիմացս կանգնած է նա՛: Շփոթված կմկմում եմ. «Հրաչ Նիկիտիչ, ես… ես ախր չեմ ծխում»: Զգում եմ՝ ինձանից ավելի ինքն է զայրացած, նույնիսկ չի կարողանում խոսել: Ասում է. «Տեսեք, ես նրան ծխախոտը ձեռքին տեսա, դեռ համարձակվում է ասել, որ չի ծխում»: Իսկ ես, կարկամած, չեմ կարողանում ասել, որ իսկապե՛ս չեմ ծխում: Ու նա ասում է. «Վե՛րջ, թատրոնից դուրս ես գալիս»: Դե, պատկերացրեք իմ վիճակը… Մտա հանդերձարան, տեսնեմ՝ Էմմա ՎԱՐԴԱՆՅԱՆԸ (Հ. Ղափլանյանի կինը.- Գ.Թ.) նստած է, ասում եմ. «Դուք գիտեք, չէ՞, որ ես չեմ ծխում, բայց այսպիսի դեպք պատահեց…»: Իսկ նա՝ «Մենք ի՞նչ իմանանք, ես ի՞նչ իմանամ, դուք գիտեք, որ ես չեմ խառնվում թատրոնի գործերին, ի՞նչ իմանամ, կարող է՝ գաղտնի ծխո՞ւմ եք»: Հուզված, լացելով գնացի տուն, որ ինձ թատրոնից հեռացնում են մի բանի համար, ինչ չի եղել: Տարիներ անց Հ. Ղափլանյանը արդեն գիտեր, որ միակն եմ կանանցից, ով չի ծխում: Եվ ամեն անգամ հարցնում էր. «Բա ինչպե՞ս դա եղավ»: Ես էլ ամեն անգամ պատասխանում էի՝ դե, չգիտեմ… ու կրկին պատմում էի, ինքն էլ ծիծաղում էր»:
Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ (դերասան, ռեժիսոր) «Դրամատիկական» թատրոնի հետ կապված պատմեց իր ամենավառ հիշողությունն ու «ապրումը»:
«Մինչև ծառայության մեկնելս երբեք չեմ մտածել, որ արվեստում եմ լինելու, այն էլ՝ թատրոնում, քանի որ լրիվ այլ ուղղությամբ էի սովորում (ուսումնարանի մանրանկարչության ֆակուլտետ.- Գ.Թ.): Ու չէի մտածում, որ մի օր ես թատրոնում կլինեմ, կխաղամ կամ ներկայացում կբեմադրեմ: 1995 թվականին, երբ զորացրվեցի, ընկերներ ունեի, ովքեր սովորում էին Մանկավարժական համալսարանի Կուլտուրայի բաժնում: Իրենցից իմացա, որ «Դրամատիկական» թատրոնում բեմադրվում է «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը և երիտասարդ տղաներ են անհրաժեշտ բազմամարդ տեսարանների համար: Ընկերներս ասացին, որ կարող են բարեխոսել: Իսկ ես մտածում եմ՝ ինչպե՞ս գնամ թատրոն, ինձանից բան չեմ ներկայացնում, ինչպե՞ս ասեմ, որ ուզում եմ խաղալ և… չհամաձայնեցի: Անցավ որոշ ժամանակ, 1996 թվականի աշնանը (այդ ամբողջ տարին աշխատեցի Մալաթիայի շուկայում որպես վաճառող ու էլի չէի մտածում, որ իմ կյանքը կկապվի թատրոնի հետ), շատ պատահական ձեռքս ընկավ «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման հրավիրատոմս: Ընկերոջս հետ գնացինք ու ներկա գտնվեցինք ներկայացման առաջնախաղին: Այդ օրը ինչ-որ մոգական զգացողություն ունեի, որ ա՛յս թատրոնում ես դերակատարում եմ ունենալու և հաստատ ինչ-որ ձևով կապ եմ ունենալու թատրոնի հետ: Ու նորից ընկերներս որոշեցին, որ պետք է անպայման ընդունվեմ Թատերական ինստիտուտ: Երկու տարի անընդմեջ մասնակցում էի ընդունելության քննություններին ու… չէի ընդունվում: 1998 թվականին վերջին անգամ փորձեցի ընդունվել և հենց քննության օրը իմացա, որ Արմեն ԽԱՆԴԻԿՅԱՆԸ («Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման ռեժիսորը) ռեժիսորական կուրս է հավաքում: Մասնակցում եմ քննություններին և ընդունվում եմ իր կուրսը: Սեպտեմբերի 1-ին գնում եմ Դրամատիկական թատրոն ու նույն օրն էլ Արմեն Խանդիկյանը ինձ նշանակում է դերակատար «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման բազմամարդ տեսարաններում: Այս ամենը ես համարում եմ իմ կարիերայի «հեքիաթը», և դա կայացա՛ծ հեքիաթ է: Եվ հասկանում եմ, որ բացի մեր ցանկություններից ու ձգտումներից, կան ուրիշ ուժեր, որոնք մեզ ուղղորդում են ու ինչ-որ հարցերում էլ՝ օգնում: Անցնում է ևս երկու տարի, և այդ նույն ներկայացման մեջ փոխարինում եմ Հրաչյա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ (իր իսկ ցանկությամբ) և կերպավորում եմ Ռոմեոյի դերը 13 տարի անընդմեջ»:
Մի զավեշտալի պատմություն էլ վերհիշեց դերասան Արմեն ԲԱՐՍԵՂՅԱՆԸ:
«Տարիներ առաջ խաղում էինք «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը, Հերոստրատի դերում էր ՀՀ ժողովրդական արտիստ, մեր լավ, հրաշալի դերասան Վլադիմիր ՄՍՐՅԱՆԸ, իսկ ես մարմնավորում էի Տիսսաֆերնի կերպարը: Ներկայացման ֆինալում կար մի միզանսցեն, որտեղ Վլադիմիր Մսրյանը ինձ դանակով հարվածում էր և բեմի մի հատվածից մյուս հատվածը քարշ տալով՝ նետում փոսը: Այդ օրը, ներկայացումից առաջ, Վ. Մսրյանը մոտեցավ ինձ. «Մեջքս ցավում է, միզանսցենը մի փոքր փոխենք, այդ տեսարանը խաղանք հենց փոսի մոտ, որ հարվածից հետո անմիջապես ընկնես ձեռքերիս մեջ ու քեզ նետեմ փոսը»: Բայց այս բեմավիճակից առաջ կար մի տեսարան, երբ նա ափսեով ուտեստ է հրամցնում ինձ՝ ասելով, որ ուտեմ, և հարվածում է գլխիս: Այդ օրը Վ. Մսրյանը բուռն ու ոգևորված էր խաղում, այնքան տարված էր իր կերպարի էմոցիոնալ ապրումներով, որ չնկատեց, թե ի՛նչ ուժգնությամբ հարվածեց ճաղատ գլխիս: Աչքերիցս կայծ թռավ, ականջներիցս շվվոց անցավ, ու ես մոռացա տեքստս: Իհարկե, մի կերպ վերկանգնեցի տեքստը, բայց մոռացա մեր պայմանավորվածության մասին: Այս ամենին հաջորդեց սպանության տեսարանը: Ես գնացի բեմի հակառակ անկյունը, վարպետը մոտեցավ, դանակահարեց, ես ընկա նրա ձեռքերի մեջ ու նա քարշ տալով տարավ բեմի մյուս մասը: Ցավոք, հենց քարշ տալու ընթացքում հիշեցի մեր պայմանավորվածության մասին, ու քանի որ արդեն «մահացած» էի, ոչինչ անել չէի կարող: Նա էլ մի կերպ ինձ քարշ տվեց, հասցրեց բեմի մյուս անկյունը և նետեց փոսը: Ներկայացման ավարտից հետո մոտեցավ ինձ. «Լավ, Արմեն, ես հասկացա, քեզ շատ ուժգին հարվածեցի, դու էլ մուռդ այդպես հանեցիր»: Մենք սկսեցինք ծիծաղել, ես անկեղծացա. իր հարվածից հետո մոռացել էի պայմանվորվածության մասին: «Լավ, լավ, լավ էլ գիտեմ, որ մուռդ ես հանել»,- ասաց նա»:
Լուիզա ՂԱՄԲԱՐՅԱՆԸ, տարօրինակ զուգադիպությամբ, վերհիշեց դեպք «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումից:
«Այդ օր խաղում էինք «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումը, Ջուլիետի դերը խաղում էինք կրկնակողով՝ Լիկա ՄԵՍՐՈՊՅԱՆԸ և ես: Ներկայացման առաջին գործողության վերջին տեսարանում, այնպես ստացվեց, որ ոտքիս տակ ընկավ դեկորատիվ միրգ՝ խնձոր, ու քանի որ բեմով մեկ դեկորատիվ մրգեր էին թափված, շատ սահուն ու բեմական կերպով վայր ընկա: Իմ խաղընկեր Գրիգոր ԽԱՉԱՏՐՅԱՆԸ` Ռոմեnն գրկեց-պահեց ինձ, և հանդիսատեսի մտքով անգամ չանցավ, որ բեմում ինչ-որ բան տեղի ունեցավ: Բախտս բերեց, որ դա առաջին արարի վերջին տեսարանում էր, և այդպես գրկախառնված, բայց արդեն ոտքս վնասված, ավարտեցինք առաջին գործողությունը: Գրիգորը ինձ գրկած դուրս տարավ բեմից, իսկ հանդիսատեսին թվաց, թե Ռոմեոյի ու Ջուլիետի գրկախառնության ևս մի ցայտուն էպիզոդի ակնատեսն է: Ընդմիջմանը բոլորը հավաքվեցին իմ շուրջը. ոտքս լուրջ վնասել էի, սուր ցավեր ունեի ու չէի կարողանում շարժվել, պետք է տեղափոխեին հիվանդանոց: Հայ թատրոնի պատմության մեջ առաջին անգամ տեղի ունեցավ այսպիսի բան՝ ներկայացման առաջին գործողությունը խաղաց մի Ջուլիետ՝ ես, իսկ երկրորդը՝ մեկ այլ: Զանգեցինք, գտանք Լիկային, նա արագ եկավ թատրոն, զգեստափոխվեց, ու երկրորդ գործողությունում, Ջուլիետի դերում ինքն էր: Իհարկե, ներկայացման ռեժիսորը բեմ դուրս եկավ և հանդիսատեսին նկարագրեց, թե ի՛նչ է տեղի ունեցել դերասանուհու հետ, որպեսզի հանդիսատեսի համար էլ պարզ լիներ դերասանուհիների փոփոխության պատճառը (քանի որ, ինչպես ասացի, իմ վարպետորեն վայր ընկնելը ընդամենը խաղ էր ընկալվել):